Мурацан
Լուսավորության կենտրոնը
5
ԺԱ
Ո՞վ էր Մոմճյանը
Նա բնիկ Թիֆլիսցի էր, հասարակ ծնողների զավակ։ Հայրը, որ ուսում սիրող մարդ էր, կարողացավ յուր փոքրիկ խնայողությունից մասն հանել Հակոբի համար այնքան, որ նա գիմնազիոնի ուսումը կարողանա ավարտել։ Երիտասարդը, որ ի բնե ուշիմ, ժրաջան և աշխատասեր էր, մեծ առաջադիմություն ցույց տվավ ուսման մեջ և հաջողությամբ էլ ավարտեց։ Հայրը, որ հին հայերից լինելով հայերեն չգիտեր և չէր խոսում, վշտանում էր սակայն, որ գիմնազիոնավարտ որդին, իրեն նման, երկու հայերեն խոսք իրար հետ կապել չգիտե։ Ուստի խորհուրդ տվավ նրան մի փոքր ժամանակ էլ հայերեն սովորել։ Բայց որդին կարևորություն չտվավ յուր այդ թերությանը, անուշադիր թողեց նաև հոր խորհուրդը։ Նա աշխատում էր առաջ գնալ, իսկ հայերենի համար ժամանակ կորցնել՝ այն ժամանակվա կարծիքով հետադիմել կնշանակեր։
Այդ պատճառով գիմնազիոնն ավարտելուց ետ, նա անմիջապես Ռուսիո հին մայրաքաղաքն ուղևորվեց, այնտեղի համալսարանը մտնելու համար։
Մայրաքաղաքի մեջ շուտով նա գտավ բարեսիրտ ընկերներ, որոնք նրա համալսարան մտնելու սկզբնական պատրաստությունների մասին հոգացին։ Մոմճյանը մտադիր էր բժիշկ դառնալ, որովհետև Կովկասի երիտասարդության սիրած ու փայփայած իդեալը բժշկությունն էր. ըստ որում նա ճանաչված էր իբրև ամենից ավելի հաստատ հաց տվող մասնագիտություն։
Երիտասարդ Մոմճյանն այդ մասնագիտությունն էլ ընտրեց և ուշագրավ աշխատասիրությամբ հաճախում էր բժշկական կաճառի դասախոսություններին։
Սակայն, ա՛յն բարեսիրտ ընկերները, որոնք սկզբում նրա համար ամեն բան հոգացին, մինչև վերջն էլ ձեռքից չթողեցին նրան և իրենց պարզ բարեկամությունը հետզհետե փոխեցին ընկերական մտերմության։ Իսկ այդ մտերմության արդյունքը եղավ այն, որ Մոմճյանը նրանց միջոցով հետզհետե ծանոթացավ նոր մտքերի, նոր գաղափարների և նորագույն իդեալների հետ։ Նա հաճախում էր այդ մտերիմների ժողովներին, ուր խոսում, քարոզում էին նոր մտքերի մասին, ուր գովում, երկինքն էին բարձրացնում այդ մտքերի ապագայում մարմնանալիք արդյունքը և դրսևորում ու դատափետում էին այն բոլորը, ինչ որ կա, ինչ որ գոյություն ունի այսօր աշխարհում և ինչ որ մեր արդի կյանքն ու բախտը կառավարող ուժն ու զորությունն են կազմում։
Մտերիմների ժողովում, բոլոր ճառերն ու քարոզություններն այնքան գրավիչ լեզվով է, այնքան համոզկեր խոսքերով էին արտասանվում, որ երիտասարդ և մանավանդ անփորձ սրտերն անկարող էին լինում նրա թովիչ ազդեցության չենթարկվիլ։
Մոմճյանի արևելյան վառ երևակայությունը, զգայուն սիրտը, ուշիմ և թափանցող միտքը, որոնք զուրկ էին խոհական փորձառության խնամատար հսկողությունից, հափշտակվելով գրավվեցան նորագույն վարդապետության ցնորքներից. նա հավատաց, որ արդարև ապրում է դժոխային խավարի մեջ, հանցավոր սխալման ճանապարհի վրա և սոսկաց։
Այնուհետև նրա աչքում երկրորդական նշանակություն ստացան թե՛ յուր ընտրած մասնագիտությունը և թե՛ նրան ուսանելու համար գործ դրվելիք աշխատությունը։ Նա մոռացավ մինչև անգամ յուր ծնողները և նրանց վճարելիք երախտագիտական պարտքը։ Նա մոռացավ նույնիսկ յուր հայ լինելը, մի ընկած ու օգնության կարոտ ազգի պատկանիլը. միով բանիվ, նա մոռացավ այն ամենը, ինչ որ յուր մանուկ մտքերին սնունդ և երիտասարդությանն ուժ էին մատակարարել և ուշքն ու միտքն ամբողջապես մտերիմների նորագույն վարդապետությանը նվիրեց։
Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ երիտասարդ Մոմճյանը միայն երկու տարի կարողացավ հաճախել համալսարան, երկրորդ տարվա վերջում անհաջող քննություն տալով՝ համալսարանից դուրս եկավ։
Այնուհետև նա իրեն ազատ համարեց դեպի հին աշխարհն ունեցած բոլոր պարտավորություններից և նվիրվեցավ նոր աշխարհի շահերին։ Նա կանոնավորապես հաճախում էր մտերիմների ժողովին, չգիտացածը սովորում, չհասկացածը քննում, և, մանավանդ, գործելու եղանակներն ուսումնասիրում էր:
Երբ արդեն ամեն բան սովորեց և նորագույն վարդապետության առաքյալի կոչումն ստացավ, նրան խորհուրդ տվին վերադառնալ շուտով հայրենիք. ըստ որում հակառակ դեպքում ստիպված պիտի լիներ չսիրած երկրում և անհաճո պայմանների մեջ ապրելու։
Եվ մի գեղեցիկ օր երիտասարդ Մոմճյանը վերադարձավ յուր հայրենի քաղաք՝ Թիֆլիս։
Այստեղ արդեն մարդիկ նրա աչքում ավելի փոքր, ավելի ողորմելի էին երևում, քան մայրաքաղաքում։ Նրանց մտածելու և գործելու եղանակը, գոյության կռվի մասին ունեցած հասկացողությունը, կրոնական զգացումները, ընկերական հարաբերությունները, ընտանեկան սովորությունները և այլն, երիտասարդ ուսանողին համոզում էին, օր յուր հայրենակիցները շատ առաջ չեն գնացած միջնադարյան կիսավայրենիներից։ Հետևապես նա կարծում էր, որ մեծ կարիք կա եռանդով, հաստատակամությամբ այս ժողովրդի մեջ գործելու: Եվ որովհետև հույս չուներ առաջին անգամից իսկ հին սերունդի վրա ազդելու, ուստի որոշեց յուր բոլոր ուշադրությունը երիտասարդության վրա դարձնել։ Նույնիսկ գործելու եղանակը որոշող հրահանգները, որոնց նա ստացել էր մտերիմները ընկերությունից, նույն խորհուրդն էին տալիս ամեն մի գործողի, այսինքն թե՝ մի նոր միտք կամ վարդապետություն առաջ տանելու համար՝ նախ պետք է քարոզել երիտասարդներին, տհասներին և տգետներին։ Սա հին փորձառության խոսքն էր, որ նոր գործողների համար օրենք էր դարձել։
Այսուամենայնիվ, յուր նպատակին հասնելու համար Մոմճյանին պակասում էր ամենագլխավոր գործիքը, այն է լեզուն։ Նա պետք է գործեր հայրենակից հայերի մեջ, իսկ նրանից շատերի հետ խոսեր մայրենի լեզվով, որը դժբախտաբար չգիտեր։ Այժմ ճանաչեց նա յուր սխալը և խոստովանեց հոր խորհրդի բանավոր լինելը։
