Muratsan

Գևորգ Մարզպետունի

Ծովամարտ
Ը
ԾՈՎԱՄԱՐՏ

Մարզպետունի իշխանը, յուր գիշերային հարձակումը հաջողությամբ պսակելուց ետ, սուրհանդակ ուղարկեց Սևան՝ արքայական դրոշի տարած հաղթությունը թագավորին ավետելու։

Նույնպիսի ավետյաց լուրով շտապեց Գառնի Գոռ իշխանիկը։ Գեղանի բերդակալուհին, որ դիտանոցից արդեն նշմարել էր ուրախության հայտարար դրոշը, դիմավորեց փեսացուին ամրոցի դռներում։ Ավետյաց լուրը կայծակի արագությամբ տարածվեց բերդում։ Գոհար իշխանուհին, որ ամուսնու և որդու հեռանալու օրից ի վեր շարունակ տանջվում էր տխուր մտքերով, եկավ և փարեց որդուն ուրախության արտասուքով։ Դղյակի և ամրոցի բնակիչները խռնվեցան իսկույն պատանու շուրջը՝ հաղթության մանրամասնությունները նրանից լսելու։ Ապա ամենքը միասին մտան եկեղեցի՝ գոհություն մատուցանելու աստծուն՝ ուխտի զինվորների ձեռքով կատարած այդ հրաշքի համար։ Այնուհետե օրվա մնացորդներն անցուցին նրանք տոնակատարությամբ։

Բայց Գևորգ իշխանը այդ միջոցին զբաղված էր ուրիշ գործով։ Նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չի հանգստանալ, մինչև որ յուր կրած պարտության վրեժը չլուծե։ Ուստի առանց ժամանակ կորցնելու սկսավ նորանոր պատրաստություններ տեսնել, որպեսզի ոչ միայն ապագա հարձակմանց դիմադրե, այլև ինքը, հագարացիների ուժը ջլատելու համար, նորանոր հարձակումներ գործե։

Այդ նպատակով, ահա՛ թշնամու թողած ավարը յուր զինվորների և կռվին մասնակցող խուժանի մեջ հավասարապես բաժանելուց հետ, նա անմիջապես քաշվեցավ Գեղ, յուր բանակն այդտեղ կազմակերպելու համար։

Եվ որովհետև հաջողությունը միշտ հաջողություն է ծնում, ուստի այս անգամ նրա կոչին շատերն եկան։ Գեղա ամրոցի բոլոր զորքերը, Վեդի ավանի և Ճերմանիս գյուղի զինավարժ բնակիչները, Ուրծաձորի փախստականները և այլն, գունդագունդ հասան Գեղ և մտան իշխանի դրոշի տակ։ Նույնպես Գառնո բերդապահ զորքերից շատերը խնդրեցին Սյունյաց օրիորդին՝ միջնորդել իշխանի առաջ, որպեսզի իրանք ևս ընդունվին նրա բանակի մեջ։ Այդ միջնորդությունը տեղի ունեցավ, և Գառնո զինվորները Գոռի հետ միասին փութացին Գեղ։ Այսպիսով Գևորգ իշխանի բանակն ստվարացավ։ Այժմ նա հինգ հարյուրից ավելի զինվոր ուներ, որոնք կարող էին կռվել բաց դաշտի վրա։

Բայց Բեշիրը Մարզպետունու հետ ընդհարվելու միտք չուներ։ Յուր պարտությունը, փախուստը և զորքերի կոտորածը այն աստիճան էին նրան կատաղեցրել, որ մի Մարզպետունու հաղթելը կամ նրա «հրոսակները» ցրվելը գոհություն չէր պատճառիլ նրան։ Նա որոշել էր դիմել Սևան, առնել նրա բերդը և բռնել այդտեղ ապաստանող հայոց թագավորին։ Այդպիսի արիության գործը միայն կարող էր մոռացնել տալ նրան յուր կրած նախատինքը և սրբել այն արատը, որ ինքը յուր ձեռքով դրել էր հագարացոց դրոշի վրա։

Այդ միջոցներին Նսըր ոստիկանը հեռացել էր դեպի Ատրպատական՝ Գաբավոնացիների ապստամբությունը ճնշելու համար։ Նա Բեշիրին կարգել էր Դվինում իբրև լիազոր տեղակալ։ Այդ հանգամանքը, մանավանդ, տանջում էր զորապետին, որովհետև հենց յուր այդ լիազորության օրերում նա ամոթալի պարտություն կրեց Մարզպետունու քսան զինվորներից։ Այդ անլուր նախատինքը նա պիտի աշխատեր մեծագույն մի հաղթանակով ծածկելու։

Եվ ահա՛ նա հրամայեց ժողովել Դվին բոլոր հագարացի զորքերը, բերդերի պահակախմբերը, հետ դարձնել, մինչև անգամ, արաբացի հրոսակներին, որոնք մինչև այն ավարում էին անպաշտպան գյուղերը, և կազմել այդ բոլորից այնպիսի մի բանակ, որի տեսքից միայն թագավորը սարսափեր։

Երբ ամեն ինչ կազմ ու պատրաստ եղավ, նա ելավ Դվինից գիշերանց և ուղղվեցավ դեպի Սևան։

Եվ որովհետև դեռ երկյուղ էր կրում Մարզպետունու անակնկալ հարձակումից, այդ պատճառով նա Գեղա լեռներից չանցավ․ այլ Մազազը պատելով՝ մտավ Կոտայք։

Գևորգ Մարզպետունին, ընդհակառակը, սպասում էր Բեշիրին Գեղա ամրոցում, որովհետև հավատացած էր, թե նա իրանից միայն պետք է յուր պարտության վրեժն առնե։

