Sergey Dovlatov

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս տասնմեկերորդ

(«Սովետսկայա Էստոնիա»։ Օգոստոս։ 1976 թ․) «ՏԱԼԼԻՆԸ ՀՐԱԺԵՇՏ է ՏԱԼԻՍ ՀՈՒԲԵՐՏ ԻԼՎԵՍԻՆ։ Երեկ Լիննամետսա գերեզմանատանը տեղի ունեցավ էստոնական ժողովրդի հավատարիմ զավակ, հեռուստաստուդիայի անփոփոխ տնօրեն, Սոցիալիստական աշխատանքի հերոս Հուբերտ Վոլդեմարի Իլվեսի հուղարկավորությունը։

Հուբերտ Իլվեսի ողջ կյանքը կոմունիզմի գործին անձնուրաց ծառայության օրինակ էր։

Նրա համար հատկանշական էին բարձր պատասխանատվության զգացումը, ուշադիր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ եւ զարմանալի անձնական պատասխանատվությունը…

Սգո քայլերգի ներքո հասարակայնության ականավոր ներկայացուցիչները տանում են բազմաթիվ ծաղկեպսակներով զարդարված դագաղը։

Թարմ գերեզմանի մոտ հնչում են հրաժեշտի հանդիսավոր խոսքեր…

Սգո միտինգին մասնակցեցին երեւելի կուսակցական ու սովետական աշխատողներ, հանգուցյալի գործընկերները, էստոնական ռադիոյի, հեռուստատեսության, խոշոր թերթերի աշխատակիցները։

Հուբերտ Իլվեսի հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»։

Ընկեր Դովլաթով, դուք սեւ կոստյում ունե՞ք։ Խմբագիրը դժգոհ խոժոռում է հոնքերը։ Նա տհաճությամբ է նման հարց տալիս հանրապետական կուսակցական թերթի աշխատակցին։ Խմբագիրը նորածնի բեժ դեմք ունի, լայն գոտկատեղ ու մանկական ազգանուն՝ Տուրոնոկ։

Չունեմ, ասացի։ Սրանով եմ ման գալիս։

Ոչ թե այս պահին, այլ տանը։

Ես առհասարակ կոստյում չունեմ, ասում եմ։

Կարող էի բացատրել, որ տուն էլ չունեմ, ապաստան, բնակավայր։ Որ սենյակ եմ վարձում Աստված գիտի որտեղ…

Իսկ թատրոն ինչպե՞ս եք հաճախում։

Կարող էի ասել, որ թատրոն չեմ հաճախում։ Բայց հենց նոր թերթում տպագրվել էր «Անօժիտը» ներկայացման իմ գրախոսությունը։ Գրել էի Դիմա Շերի պատմածով։ Գրախոսությունը գովում էին բանավիճային բնույթի համար…

Դե լավ, եկեք խոսենք ըստ էության, հոգնած ասաց խմբագիրը։ Վախճանվել է Իլվեսը։

Տուրք տալով կեղծավորության ստոր սովորությանս, տրտում տեսք ընդունեցի։

Դուք նրան ճանաչո՞ւմ էիք, հարցրեց խմբագիրը։

Ոչ, ասում եմ։

Իլվեսը հեռուստաստուդիայի տնօրենն էր։ Նրա թաղումը լուրջ միջոցառում է։ Հուսով եմ, հասկանում եք։

– Այո։

Մեր խմբագրությունն էլ պետք է ներկայացված լինի։ Պատրաստվում էինք ուղարկել Շաբլինսկուն։

Եվ ճիշտ է, ասում եմ, Միշկան այնտեղից անընդհատ ինչ֊որ փողեր է ստանում։

Խմբագիրը կնճռոտեց դեմքը։

Միխայիլ Բորիսովիչը զբաղված է։ Նա մեկնում է Սաարեմաա կղզի՝ գործուղման։ Կլենսկին բացառվում է։ Այստեղ ներկայացուցչական արտաքինով մարդ է պետք։ Բուշը երրորդ օրն է խմում է եւ այդպես շարունակ։ Կանգ ենք առել ձեր թեկնածության վրա։ Աղաչում եմ, խայտառակ չանեք։ Հարկավոր է հանդես գալ հակիրճ, ջերմ խոսքով։ Հարկավոր է… Մի խոսքով, պահեք ձեզ այնպես, իբր լավ ճանաչել եք հանգուցյալին…

Մի՞թե ես ներկայացուցչական արտաքին ունեմ։

Դուք բարձրահասակ եք, խոստովանեց Տուրոնոկը, Կլյուխինայի հետ եմ խորհրդակցել։

Ըհը, մտածում եմ, Գալոչկան։ Դե լավ…

Հենրիխ Ֆրանցովիչ, ասացի, սրտովս չէ դա։ Միստիֆիկացիայի հոտ է գալիս։ Իլվեսին չեմ ճանաչել։ Կեղծ ողբալ չեմ ուզում։ Ուղարկեք Շաբլինսկուն։ Իսկ ես, համոզեցիք, կգնամ Սաարեմաա։

Դա բացառվում է։ Դուք պրոբլեմային նյութեր չեք գրում։

Չեք հանձնարարում՝ չեմ գրում։

Ձեզ հանձնարարում էինք գերմանացիների մասին նյութը, հրաժարվեցիք։

Ես գտնում եմ, որ նրանց պետք է թողնել, որ գնան։

Դուք միամիտ մարդ եք։ Մեղմ ասած։

Ինչո՞ւ։ Միությունում ավելի շատ գերմանացի կա, քան հայ։ Բայց գերմանացիները նույնիսկ ինքնավարությունից են զուրկ։

Նրանք ի՞նչ գերմանացի։ Դա գաղութարարների երրորդ սերունդն է։ Նրանք վաղուց էստոնացի են դարձել։ Լեզուն, մշակույթը, մտածելակերպը… Տիպիկ էստոնացիներ են։ Հայրերն ու պապերը Էստոնիայում են ապրել…

Բորյա Ռոյբլատի պապն էլ Էստոնիայում է ապրել։ Հայրը նույնպես Էստոնիայում է ապրել։ Իսկ Բորյան այդպես էլ հրեա մնաց։ Ու առանց աշխատանքի…

Գիտեք, Դովլաթով, ձեզ հետ խոսել չի լինում։ Դեմագոգիայի նուրբ հնարքներ ունեք։ Ձեզ աշխատանք ենք տվել, ընդառաջել ենք։ Կարծում էինք՝ կհասունանաք։ Ավելի լուրջ կպահեք ձեզ…

Աշխատում եմ, չէ՞։ Գրում եմ։

Եվ նույնիսկ լավ եք գրում։ Յուրնան ինքը վերջերս մեջբերեց ձեր գրածը․ «… կառուցողական գաղափարը կորավ անպատասխանատու էքսպերիմենտի քաոսում»… Խոսքն այդ մասին չէ։ Ձեր ապաքաղաքականությունը, ձեր մանկամտությունը… ձեզանից ամեն բան սպասելի է։ Դուք երկու հարյուր հիսուն ռուբլի վաստակում եք։ Վերաբերմունքը ծեր նկատմամբ լավ է, գնահատում են ձեր հումորը, ձեր ոճը։ Իսկ դուք ինչո՞վ եք փոխհատուցում։ Ինչո՛ւ պետք է ես ժամանակ վատնեմ նման անպտուղ խոսակցությունների վրա։ Ես պնդում եմ Շաբլինսկուն փոխարինելու խնդրանքս։ Նա ժամանակավորապես ձեզ է տալիս իր բաճկոնը։ Փորձեք։ Կախիչի վրա է…

