Александр Ширванзаде
Չար ոգի
VI
Երբեք հացթուխի տառապանքն այնքան ծանր չէր եղել, որքան Սոնայի նշանդրության օրից մինչև հարսանիքը, այդ չորս ամսվա ընթացքում: Նա գիտեր, որ իր աղջկա բախտը խախուտ հիմքի վրա է դնում: Նախազգում էր, որ Սոնան օտար շրջանում, թեկուզ ամուսնու հարկի տակ, երջանիկ լինել չի կարող, քանի որ մի չար ոգի հետամուտ է նրա կյանքին: Դեռ մի ամիս չէր անցել նշանդրեքից, երբ Սոնան ընկավ գավթում, և նրա ծնոտը քարին դիպչելով վիրավորվեց:
Սակայն մեծ էր այդ կնոջ հավատը դեպի նախախնամության գութը, և նրա սիրտը լիքն էր ունայն հույսերով: Նա հավատում էր, որ Սոնան անպաշտպան չի մնալ ամուսնական կյանքում: Նա Դանելի բարեկամական զգացումները վերագրում էր նախախնամության կամքին: Եթե մի մարդ, որին ամբողջ քաղաքը խելագար է համարում, այնքան համակրանք է ցույց տալիս նրա թշվառ աղջկան, անշուշտ այստեղ կատարվում է ճակատագրի վճիռը: Ինչո՞ւ, ուրեմն, կարծել, թե առողջ խելքի տեր մարդիկ քարասիրտ կլինին և չեն խղճալ մի երիտասարդ կնոջ, որի ցավը աստծուց է ուղարկված: Թող Սոնայի ապագա ամուսինը գիժ-Դանելի ասածի կիսի չափ բարեսիրտ, ազնիվ և նամուսով լինի դա էլ հերիք է: Նա չի թողնիլ իր հարազատ մորն էլ մի թթու խոսք ասել Սոնային միայն այն պատճառով, որ ընկնավոր է: Բայց, ով գիտե, կարելի է Դանելը բան չի հասկանում, խաբվում է, լավ չի ճանաչում իր եղբոր որդուն:
Դանել ապեր, ասա, ի՞նչպիսի տղա է Մուրադը, հարցնում էր հացթուխն ամեն օր:
Եվ գիժ-Դանելը ամեն օր տալիս էր միևնույն պատասխանը.
Ոսկի տղա է:
Դա էր խեղճ կնոջ միակ մխիթարությունը, և խենթը նրան թվում էր մի տեսակ սփոփիչ հրեշտակ: Մի անգամ նա հարցրեց.
Դանել ապեր, հարսանիքից հետո Սոնայիս ցավը կբացվի խնամիների համար, ի՞նչ կանեն նրանք երեխայիս...
Ինչպես երևում էր, խենթը բնավ այդ մասին չէր մտածել: Նա գիտեր մի բան որ ոչ ոքի չպիտի հայտնել Սոնայի ընկնավոր լինելը: Կարծում էր, թե այսքանը բավական է գաղտնիքը թաքցնելու համար: Մի վայրկյան ընկավ մտատանջության մեջ, ապա, գավազանը օդի մեջ պտտեցնելով ասաց.
Մանիշակիս քեֆին դիպչողի գլուխը փշուր-փշուր կանեմ...
Ո՞վ էր Մանիշակը, ինչո՞ւ էր խենթը Սոնային այդպես անվանում հայտնի չէր: Նկատելի էր միայն, որ միշտ այդ անունը արտասանելիս նրա աչքերն առանձին արտահայտություն էին ստանում, և նա առանձին գգվանքով էր նայում Սոնայի երեսին: Իսկ Սոնան խենթի հայացքի մեջ զգում էր մի խոշոր հեռավոր վիշտ, ամրացած նրա սրտի անթափանցելի խորության մեջ: Շատ անգամ ձգտում էր գուշակել այդ վիշտը: Եվ ոչինչ չէր կարողանում պարզել: Զգում էր սակայն, որ օրեցօր իր համակրանքը դեպի այդ մարդն ավելանում է: Նա ուրախանում էր, երբ խենթին տեսնում էր ուրախ և անհոգ, տխրում էր, երբ խենթը երևում էր տխուր:
Մի օր գիժ-Դանելը ներս մտավ կռնատակին դրած մի կտոր հասարակ կապտագույն կտավ և, ձգելով Սոնայի գիրկը, ասաց.
