Sergey Dovlatov

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս վեցերորդ

(«Վեչեռնի Տալլին»։ Շաբաթվա ռադիոծրագիրը։ Մարտ։ 1976թ․)

…13․30 «ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ։ Վլադիմիր Մերկին։ էկոնոմիկա, վաղվա օրը»։ Լ․ Ագապովայի եւ Մ․ Դովլաթովի ռադիոակնարկը ներկայացնում է տնտեսագիտության թեկնածու Ալեքսանդր Գրիգորեւիչ Մերկինին։ Դուք կլսեք նրա ուշագրավ կենդանի զրույցը ԽԱՀՄ֊ում տնտեսական առաջընթացի եւ ժամանակակից Արեւմուտքի անշրջելի ֆինանսական ճգնաժամի մասին։ Ընդմիջմանը՝ նորություններ եւ «Երաժշտական դադար»։

Չորս տարի հետո լրագրող Ագապովայի դեմքին կհայտնվի մետաղյա գծագրական քանոնի հարվածից մնացած սպի։ Նրա վրա խելագար ոռնոցով կնետվի ինքնուս ճարտարապետ Դեգտյարենկոն՝ այդպես էլ եթեր չգնացած «Պարզություն» հրապարակախոսական ռադիոթողարկման հերոսը։ Այդ այլանդակ տեսարանից վեց շաբաթ առաջ Ագապովային առաջին անգամ կպատմեն «Մոբիլե կոոպերատո» նախագծի ու դրա հանճարեղ արարչի՝ Տալլինի ֆաբրիկաներից մեկի սեւագործ բանվորի մասին։ Լիդա Ագապովան կգրի ակնարկ՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ» խորագրով։ Տեխնիկական բաժինը կպահանջի գծագրերը։ Փորձագետ Չուբարովը մեկ րոպե ընդամենը իր գիրգ ձեռքերում կպահի երկու կեղտոտ պատճենաթղթերն ու կարտահայտվի հետեւյալ կերպ․

Ինքնատիպ է։ Հույժ ինքնատիպ է։ Ագապովան թեթեւացած ու հպարտ կբացականչի․

Ընդամենը չորրորդ դասարանի կրթություն ունի։

Իսկ դո՞ւք, քամահրանքով կհետաքրքրվի փորձագետը։ Դուք գիտե՞ք սա ինչ է։

Մոբիլե կոոպերատո։ Շարժական տուն։ Ապագայի բնակարանը…

Սա վագոն է, կընդհատի նրան Չուբարովը, սովորական վագոն։ Իսկ ձեր Լե Կորբյուզեին շտապ պետք է հոգեբուժարան պառկեցնել…

Հաղորդումն անմիջապես կխոտանեն։ Հուսախաբ Դեգտյարենկոն մետաղե գծագրական քանոնով կհարվածի Լիդայի գլխին։ Տալլինի ռադիոյի արտահաստիքային աշխատակցի կարիերան երկար ժամանակով կընդհատվի… Այս ամենը տեղի կունենա չորս տարի հետո։ Իսկ հիմա նրա հետեւից գնանք դեպի տրամվայի կանգառ։

Դրանից վաղ ամպած առավոտ էր, ավելի վաղ՝ գիշեր։ Քնաթաթախ աղավնին քայլում էր կտուրեզրին չանգռտելով մետաղաթերթը։ Հետո՝ զարթուցիչ, սառած հողաթափեր, թեթեւ հրմշտոց զուգարանի մոտ, թեյ, խոնավ պանրի կտոր, էլեկտրասափրիչի գվվոց՝ ամուսինը շտապում է աշխատանքի։ Դուստրը՝ «Խնդրել եմ, չէ՞, իմ խալաթին ձեռք չտալ»… Ի վերջո՝ անտարբեր փողոցների զովություն, քամի, ցինկագույն ջրափոսեր, շնիկներ պուրակում, տրամվայի դղրդոց…

Փորձեմ նկարագրել Լիդային։ Թեեւ նրա արտաքինը էական նշանակություն չունի։

Ռետինե արտասահմանյան երկարաճիտ կոշիկներ։ Քայլվածքը չընդգծվող ծանր, շագանակագույն կիսաշրջազգեստ։ Սինթետիկ կիսավերարկու՝ խշխշում է։ Երկնագույն կեպկա՝ Տալլինի պոլիտեխնիկականի համազգեստից։ Վճռական, անարյուն դեմք։ Երբեք չի շպարվում։ Բացակա ատամ՝ ժպիտի ծայրին։ Զարմանամ են միայն աչքերը, հոնքերն անշարժ են, ինչպես վերջնագծի ժապավենը…

Հետեւենք մեր հերոսուհուն։ Տրամվայի կանգառ…

«…Մի տես ինչ լավ են հագնվում ջահել աղջիկները։ Դեն գցելու վերարկու է, բայց մերը չէ։ Կոճակների փոխարեն ինչ֊որ եղեւնակոներ են… Բայց տեսքը լավն է… Կամ այս մեկը՝ բանվորական արտահագուստով… Տերեփուկները քամակին… Քայլում է Լոլոբրիջիտայի հպարտ քայլվածքով… Ամռանը մեկին տեսա՝ բոբիկ էր… Հարբած չէր՝ գիտակցաբար էր բոբիկ… Քաղաքի կենտրոնում… Իրենից գոհ քայլում էր… Իմ հագածն էլ, ոնց որ թե, արտասահմանյան է՝ ժողովրդական դեմոկրատիայի երկրներից։ Տեսք, սակայն, չունի… Որտեղից էլ ճարում են։ Արտասահմանցիների հե՞տ են ման գալիս։ Ամո՛թ… Տեսքը, բայց, լավն է…»

Դժվարությամբ բացվեցին տրամվայի դռները։ Կարճատեւ դժվարին գրոհ։ Նրա ճանապարհը փակում է զինվորական համազգեստով լայնաթիկունք մեկը։ Այտը հպվել է թավոտ, հեղձուցիչ կտորին… Մի կերպ ձեռքը հասցնում է բռնակին… Նիկելապատ խողովակում մի պահ կյանք է առկայծում…

Կոպեկանոցը մի գցեք…

Լիդան մի կերպ պահում է հավասարակշռությունը մետաղե դրամարկղի կողքին։

Դե շարժվեք էլի, կանգնել է անշունչ գերանի պես… Գլխավորը չնյարդայնանալն է, հումորով վերաբերելը։ Պիկ ժամ է՝ սովորական երեւույթ։ Այստեղ գլխավորը դրական զգացմունքների աղբյուր գտնելն է։ Խնդրեմ, տատիկին տեղ զիջեցին։ Ուսանողն իր կոնսպեկտներն է թերթում։ Նույնիսկ զինվորականը օրինավոր մարդու դեմք ունի…

