Мурацан
Լուսավորության կենտրոնը
3
Դ
ՀԱՅՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Վահան Սարյանի ծնողները հարուստ չլինելով հանդերձ՝ աղքատ էլ չէին։
Նրա հայր Հովսեփը թեպետ հիսունն անց՝ սակայն ի բնե ամրակազմ, դեռ բավական առողջ և վերին աստիճանի աշխատասեր մի մարդ էր։ Նա պարապում էր ոչ շատ ընդարձակ գյուղատնտեսությամբ, այն է խնամում էր յուր ձեռքով տնկած չափավոր մեծությամբ խաղողի մի այգին, որից տարեկան մի երկու հարյուր ռուբլի եկամուտ էր ստանում և վարել էր տալիս սեփական աշխատանքով գնած մի քանի օրավար հողը, որից և հայթայթում էր յուր ոչ բազմանդամ ընտանիքի տարեկան հացը։
Նրա մայրը՝ Մարթան, քառասունհինգի մոտ, ամուսնու նման առողջակազմ« համակրելի դեմքով, բարեբարո և ժրագլուխ մի կին էր: Նահապետական հայ կնոջ հատուկ տնարար աշխատասիրությամբ նա յուր ամուսնու չափավոր եկամուտը կարգավորում էր այնպես, որ թե՛ ընտանիքը ապրում էր անկարոտ և թե՛ սև օրվա համար մի փոքրիկ խնայողություն էր մնում։
Բացի Վահանը, որ այս ամուսինների անդրանիկ զավակն էր, նրանք ունեին նաև Վարդուհի անունով մի գեղեցիկ և համեստ աղջիկ, որը տասնևհինգ տարեկան էր և ծնողների հաշվով արդեն հարսնացու: Եղբայրը նրան գրական արվեստի ուսում էր տալիս, իսկ մայրը տնարարական և տանտիկնության։ Տասնևհինգ տարեկան հասակում այդ աղջիկն ավելի բան գիտեր տանտիկնության վերաբերմամբ, քան թե շատ ամուսնացած կանայք իրենց երեսնամյա հասակում։
Վահանի ծնողները թեպետ կրթություն չէին ստացած, բայց բնական խելքի և առողջ դատողության տեր անձինք էին։ Մանավանդ հայրը մեծ համակրություն էր վայելում ծանոթների և բարեկամների շրջանում յուր ճարտար խոսելու, գեղեցիկ տրամաբանելու և առողջ դատելու շնորհունակության պատճառով։ Ինքը թեպետ հին սերնդին պատկանելով միայն գրել-կարդալ էր սովորել, բայց ի բնե ուսումնասեր լինելով, որդուն զարգացնելու համար կարողության չափ աշխատել էր, այսինքն ամեն դյուրություն տվել էր նրան, որպեսզի հայոց թեմական դպրոցն ավարտել կարողանա։ Զարգացման այն պաշարը, որ թեմական դպրոցն էր տալիս, նրա կարծիքով, շատ բավական էր յուր որդու համար։ Իսկ ինչ դստերն էր վերաբերում, նրա ուսման չափը որոշեց այնքան, որքան եղբայրը կարող էր ավանդել։ Մի երկրորդ ուսուցչի միջամտությունը նա անպայման ավելորդ էր համարում, որովհետև հարսնացու աղջկա համար, նրա կարծիքով, հինգ աստիճան պարկեշտություն, հինգ աստիճան տանտիկնության հմտություն և միայն մի աստիճան գրական ուսում էր հարկավոր:
Հովսեփը երբ դրսի կալվածներից վերադառնում էր տուն, սիրում էր կարդալ հայոց լրագիրները, որոնցից երկուսը ստանալու համար նա շարունակ զոհում էր 20 ռուբլի, ասելով, որ միայն այդ փողն է, որ կորցրած չէ համարում ինքը։ Իսկ երբ յուր բացակայության ժամանակ հավաքված այդ լրագիրները կարդում, վերջացնում էր, սկսում է կարդացածների մասին փիլիսոփայորեն դատել ու վիճել որդու հետ։ Այս վերջինը, մանավանդ, նրա սիրելի զբաղմունքն էր։ Եվ թեպետ յուր կարծիքները միշտ որդու կարծիքներից տարբեր էին լինում և շատ քիչ անգամ էր նա նրա հետ համաձայնվում, բայց և այնպես կոշտ, կոպիտ հայրերին հատուկ համառությամբ չէր ստիպում որդուն ընդունել յուր կարծիքը կամ համակերպել յուր հայացքներին։ Ամեն տարակարծիք վիճաբանությունից հետո նրա վերջին խոսքը լինում էր. «էհ, որդի, մենք աշխարհն այսպես ենք ճանաչել, աստված տա որ ձեր ճանաչածը լինի ուղիղ. մենք գնացողներն ենք, դուք մնացողները»։
Այսուամենայնիվ, լուրջ և կշիռ. ունեցող հարցերի ժամանակ մանավանդ երբ դրանց լուծումից կախված էր լինում ընտանեկան այս կամ այն գործի որոշումը, Հովսեփը համառում էր յուր համոզմունքների մեջ։
Սակայն Վահանը բոլոր նորավարտ ուսանողներին հատուկ մեծամտությամբ վերջին տարին արդեն խույս էր տալիս հոր հետ վիճաբանության բռնվելուց, որովհետև շատ քիչ նշանակություն էր տալիս անուսում մարդու փորձառության։ Զանազան խնդիրների առթիվ հոր հայտնած կարծիքները նրան թվում էին հնացած և անգործադրելի։ Բայց այն օրից արդեն, որ ընկերների հետ սկսած յուր գործունեության վերաբերմամբ հոր արած գուշակություններն արդարացան, նա սկսեց ավելի ակնածությամբ վերաբերվել դեպի հոր փորձառությունը և որոշեց առանց նրա խորհրդին ոչինչ չսկսել։
Թիֆլիս գնալու մասին էլ նա արդեն յուր դիտավորությունը հայտնել էր հորը և իր նպատակը բացատրել նրան։ Հայրը չէր ընդդիմացել որդու դիտավորության, բայց նպատակն անգործնական էր համարել։ Վերջին կետի վերաբերմամբ դեռ մնում էր նրանց համաձայնություն կայացնել։
Երեմյանների տնից վերադառնալուց երիտասարդն արդեն յուր վերջնական որոշումը կայացրել էր, այն է չկանգնել ոչ մի արգելքի առաջ, ո՛չ սիրո վրա մտածել, ո՛չ ծնողական ընդդիմության վրա, այլ ուղղակի դեպի ցանկալի նպատակը դիմել։ Հասնելով տուն, նա գտավ յուր հորն անհամբերությամբ իրեն սպասելիս:
Երկու օրից ետ Թիֆլիս գնացող ընկերներ կան, ասաց նա որդուն, սպասում էի քեզ» որ որոշումդ իմանամ. եթե գնում ես, պետք է հայտնենք նրանց, որ ընկերացնեն քեզ։
Անպատճառ գնում եմ, հայրիկ, հայտնեցեք, բայց ովքե՞ր են դրանք
Բարի մարդիկ. նրանց դու կտեսնես, բայց դեռ ինձ այն ասա՛, ընդունեցի՞ր իմ խորհուրդը, թե ոչ։
Ոչ, հայրիկ, ես ծառայության մտնել չեմ կարող, ես պետք է աղատ լինեմ, որպեսզի, ինչպես ասացի, ամբողջապես նվիրվեմ իմ ազգին։
Շատ լավ ես մտածել, որդի, բայց դու կարողացա՞ր գտնել այն միջոցը, որով մարդիկ առանց ուտելու և հագնելու կարողանում են նվիրվել ազգին։
Այդ միջոցը որոնելու հարկ չկա։ Մի կտոր ցամաք հաց և մի շալե չուխա միշտ և ամեն տեղ կարելի է գտնել։
Ես այդ գիտեմ, բայց քո գործի օգտի համար, գոնե, դու պետք է անկարոտ կյանք ունենաս, Եթե մինչև անդամ մի կտոր ցամաք հացը դու բավական համարես աշխատության մեջ վատնած ուժերդ կազդուրելու համար, այսուամենայնիվ մի շալե չախով քեզ իրավունք չեն տալ մտնել այնտեղ, ուր որ կամենում ես կամ ուր որ պետք է գործես։
Սխալվում ես, հայրիկ, լուսավորված երկրում ձեզ նման չեն մտածում։
Չգիտեմ, գուցե, բայց ես կարծում եմ, որ ամեն երկրում էլ կարոտությունը ճնշում է մարդկանց և նրանց առաջ գնալու ճանապարհները փակում է։
Որպեսզի խոսքդ նշանակություն ունենա, որպեսզի քեզ չծաղրեն, որպեսզի քայլերիդ դեմ քար չնետեն, ամենից առաջ պետք է, որ անկախ մարդ լինես, իսկ անկախ լինելու համար պետք է անկարոտ լինես, ուրիշները եթե քեզ վրա հույս դնեն, դու երբեք ուրիշների վրա հույս չպիտի դնես. իսկ այդպիսի անկախություն ձեռք բերելու համար դու դրամ պետք է ունենաս։ Եվ որովհետև հայրդ քեզ այդ դրամը չի կարող տալ, որովհետև չունի, ուրեմն, դու նրան պիտի ստանաս արդար վաստակով, իսկ արդար վաստակը՝ ծառայելը, տքնելը և շարունակ չարչարվելն է:
Եթե մեր երիտասարդական ուժն ու կորովը դրամ վաստակելու աշխատության մեջ վատնենք, էլ այնուհետև ի՞նչը պետք է նվիրել մեր ազգին. մի՞թե մեր անկարող ծերությունը, վրդովված նկատեց Վահանը:
Ոչ, ձեր փորձառու ծերությունը, այդ գուցե ավելի օգուտ կբերի։ Բայց և այնպես ինչո՞ւ ծերության սպասել, մի կողմից աշխատեցեք ձեր անձնական անկախության համար, իսկ մյուս կողմից՝ ազգի հառաջադիմության համար։
Երկու տիրոջ անկարելի է ծառայել. մինին սիրելով՝ մյուսին պիտի ատես։
Այդ քրիստոսի խոսքն է: Բայց ես չասացի թե երկու տիրոջ ծառայիր, ես չասացի թե քո անձդ մի ջոկ տեր շինիր քեզ համար, տերդ թող ազգը լինի, իսկ անձդ զորացրու նրան լավ ծառայելու համար։ Կույր ու կաղ ծառաներն ի՞նչ բանի են պետք և ի՞նչ կարող են շինել մի տիրոջ համար։
Բոլորը խո փողով չի պիտի ծառայեն ազգին, մեկը փողը կտա՛, մյուսը՝ անձը, երրորդը՝ խոսքը, չորրորդը՝ գրիչը...
