Muratsan

Գևորգ Մարզպետունի

Անհանգիստ մարդը
ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Ա
ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԱՐԴԸ

Ախուրյան գետի արևմտյան ափի վրա, այնտեղ, ուր Տեկորի վտակը խառնվելով՝ գործում է ջրապարփակ մի եռանկյուն, կառուցած էր հինավուրց մի քաղաք։ Հարավային կողմից, որ միակ դյուրամատույցն էր, պատում էին նրան բարձր պարիսպներ և հզոր աշտարակներ, արևելյան և հյուսիսային կողմից ձգվում էր Ախուրյանի խորաձորը, որի հատակում մռնչում էր գետը ահավոր ձայնով, իսկ արևմուտքից պատում էր նրան մի ահագին անդունդ, որի ափերի վրա բարձրանում էին լեռնաձև ժայռեր ու անհեթեթ ամբարտակներ և ձգվելով տարածվում մինչև միջնաբերդը, որ թառած էր քաղաքի հյուսիսային կողմը գտնվող մի ահեղ բարձրության վրա։

Ութ դար առաջ այդ քաղաքը դիցապաշտական մի վեհավայր էր։ Այդտեղ էին ժողովված հեթանոս հայերի գլխավոր սրբությունները, այդտեղ էին գտնվում նշանավոր կուռքերն ու նրանց մեհյանները և այդտեղ էին կատարվում կրոնական հանդեսներն ու մեծածախ զոհագործությունները։ Դա նշանավոր Բագարանն էր, Երվանդ Բ․-ի ձեռակերտը։ Այդտեղ կռոց տաճարներից զատ գտնվում էին նաև հոյակապ ապարանքներ, որոնց մեջ ապրում էին արքայազն քրմապետները՝ իրանց դրանիկներով և հարյուրավոր ծառաներով․ այդտեղ վխտում էին քուրմեր ու քրմուհին, որոնք բնակիչների մեծագույն մասն էին կազմում։ Հեթանոս ժողովուրդը դիմում էր այդ քաղաքը Հայաստանի հեռավոր սահմաններից, զոհում էր մշտավառ բագինների վրա և մատուցանում աստվածներին առատ նվերներ, որոնցով օրըստօրե հարստանում էին մեհյանները և քրմապետների գանձարանը։ Երեք դար շարունակ կանգնած էին այդտեղ դիցական պատկերներ և շուրջ երեք դար աղոթում էր նրանց առաջ հայոց ժողովուրդը, բայց այդ ժամանակ դժբախտ չէր Բագարանը, նա երկյուղ չէր կրում թշնամիներից, և նրա պղնձապատ դռները չէին փակվում հարձակվող հրոսակների առաջ։ Այդտեղ ապրում էին միայն աղոթելու և զվարճանալու համար։

Անցան այդ դարերը։ 925 թվականին Բագարանը ուրիշ պատկեր էր ներկայացնում։ Չկային այլևս կռոց մեհյաններ, չէին երևում կռապաշտական հիշատակարանների հետքերը, դրանց փոխարեն զարդարում էին Բագարանի բարձունքը հոյակապ եկեղեցիներ և գեղաշեն մատուռներ։ Հեթանոսական պաշտամանց փոխարեն լսվում էր դրանց մեջ բարեպաշտ քրիստոնեի աղոթքն ու մրմունջը, մարդիկ պաշտում էին այդտեղ ճշմարիտ աստծուն, բայց նրանք այժմ բախտավոր չէին այնպես, ինչպես որ էին իրանց հեթանոս նախահայրերը․․․ Նախկին ազատությունն ու խաղաղ կյանքը անծանոթ էին այժմ Բագարանին։ Նա շրջապատված էր ամրություններով, բարձր պարիսպներն արգելում էին ժողովրդի ազատ ելումուտը, մռայլ աշտարակները նայում էին իրանց շուրջը ահարկու աչքերով, իսկ Ախուրյանի խորաձորը տխրեցնում էր անցորդին յուր ամայությամբ։

Այստեղ այդ միջոցին ամրացած էր թագավորի հորեղբայր Աշոտ սպարապետը յուր զորքերով ու գանձերով։ Այստեղից նա զգուշությամբ հսկում էր յուր կալվածներին և սեփական հպատակներին, բայց զլանում էր յուր պաշտպանությունը նրանց, որոնք թագավորի հպատակներն էին։ Տարիներ առաջ թագ ստանալով Յուսուփ ոստիկանից, սպարապետն աշխատեց հեռացնել գահից յուր եղբորորդուն հարազատ թագավորին և նրա տեղն անցնել, բայց նպատակին չհասավ և միայն երկիրն ավերեց ու տակնուվրա արավ․ այդ պատճառով ժողովուրդը «բռնակալ» անունը տվավ նրան։ Իսկ նա այդ օրից անտարբեր աչքով էր նայում իրան հպատակ չեղող ժողովրդի թշվառության վրա և ուրախանում էր արքայի անհաջողությունները լսելով։