Եվ կրկին փողոց, մեքենաներ, մարդիկ՝ մարդկանց ու մեքենաների հաճելի զգացմունքներ արթնացնող անմասնություն։ Հետո՝ նախասրահ, լայն մարմարե աստիճաններ, ծալքերի տեղում մաշված ուղեգորգեր… Ցուցանակ՝ «Պրոպագանդայի բաժին»։

Լիդան դուռը թակում ու ներս է մտնում։ Բոլորն անսահման ուրախանում են։ Կուլեշովն ասում է հերթական գռեհկությունը։ Վերոչկա Կոտովան ժպտում է՝ առանց հայացքը բարձրացնելու։ Ժենյա Տյուրինը օգնում է հանել կիսավերարկուն։ Մորալեւիչը հարցնում է․

Իմացա՞ր հինգշաբթվա մասին։ Ինքը Յուրնան գոհ է քո աշխատանքից։

Իսկապե՞ս։

Սենյակում ծխում է խրոնիկ անհաջողակ Վալյա Չմուտովը։ Չմուտովը դերասան էր։ Բնական շնորհ ուներ՝ զարմանալի տեմբրով ցածր, գեղեցիկ ձայն։ Հաղորդավար էր։ Վեց ամիս առաջ նրա հետ տեղի էր ունեցել ողբերգական միջադեպ։ Չմուտովը պետք է վաղ առավոտյան բացեր անմիջապես եթեր գնացող հաղորդումը։ Պիտի արտասաներ ընդամենը մի քանի բառ․ «Սիրելի ռադիոլսողներ։ Եթերում է «Բարեւ, ընկեր» ամենշաբաթյա ծրագիրը»։ Այսքանը ընդամենը։ Դրան հետեւելու էին երաժշտություն ու նախորոք ձայնագրված հաղորդումը։ Իսկ Չմուտովը ստանալու էր հերթական տասնմեկ ռուբլին։

Չմուտովը մտնում է հեռարձակման ստուդիա։ Նստում է։ Մոտեցնում է խոսափողը։ Մտովի կրկնում է տեքստը։ Շուռ է տալիս մանժետները, որպեսզի թեւքաճարմանդները չդիպչեն սեղանին։ Սպասում է, որ վառվի լամպը՝ «Եթեր»։ Նախորդ օրվա խմելուց հետո ներսն այրվում է, տրամադրությունը՝ թախծոտ։ Լամպը չի վառվում։

Սիրելի ռադիոլսողներ, մտածկոտ արտասանում է Չմուտովը։

Պորտվեյնով դաղված լեզուն դժվարությամբ է շարժվում։ Լամպը չի վառվում։

Սիրելի ռադիոլսողներ, կրկնում է Չմուտովը, օ, նողկալի է… Սիրելի ռադիոլսողներ… Երեկ իզուր այդքան լակեցի…

Լամպը չի վառվում։ Հետագայում պարզվեց, որ այն փչացել էր… Դա պատահում է հարյուր տարին մեկ անգամ…

Եթերում է «Բարեւ, ընկեր», շարունակում է փորձել Չմուտովը, չեղավ, մերը ք…, վե՛րջ, թարգում եմ…

Ապակու հետեւում երեւում է խմբագրի այլայլված դեմքը։ Չմուտովը սառում է տեղում։ Բացվում է դուռը։ Հաղորդավարին դժվարությամբ դուրս են հանում ստուդիայից։ Նրա խումհարային դատողությունները հնչել են աշխարհով մեկ։ Դերասանին վռնդում են… Պատմությունը, սակայն, չի վերջանում։

Չմուտովը մեկնում է Պսկով։ Որպես հաղորդավար ընդունվում է ռադիո։ Տեղի ռադիոծրագիրը հեռարձակվում էր օրական ժամուկես։ Մնացած եթերաժամանակը տրված էր Մոսկվային ու Լենինգրադին։ Չմուտովը երանության մեջ էր։ Նա գնահատվում էր որպես մայրաքաղաքից եկած վարպետ։

Մի անգամ հաղորդում վարելիս է լինում։ Հանկարծ ճռռոցով բացվում է դուռը։ Ներս է գալիս մի մեծ դարչնագույն գամփռ։ (Ո՞ւմը, որտեղի՞ց)։ Չմուտովը զգուշությամբ շոյում է շանը։ Շունն աչքերը կկոցում ու դունչը դնում է Չմուտովի ծնկներին։

Քիթը փայլում է, ինչպես բռնցքամարտիկի ձեռնոց։

Գյուղի աշխատավորները զեկուցում են, շարունակում է հաղորդումը Չմուտովը։

Գամփռն այստեղ անսպասելիորեն սկսում է հաչալ։ Գուցե հրճվանքից։ Երեւի վաղուց ոչ ոք չէր շոյել նրան։

Գյուղի աշխատավորները զեկուցում են… Հա՛ֆ֊հա՛ֆ֊հա՛ֆ։ Չմուտովին նորից վռնդում են։ Այս անգամ ընդմիշտ եւ բոլոր տեղերից։ Երբ պատմում է շան մասին՝ չեն հավատում։ Վստահ են լինում, որ խումհարի մեջ ինքն է հաչացել։

Չմուտովը վերադառնում է Լենինգրադ։ Օրերով դուրս չի գալիս ռադիոյից։ Սպասում է իր ժամին…

Անհաջողակներից բոլորը խուսափում են։ Լիդան, սակայն, ժպիտ է պարգեւում նրան։ Լիդային բոլորը սիրում էին։ Հիմա էլ բաժնի վարիչ Նինա Իգնատեւնան գորովալի գլխով է անում․

Լիդոչկա, մոտեցեք ինձ։

Սենյակում լռություն է, փայլեցված սեղան, անթիվ գրիչներ։ Պահարանների ապակիների հետեւում շարված են հուշանվերներ ու հանրագիտարաններ։ Նինա Իգնատեւնայի դարակում շրթներկ, փոքրիկ հայելի ու թերթերունքի տուշ։ Հաճելի է, երբ լուրջ առանձնասենյակում նստած է գեղեցիկ, երիտասարդ կին…

Լիդոչկա, ուզում եմ ձեզ նոր հաղորդաշար առաջարկել՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»։ Ընդ որում, պարտադիր չէ գիտնականի կամ տիեզերագնացի հետ։ Ընդգրկումը շատ լայն է։ Ուշագրավ հոբբի, անսպասելի ժամանց, կենսագրության որեւէ մանրամասն։ Ասենք, համեստ նոմենկլատուրային գլխավոր հաշվապահը թաքուն… դե չգիտեմ… ինչ ուզեք… գլուխս բան չի գալիս… Ենթադրենք, թաքուն…

