Александр Ширванзаде

Չար ոգի

V

Այժմ գիժ-Դանելը ամեն օր էր այցելում իր բարեկամներին: Նա բերում էր իր ազգականների մասին ամեն անգամ նոր տեղեկություն և միշտ կրկնում, թե ահա, ահա այսօր-վաղը նրանց կողմից միջնորդ կգա «Սոնային ուզելու Մուրադի համար»:

Հացթուխը նրա ասածը հաղորդեց ամուսնուն: Պայտագործն ուրախացավ և սկսեց ավելի բարեկամաբար վերաբերվել խենթին:

Ինչո՛ւ չէ, ասաց նա մի օր, ձեռը խփելով Դանելի ուսին, Սոնայիս պես աղջիկ ո՞վ ունի... դե, ինձ էլ ճանաչում ես, Դանել ջան, բանը փողը չէ, մենք էլ մարդ ենք, քաղաքում անուն ունինք: Թող մեկը դուրս գա ու ասի Ոսկանն այսպես է, այնպես է: Պատվավոր մարդու տղա, պատվավոր մարդ ենք: Եղբորդ որդին թող ուրախությունից գլխի վրա քյալլա-մալլաղ կանգնի, որ իմ փեսան է դառնում: Ինձի Ոսկան կասեն, հանաք-մասխարա չիմանաս…

Խենթը համաձայնվեց նրա ասածներին, բայց միևնույն ժամանակ նրան թվաց, որ իր բաբեկամը շատ էլ պարծենալու իրավունք չունի: Ասենք, Ոսկանը նամուսով է, գլխին տղամարդի գդակ ունի, միայն ժամանակ-ժամանակ իրան կորցնում է:

Խոսքս այն զահրումարի մասին է, քի՛չ ածա փորդ, տնաքանդ, խոմ ներսդ չե՞ ս այրելու:

Ասում ես, օրինակ, էլ չկոնծե՞նք է՛լի: հարցրեց պայտագործը :

Կոնծի՛ր, ո՞վ է ասում, քիչ–քիչ, մեկ-մեկ, երկու երկու, ավելի չէ...

Խենթի խրատը ըստ երևույթին, շատ ծիծաղելի թվաց արբշիռ պայտագործին: Մի աչքը փակելով, նա գլուխը ծռեց դեպի ուսը և հեգնաբար ասաց.

Արի, Դանել ախպեր, եպիսկոպոս ձեռնադրվիր, խիստ լավ ես քարոզում:

Հետո, ձեռը խփելով բարեկամի ուսին, ավելացրեց.

Դու ինձ ասա, տեսնեմ, աղջիկս բախտավոր կլինի է՞լի:

Ասում եմ, էլի՜ կասեմ, ինքդ էլ կտեսնես:

Բաս, ապրես, Դանել ջան, լավ մարդ ես: Խելքդ ինչ է կտրում, օրինավոր ազգականներ ունենալ լավ բան է, չէ՞: Դու այն ասա, որ փո՛ղ շատ ունենա, փո՛ղ, թե չէ, ես նրանց աղջիկ չեմ տալ, ձեռնատու չէ: Մենք էլ պատվավոր մարդ ենք, գրպանի ծախք է հարկավոր... Իսկի չլինի, մի բաժակ հացի յա ջաջի արաղ կտան, որ կենացները անուշ անենք, հը՞ մ...

Խենթը զգաց, որ բարեկամը լավ բան չի ասում: Առանց այդ էլ նրա գլուխը ձանձրացել էր լուրջ խոսակցությունից: Նրա աչքերը հանկարծ պսպղացին, գավազանը ձեռին դողաց:

Ոսկան աղբեր, ճանաչո՞ւմ ես ասլան Դանելին, գոչեց նա կատաղած:

Պայտագործը վախեցավ: Խենթի կերպարանքը շատ մոլեգին արտահայտություն էր ստացել:

Լա՜վ, մի՜ չարանար, Դանել ջան, ասաց նա, բռնելով իր բարեկամի ձեռը:

  Կնիկդ, աղջիկդ լաց են լինում գիշեր-ցերեկ, ճանաչո՞ւմ ես ասլան Դանելին, քի՛ չ խմիր:

Է՛հ, չեմ խմիլ, վաս սալամ, արաղ քաշողի էլ հերը գյոռբեգյոռ լինի...

