Александр Ширванзаде
Չար ոգի
IX
Հարվածը նորափեսայի համար անսպասելի էր և անողոք: Հազիվ սկսել էր ճաշակել ամուսնական փոխադարձ, խաղաղ և օրինական սիրո հրապույրը, ճակատագիրը քայքայում էր նրա կյանքը: Նա մտիկ էր անում նորատի կնոջ դեմքին, սեղմված շրթունքներին և կրծքից արձակում ծանր ու երկարատև հառաչանքներ:
Երբեմն նրա սիրտը լցվում էր ատելությամբ դեպի այն էակը, որին ոչ միայն սիրում էր, այլև սկսել էր պաշտել, և որի կենակցությամբ երազում էր ստեղծել ընտանեկան անդորր երջանկություն: Ինչո՞ւ նրան խաբեց այդ կինը անգթաբար, ինչո՞ ւ հավիտյան սևացրեց նրա օրը:
Բայց երկար չէր տևում այդ ատելությունը, անցնում էր Մուրադի սրտի րոպեական գրգիռը և տեղի տալիս անհուն վշտերի ու վշտակցության զգացմանը:
Նա բացարձակ չէր բողոքում ճակատագրի դեմ, որովհետև ամենից առաջ իրան էր համարում մեղավոր: Նա այն տկարոգի անհատներից չէր, որոնք կյանքի տագնապալի միջոցներին իրանց թշվառության պատճառները միայն և միայն ուրիշներին են վերագրում: Այնքան քաջություն ուներ, որ կարող էր բաց ճակատով կանգնել սեփական խղճի կշտամբանքների դեմ: Եվ եթե նա ոչ ոքի չէր մեղադրում, միևնույն ժամանակ, ոչ ոքի էլ իրավունք չէր տալիս իր գլխին դատավոր կանգնելու: Բայց ո՞վ կարող էր նրան այնպես խիստ պատժել, որքան նա ինքը: Նա խորասուզվել էր ցավերի մեջ և գիշեր-ցերեկ կրծում էր իր սիրտը: Մի շաբաթ էր անցել այն դժբախտ օրից, և նա դեռ տնից չէր դուրս գալիս: Թվում էր նրան, որ եթե շուկայում երևա, ամենքը պետք է մատնացույց անեն նրան, ծաղրեն կամ խղճան: Երբ ավագ եղբայրը խնդրում էր նրան ուշքի գալ և գործերով զբաղվել, նա մի հուսահատ շարժում էր անում ձեռով և ասում.
Ես գործեր չունիմ. արա՜, ինչ որ ուզում ես:
Այժմ նա, կարծես մոռացել էր ամեն ինչ: Նա ոչ կանոնավոր ուտում էր, ոչ հանգստանում. գիշերը մեծ մասամբ ՛անց էր կացնում անքուն, շարունակ անց ու դարձ անելով գավթում: Նայում էր աստղերին, ականջ էր դնում շների հաչոցին, փողոցային պահապանների գոռոցներին գիշերային լռության մեջ և հառաչում, շարունակ հառաչում:
Շուտով նրա դեմքի վրա երևան եկավ մի դեղնություն, իսկ աչքերի մեջ հոգու դառնություն: Ամենից առաջ Սոնա՜ն նկատեց այդ բանը, որովհետև ամենից զգաստ աչքերով նա էր հետամուտ Մուրադի ամեն մի քայլին: Նա զգում էր, որքան խորն է այդ մարդու տանջանքը, քանի որ արտասուքը սրտի մեջ է թափում: Նա փափագում էր և չգիտեր ինչպես ամոքեր ամուսնու վիշտը: Չոքե՞լ նրա առջև, ներո՞ ւմն խնդրել: Մի՞թե այդ բավական է: Գոնե Մուրադը լիներ ոչ այնպես բարեսիրտ, այլ քինախնդիր և կատաղի, գոնե նա չպաշտպաներ իր ողորմելի կնոջը տնեցիների մոտ: Այն ժամանակ Սոնան ավելի քիչ կտանջվեր խղճի խայթոցից, զգալով, որ մասամբ պատժված էր իր մեղքի համար: Չէ, այսպես շարունակել անհնարին է. Սոնան անկարող է տանել այդ մարդու լռությունը:
Ականջ դիր ինձ, արտասանեց նա մի օր, այլևս չկարողանալով համբերել:
Նա նստած էր իր սենյակում, լուսամուտի առջև: Մուրադը անցուդարձ էր անում պատշգամբի վրա: Նա կանգ առավ, ծխախոտը հանեց բերանից և երեսը դարձրեց դեպի կինը: Եվ ոչ մի թեթև հանդիմանություն, նախատինքի և ոչ մի թույլ նշան այդ մռայլ դեմքի վրա:
Ինչո՞ւ չես խոսում,– շարունակեց Սոնան, մինչև ե՞րբ պիտի սիրտդ մըղ-մըղ ուտես:
Մինչև այն ժամանակ, քանի որ սիրտ կա ուտելու,– պատասխանեց Մուրադը:
Նա շարունակեց անց ու դարձ անել:
Թող մեղավորն ուտի իր սիրտը, դու ի՞նչ մեղք ունիս, խոսեց դարձյալ Սոնան:
Ո՞վ է մեղավորը:
Կնիկդ, ղուլդ, ինչո՞ւ նրան չես պատժում:
Մի դառն հեգնական ժպիտ սահեց Մուրադի դեմքով: Նա ուսերը թոթվեց, գլուխը երերեց: Ասելն էր. ի՞նչպես պատժեմ քեզ, խեղճ էակ, քանի որ աստված ինքն է պատժել:
Սոնան գուշակեց այս լուռ պատասխանի իմաստը:
Ես ինքս էլ չեմ հասկանում, շարունակեց նա, ինչ երեսով աստծուց պատժվածը ուզում էր մարդկանց շարքն ընկնել: Մի շաբաթ է գիշեր-ցերեկ մտածում եմ, մտածում ու տեսնում, որ ես իրավունք չունիմ այս տանն ապրելու: Թո՛ղ ինձ գնամ իմ ծնողների մոտ, մենակ նրանց գլխին պատուհաս լինիմ: Թե չես ուզում թողնել, գցի՜ր ինձ ոտներիդ տակ, շանսատակ արա, մի՜ պահիր այս դրության մեջ:
Հապա ինձ ո՞վ կսպանի, եթե ես քեզ սպանեմ, բաս իմ ցավե՞րը որտեղ ուղարկեմ, եթե քեզ ծնողներիդ մոտ ուղարկեմ: Ուշ է...
Աստծուն է հայտնի, որ քանի-քանի անգամ հորս տնից ուզեցել եմ քեզ հայտնել, որ ընկնավոր եմ, ի՞նչ անեմ, լեզուս կալին-կապին ընկավ չկարողացա:
Նա շալի ծայրը բարձրացրեց իր աչքերը սրբելու, ուր երեք օր էր արտասուքը ցամաքել էր:
Հե՛րիք է, հե՛րիք է, կես բարկացած և կես ընկճված ձայնով արտասանեց Մուրադը. աստծու դեմ կռվել չենք կարող: Ինչ որ ճակատներիս գրված է, պետք է տանենք: Աչքերս այնքան մթնել էին, որ եթե ամբողջ աշխարհը հակառակվեր, էլի ես քեզ հետ պիտի պսակվեի: Ուրեմն աստծու կամքն էր: Հիմա հերիք է, ասում եմ, վեր կաց, մի բաժակ թեյ ածա՜, տուր ինձ:
Այն վայրկյանին, երբ Սոնան թեյով լի բաժակը դնում էր լուսամուտի հատակի վրա, նրա գլխի գցած շալի եզրերը միմյանցից բաժանվեցին և կոկորդը բացվեց: Մուրադը նայում էր կնոջ երեսին և այժմ էլ հիանում էր նրա գեղեցկությունով:
Այդ ի՞նչ Է, գոչեց նա հանկարծ, երբ տեսավ Սոնայի կոկորդը:
Սոնան իսկույն շալը քաշեց կրծքին և երեսը ետ դարձրեց:
Այդ ի՞նչ է, կրկնեց Մուրադը:
Ոչինչ, ոչինչ...