Այլասերում է անչափահասներին, հուշում է Լիդան։

Ես այլ բան նկատի ունեի։ Ենթադրենք, նա թաքուն…

Սանսկրիտ է սովորում…

Այդ կարգի մի բան։ Միայն թե՝ սոցիալական առումով ավելի նշանակալի։ Ասենք, միլիցիոները ինչ֊որ մեկին օգնում է գտնել մտերիմ մարդուն…

Այդպիսի կինոնկար կա…

Կոնկրետ որեւէ բան չեմ կարող առաջարկել։ Մտածել է պետք։ Այ, օրինակ, «Կալեւ» ֆաբրիկայում նկարահանում էին «Միայնակ կինը»։ Հիշո՞ւմ եք, Դորոնինան էր խաղում։ Խնդրեմ՝ նկարահանումներին մասնակցող պատանին այժմ արտադրամասի պետ է։

Ինձ այդ թեման դուր է գալիս, ասում է Լիդան, ես այն զգում եմ։

Այդ թեման Արվիդ Կիյքսն արդեն օգտագործել է։ Ես սկզբունքի մասին եմ խոսում։ Ինքդ պետք է գտնես։ Ասենք, ծեր գեներալը պառկում է վիրահատության։ Եվ վիրաբույժը, պարզվում է, իր նախկին համհարզն է…

Ազգանունն ի՞նչ է, հարցնում է Լիդան։

Ո՞ւմ։

Գեներալի։ Կամ համհարզի։

Ես պայմանականորեն եմ ասում… Գլխավորն այստեղ անսպասելիությունն է, հանելուկը, դիպվածը… Կյանքն իր բազմաբնույթ դրսեւորումներով… Արտաքնապես այլ է, ներսից՝ միանգամայն այլ։

Շատերին է դա բնորոշ, հոգոցով ասում է Լիդան։

Մի խոսքով, գործի անցեք, ասում է Նինա Իգնատեւնան։

Լիդոչկան դուրս է գալիս առանձնասենյակից։

Հետաքրքիր մարդիկ նրան շրջապատել են մանկուց։ Հայրը ծանոթ է եղել Էրենբուրգի հետ։ Դպրոցի նկարչության դասատուն չճանաչված հանճարի փառք էր վայելում։ Իրեն սիրահետող բանդիտը բանաստեղծություն էր գրել։ Ինստիտուտի պրոֆեսորները բազում տարօրինակություններ ունեին։ Նրանցից մեկի տաբատի կոճակներն, օրինակ, միշտ բաց էին։ Խիստ հետաքրքիր մարդ է իր ամուսինը, ավագ տնտեսագետ է, բայց տառասխալներով է գրում։ Դուստրը առեղծվածային անձնավորություն է՝ միշտ լուռ է։ Վերջերս՝ այն աստիճանի, որ Լիդան սկսել է կասկածել, թե հղի է… Բնակշահագործման գրասենյակից էլեկտրիկ էին կանչել՝ պարզվեց նստած է եղել (ասում են անգամ՝ սպանության համար)։ Մի խոսքով, եթե խորանաս՝ բոլոր մարդիկ էլ հետաքրքիր են…

Կրթությամբ Լիդոչկան սանիտարական բժիշկ էր։ Փորձեց հիշել համակուրսեցիներին։ Պավինսկին, Ռոժինը, Յանկելեւիչը, Ֆեոֆանովը… Միշչենկոն, կարծես թե, սպորտով էր զբաղվում։ Լեւինը գիտության մեջ խորացավ… Լեւին, Բորկա Լեւինը պրոֆեսոր է դարձել, գիտությունների թեկնածու… Ասում են, Ֆրանսիայով է եղել…

Ագապովան հանում է նոթատետրն ու մաքուր էջում գրում՝ Լեւին։

Անցնում է ամուսնու ծանոթներին։ Նրանք էլ, անշուշտ, հետաքրքիր մարդիկ են։ Տնտեսագետներ։ Կալինինը, օրինակ, պնդում է, որ գործազրկությունը խթանում է առաջընթացը։ Թե չէ բոլորը վստահ են, որ իրենց չեն վռնդի։ Եթե վռնդեն էլ՝ ողբերգություն չէ։ Կանցնի դիմացի մայթն ու աշխատանքի կընդունվի հարեւան գործարանում։ Սա նշանակում է, որ կարելի է աշխատանքը աչքաթող անել, չարաշահել… Կալինինը հազիվ թե հարմար լինի։ Չափից ավելի առաջադեմ է… Իսկ Մերկինի մասին մտածելն իսկ ավելորդ է։ Նրան հարցնում են՝ ի՞նչը կարող է կտրուկ բարձրացնել մեր տնտեսությունը։ Պատասխանում է՝ պատերազմը։ Պատերազմը եւ միմիայն պատերազմը։ Պատերազմը կարգապահություն է, գիտակցականության բարձրացում։ Պատերազմը կհարթի բոլոր թերացումները… Մերկինն էլ, կարծում եմ, հարմար չէ… Իսկ այ մի քանի օր առաջ ծանոթ լոագրողուհու հետ այստեղ եկած բանասերը… Նույնիսկ, եթե չեմ սխալվում, թարգմանիչ էր։ Ծառայել է բանտային պահակախմբում… Սոսկալի պատմություններ էր պատմում… Ազգանունն էլ ռուսական չէր՝ Ալիխանով։ Անկասկած, հետաքրքիր մարդ է…

Այսպես Լեւինի անվան կողքին նոթատետրում հայտնվում է Ալիխանովը։

Լավ կլիներ մի երրորդ թեկնածու էւ գտնել։ Եվ այստեղ Լիդան հիշում է, որ հարեւանների մոտ իջեւանել է Պորխովից եկած մի ազգական։ Կամ ծանոթ։ Սիլկա Օսինսկայան բակում խոսում էր։ Ինչ֊որ հանելուկային ճակատագիր ունի այդ մարդը։ Բռնադատված է եղել, թե՝ ընդհակառակը… Գավառական պետ՝ հետաքրքիր է։ Կարելի է նորովի ներկայացնել․ «Աշխարհագրական գավառներ չկան, կա հոգեւոր գավառականություն»…

Այսպես Լեւինի ու Ալիխանովի կողքին հայտնվեց հարցական նշան։ Եվ փակագծերում՝ Սիլկա Օ․֊ի ազգականը…