Փորձեցի։

Ի՜նչ դարձօձիքներ են, ասում եմ, Կարմիր աստղի շքանշանն է պակասում…

Վե՛րջ, ընդհատեց խմբագիրը, գնացե՛ք։

Ատում եմ գերեզմանատնային արարողությունները։ Ոչ թե այն պատճառով, որ դա մահվան հետ է կապված, մերձավոր, փառք Աստծո, չեմ թաղել։ Իսկ օտարների նկատմամբ անտարբեր եմ։ Այդուհանդերձ թաղումներն ատում եմ։ Մահվան կողքին ցանկացած շարժում անբարոյական է թվում։ Թաղումներն ատում եմ ցուցադրական լինելու չափ գեղեցիկ, համոզիչ վշտի զգացողության համար։ Ուրիշ, օտար մարդկանց արցունքների համար։ Դժվարությամբ ճնշվող ուրախության զգացման համար՝ «Ոչ թե դու, այլ ուրիշն է մահացել»։ Քիչ անց խմելու առիթով բարձրացող գաղտնի հուզմունքի համար։ Հանգուցյալի մասին չափը անցնող հաճոյախոսությունների համար։ (Միշտ ցանկացել եմ գոռալ․ «Նա թքած ունի։ Կենդանի մնացածների նկատմամբ ներողամիտ եղեք։ Օրինակ, իմ նկատմամբ»)։

Եվ ահա պետք է Շաբլինսկու փոխարեն մասնակցեմ սգո հանդիսությունների, վիշտ ու կսկիծ խաղամ։

Զանգում եմ հեռուստաստուդիա․

Թաղման հարցերով ո՞վ է զբաղվում։

Ինքը Իլվեսը։

Աթոռից քիչ մնաց ընկնեի։

Ռանդո Իլվեսը, հանգուցյալի որդին։ Եվ թաղման հանձնաժողովը։

Հեռախոսի համարը կասե՞ք։ Գրում եմ… Շնորհակալ եմ։ Զանգում եմ։ Պատասխանում են մերձբալթյան առոգանությամբ․

Դուք հանգուցյալի ազգականների՞ց եք։

Գործընկերներից։

Ձեր ազգանունը Շաբլինսկի՞ է։ Քիչ էր մնում ասեի՝ «Այո»։

Շաբլինսկին գործուղման մեջ է։ Ինձ հանձնարարված է փոխարինել նրան։

Եկեք։ Երրորդ հարկ, տասներկուերորդ սենյակ։

Գալիս եմ։ Տասներկուերորդ սենյակում հավաքված բոլոր մարդիկ թևկապներով էին։ Ինձ ծանոթ մարդ չկար։ Շաբլինսկու բաճկոնը, որ հիշում էր տիրոջ ուվագծերը, նեղում ու կաշկանդում էր ինծ։ Ինձ անհարմար էի զգում, ինչպես սատկած կետաձուկը լողավազանում։ Ձին՝ շան բնում։

Ոտքս կախ գցեցի՝ գրի առնելու այս փոխաբերությունները։

Սեղանի մոտ նստած կինը դիմեց ինձ․

Շաբլինսկին դո՞ւք եք։

Ոչ։

«Սովետսկայա Էստոնիայից» պետք է լինի Շաբլինսկին։

– Նա գործուղման մեջ է։ Ինձ հանձնարարված է փոխարինել նրան։

Պարզ է։ Ելույթի տեքստը պատրաստե՞լ եք։

Տե՞քստը։ Ես կարծում էի, դա… հուզախառն իմպրովիզացիա պետք է լինի։

Կանոնակարգ կա… Տեքստը հարկավոր է համաձայնեցնել։

Կարո՞ղ եմ վաղը ներկայացնել։

Նեղություն մի կրեք։ Ահա Շաբլինսկու պատրաստած տեքստը։

Հրաշալի է, ասում եմ, շնորհակություն։ Նրանց տված թերթիկներին կարդում եմ․

«Ընկերներ։ Ինչպե՜ս եմ նախանձում Իլվեսին։ Այո, այո, մի զարմացեք։ Ինձ համակել է սպիտակ նախանձը։ Ի՜նչ բովանդակալի կյանք։ Ի՜նչ պատկառելի արդյունքներ։ Երազողի ու մարտիկի ինչպիսի՜ նախանձելի ճակատագիր»…

Հետո թվարկվում էին արժանիքներն ու վաստակը։ Ավարտվում էր այսպես․

«…Քնիր Հուբերտ Իլվես։ Դու հազվադեպ էիր քունդ առնում։ Քնիր…»։

Այս ամենը արտասանելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Թղթի վրա ամեն բան գրում եմ։ Բայց բարձրաձայն, մարդկանց ներկայությամբ…

Դիմեցի սեղանի առջեւ նստած կնոջը․

Կուզենայի իմ կողմից էլ մի բան ավելացնել… Որոշ փոփոխություններ կատարել… Ես այդ աստիճան զգացմունքային չեմ…

Հիմնականը հարկ կլինի թողնել։ Արդեն վիզան կա…

Բնական է։

Տվյալներն արտագրեք։

Արտագրեցի։

Մի քանի խոսք Շաբլինսկու մասին։ Նրա հայրը բռնադատված է եղել։ Հորեղբոր՝ հայտնի պրոֆեսորի, անունը հիշատակվում է հանրահայտ մեմուարներում։ Երեւի թե միակը, ում մասին համակրանքով է խոսվում։

Միշան մեծացել է դժգույն ճամբարային բնակավայրում։ Թվաբանություն ու ռուսաց լեզու նրան դասավանդել են ռուսական գիտության ռահվիրաները… բուշլատներում փաթաթված։ Այդպես ձեւավորվել են նրա պատկերացումները կյանքի մասին։ Նա դարձավ տոկուն ու ճարպիկ տղամարդ։ Խոսքերին չէր վստահում, վճռական էր գործողություններում։ Շատ էր կարդում։ Կարողանում էր համատեղել պոեզիայի նկատմամբ հետաքրքրությունն ու տեխնիկայի նկատմամբ սերը։ Դիպլոմ չունենալով, աշխատել է որպես կոնստրուկտոր։ Ընդունվում է համալսարան։ Դառնում արդյունաբերությունը լուսաբանող լրագրող։ Պոեզիայի ու տեխնիկայի հիբրիդը այլեւս նրա տարերքն է։

Նպատակին հասնելու համար պատրաստ էր ամեն ինչի։ Միջոցներից չէր խորշում։ Նպատակը, սակայն, գնալով ավելի ու ավելի աղոտ էր դառնում։ Բարու ու չարի այլընտրանքը վերածվել էր հաջողության ու անհաջողության այլընտրանքի։ Չափազանց ակտիվ կենսագործունեությունը արգելակում էր բարոյական աճը։ Երբ մեզ ծանոթացրին, նա տիպիկ լրագրող էր՝ երկվությամբ ու ցինիզմով հանդերձ։ Լրագրողների մասին հիանալի է ասել Ֆորդը․ «Ազնիվ լրագրողը մեկ անգամ է վաճառվում»։ Այդուհանդերձ, նրա միտքը իդեալիստական եմ համարում։ Լրագրության ոլորտում կան գնման կետեր, կոմիսիոն եւ անգամ էժանացված խանութներ։ Այսինքն՝ վերավաճառքը եռում է։

Կա կյանք՝ սքանչելի, տանջալի, ողբերգականությամբ լի։ Եվ կա աշխատանք, որ լավ վարձատրվում է։ Աշխատանք, որի նպատակը ավելի հստակ, ողբերգականությունից զուրկ, ներդաշնակ կյանքի ստեղծումն է։ Թղթի վրա։

Լրագրողը նստած գրում է․ «Ահեղ տասնինը թվականն էր»։

Շեղվում է մի պահ՝ կնոջն ասելու համար՝ «Գարիկ Լերները խոստացել է երեք տուփ լուծվող սուրճ դասավորել»…

