Muratsan

Գևորգ Մարզպետունի

Նոր դիմումներ
Բ
ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ

Արևի խավարումը ծանր տպավորություն էր թողել Գառնո դղյակում։ Իշխանուհիները թագուհու մոտ ժողովված՝ զանազան գուշակություններ էին անում բնության այդ խորհրդավոր երևույթի մասին։ Նրանք հավատացած էին, որ արևի խավարումը նշան է մոտալուտ մի պատուհասի կամ ծանր դժբախտության։ Բայց թե ի՛նչ պատուհաս կամ դժբախտություն պիտի լիներ այդ, չգիտեին, և գուշակություններն ահա՝ դրա մասին էին։

Թագավորը պիտի հաղթվի, և այդ պարտությունը նոր անհաջողության դուռ պիտի բանա մեզ համար, այս է արևի խավարման նշանակությունը,-որոշեց վերջապես թագուհին։

Բայց իշխանուհիներից ոմանք չհամաձայնվեցան նրա հետ։ Եվ այդ ոչ թե նրա համար, որ չէին հավատում այդ գուշակության, այլ նրա համար, որ թագուհու սիրտը վշտացնել չէին կամենում։

Արևը ծագում է շատ երկիրների վրա, բայց բոլոր այդ երկրները միաժամանակ չեն դժբախտանում, նկատեց Սյունյաց Մարիամ իշխանուհին, եթե արևի խավարումը գուշակ է դժբախտության, ինչո՞ւ ուրեմն միևնույն երկրում թագավորը պիտի հաղթվի, իսկ Ցլիկ-Ամրամը հաղթե, մինը դժբախտության և մյուսը՝ հաջողության հանդիպե։ Այդ ապացուցանում է ուրեմն, թե արևի խավարումը միայն չարիք չէ բերում մարդկանց, այլև երբեմն բարիք։

Եվ գուցե այս անգամ բարիքը մեզ վիճակվի, հարեց Մարզպետունի իշխանուհին։

Գուցե, պատասխանեց թագուհին։ Բայց նա այդ հույսը չուներ։ Նա գիտեր, որ աստված չարիքը չափում է հանցավորին, իսկ բարիքը՝ արդար մարդուն, գիտեր, որ յուր թագավոր ամուսինը հանցավոր էր Ամրամի առաջ, և հետևապես պիտի հաղթանակեր վերջինը։ Բայց նա այդ մասին ոչինչ չխոսեց, որովհետև չէր կարող խոսել։

Մի քանի ժամից այստեղ հասավ Հովհաննես կաթողիկոսը։ Ամբողջ Գառնին յուր հոգևորականներով ընդառաջեց հայրապետին։ Մուշեղ բերդակալը, որ օգտվում էր ամեն դեպքից յուր հարգանքը Վեհափառին ցույց տալու համար, դուրս հանեց մարտկոցներից ու աշտարակներից բոլոր ամրոցաբնակ զորքերը և կատարյալ սպառազինությամբ ու դրոշակներով տարավ նրանց կաթողիկոսի առաջ։ Թագուհին յուր իշխանուհիներով դիմավորեց հայրապետին ամրոցի դռների մոտ և նրա հետ միասին մտավ եկեղեցի։

Երբ կաթողիկոսը յուր աղոթքը կարդաց և մուտքի մաղթանքն ավարտեցին, թագուհին հրավիրեց նրան դղյակ, ուր Հայրապետի և յուր հետևորդների համար պատրաստված էր օթևան։

Վեհափառի ատելությունն ուրախացրել էր գառնեցիներին․ ժողովուրդը ցնծության մեջ էր։ Բայց դղյակում, ընդհակառակը, տխրել էին ամենքը։

Կաթողիկոսը հայտնել էր թագուհուն յուր գալստյան պատճառը։ Ոստիկանի Դվին հասնելու լուրը տարածվել էր դղյակի մեջ։ Ամենքն սկսել էին վախենալ և այս ու այն անկյունը ժողովված՝ խորհրդածություններ անել։ Իշխանուհիներին հուսադրում և սիրտ էր տալիս Գոռ իշխանիկը։ Եվ նրա խոսքերը, արդարև, հանգստացնում էին թե՛ հասակավոր տիկնանց և թե՛ դեռատի օրիորդներին։

Գառնին չէր կարող գրավել ոչ միայն Նսըրի, այլև ամիրապետի զորքերը, ասում էր նա նրանց։ Եթե մեր պահակ գնդերը չկռվին անգամ, դարձյալ Գառնո ամրությունը կմնա անխախտ։ Թշնամին չի կարող վնասել նրա ժայռերին, իսկ Տրդատաշեն պարիսպներն ու աշտարակները կդիմադրեն թե՛ բաբաններին և թե՛ բաղիստրի ռումբերին։

Մուշեղ բերդակալը, սակայն, ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցել։ Նա մինչև անգամ կաթողիկոսի մոտ չմնաց, թեպետ և կցանկանար ամբողջ ժամերով կանգնել նրա առաջ և Հայրապետի սուրբ խոսքերը լսել․․․ Այդ, արդարև, մի մեծ բախտավորություն կլիներ նրա համար։ Բայց նա պարտաճանաչ մարդ էր և գիտեր, որ իրավունք չունի յուր պարտքը զվարճության զոհելու։ Այդ պատճառով հենց որ նա Վեհափառի բերած լուրն իմացավ, անմիջապես դեպի զորանոցները դարձավ և առանց մի վայրկյան դանդաղելու՝ սկսավ ամրոցը պաշտպանելու մասին հարկ եղած կարգադրություններն անել։

Նա ռազմագետ մարդ էր, և բազմամյա փորձառությունից գիտեր, որ թշնամին հասնում է շատ անգամ այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք չէ սպասում նրան։ Այդ պատճառով ցանկանում էր պատրաստել զորքը ժամ առաջ, որպեսզի հանկարծակի գալով վտանգի չենթարկե ամրոցը, որին ապաստանած էին այդ միջոցին հայոց երկրի ամենաթանկագին գլուխները, թագուհին և կաթողիկոսը։

Նա զինավորեց բոլոր զորքը, բաժանեց նրանց զանազան խմբերի, որոնցից ոմանք պատնեշների, ոմանք աշտարակների և ոմանք պարիսպների վրա պիտի հսկեին կամ կռվեին։ Կազմել տվավ մի քանի կետերում ահագին քարակույտներ, որով պետք է պարիսպների վրա բարձրացած զորքը հարվածեին կամ նրանց սանդուխտները ջախջախեին։ Պատրաստեց մեծ քանակությամբ ճարպ, կպրաձյութ և ուրիշ դյուրավառ նյութեր, որոնցով պետք է պաշարողների վրա կրակ թափեին։ Միով բանիվ՝ հոգաց այն ամենը, ինչ որ կարևոր էր հանկարծահաս թշնամուն դիմադրելու կամ ամրոցի սահմաններից նրան հալածելու համար։

Բայց անցավ երկու օր, և տակավին թշնամու հարձակման մասին լուր չեկավ բերդակալին։ Այդ հանգամանքը սակայն չթուլացրեց նրա եռանդը։ Գիշեր-ցերեկ նա զորքի հետ էր և շարունակում էր յուր պաշտպանողական պատրաստությունները։