Որպես ռեզերվ կարելի է պահել գրքասեր տնային կառավարչին։ Բայց Լիդան նրա հետ միշտ կռվում է երբեք ժամանակին չդատարկվող աղբամանների պատճառով… Դե լավ… Հարկավոր է գործի անցնել…

Ցտեսություն, Վերոչկա, տղաներ։

Ագապովա, չկորչես…

Զանգեց Բորկա Լեւինին՝ կլինիկա։ Վերջինս ճանաչեց, ուրախացավ, նշանակեց հանդիպման ժամը։ Նախկին բանտապահին գտավ տանը։

Եկեք, ասաց, եւ եթե կարելի է՝ երեք շիշ գարեջուր բերեք։ Փողն անմիջապես կտամ։

Լիդան մտավ Կարյա փողոցի մթերային խանութը, գարեջուր գնեց։ Նորակառույց թաղամասի շենքերը, մի մուտքից մյուսը մեկ կիլոմետր է…

Ալիխանովը շեմին իրեն էր սպասում։ Հաղթանդամ երիտասարդ էր՝ նեղ ճակատով ու կամազուրկ ծնոտով։ Աչքերում կեղծ֊նեապոլիտանական փայլ կար։ Ողջույնի անհեթեթ ու անգրագետ մի բացականչություն սկսեց, որն այդպես էլ չկարողացավ ավարտել․

Ինչով եմ պարտական, Լիդոչկա, այն համընթաց քամիներին, որպիսիք… որպիսիները… Գարեջուր ճարեցի՞ք։ Ապրե՛ք։ Հանվեք։ Կներեք, ահավոր խոզանոց է…

Սենյակը սարսափելի տպավորություն էր թողնում։ Բազմոցը ծածկված էր թղթերով ու ծխախոտի մոխրով։ Սեղանը կորել էր գրքերի տակ։ Մինչպատերազմյան սեւ գրամեքենա։ Պատին ժանգոտած յաթաղան։ Կեղտոտ ափսեներ ու չորացած կարմիր նստվածքով գավաթներ։ Չկան մնացորդներ՝ թերթի կտորտանքի վրա…

Այստեղ եկեք։ Համեմատաբար մաքուր է։ Բանտապահը բացեց գարեջրի շիշը։

Յուրօրինակ է այստեղ, ասաց Լիդոչկան։ Ախր ես կրթությամբ սանիտարական բժիշկ եմ՝ հիգիենայի մասնագետ։

Իմ հակասանիտարականությունը քննարկվել է անգամ ընկերական դատարանում։

Եվ ի՞նչ։

Եվ ոչինչ։ Ըմբոստ ոգի խաղացի։ Բանաստեղծ եմ, իբր, յոգ, բուդդայական, ապրում եմ քաքի մեջ… Գարեջուր ուզո՞ւմ եք։

Չեմ խմում։

Ահա փողը։ Մեկ ու տասնմեկ։

Մանրուք է։

Ոչ, կներեք, բարձրաձայն վրդովվեց Ալիխանովը։ Լիդան մի բուռ մանրադրամը դրեց գրպանը։ Բանտապահը սովոր հմտությամբ շշից խմեց գարեջուրը։

Մի քիչ թեթեւացա, ասաց մտերմաբար։ Հետո մեկ անգամ էլ փորձեց հաղթահարել ողջույնի խոսքը․

Ինչով եմ պարտական, եթե կարելի ասել, այն անակնկալ հաճույքին, որին…

Դուք բանասե՞ր եք, հարցրեց Ագապովան։

Ավելի ճիշտ՝ լեզվաբան։ Ես զբաղվում են ռուսերենի «շչ» տառի հնչունակությամբ…

Այդպիսի հիմնախնդի՞ր կա։

Ամենակենսաթրթիռներից մեկն է… Լսեք, ի՞նչ է պատահել։ Ինչ՞ով եմ պարտական ձեր տեսքին արժանանալու երջանկությանը…

Բանտապահը դատարկեց երկրորդ շիշը։

Պատրաստում ենք ռադիոհաղորդում՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»։ Հարկավոր է անսովոր ճակատագրով հերոս։ Դուք բանասեր եք։ Ավելի ճիշտ՝ լեզվաբան։ Նախկին բանտապահ։ Բազմակողմանի կյանքով ապրող մարդ… Ձեր կյանքը բազմակողմանի՞ է։

Վերջին ժամանակներս՝ այո, անկեղծորեն պատասխանեց բանտապահը։

Ավելի մանրամասն պատմեք ձեր բանասիրական հետազոտությունների մասին։ Ցանկալի է մատչելի լեզվով։

Ավելի լավ է՝ ձեզ ռեֆերատս տամ։ Գլուխս ինչ֊որ լավ չի աշխատում։ Այստեղ էր։ Հիմա կգտնեմ…

Ալիխանովը նետվեց դեպի թղթի վիթխարի կուտակումները։

Մեկ ուրիշ անգամ, հանգստացրեց նրան Լիդան։ Մենք, հավանաբար, էլի կհանդիպենք։ Սա մեր նախնական զրույցն է։ Ուզում եմ հարցնել։ Դուք բանտապահ եք եղել, դա վտանգավո՞ր է…

Ալիխանովը որոշ ժամանակ դժկամությամբ մտածեց։

Վտանգ, իհարկե, կար։ Օղի շատ էինք խմում։ Երբեմն էլ՝ լոսյոն։ Սրտի աշխատանքի վրա ազդում է…

Ես նկատի ունեմ բանտարկյալներին։ Չէ՞ որ ահավոր մարդիկ են։ Սրբություն չունեն…

Սովորական մարդիկ են, ասաց Ալիխանովը, բացելով երրորդ շիշը։

Ես կարդացել եմ։ Դա ուրիշ աշխարհ է… Իր օրենքներով… Խիզախություն է պետք… Դուք խիզա՞խ մարդ եք։

Ալիխանովը վերջնականապես շփոթվեց։

Լյուբա, ասաց։

Լիդա։

Լիդա, համարյա գոռաց Ալիխանովը։ Ես հիմա վեց ռուբլի կճարեմ։ Բարեգութ հարեւաններ ունեմ։ Օղի կառնենք ու դառը գինի։ Գլուխս ինչ֊որ չի աշխատում։

Չեմ խմում։ Դուք խիզա՞խ մարդ եք։

Չգիտեմ։ Առաջ երկու լիտր խմում էի։ Հիմա յոթ հարյուր գրամից հարբում եմ… Տարիքն իրենն առնում է…

Դուք չեք հասկանում։ Ինձ արտասովոր մարդ է պետք, հետաքրքիր անձնավորություն։ Դուք բանասեր եք, նրբազգաց աշխարհընկալում ունեցող անհատ։ Իսկ նախկինում բանտապահ եք եղել։ Ամեն օր վտանգել եք ձեր կյանքը։ Հոգեկան նրբազգացությանը հաճախ ուղեկցվում է ֆիզիկական կոպտությամբ…