Երբ երրորդ անգամ Մուրադը իր հարցին ուղղակի պատասխան չստացավ, մտավ սենյակ և ստիպեց Սոնային շալը գլխից վերցնել: Նրա կոկորդի վրա երևացին քանի մի արյունոտ կարմիր-կապտագույն գծեր:
Ո՞վ է քեզ սովորեցրել կուրծք պատռել, գոչեց Մուրադը զայրացած:
Հոգեկան կսկիծն էր ստիպել թշվառ ընկնավորին ճանկռտել իր մարմինը: Եթե Մուրադն ավելի խոր նայեր, կտեսներ, որ Սոնայի ամբողջ կուրծքը շերտավորված է արյունոտ գծերով: Այսպես էր պատժում ինքն իրան նորահարսը:
Եթե մեկ էլ անես, երեսս չես տեսնի այս տանը, ասաց Մուրադը վճռական եղանակով:
Սոնան հեզ և երախտագիտական հայացքով նայում էր նրա երեսին: Նա Մուրադի աչքերի մեջ նկատում էր վշտակցության հետ նաև նախկին սիրո ցոլքը: Նրա ընկճված սիրտը կրկին բաբախեց փոխադարձ զգացման բուռն հոսանքից:
Երանի ոտներիդ փոշուն արժանի լինեի, շշնջաց նա ինքն իրան:
Նույն վայրկյանին ուրախության մի թույլ ժպիտ անցավ նրա դեմքով: Նա տեսավ գիժ-Դանելին, այն մարդուն, որի տեսությունը միշտ մի առանձին ուրախություն էր պատճառում նրան: Խենթը բակ էր մտնում այս անգամ առանց երգելու, լուռ, կամացուկ քայլերով, գլուխը կրծքին թեքած: Նույն տեսակ մի ուրախ ժպիտ սահեց և Մուրադի դեմքով: Ամբողջ ընտանիքի մեջ, Սոնայից հետո, նա էր մենակ, որ ոչ միայն դեմ չէր խենթի այցելություններին և չէր ամաչում նրա ազգակցությունից, այլև միշտ ինքն էր խնդրում նրան ամեն օր այցելել:
Խենթը կանգնեց բակի մեջտեղում, ձեռները հենեց գավազանի ծայրին, մտիկ արավ Սոնային, հետո Մուրադին և, գլուխը երերելով, մռայլ ձայնով արտասանեց.
Կրծքիս խփեցի, ձայն բարձրացրի, ասացի. «Ֆարհադ, կա՞ աշխարհում բախտավոր մարդ»: Երկինքը որոտաց, երկիրը գոռաց, Ֆարհադը պատասխանեց. «Մա՛րդ, տա՛ր ճակատիդ գրվածը. բախտ ասածդ այն է, ինչ որ ես եմ ճակատիդ գրել...»
Այս ասելով, նա մի զույգ խնձոր առաջարկեց Մուրադին, ավելացնելով.
Առաջ դու հոտ արա, Մյաջնուն, հետո կտաս Լեյլիին: Ասլան Դանելը երկուսիդ համար է բերել: Սպիտակ խնձորը անմեղություն է, կարմիրը բախտավորություն: Երազ տեսա, Հովհաննես Մկրտիչը ասաց. «Ով որ անմեղ է, նա բախտավոր է»:
Հետո նա ծոցից հանեց մի մոխրագույն լաթի կտոր և, տալով Սոնային, շարունակեց.
