Мурацан
Լուսավորության կենտրոնը
4
Է
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Թիֆլիսի Վերա քաղաքամասում, մի փոքրիկ փողոցի վրա, գտնվում է մի ոչ շատ ընդարձակ շինություն, բաղկացած մի քանի փոքրիկ բնակարաններից։ Նրա ներքին հարկի մութ ու խոնավ սենյակներում ապրում են ստորին դասակարգի մարդիկ, գլխավորապես արհեստավորներ, բանվորներ և լվացարար կանայք, իսկ վերին հարկում՝ զանազան ընտանիքներ և անհայտ կոչման ու պաշտոնի տեր անձինք։
Վերին հարկի բնակարաններից մինը, որ բաղկացած է մի նախասենյակից, երեք սենյակներից մի սեղանատնից և մի ընդարձակ հյուրասենյակից, պատկանում է հին թիֆլիսցի տիկին Մարթա Դաբաղյանին, որն ապրում է այդտեղ յուր մի հատ դուստր Շուշանի հետ։ Տ. Մարթայի տանն ապրում են նույնպես երկու գավառացի երիտասարդներ՝ Մանուկ Շաշյանը և Սարգիս Մովսիսյանը, որոնք վճարում են նրան թե՛ բնակարանի և թե՛ ուտեստի համար ամսական քսանհնգական ռուբլի։
Տիկին Մարթան բարձրահասակ, նիհար երեսով, արագաշարժ աչքերով, մեծ ու միշտ ժպտող բերանով, լեզվանի, շատախոս և վերին աստիճանի կենդանի մի կին է։ Տարիքը քառասունհնգից ավելի չէ. բնավորությամբ լինելով բարեխառն, հաճոյախոս, ամենքին գգվելու և փաղաքշելու դյուրապատրաստ. նա շատ շուտ բարեկամանում է ամեն մի պատահողի հետ. լինի դա կին թե տղամարդ, աղջիկ թե երիտասարդ, տգետ թե ուսումնական, գավառացի թե քաղաքացի։ Ամենքին գովելու և դրվատելու համար նրա ճարտարախոս լեզուն հարմար և պատշաճավոր խոսքեր ու դարձվածներ ունի։ Ամենքի համար նա և՛ մայր է, և՛ քույր, և՛ հորաքույր, և՛ հոգացող, և' հովանավորող։ Ով ինչ պետք ունի, նա կարող է լցուցանել. պաշտո՞ն եք պտրտում, նա պաշտոն տվող մարդկանց տեղը ձեզ կասե. կամենո՞ւմ եք ծանոթանալ այս ինչ պարոնի կամ տիկնոջ հետ, նա՞ դրա ճանապարհն էլ ցույց կտա. տեղեկություննե՞ր եք ուզում քաղել այս կամ այն ընտանիքի մասին, նա ինքն այդ տեղեկությունները կտա կամ մի քանի ժամից կբերե. բարեկամդ խռովե՞լ է քեզանից, նա կարող է հաշտեցնել, մի խորհուրդ կամ Ժողով ունիք անելու, որին կամենում եք մասնավոր կերպարանք տալ. նա յուր սարքած հյուրասենյակը կդնե ձեր տրամադրության տակ. հարկավոր է այս ինչ միտքը կամ լուրը տարածել հասարակ ժողովրդի կամ շատախոս կանանց շրջանում, դրա համար էլ նա պատրաստ է։ Միով բանիվ տիկ. Մարթան ամենագետ և ամենակար մի կին է՝ ամեն դասակարգի և սեռի անձանց պիտանի։ Միայն չարությունն է, որ նա չի կարող անել, որովհետև, ինչպես ինքն է ասում, աստված նրան բարի է ստեղծել։
Այս է պատճառը, որ տիկ. Մարթան մեծ ազգականություն չունենալով հանդերձ՝ բազմաթիվ և բազմատեսակ բարեկամներ ունի։ Տգետ վաճառականից կամ գործակատարից սկսած մինչև հայոց գիտուն քահանաներն ու խմբագիրները՝ բոլորն էլ նրան ճանաչում են և բոլորի մոտ նրա խոսքը գին ու կշիռ ունի. (այս վերջին վկայությունը, իհարկե, ինքն է յուր մասին տալիս, իսկ մենք ճշմարտությունից հեռու չենք գտնում)։
Ինչ օրիորդ Շուշանին է վերաբերում, նա էլ լավ աղջիկ է։ ճշմարիտ է, շատ գեղեցիկ չէ. հասակը մոր նման բարձր և քայլվածքն ավելի քան կոպիտ է. բայց սիրուն աչքեր ունի, որոնց հովանավորում են բարակ ու թավամազ հոնքեր. հարուստ ու ալեծածան մազերը զարդարում են ճակատը։ Բերանը փոքր ինչ լայն է, շրթունքները բարակ, որոնք երբեմն խիստ գեղեցիկ ժպտում են։ Ձեռքերը միայն գեղեցիկ չեն, որովհետև շատ գործ շինելուց կոպտացել են։ Բնավորությամբ մոր հակապատկերն է ներկայացնում։ Խիստ համեստ է, ամաչկոտ և լռակաց, որի պատճառով ասում են թե նա ճիշտ յուր տկար հորն է նմանում, որ հին վարժապետներից մեկն է։ Ճշմարիտ է, մորը հնազանդ է։ Երբ հյուրեր են գալիս իրենց մոտ, մինչև անգամ այնպիսի շատախոս և պրտկերես երիտասարդներ, որոնք պատշաճից ամեն կարգ ու կանոն մի կողմ թողած բարձրաձայն խոսում, գոռում-գոչում են երբեմն էլ երգում կամ պարում են, նա դրանց էլ ընդունում է պատվով ինչպես հյուրերի. դրանց համար էլ հոժարակամ թեյ կամ սուրճ է բերում, բայց յուր սրտի խորքում ատելով ատում է այդպիսիներին և զայրանում յուր մոր դեմ, որ այդ տեսակ բարեկամներով շրջապատել է իրեն: Այդ առթիվ նա շատ անգամ էլ նկատողություններ է անում մորը, բայց վերջինս ավելորդ է համարում աղջկա խելքով շարժվել։
Սարյանի և Մոմճյանի ծանոթությունից մի օր հետո, տիկ. Մարթայի տանը մի ժողով կար։ Դա ոչ թե հասարակ, այլ խմբագրական ժողով էր։
Ընթերցողներս գուցե հետաքրքրվեցան իմանալու, թև այդ ո՞ր տարօրինակ խմբագիրն էր, որ յուր խմբագրական ժողովը փոխանակ սեփհական խմբագրության մեջ՝ տիկին Մարթայի տանն էր անում:
Հարկավոր եմ համարում հայտնել, որ պ. խմբագիրը հենց տիկ. Մարթայի մոտ էլ ապրում էր: Դա պ. Մանուկ Շաշյանն էր: Ինքը գավառացի էր և հազիվ մի տարի կար ինչ գտնվում էր Թիֆլիսում։ Ինչպես էր պատահել, որ նա այդ կարճ միջոցում խմբագիր էր դարձել, այդ մենք հետո կիմանանք, բայց թե ինչպե՞ս խմբագիր էր, որ մի փոքրիկ սենյակում էր ապրում և յուր խմբագրությունն այդտեղ էր ամփոփում, դրա պատճառը այն էր, որ նրա թերթը դեռ նոր էր. շատ բաժանորդներ չուներ, հետևապես դրամական դրությունն էլ նախանձելի չէր։ Սկզբում, իհարկե, անհրաժեշտ էր, որ նա խնայողությամբ ապրեր, ուստի այդպես էլ անում էր, մինչև որ տեսներ թե բախտը ի՞նչ է հաջողում իրեն:
Բայց ժողովը խմբագրի ննջարանում չէր, այլ տիկ. Մարթայի ընդարձակ և ճաշակով սարքված հյուրասենյակում։
Սենյակի մեջ աչքի ընկնող զարդարանքը կազմում էին երկու մեծ հայելիներ։ Հայելիների առաջ դրված էին երկու ընկուզյա կրկնածալ սեղաններ, որոնք հարկավորվում էին թղթախաղի ժամանակ և ծառայում էին տիկնոջ այն հյու¬ րերին, որոնք խոսել չէին սիրում, բայց կռվել սիրում էին։ Սենյակի մի անկյունում դրված էր մի մեծ հնատարազ բազմոց և նրա առաջ կիսաբոլոր շարված հինգ հատ բազկաթոռ։ Դրանց մեջտեղում դրված էր բոլորիկ սեղան, ծածկված թավշյա սփռոցով, իսկ սեղանի վրա մեծ փորով և ավելի մեծ լուսամփոփով մի լամպար։ Դրա կողքին գտնվում էր մի մեծ, ոսկեզօծ, բայց արդեն մաշված ալբոմ, որը լցված էր տիկ. Մարթայի երկու սեռի բարեկամների բազմաթիվ լուսանկարներով։ Սենյակի մի ուրիշ անկյունում դրված էր թախտ, ծածկված ֆարահանի մի թանկագին գորգով։ Սենյակի պարապ տեղերում, պատերի տակ, շարված էին Վիեննայի սև աթոռներ, իսկ անկյուններում և թախտի առաջ փոքրիկ կլորիկ սեղաններ։
Որովհետև ժողովի օր էր, ուստի սենյակի մեջտեղը դրված էր նաև մեծ սեղան, մոխրագույն սփռոցով ծածկած, որի վերևից կախվում էր մեծ լուսամփոփով մի լամպար։
Երեկոյան ժամը չորսն էր։ Սեղանի մոտ նստած էր խմբագիրը։ Դա միջին հասակով, ոչ շատ առողջ կազմվածքով, նիհար, երկար և մի փոքր սփրթնած դեմքով մեծ-մեծ աչքերով, որոնց մեջ խելքի արտահայտություն չէր նշմարվում և արագ-արագ, բայց թլվատ լեզվով խոսող մի երիտասարդ էր։
Նրա առաջ նստած էր Սարգիս Մովսիսյանը, որ նույնպես գավառացի էր և. Շաշյանի թերթի աշխատակիցը։ Դա նույնպես միջին հասակով, մոտ քսանվեց տարեկան, նիհար, բայց կոպիտ կազմվածքով, վերին աստիճանի շարժուն և կենդանի, տգեղ, բայց արտահայտիչ դեմքով, շատախոս, դյուրաբորբոք, սակայն բարի և խառնվող երիտասարդ էր։
Սեղանից հեռու, բազմոցի և բազկաթոռների վրա նրստած էին մի քանի ուրիշ երիտասարդներ և օրիորդներ, որոնք ցած ձայնով խոսակցում էին իրար հետ. իսկ սենյակի անկյունում դրված թախտի վրա՝ կուռը մութաքին հենած և ոտները ձգած պառկած էր մի փոքրահասակ, տգեղ դեմքով, մեծ և ծաղկատար քթով ու կարճ կտրած մազերով մի օրիորդ, որ ռուսերեն մի ինչ որ գիրք էր կարդում։
ժողովը դեռ սկսված չէր։ Պ. խմբագիրն ու աշխատակիցը մի-մի թերթ առջևները դրած խազխզում էին։ Երևում էր, որ նրանք դարձյալ սպասում են մի մարդու։
Աշխատակից Մովսիսյանն երկար յուր թուղթը խազխզելուց և նրա վրա գիրք, սեղան, թռչուն, ձիու գլուխ և կոշիկներ նկարելուց հետո հանկարծ ընդհանուր լռությունն ընդհատեց։
Կարծեմ մենք հարկ եղածից ավելի սպասեցինք, սկսենք մեր գործը։ Այս ասելով նա յուր հայացքն ուղղեց պ. խմբագրի և բազկաթոռների մեջ ձգված երիտասարդների վրա, սպասելով, թե նրանք ինչ պիտի ասեն։
Սկսենք, եթե կամենում եք, հարեց երիտասարդներից մեկը։
Սպասեցեք, խնդրեմ, մի հինգ րոպե, իսկույն վերջացնում եմ, խոսեց թախտի վրա պառկած օրիորդը և գրքի թերթը շրջեց:
Դուք հետաքրքիր բան եք կարդում և ժամանակը ձեզ համար անզգալի է անցնում, օրիորդ. իսկ մենք ձանձրանում ենք, պատասխանեց Մովսիսյանը։
Ձանձրանո՜ւմ եք. ամոթ չէ՞, և օրիորդների առա՞ջ եք այդ խոսքերն արտասանում, սուր ու ճնշող ձայնով նկատեց մի փոքրահասակ և փոքրիկ դեմքով օրիորդ, որ շարունակ շատախոսում էր յուր կողքին նստած երիտասարդի հետ։
Օրիորդ, մի՛ նեղանաք, չզիտե՞ք որ պարոն Մովսիսյանն ասպետ չէ, արդարացրեց երիտասարդին խմբագիրը և կամացուկ շշնջաց նրա ականջում, որ ներողություն խնդրե օրիորդից:
֊ էհ, բան չունի՞ս. ներողություն չէ՞, ոտքերն էլ ընկնեմ. իհարկե ձանձրանում եմ, բարկացավ Մովսիսյանը և բարձրանալով՝ մոտեցավ սենյակի պատուհանին:
Երիտասարդներն ու օրիորդները սկսեցին ծիծաղել, իսկ փոքրահասակ աղջիկը սրտնեղությունից մինչև ականջները շառագունեց։ Բայց որպեսզի ցույց տա թե Մովսիս֊ յանի կոպտությունից չվիրավորվեց, նրա խոսքը կրկնեց.