Խոհանոցից կինը գոռում է՝ «Ինչպե՞ս թե։ Լերներին դեռ չե՞ն ձերբակալել»։

Գրիչը, սակայն, արդեն շարունակում է իր գործը։ Ենթադրենք․ «Բնությունից կորզեցինք եւս մեկ գաղտնիք»… Կամ չգիտեմ՝ «Նյու Յորքում շահպրակը բույր չունի»…

Լրագրողի կյանքում առկա է այն ամենը, ինչը զարդարում է ցանկացած արժանապատիվ տղամարդու կյանքը։

Անկեղծությո՞ւն։ Լրագրողը անկեղծորեն ասում է ոչ այն, ինչ մտածում է։

Ստեղծագործ աշխատա՞նք։ Լրագրողը անդադար ստեղծագործում է՝ ցանկալին իրողություն ներկայացնել փորձելով։

Սե՞ր։ Լրագրողը քնքշորեն սիրում է այն, ինչ սիրո արժանի չէ։

Շեղվեցինք, թերեւս։

Հեռուստատեսությունից գնացի Մարինայի մոտ։ Սի ամբողջ տարի էր արդեն մեր միջեւ մտավոր մոտիկության պես հարաբերություններ էին։ Թշնամանքի ու այլասերության երանգներով։

Մարինան աշխատում էր մեր թերթի քարտուղարությունում։ Աշխատանքից առաջ եւ հետո նրա մեջ գերակշռում էին երեսնամյա չամուսնացած կնոջ թերահավատությունն ու փոքր֊ինչ կոպիտ ուղղախոսությունը։

Ժամանակին Շաբլինսկու ընկերուհին էր։ Ինչպես որ մեր թերթի բոլոր մյուս աշխատակցուհիները։ Բոլորն անխտիր վաղ թե ուշ զիջում էին նրա համառ նկրտումներին։ Նման հաջողության գաղտնիքը երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ։ Հետո, սակայն, հասկացա։ Շաբլինսկին սպանում էր իր ոտնձգությունների աներկիմաստությամբ։ Լիտվացի պրակտիկանտ աղջկան, օրինակ, որի հետ կարգին ծանոթ էլ չէր, ասել էր․

Ես ձեզ սիրում եմ։ Եվ անգամ չբացառված տրիպերը ինձ ետ չի պահի։

Մի օր ասում եմ․

Միշկա, ես կեղծ բարեպաշտ չեմ։ Բայց դու չորս ընկերուհի ունես։ Շուտով Նոր տարի է։ Հո չե՞ս կարող չորսին էլ հրավիրել։

Ինչո՞ւ չեմ կարող, հարցրեց Շաբլինսկին։

Սկանդալ կլինի։

Չի բացառվում, մտորումների մեջ ընկավ նա։

Ի՞նչ ես անելու։

Շաբլինսկին մտածեց֊մտածեց, հետո հոգոցով ասաց․

Եթե միայն պատկերացնեիր, թե ինչ լրջագույն խնդիր է դա…

Մարինային թողեց, որովհետեւ որոշել էր ամուսնանալ։ Մարինան որպես կին պիտանի չէր։ Նա, կրկնում եմ, մոտ երեսուն տարեկան էր, ծխող ու շատ իմացող։ Միշային հետաքրքրում էր ամուսնության հրեական ավանդական տարբերակը։ Մաքուր աղջիկ՝ տնային տնտեսությամբ զբաղվելու հակումներով։ Մեկի հետ ծանոթացրել էին։ Իրոք, սքանչելի Ռոզոչկա էր, բեղիկներով։ Կարդացող, մտածող։ Առեւտրական հայրիկ…

Ռոզան աչքերը միամիտ֊միամիտ թարթում էր, կրկնելով․

Օ՜յ, ինչպե՞ս թե ամուսնանալ։ Ես, ախր, փորձ չունեմ…

Ինչ չունե՞ս, հռհռում էր Շաբլինսկին։

Իսկ Մարինային լքեց։ Այստեղ էր, որ հայտնվեցի ես։ Մտածկոտ, բարեկիրթ, ազնիվ։ Նա ինձ, կարծես, առաջին անգամ տեսավ։ Առաջին անգամ գնահատեց։

Իմ բարեմասնությունները մի հետաքրքիր հատկանիշ ունեն։ Դրանք ծաղկում ու նկատելի են դառնում ուրիշների այլանդակության համեմատությամբ։ Դրա համար էլ ինձ լքված կանայք են սիրում։

Սկզբում անվերջ Շաբլինսկուց էր խոսում։

Գիտես, յուրովի նա սիրում էր ինձ։ Մի օր կշտամբեցի՝ «Չես սիրում»։ Գիտե՞ս ինչ արեց։ Վերցրեց հագուստս, պայուսակս ու կախեց…

Որտե՞ղից։

Չե՞ս հասկանում… Գիշեր էր։ Պառկած էինք։ Ասացի՝ «Չես սիրում»։ Վերցրեց շորերս, պայուսակս ու կախեց։ Հենց այն բանից։ Որ ապացուցի, թե ինչ ուժ ունի։ Ու ինչպես է ինձ սիրում…

Մի խոսքով, հեռուստատեսությունից գնում եմ Մարինայի մոտ։ Նորակառուց թաղամասի նրա շենքում ապրում են գործընկեր֊լրագրողներ։ Տրոլեյբուսից իջնում ես՝ ամայի տարածքում հսկայական շենք է, եւ յուրաքանչյուր պատուհանից մի գործընկեր է նայում։

Բարձրանում եմ չորրորդ հարկ, զանգում եմ։ Ու նոր հիշում եմ, որ Շաբլինսկու բաճկոնով եմ։ Դուռը բացվում է։ Մարինան ապշած ինձ է նայում։ Գուցե մտքով անցնում է, թե ես Շաբլինսկուն մորթել եմ (խանդից), իսկ շորերը՝ գողացել։

(Կանայք ինչ֊որ գերբնական հիշողություն ունեն հագուստի առումով։ Կինս մեկի մասին ասում էր․ «Ախր դու նրան հիշում ես։ Տհաճ մարդ էր՝ սեւ կոշիկներով ու դարչնագույն կոշկաքուղերով»։)

Լավ մարդու հարաբերությունները կանանց հետ միշտ դժվարությամբ են հաստատվում։ Իսկ ես լավ մարդ եմ։ Ասում եմ առանց դույզն իսկ շփոթմունքի, որովհետեւ դրանում հպարտանալու ոչինչ չկա։ Լավ մարդուց ակնկալում են համապատասխան պահվածք։ Նրան բարձր պահանջներ են ներկայացնում։ Նա իր ուսերին կրում է ազնվության, խելքի, ջանադրության, խղճի, հումորի ամենօրյա բեռը։ Եվ այդքանից հետո նրան լքում են մի անհույս տականքի համար։ Որին ծիծաղելով պատմում են լավ մարդու ձանձրալի բարեմասնությունների մասին։

Կանայք միայն սրիկաներին են սիրում, դա հանրահայտ է։ Ոչ բոլորին է, սակայն, բախտ վիճակված սրիկա լինել։ Ակուլա անունով մի ծանոթ վալյուտչիկ ունեի։ Կնոջը բահի կոթով էր ծեծում։ Սիրուհու շամպունը մի անգամ նվիրել էր կնոջը։ Սպանել էր կատվին։ Կյանքում միակ անգամ կնոջ համար պանրով բուտերբրոդ էր սարքել։ Կինն ամբողջ գիշեր լացել էր՝ խանդաղատանքից ու հուզմունքից։ Տասը տարի պահածո էր ուղարկում Մորդովիա։ Սպասում էր…

Իսկ լավ մարդը ո՞ւմ է պետք, մի հարցնող լինի…

Եվ այսպես, ես՝ ուրիշի բաճկոնով։

Ի՞նչ է եղել, ասում է Մարինան, այդ զգեստափոխությունը դիտելով որպես սեռական կտտանքի տարատեսակ։ Որպես զգացմունքների վիրավորական նենգափոխում…