Այս խոսքերը մի փոքր հանգստացրին խենթին: Նա գավազանը դրեց կռնատակին:

Այդ օրից նա պայտագործին այլևս չէր առաջնորդում դեպի գերեզմանատուն քելեխ ուտելու: Եվ միշտ հացթուխին հարցնում էր. ի՞նչպես է Ոսկանը վարվում նրա հետ, խոմ չի՞ ծեծում նրան կամ Սոնային: Կարծես, մեկը նրա վրա պարտականություն էր դրել ամեն բանում հովանավորել աղքատիկ ընտանիքին: Նրա սպառնալիքը Ոսկանի վրա չազդեց: Շաբաթը երեք-չորս անգամ պայտագործը տուն էր վերադառնում օրորվելով և հայհոյանքը բերանին:

Մի օր խենթը, վազելով, մտավ հացթուխի խրճիթը և շնչասպառ ասաց,

Հիմա կգա, աչքովս տեսա, ականջովս լսեցի, բա՜նդ տես...

Ասաց ու ինքն իսկույն անհետացավ: Հացթուխը հասկացավ ում մասին է խենթի խոսքը. շտապով կարգի բերեց խրճիթը և սկսեց ականջ դնել դեպի դուրս: Արդարև, մի քանի րոպե անցած, լսեց քայլերի ձայն և Սոնային հրամայեց թաքնվել պատի մեծ խորշում, վարագույրի հետևում: Ներս մտավ մի փոքրահասակ կաղ կին, համարձակ դեմքով և շարժվածքով: Քաղաքի հայտնի միջնորդն էր դա, որին կոչում էին «Չոլախ Սահարնազ»:

Սա առանց պատասխանի և հրավերի սպասելու, նստեց հատակի վրա, սենյակի վերին կողմում:

Ինչպես տեսնում եմ, մարդդ տանը չէ, ասաց աջ ու ձախ նայելուց հետո: Շատ լավ է, կնկա բանը կնիկը շուտ կդրստի: Մոտդ խեր խաբարով եմ եկել:

Խերում մնաս, ասա, տեսնենք...

Առանց երկար հառաջաբանի, Չոլախ Սահարնազը անմիջապես հայտնեց իր այցելության նպատակը: Ինչ խոսք, որ Շուշան բաջին «չորաթան» Զառնիշանի տղա Մուրադի մասին լսած կլինի: Ամբողջ քաղաքի աչքն է, նմանը չկա, ջահիլ, գեղեցիկ, շիր ու շնորհքով: Չի հարբում, չի ծխում, ղումարբազ (խաղամոլ) չէ, գլուխը քաշ իր բանին է:

Քաղաքում աղջիկ շատ կա, շարունակեց Սահարնազը, ով ասես, որ չորաթան-Զառնիշանի ոտները չպաչի: Բախտը քեզ է ընկել: Մուրադը տեսել է աղջկադ, հավանել է: Հիմա դու էլ կնիկ ես, գլխիդ խելք ունիս, մտածիր, ինձ էլ մի խոսք ասա, գնամ...

Ի՞նչ ասեմ, պատասխանեց հացթուխը, մի քիչ մտածելուց հետո, փառք աստծո, որ տղան ինքն է հավանել: Է՜հ, աղջիկ է էլի, լավ-վատ գիտի կարել, կարկատել, եփել: Ծնողների պատիվը ճանաչող, խոնարհ, աստծո գառն է. մարդ տեսնելիս շալը հինգ ծալ է անում երեսին: Մի խոսքով, աղջիկ է, էլի. եթե ուրիշներից լավ չէ, վատ էլ չէ:

Մինչ երկու կանանց բանակցությունը շարունակվում էր, Սոնան հետաքրքրությամբ ականջ էր դնում, աշխատելով ոչ մի բառ բաց չթողնել: Նրա սիրտը բաբախում էր հուզմունքից: Չգիտեր, ինչ մտածեր իր ապագայի մասին. բոլորը թողել էր մոր կամքին: Ծնողն իր հարազատ աղջկա վատը չի կամենալ, թող ինչպես խելքը կտրում է, այնպես անի, միայն թե այդ խեղճ կնիկը մի քիչ բախտավորվի:

Հացթուխը վարագույրը ետ քաշեց և Սոնային հրամայեց դուրս գալ խորշից: Ամոթից կարմրած ու քրտնած` կանգնեց տասնվեց տարեկան աղջիկը միջնորդի առջև, աչքերը խոնարհեցնելով հատակին և շրթունքները հուզմունքից կրծոտելով:

Չոլախ Սահարնազը դիտեց նրան ոտից գլուխ իր փորձառու աչքերով, խոսեցրեց, որ իմանա` համր չէ՞ արդյոք, հարց ու փորձ արավ «խելքը չափելու» համար և ուղարկեց մի բաժակ ջուր բերի խմելու, որ քայլվածքը տեսնի և իմանա, կաղ չէ՞, արդյոք:

Երեք օր անցած, հացթուխի տունը ներկայացնում էր մի տեսարան, որի նմանը այնտեղ դեռ չէր կատարվել և չպիտի կատարվեր հավիտյան: Պայտագործը մաքուր լվացվել էր, գզգզված միրուքը սանրել և հագել քսան տարի առաջ պսակադրության համար կարած արխալուղը: Հացթուխը գլխին գցել էր մի նոր շալ և մեջքին կապել մետաքսյա կարմիր գոտին ուրախության նշանը: Հատակի վրա վառվում էին հարևաններից ժամանակավոր բերված մի զույգ կանթեղներ, լուսավորելով աղքատիկ խրճիթի ողորմելի կահ-կարասին: Սենյակի մի անկյունում դրված էր մատուցարանը մի շիշ օղիով և երկու տեսակ մուրաբայով, որ, աստված գիտե, ո՜ր ժամանակից էր պահել հացթուխը: Պայտագործը հուզված անցուդարձ Էր անում անկյունից անկյուն, ստեպ-ստեպ նենգամիտ հայացքներ ձգելով օղիի շիշի վրա և ծոծրակը անհամբերությամբ քորելով:

Սոնան կանգնած էր սենյակի վարի անկյունում, ձեռները կրծքին դրած, դողալով, ամաչելով: Երկու դրացի կանայք նստած էին հացթուխի աջուձախ կողմերում և խոսում էին օրվա հանդեսի մասին:

Գալիս են, առա՜ջ գնա, ասաց հացթուխը ամուսնուն և ինքն էլ իսկույն ոտքի կանգնեց:

Պայտագործը շտապեց դուրս` հյուրերին ընդունելու:

Նախ ներս մտավ տեր Մարկոսի գավազանը, ապա երևացին նրա գորգագույն ֆարաջայի փեշերը, հետո ինքն ամբողջովին, իր երկայն ու տափակ գդակով, որ թիակի էր նման:

Նրա հետևից երևաց փեսացվի մայրը «չորաթան» Զառնիշանը, առանց չարսավի, մի կինամոնագույն շալ ուսերին գցած: Իսկ-որ այդ կինը «չորաթան» էր, այնքան ցամաքած էր: Նրա ոսկրոտ դեմքին, լայն կզակին, մեծ բերանին մի առանձին խստություն էին տալիս այն մի զույգ սուր աչքերը, որ պսպղում էհն ինչպես վառված ածուխի կտորներ: Սոնայի մարմնով անցավ մի ցնցում, երբ նրա հայացքն ընկավ այդ կնոջ վրա. մի ցնցում, որ մարդ կարող է զգալ, երբ հանդիպի շարժուն կմախքի, որի աչքերի խորշերի մեջ տեղավորված են երկու փայլուն որդեր: Բայց պառավի քայլվածքն այնքան կենդանի է, որ, ըստ երևույթին, նա բնավ ցանկություն չուներ երբևէ կմախք դառնալու:

Դռների մոտ, օդի մեջ ցցվեց Բուխարի մորթուց կարված մի սրածայր գդակ, որի տիրոջ մարմինը, հայտնի չէր ինչու, տատանվում էր ներս մտնել:

Համեցե՜ք, խնամի, համեցե՜ք, կրկնում էր պայտագործը դրսից:

Վերջապես խրճիթի շեմքի վրա երևաց մի մարդկային ոտ սպիտակ գուլպայով ծածկված, ապա երկրորդը, ապա մի երկայն չուխա: Հայտնվեց, որ նրանց տերն է փեսացվի ավագ եղբայրը: «Չոփուռ» Կարապետը այսպես էին կոչում ներս մտնողին մոտ քառասուն տարեկան տղամարդ էր ամուր կազմվածքով, փոքրիկ աչքերով և դուրս ցցված այտերով, որոնց վրա ծաղիկը խոր փոսեր էր թողել:

Սոնայի մարմնով դարձյալ մի սարսուռ անցավ, երբ նա շալի տակից նայեց այդ մարդու կերպարանքին:

Վերջապես, ներս մտավ չորրորդ և վերջին հյուրը Կարապետի կինը` Գյուլնազը, ոտից գլուխ չարսավի մեջ փաթաթված:

Բավական երկար ժամանակ տևեց, մինչև որ հյուրերը համաձայնվեցին նստել այն կարգով, որ ցանկանում էին տանտերերը: «Չոփուռ» Կարապետը անպատճառ ուզում էր դռների մոտ նստել, հարկավ, համեստություն ցույց տալու համար: Պառավ Զառնիշանը համառությամբ իր մեջքից վերցնում էր և մի կողմը ձգում, իսկ հացթուխը նույն համառությամբ սեղմում էր նրա մեջքին մի փափուկ բարձ: Այնինչ, պառավի հարսը Գյուլնազը, կարծես, վճռել էր պայտագործին համբերությունից հանել, այնքան ծանրուբարակ էր շարժվում: Երբ երևան եկավ նրա դեմքը, Սոնան դարձյալ մի սարսուռ զգաց:

Այդպիսով, նա երեք անգամ ցնցվեց, և երրորդ ցնցումն ամենից զորեղն էր:

Նրա հայացքը մի անբացատրելի զորությամբ հառվեց իր ապագա տեքրկնոջ երեսին: Ինքնըստինքյան այդ կնոջ դեմքը առանձին ուշադրության արժանի բան չէր ներկայացնում: Նա տակավին երիտասարդ էր, ոչ նիհար, ոչ գեր, ոչ այնքան բարձր և ոչ էլ ցածր հասակով: Նայելով նրա շիկագույն ունքերին, պետք էր ենթադրել, որ գլխի մազերի բնական գույնն էլ շեկ է, բայց նրանք հինայած էին, ուստի և մուգ-կարմրագույն: Տարօրինակ էին միայն այդ կնոջ աչքերը: Իսկապես դրանք աչքեր չէին, այլ մի զույգ փայլուն ապակիներ, սառած և անշարժ իրանց շրջանակների մեջ: Երբ նա իր հայացքը ձգեց Սոնայի վրա, խեղճ աղջկա ոտները դողացին: Չգիտեր հորի՞ց, թե՞ մորից լսել էր օձի հայացքի ձգողական ուժի մասին: Պատմել էին նրան, որ երբ գորտը նայում էր օձի սուր աչքերին, մի անհաղթելի զորությամբ մղվում է, ընկնում նրա բերանը: Սոնան չէր մղվում դեպի այդ կինը, ընդհակառակը, մի բան հրում էր նրան, բայց չէր էլ կարողանում իր հայացքը դարձնել նրանից:

Նորից սկսվեց սովորական բանակցությունը, թեև ամեն բան վճռված էր արդեն: Նորից լսվեցին փեսայի մասին գովասանքներ, խոստումներ, հարց ու փորձ, և նորից Սոնային զանազան պատրվակներով ստիպեցին խոսել, քայլել, ատամները ցույց տալ: Վերջապես, պառավ Զառնիշանը դարձավ հացթուխին.