Երեք օրից հետ հագարացոց բանակը Գեղամա ծովափունքը բռնեց, զարկելով յուր վրանները ուղիղ Սևանա հանդեպ։

Բայց Բեշիրը, որ բնավ գաղափար չուներ այդ կղզու մասին, մնաց տարակուսած, երբ տեսավ նրան չորս կողմից շրջապատ։

Ինչպե՞ս պիտի գրավենք այս տարօրինակ ամրոցը, մտածեց նա ինքն իրան և խորհրդի հրավիրեց յուր գնդապետներին։

Նրանցից ոմանք խորհուրդ տվին լաստեր կազմել տալ և նրանց միջոցով զորքը հանել կղզին։ Ոմանք ծովակի հատակը խոր չտեսնելով՝ առաջարկեցին հողով և քարերով լցնել այն անջրպետը, որ կղզին բաժանում էր ափից, և նրա վրայով հասնել մինչև ամրոցը։ Իսկ մի ծեր զինվորական, որ ծանոթ էր հագարացիների դարեր առաջ Հայաստանում արած ավերածությանց պատմության, առաջարկեց զորապետին ծովակն արձակել։

Ինչպե՞ս թե ծովակն արձակել,-զարմացած հարցրեց Բեշիրը։

Այնպես, ինչպես որ երկու հարյուր տարի առաջ Մահմեդ Բ․ ոստիկանն արավ,-պատասխանեց զինվորականը։

Բայց նա ինչպե՞ս արավ։

Երեք տարի շարունակ այս կղզին պաշարեց, բայց գրավել չկարողացավ, որովհետև կղզեցիները յուր բոլոր հնարները ի դերև էին հանում։ Քանի՛-քանի՛ անգամ նա լաստեր շինեց և բազմաթիվ զորք հանելով նրանց վրա, կղզին շրջապատեց։ Բայց հայերը քարընկեց մեքենաներով ժայռեր էին գլորում այդ լաստերի վրա և ջրի տակը խորասուզում նրանց։ Շատ անգամ էլ երկաթե երկար կարթերով քաշում էին լաստերը դեպի կղզու ժայռերը և վառած նավթ ածելով զորքի վրա, ցրտկում նրանց։ Ոստիկանը փորձեց մինչև անգամ երկարամյա պաշարմամբ սովամահ անել կղզեցիներին, բայց այդ էլ չկարողացավ, որովհետև նրանց վարժ լաստավարները ելնում էին կղզուց գիշեր ժամանակ և շրջակա ափերը հասնելով՝ առատ պաշար էին բերում կղզին այնպիսի ժամանակ, երբ հագարացիներից ոչ ոք չէր կարողանում խանգարել նրանց։ Երբ ոստիկանը ամեն կողմից հույսը կտրած կամենում էր պաշարումը թողնել և հեռանալ, մեր արաբացի գիտուններից մինը, որ գտնվում էր այդ ժամանակ Մուհամեդի բանակում, եկավ և խնդրեց նրան հրաման տալ իրան կղզին առնելու մի նոր հնարք գտնել։ Ոստիկանը շնորհեց արաբացուն այդ իրավունքը։ Եվ նա մի քանի օր շարունակ ծովակի շուրջը պտտելուց հետ եկավ և հայտնեց ոստիկանին, թե գտել է ծովն արձակելու և Սևանն ափից բաժանող անջրպետը ցամաքեցնելու հնարը։ Երբ Մուհամեդը զարմացած հարցրեց, թե «ո՞րն է այդ», նա պատասխանեց․ Սևանա լիճը գտնվում է շատ բարձր լեռների վրա, և այդ լճից ելնում է Հրազդան մեծ գետը։ Այդ հանգամանքը ցույց է տալիս, թե հնարավոր է Սևանը պատող ափերից մինը փլցնել և դեպի շրջակա ձորերը անցք բանալով՝ ծովակի ջուրը դատարկել։

Արաբացի գիտնականի գյուտը հավանական գտավ Մուհամեդը և հրամայեց իսկույն փորել այն ափը, որ հարմար էր գտնում հնարագետը։ Մի քանի շաբաթվան ընթացքում արաբացի զորքերը պատրաստեցին մի հսկայական ջրանցք, որտեղից ծովակի ջուրն սկսավ հոսել դեպի յուր շուրջը պատող ահավոր ձորերը։ Հոսանքը բանալուց երկու-երեք օր հետո այս անջրպետը, որ ահա մեր առջևն է, ցամաքեց բոլորովին և Մուհամեդի զորքը անաշխատ մտավ կղզին, գրավեց հինավուրց բերդը, որ, ասում էին, յուր հիմնարկության օրից ի վեր դեռ ոչ մի զորավոր թշնամի չէր կարողացել գրավել, ապա սկսան կոտորել բնակիչներին, կողոպտել գանձերով հարուստ եկեղեցիները, գերի վարել այդտեղ ապաստանած հայազն իշխանուհիներին․․․

Այդպես էլ մենք կանենք, ընդհատեց Բեշիրը զինվորականին։ -Ո՛վ որ ձեզանից կարող է այդ հինավուրց ջրանցքը գտնել, թող շտապե, ես նրան ամենամեծ պարգևը կտամ։

Այդ գիտնականը, տեր, իմ նախահայրերից մինն էր, շարունակեց զինվորականը, և այդ պատմությունը ավանդաբար մնացել է մեր ընտանիքում։ Գուցե դարձյալ նախկին հնարագետի թոռներից մինին հաջողի այդ գյուտը, ուստի խնդրում եմ ինձ շնորհել այդ հետազոտության իրավունքը։

Բեշիրը զիջավ հնարագետի ժառանգին խնդրած իրավունքը, և նա յուր մի քանի ընկերներով շտապեց Գեղամա ծովափունքը հետազոտելու։