Այդ ե՞րբ եմ ձեզ կոպտել։

Ինձ չէ։ Դուք բանտարկյալներին եք հսկել…

Ավելի շատ ինքներս մեզ էինք պաշտպանում։

Այս ի՞նչ սպի է։ Համեստություն մի արեք, խնդրում եմ…

Սպի չէ, ասաց Ալիխանովը։ Չիբան է։ Ես եմ այդպես փորփրել… ներող եղեք…

Այնուամենայնիվ, ուզում եմ իմանալ։ Ի՞նչ էիք զգում Հյուսիսում։ Պատկերավոր ասած՝ ինչի՞ մասին էր լռում տունդրան։

– Ի՞նչ։

Ինչի՞ մասին էր լռում տունդրան։

Լիդա, Ալիխանովը գոռում էր, ես էլ չեմ դիմանա։ Ես հարմար թեկնածու չեմ ձեր ռադիոհաղորդման համար։ Ես երեկ լակել եմ։ Ես պարտքեր ունեմ ու ալիմենտ եմ վճարում։ Իմ մասին հիշատակել է «Նեմեցկայա վոլնան»։ Ես ինչ֊որ տեղ այլախոհ եմ։ Ձեզ կվռնդեն… Հանգիստ թողեք ինձ…

Լիդան պայուսակի մեջ դրեց գրիչը։

Ափսոս, ասաց, հետաքրքիր նյութ կա։ Բարով մնաք։ Ես կզանգեմ։ Իսկ առայժմ՝ գտեք ռեֆերատը…

Բանտապահը կանգնած էր անուժ ու գունատ։

Մի րոպե, ասաց, ես էլ եմ գալիս։ Բարեգութ հարեւաններ ունեմ…

Հարթակի վրա բաժանվեցին․ Լիդան իջավ ներքեւ, Ալիխանովը բարձրացավ չորրորդ հարկ…

Լեւինը Լիդային գրկել ու երկար ուսումնասիրում էր․

Այո, ասաց, տարիներն անցնում են, անցնում են տարիները…

Ծերացե՞լ եմ։

Ո՞նց ասեմ… Ձեւավորվել ես։

Իսկ դու ճարպակալել ես։ Ամո՛թ։ Գալինան տա՞նն է։

Դպրոցում ժողովի է։ Մեր խուլիգանը մեծանում է… Չաղացե՞լ եմ, ասում ես… Կինս խորհուրդ է տալիս․ «Առավոտները վազիր»։ «Որ վազեցի, ասում եմ, էլ հետ չեմ գա…»։ Սուրճ ուզո՞ւմ ես։ Հանվի՛ր։

Նախ դուք, բժիշկ, հին կատակը հիշեց Գալինան։ Անցան հյուրասենյակ։ Լամպի լուսամփոփը մի տեղ այրված էր։ Լուսամուտի գոգին՝ արտասահմանյան ամսագրեր։

Լավ է այստեղ, ասաց Լիդան, նոր բնակարաններում մարդ իրեն վատ է զգում։ Ամեն բան փայլում է, համատարած բյուրեղապակի…

Բյուրեղապակի ես էլ ունեմ։

Ո՞ւր է։

Լոմբարդում։

Առաջվա պես քաղցկեղածիններո՞վ ես զբաղվում։

Առաջվա պես։

Պատմիր։

Մի րոպե։ Թեյ դնեմ։

Սպասում եմ…

Լիդան հանեց նոթատետրը, գրիչն ու «ԲՏ» սիգարետի տուփը։ Լեւինը վերադարձավ։ Ծխեցին։

Դու Ֆրա՞նսիա էիր գնացել։

Երկու շաբաթ մնացի։

Եվ ինչպե՞ս էր։

Նորմալ։

Իսկ ավելի կոնկրե՞տ։

Աշխատավոր ժողովուրդ, ռեակցիոն բաժուազիա, տնտեսական ճգնաժամ, զանգվածների չքավորության խորացում…

Մարդավարի կարո՞ղ ես պատմել։ Ֆրանսիացիները մեզ ո՞նց են վերաբերում…

Ի՞նչ իմանամ։ Բոլորը, համենայնդեպս, բարձր տրամադրություն ունեին։

Նյութապես ո՞նց են ապրում։ Ֆրանսուհիները դուրդ եկա՞ն։

Նյութապես նորմալ են ապրում։ Լավ էին կերակրում։ Իմը թիվ երեք սեղանն էր։ Գինի, հավ, սուրճ, կաթնասեր… Աղջիկները սքանչելի էին։ Ավելի ճիշտ՝ կամ արտակարգ տգեղ, կամ արտակարգ գեղեցիկ։ Իմ կարծիքով, շպարվելն է պատճառը։ Կոսմետիկան ընդգծում է ինչպես արժանիքները, այնպես էլ թերությունները… Պահվածքն ազատ է, անկաշկանդ։ Սինթետիկ սպիտակ խալաթներ են հագնում, դեկոլտեով…

Ինչպե՞ս թե սպիտակ խալաթներ։ Կլինիկայո՞ւմ էիր աշխատում։

Չէի աշխատում։ Նիցցայում դիզենտերիա տարա։ Գալուս հաջորդ իսկ օրը պառկեցի։

Ուրեմն Ֆրանսիան, փաստորեն, չե՞ս տեսել։

Ինչո՞ւ չեմ տեսել։ Մենք գունավոր հեռուստացույց ունեինք։

Բախտդ չի բերել։

Փոխարենը լավ հանգստացա։

Հետաքրքիր ի՞նչ ես բերել, հուշանվերներ, շորեր…

Լսիր, աշխուժացավ Լեւինը, բացառիկ մի բան եմ բերել։ Միայն թե՝ առանց կեղծ բարեպաշտության։ Բժիշկ ես, չէ՞։ Հիմա ցույց կտամ։ Վովկայից եմ թաքցնում։

Այդ ի՞նչ է, է՞։

Լիդկա, առնանդամ եմ բերել։ Նրբարվեստ աշխատաքի կաուչուկե առնանդամ։ Երդվում եմ։ Ո՞ւր է, ախր։ Երեւի, Գալկան տեղը փոխել է…

Ինչի՞դ է բայց պետք։

Ինչպես թե՝ ինչի՞դ է պետք։ Դա արվեստի ստեղծագործություն է։ Երդվում եմ։ Գալկային էլ է դուր գալիս։

