Muratsan

Գևորգ Մարզպետունի

Երեք տարվա ընթացքում հայ ազգի կրած․․․
Է
ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԻ ԿՐԱԾ ԵՎ ՀԱՐՍ ԹԱԳՈՒՀՈՒՆ ԱՆՀԱՅՏ ՄՆԱՑԱԾ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թագուհին լռեց։ Անցյալի քաղցր հիշատակները ոչ միայն չամոքեցին նրա վշտերը, այլ ընդհակառակը, նորոգեցին նրանց։ Գլխակոր և ձեռքը ճակատին հենած՝ նա մի քանի վայրկյան մնաց լուռ․ ապա սրտի հուզմամբ ու հոգեկան խռովությամբ դիմադրել չկարողանալով՝ սկսավ արտասվել։

Սեդան տեսավ այտերի ծորող արցունքները և մորմոքելով հարցրեց․

Այդ ի՞նչ էր, մեծափառ տիկին, մի՞թե արտասվում ես․ ես կարծում էի, թե անցյալից խոսելով պիտի ուրախանաս, ընդհակառակը՝ տխրում ես ․․․

Մտածում եմ, թե այս բոլորը կորել է անդարձ, թե այն դյուցազնը, որի միայն մի հայացքը ինձ հպարտացնում, մի ժպիտը ինձ երջանկացնում էր, այլևս իմը չէ․․․ և չպիտի լինի ․․․

Մի՛ ասիր այդ, թագուհի՛, մի՛ ասիր, եթե երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն․ նրանք շարունակ տեղի են տալիս միմյանց, որովհետև ամենի սկիզբը մի վախճան ունի․ տխրության հաջորդը ուրախությունն է․ սիրած դյուցազնը քոնն է և կվերադառնա դեպի քեզ ․․․

Ա՜խ, Սեդա, ավելին մի՛ ասի՛ր․․․

Կամենում էի ասել, թե պետք է համբերել, օրինակ հենց մեր թագավորից հենց քո ամուսնուց․ քանի՛-քանի՛ տեսակ փոփոխության է հանդիպել նրա բախտը, որպիսի՜ անհաջողություններ են շրջապատել նրան, և սակայն որպիսի՜ համբերությամբ ու տոկունությամբ է նա հաղթել ամեն դժվարության։

Ա՛խ, Սե՛դա, ինչպե՜ս քիչ ես զգում․․․ բայց նա այսպիսի վիշտ, այսպիսի կորուստ չէ ունեցել, նա յուր երջանկությունն ու երկինքը չէ ամփոփել մի սրտի մեջ, որ խլած լինեին իրանից․․․

Եվ դու, թագուհի, ինչպե՜ս քիչ ես զգում․․․ Ների՛ր համարձակությունս ․․․

Ի՞նչ, Սեդա։

Այն վշտերի ծանրությունը, որ մի օր նրան էր ճնշում։

Այսի՞նքն։

Դու ինքդ նկարագրեցիր այն երջանիկ օրը, երբ Դվինում թագավոր պսակեցին բազմահաղթ Աշոտին․ այնպես չէ՞։

Այո՛։

Բայց հետո, ամիսներ չանցած, ի՜նչ ծանր վշտեր չպաշարեցին նրան։

Գիտե՞ս, Սեդա, այդ ժամանակվա դեպքերից ես քիչ բան գիտեմ։

Այո՛, որովհետև շատ բան ծածկում էին քեզանից։

Չեմ մոռացել միայն այն, որ երբ Դվինից վերադարձան Գարդման, հայրս ասաց, թե մեր զորքերից մի քանի գունդ շուտով պիտի հասցնենք թագավորին, որովհետև ներքին գավառներում ապստամբություն է ծագել։

Այո՛, միայն այդքան․ և նրանից հետո է՛լ ուրիշ տեղեկություններ չհաղորդեցին քեզ։

Երբեմն հարցնում էի, թե ինչո՞ւ Աշոտը չէ գալիս մեր երկիրը, կամ թե․․․

Ե՞րբ պիտի կատարվի մեր հարսանիքը։ Այդ հարցը ինձ արիր մի օր և՛ ծիծաղելով, և՛ շառագունելով։

