Раффи

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ


Ա

18... թվականն էր։

Ամառնային արեգակը սաստիկ այրում էր դրսումը։ Պարսկաստանի Թեհրան քաղաքում մի հոյակապ ապարանք էր այն բախտավոր տներից մինն, ուր երկնքի բոցերը չէին թափանցում նույն ծամուն։ Այդ բնակարանը պատկանում էր մի իշխանի, որի երակներում վազում էր երևելի Նադիր-Շահի արյունը։

Ապարանքը բաժանված էր երկու մասն՝ դրսի տուն և ներսի տուն։ Առաջինի մեջ զետեղված էին՝ շահզադեի դիվանխանան, հյուրանոցը, ծառաների կացարանը և նրա տակում ստորերկրյա մթին զնդանում բանտը։ Երկրորդ մասը պարունակում էր յուր մեջ հարեմխանան կանանց նվիրական կացարանը։ Նա բաժանված էր զանազան բակերով, որոնց ամեն մինի մեջ բնակվում էր մի առանձին հարեմ յուր աղախիններով և փոքրիկ մինչև տասն տարեկան տղա սպասավորներով։ Դրախտն յուր բոլոր չքնաղությամբ հազիվ կարող էր մրցություն անել այդ բակերի ամեն մինի հետ։ Նրանք հովանավորված էին մշտականաչ ծառերով և ծաղիկներով, ուր վարդենին թագավորում էր բոլորի վրա։ Այնտեղ մեղմկուսական ժպիտով ծփում էին լճակները և արծաթափայլ ջուրը, մարմարյա շատրվաններից դեպի բարձր և բարձր արտահոսվելով, ցողուններ էր մարգարտյա կաթիլները, հարեմները ծովային ներեադների նման, հովասուն վաղորդյան պահուն, կամ երբ երեկոյան արեգակն ոսկեզօծում էր մինարեթների գմբեթները, խմբովին լողանում էին, թռթռում էին և զվարճանում էին ավազանների մեջ։ Եվ հարեմխանայի իշխանը միայնակ նստած յուր բալախանում (վերնատնում) բաց լուսամուտի հանդեպ, ղեյլանի ծխի անուշ արբեցության մեջ, յուր փառքի բարձրությունից նայում է այդ կախարդական տեսարանին։ Նա հիանում է... գրգռվում է... բորբոքվում է... և բախտավորեցնում է մինին այն գեղեցկուհիներից...

Ոչ մի օտար արարած համարձակ մուտք չունի այդ փակյալ դրախտի մեջ։ Զգույշ ներքինին հրեղեն սրով հսկում է նրա դռանը:

Կեսօր էր։

Խորին, սրբազան լռությունը տիրել էր հարեմխանայի վրա։ Կարծես թե, այն տոթային միջօրեական պահուն ամբողջ բնությունը թուլացած, թմրած, նիրհում էր հսկայական քնով, արթուն էր միայն մի հոգի։ Շքեղազարդ սենյակում, գեղեցիկ գլուխը դրած մարգարտյա փունջերով զարդարված բարձերին, կիսով չափ ծածկված բարակ քիշմիրյան շալով, պառկել էր մի մանկահասակ կին, Թավախիտ ծամերը, սև որպես ծիծեռնակի թևքն, արձակ հյուսերովճ փռվել էին կիսամերկ կուրծքի վրա։ Ոսկյա օղամանյակը վառվում էր գույնզգույն գոհարներով, որ զարդարում էր նրա գեղեցիկ պարանոցը։ նա յուր հոգեկան խռովության մեջ քնքուշ ձեռքով բռնել էր նարգիլեի օձապտույտ ծխաքարշն, երբեմն հպեցնում էր յուր բերնին նրա արծաթյա ամզուկը և անուշահոտ ծուխը մանրիկ օղակներով դուրս էր թափվում վարդագույն շրթունքի միջից։

Սևամորթ աղախինը, նստած տիկնոջ բարձի մոտ, սիրամարգի փետուրներից հյուսած հովհարով, զով էր սփռում նրա երեսին և զվարճացնում էր նրան, պատմելով հրապուրիչ հեքիաթներ ջիններից, գեղեցիկ հուրիներից և փերիներից, մինչև որ նա կքներ։ Երկար առանց լռելու պատմում էր նա, երբ նշմարեց, որ տիկնոջ քունը չէր տանում. վերջացրեց աղախինն յուր հեքիաթն այսպիսի խոսքերով.

