Muratsan

Գևորգ Մարզպետունի

Թե երբ որոշվեց Սահանույշի բախտը
Դ
ԹԵ Ե՞ՐԲ ՈՐՈՇՎԵՑ ՍԱՀԱՆՈՒՅՇԻ ԲԱԽՏԸ


Այն, ինչ որ պիտի պատմեմ, սիրելի թագուհի, շատ տարվա բաներ չեն․ նրանցից շատերը գուցե և հիշում ես դու, այսպես շարունակեց Սեդան յուր զրույցը։ Թեպետ անցյալը նորոգելը շահ չունի քեզ համար, բայց քո վշտերի արմատը նրա մեջ է թաքնված, ուստի եթե կամենում ենք այդ վիշտը մեղմել, պետք է որ մի փոքր անցյալով զբաղվենք։

Այո՛, Սեդա, անցյալից պիտի սկսես, որովհետև իմ ներկան մեռել է այդ անցյալով․․․ Գուցե քո պատմածների մեջ ես գտնեմ ապացույցներ, որոնք արդարացնեն նրան իմ առաջ․․․ Օ՛հ, ինչպես կկամենայի որ նա արդար լիներ․․․

Թագավորի համար է խոսքդ, այնպես չէ՞։

Զրո՜ւյցդ շարունակիր, Սեդա, այդ մասին հետո․․․

․․․ Այո՛, այն ժամանակ դու դեռ նորատի աղջիկ էիր և ապրում էիր հորդ ապարանքում ուրախ ու անհոգ, ինչպես գարնան առավոտի նորաստեղծ մի թիթեռնիկ․․․ Հանգուցյալ մայրդ սիրում էր քեզ կաթոգին, իսկ Գարդմանա իշխանը յուր ամենաքնքուշ գգվանքները միայն քեզ համար էր պահում։ Դու էիր նաև եղբարցդ հրճվանքի միակ առարկան։ Ի՜նչ զվարճություններով ասես չէին շրջապատում նրանք քեզ։ Սահակ Սևադայի ապարանքը մի զարդ ուներ միայն, այդ գեղանի Սահանույշն էր․ ամբողջ Աղվանքը մի աստղ ուներ, այդ Գարդմանի օրիորդն էր։

Հիշո՞ւմ ես դու այն խնջույքներն ու հանդեսները, որ հաճախ արվում էին քո հոր ապարանքում, այն ձիարշավներն ու զինախաղերը, որ կատարվում էին մեծ բերդի առաջ․․․ Դրանք բոլորը պատրաստվում էին միայն քո պատճառով։

Ինչո՞ւ իմ պատճառով, մայր Սեդա, հայրս զբոսասեր էր ի բնե։

Ո՛չ, ի՛մ սիրելի․ այդպես համարում էին նրան ուրիշները։

Նույնիսկ դրացի իշխանները բամբասում էին հորդ անտեղի զբոսասիրությանց համար։ Բայց Գարդմանա տերը ո՛չ վատնող էր և ո՛չ զբոսասեր։ Ընդհակառակը, նա միակ իշխանն էր հայոց երկրի մեջ, որ խոհեմության, չափավորության և քաջության հետ միասին ուներ նաև ուսումնասեր ոգի, որ յուր տան մեջ դպրոց հաստատեց, դպրապետներ կարգեց և Գարդմանա վանքերում ուսումը ծաղկեցուց․ դրանք հո քաջ հայտնի են քեզ։

Անշուշտ։

Բայց միևնույն ժամանակ նա հյուրամեծար և շքադիր մարդ էր։ Հաճախ նրան այցելում Էին Արցախու, Սյունյաց, Վասպուրականի և ուրիշ շատ տեղերի ազնվատոհմ իշխաններ, նույնպես և Ոստանի արքայազունք։ Գարդմանա տերը չէր կարող չընդունել նրանց յուր անվան ու հռչակին վայել շուքով։ Մանավանդ որ դրանցից շատերը նրա գեղանի դստեր փեսայության պարծանքը վաստակելու նպատակով էին հաճախում Գարդման։ Ծնողներդ և ես այս մասին ոչինչ չէինք հայտնում քեզ․ բայց տեղի ունեցող հանդեսները, զինախաղերն ու ձիարշավները պատրաստվում էին նրա համար, որ դու միջոց ունենաս մրցող իշխանազունների միջից քո սրտի սիրելին և քո սիրույն արժանի փեսացուն ընտրելու։

