Мурацан

Լուսավորության կենտրոնը

10

Գ

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՂԻ ՎՐԱ

Վերջին դեպքր Սարյանի վրա խիստ հուսահատական ներգործություն ունեցավ։ նա տխուր ու գլխակոր շարունակում էր ճանապարհը և միևնույն ժամանակ մտածում.

«Մոմճյանին ես մի վնաս չեմ տվել։ Առանց որևէ վարձատրության ծառայել եմ նրա գործին. կարողությանս չափ օգուտ եմ տվել իրեն և փոխարենը զրկանք եմ կրել։ Արդ, ինչո՞ւ դարձյալ հալածում է ինձ. ինչո՞ւ շարունակ աշխատում է վնասել։ Գոնե պատճառը կարողանայի իմանալ. այդ մի փոքր կհանգստացներ ինձ...»։

Բայց պատճառը խեղճ Սարյանը չէր կարող իմանալ, ինչպես և Մոմճյանը չէր հայտնել ոչ ոքի։ Դա նույնպիսի գաղտնիք էր, ինչպես և Մոմճյանի գործերից շատերը, որոնք կատարվում էին առանց իրենց նպատակը հայտնի կացուցանելու։ Սակայն մենք կարող ենք այդ խորհրդավոր պատճառը բացատրել ընթերցողներին։

Մոմճյանի նպատակը, իսկապես, այն չէր, որ Սարյանին վնասե։ Որովհետև վերջինս, ինչպես ինքն էլ ասում էր, բացի օգուտը՝ ոչ մի վնաս չէր պատճառել նրան. հետևապես, Մոմճյանը որքան էլ որ անսիրտ և չարասեր լիներ, դարձյալ չէր կարող այնքան կուրանալ, որ չտեսներ յուր անարդարությունը։ գոնե այս վերջին գործի վերաբերմամբ։ Իսկ անարդար լինել առանց հարգելի պատճառի, կամ որոշ նպատակի նա չէր կամենում։ Եթե նա խղճահարվելու թուլությունը չուներ, գեթ պատվասիրության զգացում ուներ. նա չէր ցանկանալ, որ Սարյանն անգամ դժգոհ լիներ իրենից ա՛յն բանի համար, որը իրեն, Մոմճյանին, մի հայտնի օգուտ չի պիտի բերեր։ Հետևապես պետք էր կարծել, որ Մոմճյանը լոկ թշնամության համար չէր, որ հալածում էր Սարյանին, այլ ուներ հարգելի պատճառ, և այդ պատճառը այն էր, որ նա Սարյանին իբրև գործակից հրավիրելով յուր մոտ, մտերմացել էր նրա հետ, բացել էր նրան յուր գաղտնիքներից շատերը, ծանոթացրել էր նրան յուր գործելու եղանակների հետ, մերկացրել էր նրա առաջ (իհարկե ակամայից) «Փնջիկ» թերթի խմբագրության բոլոր ոչնչությունը... և այդ, այնպիսի մի լուրջ, խելոք, թափանցող, հաստատակամ և որոշ բնավորության տեր երիտասարդի առաջ, որպիսին Սարյանն էր: Այդպիսի մեկին հակառակորդ ունենալ, և այն՝ հիշյալ պայմաններում, կնշանակե պաշտպանվելու ամեն միջոցներից զուրկ լինել։

Եվ որովհետև գալիք չարիքներից ու վտանգներից ամեն մարդ կամենում է պաշտպանվել, իսկ Մոմճյանը Սարյանի գոյության կամ հաջողության մեջ յուր ապագա ծրագրների խանգարումն ու յուր գործունեությանց արգելքներն էր նշմարում, ուստի բնական իրավամբ հալածում էր նրան և, եթե կարողանար, նույնիսկ նրա գոյությունը կոչնչացներ, որպեսզի շարունակ այն երկյուղի մեջ շչիներ թե՝ կա մի մարդ, որ յուր բոլոր գաղտնիքները գիտե, և սակայն նա յուր հակառակորդն է, հետևապես կարող է հրապարակ հանել մի օր այդ գաղտնիքները և դրանով հարվածել այն շենքը, որ ինքը կամենում է կառուցանել։

Սարյանը, իհարկե, այս մանրամասնությունների մևջ չէր մտնում. նա յուր տխուր վիճակովն էր զբաղված և չէր կարող գուշակել, թե կգա մի օր, որ ինքը օգուտ կքղաե Մոմճյանի հետ ունեցած ծանոթությունից և կհարվածե նրան կամ նրա նմաններին այն զենքով, որը յուր ձեռքն էր տվել նույն ինքը Մոմճյանը։ Այս պատճառով նա չէր էլ կարողանում վերջինի թշնամական հետապնդության պատճառը հասկանալ և նրա վարմունքը լոկ նրա չարասրտությանն էր վերագրում։ Մոտենալով Թորոսյանի գրասենյակին, որը պտնվում էր «հայոց շուկայի» մեջ, նա կանգ առավ սալահատակ մայթի վրա, գրասենյակից մի քանի քայլ հեռավորությամբ, և սկսեց մտածել.

«Զարգացած ու լուսավորված մարդկանց դիմեցի, հասարակական գործունեության նվիրվեցի, ազնիվ աշխատություն սիրեցի և, սակայն, հանդիպեցի անվանարկության, զրպարտության, կրեցի զրկանք ու հալածանք... Դիմեցի ծանոթ ու բարեկամ հայրենակցիս: Նա սեր ու մեծարանք ցույց տվավ, գեղեցիկ խոստումներ արավ, և, սակայն, կեսօրից ետ տմարդությամբ յուր խոստմանը դրժեց... Այժմ ո՞ւր եմ գնում այս անծանոթ մարդու մոտ։ Գիտության աշակերտներից, լուսավորության բարեկամներից ի՞նչ բարիք կամ օգուտ ստացա, որ այս խավարասեր, մամոնայի երկրպագու արարածից ինչ ստանամ։ Շիրաջ Մանասն էլ յուր տեսակում մի առևտրական է։ Նա կեսօրվա մեջ ինձ խաբեց, սա էլ, շատ֊շատ, մի շաբաթում կխաբե։ Ի՞նչ միտք ունի արդյոք շարունակ հիասթափվելու համար փորձեր անելը։ Ավելի լավ չէ՞ միանգամից այս անիծված կյանքից ազատվելը։ Ինչո՞ւ իմ ողորմելի գոյությունը պահպանելու համար այս աստիճան ընկճել եմ ինձ մտատանջության, հոգսերի և հոգեկան վշտերի տակ. կարծես թե աշխարհը մեծ կորուստ կունենա, եթե ես ինձ Քռի ալիքներին հանձնեմ... Ո՞վ է մտածում իմ գոյության մասին, ո՞ւմ համար մի գրոշ արժեմ ես... ո՞ւմ համար...»։

Վերջին խոսքի վրա կանգ առավ երիտասարդը։ Կարծես մի աներևույթ հոգի շշնջաց նրա ականջին. «Դու շատ բան արժես քո ծնողաց համար. քո սիրելի քրոջ համար... դու թանկ արժես և նրա համար, որ մի քանի օր առաջ գրել էր քեզ թե՝ «ձեր անջատումը ամեն զրկանքներից ավելի ցավ պատճառեց մեր սրտին...»»։

Այս գաղտնի շշունջը երիտասարդի զգայուն սրտի ձայնն էր, որ կամենում էր ուժ ներշնչել վհատված հոգուն և խրախուսել նրան աներկյուղ առաջ գնալ դեպի կյանքի փորձությունները։ Եվ իրավ, այդ ձայնը սթափեցրեց երիտասարդին, նա ոգի առավ և հաստատուն քայլերով առաջանալով՝ գրեթե լսելի ձայնով շշնջաց. «Ո՛չ. չպետք է մեռնեմ, պիտի ապրեմ, որքան և ինչպես որ կարող եմ։ Հեռո՛ւ ինձանից հուսահատություն, ես եզան պես կարող եմ աշխատել, և ո՞վ պիտի արգելե ինձ ամենամեծ լուծը կրելու...»։

Այս խոսքերի հետ միասին երիտասարդը հասավ Թորոսյանի գրասենյակին, կարդաց նրա դռան վրա կախած ռուսերեն և հայերեն ճակատագիրը և առանց տատանվելու կամ աջ ու ձախ նայելու՝ դուռը բացավ և ներս մտավ։

Թորոսյանի գրասենյակը մի ընդարձակ դահլիճ էր, կազմված երեք՝ միմյանց մեջ բացված կամարակապ կրպակներից, որով նա նմանվում էր փոքրիկ, անգմբեթ եկեղեցու։ Դահլիճի վերին անկյունում դրված էր մի ընկուզյա, մեծ և հնատարազ սեղան, ծածկված կանաչ մահուդով։ Նրա վրա գտնվում էին մի քանի փոքրիկ հաշվեմատյաններ, նամակներ, օրինակելու գրքեր, որոնց կազմերի վրա ոսկեզօծ տառերով մակագրված էին lettre a oopie, ընկուզյա համարիչ և չուգունե թանաքամանի սարք, որի բազմամյա լինելը ապացուցանում էին թանաքամանի և մոմակալների մի քանի մասերի կոտրտված լինելը։

Սեղանի առաջ նստած էր Պետրոս Թորոսյանը և փոստից ստացած նամակներն էր կարդում։ Դա մի բարձրահասակ, առողջ և խոշոր կազմվածքով, լուրջ և պատկառելի դեմքով, սուր ու թափանցող աչքերով և աղեբեկ (սպիտակախառն) մազերով ու մորուքով տղամարդ էր, մոտ 55 տարեկան։

Նրանից հեռու, դահլիճի մի կողմի ուղղությամբ դրված էին երկու ընկուզյա, գեղեցիկ հաշվեսեղաններ (конторка), որոնցից ամեն մեկի մոտ, բարձր աթոռակների վրա, կարծես թառած, նստած էին երկու երիտասարդներ, և առջևները մեծադիր ու հաստափոր հաշվեմատյանները դրած, գլխակոր գրում էին։ Դրանք Թորոսյանի հաշվապահներն էին։

Դրանց հանդեպ գտնվող պատի տակ դրված էր մի ուրիշ՝ մեծ և հասարակ ձևի սեղան, չինարի դեղնագույն փայտից, որի վրա նույնպես աջ ու ձախ ընկած էին հաշվեմատյաններ, տետրակներ, նամակներ, օրինակելու գրքեր, համարիչ, սպունգաման, թանաքաման և այլն։ Սեղանի կողքին դրված էր մի մեծ երկաթե պահարանաձև սնդուկ, մուգ-մոխրագույն ներկած։ Դա Թորոսյանի գրասենյակի գանձարանն էր:Այս մեծ սեղանի և երկաթե սնդուկի մոտ նստած էր միջին հասակով, նիհար կազմվածքով, փոքր֊ինչ դեղնած, բայց գրավի, դեմքով մի երիտասարդ, որր, ըստ երևույթին, Թորոսյանի գանձապահն էր, և այդ միջոցին զբաղված էր հաշվարարությամբ։ Նա անընդհատ համրիչը շխշխկացնելով զանազան գումարումներ և հանումներ էր անում և արտադրությունները թղթի վքա մատիտով նշանակում։