Եվ իրավ պ. Շաշյան, ինչո՞ւ չեք սկսում, գուցե պ. Մոմճյանը չէ գալիս։
Եթե նա չգա, ես էլ հարցեր չի պիտի ունենամ առաջարկելու։
Ինչպե՞ս, դուք չե՞ք խմբագիրը, ինչո՞ւ հարցերը պ. Մոմճյանը պիտի առաջարկե:
Այսինքն ես այդ չկամեցա ասել. ես... հա, այն էի ուզում ասել, որ այսօրվա ժողովը նրա խնդրանոք եմ հրավիրել. նա ունի որոշ հարցեր, որոնց կամենում էր առաջարկել ձեր քննության։
Օհ, հրաշալի է, հրաշալի. ի՜նչ նկարագրություններ, ի՞նչ մերկացումներ։ Հանճար է, երկնային հանճար, բացականչեց հանկարծ թախտի վրա պառկած օրիորդը և տեղից բարձրանալով փակեց ձեռքի գիրքը և փոքրիկ սեղանի վրա դնելով՝ մոտեցավ խոսողներին։
Ո՞ւմ մասին եք խոսում, օրիորդ, ո՞վ է հանճար, հարցրեց երիտասարդներից մեկը:
Զոլան: Իհարկե, և ի՞նչ հանճար, վկայեց պ. խմբագիրը:
«Նանան» եք կարդում, այնպես չէ՞, հարցրեց փոքրահասակ օրիորդը:
Այո, միայն շորս գլուխ մնաց, որ ավարտեմ։
Ես երկու անգամ միմյանց վրա կարդացել եմ և միշտ հիացմունքով։
Այդպիսի գրվածքը հինգ անգամ էլ արժե կարդալ, հարեց խմբագիրը։
Իսկ դուք մի անգամ եք կարդացել, չէ՞, հարցրեց նրան կարճ մազերով օրիորդը:
Ո՛չ, ես դեռ չեմ կարդացել։
Դու որ չես կարդացել, ի՞նչ ես խորհուրդ տալիս ուրիշներին, որ հինգ անգամ կարդան, ծիծաղելով նկատեց Մովսիսյանը։
Պ. Մոմճյանը կարդացել է, ասաց խմբագիրը։
Քե՞զ ինչ:
Ինչպե՞ս թե ինձ ինչ. միևնույն գիրքը խմբագրության բոլոր անդամները հո չի պիտի կարդան. այնքան ժամանակ որտեղի՞ց է. մեկը կկարդա և բովանդակությունը մյուսներին կպատմե։
Ուրեմն ձեր խմբագրության մեջ ամեն օր միայն մի մա՞րդ է հաց ուտում, մյուսները ծո՞մ են պահում:
Ի՞նչ կնշանակե այդ:
Կնշանակե թե՝ մեկը կուշտ փորով արտալա, բաստուրմա ու կոմպոտ է ուտում, մի շիշ էլ վրան գինի է խմում, և հետո մյուսներին պատմում է, որ ինքը կերել է և նրանք կշտանում են, այդպես չէ՞: Երիտասարդներն ու օրիորդներն սկսան ծիծաղել։
Շատ տղայական համեմատություն եք անում, վրդովված նկատեց խմբագիրը:
Դրանից ավելի լավ համեմատություն չէի կարող անել, հարեց Մովսիսյանը։
Այս միջոցին ներս մտավ ժողովականների մոտ պ. Հակոբ Մոմճյանը, որի հետ «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» ծանոթացանք: Զեռքի թղթապանակն աթոռներից մեկի վրա դնելով՝ նա ծիծաղադեմ մոտեցավ ժողովականներին և քաղաքավարությամբ ողջունլով նրանց՝ նստեց խմբագրի կողքին:
Ներեցեք խնդրեմ, որ այսքան երկար սպասել տվի ձեզ։ Պիտի գիտենաք, որ ամենքիս համար կշիռ և նշանակություն ունեցող մի գործով էի զբաղված, այս խոսքերով դարձավ երիտասարդը ժողովականներին և թաշկինակը հանելով սրբեց յուր քրտնած երեսն ու ճակատը։
Օրիորդներն ու պարոնները ցանկանում էին, որ ժողովն ինքս բանամ, բայց ես հայտնեցի, որ այսօրվա առաջարկություններն իսկապես ձերը պիտի լինին, խոսեցեք ուրեմն, ժամանակն անցնում է, հայտարարեց խմբագիրը։
Կարծեմ ամեն խմբագրական ժողովներում առաջարկություններ անողը ես եմ, խորհրդավոր ակնարկությամբ նկատեց Մոմճյանը և ժպտաց։
Այդ միևնույն է, պարոն, գործին անցնենք, ընդհատեցհատեց նրան երիտասարդ Մովսիսյանը։
Իմ այսօրվա առաջարկությունը, պարոններ, ծանրակշիռ առաջարկություն է և խնդրում եմ, ար ամենքդ էլ պատշաճավոր ուշադրություն դարձնեք նրա վրա, այս առաջաբանով սկսեց յուր խոսքը Մոմճյանը։
Ձեզ հայտնի է, որ մեր թերթը թեպետ նոր, բայց արդեն հայտնի է դարձել։ Այդ մենք պարտական ենք ոչ թե նրա ներքին բովանդակությանը, որի արժանիքը դեռ չէ կարող գնահատել մեր հասարակությունը, այլ ա՛յն ջանքերին, որ մենք գործ ենք դրել մեծ թվով բարեկամներ վաստակելու և նրանց ձեռքով բաժանորդների թիվը շատացնելու: Սակայն այդ միջոցը մեզ օգնել է միայն հայտնի դառնալու, բայց նա, ինչպես այժմ տեսնում եմ, մեզ չի կարող հասցնել մեր բուն նպատակին, որ է՝ ստեղծել մեզ համար մի զորեղ կուսակցություն, որի շնորհիվ կարողանանք հասարակական որոշ գործեր մեր ձեռքն առնել։ Մեր թերթը համեստ ծրագիր ունի, նա չի կարող հասարակական հարցեր շոշափել, մտքեր գրգռել, աղմուկ հարուցանել. հետևապես նա երբեք էլ մեզ համար հիշածս կուսակցությունը չի ստեղծիլ: Բայց մենք պետք է կուսակցություն ունենանք. մենք պետք է կուսակցության առաջնորդ ու պարագլուխ հռչակվենք, որպեսզի մեր որոշ ծրագիրներն առաջ տանել կարողանանք։ Մի համեստ և մասնավոր թերթի հրատարակիչ կամ խմբագիր լինելը բավական չէ դեռ, որ մարդ հասարակության առաջ երևա։
Ի՞նչ պետք է անել, ուրեմն, ձեր կարծիքով, ընդհատեց Մոմճյանին խմբագիրը։
Ի՞նչ պետք է անել, հապա ասացեք, կրկնեց նույն հարցը Մոմճյանը, հարցական հայացք ձգելով ժողովականների վրա։
Ի՞նչ պետք է անել. ասացեք, երևի դուք այդ մասին մտածել եք, խոսեց կարճ մազերով և երկար քթով օրիորդը։
Այո՛, ոչ միայն մտածել, այլև ահա՛ ամբողջ ամիս է, որ այդ նպատակով գործում եմ, և արդեն հասել եմ շատ արդյունավոր հետևանքի, ինքնագոհ ժպիտով պատասխանեց Մոմճյանը։
Բայց ի՞նչ եք մտածել և գործել, ասացեք, որ մենք էլ իմանանք, անհամբերությամբ ընդհատեց Մովսիսյանը։
Ահա թե ինչ. կուսակցություն, և այն հզոր կուսակցություն ստեղծելու համար մենք պետք է դիմենք ամբոխին և նրա հետ ձեռք ձեռքի տված գործենք։
Նոր միտք, հրաշալի միտք, բացականչեց խմբագիրը և հիացմունքով աչքերը սևեռեց Մոմճյանի վրա։
Ամբոխի՞ն դիմենք, և այդ դո՞ւք եք ասում, պարոն Մոմճյան, զարմացած բացականչեց երիտասարդ Մովսիսյանը, որ միշտ մի առանձին համակրությամբ էր նայել Մոմճյանի վրա իբրև մի շատ ազնիվ և բարձր գաղափարներով ապրող ու ոգևորվող մարդու վրա։
Այո՛, ամբոխին, որովհետև նրա ուժը մեծ է, և եթե այդ ուժը մեր թիկունքում ունենանք, հավատացեք, որ մեր առաջ փակող բոլոր թումբերը կկործանենք։
եվ դուք ձեր ձեռքը կտա՞ք ամբոխի մարդկանց, որ նրանց հետ միանաք, գրգռված հարցրեց Մովսիսյանը: եվ ինչո՞ւ չէ. կրթված և իսկապես ազատամիտ մարդն ինչո՞ւ պետք է խորշի ամբոխիր, ինչո՞ւ չպետք է յուր ձեռքը մեկնե նրան։
Կրթված և իսկապես ազատամիտ մարդը, այո՛, չպետք է խորշի ամբոխից և յուր ձեռքը պետք է պարզե նրան, բայց այն դիտավորությամբ, որ ամբոխին քայլ առ քայլ մոտեցնե լույսին, ճշմարտությանը, որ նրան ազատի կեղտից, անմաքրությունից և ոչ թե ձեռքը պարզե նրան այն նպատակով, որ Նրա վայրենի ուժից օգտվի, կամ ավելի լավ ասած, նրա հետ միասին ցեխի ու տիղմի մեջ թավալե...
Դուք ինձ լավ չհասկացաք, պարո՛ն, և վիրավորական ակնարկություն եք անում իմ հասցեին, դուք իմ միտքը ձեր բացատրությամբ խեղաթյուրում եք, իբրև թե վրդովված նկատեց Մոմճյանը, աշխատելով Մովսիսյանի խոսքերի ժողովականների վրա արած ազդեցությունը նվազեցնել։
Եթե լավ չեմ հասկացել, խնդրեմ նորեն բացատրեցեք։
Այո՛, լավ չեք հասկացել, ես կամենում էի ասել, որ մենք շարունակ հեռու մնալով ամբոխից՝ օտարանում ենք նրանից և իրեն էլ օտարացնում մեզանից։ Մենք պետք է մոտենանք նրան, նրա գործերով և կարիքներով հետաքրքրրվենք և իրեն էլ փոխադարձաբար մոտեցնելով մեզ՝ մեր գործերին ու կարիքներին ծանոթացնենք...
Եվ հետո՞ ...
Եվ հետո նա՝ մեր իրեն ցույց տված բարեկամությունն ու եղբայրությունը գնահատելով՝ շատ գործերում մեզ թև ու թիկունք կլինի։ Որտեղ մեզ ուժ է հարկավոր, ուժ կտա, որտեղ փող է հարկավոր, փող կտա...
Դուք, պարոն, նոր բան չավելացրիք. դուք կրկնեցիք ա՛յն, ինչ որ առաջ էիք ասում, միայն թե այս անգամ ավելի բացահայտ բառերով։
Սխալվում եք։
Ոչ, չեմ սխալվում։
Այո՛, ճիշտ է, միևնույն միտքը հայտնեցիք, հաստատեց պ. խմբագիրը։
Դո՞ւք էլ, խորհրդավոր ձայնով դարձավ Մոմճյանը խմբագրին և աչքերը շարունակ նրա վրա սևեռած՝ ձեռքը տարավ դեպի ծոցը և այնտեղից մի ծալած թուղթ հանելով բացավ և գրած երեսը դեպի խմբագիրն ուղղելով՝ կոշտ ձայնով ասաց, կարդացե՛ք, եթե ծանոթ չեք սրա բովանդակության հետ։
Խմբագիրը դժգոհությամբ աչքերը խոնարհեց և սկսեց առջևը դրած թղթի վրա նկարած թռչունի պոչը մատիտով սևացնել։
Մոմճյանը կարծես հաղթանակ տարած՝ աչքերը շրջեց դեպի օրիորդները, հպարտությամբ ժպտաց և թուղթը ծալելով դրավ ծոցի մեջ։
Մովսիսյանը, որ խիստ հետաքրքրությամբ նայում էր այդ խորհրդավոր տեսարանին, Մոմճյանի մնջակատակի նշանակությունը հասկանալով, և նրա հեգնական ժպիտը տեսնելով կատաղելու չափ վրդովվեց։
Եվ դուք, պարոն, ձեզ կրթված և ազատամիտ մարդ եք համարում, հա՞, վրդովված դարձավ նա Մոմճյանին։
Ի՞նչ է պատահել ձեզ, պարոն, դուք այսօր ավելի քան կոպիտ և անքաղաքավարի եք, նկատեց վերջինս:
Կրկնում եմ, դուք ոչ կրթված եք և ոչ ազատամիտ, դուք արգելում եք ձեր ընկերին յուր կարծիքը հայտնելու, որովհետև այդ կարծիքն ընդդեմ է ձեզ։
Պարոն, զգույշ կացեք. մենք ձեզ իրավունք չենք տվել մեր ներքին գործերի մեջ խառնվելու, որոտալով բացականչեց Մոմճյանը և ձեռքը զարկեց սեղանին այնպես ամուր, որ նրա վրա դրված թանաքամանից թանաքի ցայտերը թռան մոխրագույն սփռոցի վրա։
Եթե բանը գոռալուն գա, այնպես կգոռամ, որ ձեր ականջները կխլանան, գոչեց Մովսիսյանը և տեղից բարձրացավ։
Ի սեր աստուծո, պ. Մովսիսյան...
Հանգստացեք. պ. Մոմճյանց...
Եղբայր, կռվելու ի՞նչ ունիք...
Այս ու այն կողմից խոսեցին երիտասարդներն ու օրիորդները և նրանցից մինը բռնելով Մովսիսյանի ձեռքից նստեցրեց յուր կողքին։
Ճիշտ է, պարոն, դուք մեր ներքին գործերին չպետք Է խառնվեք, դարձավ խմբագիրը Մովսիսյանին. ինձ էլ շատ մի պաշտպանեք. այնպիսի խնդիրներ կան, որ միայն ինձ և պ. Մոմճյա... ոչ, այսինքն միայն պ. Մոմճյանին և մասամբ էլ ինձ են վերաբերում...
Ցա՛ծ, ստո՛ր արարածներ, ձեր մեջ նստելն անգամ անպատվություն է... զայրացած բացականչեց Մովսիսյանը և տեղից բարձրանալով ձեռքի մատիտը շպրտեց սեղանի վրա ու դեպի դուռը դիմեց:
Վա՛, վա՛, ի՞նչ է պատահել, ո՞վ է քեֆիդ դիպել, Սարգիս ջան, երիտասարդի առաջը բռնելով խոսեց տիկիև Մարթան, որ այդ րոպեին ներս էր մտնում ժողովականների մոտ։ Արի, արի տեսնեմ. Շուշանը թեյ է բերում, արի թեյ խմիր, այդ ո՞վ է իմ սիրուն տղիս բարկացրել, ես նրա ցավը տանեմ, արի տեսնեմ...
Թողե՛ք խնդրեմ, տիկին, ինձ մի՛ խանգարեք, բարկացած խոսեց Մովսիսյանը և կամեցավ առաջ անցնել։
Վա՛, դու կարծում ես թե բաց կթողնե՞մ. արի տեսնեմ, արի, հոգիս, ո՞վ է քու քեֆին դիպել, բոլորին դուրս կանեմ, է՛յ, աղջկերք, դուք հո չե՞ք իմ տղիս նեղացրել. Շուշանիս արևը գիտենա, թե ձեզ մարդու տամ, այնպես կանեմ, որ պատռվեք, տանը մնաք...
Մենք ոչինչ չենք արել, տիկին, ոչինչ չենք արել, ճչալով խոսեցին աղջկերքը գրեթե միաբերան։
Թողե՛ք խնդրում եմ. պիտի հեռանամ, չեմ կարող մնալ, նեղացած խոսում էր Մովսիսյանը, բայց տիկ. Մարթան շարունակ աշխատում էր քարշ տալ նրան դեպի ընկերակիցները։
Այդ միջոցին ներս մտավ սենյակը օրիորդ Շուշանը թեյի սկուտեղը ձեռքին։
Հիմա էլ չեք գա՞լ, խորհրդավոր ձայնով հարցրեց Մարթան և ժպտաց։
Հիմա հո ավելի չեմ գալ, ասաց երիտասարդը բարկացած և ձեռքը Մարթայի ձեռքից խլելով դուրս գնաց սենյակից:
Ի՞նչ է պատահել, ասացեք, ի սեր աստուծո, մոտենալով ժողովականներին հարցրեց տիկ. Մարթան և նստեց նրանց մոտ:
Երիտասարդներից մինը համառոտ մի բան պատմեց տիկնոջը գոհացնելու համար։
Վերցրեք ձեր թեյը խմեցեք, ես նրան կհաշտեցնեմ. այդպես բաներ շատ է պատահել, այս առաջին անգամը չէ. մխիթարեց ժողովականներին տիկինը և թեյի բաժակները յուր ձեռքով վերցնելով բաժանեց նրանց։
Նա այնպիսի համառն է, որ էլ չի վերադառնալ, նկատեց երիտասարդներից մինը։
Չէ, նա իմ ձեռքից չի պրծնիլ, ականջից բռնած կբերեմ, պարծեցավ Մարթան։
Մի՛ նեղանաք, տիկին, շատ էլ չենք կարոտում նրան, հարեց Մոմճյանը և սկսեց յուր թեյը խառնել։
Իհարկե, չենք կարոտում, ավելացրեց խմբագիրը. միայն թե մի անհարմարություն կա...