Այո՛, հիշում եմ։

Եվ իշխան Սևադան երբեմն կցկտուր, երբեմն մանվածապատ պատասխաններ էր տալիս․ մերթ հուսադրում, մերթ վհատեցնում էր քեզ, բայց ոչ տխրեցնելու չափ։

Եվ իրա՛վ, այդ բոլորի մասին ինձ հետո բացատրություններ չտվին, որովհետև ուրիշ կարևոր դեպքեր սկսան մեզ զբաղեցնել։

Այո՛․ բայց եթե տված լինեին, այն ժամանակ կիմանայիր, թե խեղճ թագավորը, երեք երկար տարիների ընթացքում, որպիսի ծանր չարիքների ու վտանգների դեմ է մաքառել․ թե՛ մարդկանց և բռնության ձեռքով յուր երկրին հասած թշվառությանց առաջն առնելու համար ի՞նչ հերոսական կռիվներ է մղել։

Պատմի՛ր մի քանի խոսքով, ի՞նչ էր պատահել թագադրությունից հետո։

Թագադրությունից հետո՞, օ՛, մեծ բաներ։ Ասենք մի երկու խռովությունների պատճառն էլ իմ նորատի տիրուհին էր։

Ե՞ս։

Այո՛, իմ թագուհի, դո՛ւ։

Ինչպե՞ս, Սեդա, պատմի՛ ր, այդ հետաքրքրական է։

Դու հո ինքդ ես տեսել, թե հայոց իշխանները ինչպե՞ս մի սիրտ ու հոգի եղած հավաքվել էին Դվին Աշոտ-Երկաթը թագավորացնելու։

