Александр Ширванзаде

Չար ոգի

VIII

Հացթուխը Սոնային այցելում էր շաբաթը մի կամ երկու անգամ: Պայտագործը գալիս էր գրեթե ամեն օր: Հացթուխը երբեք չէր ընդունում իր խնամիների հրավերը ճաշի մնալու կամ գոնե մի բաժակ թեյ խմելու: Պայտագործը հենց մի այդպիսի հրավերի էր սպասում: Բավական էր մի երկդիմի ակնարկ իսկույն ծալապատիկ նստում էր, ահագին գդակը գլխից հանելով և կողքին դնելով: Ահա ինչու նրա այցերը ավելի անախորժ էին խնամիների համար:

Երբեմն Սոնան լսում էր պառավ Զառնիշանի և Գյուլնազի ակնարկներն իր հոր «աներեսության» մասին: Ոչ կարողանում էր պաշտպանել հորը և ոչ էլ ուզում էր հայտնել նրան, որ իր այցելությունները կրճատի:

Մարդ պետք է իրան ծանր պահի, որ ուրիշներն էլ պատվեն, ասաց մի օր Զառնիշանը, քթախոտն ուժգնությամբ ներշնչելով քթի պնչերով ներս թե չէ, նրա գինը մի գրոշ: Ասենք, ես խոսողը չեմ, բաս, մարդ աստծու, դու ինքդ ֆիքր չե՞ս անում, որ ցեխոտ ոտներդ կեղտոտում են իմ տուն ու տեղը. փիյե՛...

Նա նստած էր ծալապատիկ սենյակի վերին կողմում, Սոնան կանգնած էր նրա առջև, ձեռները կրծքին, գլուխը ցած թեքած:

Ես մի կտոր հաց ոչ ոքի չեմ խնայում, շարունակեց պառավը, ավելի ու ավելի տաքանալով, ուզում է, ամեն օր նրա համար կուղարկեմ կերակուրներ էլ, արաղ էլ, գինի էլ: Թող իր տանը ինչքան ուզում է խմի, քեֆ անի, իսկ մեր տունն օղետուն չէ...

Հետևյալ օրը Սոնան, արտասուքն աչքերին, սկեսուրի նախատինքը հաղորդեց մորը և խնդրեց համոզել Ոսկանին, որ նա խնայի իր պատիվը:

Մենակ սկեսո՞ւրդ է նախատում, թե մարդդ էլ հարցրեց հացթուխը:

Չէ, պատասխանեց Սոնան, մարդս ոչինչ չի էլ իմանում: Եթե իմանա, մոր հետ կկռվի: Ես էլ չեմ ուզում ասել, ինչո՞ւ մեր խաթրու մայր ու որդի թշնամանան:

Նույն օրը երեկոյան հացթուխի և պայտագործի մեջ տեղի ունեցավ մի խոշոր վեճ: Կինն ասում էր, թե ամոթ է ամեն օր խնամիներին ձանձրացնելը, թե նրա պատճառով Սոնան է նախատինք ստանում: Մարդը չէր հավատում, որ խնամիները ընդդեմ են նրա այցելություններին: Նրա կարծիքով, ընդհակառակը, այդ «բռի շինականները» շատ ուրախ են, որ Ոսկանի պես մի պատվավոր քաղաքացի արժանի է համարում նրանց տունը ոտ դնել:

Սոնայի ընտրածն է, ես գիտեմ, այ ես նրա... գոչեց պայտագործը, մի քանի կոպիտ հիշոցներ ուղղելով աղջկա հասցեին: Ախր հիմա ունևոր մարդու կնիկ է, ամաչում է մրոտ ձեռներիցս: Լա՜վ, ինչ ուզում է, թող անի, մենք էլ մեր խելքի կտրածը կանենք: Հենց էգուց կբռնեմ բազարում նրա մարդուն ու հարցուփորձ կանեմ: Ինձ Պուլուզանց Ոսկան կասեն: Եթե Մուրադն ասի, որ չի ուզում ինձ իր տանը տեսնել, լախտակ կթքեմ նրա երեսին: Աստված, երկինք վկա, պատվավոր մարդկանց մոտ կթքեմ ու հավիտյանս հավիտենից ամեն, է՜լ ոտ չեմ դնիլ նրա շեմքը...