Այս ամենը, սակայն, չարգելեց Հովհաննես կաթողիկոսին ապաստան որոնել ազգից անարգված «բռնավորի» մոտ։ Նա, ինչպես տեսանք, փախավ Բյուրականից հենց այն ժամանակ, երբ Բեշիրը զորքով գալիս էր յուր դաստակերտի վրա և երբ յուր ներկայությունը կարող էր Բյուրականի առումը խափանել։ Բայց նա յուր մերձավորներով դիմեց Բագարան և ապավինեց «բռնավորի» պաշտպանության։

Այդ օրից սկսած սպարապետը հովանավորում էր կաթողիկոսին, և վերջինս կատարյալ հանգստություն էր վայելում նրա մոտ։

Բայց, ահա՛, մի գեղեցիկ օր Բագարանի խորաձորն իջավ սպառազեն հեծյալների մի խումբ, որ գալիս էր վեհափառ հոր՝ ամիսներից ի վեր վայելած հանգստությունը խանգարելու։

Խմբի պետը Գևորգ Մարզպետունին էր․ նրան ընկերակցում էին յուր թիկնապահները։

Բայց ինչո՞ւ համար էր նա դիմում Բագարան։

Պատճառը իշխանի մի նոր դիտավորությունն էր։

Անցել էին ամիսներ։ Մարզպետունու տարած հաղթությունները իրանց արդյունքը բերին։ Հագարացիք հետզհետե հայաբնակ գավառներից չքացան․ Բեշիրը յուր ունեցած զորքով փակվեց Դվինում՝ առանց այնտեղից ելնել համարձակվելու։ Բերդերում ամրացած հայ իշխանները սիրտ առան Մարզպետունու օրինակից և, թողնելով պաշարված դրությունները, հարձակվեցան իրանց սահմաններում որջացող արաբացի հրոսակների վրա և վանեցին նրանց ամեն տեղից։ Նորեն խաղաղություն տիրեց, ժողովուրդը շունչ առավ և շինականն ու քաղաքացին սկսան իրանց առտնին գործերով զբաղիլ։

Բացի այդ, պետական զորախմբերը, որոնք արքայի երկարատև բացակայության և, մանավանդ, միմյանց հաջորդող անհաջողությանց պատճառով ցրվել էին զանազան կողմեր և կամ այս ու այն իշխանի դրոշի տակ մտել, լսելով Մարզպետունու հաջողությունները և իմանալով, որ նա գործում է թագավորի հրամանով՝ գունդագունդ եկան և միացան նրա զորքին։ Այսպիսով Մարզպետունու բանակը ստվարանալով՝ զորքերի թիվը հասավ հազարների։

Եվ ահա՛ հաջողությունները նոր միտք ծնեցրին իշխանի գլխում։ Նա որոշեց ձեռնարկել այնպիսի մի զորավոր միջոցի, որով կարողանար միանգամայն երկիրը հագարացիներից ազատել և գահի հաստատությունն ընդմիշտ ապահովել։ Նա կամենում էր հարձակվել Դվինի վրա, գրավել մայրաքաղաքը և հալածել այդտեղից Բեշիրին, քանի ոստիկանը չէր վերադարձել Ատրպատականից։

Բայց որովհետև յուր այդ ձեռնարկությունն ավելի դժվարին էր քան առաջինները, ուստի մտածեց ավելի հիմնավոր պատրաստություններ տեսնել դրա համար։ Նա խորհուրդ արավ յուր զինակիցների, այն է՝ Վահրամ սեպուհի, Մուշեղ բերդակալի և Գոռ որդու հետ և որոշեց, որ զորաբանակը մնա տակավին Գեղա լեռներում, ուր Մազազի, Ոստանի և Ուրծաձորի ժողովուրդը առատ պաշար էր հոգում նրա համար, իսկ ինքը գնա Բագարան՝ խորհուրդ տալու կաթողիկոսին՝ վերադառնալ յուր աթոռը-Դվին, ապա անցնե Երազգավորս՝ հորդորելու արքաեղբայր Աբասին՝ հաշտվել թագավորի հետ և սիրով ընդունել նրան, եթե վերջինս վերադառնալու լիներ յուր աթոռանիստը՝ Երազգավորս։ Այնուհետե նա պիտի դիմեր Սևան՝ թագավորին ու թագուհուն հրավիրելու, որպեսզի Դվինի վրա հարձակված ժամանակ Ոստանում գտնվեր թագավորը և օգներ իրան յուր մասնակցությամբ կամ խորհուրդներով։