Այո՛․ և ամենքը ուրախ էին այդ համազգային տոնախմբության ժամանակ։

Բայց շատ շուտով նրանցից մի քանիսի ուրախությունը փոխվել էր տխրության։ Այն իշխանները, որոնց դու մերժել էիր քո ձեռը, որքան որ ուրախ էին Աշոտի թագավորելուն, այնքան էլ հակառակ՝ որ նա ամուսնանար քեզ հետ։ Նրանք կցանկանային, որ Սահակ Սևադայի հպարտ աղջիկը, որ մի օր մերժել էր իրանց յուր ձեռը, դառնար մի հասարակ ազնվականի կին և ոչ թե հայոց թագուհի։ Եվ սակայն արքայի մայրը Դվին եկած բազմաթիվ իշխանազն օրիորդների մեջ միայն քեզ էր հարսն ընտրել յուր համար։ Բացի մերժված իշխաններից, թագավորի դեմ գրգռվել Էին նաև նրանք, որոնք հարսնացու օրիորդներ ունեին և գգվել Էին իրանց այն հուսով, թե գուցե թագավորը կփեսայանա իրանց։ Սակայն այդ մանյակը, որ այժմ այդքան սիրելի է քեզ, բոլորի հույսը ի դերև էր հանել։ Եվ, ահա՛, երբ նրանք ցրվում են իրանց գավառները, սկսում են հետզհետե լարվել թագավորի դեմ․ մայր-ի խանո հիները մանավանդ սկսում են ամուսինների պատվասիրությունը գրգռել և հնացած բարկությունը փոխել ատելության։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մի քանի անկյուններում միաժամանակ մի քանի խռովություններ փրթեցան։ Մի քանի իշխաններ ուղղակի թագավորի դեմ գնալ չհամարձակվելով, սկսան հավասարագահ իշխանների հետ կռվել հաշվելով, թե միևնույն է, այդպիսով էլ թագավորի հանգստությունը կվրդովեն։ Այսպես՝ Արծրունյաց Գուրգեն արքաեղբայրը օգուտ քաղելով Սյունյաց Սմբատ իշխանի բացակայությունից, գրգռեց եղբորը՝ բռնավոր Գագիկին, պաշարել Նախիջևանը և առնել։ Վերջինս լսեց եղբորը։ Սմբատ իշխանն այդ իմանալով՝ մեծ պատրաստությամբ եկավ Արծրունիների վրա՝ յուր կալվածքն ազատելու հուսով։ Երկու կողմից էլ կատաղի ընդհարում, մեծ վնասներ և կոտորածներ եղան։ Ուրիշ մի քանի իշխաններ, որոնք, ըստ օրինի պարտավոր Էին միաբանել իրանց թագավորի հետ և հարկավոր ժամանակ զորք հասցնել նրան, հայտնի կերպով բաժանվեցան թագավորից և մի քանիսն էլ ապստամբության փորձ արին։ Թագավորն ստիպված եղավ շատ քաղաքներ ու բերդեր նորից պատերազմով նվաճելու, շատ տեղեր ավերելու և յուր իսկ երկրի մեջ կոտորածներ անելու, պետության խաղաղությունը վերականգնելու համար։ Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորը հայ իշխանների գրգռմամբ թշնամացավ Աշոտ արքայի հետ և մեր հյուսիսային գավառներից մի քանիսը փորձ արավ սեփականելու։ Այս փորձը իսկապես ուղղված էր Սևադա իշխանի, իբր արքայի աներոջ, դեմ։ Թագավորն ստիպված էր Վրաց մի քանի գավառներն ավերելով՝ Ատրներսեհին խրատել։ Վերջապես խռովությունները խռովություններ հարուցին։ Շատ իշխաններ էլ թագավորի խառնված դրությունից օգուտ քաղելով սկսան իրար դեմ զինվել, հին տոհմական վրեժների ծարավը հագեցնելու կամ միմյանցից երկրներ հափշտակելու համար։ Այսպիսով բոլոր երկիրը տակնուվրա եղավ և թագավորը մնաց համարյա միայնակ։ Այս խռովությունների լուրը հասավ հագարացոց Յուսուփ ոստիկանին, որ սկզբում, Աշոտ թագավորի քաջագործություններից զարհուրած, կծկված էր Ատրպատականում։ Բավական ժամանակ էր ինչ նա յուր ատամները կրճտում էր Աշոտ թագավորի վրա, որովհետև չէր կարողանում յուր զորաց կոտարածը մոռանալ, բայց միևնույն ժամանակ վրեժ առնելու էլ առիթ չէր ներկայանում։ Թագավորը հաջողության մեջ էր և բոլոր իշխանները հետը միաբան։ Ի՞նչ կարող էր անել։ Բայց այժմ, երբ արդեն տեղեկացավ, թե հայ իշխաններից շատերը հեռացել են թագավորից և շատերն էլ միմյանց դեմ ելած ջարդում են իրար և միանալու միջոց չունին, հարմար առիթ համարեց թագավորի երկիրը արշավելու։ Իսկ թե այնուհետև հագարացիք ինչե՜ր կատարեցին մեր գավառներում, նկարագրելն անկարելի է։ Աստված չտա, որ այդպիսի տարիներ նորից վերադառնան։

Բայց ինչի՞ր կատարեցին, Սեդա՛․ քեզ ասացի, որ այդ ժամանակվա դեպքերից շատ քիչ բան գիտեմ։

