Александр Ширванзаде
Չար ոգի
X
Դժբախտ օրից հետո հացթուխը մի երկու անգամ փորձեց իր աղջկանը տեսնել. խնամիները դռներից ետ դարձրին նրան: Այնուհետև նա այլևս չէր գնում աղջկա մոտ: Իսկ պայտագործը վաղուց արդեն դադարել էր այցելել Սոնային: Եվ կարիք էլ չէր զգում, քանի որ ամեն օր շուկայում տեսնվում էր իր փեսայի հետ: Մուրադը քաղաքավարի կերպով իր աներոջ ափի մեջ գրեթե ամեն անգամ սեղմում էր մի թղթադրամ, իսկ պայտագործը կրկնում էր.
Մինչև եղբորիցդ չբաժանվես, երեսս տանդ չես տեսնիլ:
Այժմ, երբ Մուրադը շուկայում չէր երևում, Ոսկանի տրամադրությունը շատ վատ էր:
Այնքան աղջկաս չեմ ուզում տեսնել, ինչքան փեսայիս, ասում էր նա վրդովված:
Եթե համոզված լիներ, որ Մուրադը չի վռնդիլ, անհապաղ կվազեր նրա մոտ սովորական տուրքը ստանալու հույսով: Բայց չկար մեկը, որ նրան ասեր, թե կարելի է Մուրադի հետ տեսնվել: Նա փորձեց դիմել գիժ-Դանելի միջնորդությանը, բայց խենթը բարկացավ և երեսը դարձրեց նրանից:
Ամեն օր Դանելը շտապով գալիս էր հացթուխի մոտ, շշնջում էր նրա հետ և շտապով հեռանում: Կարծես, նա այժմ չարաչար զբաղված էր մի շատ կարևոր և անհետաձգելի գործով: Նա գնում էր Սոնայի մոտ ժամանակ-անժամանակ: Շատ անգամ նորահարսի հետ չէր տեսնվում և ոչ էլ Մուրադի հետ էր խոսում: Մտնում էր բակը, անցնում էր այս ու այն կողմ, նայում էր այս ու այն անկյունը և իսկույն անհետանում, որպեսզի նորից երևա անսպասելի կերպով: Երբեմն մոտենում էր այս կամ այն լուսամուտին, նայում էր ներս, խույս տալով տնեցիների հայացքից, և գավազանը սպառնական ձևով օդի մեջ պտտեցնելով, հեռանում էր: Պատահում էր, որ պառավ Զառնիշանը կամ Գյուլնազը նկատում էին պատշգամբի վրա, բակում կամ փողոցի դռների առջև մի կապույտ շապիկ, որ մի վայրկյան փայլում էր և իսկույն չքանում: Նրա հոգին տիրում էր ամբողջ տան վրա: Բոլորն և ամեն րոպե զգում էին նրա ներկայությունը, միևնույն է, այնտեղ էր նա, թե ոչ: Ամենից ավելի զգում էր Սոնան: Նրան թվում էր, որ իր գլխին հավաքվում են սև ամպեր, և խենթի ոգին ճգնում էր մի սոսկալի որոտման առաջն առնել:
Այդ սև ամպերը նա տեսնում էր Գյուլնազի չարախինդ աչքերի մեջ և Զառնիշանի հողագույն դեմքի վրա: Պառավը տենդային հուզման մեջ էր: Այն օրից, երբ Մուրադը դրականապես մերժեց բաժանվել կնոջից, նա սկսեց ամեն միջոց գործ դնել իր որդուն «չարից» փրկելու: Սոնայի աչքից խույս չէին տալիս այդ միջոցներից և ոչ մինը: Նա տեսնում էր Զառնիշանին չոքած, կուրծքր ծեծելիս և աղոթելիս, լսում էր նրա անեծքներն իր դեմ և շրթունքները ներքին կսկծից ամուր կրծոտում էր: Նա գիտեր, որ իր սկեսուրը ոչ մի միջոց չպիտի խնայի իր տան մեջ բուն դրած «դևից» ազատվելու համար և երբեմն խղճում էր պառավին:
Բոլոր սրբերին աղոթելուց, բոլոր հմայիչներին դիմելուց հետո, մնում էր մի պառավ պարսկուհի, որ բնակվում էր քաղաքի ետ ընկած թաղերից մեկում: Զառնիշանն մի օր այցելեց նրան և խնդրեց օգնել իր որդուն: Պարսկուհին մի մեծ գավաթ ջրի վրա հմայեց և ասաց, որ պետք է անձամբ տեսնի Մուրադին:
Մյուս օրը Զառնիշանն ընդունեց հմայիչին իր տանը: Սոնան տեսավ պարսկուհուն և իսկույն հասկացավ, ինչու համար է կանչված: Հմայիչը դիտեց Մուրադին ոտից մինչև գլուխ, հետո խոսեց Սոնայի հետ: Նրան ուղղակի ոչ ոք չէր ասել, թե նորահարսը ընկնավոր է, ասել էին միայն, թե նա է Մուրադի «հիվանդության» պատճառը:
Մի շարք կողմնակի հարցեր տալուց հետո, պարսկուհին հայտնեց, թե նորապսակները չար աչքի են ենթարկված, թե Սոնայի աչքերում մի ինչ-որ սև բան է տեսնում, Մուրադը նրան թվում է կախարդված: Զառնիշանը հիացավ պարսկուհու գուշակությունից և ավելի հավատաց նրա գաղտնի զորությանը: Պարսկուհին պատվիրեց մի ագռավ բռնել, գլխիվայր պահած խեղդել և թաղել բակի այն տեղում, ուր Մուրադը սովորաբար անցուդարձ է անում գիշերները: Դա բժշկության նախերգանքն էր. բուն միջոցները պետք է գործադրվեին հետո: Պարսկուհին մի շաբաթ ժամանակ խնդրեց այդ միջոցների մասին մտածելու և, մի կտոր թել կապելով Սոնայի ցուցամատին, հրամայեց չբացանել այդ թելը, մինչև մյուս անգամ գալը:
Մի ծանր բեռն էր թվում այն մի կտոր թելը: Սնահավատությունը նրան թելադրում էր, թե այդ թելի կտորից է կախված նրա վիճակը: Ամեն գիշեր նա տեսնում էր տարօրինակ երազներ, որոնց մեջ նրա ցուցամատը միշտ գլխավոր դեր էր կատարում: Առավոտյան զարթնելիս նա իսկույն նայում էր ցուցամատին, կարծես, սպասելով մի որևէ հրաշքի: Առանց այն էլ, գիշեր-ցերեկ հանգստություն չուներ, այժմ իրան զգում էր երկաթյա շղթայով կապկապված, և այդ շղթան դարձյալ մատի թելն էր: Այժմ մահ էր ցանկանում, ինչպես ցանկանում էր մի ժամանակ իր ծնողների տանը: Տեսնում էր ամուսնու լուռ տանջանքները, լսում էր նրա խուլ հառաչանքները և այն միտքը, որ ինքն է բոլորի պատճառը, մորմոքում էր նրա սիրտը: Հիշում էր մորը և զգում, թե այժմ որքան է նա տանջվում:
Ա՜ռ հոգիս, աստված, ա՜ռ, շշնջում էին նրա շրթունքները առավոտ-երեկո:
Պատահեց մի անսպասելի փոփոխություն: Մի առավոտ Մուրադը հանկարծ տնից դուրս եկավ և գնաց շուկա: Տնեցիները ուրախացան. ուրեմն պարսկուհու միջոցները ազդում են: Նույն օրր Կարապետը ասաց, որ Մուրադը այժմ սկսել է գործերով հետաքրքրվել:
Իսկությունն այն է, որ Մուրադը, տեսնելով իր մոր տանջանքը և եղբոր անհանգստությունը, փորձեց գործով զբաղվեր նրանց թախանձներից ազատվելու համար: Այնուհետև ամեն օր դուրս էր գալիս: Բայց տանը տակավին շարունակում էր լռել և տխուր անցուդարձ անել գիշեր ցերեկ:
Ուղիղ յոթ օր անցած կախարդուհին եկավ: Նորից հարց ու փորձ արավ, նորից տան բոլոր սենյակներն և անկյունները դիտեց: Նա բաց արավ Սոնայի մատի թելը, բարձրացրեց օդի մեջ, նայեց, նայեց և, կամացուկ քայլերով մոտենալով նորահարսի ննջարանին, հանկարծ մի ճիչ արձակեց, չոքեց շեմքի վրա և սկսեց իր սուր եղունգներով հատակը փորել: Բոլոր տնեցիները երկյուղով և ապշած նայում էին նրան:
Այս տան մեջ դև կա, ասաց պարսկուհին և ոտքի կանգնեց:
Աչքերը լայն բաց արած՝ նայում էր չորս կողմը, իր ոսկրոտ ձեռները օդի մեջ շարժելով: Կարծես նա աշխատում էր դևին որսալ, որ խեղդի իր մագիլներով:
Տվեք ինձ մի կտոր կուպր, սև թել և մի հատ վեգ, ասաց նա խորհրդավոր:
Սոնային հրամայեցին իսկույն բերել պարսկուհու ուզած բաները: Դողալով և սարսափահար գտավ այդ բաները և բերավ: Պարսկուհին յոթն անգամ թելը չափեց, յոթ թիզաչափ կտրեց, յոթն անգամ փաթաթեց վեգի շուրջը, յոթն անգամ կշկուռեց և յոթն անգամ զարկեց հատակին: Հետո վեգը փաթաթեց կուպրով, տրորեց ձեռների մեջ, երեսը դարձրեց դեպի արևմուտք, աղոթեց, անեծք կարդաց երկրին, կպրած վեգը կպցրեց Մուրադի ննջարանի դռան շեմքի վրա և թելի ծայրը բևեռեց հատակին:
Այս բոլորը նա կատարում էր դեմքը ծռմռելով և խորամանկ աչքերը պսպղացնելով: Տնեցիները լուռ և զարմացած դիտում էին նրան: Նայում էր և՜ Սոնան: Կախարդուհու ամեն մի շարժումը նրան ցնցում էր պատճառում: Նա և՜ վախենում էր պարսկուհուց, և՜ զզվում: Եվ այս երկու զգացումներն այնքան զորեղ էին, որ նա մերթ զգում էր կրակիդ տաքություն, մերթ սառույցի պաղություն:
Երևի, պարսկուհին զգում էր, որ ինքը նորահարսի վրա ազդում է, և այդ ազդեցությունը ավելի զորացնելու համար նա շուտ-շուտ կնճռում էր և սուր ու անշարժ հայացքով նայում նրա աչքերի միջին: Այդ հայացքը Սոնային հիշեցրեց դարձյալ օձային աչքերի ձգողական ուժը: Դարձյալ հիվանդ երևակայությունը սկսեց բորբոքվել: Նրա աչքերի առջև պատկերացան միմյանցից այլանդակ, անբնական և սոսկալի տեսարաններ: Հանկարծ նրան թվաց, որ պարսկուհին չքացավ և նրա կանգնած տեղում բացվեց մի մթին անդունդ: Սոնան քաշ էր ընկած այդ անդունդի վրա, օդի մեջ, առանց որևէ նեցուկի: Այդ տևեց ընդամենը մի վայրկյան, ապա ամեն ինչ ստացավ նրա աչքում սովորական տեսք: Բայց նրա հոգին տակավին պատած էր մի տեսակ մառախուղով: Նա անգիտակցաբար անցավ իր ննջարանը, դռները հետևից ծածկեց: Քանի մի րոպե անցած, տնեցիները այնտեղից լսեցին մի ինչ-որ խուլ թրմփոցի ձայն: Իսկույն դիմեցին այն կողմը: Հատակի վրա թավալվել էր Սոնան և ցնցվում էր: Պարսկուհին խոր-խոր նայեց նրան և գոչեց.
Դևը, դևը...
Նա սկսեց կատաղի պտույտներ գործել ընկնավորի շուրջը: Ապա պահանջեց մի սուր: Պատի վրա քարշ արած էին Մուրադի զենքերը: Գյուլնազը վերցրեց մի դաշույն և տվեց պարսկուհուն: Պարսկուհին մերկացրեց դաշույնը, թքեց երեք անգամ նրա սայրերին և ծայրով հատակի վրա, ընկնավորի շուրջը, գծեց մի շրջան, արտասանելով.