Եթե հաշվի առնենք նաև այն հասարակ փայտե սեղանը, որի վրա ամրացված էր նամակներ օրինակելու մեքենան, փոքրիկ և նեղ պահարանը, որի մեջ շարված էին հին ու նոր հաշվեմատյաններ, վեց հատ Վիեննայի աթոռները, որոնք ծառայում էին գրասենյակը շնորհ բերող հյուրերին և պատերից կախած 10 12 հատ թղթապանակները, որոնց մեջ պղնձե կարթերով ամրացված էին զանազան տեղերից ստացված հաշիվները, հաշվեցույցները, հաշվեկշիռները, ստացականները, շրջաբերականները և այլն, և այլն, դրանով նկարագրած կլինինք Թորոսյանի գրասենյակը յուր բոլոր պարունակությամբ:

Երբ Սարյանը ներս մտավ, գրասենյակի մեջ տիրում էր խորին լռություն, որն ընդհատվում էր, միայն, գանձապահի համրիչի և հաշվապահներից մեկի գրչի ձայներով։ Պարոն Թորոսյանը, որ զբաղված էր նամակների ընթերցանությամբ և որը, առհասարակ, նեղանում էր եթե նամակներ գրելու կամ կարդալու միջոցին խանգարում էին իրեն և հենց այդ պատճառով էլ շատ անգամ ներս մտնողի վրա ուշադրություն չէր դարձնում և նույնիսկ նրա բարևը չէր ընդունում մինչև գործը չէր ավարտում, այս անգամ, դռան հանկարծական բացվելն ու ամուր փակվելը լսելով, գլուխը բարձրացրեց և խիստ ու անողոք հայացքով նայեց մտնողի վրա։

Թորոսյանը, առհասարակ, քաղցր աչքով չէր նայում յուր գրասենյակը մտնող օտար մարդու երեսին, եթե նա վաճառականի, կամ առևտրական աշխարհի հետ կապ ունեցող մարդու չէր նմանում. իսկ եթե նշաններից երևար, որ այդ օտարը, մինչև անգամ, գրական կամ ազգային շրջաններին պատկանող մարդ է, այդպիսին այնպիսի մի սառը և անհյուրընկալ ընդունելության կհանդիպեր, որ կարող էր մինչև անգամ կորցնել իրեն և ինչ բանի համար եկած լինելը մոռանալ։ Թորոսյանի այդ վարմունքը նրա ծառայողները բացատրում էին նրանով, որ այդ մարդը ներքին բնազդմամբ զգալով, որ վերջին տեսակի մարդիկ չեն կարող իրեն օգուտ բերող մի գործի համար մտնել յուր գրասենյակը, այլ եթե մտնում են, անպատճառ մի բան դուրս տանելու համար են մտնում, ուստի չէր էլ կարողանում քաղցր աչքով նայել այդ տեսակ մարդկանց վրա կամ քաղցր լեզվով խոսել նրանց հետ, թեկուզ այդ մարդիկ նույնիսկ բոլոր հայերից հարգված մեծանուն գործիչներ լինեին։ Դրա հակառակ, Թորոսյանը վերին աստիճանի սիրելի և քաղցրաբարո էր լինում մի ամենահասարակ մարդու, նույնիսկ մի շիրաջի գործակատարի հետ, եթե նա այնպիսի մի գործի համար էր գալիս յուր մոտ, որից ինքը թեկուզ ամենափոքրիկ մի շահ կարող էր ստանալ։

Այս բնորոշ գծից արդեն ընթերցողները կարող են հասկանալ, որ Թորոսյանը, չնայելով յուր հարստությանը և առևտրական աշխարհում ունեցած հռչակին, թե՛ վերին աստիճանի շահասեր և թե՛ դեպի հասարակական գործերն անտարբեր մեկն էր։

Հենց այս պատճառով էլ նրա աչքում, բոլոր աշխարհի մեջ, միակ արժանավոր բանը փողն էր, իսկ արժանավոր մարդը՝ միայն հարուստը։ Երեկվա գյադան, որ ինչ֊ինչ միջոցներով, կամ ո՞վ գիտե, բախտի ի՞նչ կատակով այսօր մի քանի հազար ռուբլու տեր էր դարձել, Թորոսյանի աչքում ավելի գին ու արժեք ուներ, քան ա՛յն մարդը, որ ուսում ու գիտություն էր ստացել, ազնվացել ու բարձրացել էր, անձնական օգուտը թողած՝ հասարակական շահերին էր ծառայում և, սակայն, այդ բոլոր առավելությունների հետ միասին, գրպանում փող չուներ։ Վերջին հանգամանքի պատճառով այդ ուսումնականը, գիտնականը, հասարակական անձնվեր գործիչը յուր բոլոր արժեքը կորցնում էր Թորոսյանի աչքում։

Եվ սակայն, այս բոլորի հետ միասին, Թորոսյանը բնական խելք և առողջ դատողություն ուներ։ Նա գեղեցիկ տրամաբանում և փիլիսոփայորեն խոսում էր։ Միայն թե նա յուր այդ ընդունակությունը զարգացրել էր խիստ միակողմանի կերպով: Նրա տրամաբանական որոշումները և փիլիսոփայական հայացքները շարունակ պտտում էին առևտրի, փողի և հարստության շուրջը։ Դրանցից դուրս նա աշխարհում Էլ ուրիշ ոչինչ չէր տեսնում կամ ճանաչում: Հենց այս պատճառով էլ նա չէր կարողանում հարգել այն ուսումնականին, գիտնականին կամ հասարակական գործչին, որը յուր բոլոր զարգացումով հանդերձ՝ անկարող էր լինում աշխարհում անկարոտ ապրել և շատ անգամ գյադաների օգնությանն էր դիմում և այդպիսով ուսման ու գիտության հարգը նվազեցնում։

Եթե մենք էլ բարոյական անձնվիրության տեսակետից չդատենք, իհարկե, չենք կարող Թորոսյանի հետ չհամաձայնվել, որովհետև նրա այս կարծիքը յուր որոշ հիմունքներն ունի: Սարյանի արկածներն ու դժբախտ կացությունը արդեն ապացույցներ են այդ կարծիքի գեթ պայմանական հիմնավորության։

Երիտասարդ Սարյանը, չնայելով յուր ամոթխածության, այսուամենայնիվ, չընկճվեց Թորոսյանի խիստ և անողոք հայացքի առաջ և մոտենալով՝ շնորհալի ձևով ողջունեց նրան։

Ի՜նչ եք կամենում, սառն ու կոշտ ձայնով հարցրեց Թորոսյանը։

Եթե կբարեհաճեք ձեր թանկ ժամանակից մի քանի րոպե զոհելու... ասաց Սարյանը քաղաքավարությամբ, կարծելով թե այդպիսով կմեղմե վաճառականի կոպտությունը։

Բայց վերջինս, որ երիտասարդի այգ ամոթխած քաղաքավարությունից արդեն գուշակեց նրա ինչ շրջանի մարդ լինելը, ավելի կոպտությամբ նկատեց։

Ես ժամանակ չունիմ. տեսնո՞ւմ եք նամակներ եմ կարդում. նրանից հետո էլ նամակներ պիտի գրեմ... ի՞նչ ունեք, ասացեք։

Կամենում էի խնդրել, որ ձեր գործում մի պաշտոն տաք ինձ։

Պաշտո՞ն, հարցրեց Թորոսյանը ձեռքի նամակը սեղանի վրա դնելով։

Այո', գործակատարի, նամակագրի կամ հաշվապահի օգնականի... միով բանիվ ինչ պաշտոն որ ունիք: Որտեղացի՞ եք, հարցրեց վաճառականը մի փոքր մեղմանալով։

Ձեր հայրենակիցն եմ։

Իմ հայրենակի՞ցը։

Այո՛ ։

Ո՞ւմ որդին եք։

Սարենց Հովսեփի։

Սարենց Հովսեփի՞։

Այո՛։

Վա՛, Սարեն Հովսեփը քեզ պես տղա ունի՞, մտերմաբար և եզակի խոսելով հարցրեք Թորոսյանը։

Ինչպես տեսնում եք։

Լավ է, լավ է. աստված պահե. շատ ուրախացա, բաս ինչո՞ւ շուտ չասացիր, որ Հովսեփի տղան ես. ախար մենք ազգականներ ենք։

Ես էլ լսել եմ. բայց իսկապես չգիտեմ, թե ի՞նչ ազգականներ ենք։

Իհարկե, չէիր իմանալ. քո ծնվելուց առաջ եմ ես դուրս եկել մեր քաղաքից: Մարդ որ օտարանում է հայրենիքից ազգականներին և բարեկամներին էլ մոռանում է։ Գործերս գոնե չեն ներում, թե մի-մի անգամ նամակ գրեմ հորդ։ Հովսեփը իմ մոր եղբոր որդին է։ Փոքր ժամանակներս դասընկերներ էինք, միասին էինք կարդում Ներսես վարդապետի մոտ։ Բաս հայրդ իսկի չի՞ պատմել։

Ոչ, առիթ չենք ունեցել։

Թորոսյանը մոռանալով, որ երիտասարդին ասել էր թե ժամանակ չունի, սկսեց երկար ու բարակ հարց ու փորձ անել նրան յուր հոր նյութական կարողության, ընտանեկան ապրուստի, յուր ուսումնառության և այլ խնդիրների վերաբերմամբ:

Երբ ավարտեց այն բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ էին իրեն երիտասարդի անցյալին և նրա ընտանեկան հանգամանքներին ծանոթանալու համար, հարցրեց.

Քանի՞ օր է, որ Թիֆլիսում ես:

Վեց-յոթ շաբաթ կլինի։

Վեց-յոթ շաբա՞թ, ի՞նչ էիր շինում այսքան ժամանակ. ինչո՞վ էիր պարապում, հարցրեց Թորոսյանը հետաքրքրությամբ,

Այստեղ գալուց «Փնջիկ» թերթի խմբագրատանը աշխատակցի և քարտուղարի պաշտոն ստանձնեցի. մինչև այժմ այնտեղ էի ծառայում, ասաց Սարյանը, կարծելով, թե այդ հայտարարությամբ յուր վարկը պիտի ավելանա Թորոսյանի աչքում։

Բայց վերջինս դեմքը խոժոռելով և խիստ անախորժ արտահայտություն տալով նրան նկատեց.