Այսուամենայնիվ, դեռ ուշ չէր. նա երիտասարդ էր և կարող էր շատ բան սովորել: Ուստի, որպեսզի յուր առաքելական գործունեությունն արգելքների չհանդիպի, նա սկսեց մի կողմից երիտասարդության հետ ծանոթանալ և մյուս կողմից հայերեն սովորել։ Նրա իսկական վարժապետները եղան յուր հայախոս ծանոթները և տեղական հայ թերթերը:
Մոմճյանին, իհարկե, հարկավոր չէր հայոց լեզվի խորին հմտություն, այլ փոքր ի շատե ազատ խոսելու և գրական հասարակ լեզվով գրելու վարժությունը: Յուր ուշիմության շնորհիվ այդ էլ կարճ ժամանակի մեջ ձեռք բերավ նա և ամեն բանով դարձավ կատարյալ:
Այժմ մնում էր գործել:
Բայց ի՞նչ պիտի գործեր։ Յուր նոր մտքերը, նոր գաղափարները հասկանալի էին լինում միայն նրանց, որոնք օտար հոգվով սնված, օտար զգացումներով զարգացած էին: Դրանց մեծ մասն ուսանողներ կամ օտարախոս օրիորդներ էին: Այդպիսիները սակավաթիվ լինելուց զատ՝ հայ ժողովրդի մեջ գործելու բարեմասնություններից էլ զուրկ էին:
Պետք էր, ուրեմն, ուրիշ շրջաններ մտնել: Եվ ահա Մոմճյանը մոտեցավ հոգվով ու սրտով հայ երիտասարդության: Դրանք գլխավորապես հայ ժողովրդի միջից եղած, հայ ծոցում մեծացած, հայության կյանքով ապրած գավառացիներն էին: Բшյց երիտասարդ առաքյալը դժգոհությամբ տեսավ, որ սրանց էլ զբաղեցնում ու ոգևորում են ուրիշ մտքեր, ուրիշ գաղափարներ, ուրիշ իդեալներ, այսինքն այն բոլորը, ինչ որ համաշխարհաքաղաքացու համար վաղուց հնացած և արհամարած բաներ էին:
Այսուամենայնիվ, այդ երիտասարդությունն ուժ էր ներկայացնում: Նա խմբվում էր հայ եկեղեցու, հայ քահանայի, հայ վարժապետի և, նամանավանդ, հայ խմբագրությունների շուրջը, տալիս էր նրանց ինչ որ ուներ և ստանում էր նրանցից կարոտում էր: Այդ երիտասարդոթյան հետ էր և ժողովրդի տգետ մեծամասնությունը, այդ երիտասարդության իդեալներով էր ոգևորվում և ամբոխը, որի ուժը միշտ պիտանի են համարել նորագույն վարդապետության բոլոր առաքյալները
Մոմճյանն յուր սուր հոտառությամբ հասկացավ, հնար է ճին իդեալներով ոգևորվող այս երիտասարդության դեմ կռվել կամ գրավել նրան յուր կողմը՝ առանց նրա պաշտած աստվածների առաջ ծունկ խոնարհելու։
Եվ ահա՛, նա փոխեց յուր հոգվո կերպարանքը և դիմակ հագավ. նա ներկայացրեց իրեն իբրև մինն այն երիտասարդներից, որոնք հին իդեալներով են ոգևորվում և այդ իդեալներին են նվիրված։
Եվ նա յուր հաշվի մեջ չսխալվեցավ։ Շուտով նրա շուրջը հավաքվեցան շատերն յուր ցանկացած մարդիկներից, որոնք մտերմացան նրա հետ, խորհուրդներ առին, խորհուրդներ տվին, գաղտնիքներ հայտնեցին և այլն։
Բայց որպեսզի յուր բարեկամներին ավելի սերտ կապե յուր հետ և նրանց թիվն ավելացնե, նա որոշեց հրատարակել նաև մի հայերեն թերթ, որն ապագայում ուրիշ նպատակների կարող էր ծառայել։
Սակայն յուր անցյալ և, ո՞վ գիտե, գուցե մոռացված, սխալանքների պատճառով, նա չէր կարող խմբագիր-հրատարակչի պատվին արժանանալ, այդ պատճառով հարմար դատեց նաև խմբագրի անուն կրող մի խրտվիլակ որոնելու, որը և գտավ մեր ընթերցողներին հայտնի Մանուկ Շաշյանի մեջ։
Թե այնուհետև ինչպես սկսեց գործել առաքյալ Մոմճյանը, մասամբ տեսանք և դեռ էլի կտեսնենք։
ԺԲ
ԱՆԼՈՒԾԱՆԵԼԻ ՀԱՆԳՈՒՑՑ
Երբ երիտասարդ Սարյանի փորձնական ծառայության առաջին շաբաթն անցավ, Մոմճյանը հանձնեց նրան «Փնջիկս»-ի խմբագրության գրական հարստությունը, որ բաղկացած էր բազմաթիվ հին ու նոր աշխատություններից՝ հոդվածներից, զրույցներից, պատկերներից, ոտանավորներից և այլն, և իրավունք տվավ նրան կարդալ այդ բոլորը, պիտանի գտածներն ուղղել ու հարմարեցնել տպագրության համար, իսկ անպետքները ձգել զամբյուղի մեջ։ Երիտասարդը մի օր շարունակ ուշի ուշով կարդաց այդ աշխատությունները և նրանց մեջ պիտանի ոչինչ չգտնելով բոլորն էլ ձգեց զամբյուղի մեջ։
Մոմճյանը, որ կարծում էր թե մի քանի համարի արդեն նյութ ունի պատրաստ, զարմացավ՝ լսելով Սարյանից, որ աոաջիկա համարը լցնելու համար նյութ չկա խմբագրության մեջ։
Ի՞նչ եք ասում, իմ ձեզ տված նյութերը մի քանի համար կլցնեին, իսկ դուք աոաջին համարի համար էլ չկարողացաք օգուտ քաղել նրանցից, դժգոհությամբ բացականչեց Մոմճյանը։
Այդ նյութերից անկարելի էր օգուտ քաղել, սառնությամբ նկատեց Սարյանը։
Ի՞նչ եք ասում, նրանցից շատերը հայտնի գրողների աշխատություններ էին։
Իմ կարդացածները բոլորն էլ դպրոցական համբակների և անգրագետ մարդկանց անմիտ ու անբովանդակ գրվածքներ էին։
Անկարելի է։
Ի՞նչ է անկարելի, քանի որ այդպես էր։
Սխալվում եք։
Ո՛չ, չեմ սխալվում։
Անպատճառ սխալվում եք, պարոն Սարյան, որովհետև նրանց մեջ իմ գրվածքներն էլ կային, եռանդով բացականչեց խմբագիր Շաշյանը, որը նույնպես զարմացել էր Սարյանի զեկուցումը լսելով։
Երիտասարդ աշխատակիցը մի կարեկցական հայացք ձգեց խմբագրի վրա և ժպտաց։ Իսկ Մոմճյանը նրա անտեղի միջամտության վրա բարկանալով՝ ի նշան դժգոհության՝ բռունցքը զարկեց սեղանին։ Ապա դեպի Սարյանը դառնալով հարցրեց։
Այսուամենայնիվ, այդ նյութերը հո չոչնչացրի՞ք:
Համաձայն ձեր կարգադրության բոլորն էլ զամբյուղը թափեցի։
Զամբյո՞ւղը թափեցիք։ Օ՜, այդ արդեն չափազանց է. հեղինակությունների հետ այդպես անգթաբար չեն վարվում։ Դուք, կարծեմ, այդպես կարգադրեցիք։
Այո՛, բայց իմ կարգադրությունը միայն անպետքների մասին էր։
Ես էլ միայն անպետքները թափեցի զամբյուղը։
Իսկ պիտանինե՞րն ինչ արիք։
Պիտանիներ չկային։
Ախ, պարոն Սարյան, ինչ եք ասում, մի՞թե կարելի է. ո՞ւր է. տվեք ինձ այդ նյութերը։
Սարյանը զամբյուղը Մոմճյանի առջևը դրավ։
Հապա, կարդացեք. ինչ բանի մասին է գրված, օրինակ, հենց այստեղ։ Մոմճյանը ձեռքը զամբյուղը տանելով և մի հաստ տետրակ հանելով՝ տվավ այն Սարյանին։
Սա իբրև թե մի վիպակ է։
Ի՞նչ կնշանակե «իբրև թե»։
«Իբրև թե» կնշանակե այն, որ հեղինակը յուր գրվածքի անունը «Վիպակ» է դրել, իսկ նա մի տղայական, անմիտ, անճաշակ, հակասություններով լի և մանավանդ անճոռնի լեզվով դրված մի առասպել է։
Շատ լավ. ձեր պաշտոնն էլ հենց այն է, որ անճոռնի լեզուն ուղղեք...