Յահուդի, ջհուդի, յահուդի, ջհուդի, այրել, խեղդել, հալած կուպրի մեջ գցել, խաշել, խաշել, խաշել...
Եթե Զառնիշանի սրտում կասկածի նշույլ մնացել էր կախարդուհու զորության մասին, չքացավ: Պարսկուհին դաշույնը ցցեց հատակին և հրամայեց դռները փակել ու ընկնավորին թողնել մենակ: Բոլորն անցան մյուս սենյակը: Սոնան մնաց մենակ, հատակի վրա ընկած, երեսը դեպի լուսամուտը:
Մեկը լուսամուտի փեղկերը կամացուկ բաց արավ և մի ոստյունով թռավ ներս: Նա չոքեց հիվանդի մոտ և գգվանքով ու ցավակցությամբ լի հայացքը ձգեց նրա երեսին: Երբ ընկնավորը սթափվեց, նայեց շուրջը, չճանաչեց իր մոտ նստողին:
Ես եմ, Մանիշակ, ես եմ, ասաց ոտաբոբիկ, գլխաբաց և կիսամերկ ծերունին, իր կոշտ ձեռով շոյշոյելով նրա մազերը...
Այդ միջոցին մյուս սենյակում Զառնիշանը աղերսում էր կախարդուհուն փրկել Մուրադին այդ «դևից»: Նա չէր հոգում ընկնավորի մասին. թող Սոնան ոչնչանա, միայն թե պառավի որդին ազատվի:
Դևը դև է կանչում, սատանան ընկեր է սիրում, արտասանեց կախարդուհին խորհրդավոր եղանակով:
Երբ նրան հարցրին այս խոսքերի միտքը, նա իր ոսկրոտ ձեռների ցուցամատերը կպցրեց միմյանց և ցցեց օդի մեջ:
Հասկանում եմ, ասաց Գյուլնազը:
Կախարդուհին խոստացավ Մուրադի փրկության մասին մտածել և, վարձն առնելով հեռացավ:
Մի ամբողջ շաբաթ չէր երևում: Այնինչ Մուրադի թախիծը ոչ միայն չէր անցնում, այլ օրից-օր ծանրանում էր: Ճշմարիտ է, այժմ նա տնից դուրս էր գալիս, բայց, Կարապետի ասելով, ավելի լավ էր տանը նստեր, քան թե դուրս գար և այնպես պահեր իրան:
Մի բան ես հարցնում, աչքերը չռում է, երեսիդ մտիկ անում: Մարդկանց հետ խոսել չի ուզում: Եթե խոսեցնում են նեղանում է: Երեկ մի գյուղացու փող տալիս, տասը մանեթ ավել է տվել, մյուսից պակաս է վերցրել: Հաշիվ բան չի պահում, դավթարներն ուզում է պատռել: Իմ տունը քանդում է, աղատեցեք նրան այդ ցավից...