Սոնա խանում, արխալուղ կարիր ասլան Դանելի համար, հարսանիքդ մոտենում է:
Խենթը պիտի արխալուղ հագներ: Դա Սոնայի համար չտեսնված բան էր:
Արդեն երեք շաբաթ էր մնում մինչև հարսանիքի օրը: Այժմ Սոնայի միտքը զբաղված էր մի խնդրով. արդյոք ի՞նչ է սպասում նրան ամուսնական կյանքում: Իբրև իր շրջանի հարազատ զավակ, ամուսնության մասին ուներ մի շատ պարզ և անբարդ գաղափար: Աղջկա վիճակը համարում էր ծնողների կամքին ենթարկված: Նրանք են պահում, մեծացնում իրանց զավակին, նրանք էլ պետք է նրա կյանքի ընկերն ընտրեն: Տանը մնացած աղջիկն իր ծնողների համար մի ծանր բեռն է: Կնիկարմատը պետք է իր մարդու աշխատանքով ապրի, ծնողները պարտավոր չեն նրան մինչև մահ կերակրել: Այս պատճառով ամեն աղջիկ, եթե նա երկու աչքերով կույր չէ, պետք է ամուսնանա թեկուզ մի մուրացկանի հետ:
Բայց այս պարզ գաղափարը բարդանում էր և անլուծելի խնդիր դառնում, երբ կապվում էր այն մտքի հետ, որ ինքը Սոնան, ընկնավոր է: Աստված նրան ստեղծել է թշվառ, իսկ մայրն ուզում է անպատճառ բախտավորեցնել նրան: Այսօր-վաղը կբռնեն նրա թևից և մի օտար տուն կտանեն: Գիտե՞ փեսացուն, նրա գլխի ապագա տերը, որ իր հարսնացուն ցավագար է: Եթե գիտե, ինչո՞ւ է ամուսնանում մի անբախտ աղջկա հետ և իրան էլ անբախտացնում: Եթե չգիտե, մի՞ թե չպիտի հայտնել:
Եվ անթիվ կասկածներ, միմյանց հաջորդելով, պաշարում էին Սոնայի թույլ ուղեղը և կաշկանդում: Ի՞նչ կլինի, տեր աստված, եթե նա հենց պսակադրության օրը, եկեղեցում չարից բռնվի և ընկնի: Օ՛օ, ի՜նչ անպատվություն, ի՛նչ ամոթ: Նրա ամուսինը կթողնի նրան ու կհեռանա զզվանքով. մարդիկ երես կդարձնեն և Սոնան կմնա իր մոր գրկում: Երկա՞ր ժամանակ կմնա ընկած, թե՞ շուտով ուշքի կգա: Վերջապես, ի՞նչպես է ուշաթափվում, ի՞նչ է անում, ի՞ նչ է խոսում:
Ասա, մայրիկ, խոսո՞ւմ եմ, դելի՞ն եմ տալիս, ի՞նչ եմ անում, հարցնում էր երբեմն իր մորից:
Ի՞նչ ես հարցնում, բալաս, ինչ որ լինում է, աստծու կամքով է լինում:
Ավելի լավ չէ՞ , որ Սոնան մեռնի և իր մորն ազատի խայտառակությունից. մեռնի հենց այժմ, այս րոպեին: Բայց ո՞րտեղ է մահը, որ գար, ազատեր նրան այս ցավերից:
Մեղա քեզ, մեղա քեզ, շշնջում էին Սոնայի շրթունքները, երբ նա մահ էր աղերսում, ասում են, մահ ուզելը մեղք է:
Կիրակի և հինգշաբթի օրերը արբշիռ պայտագործը ճշտությամբ այցելում էր խնամիներին և, եթե ամոթը մի քիչ չզսպեր նրան, պատրաստ էր ամեն օր այցելել, այն էլ ճիշտ այն միջոցին, երբ կարող էր ճաշի հրավիրվել: Նա ասում էր կնոջը, թե փեսացվին հավանում է, իսկ խնամիներին ոչ: Բռի գյուղացիներ են, մարդավարի վարվելու շնորհք չունեն:
Իսկությունը այն էր, որ ինքը, Ոսկանը, շատ անախորժ տպավորություն էր գործում խնամիների վրա: Նրա մրոտ ձեռները և կեղտոտ դեմքը դուր չէին գալիս մանավանդ փեսացվի մորը և եղբոր կնոջը: Առանց այն էլ այդ կանայք հոգով-սրտով հակառակ էին հացթուխի աղջկան ուզելուն և միայն փեսացվի կամքին էին հպատակվում: Իսկ այժմ մրոտ ու կեղտոտ պայտագործն արդեն սկսել է գլուխ ցավեցնել:
Մի օր նրանց կողմից «չոլախ» Սահարնազն եկավ հացթուխի մոտ և խոսակցության միջոցին ակնարկեց պայտագործի հաճախ այցելությունների մասին: Սոնան ներկա էր և լսում էր: Միջնորդ կնոջ արտասանած յուրաքանչյուր բառը նա ընդունում էր իբր կծու և ամոթալի նախատինք իր հասցեին: Հոր փոխարեն նա ինքն էր տանջվում ամոթից, որովհետև իրան էր համարում այդ նախատինքի պատճառը: Եթե խնամիները չեն ներում իրանց հարսնացվի հոր հարբեցողությունը, ի՞նչպես կներեն, եթե իմանան, որ հարսնացուն ընկնավոր է: Մի վայրկյան Սոնայի մեջ միտք ծագեց պարզապես հայտնել ամեն ինչ Սահարնազին: Թող գնա պատմի նրա ապագա սկեսրին, որ ցավագար է, աստծուց պատժված: Թող միանգամից բանը պարզվի «նշանը» ետ վերցնեն, Սոնան խայտառակվի: Նա պատրաստ էր մինչև անգամ բերանը բանալ և այս բոլորն ասել Սահարնազին, երբ մոր աղերսական հայացքն ընկավ նրա աչքին: Արդյոք, գուշակե՞ց հացթուխը, ինչ է կատարվում իր աղջկա սրտում, թե՞ դա միայն աննպատակ հայացք էր, բայց Սոնայի լեզուն կաշկանդվեց:
Նույն միջոցին պառավ Զառնիշանն ու Գյուլնազն աշխատում էին Մուրադին համոզել, որ քանի ուշ չէ, ձեռք քաշի իր հարսնացվից:
Մայրը հացթուխ, հայրը հարբեցող, աղքատ, տկլոր, կեղտոտ, ի՞ նչ ես կպել այդ աղջկանը, ասում էր «չորաթան» Զառնիշանը:
Լավ պտուղ չի լինիլ այնպիսի ծնողների զավակը, կրկնում էր Գյուլնազը:
Լավ է, թե վատ, կաղ է, կույր, թե թևը կտրած, իմ հարսնացուն է, պիտի պսակվեմ, ես ուրիշ աղջիկ չեմ ուզում, պատասխանում էր Մուրադը դրական եղանակով:
Կանայք ստիպվեցին լռել. գիտեին, որ ապարդյուն է դիմադրել Մուրադի կամքին: Նա իր ասածի մարդ է, մի անգամ վճռել է, պետք է կատարի, թեկուզ ամբողջ ընտանիքը նրա դեմ ոտքի կանգնի և թշնամանա: Իսկ երկար հակառակվել Մուրադին՝ նրանք վտանգավոր էին համարում: Նա տան «սյունն» էր. եթե բարկացնեին, կբաժանվեր եղբորից և առանձին կապրեր:
Հասավ, վերջապես, հարսանիքի օրը: Հացթուխը հրավիրեց միայն ամենամոտիկ ազգականներին, որոնցից ոչ մեկի հետ նա մինչև այժմ հարաբերություն չէր ունեցել: Նա ուզում էր, որ հարսանիքը որքան կարելի է անշուք անցնի, ոչ ոքի ուշադրությունը չգրավի: Ընդհակառակը, պայտագործը պնդում էր, թե պետք է հրավիրել քաղաքի «պատվավոր» ընտանիքներին, թեև ինքն էլ չգիտեր, որտեղ պետք է նստեցնի, եթե հրավիրի: Հաղթությունն այս անգամ հացթուխի կողմը մնաց, երբ պայտագործը համոզվեց, որ շատ հյուրեր կանչելը մեծ ծախս է պահանջում, իսկ ծախսերի համար փող չկա: Բայց նախքան հարցի վճռելը, ամուսինների մեջ դարձյալ տեղի ունեցավ մի անախորժ վեճ, դարձյալ պայտագործն ուզեց կնոջը հարվածել և դարձյալ Սոնան արտասուքն աչքերին մեջ ընկավ ու նրանց բաժանեց:
Արդյոք, ճշմարի՞տ է, որ հարսանիքի օրն ուրախություն է բերում: Ո՜չ, երևի, այդպես չի, սուտ են ասում: Ինչո՞ւ Սոնայի համար այդ օրը դարձավ սուր տանջանքների, գաղտնի հառաչանքների, հարյուրավոր չար կասկածների և սարսափների շղթա:
Ահա նա: Կանգնած է մի անկյունում, որ բաժանված է վարագուրով խրճիթի մյուս մասից: Երկու երիտասարդ հարսներ հագցնում են նրան պսակի զգեստ: Նա չգիտե ինչ է կատարվում իր շուրջը, միայն լսում է, որ այսօր հարսանիք է: Նա դողում է, կարմրում, գունատվում, նրա ամբողջ մարմիը մերթ զգում է սառույցի պաղություն, մերթ կրակի տաքություն:
Նա ինքն իրան լիովին հանձնել է ուրիշների կամքին և անշունչ մեքենայի պես կատարում է այն բոլորը, ինչ որ ուրիշներն են կամենում: Կյանքում նա հինա չէր գործածել. երկու շաբաթ էր արդեն նրա գլուխը ստեպ-ստեպ ներկում էին: Նրա գանգուր և շքեղ մազերի գեղեցիկ մուգ ոսկեգույնը, քաղաքի սովորության համեմատ, տգեղ են համարել և աշխատել են սևացնել: Եվ այժմ նրա դեմքի դեղնությունն ավելի է աչքի ընկնում մազերի սևությունից: Հայելի են տալիս նայելու, և նա ինքն իրան չի ճանաչում:
Ի՛ֆ, թուրքի աղջկա եմ նման, ասում է նա ժպտալով:
Բայց ո՛րքան թույլ է այդ ժպիտը և ի՜նչպես սազ չի գալիս նրա դեմքի մռայլությանը: Նրան հրամայում են թույլ տալ մի ինչ-որ պառավ թրքուհու, որ նրա դեմքը «գեղեցկացնի»: Մի փոքրիկ մկրատի ծայրով թրքուհին մեկ-մեկ պոկում է նրա գեղեցիկ ունքերի ավելորդ համարած մազերը, սուրմայում է արտևանունքը, ոլորում է վարսերը: Հետո նրան հրամայում են կանգնել, երեսը ծածկում են քողով, գլխին չարսավ են ձգում: Ապա նրան նստեցնում են, նորից հրամայում են կանգնել, նորից նստել: Այնուհետև նորահարսերը բռնում են նրա թևերից և առաջ են տանում: Նրա աչքերը ծածկված են, ոչինչ չի տեսնում: Նա լսում է միայն նորահարսերի շշնջյունները և կատարում նրանց պատվերները:
Հանկարծ լսվում է քահանայի ձայնը, որին հետևում է տիրացվի ձայնը: Սկսում են երգել: «Պահպանիչը» վերջանում է, լսվում է ամեն կողմից «շնորհավո՜ր լինի, շնորհավոր լինի»: Ապա նա զգում է մի թարմություն: Բաց օդը, թափանցելով քողը, զովացնում է նրա երեսը: Նրան տանում են առաջ: Ո՞ւր: Այժմ մեկը քայլում է նրա հետ կից առ կից: Ո՞վ է: Սառն օդը մի փոքր սթափեցնում է նրան: Զգում է, որ կից առ կից գնացողը շուտով իր գլխի տերն է դառնալու:
Լսվում է զուռնայի սուր ձայնը: Աա՛, այդ է, ուրեմն այն ձայնը, որ նա քանի-քանի անգամ լսել է հայրական խրճիթի գավթում, հեռվից: Ինչո՞ւ այսօր այնպես ուրախ չի հնչում, ինչպես նրա ընկերուհիների հարսանիքին: Ինչո՞ւ Սոնային թվում է, որ իրան թաղելու են տանում: Ո՞րտեղ է նրա խեղճ մայրը, ինչո՞ւ իր աղջկանը թողել է մեն–մենակ, օտարների ձեռքում...