Ճիշտ ես ասում որդի։ Բայց փողն ու անձը տվողներն այնքան քիչ են՝ և խոսք ու գրիչ տվողներն այնքան շատ, որ ես կցանկանայի դու առաջին կարգին պատկանեիր։ Տեսնո՞ւմ ես, ես չեմ ասում չարչարվիր փող աշխատիր և փողը կուռք շինիր քեզ համար, այլ ասում եմ՝ աշխատիր, որ փող ունենաս և նրա շնորհիվ ուզածդ գործը անարգել առաջ տանես։ ճշմարիտ է, ինձ հայոց դպրոցից վկայական չեն տվել, բայց իմ ծնողները ինձ էլ այնպես հայ են ծնել, ինչպես և քեզ քո ծնողները։ Չկարծես թե ես, որ ոտանավորներ չեմ գրում, քեզանից պակաս եմ իմ ազգը սիրում, ընդհակառակը, դեռ ավելի եմ սիրում։ Այդ պատճառով էլ, խորհուրդ եմ տալիս քեզ, նախ պատրաստվել և ապա նվիրվել ազգիդ, իսկ այդ պատրաստությունը պիտի լինին փորձառություն և դրամական ուժ ձեռք բերելու։ Առանց քեզ էլ, ինչպես ասացի, խոսքով ազգասերները շատ են, դու նրանց թվին մի՛ ավելանար:
Վահանը լռեց և սկսեց մտածել։ Հոր խոսքերը նա մերթ իրավացի էր գտնում և մերթ յուր սկզբունքներին հակառակ։ Երկար մտածելուց ետ նա վերջապես առերես համաձայնվեց նրա հետ։ Առ երես ենք ասում, որովհետև նրա հոգին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե նա կարող է երբեվիցե նյութական ապահովության համար յուր ձեռքերն ու ուղեղը աշխատեցներ
Այսուամենայնիվ ապագայում յուր հոր սխալ կարծիքները ջրել կարողանալու համար, նա յուր հիշատակարանի մեջ կարևոր համարեց հետևյալ տողերը արձանագրել։
«188* սեպտեմբեր 6. Հայրս այն կարծիքի է, որ առանց նյութական ուժ ունենալու անկարող պիտի լինիմ ցանկացածս չափով ծառայել ազգիս։ Չեմ ընդունում այս կարծիքի ճշմարտությունը և հավատում եմ, որ մարգ կարող է ծառայել յուր ազգին և մեծ օգուտներ տալ նրան նաև առանց նյութական ուժ ունենալու կամ, նույնիսկ, հետին չքավորության մեջ գտնված ժամանակ։ Եվ ես այդ կապացուցանեմ, եթե բախտն ինձ չի հալածիչ»։
Երկու օրից ետ ամեն ինչ պատրաստ էր։ Վահանը տեղացի մի քանի վաճառականների հետ միասին ֆուրգոնով պետք է ճանապարհվեր Թիֆլիս։
Նա գնաց յուր վերջին հրաժեշտը տալու տիկին և օրիորդ Երեմյաններին։
Զեր հեռանալը մեզ տխրություն պիտի պատճառե, ասաց տիկին Գոհարը, որովհետև սովոր էինք ձեր ազնիվ ընկերակցությանը։ Ձեզանից ետ մենք գրեթե միայնակ ենք մնում, որովհետև ձեզ նման ընկեր էլ չենք կարող գտնել մեր ծանոթների շրջանում։
Ես էլ ձեզ չափ վշտանում եմ, պատասխանեց երիտասարդը, որովհետև հաստատ գիտեմ, որ ուր էլ գնամ, ում հետ էլ որ բարեկամանամ, այսուամենայնիվ, Երեմյանների ընտանյաց բարեկամությունը չի պիտի վայելեմ։ Սխալվում եք, դուք այնպիսի տեղ եք գնում, ուր մեզանից ավելի լավ մարդիկ շատ կան, նկատեց տիկին Գոհարը:
Եթե մինչև անգամ բոլոր ինձ պատահածները ձեզանից տասն անգամ ավելի լավերը չինին, դարձյալ ես ձեզ մոռանալ չեմ կարող։
Այո՛, մի՛ մոռանաք և շարունակ նամակ գրեցեք, ասաց տիկին Գոհարը, հայտնեցեք մեզ, տեսնենք թե Թիֆլիսը ո՞ր աստիճան ձեր երևակայածի և ճաշակի համաձայն գտաք, թե այնտեղի հայերը և ազգային հաստատությունները ո՞ր աստիճան արժանի են իրենց համբավին, թե ձեր գործունեության համար ի՞նչ ճանապարհ ընտրեցիք։
Իսկ դուք, ոչինչ չունի՞ք ինձ ասելու, ժպտալով դարձավ երիտասարդը օրիորդ Աշխենին, որ նուրբ և խորհրդավոր ժպիտը երեսին՝ անխոս կանգնած լսում էր իրեն։
Ե՞ս. ոչ մի առանձին ասելիք չունիմ, պատասխանեց օրիորդը խաղաղ ժպտալով. միայն ձեզ բարի ճանապարհ և ձեր գործերին անվերջ հաջողություն եմ մաղթում։ Ուրախ եմ, որ գնում եք, թեպետ տխրելու էլ իրավունք ունիմ, որովհետև բաժանվում եք մեզանից։ Բայց որ գնում եք գործելու, գնում եք ազգային անդաստանում աշխատելու, ուրախությունս ավելի մեծ է։ Հոգ չէ թե մինչև անգամ մեզ մոռանաք: Այդ մոռացումը, ճշմարիտ է, մեզ վիշտ կպատճառե. բայց թե օգտավետ գործերով զբաղված լինելու պատճառով մոռանաք, այդ մեզ կմխիթարե։
Եթե ճշմարիտ է, որ ես անկարող եմ իմ քրոջն ու ծնողներին մոռանալ, ապա ճշմարիտ է և այն, որ ես չեմ կարող մոռանալ նաև ձեզ, ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։
Խոստացեք, ուրեմն, որ ազգային բոլոր գործերին ու գործողներին ծանոթանալուց ետ, եթե նրանց շրջանի մեջ գտնեք մի անկյուն, որ իմ գործունեությունս կարող է պիտանի լինել, դուք այդ կհայտնեք մորս։
Ամենայն ուրախությամբ. բայց նպատակի պիտի ծառայե այդ հայտնությունը։
Այն ժամանակ ես կաշխատեմ, որ իմ Աշխենը բերեմ Թիֆլիս, հարեց իսկույն տիկին Գոհարը, դստեր միտքը հասկանալով. եթե նա կարող է գործել, ես արգելք չեմ լինիլ նրան։
Ազնիվ և բարի մայր եք, ոգևորված բացականչեց երիտասարդը, ուրեմն կաշխատեմ, որ ձեր այդ գեղեցիկ ցանկությունն իրագործվի» Եթե աշխատեք, շնորհապարտ կլինեմ ձեզ, ինչպես որ էլ եմ իսկապես, անուշ ժպտալով պատասխանեց օրիորդը:
Անպատճառ կաշխատեմ, ասաց երիտասարդը և ապա յուր հրաժեշտի ողջույնը տալով, որդիական սիրով համբուրեց տիկին Գոհարի աջը և ջերմությամբ օրիորդի ձեռքը սեղմելով՝ հեռացավ։
Մի քանի քայլ փոխելուց ետ, երբ նա գլուխը դարձրեց, որ վերջին անգամ յուր բարեկամուհիներին ողջունե, տեսավ, որ օրիորդի աչքերում թաքչող արտասուքի կաթիլներ են փայլում...
Երիտասարդի սիրտը հուզվեց. քիչ էր մնում, որ նա ոտքերը կասեցներ կամ մի անպատեհ շարժումով սրտի հանկարծական հուզումը հայտներ, բայց խելքը հաղթող հանդիսացավ, և նա միայն մի քաղցր ու խորհրդավոր Ժպիտով պատասխանեց թաքչող արտասուքին և հեռացավ։
Ե
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ
Մեղմով փչող քամուց կտավե ծածկոցներն ուռցրած, ինչպես փոքրիկ առագաստավոր մակույկներ, շարունակ օրորվելով, դանդաղելով և ամեն մի քար ու խճի պատահելուց բարձրանալով ու գետնի վրա թրխկալով՝ առաջ էին գնում Բեյլուցի թուրքերի ապրանքով և ուղևորներով լի ֆուրգոնները (բեռնակառք)։ Քառալուծ ձիերի վզերից ու քունքերից կախված բազմաթիվ բոժոժներն անվերջ ու միատեսակ ղողանջում էին՝ ուղևորներից ոմանց ձանձրույթ և շատերին հաճույք պատճառելով։ Ագահ կառատերերը, վստահանալով ձիաների ուժին, այնքան էին բարձել կառքերը, որ նրանց մեջ ուղևորների համար գրեթե ազատ տեղ չէր մնացել։ Նրանցից շատերը նստած էին կռացած և շարունակ զգուշանում էին, որ բեռնակառքի օրորվելու ժամանակ՝ գլուխները նրա ծածկարանի վանդակներին չդիպչեն և գագաթներն ուռուցով ու պալարներով չպատեն։ Խեղճերի դրությունն անտանելի էր լինում, մանավանդ, երբ ծանրամարմին բեռնակառքերն անցնում էին գետերի կամ ցամաքած հեղեղատների միջով, որոնց անկողինը, ինչպես հայտնի է, խճողված է լինում լպրծուն ու ջրամաշ քարերով։ Այսպիսի ժամանակ ֆուրգոնները ոչ թե օրորվում, այլ ուղղակի ոստոստում էին, և ա՛յն այնպիսի անհանգստացնող տատանումներով, որ ողևորն յուր չարատանջ մարմինն անկարող էր լինում կառավարել։ Որովհետև երկու ձեռքով փորն ու կողերը բռնելով՝ բնականաբար, անխնամ էր թողնում գլուխը, որն յուր կարգին աջ ու ձախ տատանելով՝ զարկում էր մերթ ծածկարանի վանդակներին և մերթ հարևան ուղևորի նմանաչարչար գլխին։ Իսկ սրա դերը, նայելով թե հարվածողն է ինքը, թե՞ հարված ընդունողը, կամ ծիծաղում և կամ վշտահար հեծում էր: Ըստ որում ընդհարման բնական օրենքով երկու իրար զարկող գլուխները միատեսակ չեն զգում ցավը։ Միշտ պինդ զարկողը, իբրև հարվածող, ազատ է լինում ցավից, ուստի և ծիծաղում է. մինչդեռ հարված ընդունողը ստիպված է լինում հեծել։ (Ասենք թե միայն նեղ ֆուրգոններում չէ այդպես, նույնիսկ մեր ընդարձակ աշխարհում՝ լաց լինելու և ծիծաղելու համար՝ մարդիկ միշտ միևնույն օրենքներին են ենթարկվում...)։
Այս անհանգստացնող հանգամանքները շատ անգամ զրկում էին ուղևորին նաև ճանապարհի վրա հանդիպող բնության գեղեցիկ տեսարանները դիտելուց։ Իսկ այդպիսի տեսարանները բազմաթիվ էին։ Որովհետև երկարաձիգ խճուղին, որի վրայից դղրդալով ու գրգռալով առաջանում էին ֆուրգոնները, անցնում էին մերթ լայնանիստ և ուղղատարած դաշտերի միջով, որոնց աշնանային տամուկ եղանակները նորից կանաչեցրել ու գեղեցկացրել էին, մերթ մռայլ ու բարձր լեռների ստորոտով, որը ծածկված էր լինում ծառախիտ անտառով, և մերթ քերում էր բլուրների կողերը կամ գետերի ու ձորակների եզերքը, որոնք պատած էին լինում գորշ-կանաչագույն կամ արդեն դեղնող մացառուտներով։ Մի տեղ լսվում գետի կարկաչը, մյուս տեղ ջրվեժի սիրուն շառաչը, իսկ մացառուտներում՝ թևավորների երգն ու աղմուկը:
Այսուամենայնիվ, մեր ծանոթ Վահան Սարյանը, որ յուր ընկերակիցների հետ միասին ֆուրգոններից մեկի մեջ էր գտնվում, չէր նեղանում բեռնակառքի պատճառած անհանգստություններից։ Նրա համար ամեն ինչ նոր էր, հետևապես դեռ հետաքրքրական։ Նա դրանից ավելի հանգիստ կառքերով չէր ճանապարհորդել, ուստի չէր էլ գանգատվում յուր վիճակից, ինչպես և առհասարակ չեն գանգատվում այն աղքատները, որոնք իրենց բոլոր կյանքում միշտ միևնույն խրճիթումն են ապրում և միևնույն ցամաք հացով ոլ ջրով սնանում առանց փարթամության ճաշակը երբևիցե առնել կարողանալու։