Այդպես դատարկ բաներով էլ ե՞ք զբաղվում։ Սարյանը թափանցելով իսկույն խոսակցի հոդու մեջ և հասկանալով, որ հին սերնդի մի անողոք ներկայացուցչի հետ ունի գործ, խորամանկությամբ ավելացրեց.

Այդ պաշտոնը հանձն առի առժամանակ. այսինքն, մինչև որ մի հաստատուն պաշտոն կգտնեի։

Առժամանա՞կ. հա՛, առժամանակ կարելի էր։ Ավելի լավ է մի բանով պարապել, քան թե անգործ նստել։ Իհարկե քո ծառայության համար վճարում էին։

Այսինքն պետք է վճարեին, բայց հետո...

Ի՞նչ պատահեց, չվճարեցի՞ն։

Այո՛, չվճարեցին, և ես հեռացա...

Հա՛, հա՛, հա՛, չվճարեցին, իհարկե չէին վճարիլ, հա, հա՛, հա՛ ... հապա ի՞նչ էիր կարծել, հա, հա՛, հա՛

... Երկար և բարձրաձայն սկսեց ծիծաղել Թորոսյանը և այդ սրտանց ծիծաղով կարծես կամենում էր ապացուցանել, որ ինքը երբեք չէր սխալվում բոլոր այդ «ազգասեր» և «գրական» անուն կրող մարդկանց ատելով և արհամարհելով։

Եղբայր, քո հայրը խելոք մարդ էր, դարձավ նա երիտասարդին, ծիծաղելուց դադարելով, այդ տեսակ գործի մտնելուց առաջ պետք է նրանից խորհուրդ հարցնեիր, ինչո՞ւ վեց-յոթ շաբաթներդ անօգուտ վատնեցիր։

Սխալվեցա և ինքս էլ զղջացի, բայց արդեն ուշ էր։

Զղջացի՞ր, հա՜. ուրեմն վնաս չունի, սխալվելը բոլոր երիտասարդներին է հատուկ, զգույշ կաց, որ այսուհետև չսխալվես: Եթե ձեզ նման փորձառու մարդիկ բարեհաճեն ինձ օգնել, հույս ունիմ, որ ես չեմ սխալվիլ:

Ուրախությամբ, ուրախությամբ։ Ես քո հորը շատ հարգում եմ և նրա պատվի համար էլ կցանկանայի, որ ինձ մոտ պաշտոն ունենաս։

Ի դեպ, իմ հաշվապահի օգնականը ընտանեկան գործերի պատճառով թողնում է յուր պաշտոնը։ Ինձ արդեն հարկավոր է մի ծառայող։ Դու կարող ես նրա տեղը անցնել։ Հայրդ պատվական մարդ է. գոհ կլինեմ, եթե նրա նման լինես։

Վահանը չէր ուզում հավատալ յուր ականջներին և ուրախությունից քիչ էր մնում վեր կենար և Թորոսյանի ձեռքերը համբուրեր։

Եթե այդքան բարի կլինիք, ինձ այլևս ոչինչ չի մնալ ասել, եթե ոչ գործով ապացուցանել, որ ես արդարև արժանի եմ ձեր դեպի ինձ տածած վստահության:

Այո՛, դուք կարող եք պաշտոնի մեջ համարել ձեզ այսօրվանից։ Հաշվապահություն գիտե՞ք։

Ոչ. հաշվապահություն չեմ սովորել, բայց եթե մի վարժապետ ունենամ...

Գիտեմ, շուտ կսովորեք։ Բայց տեսնո՞ւմ եք. ամենից կարևոր բանը չեն սովորեցրել և, սակայն, ավարտման վկայական են տվել ձեզ։

Այո՛, հաշվապահություն սովորեցնելու վրա մեր դպրոցներում չեն մտածում։

Բայց հաց ուտելու վրա մտածում են։ Ա՛յ դրա համար է, որ ես ասում եմ, թե դպրոցներում միշտ այն են սովորեցնում, ինչ որ այս կյանքում պիտանի չէ մեր տղերանց։ Եվ ես չեմ սխալվում։ Դու առաջինը չես, որ հաստատ հաց աշխատելու ճանապարհը չգիտես։

Ճշմարիտ է, իմ բոլոր ընկերները ոչնչով ավելի չեն ինձանից։

Այդ պատճառով նրանք էլ քեզ նման կյանքի մեջ մտնելուց՝ առաջին պատահող սրիկայից պիտի խաբվին։

Դժբախտաբար ինձ պատահողները սրիկաներ չէին.. Օ՜, առաջին սրիկաները նրանք են: Եվ մեզ մոտ պաշտոն ստանձնելուց ետ այդտեսակ մարդիկներից հեռու պիտի լինիք։ Դա մեր աոաջին պայմանը պիտի լինի։ Համաձա՞յն եք:

Համաձայն եմ ի սրտե։

Եթե այդպես է, կնշանակե խելոք տղա եք. ձեր սխալը ճանաչում եք աշխատում եք հաստատ հողի վրա դնել ձեր ոտքը։ Այդ դեպքում ես էլ ձեռքիս եկած օգնությունը կանեմ։ Վաղվանից արդեն կարող եք ստանձնել ձեր պաշտոնը. իսկ այդ պաշտոնի վերաբերմամբ չգիտցածներդ կսովորեք մեր հաշվապահից։

Վահանը գրեթե հիացած Թորոսյանի բարեսրտությունից և խոստումներից, ջերմագին շնորհակալություն արավ նրան և հետևյալ օրը վերադառնալու խոստում անելով, ուրախ սրտով դուրս գնաց գրասենյակից։

Դ

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Անցան մի քանի ամիսներ։ Վահան Սարյանը հավատարիմ մնալով յուր խոստմանը, բոլոր այդ ժամանակ հեռու պահեց իրեն ազգային շրջաններից և մեծ ուշադրությամբ նվիրվեց յուր ծառայությանը։

Թորոսյանը կամենալով օգնել յուր ազգակցին և նրանից մի հավատարիմ ծառայող պատրաստել յուր համար, բավարար ռոճիկ նշանակեց նրան և պատվիրեց հաշվապահին սովորեցնել նրան յուր ծառայության վերաբերյալ գիտելիքները։ Կարճ ժամանակի մեջ Վահանը ավարտեց հաշվապահությունը, ծանոթացավ Թորոսյանի ընթացիկ գործերի հետ, ընտելացավ առևտրական աշխարհի կարգ ու կանոններին և շնորհքով և հմտությամբ յուր պաշտոնը վարելով՝ գրավեց Թորոսյանի սերը և յուր պաշտոնակիցների հարգանքը։

Բայց և այնպես երիտասարդը յուր գործունեության այդ նոր ասպարեզը չկարողացավ սիրել, որովհետև նա չգտավ այդտեղ մի բան, որ կարողանար յուր սիրտը գրավել, միտքը կերակրել կամ հոգին պարարել։ Յուր շրջապատը դիտելով և որոշ գիտակցության գալով նա տեսավ իրեն տխուր ամայության մեջ, հեռու սիրած ու գուրգուրած նպատակներից...

ճշմարիտ է, նրա դրությունը այժմ ավելի ապահով էր, քան առաջ. նա վաստակում էր յուր հացը արդար քրտինքով, կարոտությունը այլևս չէր սպառնում նրան, նա հետզհետե ծանոթանում էր առևտրական աշխարհի նշանավոր մարդկանց հետ, իսկ այդ ծանոթությունը կարող էր ապահովել նրա ապագա բախտի հաջողությունը, այսուամենայնիվ, այս բոլոր առավելությունները չէին փակում այն անջրպետը, որ յուր սիրած, գաղափարական աշխարհը բաժանում էր առևտրական նյութապաշտ աշխարհից, որ օրըստօրե տխուր գիտակցության բերելով իրեն՝ թույլ չէր տալիս նրան սիրել այդ ասպարեզը։

Արդարև, գաղափարական աշխարհի մեջ էլ նա դեռ գրավիչ ու սիրելի ոչինչ չէր տեսել։ Առաջին անգամից իսկ այդտեղ շրջապատել էին նրան ստություն, կեղծիք, խաբեբայություն և այլն, բայց նա համոզված էր, որ դա յուր երևակայած աշխարհը չէր եղած, որ նա սխալվել էր խաբեբաների մի շրջան մտնելով և այդ շրջանը դրական ու ազգային աշխարհ ճանաչելով։ Նա հավատում էր, որ յուր երևակայած գաղափարական աշխարհը կա, գոյություն ունի, և որ ինքը մի օր կարող է ճանաչել նրան: Նա հավատում էր, որ այնտեղ ապրում ու գործում են դեռ ազնիվ և առաքինի մարդիկ, որոնց հետ մի օր նա կարող է ծանոթանալ...

Իսկ ինչ առևտրական աշխարհին էր վերաբերում, նա այժմ արդեն յուր աչքի առջևն էր։ Երիտասարդը նրան տեսնում, քննում, ուսումնասիրում էր, և որքան որ ավելի մոտենում ու թափանցում էր նրա էության և գաղտնիքներին, այնքան ավելի հակակրում և արհամարհում էր նրան։

Եվ իրավ. ի՞նչ ձգտում և ի՞նչ աշխարհայեցողություն ուներ գործատեր առևտրականը և ի՞նչ նրա ծառայողները։

Առաջինը մտածում էր շարունակ փող վաստակելու, գանձ դիզելու վրա։ Այդ նպատակին հասնելու համար նա ո՛չ միջոցների մեջ էր խտրություն դնում և ո՛չ աշխատության ծանրությունից էր փախչում։ Վաղ առավոտից սկսած մինչև մութ երեկո անընդհատ գործում ու տնքում էր և յուր հետ միասին աշխատեցնում ստորադրյալներին: Օրերին հաջորդում էին շաբաթները և ամիսներին՝ տարիները․ առևտրականի կյանքը բոլոր այդ ժամանակ հոսում էր միատեսակ։ Փող, հաշիվ և շահ. ահա՛ միակ առանցքը, որի շուրջը պտտում էին նրա խելքն ու միտքը, խոսքն ու զրույցը, սիրտը և հոգին։ Առևտրական մարդուն հասարակական խնդիրները չէին զբաղեցնում, ազգային նորությունները չէին հետաքրքրում, գաղափարական մտքերը չէին ոգևորում... Այդ բաների վրա նա ծաղրով կամ արհամարհանքով էր նայում. իսկ երբ տեսնում էր, որ դրանցով զբաղվում են յուր հարգած մարդիկ, նա նրանցից խույս էր տալիս գծուծ ճանապարհներով։ Փախչում էր բարեգործական նպատակով փող հանգանակող մարդուց, երես էր դարձնում ազգային գործի համար յուր օգնությանը դիմող բարեկամից, անարգանքով հեռացնում էր կարոտյալին, նախատում էր աղքատի տկարությունը, ծաղրում էր բախտից հալածվածին... և յուր այս տմարդությունն ու անգթությունը արդարացնելու համար, իմաստակությամբ հերքում էր հասարակական շահերի մասին մտածելու ու գործելու կարևորությունը առարկելով թե՝ այդ ճանապարհով սովորեցնում են մարդկանց անգործության և ծուլության և մեռցնում են նրանց մեջ ինքնօգնության զգացումն ու գաղափարը։