Հայրդ չէր կամենում խտիր դնել իրան ներկայացող և քո ձեռը խնդրող երիտասարդների մեջ, որովհետև նրանք բոլորն էլ քաջ, բոլորն էլ գեղեցիկ, հարուստ և համբավավոր իշխաններ էին։ Մեկին ընդունելով և մյուսին մերժելով նա կարող էր նախանձի և թշնամության գրգիռ հարուցանել այդ քաջերի մեջ, հետևապես և վտանգի ենթարկել թե՛ յուր և թե՛ նրանց երկրների խաղաղությունը։ Նա տեսնում էր, որ մեր աշխարհի կործանիչ խռովության մեծագույն մասը նմանօրինակ չնչին պատճառներից է առաջացած։

Այդ իսկ պատճառով պայման էր դրել, և, ամենքին էլ պարզ ասում էր, թե «իմ Սահականույշը հարս կլինի ա՛յն իշխանին, որին նա ինքը կհավանե»։ Այս պայմանին նախապես և անտրտունջ համաձայնվում էր ամեն մի իշխան։

Բայց դու, հիշո՞ւմ ես, չհավանեցիր ո՛չ Սյունյաց Սմբատ իշխանին, ո՛չ արքաեղբայր Գուրգեն Արծրունուն, ո՛չ քաջ Ատոմ Անձևացուն, ո՛չ մոկաց տեր Գրիգորին և ո՛չ աղվանական զարմի որևէ մի սեպուհի։

Հիշում եմ, այո․ չհավանեցի և ոչ մեկին․․․ Ես հպարտ էի այդ ժամանակ, ինչպես լեռան կրծքին բուսած բարձրաբուն կաղնին, որ արհամարհում է յուր կողքերը քերող սղոխներն ու քամին, բայց որին վերջապես կործանում է բքաբեր հողմը․․․ Օ՛հ, ինչպես չարաչար պատժվեցա ես իմ հպարտության համար․․․

Թագուհի, եթե դու վրդովվում ես, ապա հրաման տուր, որ լռեմ։

Չէ՛ , Սեդա, խոսի՛ր, բայց այդքան հեռվից մի սկսիր։

Այդպես հարկավոր է, սիրելի տիկին․ ավելի լավ է՝ կարգով պատմել և ոչինչ չմոռանալ, քան շտապել և կարևորը չասել։

Երևի դու կամենում ես, որ ես իմ ցանկացածները դեռ քեզանից չլսած քո՞ւն մտնեմ․․․ այնպես չէ՞, Սեդա, հարցրեց թագուհին ժպտալով։

Ոչ, ես․․․ Բոլորը կպատմեմ․․․ դժվարանալով պատասխանեց Սեդան և նույնպես ժպտաց։

Հասկացա, նպատակդ հասկացա․․․ Բարեսիրտ կին, ինչպե՜ս շատ ես հոգում դու իմ մասին․․․ բայց միևնույն է, ես չպիտի քնեմ այս գիշեր․ ուրեմն պատմի՛ր՝ ինչ որ գիտես, ես սպասում եմ։

Այդպես, սիրելի թագուհի, դու բոլոր փեսացուներին մերժեցիր, և մենք մնացինք շվարած։ Մայրդ դժգոհ էր, որ իշխանը ընտրության իրավունքը տվել է քեզ։ Ես էլ, ի՛նչ մեղքս թաքցնեմ, համաձայն էի մեծ իշխանուհու հետ։ Բայց հայրդ գլուխը շարժեց և ասաց․ իմ Սահանույշը կգտնե յուր արժանավոր փեսացուն․ նրա ամուսինը երևի իշխանականից մի փոքր ավելի բարձր տիտղոս կունենա։