Ենթադրենք թե լեզուն ուղղեցի, իսկ նրա անմիտ ու անճաշակ բովանդակությու՞նը, նրա հակասություններն ի՞նչ անեմ, ես խո չեմ կարող այդ թերություններն էլ ուղղել։
Իսկ սա՞ ինչ բան է, նորեն մի գրվածք հանելով զամբյուղից, հարցրեց Մոմճյանը։
Սա էլ, իբրև թե, ոտանավոր բանաստեղծություն է։
Դարձյա՞լ «իբրև թե», զարմանում եմ, եթե բանաստեղծություն է, ուրեմն բանաստեղծություն է։
Այդպես է գրված ոտանավորի վերնագրի տակ, փակագծերի մեջ։
Եթե այդպես է գրված, ուրեմն բանաստեղծություն է :
Ոչ, պարոն. դա մի համբակի, կամ, գուցե, հայոց լրագիրներով հայերեն սովորող մի տիրացուի խելքի արտադրությունն է։
Հապա կարդացեք լսենք։
Լսեցեք, վերնագիրն է՝ «Խավարի թագավոր»։ Գեղեցիկ վերնագիր է, վկայեց Շաշյանը։
Այո՛, բայց շարունակությունն ավելի գեղեցիկ է» ծաղրաբանեց Սարյանը և շարունակեց.
Արևի կարմիր ջահերը կախված
Սարերի տակին խավարր թաք կացած,
Ով որ անցնում էր, տեսնում էր հանկարծ,
Որ թռչուններր երգում են կանգնած...
Շատ սիրուն ոտանավոր է. շարունակեցեք, նկատեց Մոմճյանը:
Շարունակեցեք, դա մեր լավ բանաստեղծներից մեկի անդրանիկ բանաստեղծությունն է, հարեց Շաշյանը։
Դուք կամենում եք ինձ ծաղրել, վրդովված նկատեց Սարյանը։
Ծաղրե՞լ. ինչո՛ւ համար, զարմացած հարցրեց Մոմճանը:
Երբ այս տեսակ գռեհիկ ու անճոռնի գրվածքները բանաստեղծություն եք անվանում, այդ նշանակում է, որ ինձ ծաղրում եք, որովհետև ես նրանց արժեքը չհասկանալով զամբյուղն եմ ձգել։
Ընդհակառակը, այդ վարմունքը պատիվ է բերում ձեզ. կնշանակե դուք ավելի արժանավոր գրվածքներին եք նշանակություն տալիս։ Բայց իբրև գաղտնիք պիտի նկատեմ, որ եթե մենք ձեզ նման վարվելու լինինք մեզ ղրկած բոլոր գրվածքների հետ և նպատակ շինենք մեզ համար՝ միմիայն շնորհալի և արժանավոր գրվածքները մեր թերթում զետեղելու, այն ժամանակ ստիպված պիտի լինինք երեք համարի փոխարեն մեկը հրատարակել։
Կնշանակե ձեր ամեն մի թերթի երկու երրորդականն անպետք նյութերով պիտի լցնեք:
Իհարկե, ուրիշ կերպ անկարեքի է:
Բայց այդ պատիվ չի բերիլ թերթին։
Էհ, բարեկամ, հայերի մեջ <<հաստ ու բարակ մի գին ունի, վա՜յ բարակ մտնողի>>։
Այդպես խոսում ու դատում են ամբոխի մարդիկ, տգիտության ստրուկները։ Բայց խմբագրության առաջնորդողներին, գիտության ու լուսավորության զինվորներին վայել չէ կարծեմ այդ օրինակով խոսել, համեստությամբ նկատեց Սարյանը:
Այդ մենք էլ գիտենք, բայց անկարելին չեք կարող կարելի դարձնել. մեր ժողովրդի խելքն ու միտքը ամուլ է. նրա արտադրածն ահա՛ այս է, ինչ որ տեսնում եք։ Մենք հո չենք կարող բոլոր թերթը մեր սեփական գրվածքներով լցնել։
Սարյանը լռեց և սկսեց մտածել։
Ուրեմն առաջիկա համարի համար ընտրեցեք այս նյութերից մի քանի բան։
Թույց տվեք, որ առաջիկա համարի համար ինքս նյութ պատրաստեմ, գեղեցիկ համարձակությամբ առաջարկեց Սարյանը։
Դո՞ւք։
Այո՛:
Միայնա՞կ։
Ա՛յո, միայնակ, կամենում եմ ուժս փորձել։
Պատրաստեցեք, եթե կարող եք. դա մի սյուպրիզը կլինի մեր խմբագրության համար, ասաց Մոմճյանը ծիծաղելով:
Մանավանդ, եթե ձեր դրած ամեն մի հոդվածի տակ զատ-զատ ստորագրություններ դնեք, նկատեց Շաշյանը։
Ես հոդվածները կպատրաստեմ, իսկ պարոն Մոմճյանը թող հարմար դատած ստորագրությունները դնե, պատասխանեց Սարյանը և նույն րոպեից էլ գործի սկսավ։
Երկու օրից ետ լույս տեսավ «Փնջիկի»֊ի սպասված համարը, որի խմբագրականը միայն Մոմճյանինն էր, իսկ մյուս հոդվածները Սարյանինը։ Համարն աղմուկ հանեց։ Թե՛ բաժանորդները և թե՛ խմբագրության բարեկամները գոհությամբ նկատեցին թերթի մեջ եղած արժանավոր փոփոխությունը և համակրական խոսքերով ու նամակներով շնորհավորեցին խմբագրին, նրա նոր աշխատակիցների մասնակցությունը։