Իսկ թե ինքը ի՞նչ նպատակով էր ոսկի դիզում, ո՞ր ապագայի մասին էր աշխատում, դրա համար նա ոչ ոքի հաշիվ չէր տալիս և համոզված էր, որ իրանից այդ տեսակ հաշիվ պահանջելու էլ իրավունք չանին, որովհետև նա աշխարհում ապրում էր յուր և ոչ թե ուրիշների համար:

Իհարկե, բոլոր առևտրականները միատեսակ չէին, ինչպես որ պարտեզի մեջ բոլոր ծառերը մի հասակ չունին, կամ ծառի վրա բոլոր պտուղները՝ մի գույն ու հասունություն։ Կային դրանց մեջ մարդիկ, որոնք հետաքրքրվում էին հասարակական խնդիրներով կամ ազգային կյանքի բախտով, բայց դրանք էլ հետաքրքրվում էին այն չափով, ինչ չափով որ հետաքրքրվում է բարեպաշտ ժամավորը եկեղեցու դռանը մուրացող աղքատի վիճակով։ Նրա ցնցոտիները և ողորմելի կերպարանքը շարժում են բարեպաշտի գութը և սա «ի յաւելուածոյ իւրոյ» մ սև փող դնելով նրա ափում՝ հեռանում է, կարծելով թե յուր բարոյական պարտքի մեծագույն մասը կատարեց Այսպես էին վերաբերվում դեպի հասարակական բախտը՝ լավագույնները առևտրականներից. իսկ վատթարագույնները այդ բախտով հետաքրքրվիլը արդեն հանցանք էին համարում։

Ինչ սրանց ստորադրյալներին էր վերաբերում, առևտրական աշխարհի այդ շարժուն, եռանդոտ և կենդանությամբ լի դասակարգին, դրանք նույնպես գրավիչ ու սիրելի կողմեր չունեին։ Այդ երիտասարդ մարդիկ, արդարև, շատ կետերում զանազանվում էին գործատեր վաճառականից, նրանք ավելի դյուրազգաց, կարեկցող և բարիք գործելու դյուրապատրաստ էին, բայց այս առավելությունը իսկապես մի թերություն Էր նրանց համար, որովհետև առաջ էր գալիս ոչ թե գիտակցության զորությունից, այլ բնավորության թուլությունից, Իսկ այդ թուլությունը նկատվում էր նրանց ամեն մի քայլափոխում:

Այդ երիտասարդները արտաքուստ ուրիշ մարդ էին ներկայանում, նեկրքուստ, ուրիշ։ Նրանք հլու և հնազանդ էին գործատիրոջ, ինչպես խոհեմ որդիները իրենց հորը․նրա պատվերները կատարում էին խոնարհ պատրաստակամությամբ. նրա անիրավ պահանջների դեմ չէին տրտնջում։ Համեստության մի վարագույրը ծածկում էր նրանց դեմքը․ կանգնելով ու քայլելու մեջ անգամ պարկեշտություն էին ցույց տալիս։ Իսկ ուտելու և հագնելու մեջ այնքան չափավոր ու խնայող էին, որ շատ անգամ գործատերը գորովվում էր նրանց զրկանքները տեսնելով... Այս բոլորը, սակայն, արտաքին կողմն էր։ Հետաքրքիր ներքինը միայն իրենց և մտերիմ ընկերակիցներին էր հայտնի։ Այդ ներքինը ճանաչելու համար պետք էր նրանց ընկերանալ, որովհետև միայն այդ ընկերության մեջ էին մերկացնում նրանք արտաքինը և ապրում ու գործում իսկական կերպարանքով։

Այդ ընկերության մեջ պարկեշտ ու ամոթխած երիտասարդը դառնում էր հանդուգն ու համարձակ արարած․ ծառայության լուծի առաջ խոնարհող գլուխը հրամայում էր իբրև ազատ իշխան․ համեստ ժպտողը ծաղրում էր լրբաբար․ գործատիրոջ անարդար պահանջները անտրտունջ կատարողը Հայհոյանքներ էր տեղում և խորհրդավոր սպառնալիքներ կարդում նրա հասցեին։

Իսկ ինչ նրանց չափավորության ու խնայողության էր վերաբերում, դրա ապացույցը կարելի էր տեսնել հասարակաց այն զբոսարաններում , ուր մտերիմ ընկերներից և գեղեցիկ րնկերուհիներից զատ ուրիշ ոչ ոք չէր ներկայանում: Այդտեղ նրանք ամբողջ գիշերներ էին լուսացնում ուտելով, խմելով և զվարճանալով: Անմիտ ու անհաշիվ կերպով ծախսում, շռայլում և ցրվում էին. ո՞ւմ հաշվից, ո՞ ր աղբյուրից, ոչ ոք չէր հարցնում ։ Որովհետև ինչպես որ գործատիրոջ ներկայությամբ սուտ պարկեշտ, սուտ հնազանդ և սուտ հավատարիմ ձևանալով միմյանցից չէին ամաչում այդ երիտասարդները․ որովհետև այդպես վարվելը սովորական և մինչև անգամ անհրաժեշտ էր նրանց համար, այնպես էլ անհաշիվ ծախսելու և շռայլելու ժամանակ միմյանցից չէին քաշվում, որովհետև նրանցից յուրաքանչյուրին հայտնի էր, թե ո՞վ ինչ եկամւտ ունի և որքա՞ն կարող է ծախսել ընկերական սեղանի համար։

Ինչ վերաբերում է հասարական խնդիրներով կամ ազգայինների բախտով հետաքրքրվելուն, այդ կետում այս երիտասարդները նմանում էին իրենց տերերին, միայն մի տարօրինակ զանազանությամբ։ Նրանք սիրով լսում էին ազգային նորությունները, կարեկցում էին արյունակիցների թշվառության և ուրախությամբ ստորագրում էին փող հանգանակողների թերթին, շատերը, մինչև անգամ, իրենց կաղությունից ավելի, բայց երբ հարցը տրվում էր այսպես, հասարակական գործին օգնե՞լ, թե՞ գիշերային զվարճության գնալ, վերջինը գերադասում էին։ Կանաչազարդ հովանոցում նստած, գինու բաժակը ձեռին օրիորդ Կլարայի աչքերին նայելը և նրա կենացը դատարկելը նրանք չէին փոխիլ ոչ մի հասարակական գործի կամ խնդրի հետ։ Մինչև անգամ եթե իրենցից մեկը թուլություն ունենար Կլարայի կենացը թողնելով, այդ տեսակ գործերի ետևից գնալու, նրան ազգասեր անվանելով կծաղրեին և շատ անգամ իրենց ընկերությունից կհեռացնեին, որովհետև փորձով գիտեին, որ այդ տեսակ զգացմունքների տեր երիտասարդը ուրախ և անհոգ տրամադրության խանգարող է լինում։ Այս բոլորը երիտասարդ Սարյանը տեսնում, լսում, հետազոտում էր և խորը սրտից վշտանում։

Նա հիշում է, որ հայրենի քաղաքում գտնված ժամանակ Թիֆլիսի առևտրական դասակարգի մասին էլ մեծ կարծիքներ ուներ։ Հավատում էր, որ նա է բոլոր մեծամեծ գործերին հոգի ու կյանք ներշնչողը։ Որովհևտև նյութական ուժը յուր ձեռքում ունենալով՝ բնական էր, որ հանրօգուտ հաստատությունների հիմնողն ու պահպանողն էլ ինքը լիներ։ Բայց այժմ տեսնում էր, թև որքա՜ն սխալված է եղել։ Համեմատում էր լուսավորված քաղաքի վաճառականը գավառական քաղաքի վաճառականի հետ և առաջինը ոչնչով բարձր չէր գտնվում վերջինից։ Միակ տարբերությունը արտաքին փայլն էր, որ աչքի էր ընկնում առաջինների ընտանեկան նիստ ու կացի մեջ։ Ինչ ներքին արժանավորությանն է վերաբերում, նա երկուսի մեջ էլ միևնույն աստիճանի վրա էր կանգնած։

Երիտասարդ Սարյանին ավելի վշտացնում էր առևտրական աշխարհում ծառայող երիտասարդության բարոյական նվաստությունը, որի պատճառը նույնիսկ իրենք գործատեր վաճառականներն էին։ Որովհետև վարվելով ստորադրյալների հետ ոչ իբրև բարեկամ և մտերիմ, այլ իբրև տեր և իշխող, ակամա սովորեցրել էին նրանց ստել, կեղծավորել, դիմակավորել. այո՛ ասել այն ժամանակ, երբ նրանց սիրտը ոչ էր գոռում, խոնարհել գլուխը այն հրամանի առաջ, որի դեմ սիրտը ապստամբում էր...

Այս մտքերը սկսան զբաղեցնել երիտասարդ Սարյանին ա՛յն ժամանակ, երբ յուր պաշտոնի վերաբերյալ ուսումը ավարտելով՝ մտավ իսկական ծառայության մեջ. մանավանդ, երբ տեսավ, որ Թորոսյանի ներքին և արտաքին գործերում ծառայող բազմաթիվ երիտասարդների թվում չկա գեթ մեկը, որ գաղափարակից լիներ իրեն և յուր կարծիքներն ու զգացմունքները բաժաներ։

Երիտասարդը զգում էր իրեն գրեթե ամայության մեջ։ Որքան որ այս հանգամանքը վշտացնում էր նրան, այնքան ավելի ուրախություն էր պատճառում Թորոսյանին։ Որովհետև իմացած լինելով, որ Վահանը մի անգամ արդեն գրական և ազգային շրջաններին ծանոթ է եղել, կասկածում էր թե՝

չլինի նա դարձյալ մոտենա նույն շրջաններին (որոնցից ինքը փախչում էր իբրև ժանտախտից) և յուր գործին ու անվանը վնասե։

Այդ պատճառով նա գրեթե միշտ առիթ էր որոնում զգուշացնելու երիտասարդ ազգակցին հեռու պահել իրեն յուր հին ծանոթներից։

Այդ մարդիկ անսիրտ ու անխիղճ արարածներ են. նրանց մոտեցողը միշտ կվնասվի. եթե հազարներ ունենա ՝ծակ գրպաններով կվերադառնա․ թե պաշտոն ունենա՝ կկոցնե, եթե խելք ունենա՝ նրանից կզրկվի եթե ազնիվ լինի՝ կստորանա. միսվ բանիվ այդ մարդկանց մոտեցողը բացի վնաս ուրիշ բան ստանալ չի կարող։