Կեսօր էր։ Իշխանը յուր խմբով Ախուրյանն անցնելով՝ սկսավ դեպի Բագարանի լանջիվերը բարձրանալ։ Այդ վերելքը, որ դյուրագնաց էր, սկսում էր գետաձորից և աստիճանաբար բարձրանում մինչև քաղաքի հարավային սահմանը, ուր կանգնած էին պարիսպները, նրանց վրա շրջում էին պահանորդներ, որոնք ուշադրությամբ դիտում էին մոտեցողներին։

Նժույգներն ընթանում էին արշավասույր, և նրանց ասպազենը փայլում էր արևի առաջ։ Խմբի համարձակ ընթացքից գուշակեցին պահապանները, որ եկվորները բարեկամներ են։ Ուստի ամրոցի երկաթապատ դռներն անարգել բացվեցան նրանց առաջ։

Իշխանը դիմեց ուղղակի սպարապետի ապարանքը՝ յուր առաջին ողջույնը նրան մատուցանելու։ «Բռնավորը», որ տակավին թագավոր էր անվանում իրան և նույն անունով ճանաչվում թե՛ Շիրակի դաշտում և թե՛ Արշարունյաց ձորում, ընդունեց իշխանին արժանավայել մեծարանքով։

Եթե իմանայի, որ հաղթող Մարզպետունին պիտի մեզ այցելե, շքախումբ կուղարկեի նրան դիմավորելու, ասաց սպարապետը ժպտալով։

Քո խոնարհ ծառան, մեծափառ, տեր, գոհ է արդեն այս ընդունելությամբ, որին, գուցե և, արժանի չէ, պատասխանեց իշխանը համեստությամբ։

Արժանի՞․․․ ի՞նչ ասացիր դու․ հարցրեց իսկույն սպարապետը․ քեզ դափնիներով պիտի պսակեն և հաղթական կամար կանգնեն ամեն տեղ։ Բեշիրը փախուստի վրա է մտածում, իսկ Դվինի, ամիրաները դողալով են քո անունն արտասանում․․․ Ինչո՞ւ այդ աստիճան սարսափեցրել ես դու նրանց։

Մարզպետունին ժպտաց և այդ ժպիտի տակ թաքցրեց յուր կասկածը, որով նա վերաբերվում էր դեպի սպարապետի անկեղծությունը։ Նա գիտեր, որ այդ գովությունները տրվում են իրան առերես, և յուր զենքի հաջողությունը բնավ ցանկալի չէ «բռնավորին»։

Կփափագեի իրավամբ արժանանալ այդ դրվատյաց․․․ բայց որքա՜ն հեռի եմ ես նրանցից, նկատեց իշխանը լրջությամբ։

Օ՛, մի՛ ասիր այդ․ իմ եղբորորդին բախտավոր է, որ քեզ նման զինակից ունի, բացականչեց սպարապետը․ բոլոր Երասխաձորը կնվիրեի նրան, ով քեզ զուգատիպ մի համհարզ կգտներ ինձ համար։

Իշխանը սևեռեց յուր հայացքը սպարապետի աչքերին, կամենալով, կարծես, թափանցել նրա սրտի մեջ և դուրս կորզել այդտեղից չարակամության ու նախանձի ոգին։ Նրան թվում էր, թե հենց այդ ոգին է, որ խոսում է յուր հետ այդ վայրկենին․ նա խոր վիշտ զգաց և հոգվոց հանեց․․․

Եվ ինչպե՞ս չվշտանար։ Յուր առաջ կանգնած էր Սմբատ թագավորի հարազատ եղբայրը, պարթև հասակով, գեղեցիկ դեմքով, քաջալանջ և հաստաբազուկ․ նրա ձայնը որոտում էր, երբ խոսում էր յուր հետ, և գետինը թնդում, երբ քայլում էր նրա վրա։ Եվ այս հզոր մարդը փոխանակ թագավորի, հետևապես, և հայրենիքի պաշտպանը լինելու, նրա թշնամին ու հակառակորդն էր․ փառամոլությունը փակել էր նրա հոգու աչքերը, օտարի նենգամտությունը հիմարացրել էր նրան և մահմեդական մի ոստիկանի տված ունայն թագը մեռցրել էր նրա սրտում զգացմունքներից ազնվագույնը՝ սերը դեպի հայրենիքը․․․ Եվ այս զորավոր հսկային փոքրացնում, ոչնչացնում էր չարակամության զգացումը, նրա լեզուն չէր կարողանում «թագավոր» անունը տալ Աշոտ Երկաթին, նրա մասին խոսելիս՝ նա ասում էր «իմ եղբորորդին», կարծես վախենալով, թե միգուցե «արքա» կամ «թագավոր» անվանելով նրան՝ զրկե իրան աշխարհի բոլոր բարիքներից․․․ Եվ սակայն գովաբանում, բարձրացնում էր նրա հավատարմին, աշխատում էր գրավել Մարզպետունու սիրտը, որպեսզի հարմար դիպվածում կարող լինի նրան կապել յուր հետ և կամ հեռացնել հարսպատ թագավորից։

