Muratsan
Գևորգ Մարզպետունի
Բյուրականի առումը
Դեռ նոր արևելքն սկսել էր շառագունել, երբ Սևանա վանուց միաբանությունը առավոտյան ժամերգությունն ու պատարագն ավարտելով, դուրս եկավ և ս․ Առաքելոց եկեղեցուց և ցրվեցավ դեպի բլրակի խուցերը։
Հովհաննես կաթողիկոսը, որ չորրորդ օրն էր, ինչ գտնվում էր այդտեղ, աղոթում էր նույնպես միաբանության հետ։ Թողնելով եկեղեցին, նա փոխանակ դեպի վեհարան դառնալու, Սահակ եպիսկոպոսի հետ միասին բարձրացավ բլրի գագաթը։ Չնայելով, որ ցուրտն զգալի էր արդեն, այսուամենայնիվ նա ցանկացավ դիտել այդտեղից արևի ելքը, որ կղզու գեղեցիկ տեսարաններից մինն էր կազմում։ Նա կանգ առավ Սևանա անդրանիկ եկեղեցու, այն է՝ ս․ Հահարության տաճարի առաջ, օր կառուցած էր բլրի գագաթին, և սկսավ դեպի արևելք նայել։ Կապուտակ ծովակը, որ պարփակում էր կղզին, խաղաղ էր այդ վայրկենին և միապաղաղ, ինչպես բյուրեղ։ Միայն փոքրիկ մկանունքները գալիս, կոծում էին ժայռապատ եզերքը։ Համատարած կապուտակի վրա ձգվում էին զանազան ուղղությամբ սպիտակ ու երկնագույն շերտեր, նման երկարաձիգ ժապավենների, որոնք տակավ առ տակավ փոխում էին իրանց գույնն ու ձևը, համակերպելով առավոտյան շողերին։
Եվ ահա Այծեմնասարի ետևից ծագեցին արևի առաջին ճառագայթները, և հրափայլ սկավառակը, ինչպես մի հրահոսան անոթ, սկսավ բարձրանալ երկնակամարի վրա։ Նրա կենարար ճառագայթները ոսկեզօծեցին ափնածիր լեռները, Սևանա բարձունքն ու ժայռերը և արևմտյան կուսի կանաչազուրկ դաշտերը։ Բայց ամենից գեղեցիկ և սխրալի տեսարանը ներկայացնում էր Նահապետի ծովակը։ Նրա մուգ կապուտակը փոխվում էր հետզհետե բաց երկնագույնի․ ժապավենները նվազում կամ անհետանում էին․ ծովակի մակերևույթը մի տեղ վառվում էր բաց բոսորագույն, մի ուրիշ տեղ փայլում գորշ-արծաթագույն, իսկ բյուրավոր մկանունքները, որոնց փոքրիկ հովը հետզհետե ալիքների էր փոխվում, փայլփլում էին արևի առաջ ինչպես ադամանդ և կամ ջրածին, շրջուն աստղիկներ։
Կաթողիկոսը նայում էր այդ բոլորին, նայում էր և զմայլում։
Ինչպե՜ս գեղեցիկ, ինչպե՜ս հրաշալի է մեր երկիրը, բացականչեց նա հանկարծ․ ինչո՞ւ, ինչո՞ւ չենք կարողանում հանգիստ սրտով ապրել այստեղ, ինչո՞ւ անիրավ ճակատագիրը հալածում է մեզ․․․
Եվ նա հոգով սլացավ դեպի հին դարերը, դեպի այն երջանիկ, անդրանիկ օրերը, երբ այդ տեղերին տիրում էր Գեղամը յուր թոռներով, անխառն ընդոծիններով, երբ այդտեղ լսվում էր միայն հարազատի բարբառը, երբ մարդիկ այդտեղ անծանոթ էին օտարին, նրա լուծին ու բռնության։
Նա հիշեց և այն բախտավոր ժամանակը, երբ հզոր Տրդատը հրամայում էր այդ երկրին․ երբ Լուսավորիչը խաչը ձեռին այցելեց այդ ծովակին․ երբ քրիստոնեության նորընծա զինվորները Սևան ամրոցը մտնելով՝ հալածեցին այդտեղից քրմերի խումբը և Սյունյաց տոհմական զռոց տաճարը ճշմարիտ աստուծո տուն դարձնելով՝ «Սուրբ Հարություն» անունը տվին նրան։ Նա պատկերացրեց յուր առաջ այն վայրկյանը, երբ Հայաստանյաց լուսատուն Քրիստոսի խաչը հինավուրց կռատան բարձունքը հանելով՝ նրա հովանվույն ու խնամոցը հանձնեց Գեղամա ծիծաղախիտ ծովակը՝ յուր համր ու խաղաղ բնակիչներով, յուր գեղազարդ ափերով․․․
Իսկ ա՞յժմ․․․ Այո՛, այժմ էլ այդ ծովակն ու կղզին Սյունյաց տերերի կալվածն էին․ նա գտնվում էր հայոց թագավորի հովանավորության ներքո։ Բայց եթե հանկարծ հագարացիք շրջապատեին նրան, եթե արաբացոց վայրենի և գարշադեմ զորքը խուժեր այդ կղզին, ավարի առներ նրա սրբությունները, սրի անցներ միաբանությունը, գերի վարեր իրան՝ կաթողիկոսին, ո՞վ արդյոք պիտի դիմադրեր նրանց․․․
Այս մտքերը հուզեցին կաթողիկոսի սիրտը, և մի հանկարծական երկյուղ պաշարեց նրան։
Մի՞թե այստեղ ապահով ենք մենք թշնամու հարձակումից, հարցրեց նա Սահակ սրբազանին։
Ապահով ենք, եթե աստուծո աջը հովանի է մեզ․․․ պատասխանեց եպիսկոպոսը։
Բայց հովանի՞ է արդյոք։
Մեզ մահկանացուներիս հայտնի չէ ոչինչ։ Կարելի է միայն հուսալ, թե այս բազմաթիվ միաբանության մեջ կգտնվին սուրբ մարդիկ, որոնց շնորհիվ և նա կազատե մեզ փորձանքից։
Այո՛․ «եթէ գտանիցի անդ տասն, ոչ կորուսից և վասն տասանցն», այդպես ասաց աստուծո հրեշտակը Աբրահամհի, երբ գնում էր նա Սոդոմը կործանելու։ Բայց կգտնվի՞ն մեր մեջ տասն արդար մարդիկ։
Դեռ Վեհափառը չէր վերջացրել խոսքը, երբ նա նշմարեց մի լաստ, որ Ցամաքաբերդի կողմից հառաջանում էր դեպի կղզին։
Ովքե՞ր են հյուր գալիս մեզ այսպես առավոտանց, հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։
Գուցե ուխտավորներ, պատասխանեց վերջինս։
Բայց Վեհափառը, որին անհանգստացնում էր կղզուն վերաբերյալ ամեն ել ու մուտ, դարձավ իսկույն դեպի վեհարան և հրամայեց եպիսկոպոսին մարդ ուղարկել և եկվորների ո՞վ լինելն իմանալ։
Կես ժամից հետ ներկայացավ կաթողիկոսին Դվնո կաթողիկոսարանի սպասավոր Թեոդորոս սարկավագը, որ կղզին մտնողներից գլխավորն էր և հայտնեց Վեհափառին՝ թե Բեշիր զորապետը պատրաստվում է մեծ զորքով գալ Սևան և պաշարել նրան կղզու մեջ։
Կաթողիկոսը գույնը նետեց։
Այստե՞ղ էլ հանգիստ չեն տալիս ինձ, բացականչեց նա երկյուղագին, և ապա դիմելով Սահակ եպիսկոպոսին ասաց․ տեսա՞ր, սրբազան, ուրեմն տասն արդար էլ չկա մեր մեջ;
Գուցե․․․ Բայց ինձ թվում է, թե աստված «կորուսանե զարդարն ընդ ամբարշտին», կրկնեց եպիսկոպոսը Աբրահամու խոսքերը։
Ո՞վ է այդ ամբարիշտը, հարցրեց կաթողիկոսը։
Ո՞վ գիտե․ գուցե ես․ գուցե նա, որ իրան արդար է համարում, պատասխանեց սրբազանը․ անկարելի է, որ այս չարիքները հասնում չլինին մեզ մի Հովնանի պատճառով․․․
Բայց ո՞վ է այդ Հովնանը․ ո՞ւր է գտնվում նա․ ասա, թող բռնենք և ծովը նետենք, գուցե այդպիսով աստուծո բարկությունն անցնի։