Այս խրատների հետ միասին Թորոսյանը խորհուրդ էր տալիս Վահանին մշտական ընկեր և բարեկամ ընտրել իրեն Սիմոն Թաղարյանին՝ յուր ազնիվ, առաքինի և հավատարիմ գանձապահին, որի անունը հարգանքով էին հիշում բոլոր վաճառականները, և, որի համար, մինչև անգամ, նախանձում էին իրեն յուր հակառակորդները։

Վահանը լսում էր այդ խրատներն ու խորհուրդները, բայց նրանց հետևելու իրավունքը վերապահում էր իրեն, որովհետև իր առաջին հիասթափությունից ետ հաստատուն կանոն էր դրել նա յուր համար՝ «շատերին լսել, բայց քչերին հավատալ», և, նամանավանդ, չնդունել իբրև իսկություն այն, ինչ որ սեփական աչքով չէր տեսել, ականջով չէր լսել և ձեռքով չէր շոշափել։ Սարյանի կարծիքով ճշմարտության հասու լինելու համար, թեպետ դժվարին, բայց միակ հաստատուն և ուղիղ ճանապարհն էր սա։

Որովհետև երիտասարդ Սարյանի բարոյական սկզբունքներից մեկն էլ այն էր, որ իրեն տրված խորհուրդներից ոչ մեկը չարհամարհե, այլ որին հնարավոր է հետևել առանց վնաս կրելու հետևե փորձառություն ձեռք բերելու համար, ուստի նա ավելորդ չհամարեց մոտենալ Թորոսյանի փառաբանած գանձապահին և չափել նրա բարոյական արժանիքը։

Ով գիտե, գուցե հենց նրա մեջ եմ գտնում այն անձը, որին որոնում եմ առևտրական աշխարհի այս ամայության մեջ, մտածում էր նա։ Սիմոն Թաղարյանը, արդարև, ուշադրության արժանի երիտասարդ էր, բայց, իհարկե, ոչ այն կողմից, որից ճանաչում էր նրան Թորոսյանը։ Նա նշանավոր էր նրանով, որ տասը երկար տարիներ ծառայելով Թորոսյանի նման զգույշ և աչալուրջ մարդու մոտ, կարողացել էր բոլոր այդ ժամանակ փակած պահել, նրա աչքերը և չերևալ նրա առաջ այն, ինչ որ էր իսկապես։

Վահանը, որ արտաքին գեղեցկության հետ միասի քաղցր ու բարեխառն բնավորություն ուներ և յուր շնորհալի պաշտոնակատարությամբ գրաված էր արդեն ընկերների հարգանքը, մեծ հաճույք պատճառեց Թաղարյանին, երբ սկսեց մոտենալ և բարեկամանալ նրա հետ։

Սկզբում, իհարկե, այդ բարեկամությունն արտահայտվում էր լոկ քաղաքավարական հարաբերությամբ։ Բայց որոշ ժամանակից ետ Թաղարյանը կարիք զգաց ավելի մոտենալու և մինչև անգամ մտերմանալու այդ քաղցրաբարո երիտասարդի հետ։ Նա հաճախ հրավիրում էր Վահանին յուր մոտ, պատիվներ էր տալիս նրան, զբոսարաններն էր շրջեցնում և աշխատում էր կարելվույն չափ սիրելի անել նրան յուր ընկերությունը։

Վահանը անզգալի եղանակով հետզհետե անձնատուր էր լինում յուր նոր բարեկամին և կարծես սկսում էր համոզվել, որ արդարև, այդ Թաղարյանը մի ազնիվ և օրինակելի անձնավորություն է։

Երիտասարդի այդ տրամադրությունից գտվելով, Թաղարյանը սկսեց ավելի և ավելի մտերմանալ նրա հետ և երիտասարդական գաղտնիքների մասին խոսել, կամ այդ գաղտնիքներով հետաքրքրել նրան։Որքան էլ այդ տեսակ զրույցները համեմված են լինում անպարկեշտ ակնարկություններով և ազնիվ ճաշակը վիրավորող հայտնություններով, որքան էլ որ այդ զրույցներին անսովոր մարդը արտաքին տհճությամբ է լսում նրանց, այսուամենայնիվ այդ զրույցների մեջ կա մի բան, որ կարծես խտաղում է երիտասարդ մարդու թաքուն զգացմունքները և ներքին հաճություն է պատճառում նրան: Վահանը, իբրև արևելցի երիտասարդ, չէր կարող զուրկ լինել այդ տեսակ զրույցները հաճությամբ լսելու կարողությունից. հետևապես առանց Թաղարյանի յուր վերաբերմամբ ունեցած մտերմական տրամադրությունը խանգարերլու, լսում էր նրան և զվարճանում։ Իհարկե, եթե Վահանը հավատար. թե այդ զրույցները կարող են երբևիցե յուր բարոյականին վնասել կամ հաստատակամությունը խախտել, նա թույլ չէր տալ իրեն լսել նրանց։ Բայց նա այդ մտերմական զվարճախոսությունների վրա նայում էր այնպիսի աներկյուղությամբ, ինչպես խրախտ քարաժայռը ծովի զայրացած կոհակներին․ որոնք մռմռալով մոտենում են իրեն և յուր կողերին զարնելով փշրվում են ու անհետանում։

Այսուամենայնիվ, այդ քարաժայռը այնքան էլ ամուր չէր։ Երիտասարդական հաստատակամության արմատը նույն ինքը բնությունն է փորում։ Հետևապես ով որ կարծում է, թե երիտասարդ լինելով կարող է իբրև ծեր գործել, չարաչար սխալվում է։ Երիտասարդը, արդարև, կարող է իբրև ծեր մտածել և ծերը՝ իբրև երիտասարդ, բայց երբ հերթը գործելուն է գալիս, նրանցից յուրաքանչյուրը յուր դերն է կատարում։ Դա բնության անհեզլի օրենքն է, որը միայն բացաոաւթյունները կտրող են լուծել։

Եվ որովհետև Վահանը բացառություն երիտասարդ չէր, ուստի սիրով ու զվարճությամբ լսեց մի օր Թաղարյանի այն հայտնությունը, թե երկու գեղանի օրիորդներ, որոնց հետ բարեկամություն հաստատելու համար շատ էին աշխատել թե ինքը և թե՛ յուր ընկերները, բայց անհաջողության էին հանդիպել, անցյալ օրը տեսնելով Վահանին յուր հետ զբոսնելիս, այնքան էին հավանել նրան, որ մինչև անգամ խոսք էին տվեք բարեկամություն հաստատել յուր հետ, եթե ինքը Վահանին կտաներ և կծանոթացներ նրանց հետ։

Երիտասարդը, արդարև, հաճությամբ լսեց այս պատմությունը, բայց, իհարկե, չէր հաճիլ գնալ այդ գեղանի օրիորդների մոտ և ծանոթանալ նրանց հետ այն նպատակով՝ թե՝ ինչ է Թաղարյանի բարեկամուհիների թիվը երկուսով պիտի ավելանա։ Նա այդ չէր անիլ. չէր կարող անել, նա համոզված էր։

Բայց... ափսոս, որ նա իբրև ծեր մտածեց և սակայն իբրև երիտասարդ գործեց, Թաղարյանի խնդիրքներն ու թախանձանքը, իբրև բարեկամի և մտերիմի, նա չկարողացավ մերժել։

Ի՞նչ պիտի պատահի ինձ. բարեկամ տղա է, խնդրում է, ինչո՞ւ սիրտը կոտրեմ. արի գնամ. հետաքրքիր է այդ կյանքի հետ էլ ծանոթանալ։ Փորձության աշխարհն եմ մտել, թող առաջ գնամ։ Նորից հո չի պիտի սայթաքեմ, թող այս մարդկանց գաղտնիքներն էլ ուսումնասիրեմ, այդ ինձ օգուտ կարող է բերել և ոչ թե վնաս։ Վերջապես թող տեսնենք, թե մեր Թորոսյանը ի՞նչ տեսակ մարդու խնամքին է հանձնում ինձ..

Այս խորհրդածություններով յուր սիրտը ամրացնելով, մի երեկո նստեց Թաղարյանի առաջարկած կառքի մեջ և նրա հետ միասին սլացավ դեպի Կուկիա կոչված քաղաքամասի այգիները։

Ձմեռային Ժամանակ էր. երկինքը մութ և ամպամած. ձյունը մեղմով տեղալով հալչում էր հետզհետե և ջրի լճակներ կազմում․ փողոցների ոտով գնացողների անցուդարձը նվազել էր արդեն և միայն կառքերն էին ետ ու առաջ սլանում, և ջրի ու տիղմի ցայտյունները ցրվում աջ ու ձախ։

Այդպիսի խոնավ ու անհաճո եղանակներին Վահանը սիրում էր փակվել սենյակում և ընթերցանությամբ պարապել։ Նա չէր հավատում, թե կգտնվին մարդիկ, որոնք այդպիսի եղանակներում էլ զվարճության տեղեր կամ զբոսարաններ կհաճախեն։ Բայց այժմ տեսնելով իրեն երիտասարդ գանձապահի հետ կառքի մեջ նստած' զարմանում էր յուր անմտության վրա և ինքն իրեն նախատում։ Եվ որովհետև ճանապարհի երկարությունը ավելի էր գրգռում նրա դժգոհությունը, ուստի չկամենալով յուր ընկերոջը խանգարել, որոշեց վերադառնալ տուն։

Սա արդեն չափազանց է, բարեկա՛մ, այսպիսի ժամանակ փողոցային սրիկաները միայն կարող են զվարճության ետևից ընկնել, ես չեմ կամենում քեզ ընկերանալ... ասաց Վահանը Թաղարյանին և հրամայեց կառապանին կառքը կանգնեցնել։

Ի՞նչ պատահեց քեզ, ա՛յ մարդ, հո չգժվեցա՞ր. զվարճության համար ապա ի՞նչ ժամանակ է հարկավոր. լավ ժամանակը գործ ենք կատարում, վատ ժամանակն էլ պիտի զվարճանանք. սրա դեմ ի՞նչ ունիս, ասաց Սիմոնը և հրամայեց կառապանին ձիաներր մտրակել։

Չէ, չէ. պիտի վերադառնամ, ի՞նչ կասեն մարդիկ, եթե այսպիսի եղանակին և օրվա այս Ժամին ինձ զվարճության տեղում տեսնեն։

Ովքե՞ր․ ի՞նչ մարդիկ։

Այ, հենց ինքը Թորոսյանը. նրա բարեկամները, ծանոթները..․

Հա՛, հա՛, հա՛, հա՛, Թորոսյանը, նրա բարեկամները... մի մտածիր, ի՞նչ ես ասում, խելքդ որտե՞ղ է, ուրսխ֊ուրախ ծիծաղելով նկատեց գանձապահը։