Մոմճյանն այս անգամ վերջնականապես համոզվեց, որ յուր գյուտն աննման և անզուգական է։ Եվ վախենալով, թե մի՛ գուցե այնուհետև մյուս խմբագրությունները աշխատեին հեռացնել իրենից այդ տաղանդավոր երիտասարդին, որը օժտված էր հրապարակախոսական ասպարեզում գործելու ամեն բարեմասնություններով, մտածեց մի ամուր և անլուծանելի հանգույցով կապել նրան «Փնջիկ»֊ի խմբագրության հետ։ Դրա համար նա երկար չմտտծեց: «Մտերիմների ընկերությունից» ստացած հրահանգի մեջ կային հոեդվածներ, որոնք սովորեցնում էին նրան ցանկացած մարդուն «անլուծանելի հանգույցով» կապելու միջոցները։ Նա թերթեց այդ հրահանգը և ընտրեց հարմարագույն միջոցը։
Բայց, իհարկե, այդ մասին ոչ ոքի ոչինչ չհայտնեց, որովհետև դեռ «Մտերիմների ընկերության» աշակերտ եղած ժամանակից գիտեր, որ մի բարեկամի գաղտնիք հայտնելը տասը թշնամու հայտնել կնշանակե։
Այսուամենայնիվ, որոշյալ միջոցը միայնակ գործադրել չէր կարող, նա ստիպված էր գոնե խմբագիր Շաշյանին գործակցության հրավիրելու։ Այս պատճառով առաջարկեց նրան խոսել տանտիրուհու հետ, որ յուր բնակարանին կից սենյակը զիջանե Սարյանին։
Այդ սենյակում Մովսիսյանն է ապրում և հազիվ թե տիկին Մարթան հեռացնե նրան, ասաց Շաշյանը։
Ի՞նչ կնշանակե հազիվ թե. չէ՞ որ նրա համար միևնույն է, թե ով է յուր սենյակում ապրում. բավական է, որ վարձը ժամանակին վճարե:
Ոչ. միևնույն չէ. Մովսիսյանին նա մի փոքր առավելություն է տալիս։
Պատճա՞ռը։
Պատճառը այն է, որ օրիորդ Շուշանը սիրում է Մովսիսյանին։
Մի՞թե։
Ինչպես չէ։
Իսկ տիկին Մարթան համակրո՞ւմ է այդ բանին։
Անշուշտ։ Չէ՞ որ մեր ասելով նա Մովսիսյանին հարուստ մարդու որդի է ճանաչում։
Մոմճյանը լռեց և ձեռքը դեպի ճակատը տանելով սկսեց մտածել։ Նա կարծես աշխատում էր մտաբերել մի բան, որը վաղուց մոռացել էր։
Չե՞ք հիշում, արդյոք, Մովսիսյանի մասին ե՞ս խոսեցի տիկին Մարթայի հետ, թԵ՞ դուք, երկար մտածելուց հետո հարցրեց Շաշյանին։
ինչպես չէ, հիշում եմ. Մովսիսյանի մասին ես խոսեցի տիկնոջ հետ։
Իսկ ի՞նչ, խոսածներիցդ չե՞ք հիշում։
Հիշում եմ. ասացի, որ ուսումնական երիտասարդ է, հարուստ մարդու որդի է, ազնիվ սրտի ու մաքուր վարք ու բարքի տեր է, միով բանիվ ասացի այն բոլորը, ինչ որ դուք այն ժամանակ թելադրեցիք ինձ։
Բայց չե՞ք Հիշում արդյոք, ձե՞ր կողմից հաղորդեցիք այդ տեղեկությունները, թե՞ ասացիք, որ ինձանից եք լսել։
Հիշում եմ. ինչպե՞ս չեմ հիշում. այդ տեղեկություններն իմ կողմից հաղորդեցի, այդպես էլ դուք այն ժամանակ պատվիրեցիք ինձ։
«Ուրեմն դեռ ուշ չէ, սխալը կարելի է ուղղել», շշնջաց ինքն իրեն Մոմճյանը և դիմեց տիկին Մարթայի մոտ։
Տիկին Մարթան Մոմճյանի ամեն մի առաջարկությունը սիրով կատարում էր, որովհետև այդ անօգուտ չէր անցնում յուր համար։ Սակայն Մովսիսյանին հեռացնելու մասին արած առաջարկությունը դժղոհությամբ լսեց։ Պատճառն այն էր, որ նա կարծում էր թե՝ այդ առաջարկությունը կատարելով վնաս կստանա։ Իսկ այդ վնասը պիտի վերաբերեր ոչ թե նրա նյութականին, այլ այն ընտանեկան բախտին, որի վերաբերմամբ առհասարակ, զիջողություններ չեն անում։
Ես մտածում էի հաշտեցնել ձեզ Մովսիսյանի հետ, իսկ դուք դեռ պահանջում եք, որ այստեղից էլ հեռացնեմ նրան, հարցրեց նա Մոմճյանին։
Ես այլևս չեմ կարող հաշտվել նրա հետ, պատասխանեց վերջինս։
Ինչո՞ւ։
Որովհետև խիստ դյուրագրգիռ և հակառակասեր բնություն ունի, իսկ նրա այդ բնությունը վնաս է բերում մեր գործին։
Այսքան ժամանակ աշխատում էիք միասին և, սակայն, ոչ մի անգամ դժգոհություն չհայտնեցիք։ Լռում էի գործի սիրույն համար, ապա թե ոչ նրա կոպտությունը վաղուց զզվեցրել էր ինձ։
Ես այդ չգիտեի։
Ինչո՞ւ չգիտեիք, ինքներդ հո մի քանի անգամ հաշտության միջնորդ եք եղել նրա և Շաշյանի մեջ։
Այո՛, բայց Շաշյանը...