Խե՜ղճ մարդ․ մարգարեացել է․․․ բայց եթե կարողանար գուշակել նաև այն, թե իշխանականից ավելի բարձր կոչում ունեցող այդ փեսացուն ի՛նչ ձյուն պիտի բերեր յուր, խեղճ հորս գլխին․․․

Թողնենք, ուրեմն, թագուհի, այս պատմությունը։ Ես տեսնում եմ, որ որքան էլ զգուշությամբ խոսեմ, դարձյալ պիտի վրդովեմ քեզ, դու սառնասրտությամբ լսել չես կարողանում․․․ Կուզե՞ս, ես պատմեմ Գնունի իշխանների, ողբացյալ Դավթի ու Գուրգենի նահատակության պատմությունը․․․ Ո՜հ, ինչպես սրտաշարժ և միևնույն ժամանակ ոգևորող է նա․․․ Այդ կատարվեց Դվինում, ութ տարի սրանից առաջ․․․ դժոխային գազան Յուսուփի, ձեռքով․․․

Սեդա՛, սկսածդ շարունակիր, նահատակությանց պատմություններ լսելու ցանկություն չունեմ․ շարունակի՛ր, ես այլևս չեմ վրդովվիլ։

Լա՛վ, տեսնենք, ասաց Սեդան ժպտալով և նորից սկսավ յուր զրույցը։ -Եվ այդպես՝ մեծ իշխանի գուշակությունը կատարվեցավ։ Հիշում եմ, ինչպես այսօր․․․ Այո՛, երջանիկ օրեր էին․․․ և անցան։ Բայց ի՞նչը չէ անցնում այս աշխարհում․․․ Ունայնություն ունայնությանց, ամենայն ինչ ընդունայն է, ասել է Սողոմոնը։

Թագուհին ժպտաց։ Սեղան կանգ առավ և նայեց նրան։ Նա կամենում էր իմանալ, թե ինչո՞ւ համար է թագուհին ժպտում։ Վերջինս գուշակեց դայակի տարակուսանքը և ծիծաղելով ասաց․

Ինչպե՜ս ծանր ես պատմում դու, Սեդա՛։

Իսկույն, իսկույն, իմ սիրելի թագուհի, այլևս չեմ ծանրացնի, ասաց Սեդան նույնպես ժպտալով, բայց մի՛ ձանձրանար, եթե մի քիչ հեռվից սկսեմ․․․ Ի՞նչ անեմ, չեմ կարողանում մոռացության տալ հիշատակաց արժանի պատմությունները։

Խոսի՛ր, չեմ ձանձրանում։

Հա․ երբ Սմբատ թագավորին խաչեցին Դվինի առաջ․․․ օ՛, ի՜նչ ծանր օրեր ենք անցրել․ հիշել անգամ սարսափում եմ․․․ այդ ժամանակ Աշոտ դյուցազնը դեռ գտնվում էր Ուտիքում․․․