Ո՞նց է որ մաքսավորները չեն վերցրել։

Ձեռքում բռնած հո չեմ բերել։ Պահել էի։

Որտե՞ղ։ Ասեղ չի…

Մեր լաբորատորիայից մի տիկնոջ խնդրեցի։ Կանանց պակաս մանրակրկիտ են զննում։ Նրանց հնարավորություններն էլ ավելի մեծ են։ Ֆիզիոլոգիան ավելի… գողտրիկ է…

Ոնց որ երեխա լինես։ Ավելի լավ է գործից խոսենք։

Հիմա։ Սուրճը բերեմ։

Սեղանին հայտնվեցին կոնֆետներ, լիմոն ու վաֆլի։

Խտացրած կաթ բերե՞մ։

Չէ։ Պատմիր։

Դե, ինչ պատմեմ։ Զբաղվում եմ քիմիական ռեակցիաների մոդելավորմամբ։ Մի ժամանակ հետազոտում էի ասբեստի փոշու քաղցկեղածին ծագումնաբանությունը…

Դու ինձ ասա․ քաղցկեղը բուժելի՞ է։

Մաշկի քաղցկեղը՝ այո։

Իսկ ստամոքսի՞նը, օրինակ։

Լիդոչկա, այդ հարցում լիակատար քաոս է։ Քաղցկեղածին նյութի մեկ միլիգրամը սպանում է ձիուն։ Ցանկացած մարդու մատի վրա այդ նյութից այնքան կա, որ մի ամբողջ երամակ կարելի է սպանել։ Իսկ ես ահա ծխում եմ, այդուհանդերձ՝ կենդանի եմ… Ծուխը, իր հերթին, նույնպես… Մի գրիր։ Քաղցկեղը նուրբ թեմա է։ Հաղորդումդ եթեր չեն թողնի։

Չեմ կարծում։

Քո կարծիքով, ես լրագրողների հետ գործ չե՞մ ունեցել։ Որեւէ թերապեւտի դիմիր՝ նրանց մոտ ամեն բան խաղաղ է ու հանգիստ։ Ամեն ամիս սոցպարտավորություններ են վերցնում… Զանգիր հիմնարկդ, համաձայնեցրու։

Ագւսպովան զանգում է Նինա Իգնատեւնային։ Սա իրար է անցնում։

Լիդոչկա, քաղցկեղը… չափազանց տխուր է։ Բացասական զգացմունքներ է ծնում։ Հիշեցնում է ոչ անհայտ վեպը։ Մենք լուսավոր մի բան ենք ակնկալում…

Քաղցկեղը բժշկության թիվ մեկ հիմնահարցն է։

Լիդոչկա, մի համառեք։ Վերեւից ցուցում կա։

Դե լավ, հոգոցով ասաց Լիդան, կներեք…

Մի գնա, զարմացավ Լեւինը։ Մի քիչ էլ նստիր․․․

Ես, ախր, գործով էի եկել։

Յոթ տարի չենք տեսել իրար։ Գալկան շուտով կգա, մի բան կխմենք։

Դու ինձ կներես, բայց չեմ ուզում նրան տեսնել։ Լեւինը լուռ էր։

Բորյա, դու երջանի՞կ ես։

Լեւինը հանեց ակնոցը։ Առանց ակնոցի երկտարեցու էր նման։

Երջանկությունս ո՞րն է։ Ապրում եմ, աշխատում եմ։ Գալկան, համաձայն եմ, դժվար բնավորություն ունի։ Սառած ու անկյանք է մի տեսակ։ Վոլոդյան անպատկառ ու լկտի է մեծացել՝ կարդացած, ցարգացած ու լկտի։ Ես, ինչ էլ լինի, գիտությունների դոկտոր եմ, պրոֆեսոր։ Իսկ նա ասում է․ «Դու անլիարժեքության բարդույթ ունես»…

Բայց չէ որ դու գիտնական ես, ծառայում ես մարդկանց։ Դու պետք է հպարտանաս…

Վերջ տուր, Լիդա։ Ես ծառայում եմ Գալինային ու այդ փսլնքոտին։

Այսօր տրամադրությունդ ուղղակի տեղը չէ։ Լիդան արդեն կանգնած էր միջանցքում։

Իսկ հիշո՞ւմ ես, որ Նովգորոդ էինք գնացել միասին, հարցրեց Լեւինը։

Բորյա, անմիջապես լռիր։ Լավ կլինի։ Դե, գնացի։

Լիդան իջավ աստիճաններով հընթաց բացելով հովանոցը։ Թեթեւ չխկոց՝ ու գլխավերեւում հայտնվեց գույնզգույն, թրթռացող գմբեթը։

Իսկ ինչպես էինք սեխ գողանո՞ւմ, արդեն չտեսնելով Լիդային գոռաց Լեւինը…

Մթնել էր արդեն։ Ջրափոսերում լողում էին նեոնե խամրած կրակները։ Անցորդների գունատ դեմքերը անհաղորդ էին թվում։ Անկյունում երեւաց լույսով լի տրամվայը։ Լիդան տեղավորվեց չոր նստատեղին։ Փակեց հովանոցը։ Դիմացի սեւ ապակին արտացոլում էր նրա հոգնած դեմքը։ Ինչ֊որ մեկին մեկնեց փողը, հետ ստացավ տոմսը։ Ամբողջ ճանապարհին քնեց ու արթնացավ գլխացավով։ Դեպի տուն քայլում էր դանդաղ, ջրափոսերի միջով։ Լավ է, որ չեխական ռետինե երկարաճիտ կոշիկներն էր հագել…

Օսինսկիներն ապրում էին կողքի մուտքում։ Արկադին մարզիչ է, միշտ կատակում է։ Կրծքին՝ զամշե բաճկոնի տակ, միշտ փայլում է վայրկյանաչափը։ Միլկան ինչ֊որ տեղ քիմիա է դասավանդում։

Նրանց որդին խորհրդավոր անձնավորություն է։ Վեց տարի է խուսափում է զինվորական ծառայությունից։ Վեց տարի է փոխնիփոխ ձեւացնում է, թե նեւրոզ, ստամոքսի խոց ու խրոնիկական արտրիտ ունի։ Գերազանցել է լեգենդար հեղափոխական Կամոյին։ Այդ վեց տարիների ընթացքում դարձել է իսկապես նյարդային, փչացրել է ստամոքսն ու հիվանդացել խրոնիկական արտրիտով։ Բժշկական գիտելիքների առումով վաղուց գերազանցել է բոլոր տեղամասային թերապեւտներին։ Այդ ամենից բացի, սիրում ու հասկանում է ջազ, վարժ խոսում է անգլերեն…