Հասկանում եմ, կամենում եք ասել, որ Շաշյանը հիմարին մեկն է։ Իրավունք ունիք։ Բայց Մովսիսյանը նրանից ոչնչով ավելի չէ։
Այդպես մի՛ խոսեք խնդրեմ, ես վիրավորվում եմ:
Վիրավորվո՞ւմ եք... և ինչո՞ւ։
Պատճառը գաղտնիք է։
Այսուամենայնիվ ինձ նման բարեկամին կարող եք հայտնել։
Եթե խոստովանանք պահեք։
Ի՞նչ խոսք է այդ։
Մովսիսյանը իմ փեսացուն է:
Ձե՞ր փեսացուն։
Այո՛:
Օ՜, այդ նշանավոր գաղտնիք է. շնորհավորում եմ։
Շնորհավորեցեք, բայց առանց կատակի։
Շնորհավորում եմ առանց կատակի, բայց, ասացեք խնդրեմ, օրիորդ Շուշանը համաձա՞յն է ձեր ընտրությանը։
Շուշանը սիրում է Մովսիսյանին։
Անկարելի է։
Հաստատ խոսք եմ ասում։
Զարմանում եմ։
Մովսիսյանն էլ Շուշանին է սիրում։
Այդ, ասենք, զարմանալի չէ. ձեր աղջիկը այնպիսի առավելություններ ունի, որ Մովսիսյանից ավելի արժանավոր երիտասարդներ էլ կսիրեին նրան։ Զարմանալին ա՛յն է, որ Շուշանը հավանել է Մովսիսյանին։
Ինչո՞ւ չպետք է հավաներ։
Ես ոչ ոքի մասին վատ խոսել չեմ կարող, բայց, իբրև ձեր տան բարեկամ, խորհուրդ կտամ, որ աշխատեք հեռացնել ձեզանից այդ երիտասարդին։ Պատճա՞ռը։
Պատճառր գաղտնիք է։
Բայց ինձ կարող եք ասել։
Եթե խոստովանանք պահեք։
Դուք էլ իմ խոսքն եք կրկնում. լավ, կպահեմ։
Շուշանին կամենում եմ ավելի լավ երիտասարդի հետ ամուսնացնել։
Եվ ո՞վ է դա։
Մի երիտասարդ, որ Մսվսիսյանից տասն անգամ ավելի գեղեցիկ, ավելի ուսումնական և ավելի հարուստ է։
Բայց ո՞վ է դա վերջապես։
Մի գավառացի։
Անո՞ւնը։
Վահան Սարյան։
Ի՞նչ գործով է պարապում։
Հարուստ տղա է, եկել է Թիֆլիս մեր սիրած գործերովն զբաղվելու։ Բայց այստեղ, հո գիտեք, հազար տեղից կարող են քարշ տալ նրան։ Այդ պատճառով ցանկանում եմ, որ բերենք քեզ մոտ և այստեղ մեր աչքի առաջ և մանավանդ ձեր հսկողության ներքո պահենք, մինչև որ բանը սարքենք։
Տիկին Մարթան, որ միշտ այն կարծիքին էր թե՝ յուր աղջկանը ուզող չի լինի և այդ պատճառով Մովսիսյանից պինդ էր բռնել, հարուստ և գեղեցիկ Սարյանի մասին լսելով սկսեց տատանվել։ Եթե Մովսիսյանը մինչև անգամ նշանված լիներ Շուշանի հետ, այդ հանգամանքը դարձյալ չէր կարող ստիպել Մարթային, որ լավագույն փեսան ձեռքից թող տա։ Սա ուշադրության արժանի խնդիր էր։ Ուստի սկսեց երկար ու բարակ հարցափորձել Մոմճյանին յուր հիշած երիտասարդի համար, իսկ Մոմճյանը ամենալավ և գրավիչ գովեստները շռայլեց նրա մասին։
Եվ որովհետև Մարթան փորձով գիտեր, որ Մոմճյանի բոլոր առաջարկությունները կատարելով շարունակ օգուտ էր ստացել, ուստի որոշեց Մովսիսյանին հեռացնելու մասին արած առաջարկությունը ևս անհապաղ իրագործել։ Բայց ամենից առաջ ցանկացավ ապագա փեսացուն տեսնել։ Մոմճյանը խոստացավ բերել նրան։ Նույն ավուր երեկոյան, տիկին Մարթայի մեզ ծանոթ հյուրասենյակում, սպասում էին պ. Սարյանին տանտիրուհին, յուր աղջիկը և խմբագիր Շաշյանը։ Վերջինս վաղօրոք պատվեր էր ստացել Մոմճյանից այն եղանակով խոսել Սարյանի մասին, ինչ եղանակով որ ինքն էր խոսացել։ Ուստի տիկ. Մարթան սրանից էլ նույնպիսի գովություններ լսեց նորեկի մասին, ինչպես Մոմճյանից էր լսել։ Այդ պատճառով սպասում էր Սարյանին գրեթե անհամբերությամբ։
Ինչ օրիորդ Շուշանին էր վերաբերում, նա առայժմ հանգիստ նստած և դեպի լսածները անտարբեր, մտածում էր միայն Մովսիսյանի մասին, որին համոզված էր թե սիրում է ջերմությամբ։ Մոր այն հայտարարությունը, թե սպասում է լավագույն փեսայի, աղջկա սրտին ոչ մի հուզում չպատճառեց, որովհետև Շուշանը թեպետ մոր խոսքերը լսում և հրամանները կատարում էր, բայց յուր սրտում, ոչ հարգում էր նրան և ո՛չ նշանակություն էր տալիս նրա խոսքերին։ Նա ուներ յուր սեփական աշխարհը, որի մեջ առանձնացած ապրում էր ինքը մեն-միայնակ։ Վերջին ժամանակները միայն առ ի չգոյե մի սրտակցի նա սկսեց մտերմանալ Մովսիսյանի հետ և յուր սրտում ծածկած գաղտնիքները երբեմն-երբեմն բանալ նրան։ Այդ գաղտնիքներից մինը օրիորդի դեպի Մոմճյանն ունեցած ատելությունն էր, որը գնալով սաստկանում էր և որից իսկապես գրգռված Մովսիսյանը, կռվեց Մոմճյանի հետ և «Փնջիկ»-ի խմբագրությունից հեռացավ։
Ի՞նչն էր պատճառը, որ օրիորդը արհամարհում էր մորը և ատում էր Մոմճյանին, դա էլ մի գաղտինք էր, որը խեղճ աղջիկը թաքցնում էր յուր սրտում՝ առանց, նույնիսկ, Մովսիսյանին հայտնել կարողանալու։ Վերջինը այսքան միայն գիտեր, որ Շուշանը ատում է Մոմճյանին և այն՝ այս ու այն սովորական պատճառներով, ուստի ինքն էլ սկսել էր ատել նրան. բայց թե օրիորդը մորն էլ արհամարհում էր, այդ չգիտեր որովհետև Շուշանը երդվել էր բուն գաղտնիքը ոչ ոքի չհայտնել և յուր հետ գերեզման տանել։
Մենք էլ, ուրեմն, նրա որդիական պատվասիրությունը հարգելով, կլռենք այս մասին, որովհետև տգեղ և ազնիվ ճաշակը վիրավորող նորություններն ավելի լավ է ծածկել, քան երևան հանել...
Վերջապես Մոմճյանը եկավ բերելով յուր հետ Վահան Սարյանին, որին և ծանոթացրեց թե՛ տանտիրուհու և թե՛ օրիորդի հետ:
Տիկին Մարթան Մոմճյանի պատմածից ավելի գեղեցիկ գտավ նորեկ երիտասարդին. իսկ Շուշանը գրեթե հիացած սկսեց դիտել նրա բարձր ու բարեձև հասակը, դեմքի առնական գեղեցկությունը, խելոք ու գրավիչ աչքերը, ազդու հայացքը, աղու ժպիտը, լայն ու ազնիվ ճակատը, բնիկ սյունեցու թուխ գանգրավոր մազերը և ի վերջո այն գրավիչ համեստությունը, որ կրկնակի փայլ ու շուք էր տալիս նրա ընդհանուր գեղեցկությանը։
Տիկին Մարթան յուր սովորական ճարտարախոսությամբ սկսեց զբաղեցնել հյուրին և խոսակցությունն ընդհանրացնել։ Մոմճյանն յուր կողմից օգնում էր նրան, իսկ Շաշյանը աշխատում էր հիմար կարծիքներ չհայտնել։ Ինչ օրիորդ Շուշանին է վերաբերում, նա դեռ շարունակում էր դիտել գեղեցիկ երիտասարդին և հիանալ նրանով. այդ հիացումը ավելանում էր, մանավանդ, երբ երիտասարդը սկսում էր խոսել յուր մեղմ ու համոզկեր ձայնով և խելոք ու հակիրճ պատասխաններ էր տալիս իրեն առաջարկված հարցերին։
Վերջապես տիկին Մարթան զրկեց Շուշանին նորեկ երիտասարդին շարունակ դիտելու հաճույքից, հրամայելով նրան թեյ բերել հյուրերի համար։
Օրիորդը շտապեց կատարելու մոր հրամանը, և այս անգամ առանց դժգոհության, որովհետև թեյ վայելողների մեջ կար գոնե մեկը, որին նա արժանավոր անձն էր համարում։ Բայց այստեղ, յուր առանձնության մեջ, նա մտաբերեց հանկարծ Մովսիսյանին և դատապարտեց իրեն, որ մի անգամ արդեն այդ երիտասարդին սիրելուց ետ՝ թույլ է տալիս իրեն մի ուրիշ երիտասարդի գեղեցկության վրա ուշադրություն դարձնելու, որը յուր կարծիքով, հանցանք գործելու հավասար է։
Այսուամենայնիվ, երբ նա թեյը ձեռքին նորից հյուրասենյակը մտավ, յուր աչքերն ամենից առաջ նորեկ երիտասարդի վրա ուղղվեցան, կարծես էլ ուրիշ ոչ մեկին տեսնելու պայմանով։ Օրիորդը բաժանեց թեյը և հակառակ յուր դիտավորության, փոխանակ մյուս սենյակը վերադառնալու մնաց հյուրասենյակում և նստեց ուղիղ Սարյանի հանդեպ:
Տիկին Մարթան դիտում էր յուր դստեր շարունակ դեպի նորեկը ուղղվող հայացքները և զվարճանում, իսկ Մոմճյանը մոր և աղջկա դեպի յուր բարեկամն ունեցած այդ համակրությունը նկատելով, և այդ բանի մեջ յուր ծրագրի ապագա հաջողության գրավականը տեսնելով, ուրախանում և հրճվում էր:
Երբ հյուրասիրության վերաբերյալ ժամերը լրացան, տիկին Մարթան կամեցավ խոսք բանալ նորեկ երիտասարդին բնակարան տալու մասին՝ բայց որովհետև դեռ այդ առթիվ Շուշանի հետ չէր խոսել, ուստի կանչեց նրան մյուս սենյակը և նրա կամքը հարցրեց.
Արա՛, ինչպես հարմար ես դատում, ասաց նա, այդ գործին ես խառնվել չեմ կարող:
Բայց գործը իսկապես քեզ է վերաբերում նկատեց մայրը։
Ինչպե՞ս թե ինձ է վերաբերում։
Իհարկե, քեզ է վերաբերում: Ես հո սենյակը վարձով տալու մասին չեմ մտածում. թե խնդիրը միայն այդ լիներ, քեզ ի՞նչ ունեի հարցնելու, և մանավանդ թե՝ ի՞նչ հարկ կար Մովսիսյանին հեռացնելու, միևնույն վարձը, որ ուրիշը պիտի վճարե, նա արդեն վճարում է։ Բայց բանն այն է, որ մեր սենյակում ապրող երիտասարդներից մինը քո ապագա ամուսինը պիտի լինի, այժմ ասա, որի՞ն ես ընտրում՝ Մովսիսյանի՞ն, թե՞ այս նոր երիտասարդին։
Ոչինչ չգիտեմ, աչքերը գետին խոնարհելով շշնջաց Շուշանը։
Ինչպե՞ս թե ոչինչ չգիտես, քսան տարեկան աղջիկ ես և ոչինչ չգիտես. խոսիր էլի։
Ի՞նչ խոսեմ։
Իմ թույլտվությամբ դու Մովսիսյանի հետ բավական մտերմացել ես այդ գիտեմ. որ սիրում է քեզ, այդ էլ գիտեմ։ Բայց խնդիրն այս է, որ նա դեմքով տգեղ, բնությամբ՝ անհամբեր, շուտ բարկացող, կռվասեր է. և թե պսակվես նրա հետ, կարող է պատահել, որ շատ նեղություններ պատճառե քեզ. դու նրա այժմվա վարմունքից մի խաբվիր.բոլոր երիտասարդները այդպես են. ամուրի ժամանակ մեղր ու շաքար են երևում, բայց հենց որ պսակվում են, լեղի ու քացախ են դառնում։
Միևնույնն էլ այս պարոնը չի՞ դառնալ։
Չէ. սրա դեմքից ու աչքերից երևում է, որ մեղր ու շաքար էլ կմնա, լավ տղա է. սրա մեկ բոյ ու բուսաթը տասը Մովսիսյան արժե։ Դու էլ աչքեր ունես, տեսնում ես չէ՞։
Դու հենց տղայի մասին ես խոսում, մի չես հարցնում թե քո աղջկան էլ հավանող կա՞, թե ոչ։
Իմ աղջկան ո՞վ չի հավանիլ. փառք աստուծո, ի՞նչ պակասություն ունիս. թե մի տասից ցածր ես, քսանից էլ բարձր ես, աշխուժով նկատեց տիկին Մարթան, բայց հետո ինքն յուր խոսքին կարծես չհավատալով նայեց աղջկան, համեմատեց նրան նորեկ երիտասարդի հետ և ընկավ մտածմունքի մեջ։
«Իրավ, այս բանի համար չխոսացինք, մտածում էր տիկինը. գուցե այդ տղան չհավանեց Շուշանիս, ինչո՞ւ Մովսիսյանին հեռացնեմ, թող առաջ Մոմճյանը հաստատ խոսք տա ինձ, որ յուր բարեկամը կուզե իմ աղջկան, այն ժամանակ Մովսիսյանին կհեռացնեմ ...»։
Այս մտադրությամբ նա կամենում էր կանչել Մոմճյանին՝ մեկ էլ հանկարծ միտքը փոխեց. «Ո՞վ կարող է իմ ձեռքից խլել այդ տղային, կամ ինչպե՞ս կարող է նա իմ ճանկերից ազատվել։ Թող մի իմ տունը մտնի, թող ապրի ինձ մոտ մի ամիս, հետո տեսնեմ ինչպե՞ս չի ուզում իմ աղջկան...», մտածեց տիկին Մարթան և վերջապես որոշեց յուր աղջկա բախտը։
Հա՛, հիմա ի՞նչ ես ասում, դարձավ նա Շուշանին։
Ի՞նչ պիտի ասեմ, իմ ասելիքս ասացի, առաջ տղայի կամքը պիտի հարցնես...
Դրա մասին մի՛ մտածիլ. նա քո փեսացուն կլինի» վճռաբար խոսեց մայրը։ Ուրեմն ղո՛ւ գիտես, արա`, ինչպես կամենում ես, ոչ մի բանում չեմ խառնվիլ, ասաց Շուշանը և հեռացավ։ Տիկին Մարթան նայեց աղջկա ետևից, մտածեց մի փոքր և ապա գլուխը խորհրդավոր եղանակով շարժելով ինքն իրեն շշնջաց.