Այս ամենը հասկանում էր իշխան Մարզպետունին, կարդում էր նրա սիրտը յուր իսկ դեմքի վրա, այն դեմքի, որ այնքան վեհ ու հպարտ էր երևում արտաքուստ, ոի ստեղծվել էր կարծես հարգանք ու ակնածություն ներշնչելու համար, բայց որին նսեմացնում էին փոքրոգության ստվերները․․․ Ինչպե՞ս ուրեմն չվշտանար, ինչպե՞ս չհառաչեր հայրենասեր հոգին։

Սակայն սպարապետը իշխանի հայացքից խուսափելու համար շտապեց հարցնել նրա գալստյան պատճառը։

Բագարանը, իշխան, դու չես սիրում բնավ, անշուշտ ունիս դու մի կարևոր խորհուրդ, որ ստիպել է քեզ մեզ այցելելու, ավելացրեց նա ժպտալով։

Այո՛, ունիմ,-պատասխանեց Մարզպետունին և հայտնեց նրան յուր գալստյան պատճառը, որ էր՝ դարձնել կաթողիկոսը յուր աթոռը։

Ինչո՞ւ համար ես կամենում զրկել մեզ Վեհափառի հովանավորությունից, հարցրեց սպարապետը խորհրդավոր եղանակով։

Նրա համար, որ այսօր կամ վաղը ոստիկանը պիտի վերադառնա Ատրպատականից և եթե անտեր գտնե կաթողիկոսարանը, անշուշտ կհափշտակե նրան, որպեսզի դրանով Բեշիրի կրած պարտության վրեժը լուծե մեզանից։

Բայց ի՞նչ կշահե նա դրանով։

Ինչ կշահե՞․․․ մի՞թե հայտնի չէ քեզ այդ։ Հարյուրավոր վանքեր ու միաբանություններ կերակրվում են կաթողիկոսարանի կալվածոց հասույթով։

Այո՛, այդ ուշադրության արժանի կետ է։ Վանքերը կորուստ կունենան․․․ պատասխանեց սպարապետը և ապա մի խորհրդավոր հայացք ձգեց Մարզպետունու վրա։ Նրան թվում էր, թե իշխանը ուրիշ գաղտնի դիտավորություններ էլ ունի, որոնք, սակայն, ծածկում է իրանից, բայց չէր կարողանում գուշակել, թե ի՞նչ դիտավորություններ են դրանք։

Ինքը՝ Մարզպետունին էլ ոչինչ չհայտնեց և զգուշանում էր ավելին խոսելուց։

Կարո՞ղ եմ այժմ տեսնել Վեհափառին, հարցրեց իշխանը, կարծելով թե հայրապետը գտնվում է սպարապետի ապարանքում։

Ինչո՞ւ չէ․ բայց կցանկանայի, որ հանգիստ առնեիր մի փոքր․ Վեհափառի տան ճանապարհը բավական հեռի է և դժվարագնաց, դու կարող ես հոգնել, մանավանդ որ արևը սաստիկ այրում է։

Մի՞թե նա այստեղ, քո ապարանքում չէ՞,-զարմացած հարցրեց իշխանը։

Ո՛չ։

Ուրեմն քաղաքացիներից մինի տա՞նն է ապրում։

Դարձյալ ոչ, նա լինում է միջնաբերդում, պատասխանեց սպարապետը ժպտալով։

Միջնաբերդո՞ւմ․․․ ի՞նչ է շինում նա այնտեղ, բացականչեց Մարզպետունին։

Այն օրից ի վեր, որ դու քո խմբերով սկսար անհանգիստ անել հագարացիներին, Վեհափառը փախավ միջնաբերդը, նա չէ վստահանում յուր պաշտպանությունը նույնիսկ իմ զորքերին։

Ահա՛ մի մարդ, որ աստուծո տված պարգևը գնահատում է ըստ արժանվույն, հեգնական ժպիտով նկատեց Մարզպետունին։

Ապա ուղղելով հայացքը դեպի միջնաբերդը, որ ահարկու հսկայի նման բազմած էր հանդիպակաց բարձրության վրա, հարցրեց․

Ո՞ւմ կհրամայեք առաջնորդել ինձ, տեր․ ես կամենում եմ այժմ ևեթ ներկայանալ Վեհափառին։