Աղջիկդ դրսից դուր է գալիս ինձ. եթե ուրիշ պակասություն չունի մեր ապրանքն է:

Լավ-վատ, տեսնում ես, հավանում ես հալալ լինի, արտասանեց հացթուխը, սարսափելով պառավի վերջին խոսքերից:

Ինչքան դրսումն ես տեսնում, խնամի ջան, մեջ մտավ պայտագործը, որ արդեն սկսել էր ձանձրանալ այդ ձևականությունից, երկու այնքան էլ ներսումն է:

Տա աստված, ասաց «չոփուռ» Կարապետը:

  Ներսինը իմանալ դժվար է, ավելացրեց նրա կինը, ապակյա աչքերը հառելով Սոնայի երեսին:

Ես ձեզ աղջիկ չեմ տալիս, այլ հալած ոսկի,– շարունակեց պայտագործը սեփական տրամադրությունից ոգևորված, խելք ասես ծով, շնորհք ասես է՜լ ավելի: Այս տունը նրա վզին է: Կերակուրներ է եփում, որ ուտելիս մատերդ էլ հետն ես ուտում, էլ չեմ ասում կարելն ու լվանալը: Մեկ էլ որ մեր պապերի խոսքն է. լավ որդին օջախից կճանաչվի: Ախար, մենք էլ այս քաղաքում մի օջախ ենք, անուն ունինք: Տեր հայր, ի՜նչ կասես:

Իսկությունն ես հրամայում:

Հացթուխը տեսնելով, որ իր ամուսինն արդեն պատրաստ է ստեր փչել, շտապեց ընդհատել նրա ոգևորությունը.

Մախլաս, աղջիկ է, է՜լի շատ էլ գովենք, ի՞նչ դուրս կգա, դո՜ւք պետք է հավանեք:

Հոգու խորքում զգում էր, որ առանց այդ էլ խաբում է իր հյուրերին, թաքցնելով նրանցից Սոնայի ցավը: Նա մտածում էր, որ իր արածը վատ է, աններելի, աստծու կամքի և մարդկանց օրենքների հակառակ: Բայց ուժ չուներ միակ դստեր բախտի դեմ կանգնելու, ինքն իր բերանով նրան խայտառակելու:

Մի վայրկյան միայն չկարողացավ իրան զսպել: Դուրս եկավ խրճիթից և իր անհանգստությունը հայտնեց Դանելին: Խենթը կանգնած էր դռների մոտ և դրսից դիտում էր ներսում կատարվող տեսարանը: Ազգականները նրան պատվիրել էին այդ երեկո չերևալ հացթուխի տանը: Բայց նա չդիմացավ, կամեցավ բարեկամների ուրախության հանդեսը կամ, ինչպես ինքն էր ասում, «Մանիշակի նշանդրեքը» իր աչքերով տեսնել:

Բանիդ կաց, ասում եմ քեզ,– խրախուսեց նա հացթուխին,– ասլան Դանելը ոչ ոքի չի ասիլ, սո՛ւսս ...

Հետո, մի հատ կարմիր նուռ հանելով ծոցից, տվեց հացթուխին:

Ա՛ռ, Շուշան բաջի, աստված շնորհավոր անի, իսկի մի վախենալ: Ասա Մանիշակիս, որ նրա բաշխած գուլպաները հագել եմ. ա՜յ, քոշեր էլ ունիմ...

Տեր Մարկոսը շտապեց «պահպանիչն» ասել, մատանին օրհնեց և դրեց Սոնայի մատին, կանխապես մի սուր հայացք ձգելով խնամիների բերած մի գլուխ շաքարի վրա:

Անշուք հանդեսը վերջացավ, հյուրերը գնացին: Պայտագործը հարձակվեց մնացած օղիի վրա և սկսեց բաժակ բաժակի հետևից դատարկել: Սոնան, խրճիթի մի անկյունում կուչ եկած, հեկեկում էր: Նրա ձայնը դուր չեկավ պայտագործին: Առանց այդ էլ նա արդեն ձանձրացել էր հյուրերի շատախոսությունից:

Ի՜նչ ես քեֆս փչացնում, գոռաց նա, ա՜յ կնիկ, աղջկադ տզտզոցը կտրիր:

Հացթուխի համար սրբապղծություն էր այդ հանդիսավոր երեկո վիրավորել հիվանդոտ աղջկա սիրտը: Ահա ինչու չկարողացավ իրան զսպել և բարկացած արտասանեց.