Մի խոսքով, բավական հետաքրքիր մարդ է, բայց ոչ մի տեղ չի աշխատում…

Լիդան բարձրացավ երրորդ հարկ։ Հանկարծ տուն գնալու անդիմադրելի ցանկություն ունեցավ։ Վանելով այդ միտքը, սեղմեց զանգի կոճակը։ Լսվեց Միլորդի խուլ հաչը։

Ներս արի, ուրախացած ասաց Միլա Օսինսկայան։ Իգորը չգիտեմ որտեղ է թրեւ գալիս։ Արիկը հավաքի է Մացեստայում։ Ծանոթացիր՝ Վլադիմիր Իվանովիչն է։

Տեղից ելավ ու Լիդային ընդառաջ եկավ մոտ վաթսունամյա ծանրամարմին մի տղամարդ։ Մեկնեց ձեռքը, ներկայացավ։ Արժանապատվությամբ կոնյակ լցրեց։ Միլան միացրեց հեռուստացույցը։

Բորշչ ուզո՞ւմ ես։

Ոչ։ Ես, չզարմանաս, կխմեմ։

Մեզ շրջապատող գեղեցիկի կենացը, բարեկամաբար ասաց Վալդիմիր Իվանովիչը։

Լայնաթիկունք, առողջ տեսքով տղամարդ էր՝ գեղեցիկ ջեմպերով։ Դեմքը չափավոր, բայց կանոնավոր կերպով խմողի դեմք էր։ Կինոյում պաշտոնաթող գնդապետներն են այդպիսի դեմքով լինում։ Կարծր ճակատ, սովորական բաց գույնի աչքեր, ոսկե ատամներ։

Բաժակներն իրար խփեցին, խմեցին։

Դուք զրուցեք, ասաց տանտիրուհին, ես մի տասը րոպեով Վորոբյովների մոտ մտնեմ։ Ռիտան կոֆտա է գործում ինձ համար…

Ու գնաց։

Ես, այսպես ասած, գործով եմ եկել։

Ինչո՞վ կարող եմ ծառայել։

Մենք ռադիոհաղորդում ենք պատրաստում՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»։ Լյադմիլա Սերգեեւնան մի քիչ ձեր մասին պատմել է… Ես մտածեցի… Ինձ թվում է, դուք հետաքրքիր մարդ եք…

Ես սովորական մարդ եմ, ասաց Վլադիմիր Իվանովիչը, թեեւ առանց կեղծ համեստության կասեմ, որ աշխատանքս սիրում եմ եւ կոլեկտիվն ինձ հարգում է…

Իսկ որտե՞ղ եք աշխատում, Լիդան բացեց նոթատետրը։

Պորխովում «Կրասնայա գարյայի» մասնաճյուղ կա։ Կոորդինատային ավտոմատ հեռախոսակայաններ ենք ստեղծում։ Արտադրամասը մեծ է, առաջատարներից։ Երկրորդ եռամսյակի արդյունքներով հասել ենք լուրջ հաջողությունների…

Չե՞ք ձանձրանում։

Չհասկացա։

Գավառում չե՞ք ձանձրանում։

Մեր քաղաքն աճում է, բարեկարգվում։ Նորակառույց մշակույթի պալատ, մարզադաշտ, բնակելի զանգվածներ… Հասցնո՞ւմ եք գրել։

Վլադիմիր Իվանովիչը բաժակին մոտեցրեց շիշը։ Լիդան բացասաբար շարժեց գլուխը։ Վլադիմիր Իվանովիչը լցրեց իր բաժակն ու անմիջապես դատարկեց։ Պատառաքաղով վարժ բռնեց լպրծուն սունկը։

Սպասելով, որ ծամի֊վերջացնի, Լիդան շարունակեց․

Իմ կարծիքով, կարելի է գավառեցի լինել մայրաքաղաքում, եւ մայրաքաղաքցի տունդրայում։

Միանգամայն ճիշտ է։

Այսինքն՝ գավառը հոգեւոր երեւույթ է, ոչ թե աշխարհագրական։

Միանգամայն իրավացի եք։ Ընդ որում, մատակարարումը մեզ մոտ լավ է՝ միս, ձուկ, բանջարեղեն…

Մայրաքաղաքից ստեղծագործական կոլեկտիվներ գալի՞ս են։

Անկասկած։ Մագոմաեւը ներառյալ։ Վլադիմիր Իվանովիչը նորից լցրեց։

Դուք, երեւի, շատ եք կարդում։

Ինչպե՞ս կարելի է չկարդալ։ Հարգում եմ Սիմոնովին։ Անանեւին՝ զինվորական հուշագրությունները, բնականաբար դասականներին․ Պուշկինին, Լերմոնտովին, Տոլստոյին… Վերջիններս, ինչպես հայտնի է, երեքն էին… Երիտասարդությանս տարիներին բանաստեղծություններ էի գրում…

Հետաքրքիր է։

Փորձեմ հիշել։ Օրինակ…


Երազում են հերոս լինել բոլորը մեզանում,
Առաջ ենք գնում շարքով միակուռ,
Աշխարհով մեկ կհնչեցնենք անունը Ստալինի,
Երջանկությունը կնվաճենք մարտում…

Լիդան դժվարությամբ թաքցրեց հիասթափությունը։

Դժվա՞ր է ղեկավարել արտադրամասը։

Պարզ ասեմ՝ հեշտ չէ։ Այստեղ եւ՛ արտադրական գործոն կա, եւ՛ բարոյական… Պլան, հոսունություն, մարդկային մթնոլորտ, մերժողականություն… Իսկ գլխավորը՝ մարդիկ չափազանց պահանջկոտ են դարձել։ Իրենց իրավունքները լավ գիտեն։ Անընդհատ պահանջում են… Պարտականություններ չունեն, իրավունքներ՝ ինչքան ասես… Էխ, Ստալինը, ափսոս, չկա… Կարգուկանոն կար, կարգապահություն… Ուշացել ես մեկ րոպեով դատարանում պատասխան տուր։ Իսկ հիմա… Կապը կտրել է ժողովուրդը, կապը կտրել է… Ամենուր, հասկանում ես, երգիծաբաններ են… Հազար ափսոս, չկա Ատալինը…

Ուրեմն դուք ողջունո՞ւմ եք անհատի պաշտամունքը, կիսաձայն հարցրեց Լիդան։

Պաշտամունք, պաշտամունք… Պաշտամունքը եղել է եւ կլինի… Անհատ է պետք, հասկանո՞ւմ եք, անհատ։

Վլադիմիր Իվանովիչը տաքացել֊հարբել էր։ Ձեռքերով էր խոսում, վրա տալիս ու պատառաքաղը թափահարում։