Դարձյա՞լ Ուտիքում․․․ Ա՜խ, Սե՛դա, այդ անունը մի՛ տար, չեմ կարող լսել․․․

Թա՛գուհի։

Այո՛, կործանվի՛ Ուտիքը, որ ես նրա անունը այլևս չլսեմ․․․ նյարդային ցնցումից վրդովված բացականչեց թագուհին և ներքին հուզմունքից բոլորովին այլայլվեց։ Մի երկու վայրկենի մեջ նա այնպես փոխվեցավ, որ Սեդան քաշվեցավ, ճնշվեցավ ինչպես մի հանցավոր․ նա լռեց և դիտում էր թագուհուն երկչոտ հայացքով։ Վերջինս, սակայն, էլ չէր նայում դայակի վրա։ Յուր գեղանի, բայց թախիծով լի աչքերը ուղղել էր պատուհանին, որի նեղ ու երկար անցքի միջից թափանցում էին լուսնի կաթնագույն շողերը։ Թվում էր, թե նա դիտում է լուսանցքի պատի վրա այդ շողերի նկարած կամարազարդի պատկերը կամ հեռվում աղոտ կերպով նշմարվող մթապատ լեռների արտևանունքը․․․ Բայց նա իսկապես ոչինչ չէր տեսնում և մինչև անգամ ոչինչ չէր մտածում, նրա սիրտը հուզված, հոգին խռովված էր, ուստի և միտքը սլանում էր խավար ու անպարունակ դատարկության մեջ, ուր մերթ ընդ մերթ հանդիպում էին նրան լուսավոր շերտեր, որոնց վրա նկարված էին լինում յուր վշտերի զանազան պատկերները, բայց նա կանգ չէր առնում նրանց առաջ, և շարունակ թռչում էր հեռո՜ւ, հեռո՜ւ, դեպի խավար, անսահման տարածությունը, ուր հետզհետե նվազում էին անհաճո պատկերները, ուր թագավորում էր միայնություն, լռություն և մոռացումն․․․

Երկար այս դրության մեջ մնաց թագուհին և ապա վերջապես խոր հոգոց հանեց։ Կարծես ծանր աշխատությունից վաստակաբեկ նա յուր աչքերը դարձրեց դեպի Սեդան հոգնած ձևով, նայեց և գլուխը շարժեց։

Խեղճ դայակը դեռ լուռ, անշշունջ և ձեռքերը կրծքին խաչած՝ նայում էր թագուհուն։ Մի փոքր առաջ նրան թվացել էր, թե յուր սիրասուն Սահանույշը՝ չդիմանալով վշտերի ծանրության, խելագարվում է արդեն․․․ չէ՞ որ նրան յուր հոր տանը պահել, մեծացրել էին այնպես փափուկ, այնպես քնքուշ, ինչպես արքայական բուրաստանի այդ գողտրիկ շուշան, որին միայն գարնան հովը կարող էր շարժել և այգածին ցողը՝ կամ մեղմով ճնշել, բայց երբե՛ք գեղջուկի կոշտ, կոպիտ ձեռքերը․․․ Սակայն այդ բուրաստանի ծաղիկը, այդ ձյունաթույր շուշանը կքում է այժմ յուր գլուխը դառնաշունչ հողմի, ծանր վշտերի հարվածների տակ, մի՞թե կարող էր նա դիմանալ․․․ Այդպես էր մտածում Սեդան։

Բայց երբ տեսավ, որ թագուհին նայում է իրան խաղաղ և անվրդով հայացքով, որովհետև նյարդերի գրգռումն անցել էր արդեն, նա հանգիստ շունչ քաշեց և ձեռքերի խաչը լուծեց։

Սեդա՛, շարունակիր պատմությունդ, ասաց թագուհին մեղմ և հանգիստ ձայնով։

Շարունակե՞մ․․․ բայց․․․ չգիտեմ, չեմ հիշում, թե ո՛րտեղ մնացի․ այնպե՜ս շփոթեց ինձ քո վրդովմունքը․․․

Պատմում էիր Սմբատ թագավորի մասին, թե խաչեցին Դվինի առաջ․․․ Այո՛, հիշում եմ․ բայց․․․ ի՞նչ ասեմ, ի՛մ թագուհի, ի՛մ հրեշտակ, դու նեղանում ես, վրդովվում ես․․․ քո Սեդան պառավել է, չի կարողանում այնպես հարմարեցնել յուր զրույցները, որ հաճույք պատճառե քեզ․․․ ինչպե՞ս անեմ․․․

Չէ, Սեդա՛, այդպես լավ է․ այժմ տեսնում եմ, որ զրույցներն օգնում են ինձ․ ես կամաց-կամաց ընտելանում եմ իմ վշտերը հիշեցնող ակնարկներին․ այդ լավ է․ երևի ես այժմ կսովորեմ հաշտվել իմ դրության հետ, դու շարունակի՛ր։