Ի՞նչ եմ ասում, չի՞ կարող պատահել։

Ինչո՞ւ չի պատահիլ. բայց ախար այն էլ մտածիր թե՝ եթե Թորոսյանը յուր սպիտակ մազերով ու մորուքով կարող է զվարճության տեղում գտնվել, ինչո՞ւ դու նրանից առաջ չպիտի գտնվես. կամ եթե նա այդպիսի տեղում քեզ պատահե, մի՞թե գլուխը մկան ծակում չի թաքցնիլ։

Այսպես թե այնպես, գալուս վրա զղջացել եմ. կամենում եմ վերադառնալ։

Ուշ է, բարեկամ, ուշ է. կամուրջը ետևիցդ վերցրին, ասաց գանձապահը ծիծաղելով։

Եվ արդարև, այդ միջոցին բացվեցան ճանապարհի վրա գտնվող մի այգու դռները, կառքը արագությամբ ներս մտավ և սկսեց առաջանալ դեպի ընդարձակ ծառուղին, իսկ լայնափեղկ դռները նրա ետևից ճռնչալով փակվեցան։

Այս ո՞ւր եկանք, հարցրեց Սարյանը հետաքրքրությամբ և գլուխը հանեց կառքից՝ տեսնելու համար, թե ի՞նչ ճանապարհ էր այն, որի վրա այնպես կակուղ ու անձայն գլորվում էին կառքի անիվները։

Զգույշ կաց, ծառի ճյուղերը երեսիդ չդիպչեն, այգու միջով ենք գնում, հայտնեց գանձապահը։

Այգի՞. զարմացավ Վահանը. այս ցուրտ ձմռանն ի՞նչ պիտի շինենք այգում։

Տաք տեղ կտանեմ քեզ, միամիտ կաց, ասաց գանձապահը ծիծաղելով։

Ա՛խ, ինչպես հիմարացա, ինչպե՜ս զղջում եմ, դժգոհությամբ խոսեց Սարյանը, երբ կառքը կանգնեց այգու խորքում գտնվող տան մուտքի առաջ, որ լուսավորված էր փոքրիկ լամպարի աղոտ լուսով։

Կես ժամից ետ կզղջաս այդպես խոսելուդ համար. նկատեց Սիմոնը ծիծաղելով և ընկերոջ ձեռքից բռնելով քաշեց յուր ետևից։

Կառքին չի՞ պիտի վճարենք, հարցրեց Սարյանը։

Կառքը կարող է սպասել, ասաց գանձապահը հարուստ մարդու անհոգությամբ և բարձրացավ սանդուղքներից այնպիսի համարձակությամբ, որ ասես թե այդ տան տերն էր։

Վահանը հետևեց նրան։

Նախասենյակում սպասող ծառան ողջունեց գանձապահին այնպիսի մի ժպիաով, օրից երևում էր թե վաղուց է ճանաչում նրան և թե ծանոթ է նրա շատ գաղտնիքներին: Գանձապահը, իբրև պատասխան նրա ողջունին, մտերմաբար խփեց նրա ուսին և հարցրեց.

Այստե՞ղ են նրանք։

Հրամել եք, աղա. էստեղ են։

Այս ասելով նա շտապեց բանալու այն սենյակի դուռը, որտեղից ուրախ խոսակցության և կանացի ծիծաղի ձայներ էին լսվում։

Ընդարձակ և շքեղ կերպով լուսավորված սենյակում հավաքված էին մի քանի երիտասարդներ և երիտասարդուհիներ, որոնք շրջան կազմած խոսում, ծիծաղում և կատակներ էին անում։ Գանձապահ Թաղարյանին և նրա ընկերոջը տեսնելուն պես երիտասարդներից մի քանիսը ուրախ բացականչություններով ողջունեցին նրանց, իսկ մյուսները բողոքեցին նրանց ուշանալուն համար և սպառնացին, որ չի պիտի թողնեն մի կաթիլ շամպայն խմելու: Գանձապահը քաղաքավարությամբ ներողություն խնդրեց բողոքողներից և առաջ անցնելով ողջունեց. երիտասարդուհիներին և ծանոթացրեց Վահանին թե՛ նրանց և թե' յուր ընկերների հետ։

Մի քանի խորհրդավոր ակնարկներ և պայմանական խոսքեր փոխանակելուց ետ, գանձապահը թևն առավ Սարյանին և մոտենալով երկու գեղանի օրիորդների, որոնք զույգ տատրակների նման նստած էին սենյակի անկյունում դրված բազմոցի վրա, ռուսերեն լեզվով ասաց.

Այժմ, կարծեմ, կարող եք համոզվել, որ Սիմոն Պետրովիչը ազնիվ ու յուր խոսքին հավատարիմ մարդ է: Ձեզ խոստացա իմ գեղեցիկ ընկերոջ հետ ծանոթացնել և ահա նրան բերել եմ ձեզ մոտ: Պետք է շնորհակալ լինեք ինձանից այսքան անձնվիրությամբ ձեզ ծառայելու համար։

Օ՜, շնորհակալ ենք, շնորհակալ ենք. բայց դուք ազնիվ լինելուց առաջ շատ անքաղաքավար եք, գեղեցիկ ժպտալով նկատեց գեղեցկուհիներից մեկը։

Ե՞ս։ Աոաջին անգամն եմ այդ տեսակ նկատողության արժանանում. ի՞նչ հանցանք եմ գործել:

Ա՛յ, ինչ հանցանք։ Եթե մենք մինչև անգամ խնդրած լինեինք, որ ծանոթացրեք մեզ ձեր ընկերոջ հետ, դուք այդ չի պիտի ասեիք նրան, և այն, մեր ներկայությամբ: Դա մեր արժանապատվության համար վիրավորական է, հասկանո՞ւմ եք, ասաց գեղեցկուհին և ընկերուհու հետ միասին ծիծաղեցին։

Ներողություն, հազար ներողություն, երևի ինչ որ պիտի ասեի, հակառակն եմ ասել։ Ես կամենում էի ասել, թե ընկերս շատ խնդրել է ինձ, որ ես ծանոթացնեմ իրեն ձեզ հետ և այդ պատճառով բերել եմ նրան ձեզ ներկայացնելու, ուղղեց յուր սխալը Սիմոն Պետրովիչը։

Ա՛յ, հիմա քաղաքավարի խոսեցիք, այժմ կխնդրենք, որ ձեր ընկերոջ հետ միասին նստեք մեր բազմոցի վրա, խոսեց երկրորդ գեղեցկուհին և տեղ պատրաստեց երիտասարդների համար։

Վահանը, որ սկզբում անծանոթ բարեկամների ու բարեկամուհիների հանդիպելով շփոթվել և շառագունել էր, սկսեց հետզհետե հանդարտվել, բայց գանձապահի և գեղեցկուհիների խոսակցության չէր խառնվում։

Շուտով մյուս երիտասարդներն էլ հավաքվեցան զույգ գեղեցկուհիների գտնված անկյունը։ Եկան այդտեղ և երեք ուրիշ աղջիկներ, որոնք մինչև այն զբաղեցնում էին բողոքող երիտասարդներին։ Խոսակցությունը, կատակը և ծիծաղը ընդհանրացավ։ Երիտասարդները գովություններ էին շռայլում երիտասարդուհիներին, դրվատում էին մեկի գեղեցիկ աչքերը, կամար հոնքերը, մյուսի բարակ շրթունքը և անուշ ժպիտը. երրորդի՝ հասակը, ճապուկ իրանը և հարուստ կուրծքը, չորրորդի ձայնը և գողտրիկ լեզուն, միով բանիվ երիտասարդուհիների մարմնի բոլոր մասերը գովության ու կատակի նյութ էին դարձել: Իսկ աղջիկները իրենց կողմից սրախոսություններ էին անում, ծաղրելով երիտասարդներից մեկի քիթը, մյուսի բերանը, երրորդի ճակատը, չորրորդի խելքը և այլն, և այլն։

Մինչդեռ այստեղ բարեկամներ ու բարեկամուհիներ աշխարհի ցավերը մոռացած զվարճախոսում էին, սենյակի մեջտեղը բացվում էր փառավոր սեղան, բազմազան ուտելիքներով և առատ ու գույնզդույն գինիներով։ Սպասավորները սկզբնական ծառայությունը ավարտած՝ սպասում էին երիտասարդների հրամանին, որ ներս բերեն համադամները։

Բայց երիտասարդները այնպիսի քաղցր ինքնամոռացության մեջ էին, որ չէին մտածում ուտելու վրա։ Այսուամենայնիվ, գեղեցկուհիները, որոնք ինքնամոռացության մեջ էլ չէին մոռանում թե՛ գրպանի և թե՛ ստամոքսի շահը, հիշեցրին երիտասարդներին իրենց պարտքը և նրանց հետ միասին վեր կենալով տեղերից, բոլորեցին Սիմոն Պետրովիչի փողով և նրա մտերիմների ճաշակով պատրաստած փառավոր սեղանը:

Մա՛րիա Իվանովնա, դուք Սիմոն Պետրովիչի մոտ պիտի նստեք, իսկ դո՛ւք, մադմուազել Ռոզա, Վահան Իոսիֆիչի մոտ. այս իրիկվա կարգը այսպես է պահանջում, կարգադրեր միջին հասակով, գրավիչ դեմքով և կաթոտ աչքերով մի երիտասարդ, որը, ըստ երևույթին, այդ ընկերության մշտական սեղանապետն էր։

Մարիա Իվանովնան և մադմուազել Ռոզան, որոնք բազմոցի վրա նստած զույգ գեղեցկուհիներն էին, հնազանդվեցան սեղանապետի հրամանին և նստեցին մինը պարոն գանձապահի և մյուսը՝ Սարյանի կողքին։

Գեղեցկուհիներից մինն էլ թող ինձ մոտ նստի, որ եռանդ ներշնչե ինձ, իսկ մնացյալները՝ որտեղ կամենում են, կարգադրեց կրկին սեղանապետը և կանանցից մինը, որ ամենից տարիքովը ու բարձրահասակն էր, և որը, ըստ երևույթին, շատ այդ տեսակ ընթրիքների փայլ ու շուք էր տվել, տեղավորվեց սևղանապետի կողքին։

Երբ մյուս հյուրերն էլ իրենց տեղերը բռնեցին, սեղանապետը պաշտոնական եղանակով հայտարարեց.