Ահա, վերջապես, եկեղեցումն է: Նախ լսվում են ինչ-որ խուլ շշնջյուններ, որ նրա մարմինը ծակծկում են սուր ասեղների պես: Քահանայի և տիրացուների ձայները, կարծես, գալիս են գետնի տակից, մի մթին անդունդի հատակից: Նրա աչքի առջևով անցնում են սոսկալի տեսարաններ, գերեզմաններ, ուր տարածված են շղթայակապ դիակներ, դագաղներ, որոնք լցված են խոշոր որդներով, օձեր, որ ահագին բազմությամբ խլրտում են օդի մեջ: Այդ ինչ սարսափելի ձայներ են, ինչո՞ւ Սոնային բերեցին այստեղ, ի՞նչ են անում, այդ ո՞վ է նրա կողքին կանգնած, ինչո՞ւ են նրան անդադար բոթում: Այդ Ի՞նչ սառը ձեռ էր, որ բռնեց իր ձեռից և դրեց մի ուրիշ ձեռի մեջ: Ինչո՞ ւ են սեղմում նրա ձեռը: Դարձյա՛լ սոսկալի տեսարաններ. որդներով լի գանգեր, արյունով լի դույլեր, քայլող կմախքներ, ծիծաղող դիակներ...
Որդի, հնազա՞նդ ես:
Մեկը ձեռը դնում է նրա պարանոցին, երեք անգամ սեղմում և երեք անգամ գլուխը թեքում դեպի կուրծքը: Հետո նրան առաջ են տանում և վզին մի ինչ-որ թել ձգում, նորից հանում: Ապա նրա երեսը դարձնում են մյուս կողմ: Ժամերգությունը ընդհատվում է, նորից սկսվում են խուլ շշնջյուններ: Այս անգամ շշնջյունները չեն ծակծկում Սոնայի մարմինը: Դարձյալ սկսվում է մի երկար, անվերջ ճանապարհորդություն, որին ուղեկցում է զուռնայի զիլ ձայնը և մարդկանց գոռում ու գոչյունները:
Հետզհետե նա ուշքի է գալիս: Այժմ հասկանում է, որ ամեն ինչ վերջացավ, այլևս չպիտի վերադառնա իր ծնողների խրճիթը: Ա՜խ, այն ողորմելի խրճիթը, ուր այնքան տառապել է: Այժմ նա չի հիշում այդ տառապանքները և սրտի կսկիծով է բաժանվում իր ծննդավայրից:
Ահա այն տունը, ուր նա պիտի ապրի մինչև մահ: Նմա՞ն է արդյոք իր հայրենի խրճիթին: Նա ոչինչ չի տեսնում. երեսի քողը խանգարում է: Բայց ո՞ւր է մայրը: Կանչեցե՜ք նրան, Սոնայի սիրտը մորմոքվում է այս անծանոթ շրջանում: Քողը հանդարտիկ շարժվում է, նրա տակից լսվում է նորահարսի հեկեկանքը:
Ոչինչ, դա մի նորություն չի: Բոլոր նորապսակները լալիս են, ա՛յո, իհարկե, ուրախությունից: Եվ ինչո՞ւ չպիտի ուրախանա Սոնան: Մի խեղճ հացթուխի ու մի արբշիռ, կեղտոտ պայտագործի աղջիկ, և հանկարծ այդպիսի ամուսի՛ն: Հարուստ տուն ու տեղ, աջող առուտուր, տղան երիտասարդ, խելոք, գեղեցիկ: Իսկ ինքը, նորահարսը, ի՞նչ է բերում հետը: Մի ձեռք հագուստ: Ճշմարիտ, այդ բախտ ասված բանը իսկի աչքեր չունի, պտույտ է գալիս, պտույտ և հանկարծ փաթաթվում մի հացթուխի աղջկա վզին:
Այսպես էին մտածում և այս մասին էին քչփչում կանայք, մանավանդ Սոնայի մանկության ընկերուհիները: Օ՛օ, հիշում են նրանք այդ նորահարսին: Նա մի լալկան և վախկոտ աղջիկ էր, միայն լավ վազել գիտեր: Ոտաբաց, գլխաբաց կվազվզեր փողոցներում:
Միտս է, միտս է, ջհուդի մազերով աղջիկ էր, գոչեց Բարղամանց Մարջանը:
Ամեն օր փափուկ հաց էր ուտում, ավելացրեց Միսկարանց Զառվարդը:
Մայրը սրա ու նրա համար հաց էր թխում, կուտեր, բաս ինչ, մեջ մտավ Շավալյանց խորամանկ Հռուսիկը:
Մի րոպե խոսակցությունը ընդհատվեց: Խոսակիցները մեկ-մեկ մոտեցան նորահարսին շնորհավորելու և հերթով, քողը բարձրացնելով, նայեցին նրա երեսին: Սևիկ Մարգարիտը, հանկարծ մի բան մտաբերելով, դարձավ իր ընկերուհիներին.