Օ՛, ո՞ր մեկը պատմել, ո՞ր մեկը հիշել․․․ Այդ տարիների թշվառության պատմությունը գրքեր կլցնե․ միթե ես կարո՞ղ եմ բոլորը պատմել․․․ Ինչպես սովալլուկ գազաններ ներս խուժեցին դրանք մեր երկիրը․ դիմացները արգելք չգտնելով ազատ -համարձակ տիրեցին ո՛ր տեղին որ կամեցան․ գյուղերն ու ավանները քանդեցին, քաղաքներն ավերեցին, եկեղեցիները հրձիգ արին, ժողովրդի մի մասը կոտորեցին, մի մասն ուրացության ստիպեցին, ընդդիմացողներին նահատակեցին, իսկ շատերին գերի տարան հեռավոր երկրներ։ Ոչ մի գեղեցիկ կին կամ աղջիկ չազատվեցավ նրանց ձեռքից․ պաշտպանող մայրերին սպանում էին աղջկերանց առաջ, հայրերին՝ որդիների առաջ․ ստնտու կանանց գրկից հափշտակում էին ծծկեր երեխաները և գետին խփելով ջախջախում․․․ ամեն տեղ արյուն, ամեն տեղ կրակ և պղծություն․ անկյուն չկար, որ ազատ լիներ այդ հրեշների արհավիրներից․․․ Երբ անպաշտպան ավաններն ու քաղաքներն ավերեցին, այնուհետև դիմեցին բերդերի և ամրոցների վրա։ Մի քանի տեղ, ճշմարիտ է, պաշարյալները քաջությամբ դեմ դրին թշնամուն և մեծ կոտորած արին նրա զորքի մեջ, բայց շատ տեղ էլ բռնությամբ կամ մատնությամբ գրավեցին նրանք ամրոցները և միջի բնակիչները անխնա կոտորեցին։

Ի՞նչ էր անում, ուրեմն, այդ ժամանակ թագավորը։

Ի՞նչ Ինչ պիտի աներ, իշխաններ՛ի մի մասը միացել էր թշնամու հետ կամ անձնատուր էր եղել նրան, մի մասը եղբայրասպան կռվով էր զբաղված յուր դրացու կամ ազգականի հետ, այսինքն, այն միջոցին, որ օտարը մի կողմից ավերում էր իրանց երկիրը, իրանք էլ մյուս կողմից էին ավերում։ Մեր անմիտ ազգի մեջ այսպիսի եղբայրասպան ընդհարումներ շատ են եղել և միշտ էլ կլինին։ Մի քանի՝ ուժ ունեցող իշխաններ ամրացել էին իրանց բերդերում և կռվի դաշտ չէին իջնում։ Մնացել էին թագավորի հետ հայրդ՝ յուր Գարդմանացի գնդերով, Սիսակյան իշխանները՝ սյունեցի վաշտերով և Մարզպետունի իշխանը՝ պետական զորքերով։ Իսկ այս միության ուժը համեմատելով թշնամու զորության հետ, մի ոչնչություն էր։ Հարցնում ես՝ ի՞նչ էր անում թագավորը․ համարյա թե ոչինչ կամ այն՛, ինչ որ կարող էր և պարտավոր էր անել․-յուր սակավաթիվ զորքի մի մասը զինակից իշխաններին հանձնած և մյուս մասը հետը վերցրած ինչպես մի վիրավոր առյուծ՝ արշավում էր երկրի այս կամ այն կողմը։ Թշնամու հետ ճակատ առ ճակատ պատերազմել չէր կարող ուստի երբեմն հանկարծական հարձակումներով շփոթում էր նրա զորքերի կարգը, երբեմն մենավոր գնդերի վրա ընկնելով՝ ջարդում նրանց, երբեմն պաշարված բերդերին օգնության հասնելով՝ հարվածում պաշարողներին, միով բանիվ՝ գործում էր իբրև ասպատակ գնդերի հրամանատար, հուսալով, թե այսօր կամ վաղը կգան իշխանները և յուր հետ միաբանելով կանոնավոր ճակատամարտով կարտաքսեն հայրենիքից ընդհանուր թշնամուն։ Բայց արքայի համար ամենամեծ հարվածն եղավ այն, որ յուր հորեղբորորդի՝ Աշոտ սպարապետը յուր ձեռքն ունեցած պետական զորքերով անձնատուր եղավ Յուսուփին և նրա հետ միասին մտավ Դվին, իբրև ոստիկանի հլու հպատակը։ Մյուս կողմից էլ մեր կաթողիկոսը փոխանակ սրան և նրան դիմելու, իշխանները հաշտեցնելու և դրանց բոլորին միացնելով՝ թագավորին թև ու թիկունք կանգնեցնելու, երկիրը թողեց տագնապի մեջ, ժողովուրդը՝ հուսահատության մեջ, զորքը՝ մահու և կյանքի հետ կռվելիս և ինքը յուր անձի անդորրությունը խնդրելով հեռացավ Վրաստան, Ատրներսեհ թագավորի մոտ ապահովության մեջ ապրելու։ Ի՞նչ աներ այդ ժամանակ թագավորը․ ի՞նչ կարող էր անել նա։