Սա Միշկայի բաճկոնն է, ասում եմ, ժամանակավորապես, հանդիսավորության համար։

Պատրաստվում ես ինձ առաջարկությո՞ւն անել (լեղախառն հումոր)։

Եթե լուրջ մարդ լինեի՝ կանեի։

Մի վախեցիր։

Պետք է խոսեմ թաղման ժամանակ։ Իլվեսն է մեռել։

Իլվե՞սը։ Հեռուստատեսությունի՞ց։ Սոսկալի է… Կերե՞լ ես։

Չեմ հիշում։ Ես Իլվեսին երբեք չեմ տեսել։

Կարկանդակով արգանակ կա եւ բադ։

Բեր։ Չգնա՞մ խանութ։

Ունեմ։ Շշի տակ մնացել է։

Այս կուլտուրական տները լավ գիտեմ։ Սրբապատկերներ, ինքնաեռներ, Նեֆերտիտի… Ինչ֊որ բազմանշանակ կավե բեկորներ… Բազմաթիվ գրքեր, եւ բոլորը կուսականորեն նոր… Իսկ օղին՝ շշի տակ։ Միշտ շշի տակ։ Որտեցի՞ց էլ հայտնվում է։ Ո՞վ է բերել։ Ինչո՞ւ մինչեւ վերջ չի խմել։ Ավելի կարեւոր գո՞րծ է առաջացել։

Խանդելու իրավունք չունեմ։ Կին, ալիմենտ… Երկար պատմություն է։ Կոմպոզիցիան կխաթարվի…

Որտեղի՞ց օղի, հարցնում եմ, ո՞վ էր եկել։ Չեմ խանդում։ Անտարբեր եմ։ Խաղ է պարզապես։

Էդիկն էր եկել։ Դեպրեսիայի մեջ է։

Նկատի ունի բանաստեղծ Բոգատիրեւին։ Ձգձգված ազգանուն, ակնոց, խելահեղ քրքիջ։ Նրա բանաստեղծությունների գիրքը տեսել եմ՝ «Բարու ներքնաձիգ», կամ «Սրտի կիսորդ», սրա պես մի բան։ Անհանգ բանաստեղծություններ են։ Վստահ չեմ, սակայն։ Գրում է, օրինակ․

Գնում էինք կողք֊կողքի, ինչպես արցունքի զույգ կաթխ, Ու չէինք միանալու երբեք…

Իսկ վերջում նշում կար՝ «Դեկտեմբերի լույս 22֊ի գիշեր։ Լենինգրադ Տալլին ճեպընթաց»։

Նա ե՞րբ դեպրեսիայի մեջ չէ։ Իր աշխատանքային վիճակն է։ Իսկ Բուշի համար աշխատանքայինը հարբած վիճակն է…

Մի չարացիր։

Լավ…

Ուզո՞ւմ ես տեսնել օրագրումս ինչ եմ գրել։ Քո մասին։

Մուգ կարմիր մի նոթատետր բերեց։ Շապիկին ոսկեզօծ տառերով գրված էր․ «Տալլինի կուսակցական կոնֆերանսի պատգամավոր»։

Սա մի կարդա։ Սա էլ մի կարդա։ Սա կարդա։

«Նա մարմնիս տոնն էր ու հոգուս հյուրը։ Գիշեր, օգոստոսի 19 20։ 1975 թ․»։

Կարդացի ու ցնցվեցի։ Սենյակն անտանելի շոգեց։ Երկնագույն պատերը սկսեցին լողալ։ Աչքիս ամեն բան ճոճվում էր։ Շնչահեղձ չլինելու համար դուրս փախա։ Պատերին քսվելով ինձ գցեցի լողասենյակ։ Խոնարհվեցի լվացարանի վրա՝ հենվելով հաղճապակե սառը կողերին։ Փսխեցի։ Գլուխս դեմ տվի սառը ջրին։

Սարինան բարեկրթորեն սպասում էր միջանցքում։ Հետո հարցրեց․

Երեկ խմե՞լ ես։ Նորից մի սկսիր…

Ցավալի է տեսնել, թե ինչպես ես կործանվում։

Գիտես, ասում եմ, պարտվելը մեր պայմաններում գուցե ավելի արժանապատիվ է, քան հաղթելը։

Դու ըմբոշխնում ես քո պակասավոր վիճակը։ Դու հիանում ես քո անհաջողություններով, սեթեւեթում ես…

Կիտրոն ունե՞ս։

Հիմա։

Նստած կիտրոն եմ ծամում։ Դեմքիս համապատասխան արտահայտությամբ։ Մարինան իր էշն է քշում․

Ճշմարիտ տաղանդը մի օր հարթում է իր ճանապարհը։ Վաղ թե ուշ կայանում է։ Գրիր, աշխատիր, համառ եղիր…

Համառ եմ։ Ու համառությունս կարծես թե արդեն փոխհատուցվում է։ Ինձ արդեն խիստ նկատողություններ է անում Կենտկոմի մշակույթի գծով հրահանգիչը։ Լսիր, ի՞նչ եղավ։ Ասում էիր՝ շշի տակ…

Ինչ֊որ արտասահմանյան տխմար բան բերեց ու երկու բաժակ։ Երաժշտություն միացրեց։ Բնականաբար՝ Վիվալդի։ Արդեն վաղուց խմելու ձայնային ֆոն է դարձել…

Գիտես, ասում եմ, երազում էի մի փոքր ապրել նորմալ պայմաններում։

Ես ուզում եմ քեզ տեսնել ուժեղ, պայծառ ու նպատակամղված։

Քո ասածը Շաթլինսկին է։

Բնավ ոչ։ Բնական եղիր։

Ինձ համար, երեւի, անբնական լինելն է բնական։

Դու ամեն ինչ բարդացնում ես։ Կարգին մարդ լինելը այնքան էլ մեծ նվաճում չէ։

Իսկ դու փորձիր։

Կոպտելը պարտադիր չէ։

Ճիշտ է ասում, մտածում եմ, ինչ եմ վրա տվել… Գեղեցիկ կին է։ Բավական է ձեռքս մեկնեմ։ Մեկնեցի։ Երաժշտությունն անջատեցի։ Բաժակը վայր գցեցի…

Լսում եմ․ «Միշկա, սպանում ես ինձ»։ Ու հազիվ լսելի ձայն․ Մարինան ազատ ձեռքով բաժակն է բարձրացնում…

Միշկան, ասում եմ, գործուղման մեջ է։

Տեր Աստված․․․

Զզվեցի ու գնացի։ Ավելի ճիշտ՝ մնացի։

Առավոտյան ելույթիս տեքստը պատրաստ էր․

«Ընկերներ։ Վշտալի առիթով ենք այստեղ հավաքվել։ Վախճանվել է Հուբերտ Իլվեսը՝ հայտնի վարչարարը, կուսակցական պարտքի զգացումով ապրող մարդը»… Հետո գալիս էր յասսսսկն ու ծառայությունների թվարկումը։ Աշխատանքային գրքույկի գրականացված տարբերակը։ Եվ վերջում՝ «Նրա հիշատակը կապրի մեր սրտերում»…

Այս թղթով էլ գնացի հեռուստատեսություն։ Կարդացին ու՝

Փոքր֊ինչ վերացական է։ Դա, թերեւս, նույնիսկ լավ է։ Ավելի պաշտոնական ելույթների համեմատությամբ։