Եվ ահա մի երեկո նա նկատեց մի խումբ հեծյալներ, որոնք իջնում էին Գեղա լեռան բարձրություններից։ Այդ նորությունը երկյուղ պատճառեց նրան։

«Թշնամին, ուրեմն, մի քանի կետերից է կամենում հարձակվել ամրոցի վրա», մտածեց նա և մարդիկ ուղարկեց շրջակաները լրտեսելու։

Բայց անցավ բավական ժամանակ և երևացող հեծելախմբին չհետևեց որևէ ուրիշ խումբ։ Հեծյալները հետզհետե առաջանալով իջան Ազատի ձորը և խոտորեցին դեպի Գառնի։

Որքա՛ն մեծ եղավ բերդակալի ուրախությունը, երբ նա այդ խմբի մեջ ճանաչեց իշխան Մարզպետունուն։ Մի երկնային զորություն օգնության հասավ իրան ծանր ճգնաժամի վայրկենին։

Իսկույն լուր տարան թագուհուն իշխանի գալստյան մասին։

Հեծելախումբը, որի առաջնորդները Մարզպետունին ու Վահրամ սեպուհն էին, կազմված էր մի քանի տասնյակ վանանդացիներից, որոնք սեպուհի հետ միասին գնացել էին Աղստև՝ թագավորին օգնելու համար։ Գևորգ իշխանը թողեց նրանց բերդակալի մոտ և ինքը սեպուհի հետ միասին գնաց թագուհուն ներկայանալու։

Բայց իշխանի գալստյան լուրը թագուհուն ոչ թե ուրախություն, այլ հուզմունք պատճառեց։ Մի քանի օր առաջ նա, արդարև, սպասում էր նրան սրտի անձկությամբ։ Նա ժամերով նստում էր Տրդատա հովանոցում և դիտում այն ճանապարհը, որով պիտի վերադառնար իշխան Մարզպետունին։ Նա կամենում էր, այո՛, տեսնվել և խոսել նրա հետ ժամ առաջ, կամենում էր բանալ նրան յուր սիրտը և դարման խնդրել նրանից յուր վշտերի համար, որովհետև այդ իշխանի մեջ էր տեսնում արքայական ընտանիքի միակ հավատարմին։

Բայց այժմ, քանի որ Սեդան պատմել էր նրան ամեն բան, քանի որ ինքը գիտեր, թե Մարզպետունին վաղուց ծանոթ է եղել յուր վշտերին և սակայն նրանց մասին ոչինչ չէ հայտնել իրան, այժմ այլևս չէր կամենում հանդիպել նրան իբրև մտերմի։ Նա մտածում էր, թե այդ իշխանն էլ անշուշտ ծիծաղել է մի օր յուր միամտության վրա, ինչպես այդ արել են յուր պալատի կանայքն ու նաժիշտները, և այդ միտքը ճնշում, նվաստացնում էր իրան յուր իսկ աչքում։

«Ի՞նչ, միթե նա այժմ պիտի ներկայանա ինձ՝ իբրև յուր թագուհո՞ւն․․․ իբրև յուր թագավորի ամուսնո՞ւն․․․ մի՞թե նա չգիտե, որ ես իրավունք չունիմ այլևս այդ անունը կրելու, քանի որ թագավորն անարգել, արհամարհել է ինձ․․․», մտածում էր ինքն իրան թագուհին և փափագում, որ իշխանը չներկայանա իրան, չերևա բնավ յուր աչքին։

Բայց մի՞թե այդ հնարավոր էր։ Չէ՞ որ ինքը մինչև այն վայրկյաններն էր հաշվում, թե ե՞րբ արդյոք լուր կհասներ իրան Ուտիքից, չէ՞ որ նա ցանկանում էր և պարտավոր էր իմանալ, թե ի՛նչ հետևանք ունեցավ արքայի արշավանքը, հաղթե՞ց նա արդյոք թե՞ հաղթվեցավ։ Երկու դեպքումն էլ նա շահ ուներ յուր անձի համար, մեկում՝ իբրև թագուհի, մյուսում՝ իբրև ամուսին․․․

Երբ սենեկապան սպասուհին հայտնեց թագուհուն, թե Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը թույլտվություն են խնդրում իրան ներկայանալու, նա շփոթվեցավ և չգիտեր, թե որի՞ն արդյոք ընդունել։

Թող գան, ասաց սպասուհուն։ Բայց հենց որ վերջինս կամեցավ հեռանալ, չէ՛, չէ՛, թո՛ղ միայն իշխանը ներկայանա, հրամայեց նա նորեն և սպասուհին դուրս գնաց Մարզպետունուն հրավիրելու։

Թագուհու սիրտն սկսավ տրոփել, մի ներքին անհանգստություն պաշարեց նրան, և դեմքի խաղաղ արտահայտությունն անհետացավ։

Նա վեր կացավ տեղից, նայեց արծաթի հղկված հայելուն և տեսավ, թե ինչպե՜ս այլայլվել է ինքը։ Նրա շրթունքները դալկացել, այտերը գունատվել և աչքերը խառնվել էին։

Ի՞նչ պատահեց ինձ․․․ հարցրեց նա ինքն իրան և սակայն յուր հարցին պատասխանել չկարողացավ։ Նրա մեջ այդ րոպեին զարթել էին երկու հակառակ, իրար դեմ մրցող և իրար ճնշող զգացումներ, դրանք թագուհու պատվասիրությունը և ամուսնու անձնասիրությունն էին։ Երկուսն էլ իրավատեր, երկուսն էլ զորավոր․․․ Հարկավ, դրանցից մինը պիտի հաղթանակեր, բայց դեռ մինչև այդ՝ որչափ հուզմունք, որչա՜փ ալեկոծություն պիտի խռովեին նրա հոգվո ծովը․․․

«Ի՞նչ լուր կբերե ինձ արդյոք իշխանը․․․», մտածում էր նա․ և այս մտածմունքը թունդ էր հանում նրա սիրտը։ Նա կամենում էր, այո՛, լսել, թե թագավորը հաղթեց, թե Ամրամի ապստամբությունը՝ ճնշվեցավ, թե արքայի զորքերը նորեն Ուտիքն ու Սևորդյաց աշխարհը գրավեցին․․․ Այդ լուրը կգգվեր յուր դշխոյական պատվասիրությունը, որովհետև այդ հաղթությամբ թագավորը կզորանար, նրա անունը կփառավորվեր, հայոց զորքը կքաջալերվեր, թշնամիները հետ կքաշվեին։ Այդ հաղթությունը կժողովեր նորեն արքայի շուրջը վհատյալ իշխաններին, սիրտ, հոգի կներշնչեր նրանց, դրանով ոստիկանի դեմ ուժ կկազմվեր, որով նորեն Դվինը կգրավեին, կաթողիկոսարանը կազատեին․․․

Այս բոլորը ճիշտ էր։

Բայց երբ նա հանկարծ մտաբերում էր, թե ի՛նչ պատճառից է առաջացել Ամրամի ապստամբությունը, երբ մտածում էր, որ թագավորն այս հաղթությամբ ավելի ևս պիտի համառի յուր մոլորության մեջ, և Սևորդյաց երկիրը նորեն գրավելով հաճախ պիտի այցելե Ասպրամ իշխանուհուն, և, հետևապես, բոլորովին թողնե, լքանե իրան․․․ այն ժամանակ ցանկանում, ի սրտե փափագում էր, որ Մարզպետունին հայտնե իրան, թե թագավորը հաղթվեցավ, թե արքայական զորքերը ջարդվեցան, թե Ցլիկ-Ամրամը վերջնականապես տիրապետեց Ուտիքն ու Սևորդյաց ձորը, ուր այլևս Աշոտ Երկաթը չի կարող յուր ոտքը դնել, յուր սիրեցյալ Ասպրամին այցելել․․․