Բացի այդ, երիտասարդ Սարյանը դեռևս զբաղված էր յուր սրտին ու հոգուն ավելի մոտ և ավելի սիրելի մտածմունքներով։ Ինչպես որ բեռնակառքի ոստյունները չէին նեղացնում նրան, այնպես էլ շրջապատող բնության գեղեցկությունները չէին զվարճացնում։ Նա դեռես հոգով յուր հայրենի քաղաքում, յուր սիրելիների մոտ էր գտնվում։ Չնայելով որ վաղուց քաղաքի պարիսպներն ու աշտարակները ծածկվել էին նրա ալքերից, վաղուց ծանոթ դաշտերն ու լեռները անհետացել, այսուամենայնիվ նա հաճախ հանում էր գլուխը բեռնակառքի ծածկարանի վանդակներից և կտավե ծածկոցը բարձրացնելով, նայում էր դեպի այն ճանապարհը, որն անցել էին, դեպի այն բլուրներն ու լեռները, որոնք հայրենի քաղաքը ծածկում էին յուր աչքերից:
Բայց մի՞թե նա քաղաքի պարիսպներն ու աշտարակներն էր որոնում, հին դարերի ռազմական այդ տխուր մնացորդները. իհարկե ոչ. նա որոնում էր նրանց մեջ այն տունն ու տանիքը, ուր յուր մանկությունն անցուցել, ու ծնողական սերն ու գգվանքը վայելել, ուր շատ անգամ տխրել և շատ անգամ ուրախացել էր և որից այժմ արագ-արագ հեռանում էր: Նրա աչքի առաջ դեռ կանգնած էր հայրը յուր բարձր հասակով, հանգիստ ու ակնածալի դեմքով, քաղցր ու համոզկեր ձայնով. նա մտաբերում էր նրա խրատները, նրա խորհուրդները և մի քանի ժամ առաջ, արտասուքի մեջ խեղդվող ձայնով, իրեն տված հրաժեշտի ողջույնը։ Նրա առջևն էր ժիր ու աշխատասեր մայրը, միշտ ուրախ ու ժպտող երեսով, շարունակ գործի ետևից, երբեմն կռները սոթտած տան տնտեսական մասում, երբեմն կարուձևի առաջ նստած՝ անընդհատ աշխատելիս։ Նրա աչքի առջևն էր քնքուշ ու գեղեցիկ քույրը, ամաչկոտ աչքերով, միշտ շիկնող դեմքով, մերթ գիրք կարդալիս, մերթ անկված գործելիս և շատ անգամ մոր գործին օգնելս։ Նա հիշեց հանկարծ և յուր հեռանալու րոպեին նրանը թափած արցունքները, նրանց հեկեկանքը, նրաց ջերմ և սրտագին գրականությունը և յուր աչքերն էլ արտասուքով լցվեցան։ Բայց ուղեկիցներից ամաչելով երեսն ուրիշ կողմը շրջեց և սկսեց հեռու հորիզոնը դիտել, մինչև որ հոգեկան հուզմունքն անցավ։
Բայց հազիվ թե նրա աչքից հայրենական տան ու ընտանիքի պատկերը հեռացավ, և ահա նրան մի ուրիշը հաջորդեց։ Նրա առաջ արձանացավ օրիորդ Աշխենը յուր նազելի հասակով, յուր սիրուն դեմքով և հրաժեշտի րոպեին արտասվող աչերով։ Երիտասարդին թվում էր, թե դեռ լսում է Նրա քնքուշ ձայնը. յուր ականջներին դեռ հնչում էին նրա խոսքերը. «Ձեզ բարի ճանապարհ և ձեր գործերին անվերջ հաջողություն... տխրելու իրավունք ունիմ, որովհետև բաժանվում եք մեզանից... եթե մեզ մոռանաք, պիտի վշտանանք, բայց եթե օգտավետ գործերով զբաղված լինելու պատճառով մոռանաք՝ այդ մեզ կմխիթարե...»։
Այս և սրանց նման խոսքերը նա մտաբերում, որոճում, քննում և նրանց նշանակության մասին զանազան ենթադրություններ էր անում։ «Իսկ այն վերջին հայացքը, նրա աչքե՞րը... չէ՞ որ արտասուքով էին փայլում. գրեթե հիացած մտածում էր երիտասարդը. և այդ արտասուքը չէ՛ որ ինձ համար էր, իմ հեռանալուս համար... O՜հ, բայց եթե ես սխալված եմ... եթե իմ աչքերն ինձ խաբեցին... բայց ո՛չ, ո՛չ. ես պարզ տեսա, միայն թե կարողանայի գուշակել, թե ի՜նչ արտասուք էր նա, ի՞նչ զգացմունքների հայտարար...»։
Սիրելիս, դու շատ ես տխուր, երևի մորդ շինած գաթաները միտդ են ընկել, ծիծաղելով ոււ խռպոտ ձայնով դարձավ երիտասարդին ընկեր ուղևորներից մինը, որին շիրաջ-Մանաս էին անվանում։ Սա թեպետ Վահանի հայրենակիցն էր, բայց ապրում էր Թիֆլիսում և պարապում գինեվաճառությամբ։ Հաճախ վերադառնում էր հայրենիք գինի գնելու համար։ Ինքն ուրախ, առողջ, կարմիր երեսով, հաստ փորով, կարճահասակ մի մարդ էր։ Վահանի հայրը հանձնարարել էր նրան, որ ճանապարհին հոգածություն ունենա յուր որդու վրա, ինչպես մի փորձառու մարդ, և ահա նա կատարում էր հանձնված պարտավորությունը, աշխատելով զբաղեցնել երիտասարդին։
Տխուր չեմ. միայն մտածում եմ, պատասխանեց Վահանը թեթև շառագունելով։
Է՜հ, հե՛ր օրհնած, ի՞նչ ունիս մտածելու, քառասուն տարի է ապրում եմ աշխարհում և ոչ մի անգամ չեմ մտածել, ծիծաղելով վրա բերավ շիրաջը։
Ինչպե՞ս անեմ, որ ես էլ կարողանամ չմտածել. հարցրեց ժպտալով երիտասարդը։
Կե՛ր, խմի՛ր, երգի՛ր, պարի՛ր, պատասխանեց շիրաջը:
Իսկ երբ արդեն կո՜ւշտ եմ լինում, և երգելս ու պարելս չի գալի՜ս։
Այն ժամանակ քնիր:
Իսկ եթե քունս չի՞ տանում։
Էհ, այն ժամանակ էլ ո՞ւր ես ապրում, հեր օրհնած, գնա ջուրն ընկիր ելի, վրա բերավ շիրաջը և ուրախ-ուրախ ծիծաղեց։
Վահանը և նրա ընկերները նույնպես ծիծաղեցին։ Շիրազը տեսնելով, որ երիտասարդի տխրությունն անցավ, շարունակեց յուր կատակները։
Տես, բարեկամ, այդպես կնճռած ճակատով Թիֆլիս չմտնես. այնտեղ մարդիկ ո՛չ տխրում են, ոչ էլ տխուր մարդկանց սիրում են: Քեզ որ այդպես տեսնեն, անցագրիդ ետքին կգրեն, թե այս մարդը նաս է ու կհանձնեն համքյարներին։
Հետո համքյարներն ի՞նչ կանեն ինձ, հարցրեց Վահանը ծիծաղելով։
Առաջ կստիպեն, որ մի ամիս շարունակ օրական մի թունգի գինի խմես, եթե խմեցիր՝ լավ, եթե ոչ կհանձնեն պոլիցիային։
Իսկ պոլիցիան ի՞նչ կանի։
Ինչ պիտի անի. ետ կդարձնեն քեզ քո մոր մոտ, որ գնաս նրա թխած գաթաներն ուտես։
Բայց դու Քուռն անցնելը մոռացար, պա՛րոն Մանաս, ակնարկեց շիրաջուն մի ուրիշ ուղևոր։
Հա՛, իրավ, Քուռն անցնելը մոռացա, ինչ լավ եղավ, որ հիշեցրիք։
Ինչպե՛ս թե Քուռն անցնելը մոռացար. պետք է սնցնեիր ու չանցա՞ր, հարցրեց Վահանը ժպտալով։
Չէ, հարցն իմ անցնելուն չի վերաբերում, այլ քո անցնելուն։
Ինչպե՞ս թե իմ անցնելուն։
Առաջին անգամ պետք է Քուռն անցնես, չէ՞։
Այո առաջին անգամ։
Դե, ուրեմն բանդ բուրդ է։
Ինչպե՛ս թե բանս բուրդ է, հարցրեց Վահանը կարծես մի փոքր վախենալով.
Վա՛, հապա, կարո՛ղ ես Քռի այս ափից մինչև այն ափն անցնելը մեկ գլուխ ծիծաղել։
Ի՞նչ հարկավոր է ծիծաղել։
Էհ, որ չգիտես, ի՞նչ ասեմ, երևի դեռ ուսումնական էլ են անվանում քեզ։
Իհարկե, ուսումնական եմ:
Հապա, որ ուսումնական ես, քո գրքերում չես կարդացել, թե Քուռն ի՞նչ զորություն անի։ Ի՜նչ զորություն պիտի ունենա, եթե մեջն ընկնես, կքշի կտանի էլի:
Էհ, ուրեմն, ամենից մեծ գիրքը մոռացել ես կարդալու:
Ուրիշ ինչ պետք է կարդայի, հարցրեց երիտասարդը:
Պետք է կարդայիր այն, որ Քռի մեջ մարդ կուլ տվող ձկներ կան, եթե Քռից անցնողն այս ափից սկսած մինչև մյուս ափը հասնելը մեկ գլուխ ծիծաղում է, նրան չեն մոտենում. իսկ եթե մի րոպե լռում կամ քեզ պես տխրում է, իսկույն վրա են վազում ու կուլ տալիս նրան: Վահանը և ընկերները սկսեցին ծիծաղել:
Այստեղ մի ծիծաղիր, բարեկամ, ծիծաղդ կվերջանա, խոսեց կրկին շիրաջ-Մանասը:
Դու որ ինձ հետ ես, չի վերջանալ, պատասխանեց երիտասարդը։
Իսկ եթե վերջանա, գիտե՜ս ինչ պիտի անես, մեջ մտավ մի ուրիշ ուղևոր:
Ռչ չգիտեմ:
Պետք է ձեռքումդ մի իշի ծնոտ ունենաս, որ ձուկը վրա վազելուց բերանը խրես:
Հա, հա, տղերք, մի իշի ծնոտ անպատճառ գտեք, որ մեր Վահանը Քուռն անցնելուց ձեռքումն ունենա, վրա բերավ շիրաջը մի առանձին լրջությամբ։
Գտեք, բարեկամներս, գտեք, իշի ծնոտը միշտ հարկավոր է, եթե Քռի վրա մարգ կուշ տվողներ չպատահեն, ուրիշ տեղեր անպատճառ կպատահեն, փիլիսոփայորեն նկատեց Վահանը։
Ա՛յ, հիմա հավատում եմ, որ ուսումնական ես, ասաց շիրաջ֊Մանասը. երևի Սամփսոն մարգարեի պատմությունը կարդացել ես։ Տեսնո՜ւմ ես, եթե նա էլ գրպանում իշի ծնոտ չունենար, փղշտացիները նրան կուլ կտային:
Սամփսոնը մարգարե չէր. բայց դու որտեղի՜ց գիտես նրա ու նրա թշնամիների անունը, հարցրեց Վահանը զարմացած:
Հեր օրհնած, դու հենց կարծում ես թե իմ գինետնում տնում մենակ տգետ մարդիկ են գինի խմում, մի բարեկամ տերտեր ունեմ, որ ամեն երեկո մինչև ինձ մոտ երեք բաժակ գինի չխմի, ժամից տուն չի վերադառնալ. այ, նա է ինձ այդ բաները սովորեցնում։
Այս և սրա նման կատակներով ու զրույցներով մեր ուղևորները շարունակում էին իրենց երկար ճանապարհը։ Օրը մի երկու անգամ կանգ էին առնում նախաճաշելու և ճաշելու համար։ Երեկոյաններն իջնում էին զանազան գյուղերում կամ քարվանսարաներում գիշերելու համար։ Ամեն տեղ էլ ուրախ ու զվարթ սրտով բանում էին պաշարները, ուտում, խմում, երգում և շատ անգամ էլ պարում էին։
Բաքու-Թիֆլիսյան երկաթ ուղին դեռ չէր բանում, գավառական քաղաքներից կառքերով ու ֆուրգոններով էին գնում Թիֆլիս։ Միջին և աղքատ դասակարգի մարդիկ, մանավանդ, վերջին տեսակի բեռնակառքերն էին գերադասում, որովհետև նրանք ավելի աժան և ձեռնտու էին, ևս առավել մեծ ծանրություն ունեցող ուղևորի համար:
Մեր բարեկամ Վահանին, սակայն, այս ճանապարհորդությունն ավելի հետաքրքրեց, քան թե ինքը սպասում էր։ Շուտով նա դադարեց մտածել հայրենի քաղաքում թողած սիրելիների մասին և շարունակ զբաղվում էր յուր ընկերներով, մանավանդ որ վերջիններս, իբրև ավելի հասակավորներ, առանձին ուշադրություն էին դարձնում նրան ուրախացնելու։ Բացի այդ, երիտասարդին շատ զբաղեցնում էին գիշերային իջևանները։ Այդ տեղերում նա ոչ միայն հետաքրքրության, այլև ուսումնասիրության արժանի շատ երևույթների էր հանդիպում, որոնք նրան թե զվարճացնում և թե լրջորեն մտածել էին տալիս։
Ահա՛, օրինակ, օրը տարաժամել, մութը կոխել է։ Հարթ ու սպիտակ խճուղին հազիվ է նշմարվում, ձիաները հոգնել ու քրտնքի մեջ կորել են. ուղևորները խոսելուց կամ կատակներ անելուց ձանձրացած ոմանք լուռ ու մունջ նստած են, ոմանք պայուսակների վրա կռթնած, ոմանք պառկած են կամ խոր քուն մտած։ Կառավարը նույնպես երբեմն նիրհում և երբեմն սանձերը շարժում կամ մտրակով ձիներին խփում է. շատ անգամ սուլելով կամ թռչնի նման ճվճվացնելով սիրտ է տալիս նրանց: Իսկ բեռնակառքը միևնույն ծանրությամբ շարժվում, միևնույն դղրդյունով առաջանում է առանց յուր անիվների գրգռոցի վրա մի նոր ձայն ավելացնելու կամ եղածից մի բան պակասեցնելու:
Հանկարծ կարավանի առաջնթաց բեռնակառքից լսվում է թուրք կառավարի հաստ ու խռպոտ ձայնը. «հոլթ:» Սա կառքերը կանգնեցնելու նշանաբանն է, որը անտարակույս գերմանացի կառապանների գործածած halt (կանգնեցրու) բառն է։ Ֆուրգոնները կանգնում են։ Նրանք արդեն հասել են իջևանը։ Բայց ներս մտնելու ճանապարհը փակել են բազմաթիվ սայլեր, կառքեր, ձիաներ. պետք է սպասել, մինչև որ բոլորը ներս մտնելով ճանապարհը բացվի: Վերջապես ամենքը շարժվում են աջ ու ձախ. ֆուրգոնների համար էլ ճանապարհ է բացվում, նրանք էլ ներս են մտնում։
Բայց ի՞նչ բան է այս ֆուրգոնների իջևանը։ Մի ընդարձակ տարածություն, բարձր ցանկապատով պատած, որի աջ կամ ձախ կողմի երկարությամբ շինված է լայն և երկար ծածկարան, ուր մտնում են ֆուրգոններն իրենց ձիաներով։ Ցանկապատի տարածության մի ուրիշ մասի վրա շինված են մի քանի կրպականման սենյակներ, որոնց մեջ իջևանում են ուղևորները։ Այդ սենյակներից ամենամեծի մեջ զետեղված է իջևանի խանութը, որը թե գինետուն է, թե՛ մառան, թե՛ զենարան և թե իսկապես մանրուքի խանութ։ Այստեղ մի անկյունում դրված են գինու և оղիի տակառները, մյուսում դարսված է ուտելեղենի պաշարը, մի տեղ կախված են ոչխարհի կիսաններ, մի ուրիշ տեղ շարված են ոգելից ըմպելիների շշեր, սրվակներ, ծխախոտի ու լուցկիների տուփեր, արկղիկների մեջ շաքար, թեյ, մոմ, սապոն, ճրագու, թել, իսկ ճանապարհորդի համար պիտանի ուրիշ շատ մանր ապրանքների հետ միասին նաև միրգ ու կոնֆետներ։ Շատ բան, իհարկե, արդեն փոշոտված, շատ իրեղեններ ճանճերից կեղտոտած, բայց բոլորն էլ խանութատիրոջ և յուր հաճախորդների համար անպայման պիտանի։
Եվ ահա ուղևորները խռնվում են խանութպանի սեղանափակի: առաջ և նրանցից յուրաքանչյուրը գնում որ իրեն հարկավոր իրեղենները, դրանց մեջ են ոչ միայն ֆուրգոնով եկողները, այլև սայլորդ, ձիավոր և հետյոտն ուղևորները, իրենց զանազանակերպ դեմքերով, ձայներով, նայվածքներով և բազմատարազ հագուստներով: Նրանցից ոմանք միս, գինի կամ օղի են գնում, ոմանք հաց ու պանիր, ուրիշները թեյ, շաքար, ծխախոտ և այլն: Քիչ ժամանակից ետ ինքնաեռները եռում, խորովածները խորովում և սփռոցնորը բացվում են: Սկսվում է կեր ու խումը, խոսքն ու ծիծաղը, երգն ու պարը և երբեմն էլ տուրուդմփոցը:
Թուրք կառապանները ուղևորների հետ չեն։ նրանք հավաքված ֆուրգոնների մոտ թե' պահպանություն են անում ապրանքին և թե' իրենց ծառաների հետ առանձին խումբ կազմած' վառում են մեծ ու չաղ կրակ, նստոտում են նրա շուրջը, երբեմն ծալապատիկ, երբեմն քարերի վրա կկզած և շարում կրակի առաջ ծխից ու մրից սևացած. պղնձե թեյնոցները (չայդան)։ Շուտով ջուրը եռում ու պլպլում է։ Կառապանն աոանձին հոգածությամբ բանում է փոքրիկ պայուսակը, հանում է թեյը և մի քանի պտղունց թափում թեյնոցի մեջ։ Մինչև որ սա կպատրաստվի, սկսում է յուր ձեռքով կոտրտել նույն պայուսակում խնամքով պահված շաքարի փոքրիկ կտորը։ Եվ ապա հիշելով, որ յուր ստամոքսին ծառայելուց առաջ աստծուն պիտի գոհություն մատուցանե, շտապում է սովորական նամազը կատարել։ Այնուհետև ժամեր են անցնում, մինչև որ դրանք ծանր ու բարակ խոսելով և չիբուխները փստացնելով ավարտում են իրենց սակավապետ ընթրիքը:
Ահա՛ հենց այդ միջոցներում, երբ կառապաններն առանձնացած՝ իսկ ուղևորներն աղմկարար ուրախությամբ կամ երգ ու պարով զբաղված են լինում, բակի մի ուրիշ անկյունում կամ ախոռների առաջ լսվում է տուրուդմբոցի շշուկը: Դրա պատճառը շատ անգամ լինում է այն, որ աղքատ ուղևորներից մինը գողանում է մյուսի ձիու, ջորու կամ իշի բաժին գարին և ածում է յուր գրաստի առաջ։ Զրկանք կրողն յուր անասունի գլխին հասած չարիքն իմանալով՝ հետամուտ է լինում գողին և գտնում նրան։ Եվ, ահա: աղբով ու ցեխով պատած բակի մեջ ըմբիշները սկսում են իրենց մենամարտությունը։ Նախ ապտակներ է, որ տալիս են միմյանց, հետո կռուփներ են իջեցնում իրար մեջքի, կրծքի, գլխի կամ երեսի վրա։ Ամենից վերջն իրար գրկելով ու մեկը մյուսին տապալել ճգնելով, երկուսն էլ գլորվում ու թավալվում են ցեխի կամ աղբի մեջ։ Շրջապատողները, որոնք հետզհետե բազմանում են, մի որոշ ժամանակ հանդիսատես լինելուց և կռվողներին իրար դեմ գրգռելուց ետ՝ վերջապես բաժանում են նրանց։
Երիտասարդ Վահանը բոլոր այդ տեղերը շրջում, բոլոր խումբերին այցելում էր և երկար ամեն մեկի մոտ կանգնելով՝ լսում էր նրանց զրույցները, դիտում էր զվարճությունները, կամ վեճն ու կռիվը, և այդպիսով ծանոթանում կյանքի այնպիսի կողմերի հետ, որոնք մինչև այն անծանոթ էին իրեն։
Դժբախտաբար այդ ծանոթությունը տխրեցնում էր երիտասարդին։ Նա ցավելով տեսնում էր, որ այդ բազմաթիվ և բազմազան հայ ուղևորների մեջ, չհաշվելով, իհարկե, գռեհիկներին, այլ նրանց, որոնք աշխարհ տեսած, հայտնի առևտրական կամ պաշտոնի տեր անձինք էին, չկա գոնե մեկը, որ մտածեր ու դատեր այնպես, ինչպես ինքն էր կամենում, կամ հետաքրքրվեր այն խնդիրներով, որոնք սիրելի էին իրեն։ Բոլորի թե՛ խոսակցության և թե՛ վիճաբանության առարկան ամեն տեղ և ամեն ժամանակ նախ փուլը և ապա ստամոքսն էր։ Նույնիսկ այդ մարդկանց ուրախությունն ու կռիվն այս երկու առարկաների շուրջն էին պտտում, քիչ չէր և նրանց թիվը, որոնք փողի և ստամոքսի մասին խոսելիս ոգևորվում և հափշտակվում էին։
Սակայն երիտասարդը հավատում էր, որ քանի լուսավորության կենտրոնին մոտենա, այնքան իջևաններում ավելի հասկացող, ավելի քաղաքակրթված և ավելի նրբաճաշակ մարդկանց պիտի հանդիպի։
Դժբախտաբար նրա այդ հույսը չարդարացրեց նույնիսկ հռչակավոր Սոզանլուխը, որ վերջին իջևանն էր։ Այդտեղ նա պատահեց բուն թիֆլիսեցի լայն շալվարներով, արծաթյա հրեշավոր գոտիներով, մորթու գլխարկներ դրած, սրակրունկ կոշիկները հագած, արխալուղների կրծկապը ետ ծալած, թեվքերնին սոթտած, տարօրինակ բարբառով ու շարժվածքով ճայերի, որոնք խանութների առաջ նստած դհոլ ու զուռնայով քեֆ էին անում, այսինքն քիչ ուտում, շատ խմում և շա՛րունակ պարում էին։
Վահանն արդեն հետաքրքրությամբ դիտում էր քեֆ անողների պարը, երբ շիր շիաջ-Մանասը մոտենալով նրան ասաց․
Հիշո՞ւմ ես, որ քեզ ասացի, թե թիֆլիսեցիք ուրախ մարդիկ են։
Հիշում եմ, պատասխանեց երիտասարդը։
Ուրեմն սուտ չե՞մ ասել։
Այդ մեկը ճիշտ ես ասել։
Հապա ո՛րը չեմ ճիշտ ասել։
Ա՛յն, որ ասացիր թե՝ Քռից մարդ կուլ տվող ձկներ պիտի դուրս գան, բայց դուրս չեկան, ծիծաղելով նկատեց երիտասարդը։
Սպասիր, բարեկամ, սպասիր. այդ ձկներն էլ դուրս կգան, միայն թե Թիֆլիսի միջից անցնող Ոռից և ոչ ուրիշ տեղից, խորհրդավոր ձևով գլուխը շարժելով խոսեց շիրաջը։
Սրանք այն ձկներից չե՞ն, ծիծաղելով մատնացույց արավ Վահանը քեֆ անողների վրա:
Ափսոս չե՞ն, ի՞նչ ես ասում, դրանք Թիֆլիսի ծաղիկներն են, դարդիմանդ» տղերք են, նկատեց շիրաջը, և դեռ խոսքը չէր ավարտել, որ քեֆ անոդներից մի երկուսը տեսնելով նրանց՝ «օ՜, օ՜ , Մանասը բարով, Մանասը բարով» բացականչեցին և վազելով եկան նրան հրավիրելու։ Չնայելով որ շիրաջը շատ ընդդիմացավ, բայց քեֆ անողները թե՛ նրան և թե՛ ընկերոջը զոռով քարշ տվին իրենց մոտ։
Շիրաջը իբրև գինեվաճառ, ի պաշտոնե ստիպված էր մի քանի բաժակ միմյանց վրա դատարկելու, բայց Վահանը հազիվ մեկը կիսեց։ Երբ նրանք վերադարձան՝ ընկերներն արդեն ֆուրգոնում շարված սպասում էին իրենց։ Ուղևորվելուց առաջ երիտասարդ Սարյանն անհրաժեշտ համարեց յուր հիշատակարանի մեջ հետևյալ տողերը արձանագրել.