Ա՛ռ, համբուրի՜ր, ճակատիդ դիր: Մեյսարիի սուրբ Նշանի գերեզմանի հողից է: Գիշերը քնելիս վրեն մոմ վառիր, աղոթք արա, հետո դիր բարձիդ տակ: Թող նրա սուրբ զորությունը քեզ պահի, սլահպանի չար աչքից, չար նյաթից:
Հացթուխը արդեն հաղորդել էր խենթին Սոնայի ուշաթափվելու լուրը:
Մինչև Սոնան, ակնածությամբ լի հայացքը իր ամուսնու վրա ձգած, սպասում էր, ինչ պիտի խոսի նա խենթի հետ, Մուրադը ցույց տվեց պատշգամբի վրա ձգած բազմոցը, խնդրեց Դանելին նստել, թեյ խմել:
Խենթը, ձեռը փորի վրա դնելով, գլուխ տվեց եղբորորդուն, բայց չնստեց: Օրը դեռ չէր մթնել: Մայր մտնող արեգակի դեղնագույն շողերը խաղում էին բարձր բարդենու վերին տերևների հետ, փայլեցնելով նրանց ինչպես բազմաթիվ փոքրիկ հայելիներ: Խենթն արևակեզ դեմքը դարձրեց դեպի արևելք, երեսին երեք անգամ խաչակնքեց, հետո դարձավ դեպի արևմուտք: Մուրադը և Սոնան լուռ նայում էին նրան: Խենթի աչքերի մեջ փայլում էր մի օտարոտի ոգևորություն: Կարծես նրա քայքայված ուղեղը իր վերջին ուժերով կենտրոնացել էր մի ինչ-որ խորհրդավոր մտքի վրա, իսկ սիրտը լցվել բուռն զգացումներով: Լուռ նայում էր երկնքի հեռավոր հորիզոնին, ուր վերջնամառային ամպերը ներկայացնում էին նուրբ գույներով օծված անվերջ լեռների մի հսկայական շղթա: Նրա շրթունքները մեղմիկ շարժվում էին: Թվում էր, որ մտքում աղոթում է կամ լուռ խոսակցում ամպերի հետ: Նրա գզգզված միրուքը, որ այժմ բոլորովին ճերմակել էր, պղնձագույն դեմքին տալիս էր մի առանձին խորհրդավորություն: Նա հիշեցնում էր այն ծերունի արևապաշտին, որ խորին հոգեզմայլության մեջ ձգտում է ըմբռնել իր աստծու էությունը:
Նա հանդարտ քայլերով մոտեցավ Մուրադին, երեք անգամ խաչակնքեց նրա երեսին: Գավազանը հենեց պատին, մտավ սենյակ, բռնեց Սոնայի ձեռից, դուրս բերավ նրան պատշգամբ և կանգնեցրեց Մուրադի մոտ: Մարդ ու կին տակավին լուռ էին և մի ինչ-որ աներևույթ ուժից դրդված, հետևում էին խենթի լուռ պատվերներին: Նա մի ձեռով բռնեց Մուրադի ձեռը, մյուսով Սոնայինը և ինքը կանգնեց մեջտեղ:
Մտիկ արեք երկնքին, արտասանեց նա հանդիսավոր եղանակով, մտիկ արեք այն երկու կտորներին. մեկը սպիտակ, մյուսը վարդի գույնով: Տե՛սեք, տեսեք, մոտենում են միմյանց: Ասլան Դանելը բարձրացել էր սարի գլուխը, այնտեղից աչքերով փնտրում էր ձեր տունը: Տեսավ այս ծառի գագաթը, ասաց. «Ա՛յ, Մանիշակը այնտեղ ընկավ հողի տակ»: Սիրուն ճակատ ուներ, մոտեցա պաչեցի... Տեսեք Դանել ապորը, ոտները բաց, գլուխը բաց, աշխարհից ոչինչ չի ուզում: Տեսե՜ք, ամպերը միացան, հիմա մի կտոր է: Տո՛ւր ինձ ձեռդ, Մուրադ, տո՛ւր ինձ ձեռդ, Սոնա: Ասլան Դանելը ասում է. «Սաթայելի բաժին կդառնա ձեզ միմյանցից բաժանողի հոգին...»: Գիշերները չար երազներ եմ տեսնում: Ինձ տանում են թուրքերի թաղը, որ շան պես խեղդեն: Գավազանս խլում են: Մանիշակս լաց է լինում, հաց է ուզում, խաղող է ուզում: Տեսնում եմ Մանիշակիս հողի վրա ընկած, արևի տակ: Վեր է թռչում, ասլան Դանելին ազատում է դահիճների ձեռից: Մուրադ, Մուրադ, նրան սիրում էի աչքիս լույսի պես, սիրիր Սոնային, ասլան Դանելը խեղճ է, բալա չունի: Տեր, մեղա քեզ, մեղա քեզ... Սոնա խաթուն, մի լաց լինիր, ասլան Դանելը ղուլդ է: Մուրադը քեզ անտեր չի թողնիր Նա ընկած էր արևի տակ, երկու մեծ քարեր էին ընկել, մեկը կրծքին, մյուսը ճակատին: Նրան խլեցին ինձանից...