Տե՜ր աստված․ և այդ բոլորի մասին ինձ գրեթե ոչինչ չեք հայտնել․․․ Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ հայրս համարյա Գարդմանում չէր մնում, երբեմն գնում էր Սյունիք, երբեմն՝ Գուգարք, երբեմն՝ Ոստանի կողմերը, մերթ փոքրիկ վաշտով, մերթ մի մեծ գնդով․․․

Եվ քո անհանգիստ հարցերին հանգստացնող պատասխաններ էր տալիս․ ասում էր, որ թագավորն զբաղված է Կարսա բերդը և Երազգավորսը ամրացնելով, թե Դվինի շուրջը նոր խրամ է փորել տալիս, թե ինքը յուր վաշտերով արքունական սահմանները շրջագայելու է գնում, և այլն, և այլն։

Այո՛, և նրա այդ պատասխաններն ինձ հանգստացնում Էին։ Իշխանը հրամայել էր մեզ ամենիս՝ ոչ մի տխուր լուր չհաղորդել քեզ․ մանավանդ պատերազմի արհավիրքներից բնավ չխոսել քեզ մոտ։ Աղախինները մի անգամ սխալվել՝ լուրեր էին բերել քեզ։ Մենք ամեն ջանք գործ դրինք սուտ հանելու լսածներդ։

Հիշում եմ․ այդ՝ Դվինում նահատակված երիտասարդների մասին էր։ Բայց ինչո՞ւ այդ բոլորը ծածկում էիք ինձանից։

Որովհետև վերին աստիճանի դյուրազգաց էիր․ ամենաանշան կոտորածի լուրը լսելուց ժամերով լաց էիր լինում և երբեմն հոգեպես այնպես ընկճվում, որ ստիպված էիր լինում անկողին մտնել։

Եվ, իրավ, Սեդա, լավ է, որ այդ բոլորն այն ժամանակ չեք հայտնել ինձ․ ես սրտի կսկծից կարող էի մեռնել․․․

Օ՛, և դեռ չգիտես, թե ուրիշ ի՞նչ զարհուրելի բան ենք ծածկել քեզանից։

Ի՜նչ, Սեդա, վախեցած հարցրեց թագուհին։

Սովը, սարսափելի սովը․ հետո վայրենի գազանների, գայլերի ու բորենիների երևան գալը և քաղաքներում ու գյուղերում մարդիկ հափշտակելը։

Սովի մասին ես լսել եմ։

Ի՞նչ ես ասում, թագուհի, ինչպե՞ս կարելի էր իսկությունը քեզ հայտնել․ սիրտդ կտոր-կտոր կլիներ։ Դու ծանոթ էիր մեր Գարդմանա սովի հետ․ բայց դա սով չէր, այլ հացի թանկություն։ Տրտու գետը և Գարդմանա քաջերը թույլ կտայի՞ն, որ մեր երկրում սով լիներ։ Սովը, սարսափելի սովը տիրում էր Գարդմանից այս կողմը գտնվող երկրներում։