Եպիսկոպոսը չպատասխանեց։
Ինչո՞ւ լռել ես, սրբազան, հարցրեց կաթողիկոսը։
Հովնանի տեղը ես չգիտեմ, յուրաքանչյուր մարդ կարող էր յուր գործերը քննելով ասել, թե որքան հեռի է Հովնան լինելուց։ Բայց ես մի բան գիտեմ․ այդ այն է, որ Վեհափառը պիտի հեռանա Սևանից, որպեսզի այստեղի միաբանությունն էլ Այրիվանից հայրերի բախտը չճաշակե։
Կաթողիկոսը հասկացավ Սահակ եպիսկոպոսի ակնարկությանց նշանակությունը և խոր հառաչեց․
Ուրեմն իմ երկրի մեջ չկա մի անկյուն, ուր ես գլուխս դնել կարողանամ․․․ ուր հանգչելու իրավունք ունենամ․․․-խոսեց ինքն իրան կաթողիկոսը և ապա դիմելով Թեոդորոս սարկավագին՝ հարցրեց․ ի՞նչ են խոսում իմ մասին Դվինում։
Քո որոշումները, Վեհափառ տեր, ոչ ոք անխորհուրդ չի համարում, բայց, ասում են, որ եթե դու աթոռավայրում լինեիր, ոստիկանը չէր հանդգնիլ քեզ հալածել։
Իմ աթոռավայրո՞ւմ․․․ Լավ․ ես երկու օրից այնտեղ կլինեմ․․․․ Կհասնենք, այնպես չէ՞, սրբազան, դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։
Դվի՞ն։
Ո՛չ, Բյուրական ամրոցը․ չէ՞ որ նա էլ իմ աթոռավայրն է։ Այդտեղ լինելով ես մոտ կլինիմ կաթողիկե եկեղեցուն։ Ոստիկանը գիտե, անշուշտ, որ Բյուրականը իմ դաստակերտն է, որ ես այդտեղ դղյակ ու եկեղեցի ունիմ կառուցած և տարվա մեծ մասն անցնում եմ այդ ամրոցում։
Կարող ենք երկու օրից հասնել։
Ուրեմն այսօր ևեթ ճանապարհվենք։ Թո՛ղ մարդիկ լուր տանեն Դվին, թե կաթողիկոսը ելավ Սևանից։ Թշնամին անշուշտ էլ չի դիմիլ այստեղ։
Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսն յուր հետևորդներով ու մերձավորներով ելավ Սևանից և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը՝ Բյուրական։
____
Մի քանի օր հետո ներկայացան Նսրին կաթողիկոսի նվիրակները Դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին՝ թանկագին ընծաներ։
Կաթողիկոսը յուր նամակով շնորհավորում էր նախ ոստիկանի գալուստը և աղոթում նրա հաջողությանց համար և ապա յուր ընծաներն առաջարկելով՝ խնդրում էր նրանից ապահովության հրովարտակ՝ թե՛ յուր անձի և թե՛ աթոռի համար․
Ոստիկանին դիմելու այս խորհուրդը տվել էին կաթողիկոսին Բյուրականում եղող յուր մերձավորները։
Բեշիրը այնքան տագնապով հետևում էր Հայրապետին, որ միայն Նսըրի միջամտությունը կարող էր նրա հետապնդության առաջն առնել։ Այս պատճառով կաթողիկոսը չմերժեց մերձավորների խորհուրդը, որ արդարև, բարերար հետևանք ունեցավ։
Ոստիկանը գրավվելով ոչ այնքան կաթողիկոսի քաղաքավար նամակից, որքան նրա ղրկած ընծաներից, շնորհեց Հայրապետին ազատության հրովարտակ, թույլ տալով նրան ապրել՝ ուր որ ինքը ցանկանում էր։
Վեհափառը, իհարկե, յուր ձեռակերտ Բյուրականը գերադասեց Դվինից։ Որովհետև, գիտեր, որ մահմեդական իշխանավորի խոսքն ու ստորագրությունը չէին կարող ապահովել յուր անձը մայրաքաղաքում, այդ պատճառով մնաց Բյուրականում, մինչև որ տեսնե, թե տերը ի՛նչ է հաջողում հայոց թագավորին։
Բայց Բեշիրը կատակեց, երբ Նսըրի հրամանը հասավ, որով ոստիկանը պատվիրում էր նրան հանգիստ թողնել հայոց կաթողիկոսին։
Նա գիտեր, որ ոստիկանը ստացել է արդեն նվերների մի բաժին, և այդ է պատճառը, որ բարեկամացել է կաթողիկոսի հետ։ Բայց չէ՞ որ ինքն էլ յուրը պիտի ստանար․ չէ՞ որ Այրիվանից ձեռնունայն վերադառնալով՝ նա որոշնլ էր յուր վրեժը Սևանից առնել, իսկ եթե այդ չհաջողեր՝ ապա Բյուրականից։
Բայց ահա ոստիկանը խանգարում էր նրան։ Ի՞նչ անել ուրեմն։
Նա դիմեց իսկույն Դվին, մահմեդական կրոնապետի օգնության։
Վերջինս որովհետև մեծ ազդեցություն ուներ ինչպես յուր ժողովրդի, նույնպես և ոստիկանի վրա, ուստի խոստացավ Բեշիրին՝ ոչնչացնել տալ ոստիկանի հրովարտակը և նորեն կաթողիկոսին յուր վրեժխնդրության հանձնել։
Մինչդեռ Դվինում այս հոգսերով էին զբաղված, և հայոց կաթողիկոսը անցնում էր յուր ձմեռը խաղաղությամբ, մեր երկու առաքյալները, այն է՝ Վահրամ սեպուհն ու Մարզպետունի իշխանը թափառում էին հայոց մեծ ու փոքր իշխանների գավառներում, մի բերդից անցնելով մյուսը, մի ամրոցից՝ դեպի մի ուրիշը։
Բայց նրանց առաքելությունը անցնում էր ապարդյուն, և խոսքն ու հորդորը պտուղ չէր բերում։ Աղձնյաց իշխանն, օրինակ, խոստանում էր միացնել յուր զորքը արքայական բանակին, եթե միացած կտեսներ նրան Աշոտ սպարապետի զորքը և Աբաս արքաեղբոր գնդերը։ Մոկաց իշխանը նույն համաձայնությունն էր տալիս, եթե հիշյալների հետ միասին կգար պատերազմելու Վասպուրականի թագավորը։ Աշոտ բռնավորը խոստանում էր մտնել դաշնակցության մեջ, եթե արքայական հրովարտակով յուր իշխանության կհանձնվեին Արարատի հինգ գավառները։ Աբաս արքաեղբայրը, ընդհակառակը, ավելորդ էր համարում կազմել մի դաշնակցություն, որ պիտի կռվեր Աշոտ-Երկաթի դրոշի տակ։ Նրա կարծիքով թագավորն արդեն վհատված ու հեռացած էր․ պետք էր ուրեմն թույլ տալ նրան հանգստանալ մի ամրոցում, իսկ գահը հանձնել օրինավոր ժառանգին, այն է՝ իրան։ «Այնուհետև, ասում էր, կարիք չի լինիլ, որ Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը զորք մուրան իշխաններից և կամ միության միջնորդ հանդիսանան, զի քաջ թագավորին կմիանան միշտ քաջերը»։
Այս բանակցություններն ամիսներ տևեցին։ Աշունն ու ձմեռը անցան, և սկսավ Հայաստանի գեղեցիկ գարունը։
Եվ սակայն միջնորդ իշխանները ոչ մի միություն ստեղծել չկարացին։
Բայց Դվինի հագարացի կրոնապետը Բեշիր զորապետին արած յուր խոստումը կատարեց։ Որքան էլ ոստիկանը համառ էր ու ինքնակամ, այսուամենայնիվ դենպետը կարողացավ համոզել նրան, թե նա մեծ նախատինք է հասցրել Մահմեդի կրոնին, ապահովության գիր տալով հայոց կաթողիկոսին։