Ի՞նչ անհարմարություն, ընդհատեց Մոմճյանը։
Այն, որ «Փնջիկ»֊ը մենք հայերեն ենք հրատարակում..
Ա՞յդ ինչ է նշանակում, հապա հայերի համար հրատարակվող թերթը թուրքերե՞ն պիտի հրատարակեիք։
Իհարկե ոչ. բայց որովհետև հայերեն ենք հրատարակում, ուստի անհրաժեշտ էր, որ մեր խմբագրության մեջ գոնե մի հատ հայագետ աշխատակից ունենայինք։ Պարոն Մովսիսյանն այդ պակասը լրացնում էր։
Չգիտեմ, խոսածներդ հասկանո՞ւմ եք, թե՞ խոսում եք միայն խոսելու համար. բարկացած, բայց քթի տակ շշնջաց Մոմճյանը։
Այսինքն, ես... իհարկե, մի քիչ պարզ չհայտնեցի իմ միտքս։ Ուզում էի ասել, որ դուք, պ. Մոմճյան, ռուսաց գիմնազիոնում միջոց եք ունեցել հայերենը լավ ուսումնասիրելու, բայց ես, խոստովանում եմ, ոչ մի տեղ կանոնավոր չեմ սովորել, թեպետ ինքս առանձին շատ պարապել եմ։ Օրինակ, «Հյուսիսափայլ»-ի բոլոր հատորները կարդացել եմ, «Բազմավեպ»-ի...
Ես էլ եմ «Հյուսիսափայլ»-ի մի հատորը կարդացել: Կարծեմ Նալբանդյանի հեղինակությունն է, այնպես չէ՞, ընդհատեց խմբագրին փոքրադեմ և փոքրահասակ օրիորդը։
Ո՛չ, Նազարյանցի, ուղղեց օրիորդի սխալը մի երիտասարդ։
Կարծեմ երկուսդ էլ սխալվում եք. «Հյուսիսափայլ»-ը մի առանձին դիրք կամ հեղինակություն չէ, այլ օրաթերթ է, խոսեց մի ուրիշը։
Ո՛չ, կարծեմ շաբաթաթերթ է, հարեց երրորդը։
Ո՛չ, ո՛չ, նա հայտնի հեղինակություն է, պնդեց խմբագիրը, ես լավ հիշում եմ, իմ կարդացածս առանձին-առանձին հատորներով էր կազմած։
Տեր աստված, այսքան էլ տգիտություն, կամացուկ շշնջաց մի լռակաց երիտասարդ, կարծելով թե ոչ ոք չլսեց իրեն, բայց Մոմճյանի ականջին հասավ այդ շշունջը.
Բարեկամներս, ասաց նա, այսօր, ես այնքան եմ հոգնել և ուղեղս այնպես է լարված, որ ոչ դատելու և ոչ դատողություններ տալու ցանկություն ունիմ. թողեք ձեր հակաճառությունը, եթե կարելի է և մի փոքր էլ զվարճախոսությամբ զբաղվեցեք: Այս խոսքերով նա կամեցավ փակել անաջող սկսած վիճաբանությունը։
Բայց «Նանա» կարդացող օրիորդը դարձյալ ընդմիջեց. այսուամենայնիվ, պ. Մոմճյան, ցանկալի էր լսել ձեր կարծիքը «Հյուսիսափայլ»֊ի մասին։
«Հյուսիսափայլ»֊ը, ինչպես պարոն խմբագիրն ասաց, մի ամսաթերթ էր, որ հրատարակվում էր Մոսկվայում Ստեփանոս Նազարյանցի խմբագրությամբ։
Պ. խմբագիրն այդպես չասաց, ճչալով նկատեց փոքրադեմ և փոքրահասակ օրիորդը։
Չգիտեմ, կարծեմ ես այնպես լսեցի։
Այսինքն ես... այո՛, սխալվեցա. իմ խոսքն, իսկապես, «Բազմավեպ»֊ի մասին էր. բայց երևի սխալմամբ «Հյուսիսափայլ» ասացի, արդարացրեց իրեն խմբագիրը:
«Բազմավեպ»-ի մասին... ի՞նչ բան է «Բազմավեպ»֊ը, հետաքրքրությամբ հարցրեց ճչող օրիորդը։
«Բազմավեպ»֊ը...
Ի սեր աստուծո, վերջ տվեք այդ անօգուտ խոսակցությանը, ընդհատեց Մոմճյանը խմբագրին՝ վախենալով թե գուցե նա նորեն մի անհեթեթ, խոսք ասե։ Եվ որպեսզի զբաղեցնե ժողովականներին, նա դարձյալ յուր առաջարկած խնդիրն առաջ բերավ։
Իմ առաջարկության վերաբերմամբ, պարոններ, դուք ձեր կարծիքը չհայտնեցիք, ասաց նա։
Մովսիսյանը, ինչպես տեսաք հակառակ կարծիք հայտնեց, իսկ դո՞ւք ինչ եք ասում։
Ո՞ր առաջարկության վերաբերմամբ, հարցրեց երիտասարդներից մինը։
Ա՛յն, որ ասացի թե՝ հզոր կուսակցություն ստեղծելու համար ամբոխին պիտի դիմենք:
Ա՛յո, հիշում եմ. բայց առաջ ասացեք թե մեր ինչի՞ն է պետք հզոր կուսակցությունը:
Ո՛չ, առաջ բացատրեցեք թե ի՞նչ բան է հզոր կուսակցությունը, ընդհատեց փոքրադեմ օրիորդը։
Հզոր կուսակցություն, հարգելի օրիորդ, կնշանակե ունենալ քաղաքի մեջ հավատարիմ բարեկամների այնպիսի մի բազմություն, որը քեզ հետ համամիտ և համակարծիք լինի ամեն դեպքում։ Այսինքն եթե դու ասես, որ մածունը սև է, նա էլ քեզ հետ միասին գոչե թե՝ այո՛, սև է. եթե ասես, որ մուրը սպիտակ է, նա էլ վկայե թե՝ այո՛, սպիտակ է։ Իսկ թե մեր ինչի՞ն է պետք այդ տեսակ կուսակցությունը, բացատրեմ, երևակայեցեք, որ դուք, պարոն ուսանող, ավարտել եք ձեր ուսումը և իբրև բժիշկ վերադարձել եք այստեղ։ Դուք նոր եք. ծանոթ ու բարեկամ չունիք, բայց դուք պատկանում եք մեր կուսակցությանը։ Եվ ահա՛ մենք մեր բոլոր բարեկամներին առաջարկում ենք, որ հարկավոր դեպքում ձեզ դիմեն իբրև բժշկի և ոչ թե մի ուրիշին, և նրանք այո առաջարկությունը հարգում են։ Ահա՛ ձեզ կուսակցություն ունենալու օգուտը։ Այժմ ուրիշ օրինակ։ Ենթադրենք, որ դուք, հարգելի օրիորդ, ավարտել եք գիմնազիոնը և կամենում եք հայոց այս ինչ դպրոցում պաշտոն ունենալ։ Բայց այդ դպրոցի հոգաբարձուները ձեզ բարեկամ չլինելով, շեն էլ ընդունում ձեզ։ Եվ ահա՛ նրանց պաշտոնավարության ժամանակը լրանում է և նոր ընտրություններ պիտի կատարվին։ Իսկույն մեր կուսակցությունը խռնվում է եկեղեցին, ձեռք առնում ընտրությունը և հոգաբարձուներ է ընտրում այնպիսի մարդկանց, որոնք թե՛ ձեզ են պաշտոն տալիս և թե ձեր բարեկամին, որովհետև դուք էլ, բարեկամն էլ մեր կուսակցությանն ենք պատկանում։ Ահա ձեզ մի ուրիշ օգուտ։
Դարձյալ մի օրինակ։ Ձեզ հայտնի է, որ մենք ընկերություններ ունինք, որոնք հազարներ են ստանում ու բաժանում։ Ո՞ւմ ձեռքով են անցնում այդ փողերը. իհարկե վարչությունների, բայց որո՛նց և ի՞նչ գործերի համար են վճարում այդ փողերը, մեզ հայտնի չէ։ Իսկ եթե վարչություններ ընտրելու ժամանակ մեր հզոր կուսակցությունը մտնե ընդհանուր ժողովի դահլիճը և ձայների մեծամասնությամբ ընտրե վարչության անդամ ա՛յն մարդկանց, որոնց մենք են կամենում, հարկավ, մի գեղեցիկ օր այդ ընկերություններն իրենց դրամագլուխներով ու եկամուտներով մեր ձեռքում կլինին և մենք այդ եկամուտները կծախսենք այնպես, ինչպես որ արժանավոր կդատենք... Ահա ձեզ մի երրորդ օգուտ։ Այսպես ես կարող էի դեռ ուրիշ շատ փաստեր առաջ բերել, բայց հիշածներս արդեն բավական են իմ առաջարկության օրինավորությունը հաստատելու համար։
Հիանալի միտք, հրաշալի միտք, բացականչեց խմբագիրը և ձեռքերը բարձրացնելով կամենում էր ծափահարել, բայց Մոմճյանը խանգարեց նրան։
Թույլ տվեք, որ մյուս ժողովականներն էլ իրենց կարծիքը հայտնեն, գուցե նրանք իմ հայտնած մտքի հետ համաձայն չեն։
Համաձայն ենք, համաձայն ենք. գոչեցին ժողովականները գրեթե միաբերան։
Եթե համաձայն եք, ուրեմն մեզ մնում է խմբագրել մի հրահանգ, որով ամեն մեկս պիտի առաջնորդվենք ամբոխի մեջ գործելու համար։
Այո՛, այո՛, այդպիսի հրահանգ պետք է խմբագրեր: Ահա՛ թուղթ, ահա գրիչ. բայց կամենում եք մատիտո՞վ գրել, հարցրեց խմբագիրը Մոմճյանին: Ոչ. այդ հրահանգը ես առանձին տանը կպատրաստեմ և կառաջարկեմ առաջիկա խմբագրական ժողովի քննության։
Այո՛, այո՛, այդպես ավելի լավ է. այնպես չէ՞, պարոններ, հարցրեց խմբագիրը։
Այո՛, այդ հարցիդ հրահանգը պ. Մոմճյանը կարող է առանձին պատրաստել, իսկ մենք ապագա ժողովում կքննենք նրան, հայտնեց յուր համաձայնությունը փոքրադեմ օրիորդը և ժողովականները միացան նրա հետ։
Որովհետև էլ ուրիշ առաջարկություն անող չեղավ, ուստի ժողովականները մի փոքր էլ տիկ. Մարթայի կատակները լսեցին և ապա ցրվեցան։
Երբ Շաշյանն ու Մոմճյանը միայնակ մնացին, վերջինս ծանր նկատողություններ արավ Շաշյանին նրա անտեղի միջամտությունների համար։
Ձեզ հազար անգամ ասել եմ, որ այս հիմարների մոտ ոչինչ չխոսաք, կարծիքներ չհայտնեք և մանավանդ իմ ասածներին չհակառակեք:
Դուք, ընդհակառակը, ամեն հարցերի մեջ մտնում, ամեն խնդիրներում խառնվում եք։ Այդ դեռ բավական չէ, դուք ինձ հակառակում եք այս հիմարների մոտ և նրանց էլ առիթ տալիս իրենց չվերաբերյալ հարցերին խառնվելու: Մի՞թե չգիտեք, որ դրանք միայն մի պարտավորություն ունին այստեղ կատարելու, այն է՝ լսել ինձ և շարունակել լսել:
Իսկ եթե կամենան որևէ կարծի՞ք հայտնել։
Դրան էլ ես կպատասխանեմ, դուք խառնվելու գործ չունիք։
Է՛հ, լավ, մի՛ նեղանաք, եթե սխալ բան էլ խոսած լինիմ, նրանք չէին հասկանալ։ Այսուհետև կաշխատեմ զգույշ լինել։ Դուք այս ասացեք, թե ի՞նչ պիտի անենք, եթե Մովսիսյանն այսօրվա դեպքից հետո թողնե մեր խմբագրությունը։ Արդյոք չպե՞տք է աշխատեմ հաշտեցնել նրան։
Բնավ։ Մովսիսյանի նման հակառակասեր մարդը մեզ հարկավոր չէ. ես նրանից ավելի հմուտ մարդ ունիմ պատրաստ։ Apropos, այսօր այստեղ մի նոր երիտասարդ չէ՞ հարցրել ինձ:
Ոչ. ո՞վ պիտի հարցներ։
Մի նորեկ, որ Չաչանակի հետ պիտի գար։
Ոչ ոքի չեմ տեսել։
Ուրեմն վաղը կգա. եթե ես այստեղ չլինիմ, աշխատեցեք պատվով ընդունել, և սպասել մինչև իմ գալը, ասաց Մոմճյանը և գդակն առնելով դուրս գնաց։
Խմբագիրը մինչև սանդուղքը ճանապարհ դրավ նրան և ապա վերադառնալով սկսեց ճեմել սենյակում և անհոգությամբ սուլել ու երգել։
Ը
«ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴԸ»
Հետևյալ առավոտ խմբագիր Շաշյանը մեծ մտատանջության մեջ էր մի նամակի պատճառով, որը հենց նոր էր ստացել մի պատահական թղթակցից. Ամբողջ կես ժամ սենյակի մեջտեղը կանգնած մտածում էր թե արդյոք դիմե՞ Մովսիսյանի օգնությանը, թե՞ Մոմճյանի հրամանը կատարե:
Խնդիրն ա՛յն էր, որ ստացված նամակը շատ հետաքրրքիր տեղեկություններ էր պարունակում յուր մեջ և անհրաժեշտ էր իսկույն ևեթ ուղարկել տպարան, բայց նա գրված էր անգրագետ լեզվով և, ըստ երևույթին, շատ տառասխալներ էր պարունակում յուր մեջ։ Վերջին հանգամանքը գուշակեց պ. խմբագիրը նրանից, որ նամակագիրը յուր գրության հենց աոաջին տողում երեք հայտնի տառասխալներ էր գրել, այսինքն «մեծապատիվ խմբագիր» գրելու տեղ գրել էր «մեծաբատիվ խմպակիր»։ Իսկ թե այդ բառերն, ինչպե՞ս Հին գրվում, պ. խմբագիրը լավ գիտեր, որովհետև սովորել էր արդեն և մինչև անգամ ինքը կարող էր ուղղել, բայց խնդիրը դրանով չէր վերջանում, նամակի մեջ կային և այնպիսի բառեր, որոնց բուն սխալները պ. խմբագիրը գտնել կամ ուղղել չէր կարող։ Իսկ առանց ուղղելու անկարելի էր։ Նա մնացել էր շվարած։
«Արի՛ այս անգամ Մոմճյանի պատվերն անուշադիր թողնեմ և դիմեմ Մովսիսյանին. գործն իմ թերթին է վերաբերում և ոչ թե Մոմճյանին», մտածեց ինքն իրեն խմբագիրը և նամակը վերցնելով մտավ Մովսիսյանի սենյակը։
Ի՞նչ եք կամենում, հարցրեց վերջինս կոշտ ձայնով։
Ա՞յդ ինչ ընդունելություն է: Մի՞թե երևակայում եք, որ արդեն խռովել եք մեզանից, նկատեց Շաշյանը։
Ինչ որ երևակայում եմ, այդ իմ գործն է. ի՞նչ եք կամենում, աս՛ացեք։
Հաշտվենք, բարեկամ, հաշտվենք, հակառակությունը լավ բան չէ։
Հանգիստ թողեցեք ինձ, խնդրեմ։
Հաշտվենք, ասում եմ։
Այդ ես լսեցի, ուրիշ ի՞նչ ունիք ասելու։
Մի նամակ կա։
Ի՞մ հասցեին..։
Ոչ, խմբագրությանն ուղղված։
Ինձ ի՞նչ․ այսօրվանից ես ձեր խմբագրության ոչ աշխատակից եմ և ոչ բարեկամ։
Այդ ես գիտեմ։
Ուրեմն ի՞նչ եք կամենում։
Նամակը, երևակայեցեք, շատ անգրագետ լեզվով է գրած և տառասխալներով լիքն է։
Ինձ ի՞նչ:
Կամենում էի խնդրել, որ ուղղեք...