Իմ թիկնապահների պետը քեզ կընկերանա, եթե կհաճիս ընդունել, պատասխանեց սպարապետը։

Իշխանը շնորհակալություն արավ և յուր թիկնապահների ու ցույց տված առաջնորդի հետ ուղղվեցավ դեպի միջնաբերդը։

Ճանապարհը, որ տանում էր միջնաբերդը, անցնում էր ապառաժուտ դար ու փոսերի վրայով։ Նա մերթ քերում էր խորաձորի ժայռերը և մերթ բարձրանում թումբերի վրա։ Այդպիսով ուղին դառնում էր դժվարագնաց, իսկ շատվոր մարդկանց համար անանցանելի։ Այս պատճառով իշխանն ու յուր հետևորդները գնում էին շատ տեղ միմյանց ետևից, կազմելով այդպիսով մի երկար շարք։

Վեհափառն այդ միջոցին եպիսկոպոսներից մինի հետ կանգնած էր դղյակի պատշգամբում։ Նրա առաջ բացվում էին գեղեցիկ տեսարաններ՝ մինը մյուսից գեղեցիկ, մինը մյուսից հաճելի, բայց նա չէր նայում նրանց վրա։ Ո՛չ գեղեցիկ Արագածը, որ ամբառնում էր արևելյան-հյուսիսից, յուր չորս բրգաձև գագաթներով, ո՛չ կապույտ լեռը, որ եզերում էր հորիզոնը հարավից և ծածկում յուր հետևում Երասխի ալիքները, ո՛չ Արշարունյաց ձորահովիտը, որ բացվում էր արևմուտքից, ո՛չ գեղադիր Բագարանը, որ տարածվում էր յուր առաջ հարուստ շինություններով և գմբեթազարդ եկեղեցիներով, ո՛չ արագահոս Ախուրյանը, որ խորաձորի ժայռերը կոծելով մռնչում էր յուր ոտքերի տակ և վիշապի նման գալարվելով՝ բերդի շուրջը պատում, և ոչ, վերջապես, ահարկու քերծերն ու խարակները, որոնք կախվում էին անդունդների վրա, կամ սեպաձև ցցվում խորաձորի ափերին, չէին գրավում այդ րոպեին վեհափառ հոր ուշադրությունը։ Նա յուր հայացքը սևեռել էր ապառաժուտ կածանով հառաջացող խմբի վրա։

«Ովքե՞ր են արդյոք դրանք, ինչո՞ւ են դեպի միջնաբերդը դիմում և այն՝ միջօրեի ժամանակ, երբ արևը կիզում է վերևից, իսկ ջերմացած խարակները ներքևից», մտածում էր Վեհափառն ինքն իրան, սակայն եկվորների ով լինելը չէր կարողանում գուշակել։

Բայց ահա՛ վերջապես նրանք մոտեցան բերդի լանջին, մի քանի քայլ ևս, և նրանց ով լինելը կիմացվեր։

Այդ նա՛ է, այո՛, նա ինքն է․ ի՞նչ ունի այստեղ․․․ բացականչեց հանկարծ կաթողիկոսը, ճանաչելով Մարզպետունի իշխանին, որ մեծաքայլ ու քաջալանջ դիմում էր դեպի բերդի դռները։

Ո՞վ, Վեհափառ տեր, հարցրեց եպիսկոպոսը, որ մինչև այն խոսակցում էր նրա հետ։

Նա՛, այն անհանգիստ մարդը․․․ որ ստեղծվել է հավիտյան թափառելու համար․․․ շշնջաց կաթողիկոսը, վախենալով, կարծես, թե յուր ձայնը կհասնե մինչև բերդի ստորոտը։

Բայց ո՞վ է նա, հարցրեց եպիսկոպոսը երկրորդ անգամ և բարձրացավ տեղից եկողներին նայելու։

Մարզպետունի իշխանը, անշուշտ անհաճո մի նորություն է բերում մեզ․․․ հարեց կաթողիկոսը, գուշակելով, որ իշխանը գալիս է յուր հանգիստը վրդովելու։

Ինչո՞ւ անպատճառ անհաճո նորություն, հարցրեց եպիսկոպոսը։

Չգիտեմ, ինձ այսպես է թվում․․․ պատասխանեց Վեհափառը և սենյակը քաշվեցավ։

Մի քանի վայրկենից ճռնչալով բացվեցան բերդի երկաթյա դռները, որոնք գտնվում էին երկու աշտարակների մեջտեղում և հանդեպն ունեին հաստատահիմն պատվար։ Բարձր պարիսպները, որոնց գրկում էին լայնադիր աշտարակներ, ներսից ավելի անմատչելի էին կացուցանում բերդը։ Իշխանը, նայելով յուր շուրջը և տեսնելով այն զորությունը, որ հավաքել էր այնտեղ սպարապետը, ակամա ժպտաց։ Յուր այդտեղ գալը նա անմտություն համարեց։