Զանգեցի խբագրություն։ Ասացին․

Դու հուղարկավորության հանձնաժողովի տրամադրության տակ ես։ Մինչեւ վաղը։ Չաո։

Հուղարկավորության հանձնաժողովում աշխատանքային իրարանցում էր, որ նման էր խմբագրությունների մթնոլորտին՝ կեղծ մտահոգությամբ ու բարձրագոչ տենդագին անպտղությամբ։ Միջանցքում կանգնած ծխում էի հրշեջ արկղի մոտ։ Ինձ մոտեցավ Բիկովերը։ Ամեն մի խմբագրությունում այդպիսի արտասովոր մեկը կա՝ հրեա, խելագար, շատ խելոք։ Ինչպես ամեն մի բնակավայրում՝ սեփական հանրածանոթ խենթը։ Ուշագրավ է Բիկովերի ճակատագիրը։ Նա Ռեվելի մի գործարանատիրոջ կրտսեր որդին էր։ Ավարտել էր Քեմբրիջը։ Հետո բուրժուական էստոնիան տապալվեց։ Որպես առաջադեմ մտածող հրեա, Ֆիման հեղափոխության կողմնակից էր։ Ակսեց աշխատել հանրապետական թերթի արտասահմանյան բաժնում։ (Լեզուների իմացությունը օգնեց)։ Եվ ահա պատասխանատու հանձնարարություն է ստանում․ Զանգել Բուլղարիա՝ Դիմիտրովին։ Էստոնիայի Խորհրդային Հանրապետության հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ պատվիրելու։ Բիկովերը զանգում է Սոֆիա։ Հեռախոսը վերցնում է Դիմիտրովի քարտուղարը։

Ես Տալլինից եմ, հայտարարում է Բիկովերը։ Ի պատասխան լսվում է․

«Սիրելի ընկեր Ստալին։ Ազատատենչ բուլղար ժողովուրդը ջերմորեն ողջունում է ձեզ։ Թույլ տվեք աշխատավորների անունից զեկուցել…»։

Ես Ստալինը չեմ, բարեհոգաբար ուղղում է Բիկովերը։ Ես Բիկովերն եմ։ Իսկ զանգել եմ ասելու, որ վատ չէր լինի հոբելյանի հետ կապված մի փոքրիկ շնորհավորագիր կազմակերպեինք… Բառացիորեն մեկ֊երկու տող…

Քառասուն րոպեից Բիկովերին ձերբակալում են։ Սրբապիղծ համադրության համար։ Սրբությունը ծաղրելու համար։ Ապուշ լինելու համար։

Դրանից հետո շատ բան եղավ։ Հետաքննություն, կարճատեւ ճամբար, ռազմաճակատ… Հետո վերադառնում է։ Ընդունվում է ինչ֊որ գրադարան։ Դիպլոմ չուներ (Քեմբրիջը հաշիվ չի)։ Ստանում էր ութսուն ռուբլի։ Այդ ընթացքում ամուսնանում է։ Կինը միշտ հիվանդ էր, բայց պարբերաբար ծնում էր։ Թշվառ, ահաբեկված, կիսախելագար Բիկովերը խմբագրությունների ընդունարաններից դուրս չէր գալիս։ Գրում էր կոպեկանոց ինֆորմացիաներ՝ բացառիկ խղճուկ բովանդակությամբ։ ««Կալեւ» ֆաբրիկայի մոտ որմզդեղն են տեսել»։ «Պաշտոնաթող մայորի տանը ծաղկել է հսկայական կակտուսը»։ «Լույս է տեսել Գրիգորովիչի հերթական հատորյակը»։ Եվ այլն։ Բիկովերը ամեն օր զանգում էր ծննդատուն՝ եռյակ հո չի՞ ծնվել։ Ամսեամիս ներկայացնում էր լայն սպառման ապրանքների նորույթները։ Տարեցտարի տեղեկացնում էր որսաշրջանի բացման մասին։ Նրան բոլորս սիրում էինք։

Ողջույն, Ֆիմա, ասացի՝ սրբապղծորեն կայտառ ձայնով։

Ի՜նչ դժբախտություն, ի՜նչ դժբախտություն, պատասխանեց Բիկովերը։

Ասում են, հանգուցյալը ստահակ էր։

Մեղմ ասած, մեղմ ասած…

Լսիր, Ֆի՛մա, ասում եմ, դու երբեւէ փորձե՞լ ես մեջքդ ուղղել։ Լիաթոք խոսե՞լ։

Այնպիսի հայացքով նայեց վրաս, որ կարմրեցի։

Գիտե՞ս ինչ կուզեի, ասաց։ Կուզեի անտեսանելի լինել։ Որ առհասարակ գոյություն չունենայի։ Հաճույքով տեղս Իլվեսի հետ կփոխեի, բայց երեխաներ ունեմ։ Երեք երեխա։ Եվ բոլորին ոտնաման է պետք։

Ինչո՞ւ ես եկել։

Ես չէի ուզում։ Մտածում էի այսպես, ենթադրենք, Բիկովերն է մահացել։ Իլվեսը թաղմանը կգա՞ր։ Կյանքում չհավատաս։ Ուրեմն՝ ես էլ չեմ գնա։ Բայց կինս ասաց․ «Գնա, Ֆիմա։ Այնտեղ բոլորը կլինեն։ Այնտեղ պիտանի մարդիկ կլինեն»…

Իսկ ես պիտանի՞ մարդ եմ։

Չէի ասի։ Բայց դու լավ մարդ ես…

Դռնից դուրս նայեց սգո թեւկապով մի աղջիկ․

Շաբլինսկին այստեղ ո՞վ է։

Ես եմ, ասացի։

Ուրեմն այսպես։ Իլվեսը դիարանում է։ Նրան կարգին հագցրել են։ Մուգ կապույտ կոստյում։ Բայց փողկապ չկա։ Զարմիկը սնր է բերել։ Եվ հարկավոր է ժուռնալիստների միության կրծքանշանը ամրացնել դարձածալին…

Ինքս փողկապով էի։ Մեկ տարի առաջ ֆարցովշչիկ Ակուլան էր նվիրել։ Ինքն էլ կապել էր ինչ֊որ արտակարգ ձեւով։ Ա–լյա Ֆրենկ Սինատրա։ Դրանից հետո այդ փողկապը չեմ արձակել։ Հանգույցը թուլացնում եմ, օղակը լայնացնում, զգուշությամբ հանում՝ ականջներս տրորելով։ Հակառակ գործողություններով կրկին հագնում եմ…

Ես, երեւի, չկարողանամ…

Ես կարող եմ, ասաց Բիկովերը։

Հրաշալի է, ուրախացավ աղջիկը, բեռնատարը ներքեւում է։ Վարորդն ու հնչյունային օպերատոր Ալտմյաեն այնտեղ են։ Ահա փողկապն ու կրծքանշանը։ Հանգուցյալին կբերեք այստեղ։ Այստեղ արդեն ամեն ինչ պատրաստ կլինի։ Արարողությունը սկսվելու է ուղիղ երեքին։ Ալտմյաեին կասեք, որ ֆոնը պետք է ցայտուն լինի։ Ինքը գիտի…

Հագնվեցինք, վերելակով իջանք։ Բիկովերն ասաց․

Ես էլ պիտանի եղա։

Ներքեւում փակ բեռնատար էր կանգնած։ Հնչյունային օպերատոր Ալտմյաեն ննջում էր խցիկում։