«Օ՛, գուցե այդ զոհաբերության գնով՝ ես նորեն գտնեմ իմ անգին կորուստը․․․ գուցե նա մտածե՝ թե յուր հանցավոր սիրո համար պատժեց իրան աստված, և խղճահարվելով վերադառնա նորեն դեպի ինձ, դեպի յուր ամուսինն ու թագուհին, դեպի այն սիրտը, որ այնքան ջերմագին սիրեց նրան և որ տակավին շնչում է՝ յուր կորած կեսը նորեն գտնելու հուսով․․․»։

Այս մտածմունքների մեջ էր թագուհին, երբ սենեկապանը նրա առանձնարանը մտնելով հայտնեց, թե իշխանն սպասում է իրան։

Թագուհին դուրս գնաց դահլիճ առանց նաժիշտների ընկերակցության։

Գևորգ իշխանը, որ կանգնած էր մուտքի առաջ, տեսնելով թագուհուն՝ ողջունեց նրան խոր գլուխ տալով և ապա եկավ ձեռքը համբուրելու։

Իշխանի լուրջ և խաղաղ դեմքը հանգստացնող տպավորություն արավ թագուհու վրա։

Երկա՜ր սպասեցինք քեզ, իշխան, անշուշտ մեզ համար ուրախ լուր ես բերել, ասաց նա սառը ժպտալով և աթոռի վրա բազմելով։

Ուրախ լո՞ւր․․․ Այո՛, կցանկանայի բոթաբեր չլինել, բայց աստված․․․

Ի՞նչ պիտի գուժես, հարցրեց թագուհին անհանգստությամբ, աչքերն իշխանի վրա սևեռելով։

Թագավորն ազատված է․ պետք է փառք տանք աստծուն։

Ի՞նչ կնշանակե այդ, իշխան, ուրեմն արքայական զորքերը ջարդվեցա՞ն։

Ամրամը հաղթանակե՞ց․․․

Նա չհաղթանակեց, բայց մենք ամոթալի պարտություն կրեցինք։

Չեմ հասկանում քեզ։

Ամրամը մեզ պաշարեց մի կրճի մեջ։ Թագավորը փախչելով ազատվեցավ․ իսկ զորքերի մեջ կռիվ չեղավ։

Պատմի՛ր ավելի մանրամասնորեն, հրամայեց թագուհին։

Եվ իշխանը սկսավ մի առ մի պատմել թե՛ յուր դիմումների և թե՛ արքայի սպառազինման ու անհաջող ընդհարման բոլոր պատմությունը, ծածկելով, իհարկե, ա՛յն ամենը, ինչ որ ինքը կարևոր չէր համարում հայտնել նրան՝ թե՛ իբրև թագուհու և թե՛ իբրև ամուսնու։

Երբ նա վերջացրեց, թագուհին շունչ առավ և կարծես գոհ իշխանի պատմածներից՝ ասաց․

Ուրեմն արյուն չթափվեցավ․․․ և սակայն թագավորը փախավ, գլխակո՞ր․․․ ամոթահա՞ր․․․ այնպես չէ՞։ Փառք ամենակարող աստծուն, նա դատում է արդարությամբ ․․․

Եվ թագուհու դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որից սակայն անբաժան էր դառնության կսկիծը։

Մեծափառ տիկին, դու ինձ ապշեցնում ես․ մի՞թե արքայի պարտությունը ուրախություն է պատճառում քեզ, հարցրեց Մարզպետունին թագուհու խոսքերից բոլորովին շփոթված։

Այո՛, Մարզպետունի՛ իշխան։

Բայց այդ պարտության նախատինքը վերաբերում է արքայական գահին և․․․

Եվ թագուհուն, այնպես չէ՞․ այդ չէի՞ր ուզում ասել։

Այո՛, մեծափառ տիկին։

Թագուհին այլևս հետամուտ չէ փառքի, այլ հոգվո հանգստության․․․

Անցան այն ժամանակները, երբ իմ իղձերի լրումը Աշոտի հաղթություններն էին կազմում, երբ իմ հոգին սավառնում էր նրա հաղթական դրոշի շուրջը․․․ Այդ ժամանակ, Այո՛, փառքի մեջ էի որոնում իմ երջանկությունը, որովհետև երիտասարդ էի և անփորձ։ Իսկ այժմ այդ փառքն ատելի է դարձել ինձ, որովհետև նրա շնորհիվ իմ ամենաթանկագին երջանկությունը կորցրի։

Մի՞թե մի դժբախտություն է հասել իմ թագուհուն, հարցրեց Մարզպետունին տարակուսելով։

Դժբախտությո՞ւն․․․ Ո՛չ․ ես շատ երջանիկ եմ․ այդ գիտես դու, գիտե Մարզպետունի իշխանուհին, գիտեն իմ պալատի կանայքը, իմ նաժիշտները․․․ Այո՛, դուք ամենքդ գիտեք, բայց կամենում էիք, որ ես չիմանամ․․․․ Այնպես չէ՞, տեր Մարզպետունի, հարցրեց թագուհին հեգնաբար ժպտալով։

Ես․․․ չգիտեմ․․․ մեծափառ տիկին, ինչի մասին է խոսքը։

Թագուհին սևեռեց յուր աչքերը իշխանի վրա և մի վայրկյան լուռ նայելուց հետ՝ մեղմ ձայնով ասաց․

Ուշ է արդեն, իշխան, մի՛ հոգար այլևս իմ սրտի անդորրության մասին։ Ես կարող էի տանել իմ վիշտը, եթե իմանայի, թե նա անհայտ է աշխարհին։ Բայց քանի որ աշխարհն ինձանից առաջ է ծանոթացել նրան, ծածկելն այլևս օգուտ չի բերիլ։ Դու մի՛ զարմանար, որ քո բերած լուրն ինձ ուրախացրեց։ Այդ ուրախությունը խավարող հուսո վերջին ճառագայթն էր, որ փայլեց իմ երեսին, գուցե, վերջին անգամ․․․

Հուսո՞․․․ ի՞նչ հույս ունիս դու անհաջողության վրա, մեծափառ տիկին, հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։

Ինչ հո՞ւյս, լսի՛ր քեզ կասեմ։ Մինչև այժմ իմ ամուսնու մեջ ես թագավորն էի որոնում, նրա հաջողություններով ուրախանում, նրա փառքերով պարծենում․․․ Կարծում էի, թե դրանք են միայն, որ երջանկություն պիտի բերեն ինձ։ Բայց այժմ․․․ այժմ տեսնում եմ, թե որքա՜ն խաբված եմ եղել ես, թե ինչպե՜ս հաղթանակների աղմուկը, դափնիների փայլը, գահույքի շուքը, արքայական պերճությունները հատել, ցամաքեցրել են իմ երջանկության աղբյուրը․ թե ինչպե՜ս այդ ամենի մեջ ես կորցրել եմ իմ ամուսնուն, համայն աշխարհի մեջ միակ սիրածս Աշոտին․․․ Եվ այժմ, երբ տեսնում եմ, թե բախտը երես է դարձրել նրանից, երբ տեսնում եմ, թե հանցավոր սիրո պատճառով աստված նախատինք է ղրկում նրան, ես ուրախանում եմ, որովհետև հավատում եմ, թե գուցե հաղթված թագավորի, անարգված գահակալի մեջ գտնեմ վերջապես իմ կորցրած ամուսնուն, զարթեցնեմ նրա մեջ խիղճը․․․ շունչ տամ, թերևս, նրա մեռած սիրուն․․․