Իհարկե, իհարկե․ չպետք է հո միշտ տանջվել․ աստված ոչ ոքի առանց ցավերի չէ ստեղծել․․․ Բայց դու, իմ հրեշտակ, խմի՛ր դարձյալ մի բաժակ օշարակ, նա ավելի ևս կհանգստացնե քեզ, ասաց Սեդան, սիրտ առնելով թագուհու խոսքերից, և ապա վեր կենալով բերավ նրան օշարակ։

Թագուհին թեպետ ախորժանքով չվայելեց առաջարկված ըմպելիքը, բայց դայակի սիրտն ամոքելու համար տրտունջ չհայտնեց։ Բաժակը դարձնելով Սեդային նա հենվեցավ թավշյա բարձերին և սկսավ լուռ նրա զրույցը լսել։

Այո՛, այդպես․ անխոհեմ և ամբարիշտ իշխանների շնորհիվ այդ զարհուրելի և անարգ հարվածը հասավ մեր գլխին․ սուրբ և առաքինի թագավորին խաչեցին փայտի վրա, յուր իսկ մայրաքաղաքի առաջ․․․

Բայց այդ գազանային վրեժխնդրությունը տեղի չէր ունենալ, եթե հայ իշխանները միանային, թև ու թիկունք լինեին իրանց դյուցազնասիրտ թագավորին և ընդհանուր ուժով դեմ դնեին հայրենիքի թշնամուն․․․ Այդ թշվառությունը չէր պատահիլ, եթե տիրանենգ և դավաճան Գագիկ Արծրունին Վասպուրականում թագավորելու փառամոլությամբ կուրացած՝ չմիանար Յուսուփ ոստիկանի, յուր հայրենիքի անհաշտ թշնամու հետ, չկրկնապատկեր նրա կործանիչ ուժը, չբանար նրա առաջ փակված ճանապարհները, որի արդյունքը եղավ բազմաթիվ հայ զորքերի կոտորածը, բերդերի և ամրոցների առումը, ժողովրդյան ջարդը․․․ Այս ամենը տեսավ առաքինի թագավորը, որ ամրացած էր Կապույտ բերդի մեջ, և որին, հարկավ, թշնամին վնասել չէր կարող․ բայց չդիմացավ․ չկարողացավ սառնասրտությամբ նայել բյուրավոր զոհերին, անընդհատ հոսող արյանը, և մտածեց․ «Թշնամին իմ անձին է հետամուտ, ինչո՞ւ թույլ տամ, որ իմ պատճառով հայրենիքն ավերվի․․․ Ավելի լավ չէ՞, որ նրա փրկությունը գնեմ իմ արյամբ, քանի որ դավաճան իշխանները ջլատել են մեր ուժը, թուլացրել մեր բազուկը և մենք զենքի ուժով թշնամուն դիմադրել չենք կարող․․․»։ Եվ ահա նա դուրս եկավ բերդից և հանձնեց իրան թշնամուն, ճիշտ այնպես, ինչպես Հիսուս, սիրո և խաղաղության վարդապետը, հանձնեց իրան հրեից գազանամիտ ամբոխին՝ Գողգոթայի վրա անարգանաց խաչին բևեռելու․․․