Ողջույն, Օսկար, ասում եմ, նկատի ունեցիր, ֆոնը պետք է ցայտուն լինի։

Ի՞նչ ֆոն, զարմացավ Ալտմյաեն։

Դու գիտես։

Ի՞նչ գիտեմ։

Աղջիկը խնդրեց, որ քեզ ասեմ։

Ի՞նչ աղջիկ։

Դե լավ, ասում եմ, քնիր։

Նստեցինք փակ թափքում։ Բիկովերն ուրախ էր․

Լավ է, որ կարող եմ օգտակար լինել։ Իլվեսը պիտանի մարդ է։

Ո՞վ է պիտանի, ապշեցի։

Կրտսեր Իլվեսը, որդին։

Իսկ ի՞նչով է զբաղվում։

Պրոպագանդայի բաժնում է աշխատում։

Այս կողմում նստիր, ասում եմ, ավելի քիչ է թափ տալիս։

Ինձ ամեն տեղ միատեսակ են թափ տալիս։ Ժամանակին ճամբարում պահակ եմ եղել։ Հենց այսպիսի փակ մեքենաներով կալանավորներ եմ տեղափոխել։ Մեքենան ավտոզակ էր կոչվում։ Դրանում, բացի ընդհանուր «սրահից», երկու նեղ մետաղապատ պահարաններ կային։ Բաժակ էին կոչվում։ Դրանցում՝ արմունկներն ու ծնկները պատերին հենելով, մեկ մարդ կարող էր տեղավորվել։ Պահակները դրսում էին։ Երկաթե դուռը նեղ դիտանցք ուներ։ Կալանավորները դրան ասում էին՝ «Ես քեզ տեսնում եմ, դու ինձ՝ չէ»։ Հանկարծ զգացի երկաթե բաժակում լինելու տհաճությանը։ Թեեւ տասնվեց տարի է անցել…

Թափքի մետաղե տանիքին ճյուղեր քսվեցին։ Բեռնատարը կանգ առավ։ Լույս աշխարհ ելանք։ Ճյուղերի միջով երեւում էր դիահերձարանի դեղին պատը։ Դռան աջ կողմում զանգի կոճակն էր։ Սեղմեցի։ Դուռը բացեց մոմլաթե խալաթով մի տղամարդ։ Ալտմյաեն փաստաթղթեր հանեց ու էստոներեն մի քանի բառ ասաց։ Հերթապահը ձեռքի շարժումով մեզ ներս հրավիրեց։

Ես չեմ գալիս, ասաց Բիկովերը, կուշաթափվեմ։

Ես էլ չեմ գալիս, ասաց Ալտմյաեն, հետո մղձավանջային երազներ կտեսնեմ։

Լավ եք անում, ասում եմ, սկզբից ասեիք։

Հույսներս քո վրա էր։ Բոյիդ֊բուսաթիդ նայիր։

Ես փողկապ կապել չգիտեմ։

Կսովորեցնեմ, ասաց Բիկովերը, ցույց կտամ, թե ինչպես են կապում «Քեմբրիջյան լոտոսը»։ Այստեղ կվարժվես ու ներսում կկապես։

Ես կգայի, ասաց Ալտմյաեն, բայց չափազանց զգայուն եմ։ Առհասարակ մեռելներին չեմ հարգում։ Իսկ դո՞ւ։

Մեռելների համար, ասում եմ, խելքս իմը չէ։

Նայիր ու սովորիր, ասաց Բիկովերը, ընկալիր հայելակերպ։ Նեղն այստեղ, լայնն այստեղ։ Փաթաթում ես երկու անգամ։ Ծայրը հանում ես։ Այստեղ պահում ես ու աստիճանաբար ձգում։ Տես։ Սիրուն է, չէ՞։

Վատ չէ, ասում եմ։

«Քեմբրիջյան լոտոսի» առավելությունն այն է, որ հեշտ է արձակվում։ Այս ծայրից թեթեւ ձգում ես՝ վերջ։

Իլվեսը երջանիկ կլինի, ասաց Ալտմյաեն։

Հասկացա՞ր ոնց պիտի անես։

Ոնց որ, ասում եմ։

Մի հատ փորձիր։

Բիկովերը պատրաստակամությամբ դեմ տվեց պզուկածածկ վիգը։

Դե լավ, ասում եմ, հիշում եմ։

Դիարանում ցուրտ էր, մեր քայլերին խուլ արձագանք էր հետեւում։ Շագանակագույն, ցեմենտե պատեր, հրշեջ վահանակ՝ աչք ծակելու աստիճան կարմիր կրակմարիչ։

Այս մեկն է, ցույց տվեց հերթապահը։

Դագաղը դրված էր պատուհանի մոտի ալ պատվանդանին։ Ոչ թե սովոր դարչնագույն (անկիզելի պահարանի գույնի), այլ սեւ՝ մետաղաթիթեղե եզրակարերով։

Իլվեսը հաստատ մեռած էր։ Տեսքն անկենդան էր ու անբնական։

Հերթապահին ցույց տվի փողկապը։ Պարզվեց, որ սա ռուսերեն վարժ խոսում է։

Ես բարձրացնեմ, դուք կապեք։

Դին գերանի պես բարձրացրեց։ Հետո՝ թեթեւ իրարանցում… «Այդպես… Մի քիչ էլ»… Ցից մնացած օձիք, ճմրթված ժանյակներ…

Օքեյ, ասաց հերթապահը, դիպչելով հանգուցյալի մազերին։

Հանեցի կրծքանշանն ու ամրացրի մուգ շեւիոտե դարձածալին։ Հերթապահը բերեց կափարիչն ու վեց պտուտակ։ Հարմարեցրինք, ձգեցինք։

Տղաներին կանչեմ։

Ալտմյաեն ու Բիկովերը ներս եկան։ Ֆիման ամուր փակել էր աչքերը։ Ալտմյաեն գունատ ժպտում էր։ Դուրս բերեցինք դագաղը, զզվելի ճռռոցով հրեցինք թափքի մեջ։

Ալտմյաեն նստեց խցիկում։ Բիկովերը ամբողջ ճանապարհին լուռ էր։ Իսկ երբ տեղ հասանք, փիլիսոփայորեն նկատեց․

Ապրում էր մարդն, ապրում էր ու մեռավ։

Իսկ ի՞նչ էիր ուզում, ասացի։

Նախասրահում մարդիկ էին հավաքված։ Խոսում էին կիսաձայն։ Պատերին «Մոլորակի պատանեկությունը» լուսանկարչական ցուցահանդեսի ցուցանմուշներն էին։

Ինծ անծանոթ մեկը՝ թեւկապով, բարցրածայն ասաց․

Ծխել կարելի է։

Մարդասիրական այդ աննշան անօրինականությունը բավականություն պատճառեց սգացող հանրությանը։

Անձայն ինչ֊որ կարեւոր գործերով գնում֊գալիս էին կարգադրիչները։ Նրանցից ոչ մեկին չէի ճանաչում։ Հուղարկավորության հանդիսությունները, հավանաբար, խախտում են սովորական աստիճանակարգը։ Առաջին պլան են մղվում անանուն մարդիկ։ Կամավոր կերպով դրանով զբաղվել ցանկացողների թվից։

Մոտեցա նրանցից մեկին։

Դագաղը բերել ենք։

Իսկ կաբե՞լը։

Կաբե՞լը։ Առաջին անգամ եմ լսում։

Լավ, ասաց, կարծես թերացումս այնքան էլ լուրջ չէր։

Հետո բարձր, բայց վշտալի երանգները պահպանած ձայնով՝

Նստեք մեքենաները, ընկերներ։

Երկու կին շտապելով եւ ուշացումով հատակին էին գցում եղեւնու ճյուղեր։

Մենք, կարծես թե, այլեւս պետք չենք, ասաց Ալտմյաեն։

Ես պետք է այնտեղ խոսեմ։

Վերջում ես խոսելու։ Նախ խոսելու են Կենտկոմի ընկերները։ Իսկ հետո՝ ով չի ալարի։ Բոլոր ցանկացողները։

Ի՞նչ է նշանակում՝ բոլոր ցանկացողները։ Ինձ հանձնարարել են։ Տեքստս հաստատել։

Բնականաբար։ Քեզ հանձնարարել են լինել ցանկացողներից։ Ես ցուցակը տեսել եմ։ Դու ութերորդն ես։ Լեմբիտից հետո։ Նա ուզում է, որ բոլորը երգեն։ Այդպիսի երգ կա՝ «Կռունկներ»։ «Երբեմն ինձ թվում է, թե զինվորները…» եւ այլն։ Լեմբիտն առաջարկելու է միասին երգել այն՝ ի պատիվ Իլվեսի։