Հա՛, հա՛, հա՛, հա՛, կամենում էիք խնդրել, հա՛, հա՛, հա՛, հա՛... պ. խմբագիրը կամենում է խնդրել, որ ուղղեմ... հա՛, հա՛, հա՛...
Ի՞նչ եք ծիծաղում, պարոն, ես ձեզանից վիրավորանք ստանալու համար չմտա այստեղ։ Ես չեմ վիրավորում, ես ծիծաղում հմա մի՞թե իրավունք չունիմ:
Ոչ... ինձ վրա ծիծաղելու իրավունք չունիք:
Ինչպե՞ս, իմ սենյակում ծիծաղելու իրավունք չունի՞մ...
Դուք ինձ վրա եք ծիծաղում։
Ուրեմն դուրս գնացեք այստեղից, ես կամենում եմ իմ ծիծաղը շարունակել, հա՛, հա՛, հա՛, հա ...
Դուք մի ծաղրածու եք, պարոն, բացականչեց Շաշյանը բարկացած և դուրս գնաց։
Իսկ դուք կատարյալ խմբագիր եք, հարեց Մովսիսյանը և յուր ծիծաղը շարունակեց։
Շաշյանը վերադառնալով յուր սենյակը, ձգեց սեղանի վրա դժբախտ նամակը և նստելով բազկաթոռի մեջ՝ ձեռքը դրավ ճակատին և սկսավ մտածել։
Հենց այդ միջոցին դուռը բացվեց և ներս մտավ չաչանակ Սերգոն պ. Սարյանի հետ:
Աբա, տես թե քիզ համա ինչ բարեկամ իմ բերի, տեսնիմ թե ի՞նչ պտիս բախշի ինձ. այս խոսքերով մոտեցավ Չաչանակը պ. Շաշյանին և ողջունելով նրան, ավելացրեց. ձեր օլքցի է, ա՛յ. կուլի վուր ճանչնաս:
Վա, Վահան. այս որտեղի՞ց. բարով, հազար բարով, տեսնելով Սարյանին բացականչեց հանկարծ խբագիրը և ուրախությամբ առաջ վազելով գրկեց նրան և համբուրվեց։
Բարով, բարեկամ, բարով, մի՞թե դուք էլ այստեղ եք. չէի սպասում։
Այստեղ եմ, այստեղ եմ ձեր բարի աղոթքով. դուք այն ասացեք, ե՞րբ եկաք, ինչպե՞ս պատահեց, ի՞նչ գոծով, ի՞նչ դիտավորությամբ։
Սարյանը Շաշյանի հետաքրքրությունը գոհացնելու համար մի քանի համառոտ տեղեկություններ տվավ նրան և ապա հարցրեց.
Որտե՞ղ է պ. Մոմճյանը, կամենում էի նրան տեսնել։
Մոմճյա՞նը. մի՞թե դուք ծանոթ եք նրա հետ։ Վա, վունց չէ, էն օրը չայխանում մետի չէի՞ն, խոմյիս ծանոթեցրի դրանց։
Դո՞ւ։
Մա՛շ...
Դո՞ւ որտեղից էիր ճանաչում պ. Սարյանին։
Աբա քիզմեն չի՞մ արմնում։ Սերգո Զարբաբովն ո՞ւմ հիդ չէ ծանոթ, ես սաղ աշխարքի հիդ էլ ծանոթ իմ. դիփունանց էլ կու ճանչնամ։
Այդ գիտեմ, բայց իմ հայրենակցի հետ ինչպե՞ս կարող էիր ծանոթ լինել,
Վա, ակի ասի ձիր քաղքումն էլիլ իմ։
Ե՞րբ ասացիր տո՛։
Մաշ չասի՞... չէ, չէ, յանղլիշ իմ, քիզ չէ, կուբախշիս. քիզ չէ, պ. Սարյանին ասի։
Չեմ հասկանում, ուրեմն մե՞ր քաղաքումն ես Վահանի հետ ծանոթացել։
Վա, էդ վո՞ւնց կուլեր, հեր օխնած. յիս սրամեն քսան ան քսանհինգ տարի առաջ իմ էլի ձիր քաղքումը, էն վախտը ձեր Վահանը իրա մոր փորումը կուլեր։
Բաս ե՞րբ էս ծանոթացել, ա՛յ մարդ։
Մեկել օրը, տո, էստի, միր քաղաքումը, Սանդրոյի չայխանումը։
Դե այդպես աս՛ա, է՜։
Վա', բաս էտենց չասի՞։
Լա՛վ, լա՛վ, քեզ չի կարելի հասկանալ, թող մի բարեկամիս քեֆը հարցնեմ։ Ինչպե՞ս ես, Վահան ջան, մի ասա, է՜, որքա՜ն ժամանակ է քեզ չեմ տեսել։
Դեհ, հիմի կի դուք խոսեցեք, յիս կեհամ իմ գուրձին։
Գնա, Սերգո ջան, գնա՛․ շնորհակալ եմ, որ բարեկամիս բերել ես։
Դատարկ շնորհակալութինն ի՞նչ կոնիմ. ճաշի վրա պիտիս մեձրի։
Անպատճառ, անպատճառ։
Մաշ գնամ քացախ խմիմ, վուր իշտահս բաց ըլի, ասաց Սերգոն ծիծաղելով և դուրս գնաց։ Հա՛, դե ասա, է՛, Վահան ջան. ինչպե՞ս ես Թիֆլիսը հավանում։
Ամենից առաջ դու իմ տարակուսանքս փարատիր, ոչինչ չեմ հասկանում...
Ինչ տարակուսանք, ի՞նչ չես հասկանում։
Սա քո բնակարա՞նն է, թե՚ «Փնջիկ»֊ի խմբագրատունը։
Իմ բնակարանն է, և միևնույն ժամանակ «Փնջիկ»-ի խմբագրատունը։
Բայց ինչպե՞ս, դու քո բնակարանը վարձո՞վ ես տվել այդ խմբագրությանը։
Ինչպե՛ս թե վարձով. խմբագրությունն իմը չէ', «Փնջիկ»-ի խմբագիրը ես չե՞մ։
Ինչպե՛ս թե խմբագիրը դու ես, հարցրեց Սարյանը կատարյալ զարմանքով։
Վա, այ մարդ, աշխարհում չե՞ս ապրում. թերթի վրա իմ անունը չե՞ս կարդացել։
Այո՛, կարդացել եմ «խմբագիր ու հրատարակիչ Մանուկ Շաշյան», բայց միշտ էլ կարծել եմ, որ դա մի ուրիշ Շաշյան է, և ոչ թե դու։
Ինչո՞ւ։
Որովհետև ես չէի կարող երևակայել, թե դու երբեվիցե հայոց թերթի խմբագիր կդառնաս և այն էլ Թիֆլիսում։
Է՜, բարեկամ, հենց Թիֆլիսումն է, որ ամեն բան կարող ես դառնալ՝ և՛ խմբագիր, և՛ գրող, և՛ վիպասան, և՛ տեսուչ, և՛ վարժապետ...
Առանց ուրեմն այդ բոլորի համար պատրաստվա՛ծ լինելու։
Իհարկե, իհարկե։
Շատ հետաքրքրական նորություններ ես հաղորդում. ուրեմն ամենից առաջ պատմիր տեսնեմ, թե ի՞նչ ձևով խմբագիր դարձար։
Իսկույն, սիրելիս, իսկույն, բայց առաջ մի նեղություն տամ քեզ։ Այս նամակը շուտով տպարան պիտի ուղարկվի, բայց նա անգրագետ լեզվով է գրված. նեղություն կրիր մի կարդա՛, տառասխալներն ու անկանոնություններն ուղղիր, մինչև որ ես էլ ուրիշ գործ ունիմ՝ նա վերջացնեմ հետո ամեն ինչ մանրամասն կպատմեմ։
Ուրախությամբ, տվեք տեսնեմ ինչ նամակ է այդ: Պ. խմբագիրն ընթերցողներին հայտնի թղթակցությունը տվավ Վահանին, իսկ ինքը սեղանի մյուս կողմն անցնելով, սկսավ մի ինչ-որ թուղթ խազմզել, ցույց տալու համար թե խիստ կարևոր բան է գրում։
Երիտասարդ Սարյանը սկսեց կարդալ թղթակցությունը և հետզհետե ուղղել թե՛ տառասխալները, թե՛ լեզվի անկանոն դարձվածները։
Քանի դեռ երկու ծանոթները զբաղված են խմբագրական աշխատությամբ, մենք կարող ենք ծանոթացնել մեր ընթերցողներին պ. Մանուկ Շաշյանի անձնավորության և նրա ոչ շատ նշանավոր անցյալի հետ։ Այս ծանոթությունը գուցե փարատե մեր ընթերցողների այս տարօրինակ խմբագրի վերաբերմամբ ունեցած տարակուսանքը։
Պ. Մանուկ Շաշյանը ծնվել է նույն քաղաքում, որտեղ և Վահան Սարյանը։ Սկզբնական ուսումն ու կրթությունը ստացել է տեղական քահանաներից մեկի՝ մասնավոր ուսումնարանում։ Հետո մտել է քաղաքային դպրոցը, ուր սովորել է երկու տարի։ Համոզված լինելով, որ իրեն նման ընդունակ երիտասարդները դպրոցներում երկար չեն դեգերում, այլ առաջ գնալու համար շտապում են կյանքի մեջ մտնել, նա երկրորդ դասատան քննությունը տալուց ետ թողել է քաղաքային դպրոցը:
Այդ ժամանակ հայոց թեմական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ էր և վարժապետական ընտիր խումբ ունենալով հսկայաքայլ հառաջադիմում էր:
Մանուկը մեկ որոշեց մտնել հայոց դպրոցն ուսումը շարունակելու, բայց մտածելով, որ հայերեն չիմանալու պատճառով առաջին դասարանում պիտի ընդունվել (որպիսի հանգամանքը, հարկավ, կվիրավորեր յուր ինքնասիրությունը), նա թողեց այդ դիտավորությունը։ Բայց որպեսզի իսպառ զուրկ չմնա հայերեն լեզվի գիտությունից, նա գեղեցիկ միտք հղացավ. այն է՝ ծանոթանալ հայոց դպրոցի վարժապետների հետ և շարունակ հարաբերության մեջ գտնվել նրանց հետ։ Եվ որովհետև նա ի բնե քաշվելու և ակնածելու սովորություն չուներ, ուստի կարիք էլ չունեցավ մի բարեկամի, որ ծանոթացներ իրեն այդ ուսուցիչների հետ:
Չէ՞ որ նրանք ամեն տեղ էլ հասարակաց բարեկամներ են։ Շաշյանն ամենին էլ զատ-զատ այցելեց և բոլորի հետ բարեկամացավ։ Այնուհետև նա հայոց ուսուցչական խմբի անհրաժեշտ արբանյակը դարձավ։ Եվ որովհետև այդ ուսուցիչները բոլորն էլ գրեթե օտարականներ էին, ուստի Մանուկը շատ բաներում օգնում էր նրանց։
Այսպես, օրինակ, եթե մեկը ծառա չէր ունենում, նա նրա համար գտնում էր. եթե ծառան շուտ չէր ճարվում, ինքը մի քանի օր բանը յոլա էր տանում՝ գնելով վարժապետի, համար հաց, միս, գինի և այլն։ Շատ անգամ էլ մի թեթև խորոված էր անում կամ մի ձվածեղ պատրաստում (իհարկե ընկերաբար)։ Եթե հարկավոր էր լինում վարժապետի համար հագուստ, կոշիկ կամ մի ուրիշ բան պատվիրել, նա իսկույն գնում էր հրավիրելու քաղաքի ամենալավ դերձակին կամ կոշկակարին։ Եթե վարժապետները ցանկանում էիե մի օր ձի նստել և քաղաքի շրջականերում զբոսնել, նա վազում ու բոլորի համար ձիաներ էր վարձում. եթե կամենում էին մոտակա աղբյուրներում քեֆ անել, նա ամեն ինչ վաղ առավոտվանից պատրաստում էր և աղբյուրի հովանավոր ծառերի տակ սպասում վարժապետներին։
Պ. Շաշյանը մեծ ծառայություններ էր անում ուսուցչական խմբին մանավանդ, եթե վերջինս երբևիցե մտածում էր մի գրական երեկույթ կամ ներկայացում հաջողեցնելու վրա։ Այդպիսի Ժամանակ Շաշյանի եռանդը կրկնապատկվում էր։ Նա վազում էր աջ ու ձախ, պատվերներ տալիս, պատվերներ էր ընդունում, հանձնարարություններ էր կատարում, անարգել և առանց քաշվելու մտնում էր ինչպես ծանոթի, նույնպես և անծանոթի տունը, ժամերով այս ու այն խանութի առաջ կանգնած խոսում, խնդրում, թախանձում էր և ամենքին անխտիր տոմսակ էր վաճառում։ Շատ տեղերից նրան վռնդում էին, շատերը կռվում էին հետը և կամ հանդիմանում նրան, բայց նա այդ բաներից ոչ վրրդովվում և ոչ հուսահատվում էր, այլ սկսածը տոկունությամբ շարունակելով՝ երեկոյան վերադառնում էր ուսուցիչների մոտ՝ վաճառած տոմսակների գինը նրանց հանձնելու և ուսուցիչների գովության ու խրախուսանքին արժանանալու: Երբ տոմսակներն արդեն վաճառված վերջացած էին լինում, Շաշյանը հանձնարարում էր ծառաներից մեկին հայտարարությունների կույտը և նրա հետ միասին շրջելով քաղաքի փողոցները կամ շուկան, թե՛ բաժանում էր թերթերն անցորդներին և թե՛ յուր ձեռքով կպցնում էր պատերի վրա։