Այժմ ամեն բան կարգին է. կարող ենք մեր գործը սկսել։ Բայց ամենից առաջ մի պայման՝ ոչ ոք թող չհամարձակվի կիսատ թողնել յուր բաժակը, հակառակ դեպքում Սոֆիա Պավլովնան, որին այժմյանից օգնականուհի եմ կարգում, բաժակը կթափե կիսատ թողնողի գլխին։

Հյուրերը համաձայնվեցան. Սոֆիա Պավլովնան, որ բարձրահասակ ու տարիքով կին էր, մատով սպառնաց երիտասարդներին, իսկ վերջիններից մինը մինչև անգամ ծափահարեց, որ սեղանապետը այդպիսի գեղեցիկ առաջարկություն արավ:

Սատանան տանե ձեզ. որտե՞ղ են սազանդարները, գոռաց հանկարծ երիտասարդներից մինը, որ առանց սեղանապետի հրամանին սպասելու կոնծել էր կենաց ջուրը գինու բաժակով։

Վա՛, իրա՛վ, որտե՞ղ են սազանդարները, է՛յ, Իլա՛րիոն, այս ի՞նչ անկարգություն է, բացականչեց սեղանապետը և ճաշարանի տերը յուր կարճ ու հաստ վզով և ուռած փորով բուսավ սենյակի դռներում։

Ուկացրավոտ, բա՛տոնո... ասաց թե չէ, հանկարծ երիտասարդներից մինը ընդհատեց նրան։

Հայեվար խոսի, տո, մունդռեկ, էստի վրացի ո՞վ կա:

Կուբաշխիք, աղա ջան. սազանդարնիրը մե քիչ ուշացան. իրիք ջեր փայտոն իմ ղրկի. հորես ուր որ է գուքան։

Հինգ րոպե կսպասեմ, ա՛յ. հասկանո՞ւմ ես. եթե հինգ րոպեից ետ չեկան, գլուխդ կջարդեմ, սպառնաց սեղանապետը։

Պարունիս, աղա ջան, պարունիս, ասաց Իլարիոնը ժպտալով և դուրս գնաց սենյակից։

Դեռ կես ժամ չէր անցել և խորտիկներից առաջին բաժինն էին վերջացրել, բայց շշերը դատարկվել էին արդեն։

Գինի՛... կարմիր և սպիտակ... գոռում էր սեղանապետը և սպասավորները մի կողմից փայլուն շշերն էին շարում, իսկ մյուս կողմից նոր կերակրի սկուտեղները պտտեցնում:

Սազանդարները, որոնք որոշյալ ժամին հասնելով Իլարիոնի գլուխը ջարդելուց ազատել էին, թնդացնում էին սենյակը իրենց երգերով ու կնդնդոցով։ Հյուրերի տրամադրությունը հետզհետե փոխվում էր. զվարթ աչալրջությունը տեղի էր տալիս ծայրահեղ ուրախության, կատակներին և սրախոսություններին հաջորդում էին շաղակրատությունը, աղմուկն ու շփոթը: Խոսողներից շատերը միմյանց չէին լսում, հարցերը անպատասխան էին մնում. առաջարկությունները չէին կատարվում, երգողներին խանգարում էին, միով բանիվ բաբելոնյան խառնակությունը ընդհանրանում էր։

Սեղանապետը, որը փորձառու արբեցող էր և դեռ բավական ուժ ուներ ուրախությունը կանոնավորելու, երգող երիտասարդներին ու սազանդարներին լռեցնելով, առաջարկեց Մարիա Իվանովնային երգել մի բան։

Վերջինս, որ օպերային խմբերգչուհիներից էր, հարգեց սեղանապետի խնդիրը և մեղմ ու գողտրիկ եղանակով երգեց «Ռուսալկա»-ից՝ Նատաշայի տրտունջը.

Ах, прошло то время.
Время золотое,
Как меня любил ты
Сердцем и душой!
У тебя, бывало,

Мысли нет другой,
Нет других желаний
Только быть со мной,
Нет другой отрады
Как во мне одной...


Բրավո՛...

Ուռռա՜...

Բի՜ս... գոռացին գրեթե միաբերան բոլոր հյուրերը և որոտաձայն ծափահարությամբ սենյակը թնդացրին։

Մադմուազել Ռոզան, որ նույնպես խմբերգշուհի էր, ընկերուհու հաջողությունը տեսնելով, ինքն էլ հետևեց նրան: առանց հյուրերի առաջարկության սպասելու։ Նա երգեց «Ֆաուստ» օպերայից սիրելի հետևյալ մենախոսությունը.

Скажите о любаи ей, вы цвегочки.
Скажите, что она мне
Сокровище одно.
Скажите, что томит любовь мне сердце.
Я вам, цветы
Мои. вверяю вздохи;
Про муки ей скажите.
Скажите, что ее ношу я в сердце

.

Մադմուազել Ռզան, որ յուր ձայնի քնքշությամբ գերազանցում էր Մարիա Իվանովնային, և որը ինքնաբերաբար երգեց, ավելի շատ ծափահարություն ստացավ։

Հյուրերը երկու երգչուհիներին իրենց երախտագիտական զգացմունքները արտահայտելու համար հոտնկայս խմեցին նրանց թանկագին (ինչպես անվանեց սեղանապետը) կենացները։ Իսկ այդ զգացմունքների արտահայտությունը ավելի հանդիսավոր անելու համար սազանդարները մի տուշ նվագեցին։

Այսուհետև երգելը ընդհանուր դարձավ կանանց մեջ։ Երգում էր մինչև անգամ Սոֆիա Պավլոնվնան, որը այնքան էր խմել, որ գլուխը ուղիղ բռնել չէր կարողանում և շարունակ թեքվում էր դեպի սեղանապետը կամ հանգչեցնում էր նրա ուսի վրա։ Մյուսները դեռ բավական զվարթ էին և երիտասարդների անպարկեշտ կատակներին կարողանում էին դիմադրել։

Բայց ինչ էր անում այդ ժամանակ մեր Վահան Սարյանը, ազգային ցավերի ողբերգուն։ նրա դրությունը, արդարև, ծիծաղելի էր։ Սկզբում նա շարունակ լուռ էր. նույնիսկ կանանց հարցերին հազիվ էր պատասխանում: Իրեն անհանգիստ էր զգում, իսկ երիտասարդների անպարկեշտ կատակների վրա նայում էր վայրենու աչքով:

Պարոն գանձապահը այդ նկատելով խնդրել էր մադմուազել Ռոզային գործ դնել բոլոր ուժը նրան ուրախացնելու համար։ Նորատի աղջիկը շատ աշխատեց, բայց իզուր։ Երիտասարդը չէր ուրախանում։ Նա նմանում էր մի ճգնազգյաց կրոնավոի, որին զվարճասեր բարեկամները ստիպել էին Մեծ պասը լուծելու։ Պարոն գանձապահը, իհարկե, հանգիստ չի պիտի թողներ նրան։ Նա յուր տեղը տվավ Մարիա Իվանովնային, որպեսզի ձախ կողմից էլ սա զբաղեցնե նրան։ Վերջինս ավելի ճարպիկ գտնվեցավ։ Յուր սրախոսություններով ծաղրելով շարունակ երիտասարդի լռությունը՝ գրգռեց նրա ինքնասիրությունը և նրա հետ վիճաբանության մտավ։ Վիճաբանության հաջորդեց հաշտությունը, իսկ հաշտության՝ ուրախ տրամադրությունը։ Հենց որ Սիմոն Պետրովիչը տեսավ, թե յուր պաշտոնակիցը ոչ միայն ծիծաղում է, այլ և գեղանի դրացուհիների հետ կատակներ է անում (որովհետև Կախեթու գինին էլ մյուս կողմից էր ազդել խեղճի վրա), հրամայեց շամպայն բերել։

Սիմոն Պետրովիչի հրամանը լսելով՝ սեղանապետը գոռաց.

Լուի Րե՛յդեը. Կա՛րտ Բլանշ, շո՛ւտ։ Տղերք բաժակներդ մաքրեցեք։ Չէ, չէ. բոկալներ բերեք, հրամայեց նա ծառաներին։

Մի քանի վայրկյանից բոկալները շարվեցան և հինգ շիշ շամպյան, սպիտակ անձեռոցներով փաթաթած, դրվեցան սեղանի վրա։

Վահան Իոսիֆիչի կենացը, բացականչեց սեղանապետը, լցրեք բոկալները օրինակելի առատությամբ։

Հյուրերը լցրին բոկալները շամպայնով և մտերմական անձնվիրությամբ խմեցին Վահան Սարյանի կենացը, որը այդ երեկո Վահան Իոսիֆիչ էր դառել։ Սազանդարները իրենց կողմից դարձյալ տուշ նվագեցին։

Պետք է ձեր կենացի վրա մի երգ երգեք, հայտարարեց սեղանապետը։

Երգել չգիտեմ, ասաց Վահանը ժպտալով։

Անկարելի է, պետք է երգեք։

Այո՛, այո՛, պետք է երգեք, գոչեցին այս ու այն կողմից երիտասարդները։

Վահանը ցանկություն չուներ երգելու, այդ պատճառով ընդդիմանում էր, թախանձում էր, բայց ոչ ոք չէր լսում նրան։

Այդ միջոցին մադմուազել Ռոզան, որ սկսել էր գաղտնի զգացումներով համակրել երիտասարդին, պատրաստակամութուն հայտնեց յուր վրա առնել նրա պարտքը:

Անկարելի է. սիրող տղամարդի երգ պիտի լսենք. Վահան Իոսիֆիչը պիտի երգե, պնդեց սեղանապետը։

Ես էլ նրա լեզվից կերգեմ. սիրող տղամարդու երգ կերգեմ, ծիծաղելով հարեց Ռոզան։

Եթե այդպես է, համաձայն ենք. որոշեց սեղանապետը:

Գեղեցկուհին սկսեց երգել «Հրեուհի» օպերայից հետևյալ մրմունջը (ռոմանս)։

О, как ужасно
В разлуке с милой
Тоской томиться,
К ней беспрестанно
Душой стремиться,
Не знать покоя!
Но вот сияет
Мне день блаженный,
Когда я снова
К груди горячей
Челом приникну

...

