Sergey Dovlatov
Կոմպրոմիսներ
Կոմպրոմիս իններորդ
(«Սովետսկայա Էստոնիա»։ Հուլիս։ 1976թ․)
«ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՎԱԶՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ։ Տիյնա Կարուն մեծացել է համերաշխ ընտանիքում, ոսկե մեդալով է ավարտել դպրոցը, եղել է ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, զբաղվել է սպորտով։ Այստեղ հարկ է առանձնացնել մի հատկանշական մանրամասն։ Թեթեւ ատլետիկայի բազմաթիվ մարզաձեւերից նա գերադասում էր 400 մետր վազքատարածությունը, որը, մասնագետների կարծիքով, ամենաաշխատատարն է, պահանջում է արագության ու դիմացկունության, ուժերի լարման ու հաղթելու կամքի համադրություն։ Համառություն, հետեւողականություն, ասկետիկ ռեժիմ, սրանք են Տիյնայի կենսագրությունը պայմանավորած գործոնները, որոնց շնորհիվ նա միշտ իրականացրել է իր առջեւ դրած նպատակները։ Ավարտելով դպրոցը, Տիյնան ընդունվում է ՏՊՀ֊ի քիմիական բաժանմունքը, մասնակցում է ՈւԳԸ֊ի աշխատանքներին, հաճույքով կատարում կոմերիտական հանձնարարությունները։ Վերջին կուրսում դառնում է ՍՄԿԿ անդամ։ Այնուհետեւ Տիյնան ԷՍՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի ասպիրանտ է։ Որպես մասնագետ֊քիմիկոսի, Տիյնային հետաքրքրում է մարդու օրգանիզմի վրա քաղցկեղածին նյութերի ներգործության մեխանիզմը։ Դիսերտացիան գրեթե պատրաստ է։
Տիյնան իր առջեւ դնում է բարձր ու իրական նպատակներ։ Նայելով նրան հավատում ես, որ նա հաջողությամբ կհաղթահարի իր ամենադժվար վազքատարածությունը»։
Տիյնա Կարուի հետ ընդհանուր ծանոթներ ունեինք։ Հետաքրքիր, ոչ հիմար կին էր, երիտասարդ գիտնական։ Նրա մասին մի փոքրիկ ակնարկ պատրաստեցի։ Երբեմն հանդիպում էինք գիտական տարբեր միջոցառումներին կամ ընդհանուր ծանոթների տներում։ Մի օր զանգում է․
Ազա՞տ ես։ Հետդ խոսելիք ունեմ։
Մտանք «Ռայա» սրճարանը։ Ջին պատվիրեցի։ Ասաց․
–Չորս տարի է ամուսնացած եմ։ Մինչեւ հիմա ամեն ինչ լավ էր։ Ամռանը Ռադին Մոսկվա էր գնացել։ Հետո վերադարձավ։ Դրանից հետո սկսվեց…
՞
Տարօրինակ բաներ են կատարվում։ Նա ուզում է… Ոնց քեզ բացատրեմ… Օտար ենք դարձել…
Կենտրոնացա ու հստակ հարցրի․
Սեռակա՞ն առումով։
Հենց սեռական։
Ե՞ս ինչ կարող եմ անել։
Ուզում ես ասել, ինչու եմ քե՞զ դիմում։ Դու իմ ճանաչած միակ անբարոյական մարդն ես։ Ես էլ որոշեցի քեզ հետ խորհրդակցել։
Չեմ հասկանում։
Քննարկել իրավիճակը։
Գիտես ինչ, ես նույնիսկ տղամարդկանց հետ այդ թեմաները չեմ քննարկում։ Բայց ընկերս մի գիրք ունի՝ «Սեքսի տեխնոլոգիան»։ Կբերեմ, եթե ուզում ես։ Կարճ ժամանակով։ Դա նրա սեղանի գիրքն է։ Ռուսերեն ազատ կարդո՞ւմ ես։
Իհարկե։
Նրան տվեցի «Տեխնոլոգիան»։ Հիանալի գիրք է։ Բացում ես առաջին էջը, գրված է՝ «Մուտք»։ Արդեն ծիծաղելի է։ Բաժիններից մեկը սկսվում է այսպես․ «Մեծ փորով զուգընկերներին առաջարկում ենք 7֊րդ դիրքը»։ Մարդասեր հեղինակը ուշադրություն է տրամադրել անգամ այնպիսի արգահատելի էակների ինչպիսիք մեծ փորով զուգընկերներն են… Գիրքը վերցրեց։ Մեկ շաբաթից վերադարձրեց։
Ամեն ինչ հասկանալի՞ էր։
Բացի մի բառից՝ «անշտապ»։
Բացատրեցի, թե ինչ է նշանակում «անշտապ»։
Հիմա ուզում եմ այդ ամենը կիրառել գործնականում։
Օրհնում եմ քեզ, զավակս։
Բայց ոչ ամուսնուս հետ։ Ես պետք է նախ պարապեմ։ Ուզում եմ շեշտել, որ այս ամենը ասվում էր առանց դույզն իսկ սեթեւեթանքի, էստոնացիներին հատուկ հիմնավոր ու գործնական ոճով։