Աստված այդ սուրը տվել է քեզ նրա համար, որ դրանով մեր կրոնը անհավատների մեջ տարածես, որ Մահմեդի քարոզած ճշմարտությունն աշխարհին ծանոթացնես, որ այդ ճշմարտության հակառակորդներին փշրես ու ջախջախես։ Բայց դու, ընդհակառակը, խնամում ու հովանավորում ես մեր կրոնի թշնամուն, Մահմեդի հայհոյչին, սրբազան ղուռանի անարգող մարդուն։
Այս և սրանց նման զրույցներ շարունակ անում էր կրոնապետը, մինչև որ ոստիկանը համոզվելո՞ւց, թե՞ ձանձրանալուց հրաման տվավ Բեշիրին՝ հետևել նորեն կաթողիկոսին և դարձնել նրան Դվին։
Բեշիրի ցանկությունն էլ այդ էր։ Ամբողջ ձմեռը նա Դվինում մաշվել էր անգործությունից։ Այժմ ահա՛ գարնան գեղեցիկ օրերի հետ, հասավ իրան ոստիկանի ավելի ևս գեղեցիկ հրամանը։ Ի՞նչ էր մնում նրան անել, եթե ոչ զորքերը հավաքել և դիմել Բյուրական։
Այդպես էլ նա արավ։ Մի քանի օրվա մեջ կազմեց, պատրաստեց յուր հզոր բանակը և հրաժեշտ տալով բարերար ոստիկանին, դիմեց դեպի ծերուկ Արագածը։
Գարնան սկիզբն էր։ Չնայելով որ Արագածը, Արայի լեռը և նույնիսկ Եռաբլուրը պատած էին դեռ ձյունով, այնուամենայնիվ Անբերդու գավառը ծածկվել էր կանաչով։ Նրա սիրուն դաշտերը, գեղեցիկ հովիտները, սարավանդներն ու լեռնալանջերը զարդարվել էին ընտիր ու գույնզգույն ծաղիկներով։ Աղբյուրները բազմացել, առուները հորդացել և գետերը վարարել էին։ Խաշնարածները իրանց ձմեռային հանգիստը թողնելով՝ բարձրանում էին դեպի Արագածի լանջերը, որպեսզի նրա հովասուն արոտներում իրանց հոտերն ու նախիրը արածացնեն։
Արարատյան դաշտի վրա դեռ խաղաղություն էր տիրում, և գեղջուկն ու երկրագործը սկսել էին զբավիլ դաշտային աշխատություններով։
Հանկարծ Ոստանից լուր հասավ, թե հագարացիք ստվար բանակով հառաջանում են դեպի Անբերդ։ Նորեն փախուստն ու թաքուստը սկսավ։
Կաթոողիկոսը սակայն դեռ հանգիստ նստած էր Բյուրականում, այլև զբաղված յուր դաստակերտի բարեկարգություններով։ Այն օրից ի վեր, որ նա ոստիկանից ստացել էր ապահովության հրովարտակ, բազմացել էին Բյուրականում ոչ միայն հոգևոր կոչման տեր անձինք, այլև, աշխարհական ընտանիքներ, որոնք ապաստանել էին այդ տեղին՝ ինչպես կաթողիկոսի հովանավորությունը վայելող մի ամրության։
Ահեկի (ապրիլի) գեղեցիկ առավոտներից մինն էր։ Վեհափառը յուր դղյակի պատշգամբում բազմած դիտում էր այն փառավոր ու ակնապարար հորիզոնը, որ շրջապատում էր հովասուն Բյուրականը։ -Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր լայնադիր ու քառագագաթ Արագածը յուր ծաղկածին սարատափերով, լեռնային լճակներով և ձյունապատ ստինքներով։ Հյուսիս-արևելյան կողմից երևում էր Արայի լյառը յուր կանաչազարդ լանջերով։ Արևմտյան կողմից փակում էին հորիզոնը Բարդողի ձյունապատ կատարները, իսկ հարավից ձգվում էր մի դաշտահովիտ, որ Եռաբլուր լեռան ստորոտը բերելով՝ հասնում էր մինչև Քասախի խառնուրդը և ապա դաշտանալով՝ տարածվում մինչև Մասիս։ Այդ դաշտահովտի վրա ընկած էին բազմաթիվ գյուղեր ու ավաններ, որոնց իշխում էր հիշատակաց արժանի Օշականը, որ ամփոփում էր յուր մեջ Հայաստանյաց երկրորդ լուսատուի, այն է՝ սրբույն Մեսրոպա թանկագին նշխարները։ Մի փոքր հեռու երևում էր քաղաքամայր Վաղարշապատը, իսկ նրա մոտ հայոց եկեղեցիների թագուհին՝ նախաթոռ Էջմիածինը, սուրբ Գայանեի վանքը, Մարիանե կույսի Շողակաթը և վերջապես հզոր արքայի սերն ու վիշտը մերժող հրաշագեղ Հռիփսիմեի հոյակապ վկայարանը։ Այս բոլորից հետ ամբառնում էր վեհապանծ Մասիսի սպիտակափառ կատարը, ծածկված հավիտենական ձյունով ու սառույցով, որ կարծես իշխում էր Արարատյան լայնածավալ դաշտի վրա իբրև հզոր ու անպարտելի միապետ։
Այս գեղեցիկ տեսարանները, որոնք գրեթե ամեն օր գրավում էին կաթողիկոսին և զբաղեցնում նրան վերացական մտածություններով, այսօր, կարծես թե, կրկնապատկել էին իրանց հրապույրը։ Նա զվարճանում էր, որ կարողացել էր յուր դաստակերտի համար ընտրել այսպիսի մի գեղավայր, և որոշում էր ընդարձակել նրան նորանոր շինություններով, ամրացնել մարտկոցներով և բազմացնել յուր մենարանի միանձանց թիվը։
Բայց ահա հենց այդ ժամանակ գուժաբերը հասավ Բյուրական։ «Բեշիրը գալիս է» խոսքը կայծակի արագությամբ տարածվեց բոլոր ամրոցում և ամենքին սարսափահար արավ։ Ամրոցի դռները ճռնչալով փակվեցան, պատրաստի եղած զորքերը զինվեցան, ամրոցում գտնվող և զենք կրել գիտցող մարդկանց զենքեր բաժանվեցան, ի բաց չառնելով նաև երիտասարդ հոգևորականները։
Բայց ի՞նչ․ մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ․ իհարկե ոչ․ դա հուսահատ դիմադրության պատրաստություն էր։
Հետզհետե հասնող լուրերը հավաստեցին, թե Բեշիրը գալիս է ոչ թե Բյուրականը գրավելու, այլ կաթողիկոսին ձերբակալելու։ Եվ ահա այդ պատճառով նորեն խնդիր ծագեց Վեհափառի փախստյան համար։ Նրա այն մերձավորները, որոնք վախենում էին, թե Բեշիրը կաթողիկոսին ձեռք, ձգելուց հետ իրանց էլ պիտի կալանավորե, խորհուրդ տվին նրան Բյուրականից հեռանալ։ Բայց Սահակ եպիսկոպոսը, Մովսես վարդապետը և տեղվույն միաբանության գլխավորները հակառակեցան այդ խորհրդին։
Չպետք է մի անձի պատճառով շատերին զոհել, ասում էին նրանք,-կաթողիկոսի փախստյան համար տեղ չի պակսիլ․ բայց նրա ամեն մի փախուստը բազմաթիվ զոհեր է տալիս թշնամուն։ Եթե աստված Վեհափառի համար մահ է որոշել, ապա նա չպիտի վարանի այդ որոշման հնազանդել․ ըստ որում ո՞ւր որ էլ փախչե, դարձյալ պատուհասը կհասնե նրան, իսկ եթե չէ որոշել, ապա Բեշիրի հարձակումը չի կարող վնասել նրան։