Հեշտ կյանք չեմ ապրել։ Ամեն բան եղել է։ Ընկել ու բարձրացել եմ, շատ բարձր եմ բարձրացել։ Ես, մեր մեջ ասած, ամուսնացած եմ…

Իսկ ինչո՞ւ՝ մեր մեջ ասած, զարմացավ Լիդան։

Յակիրի զարմուհու հետ, հարբած շշուկով ավելացրեց Վլադիմիր Իվանովիչը։

Յակիրի՞։ Այն Յակիրի՞։

Բա։ Երեխա ունեինք։ Տղա…

Իսկ հիմա որտե՞ղ են։

Չգիտեմ։ Կորցրել եմ։ Երեսունինը թվականին… Վլադիմիր Իվանովիչը լռեց։ Մտքերի մեջ ընկավ։

Լիդան, երկար սպասելուց հետո, հուզված, կարմրելով հարցրեց․

Այսինքն, ինչպե՞ս թե՝ կորցրել եք։ Ինչպե՞ս կարելի է կորցնել սեփական կնոջը։ Ինչպե՞ս կարելի է կորցնել սեփական երեխային։

Ժամանակներն էին դաժան, Լիդոչկա, ալեկոծ, դաժան ժամանակներ էին։ Ընտանիքներ էին խորտակվում, դարավոր բարքեր էին խորտակվում…

Ի՞նչ կապ ունեն այստեղ դարավոր բարքերը, անսպասելիորեն ճչաց Լիդան։ Ես երեխա չեմ։ Ամեն ինչ գիտեմ։ Յակիրին ձերբակալեցին, եւ դուք ստորաբար լքեցիք սեփական կնոջն ու երեխային։ Դուք… դուք… դուք… անհետաքրքիր մարդ եք։

Դե, գիտեք ինչ, ասաց Վլադիմիր Իվանովիչը, գիտեք ինչ… այդպիսի բառերով չեն կատակում…

Հետո արդեն ավելի հաշտ․

Ավելի համեստ պահեք ձեզ, Լիդոչկա, ավելի համեստ, համեստ…

Միլորդը բարձրացրեց գլուխը։

Լիդան արդեն չէր լսում։ Պոկվել էր տեղից ու շրխկացրել դուռը։

Աստիճանահարթակում լուռ էր ու ցուրտ։ Սահեց֊անցավ անտեսանելի կատվի ստվերը։ Տապակած ձկան հոտը կյանքն ավելի տրտում էր դարձնում։

Լիդան ցած իջավ ու բակով քայլեց դեպի տուն։ Խոնավ մթնշաղը պահմտոցի էր խաղում ավտոտնակների ու աղբարկղների հետեւում։ Խղճուկ պուրակում մթին էին տալիս ու ճռճռում ճյուղերը։ Ձյան վրա ընկած էր մի փայտե ձի։

Լիդան բացեց փոստարկղը, հանեց «Էկոնոմիչեսկայա գազետան»։ Բարձրացավ տուն։ Ամուսնու սենյակում աշխատում էր հեռուստացույցը։ Միջանցքում կախված էր Տանյայի աշնանային վերարկուն։ Լիդան հանվեց, ձեռնոցները գցեց հայելու սեղանին։

Մի երիտասարդ, կեսբերան բարեւելով, անցավ զուգարան։ Նրա կեղտոտ խոպոպները կապված էրն կոշկաքուղով։ Տաբատը թավշե էր ու շատ լայն։

Տատյանա, սա ո՞վ է։

Ենթադրենք՝ Ժենյան։ Մենք պարապում ենք։

Ի՞նչ եք պարապում։

Ենթադրենք՝ գերմաներեն։ Դե՞մ ես։

Կհետեւես, որ ձեռքերը լվա, ասաց Լիդան։

Ոնց ես սիրում ամեն բան գռեհկացնել, ատելությամբ լի շշուկով պատասխանեց դուստրը…

Լիդան ինձ զանգեց գիշերվա մեկին։ Ձայնը հուզված էր ու խուլ․

Չարթնացրի՞։

Չէ, ասում եմ, ավելի վատ…

Մենակ չե՞ս։

Մենակ եմ։ Մարինայի հետ…

Լուրջ կարո՞ղ ես խոսել։

Անկասկած։

Հետաքրքիր մարդու տեղ չգիտե՞ս։

Գիտեմ։ Նա հենց հիմա խոսում է քեզ հետ։

Վերջ տուր։ Ամեն բան շատ լուրջ է։ Հինգշաբթի պիտի հաղորդում հանձնեմ։

Ինչի՞ մասին։

Հանդիպում հետաքրքրիր մարդու հետ։ Դու հարմար թեկնածու չունե՞ս։

Լիդա, ասացի խնդրագին, դու իմ շրջապատը, ախր, գիտես։ Բոլորը թափթփուկ ու տականք են։ Զանգիր Կլենսկուն, նրա աները հաշմանդամ է…

Ես առաջարկություն ունեմ։ Արի հաղորդումը միասին գրենք։ Տասնհինգ ռուբլի կաշխատես։

Ես ձայնագրիչ չեմ օգտագործում։

Դա ինձ վրա եմ վերցնում։ Ինձ հարկավոր է քո…

Ցինի՞զմը, հուշեցի։

Քո մասնագիտական փորձը, նրբորեն ձեւակերպեց Լիդան։

Լավ, ասացի նրանից ազատվելու համար, վաղն առավոտյան կզանգեմ։ Այսինքն՝ այսօր…

Բայց անպայման զանգիր։

Ասացի, չէ՞…

Այստեղ Մարինան չդիմացավ։ Մատս կծեց։

Մինչեւ վաղը, ասացի (ավելի ճիշտ ճչացի) ու դրեցի լսափողը…

Լիդան բացեց ամուսնու երկնագույն լույսով ողողված սենյակի դուռը։ Վադիմը կոշիկներով պառկած էր բացմոցին։

Ես այսօր ընթրելո՞ւ եմ, հարցրեց։ Դուռը բացեց դուստրը․

Մենք գնում ենք։

Տանյայի մռայլ դեմքը հավերժ հակամարտություն էր արտահայտում։

Շատ չուշանաս…

Ես, վերջապես, թեյ խմելո՞ւ եմ, հարցրեց Վադիմը։

Իմիջիայլոց, ես նույնպես աշխատում եմ, պատասխանեց Լիդան։

Ու, որպեսզի վեճը չբորբոքվի՝

Ինչ ես կարծում, Մերկինը հետաքրքի՞ր մարդ է…

Be the first who will comment on this

Other parts of "Կոմպրոմիսներ"

Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Waterfall 1943
Waterfall 1943
Play Online