Եթե վարժապետները երբևիցե նկատում էին, որ պ. Շաշյանը շատ է ինքն իրեն նեղություն տալիս, և խնդրում էին, որ նա մի քիչ հանգստանա, նա իսկույն կրկնում էր յուր նախկին վարժապետ տեր-Օսեփից սովորած խոսքը թե՝ «Երբ գերեզմանում պառկենք, այն ժամանակ կհանգստանանք» և հետո իսկույն էլ ավելացնում էր դպրանոցի տեսչից լսած խոսքը թե՝ «Ազգային գործի համար նեղություն կրելն ինքնըստինքյան հանգստություն է»:
Շաշյանի այս բոլոր ծառայություններն արժանապես գնահատելու և նրան բարոյապես վարձատրելու համար՝ ուսուցիչներից ամենախորամանկը և զվարճախոսը նրա անունը դրավ «անհրաժեշտ մարդ»:
Չնայելով այս բոլորին, ուսուցիչներն առերես էին պատվում այդ «անհրաժեշ մարդուն». նրանք նրան գովում ու փառաբանում էին, երբ իրենց խմբի մեջ էր գտնվում, բայց հենց որ հեռանում էր մի որևէ ծառայություն կատարելու, իսկույն սկսում էին ծաղրել նրան, իսկ խորամանկ վարժապետը խեղճ Շաշյանի խոսելու ու շարժվելու ձևերը ներկայացնելով՝ ընկերներին ծիծաղից թուլացնում էր:
Ուսուցչական խմբի այս երկդիմի վարմունքը նկատում էին նաև բարձր դասատան աշակերտները և իրենք էլ իրենց կողմից ծաղրում էին խեղճ Շաշյանին։ Բայց նա ոչ միայն այդ բաները չէր տեսնում, այլև «անհրաժեշտ մարդ» տիտղոսին արժանանալուց ետ՝ սկսել էր ավելի հարգել ու սիրել այդ ծաղրող մարդկանց։
Եվ որովհետև նա ամենից ավելի հավատում էր խորամանկ վարժապետին, ուստի մի անգամ լսելով նրանից, որ ինքը մեծ մարդ կարող է դառնալ եթե գնա Թիֆլիս, առանց Ժամանակ կորցնելու պատրաստվեց, անցագիր առավ և մի գեղեցիկ օր ուղղվեցավ դեպի Վրաստանի մայրաքաղաքն' այդտեղի մեծ մարդկանց շարքը մտնելու համար։
Խորամանկ վարժապետը շատ վշտացավ, որ յուր անխորհուրդ կատակի շնորհիվ զրկեց թե՛ իրեն և թե յուր ընկերներին «անհրաժեշտ մարդու» շնորհալի արբանեկությունից, բայց բանը բանից անցած էր. «անհրաժեշտ մարդուն» այլևս անկարելի էր վերադարձնել։
Թե այնուհետև ի՞նչ արավ Թիֆլիսում մեր «անհրաժեշտ մարդը», որ հայոց մեծապատիվ խմբագիրների կարգն անցավ, այդ մասին կարող է պատմել մեզ ինքը պ. Շաշյանը, որ Վահանի ձեռքով ուղղած նամակը տպարան ուղարկելով, այժմ նստել է նրա կողքին և կամենում է հայրենակցի հետաքրքրությունը գոհացնել։
Դու ինձ հարցնում էիր, սիրելիս, թե ի՞նչ ձևով ես խմբագիր դարձա։ Այդ պատմությունը շատ էլ հետաքրքրական չէ, բայց ես կպատմեմ։
Նախ և առաջ պիտի ասեմ, որ խմբագիր դառնալու համար, որքան իմ փորձից կարող եմ դատել, մեծ դժվարություններ չկան։ Սխալ է այն կարծիքը թե՝ դրա համար առանձին պատրաստություններ են հարկավոր, թե խմբագիր եղող մարդը պետք է անպատճառ բարձր կրթության տեր լինի, լուրջ և բազմակողմանի զարգացումն ունենա և այլն, և այլն։ Ապացույցն ահա՛ ես. դրանցից և ոչ մեկն ունիմ, բայց և այնպես խմբագիր եմ։ Ո՞վ կարող է հերքել կենդանի իրողությունը։ Հիշածս պատրաստությունները կարող են հարկավորվել, այո՛, մի գրողի, մի վիպասանի, դպրանոցի մի տեսչի, առևտրական տան մի կառավարչի և այլն։ Իսկ խրմրագրին, մանավանդ հայոց խմբագրին, միայն երկու բան է հարկավոր՝ նախ ճարպկություն և ապա փող. այդ երկուսն այնպիսի զենքեր են, որոնցով կարելի է մտնել հրապարակախոսական ասպարեզ ամենայն համարձակությամբ։
Դու կարծեմ քո կարծիքների մեջ չափազանցության ես հասնում, բարեկամ, եթե խմբագիր լինելու համար հիշածդ պատրաստությունները չհարկավորվեին, խմբագիրներն այսքան մեծ պատիվ ու հարգանք չէին վայելիլ: Չեմ չափազանցնում, սիրելիս, կապրես Թիֆլիսում և կտեսնես։
Բայց դու, որքան ինձ հայտնի է, ո՜չ փող ունեիր և ո՛չ ճարպկություն։
Փող արդարև չունեի, բայց ճարպկություն ինչո՞ւ չէ. դա խո այնպիսի ընդունակություն չէ, որ մարդու ճակատի վրա լինի նկարված։ Այսուամենայնիվ իմ խմբագիր դառնալուն այնքան իմ ճարպկությունը չօգնեց, որքան պատահականությունը։
Պատահականությո՞ւնը... ուրեմն պատահականությո՞ւնն էլ է դեր խաղում խմբագիր դառնալու գործում։
Օ, և ինչպես պատահականությունը չէ՞ որ մեր խմբագիրներից շատերին խմբագիր է դարձրել։ Նրանցից մեկը, օրինակ, բարձր ուսում է ստացել և վերադարձել հայրենիք, որ պետական ծառայության մեջ մտնի, սակայն յուր անշնորհքության պատճառով ամեն հասարակություններեց մերժվելով՝ ճարահատյալ սկսել է լրագիր հրատարակել: Մի ուրիշը հայոց դպրոցից կամ ճեմարանից վռնդվելով՝ եկել է Թիֆլիս գործ կամ պաշտոն գտնելու, բայց երբ նրան հասարակ գործակատարի պաշտոն էլ մերժել են, սկսել է լրագիր հրատարակել։ Մի երրորդը դիցուք փաստաբան է եղել, բայց որովհետև յուր անհավատարմության և գործ դրած խարդախությունների շնորհիվ համարումից ընկել և դատարանից հեռացվել է, սկսել է լրագիր հրատարակել. այսպես իմա և շատերին։
Այդ շատ ցավալի է։
Ցավալի՞ ի՞նչ կա այստեղ ցավալի, լրագիր հրատապակելը ցավալի՞ բան է։
Ոչ. ցավալի է ա՛յն, որ լրագիր հրատարակում այնպիսի մարդիկ, որոնց դու այս րոպեիս թվեցիր։
Այդտեղ ցավալի ոչինչ չկա. մարդիկ մի գործով պետք է պտրապեին, մի բանով պետք է կերակրվեին, և ահա՜ նրանք լրագիր են հրատարակում։ Դրանով ո՞ւմ ինչ վնաս։
Ոչ ոքին... խնդրեմ պատմությունդ շարունակիր։
Հա, որտե՞ղ մնացի։ Այնտեղ, որ ասացիր թե՝ իմ խմբագիր դառնալուն ոչ թե ճարպկությունը, այլ պատահականությունն օգնեց;
Հա, այդ էի ասումու; Այժմ լսիր: Գուցե իմացած լինիս, որ ես Թիֆլիս եկա ձեր զվարճախոս, բայց իրոք խելոք, վարժապետի խորհրդով։ Չես կարող երևակայել, թե քանի՜ քանի՜ անգամ ես օրհնել եմ այն րոպեն, երբ վարժապետն ինձ ասաց թե' «Մանուկ, գնա՛ Թիֆլիս. դու հասարակ մարդ չես և կարող ես պիտանի լինել ազգին»։ Եթե խորհրդապահ լինիս, Վահան, ես քեզ կասեմ, որ նա այդ ժամանակ մի ուրիշ բան էլ գուշակեց. «Դու կարող ես մեծ մարդ լինել, Մանուկ...», ասաց ինձ և այժմ ես տեսնում եմ, որ այդ մարդու մեջ մարգարեական հոգի է եղել։
-Ուրեմն դու արդեն քեզ մեծ մարդկանց կարգո՞ւմն ես երևակայում, ծիծաղը զսպելով նկատեց Վահանը։
Ոչ, բայց զգում եմ, որ վաղ թե ուշ այդ մարդկանց ընկերը պիտի լինիմ։
Երջանիկ մարդ ես, Մանուկ, որ այդ հավատն ունիս քո մասին։
Հենց այս հավատն էլ պիտի ուժ տա ինձ հասնել այնտեղ, ուր որ ձգտում եմ։
Վե՞րջը:
Վերջը, սիրելիս, եկա Թիֆլիս և ծանոթացա պ. Մոմճյանի հետ: Այս պարոնը, պետք է ասեմ, շատ եռանդոտ երիտասարդ է և մեր այժմյան գործողների մեջ պատվավոր տեղ է բռնում։ Ինքը կատարելապես նվիրված է ազգային շահերին։ Ափսոս որ մի փոքր խորամանկ է. կամենում է խաղ խաղալ ինձ հետ, բայց յուր հաշվի մեջ պիտի սխալվի։
Այսինքն ի՞նչ խաղ է ուզում խաղալ. այդ ակնարկությունից բան չեմ հասկանում։
Կհասկանաս, սիրելիս, կհասկանաս. այդ մասին դեռ ժամանակ կունենանք խոսելու, առայժմ պատմությունս շարունակեմ ։
Հա՛, ա՛յն էի ասում, որ Թիֆլիս գալով պ. Մոմճյանի հետ ծանոթացա։ Այդ պատահեց բոլորովին անակնկալ կերպվով Թիֆլիս եկած օրերը բնակվում էի գավառացի մի ուսանողի հետ: Մի երեկո անսովոր տխրությունս ցրելու համար նա առաջարկեց ինձ գնալ յուր հետ մի երեկույթ, ուր հրավիրված էր ինքը։
Հակառակ սովորությանս ես ընդդիմացա՝ առարկելով որ հրավիրված չեմ: Բայց ընկերս հավատացրեց, որ դա այնպիսի երեկույթ է, որին ամեն ցանկացող երիտասարդ կամ օրիորդ կարող է մասնակցել: Այն ժամանակ, իհարկե, համաձայնվեցա: Ընկերս աոաջնորդեց ինձ այս տունը, ուր այժմ բնակվում եմ։ Այստեղ ծանոթացա մի քանի ազնիվ օրիորդների և երիտասարդների հետ, ի միջի այլոց և պ. Մոմճյանի հետ։ Երեկույթը, որ գրական հանդեսով սկսվեց և պարերով վերջացավ, խիսա հաճելի տպավորություն արավ ինձ վրա։ Այնպես որ, այդ տպավորության ներքո մի րոպե ինքս ինձ մոռանալով, բարձրաձայն հայտարարեցի թե՝ այսուհետև այս ընկերության անբաժան անդամը պիտի լինիմ։ Այս հայտարարությունն իբր կատակ ընդունեցին հյուրերը և շատ ծիծաղեցին։ Բայց իմ բացականչությունն առանձնապես դուր եկավ պ. Մոմճյանին, որը, հենց այդ րոպեից սկսած, չգիտեմ ինչ գրավիչ բան գտնելով իմ մեջ, զարմանալի բարեկամությամբ հետս կապվեցավ։ Այնուհետև գրեթե միշտ հրավիրվում էի պ. Մոմճյանի ձեռներեցությամբ այս տան մեջ կազմվող երեկույթներին և գրական հանդեսներին։ Մի օր էլ հրավիրվեցա մի ժողովի, ուր պ. Մոմճյանի նախագահությամբ բազմաթիվ օրիորդներ ու երիտասարդներ խորհրդակցում էին մի նոր հայերեն թերթ հրատարակելու համար: Այդ թերթը չի պիտի նմաներ մինչև այժմ մեր մեջ գոյություն ունեցող թերթերին։ Նա պիտի ձգտեր ժողովրդի մեջ որոշ և բարձր գաղափարներ տարածելու. գաղափարներ, որոնք մինչև այն անծանոթ էին այդ ժողովրդին, բայց որոնք նոր թերթի շնորհիվ ըմբռնելի պիտի դառնային նույնիսկ մանկահասակ երեխաներին: Այս առթիվ խոսում էր պ. Մոմճյանը. նրա արտասանած ճառն ու բերած փաստերն այն աստիճան համոզող և գրավիչ էին, որ ժողովականներս հաստատապես որոշեցինք սկսել այդ անհրաժեշտ թերթի հրատարակությունը: Ամեն ինչ պատրաստ էր: Այսինքն աշխատակիցներ կային, համակրողներ անթիվ էին, իսկ ընթերցողներ հազարավոր կունենայինք. երկու բան միայն անորոշ էր. ո՞վ պիտի լիներ խմբագիրը և ո՞վ պիտի հոգար թերթի սկզբնական ծախքերը։
Պետք է ասած, որ մեր ժողովին մասնակցող անձինքների մեջ այդ րոպեին միակ հարուստը ես էի...