Երբեք, մեծափառ տիկին, երբեք չէի հուսալ, թե մեր ընդհանուր դժբախտության միջոցին դու քո վիշտը կհիշեիր․․․ նկատեց Մարզպետունին, ցանկանալով թագուհու տխուր զրույցն ընդհատել։

Օ՛, դու զարմանո՞ւմ ես, ուրեմն, սիրելի իշխան, որ ընդհանուր դժբախտության ժամանակ ես իմ անձն եմ տեսնում և իմ թշվառությունը ողբում։ Զարմանո՞ւմ ես, որ թագավորի պարտությամբ հայրենիքին հասանելիք վտանգը ինձ չէ սարսափեցնում․ որ անտերության մատնվող ժողովրդի թշվառությունն իմ սիրտը չէ հուզում․․․ Մի՛ զարմանար, անբնական ոչինչ չկա այստեղ։ Ես մի սիրտ ունեի, որ նվիրված էր Աշոտ դյուցազնին։ Նա այդ սիրտը ջախջախեց՝ իմ սերը դավաճանելով։ Այդ դեպքից հետո ես դարձա անզգա․ իմ կրծքի տակ, սրտի փոխարեն, թաքնված է այժմ մի դիակ․ միթե կարելի՞ է պահանջել, որ դիակը շնչե, կամ զգա․․․ Ես, Այո՛, սիրում էի իմ ժողովուրդը, սիրում էի իմ հայրենիքը ջերմ, անսահման սիրով․ պատրաստ էի զոհել նրան ամենը, ինչ որ ունեի թանկագին և անփոխարինելի․ պատրաստ էի զոհել նրան նույնիսկ իմ կյանքը․․․ Բայց այդ ժամանակ Աշոտն ինձ հետ էր․ նրա շունչը բոցավառում էր դեպի հայրենիքն ունեցած իմ սերը․ նրա հոգին թևապարում էր իմ շուրջը և մարմնավորում իմ լավագույն մտածությունները․․․ Այժմ նա չկա․ Աշոտը մեռավ ինձ համար, և նրա հետ միասին կործանվեց այն աշխարհը, փլեց այն երկինքը, որ ամփոփում էի ես այդ դյուցազնի մեջ․․․ Օ՛, մի՛ մեղադրեք ինձ, մի՛ նախատեք իմ թշվառությունը և մանավանդ թե՝ խնայեցեք․․․ Ոչինչ, ոչինչ մի՛ պահանջեք մի թշվառ, լքյալ և նվաստացյալ կնոջից․․․

Այս խոսքերի վրա թագուհին հանկարծ փղձկեցավ և թաշկինակն աչքերին սեղմելով սկսավ արտասվել։

Իշխանը նայում էր նրան լուռ և տխուր, զգում էր խեղճ կնոջ վշտի մեծությունը, նրա ներքին, հոգեկան տանջանքները և սակայն չէր կարողանում նրան մխիթարել։

Երկար լուռ սպասելուց հետ նա վերջապես հիշեց, որ Վահրամ սեպուհն սպասում է իրան և որ ինքն ու նա խորհուրդ ունեին թագուհուն հայտնելու։ Խնդրի կարևորությունը և ժամանակի սղությունը չէին ներում իրան թագուհու վշտերով երկար զբաղվելու․ ուստի նա մի քայլ առաջ անցավ և համոզկեր ձայնով սկսավ խոսել։

Քո վշտերը, մեծափառ թագուհի, վաղուց հայտնի էին ինձ․ բայց դրանց մասին քեզ հետ խոսել չէի համարձակվում, որովհետև ինձ արգելում էին նախ՝ պատշաճից օրենքը և երկրորդ՝ այն միտքը, թե խոսելով ոչ մի շահ չպիտի բերեմ իմ տիրուհուն։ Եթե այս մտածությունը մի հանցանք է եղել, ապա հրամայիր պատժել ինձ ամենածանր կերպով․ իսկ եթե ոչ, լսի՛ր քո ծառայի խոնարհ խորհրդին․․․

Ի՞նչ ես կամենում ասել, հարցրեց թագուհին՝ թաշկինակը արտասվաթոր աչքերից հեռացնելով։

Վշտերի մասին հիշել ու տխրելն ավելորդ է այլևս, մեծափառ տիկին․ ով որ կարողանում է արիաբար համբերել, նա էլ ընկճում է բախտի կամակորությունը։ Անցյալն անդարձ է, այդ դու գիտես, այժմ ապագայի մասին պիտի հոգանք․․․ Ի՞նչ, դու կարծում ես, թե նորեն պիտի կարողանա՞ս արքայիդ յուր ընտանիքի գիրկը դարձնել, ընդհատեց հանկարծ թագուհին։

Յուր ընտանիքի գի՞րկը, այո՛։

Ի՞նչ ձևով, ի՞նչ եղանակով, նա ինձ չէ սիրում․․․

Իշխանը կանգ առավ և սկսավ տարակուսական հայացքով դիտել թագուհուն։

Գուցե դու մի ուրիշ բան գիտես, գուցե նա քեզ խոստովանել է, որ զղջում է արդեն, գուցե․․․ ասա՛, իշխան, ասա՛, ոչինչ մի՛ ծածկիր ինձանից։

Մենք միմյանց չհասկացանք, մեծափառ թագուհի։

Ինչպե՞ս, արքայի մասին չէ՞ քո խոսքը։

Այո՛։

Ուրե՞մն․․․

Ես ասացի, թե ապագայի մասին պիտի հոգանք, դու ինձ ընդհատեցիր, ապա կամենում էի հարել, թե այժմ մեծ ցավեր ունինք, նրանց հոգը պիտի քաշենք։

Ասացիր՝ արքային յուր ընտանիքի գիրկը պիտի դարձնես․․․

Այո՛, մեծափառ տիկին, այդպես ասացի, բայց չէ՞ որ աստված նրա ընտանիքի սահմանն ընդլայնել է շատ․ արքայի ընտանիքը համայն ազգն է կազմում։ Նրա գիրկը պիտի դառնա նա։

Թագուհին մի անհանգիստ շարժում արավ և աթոռի մեջ ուղղվելով դժգոհ եղանակով հարցրեց․

Մի՞թե թագավորն այդ ընտանիքի գրկում չէ գտնվում այժմ։

Ո՛չ։

Ինչպե՞ս, չասացի՞ր, թե նա Ամրամի հետապնդություններից փախչելով հասել է Կաքավաբերդ և նստել այնտեղ։

Այդպես ասացի։

Է՜, Կաքավաբերդը Սյունիքում չէ՞․ Սյունիքը Հայաստանի նահանգը չէ՞։

Այդպես է, մեծափառ տիկին․ բայց թագավորը չէ կամենում այլևս վերադառնալ Ոստան, նա քաշվել է Կաքավաբերդ՝ այստեղից երբեք չելնելու պայմանով։