Ջեննաթի հրեշտակները թո՛ղ անուշցնեն քո նինջը քաղցրիկ երագներով, հանգստության վարդեր թող սփռեն քո մահճի վրա։

Ա՜խ, Մարջան, բացականչեց տիկինը ցավալի ձայնով. իմ մահիճը խռովեցուցիչ է ինձ, որպես Արաբիայի փշալի անապատն... ես երբեք հանգիստ լինել կարող չեմ... Մարջանն, այդպես էր աղախնի անունը, մի կարեկցական հայացք ձգելով տիկնոջ երեսին, խոսեց.

Մարջանը քո ոտքերուն մատա՛ղ լինի, տիկին, այդ այն պատճառով է, որ այն անապատում մաջնուններ են թափառում․․․

Մի խորհրդական ժպիտ խաղաց խանումի գունատ դեմքի վրա։

Դու շատ խորամանկ ես, Մարջան․․․ ասաց նա, և ձեռքը նեցուկ տալով երեսին, գլուխը բարձրացրեց բարձի վրայից։

Ցավդ առնի Մարջանը, խոսեց աղախինը չդադարելով շարժել հովհարը, քանի ժամանակ է, որ քո ստրկուհին նշմարում է, յուր տիկինը տանջվում է հոգու անհանգստությունից և նրա դեմքը տխուր է, որպես ձմեռվա լուսնյակը․․․ նա շատ քիչ է քնում․․․

Զեյնաբ-խանումը այդպես էր տիկնոջ անունն յուր ցավալի աչքերը դարձնելով դեպի աղախինն, ասաց․

Ա՜խ, ո՛րքան անուշ է մահվան քունը, Մարջան, գերեզմանի խորքումը հանգստանում են ամեն դառնությունները․․․ բայց գերեզմանն էլ, Մարջան, խնայում է ինձանից յուր վերջին մխիթարությունը․․․

Սարսափի նման մի բան փայլեց խափշիկի խոշոր աչքերում, և նա համբուրելով յուր տիկնոջ ոտքը ասաց․

Պանդուխտների տերն՝ Իմամ-Մուրզան թո՛ղ մխիթարե քո հոգին, իմ տիրուհին ինչ առիթ ունի յուր սիրտը մաշել այդպիսի ցավերով․․․ Շահզադեն (տիկնոջ ամուսինն) յուր բոլոր հարեմներից ավելի սիրում է քեզ, նա պահում է քեզ ոսկու, արծաթի և թանկագին քարերի մեջ։

«Է՜հ, ինչ կանեմ ոսկի լագանն, երբ նրա մեջ արյուն պետք է թքեմ», ասաց տիկինը պարսկական առածը, և խոսքը փոխեց հարցնելով աղախնից․ քեզ երդում եմ տալիս քո հոր ոսկերքով, ճշմարիտն ասա՛, Մարջան, դու սիրո՞ւմ ես քո տիկնոջը, դու հավատարի՞մ կմնաս դեպի նա։

Այդ ի՛նչ հարցմունք է, տիրուհի, պատասխանից աղախինը․ Մարջանը քո ոտքերի փոշին է, նա քո ստրկուհին է, ո՛րպես կարող է նա չսիրել և հավատարիմ չմնալ քեզ։ Թո՛ղ Ալիու ղուլֆուղարն իմ սիրտը կտոր-կտոր անե, թող ես զրկվիմ Մուհամմեդի լույսից, թո՛ղ Շիմրին և Յազիդին տված նզովքներն իմ գլխին թափվին, եթե ես ծուռն աչքով նայեմ դեպի քեզ։

Ես բոլորովին հավատում եմ քեզ, առաջ տարավ տիկինը, բայց դու ուղիղն ասա՛, Մարջան, քո կյանքում պատահե՞լ է, որ դու սիրահարված լինեիր։ Ի՞նչպես մեղքս թաղեմ, տիկին, պատահել է․․․ պատասխանեց աղախինն անմեղությամբ։