Դո՞ւ. մի՞թե. այդ ես չեմ իմացել։ Չէ՞ որ այս րոպեին էլ ասացիր, որ փող չունեիր։
Այսինքն սեփական փող չունեի, բայց միևնույն է, այդ րոպեին իմ գրպանում չորս հարյուր ռուբլի կար։
Բшյց որտեղի՞ց։
Մի ամիս առաջ այրի մորաքույրս հինգ հարյուր ռուբլի էր ղրկել ինձ, որպեսզի այդ գումարով երկու վիճակահանության տոմսեր գնեմ յուր համար:
Եվ դու չէի՞ր գնել։
Ինչպե՞ս չէ. գնեցի, բայց որովհետև նա պատվիրել էր, որ այդ տոմսերը գնելուց ետ ավանդ դնեմ բանկերից մինում, ուստի ավանդ դնելու տեղ ես գրավ դրի։
Հետո՞։
Հետո գրավի փողերն ստանալով գրպանս դրի, իսկ տոմսերի գնման հաշիվը իրեն ղրկեցի։
Ի՜նչ տարօրինակ մարդ ես դու. ինչպե՞ս կարողացար խաբել մի խեղճ կնոջ, որ իբրև քեռորդու հավատացել է քեզ:
Առաջին՝ նա խեղճ չէ. լավ կարողություն ունի, իսկ ինքը ազնվական է։ Երկրորդ՝ նրա համար միևնույն է թե յուր տոմսերը բանկում ավա՞նդ են դրված, թե՞ գրավ, բավական է, որ ապահով տեղ են գտնվում։
Բայց չէ՞ որ դու նրանց արժեքն ստացել ես բանկից։
Ա՜խ, դա իմ սեփական պարտքն է. ես մի օր էլ կվերադարձնեմ նույն բանկին։
Հարցը հենց նրանում է, որ կարողանաս վերադարձնել։
Իհարկե, կվերադարձնեմ. փառավոր լրագիր եմ հրատարակում, ահագին թվով բաժանորդներ ունիմ։
Լավ. ուրեմն պատմությունդ շարունակիր։
Իսկույն, բայց որտե՞ղ մնացի, չեմ հիշում։ Ասում էիր, որ ժողովականների մեջ միակ հարուստը դու էիր։
Հա՜ իմ նյութական իսկական կարողության մասին այդ մարդիկը որոշ գաղափար չունեին։ Նույնիսկ իմ ընկերը մեծ հարուստի տեղ էր դնում ինձ, որովհետև մի քանի անգամ կարիք ունենալով իրենից պարտք վերցնելու, հավատացրել էի նրան, թե մեծ կալվածներ ունիմ և նրանց եկամուտովն եմ ապրում:
Զարմանալի է. և չէի՞ր վախենում, որ մի օր սուտդ բացվի։
Ինչպե՞ս չէ. բայց այդ կողմից իմ բախտը զարմանալի է. Հենց այն է, խայտառակվելու մոտ էի, որ մորաքրոջս հինգ հարյուր ոուբլին հասավ։ Ընկերոջս հարցին թե՝ ի՞նչ փող է ստացածս, ասացի, որ կալվածներիս ամսական եկամուտն է։
Զարմանում եմ. և ի՞նչ շահ ունեիր այդ ստախոսությունից։
Շատ անփորձ մարդ ես. չե՞ս լսել, որ ասում են թե «սուտը ճշմարտի թևերն է. եթե սուտը չլինի ճշմարիտը չի կարող թռչել»: Բայց թե ի՞նչ շահ ունեցա, այդ դու կտեսնես։
Ասացի, որ ամեն ինչ պատրաստ էր՝ միայն երկու բան մնում էր անորոշ, առաջին՝ թե ո՞վ պիտի լիներ նոր թերթի խմբագիրը և երկրորդ՝ թե ո՞վ պիտի հոգար սկզբնական ծախքերը։ Այդ հարցերը լուծելու համար ոչ ոք չէր կարողանում մի դրական առաջարկություն անել, ժողովը մնացել էր տարակուսված. հենց այդ հանդիսավոր վայրկյանին ես հարցրի. «որքա՞ն կլինին սկզբնական ծախքերը, պ. նախագահը»:
Մոտավորապես երկու հարյուր ռուբլիս. պատասխանեց Մոմճյանը։ Իսկույն ձեռքս ծոցս տարա և փողերս հանելով երկու ծիածանագույն հարյուրանոցներ դրի սեղանի վրա։ Ժողովականները մնացին ապշած և բուռն ու աղմկալից ծափահարությամբ սենյակը թնդացրին։
«Ես կարծում եմ հարցերից մեկի լուծվելով մյուսն էլ լուծվում է, խոսել սկսեց պ. Մոմճյանը. պ. Շաշյանը մեր թերթի սկզբնական ծախքը հոգալով մեզ վրա պարտավորություն է դնում բարոյապես վարձատրել նրան, այսինքն, եթե նա այդ սկզբնական ծախքի հետ միասին կկարողանա հոգալ նաև տարվա ընթացքում լինելիք հրատարակչական մնացորդ ծախքերը, որոնք իմ կարծիքով, շատ աննշան պիտի լինին, այդպիսով նա կլինի թերթի հրատարակիչը: Մի անգամ արդեն ինքը լինելով հրատարակիչը, անարդարություն է, որ խմբագիրն ուրիշը լինի: Ուրեմն համաձայնվենք, որ պ. Շաշյանը, նոր թերթի հրատարակիչ լինելով հանդերձ, լինի նաև խմբագիր։ Մենք բոլորս, իհարկե, հավասարապես կօգնենք թերթին մեր գրավոր աշխատություններով և հավասար իրավունք կունենանք նրան ուղղություն տալու գործում, բայց հրատարակչի և խմբագրի անունը կվայելե պ. Շաշյանը»։ Մոմճյանի այս առաջարկությունն ընդունվեցավ ժողովականներից ծափահարությամբ։
Մի րոպե ես մնացի շփոթված և կամենում էի անկեղծորեն խոստովանել իմ անկարողությունը և անընդունակությունը խմբագիր-հրատարակիչ լինելու վերաբերմամբ։ Բայց հանկարծ հիշելով ձեր զվարճախոս վարժապետի այն խոսքերը թե՝ «դու կարող ես մեծ մարդ լինել, Մանո'ւկ...», լռեցի և ի նշան համեստ համաձայնության, աչքերս խոնարհեցի գետին։
Այնուհետև Մոմճյանը ամեն ինչ ինքն իրեն հոգաց։
Խնդիրը գրեց, ուղարկեց, հրատարակության իրավունքն ստացավ, ես ոչ մի բանի չէի խառնվում։ Բայց չէ, ներողություն. խնդիրը ես ստորագրեցի։ Հետո մի գեղեցիկ օր մեր բարեկամներից մի քանիսը Մոմճյանի առաջնորդությամբ եկան ինձ հայտնելու, որ արդեն իմ խմբագիր-հրատարակիչ լինելու իրավունքն ստացված է և շնորհավորեցին ինձ իբրև «Փնջիկ»֊ի խմբագրին։ Դրա փոխարեն էլ ես նրանց բիսկվիտով շոկոլադ խմացրի։
Ահա՛ այս է իմ խմբագիր դառնալու համառոտ պատմությունը։
Երիտասարդ Սարյանը բոլոր ժամանակ մտախոհ աչքերով դիտում էր Շաշյանին. բոլոր այս պատմությունը լսելով նա մնացել էր զարմացած, և չգիտեր հավատա՞ր յուր խոսակցին, թե ոչ։ Ասենք թև նրա պատմածների մեջ մի հավատալի բան էլ չկար։ «Փնջիկ»֊ի վրա արդեն տպագրված էր Շաշյանի անունը և այդ փաստն ամեն տարակույս փարատում էր։ Բայց որ Մոմճյանը և նրա ընկերներն իրենց մեջ խմբագիր լինելու արժանավոր մարդ չգտնելով այդ պաշտոնը Շաշյանին էին հատկացրել, դա շատ խորհրդավոր երևույթ էր, որի էության բացատրությունն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր Սարյանին։
Այս միջոցին ներս մտավ Մոմճյանը և Սարյանին տեսնելով շատ ուրախացավ։ Դրա պատճառն այն էր, որ խմբագրության միակ հայագետ աշխատակցին վիրավորած և հեռացրած լինելով՝ նա թերթի գործը դժվար դրության մեջ էր դրել: Այժմ Սարյանը կարող էր Մովսիսյանի տեղը բռնել (որովհետև Մոմճյանը թեյարանում արդեն յուր զգայուն հոտառությամբ այդ երիտասարդի ինչ բանի պիտանի լինելն իմացած էր), և գուցե նա Մովսիսյանից մի քանի աստիճան էլ ավելի հմուտ կերպով կտաներ գործը։
Բարով, բարեկամ, մենք ձեզ երեկ էինք սպասում, ողջունելով երիտասարդին, ասաց Մոմճյանը:
Ուշանալու պատճառն իմ առաջնորդն էր. նա այսօր միայն եկավ ինձ բերելու։
Այո՛, այո՛, հանցանքն իսկապես իմն է. մի փոքրիկ ընտրություն ունինք, որի առթիվ երեկ գործ էի հանձնել նրան կատարելու։
Այսպես թե այնպես, այսօր բախտ ունիմ ներկա լինելու։
Շնորհակալ եմ. վաղո՞ւց եք այստեղ։
Կարծեմ երկու ժամ կլինի։
Երկու ժա՞մ... հարցրեց Մոմճյանը և սկսավ մտածել։ Նա երևակայեց թե այդ երկու ժամում որքա՜ն անպատեհ բաներ կլիներ խոսած Շաշյանը յուր այցելուի հետ և ո՞վ գիտե, գուցե հայտնած լիներ նրան այնպիսի նորություններ, որոնք այդ նորեկի համար գաղտնիք պիտի մնային։
Այո՛, երկու ժամ։
Ուրեմն դուք մեր խմբագրի հետ ծանոթացաք առանց իմ միջամտության, ասաց Մոմճյանը ժպտալով։ Այո՛, այո՛, առանց ձեր միջամտության, հարեց խմբագիրը և ծիծաղեց։
Ես վաղուց ծանոթ էի պարոն խմբագրի հետ, նկատեց Սարյանը։
Ինշպե՞ս, որտե՞ղ եք ծանոթացել: Չէ՞ որ նա իմ հայրենակիցն է։
Ա՜... բոլորովին մոռացել էի. և, իրավ, դուք հայրենակիցներ եք։ Զարմանալի է, ինչպես էի մոռացել։
Այս նորությունը կարծես Մոմճյանի սրտից մի ծանր բեռ վերցրեց։ Մինչև այդ րոպեն նա մտածում էր թե ինչ հնարներով պիտի ծածկե նորեկի աչքից յուր խմբագրի թերությունները. բայց այժմ արդեն որոշեց, որ ոչ միայն ավելորդ է Սարյանին իբր օտար ընդունել, այլև անհրաժեշտ է մտերմանալ նրա հետ և իրենց խմբագրության բոլոր հանգամանքներին իսկությամբ ծանոթացնելով նրան, առաջարկել գործել իրենց հետ իբրև աջակից բարեկամ։
Ուրեմն դուք որ մեր խմբագրի հայրենակիցն եք, նրան էլ լավ ճանաչո՞ւմ եք, խորհրդավոր եղանակով հարցրեց Մոմճյանը երիտասարդին։
Ճանաչում եմ. շատ լավ եմ ճանաչում, Մոմճյանի միտքը հասկանալով պատասխանեց Սարյանը և երկու երիտասարդների խորհրդավոր հայացքները միմյանց հանդիպելով՝ կարծես ամեն բան միմյանց պատմեցին և համաձայնվեց միևնույն կետի վրա։
Այժմ դառնանք այն խնդրին, որ ձեզ համար թե՛ կարևոր և թե՛ առաջնական է: Որքան հիշում եմ, դուք ինձ հայտնեցիք, որ եկած եք Թիֆլիս ազգային-հասարակական գործերով զբաղվելու։
Այո՛։
Եվ ես խոստացա ցույց տալ ձեզ նպատակին հասնելու դյուրին ճանապարհը:
Այո՛ այդ պատիվն արիք ինձ։
Դուք չե՞ք սիրում արդյոք հրապարակախոսական ասպարեզը:
Ոչ միայն սիրում եմ, այլև ինձ թվում է թե՝ այդ ասպարեզի մեջ ես կարող եմ ավելի հաջողականությամբ գործել, քան թե ուրիշ ասպարեզներում։
Եթե այդպես է, նվիրեցեք ձեզ լրագրական գործին։ Չկա ավելի հաճելի և մխիթարական քան այն, երբ մարդ կարողանում է լրագրական խոսքի միջոցով յուր ազատ մտքերն ու կարծիքները հաղորդել աշխարհին։ Չկա հաճելի քան այն, երբ հարուստն յուր ոսկիներով, իշխանն յուր հռչակով անզոր մի քանի տասնյակ մարդկանց իրենց ցանկացածն անել տալու, դու՝ աղքատ և անտոհմիկ, միայն քո գրչի ուժով ժողովուրդներ ես շարժում, հասարակության կարծիքն ու բախտն ես կառավարում։
Ցույց տվեք ուրեմն, թե ի՞նչ ձևով նվիրեմ ինձ լրագրական գործին. ես պատրաստ եմ ամեն նեղություն ու աշխատանք հանձն առնելու:
Եթե կամենում եք, մեզ մոտ ահա՛ գլխավոր աշխատակցի և քարտուղարի պաշտոնն ազատ է. ընդունեցեք այդ պաշտոնը և գործեցեք մեզ հետ միասին։
Ուրախությամբ, բացատրեցեք միայն թե որո՞նք պիտի լինին իմ պարտավորությունները, որպեսզի անթերի կատարեմ նրանց։
Գրեթե այն, ինչ որ մի ժամ առաջ կատարեցիք, մեջ մտավ խմբագիրը։
Ի՞նչ է կատարել, հետաքրքրությամբ հարցրեց Մոմճյանը։
Այսօր առավոտ մի թղթակցություն էի ստացել, որի մեջ հետաքրքիր նորություններ կային, բայց անգրագետ մարդու գրած էր, խնդրեցի Մովսիսյանին որ ուղղե...
- Ինչպե՞ս. խնդրեցիք Մովսիսյանի՞ն, ինչո՞ւ, չէ՞ որ ես ասացի, որ ոչ մի դեպքում չպետք է դիմեք նրան։
Բայց միևնույն է. նա մերժեց և չկամեցավ ուղղել։ «Օհ, այս մարդը կատարյալ ապուշ է» շշնջաց ինքն իրեն Մոմճյանը և ապա Շաշյանին դառնալով հարցրեց. հետո ի՞նչ արիք։
Տվի պ. Սարյանին և նա մի քանի րոպեում ուղղեց կարկատեց և անշնորհք թղթակցությունից մի գեղեցիկ հոդված պատրաստեց, որը և ուղարկեցի տպարան։ Ի՞նչ եք այդպես գովում․ ի՞նչ գեղեցիկ հոդված պիտի պատրաստեի, համեստությամբ նկատեք Սարյանը:
Գեղեցիկ էր. գեղեցիկ էր. ես շատ հավանեցի:
Բայը չէ՞ որ իմ ուղղածը դուք առանք կարդալու ղրկեցիք տպարան։
Այդ միևնույն է. ձեր գրչի շնորհքը ես ճանաչում եմ: Սարյանը նայեց Մոմճյանին, կարծես կամենում էր հարցնել նրան, թե ի՞նչ խորախորհուրդ գաղտնիք է այս, որ յուր նման խելոք մարդը, խմբագրի պաշտոնը Շաշյանին է հանձնել, իսկ ինքը, ըստ երևույթին, միայն աշխատակցի համեստ կոչումովն է բավականանում։
Մոմճյանը երիտասարդի նայվածքի նշանակությունը հասկացավ և ժպտալով ասաց.
