Sergey Dovlatov
Կոմպրոմիսներ
Կոմպրոմիս առաջին
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր 1973թ․)
«ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ։ Ութ երկրներից գիտնականներ են ժամանել Տալլին՝ մասնակցելու Սկանդինավիային եւ Ֆինլանդիային նվիրված 7֊րդ գիտական կոնֆերանսին։ Մասնագետները ներկայացնում են ԽՍՀՄ֊ը, Լեհաստանը, Հունգարիան, ԳԴՀ֊ն, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան եւ ԳՖՀ֊ն։ Կոնֆերանսի շրջանակներում աշխատում է վեց բաժանմունք։ 130֊ից ավելի գիտնականներ՝ պատմաբաններ, հնէաբաններ, լեզվաբաններ, հանդես կգան զեկուցումներով եւ հաղորդումներով։ Կոնֆերանսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16֊ը»։
Կոնֆերանսը տեղի էր ունենում Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գնացի, զրուցեցի։ Հինգ րոպեից լուրը պատրաստ էր։ Հանձնեցի քարտուղարություն։ Հայտնվեց խմբագիրը՝ Տուրոնոկը։ Մեղուշ, բարեպաշտի կերպարանքով մեկը։ Ամաչկոտ սրիկաների տեսակից։ Հիմա գրգռված է․
Դուք կոպիտ գաղափարախոսական սխալ եք թույլ տվել։
՞
Թվարկում եք երկրները…
Չի՞ կարելի։
Կարելի է եւ պետք է։ Հարցն այն է, թե ինչպես եք թվարկում։ Այնտեղ նախ Հունգարիան է, ԳԴՀ֊ն, Դանիան, ապա՝ Լեհաստանը, ԽՍՀՄ֊ը, ԳՖՀ֊ն…
Բնական է, ըստ ռուսաց լեզվի այբուբենի…
Բայց չէ՞ որ դա ապադասակարգային մոտեցում է, տնքալով ասաց Տուրոնոկը, գոյություն ունի կուռ հերթականություն։ Նախ՝ ժողովրդական դեմոկրատիայի երկրները։ Ապա՝ չեզոք պետությունները։ Եվ վերջում միայն՝ բլոկի մասնակիցները։
Օքեյ, ասացի։
Վերաշարադրեցի, հանձնեցի քարտուղարություն։ Հաջորդ օրը հեւիհեւ ներս ընկավ Տուրոնոկը․
Դուք ինձ ծաղրո՞ւմ եք։ Դիտմա՞մբ եք անում։
Ի՞նչ է եղել։
Դուք խառնել եք ժողովրդական դեմոկրատիայի երկրները։ Ձեր գրածում ԳԴՀ֊ն Հունգարիայից հետո է։ Կրկի՞ն այբբենական կարգով։ Մոռացե՛ք այդ օպորտունիստական բառը։ Հունգարիան՝ երրորդ տեղում։ Այնտեղ ապստամբություն է եղել։
Իսկ Գերմանիայի դեմ պատերազմել ենք։
Մի՛ վիճեք։ Ինչո՞ւ եք վիճում։ Սա ուրիշ Գերմանիա է, ուրի՛շ։ Չեմ հասկանում, ո՞վ է ձեզ վստահել։ Քաղաքական կարճատեսությո՛ւն։ Բարոյական մանկամտությո՛ւն։ Ձեր հարցը դնելու ենք…
Այդ լուրի համար երկու ռուբլի վճարեցին։ Կարծում էի՝ երեք կվճարեն։