Ի՞նչ նորություն է այդ, չեմ հասկանում։

Թագավորը հուսահատ է սաստիկ․ Ամրամի երեսից փախուստ տալը ամոթահար է արել նրան․ «Այսուհետև, ասում է, ես ո՛չ սուր կհանեմ, ո՛չ գահույք կբարձրանամ․ իմ իշխանները ամոթապարտ կացուցին ինձ աշխարհի առաջ, թո՛ղ նրանք ուրեմն պատասխանատու լինին իմ երկրի ավերման»։

Իշխանները․․․ մի՞թե իշխանները ամոթապարտ կացուցին նրան, դառնությամբ հարցրեց թագուհին։

Հապա էլ ո՞վ․․․ Եթե նրանք միաբան լինեին թագավորի հետ, Ցլիկ-Ամրամը չէր համարձակվիլ ապստամբել, ափխազցիք չէին միանալ նրա հետ․․․

Ինչպե՜ս մոռացկոտ ես դու, իշխան․ ընդհատեց թագուհին․ մի՞թե չես հիշում մոտիկ անցյալը։ Չէ՞ որ երկու ամիս առաջ ամենքն արդեն արքայի հետ էին։ Աբաս տագրս ու Աշոտ սպարապետը հաշտված էին, նախարարները բարեկամ էին․ և այդ ընդհանուր միության շնորհիվ էր, որ թագավորը կրկին Դվինն առավ և հագարացիներին այդտեղից հալածեց։ Դուք մինչև անգամ հաղթության տոներ կատարեցիք Դվինում։ Եվ սակայն Ամրամը հենց այս հաջողության ժամանակ ապստամբեց․․․ Ի՞նչն էր պատճառը։

Մարզպետունին լուռ նայում էր գետնին։

Դու չե՞ս կամենում պատասխանել․ ես կասեմ․ պատճառն այն էր, որ իմ և քո թագավորը հեռացել էր արդեն առաքինության ճանապարհից, որ նա անխղճաբար կործանել էր յուր և ընկերոջ ընտանիքը, և աստված պատժեց նրան հենց այն ժամանակ, երբ նա կարծում էր, թե ինքն արդեն ամենազոր է և թշնամիներից ապահովված, թե նա կարող է գործել ամեն չարիք և մնալ անպատիժ։ Նույնիսկ այն միջոցին, երբ բախտը հաջողեց նրան մայրաքաղաքն այլազգիներից թափելու, նա, փոխանակ աստծուն գոհության պատարագ մատուցանելու, փոխանակ դեպի ծրազգավորս, յուր ընտանիքի գիրկը վերադառնալու, և այս թշվառ, խոցոտյալ սիրտը մի փոքր մխիթարելու, նա դարձյալ դիմում էր դեպի Ուտիք, որպեսզի Դվնո մեջ ունեցած հաջողությանց խրախճանին մասնակից անե Ցլիկ-Ամրամի կնոջը, Սևորդյաց Ասպրամին․․․ Եվ ահա հենց այդտեղ աստուծո ձեռը ծանրացավ նրա վրա․ դեռ Ուտիքին չհասած՝ լսեց, որ Ամրամն ապստամբել է իրանից․․․ Այդ գույժը նրան չվախեցրեց․ նրա հպարտ հոգին աստուծո առաջ չխոնարհեց, նա դիմեց եգերացիներին և զենքի ուժով կամեցավ վանել այն արդար ձեռքը, որ պատիժ էր չափում իրան․․․ բայց սխալվեցավ․ նա չէր կարող կռվել աստուծո հետ։ Եվ այդ էր պատճառը, որ վերջ ի վերջո ընկճվեցավ և ամոթահար փախավ յուր իսկ զորքերի ձեռքից։ Այժմ, ասում ես, Կաքավաքար նստած՝ մեղադրական է կարդում յուր իշխանների դեմ։ Բայց իզուր, նա իրավունք չունի մեղադրել ուրիշներին, նա ինքն է թե՛ յուր և թե՛ մեր դժբախտության պատճառը․․․ Եվ անշուշտ ինքն էլ խոստովանում է այդ և, երևի, գուշակում, որ աստված այլևս չպիտի հաջողի յուր ոչ մի ձեռնարկությունը․ այդ պատճառով ինքն իրան դատապարտել է անգործության․․․

Այդ բոլորը ճիշտ է, մեծափառ տիկին, բայց ի՞նչ անենք այժմ, ձեռքերնիս ծալած նստե՞նք։ Չէ՞ որ երկիրը տագնապի մեջ է։

Արեք, ինչ որ կարող եք։

Կանենք, բայց դու մեզ պիտի օգնես։

Ե՞ս։

Այո՛, մեծափառ թագուհի։

Ի՞նչ կարող եմ անել։ Քեզ ասացի, թե մի թշվառ կին եմ ես, ոչինչ մի՛ պահանջեք ինձանից։

Իսկ ես միայնակ կարո՞ղ եմ գործել։ Թագավորն անշարժ նստած է Կաքավաքարում․ Աշոտ սպարապետն ամրացել է Բագարանում․ Աբաս արքաեղբայրը Քաշվել է Երազգավորս․ Մոկաց տերն ու Անձևացյաց նահապետը պաշտպանում են միայն իրանց լեռները․ Գագիկ Արծրունին Վասպուրականից դուրս հայություն չի ճանաչում, կաթողիկոսը փոխանակ միջնորդ լինելու և իշխանները համախմբելու, եկել, ապաստանել է Գառնիին․ դու էլ ահա՛ հրաժարվում ես գործակցությունից, իսկ այս ընդհանուր անշարժության ժամանակ Նսըրն եկել, գրավել է Դվինը և յուր ասպատակները սփռել ամեն կողմ․․․ էլ ի՞նչ ունինք մտածելու, կործանենք ուրեմն արքայական գահը և գնանք խոնարհենք արաբական դրոշակի առաջ։

Մարզպետունին յուր խոսքերն արտասանեց այնպիսի մի բացականչությամբ, որ թագուհին ցնցվեցավ։

Ի՞նչ է իմ անելիքն, իշխան, հարցրեց նա ճնշված ձայնով։

Գործելու օրինակ տալ նրանց, որոնք նստած են անգործ։

Իմ սիրտն այնքան հուզված և միտքս այնպես խռոված է, որ ոչինչ գուշակել չեմ կարող։ Ասա՛ պարզ՝ ի՞նչ է իմ անելիքը։

Ես վերադարձել եմ այստեղ Գարդմանա բերդակալ Վահրամ սեպուհի հետ։ Մեզ հավատարիմ մնացող իշխանների մեջ դա ամենից անձնվերն է․ աչքի առաջ ունենալով մեր արդի ճգնաժամը, մենք որոշեցինք սեպուհի հետ միասին դիմել ամրոցաբնակ իշխաններին և ամեն մեկից մի կամ երկու գունդ զորք առնելով՝ բանակ կազմել և դաշտն իջնել։ Ինչպես գիտես, բերդերի մեջ եղողներն ապահով են թշնամու հարձակումից, բայց անամրոց քաղաքները, գյուղերն ու ավանները մնացել են անպաշտպան, երկրի ժողովուրդը գտնվում է ուղղակի մերկ սրի առաջ․ պետք է շտապել օգնության հասնելու նրան։

Ես չեմ խանգարում ձեզ․ գնացեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը։