Բայց որպեսզի այդ հնարը չհաջողելուց ժամանակ չկորցնե, նա հոգաց նաև մյուս միջոցների մասին, այն է՝ փայտահարներ ղրկեց մոտակա անտառը, որպեսզի գերաններ կտրեն լաստերի համար։

Թողնենք այժմ հագարացիներին իրանց պատրաստությանց հետ և տեսնենք, թե ի՞նչ էին անում այդ ժամանակ Սևանա կղզում։

Առավոտ էր, երբ վանական հայրերից մի քանիսը ծովափն իջնող հրոսակների գնդերը նշմարեցին։ Արաբական դրոշը ծանոթ էր նրանց, ուստի աճապարանոք խուցերը վազեցին՝ վանահորն ու միաբաններին այդ նորությունը հայտնելու։ Երբ վերջիննները բլուրը ելան՝ ծովափը դիտելու, թշնամու հեծելագնդերը բռնել էին արդեն հանդիպակաց տափաստանները։

Մարզպետունու հաղորդած լուրը չէր հարմարում այս անակնկալ նորության։ «Եթե Բեշիրը հաղթված էր, ապա ո՞րի զորքերն էին Սևանի վրա հարձակվողները․․․»։ Այս միտքը երկյուղ բերավ միաբանների վրա։

Բայց երբ այդ մասին հայտնեցին թագավորին, նա ամենի կասկածը փարատեց՝ ասելով․

Մարզպետունուց ջարդ ուտելու պատճառով է, որ Բեշիրը հարձակվել է մեզ վրա․ նա իշխանի վրեժը կամենում է լուծել թագավորից։

Ի՞նչ պիտի անենք այժմ, սրտատրոփ հարցրեց թագուհին, որ միաբանների հետ միասին գտնվում էր թագավորի մոտ։

Ոչինչ, անհոգ եղանակով պատասխանեց թագավորը, եթե արաբացիք կփորձեն մոտենալ մեր կղզուն, մենք կջարդենք նրանց լաստերը և իրանց էլ ջրի հատակը կխորասուզենք։

Բայց ի՞նչ ուժով, մենք այստեղ ընդամենը հարյուր զինվոր ունինք, հարցրեց թագուհին երկյուղագին։

Հարյուր էլ միաբան, հարեց թագավորը․ ով որ ազգի հացն ուտում է, ազգի համար էլ կարող է կռվել։

Մենք պատրաստ ենք․ մենք չենք փախչիլ կռվից, դիտեց վանահայրը․ միայն թե զենք է պակասում մեր եղբարց։

Զենք շատ ունին նրանք, պատասխանեց թագավորը․ կղզին, փառք աստուծո, ժայռապատ է․ իսկ լաստերի հետ կռվելու համար հարկավոր չէ սուր կամ նիզակ։ Հրամայիր, որ քարհատները ժայռեր պոկեն կղզու խարակներից և ժողովեն նրանց ափերի մոտ։ Մեր սուրբ հայրերը, կարծում եմ, քարկոծել կարող են․ հետևապես, երբ իմ զինվորները կսկսեն նետահարել և կամ կարթերով լաստերը քաշել, նրանք էլ իրանց տարափը կտեղան։

Այդ կարող ենք անել․․․

Թույլ չենք տալ, որ կղզուն մի լաստ մոտենա․․․

Բոլորին կխորասուզենք․․․

Այս ու այն կողմից եռանդով խոսեցին միաբանները։

Տակավին այս խորհրդի մեջ էին թագավորն ու կղզեցիք, երբ արքայի թիկնապահներից մինը ներս մտնելով հայտնեց, թե թշնամու կողմից զրկված մի նավակ գալիս է դեպի կղզին։

Թո՛ւյլ տվեք, որ մոտենա, մի նավակը մեզ չարիք բերել չի կարող, հրամայեց թագավորը։ Ապա ելնելով յուր կացարանից՝ պատվիրեց թիկնապահներին սպառազինվել իսկույն և իջնել կղզու տափարակը։ Նույն տեղ ժողովելու պատվեր տվավ նաև միաբաններին։

Երբ ամենքը հավաքվեցան, թագավորը նույնպես իջավ այդտեղ և զինվորները առաջից, իսկ միաբանները վերջից կարգերով, կանգնեցրեց նրանց կղզու մուտքի կամ պարիսպների առաջ այնպիսի մի ձևով, որ ափին մոտեցողը կկարծեր, թե կղզին լիքն է զորքերով։

Նավակը, որ վարում էր ցամաքաբերդցի մի հայ, մոտեցավ ափին։ Նրա մեջ նստած էին երկու հագարացի իշխաններ և մի քանի զորական։ Ելնելով ցամաք, նրանք հայտնեցին, թե Բեշիր զորապետի կողմից պատգամ են բերել հայոց թագավորին, ուստի կամենում են տեսնել նրան։

Արքայի հրամանով թիկնապահները առաջնորդեցին նրանց դեպի արտաքին տունը, ուր գտնվում էր այդ ժամանակ թագավորը։ Նա չէր ցանկանում, որ օտարները կղզու ներսը տեսնեն, ուստի պատգամավորներին ընդունեց այդտեղ։

Ի՞նչ բարի հրաման, հարցրեց թագավորը ժպտալով։

Պատգամավորները գլուխ խոնարհելով պատասխանեցին․

Բեշիր զորապետը բարեհաճեց յուր ողջույնն ուղարկել հայոց թագավորին և հայտնել, որ ամիրապետի հրամանով ու դրոշով նա եկել է Սևան կղզին առնելու և իրան, թագավորին, գերելու։ Բայց որովհետև ինքը Բեշիրը ի ներքուստ բարեկամ է արքային, ուստի առաջարկում է նրան գալ յուր վրանը՝ խաղաղության ու բարեկամության դաշն կռելու, իսկ Սևանը առանց կռվի հանձնել իրան, իբրև ամիրապետի իշխանության պատկանող կալված։ Հակառակ դեպքում, ավելացրին պատգամավորները, զորապետը չպիտի խնայե ո՛չ քո անձին և ո՛չ Սևանի բնակիչներին։

