Sergey Dovlatov
Կոմպրոմիսներ
Կոմպրոմիս յոթերորդ
(«Սովետսկայա էստոնիա»։ Ապրիլ։ 1976 թ․)
«Հագուստ մարսեցու համար» (Մարդն ու իր մասնագիտությունը)։ Ի՞նչ ենք ակնկալում լավ դերձակից։ Նրա կարած հագուստը պետք է համապատասխանի նորաձեւությանը։ Իսկ ի՞նչ կասեք մի ձեւարարի մասին, ում կարածը նորաձեւության պահանջներից հետ է մնում… երկու հարյուր տարով։ Մինչդեռ այդ մարդը մեծ հարգանք է վայելում ու արժանի է ամենաջերմ խոսքերի։ Խոսքը ԷԽՍՀ Ռուսական դրամատիկական թատրոնի ձեւարար֊վարպետ Վոլդեմար Միլդի մասին է։ Նրա մշտական հաճախորդներից են իսպանական ազնվականներ ու հրացանակիրներ, ռուս ցարեր ու ճապոն սամուրայներ, դեռ ավելին՝ աղվեսներ, աքաղաղներ ու անգամ մարսեցիներ։
Թատերական զգեստը ծնվում է նկարչի ու դերձակի համատեղ ջանքերով։ Այն պետք է արտացոլի տվյալ դարաշրջանը, միաժամանակ՝ համապատասխանի ներկայացման ոգուն ու գործող անձանց բնավորությանը։ Կարո՞ղ եք պատկերացնել Օնեգինին պարկանման կախ տաբատով, կամ Սոբակեւիչին՝ նրբագեղ ֆրակով… Մտրուկ Եզոպոսի զգեստը ստեղծելու համար Վոլդեմար Միլդը ուսումնասիրել էր անտիկ կերպարվեստը, հունական դրաման…
Սերթուկ, կապա, բեկեշ, մենտիկ, արխալուղ, սրանք բոլորը հագուստի խիստ որոշակի տեսակներ են՝ իրենց յուրահատկություններով ու աքսեսուարներով։
Երիտասարդ դերասաններից մեկը, պատմում է Միլդը, մի անգամ հարցրեց ինձ․ «Ֆրակն ու սմոկինգը նույնը չէ՞»։ Ինձ համար դրանք նույնքան տարբեր են, ինչպես հեռուստացույցն ու ձայնագրիչը։
Հաճախելով այլ թատրոնների ներկայացումներին, Վոլդեմար Հենդրիկովիչը մասնագիտական բծախնդրությամբ քննում է գործող անձանց հագուստը։
Եվ միայն իմ սիրած Վախթանգովի թատրոնի ներկայացումների ժամանակ եմ մոռանում, որ ձեւարար եմ ու հետեւում եմ ներկայացմանը, ասում է Վ․ Միլդը։ Դա վկայում է, որ ձեւարար֊դերձակներն ու զգեստների նկարիչներն այդ թատրոնում անթերի են աշխատում։
Անթերի է նաեւ իր՝ դերձակ, նկարիչ, թատրոնի մարդ Վոլդեմար Միլդի աշխատանքը»։
Թռուցքաժողովին նյութս գովեցին։
Դովլաթովը կարողանում է հետաքրքիր գրել ցանկացած մանրուքի մասին։
Վերնագիրն էլ տպավորիչ է…
Ինչ էլ բառեր է գտնում՝ աքսեսուարներ… Հաջորդ օրը կանչում է Տուրոնոկը։
Նստեք։
Նստեցի։
Խոսակցությունը տհաճ է լինելու։
«Քեզ հետ ցանկացած խոսկցություն տհաճ է, ապուշ», մտածեցի։
Ձերն ի՞նչ խորագիր է։
«Մարդն ու իր մասնագիտությունը»։ Հետաքրքրվում ենք հազվադեպ մասնագիտությամբ մարդկանցով։ Նաեւ՝ անսպասելի…
Գիտե՞ք, թե մասնագիտությամբ ով է ձեր Միլդը։
Գիտեմ։ Դերձակ է։ Թատերական դերձակ֊ձեւարար։ Անսպասելի…
Դա հիմա։ Իսկ առա՞ջ։
Իսկ առաջ՝ չգիտեմ։
Դե իմացեք, պատերազմի ժամանակ դահիճ էր։ Ծառայում էր գերմանացիներին։ Կախաղան էր հանում սովետական հայրենասերներին։ Դրա համար տասներկու տարի նստել է։
Տեր Աստված, ասացի։
Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք արել։ Հրապարակավ գովաբանել եք Հայրենիքի դավաճանին։ Անվերադարձ վարկաբեկել եք ուշագրավ խորագիրը։
Բայց նրա թեկնածությունը ինձ թատրոնի տնօրենն է տվել։
Թատրոնի տնօրենը Էս֊Էս֊ի նախկին օբեր֊լեյտենանտ է։ Բացի այդ՝ երկնագույն է։
Ի՞նչ է նշանակում՝ երկնագույն է։
Նախկինում այդպես էին անվանում համասեռականներին։ Ձեր նկատմամբ ոտնձգություններ չի՞ արել։
Արել է, մտածեցի, բա չի՞ արել։ Ինձ՝ լրագրողիս, ձեռքով բարեւեց։ Ես էլ զարմացա…
Այստեղ հիշեցի մի ֆրանսիացու հետ ունեցած զրույցս։ Խոսքը համասեռականության մասին էր։
Մեզ մոտ դրա համար դատում են, պարծեցա ես։
Իսկ թութքի համար ձեզ մոտ չե՞ն դատում, դժգոհ արձագանքեց ֆրանսիացին…
Ես ձեզ չեմ մեղադրում, ասաց Տուրոնոկը։ Դուք գործել եք կարգի համաձայն։ Այսինքն՝ թեկնածությունը համաձայնեցրել եք։ Եվ այնուամենայնիվ՝ ավելի շրջահայաց պետք է լինել։ Հերոսի ընտրությունը, կարեւոր, հույժ կարեւոր գործ է…
Դեպքի մասին խմբագրությունում մի երկու շաբաթ խոսեցին։ Հետո աչքի ընկավ Բուշը՝ գործընկերս։ Հարցազրույց էր արել ԳՖՀ֊ի առեւտրական նավատորմի մի նավապետի հետ։ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի նախօրեին։ Կապիտանը Բուշի նյութում փառաբանում էր խորհրդային իշխանությունը։ Հետո պարզվեց, որ այստեղից փախած էստոնացի է։ Վաթսունինը թվականի ամռանը բայդարկայով ճողոպրել էր Ֆինլանդիա։ Այնտեղից՝ Շվեդիա։ Եվ այլն։ Բուշը հարցազրույցը ծայրից ծայր հորինել էր։ Դեպքը մեծ արձագանք ունեցավ, եւ իմ մասին մոռացան…