Պատմի՛ր, ի՞նչպես է պատահել։

Աղախինը սկսեց պատմել։

Մեր ցեղի մեջ կար մի տղամարդ, նա կոչվում էր Սադդայի որդի Բիլալ։ Նրա դեմքը սև փայլուն էր, որպես թուխ էբենոս։ Նրա աչքերը վառվում էին, որպես Յամենի սև չավա։ Նրա ատամները սպիտակ էին, որպես կարմիր ծովից նոր դուրս բերած սադաֆ։ Նրա ճակատը նկարված էր զանազան գույներով, որպես կրիայի խայտաճամուկ մեջքը։ Բիլալը մեր ցեղի քաջ տղամարդերից մինն էր։ Սահարայի առյուծը չուներ նրա սիրտը. անապատի ջայլամն այնպես սրընթաց չէր, որպես Բիլալը․ Նեղոսի եղեգների մեջ օձն այնքան թեքուն և դալարուն չէր, որպես նա։ Բիլալը մի համարձակ որսորդ էր։ Նրա նետերն երբեք չէին շեղվում նպատակից։ Նրա նիզակը զարհուրելի էր։ Շատ անգամ հեղեղատի եզերքում ես բանջար քաղելիս, հանդիպում էր ինձ Բիլալը։ Մի անգամ կապեց նա իմ պարանոցից ծովային խխունջներից և նախշուն խիճերից մի վզանոց, որոնք նա յուր ձեռքով հավաքել էր անապատից, և օծեց իմ մարմինը կակոսի յուղով, և նայեց իմ վրա, համբուրեց ու ասաց․ «դու այժմ գեղեցիկ ես, Հուդդի, որպես Աբեսինիայի եղջերուն․․․»։ Այն ժամանակ այդպես էր կոչվում իմ անունը: Բայց երկար չտևեց իմ ուրախությունը գեղեցիկ Բիլալի հետ։ Ափրիկայի խորին անապատներից վայրենիների մի բազմաթիվ խումբ՝ հարձակվեցան մեր ցեղի վրա։ Մերոնք հաղթվեցան։ Նրանք դերերին մեր ցեղի մանկահասակ զավակները և շատերին սպանեցին։ Բիլալն ինքն էր, որ ինձ պաշտպանելու ժամանակ, անցավ նրա թիկունքի միջից թշնամու նիզակը։ Նա աչքերը փակեց, ասելով ինձ․ յուր վերջին խոսքը. «ես չկարողացա ազատել քեզ, Հուդդի․․․»։ Ես գերի ընկա վայրենիների ձեռքում ուրիշ շատ աղջիկների և տղերքի հետ․ նրանք մեզ ծախեցին հնդկացի վաճառականներին և մենք տարվեցանք դեպի Բոմբա։ Այնտեղից ինձ Պարսկաստան բերեց մի բանդեր բուշերցի հաջի, որից դու գնեցիր ինձ, տիկին։ Մինչև այսօր ես շատ անգամ տեսնում եմ Բիլալին, ես տեսնում եմ նրան երազումս․ նա թափառում է Աբեսինիայի հեղեղատի ափերում և խխունջներ է հավաքում, որ զարդարե իմ պարանոցը․․․

Խափշիկը վերջացրեց յուր պատմությունը և նրա վառվռուն աչքերից գլորվեցան արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ սևորակ թշի վրա։ Քո կյանքի տխուր պատմությունը, Մարջան, նրա խոսքը կտրեց Զեյնաբ-խանումը, իմ միտքս բերավ հենց մի այդպիսի հեքիաթ, որ ես մի ժամանակ լսել էի պառավ տատիցս։ Նա շատ նման է քո ասածներին, լսի՛ր, Մարջան, ես կպատմեմ քեզ։

Խափշիկի ուռած շրթունքը շարժվեցան մի անմեղ ծիծաղով և նա համբուրեց յուր տիկնոջ ոտքն, ասելով․

Դու ո՛րքան բարի ես, Զեյնաբ, դու ուզում ես հեքիաթ ասել քո ստրուկին։

Հա՛, կասեմ, քանի քունս չէ տանում։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հարեմ"

Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

В гареме, 1918 год.
В гареме, 1918 год.
Играть онлайн