«188* սեպ. 15. Ութ օր շարունակ ապրեցի ճանապարհին, ծանոթացա տեսակ-տեսակ մարդկանց հետ. դիտեցի նրանց մտածելու և գործելու եղանակը, որից եկա այն եզրակացության, որ փողն ու ստամոքսը նույնպես կուռքեր են, որոնք իրենց երկրպագուները ունին, միայն թե այնպիսի կուռքեր, որոնց եթե անարգես, բարեկամներդ կշատանան, եթե մեծարես՝ թշնամիներդ։ Պատճառը պարզ է։ Ոչ ոք չի կամենում, որ յուր բաժնի վրա ընկերոջ աչքը նայե, մինչդեռ ամենքը կամենում են, որ ընկերն յուր ունեցածն իրենց բաժանե։ Ո՞վ ունի արդար իրավունք, իմ կարծիքով և ոչ մեկը»։
Զ
ԱՐԴԱՐ ՔՐՏԻՆՔՈՎ ԱՊՐՈՂՆԵՐԻ ԹԵՅԱՐԱՆԸ
Կովկասյան մայրաքաղաքի բնական առավելություններից ու դյուրություններից մեկն էլ այն է, որ ասիացի մարդը, եթե այդ քաղաքի մաքուր փողոցների վրա գտնվող շքեղ հյուրանոցներում կամ ապարանքներում ապրելուց ձանձրանա (որ շատ է պատահում ղարադաղցի, սալմաստցի կամ Ծրդուբադցի հանկարծ հարստացող և Թիֆլիս գաղթող հին փինաչիների հետ), այդպիսին կարող է մի քանի վայրկյանում տեղափոխվել յուր հայրենական ծննդավայրը: Դրա համար հարկավոր է միայն գնալ Թիֆլիսի հին քաղաքամասը, ուր հանքային բաղանիքներն են։ Այդտեղ աջ ու ձախ անցնող փողոցների վրա ապրում է Պարսկաստանը յուր բոլոր ակնապարար հրապույրներով։ Մի տեղ դուք կտեսնեք միաշար խանութներ, որոնց մեջ թավրիզցի թուրքերը գերծած գլուխներով, կեղտոտ գոգնոցներով, նարգիլեի պտուկը բերաններին, զանազան համադամներ են պատրաստում, ինչպես, օրինակ, փլավ, բոզբաշ, ղավուրմա, տոլմա կամ գլուխ գործոց լյուլաքյաբաբ։ Այդ խանութները աշպազխանաներն են (խոհակերոց), ուր մոթալ փափախներով, շարիշար նստած, վայելում են խորտիկներր, սարըցի կամ թարաքյամա թուրքերը և նրանց հետ էլ երբեմն դուռնուկցի կամ բոլնիսցի հայեր։
Մի ուրիշ տեղ հացթուխները ծխից ու մխից սևացած կրպակներում, արյուն֊քրտինք մտած խմոր են հունցում, լավաշներ են թխում և հարյուրներով կախում կրպակի աուջևից կապած թոկերի վրա և կամ հետզհետե հավաքելով դարսոտում նրանց ալյուրոտ ու փոշոտ թախչաների վրա։
Հենց այդ խոհակերոցների և հացթուխների արանքում զետեղված են սափրիչները, ածելած երեսներով, մեջքերին գոտիով պրկած և կապանների պոչանման թևերն ուսերի վրա։ նրանց ամեն մեկի առաջ նստած է մի թուրք, կամ գեղջուկ հայ, որ կարմիր գոգնոցն առջևից կապած, օճառի փրրփուրով երեսը պատած, սափրել է տալիս իրեն և ածելիի ամեն մի քերելուց հեծում ու մրմնջում է յուր մտքում շարունակ հայհոյում կոպիտ սափրիչին։
Դրանց դիմաց նստած են թուրք կոշկակարներր կամ փինաչիները, որոնք զբաղված են քոշեր կարելով կամ կարկատան անելով։
Մեկը դաբաղի կաշին առջևը ձգած ձևում է, մյուսը կտրած քոշերին կաղապարներ է խփում, մի ուրիշը կաշվի կտորը մի կողմից ատամներով և մյուս կողմից ձեռքերով բռնած ձգում ու ձգձգում է, և ապա առաջը դրած կոճղի վրա ձգելով պղնձե թակով ծեծում է, աշխատելով երկարացնել կամ ամրացնել նրան։
Վերջապես այդտեղ են և պարսկական քաղցրեղեններ վաճառողները, իրենց նոնղուլների, հալվաների, արբինաբաթների և մաջյունների հարուստ, պաշարով։
Պակասը լրացնում են աթտարները (մանրավաճառ) և մսագործները, որոնց խանութների առաջ միշտ խմբված է լինում թե՛ քաղաքացի և թե՛ գեղջուկ հաճախորդների խայտաբղետ բազմություն։
Քաղաքի այս մասում ընդանրապես մարդիկ ապրում են ավելի երջանիկ, քան թե ուրիշ մասերում, որովհետև ամեն ոք վարվում է յուր փողոցի հետ այնպես, ինչպես ինքն է կամենում։ Իսկ սա քիչ բան չէ ազատասեր ժողովրդի համար։ Օրինակ, խոհարարները փողոցի մեջ թափում են իրենց քուրաների մոխիրը կամ խոհանոցի կեղտը, կոշկակարը յուր կաշիների կեղտաջուրը, սափրիչներն իրենց լվացուկները, հացթուխը փայտ է կոտրում այդտեղ, քյարարչին օդն է ապականում յուր խորովածների ծուխով, մսագործն յուր ավելցուկներն է շպրտում խանութի առաջ և այլն։ Միով բանիվ ոչ ոք չգիտե այստեղ, թե ինչ բան է քաղաքային վարչությունը և ինչումն են կայանում նրա իրավունքներն ու պարտավորությունը, որովհետև նրա կամ նրա մարդկանց հետ ծանոթ լինելու դժբախտությունը չի ունենում։
Այս փողոցներից գլխավորի վրա, որին ժողովուրդը «Սատանայի շուկա» է անվանում, գտնվում է «Արդար քրտինքով ապրողների թեյարանը»։ Խանութների մեջտեղում բացված մի նեղ և միադուռ անցք հանում է ձեզ կրպակավոր շինության վերին հարկը, որի ամբողջությունը բաղկացած է մի նախասենյակից, մի երկար և ընդարձակ դահլիճից և նեղ պատշգամից, որ ընկած է ամբողջ շինության երկարությամբ։
Դահլիճի մի անկյունում շինված է տձև վառարան, որի վրա բարձրանում է մեծ պղնձե կճուճ՝ կափարիչով և ծորակով։ Դա թեյարանի հեշտաեռն է, որի մեջ եռում է թեյի համար անհրաժեշտ ջուրը։ Վառարանից մի փոքր հեռու թեյարանի տիրոջ արճճապատ սեղանափակն է, որի վրա շարված են բազմաթիվ մեծ թեյնոցներ, իսկ նրանց ամեն մեկի վրա մի ուրիշ փոքրիկ թեյնոց։ Սկուտեղների վրա դարսված են անթիվ բաժակներ, պնակներ և պնակիկներ։ Սեղանափակի ետևում կանգնած է թեյարանի տերը, մի հաստ, միջին հասակով առողջակազմ տղամարդ, ածելած և կոպիտ երեսով, մեծ ու հաստ ընչանցքով և հայկական քթով։ Հագած ունի սև սատինի արխալուղ՝ կրծքին երկկարգ կոճակներ շարած և կրծկապը ետ ծալած. մեջքը կապած է լայն, արծաթակուռ գոտի, որի առջևից ցցվում են երեք ահագին բրգաձև գլուխներ, իսկ մեջտեղից կախված է փոքրիկ օղակավոր շղթա։ Այդ ծանրակշիռ արծաթե գոտին նրա ապագա թաղման հոգեբաժինն է։ Թիֆլիսի հասարակ դասի պարտաճանաչ երիտասարդը միշտ յուր աշխատանքից խնայողություն է անում այնքան, որ օր առաջ այդպիսի մի գոտի գնել կարողանա, որպեսզի յուր մահվան ժամանակ ազգականները վաճառելով նրա թաղման ծախսը հոգան:
Չոփուռի տղա Սանդրոն (այդ էր թեյարանի տիրոջ անունը) այդպիսի պարտաճանաչ երիտասարդներից մինն էր։ Նրա առաջ կանգնած փոքրիկ ծառաները, որոնք սպասավորում էին հյուրերին՝ նրանց համար թեյ կամ նարգիլե տանելով, երանում էին այն օրին, երբ իրենք էլ այնքան գումար կաշխատեն, որ այդպիսի մի գոտի կարողանան գնել:
Առավոտյան ժամը տասն էր: Թեյարանի բոլոր սեղանները համարյա բռնված էին: Նրանց ամեն մեկի շուրջը նստած էին երկու-երկու, երեք կամ չորս հոգի, որոնք կամ թեյ էին խմում, կամ նարգիլե ծխում և կամ ստամոքսի պահանջը լցրած՝ խոսում ու կատակներ էին անում: Դրանք բոլորն էլ հասարակ դասին պատկանող մարդիկ էին, այսինքն արհեստավորներ, բանվորներ, մանրավաճառներ, բայց ամենից շատն անհայտ պաշտոնի կամ մութ պարապմունքի տեր անձինք, որոնք օրվա մեծ մասն անց էին կացնում այդտեղ կամ դատարկախոսությամբ և կամ գիշերային քաջագործություններ անելու համար ծրագիրներ կազմելով։
Գարսո՛, ստոլ թավազա արա, գոչեց հանկարծ Չոփուռի տղան և ծառաներից մինը վազեց դեպի տերը:
Սա թեյարանի առաջադեմ սպասավորներից մինն էր, որ տեսնելով թե շիրաջ-Մանասի հետ դահլիճի դռնից ներս է մտնում մի շենք ու շնորհքով և մաքուր հագնված երիտասարդ, իսկույն շուռ եկավ, դես ու դեն վազեց և բոլոր դահլիճն աչք ածելով վերջապես գտավ մի պարապ սեղան, որի վրա թեյարանի մշտական հաճախորդներից մինը, թեյը վերջացնելուց ետ, քաղցր քուն էր մտել։ Դա մի գդակագործ էր։
Վի կաց, տո', ի՞նչ քնելու տիղ է, ասաց նա և արթնացնելով արհեստավորին, սեղանը քաշեց դեպի պարապ անկյունը։
Ի՞նչ իս բլնցում (բոթում), տո', չի՞ս կանա էնենց զարթնեցնի, հազիվ սթափվելով և աչքերը՝ տրորելով տրտնջաց արհեստավորը:
Գնա՛ բանիդ, ախպեր, յիս կռվելու իշտահ չունիմ, ասաց ծառան և սկսեց ղենջակով ջրոտ սեղանը մաքրել:
Վո՞ւնց թե գնա բանիդ, ինձ ինչի՞ բլնցեցիր։
Վա, խա՞թա է, բաս չի՞ պիտի գնացել էիր գործիդ:
Քի՞զ ինչ, չիմ դնում։
Չիս գնում, նստի ինչկլի իրիգուն։
Պիտի նստիմ, բա՛ս, ինչի՞ բլնցեցիր։
Վա՛, հորե՞ն, չի՞ս տեսնում, պատվավուր մարդ է էկի, ստոլ չկեր, պիտի տարել էի, չէ՞։
Օ՜հ՜ո, վունց չէ, պատվավոր մարդ է. կուդին ու պալտոն վուր թազա է, գիդիս թե պատվավուր օքմին է. ա՛յ, միկիտան-Մանասն էլ կշտին, ան բիձու տղեն կուլի, ան մամիդի։
Լավ, թե աստվածդ կուսիրիս, քոլ գլուխը չունիմ, ասաց սպասավորը և հեռացավ։
Այդ միջոցին արդեն շիրաջ-Մանասը յուր հովանավորյալին ծանոթացրել էր Չոփուռի տղի հետ։
Տես, Սանդրո, չմոռանաս. իմ լավ բարեկամն է, ամեն անգամ էստեղ գալուց ուրիշ հանդի պատիվ կտաս, պատվիրում էր շիրաջը Սանդրոյին։
Վա, Մանաս ջան, էդ ի՞նչ իս ասում, իմ ախպերն է. գլխիս վրեն տիղ ունե, ասաց Սանդրոն և ապա դառնալով ծառային հրամայեց. տո՛, Գարսո, ջա՛լդ, Պոպովի չավ չայեմեն դիվիր բի։
Այ, Վահան ջան, եթե ուզում ես ամեն օր լավ ու տժան թեյ խմել, կգաս էստեղ. խորհուրդ էր տալիս բարեկամին Մանասը. հինգ կոպեկով կարող ես տասը բաժակ խմել։
Իսկ ճաշի համար որտե՞ղ ասացիր, հարցրեց երիտասարդ Սարյանը:
Մեր իջած քարվանսարայի դիմաց. լավ խոհանոց կա էնտեղ, տասնուհինգ կոպեկով երկու տեսակ կերակուր են տալիս։
Այ, հազիր միր դեմ ու դեմն ասի՞ս. էս թուրքերն Էնենց լա՜վ փլավ, բոզբաշ, ղավուրմա ու լյուլաքյաբաբ ին ուտեցնում, մեջ մտավ Սանդրոն։
Լավ, ուրեմն, մի տեղ կճաշենք։ Բայց ինչպե՞ս է ձեր թեյարանի անունը, ասացեք, որ երկրորդ անգամ գալիս չսխալվեմ։
Ի՞նչ ասավ, թեյարա՞ն... հարցրեց Սանդրոն Մանասին։
Այո՛, թեյարան, կրկնեց երիտասարդը։
Կուբախշիս, լավ հայեվար չիմ իմացի. թեյարան ի՞նչ է։
Տո, ձեր չայխանան է ասում, էլի՜. հայերեն չայխանին թեյարան են ասում։
Վա, Մանաս, դո՞ւն էլ էտենց խուրը բաներեմեն խաբար ի՞ս, ծիծաղելով հարցրեց Սանդրոն։
Տո, ութ օր է միասին ենք գալիս, էնքան բաներ եմ սովորել որ...