Աղջի, միտնե՞րդ է այն օրը:
Ի՞նչ օր, ի՞նչ օր, կրկնեցին ամենը հետաքրքրված:
Այն օրն է՛է, որ Սոնան, մեզ հետ խաղ անելիս, լափաշվեց հողի վրա ու կապտեց:
Հա՛ա, գիժ-Դանելն էլ եկավ վերցրեց, տուն տարավ:
Իսկի չիմացանք, ի՞նչ պատահեց այդ աղջկան:
Էլ այն օրից երեսը չտեսանք:
Դարձյալ խոսակցությունը ընդհատվեց: Խոսողները սկսեցին ծափահարել նորափեսայի մեծ քրոջը, որ, մեջտեղ ընկած պարում էր, «մինթանայի» փեշերն օդի մեջ ֆրֆրացնելով:
Ասում են, որ է՛հ... սկսեց դարձյալ Սևիկ Մարգարիտը և խոսքն իսկույն կուլ տվեց…
Ի՞նչ են ասում, ի՞նչ են ասում:
Ես ինչ գիտեմ, մեղքը ասողի վզին, ասում են, որ Սոնայի այս տեղը դրուստ չէ…
Նա մատով խփեց ճակատին:
Ախար, ես էլ ասում եմ, մի բան պետք է լինի, մի բան պետք է լինի...
Իսկի խելք չկա, է՛է, իսկի:
Մի քանի վայրկյան ամենը հեգնաբար և ցավակցությամբ նայեցին նորահարսի կողմը:
Բաս ասա «չորաթան» Զառնիշանի աչքը լույս էլի, խոմ աշխարհը տակնուվրա կանի, եթե հարսի խելքը տեղը չի, ասաց Բարղամանց Մարջանը:
Աստված ազատի նրա ձեռից, սաթայել է, ավելացրեց խորամանկ Հռուսիկը:
Պակասը նրա մեծ հարսն է՞, Գյուլնազը, մեջ մտավ Միսկարանց Զառվարդը կուտեն խեղճին, կուտեն:
Է՛հ ինչ եք խոսում, չեմ իմանում, գիժը գժին կգտնի էլի, խոսեց դարձյալ սևիկ Մարգարիտը. իրանց Դանելը խոմ նրանից լավ չի:
Հա, լավ ասացիր, Դանելը այսօր խնամի է: Տեսա՞ ր, ինչպես ժամից զալիս մաշալա էր պահել հարսի առաջ, ուրախ-ուրախ թռչկոտում էր ու հուռա, հուռա կանչում:
Ընկեր է գտել...
Արդարև, եթե կար այդ երեկո պայտագործից հետո մի մարդ, որ ամբողջ հոգով ուրախ էր դա խենթն էր: Հակառակ իր ազգականների ցանկության, նա ոչ միայն հարսանիքի հանդեսին մասնակցեց, այլև ինքն իրանից կարգադրություններ էր անում: Նա ընթանում էր ամենից առաջ, ճանապարհ բանալով նորապսակների համար, երգելով, պարելով և զուռնաչիներին զանազան եղանակներ պատվիրելով: Այժմ ոտաբաց, գլխաբաց չէր և ոչ էլ կեղտոտ ու կիսամերկ: Նա հագել էր Սոնայի կարած նոր արխալուղը, հյուսած գուլպաները, գլխին դրել էր մի սև մորթյա և կիսով չափ ցեցից մաշված գտակ: Պարծանքով ամենին ցույց էր տալիս արխալուղը և գուլպաները, ասելով, թե նորահարսն է կարել և հյուսել իր համար: Այդ երեկո նա, իր ասելով, երկու հարսանիք ուներ, մեկ որ նրա եղբորորդի Մուրադն է պսակվում, մեկ էլ «խաթուն Սոնան» է մարդու գնում:
Ուխտ եմ արել նրանց հարսանիքի մաշալան տանելու, տվեք ինձ, ասաց նա, նավթային ջահը խլելով մի մշակի ձեռից:
Եվ եկեղեցուց մինչև նորափեսայի տունը խենթը ձեռից բաց չթողեց այդ ջահը...