Այդտեղ էր այդ ժամանակ և Գագիկ Արծրունին, հայոց Հուդան․․․ Բայց ոչ․ նրան Հուդա անվանել չէ կարելի, Հուդան խիղճ ուներ, սիրտ ուներ․ նա երբ տեսավ, որ յուր անմեղ ու բարի վարդապետին մատնել է երեսուն արծաթի համար, գարշեցավ յուր անձից և գնաց կախվեցավ։ Բայց Գագիկ Արծրունին՝ երբ տեսավ, թե յուր շնորհիվ հայրենիքի պաշտպան, անձնվեր և քաջ թագավորը մատնված է թշնամու ձեռքը, հոգաց յուր անձի անդորրության մասին, ձի նստեց և շտապեց յուր երկիրը, որպեսզի Յուսուփից ստացած և ազգից անիծված թագի փառքը ապահովության մեջ վայելե․․․ Օ՛, և այդ հրեշը դեռ ապրում է աշխարհում․ արքայական շուքով զբոսանքներ է կատարում Վասպուրականի մեջ․․․ և Աղթամարում, ասում են, հոյակապ եկեղեցի է կառուցանում․․․ Ինչո՞ւ համար։ Արդյոք հավիտենականի ա՞չքն է ուզում խաբել, թե՜՞ ապագա սերունդների անեծքից է կամենում ազատվել․․․ Ինչո՞ւ, ո՜վ բարերար աստված, ինչո՞ւ այդ եկեղեցու կամարները չես փլեցնում նրա գլխին․ միթե դու պիտի ընդունե՞ս այն աղոթքն ու պատարագը, որ դավաճանի ձեռքով կառուցած եկեղեցում պիտի վերառաքեն քեզ․․․

Սեդան այդ հիշատակներով այնպես հուզվեցավ, որ վերջին խոսքերն արտասանելիս նրա շրթունքները դողում և աչքերը փայլում էին անսովոր կրակով։

Մի՛ հուզվիր, մայր Սեդա, ասաց թագուհին, Արծրունյաց տոհմը հարուստ է դավաճաններով․ բարիք սպասել նրանցից անկարելի է։ Մեհրուժան Արծրունին Շապուհի հետ միացավ, որպեսզի քրիստոնեությունը Հայաստանից բառնա և Արշակունյաց գահը հափշտակե․ բայց այդ ժամանակ ազգը ուժ ուներ և դավաճանին չարաչար պատժեց։ Վաչե Արծրունին յուր արբանյակներով Վռամա հետ միացավ և հայոց թագավոր Արտաշիրը նրա ձեռքը մատնելով, Արշակունյաց տերությունը կործանեց։ Գագիկ Արծրունին էլ հագարացիների հետ էր միացել՝ Բագրատունյաց հարստությունը ջնջելու հուսով․ և այդ միայն նրա համար, որ Սմբատ թագավորը մերժել էր նրա ապօրինի խնդիրը, այսինքն՝ Նախիջևանը չէր տվել իրան, որ Սյունյաց Սմբատ իշխանի հայրենական կալվածքն էր․․․ Չպետք է զարմանալ և վրդովվել, որովհետև ո՛չ փշից խաղող կքաղվի, ո՛չ տատասկից՝ թուզ։

Բայց ինչպե՞ս չվրդովվես, երբ տեսնում ես, թե նա այդ բոլոր ոճիրները գործելուց հետո դեռ ապագա սերունդը խաբելու համար էլ հիշատակարաններ է կառուցանում․․․

Այդ եկեղեցին հավիտյան չի ապրիլ, Սեդա՛,-ընդհատեց թագուհին, բայց մատնչի անունը կմնա անմոռաց։

Դրա համար էլ հոգացել է Գագիկը։ Ասում են, որ յուր ազգից Թովմա Արծրունի անունով մի վարդապետ գրում է այժմ Արծրունյաց ցեղի պատմությունը։ Հարկավ, այդ վարդապետը պաշտելի դյուցազանց կարգը կդասե յուր ազգակցին։

Ուրիշներն էլ կգրեն, Սեդա՛, ճշմարտությունը չի թաքչիլ․․․ Բայց դու մեր զրույցի նյութից հեռացար։

Հա՛, այն էի ասում, երբ դյուցազն ամուսինդ լսեց յուր հոր՝ Սմբատ արքայի մարտիրոսական մահը, Երնջակի առումը և Սյունյաց տիկնոջ, այլև ուրիշ ազատանի կանանց Յուսուփից գերվիլը, կայծակի արագությամբ իջավ Բագրևանդ։ Նա վառված, բորբոքված էր վրեժխնդրության բոցով։