Թեյարան... թեյարան... ես ու իմ աստուձը, լավ անուն է։
Հիմա խո իմացար, դե ասա։
Ի՞նչ ասիմ, Մանաս ջան։
Տո՛, մեր էս պարոնը հարցնում է, թե ձեր թեյարանի անունն ի՞նչ է, ասա, որ իմանա։
Հա, էտենց ասա՛, է՜. միր թեյարանի անումը, պարուն, դուն իմն իս, վրացեվար ասում ինք «Հալալ օփլիտ մցխովրեբլեբիս չայիս ադգիլի»։
Ուզում է ասել՝ «Արդար քրտինքով ապրողների թեյարան», թարգմանեց շիրաջը:
Լավ անուն է. շատ լավ անուն է. բայց այդ որտե՞ղ է գրած, հարցրեց երիտասարդը։
Ա՛յ, դրսևը, վիվեսկի վրեն։
Հայերե՞ն։
Չէ, ռուսեվար. մեկ էլ վրացեվար։ Ինչո՞ւ հայերեն չեք գրում։
Տեղ չկա, պարոն ջան, վիվեսկեն նիղ է:
Ուրեմն վրացերենի տեղ հայերեն գրեիք: Չի՛ ըլի, միր մուշտարիքը հայեվար չին կանա կարթա:
Իսկ ռուսերեն կարողանո՞ւմ են:
Չէ. ռուսեվար էլ ղորդովոյնիրն ին կարդում, աս պրիստավնիրը։
Այդ միջոցին Գարսոն Պոպովի թեյի նոր կապուկը բերավ և տվավ տիրոջը։ Սանդրոն բաց արավ, թեյի մի գդալ ածեց փոքրիկ թեյնոցի մեջ և դնելով եռացրած ջրով լցրած մեծ թեյնոցի վրա տվավ Գարսոյին։ Վերջինս սկուտեղի վրա դնելով այդ երկվորյակ թեյնոցները, բաժակները և շաքարը, վազելով տարավ դեպի պատրաստ սեղանը։
Առաջին անգամն եմ տեսնում այս տեսակ թեյի պատրաստություն. նկատեց Վահանը Մանասի հետ միասին սեղանին մոտենալով։
Հա՛, այս թեյարաններում այսպես են խմում: Ա՛յ, մեծ թեյնոցից ջուրը կածես փոքրիկի մեջ, հետո փոքրիկը մեծի վրան դնելով կսպասես մինչև որ թեյը գույնը տա. հետո կածես կխմես։ Այս էլ ասեմ, որ թեյն ու շաքարը մի անգամ են տալիս, իսկ եփած ջուր՝ որքան անգամ ուզես։
Շիրաջն յուր բարեկամին Թիֆլիսում թեյ խմելու օրենքներին ծանոթացնելուց ետ կամենում էր հեռանալ, որովհետև շտապում էր գինետուն, Վահանը նրան բռնեց։
Մանա՛ս, ինչպես տեսնում եմ, բոլորն էլ ստոր կարգի մարդիկ են. ուրիշ ավելի լավ տեղ չկա՞, որ այսուհետև այնտեղ գնամ։
Ինչո՞ւ չկա, հեր օրհնած. բայց այնպիսի տեղերում թեյի բաժակը տասը կոպեկ արժե. դու այդքան փող կտա՞ս։
Իհարկե ոչ։
Է՛հ, ուրեմն այստեղ խմիր. բաժակը մեկ կոպեկից ավել չի նստիլ եթե շատ խմես։ Այստեղ էլ լավ մարդիկ են. բոլորն էլ արդար աշխատանքով ապրող։ Քեզ ի՞նչ, թե հագուստները կեղտոտ կամ պատռտած է։ Այս ասելով Մանասը ողջունեց բարեկամին և դուրս գնաց։
Վահանը լուռումունջ նստեց սեղանի մոտ և սկսավ նախ յուր շրջապատի հետ ծանոթանալ։ Ապա կամաց-կամաց թեյը պատրաստելով և խմելով՝ սկսավ ականջ դնել յուր բազմատեսակ հարևանների խոսակցություններին, աշխատելով ծանոթանալ այդպիսով նրանց աշխարհայեցողության հետ։ Վահանի կարծիքով այդ մարդիկը պետք է որ շատ բանով բարձր լինեին յուր հայրենի քաղաքի նմանօրինակ դասակարգի մարդկանցից։
Տո, Կակուլի, էրեդ վո՞ւրդի էիր, ինչկլի կես գիշեր քեզ էի մնում, կամաց ձայնով խոսում էր մի երիտասարդ յուր սեղանակցի հետ։
Չէի կանացի քիզ գթնի. տո՛, վո՞ւրդի էիր կորի։
Վո՞ւնց թե վուրդի, չասի՞ թե Սաղի կուռն իմ գնում, դափնի կշտին սաղ իրիք սահաթ կանգնիլ էի։
Իժո՞ւմ։
Իժում տեսա վուր չեկար, յիս իմ բանը քութահ արի:
Իքմին ճանգեցի՞ր։
Չուրս փութ սուխ գուղցա։
Վա, վա՛, թե ախպեր իս։
Քու արիվը գիդենա։
Իժո՞ւմ։
Իժում էսօր առուտեհան Գեվոյի վրեն վից աբասով ծախեցի։
Ղոչաղ տղա իս, յիս ու իմ աստուձը։
Բաս ի՞նչ գիդեիր։
Դե, բի՛, բի մե աբասի ինձ տու։
Վա, ի՞նչ ի ասում. լոթի ի՞ս։
Տոլ է՛լի, չաու փուղ չունիմ։
Ինչի՞ կուտամ, տո՛. վուր էկիլ էիր մե մեշոկ կարտոփիլ կու թռցնեինք։
Այ, էս գիշեր գուքամ էլի։
Էլ ղափնումը իմքին չկա, ի՞նչ կու ճանգիս։ Թե ուզում իս արի միր տան կուռը, չոլախ Պեպանի տղեն մե լավ օչխար ունե, ճանգինք. դուն առուտեհան ձիր տանը կու մորթիս ու իժում մետի յարմուկեն կու տանինք կու ծախինք։
Լա՛վ, գուքամ։
Ա՛յ հիմի կի աբասին կուտամ. ասաց սոխի գողը և քսան կոպեկանոցը դնելով Կակուլու ձեռքում, ավելացրեց. Էգուց պիտիս հիդ տա, ա'յ։
Վա՛, բաս հաշա կուտի՞մ, ասաց Կակուլին և երկու ընկեր միասին վեր կացան տեղերից:
Այդ միջոցին դահլիճի դռնից ներս մտավ մի նոր հաճախորդ:
Օ հո՛, Չաչանակ, բարով իս էկի. էստի արի, էստի:
Չէ՛, չէ՛, էստի, միզ մոդ արի, միզ մոդ։
Թե ախպեր իս, միր կուռն արի:
Այս խոսքերով մի քանի սեղաններից ձայն տվին դեպի նորեկը, բայց նա՝ «մուլափ տվեք, էստի դուրձ ունիմ» ասելով ուղղակի եկավ դեպի երիտասարդ Սարյանի կողմը և ողջունեց նրա հարևան գդակագործին, որի հետ սկզբում ծանոթացանք:
Ոնց որ տեսնում իմ, Ծղալոբ ջան, ինձ վրա խիստ իս նիղացի, ուշացա չէ՞։
Բաս չէ՞, իրիք սհաթ կուլի ինչ քիզ իմ մնում. ուզում էի, վուր չաու վրեն մեձրիլ էի։ Տեսա վուր չեկար, լավ լազաթին չայս խմեցի ու գլուխս ստոլի վրեն դրի քնեցի։
Քնեցի՞ր. տո, ի՞նչ քնելու վուխտ էիր գթի:
Դուն ասա, թե վո՞ւնց էի քնի, է. հազիր մե լավ էրազ տեսա։
Ի՞նչ տեսար։
Արմանալու բան է, ա'յ. դուն ասա էտենց էրազ ի՞փ իմ տեսի։
Զեր մե ասա, է՞, ի՞նչ տեսար։
Տեսնում եմ, Սերգո ջան, վուր մինք Ձորաբաշի էգեղեցումն ինքն ու էնդի իրիցփուխ ինք ջոկում։
Իժո՞ւմ։
Իժում ասում ին, խոսում ին թե ո՞ւմը ննդրին, ո՞ւմը չննդրին, վիրջը դիփ մետի ասում ին էկեք Սոսոյի տղա Ծղալոյին ննդրինք։
Քի՞զ:
Մա՛շ։
Իժո՞ւմ։
Իժում կենճի ին գցում ու մե բաշ իրիցփուխ իմ դուս գալի։ Վի՞րջը:
Վիրջը չկանացի թե տեսել էի:
Ինչի՞. զարթեցա՞ր։
Էս մարդիմազար բիճն էկավ ու զարթեցրուց։
Ինչի՞:
Աստուձ վուչ գիդե նրա գլուխն ու արիվը. պատվավուր օքմին է էկի, կոսե, ստոլդ պիտիմ տանի, կոսե։ Իժո՞ւմ, ո՞վ էր պատվավուր օքմինը։
Ա՛յ, չի՞ս տեսնում միր հիդիվը նստած:
Վերջին խոսքերը Սոսոյի տղան այնպես արտասանեց, որ Սարյանը չլսեց:
Սերգոն, որին յուր շատախոսության համար «չաչանակ» էին անվանում, միջին հասակով, նիհար կազմվածքով, դեղնած երեսով, փոքր ու խաժակ աչքերով և մեծ բերանով՝ մոտ հիսուն տարեկան մի մարդ էր: Հագած ուներ սև մահուդից արդեն դեղնած մի կաբա, սև սատինի արխալուղ. կապած էր փոքրիկ արծաթե գոտի. գլխին ուներ նույն դեղնած մահուդից կարած կարտուզ, իսկ ձեռքում կարմիր «տերողորմյան», որը սովորություն ուներ միշտ ետքին բռնելու և այնպես համարելու։
Հետաքրքրությամբ ետ նայելով նա տեսավ նորեկ երիտասարդին և կամացուկ շշնջաց ընկերոջ ականջին.