Կսպանեմ ինձ ու իմ որդուն կազատեմ չարերի ձեռքից, գոչեց Զառնիշանը, իր գլխի մազերը փետտելով:
Պետք է ազատել, ավելացրեց Գյուլնազը:
Այժմ նրանց ցանկությունն էր, որ Սոնան մեռնի, այնքան ձանձրացել էին այդ կարճ միջոցում: Քաղաքում արդեն տարածվել էր Սոնայի ցավագար լինելու լուրը: Կանայք զանազան պատրվակներով գալիս էին Զառնիշանի մոտ, ընկնավորին տեսնելու: Ոմանք ակնարկում էին, թե առաջ էլ գիտեին Սոնայի ցավագար լինելը, միայն չէին ուզում ասել: Իսկ ոմանք, կարծես, մի առանձին հաճույք էին զգում՝ շոշափել Զառնիշանի սրտի վերքը մանրամասնաբար հարցնելով Սոնայի մասին: Պառավը զգում էր, որ շատերը թեև արտաքուստ ցավակցություն են ցույց տալիս, ներքուստ ուրախ են նրա դժբախտությանը: Այդ ավելի գրգռում էր նրան և ավելի նրա սիրտը լեցնում ատելությամբ դեպի Սոնան:
Գյուլնազին առանձնապես կատաղեցնում էր Սոնայի դեմքը: Այդ դեմքը տակավին փայլում էր գեղեցկությամբ, թեև օր-օրի վրա նրա կենսականությունը պակասում էր, սքողվելով թմրության թանձր ստվերով:
Այժմ կախարդ-պարսկուհին հաճախ երևում էր Զառնիշանի տանը: Հարս ու սկեսուր միշտ խորհրդակցում էին նրա հետ: Պարսկուհու գործ դրած միջոցները չէին օգնում: Մուրադը քանի գնում` այնքան լռակյաց, անմատչելի և մռայլ էր դառնում և այնքան նիհարում:
Որդիս կայծակ խփած ծառի պես ոտի վրա չորանում է, ասում էր Զառնիշանը պարսկուհուն, ձեռները կրծքին խփելով, ազատի՜ր նրան:
Չորս ամսվա ընթացքում Սոնան վեց անգամ ուշաթափվեց: «Հարվածները» քանի գնում` այնքան շուտ-շուտ էին կրկնվում, միևնույն ժամանակ այնքան թուլանում էին: Այլևս ընկնավորն առաջվա պես սաստիկ չէր խրխռում, չէր թավալվում և ոչ էլ այնքան երկար միջոց ընկած մնում: Ախտը հաճախ կրկնվելով, նվազում էր առանձին հարվածների ուժը: Բայց ընկնավորի մարմնի թուլությունը, դեմքի դեղնությունը, աչքերի ապշությունը քանի գնում՝ այնքան ավելանում էին: Նա օրից օր դառնում էր մտամոլոր, մոռացկոտ, անտարբեր: Շատ անգամ մի սենյակից մյուսը մի բանի համար գնալիս մոռանում էր, թե ինչու համար էր գնում: Կանգ էր առնում և ապշած աջ ու ձախ նայում: Երբեմն ձեռին բռնած իրերը դուրս էին սլկվում և ընկնում: Գրեթե օր չէր անցնում, որ մի աման չկոտրեր: Մի անգամ խոհանոցից դուրս գալիս, ձեռներից բաց թողեց մի ամբողջ տասնյակ ափսեներ և փշրտեց: Մի ուրիշ անգամ թաց թողեց նավթով լի կանթեղը: Ապակին կոտրվեց, նավթը, տարածվելով հատակի վրա, ապականեց թանկագին պարսկական գորգը: Զառնիշանը այնպես կատաղեց, որ նորահարսի գլխին ձեռով խփեց: Այլևս նա չէր վախենում Մուրադից: Այնուհետև պառավի ձեռը սովորեց հարվածվել: Գյուլնազը շտապեց նրա օրինակին հետևելու: Սոնան ընդունում էր այդ հարվածները լուռ ու մունջ և չէր ուզում առ այժմ այս մասին հայտնել իր ամուսնուն: Բայց նա տանջվում էր, և տանջվում էր ոչ այնքան այդ հարվածներից, որքան կախարդուհու գործ դրած միջոցներից: Իսկապես այդ միջոցները անմիջապես նրան չէին վերաբերվում, բայց այն միտքը, թե պառավ պարսկուհին վարձված է Մուրադին փրկելու ընկնավոր կնոջից, մթին ուրվականի պես գիշեր-ցերեկ հալածում էին Սոնային, պահելով նրան անընդհատ սարսափի մեջ:
Ինձ տանջում են, չարչարում են, ասաց նա մի անգամ միայն գիժ Դանելին:
Խենթի աչքերն արյունով լցվեցին կատաղությունից:
Ո՞վ է տանջում, ո՞վ, գոչեց նա, գավազանը ձեռի մեջ սեղմելով:
Սոնան զղջաց իր գանգատի մասին և ետ վերցրեց իր խոսքը: Գիտեր, որ խենթը պատրաստ է բոլորի գլուխը ջախջախել իր գավազանով:
Քավթառ ֆալչին ինչո՞ւ է գալիս այստեղ, հարցրեց գիժ-Դանելը, պատառ-պատառ կանեմ նրան...