Բայց այս զրույցները չփարատեցին կաթողիկոսի և նրա մերձավորների երկյուղը։ Կայացավ մի գաղտնի խորհուրդ, որ որոշեց Բյուրականի բախտը, այն է՝ համոզել կաթողիկոսին հեռանալ շուտով դեպի Բագարան, Աշոտ սպարապետի մոտ, և ազատել յուր անձը վտանգից։ Սպարապետը ոչ միայն մեծ զորք ու անառիկ ամրություն ուներ, այլև վայելում էր ոստիկանի բարեկամությունը։ Հետևապես Վեհափառը կապահովեր իրան, եթե ապավիներ այդ իշխանին։
Երբ կաթողիկոսը հայտնեց Սահակ եպիսկոպոսին յուր որոշումը և առաջարկեց նրան «խույս տալ աստուծո բարկությունից» յուր հետ միասին, սրբազանը պատասխանեց․
Ես կմնամ իմ ժողովրդի հետ։ Ե՛րբ նա կռվե, ես կաղոթեմ, երբ մեռնի, կմեռնեմ նրա հետ միասին․․․
Նույն որոշումն արին կաթողիկոսի հետևորդներից Մովսես վարդապետը, Թեոդորոս սարկավագը, երկու եղբայր՝ Մովսես և Դավիթ քահանաները իրանց աշխարհական եղբոր՝ Սարգսի հետ, և մի քանի ուրիշներ։
Բայց և այնպես նույն ավուր գիշերը կաթողիկոսը, յուր երկչոտ մերձավորները ժողովելով, նրանց հետ միասին խույս տվավ դեպի Բագարան։
Հետևյալ առավոտ մի քանի գունդ զինվորներ հառաջանում էին դեպի Բյուրական։ Ամրոցականները, հեռվից նրանց տեսնելով՝ կարծեցին, թե թշնամու հառաջապահներն են և սկսան տագնապով դեպի մարտկոցները վազել։ Բայց երբ այդ գնդերը մոտեցան, նրանք զարմանալով նկատեցին ոստանիկների դրոշակները և ուրախությամբ լցվեցան։ Եկողները ոչ թե թշնամիներ, այլ հայ զորքեր էին․ բայց ո՛ր իշխանի զորքերը, ոչ ոք չգիտեր։
Երբ նրանք Բյուրականի պարսպներին հասան, ամրոցականները զարմանալով տեսան, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած այս զորագունդը ոչ պետ ունի, ոչ գլխավոր, այլ մի ինչ-որ խարազանազգեստ մարդ, խաչանիշ դրոշը ձեռին, առաջնորդում է նրանց։
Երբ ամրոցի դռները բացին օգնության հասնող զորքը ներս ընդունելու, Սահակ սրբազանը դեպի դրոշակակիր առաջնորդը առաջանալով, ասաց․
Այս ի՞նչ եմ տեսնում․․․ հայր Սոլոմոն։ Ճգնավորը զորապե՞տ է դարձել․․․
Այո՛, սրբազան, եկեղեցվո ազատությունը պաշտպանող զորքին ճգնավորները պիտի առաջնորդեն, պատասխանեց խարազանազգեստ հայրը և պատմեց նրան, թե ինչպե՞ս էր ժողովել այդ զորագունդը։
Սոլոմոն ճգնավորը Սագաստան աքսորված մի հայ քահանա էր, որ բախտի բերմամբ ազատություն գտնելով՝ վերադարձել էր հայրենիք և յուր օրերը վանքերում անցկացնում էր ճգնությամբ։
Լսելով Այրիվանքի կոտորածը և հայոց կաթողիկոսի կրած հալածանքները, նրա մեջ վառվեց ազգակիցներին օգնելու նախկին եռանդը և նա սկսավ թափառել շեներն ու ավանները և հորդորել ժողովրդին զենքի դիմելու և իրանց պաշտպանելու, քանի որ իշխանները մերժում էին նրանց այդ պաշտպանությունը։
Ճգնավորին ընկերացան մի քանի ազատ զինվորներ, որոնց շնորհիվ նա հետզհետե կազմակերպեց մի գունդ, որ օգնության էր հասնում հարձակման ենթարկվող գյուղացիներին։ Երբ լուր տարածվեց, թե Բեշիրը դիմում է Բյուրական՝ կաթողիկոսին ձերբակալելու, ճգնավորը հրավեր կարդաց յուր գնդին՝ գնալ հայրապետին օգնության, որովհետև, նա էլ նույնչափ լքյալ ու անօգնական էր, որքան գեղջուկ ժողովուրդը։
Այս հրավերը սիրով ընդունվեցավ գնդի կողմից։
Բացի այդ, ճգնավորի խմբին միացան նաև ավաններում գտնվող ուրիշ ազատ զորքեր, որոնք «մինչև այսօր երկրի իշխանների համար կռվեցինք, այժմ էլ եկեղեցվո իշխանի համար կռվենք» ասելով, հարել էին խաչանիշ դրոշին և դիմել Բյուրական։
Ճգնավորի հետ եկած զորքը վեհարանի շուրջը պատած սպասում էր, որ Վեհափառը ելնե և օրհնե իրանց։ Այդ մի բնական և իրավացի ցանկություն էր այն զորականի համար, որ ինքնակամ եկել էր յուր եկեղեցին և նրա պետը պաշտպանելու։ Բայց որքա՜ն մեծ եղավ Սոլոմոն հոր ցավը, երբ Դռան եպիսկոպոսը հայտնեց նրան, թե Վեհափառը խույս է տվել Բագարան։
Իմ զորքերը կցրվեն, եթե այդ իմանան,-ասաց նա եպիսկոպոսին, նրանք եկել են այստեղ Վեհափառին պաշտպանելու։ Իսկ եթե նրանց հայտնվի, թե կաթողիկոսը ձգել է միաբանությունը յուր անձն ազատելու համար, նրանք գուցե վերադառնան հենց այս վայրկենին։
Ի՞նչ անենք ուրեմն․ մենք կարոտ ենք այդ զորքի օգնության, հարցրեց եպիսկոպոսը։
Փոքր մտածելուց ետ ճգնավորը պատասխանեց․
Պետք է հայտնել նրանց, թե Վեհափառը հիվանդ է և ելնել չէ կարող։
Այս անմեղ սուտը օգուտ կբերե մեզ։
Չէ՛, հայր Սոլոմոն, չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա հանցանք, որ անպատիժ մնա, նկատեց եպիսկոպոսը, ես այդ տիրասեր զորքին խաբել չեմ կարող։ Ավելի լավ է հայտնենք նրան ճշմարտությունը, իսկ մեր պաշտպանության գործը թողնենք նրա խղճին։
Այդ միևնույն է, թե մենք մեր ձեռքով Բյուրականը հանձնենք թշնամուն։
Ի՞նչ անենք ուրեմն, հարցրեց եպիսկոպոսը տարակուսելով։
Ոչինչ այլևս անելու չունենք, մնում է, որ ես ինքս գործեմ այդ հանցանքը, եթե արդարև դա մի հանցանք է, ասաց ճգնավորը։ Ապա դուրս գալով Վեհարանի բակը, հայտնեց զորքերին, թե «վեհափառը հիվանդ է և իմ բերանով ուղարկում է ձեզ յուր հայրական օրհնությունը»։
Զորքը, իհարկե, հավատաց ճգնավորին և շատերը նրանցից եկան այն համոզման, թե թշնամու հարձակման լուրը վախեցրել է կաթողիկոսին։
Այս համոզումը մինչև անգամ բորբոքեց նրանց մեջ վրեժխնդրության կրակը։
Նույն օրն ևեթ զորքերը կարգավորեցին։ Թե՛ ամրոցում եղածները և թե՛ նորեկները բաժանեցին մի քանի խմբերի, որոնց և կարգեցին զանազան տեղերում, այն է, ոմանց՝ աշտարակների մեջ, ոմանց՝ պարիսպների վրա և մնացյալներին՝ դռների առաջ կամ գաղտնի ծածկարաններում։
Ընդհանուր հրամանատարությունը հանձն առան տեղական զորքերի վրա՝ Թեոդորոս սարկավագը, որ քաջ զինաշարժ էր, իսկ եկվորների վրա՝ Սոլոմոն ճգնավորը։