Արտասուքի երկու խոշոր կաթիլներ, նրա վառ աչքերից գլորվելով ցած, կանգ առան արևակեզ այտերի վրա: Առաջին անգամն էր Սոնան արտասուք տեսնում այդ թշվառի աչքերում: Եվ ով գիաե, ո՛ր ժամանակից այդ կաթիլները զորացել էին, քարացել նրա աչքերի մեջ: Այժմ կակղեցին և դուրս գլորվեցին:
Բոլոր իր տասնօրյա դառն կսկիծները Մուրադին այդ վայրկյանին թվացին մի խաղալիք, համեմատելով խենթի հոգու խորքում տարիներով տիրող հսկայական վշտի հետ: Այդ մարդը թշվառացավ նույնպես իր երիտասարդ հասակում, այն ժամանակ, երբ ընտանեկան երջանկություն էր վայելում: Նրանց ճակատագրի մեջ կար մի նմանություն այս զգում էր Մուրադը: Եվ այս նմանությունը երիտասարդի գլխում ծագեցրեց վայրկյանաբար մի միտք: Արդյոք Մուրադը կունենա՞ր այնքան ուժ, որ Դանելի չափ վիշտ կրեր, Դանելի պես խենթանար և հետո Դանելի պես աշխարհի երեսին սիրեր մի մարդկային էակ:
Ի՞նչ ես ուզում ինձանից, հորեղբայր, ասա՜, ես ուզածդ կկատարեմ, գոչեց Մուրադը ոգևորված:
Երդվիր մեր հոր գերեզմանով, ասաց խենթը, ամուր սեղմելով նրա ձեռը, երդվիր մեր հոր գերեզմանով:
Երդվում եմ:
Ասա՜. Սոնայիս կսիրեմ մինչև մահ, ասա՜ Մանիշակիս խաթրու, ասա՛ խեղճ է Դանելը...
Երդվում եմ, որ Սոնային սիրում եմ ու կսիրեմ մինչև մահ, արտասանեց Մուրադը հուզված ձայնով և ավելի ու ավելի ոգևորվելով:
Նույն վայրկյանին նա իր թևի վրա զգաց մի ծանրություն: Այնքան բուռն էր նորահարսի հուզմունքը, որ չկարողացավ դիմանալ խենթի սրտաշարժ համակրանքին, նվազեց և գլուխը հենեց իր ամուսնու թևին: Մուրադը գրկեց նրան, օգնեց վերադառնալու սենյակ և նստեցրեց անկյունում դրած սնդուկի վրա:
Խենթը նայում էր դեպի դուրս: Նա գավազանը վերցրեց պատի տակից և, սպառնական ձևով շարժելով օդի մեջ, քայլերն ուղղեց դեպի փողոց: Բակի մի անկյունում կանգնած էր Մուրադի մայրը, եղբայրն ու եղբոր կինը, զարմացած և ուշադրությամբ նայում էին տարօրինակ տեսարանին: Երթ խենթն արագ քայլերով անցավ նրանց մոտով, պառավ Զառնիշանը մոտեցավ Մուրադի սենյակին:
Թողեք տեսնեմ, գիժը գժի հետ խոսք խոսքի տված ուզում են բալիս էլ խելքից հանեն, ասաց նա, մտնելով որդու սենյակը:
Նրա դեմքն արտահայտում էր վճռողականություն: Պարզ էր, որ այս անգամ նա մտադիր էր իր վերջնական խոսքն ասել որդուն:
Ի՞նչ գործ ուներ այստեղ գիժը, գոչեց դառնալով Մուրադին:
Հորեղբայրս է, հյուր էր եկել:
Ի՞նչ էր խոսում այնքան երկար:
―Օրհնում էր մեզ:
―Հացթուխն էր ուղարկել նրան: Ցույց տուր, տեսնեմ, ի՞նչ կապոց տվեց կնոջդ:
Սուրբ Նշանի գերեզմանի հողից է:
Սուտ ես ասում, գայլի բերան է կամ սև կատվի ոտի պճեղ կամ ագռավի աչք, ջադու է:
Որպեսզի պառավը երկար չվիճի, Մուրադը վերցրեց Սոնայից խենթի բերած կապոցը, բաց արեց և ցույց տվեց մորը սև հողը: Պառավը խլեց նրանից կապոցը և դրեց իր ծոցը:
Եթե սրբերն ուզենային դիվահար կնոջդ օգնել, ասաց նա, մինչև հիմա օգնած կլինեին: Հերի՜ք է, էլ ես չեմ թողնիլ, որ դու սատանաների ճանկերում մնաս: Մտիկ արա հայելուն, ինքդ քեզ չես ճանաչիլ, լղարել ես, դեղնել, աչքերդ փոսերի մեջ են ընկել: Չես ուտում, չես խմում, գիշերները քուն չունիս, դիվահարի պես երկար ման ես գալիս: Սև լիներ այն օրը, որ այդ չարը իմ տունը ոտ դրեց. սևացրե՜ց մեր օրը: Թոռներս հիվանդացել են, մեծ որդիս ախ ու վախով է օրերն անցկացնում. մեծ հարսս վախից գիշերները տասն անգամ տեղից վեր է թռչում: Իմ գլխին խելք չի մնացել, քունն աչքերիցս փախել է: Երեք օր է, խելք խելքի տված, մտածում ենք, ուրիշ ճար չենք գտնում: Դու պետք է այդ դիվահարից ձեռ քաշես: Դո՛ւրս հանիր իմ տնից չարին, թող գնա ծնողների մոտ:
Հենց ա՞յդ էիր ուզում ասել, հարցրեց Մուրադը, ուրիշ ասելիք չանի՞ս:
Ես ունիմ, մեջ մտավ Կարապետը: Տասն օր է տնից չես դուրս գալիս, գործերդ մնացել են անտեր, ես մենակ ոչինչ չեմ կարողանում անել: Թե չես ուզում, որ կոտր ընկնենք, խայտառակվենք, խելքդ գլխիդ հավաքիր, դո՜ւրս եկ տնից: Կարճ-կտրական եմ ասում. եթե այս անգամ էլ խոսքս չես լսիլ, եղբայրդ չեմ, կթքեմ, կհեռանամ: Ես կնիկ ունիմ, երեխաներ ունիմ, եթե քեզ համար չմտածեմ, նրանց համար պարտավոր եմ մտածել:
Մինչ Կարապետը խոսում էր, նրա կինը, Գյուլնազն աչքերը հառել էր Սոնայի վրա և չարախնդությամբ ժպտում էր: Նրա դեմքն այնքան ատելի թվաց Մուրադին, որ սա չկարողացավ իրան զսպել և գոչեց.
Երևի կնիկդ է սովորեցրել քեզ կարճ-կտրական խոսել: Որ այդպես է, ես էլ իմ վերջին խոսքն կասեմ. ինչ ուզում ես, կարող ես անել, ես իմ կնոջից բաժանվողը չեմ, թեկուզ կոտր ընկնենք ու խայտառակվենք քաղաքում:
Դա վերջին խո՞սքդ է, հարցրեց Կարապետը:
Վերջին խոսքս է:
Լավ: Մենք էլ մեր ասածը կանենք:
Ասաց Կարապետն և երեսը խստորեն ետ դարձնելով հեռացավ: Երեք օր անցած՝ իր մոր միջոցով կրկնեց նույն սպառնալիքը և Մուրադից ստացավ միևնույն պատասխանը: Մնում էր, որ նա իր խոսքը կատարի, բայց այդ էլ շատ դյուրին չէր: Նախ, պառավ Զառնիշանը ավելի կհամաձայնվեր ինքն երկու կտոր լինել, քան թե տեսնել իր երկու որդիներին միմյանցից բաժանված: Երկրորդ, Կարապետը բացի այն, որ առանց Մուրադի անթև էր զգում իրան, սիրում էր և խղճում էր նրան: Նա տեսնում էր, որ օր-օրի վրա Մուրադն ընկճվում է վշտի ծանրության ներքո և անկեղծ սրտով ուզում էր նրան փրկել: Նա համոզված էր, որ եթե այդպես շարունակվի Մուրադը կխելագարվի: Գիժ-Դանելի օրինակը նրա աչքերից չէր հեռանում: Նա միշտ փիլսոփայորեն կրկնում էր.
Վա՛յ այն մարդուն, որ իր ցավերը ներսումն է պահում...