«Կհավանես, կհավանես, նրա պես տղին ո՞վ չի հավանիլ: Ուզում ես ասել «դեն ձգիր՝ ջեբս ձգիր», թող այդպես լինի, բայց մենք գնանք աղոթենք, որ տղան քեզ հավանի, թե չէ փեշերդ էլ են հոժար...»։ Այս ասելով գնաց նա հյուրերի մոտ և Մոմճյանին առանձնացնելով հայտնեց նրան յուր համաձայնությունը՝ Մովսիսյանին հեռացնելու և Սարյանին ընդունելու համար:
Մոմճյանը սրտագին շնորհակալություն արավ տիկնոջը և ապա երկուսը միասին խորհրդակցելով Սարյանի՝ իրենց մոտ գալու օրը որոշեցին։
Եթե կան աղջիկներ, որոնք ազնիվ զգացումների գերի և գեղեցկի ու վսեմի երկրպագուներ են, որոնց գրավում է միայն կատարյալը և որոնք նյութականը գաղափարականին զոհելու մեջ հոգեկան հաճույք են զգում, կան նաև աղջիկներ, որոնք չնայելով, որ ստեղծված են նույնչափ քնքուշ ու բարի, որքան հիշյալները, սակայն հոգով ու սրտով հաշիվների գերի և հաջողության ու բախտի երկրպագուներ են. կատարյալի հետ միասին նրանց գրավում է նույնիսկ ոչնչությունը, եթե նա տեր է նյութական կարողության։ Այդ տեսակները առհասարակ անվանվում են փորձառու կամ գործնական։
Օրիորդ Շուշանը վերջին տեսակի աղջկերանց կարգին էր պատկանում։ Նրա բնավորության արտաքինը, թեպետ համակրելի, բայց ներքինը մոր հոգվո պատկերն էր կրում յուր վրա։ Բոլոր մյուս աղջկերանց պես նա էլ ցանկանում էր ամուսնանալ և, իհարկե, արժանավոր երիտասարդի հետ։ Իսկ արժանավոր նա համարում էր նրան, ով կարող էր ապրեցնել իրեն անկարոտ։ Գուցե այն ընտանիքը կամ շրջանը, որի մեջ ապրում էր նա և որից օր առաջ կամենում էր ազատվել այդ համոզմունքին էին բերել նրան, գուցե փորձառությունը, որ հարստության մեջ ծերերի, իսկ աղքատության մեջ նաև երիտասարդների բաժինն է, սովորեցրել էր այդ աղջկան թերահավատությամբ նայել դեպի սերը և քնքուշ զգացումները և հավատով միայն՝ դեպի նյութական կարողությունը, այսպես թե այնպես նա ամուսնո արժանիքը նրա նյութական զորության մեջ էր որոնում։
Եվ որովհետև նա Մովսիսյանին, յուր տեսակետից նայելով, արժանավոր էր համարում, ուստի նրան էլ փեսացու ընտրեց։ Բայց հետո, երբ հարցը եկավ Սարյանին, որի համար ասում էին թե առաջինից ավելի արժանավոր է, այսինքն հարուստ է, Շուշանը նրան գերադասեց, մանավանդ որ մայրն էլ այդ ցանկանում էր։ Բացի այդ, Սարյանը Մովսիսյանից ավելի գեղեցիկ ու շնորհքով երիտասարդ էր. այդ հանգամանքը նույնպես օգնում էր Շուշանին, որ նա չզգա այլևս խղճի այն խայթը, որը տանջում էր նրան մի փոքր առաջ, Սարյանի գեղեցկությամբ գրավված ժամանակ։
Այս էր պատճառը, որ հետևյալ օրը, երբ տիկին Մարթան առաջարկեց Մովսիսյանին դատարկել յուր սենյակը, առարկելով նրան, որ շուտով պիտի ընդունե այդտեղ յուր հիվանդ քրոջը, օր. Շուշանը դուրս չեկավ յուր առանձնարանից և չկամեցավ գոնե մի քանի քաղցր խոսքերով ամոքել այն երիտասարդին, որին դեռ մի օր առաջ յուր փեսացուն էր համարում։
Իզուր Մովսիսյանը խնդրում էր տիկ. Մարթային թույլ տալ իրեն տեսնվել Շուշանի հետ, իզուր սպասում էր, որ գոնե նրա հրաժեշտի ողջույնը ստանա։ Տիկինը հայտնեց, որ նա հիվանդ է, իսկ օրիորդը այդ իմանալով մնաց յուր թաքստի մեջ, մինչև որ խեղճ երիտասարդի վերջին իրեղենները դուրս հանեցին իրենց տնից։
Մովսիսյանը հեռացավ, բայց այն համոզմունքով ու հավատով թե՝ Շուշանը հիվանդացել է անշուշտ այն պատճառով, որ մայրը հեռացնում է իրեն յուր բնակարանից։ Ուստի հույս ուներ, որ երբևիցե առանձին կտեսնվեր նրա հետ և, եթե մոր այս վարմունքի մեջ որևէ գաղտնիք թաքնված լիներ, անպատճառ կիմանար։
Երկու օրից հետո Վահան Սարյանը տիկ. Մարթայի տնկեցն էր և (մոր ու աղջկա կարծիքով) Շուշանի փեսացուն:
Այդ ժամանակից սկսած օր. Շուշանի համար սիրելի դարձան այն սենյակը, ուր երիտասարդ Սարյանն էր ապրում և այն ծառայությունները, որ նա անում էր նրան, աշխատելով ամեն դեպքում քնքուշ ու պատրաստակամ երևալ և հաճելի լինել նոր տնկեցին, որպեսզի այդպիսով նախ համակրությունը և ապա թե սերը գրավել կարողանա։
Ինչ տիկին Մարթային է վերաբերում, նա կրկնապատկել էր յուր հոգսն ու խնամքը երիտասարդի համար։ Ամեն դյուրություններով նրան շրջապատելուց ետ, առանձին ուշադրություն էր դարձնում նաև նրա ճաշի ու ընթրիքի վրա. համեղ խորտիկներ էր ուտեցնում, անուշեղեններով ու ըմպելիքներով էր հյուրասիրում, և նայում էր նրա վրա ոչ իբրև տնկեցի, այլ իսկական փեսայի վրա, թեպետև զգուշանում էր, որ երիտասարդը այդ չիմանա։
Վահանը տեսնում էր այդ րոլորը և զարմանում, որ ամսական մի որևէ քսանհինգ ռուբլով այդքան դյուրություններով շրջապատել են իրեն և կամա- ակամա սկսում էր խորին հարգանք ու համակրություն տածել դեպի այն հաճելի և սիրելի ընտանիքը։ Նա սրան համեմատում էր մինչև անգամ Երեմյանների ընտանիքի հետ և շատ նմանություններ էր գտնում այդ երկուսի մեջ։ Այս հանգամանքը նույնպես նպաստում էր երիտասարդին անկեղծ բարեկամությամբ կապվելու յուր տանտիրուհու և նրա աղջկա հետ և Երեմյանների սիրելի բարեկամության կարոտը մասամբ սրանց բարեկամությունից առնելու։
Այսուամենայնիվ, տիկ. Մարթայի և նրա աղջկա աչառու վարմունքը պ. Շաշյանի աչքից չփախավ։ նա տեսնում էր, թե ինչպես նրանք Սարյանին առանձին պատիվներ էին տալիս, գգվում ու փայփայում էին, մինչդեռ յուր վրա ուշադրություն անգամ չէին դարձնում, չնայելով որ բնակարանի և ուտեստի համար ինքն էլ նույնքան էր վճարում, որքան և Սարյանը։ Նա նկատում էր, որ Սարյանի օրոք կերակուրները ավելի Տամեղ, ավելի բազմատեսակ են լինում, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ քաղցր խորտիկներ են պատրաստում, մինչդեռ դրանից առաջ այդպիսի արտակարգ դեպքեր հազիվ էին պատահում։ Այս անարդարությունները Շաշյանի նախանձը և բարկությունը շարժեցին, նա մինչև անգամ որոշեց մի օր հանդիսավոր եղանակով սեղանի վրա հայտարարել թե` ինքը «Փնջիկ»-ի խմբագրապետն է, իսկ Սարյանը լոկ յուր աշխատակիցը, միևնույն է ասել թե յուր գործակատարը, որի ապրուստի փողն անգամ ինքը պիտի վճարե. արդ, ի՞նչ իրավունքով տիկ. Մարթան և օր. Շուշանը նրան այդքան պատիվներ են տալիս, իսկ յուր վրա ուշադրություն անգամ չեն դարձնում։ Բայց հետո մտածելով, թե մի գուցե այդպիսով մի սխալ արած լինի և Մոմճյանի բարկությունը գրգռե, որոշեց նախ հայտնել նրան յուր դիտավորությունը, հապա թե գործաղրել։