Արդեն ամեն ինչ պատրաստ էր, երբ թշնամին երևաց, որ նստաջանում էր Վաղարշապատի կողմից։
Իսկույն ամեն մի մարդ յուր տեղը բռնեց։
Սահակ եպիսկոպոսը հրամայել էր, որ ամրոցի հոգևորականներից նրանք, որոնք զենք չէին կրում, ժողովվին եկեղեցի և հսկումն կատարեն։ Այդ հսկումը պիտի շարունակվեր բոլոր ժամանակ, քանի զորքը կռվում էր։ Կոչնակի ձայնն առնելուն պես եկեղեցին աղոթողներով լցվեցավ։ Այդտեղ էին ինչպես հսկումն կատարողները, նույնպես և այն կանայք ու ծերունիք, որոնք զորքին պիտանի լինել չէին կարող։ Ինքը՝ եպիսկոպոսը առաջնորդում էր աղոթողներին։
Թշնամու զորքը մոտենալուն պես հարձակումն սկսավ։ Բեշիրը կարծելով, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե վերջինս թափուր է պաշտպանության միջոցներից, որոշել էր հանկարծական հարձակումով վախեցնել կաթողիկոսին և ստիպել նրան ինքնակամ անձնատուր լինելու։ Գոռոզ հագարացին ավելորդ էր համարում մինչև անգամ բանակցություն սկսել նրա հետ։ Նա մտածում էր, թե իրավունք ունի հարձակվելու և կալանավորելու նրան, ինչպես յուր վերջին ծառային․ ի՞նչ հարկ կար քաղաքավարական ձևեր գործ դնելու։
Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ Բյուրականում այնպես չեն հանդիպում իրան, ինչպես Այրիվանքում, որ ամրոցի պարիսպներից ու աշտարակներից տեղում է յուր զորքի վրա նետերի սաստիկ տարափ և հարյուրավոր սվիններ ու գեղարդներ օդի մեջ թռչելով՝ շամփրում են հարձակվողների կրծքերն ու թիկունքը։ Այս դեռ բոլորը չէր։ Բերդի դռան աշտարակից թափվեցավ դուռը ջախջախել ճգնող զորքի վրա կպրաձյութի կրակվող հեղեղ, որ շատերին տեղն ու տեղը այրեց։
Ուրեմն մենք գործ ունինք ո՛չ թե անպաշտպան կաթողիկոսի, այլ զինավառյալ մի ամրոցի հետ, ասաց Բեշիրը յուր մերձավորներին․ ետ քաշվենք, բանակ դնենք և կանոնավոր հարձակման պատրաստվենք։
Այս ասելով նա նահանջի փող հնչեցրեց, և զորքերը պարիսպներից հեռացան։ Ամրոցականներն ուրախության աղաղակ բարձրացրին և սկսան ծաղրել հագարացիներին, անվանելով նրանց «երկչոտ ու կնամարդի»։
Թշնամին ոչինչ չէր պատասխանում, նա միայն կրճտում էր ատամները և վրեժխնդրություն սպառնում։
Նույն ավուր երեկոյան Բյուրականի պարիսպների վրա վառվեցան հարյուրավոր կրակներ, և զորքն ու ժողովուրդը սկսավ ուրախության տոն կատարել։
Բայց թշնամու բանակում ուրիշ գործի վրա էին։ Բազմաթիվ վարպետներ զբաղված էին բաբաններ, պալիստրներ և ուրիշ պարսպահար գործիքներ պատրաստելով։ Կառուցանում էին, մինչև անգամ, մի կրիա և փայտե շարժական աշտարակ։ Զորքը պարապած էր կախարաններ ու վերելակներ պատրաստելով, իսկ ինքը՝ Բեշիրը անձամբ հսկում էր այդ աշխատությանց վրա։
Հետևյալ առավոտ ամրոցականները տեսան, որ թշնամին մի գիշերվա մեջ բավական գործ է կատարել, և որ շարունակվող աշխատությունները հետզհետե սպառնացող կերպարանք են առնում։ Բայց այդ բաներից նրանք չվախեցան, այլ իրանք էլ իրանց կողմից սկսան համապատասխան պատրաստություններ տեսնել։ Ամենից առաջ աշխատեցին հրանյութի պաշարն ավելացնել և պարիսպների տակ գաղտնի անցքեր բանալով՝ կրիան այրելու կամ աշտարակը կործանելու մասին հարկ եղածը հոգա։ Դարբիններն զբաղված էին երկաթե կարթեր կամ ջախջախող գործիքներ կռելով։ Կանայք հնոտիներից գնդակներ էին պատրաստում և եռացրած ճարպի կամ ձյութի մեջ թաթախում։ Զորքն այդ ամենը փոխադրում էր պարիսպների կամ աշտարակների վրա։ Ամեն տեղ աշխատանքը եռում էր․ ամենքն էլ մասնակցում էին մի որոշ գործի։
Երեք օրից հետ վերջապես թշնամին նորեն սկսավ մոտենալ և առաջ վարել ռազմական գործիները։ Մի հարյուր հոգի զբաղված էին տափարակ ու լայնադիր կրիան գլանների վրա գլորելով, մի հարյուրը առաջ էր վարում անիվների վրա հաստատած եռհարկյան աշտարակը։ Մի խումբ բերում էր բաբանն ու խոյը, մի ուրիշը պալիստրները, մի երրորդը՝ ջրով լի տիկերը, որոնցով պետք է պարիսպներից թափվող կրակը հանգցնեին, իսկ զենք շարժող զորականն սկսում էր ամրոցի շուրջը պատել։
Այդ միջոցին Բյուրականի եկեղեցում հանդիսավոր պատարագ էր մատուցանում Սահակ եպիսկոպոսը։ Ժողովրդի հետ միասին գտնվում էր եկեղեցում նաև զորքը։ Նա եկել էր վերջին անգամ պատարագ տեսնելու, վերջին անգամ յուր սուրբ նախահարց հոգեբուխ երգերը լսելու ս․ Փրկչի կենարար մարմնին ու արյանը հաղորդվելու։
Բացակա էին միայն պահնորդ զորքերը, որոնք հսկում էին ամրոցի դռներին և թշնամու շարժմանը։
Զորքին հաղորդություն տալուց առաջ Սահակ եպիսկոպոսը խոսեց նրա հետ բեմի վրայից․
Չորս հարյուր յոթանասուն տարի առաջ, ով իմ սիրելի զավակներ, պատրաստվեցան թշնամու հետ կռվելու վարդանանց քաջերը։ Նրանք էլ ձեզ նման նախ աստուծո օգնության և ապա իրանց բազկի զորության դիմեցին։ Նրանք էլ աշխարհային փառքի կամ անձնական շահու համար չէին կռվում, այլ հայրենիքի և եկեղեցու ազատության համար։ Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, թշնամին կամենում էր այդ ազատությունը խլել, հայ ազգն ստրկացնել, բայց Վարդանանց քաջերը թույլ չտվին նրան այդ անելու։ «Ավելի լավ է ազատ մեռնենք, քան ստրուկ ապրենք», ասացին նրանք և անկեղծ սրտով հարձակվեցան թշնամու դեմ, որ կրկնապատիկ զորավոր էր իրանցից։ «Չվախենաք հեթանոսների բազմությունից, մահկանացուի ահավոր սրից, ասում էր Վարդանը յուր զորքերին, զի եթե աստված մեզ օգնե, մենք նրանց կսատակենք և ճշմարտության կողմը կբարձրանա։ Բայց եթե հասած է մեր մեռնելու ժամը, ապա ավելի լավ է, որ մեռնենք սուրբ կռվի մեջ և քաջության հետ վատություն չխառնենք․․․» Եվ նրանք քաջաբար կռվեցին, բազմաթիվ թշնամիներ սատակեցին և իրանք էլ քաջությամբ մեռան՝ սրերը ձեռքներին, հարվածները կրծքի մեջ․․․ բայց նրանց անունը անմահ մնաց մինչև այսօր և անմահ պիտի մնա հավիտյան․․․ Ո՞վ կիմանար աշխարհում, թե եղել են Վարդանանք, եթե նրանք երկչոտությամբ միայն իրանց անձն ապրեցնեին։ Չէ՞ որ նրանցից առաջ և հետո ապրել և մեռել են միլիոնավոր մարդիկ, ո՞վ է դրանց անունը հիշում։ Իսկ Վարդանանց քաջերին չեն մոռանում, որովհետև նրանք կռվել ու մեռել են ամենասուրբ գործի՝ հայրենիքի ազատության համար։ Դուք էլ ահավասիկ կամենում եք հավասարվել Վարդանանց, դուք էլ նրանց նման պատրաստվել եք եկեղեցու և հայրենի ազատությունը պաշապանելու, դուք էլ կամենում եք անմահ անուն ժառանգել ազգի մեջ․․․ Ուրեմն մի՛ վախենաք թշնամու զորությունից, նրա ահավոր պատրաստությունից։ Ձեր դատն արդար է և կռիվն իրավացի, իսկ աստված զորավիգ է լինում արդարության։ Եթե մինչև անգամ մահ հասնե ձեզ այս կռվում․ ուրախությամբ ընդունեցեք նրան, զի դրա փոխարեն երկնքում անանց կյանք, իսկ երկրում անմահ անուն պիտի ժառանգեք։ Այս հանդիսավոր ժամուն ս․ աստուծո սեղանի առաջ ես էլ կրկնում եմ սուրբ Ղևոնդ երեցի այն խոսքերը, որ նա ուղղեց Վարդանանց քաջերին․ «Մի՛ թուլությամբ լքանիցեմք, եղբարք, այլ պնդությամբ սրտիվ և հաստատուն հավատով կամակար հարձակեսցուք ի վերա թշնամյացն, որ հարուցյալ գան ի վերա մեզ։ Մեր հույս մեզ կրկին երևի․ եթե մեռանիմք՝ կյանք, և եթե մեռուցանեմք, մեզ նույն կյանք առաջի կան․․․»։ Մոտեցեք ուրեմն ճշմարտության և սուրբ իրավանց համար մեռնող Փրկչի մարմնին ու արյանը․ հաղորդվեցեք նրան և այդ հաղորդությունը թող արիացնե ձեր սրտերը, ուժ տա ձեր բազկին և հաղթություն՝ ձեր սրին․․․
Երբ պատարագիչ սրբազանը ս․ հաղորդության սկիհը ձեռին խոնարհեց բեմի վրա, զորքերը կարգով առաջ եկան և հաղորդվեցան։ Նրանց հետևից ամրոցի ժողովուրդը սկսած փոքրից մինչև մեծը, որովհետև ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի։
Փոքր ժամանակից հետ զորքերն արդեն պարսպի և մարտկոցների վրա էին։
Արևն արդեն բարձրացել էր, երբ թշնամու նախահարձակ գնդերն ամրոցի շուրջը պատեցին և սկսան նետաձիգ լինել դեպի պարսպի հայ զինվորները։ Վերջիններս պատասխանեցին նրանց նույն զենքով։
Ապա հետզհետե մոտեցան կանոնավոր խմբերը, որոնց մի-մի շարքը ասպարափակ անելով՝ ծածկում էր թե՛ իրան և թե՛ հետևող խմբերին։ Վերջիններս այդպիսով պատսպարված՝ նետաձիգ էին լինում անընդհատ։ Այդ դեպքում պաշարյալներին պաշտպանում էին միայն պարսպի ատամները։
Մի առ ժամանակ հակառակորդներն զբաղված էին այս հանգիստ տուրևառով։ Բայց ահա մոտեցրին պարսպին մի ստվարագլուխ խոյ։ Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ահագին գերան, որ հաստ շղթաներով կախված էր անիվների վրա ամրացրած մի ծածկի առաստաղից և գլխին հագցրած մի հաստ ու սրածայր երկաթ։ Այդ կախարանավոր գերանը պարսպին մոտեցնելով՝ նրա ետևից չվանով քաշում էին տասնյակ մարդիկ և հանկարծ բաց թողնելով՝ երկաթե գլուխը զարկում պատին։ Այդպիսով նրանք քարերը խախտելով աշխատում էին պարիսպը կործանել։
Ուրիշ կողմերից մոտեցնում էին բաբաններ ու պալիստրներ՝ լարած արջառի ամուր ջիղերով։ Դրանց վրա դնում էին ահագին քարեր և ուժգին թափով զարկում պարսպի շուրթերին։
Պարսպահար գործիների շուրջը վխտում էին բազմաթիվ զորքեր։ Նրանցից ոմանք գործիներն էին շարժում, ոմանք գործավորներին պատսպարում և ոմանք գործիների դեմ խիզախող մարտիկները վանում։
Բայց հազիվ առաջին խոյը սկսել էր յուր հարվածները և ահա պարսպի վրայից թափեցին նրա վրա կրակված կպրի հեղեղ և նավթով թաթախուն խոտի խրձիկներ, որոնք խոյի տախտակե ծածկը վառելով, ահագին հրդեհ առաջացրին։ Չնայելով որ հրշեջները իրանց տկերը դատարկելով աշխատեցին հրդեհը հանգցնել, այնուամենայնիվ բոցը լափեց խոյի ծածկն ու կախարանը և գործին անպիտանացած ընկավ գետնի վրա։
Ոչնչացած խոյին փոխարինեց մի ուրիշը, որի ծածկը պատած էր թրջած թաղիքով և տամկացած կաշիներով։ Ամրոցականները նրա դեմ էլ սկսան մրցել համապատասխան հնարներով։
Իսկ քարեր արձակող պալիստրների դեմ միայն մի միջոց ունեին նրանք, այն է՝ չվաններով կապում ու կախում էին պարսպից խոտի ահագին խուրձեր, որոնց դիպչելով՝ պալիստրի ռումբը կորցնում էր յուր թափի զորությունը և այդպիսով անվնաս դառնում պարսպի համար։ Բայց թշնամին յուր երկարաբուն ջահերով վառում էր այդ խուրձերը, որից հետո ամրոցականները չվանը կտրելով՝ վայր էին ձգում հրդեհված խոտը և ուրիշ խուրձեր փոխարինում նրանց։
Մինչդեռ թշնամին մի կողմից յուր պարսպահար գործիներով աշխատում էր պարիսպներն ու պատնեշները փլցնել, մյուս կողմից նրա ավելի խիզախ խմբերը սանդուղքներ ու վերելակներ էին ամրացնում պարսպի ու աշտարակների վրա և աշխատում էին դեպի վեր բարձրանալ։ Նրանք վահանները գլխներին և սուրը ձեռքներին բռնած՝ մագլցում էին այդ սանդուղքները և զարմանալի արիությամբ դեպի վեր սուրալով՝ աշխատում էին զոռով ներս թռչել դեպի ամրոցը։
Բայց հայ զինվորները ժամանակ չէին տալիս այդ քաջերին։ Երկաթե ահագին ձողերով, սվիններով ու նիզակներով շարունակ հարվածում, վայր էին գլորում նրանց կամ երկաթե ժանիքավոր կարթերով նրանց գլուխն ու մարմինը շամփրելով՝ դեպի վեր էին քաշում և չարաչար սատակում։ Շատ տեղ էլ սանդուղքները գլորելով՝ գետին էին թոթափում վրան մագլցողներին։
Թշնամու հարձակումն անընդհատ շարունակվում էր։ Թե՛ դրսից և թե՛ ներսից կռվում էին կատաղությամբ։ Ոչ մի կողմը տեղի չէր տալիս մյուսին։ Նետերի տարափ էր, որ տեղում էր վերից վայր և հակառակ, սվիններ ու գեղարդներ էին, որ շարունակ թռչում էին օդի մեջ․ սանդուղքներ էին, որ ջախջախվում, նիզակներ, որ փշրվում, վահաններ, որ ջարդվում էին։