Խամ կուլի ա՛յ, թե չէ էստի ո՞ւր գուքեր։
Միթոմ էստի ի՞նչ է. սրամեն պակա՞ս մարդ է մեր Մոմճին, վուր գալիս է միր կողքին նստում ու միզ հիդ էլ չայ խմում։
Մոմճի չէ, տո՛, Մոմճյան ասա։
Մոմճյան, հա՛։
Մեր Մոմճյա՞նը, էլ ասում ի՞ս. օսկի է, օսկի. յիս նրա հոգուն մեռնիմ։
Թե՞ ասիր, վուր քիզ հիդ պիտի գա:
Գուքա, ջեր վաղ է։ Ա՛յ, էրազն էլ տեսիլ իս. էրեգ խոսեցանք, վուր քիզ իրիցփուխ շինինք։
Մոմճյանն է՞լ ասավ:
Դիփունից առաջ նա ասավ էլի, թե ծղալոբի պես տղա չկա, կոսե. նրան պիտինք ջոկի, կոսե։ Վա՛յ յիս նրա հոգուն մեռնիմ, ի՜նչ դարդիմանդն է էլի, տո՛։
Մա՛շ վուր յիս ասում էի։ Դուն ինձ էն ասա, մարթիք գթա՞ր:
Հիսուն հոգուց ավել ունիմ. ջեր մե հինգ հոգի էլ էստի հիդս իմ բերի։
Վուր էտենց է, դու մե քիչ մուլափ տու, յիս տեսնիմ, թե էս տղեն ո՞վ է։ Այս ասելով չաչանակ Սերգոն վեր կացավ և մոտենալով երիտասարդ Սարյանին.
Բարով ձիզ, անճանաչ ախպեր, ասաց և աթոռը քաշելով սեղանի մոտ, առանց այլևայլության նստեց նրա կողքին։
Բարով ձեզ, պատասխանեց երիտասարդը։
Ամոթ չլի հարցնիլը, հրամանքդ վուրտղանցի՞ իր։
Սարյանը ասաց իրենց քաղաքի անունը։
Հա՞. մաշ մեկ էլ բարով, յիս էնդի էլիլ իմ. այս ասելով Սերդոն ձեռքը մեկնեց Սարյանին և նրա աջն առնելով ամուր սեղմեց իբրև հին բարեկամ։
Ե՞րբ եք եղել մեր քաղաքում։
Շատ հնուց, քսանուհինգ տարի կուլի, ջեր էն վուխտը կուլի, վուր դուն ծնված էլ չէիր։
Ա՛յո, ես դեռ այդ տարիքը չունիմ։
Ամա, հախ աստծու, լավ իրգիր է. միսը էժան, լավ ապրելու տիղ է։ Հիմի էլ էնենց էժանութի՞ն է էնդի։
Այո՛, հիմա էլ աժանություն է։
Աբա, միր քաղաքը վո՞ւնց հավնեցաք։
Դեռ լավ չեմ տեսել, երեկ եմ եկել։
Աբա դուն մե լավ բաբաթ ման արի, տիս թե ինչի՞ ր կա, ինչի՞ր պտիս տեսնի մինձ-մինձ քուչեք, մինձ-մինձ ինձ տներ, լավ մաղազիեք, քարվանսարեք, մինձ-մինձ գաստինիցեք, էրկու իրեք թեատր, ցիրկ, մե թեատր էլ խո մեր հայերունն է։
Գիտեմ, այդ բոլորի մասին լսել եմ։
Լսիլը ջուգ բան է, պարուն ջան, աչքով տեսնիլը՝ ջուգ։ Իհարկե:
Միր քաղկի տղերանց հիդ էլ մե ծանոթվի, տես թե ի՜նչ տղերք ին։
Իհարկե, կծանոթանամ։
Բարեկամ, էստի խոմ չո՞ւնիս:
Ոչ:
Թե վուր ուзիս, յիս քի հիդ ամեն տիզ կու ման գամ. դիփ տիղիրը կու շանց տամ, լավ մարդկերանց հիդ էլ կու ծանոթացնիմ։
Դուք ուրեմն ծանոթ եք լավ մարդկանց հե՞տ, կասկածելով Սերգոյի ճշմարտախոսության վրա, ժպտալով հարցրեց Սարյանը։
Իմ դեղնած չուխին մի՛ մտիկ տա, ախպեր. էստի էնենց քաղաք չէ, վուր շուրին ան փողին մտիկ տան. ա՛յ, կու տեսնիս թե ինչ մարդկանց հիդ իմ ծանոթ։
Այս միջոցին դահլիճի դռնից ներս մտավ մի լավ հագնված երիտասարդ, միջին հասակով, առողջ ու հաստ կազմվածքով, թարմ ու գեր երեսով. խաժակ աչքերով և նրբամազ ու շեկ մորուսով, նա նախ մոտեցավ թեյարանատեր Սանդրոյին և ջերմությամբ ողջունելով նրան՝ առողջությունը հարցրեց։
Քու դովլաթից սաղ սալամաթ ապրում ինք, Ակոր ջան. ի՞նչ կու հրամայիս բերիմ, չայ, զելտերսկի ան լիմոնադ։
Շնորհակալ եմ, ոչինչ չեմ կամենում. Չաչանակն այստեղ չ՞։
Վո՞նց չէ, հորեն էն տղի մոտ նստած է։
Երիտասարդը նայեց դեպի ցույց տված կողմը և տեսնելով Չաչանակին շնորհքով հագնված մի երիտասարդի հետ՝ վախեցած ձայնով հարցրեց։
Այս ո՞ւմ հետ է նա խոսում, Սա՛նդրո։
Ուրիշ օլքցի է, նուր է էկի։
Ի՞նչ գիտես թե նոր է եկել։
Գիդիմ։
Սխալվում չլինիս, Սանդրո։ ինչի՞ կու սխալվիմ. միկիտան Մանասն էրի, նրա բարեկամն է:
Մե՞ր Մանասը։
Հա:
Այն միջոցին, որ երիտասարդը թեյարան մտնելով մոտեցավ Սանդրոյին և սկսեց նրա հետ խոսել, Սարյանը տեսնելով, որ իրենից զատ մի ուրիշ շնորհքով հագնված մարդ էլ մտավ այդտեղ, հետաքրքրությամբ հարցրեց Սերգոյին.
Ճանաչո՞ւմ եք այս երիտասարդին։ Վո՞ւնց չէ, իմ լավ բարեկամն է։
Ո՞վ է:
Կուլի վուր անումը լսած ըլիս, Հակոբ Մոմճյան։
Հակոբ Մոմճյա՞ն. այո՛, այդ անունն ինձ ծանոթ է, սա ուրեմն պ. Մոմճյա՞նն է։
Նա ինքն է. մինձ օջախի վուրթի է, մինձ էլ ուսումնական է:
Գիտեմ, գիտեմ, նրա մասին կարդացել եմ։
«Փնջիկ» գազեթի գլխավոր սարքողն է։
Գիտեմ, ճանաչում եմ։ Բայց դուք ծանո՞թ եք նրան։
Ակի ասի իմ լավ բարեկամն է. թե գուզիս քեզ էլ հիդը ծանոթացնիմ։
Շատ ուրախ կլինեմ։
Պարունիս, հիմիսկևետ։
Բայց Մոմճյանը շարունակ մտատանջության մեջ էր. նա հավատացած էր, որ Սանդրոյին մոլորեցրել են և որ այդ նորեկ կոչվող երիտասարդն անպատճառ հակառակ բանակի մարդ է։
«Անիծածները գլխի են ընկել, իրենք էլ են կամենում իմ պլանով գործել։ Եվ տես, թե ումն է ճանկել, չաչանակ Սերգոյին, որ իմ աջ թևն է։ Բայց ևս այդ թույլ չեմ տալ, թույլ չեմ տալ...»։ Այսպես մտածելով, Մոմճյանը թողեց թեյարանատիրոջը, և հառաջացավ դեպի այն անկյունն, ուր գդակագործ Ծղալոբն էր նստած։
Սեղանների մոտ նստածներից ոմանք ողջունում էին Մոմճյանին, ոմանք էլ տեղերից բարձրանալով սեղմում էին նրա ձեռքը։ Երիտասարդը չէր քաշվում մանրավաճառների, որմնադիրների կամ նույնիսկ կինտոների ողջույնն ընդունելուց կամ նրանց ձեռքը սեղմելուց։ Մինչև գդակագործին հասնելը՝ չաչանակ Սերգոն բարձրացավ տեղից և ուրախ-ուրախ ընդառաջեց Մոմճյանին։ Վերջինս, որ անծանոթ երիտասարդի հետ նրան տեսնելով տխրել էր, նորից հոգի առավ.
Արի է՜, Ակոբ ջան. քանի սհաթ է յիս ու Ծղալոբը քիզ ինք մնում. բարով, բարով. քեփդ վո՞ւնց է. էրեգվանից դեսը չիմ տեսի, սիրտս խիստ էր ուզում։
Բարով, բարեկամս, ես լավ եմ, քո քե՞փը ոնց է։
Փառք ստեղծող աստծուն, յիս էլ լավ իմ։
Ծղալոբ ջան, դու ո՞նց ես. բան-ման շինեցի՞ր, թե ոչ, կամացուկ հարցրեց երիտասարդը գդակագործին։
Լավ իմ, աղա-ջան, դիփ հազիր է. արխեին կաց։
Քանի՞ մարդ ունես։
Հիսունից ավելի:
Բոլորն էլ քեզ ձայն կտա՞ն։
Ումիկ ունիմ, վուր չխաբին։
Դուն արխեին կաց, Ակոբ ջան. Ծղալոբն իրիցփուխ է, վուր իրիցփուխ է. էս գիշեր էրազումն էլ տեսիլ է։
Հա՞
Մա՛շ։
Էս գիշեր չէ, տո՛, է՛ս օր, հենց էստի, ուղղեց Սերգոյի սխալը գդակագործը։
Վո՞ւնց թե էստի, զարմացած հարցրեց Մոմճյանը:
Գդակագործը նրան էլ պատմեց յուր երազի պատմությունը նույն մանրամասնությամբ, ինչպես որ պատմել էր չաչանակ Սերգոյին։
Օ՜, այդ լա՛վ երազ ես տեսել. ուրեմն գործդ կհաջողվի:
Ումիկ ունիմ, վուր աջողի։ Դուն էլ խոմ ուզում իս, չէ՞. Սերգոն էնենց ասավ:
Իհարկե, բարեկամ, իհարկե. ասենք թե ես այդտեղ մի որևէ օգուտ չունիմ.բայց ազգի գործ է, լավ է որ արժանավոր մարդու ձեռքի լինի։ Ես այդ բանի համար շատ եմ աշխատել. սրբազանի մոտ եմ գնացել:
Վա՛յ յիս քու հոգուն մեռնիմ. սրբազանի մոդ էլ իմ անումը տվի՞ր։
Բա՞ս։
Իժում ի՞նչ ասավ։
Արժանավոր մարդ է, ասում է. ես էլ եմ նրա անունը լսել։
Վա, վա, Ակոբ ջան, քիմեն սավայի ո՞վ կուլի իմ անումը սրբազանի մոդ իշած։
Յիս, յիս, Սերգո Ջարրաբովը, մեյդնի իգիթը, պարծեցավ Չաչանակը։
Վա՛յ յիս քու հոգուն մեռնիմ, դուն էլ իս հոգևոր տիրոջ մոդ գնո՞ւմ։
Վո՛ւնց չէ, շարթենը մե ջեբ։ Հախ աստծու, հոգևուր տերը շատ է սիրում ինձ. Սերգո ջան, ասում է, դուն վուր խոսում իս, քեփս գալիս է։
Միթոմ ինձ վուր իրիցփուխ շինիք, յի՞ս էլ կանամ գնա։
Իհարկե, դուք միշտ պիտի գնաք, ամեն կիրակի օր։
Աղա ջան, վախում եմ լիզուս կապ ննգնի ու մե բաշ հոգևուր տիրոջ մոդ խոսիլ չկարենամ։
Աոաջին անգամները ես հետդ կգամ, միամիտ կաց։
Հա, գեթազվա, հա. թե չէ իստակ բիաբուռ կուլիմ։
Ախար իմ օղորմածիկ հերս չուզից վուր ինձ կարդալ էր տվի. խիղճ մերս էնքան ասից, էնքան աղաչից թե՝ այ մարդ, բի միր Ծղալոբին մե քիչ էլա ուսում տանք, կուլի վուր սովդաքար դառնա, ախար սովդաքարին գրիլ-կարդալ գուզե. չելավ վուր չելավ։ ճոն Մարտիրուսին խոսք իմ տվի, կսսե, պիտի տանիմ տամ իրան։ Ասավ ու արավ էլի. են օրվանից դեսը էսենց անբախտ մնացի։
Էհ, վնաս չունի. այդպես էլ լավ է։
Աղա ջան, բաս իրիցփուխին դիր ու դավթար չի՞ ուզի։
Ոնց չէ. կուզի։
Բաս յիս վուր գիր չի՞մ գիդի: Մոմճյանն սկսեց մի փոքր մտածել և ապա վճռական կերպով ասաց.