Թե որո՛նք կլինին ձեր պարտավորությունները և որո՛նք ձեր իրավունքները, այդ ես մանրամասն կբացատրեմ ձեզ առանձին։ Բարեհաճեցեք շնորհ բերել այսօր իմ բնակարանը երեկոյան ժամը հնգին և մենք այդ բոլորի մասին հարկ եղածը կխոսենք։
Ուրախությամբ․ միայն թե ձեր հասցեն շնորհեցեք ինձ:
Ի՞նչ հարկավոր է հասցեն, եկեք այստեղ, ես ինքս ձեզ կտանեմ, մեջ մտավ Շաշյանը։
Ո՛չ, ո՛չ, դուք մի՛ նեղանաք, ես ահա՛ իմ հասցեն կտամ, դարձավ Մոմճյանը Շաշյանին և շտապով այցետոմսի վրա յուր հասցեն գրելով հանձնեք Սարյանին։ Երիտասարդը խոստանալով, որ նշանակյալ ժամին Մոմճյանի մոտ կլինի, ողջունեց պ. խմբագրին և նրա խորհրդավոր աշխատակցին ու դուրս գնաց։
«ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴ»Ի ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Վահան Աարյանը Մոմճյանի տունը եկավ նշանակված ժամից քսան րոպե առաջ։ Վերջինը յուր արժանապատվությունը բարձր պահելու համար, ստիպեց երիտասարդին այդ քսան րապեներն անցցնել լուռ ու մունջ և սպասել, մինչև որ ինքը յուր կարևոր աշխատությունը կավարտեր։ Այդ աշխատությունը, հավանական է, որ շատ կարևոր չլիներ, բտյց Որպեսզի նորեկը համոզվի, որ Մոմճյանը միայն յուր գործովը չէ զբաղված, այլ նրա ժամերը ուրիշ շատ գործերի վրա են բաժանված, այդպես անելն անհրաժեշտ էր։
Սարյանն այդ անպետք րոպեներից օգուտ քաղելով, սկսեց դիտել Մոմճյանի բնակարանը։ Դա էլ, Շաշյանի կացարանի նման բաղկացած էր մի սենյակից, որի աջ կողմը բռնած էր տանտիրոջ մահճակալը, իսկ ձախը՝ նրա աշխատության գրասեղանը։ Դրա վրա առանձին խնամքով և համաչափությամբ, շարված էին բազմաթիվ մանր-մունր իրեղեննեը, որոնց շատերի ինչ բանի պիտանի լինելը չէր կարողանում որոշել Սարյանը։ Բայց բրոնզե գեղեցիկ աշտանակիկները և թանաքամանը (որի վերին աստիճանի մաքուրությունը ապացուցանում էր կամ տիրոջ մաքրասիրությունը, կամ նրա գրական աշխատությամբ պարապելու սեր չունենալը), սեղանի վրա գտնվում էին նաև բազմաթիվ քառակուսի, գլանաձև կամ անկյունավոր իրեղեններ, պնակիկներ, շնիկներ, թռչնիկներ, մոխրամաններ, մեծ ու փոքր տեսակի. տողաշարներ, գրչակալներ, գրիչներ, գույնզգույն մատիտներ, փոքրիկ երկրագունդ, կողմնացույց և այլն, և այլն. այնպես որ սեղանի վրա, իսկապես, թուղթ դնելու և գրելու համար շատ քիշ տեղ էր մնում։
Այս բոլորը տեսնողը կկարծեր, որ Մոմճյանը մանրասեր երիտասարդին մեկն է. բայց նրա արտաքինը հերքում էր այդ կարծիքը, մանավանդ, որ բոլոր այդ մանրակրկի հավաքածուների վրա իշխում էին սեղանին կից պատի վրա կախած պատմական երկու նշանավոր անձանց, այն է՝ Լութերի և Վոլթերի մեծադիր պատկերները։
Սեղանի վրա դրված էր մի եռաշար դարակ, որը ծայր ի ծայր լցված էր գեղեցիկ կազմած ռուսերեն գրքերով։ Դրրանց մեջ, իբրև բացառություն, երկու հայերեն գրքեր կային և դրանք Րաֆֆիի «Փունջ»֊երի առաջին և երկրորդ հատորներն էին, որոնք դրված էին դարակի աչքի ընկնող անկյունում։ Սենյակի պարապ տեղերում շարված էին մի քանի հատ դեղին աթոռներ, իսկ մահճակալի մոտ` մի աղքատիկ լվացարան և մի փայտաշեն կախարան, որի վրա բարձված էին տանտիրոջ վերարկուն և հին ու նոր հագուստները։
Այս բոլորն աչքից անցցնելուց ետ` Սարյանը հիշեց չաչանակ Սերգոյի «Արդար քրտինքով ապրողների թեյարան»֊ում իրեն ասածը թե՝ «Մոմճյանը մինձ օջախի վուրթի է» և զարմացավ, որ նրա բնակարանը բնավ մեծ օջախի որդուն վայել բնակարանի նման չգտավ։
Հանցանքն իմս չէր, որ դուք քսան րոպե անօգուտ տեղը սպասեցիք, աշխատությունը վերջացնելով ժպտադեմ դարձավ Մոմճյանը Սարյանին. մեզ մոտ րոպեներն ու ժամերը հաշված են, և յուրաքանչյուր գործի որոշ ժամեր են հատկացված։
Ներեցեք, որ առաջին անդամն եմ ձեր այդ գեղեցիկ կանոնի հետ ծանոթանում, մյուս անգամ կաշխատեմ ավելի ճշտապահ լինել, պատասխանեց Սարյանը թեթև շառագունելով։
Վնաս չունի, վնաս չունի. ես միայն ինձ կամեցա արդարացնել, այժմ գործին անցնենք։ Խնդրեմ վերցրել աթոռդ և մոտ նստեցեք։
Սարյանը վերցրեց աթոռը և մոտեցավ։
Այժմ բացատրենք, թե ձեր պաշտոնի վերաբերմամբ ի՞նչ պարտավորություններ և ի՞նչ իրավունքներ պիտի ունենաք, խոսել սկսավ Մոմճյանը. Դուք վաղվանից նշանակվում եք գլխավոր աշխատակից և իսկական քարտուղար «Փնջիկ» թերթի խմբագրության։ Ձեր պարտավորությունը կլինի, առաջին` խմբագրության մեջ ստացված բոլոր թղթակցությունները, հոդվածները, բանասիրականները և տեղեկությունները կարդալ, ուղղել և կարգավորել, իսկ նրանց մեջ պատահած օտար և աղավաղյալ ոճերն ու դարձվածքները վերածել մաքուր և գեղեցիկ հայերենի, ինչպես և լրատուների բերած լուրերը լսելով՝ նրանց պատմածը գրի առնել մաքուր հայերեն լեզվով։ երկրորդ՝ գրել զանազան նյութերի վերաբերմամբ հոդվածներ և եթե կարող եք՝ զրույցներ, պատկերներ, վիպակներ և ժամանակով, ո՞վ դիտե, գուցե կարողանաք գրել նաև րնդարձակ վեպեր։ Երրորդ՝ վարել խմբագրության, այադես ասած, դիվանական գործերը, որպիսիք են՝ նամակներ գրել զանազան անձանց, պատասխաններ կամ բացատրություններ տալ մեզ ուղղած հարցերին. հայտարարություններ ընդունել և այլն, և այլն։ Այս բոլորի մասին, իհարկե, կանխավ ինձանից որոշ հրահանգներ կստանաք: Իսկ ձեր իրավունքները կլինին առաջին՝ ստանալ մեր թերթի զուտ եկամտից քսանևհինգ տոկոս և երկրորդ՝ իմ բացակայության ժամանակ վարել խմբագրական գործերը համաձայն ձեր բարեհայեցողության և Շաշյանից բոլորովին անկախ։
Ինչ իմ պարտավորություններին է վերաբերում է կաշխատեմ անթերի կատարել։ Զուտ աշխատակցության մասում, չգիտեմ, որքան պիտանի կլինիմ. բայց և այնպես կջանամ չգիտցածս սովորել և այդ մասի համար էլ արժանավորապես պատրաստվել։
«Իրավունքներիս գալով՝ թեպետ ինձ համար անորոշ է այն վարձատրությունը, որ դուք նշանակում եք իբր հատուցումն իմ աշխատության, այսուամենայնիվ պիտի ասեմ, որ նա իմ աչքում ոչ մի արժեք չունի. որովհետև մի անգամ արդեն նվիրելով ինձ ազգային շահերի ծառայության է ես իմ սեփական շահի վրա չեմ կարող մտածել։ Ինձ տվեք միայն ապրելու համար մի սենյակ, քաղցից չմեռնելու համար մի կտոր հաց և ցրտից պաշտպանվելու համար մի հագուստ. և այդ արդեն ամենամեծ վարձատրությունը կլինի ինձ համար։ Այնուհետև ամեն բանում ես ձեր խոնարհ ծառան եմ։
Բ«այց գալով խմբագրական մասում ինձ արտոնություններ տալուն այդտեղ ինձ համար անորոշ է մնում մի կետ, որի վերաբերմամբ ես կկամենայի իրավունք ունենալ ազատ խոսելու և անկեղծ բացատրություններ պահանջելու...
Խնդրեմ, խնդրեմ, այսօրվանից մենք մտերիմ բարեկամներ ենք. խոսեցեք, ինչ կամենում եք, ես պարտավոր եմ բացատրություն տալ ձեր ամեն մի հարցին։
Ասացեք խնդրեմ, «Փնջիկ» թերթի իսկական խմբագիրը և տերը ո՞վ է։ Ինչո՞ւ համար եք հարցնում:
Որովհետև չգիտեմ, իսկ ինձ հարկավոր է այդ գիտենալ, քանի դեռ իմ պաշտոնը չեմ ստանձնել:
Խմբագիրը պ. Շաշյանն է. մի՞թե չեք կարդացել նրա անունը թերթի վրա, ժպտալով պատասխանեց Մոմճյանը»:
Կարդացել եմ, բայց չեմ հավատում:
Կարդացել եք և չե՞ք հավատում, այդ ի՛նչ է նշանակում»:
Ես անկեղծ մարդ եմ, պ. Մոմճյան, և ներեցեք, որ անկեղծությամբ պիտի խոսեմ» Շաշյանն իմ հայրենակիցս է. ես նրան ճանաչում եմ: Նա ոչ թե խմբագիր, այլ հազիվ խմբագրության մի սպասավոր լինելու արժանիք ունի։ Արդեն երևում է, որ նա ձեր խմբագրության մեջ էր խրտվիլակի դեր է կատարում, իսկ ձեր այսօրվա մի քանի խոսքերից արդեն ես գուշակեցի, որ «Փնջիկ»֊ի վերաբերմամբ գերակշռող ձայնն ու իրավունքը ձեզ է պատկանում: Արդ, ինձ անհանգստացնելու չափ հետաքրքրում է ա՛յն հանգամանքը թե՝ ինչո՞ւ թերթի խմբագիրը և հրատարակիչը Շաշյանն է, մինչդեռ բուն տերը, ես կարծում եմ, դուք եք:
Մոմճյանը սեղանի վրա դրած թուղթը խազխզում էր և չէր խոսում։
Գուցե դա մի գաղտնիք է, որ ինձ անկարելի է հայտնել, շարունակեց Սարյանր, բայց ես էլ, թույլ տվեք ասել, չեմ կարող ծառայել այնպիսի մի խմբագրության, որի գլուխր Շաշյանն է։
Որովհետև ես ձեզ «մտերիմ բարեկամ» անվանեցի, այդպես էլ պիտի ընդունեմ մինչև վերջ: Ուստի ձեզ, իբրև մտերմի, ամեն ինչ պիտի խոստովանեմ անկեղծությամբ։
Շաշյանին արդեն ճանաչում եք, և, անշուշտ, ավելի լավ, քան ես, որովհետև նա ձեր հայրենակիցն է և նրա անցյալին տեղյակ եք դուք»: Բայց թե ինչու նա «Փնջիկ»-ի խմբագիրն է, պատճառը հետևյալն է:
Պետք է ձեզ ասեմ, որ ես, առհասարակ, փառասեր չեմ: Շատ մտքեր ինքս հղացել, շատ գործեր ինքս ստեղծել և առաջ եմ տարել, բայց երբեք չեմ աշխատել, որ գործի հեղինակ կամ հիմնադիր հռչակվիմ: Բավական է, որ մի գործ իմ ձեռքով ծնունդ է առել, մեծացել ու բարգավաճել է. դրանով ևս ինձ արդեն վարձատրված եմ համարել, Այնուհետ և թեկուզ ուրիշները հափշտակել են ինձ հասանելի պատիվն ու փառքը, այդ ինձ չի վրդովել, որովհետև ինքս այդ բաները ստանալու չեմ ձգտել։
Այդ մեծանձնությունը պատիվ է բերում ձեզ:
Այո՛ , բարեկամս, ինքս արդեն գոհ եմ լինում, երբ կարողանում եմ մեծանձնությամբ գործել։
Բայց դառնանք խնդրին։
«Փնջիկ»-ը հրատարակելու գաղափարն ես հղացա։ Ինքս էլ, իհարկե, կարող էի այդ թերթի թե՛ հրատարակիչը և թե՛ խմբագիրը լինել։ Բայց մտածելով, որ եթե գործն իմ անվամբ լինի, այնուհետև չպիտի կարողանամ նրա ապահովության համար ցանկացածս չափով աշխատել որովհետև միշտ ավելի հեշտ է լինում ուրիշի, քան սեփական գործի համար բարերարներ գտնելը, նպաստ հավաքելը, օժանդակություն խնդրելը և այլն ուստի որոշեցի, որ թերթի խմբագիրն ուրիշը լինի, որպեսզի ես եռանդով գործելու ազատություն ունենամ։ Այդ ժամանակներում իմ գաղափարակիցներից մինն ապրում էր Շաշյանի հետ, որին և կալվածատեր հարուստի տեղ էր ընդունում, որովհետև Շաշյանն ինքն այդպես էր ցույց տվել իրեն։ Երբ իմացա, որ այդ պարոնը, հարուստ լինելով հանդերձ, նաև ազգային գործերով հետաքրքրվող մեկն է, աշխատեցի ընկերոջս միջոցով գրավել նրան մեր կողմը։ Եվ առաջին անգամ, պետք է խոստովանել, շատ ուրախացա արածս գյուտի վրա։ Որովհետև այդ երիտասարդին գտա ըստ ամենայնի հարմար և պիտանի մեր շատ գործերի համար։
Զարմանում եմ. մի՞թե աոաջին անգամից իսկ չկարողացաք ճանաչել, որ դա ապուշին մեկն է։
Ինչպե՜ս չէ. ճանաչեցի, բայց ինձ հենց այդ տեսակ մարդ էր հարկավոր։
Ինչո՞ւ, չեմ հասկանում։
Ահա՛ թե ինչու։ Այդ մարդը վերին աստիճանի համարձակ, ակնածել չգիտցող, ամենքի հետ բարեկամացող, ամեն տեղ մտնող, ամենքին քսվող ու քծնող և դեպի պատվասիրության զգացումն անտարբեր մեկն էր: Փորձված է, որ առհասարակ այդ տեսակ մարդիկ ամենից ավելի լավ են գործիք դառնում կառավարելու ընդունակ առաջնորդների ձեռքում։
Շատ բնական է։
Այո՛, և ահա՛ ես դրան ընդունեցի իբրև ամենալավ գործիք իմ ապագա գործունեության։
Այսինքն, ի՜նչ պիտի կարողանար դա ձեզ համար անել։
Շատ բան. երևակայևցեք, որ դուք կամենում եք արիստոկրատիայի այսինչ շրջանում ձեր թերթը մտցնել, այսինչ խմբի անդամներին ձեր մասին խոսել տալ. այնինչ օրիորդներին և երիտասարդներին ձեր կողմը գրավել, այդ բոլորի համար Շաշյանն անգին գործիք է:
Ինչպե՞ս, ես չեմ հասկանում։