Աստված կօրհնե․ նա մեզ կաջակցե․ բայց ամենից առաջ թագուհին պիտի զրկվի յուր մի քանի վաշտերից։

Ի՞նչ, դու կամենում ես Գառնին յուր պահակներից զրկե՞լ։

Քանի որ մեր բանակի նպատակն է թշնամու ուշադրությունը յուր վրա դարձնել, Գառնին կամ մյուս բերդերը պաշտպանության մեծ կարիք չեն ունենալ։

Թշնամու զորությունը մեծ է․ նա կարող է միաժամանակ թե՛ ձեզ հետ կռվել և թե՛ բերդերը պաշարել։

Նա այդ չի կարող անել, մենք թույլ չենք տալ նրան, պատասխանեց իշխանը վստահաբար։

Թագուհին լռեց և սկսավ մտածել․ «Կատարե՞լ արդյոք իշխանի խնդիրը, թե՞ ոչ»։

Մի քանի վայրկյանից հետ նա հարցրեց․

Ուրիշ ումի՞ց հույս ունիս զորք առնելու։

Սպարապետից, Աբասից, Սյունյաց տերերից, Անձևացիներից․․․

Իսկ եթե նրանք մերժե՞ն։

Եթե թագուհին առաջին օրինակը չտա, ոչ ոք չի համարձակիլ։

Ես չեմ մերժում, դատարկիր թեկո՛ւզ բոլոր Գառնին, վճռաբար պատասխանեց թագուհին։

Իշխանը խոր գլուխ տալով շնորհակալություն հայտնեց նրան։

Ապա իրավունք խնդրելով՝ հրավիրեց դահլիճ Վահրամ սեպուհին, որին թագուհին ընդունեց սիրով ու քաղցրությամբ։ Նրանք երեքը միասին սկսան խորհուրդ անել ապագա ձեռնարկության համար և գործելու եղանակները որոշել։

Տակավին խորհրդակցության մեջ էին նրանք, երբ սենեկապան սպասուհին ներս մտնելով՝ հայտնեց թագուհուն, թե կաթողիկոսը կամենում է ներկայանալ իրան։

Թո՛ղ շնորհ բերե, ասաց թագուհին և ապա իշխաններին դառնալով ավելացրեց․ անշուշտ Վեհափառն էլ կօգնե մեզ մի խորհրդով։

Անշուշտ, հարեց Վահրամ սեպուհը։

Բայց Մարզպետունին չպատասխանեց։ Նա նկատել էր, որ սպասուհին ներս մտավ դահլիճ այլայլված դեմքով և այդպես էլ դուրս գնաց։ Երևի կաթողիկոսը գալիս էր հայտնելու մի տխուր նորություն, որ հայտնի էր արդեն դրսում եղողներին։ Նա սկսավ անհանգստանալ։ Բայց այդ անհանգստությունը ոչ թե յուր, այլ թագուհու համար էր։ Նա վախենում էր, թե միգուցե Վեհափառը հայտնե տիկնոջը այնպիսի մի նորություն, որ իսկապես պիտի ծածկվեր նրանից։

Հրամայի՛ր մեզ, տիրուհի, ընդառաջել Հայրապետին, ասաց Գևորգ իշխանը՝ տեղից վեր կենալով։ Նա կամենում էր շտապել և մի վայրկյան առաջ տեսնվել կաթողիկոսի հետ։

Ընդառաջեցեք, ասաց թագուհին։

Բայց հազիվ թե իշխանն ու սեպուհը հասան դահլճի դռանը, և ահա՛ ներս մտան Վեհափառի գավազանակիրը, ավագ, սարկավագները, ապա ինքը՝ կաթողիկոսը, Դռան եպիսկոպոս Սահակը և մի քանի ուրիշ վարդապետներ։ Դրանց հետ միասին գալիս էր և մի անապատական՝ դեմքն ու ձեռները արյունոտ, վիրակապերով փաթաթած և վեղարն ու քուրձը պատառոտած։ Նրա տխուր, գունաթափ դեմքը ծանր տպավորություն էր անում տեսնողի վրա։

Այս ի՞նչ է, բացականչեց Մարզպետունին և առաջ անցավ, կարծես կամենալով անապատականի մուտքն արգելել։

Թո՛ղ դրան, իշխան, թո՛ղ որ թագուհին մեր թշվառությունը տեսնե, արգահատական ձայնով խոսեց կաթողիկոսը։

Այդ ի՞նչ է, առաջ գալով բացականչեց թագուհին։

Գազան հագարացիները Այրիվանքը քանդել, ավերել և միաբաններին զարհուրելի տանջանքներով նահատակել են։ Միայն սրան՝ այս ապաբախտ վարդապետին թողել են կենդանի, որ թե՛ յուր վերքերի ցավից տանջվի և թե՛ լուր բերելով մեր սիրտը կսկծեցնե, խղճալի ձայնով հայտնեց կաթողիկոսը և աջը համբուրելու տալով թագուհուն և իշխաններին, բազմեց նախագահ աթոռի վրա։

Ինչպե՞ս պատահեց այդ․ ինչո՞ւ ոստիկանը բերդերը թողած՝ Այրիվանքի վրա է հարձակվում, շտապավ հարցրեց Մարզպետունին։

Կաթողիկոսը չպատասխանեց, նա նայում էր թագուհուն, կարծես հուսալով, թե վերջինս ավելի անմեղ հարց կանե իրան։

Ինչպե՞ս պատահեց այդ բոլորը, պատմիր, դիմեց թագուհին վիրավոր անապատականին։

Պատմի՛ր, Մովսես վարդապետ, պատմի՛ր մեծափառ թագուհուն գազանների բոլոր արարքը, հրամայեց կաթողիկոսը, անհանգիստ շունչ քաշելով։

Մովսես վարդապետն առաջ անցավ և չնայելով յուր վիրավոր ու անկար վիճակին, սկսավ իրան հատուկ աշխուժով պատմել հագարացիների հարձակման և յուր ընկերների նահատակության բոլոր պատմությունը, չմոռանալով մինչև անգամ արի նահատակների մահվան ժամում արտասանած վերջին խոսքերը, որոնք հուզեցին բոլոր լսողներին։

Երբ վարդապետը յուր պատմությունն ավարտեց, Գևորգ իշխանը մոտենալով կաթողիկոսին՝ հայտնեց, թե առանձին խոսելիք ունի, ուստի և խնդրեց նրան՝ հեռացնել դահլճից յուր հետևորդներին, բացի Դռան եպիսկոպոս Սահակ սրբազանից և Մովսես վարդապետից։

Վեհափառը կատարեց իշխանի խնդիրը։

Երբ ավելորդ անձինքը հեռացան, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և թույլտվություն խնդրելով թագուհուց ու կաթողիկոսից՝ հետևյալը խոսեց․

Այս հոգևոր հայրերը կատարել են այնպիսի մի գործ, որ մեզանից ոչ ոք իրավունք չուներ նրանցից պահանջելու։ Նրանք խմբովին մատնվել են թշնամու սրին, իրանց եղբարց կյանքն ու Այրիվանից սրբությունները պահպանելու համար։ Այս անզեն հոգևորականները ցույց են տվել աշխարհին բոլորանվեր անձնազոհության մի օրինակ, ապացուցելով, թե քաջ հովիվներ են և գիտեն «դնել սանձինս ի վերայ ոչխարաց․․․»։ Այսպիսով նրանք բարձրացրել են հայ եկեղեցվո փառքն ու պատիվը, և հետևելով Ղևոնդյանց շավղին, դարձել են մեզ համար պարծանաց աստեղ․․․ Այս բոլորը լավ․ բայց մենք ի՞նչ ենք անում․ մե՛նք, ժողովրդյան առաջնորդներս․ մե՛նք, որոնց ձեռքը աստված սուր է տվել և կառավարելու ու պաշտպանելու իրավունք։