Վնաս չունի, ես մի տղա կտամ, որ կօգնե քեզ։
Վա՛յ յիս քու հոգուն մեռնիմ, աղա ջան, ի՜նչ դարդիմանդն իս էլի. տրախտիրում թե չէինք ըլի, էդ սիրուն ճակատիդ մե պաչ կոնեի։
Չէ, ախպեր, ջեր պաչի վուխտը չէ, խոսեց չաչանակ Սերգոն իփոր, իրիցփուխ կու շինինք քիզ, էն չափը դուն Օրթաճալում ան Վերի բաղերում մե լավ ճաշ կու սարքիս, դուդուկով, ճիանուրով մե լավ լոքո ու արտալա կուտեցնիս. խորոված սուկին էլ վրեն. իմ մամիդ տղա Յականն էլ, խոմ գիդիս, լավ կարմիր գինի ունե. իստակ Կախեթու. խիստ հինն է. ավտաս իրիք տարվա ըլի. մի պստի կանաչ բոչկումն է, պադվլի թախչումը դրած. կուլի վուր տեսած ըլիս, ա՛յ նրանեմեն էլ մե հինգ-վեց թունգի կուտանինք, էն չախը պաչն էլ կուլի, սազ ու բաղն էլ։
Հա ախպեր, դուք ինձ իրիցփուխ շինեցեք, իրիք թումնանոց ճաշն ինձ վրա։
Բոլոր այս խոսակցության ժամանակ Մոմճյանն անհանգիստ դրության մեջ էր. անծանոթ երիտասարդի անձնավորությունը նրան խիստ հետաքրքրում էր. երբեմն-երբեմն քննական հայացք էր գցում նրա վրա՝ իմանալու համար թե արդյոք որևէ մի տեղ տեսած չէ՞ր նրան: Վերջապես նա բավական համարեց գդակագործի ապագա երեցփուխության խնդրով զբաղվելը և հարցրեց Չաչանակին։
Ո՞վ էր այդ երիտասարդը, Սերգո, որի հետ խոսում էիր
Ուրիշ օլքցի է նուր է էկի։
Որտեղացի՞։
Սերգոն տվավ Սարյանի ծննդավայր քաղաքի անունը։
Անունն ի՞նչ է։
Չեմ գիդի, մտես ննգավ թե հարցրել էի։
Ի՞նչ էր խոսում քեզ հետ։
Վունչինչ. յիս տեսա վուր ղարիբ օքմին է, գնացի հիդը ծանոթվեցա. ով որ վուր է, երևում է վուր լավ տղա է:
Վաղո՞ւց է այստեղ է։ Չէ, էրեգ է էկի:
Մոմճյանը հանգստացավ։ Ուրեմն յուր ենթադրությունները սխալ էին: «Ով որ է, պետք է հետը ծանոթանալ և չթողնել, որ անպիտան մարդկանց ցանցում բռնվի», մտածեց Մոմճյանը։
Հա, մտես ննգավ թե ասիլ էի, էտ տղեն քեզ ճանչնում է։
Ո՞նց թե ճանաչում է. դարձյ՛ալ անհանգստանալով հարցրեց Մոմճյանը:
Ճանաչնում է. բա՛ս. իփոր դուն տուն մտար ու Սանդրոյի հիդ խոսում էիր, նա հարցրուց թե՝ էս ջեհել տղեն ո՞վ է, իս կոսե. ասի Մոմճյանն է։ Նա էն նմուտին ասավ թև լավ կուճանչնամ. նրա անունը լսի՞ր իմ թե կարթացել իմ, կոսե, չիմ գիդի:
Ուրեմն իմ անունը լսել կամ կարդացե՞լ է...
Հա, մա՛շ:
Հասկանում եմ, կնշանակե ինձ հեռվից է ճանաչում, ինքն իրեն մտածեց Մոմճյանը և հանգստացավ:
Խնդրից վուր քիզ հիդ ծանոթացնիմ, շարունակեց Չաչանակը։
Մի՞թե,
Հա, շատ խնդրից. յիս էլ ասի լավ կուլի։
Դե, ուրեմն գնա՝ բեր և ծանոթացրու։
Էս նիմուտին. ասաց Չաչանակը և տեղից բարձրացավ։
Բոլոր այս ժամանակ երիտասարդ Սերյանը զբաղված էր յուր տեսածներն ու լսածները քննելով։
Սկզբում նա մտածում էր թեյարանի նորալուր անվան վրա, որը՝ նայելով նրա հաճախորդներին (որոնք, յուր կարծիքով, արդար քրտինքով ապրողներն էին), համարում էր խորիմաստ ու պատշաճավոր: Բայց հետո գիշերային քաջագործությունների մասին խոսող երիտասարդներին լսելով, նա այդ անունը գտնում էր խաբեական, կամ ծաղրական։ Ապա չաչանակ Սերգոյի և նրա ընկերոջ խոսակցությունները լսելով, զարմանում էր, որ այդ հասարակ ամբոխի մեջ գտնվում են մարդիկ, որոնք հետաքրքրվում են հասարակական խնդիրներով, և սկսում էր յուր կարծիքը փոխել թեյարանի հաճախորդների մասին։ Իսկ Մոմճյանի այդ թեյարանում երևալը, նրա այդ սինքլոր հաճախորդների հետ սիրով ու քաղաքավարությամբ բարևելը և, վերջապես, Չաչանակի և գդակագործի հետ նստելն ու նրանց հետ սիրով և մտերմությամբ խոսակցելը նրան հիացրել էր։
«Ուրեմն ես չէի սխալվում, երբ ասում էի թե՝ Թիֆլիսում մարդիկ ավելի լուսամիտ և ավելի ազնվասիրտ են, քան իմ հայրենի քաղաքում, ապացույցներն արդեն տեսնում եմ, և, անկասկած, քանի ավելի բարձր շրջանները մտնեմ, այնքան ավելի պիտի հաստատվեմ թիֆլիսցիների մասին ունեցածս իմ կարծիքների և համոզմունքների մեջ...»: Այսպես մտածելով երիտասարդ Սարյանը պատրաստվում էր արդեն հեռանալ թեյարանից, երբ Չաչանակը մոտեցավ նրան։
Աբա, արի ծանոթացնիմ քիզ միր Մոմճյանի հիդ:
Ուրախությամբ, ասաց երիտասարդը և հետևեց նրան։
Պարոն Մոմճյան, կու խնդրիմ, վուր էս լավ տղի հիդ ծանոթվիք. ինքը անումով ձեզ ճանչնում է, առաջարկեց Չաչանակը։
Հակոբ Մոմճյան։ Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ։
Վահան Սարյան. շատ հաճելի է ինձ ձեր ծանոթությունը։
Երիտասարդները փոխանակեցին միմյանց հետ այս խոսքերը և նստեցին։
Անշուշտ առևտրական գործով եք եկել մեր քաղաքը, առաջինը խոսեց Մոմճյանը, հավատացած լինելով, որ միայն առևտրական գավառցին կարող է այս թեյարանը մտնել աժան թեյ խմելու համար։
Ոչ. ես առևտրական չեմ և, երևի, երբեք էլ չեմ լինիլ, ժպտալով պատասխանեց Սարյանը։
Լավ էլ կանեք. երիտասարդ մարդին ամենից ավելի քիչ պետք է գրավե այդ կոչումը:
Մանավանդ հայ երիտասարդին։ Ինքնըստինքյան հասկանալի է, որովհետև մենք ավելի հասարակական քան անձնական շահերին նվիրված երիտասարդների պետք ունինք։
Հենց այդ նպատակով էլ ես եկա Թիֆլիս։
Անշուշտ հասարակական շահերին նվիրվելու համար։
Այո՛, միմիայն հասարակական շահերին։
Այդ պատիվ է բերում ձեզ, պ. Սարյան, ասաց Մոմճյանը խորհրդավոր եղանակով գլուխը շարժելով։
Պատվի վրա չեմ մտածում, այլ պարտավորությունս կատարելու վրա, համեստությամբ նկատեց Սարյանը։
Այնուհետև Մոմճյանը սկսեց հարց ու փորձ անել նրան, թե որտե՞ղ և ե՞րբ էր ավարտել, թե Թիֆլիս գալու միտքը ո՞ր բարեհաջող հանգամանքներն են նրա գլխում ծնեցրել, թե ի՞նչ ճանապարհով է կամենում յուր նպատակին հասնել և այլն, և այլն։
Սարյանն ամեն ինչ պարզությամբ և մանրամասնաբար պատմեց այդ բոլորը Մոմճյանին։
Վերջինս անչափ ուրախացավ, տեսնելով, որ կարի պիտանի և յուր նպատակներին ծառայելու ամեն հարմարություններով օժտված երիտասարդի է հանդիպել։
Եթե կամենաք իմ խորհուրդներից օգտվել, ես ձեզ ցույց կտամ գործելու ամենից հարմար ճանապարհը, ասաց Մոմճյանը Սարյանին. դուք այստեղ օտար եք և անշուշտ պետք ունիք մի ազնիվ առաջնորդի, որ այս քաղաքի լավ ու վատ շրջանների հետ ծանոթացնե ձեզ, առանց մոլորեցնելու։
Որտե՞ղ կարող եմ ձեզանից լավ առաջնորդ գտնել։ Շնորհ արեք, օգնեցեք ինձ ձեր խորհուրդներով և ես հավիտյան երախտապարտ կմնամ ձեզ, խնդրեց Սարյանն անկեղծությամբ:
Ամենայն սիրով։ Վաղն եկեք մեր խմբագրատունը. այնտեղ հարկ եղածը կխոսենք և կտնօրինենք։
Բայց ձեր խմբագրատունը ես չեմ ճանաչում։
Դուք ուրեմն «Փնջիկ» թերթի խմբագրատունը չե՞ք ճանաչում ։ Չէ՞ որ ես երեկ եկա և դեռ ոչ մի տեղ չեմ գնացել։
Այո՛, ներողություն, ես մոռացա։
Յիս կու շանց տամ էլի. հրամանքդ վո՞ւրդի իք կենում. ասացեք. մեջ մտավ չաչանակ Սերգոն։
Չոլախի քարվանսարայում։
Վա, Չոլախի քարվանսարեն հորես էստի չէ՞. յիս խո ամեն օր էնդի իմ թրև գալի, յիս գուքամ կուտանիմ ձիզ, արխեին կացեք։
Այո՛. պ. Սերգոն ձեզ կբերե. նա մեր խմբագրատունը ճանաչում է։
Շատ շնորհակալ կլինեմ, ասաց Սարյանը և չկամենալով այլևս խանգարել խոսակիցներին, ողջունեց նրանց և հեռացավ։
Մոմճյանը նույնպես շատ չուշացավ այդտեղ։ Նա մի քանի տեղեկություններ հարցրեց գդակագործից, նրա բերած մարդկանց հետ ծանոթացավ և ապա գործելու համար զանազան հրահանգներ տալով թե՛ գդակագործին և թե՛ նրա բարեկամներին, դուրս գնաց թեյարանից։