Պետք է տեսնեիր դու նրան այն ժամանակ, երբ յուր զորքերով անցնում էր Գարդմանից։ Այդ օրերը դու մեծ տիկնոջ հետ հյուր էիր Խաչենում։ Ինչպես լեռնային մի հեղեղ, ինչպես գարնանազայր մի փոթորիկ, այնպես անցավ նա մեր դաշտերից։ Մեծ չէր յուր զորքի թիվը ընդամենը վեց հարյուր հոգի․ բայց նրանցից ամեն մինը կվաներ հարյուր հագարացի։ Բոլորն էլ հաղթանդամ, հաստաբազուկ, զրահազգեստ, երկաթակուռ վահաններով, հզոր նիզակներով, ծանր սրերով, ամենքի աչքերիցն էլ կրակ ու կայծակ Էին թափվում․ նրանց տեսնողը կա՛մ պիտի սարսափեր, կա՛մ ոգևորվեր։ Իսկ ինքը արքայորդին․․․ Կարո՞ղ եմ միթե նկարագրել, կատարյալ հին դարերի մի դյուցազն։ Երբ գալարափողերը յուր գալուստը հայտնեցին և նա սյունեցի նժույգի վրա նստած՝ հառաջապահ գնդի հետ միասին մոտեցավ բերդին, Գարդմանը կարծես տեղից դղրդաց․․․ Բոլոր ժողովուրդը շունչը բռնած՝ նրան էր հետևում, բոլորը մի աչք դարձած՝ նրան Էին նայում։ Եվ քանի՛-քանի՛ բերաններ այդ րոպեին օրհնանք կարդացին և բարեմաղթություններ արին նրա համար․․․

Երբ դղյակի առաջ հասավ, իջավ ձիուց։ Այդ ժամանակ ահա՛ երևան եկավ բուն դյուցազնը։ Բարձրահասակ, թիկնավետ, թխադեմ, բայց գեղեցիկ կենդանի աչքերով, որոնց մեջ շողում էր բարություն՝ երբ խոսում էր մեզ հետ և փայլում կրակ՝ երբ զորքին էր հրամայում։ Հոր մահվան պատճառով նա սևազգեստ էր տակավին։ Չկար վրան ո՛չ ոսկու և ո՛չ արծաթի զարդ։ Նույնիսկ սաղավարտը սև պողպատից էր, իսկ դեմքը համակված անուշ տխրությամբ։ Այսուամենայնիվ, այս բոլորը ոչինչ չէին պակսեցնում նրա առնական գեղեցկությունից։

Սահակ իշխանի հետ գրկախառնվեցավ նա դղյակի մուտքի մոտ․ նրանք համբուրվեցան և արտասվեցին, հարկավ ապաբախտ արքայի մահը հիշելով․․․

Հազիվ մի քանի ժամ մնաց մեզ մոտ արքայորդին։ Իշխանի աշխատությունը՝ գոնե մի օր պահել նրան մեզ հետ, ապարդյուն անցավ։ -«Հյուրասիրելու և հյուրասիրվելու ժամանակ չէ, իշխան, ասաց նա հորդ, երկիրը ոտնակոխ է լինում, պետք է փրկության հասնել»։ Իմ քաջերից կտամ քեզ մի գունդ, եթե կխոստանաս արշավանքդ հաջողությամբ պսակելուց հետո վերադառնալ Գարդման՝ գեթ մի շաբաթ ինձ հյուր լինելու, ասաց իշխանը արքայորդուն։

«Խոստանում եմ վերադառնալ երկիրս ազատելուց հետո, ասաց արքայորդին․ իսկ քո օգնության համար կմնամ՝ շնորհապարտ, որովհետև Գարդմանա զորաց քաջությանը կարող եմ վստահանալ։

Եվ իշխանը արքայորդու ձեռքը տվավ հինգ հարյուր քաջերից կազմած այն բանակը, որ հսկում է Գարդմանա մուտքին։