Իշխանը նայեց կաթողիկոսին և ապա թագուհուն, նրանք երկուսն էլ հառած էին աչքերը յուր վրա։

Մենք ոչինչ չենք անում,-շարունակեց նա եռանդով․ կամ անում ենք այն, ինչ որ ամոթ և նախատինք է բերում հայ անվանը։ Մենք քաշվել, նստել ենք մեր բերդերում, շրջապատել ենք մեզ պահակ գնդերով, ապահովել ենք թշնամու հարձակումից, իսկ ժողովուրդն ու եկեղեցիները թողել անտերունչ, անպաշտպան կամ ավելի ճիշտն ասած, մատնել նրան թշնամու սրին․․․ Ա՞յս է արդյոք առաջնորդի իրավունքը։

Իշխանն այս ասելով սևեռեց աչքերը կաթողիկոսի վրա։

Վերջինս հասկանալով նրա հայացքի նշանակությունը՝ շտապով հարցրեց․

Ո՞ւր է մեր թագավորը, նա պետք է առաջնորդե զորքին։

Ուր է թագավո՞րը, վրդովված բացականչեց Մարզպետունին․ կասեմ, թե ուր է նա։ Թագավորը յուր իշխաններից թողված, ապստամբներից հալածված՝ նստած է Կաքավաքար։ Նա այնտեղից դուրս չի գալ, նա է՛լ սուր չի մերկացնիլ, էլ դրոշ չի բարձրացնիլ․ հուսահատությունն ընկճել, խոնարհել է նրան․․․ Բայց ո՞ւր է կաթողիկոսը, հայոց հայրապետը, մեր հոգևոր զինվորության վեհափառ գլուխը․․․

Իշխան․․․ տեսնում ես, որ նա քո առջևդ է․․․ ծանրությամբ, բայց ընկճված ձայնով նկատեց կաթողիկոսը։

Իմ առջև, այստե՛ղ, Գառնիում․ այնպես չէ՞․․․ Բայց ինչո՞ւ համար․․․

Ո՞ւր կկամենայիր, որ նա լիներ։

Դվինում, մեր կաթողիկոսարանում։

Բայց ոստիկանը ծարավ է իմ արյանը․ նա կամենում է ինձ սպանել։

Նա հետևում է քեզ միայն այն պատճառով, որ դու խույս ես տալիս նրա երեսից։ Նա քեզ չէր վնասիլ, եթե դու փառոք նստած լինեիր հայրապետական գահի վրա, և, մինչև անգամ, միջնորդ հանդիսանայիր նրա և հալածվող ժողովրդի մեջ։ Քո երկչոտ փախուստով դու գրգռել ես նրա զայրույթը և ստիպել, որ նա բարկության թույնը թափե անպաշտպան անապատականների վրա։

Ես չէի կամենում հեռանալ Այրիվանքից, բայց աստված ինձ հրամայեց։

Աստվա՞ծ, զարմացած հարցրեց իշխանը։

Այո՛, աստված, այդ ամենքը գիտեն․ այդ գիտե և թագուհին, ես պատմեցի նրան։

Այո՛, իշխան, աստված հրամայեց, խոսեց Դռան եպիսկոպոսը և սկսավ պատմել կաթողիկոսի Այրիվանքից հեռանալու և արևի խավարման բոլոր պատմությունը։

Երբ նա վերջացրեց, իշխանն ասաց․

Հավատում եմ այդ հրաշքին և խոնարհում աստուծո զորության առաջ։ Բայց դուք էլ պիտի հավատաք, որ եթե աստված այսպիսի օրում խնայում է առաջնորդի կյանքը, խնայում է միայն նրա համար, որ այդ կյանքը նա գործ դնե ժողովրդի օգտին։ Իսրայելացի մանկանց ընդհանուր կոտորածի ժամանակ նա Նեղոսի ալիքներից հրաշքով ազատեց մանուկ Մովսեսին և պատսպարեց նրան փարավոնի պալատում միայն նրա համար, որ վերջը նա եգիպտացոց գերությունից յուր ժողովուրդը փրկե։ Այսպե՞ս է թե ոչ։

Այդպես է, իշխան, պատասխանեց կաթողիկոսը, բայց աստված Մովսեսին հրաշքներ պարգևեց․ և նա նրանցով յուր ժողովուրդը փրկեց, իսկ ես չունիմ այդ շնորհը, չեմ կարող հրաշք գործել։

Կարող ես, Վեհափառ տեր․ Մովսեսը գավազանը օձ էր շինում, դու էլ նույնը կանես։ Այնտեղ, ուր ուժը չի հաղթահարում, խոհեմությունը, լեզուն, անուշ խրատները կարող են հաղթել։ Թո՛ղ այսօրվանից Գառնին և դարձիր Երազգավորս, իջի՛ր Բագարան, անցի՛ր Աղձնյաց ու Մոկաց երկիրները, մտի՛ր Վասպուրական․ խոսիր Աբասի, Աշոտի, Արծրունի եղբարց և այլ իշխանների հետ, խրատիր ու հորդորիր նրանց․ համոզիր, որ առնեն իրանց զորքերը և գան հավաքվին արքայի դրոշակի տակ, կռվեն միասնական ուժով և վանեն թշնամուն երկրի երեսից, փրկեն ժողովուրդը վերահաս վտանգից․ այդպիսով նրանք ուժ կտան արքային և ուժ կառնեն իրանք․ կհալածեն մեջտեղից բաժանման ոգին և ընդհանուր հայրենիքը պաշտպանելով՝ կպաշտպանեն նաև իրանց երկիրները, հայրենի կալվածները, տունն ու ընտանիքը․․․

Բանավոր է իշխանի խորհուրդները, Վեհափառ տեր, ասաց Սահակ սրբազանը։

Եվ անհրաժեշտ՝ հետևել անմիջապես այդ խորհրդին, հարեց թագուհին։

Բայց կաթողիկոսը լուռ էր, աչքերը դահլիճի դռան հառած։

Ոչ ոք ինձ չի լսիլ, ոչ մի իշխան զորք չի անջատիլ յուր բերդերից, խոսեց վերջապես կաթողիկոսը, իշխանին դառնալով։

Թող Վեհափառը կատարե յուր պարտքը, և երբ նրան չեն լսիլ, այն ժամանակ «արյուն ձեր ի գլուխ ձեր» ասելով կհեռանա, նկատեց Մարզպետունին։

Ոստիկանի հրոսակները բռնած են Շիրակի ճանապարհները, որտեղի՞ց կարող եմ ես անցնել և գնալ Երազգավորս, Բագարան կամ իջնել Աղնձյաց երկիրը, պատճառաբանեց կաթողիկոսը։

Վահրամ սեպուհը, որ մինչև այն լուռ նստած էր, վեր թռավ տեղից և աշխուժով բացականչեց․