Իսկ բոցն ու կրակը ինչպես մի լանածավալ հրդեհ պատում էր պարիսպները, պատնեշները և աշտարակները։
Բեշիրը տեսնելով, որ բյուրականցիների ընդդիմությունը ահագին կոտորած է անում յուր զորքի մեջ, հրամայեց նրան նահանջել այդ օրը։ Պարիսպների տակ կուտակված էին ահագին թվով դիակներ, որոնց թշնամին ժողովելով՝ հազիվ մինչև երեկո թաղել կարողացավ մի ընդհանուր փոսի մեջ։
Այս հանգամանքը կատաղեցնում էր Բեշիր զորավարին, նա փրփրում և ատամները կրճտում էր։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Պաշարյալները իրանց պարտքն էին կատարում և պաշտպանվում էին հերոսաբար։
Մի վայրկյան նա մտածեց թողնել Բյուրականին բռնությամբ տիրելու որոշումը և առաջարկել կաթողիկոսին անձնատուր լինել խաղաղությամբ։ Նա հավատացած էր, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե ինքը վերջ ի վերջո պիտի տիրե նրա դղյակին և ձերբակալե նրան։ Բայց մեկ էլ մտածելով, որ պաշարյալները կարող են յուր առաջարկությունը մերժել, իրան էլ այդպիսով ծաղրել ու վիրավորել, թողեց այդ որոշումը։
Զենքի ուժով կառնեմ և կհատակեմ այս ամրոցը, ասաց նա, վերջապես և հրաման տվավ զորքին՝ նոր և սաստկագույն հարձակման պատրաստվելու։
Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Բեշիրը նորեն յուր զորքերով դեպի բերդը դիմեց։ Նորեն նետաձիգներն ու պարտզահարները իրանց գործն սկսան։ Բացի այդ, պաշարյալները երկյուղով տեսան, որ փայտակերտ աշտարակն ու ահագին կրիան, որոնց նախընթաց օրը թողել էին պարիսպներից հեռու (որովհետև հույս ունեին ավելի թեթև գործիներով պարիսպները փլցնել), արդեն մոտեցնում են՝ առաջինը պարիսպներին, իսկ երկրորդը՝ բուրգերից մինին։ Նրանց երկյուղը ոչ թե աշտարակի ու կրիայի տալիք հարվածներից էր, այլ այն մտադրությունից, թե չլինի՞ այդ գործիները չմոտեցնեն այն տեղերին, ուր ցանկալի էր, այսինքն՝ ուր որ դարան էին լարել իրանք։ Այս պատճառով ինչպես նախընթաց, նույնպես և այդ օրը հայ զինվորները չմոտեցան պարսպի այն մասին, որ ամենից թույլն ու դյուրամատույցն էր, կամենալով մոլորեցնել թշնամուն։ Իսկ վերջինս, որ օր առաջ արդեն նկատել էր ինչպես այդտեղի հարմարությունը՝ աշտարակից կամուրջ ձգելու համար, նույնպես և այն, որ զորքերը չեն պաշտպանում այդ մասը, եկել էր այն եզրակացության, թե ներսից ուրեմն կռվան չունի պատվարը, և այդ է պատճառը, որ զորք չէ կանգնում այդտեղ։ Ուստի շուտով եռհարկյան մարտկոցը անիվների վրա տատանելով սկսավ մոտենալ պարսպի այդ մասին։ Պաշարյալների ուրախությանը չափ չկար։ Որովհետև նա կանգ պիտի առներ հենց այնտեղի վրա, ուր իրանք փորել էին ընդարձակ գետնափոր, որի վերին երեսը պահպանվում էր ներսից զարկած և հենարանների վրա հաստատած մի տախտակամածով։ Այդ գետնափորի մեջ տեղ-տեղ դարսված էին նավթով թաթախուն խռիվ ու խրձիկներ։ Եթե աշտարակը կանգնեցնեին գետնափորի վրա, իրանք հենարանները հանելով՝ տախտակամածը պիտի քանդեին։ Այդպիսով հողի ծածկը աշտարակի ծանրության չդիմանալով՝ պիտի փլչեր, որով և մարտկոցը վայրահակ կործաներ։ Այնուհետև խոտն ու խռիվը կրակելով՝ պիտի այրեին նաև աշտարակը։
Պաշարյալների ակնկալությունն ի դերև չեղավ։ Փայտակերտ մարտկոցը կանգնեցրին պարսպի դյուրամատույց տեղի մոտ, իսկ և իսկ գետնափորի վրա։ Հագարացիների մարտիկները աշտարակը մտնելով իրանց գործն սկսան։ Նրա ներքին հարկից սակրերով ու նիգերով փորփրում էին պարսպի հիմքը։ Երկրորդ հարկից՝ փոքրիկ խոյերով խախտում էին նրա պրգունքի քարերը։ Այդ երկու բաժանման աշխատավորներին պաշտպանում էր պաշարյալների հարվածներից տամուկ կաշով պատած հաստ տախտակամածը, որ երկրորդ հարկի հատակից բացվելով՝ կառչում էր պարսպին և այդպիսով ծածկում պարսպահարներին։
Հայ զորքերի մի ստվար խումբ վազեց իսկույն աշտարակի կողմը և սկսավ կռիվ մղել նրա երրորդ հարկի մարտիկների դեմ, որոնք աշխատում էին երկաթապատ կամուրջը պարսպի վրա իջեցնել։
Երկու կողմից էլ կատաղի կռիվ սկսավ։ Նետերը տեղում էին աջ ու ձախ․ նիզակները ճոճում ու հարվածում, ժանիքավոր սվինները խփում ու միմյանց կառչում, բայց կռվողներից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։
Հանկարծ երկաթե ձողապատ կամուրջն աշտարակի բարձունքից ճռնչալով իջավ պարսպի վրա, և հագարացի մարտիկները միմյանց ետևից սկսան նրա վրայով խուժել դեպի պարիսպը։
Այստեղ փրթեց հուսահատ կռիվ․ ներսինները դիմադրում էին հերոսաբար, դրսինները խիզախում համարձակորեն։ Նիզակներ էին՝ որ փշրվում, վահաններ՝ որ ջախջախվում, սրեր՝ որ շողում կամ թռչում էին աջ ու ձախ, և մարտիկներ, որոնք կամրջի ու պարսպի վրայից թոթափվում էին դեպի վայր։ Հագարացի ընկած զինվորներին շարունակ փոխարինում էին նորերը, որոնք ներքին հարկից վազում էին դեպի վեր դիվական ճարպկությամբ մինչդեռ հայ զորաց թիվը գնալով նվազում էր։ Որովհետև մյուս կողմերի վրա կռվողներից սրանց օգնության հասնել չէին կարող․ ամեն մի խումբ յուր դիմադիր հակառակորդն ուներ։ Բայց և այնպես այդ սակավաթիվ քաջերը կռվում էին հուսահատ կատաղությամբ և միևնույն ժամանակ զարմանում կամ զայրանում, որ աշտարակը այդքան ժամանակ կանգուն է մնում յուր տեղը։
Փոքր մի ևս և հայ կտրիճները պիտի հաղթահարվեին, և աշտարակի զորքերը վերջին հարվածը տալով նրանց, պիտի խուժեին պարսպից ներս։ Բայց ահա՝ հանկարծ լսվեց մի բոմբյուն, ապա մի դղրդոց, և փայտակերտ աշտարակը, ալիքների մեջ ընկղմող հսկայական նավի նման ճոճալով ու տատանելով սկսավ մի կողմից խրվել գետնի մեջ և մյուս կողմից հակվելով՝ զարնել պարսպին։ Կամուրջն ու ներքին տախտակամածը փշրվեցան, վերին հարկը մյուս երկուսից բաժանվելով կործանվեցավ, իսկ վերջիններին շրջապատեց մի սոսկալի հրդեհ, որ առաջացել էր գետնափորի մեջ նավթով ողողած խռիվների վառվելուց։