Ամբողջ երկու տարի բուն Հայաստանը կռվի և արյան դաշտ էր դարձած, բոլոր այդ ժամանակ գյուղացիք վարել, ցանել ու հնձել չէին կարողացել։ Եվ ինչպե՞ս կարողանայինք քանի որ դաշտ ու ձոր, լեռ ու անտառ հագարացի զորքերով ու հելուզակներով Էին բռնված, իսկ ազատ անկյուններումն էլ հայ զորքերն Էին միմյանց կոտորում, հայ իշխաններն իրար ջնջում։ Այս պատճառով երկրագործները ցրվեցան, այգիներն ու դարաստաններն անխնամ մնացին, ժողովրդի վերջին պաշարը վայրենի զորքերն սպառեցին և սովը յուր զարհուրելի հետևանքներով բռնացավ Հայաստանի մեջ։ Կարոտությունն իբրև մի վարակիչ ժանտախտ աղքատների խրճիթից հարուստների ապարանքը մտավ․ ամեն, տեղ տիրեց քաղցը, թշվառություններից դառնագույնը ․․․ Օ՛, երանի՜ նրան, ով աչքերով չէր տեսել այդ աղետը․․․ Մարդիկ քաղաքների ու գյուղերի մեջ ունեցածնին սպառելով՝ ցրվեցան դաշտերը, ձորերն ու լեռները, որպեսզի գոնե կանաչ խոտ կամ բանջար ճարակելով քաղցերնին անցնեն։ Չնայելով, որ շատերը այդ խոտաճարակներից մեռնում Էին վնասակար խոտեր ուտելուց, այսուամենայնիվ քիչ ժամանակի մեջ դաշտերի ու լեռների կանաչն սպառեցին։ Այնուհետև սկսան անսուրբ կենդանիներն ուտել, այն է՝ Էշ, ձի, կատու, շուն, մինչև անգամ որդեր, ճիճուներ․․․։

Ա՜խ, Սեդա, ինչե՜ր ես ասում, դադարի՛ր, լսել չեմ կարող․․․

Այո՛, իմ տիրուհի, ուտում Էին․․․ բայց ավելի սարսափելին, ավելի զարհուրելին կա․․․ Օ՛, կին արարածի ականջը լսել չէ կարող․․․

Ի՞նչ, Սեդա։

Կսարսափես, չեմ կարող ասել։

Ասա՛, Սեդա, պատմի՛ր, դու արդեն այդ տեսակ բաներ լսելն ինձ սովորեցրիր։

Ասում էին, թագուհի՛, որ հրապարակները լցվել էին մերկ կամ հազիվ ցնցոտիներով ծածկված սովատանջ մարդկանցով, որոնք շրջում էին իբրև ուրվականներ և միմյանց դիպչելուց՝ անշնչացած ընկնում փողոցի մեջ․․․ Փոքր ի շատե ուժ ունեցողները հարձակվում էին այդ դիակների վրա և նրանց միսը ատամներով հոշոտելով լափում։ Ամեն մի ընկած դիակի վրա հավաքվում էին բազմաթիվ գիշատիչներ, ինչպես դժոխային չարատանջ ոգիներ․․․

Օ՛, զարհուրելի է․․․

Իսկ ի՞նչ կասեիր կաթնկեր երեխաների համար, որոնք երկարատև լալուց նվազած ձայնով հրում էին մայրերի չորացած ստինքները․ փոքրիկ մանուկների համար, որոնք արտասուքը դալկացած ծնոտներից ծորելով և չորացած շրթունքներով հա՜ց գոչելով օդը լցնում էին աղեխարշ աղաղակներով, իսկ շատերը նվաղած՝ գետին գլորվում և անշնչանում․․․

Օ՛, սիրտս մաշվեցավ, Սեդա, բավական է։

Եվ հետո․․․ բուն զարհուրելին դեռ չասացի․․․ Գտնվեցան մայրեր, ո՛չ, գազան արարածներ, որոնք իբրև թե իրանց մանուկների տանջանքը չտեսնելու համար, մորթեցին նրանց և կերան․․․

Լռի՛ր, Սեդա․ այլևս ոչ մի խոսք․․․

Եվ թագուհին սաստիկ հուզումից այլագունելով ընկավ բարձերի վրա։

Be the first who will comment on this

Other parts of "Գևորգ Մարզպետունի"

Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online