Այդ ո՞վ կերգի։ Այն էլ՝ ցրտին։

Բոլորն էլ կերգեն։ Կտեսնես։

Դու, օրինակ, կերգե՞ս։

Ոչ, ասաց Ալտմյաեն։

Իսկ դո՞ւ, դարձա Բիկովերին։

Պետք եղավ՝ կերգեմ, պատասխանեց Ֆիման… Մարդիկ շարժվում էին դեպի ելքը։ Շատերը՝ ծաղկեպսակներով, ծաղկեփնջերով ու անգամ ծաղկամաններով։ Մուտքի մոտ մեր բեռնատարից բացի ավտոբուսներ էին կանգնած։ Կարգադրիչն մոտեցավ ինձ․

Ընկեր Շաբլի՞նսկի։

Նա գործուղման մեջ է։

Բայց դո՞ւք եք «Սովետսկայա Էստոնիայից»։

Ես եմ։ Ինձ հանձնարարված է…

Դին դո՞ւք եք բերել։

Երեքով։

Հետագայում էլ կուղեկցեք։ Իսկ սա՝ որ չմրսեք։

Ինձ մեկնած փաթեթը կլկլաց։ Դա քողարկված հոնորար էր։ Հարյուր գրամ՝ հարձակումից առաջ։ Շփոթվեցի, բայց ոչինչ չասացի։ Փաթեթը գրպանս դրեցի։ Պատմեցի Բիկովերին ու Ալտմյաեին։ Մտանք բուֆետ, բաժակներ խնդրեցինք։ Ալտմյաեն երեք հատ բուտերբրոդ գնեց։ Նախասրահը դատարկվել էր։ Դեղնավուն հատակը ծածկված էր եղեւնու ճյուղերով։ Մոտեցանք բեռնատարին։ Վարորդն ասաց․

Խցիկում տեղ կա։

Ոչինչ, ասում է Ալտմյաեն։

Սրան մի քիչ լցնե՞մ, շշնջացի։

Երբե՛ք, կտրեց Բիկովերը։

Դագաղը նույն տեղում էր։ Որոշ ժամանակ նստեցինք կիսախավարում։ Հետո շարժիչն աշխատեց։ Ալտմյաեն բուտերբրոդները դրեց դագաղի կափարիչին։ Ես հանեցի խմիչքը։ Ֆիման ատամներով բացեց շիշը։ Հազիվ լսելի զնգացին բաժակները։ Մեքենան շարժվեց։

Ողորմի, տխուր ասաց Բիկովերը։

Ալտմյառն մոռացավ որտեղ ենք ու բացականչեց․

– Լավ է։

Խմեցինք։ Շիշը դրեցինք նստարանի տակ։ Թուղթը լուսամուտից դուրս գցեցինք։

Բաժակները վերադարձնել է պետք, ասում եմ։

Դեռ պետք կգան, նկատեց Բիկովերը։ …Բեռնատարը անցավ երկաթգիծը։

Հասնում ենք, ասաց Բիկովերը։

Նրա ձայնը կյանքի ունայնության երանգներ էր պարունակում։

Լիննամետսի գերեզմանատունը գտնվում էր կեչեպատ ու մամռոտած մեծ քարաբեկորներով ծածկված բլուրների վրա։ Նայելով այդ դեկորատիվ քարերին, լրագրողները շտապում են ասել․ «Սառցադաշտային դարաշրջանի մնացորդները»։ Կարծես տեսել ու լավ հիշում են անդրպատմական ժամանակները։

Այստեղ ամեն բան համապատասխանում էր ամնահության ու հանգստության գաղափարին։ Բլուրները նման էին հինավուրց ամրոցի ավերակների։ Հեռվում աղմկում էր անտեսանելի ծովը։ Թեթեւ քամին ճոճում էր կեչիների գագաթները։ Դրանց զուգահեռ բների վրա կեղեւը խավանման ծլեպներ էր տվել։

Իսպառ բացակայում էին հայտարարությունների տախտակները, ցուցապաստառները, կրպակներն ու աղբամանները։ Ջրի ու քարի հանդիսավոր միասնություն։ Լռություն։

Մեքենան շարժվում էր գերեզմանատան գլխավոր ծառուղով։ Վարորդն արգելակեց։ Բացվեց երկաթե դուռը։ Մեր ետեւից շարվել էին ավտոբուսները։ Մոտեցավ կարգադրիչը․

Քանի՞ հոգի եք։

Երեք, ասում եմ։

Եվս երեք հոգի է պետք։ Հասկացա, որ դագաղը մեր վրա է։

Ավտոբուսների մոտ խմթված֊կանգնած էին ծաղկեպսակներով ու ծաղկեփնջերով մարդիկ։ Անսպասելիորեն ու խլացուցիչ հնչեց երաժշտությունը։ Առաջին ակորդը արձագանք տվեց։ Երեք հաղթանդամ երիտասարդներ միացան մեզ։ Երիտասարդական թերթի արտահաստիքային թղթակիցներ էին։ Նրանցից մեկի հետ հաճախ պինգ֊պոնգ էի խաղում։ Հանեցինք դագաղը։ Շրջադարձ կատարեցինք ու տեղ գրավեցինք շարասյան գլխամասում։ Հնչում էր Շոպենի թաղման քայլերգը։ Ծանր բեռով դանդաղ քայլելը փորձություն է։ Հոգնել էի։

Բիկովերը ատամների արանքից ասաց․

Ծանր է սրիկան…

Արի արագացնենք ասում եմ։

Քայլն արագացրինք։ Նվագախումբը արագացրեց տեմպը։ Ավելի արագացրինք։ Քայլում֊ղեկավարում ենք նվագախումբը։ Բիկովերն ասում է․

Հիմա վայր կընկնեմ։ Եվ բարձրաձայն․

Փոխարինեք մեզ, ընկերներ… Լսո՞ւմ եք։ Նրան փոխարինեց ռադիոմեկնաբան Օյան։

158

Ծառուղու վերջում սեւին էր տալիս նոր փորած քառանկյուն գերեզմանը։ Կողքին՝ հողի թարմ թումբ։ Երաժիշտները կիսաշրջան կազմեցին։ Երբ երաժշտությունը լռեց, վերջապես ցած դրինք դագաղը։ Հավաքվածները շրջապատեցին շիրմափոսը։ Կարգադրիչն ու նրա օգնականները հանեցին դագաղի կափարիչը։ Տեսա, որ փողկապը տեղում է, ու մի կողմ քաշվեցի։

Հեռուստատեսության տղաները սկսեցին տեղադրել սարքերը։ Լամպերի վառ լույսը անհարիր էր թվում։ Խոտի մեջ ձգվում էին սեւ լարերը։ Բիկովերն ու Ալտմյաեն մոտեցան ինձ։ Մեզ միավորել էր, թերեւս, միասին խմած օղին։ Ծխեցինք։ Կարգադրիչը լռության հրավիրեց։ Սկսեց խոսել առաջին հռետորը վելվետե նոր գլխարկը ձեռքին։ Ես չէի լսում։ Նրան հետեւեցին մյուսները։

Ուղիղ եթեր է, ասաց Բիկովերը։ Հետո ավելացրեց Անձամբ ինձ շան պես են թաղելու։

Սանէպիդկայանը թույլ չի տա, ասաց Ալտմյաեն։ Մահվանդ ճամփան սալահատակված է բովանդակազուրկ ինֆորմացիաներով։

Շատ էլ բովանդակալի, վրդովվեց Բիկովերը։

Խոսքը տրվեց «Իխտու լեխտ» թերթի մի պատասխանատու աշխատակցի։ Մի նախադասություն հասավ ականջիս․ «Նրա հայրն ու պապը պայքարել են էստոնական ինքնակալության դեմ»։