Բայց երբ Մոմճյանին պատահելով պատմեց տիկ. Մարթայի և յուր աղջկա վարմունքը և հայտնեց յուր դիտավորությունը, Մոմճյանը ծիծաղեց։
Ինչո՞ւ համար եք ծիծաղում, հարցրեց խմբագիրը։
Քո միամտության վրա, հարեց Մոմճյանը։
Իմ ո՞ր միամտության վրա։
Այն, որ քո օգուտն ու վնասը ճանաչել և միմյանցից զանազանել չես կարողանում։
Իմ օգուտն այն է, որ իբրև խմբագիր ինձ անպատվե՞ն, վրդովված հարցրեց Շաշյանը։
Ո՛չ, քո օգուտն այն է, որ մեր աշխատակցին պատվեն այդ մարդիկը, որքան կարող են։ Չէ՞ որ այդպիսով նրանք ծառայություն են անում մեզ, այսինքն կողմնակի կերպով օգնում են, որ այդ երիտասարդը մեր բարեկամության հարգը ճանաչե և գնահատե։ Դու նախանձում ես, որ քո աշխատակցին երեք տեսակ կերակուր են ուտեցնում, որ նրա համար անուշեղեններ են պատրաստում, և կարծում ես, որ դրանով քո խմբագրական արժանապատվությունը վիրավորում են։ Ես, ընդհակառակը, ընդունում եմ, որ այդ ընտանիքը ճանաչելով Սարյանի արժանիքը և մեզ պիտանի լինելը, աշխատում են գրավել նրան և պահպանել, որպեսզի մեր գործին ծառայեցնեն, ըստ որում իրենք էլ այդ գործի բարեկամներն են։
Մոմճյանը ուրիշ անգամ արժանի չէր համարիլ Շաշյանին այս տեսակ բացատրություններ տալու, բայց երկյուղ կրելով թե մի գուցե նա մի անտակտ վարմունքով յուր ծրագիրները խանգարե, ավելորդ չհամարեք այո մի քանի խոսքերը ասելու:
Պ. խմբագիրը ճակատը կնճռեց և գլուխը ձեռքերի վրա հենելով՝ սկսեք մտածել։ Նրան այնպես էր թվում, թե յուր առաջ դրված խնդիրը մի մեծ փիլիսոփայական խնդիր է, որը պետք է զգուշությամբ լուծեր։ Ուստի երկար մտածելուց և հարցը ամեն կողմից քննելուց ու քրքրելուց ետ, եկավ այն եզրակացության, որ արդարև Մոմճյանը արդար է նկատում, որ Սարյանին պատվելը իրեն անպատվել չի նշանակում, հետևապես տիկ. Մարթայի և նրա աղջկա վարմունքը իրեն տխրեցնելու փոխարեն պիտի ուրախացնե։
Խմբագիրը այս ճշմարտությունները հանդիսավոր եղանակով խոստովանեց Մոմճյանի առաջ։ Վերջինս այս անգամ ծիծաղը զսպեց և խորհուրդ տվավ Շաշյանին սիրալիր վարվել Սարյանի հետ. բացի այդ, պատվիրեց նրան ուշի ուշով դիտել նրա և օրիորդ Շուշանի հարաբերությունը և ամեն տեսածն ու լսածը մանրամասնաբար հաղորդել իրեն։
Մի երեկո Շաշյանը սրտատրոփ և շնչարգել ներս մտավ Մոմճյանի մոտ, գլխարկը շտապ ձգեց մահճակալի վրա և աթոռի վրա ընկնելով խիսսշտ հոգածությամբ մի հառաչանք արձակեց։
Ինչ է պատահել, զարմացած հարցրեց Մոմճյանը։
Օ՛հ, տխուր, խիստ տխուր բան, գլուլխը շարժելով շշնջաց Շաշյանը և ճակատի քրտինքը սրբեց։
Ի՞նչ տխուր բան, հայտնեցեք էլի. դուք ինձ վախեցնում եք։
Մեր պատվական աշխատակցին պետք է անպատճառ տեղափոխենք։
Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել։
Օ՜, շատ տխուր, շատ ցավալի բան։
Բայց ասացեք վերջապես, համբերությունս հատեցրիք:
Դուք ինձ պատվիրեցիք դիտել նրա և օր. Շուշանի հարաբերությունը, չէ՞։
Այո', հետո՞։ Հետո այն, որ մենք վառոդը կրակին շատ ենք մոտեցրել։
Ի՞նչ կնշանակե այդ։
Այդ կնշանակե այն, որ մեր աշխատակցի և օրիորդի մեջ խիստ մտերմական հարաբերություններ են սկսվել:
Մտերմական հարաբերություննե՞ր։
Այո՛, որ շատ նման է սիրահարության, և ես կարծում եմ, որ այդ բանը էսօր-էգուց կնկատե տիկ. Մարթան և յուր աղջկա պատիվը վտանգից ապահովելու համար կստիպե Սարյանին հեռանալ յուր տնից։
Մոմճյանը ծիծաղեց։
Ինչո՞ւ համար եք ծիծաղում, չե՞ք հավատում ինձ, հարցրեց Շաշյանը։
Ոչ, հավատում եմ, բայց ծիծաղում եմ նրա համար, որ մի կարծեցյալ սիրահարություն վախեցրել է ձեզ։
Կարծեցյա՞լ. սխալվում եք. ես դիտում էի նրանց քայլերը ուշադրությամբ, իմ սրատես աչքերից ոչինչ չի թաքչիլ։ Թե՛ ճաշի վրա և թե՛ թեյի ժամանակ օրիորդն ու Վահանը շարունակ միմյանց են նայում և այն սիրալիր աչքերով, քաղցր ժպտալով, անուշեղենները հրամեցնում են միմյանց. իրար հետ վերին աստիճանի քաղցր և քաղաքավարի են վարվում, վերջապես ո՞ր մեկն ասեմ։
Դրանք դեռ սիրահարության ապացույցներ չեն, ուրիշ ինչ եք նկատել, պատմեցեք։
Այսօր ճաշից ետ օրիորդը երգում էր յուր սենյակում, և ես նախասենյակից որոշակի լսեցի նրա երգի մեջ Վահանի անունը։
Այդ էլ ոչինչ. ուրիշ ի՞նչ գիտեր։
Ավելի վտանգավոր նորություն գիտեմ. Վահանը հաստատապես սիրում է օրիորդին։
Ի՞նչ փաստ ունիք դրա համար։
Երեկ ներս մտա Վահանի սենյակը և տեսա, որ նամակ էր գրում, այդ նամակի առաջին տողը աչքիս ընկավ, ուր գրված էր՝ «Ազնիվ օրիորդ»։
Ի՞նչ դուրս եկավ դրանից։
Հարցրի թե ո՞ւմն եք գրում, նա ծիծաղելով պատասխտնեց թե՝ մի օրիորդի, որի հետ խոսել չեմ կարողանում, ուստի մտքերս նամակով եմ հաղորդում նրան:
Եվ կատակ չէ՞ր անում։
Ո՛չ. նա մինչև անգամ շառագունեց վերջին խոսքերը արտասանելու ժամանակ։
Մոմճյանը առհասարակ Շաշյանի հաղորդած նորություններին նշանակություն չէր տալիս, բայց այս անգամ նրա խոսածների մեջ ուշադրության արժանի կետեր նշմարեց. ուստի և ուրախացավ տեսնելով, որ յուր նախագծած ծրագիրն իրագործվում է. այսինքն Վահան Սարյանը ամենաբնական ճանապարհով սկսում է մտերմանալ օրիորդ Շուշանի հետ։ Մոմճյանի նպատակն էլ այդ էր, որովհետև հենց այդ մտերմությունը պիտի կապեր այն հանգույցը, որին ինքը անլուծելի անունն էր տալիս, և որը Սարյանին պիտի ստիպեր Մոմճյանի ստեղծած շրջանում ապրելու։