Թագավորը թեպետ խորը վիրավորվեցավ այս հանդուգն խոսքերից, բայց յուր սառնությունը պահել աշխատելով, ժպտալով պատասխանեց․

Հայոց երկիրը ամիրապետինն է․ ոչ ոք կարող է այդ ուրանալ, ուրեմն հարկ չկա կռիվ մղել այս կղզու դեմ, քանի որ նրա մուտքը փակված չէ ձեր առաջ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, հայտնեցեք Բեշիր զորապետին, որ շատ զգացված եմ նրա ողջույնի և ինձ առաջարկած բարեկամության համար։ Ասացեք, որ վաղ առավոտ անձամբ կգամ նրան ողջանելու։ Տեսությունս հետաձգում եմ մի օր այն պատճառով, որ կարողանամ պատրաստվել և պարտ ու պատշաճ մեծարանքով դիմավորել զորապետին։

Պատգամավորներն հիացան թագավորքի խոնարհ ու քաղաքավար պատասխանի վրա, որովհետև նրա սիրտը թափանցել չկարողացան, ուստի ուրախ ուրախ իրանց նավակը դառնալով՝ դեպի բանակն ուղղվեցան։

Երբ Բեշիրը թագավորի պատասխանը լսեց, հրճվեցավ․ նա հավատաց, որ թագավորը սարսափել է արդեն յուր զորքի բազմությունից և թե յուր տեսությունը հետաձգել է այն պատճառով, որ արժանավոր ընծաներ պատրաստե յուր համար։

Բայց թագավորը դառնալով յուրայինների մոտ, հայտնեց, որ պատրաստվին վաղը ևեթ թշնամու վրա հարձակվելու։

Արքայի թիկնապահները, որոնց թիվը հազիվ հարյուրի էր հասնում, մնացին ապշած։

«Ինչպե՞ս թե հարձակվել թշնամու վրա․ ի՞նչ կարող ենք անել մենք այն ահագին բանակի դեմ․․․», մտածեցին նրանք։

Թագավորն այդ իմացավ և զինվորներին դառնալով հարցրեց․

Կուզե՞ք, որ ձեր թագավորը գերվի Բեշիրից։

Երբե՛ք, գոչեցին նրանք միաբերան։

Պատրաստվեցեք ուրեմն կռվելու։ Իշխան Մարզպետունին քսան հոգով ջախջախեց այս բանակը, մի՞թե դուք, հարյուր հոգիք, նույնը չեք կարող անել։

Մարզպետունու քաջերի անունը ցնցեց զինվորներին։

Առաջնորդի՛ր մեզ, տեր արքա․ մենք հետ չենք մնալ նրանցից, գոչեցին նրանք եռանդով։

Ես ձեզ հետ կլինեմ մինչև իմ վերջին շունչը, ասաց թագավորը։ Ապա դառնալով կղզու դարանապետին հարցրեց․ քանի՞ լաստի պատրաստություն ունի կղզին։

Քսան, եթե գործածական նավակները չհաշվենք,-պատասխանեց դարանապետը։

Այդ բոլորը թող հանվին դարաններից։ Վաղ առավոտ, դեռ արևը չծագած, նրանք պատրաստ պիտի լինին ծովն իջնելու։

Պատրաստ կլինին նույնիսկ այս գիշեր, հարեց դարանապետը և գլուխ խոնարհելով արքային, հեռացավ։

Թագավորի ձեռնարկությունը ավելի քան հանդուգն էր։ Մի քանի տասնյակ զինվորներով գնալ հազարավորների դեմ և այն՝ ջրերի խորքից նրանց հետ կռվելու համար, կնշանակեր՝ գնալ իսկական մահվան դեմ։

Վանքի միաբանները, որոնք ավելի լավ էին կշռում վտանգի մեծությունը, խոսեցին այս մասին թագուհու հետ, իսկ վերջինս եկավ արքային համոզելու, որ հետ կանգնե նա յուր մտադրությունից։

Այս կղզու մեջ մենք կարող ենք ապահովապես պաշտպանվել, ասաց նրան թագուհին․ մեր ունեցած զորքը և նրա հետ էլ վանքի միաբանությունը կարող են հաջողությամբ հետ մղել ափերից թշնամու լաստերը։ Դրա համար կղզին ունի ամեն հարմարություն։ Իսկ կղզուց դուրս՝ չկա քեզ համար հենարան, թշնամին յուր նետերի տարափով կծածկե քո հարյուր զինվորներին, այնուհետև կղզին կմնա արաբացոց կատաղության նշավակ։