Դու անբարոյակա՞ն մարդ ես, հարցրեց։
Ոչ այնքան։
Ուրեմն հրաժարվո՞ւմ ես։
Տիյնա, աղաչեցի։ Դա այդպես չի արվում։ Մենք լավ ընկերական հարաբերություններ ունենք։ ժամանակ է պետք, չի բացառվում, որ դրանք վերաճեն այլ զգացմունքների…
Ինչքա՞ն։
Ի՞նչը ինչքան։
Ինչքան ժամանակ է պետք։
Տեր Աստված, չգիտեմ… մեկ, երկու ամիս…
Չի ստացվի։ Ապրիլին ես թեկնածուական մինիմում եմ հանձնում… Մեկնումեկի հետ ծանոթացրու։ Ցանկալի է, որ սեւահեր լինի։ Ընկերներիդ մեջ տականքներ չկա՞ն։
Գերակշռում են։
Նստել֊մտածում եմ։ Շաբլինսկին, անշուշտ, մեծ վարպետ է, բայց կոպիտ է։ Ռոզենշտեյնը ամառանոց է կառուցում՝ հալից ընկած է։ Գուլյաեւը շիկահեր է։ Միտյա Կլեսկին տրիպեր է վարակվել։ Օսկա Չեռնո՞վը։ Հարմար է, կարծես։ Ամոթխած է, կրքոտ ու սեւահեր։ Ժլատ է, բայց ոչինչ։ Մի անգամ յոլա կտանի։
Հարցնում եմ Չեռնովին․
Կին շա՞տ ես ունեցել։
Երեսունվեց, չորսն էլ հարցականի տակ։
Ի՞նչ է նշանակում՝ հարցականի տակ։
Հայացքն իջեցրեց․
Տարբեր շեղումներ։
Հարմար է, մտածում եմ։ Շարադրեցի գործի էությունը։ Օսկան շփոթվեց․
Տեսել եմ նրան մի անգամ։ Նույնիսկ դուրս գալիս է։ Բայց, ախր, այդպես, գործնական…
Ի՞նչ ես ձեւեր թափում։ Դժվա՞ր է։
Ես, այնուամենայնիվ, տղամարդ եմ։
Հրաշալի է, ուրեմն ընդառաջ գնա մարդուն։
Իմ փողով մի շիշ ռոմ առա, հրավիրեցի Տիյնային ու Օսկային։ Տիյնան ականջիս ասաց․
Ընկերուհուս հետ պայմանավորվել եմ։ Երեք ժամով բնակարանն իմ տրամադրության տակ է։
Խմեցինք, ծխեցինք, Բի֊Բի֊Սի լսեցինք։ Օսկան փորձեց ինտելեկտուալ զրույց բացել․
Կենսունակ, իհարկե, կարող է միայն հետապնդվող կազմակերպությունը լինել…
Տիյնան ընդհատեց նրան․
Հարկավոր է գնալ։ Թե չէ ընկերուհիս կվերդառնա։
Գնացին։ Առավոտյան Տիյնան զանգում է․
Ո՞նց էր։
Ինձ ուղեկցեց ու գնաց։ Զանգում եմ Չեռնովին․
Խիղճ ունե՞ս։
Չի ստացվում, կհավատա՞ս։ Մի տեսակ չեմ կարողանում…
Դու էլ քեզ տղամա՞րդ ես համարում։ Օսկան ընդվզեց․
Իմ ունեցած կանայք ավելի շատ են, քան քո կերած կոտլետները։ Բայց այդպիսի կին առաջին անգամ եմ հանդիպում։ Ամենազարմանալին այն է, որ դուրս գալիս է։
Նորից հրավիրեցի։ Դրեցի ռոմի կիսատ մնացած շիշը։ Գնացին։ Տիյնան զանգում է․
Գրողը տանի ընկերոջդ։
Մի՞թե, ասում եմ, նորից դասալքել է։
Նստեցինք մեքենա։ Փողը մթության մեջ տվեց։ Մեկ ռուբլու փոխարեն տասանոց։ Հետո տրամադրությանն ահավոր ընկավ։ Ոտքով գնաց տուն… Ես տեսա, որ տասանոց է տալիս։ Մտածեցի, թե Կովկասում այդպես է ընդունված։ Թե ուզում է շլացնել ինձ։ Օսկան վրացի է, չէ՞։
Օսկան հրեա է։ Նրա իսկական ազգանունը, եթե ուզում ես իմանալ, Մալկիել է։
Նորից զանգում եմ Օսկային։
Օսկա, մարդ եղիր։
Հասկանում ես, մոտս տասանոց էր, թաքանոց ու մանր…
Երրորդ անգամ հրավիրեցի։
Լսեք, ասում եմ, այսօր գիշերում եմ խմբագրությունում։ Իսկ դուք կմնաք այստեղ։ Շնապսը սառնարանում է։ Հեռախոսազանգերին մի պատասխանեք։ Դուռը դրսից կողպե՞մ, որ Օսկան չճողոպրի։
Չեմ ճողոպրի։
Գնացի խմբագրություն՝ հերթապահելու։ Զանգում է Տիյնան․
Մի րոպեով իջիր։
Իջա։ Պայուսակից շոկոլադ հանեց ու մի շիշ վիսկի՝ «Լոնգ Ջոն»։
Արի, ասում է, համբուրեմ քեզ։ Մի վախեցիր՝ բարեկամաբար…
Համբուրեց։
Չես կարող պատկերացնել, թե որքան շնորհակալ եմ։
Օսկայից շնորհակալ եղիր։
Ես նրա տասը ռուբլին վերադարձրի։ Այն, որ վարորդին էր տվել։
Խայտառակություն։
Լավ֊լավ։ Նա ազնվորեն վաստակեց այդ փողը։
Շիշը գրպանս դրեցի ու գնացի վերջացնելու բարոյական թեմայով հոդվածս։