Մի՞թե կարելի է գաղտնիք վստահանալ մի մարդու կամ անձնվիրություն պահանջել մի հոգևորականից, որ դողում է յուր կյանքի վրա և յուր անձը այսպիսի ամրությունների մեջ է խնամում․․․ շշնջաց նա ինքն իրան և առաջ անցավ հուսահատ սրտով։

Վեհափառը, սակայն, ընդունեց իշխանին սիրով ու օրհնությամբ․ և բազմեցնելով կողքին յուր գոհությունն ու անսահման հիացումը հայտնեց այն քաջագործությանց համար, որ նա կատարել էր միայնակ։

Ես կամեցա ապացուցանել մեր իշխաններին և քեզ, Վեհափառ տեր, թե մեծ գործեր կատարելու համար հարկավոր չեն մեծ ուժեր, այլ միայն հաստատուն կամք, թե հայրենիքը փրկելու համար չպետք է սպասել հաջող հանգամանքների, ոչ էլ իշխանների ձեռնտվությունը մուրալ, այլ պետք է հուսալ միայն աստուծո և սեփական բազկի վրա և անձը նվիրելու չափ հայրենասիրություն ունենալ։ Ես ապացուցեցի այդ կարծյաց ճշմարտությունը, այժմ ձեզ է մնում հետևել իմ օրինակին, նկատեց իշխանը, օգուտ քաղելով կաթողիկոսի խոսքերից։

Ի՞նչ պիտի անենք մենք, հարցրեց կաթողիկոսը անհանգստանալով։

Ձեզանից յուրաքանչյուրը պիտի կատարե յուր պարտքը։

Այսի՞նքն։

Իշխանը հայտնեց նրան մի քանի խոսքով Դվինը գրավելու համար ունեցած յուր դիտավորությունը, այլև Վեհափառի յուր աթոռը դառնալու մասին ունեցած ցանկությունը։

Դու կամենում ես Դվինը գրավե՞լ․․․ զարմացած հարցրեց Վեհափառը։

Այո՛, և որքան կարելի է՝ շուտ։

Եվ դու չե՞ս վախենում ամիրապետի բարկությունից, արաբական հզոր քանակներից։

Ո՛վ է ամիրապետը, մենք մեր թագավորն ունինք, բացականչեց իշխանը եռանդով։

Բայց Դվինը նրա կալվածն է․ նա տիրում է Ոստանի մեծ մասին, ճակատքը, Կոգովիտը, մինչև անգամ Ծաղկոտը նա համարում է Տուրուբերանի մասն, որին և տիրում է ամբողջապես։

Եվ դրանք ուրեմն գարշելի հագարացու սեփականությո՞ւն են․․․-բարկացած հարցրեց իշխանը։

Առ այժմ այո՛, պատասխանեց կաթողիկոսը հանգիստ ձայնով։

Ո՛չ, հազար անգամ ոչ, բացականչեց իշխանը․ հայոց երկիրը հայերին է պատկանում։ Դվինը Խոսրով թագավորի ձեռակերտն է․ Ճակատքը, Կոգովիտը, Ծաղկոտը մեր արքայանիստ նահանգի գավառներն են․ Տուրուբերանը Մամիկոնյան տան սեփականություն է․ Հայաստանի ամեն մի գավառը մի հատոր պատմություն ունի, ո՞վ կարող է այն ուրանալ, դու որ հայ ազգի պատմություն ես գրում, ինչպե՞ս ես կարողանում այդ վկայությունը տալ գարշ արաբացու համար։ Եթե այս րոպեին երևութանար այստեղ պատմաբաններիդ նախահայր Խորենացու ոգին, կկարողանայի՞ր արդյոք կրկնել նրա առաջ այդ վկայությունը․․․

Ես ասացի «առ այժմ»․․․

Ո՛չ առ այժմ և ո՛չ առհապա․․․ ընդհատեց իշխանը․ արաբացին Արաբիայում պիտի իշխե և ոչ թե հայոց երկրում։

Թո՛ղ այդպես լինի, ես չցանկացողը չեմ։

Այդպես կլինի, Վեհափառ տեր, եթե չես հապաղիլ խնդիրս կատարելու։

Ի՞նչ խնդիր։

Մի վայրկյան առաջ հայտնեցի, դու պիտի վերադառնաս քո աթոռը։

Դվի՞ն։

Այո՛։

Բայց ի՞նչ օգուտ ունի քեզ համար իմ վերադարձը, ես կռվող չեմ, ոչ էլ զորախումբ ունիմ, որով կարողանայի քեզ օգնել։ Եթե դու մտադիր ես Դվինը գրավել և հույս ունիս քո զորության վրա, գրավի՛ր նրան, ազատի՛ր քաղաքը հագարացիներից, այն ժամանակ ես կվերադառնա՛մ իմ աթոռը՝ քո կյանքը լիաբերան օրհնելով։