Երկու զորավոր պատճառներ ստիպում են ինձ այդ քայլն անելու, պատասխանեց թագավորը, առաջինը՝ իմ արքայական պատվասիրությունը։ Այս գոռոզ հագարացին համարձակվեցավ պատգամավոր ուղարկել ինձ և Սևանը պահանջել, անվանելով նրան ամիրապետի կալված։ Բացի այդ, նա ինձ հրավիրեց յուր բանակը բարեկամության դաշն կռելու, որ իրանց լեզվով կնշանակե՝ գերության շղթայով կապվելու․․․ Այդ թշվառականը, որ ջարդ է կերել Մարզպետունու քսան զինվորներից, այնքան անզոր է համարում հայոց թագավորին, որ համարձակվում է այսօրինակ նվաստացուցիչ առաջարկություն անել նրան։ Այժմ իմ պարտականությունն է հասկացնել նրան, որ առյուծը գառագղի մեջ էլ առյուծի սիրտ է կրում․․․ Բացի այդ, Մարզպետունու օրինակը իմ առջևն է․ որքա՛ն էլ իմ զինվորների թիվը նվազ, այսուամենայնիվ ես պիտի հարձակվեմ, որովհետև ամոթ է, որ Աշոտ-Երկաթը Գևորգ իշխանի չափ գոնե կորով չարտահայտե այս դեպքում։ Երկրորդ պատճառը, որ առավել զորավոր է, այն է՝ որ կյանքը կորցրել է յուր արժեքը իմ աչքում, նա դարձել է ինձ համար տանջարան, ես աշխատում եմ փախչել նրանից․․․ Այս մասին շատ եմ խոսել քեզ հետ․ և դու գիտես, թե որքա՜ն իրավունք ունեմ ես մահվան փափագելու․․․ Այժմ ահա՛ հասել է ժամը, և ես պիտի օգուտ քաղեմ նրանից․․․ ես վայրկյան առաջ կամենում եմ ազատվել խղճի խայթերից, հոգվո անվերջ տանջանքներից․․․ Եվ այս դեպքում ինձ մնում է տակավին մի մխիթարություն, այդ այն է, որ այս կռվի մեջ ստացածս մահը կարող է իմ անունը փառավորել։ Ես, իհարկե, չեմ մտածում իմ հիշատակի, այլ հետնորդների մասին, իմ մահվամբ ես մի խրախուսական օրինակ կթողնեմ նրանց համար․․․

Առաջին պատճառը և՛ հարգելի, և՛ իրավացի է․ բայց երկրորդը՝ անիրավ, պատասխանեց թագուհին։ Եթե կյանքը բեռն է դարձել քեզ համար, և դու կամենում ես նրանից ազատվել, դա քո իրավունքն է․ բայց քեզ հետ միասին տանել մահվան դեմ ուրիշ հարյուր հոգի, անիրավացի է։ Այդ մարդիկը գուցե կղզում պատսպարվելով ազատ մնային վտանգից, ինչո՞ւ աշխարհից ելնելու վայրկենին իսկ ծանրաբեռնվել հանցանքներով․․․ Ինչո՞ւ պատճառ դառնալ ընտանիքների դժբախտության, զրկել նրանց կերակրող ձեռքերից․․․

Այդ դեպքում արդեն թույլ չեմ տալ, որ ինձ մեղադրեն, ես արդեն չափել եմ, կշռել իմ քայլը և գիտեմ, թե նա ո՛ւմ կարող է վնասել։ Այս հարձակումը գուցե մի զո՛հ ունենա, բայց այդ զոհը կլինի նա, ով հետամուտ է մահվան, մնացյալները հաղթանակով կվերադառնան։

Տարօրինակ մի գուշակություն է այդ․․․

Այդպես է․ Բեշիրն այժմ անհոգ նստած յուր վրանում՝ սպասում է իմ անձնատուր լինելուն կամ մեր կղզու «մեծագին գանձերին»․․․ Նրա պատգամավորներն այնպիսի պատասխան տարան այստեղից, որ նա ուրիշ բանի սպասել չի կարող։ Ուրեմն անխորհուրդ կերպով չեմ ես այս քայլն անում, թող անհոգ լինին միաբանները, անհոգ լինի և թագուհին։

Եվ թագուհի՞ն․․․ Ուրեմն դու հավատում ես, որ նա կարող է անհոգ լինել, երբ թագավորը հետամուտ է լինում մահվա՞ն․․․

Չէի կամենալ վիշտ պատճառել քեզ․․․ Բայց իմ վճիռն անդարձ է։ Ինչ հետևանք էլ որ նա ունենա, դու պիտի հաշտվես նրա հետ։ Իմ երջանկության օրերում անգամ ես թույլ չեմ տվել, որ անձնասիրությունը գերակշռե իմ մեջ պատվասիրության, ի՞նչպես կարող եմ թույլատրել այդ ա՛յժմ, երբ դեպի իմ անձը տածում եմ միայն ատելություն․․․

Օ՛, ինչպե՛ս անգութ ես․․․ գոնե վերջին պատճառն ինձ չհայտնեիր, գոնե զգալ չտայիր ինձ, թե դիմավորում ես մահվան այն պատճառով, որ չունիս աշխարհում այլևս մեկը, որի համար կամենայիր դու ապրել․․․

Այս ասելով թագուհին հեռացավ թագավորից և վշտահար սրտով յուր կայանը դարձավ։

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին։ Թագավորի ներկայությամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում։ Նա կամենում էր ստուգել, թե որո՞նք կարող են պիտանի լինել արշավանքին, որպեսզի լաստերի վրա անշահ մարդիկ չվերցնե։

Յուր հարյուր զինվորներից նա ընտրեց միայն յոթանասուն հոգի, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներ էին։ Դրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա, յուրաքանչյուր լաստին հատկացնելով յոթ զինվոր, իսկ լաստավարներ կարգեց միաբաններից, որոնք հաջողակ էին այդ գործում։

Ապա ընտրեց յուր համար մի թեթևաշարժ նավակ, ուր վարողներից զատ տեղավորեց նաև յուր ազատանի թիկնապահները։ Այնուհետև հրաման տվավ կղզում մնացող զորքին և միաբանությանը, որ շարունակ դիտեն յուր շարժումը և նշան տալուն պես բոլորը նիզակներով զինված ելնեն լաստերի վրա և առաջանան դեպի թշնամին։ Այդպես պիտի անեին նրանք, ցույց տալու համար, թե կղզուց նոր զորք է հասնում օգնության։