Զուր հացթուխն ասաց, թե Սոնան մեղավոր չէ, թե Մուրադին ոչինչ հայտնի չէ և չպիտի հայտնել: Պայտագործը կատաղած կրկնում էր,

Չէ, չէ, ու չէ, հենց Մուրադի բկից պետք է կպչեմ. ես Չորթանի կամ Չոփուռի կնկանը չեմ տվել աղջկաս...

Նա իր ասածը կատարեց: Մյուս օրն ևեթ շուկայում հանդիպեց Մուրադին ու սկսեց պարզապես նախատել նրան: Փիյե՛ , այդ ի՞նչ նոր կարգ ու կանոն են բերել քաղաք «շինականները»: Տեսնված բա՞ն է, որ փեսան աներոջն իր տնից փախցնի, այն էլ մեղրամիսը չլրացած:

Թքել եմ ձեր մի բաժակ օղիի վրա, կարո՞տ եմ, ինչ է:

Մուրադը, որին իրավ ոչինչ հայտնի չէր, զարմացած նայեց պայտագործի երեսին և մեղմ ձայնով ասաց.

Չեմ հասկանում էշիդ ո՞վ է կաղ ասել, որ փրփրամ ես: Իմ տանը դռները առավոտ-երեկո քեզ համար կրունկների վրա բաց են: Երբ ուղում ես, եկ, գնա, կեր, խմիր, ինչպես քո տանը:

Պայտագործը մեղմացավ:

Հաա՞, ասաց նա, խոսելու եղանակը փոխելով, որ այդպես է, բաս քիչ թե շատ օրինավոր մարդ ես: Ջահիլները մեծի-պստիկի պատիվը պետք է ճանաչեն: Բաս լավ կլինի, որ քո տանեցիներին էլ մի քիչ քաղաքավարություն սովորեցնես:

Իմ տանեցիներն իրավունք չունին քեզ ասելու, «Ա մարդ, ոտդ էրվում է, դենը դիր»: Դու իմ աներն ես, կթողնեմ քեզ իմ տունը, չեմ թողնիլ իմ գործն է...

Ա՛ֆերիմ տղա, գոչեց Ոսկանը, միանգամայն հափշտակվելով ա՜յ, տղամարդի խոսք, ա՛ֆերիմ, արի բերանդ պաչեմ...

Բայց հանկարծ նրա ամբիցիան գրգռվեց, և նա չկամեցավ միանգամից հաշտվել փեսայի հետ:

Փա՜հ, ավելացրեց նա, ուսերը քաշելով և ձեռները կաշվի գոտիի մեջ խրելով, դու կարծում ես, շատ կարոտ եմ քո տանը: Ինձ Պուլուզանց Ոսկան կասեն, հազար չխնդրեն, մեկ չեմ գնալ: Թքել եմ հարուստների վրա, դու պատիվ ու քաղաքավարություն ասա՜, թե չէ փողն ինչ է, ձեռի կեղտ, այսօր կա, վաղը չկա: Ես քեզ համար եմ մտածում. թե չէ ինձ ի՞նչ: Որ դու ինձ պատիվ չանես, օրինավոր մարդիկ մատներով աչքերդ կհանեն:

Իհարկե, իհարկե, համաձայնվեց Մուրադը պայտագործին հանգստացնելու համար:

Նույն օրը Մուրադը Սոնային թախանձեց բացատրել գործի էությունը: Նորահարսը երկար ժամանակ. աշխատում էր խույս տալ ուղիղ պատասխանից, բայց վերջը ստիպվեց եղելությունը պատմել: Երբ Մուրադն իմացավ, որ իր մայրը նախատել է Սոնային, անմիջապես գնաց պառավի մոտ և սկսեց վրդովված հանդիմանել նրան:

Առաջին և վերջին անգամն եմ ասում, ավարտեց նա խոսքը դրական եղանակով, եթե մեկ էլ իմ կնոջ երեսին խոսել եք, կվերցնեմ նրան, դուրս կգամ այս տնից ու ջոկ կապրեմ:

Խնդիրը քանի գնում՝ բարդանում էր: Պառավ Զառնիշանը վախեցավ որդու սպառնալիքից և ավելի սուր ատելություն զգաց դեպի Սոնան: Տեսեք, տեսեք այդ հացթուխի աղջկան. մի ամիս չկա ոտք է դրել այս տունը և արդեն ուզում է որդուն բաժանել մորից, եղբորը եղբորից: Չէ, պետք է այդ անկապի կապը քաշել, որ շատ էլ ձին չափ չտա:

Համբերիր, համբերիր, ասում էր Գյուլնազը պառավին գրգռելու համար, դա կծիկի ճոնդն է, տես վերջն ինչ կլինի: Աչքերս կհանեմ շներին կգցեմ, եթե այդ խլեզն ինձ էլ չբաժանի իմ մարդուց:

Հարս ու սկեսուր սկսեցին խորհրդակցել իրանց անելիքի մասին: Խնդիրր շատ կարևոր էր: Եթե Մուրադը շարունակեր կնոջ կողմը բռնել, հետևանքը կարող էր վատ լինել: Բանն այն է, որ առևտրական գործերը գլխավորապես ՄՈԼրադի ձեռքումն էին կենտրոնացած: Նա գիտեր գրել-կարդալ, հաշիվներ պահել, իսկ Կարապետը մի անգրագետ մարդ էր, շատ անգամ չէր իմանում, ումից ինչքան ստանալիք ունի, կամ ում ինչքան է պարտք: Ինքը Կարապետը շատ լավ էր զգում եղբոր արժեքը և շատ անգամ խոստովանում էր, որ առանց նրա-ինքը «կոպեկ չարժե»: Նա վշտացավ, երբ կնոջից լսեց, թե Մուրադը սպառնում է բաժանվել և առանձին ապրել, եթե նրա կնոջ ու աներոջ հետ լավ չեն վարվիլ: Իսկապես Կարապհտը շատ էլ դեմ չէր պայտագործին և ոչ էլ որևէ ատելություն էր զգում դեպի նրա աղջիկը: Բայց Գյուլնազը համոզել էր նրան, որ Սոնան ընտանիքի մեջ խլրտումներ է գցում, ուստի նա էլ լարվել էր նորահարսի դեմ:

Այդպիսով Սոնայի դեմ կազմվեց մի եռանձնյա դաշնակցություն: Շուտով նա զգաց իր վիճակի փափկությունը: Չնայելով նրա բարեկամական զգացումներին և հեզ վարմունքին, հակառակորդները ճգնում էին նրա վարկը գցել ամուսնու մոտ:

Սկզբում Մուրադը բարկանում էր, երբ կողմնակի ակնարկներ էր լսում Սոնայի ծուլության կամ անհնազանդության մասին: Ապա ուշադիր եղավ այդ համառ ակնարկներին և կամեցավ վերստուգել իր մոր գանգատները: Փորձը համոզեց նրան, որ Սոնան ոչ միայն ծույլ չէ, մեծերի պատիվը ճանաչում է, այլև ամբողջ տան գործերը նրա վզին են, և հարգում ու մեծարում է ընտանիքի ավագներին գուցե ավելի, քան պահանջվում է: Այս պատճառով Մուրադը մի օր ընդհարում ունեցավ տնեցիների հետ: Գրգռված րոպեին այս անգամ բացարձակ կասկած հայտնեց իր եղբոր կնոջ բարեխղճության մասին: Գյուլնազը, հարկավ, վիրավորվեց, լաց եղավ իր ամուսնու մոտ: Հերթը հասավ «չոփուռ» Կարապետին: Նա հանդիմանեց Մուրադին իր կնոջ վերաբերմամբ, և առաջին անգամ երկու եղբոր մեջ տեղի ունեցավ մի անախորժ վեճ:

Արդեն պառավ Զառնիշանը և Գյուլնազը համոզվել էին, որ անկարելի է Մուրադին լարել իր կնոջ դեմ, երբ... ճակատագիրը դավաճանեց Սոնային:

 Կիրակի առավոտ էր: Ամբողջ ընտանիքը խմբված էր միջին, ընդհանուր սենյակում: Սոնան թեյ էր պատրաստում, բերանը երեսքողով ծածկած, անբաժան շալը գլխին: Այն վայրկյանին, երբ, բաժակներով լի մատուցարանը ձեռքին, մոտենում էր Զառնիշանին, մարմնի վրա զգաց մի անսովոր ցուրտ: Նրան թվաց, իբր մի քանի խոնավ և պաղ որդեր մեջքի վրայով սողում են դեպի վեր: Նա սարսռեց ոտից մինչև գլուխ, մի սուր ճիչ արձակեց, դողաց և, մատուցարանը ձեռից բաց թողնելով, ընկավ հատակի վրա:

Գյուլնազը երկյուղից գոռաց: Զառնիշանը ձեռները զարկեց ծնկներին: Կարապետը չիբուխը բերանից հանեց և ապշած նայեց հատակի վրա թափված թեյին ու փշրտված բաժակներին: Իսկ Մուրադը մի ակնթարթում ոտքի թռչելով, մոտեցավ Սոնային բարձրացնելու: Բայց նայեց նրա դեմքին, սարսափեց և ապշած մնաց տեղն ու տեղն արձանացած: Կարապետի երեխաները բարձրացրին անասելի աղմուկ: Մեծերը սկզբում կարծեցին, որ Սոնան պատահաբար ընկավ: Բայց երբ տեսան նրա կարմրած երեսը, փրփրոտ բերանը, ատամների մեջ սեղմված լեզուն, լսեցին չարագուշակ խրխռոցը, քողը սկսեց ընկնել նրանց աչքերից:

Ամենից առաջ Գյուլնազն արտասանեց.

Ընկնավոր է:

Նա իր գլխի շալը ձգեց Սոնայի երեսին և երեխաներին դուրս տարավ: Պառավը դարձյալ ձեռները զարկեց ծնկներին և ճչաց: Կարապետը ցավակցաբար նայեց եղբոր երեսին: Մուրադը դեռ արձանացած էր միևնույն տեղում, աչքերը հառած կնոջ անզոր թավալվող մարմնին:

Տեսարանը տևեց ընդամենը երկու րոպե: Սոնայի երեսը բաց արին: Նա արդեն ուշքի էր գալիս:

Անմիջապես մարդ ուղարկեցին հացթուխի ետևից: Դեռ կասկածում էին, որ Սոնան ընկնավոր է: Միայն Գյուլնազն էր պնդում, թե կյանքում ընկնավորներ շատ է տեսել, բոլորն էլ Սոնայի պես են ուշաթափվում:

Երբ հացթուխը ներս մտավ, պառավ Զառնիշանը գոռաց.

Աղջիկդ ցավագար Է...

Խե՛ղճ մայր. այս մի հատիկ բառը բավական էր նրան: Նա գունատվեց, ոչինչ չասաց, և ի՞նչ ասեր: Կասկածը փարատվեց: Հացթուխն անցավ իր աղջկա սենյակը: Սոնան այնտեղ հագուստով պառկած էր անկողնում: Սենյակի մի անկյունում, սնդուկի վրա, նստած էր նրա ամուսինը, ձեռները կռնատակին դրած, աչքերն ուղղած հատակի մի կետին: Նա գլուխը բարձրացրեց և նայեց իր զոքանչի երեսին: Նա աղերսանքով և տանջանքով խառն մի հարցական հայացք էր, միևնույն ժամանակ, տակավին հույսով լի: Նա ուզում էր հացթուխից լսել, թե ո՜չ, Սոնան ընկնավոր չէ, թե նրա ուշաթափվելը պատահական էր: Բայց հացթուխի լեզուն պապանձվել էր, և այս խորտակեց Մուրադի հույսը:

Աղջիկդ ընկնավո՞ր է, արտասանեց նա և լռեց:

Սոնան պառկած էր երեսը դեպի պատը: Նա զգաց, որ մայրը ներս մտավ, չոքեց իր մոտ, բայց երեսը չդարձրեց նրա կողմը: Նա վախենում էր հանդիպել ամուսնու աչքերին, որովհետև հազիվ ուշքի էր եկել, երբ Գյուլնազը ուղղակի և անխնա նրա երեսին ասաց, թե նա ընկնավոր է և հենց այս րոպեին ուշաթափվեց:

Աղջիկդ ընկնավո՞ր է, կրկին անգամ արտասանեց Մուրադը:

Երկինքը կրակ դառնար, թափվեր նրա մոր գլխին, գոչեց հացթուխը:

Այլևս Մուրադը ոչինչ չասաց և շարունակեց իր հայացքը հառել հատակի մի կետին: Այս լռությունը հացթուխի համար ավելի անտանելի էր, քան եթե նախատեին, հայհոյեին, թուք ու մուր ածեին նրա երեսին: Նա բախտավոր կհամարեր իրան, եթե այդ բարեսիրտ մարդը, որ այնքան սիրում էր Սոնային, վերկենար հանկարծ և դաշույնի մի հարվածով վերջ տար նրա կյանքին: Բայց Մուրադը լուռ և անշարժ էր:

Մի քիչ ջո՞ւր, շշնջաց Սոնան, կարծես, վախենալով, որ մի գուցե ամուսինը լսի:

Հացթուխը նայեց այս ու այն կողմ: Հարկավոր էր ջուրը մյուս սենյակից բերել: Այնտեղ թշվառ կնոջը սպասում էր եռանձնյա դաշնակցության դատաստանը: Խորին ատելությամբ և զզվանքով լի երեք զույգ աչքեր միաժամանակ բևեռվեցին նրա վրա, երբ ներս մտավ: Նա զգաց իր սրտում այդ սուր ասեղների ծակոցները: Հասկացավ, որ այդ դատավորներն իրանից բացատրություն են պահանջելու, որ պետք է, վերջապես, դեմ առ դեմ կանգնել նրանց առջև: Ահա ինչու, երբ Սոնային ջուր տվեց և ջրաշիշը տարավ մյուս սենյակ կրկին իր տեղը դնելու, կանգ առավ այնտեղ: Առաջինը խոսեց պառավ Զառնիշանը, որի հողագույն դեմքը թույն էր արտահայտում:

Բախտավոր աղջկա բախտավոր ծնողին շատ, շատ բարով: Մոտեցիր, փեշերդ պաչենք, գլխիդ վարդաջուր ածենք, ոտներիդ հինա դնենք, ա՜յ մեր աչքի լույս խնամի: Աղջիկդ անգին մարգարիտ է, շահնշահի մատին դնելու, խանըմ-խաթուն, հյուլ ու մյալաք: Գնա՜, նրա ոտները ջուր արա, խմիր, հա՜ հա՜ հա՜: Փա՛հ, երես ունիս աստծու լույսին մտիկ անելու. փա՛հ, տափը պատառ-պատառ չի լինում, որ քեզ կուլ տա. փա՛հ, ոտդ դրած տեղն օձ չի բուսնում, որ ջիգյարդ դաղի, կերակուրդ աղու-լեղի չի դառնում, որ սիրտդ ու փորդ կտրտի: Խայտառակ լինիս աշխարհումս, ինչպես մեր անունը խայտառակեցիր...

Հացթուխը լսում էր այս կծու և դառն նախատինքը, չհամարձակվելով նայել խնամիների երեսին:

Մենք էլ ուրախ էինք, որ ջահիլ, սիրուն հարս ենք բերել մեր տուն, շարունակեց սկեսրի փոխարեն Գյուլնազը, աչքերը դարձնելով դատապարտյալի վրա, լա՜վ ուրախացանք: Հե՜րիք չէր թոնիր լպստողի ու աներես, անպատկառ հարբեցողի խնամի դարձանք, հիմա էլ մենք մեր տան մեջ պետք է ուրիշների ցավագար աղջկանը ծառայենք:

Հացթուխը գոգնոցի փեշը բարձրացրեց աչքերի արտասուքը սրբելու: Հերթը հասավ երրորդ դատավորին:

Ես կարճ կկապեմ, ասաց չոփուռ Կարապետը, ծխախոտի կրակն ուղղելով, հենց այսօր, հենց հիմա, ա՜ռ աղջկադ, տար տունդ: Մենք ընկնավորներ պահելու գլուխ չունինք:

Դռների մեջ, շեմքի վրա երևաց Մուրադի կերպարանքը: Նրա դեմքը գունատ էր, շրթունքները դողում էին, երեսի մկանունքները ցնցվում: Կարապետը չնկատեց նրան:

Ա՛ռ, աղջկադ, ասում եմ կրկնեց նա, տար տունդ, քոնը լինի ծախած ապրանքդ:

Ո՞վ է քեզ դատավոր կարգել, գոչեց Մուրադը հուզված ձայնով, ո՞վ է քեզ դատավոր կարգել, որ ուզում ես իմ կնկան իմ տնից դուրս անել:

Ոչ մեկը չէր սպասում, որ նա կպաշտպանի իր կնոջն այն պահին, երբ այդ կինը խորտակել էր նրա բախտը: Կարապետը զարմացած նայեց նրա երեսին: Զառնիշանը չկարողացավ զսպել իր կատաղությունը:

Մեր ամենի դատավորը աստված է, դարձավ նա

Մուրադին, բայց ես մայր եմ, չեմ թողնիլ իմ որդուն, որ

ցավագարի հետ ապրի:

Մուրադը մոտեցավ, պատկառանքով խոնարհվեց և համբուրեց պառավի ձեռը:

Որդին պարտավոր է, ասաց նա, իր ծնողների առաջ խոնարհվել: Մինչև օրս ես քո կամքին չեմ հակառակվել, ամեն բանում քո ուզածն եմ արել: Կյանքումս մի անգամ խոսքդ չկատարեցի, աստված ինձ պատժեց: Հիմա ուզում եմ պատիժս տանեմ. թո՜ղ տանեմ, ես արժանի եմ:

Ուրեմն չե՞ս ուզում ընկնավորից բաժանվել, գոչեց պառավը, շեշտելով «ընկնավոր» բառը, որպեսզի որդու սիրտը սարսափ ձգի:

Չեմ ուզում:

Չե՞ս ուզում չարով բռնվածից, դիվահարից երես դարձնել, ինչպես աստված է նրանից երես դարձրել:

Չեմ ուզում:

  Կփոշմանես:

Ինչ որ ճակատիս գրված է, պիտի կատարվի:

Այդ րոպեին Մուրադը բնազդումով երեսը դարձրեց ետ: Սոնան գլուխը բարձրացրել էր անկողնուց և ականջ էր դնում խոսակցության: Նրա ճակատը սպիտակ էր, ինչպես թուղթ, աչքերի բիբերն անշարժ մի փոքր դեպի վեր բարձրացած:

Մուրադը խղճաց նրան իր հոգու խորքում: Այդ վայրկյանին մոռացել էր իր վիշտը և միայն համակվել թշվառ կնոջ ցավով: Նա զգում էր, որքան տանջվում է այդ երիտասարդ էակը: Բայց միայն սեր և ցավակցության զգացումը չէին, որ ստիպում էին նրան պաշտպանել Սոնային: Ավելի մեծ դեր էր խաղում ինքնասիրությունը: Նա ինքն էր ընտրել այդ աղջկանը, պետք է պաշտպանի նրան:

Ես նրանից չեմ բաժանվիլ, ասաց նա վճռական

եղանակով, եթե ամենքդ էլ ինձանից բաժանվեք:

Նա անցավ շուտով մյուս սենյակը, դռները հետևից ծածկելով: Այնտեղ հանդիպեց նրան Սոնայի շնորհակալությամբ, երկյուղով և հույսերով լի հայացքը:

Կախարդել են որդուս, աղաղակեց պառավ Զառնիշանը, կախարդել են ու սատանաների ճանկը գցել...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Չար ոգի"

Ятук Музыка
Ти Чинар
Комитас

Ти Чинар

Женщина с ключом
Женщина с ключом
Играть онлайн