Ի՞նչ է ասում, ապշեց Ալտմյաեն։ Էստոնիայում ինքնակալության չի եղել։

Դե, ցարիզմի դեմ, ասաց Բիկովերը։

Էստոնական ցարիզմ էլ չի եղել։ Եղել է ռուսական ցարիզմ։

Այ, հրեական ցարիզմ իրոք չի եղել, նկատեց Ֆիման, ինչը չի եղել՝ չի եղել։

Մոտեցավ կարգադրիչը։

Դո՞ւք եք Շաբլինսկին։

Նա գործուղման մեջ է։

Հա, ճիշտ է… Պատրա՞ստ եք։ Հաջորդը չէ, մյուսը դուք եք…

Ալտմյաեն ծխախոտ հանեց։ Վառիչը չէր գործում, բենզինը վերջացել էր։ Բիկովերը գնաց լուցկի բերելու։ Մի րոպեից վերադարձավ ու շշնջաց․

Հիմա ծիծաղից կմեռնեք։ Այնտեղ Իլվեսը չէ։ Ծխախոտը Ալտմյաեի ձեռքից ընկավ։

Այսի՞նքն, հարցրի։

Իլվեսը չէ։ Ուրիշ մարդ է։ Ավելի ճիշտ՝ ուրիշ հանգուցյալ…

Ֆիմա, խելքդ գլխի՞դ է։

Քեզ ասում եմ՝ Իլվեսը չէ։ Նման էլ չէ։ Ես, ինչ է, Իլվեսին չե՞մ ճանաչում։

Գուցե սադրա՞նք է, ասաց Ալտմյաեն։

Երեւի դու ես շփոթել։

Հերթապահն է շփոթել։ Ես Իլվեսին կյանքում չեմ տեսել։ Հարկավոր է մի բան անել, ասում եմ։

Այդ էր պակաս, ասաց Բիկովերը, իսկ ուղիղ եթե՞րը։

Բայց չէ որ խայտառակություն է։

Գնամ նայեմ, ասաց Ալտմյաեն։

Գնաց, եկավ ու ասում է․

Իրոք, Իլվեսը չէ։ Բայց նմանություն կա…

Իսկ հարազատնե՞րը, մերձավորնե՞րը, հարցնում եմ։

Իլվեսը, ըստ էության, հարազատներ ու մերձավորներ չունի, ասաց Ալտմյաեն, նրան, անկեղծ ասած, չէին սիրում։

Բա ասում էին՝ որդի, զարմիկ…

Քեզ նրանց տեղը դիր։ Ուղիղ եթերով հաղորդվում է։ Եվ առհասարակ՝ պատասխանատու միջոցառում է…

Գերեզմանի մոտ սկսեցին երգել։ Առանձնանում էր կենցաղի բաժնի Լյուբա Տրոշինայի ճղճղան ձայնը։ Կարգադրիչն ինձ գլխով արեց։ Մոտեցա գերեզմանին։ Երգեցողությունը, վերջապես, դադարեց։

Հրաժեշտի խոսք ունի… Ազգանունս, իհարկե, աղավաղեց․

Հրաժեշտի խոսք անի ընկեր Դոլմաթովը։

Կյանքում ով ասես չեմ եղել՝ Դոկլադով, Զապլատով… Բաց գերեզմանում ջրափոսեր կային, երեւում էին մերկացած ծառարմատները։ Կողքին հատուկ փայտե պատվանդանի վրա դագաղն էր։ Անհայտ հանգուցյալը ծածկված էր ծաղիկներով։ Թրաշուշաններով ու խոլորձով շրջապատված նրա խեղճուկրակ դեմքը հազիվ էր երեւում։ Անվանափոխ հանգուցյալը այլեւս առարկա էր։ Նայեցի կեչիների ծայրերին հենվող երկնագույն գմբեթին։ Թռչունները ճախրում էին, ինչպես հեռուստացույցի էկրանին։ Մուստամյաեի շենքերի վրա իշխող եկեղեցու շլացուցիչ դեղին սրաձողը էլ ավելի էր ընդգծում դրանց գորշ ու–քաւնությունը։ Շիրմի շուրջը կանգնած էին անծանոթ մարդիկ մուգ վերարկուներով։ Զգացի ծաղիկների ու եղեւնու սուր բուրմունքը։ Անհարմար դագաղի պատերը ճնշում էին ուսերս։ Ծաղիկների թերթիկները խտղտացնում էին կրծքիս հանգչող էստերս։ Գլխավերեւումս կանգնած հեռուստաօպերատորը անկիրք էր ու գործնական։ Հնչում էր հեռվից եկող, ինքնահիացման երանգներ կրող ձայնը․

«… Ես այս մարդուն չեմ ճանաճել։ Ծանոթ չեմ եղել նրա հոգուն, նրա մղումներին, նրա տոկունությանն ու խիզախությանը, հուսախաբություններին ու հույսերին։ Չեմ հավատում, որ ճշմարտությանն առանց որոնումների է հասել։ Չեմ կարծում, թե նրա հանգչող հայացքին հասու է դարձել ունայն կյանքի, անսքող խորամանկության, չուրախացնող հաղթանակների ու չդառնացնող պարտությունների չափանիշը։ Չեմ կարծում, թե հասկացավ՝ ուր ենք գնում եւ ինչով է ուրախալի ու արժեքավոր մեր տենդագին նահանջը։ Եվ, այդուհանդերձ, նա այստեղ է… իր իսկ ընտրությամբ…»։

Տրտունջի ու բողոքի ձայներն աստիճանաբար ավելի բարձր էին հնչում։ Խուլ շշուկների ծվեններն ասում էին՝ «Այս ի՞նչ է խոսում…»։ Թեւքիցս քաշեցին։ Ուսս թոթափեցի ու շարունակեցի․

«Ինչի՞ մասին եմ մտածում այստեղ կանգնած։ Մարդկային հոգու գաղտնիքների մասին։ Մահն ու հոգեկան վիշտը հաղթահարելու մասին։ Կեցության օրենքների մասին, որ ծնվել են հազարամյակների խորքում ու կապրեն, քանի դեռ չի մարել արեւը»…

Չհասկացա, ասաց Ալտմյաեն, ասածդ ի՞նչ էր։

Ինքս էլ չհասկացա, ասում եմ, ինչ֊որ քաոս է շուրջս։

Ես ամեն բան պարզեցի, ասաց Բիկովերը։ Նրա դեմքը լուսավորված էր գաղտնիքին հասու խորամանկ ժպիտով։ Սա ձկնորսական կոլտնտեսության հաշվապահ Գասպլն է։ Իլվեսին որպես Գասպլ այս պահին թաղում են Մերիվիլյա գերեզմանատանը։։ Այնտեղ մեծ սկանդալ է։ Քիչ առաջ զանգել են… Ընտանիքը հիստերիայի մեջ է… Որոշվել է թաղել ինչպես կա…

Կարելի է վաղը կամ անգամ այսօր փոխել գերեզմանաքարերը, ասաց Ալտմյաեն։

Չի կարելի, առարկեց Բիկովերը, Իլվեսը նոմենկլատուրային աշխատող է։ Նա պետք է թաղված լինի այս գերեզմանատանը։ Անսասան կարգ գոյություն ունի։ Գիշերը դագաղներն են փոխելու…

Հանկարծ կորցրի իրականության զգացողությունը։ Նորաբաց աշխարհում հեռանկար չկար։ Ապագան մնացել էր թիկունքում։ Հորիզոնը փակել էր անցյալը։ Սկսեցի մտածել, որ ներդաշնակությունը բանաստեղծներն են հորինել՝ մարդկանց սրտերը հուզելու համար…

Գնանք, ասաց Բիկովերը, հարկավոր է տեղ զբաղեցնել ավտոբուսում։ Թե չէ ստիպված կլինենք երկաթե տուփի մեջ վերադառնալ…

Be the first who will comment on this

Other parts of "Կոմպրոմիսներ"

Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

Waterfall 1943
Waterfall 1943
Play Online