Ինչու չեք հասկանում։ Երևակայեցեք, որ դուք քաշվող և մանավանդ պատշաճավորությունը հարգող մարդ եք: Զեզ համար դժվար է առանց հարգելի առիթի այսինչ հայ իշխանին կամ իշխանուհուն, այսինչ հարստին կամ պաշտոնյային գնալ այցելության, թե ինչ է՝ կամենում եք ծանոթանալ նրա հետ, իհարկե, ապագայում նրանից շահվելու մտքով։ Բայց Շաշյանն այդ անում էր առանց քաշվելու։ Նա այցելում էր և՛ իշխաններին, և՛ իշխանուհիներին, և՛ հարուստներին, և՛ անծանոթ օրիորդներին ու երիտասարդներին, միով բանիվ ում որ հրամայում էի, և ծանոթանում էր ամենքի հետ անխտիր։
Այդ ծանոթությունների արդյունքը լինում էր ա՛յն, որ զանազան հանդեսներում, երեկույթներում, թատրոններում և այլ այդպիսի հասարակական ժողովատեղերում Շաշյանն յուր ծանոթներին պատահելով՝ ծանոթացնում էր նրանց թե՛ ինձ և թե՛ իմ գաղափարակիցների հետ։ Իսկ այնուհետև մենք սկսում էինք հաջորդաբար մշակել և պատրաստել այդ մարդկանց այնքան, որ նրանք թե՛ մեր գաղափարներն ընդունում էին և թե՛ իրենց ծանոթ շրջաններում տարածում։
Այժմ հասկանում եմ. ուրեմն Շաշյանը կարողանում էր ծառայել ձեզ իբրև գործիք։ Այո, իբրև անհրաժեշտ գործիք։
Հենց նրա այդպիսի ընդունակության համ՛ար էլ մեր վարժապետական խումբը նրան «անհրաժեշտ» մարդ» էր անվանում։
«Անհրաժեշտ մա՞րդ», օ՜հ, ի՜նչ հարմար անուն է, և իրավ որ նա մի անհրաժեշտ մարդ է Լավ. ասենք թե այդ ծառայությունների համար Շաշյանն անհրաժեշտ էր, բայց ի՞նչ հարկ կար նաև խմբագրի պաշտոնը հանձնել նրան։
Դրա պատճառն էլ իսկապես երկու էր. առաջին՝ որ մենք կարծում էինք, թե նա հարստություն ունի և հետևապես մեր թերթը նույնպես կապահովացնե. այդ կարծիքն իհարկե, սխալ դուրս եկավ և մենք «խորամանկ աղվեսի» նման երկու ոտքով որոգայթն ընկանք, երկրորդ՝ որ ես ում էլ որ հանձնեի խմբագիր-հրատարակչի պաշտոնը, իհարկե նրա անունով էլ պետք է թերթի հրատարակության իրավունքը ձեռք բերեի։ Արդ, ով էլ որ լիներ այդ մարդը, անշուշտ ատամներ կունենար և երբևիցե ինձ խածանելովի կստիպեր սիրածս գործից հեռանալ, իսկ ես օրենքով չէի կարող կռվել նրա հետ։
Մի՞թե միևնույնը չի կարող Շաշյա՛նը անել։
Ոչ. նա ոչ խածնող ատամներ անի և ոչ էլ փառասիրության զգացում։ Բացի այդ, Նա մինչև խմբագրի կոչումն ստանալըճ պայմանագրով կապվել է ինձ հետ՝ հլու և հնազանդ լինել իմ հրամաններին։ Նրա պարտավորությունը՝ անմռունչ հպատակվել։
Շնորհակալ եմ. այժմ ամեն բան հասկանում եմ։
Ուրեմն վաղվանից կստանձնեք ձեր պաշտոնը և կգործեք համաձայն այն պայմանների, որոնց հետ ծանոթացրի ձեզ։
Այո՛, հարգելի պարոն. վաղվանից կստանձնեմ պաշտոնս և կաշխատեմ պիտանի լինել ձեզ։ Այս ասելով Սարյանը ողջունեց Մոմճյանին և հեռացավ։ Մի քանի օր էր, ինչ Վահան Սարյանը կանոնավորապես հաճախում էր «Փնջիկ»-ի խմբագրատունը և գործում այդտեղ իբրև գլխավոր աշխատակիր և քարտուղար»: Նա ուրախ էր։ Նրա սիրտը լցված էր ներքին հրճվանքով և այդ ոչ թե նրա համար, որ պատվավոր և արդյունավոր պաշտոններ էր ձեռք բերել, այլ որովհետև հավատում էր, որ յուր ոտքը դրել է արդեն այն ճանապարհի վրա, ուր գործել և գործում էին ազգային շահերին նվիրված նշանավոր մարդիկ:
Այդ կողմից արդեն ապահովված համարելով իրեն՝ նա մտաբերեց այժմ հայրենի քաղաքում թողած սիրելիներին, որոնք յուր պանդխտության վերաբերմամբ տեղեկություններ էին սպասում իրենից»:
Առաջին նամակը, ինչպես վայել էր, նա գրեց ծնողներին»: Յուր ճանապարհորդության մանրամասն նկարագիրն անելուց ետ, նա տեղեկություններ տվավ նրանց նաև յուր ստացած պաշտոնների մասին։ Եվ որովհետև հենց այդ ժամանակ նա մտաբերեց յուր հոր այն խոսքերը թե՝ «մի շալե շուխով քեզ իրավունք չեն տալ մտնել ուր որ կամենում ես» կամ թե «առանց նյութական ուժ ու անկախություն ունենալու՝ չես կարող ծառայել ազգիդ ցանկացածդ չափով» և այլն, ուստի կարևոր համարեց կցել յուր նամակին նաև հետևյալ նկատողությունը.
«Ձեր գուշակությունները, սիրելի հայրիկ, քիչ էր մնում, որ այդտեղ իմ եռանդը սառեցնեին և իմ հավատն ու վստահությունը՝ դեպի լուսավորյալ մարդիկը՝ խախտեին, ես վհատվելու մոտ էի։ Բայց հաստատուն կամքը և համարձակ որոշումը փրկեցին իմ հավատը վտանգից»: Եվ ինչպես գոհ եմ, որ երիտասարդական անփորձությունը տեղի չտվավ այս անգամ խոհական փորձառության. հակառակ դեպքում ես տասնյակ տարիներով ետ կմնայի և գործելու գեղեցիկ ասպարեզը ընդմիշտ փակ կմնար իմ առաջ: Երբ դուք ինձ խրատում էիք՝ նախ անձնական անկախության և ապա թե ազգիս ծառայելու մասին մտածել, և հավատացնում էիք՝ որ ամեն տեղ էլ կարապետությունը ճնշում է մարդկանց և նրանց առաջ գնալու ճանապարհները փակում, ես, այսուամենայնիվ, աշխատում էի հերքել այդ կարծիքների ճշմարտությունը և հավատում, որ լուսավորված երկրներում, մարդիկ այդ ձևով չեն մտածում և չեն կարող մտածել։ Եվ չսխալվեցա։ Թիֆլիս մտնելու երրորդ օրն արդեն իմ առաջ բացվեցավ գործելու ասպարեզ և ընդնմին առաջարկվեց ինձ արդյունավոր պաշտոն։ Իսկ դրա համար ես շատ չաշխատեցի. ինձ հարկավոր եղավ միայն հայտնել թե կամենում եմ գործել, թե կամենում եմ նվիրել ինձ ազգային ծառայության և ահա ազնիվ մարդիկ օգնեցին ինձ»։
Հոր նամակը յուր բոլոր մանրամասնություններով ավարտելուց ետ, երիտասարդը պատրաստվեց երկրորդ նամակը գրելու։
Բայց դրա համար նա երկար մտածեց։
Այդ նամակը նա կամենում էր գրել օրիորդ Աշխենին։ Բայց մի՞թե կարող էր. մի՞թե իրավունք ուներ։
Արդարև, թե՛ օրիորդին և թե՛ մորը նա միաժամանակ խոստացավ տեղեկություններ հաղորդել Թիֆլիսից: Բայց պատշաճյա օրենքը պահանջում էր, որ այդ տեղեկությունները նա տիկին Գոհարին հաղորդե։ Իսկ յուր նախկին աշակերտուհուն կարող էր միայն բարևել և այն՝ հարգանաց սառն խոսքերով։
Բայց մի՞թե կարելի էր գոհ լինել այդքանով. չէ՞ որ նա սիրում էր Աշխենին. չէ՞ որ գեղեցիկ աղջկա պատկերն ամեն րոպե հետևում էր իրեն։ Եվ այդքան օրվա անջատումից ետ, արդարև, քաղցր և հաճոյական էր գրել նրան մի նամակ՝ լցված գողտրիկ զգացումներով, համեմված սիրավառ խոսքերով... Եվ եթե նույնիսկ օրիորդը սպասում լիներ այդպիսի մի գրության, սպասում լիներ հեռացած ուսուցչի սիրո խոստովանության... և, դրա փոխարեն, ստանար հանկարծ սառն ու անկենդան զրույցների մի շարահյուսություն... Օ՜հ, չէ՞ որ սա կրկնակի զրկանք, կրկնակի դժվար պիտ լիներ յուր համար։ Երիտասարդը մտածում էր երկար, հաշվում էր, կշռում էր և վերջ ի վերջո գալիս ա՛յն եզրակացության, որ իզուր է ինքն իրեն տանջում։ Օրիորդի կողմից նա չունի մի առհավատչյա, որ իրավունք տար իրեն հավատալու, թե նա քնքուշ զզացմունքներ է տածում յուր համար, թե նա սպասում է սիրո խոստովանության։ Հետևապես առանց այդպիսի առհավատչյայի նամակ գրել նրան և դեռ նամակի մեջ էլ գողտր զգացմունքների մասին ակնարկել, այդ կլինի ամենամեծ անպատեհություն, եթե չասե անպարկեշտություն։ Այս պատճառով նա որոշեց օրիորդի մոր հասցեին ուղղել լուր նամակը, որի մեջ, ի միջի այլոց, գրում էր հետևյալ
«Ազնիվ տիկին․»
«Իմ վերջին հրաժեշտի ժամանակ պատվիրեցիք ինձ հաղորդել Ձեզ Թիֆլիսի մասին տեղեկություններ. հայտնել թե ո՞ր աստիճան այս քաղաքն իմ երևակայածի համաձայն գտա, թե տեղական հայերը և ազգային հաստատությունները ո՞ր աստիճան արժանի են իրենց համբավին և թե վերջապես իմ գործունեության համար ի՞նչ ճանապարհ ընտրեցի։
«Առաջին և երկրորդ կետերի վերաբերմամբ հղորդելիքս թերի պիտի լինին, որովհետև հազիվ մի շաբաթ է ինչ գտնվում եմ այստեղ, հետևապես ամեն տեղ տեսնելու և ամեն ինչ հետազոտելու ո՛չ ժամանակ և ո՛չ հնարավորություն ունեի։ Այսքանը միայն կարող եմ ասել, որ Թիֆլիսը իսկ և իսկ Կովկասի մայրաքաղաք է, որովհետև, որքան իմ տեսածով և լսածով կարող եմ դատել, նա ամփոփում է յուր մեջ այն ամենը, ինչ որ այդ երկիրն ունի իրեն սեփական' սկսած գեղեցկից, հաճոյականից և օգտավետից' մինչև տգեղը, գարշելին և վնասակարը։ Հետևապես բարվո և չարի ճանապարհներն իսկությամբ որոշել ցանկացող մի նորեկի համար միշտ դժվարություններ կան այստեղ։ Անկարելի է առաջինը որոնելու ժամանակ երկրորդին չհանդիպել։Թիֆլիս մտնելուս երկրորդ օրը այնպիսի մի հասարակության մեջ էի գտնվում, որ շուրջս եղող մարդկանց խոսակցությունները լսելուց մի քանի վայրկյան ինքս ինձ ավազակների որջում երևակայեցի. հուսահատությունն ինձ տիրեց և ես անիծեցի ինձ Թիֆլիս գալու որոշումն անելուս համար։ Բայց մի քառորդ ժամից ետ, հենց այդ ավազակների որջում ծանոթացա Թիֆլիսի երիտասարդության ընտրելագույն մի ներկայացուցչի հետ, որը և օգնեց ինձ իմ սիրած ու գուրգուրած նպատակին հասնելու ուղիղ ճանապարհը գտնելու:
«Ի՞նչ էր անում այն ընտիր հոգին ավազակների որջում, կհարցնեք դուք, նա եկել էր այդ թշվառականների հետ բարեկամություն հաստատելու և այղ ճանապարհով նրանց բարոյական սկզբունքների հետ ծանոթացնելու...
«Սա բարձրագույն մարդասիրության մի գործ էր, որ կատարում էր Թիֆլիսի լուսամիտ երիտասարդության ներկայացուցիչը։ Հավանում եք գործելու այս եղանակը, այնպես չէ՞, անշուշտ, հավատացած եմ. և ահա', ես էլ գտնվում եմ այժմ այդ ճանապարհով գործող երիտասարդների շրջանում և աշխատում եմ նրանց հետ։
«Հիշյալ երիտասարդը, որի հետ ծանոթացա, պ„ Հակոբ Մոմճյանն էր։ Նրան ի լրո ճանաչում եք դուք «Փնջիկ» թերթի առաջնորդ աշխատակիցն է, որի հոդվածները մենք շատ անգամ կարդում էինք միասին։ Նրա շնորհիվ, ահա, հիշյալ թերթի խմբագրության մեջ, գլխավոր աշխատակցի և քարտուղարի պատվավոր պաշտոնն ստացա։ Պիտի աշխատեմ խմբագրության ինձ վրա դրած հույսն արդարացնելու։
«Փնջիկ»֊ի խմբագիրը ճիշտ որ մեր հայրենակից Մանուկ Շաշյանն է. այս մասին, շիհում եք, խոսում էինք այդտեղ և իհարկե հավատացած էինք, որ դա մի ուրիշ անձնավորություն է համանման անունով ու ազգանունով: Բայց սխալվել էինք. խմբագիրն իսկապես մեր հայտնի Շաշյանն է։ Անշուշտ, Դուք զարմանում եք այս նորությունը լսելով: Զեզ նման էլ ես զարմացա: Բայց պ. Մոմճյանի տված բացատրությունները համոզեցին ինձ, որ կարելի է տգետին մեկը խմբագիր շինել, եթե այդպիսով հարթվում է որոշ նպատակներ ու ծրագիրներ իրագործելու դժվարին ճանապարհը։ Դա առաջադեմ աշխարհում «փոքրը մեծին զոհելու» ընդունված մի սկզբունք է։ Այս մասին առայժմ որոշ բան գրել չեմ կարող, բայց եթե հանդիպենք մի օր, շատ ուշագրավ պատմություններ պիտի լսեք։
«Տեղական ազգային հաստատությունների կամ մյուս խմբագրությունների հետ դեռ չեմ ծանոթացել: Պ. Մոմճյանը, որին սիրում եմ իմ Մենտոր անվանել, տակավին թույլ չէ տալիս ինձ նոր շրջանների մեջ մտնելու: «Ձեզ կարող են մոլորեցնել և դեպի սխալ ճանապարհները առաջնորդել», ասում է նա, և ես հավատում եմ։ Ուստի նրա խորհրդին հետևելով' պիտի մտնեմ այդ շրջանները ա՛յն ժամանակ, երբ նրանց ամեն մեկի մասին որոշ ծանոթություններ առած կլինիմ իմ հարգելի Մենտորից»։
Նամակի վերջում երիտասարդ Վահանը, սիրտը սեղմելով, հանձնարարում էր տիկնոջը' ողջունել օրիորդ Աշխենին: Այդ առթիվ նա մինչև անգամ մի սխալ արավ, որի պատճառով ստիպված էր յուր նամակը նորից արտագրելու, սխալը սրտի հանցանքն էր։ Փոխանակ գրելու «մատուցեցեք օրիորդին իմ հարգանաց ողջույնը». գրել էր՝ «իմ սիրալիր ողջույնը»... Ո՛վ կներեր նրան վայելել այդ սխալանքի քաղցրությունը...
Իհարկե ոչ ոք։ Ուրեմն յուր նամակն արտագրելով՝ նա մի անհրաժեշտ պարտք կատարեց։