Լակում ես լակիր, ձեռդ բռնող չկա:

Ինչ ասացի՛ր, լակե՞մ, փահ, բաս ես շուն եմ, է՛լի, կատաղեց պայտագործը, ոտքի կանգնելով:

Շուն չես, շան պես ես վարվում աղջկադ հետ:

Պայտագործի աչքերը մթնեցին: Բռունցքն ամուր սեղմելով առաջ քայլեց: Արդեն պատրաստ էր խփելու հացթուխին, երբ Սոնան վազեց, բռնեց նրա արխալուղի փեշերից երկու ձեռներով և ուժով ետ քաշեց նրան, աղաղակելով.

Չեմ թողնիլ, չեմ թողնիլ...

Բայց բռնակալն այնքան կուրացել էր, որ երեսը ետ դարձրեց և ձեռը բարձրացրեց իր աղջկան խփելու, գոռալով.

Խոսք խոսքի եք տվել, հա՞ա...

Այդ վայրկյանին մեկն ամուր բռնեց նրա ձեռն օդի մեջ:

Չեմ թողնիլ, ասլան կասեն ինձ, չեմ թողնիլ...

Պայտագործի աչքերը հանդիպեցին գիժ-Դանելի կատաղի աչքերին, որոնցից կայծեր էին ցայտում: Նա ձեռը ուժով խլեց նրանից, գոչելով.

Դո՛ւրս կորիր, դու ի՞նչ գործ ունիս իմ տանը, գիժ...

Բայց գիժ-Դանելի կերպարանքն այնքան սարսափելի էր, որ մի վայրկյանում պայտագործը այլափոխվեց, ձեռները թուլացան: Նա վախեցավ խենթից:

Դանել աղբեր, դո՞ւ ես, համեցեք, նստիր, համեցե՜ք, Սոնայիս նշանդրեքն է...

Խենթի աչքերը մթնել էին: Նա ոչինչ չէր տեսնում և միայն գոռում էր.

Մանիշակիս քարի տակը դրեցին, ասլան Դանելը քարը կտա գլխովդ...

Այս ասելով, բռնեց պայտագործի կոկորդը երկու ձեռներով և սկսեց մոլեգնաբար խեղդել նրան: Հացթուխը, աղաղակելով, մեջ ընկավ իր մարդուն ազատելու: Գիժ-Դանելը նրա վրա ուշք չդարձրեց և բոլոր ուժով թափահարում էր պայտագործին: Նույն միջոցին, երբ Ոսկանի լայն բացված բիբերը պտտում էին իրանց շրջանակների մեջ, Սոնան քաշ ընկավ խենթի ձեռներից, կրկնելով.

Դանել ապեր, Դանել ապեր, Մանիշակն եմ:

Պատահեց մի տարօրինակ բան: Անկարելի էր երևակայել, որ խենթը ձեռքից բաց կթողնի պայտագործին: Բայց լսելով Սոնայի ձայնը և Մանիշակ անունը, տեսնելով նրա սարսափած երեսը, հանկարծ սթափվեց: Նա բաց թողեց պայտագործին և չոքեց Սոնայի առջև:

Մեղա աստծու, մեղա աստծու, կրկնեց նա երեսը խաչակնքելով և Սոնայի արխալուղի փեշերը համբուրելով: Մանիշակ ջան, ես քո ղուլն եմ, վիզս կտրի՛ր...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Չար ոգի"

Ятук Музыка
Песня Айсоров
Георгий Гурджиев

Песня Айсоров

Женщина с ключом
Женщина с ключом
Играть онлайн