Ես կընկերակցեմ քեզ, Վեհափառ տեր, իմ վանանդացի քաջերով․ ո՛չ մի հագարացի չի համարձակվիլ ձեռք բարձրացնել քեզ վրա։

Կաթողիկոսը նայեց սեպուհին և չկարողանալով ուրիշ առարկություն անել, ասաց․

Թող մեծափառ թագուհու և իշխանների կամքը կատարվի, միայն թե խորհելու ժամանակ տրվի ինձ։ Ծանր մի գործ է այդ միջնորդությունը, անկարելի է անխորհուրդ կերպով ձեռնարկել նրան։

Խորհի՛ր որքան հաճելի է քեզ, Վեհափառ տեր, միայն թե կատարի՛ր մեր առաջարկությունը, ասաց Մարզպետունին։ -Երկրի փրկությունը կախված է այժմ իշխանների միությունից և այդ միությունը պետք է ստեղծել՝ զոհաբերության ի՛նչ գնով ուզում է լինի։

Կաշխատեմ, ասաց կաթողիկոսը և խոստանալով հայտնել շուտով յուր որոշումը, բարձրացավ աթոռից, ողջունեց թագուհուն ու իշխաններին և հեռացավ Սահակ սրբազանի ու Մովսես վարդապետի հետ։ Վահրամ սեպուհը հետևեց նրան մինչև վեհարանը։

Բնավ հույս չունհմ Վեհափառի վրա, ասաց Գևորգ իշխանը, միայնակ մնալով թագուհու հետ։

Այս անգամ, ընդհակառակը, պետք է հուսալ, պատասխանեց թագուհին․ նա արդեն զգում է, որ Դվինից հեռանալով՝ դժգոհություն է պատճառել ամենիս, այժմ կաշխատե, որ մի բանով պիտանի լինի մեզ։

Բայց կաթողիկոսը, որ վիրավոր վարդապետին բերել էր թագուհու և իշխանների մոտ՝ իրական փաստով ապացուցանելու համար, թե ի՛նչ մեծ վտանգից է փախել ու ազատվել ինքը, շատ տխրեց, երբ տեսավ, թե հակառակ կերպարանք առավ գործը։ Նա կամենում էր Այրիվանքի սրածությունը առիթ առնելով յուր փախուստն արդարացնել, այլև, յուր Գառնիում մնալն ապահովել, այժմ ընդհակառակը, նոր պաշտոն էին հանձնում իրան և ուղարկում, համարյա, թշնամու հանդեպ։ Չէ՞ որ յուր ուղևորության միջոցին հագարացիք կպատահեին նրան մի որևէ տեղ և կձերբակալեին։ Ի՜նչ կարող էր անել այդ բանի դեմ Վահրամ սեպուհը յուր մի խումբ վանանդացիներով։ Հարկավ՝ ոչինչ։ Կաթողիկոսը ձերբակալելուց ետ՝ կաթողիկոսարանն էլ կգրավվեր։ Այնուհետև ամեն ինչ կկորչեր անդարձ։

Այդպես էր մտածում կաթողիկոսը, և այդ մտքերը խռովում էին նրան։ Շուտով նա խորհրդի հրավիրեց յուր մերձավորներին և հայտնեց, թե մտադիր է մերժել թագուհու և իշխանների առաջարկությունը, որովհետև դրա կատարելու մեջ նա վտանգ է տեսնում աթոռի նկատմամբ։

Ոչ ոք չընդդիմացավ Վեհափառի կամքին, որովհետև արևի խավարման հայտնի հրաշքը տեսնելուց հետ, նրա ցանկությունները երկնքից ներշնչված էին համարում։ Բայց որովհետև հիշյալ առաջարկությունը մերժելով՝ նա այլևս չէր կարող մնալ Գառնիում, ուստի որոշվեցավ, որ Վեհափառը հեռանա Սևան, ուր անապատականների մեծ միաբանություն կար։ Այդտեղ նա կլիներ յուր հոգևոր զինվորների հետ․ նրան այլևս չէին բամբասել։ Բացի այդ, Սևանը ուներ անառիկ բերդ և ջրապարփակ լինելու պատճառով՝ անմատչելի էր թշնամիներին։

Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ նա իմացավ, թե կաթողիկոսը հեռանում է Սևան։ Վահրամ սեպուհը զայրույթից մինչև անգամ ողջերթ մաղթելու չգնաց։ Իսկ Մարզպետունի իշխանը, որ Մուշեղ բերդակալի հետ միասին ճանապարհ դրավ նրան մինչև Ազատի կամուրջը, շատացավ միայն մի դիտողությամբ․

Դու որ այդքան հոգում ես քո անձի համար, ասաց նա կաթողիկոսին, կփրկես միայն քեզ։ Իսկ կաթողիկոսական աթոռը ժառանգություն կմնա նրանց, որոնք կարող կլինեն նրան պաշտպանել։

Ես հեռանում եմ միայն այդ աթոռը պաշտպանելու համար, ասաց կաթողիկոսը։

Չէ՛, Վեհափառ տեր, այսուհետև քո պաշտպանածը կլինի Հովհաննես կաթողիկոսի՝ բայց երբե՛ք Լուսավորչի աթոռը։ Դու կորցրիր նրան այն օրից, որ հեռացար Դվինից։

Կաթողիկոսն, իհարկե, չհավատաց իշխանի գուշակության և յուր ճանապարհը շարունակեց։

Սևանում ընդունեցին նրան մեծ ուրախությամբ։

Բայց Գևորգ իշխանը վերադառնալով Գառնի, նորեն խորհուրդ կազմեց թագուհու մոտ։ Երկրի ճգնաժամն անցնելու միակ ելքը բաժանված իշխանները միացնելու մեջ էր գտնում, ուստի ի՛նչ կերպ էլ որ լիներ՝ նա պետք է գլուխ բերեր այդ գործը։ Կաթողիկոսի վարմունքը ո՛չ միայն չհուսահատեցրեց, այլ, ընդհակառակը, ավելի ևս ոգևորեց նրան յուր մտադրությունն առաջ տանելու։

Այժմ մենք պետք է մեզ վրա դնենք մեր հույսը, ասաց նա յուր խորհրդակիցներին և որոշեց, որ թագուհին առաջվա նման մնա Գառնիում, որպեսզի արքունական տունը գոնե համարվի Ոստանում։ Այդ անհրաժեշտ էր միության գործի համար։ Որովհետև եթե իշխաններն իմանային, թե Ոստանը, որ երկրի սիրտն էր, ամբողջապես գտնվում է հագարացոց ձեռքում, այն ժամանակ հազիվ թե համաձայնվեին միանալ նրանց դեմ։

Ինչ վերաբերում էր իրան ու Վահրամ սեպուհին, որոշեցին՝ որ ինքը դիմեր Աթաս արքաեղբորը և Աշոտ սպարապետին, իսկ սեպուհը՝ Աղձնյաց ու Մոկաց իշխաններին։ Դրանց համաձայնությունն առնելուց հետ նրանք պիտի դիմեին նաև Վասպուրականի տերերին։

Կաթողիկոսի հեռանալուց մի օր հետո դուրս եկան Գառնիից Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը, յուրաքանչյուրը թիկնապահների մի փոքրիկ խմբով և դիմեցին դեպի իրանց առաքելության վայրերը։

Be the first who will comment on this

Other parts of "Գևորգ Մարզպետունի"

Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online