Երբ արևը, Այծեմնասարի ետևից ելնելով՝ բարձրացավ մի ասպարեզ, թագավորի փոքրիկ նավատորմը սկսավ մեղմ ընթացքով դեպի Բեշիրի բանակն առաջանալ։ Արքայի նավակը, որ զարդարված էր դրոշակներով, գնում էր առջևից, իսկ լաստերը հետևում էին նրան զույգ-զույգ։ Զինվորները թեպետ համակ զրահազգեստ, բայց ամփոփած ունեին նիզակներն ու վահանները, որպեսզի կարծել տան թշնամուն, թե զինվորված չեն գալիս իրանց մոտ։ Հազիվ քանի մի հարյուր գրկաչափ հեռացան նրանք կղզուց և ահա Բեշիրի գունդերը եկան խռնվեցան ափերի վրա՝ հայոց թագավորի և նրա շքախմբի գալուստը դիտելու։ Նրանցից շատերն անզեն էին․ շատերը, մինչև անգամ, բոկոտն կամ կիսով չափ հագնված։ Ոչ ոք նրանցից չէր սպասում հարձակման։

Իսկ Բեշիրը, որ ձգված էր յուր զարդարուն վրանում, երբ Աշոտ Երկաթի գալուստն իմացավ, հրամայեց, որ շքադիր խմբերը գան և վրանը պատեն, որպեսզի հայոց թագավորը տեսնե ամիրապետի զորավարին կատարյալ շքեղության մեջ։ Ապա նա հագավ յուր հարուստ զգեստները, ծածկեց ոսկե ցցունքով զարդարուն ապարոշը, կապեց դամասկյան ոսկեզարդ սուրը և փառավոր օթոցի վրա բազմելով, սպասում էր հյուրին։ Նա որոշել էր պատվով պահել թագավորին մի քանի ժամ․ մինչև որ հետը բերած ընծաները նա կհանձներ յուր գանձապահին, իսկ հետո կհրամայեր շղթայի զարնել, որպեսզի Սևանն առնելուց հետո հետիոտն տաներ նրան Դվին։

Այն ժամանակ հայերը թո՛ղ ճանաչեն Բեշիրին, թո՛ղ սարսափահար լինին նրա անունը լսելուց, և այն սրիկա իշխանը, որ համարձակվեց գիշերանց իմ բանակի հանգիստը խռովել, թո՛ղ գա ծնկաչոք ներողություն խնդրելու և Դվինի զնդանում յուր դժբախտ գլուխը լալու․․․»։

Այս մտքերով էր զբաղված Բեշիրը, երբ Աշոտ արքայի տորմիղն սկսավ մոտենալ ափին։ Հագարացի հրոսակները սկսան ավելի և ավելի խռնվել ավազուտի և ժայռերի վրա։ Մոտեցող լաստերը իրանց զրահազգեստ զինվորներով՝ տեսնելու գեղեցիկ խաղալիքներ էին թվում նրանց։

Հանկարծ թագավորը, կապարճակրի ձեռքից արծաթե աղեղն առնելով, գոչեց․

Ժամանակ է, քաջեր, նետերնիդ տեղացեք․․․

Զինվորները մի ակնթարթում վահանները ձեռք առան և լայնալիճերը լարելով սկսան արագ-արագ նետաձիգ լինել դեպի հագարացիները։

Մի զարհուրելի աղաղակ ու իրարանցում փրթեց ծովափին։ Արաբացիք գլուխները կորցրած սկսան իրար հրելով և կոխկրտելով դեպի վրանները վազել, բայց քաջաձիգ հայերի նետերը սաստիկ արագությամբ տեղալով հետևում էին նրանց և թավալում շատերին ավազուտի մեջ, ժայռերի վրա կամ նույնիսկ վրանների առաջ։ Ո՛չ մի նետ ապարդյուն չէր սլանում, ո՛չ մի ճայթյուն առանց զոհի չէր անցնում։

Բեշիրը տակավին գեղեցիկ երազներ էր տեսնում, երբ յուր բանակի մեջ փրթող զարհուրելի աղաղակը լսեց, նա շփոթված վեր թռավ տեղից և վրանի դռնում թիկնապահներին պատահեց, որոնք սրտատրոփ, այլայլված հայտնեցին նրան, թե հայերը հարձակվել են իրանց վրա։

Օ՛ն անդր, ի զե՛ն, գոռաց նա խռպոտ ձայնով և սուրը հանելով վազեց դեպի առաջ։ Բայց փախչող զորականի խռանը պատահելով՝ ստիպված եղավ հետ մղվել դեպի յուր թիկնապահները։

Այսուամենայնիվ զորապետն իրան չկորցրեց, նա աշտանակեց իսկույն յուր ամեհի նժույգը, որ բերավ նրան թիկնապահներից մինը և ահավոր սուրը հանելով գոռաց․

Արաբացի քաջեր, մի՛ թուլանաք, մի՛ շփոթվեք, օ՛ն, հետևեցեք ինձ․․․ հառա՛ջ, սուսերավորներ, հառա՛ջ, նիզակավորներ․․․ թշնամին սակավաթիվ է, հարձակվեցե՛ք, ջարդեցե՛ք նրան․․․

Բայց զորապետին քչերն էին հետևում, իսկ թիկնապահները գոռում էին․

Թշնամին ծովի վրա է, տեր, ի՞նչ կարող են անել նրանց մեր սրերն ու նիզակները․․․

Օ՛ն ուրեմն, հառա՛ջ, նետաձիգ քաջեր․ ցույց տվեք անհավատներին ձեր բազկի զորությունը, ծովակուր արեք այդ սրիկաներին, գոռում, գոչում էր զորապետը։