Մի օր նա, փողոցում բռնելով պարսկուհու կոկորդից, սեղմեց նրան պատին և գոռաց.
Դու ի՞նչ գործ ունիս այս տանը, հը՞մ, ասա՜, թե չէ կխեղդեմ:
Բարեբախտաբար նույն միջոցին Մուրադը տուն էր վերադառնում, կախարդուհուն ազատեց խենթի ձեռից: Պարսկուհին կատաղած մտավ Զառնիշանի մոտ, գանգատվեց, որ «դևերը» նրան քիչ էր մնում խեղդեին փողոցում և ասաց, թե այլևս չի կարող Մուրադի բժշկությունով զբաղվել: Զառնիշանը աղերսեց նրան անօգնական չթողնել իր որդուն:
Այն ժամանակ պարսկուհին պահանջեց մի գավաթ ջուր և հմայեց: Ձեռները հենած գավաթի եզրին, աչքերն հառել էր առաստաղին և ինքն իրան շշնջում էր: Նա մտքում խոսում էր դևերի հետ, կամենալով թափանցել նրանց գաղտնիքը: Հանկարծ նրա բիբերը սկսեցին արագ-արագ պտտել շրջանակների մեջ, և մի տեսակ ինքնամոռացության մեջ, մատներով խեղդելով իր կոկորդը, արտասանեց,
Այսպես, այսպես, պրծա, վյաս սալամ, շյուդ թամամ...
Զառնիշանը և Գյուլնազը նայեցին միմյանց աչքերին ու գունատվեցին: Կախարդուհու գնալուց հետո նրանք երկար ժամանակ խորհրդակցեցին: Հայտնվեց, որ պարսկոլհու խորհրդավոր ձևերի և խոսքերի իմաստը երկուսն էլ միատեսակ են հասկացել...
Օրերն անցնում էին, ընտանիքի դրությունը ավելի ու ավելի անտանելի էր դառնում: Կարապետը հուսահատված էր, գործերը քայքայվում էին: Ձմեռվա սկզբին բկացավից մեռավ նրա երկու տարեկան աղջիկը, իսկ մեծ որդին ծանր հիվանդությունից հազիվ առողջացավ: Զառնիշանը և Գյուլնազը այս բոլորի պատճառը Սոնային էին համարում: Նա, միայն նա բերեց նրանց տուն այդ թշվառությունները: Նա պետք է տակն ու վրա անի ամբողջ օջախը, կոտորի ընտանիքի բոլոր անդամներին:
Երազ տեսա, չար երազ, աղաղակեց մի առավոտ Զառնիշանը, անկողնից վեր թռչելով:
Սայլերով սուրբ էինք գնում: Մուրադը նստած էր դեղին ձի: Նրանց առջև դուրս եկան հազարավոր սև կատուներ: Մուրադը մտրակով կռվում էր նրանց հետ: Հանկարծ կատուներից մեկը մարդու պես բռնեց նրա կոկորդից և սկսեց խեղդել: Մուրադի բերանից փրփուր էր գալիս, երեսը կապտել էր:
Դեղին ձին նրա կնիկն է, սև կատուները դևերն են, որդուս ազատեցե՛ք, գոչեց պառավը, ավարտելով իր պատմությունը:
Դեկտեմբերի ցուրտ օրերից մեկն էր: Մոտակա ձյունապատ լեռներից փչում էր շունչ կտրող սուր քամի: Կարապետը և Մուրադը շուկայումն էին: Գյուլնազի զավակները գնացել էին իրանց հորաքրոջ Նարգիզի տուն նրա երեխաների հետ խաղալու:
Զառնիշանը և Գյուլնազը նստած էին մեջտեղի ընդհանուր սենյակում, որ «դահլիճ» էր անվանվում: Պառավը քրսինի վրա քառասուներկու սիսեռներով հմայում էր, հարկավ, Մուրադի մասին: Գյուլնազը կար էր անում: Երկուսի էլ դեմքերը մտազբաղ էին, երկուսն էլ միևնույն մտքով էին զբաղված, այն է ի՞նչպես ընտանիքն ազատել չարից:
Ներս մտավ կախարդ պարսկուհին, մի ծուռ փայտի վրա հենվելով և ցրտից դողդողալով: Նա բարևեց և անմիջապես նստեց քրսինի մոտ:
Սա ինչ պաղ է, ասաց նա, երբ իր սառած ոտները մտցրեց քրսինի տակ:
Ասա անունը կտրվածին, կրակ դնի, դարձավ Զառնիշանը Գյուլնազին:
«Անունը կտրված» նա կոչում էր Սոնային: Մինչև նորահարսը դրսում քրսինի համար նոր կրակ էր վառում, Զառնիշանը, Գյուլնազը և պարսկուհին խոսում էին նրա վերաբերմամբ: Այսօր երեքի աչքերն էլ արտահայտում էին մի առանձին չարություն: Թե ինչ խոսեցին այդ մնաց գաղտնիք: Բայց թե մի բան վճռել էին, այդ գուշակեց նրանց դեմքերից Սոնան, հենց առաջին վայրկյան, երբ ներս մտավ:
Նա ձեռին բռնած էր մի մեծ երկաթի ածխակալ, որ լիքն էր վառ ածուխով: Թեժ կրակի կապույտ լեզվակները բարձրանում էին վառ ածուխից, միմյանց շփվելով և միմյանց կլանելով: Խոշոր կայծերը ճարճատելով ցնդվում էին օդի մեջ, հանգչում և սև բծերի պես ընկնում հատակի վրա:
Կրակը լավ չի վառված, ասաց Զառնիշանը Սոնային. գլուխներս կբռնի:
Սոնան երեսը ետ դարձրեց, որ կրակը դուրս տանի նորից փչելու...
Լա՜վ, չի ուզիլ, ցրտից փետացանք, ածա՜, ինչ կլինի, թող լինի...
Սոնան վերադարձավ, մեջքից թեքվեց, բարձրացրեց քրսինի վրա ձգած կարպետն ու վերմակը և կրակն ածեց քրսինի տակ, ուղիղ կենտրոնում փորված մի ձմերուկի չափ փոսի մեջ: Զառնիշանը զգաց թեժ կրակի տաքությունը, ոտները հանեց քրսինի տակից և հրամայեց Սոնային բաց թողնել քրսինի մի կողմը , որպեսզի ածուխի վտանգավոր հոտը դուրս գա:
Պարսկուհին անթարթ աչքերով նայում էր Սոնայի երեսին: Նայում էր և՜ Գյուլնազը իր ապակյա անշարժ աչքերով: Այն վայրկյանին, երբ Սոնան, իր սկեսրի հրամանը կատարած, ձեռը հենեց հատակին ոտքի կանգնելու, նկատեց այդ երկու զույգ չարաշուք աչքերի սուր հայացքները: Նա հիշեց այն երեկոն, երբ առաջին անգամ տեսավ Գյուլնազի ապակյա աչքերը և սարսափեց: Այժմ այդ սարսափը նրան թվաց նախախնամության կողմից տրված նախազգուշության նշան ապագայի մասին... Նույն վայրկյանին նա հիշեց իր մորը, հորը, որոնց վաղուց չէր տեսել: Դեռ առավոտից մի առանձին փափագ էր զգում տեսնել իր մորն և վճռել էր, եթե Դանելը գա, խնդրի նրան մի կերպ հացթուխին գտնի բերի իր աղջկա հետ տեսնվելու: Ամբողջ օրը նրա աչքերի առջև էր այն աղքատիկ խրճիթը, ուր անց էր կացրել իր մանկության տարիները, այն կավյա խաղատիկինները, որոնց հետ ուրախացել էր և վշտացել: Այժմ, այն վայրկյանին, երբ պարսկուհու և Գյուլնազի չարագուշակ հայացքները բևեռված էին նրա վրա, հիշեց և՜ Մուրադին, որ ծխախոտը ձեռին, աչքերն անորոշ տարածության մեջ հառած, անցնում էր նրա առջևով, գունատ, մտամոլոր, դժբախտ: Նրա հետևից անցնում էր գիժ-Դանելը , գավազանը կրծքին բռնած, գլուխր վեր բարձրացրած, երգելով իր մելամաղձիկ և վշտահնչյուն երգերից մինը: Ախ, որքա՜ն պարզ և կենդանի էին այդ բոլոր պատկերները: Նա զգում էր նրանց մերձավորությունը, լսում էր նրանց շնչառությունն անգամ... Բայց բոլորը հեռու էին նրանից: Մի ինչ-որ աներևույթ ձեռ ձգեց մի սև վարագույր նրա աչքերին...