Կամենում ես անիծիր ինձ, միայն վերադարձիր այժմեն իսկ, քանի ոստիկանը բացակա է Դվինից և քանի իմ զորքերը չեն պաշարել նրան։

Բայց ի՞նչ օգուտ ունի իմ վերադարձը, բացատրի՛ր վերջապես։

Բացատրե՞մ։

Այո՛։

Արդյոք իզուր չի՞ անցնիլ իմ գաղտնիք հայտնելը, քանի դու գտնվում ես այս բերդում։

Ո՛չ, ես իսկույն կհեռանամ, թե համոզվիմ, որ անհրաժեշտ է այդ։

Բարի։ Օգուտն ա՛յն է, Վեհափառ տեր, որ ինձ այս միջոցում հարկավոր են Դվինում հավատարիմներ։ Իմ մարդկանցից չեմ կարող ոչ ոքին մտցնել այնտեղ․ Բեշիրը նրանց մուտքը կարգելե։ Մինչդեռ դու ազատորեն կարող ես քո աթոռը վերադառնալ և այդ, մինչև անգամ, կշոյե ոստիկանի ինքնասիրությունը։ Քեզ հետ վերադարձող հոգևորականների հետ ես կմտցնեմ քաղաք իմ մի քանի հավատարիմներին․․․

Ոչ մի աշխարհականի թույլ չեն տալ անցնել Դվինի դռներով, ընդհատեց կաթողիկոսը։

Գիտեմ, բայց նրանք կմտնեն իբրև վեղարավորներ․․․

Աստվա՛ծ իմ․․․ դու ուրեմն ոստիկանի սուրը կախում ես իմ գլխի՞ն․․․ բացականչեց կաթողիկոսը երկյուղից այլագունվելով։

Մի՛ վախենար, Վեհափառ հայր, ես թույլ չեմ տալ, որ ոստիկանը յուր սուրը մերկացնե, ո՛ւր մնաց թե կախե քո գլխին։

Ի՞նչ պիտի անեն քո հավատարիմները։

Հարկավոր դեպքում խրամատ պիտի փորեն կաթողիկոսարանի նկուղներից մինչև արտաքին պարիսպը։

Օ՛ն և օ՛ն․․․ չեմ կարող ես միանալ այդ խորհրդին։ Նա, որ հրամայեց մեզ՝ «տալ զաստուծույնն աստուծո», նույնը հրամայեց՝ «զկայսերն տալ կայսեր»․․․ խոսեց կաթողիկոսը վճռական ձայնով։ Ո՞վ է քո կայսրը, հարցրեց իշխանը բարկությունից դողալով։

Վեհափառը չպատասխանեց։

Դու մի թագավոր ունիս, որին և պարտավոր ես հարգել․ դա Աշոտ Երկաթն է, շարունակեց իշխանը։ -Հագարացին իրավունք չունի այս երկրի վրա․ նա մի հափշտակիչ, մի ավազակ է։ Այն հայը, որ տիրապետ է անվանում նրան, մի դավաճան է, իսկ դավաճանին իրավունք ունի մեռցնել առաջին զինվորը, առանց արդարության դեմ մեղանչելու։

Ես փախչում էի բռնակալի վրեժխնդրությունից, խոսել սկսավ կաթողիկոսը․ դու ինչո՞ւ ուղարկում ես ինձ այդ վրեժխնդրության առաջ։ Ի՞նչ օգուտ կարող է բերել քեզ իմ մահը։

Մի՛ ասիր «քեզ», այլ ասա՛ «հայրենիքին»։ Եթե կարծում ես, թե քո վերադարձը մահ պիտի պատճառե քեզ, ապա ուրեմն ուրա՛խ եղիր։ Մի՞թե ավելի լա՛վ չէ Ղևոնդյանց հետ դասվիլ, քան անհիշատակ ոչնչանալ․․․