Նետաձիգները, արդարև, խմբվեցան նրա շուրջը և ասպարափակ կազմելով սկսան հառաջանալ դեպի ծովափը։ Նրանցից շատերն սկսան քաջաբար աղեղները լարել, նետեր արձակել, բայց բնությունն ինքը օգնության էր հասնում հայերին։ Արևը նրանց ետևը լինելով՝ յուր հրափայլ ճառագայթներով խտղտում էր արաբացի զինվորների աչքերը, այդ պատճառով նրանք չէին կարողանում իրանց նետերն ուղղել նպատակին, այլ մեծ մասամբ ձգում էին ծովի դատարկ տարածության մեջ։ Մինչդեռ հայերն, ընդհակառակը, չէին շեղում նպատակից։ Նրանց պողպատյա փքինները թափանցում էին թշնամու ասպարափակը, պատառում էին կաշվե վահանակները և անարգել ցցվում զրահապատ կրծքերի մեջ, խլում զորականի սաղավարտը, փշրում նրա երեսակալը կամ շամփրում ասպարից դուրս գտնվող սրունքները։ Ծովափը հետզհետե ծածկվում էր դիակներով, և սակայն Բեշիրը դիմադրում էր համառությամբ, հուսալով վերջ ի վերջո վանել ծովի միջից հերոսաբար կռվող քաջերին։ Բայց նրանք ընդհակառակը, զորանում և ավելի ու ավելի մոտենում էին ափին։ Այդ հանգամանքը զարմացնում էր արաբացիներին։

Հանկարծ թագավորի նավակի մեջ բարձրացավ մի կարմիր դրոշ և սկսավ ծածանել օդի մեջ։ Դա կղզեցիներին որոշ հրաման տվող նշանն էր։

Իսկույն կղզու առաջ սկսան երևալ նորանոր լաստեր, որոնք հետզհետե դուրս էին գալիս խարակների ետևից և առաջանում դեպի հայոց նավախումբը։ Թշնամին պարզ տեսնում էր, որ նրանք լցված էին մարդակույտ բազմությամբ։ Երկարաբուն նիզակները, որոնք ճոճում էին լաստերի վրա, ցույց էին տալիս, որ եկողները նոր զորախմբեր են։ Պղնձե վահանները և բազմատեսակ զենք ու զրահները, որոնք փայլում էին այդ լաստերի վրա, մի առանձին սպառնական տեսք էին տալիս նրանց։

Բեշիրի զորքերն սկսան վախենալ, նրանցից շատերը, մինչև անգամ, որոշեցին նահանջել կամ միանգամայն փախչել։ Որովհետև մտածում էին․ «Եթե կռվող տորմիղը այսքան մեծ կոտորած է անում, ի՞նչ կլինի մեր դրությունը, եթե օգնական լաստերն էլ հասնեն»։ Իսկ այս վերջիններն ավելի բազմաթիվ էին։

Զորապետը նկատեց զորքի այդ խլրտումը և ավելի սկսավ խրախուսել նրանց, բայց յուր ձայնն այլևս չէր ոգևորում լքվածներին։ Իզուր նա գոռում և փրփրերախ նժույգն այս ու այն կողմն էր վազեցնում, երկյուղը հետզհետե պաշարում էր ամենքին։ Նրա համհարզներից մինը, մինչև անգամ, մոտեցավ և խորհուրդ տվավ նրան նահանջի փող հնչեցնել։

Այդ հայերը, տե՛ր, մեծ պատրաստություն ունին, ասաց նա զորապետին․ փոքրիկ տորմիղով մեր դեմ խիզախելը միայն մի պատրվակ էր, որով նրանք կամեցան քաշել մեզ դեպի կռիվ և զբաղեցնել, զորավոր հարձակումը անշուշտ նոր պիտի սկսեն։

Այդ եկողներին էլ կջարդենք մենք, գոռաց զորապետը։

Չենք կարող, որովհետև նրանց ուրիշները կհետևեն։ Երբ ես պատգամավոր գնացի թագավորի մոտ, նրա կղզին լիքն էր զորքերով, մենք պիտի խույս տանք կոտորածից, պնդեց համհարզը։

Նրանք դեռ այս վեճի մեջ էին, երբ նետաձիգների մի խումբ, որ հանդիպակաց էր կռվող լաստերին, չկարողանալով այլևս դիմադրել նրանց՝ երես դարձրավ և սկսավ փախչել։

Բեշիրը կատաղած ու այլայլված արշավեց դեպի նրանց, բայց հուսահատ խուժանին դիմադրել չկարողացավ։ Սաստիկ հոսանքն առավ յուր մեջ նրա նժույգը և առաջ վարեց։ Մյուս կռվող խմբերը, որոնք տակավին դիմադրում էին հայերին՝ տեսնելով զորապետին փախչող խուժանի մեջ, կարծեցին, թե նա խույս է տալիս ճակատից, ուստի իրանք էլ դիմադարձ եղան և սկսան փախչել։ Նահանջն ընդհանուր դարձավ․ Բեշիրը դադարեց գոռալուց և յուր գնդապետների հետ միասին հետևեց փախչող զորքին։