Երեկոյան դեմ հեռացավ արքայորդին յուր և իշխանի տված զորքերով։ Չեմ կարող մոռանալ երբեք այն վայրկյանը, որ նա Սահակ իշխանի հետ համբուրվելով՝ յուր օդապարիկ նժույգն աշտանակեց։ Գարդմանացի աղջկերանց հարյուրավոր աչեր գերեց նա յուր հետ, երբ պողպատյա սուրը օդի մեջ շողացնելով բարձրագոչ որոտաց․ «Հառա՛ջ, քաջերս․․․»։ Գարդմանա ձորը արձագանք տվավ․ կարծես Հարյուր մարդ միասին գոռացին, այնքան ահեղ էր դյուցազնի ձայնը։

«Կեցցե՜ արքայորդին, կեցցե՜ ընդ համայր ամս», որոտընդոստ ձայնով պատասխանեց զորքը և առաջ խաղաց։

Իշխանը ճանապարհ դրավ արքայորդուն մինչև Գարդմանա կամուրջը, և երբ վերադարձավ, ասաց ինձ առանձին, Սեդա՛, գոհ եմ, որ Սահանույշն այստեղ չէր այսօր․ սա աստծու տնօրինությունն է։ «Ինչո՞ւ», հարցրի ես իշխանին։

Արքայորդին գեղեցիկ է բոլոր այն իշխաններից, որոնք երբևիցե խնդրել են իմ դստեր ձեռը։ Եթե Սահանույշը այստեղ լիներ, անկարելի է, որ այս քաջը նրա սիրտը չգերեր։

Ավելի լավ, ասացի ես իշխանին․ մի՞թե դու կմերժեիր քո դստեր ձեռը հայոց ապագա թագավորին։

Ոչ, Սեդա, չէի մերժիլ․ բայց դեռ հարց է, թե կժառանգե՞ նա հոր գահը։ Գիտե՞ս, թե որքան արգելքներ ունի բառնալու։ Արտաքին թշնամիները պիտի վանե, ներքինները՝ նվաճե․ իսկ դրա համար հսկայական ուժ, հզոր աշխատություն և մեծ փորձառություն է հարկավոր։ Տեսնենք, թե երիտասարդ արքայորդին կունենա՞ այդ բոլորը։

Եթե չունենա՞, հարցրի ես։

Այն ժամանակ կընկճվի և հոր գահը կկորցնե։ Այդ դեպքում, հարկավ, կդժբախտանար իմ դուստրը, եթե նա սիրում լիներ արքայորդուն։ Իսկ այժմ նա ազատ է այդ երկյուղից։ Եթե Աշոտը կհաջողի հոր գահը պայազատելու, այն ժամանակ ես դարձյալ կփեսայացնեմ նրան։

Գուցե հաջողության ժամանակ Գարդմանա օրիորդը նրան չգրավե, ասացի ես իշխանին։

Բայց Սահակ Սևադայի հզոր աջակցությունը կգրավի, պատասխանեց իշխանը վստահությամբ, քաջերի այն գունդը, որ ես տվի նրան, մեր նշանտուքի գրավականն է։ Նա ասաց, թե «այս օգնության համար կմնամ քեզ շնորհապարտ»։ Մենք իրար հասկացանք և արքայորդին յուր խոստումը կկատարե․ մանավանդ որ ապագայում պիտի կարոտի իմ աջակցության։

Ուրեմն հարցը վճռվա՞ծ է, իմ Սահանույշը ապագա թագուհի՞ն է, հարցրի ես հորդ։

Այո՛, այդպես որոշեցի ես, հենց որ արքայորդին մտավ Գարդման, ասաց իշխանը հաստատուն ձայնով։ Եվ, ահա՛, այդ օրը, իմ սիրելի Սահանույշ, քո ապագա բախտը որոշվեցավ։

Be the first who will comment on this

Other parts of "Գևորգ Մարզպետունի"

Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online