Իշխանի խիստ լեզուն փոխանակ Վեհափառի բարկությունը գրգռելու, ընդհակառակը, ճնշում, մեղմացնում էր նրան։ Նա տեսնում էր, որ այդ մարմնացյալ եռանդը խոսում էր ոչ թե յուր, այլ հայրենիքի օգտին․ ինչպե՞ս ուրեմն զայրանար նրա դեմ։ Չէ՞ որ ինքն էլ պակաս չէր սիրում այդ հայրենիքն ու նրա ազատությունը, բայց ի՞նչ աներ, որ աստված չէր տվել իրան Մարզպետունու սիրտը, Մարզպետունու հոգին, նա վախենում էր վտանգներից, սարսափում էր արաբական սրերից․․․ Կկամենար, այո՛, ծառայել փրկության գործին, կկամենար, մինչև անգամ, զոհվել․․․ բայց չէր կարող, բնությունը զրկել էր նրան այդ քաջությունից։

Ղևոնդյանց հետ դասվիլ ասացիր, խոսել սկսավ Վեհափառը, կցանկանայի, այո, արժանանալ այդ փառքին, բայց մի՞թե կարող եմ։

Կամենալը՝ կարենալ է։ Եվ հարմար առիթը, ահա՛ հրավիրում է քեզ։ Քա՛ջ եղիր, արհամարհի՛ր անցավոր կյանքը, կատարի՛ր այն՝ ինչ որ քարոզում ես աշակերտներիդ և քո հիշատա՛կը եկող սերունդները կօրհնեն․․․

Ի՞նչ պիտի լինի իմ գործը Դվինում, հարցրեց Վեհափառը։

Պիտի հովանավորես այն մարդկանց, որոնք քո հոգևոր ծառաների անունով կապրեն կաթողիկոսարանում։ Ցերեկը նրանք պիտի քնեն, իսկ գիշերը գործեն։

Իսկ եթե մատնիչները մեզ խանգարե՞ն։

Այն ժամանակ մի քանի մարդկանց մահ կհասնի, նրանց թվում, գուցե, և հայրապետին․ բայց այդ զոհերն անհրաժեշտ են։

Ծանր պայման է այդ․․․

Ի՞նչ, մեռնե՞լը։ Կա՞ միթե ավելի դյուրին և սիրելի բան քան հայրենյաց համար մեռնելը։

Քաջի և հայրենասերի համար, այո, դյուրին է, բայց․․․

Դու քաջ չես, Վեհափառ տեր, այդ գիտեմ, բայց հայրենասեր ես, այդ չես ուրանալ։

Թո՛ղ կատարվի քո կամքը, սիրելի իշխան, եթե աստված մահ է որոշել ինձ համար, կընդունեմ նրան հոժարությամբ։ Մարտիրոսների կարգը չեն դասիլ ինձ, գիտեմ, բայց անեծքը գոնե չի մոտենալ իմ շիրմին, խոսեց Վեհափառը վճռական եղանակով։

Աստուծով ազատ կմնաս փորձությունից, Վեհափառ տեր․ բախտն արդեն ծիծաղում է մեզ, անկարելի է, որ այս վերջին ձեռնարկությունը ևս չհաջողե նա մեզ, հուսադրեց իշխանը կաթողիկոսին։

Տեսնենք, գուցե աստված լսե արդարների աղոթքը։

Իշխանը վեր կացավ տեղից, համբուրեց Վեհափառի աջը, և շնորհակալություն անելով նրան յուր խնդիրը չմերժելու համար, հարցրեց, թե ե՞րբ կհաճի մեկնել Բագարանից։

Նույնիսկ վաղը, եթե անհրաժեշտ է շտապել, պատասխանեց կաթողիկոսը։

Այո՛, անհրաժեշտ է․ յուրաքանչյուր ավուր կորուստը անփոխարինելի վնաս կարող է բերել մեզ։

Ուրեմն մի կամ երկու օրից, եթե սպարապետը չի ստիպիլ ինձ ուշանալ։

Սպարապե՞տը․․․ Այո՛, ես մոռացա։ Այս գաղտնիքների մասին, վեհափառ տեր, չպիտի հայտնես նրան ոչինչ։

Ի՞նչ պատճառ բերեմ ուրեմն Բագարանից հեռանալուս համար։

Ես արդեն պատճառը հայտնեցի նրան։ Դու գնում ես Դվին՝ կաթողիկոսարանը ոստիկանի հափշտակությունից ազատելու համար։

Վեհափառը բավարար գտավ այդ առարկությունը և պայման դրավ իշխանի հետ՝ ելնել Բագարանից երրորդ օրը։ Իսկ մինչև այն իշխանը պիտի պատրաստեր յուր մարդիկը, որոնք կմիանային կաթողիկոսի հետևորդներին Ծննդոց անտառում և նրանց հետ միասին կուղևորվեին Դվին։

Նույն օրը ևեթ հրաժեշտ տվավ Մարզպետունին Աշոտ սպարապետին և յուր թիկնապահների հետ ուղղվեցավ դեպի Գեղա լեռները։

Be the first who will comment on this

Other parts of "Գևորգ Մարզպետունի"

Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online