Բայց թշնամու նահանջը նոր եռանդ ներշնչեց հայերին։ Նրանց լաստերն ալիքների վրա սուրալով՝ հասան եզերքին, մարտիկները իրար ետևից դուրս թռան ցամաք և ահագին աղաղակով ընկան թշնամու ետևից։ Հասան շուտով և այն լաստերը, որոնք ահաբեկել էին թշնամուն։ Դրանց վրա եղողները ոչ այլ ոք էին, եթե ոչ մնացորդ երեսուն զինվորները, որոնց թագավորը թողել էր կղզում, և Սևանի հոգևոր միաբանությունը։ Վերջիններս արքայի հրամանով հանել էին վեղարներն ու խույրերը և ծածկել սաղավարտներ, իսկ ձեռքներին բռնել վահան և նիզակ։ Նրանք, իհարկե, չպետք է մասնակցեին կռվին, և ոչ իսկ ափին մոտենային, այլ միայն զորագունդ կեղծելու պաշտոն ունեին։ Այդ պատճառով նրանցից շատերը կրում էին միանգամայն մի քանի հատ տեգեր, որպեսզի հեռվից ավելի ահավոր երևան թշնամուն։

Թագավորի հնարագիտությունը հաջողեց։ Երբ նրա մարտիկները դուրս ելան ցամաք, «խրտվիլակ» տորմիղն էլ հասավ այդտեղ։ Երեսուն զինվորները և նրանց հետ միասին երիտասարդ աբեղաները փութացին, միացան կռվող քաջերին և ընկան փախչող հագարացիների ետևից։ Հալածողներին ընկերացան մոտակա Ցամաքաբերդ, Վալսեր, Գոմաձոր, Նռակծին և այլ գյուղերի հայ բնակիչները։ Նրանք թշնամու ցրված գնդերի մեծ մասը ջարդեցին և մնացյալները փախցրին դեպի հեռավոր լեռներն ու հովիտները։

Դառնալով բանակատեղը, հայ կտրիճները հավաքեցին թշնամու թողած ավարը, որ բավական հարուստ էր, կապտեցին ընկածների զենքերը և քակեցին բազմաթիվ վրանները, որոնց հետ նաև Բեշիրի հարուստ տաղավարը, և այդ ամենը միասին փոխադրեցին կղզին։

Թագուհին, որ սրտատրոփ սպասում էր կռվի վախճանին, յուր նաժիշտների հետ միասին իջավ կղզու ափը՝ հաղթական երգերով վերադարձող քաջերին դիմավորելու։

Հայերն այս կռվում կորուստ չունեցան, վիրավորվել էին մի քանի հոգի, որոնց՝ կղզին հասնելուն պես, թագավորը հրամայեց փոխադրել հարմար կացարան՝ զգուշությամբ խնամելու համար։ Այնուհետև հոգևոր հայրերը մատուցին տաճարում գոհության պատարագ, որին ներկա էին թագավորը, թագուհին և բոլոր զինվորները։ Ապա վերջինները կատարեցին հաղթության խրախճան, որին մասնակցեց շրջականերից ժողովված գյուղական ամբոխը։

Բայց թագավորը տխուր էր և դալկադեմ․ նա ժամանակից առաջ քաշվեցավ յուր կացարանը, առանց զորքի ուրախության մասնակցել կարողանալու։

Այս հանգամանքը անհանգստացրեց թագուհուն և նա դիմեց արքայի մոտ՝ նրա տխրության պատճառն իմանալու։

Ես վիրավորված եմ, ասաց թագավորը մեղմ ձայնով։

Վիրավորվա՞ծ․․․ բացականչեց թագուհին․ ինչո՞ւ ուրեմն չես հայտնում մեզ այդ․․․ ո՞ւր է վիրաբույժը․․․ կանչենք նրան այստեղ․․․։

Թո՛ղ, ես չեմ կամենում զորքի ուրախությունը խանգարել․․․ Մի օրից հետո էլ կարող ենք մենք այս վերքը դարմանել, ընդհատեց նրան թագավորը։

Բայց դու գունատ ես և թախծադեմ, անշուշտ խոր է քո վերքը․․․ Ես տխուր եմ այն պատճառով, որ կենդանի վերադարձա այստեղ․․․։

Աստվա՜ծ իմ․․․ Դու դարձյալ նույն մտքերո՞վ ես զբաղված։

Ես ցավում եմ, որ մահացու չէ վերքս։

Խնայի՛ր ինձ, աղաչում եմ․․․ աղերսեց թագուհին։

Այո՛, թշնամին արդեն նահանջում էր, երբ մի նետ եկավ և ցցվեց իմ կողերի մեջ․․․ Ես ուրախացա․․․ կարծեցի թե իմ զորքի հաղթանակը կպսակվի իմ մահվամբ․ այդ պատճառով էլ իսկույն դուրս քաշեցի նետը, որպեսզի նրա հետ միասին ելներ և իմ հոգին, բայց ավա՛ղ․․․ Արաբացու բազուկը չէր կարողացել Աշոտ-Երկաթին սպանելու չափ ուժով ձգել աղեղը․․․

Օ՛հ, ինչպե՜ս անսիրտ ես դու, մրմնջաց թագուհին, և այլևս համբերել չկարողանալով՝ դուրս եկավ իսկույն սրահը և դռան մոտ կանգնած բարապանին հրամայեց՝ վազել վիրաբույժի ետևից։

Վերջինս եկավ, քննեց արքայի վերքը, որ լայն բացված էր նրա կողերի մեջ․ լվացավ այն զգուշությամբ, և վրան դարմաններ դնելով՝ կապեց խնամքով։ Թագուհու հարցին թե՝

Որքա՞ն վտանգավոր է նա, պատասխանեց․

Փառք աստուծո, արքայի կյանքին վտանգ չէ սպառնում։

Բայց երբ թագավորը առանձին առնելով հրամայեց նրան ճշմարիտը խոստովանել, նա ասաց․

Հարվածող նետը, տեր արքա, թաթախված է եղել թույնի մեջ․ վերքի արագ բորբոքումը ծանր ապագա է գուշակում։

Թագավորի դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որ սակայն զարմանք պատճառեց վիրաբույժին։

Be the first who will comment on this

Other parts of "Գևորգ Մարզպետունի"

Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online