Եվ ամեն ինչ մթնեց Սոնայի համար...
Պարսկուհու և Գյուլնազի հայացքները շարունակ հառած էին նորահարսի վրա: Իսկ պառավ Զառնիշանը նայում էր նրան: Գյուլնազը սփրթնած էր: Կախարդուհու սեղմված, հողագույն և բարակ շրթունքները ցնցվում էին, բայց ոչ ցրտից, ինչպես առաջ, այլ գուցե աներևույթ դևերի սարսափից:
Այն վայրկյանին, երբ Սոնան ընկավ հատակի վրա, Գյուլնազը բնազդմամբ ոտքի թռավ, կախարդուհին նույնպես: Երկուսն էլ նայեցին Զառնիշանին:
Ազատեցե՛ք որդուս, շշնջաց պառավը մի տեսակ ինքնամոռացության մեջ, ձեռներով աչքերը ծածկելով:
Այդ շշնջման և այդ շարժման մեջ կար սոսկալի բան:
Առաջինը Գյուլնազը բռնեց Սոնայի ցնցվող բազկից, բայց իսկույն ետ քաշվեց: Նրա ձեռները կաշկանդվեցին: Կախարդուհին իր ջղոտ, պղնձագույն ձեռներով բռնեց ընկնավորի թևերից և քաշեց նրան դեպի քրսինը: Գյուլնազը փակեց դռները և լուսամուտները: Զառնիշանը շարունակ ծածկում էր աչքերը ձեռներով: Չար վհուկը նստել էր քրսինի վերմակի վրա, աշխատելով, որ չբարձրանա և դրսից օդ չմտնի քրսինի տակ:
Լսվում էին խուլ խրխռոցներ, ապա մի երկարատև ճչոց և հետո ծանր, սարսռեցուցիչ հառաչանքներ, որ, կարծես, երկրի ստորոտիցն էին գալիս: Ընդամենը այդ տևեց հազիվ մի քանի րոպե:
Այնուհետև ամեն ինչ լռեց...
Դռները դղրդացին և սենյակի մեջտեղում արձանացավ մի ոտաբոբիկ և գլխաբաց ծերունի, որի կապտագույն շապիկը հազիվ հազ ծածկում էր նրա մարմինը: Նրա կարմրած աչքերը պտտում էին շրջանակների մեջ, աջ ու ձախ փնտրելով մեկին, իսկ գլխի գզգզված մազերը ցցվել էին վեր, ինչպես ամեհի առյուծի բաշը:
Գյուլնազը կանգնեց պարսկուհու առջև, որպեսզի անտեսանելի կացուցանի նրան խենթի աչքերից: Պարսկուհին բարձրացրեց քրսինի վերմակն ու կարպետը և, բռնելով ընկնավորի ոտներից, դուրս քաշեց նրան:
Տվե՛ք ինձ, տվե՛ք ինձ, աղաղակեց գիժ-Դանելը և, ուժգնաբար հրելով պարսկուհուն և Գյուլնազին, հարձակվեց Սոնայի վրա:
Ընկնավորը անշնչացած էր: Ոչ ցնցվում էր, ոչ խրխռում և ոչ նրա բերանում փրփուր կար: Միայն նրա դեմքը սաստիկ կապտած էր և ուռած, աչքերի բիբերը դուրս ցցված, մազերը խանձված և ճակատը տեղ-տեղ սևացած...
Պատառ-պատառ կանեմ, գոռաց խենթը և, մի ձեռով թավալելով կախարդուհուն հատակի վրա, սկսեց խեղդել նրան:
Զառնիշանն անշարժ, սարսափած և ապշած նայում էր եղերական տեսարանին: Գյուլնազը փորձեց ազատել պարսկուհուն կատաղած Դանելի ձեռքից: Բայց արդեն ուշ էր...