Վերջին տողերը երգելու ժամանակ գեղեցկուհին գլուխը թեքելով՝ հանգչեցրեց երիտասարդի ուսի վրա և խանդոտ աչքերը նրա աչքերին ուղղելով, կարծես սրտի բաղձանքը այդ սիրազեղուն հայացքով կամեցավ հաղորդել նրան։

Վահանը նայեց քնքշաբար գեղեցկուհու աչքերին, քաղցր ժպտաց, և ապա հանկարծ երեսը մյուս կողմը դարձրեց։ Նրա մարմնով մի ցուրտ, բայց հազիվ զգալի դող անցավ և սառը քրտինքի ցողը ճակատը պատեց։

Ի՞նչ պատահեց նրան, ինչո՞ւ նա այլայլվեց։ Ոչ ոք չիմացավ։ Նույնիսկ գեղանի Ռոզան նրա դեմքի փոփոխությունը չնկատեց։ Բայց ի՞նչ էր նրա այլայլության պատճառը։

Երիտասարդը գեղեցկուհու աչքերի մեջ տեսել էր յուր սիրած օրիորդի, մաքուր և անարատ Աշխենի աչքերի նմանությունը։ Հաճության աղջիկը, հենց այն վայրկենին, որ խանդոտ աչքերով նայել էր նրա վրա, այդ նայվածքի հետ միասին զարթեցրել էր նրա սրտում սիրած աղջկա հիշատակը և զգայուն խղճի անողոք խայթը, որը և սկսեց տանջել երիտասարդին։ Նա հազիվ էր զսպում իրեն։ Նրան թվում էր, թե բացակա սիրելին տեսնում է այժմ իրեն հաճության աղջկերանց և անբարոյական երիտասարդների շրջանում բազմած, տեսնում է և խորը սրտից վշտանում, մտածելով, որ ամենից ազնիվ և ամենից ողջախոհ երիտասարդն անգամ անարժան է, ուրեմն, անարատ սիրո վստահության։

Այնպիսի մի շրջանում, ուր ոչ միայն ողջախոհության, այլև հասարակ չափավորության վրա գաղափար չունեին, Վահանի այլայլությունը, հարկավ, աննկատելի պիտի մնար։ Ուստի երբ նա գեղեցկուհիներից հեռանալու մտքով բարձրացավ աթոռից առտրկելով թե՝ գլխացավի պատճառով կամենում է բազմոցի վրա մի փոքր հանգստանալ, նրան արգելք չեղան։

Երիտասարդը քաշվելով սենյակի անկյունը, սկսեց անողոք կերպով կշտամբել իրեն այսպիսի հասարակության մեջ գտնվելուն համար։ Կատարյալ զղջման հաջորդեց տխրությունը։ Գեղեցիկ կանանց իրեն ուղղած խորհրդավոր հայացքները ոչ միայն չէին ցրում նրա թախիծը, այլև ավելացնում էին։ նա ճակատը բռնեց ձեռքերի մեջ և աչքերը ծածկելով, աշխատեց ոչինչ չտեսնել, եթե հնար ունենար, ականջներն էլ կխցեր, որպեսզի անպարկեշտ զրույցները չհասնեին նրանց։

Մեր այս ապականված ժամանակում, երբ ճշմարիտ առաքինությունը հնասիրության համանիշ է դարձել, երբ լուսնոտ ազատամտության շնորհիվ բարոյական սկզբունքները խախտվել և անուշադրության են մատնվել, երբ դպրոցական համբակների վարք ու բարքն անգամ շրջապատի ապականությունից չէ ապահովված, Սարյանի նման անհատների գոյությունն անբնական և անհասկանալի երևույթ է ներկայանում մեզ։ Ինչպե՞ս կարող է արբունքի հասած երիտասարդն անտարբեր մնալ հեշտության հրապույրներին մանավանդ, երբ նրանց վայելելու համար ձեռք բերելու աշխատություն չէ պահանջվում, մտածում ենք մենք։

Բայց գավառական աշխարհի նահապետական հարկերի տակ որքա՜ն այդպիսի որդիներ են ապրում... Ափսո՜ս միայն, որ տասնյակ տարիներից ետ այդ հազվագյուտ գոհարների վերջին պաշարը ևս պիտի սպառի, որովհետև մեր անձնվեր գործողների շնորհիվ, այդ նահապետական հարկերը ևս սկսել են արդեն լուսավորվել քաղաքակրթության այն արտաքին փայլով, որ բուն քաղաքակրթությունից ոչինչ չունի յուր մեջ և որի միակ զորությունը տկար աչքերին կուրություն շնորհելն է...

Մինչդեռ Սարյանը յուր խղճի ու հիշողությունների հետ հաշտություն էր կայացնում, սեղանապետը շամպայնով խմելու համար թանկագին կենացներ էր առաջարկում։ Այդ կենացները առաջարկում էին մինչև անգամ հյուրերը, և ով որ ավելի արժանավորն էր առաջարկում, ծափահարության հետ միասին շամպայնի մի ավելորդ բաժակ էր ստանում:

Վահանը, որ ինչպես ընդհանուր աղմուկով նույնպես և առաջարկված կենացներով այլևս չէր հետաքրքրվում, այսուամենայնիվ, չկարողացավ անուշադիր թողնել պարոն գանձապահի ճառի նմանող մի տարօրինակ առաջարկությունը։

Խմենք, պարոններ, ասաց նա, այն երիտասարդների կենացը, որոնք իրենց պարոններին անձնվիրությամբ ծառայելով, ազատում են նրանց ավելորդ բեռներից, ծանրություններից...

Ձեր միտքը չենք հասկանում, պարզ խոսեցեք, հրամայեց սեղանապետը։

Խմենք այն երիտասարդների կենացը, կրկնեց գանձապահը, որոնք տեսնելով, որ իրենց հարուստ պարոնները ստամոքսի տկարության պատճառով իրենց աշխատած փողը չեն կարողանում ուտել, իրենք են այդ փողը մաքրազարդում և ձեզ նման լավ տղերանց ու այս տեսակ հրեշտակներին (այդ միջոցին նա քնքշությամբ բռնեց Ռոզայի շառագունած թուշը) ուրախություն ու զվարճություն են պատճառում...

Ուրեմն, ամենից առաջ ձեր թանկագին. կենաց ուռռա՜... բացականչեց սեղանապետը և շամպայնի բաժակը չխկացրեց գանձապահի բաժակի հետ։

Բոլոր հյուրերը հետևեցին սեղանապետի օրինակին, օրիորդները սկսան երգել, իսկ սազանդարները տուշը վերջացնելով՝ լեզգինկա ածեցին։

Ամենից առաջ սեղանապետը սկսեց պարել, հետո Սոֆիա Պավլովնան, որը սակայն երկու պտույտ միայն արավ և ապա օրորվելով երիտասարդների գիրկն ընկավ։ Նրան հետևեցին մյուս աղջիկներն ու հյուրերը։ Պարոն գանձապահը նույնպես կամեցավ վեր կենալ, բայց ընկավ Մարիա Իվանովնայի վրա։

Սարյանը տեսնելով, որ երիտասարդը կորցրել է իրեն, մոտեցավ նրան և թևն առնելով հեռացրեց դեպի սենյակի անկյունը և սկսեց համոզել, որ գնան տուն։

Բայց գանձապահը, որ սիրով տվավ նրան յուր թևը, կարծելով թե կամենում է յուր հետ պարել, երբ տուն գնալու առաջարկություն լսեց, բարկացած գոռաց.

Կորի՛ր, հիմար, շամպայնն ու այս սիրուն աղջիկները թողած ո՞ւր պիտի գնամ. ես չեմ գալիս, գնա՛ Թորոսյանին էլ ասա, որ գա այստեղ, ասա՛, հիմար, սրանից լավ տեղ ո՞ւր կգտնես... տա՛շ-տաշի, ծափ տվեք, տղերք, պար եմ գալիս...

Այս ասելով գանձապահը խլվեցավ Վահանի ձեռքից և օրորվելով սկսեց պարել։ Բայց մի երկու պտույտներ անելուց ետ գլորվեցավ հատակի վրա։

Սեղանապետը իսկույն առաջ վազեց և գրկելով երիտասարդին հեռացրեց նրան պարողների խմբից և բազկաթոռներից մեկի մեջ նստեցրեց։ Վահանը նույնպես մոտեցավ նրան և սկսեց քաղցր խոսքերով ամոքել պաշտոնակցի սիրտը, աշխատելով, միևնույն ժամանակ, համոզել նրան տուն վերադառնալու: Բայց իզուր։ Գանձապահը բացեիբաց մերժում էր։

Է՜. ինչեր ես խոսում։ Դեռ քեֆեր ունինք անելու, գործեր ունինք ավարտելու, ասաց նա ծիծաղելով և սազանդարներից թառ ածողին կանչելով, հրամայեց նրան մի բաժակ շամպայն բերել։

Սազանդարը իսկույն կատարեց նրա հրամանը։ Գանձապահը հանելով ծոցից մի կարմիր տասնանոց, թրջեց շամպայնով, կպցրեց սազանդարի ճակատին և շամպայնը նրան խմեցնելով՝ հրամայեց.

Գնա մի այնպիսի մահուռ ածա՛, որ ես ուրախանամ, իսկ այս մղդսին (ցույց տալով Վահանի վրա) լաց լինի։

Սազանդարը խորը գլուխ տալով հեռացավ և սկսեց գողտրիկ մահուռը նվագել։ Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, գժվել ե՞ս, շշնջար գանձապահի ականջին Վահանը: Վերջինս պատասխան չտվավ, այլ դառնալով դեպի դուռը կանչեց այնտեղ կանգնած սպասավորներին։

Նրանցից երեքը միասին եկան։


Ասացեք, ձեզանից ո՞րն է գնացել Ռոզայի և Մաշայի ետևից։

Ես, պատասխանեց նախասենյակում դիմավորող ծառան։

Գանձապահը հանեց ծոցից մի կապույտ հնգանոց և տալով նրան ասաց.

Գնա ինձ ու այս պարոնի համար քնելու տեղ պատրաստիր։

Ծաոան հասկացավ հրամանի միտքը և խորը գլուխ տալով ու ժպտալով հեռացավ։

Ա՛յ տղա, ինչո՞ւ համար ես քեզ քանդում, ինչո՞ւ համար ես այդ փողերը ցրում, նախատեց Սիմոնին Վահանը։

Վնաս չունի՜, Թորոսյանը լավ մարդ է. նրա գանձարանը ապրի՜... երգելու եղանակով պատասխանեց գանձապահը։

Այդ միջոցին ճաշարանատեր Իլարիոնը մոտեցավ երիտասարդին և խորը գլուխ տալով մի ինչոր ծալած թուղթ հանձնեց նրան։

Դա ընթրիքի հաշիվն էր։

Գանձապահը բացավ, նայեց և ճմրթելով՝ բաճկոնի գրրպանը խրեց։ Ապա հանելով ծոցից մի ծիածանագույն հարյուրանոց, շարժեց նրան օդի մեջ և, խփելով Իլարիոնի ճակատին, ասաց.

Առ, հիմար, դու միշտ թանկ ես նստեցնում. մնացորդը թե շատ չէ, ծառաներին բաշխիր։

Իլարիոնը խորը գլուխ տվավ, վրացերեն մի համառոտ ուղերձ ասաց և ժպտալով հեռացավ։

Վահանը այլևս ավելորդ համարեց խորհուրդներ շշնջալ պաշտոնակցի ականջին, այլ կամացուկ հեռանալով՝ թե՛ հյութերից և թե գանձապահից ծածուկ փախավ տուն

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Լուսավորության կենտրոնը"

Ятук Музыка
Маскарад - Романc
Арам Хачатрян

Маскарад - Романc

Визит лорда Байрона на остров Святого Лазаря
Визит лорда Байрона на остров Святого Лазаря
Играть онлайн