Հագարացիները այդ տեսնելով հուսահատության աղաղակ բարձրացրին, մինչդեռ հայերն ուրախության ու ցնծության ձայներ էին արձակում։ Թեպետ հրշեջների խումբը շրջապատեց իսկույն վառվող աշտարակը և թափեց նրա վրա յուր այծատիկների ջուրը, սակայն կրակը հանգցնել չկարողացավ։ Բոցեղեն լեզուները, որոնք գետնի միջից անընդհատ ծառանալով շրջապատել էին աշտարակը, գրեթե կես ժամում այրեցին ու մոխիր դարձրին նրան՝ յուր մեջ ունեցած զենքերով ու զորքերով։
Աշտարակից ավելի լավ բախտի չհանդիպեց կրիան, որ գլխավոր բուրգին մոտեցնելով՝ կամենում էին նրա ներքին հարկը խրամատել։ Կրիան մի քառակուսի և լայնադիր տախտակամած էր, մի քանի կանգուն բարձրությամբ, հաստատված ութ ստվար անիվների վրա և չորս կողմից պատած անեփ ու թաց կաշվով, որ նրան վերին կողմից ազատ էր պահում հրդեհից։ Այդ ծանրաշարժ գործին առաջ էին մղում գլանների վրա ձգած տախտակների վրայով։ Բուրգին կամ պարսպին մոտեցնելուց հետ, նրա տակ մտնում էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք և թրերով ու նիգերով սկսում էին քանդել պատվարը, չվախենալով ամրոցական հարվածներից, որովհետև հաստաշեն տախտակամածը պաշտպանում էր նրանց։
Սակայն բյուրականցիք ուրիշ հնար էին մտածել նրան կրակելու համար։ Հենց որ հագարացիք առաջին փոքրիկ խրամատը բացին, իրանք այդ տեղով սկսան թափել ահագին քանակությամբ թեփախառն նավթ։ Հեղուկը հոսելով լճացավ կրիայի տակ․ ապա մի ակնթարթում կրակեցին նրանք այդ հեղուկը հենց խրամատի բերանում։ Բոցը ծավալվելով մտավ կրիայի մեջ։ Պարսպահար գունդն սկսավ փախչել, շատերն էլ կրակից բռնվեցան, իսկ կրիան մնաց բոցեղեն լեզուների մեջ։ Այդ միջոցին բուրգի վերևից սկսավ տեղալ նետերի սաստիկ տարափ այն խիզախ խմբերի վրա, որոնք կարթավոր չվանները ձեռքներին մոտենում էին կրիային՝ կրակների մեջքից նրան ազատելու համար։ Այդ անել, իհարկե, թույլ չտվին նրանց հայերը, և կրիան հետզհետե այրվելով դարձավ մի մոխրակույտ։
Զորապետի կատաղությանը չափ չկար։ Արաբական նժույգը հեծած, սուսերամերկ և սրարշավ նա դիմում էր մերթ այս և մերթ այն կողմը, և ահեղ որոտալով՝ առաջ էր մղում մարտիկներին, ոմանց թշնամանում, ոմանց խրախուսում էր․ հայ կտրիճներին օրինակ էր տալիս նրանց, վառում, բորբոքում էր պատերազմը։ Բայց բոլորն իզուր, բոլորն ապարդյուն։ Հայոց նետերն ու կրակը ահագին կոտորած էին անում նրա զորքի մեջ։ Շատերը նրանցից ձգում, փախչում էին և զորավարի հրամանն ու սպառնալիքը չէր վերադարձնում դասալիքներին։ Վերջապես մի քանի ժամվա կատաղի կռվից ու խիզախ հարձակումից հետ Բեշիրը հրաման արավ զորքին նահանջ տալու և բանակատեղը դառնալու։
Այդպես էլ կատարվեցավ։
Իսկ բյուրականցիք ուրախության աղաղակներով ծաղր ու ծանակ էին անում նրանց։
Այդ գիշեր թշնամու բանակը կարծես սուգի մեջ էր, մինչդեռ Բյուրականը ջահերով ու ղամբարներով լուսավորված՝ հաղթության տոն էր կատարում։
Հետևյալ երկու օրը թշնամին հարձակում չարավ, որովհետև զբաղված էր յուր վնասները դարմանելու և նոր զորախմբեր կազմելու հոգսերով։
Երրորդ և հետևյալ օրերը նա շարունակ հարձակվում և մի քանի ժամ անհաջող կռիվ մղելուց ու հարյուրավոր հոգիներ կորցնելուց հետ վերադառնում էր բանակ։
Յոթ օր անցավ այսպես և սակայն Բեշիրը չկարողացավ Բյուրականն առնել։ Ութերորդին՝ նա պատրաստվում էր բանակը վերցնել և հեռանալ, երբ մի դժբախտ ու անակնկալ դեպք հայոց բախտի անիվը դարձուց։
Սոլոմոն ճգնավորի բերած զորքերից երկու հոգի, որոնք պահանորդ խմբից էին, վեճի բռնվեցան կաթողիկոսարանի թիկնապահների հետ։ Վեճը կռվի փոխվելով՝ բյուրականցիները նորեկներին ծեծեցին։ Վերջիններս առանց իրանց առաջնորդի խնդիրն ու թախանձանացը ուշադիր լինելու՝ դիմեցին վեհարան՝ կաթողիկոսին գանգատվելու։ Սահակ եպիսկոպոսը դիմավորեց նրանց և յուր քաղցր խոսքերով ու հորդորներով աշխատեց զինվորների սիրտը ամոքել, բայց վերջիններս անդրդվելի մնացին, նրանք կամենում էին կաթողիկոսին տեսնել։
Երբ վերջապես եպիսկոպոսը հայտնեց, թե կաթողիկոսը Բյուրականում չէ, հետևապես նրան տեսնել չեն կարող, պահանորդ զինվորները կարծես սառեցան։
«Ի՞նչ, ուրեմն մենք մեր կաթողիկոսին չէի՞նք պաշտպանում, ուրեմն մեր անձը վտանգի էինք ենթարկել մի քանի թշվառ, բյուրականցիների՞ համար․․․», ասացին նրանք եպիսկոպոսին և առանց այլևս ուշադիր լինելու նրա խոսքերին, իրանց տեղը վերադարձան։
Նույն ավուր երեկոյան սև խորհուրդ հղացան այդ երկու հայերը, որոնք, դժբախտաբար, պահանորդ լինելով՝ ո՛չ եկեղեցումն էին գտնվել, ո՛չ եպիսկոպոսի քարոզը լսել և ո՛չ հաղորդություն առել։ Նրանց սրտերը ոչնչով չէին փափկացել այդ օրհասական օրերում։ Ընդհակառակը, դեռ ավելի խստացել ու անգթացել էին թե՛ պատերազմի արյան գոլորշիներով և թե՛ կաթողիկոսարանի թիկնապահներից կրած վիրավորանքով։
Կաթողիկոսն ինքը փախել է Բագարան, իսկ յուր ժողովուրդը թողել թշնամու առաջ, օրինավո՞ր բան է այս, հարցնում էր զինվորներից մինը մյուսին։
Իհարկե, ոչ։
Ինչո՞ւ ուրեմն մենք մեր գլուխը մահուն ենք տալիս։ Բեշիրը երբ էլ լինի Բյուրականն առնելու և մեզ ամենքիս սուր է քաշելու։ Եթե կաթողիկոսը, որ հայր ու խնամակալ է, թողնում է ամենքին ու փախչում, մենք ինչո՞ւ չպիտի հետևենք նրա օրինակին։ Ո՞վ կպահե մեր կինն ու զավակները, եթե մենք սպանվինք։ Իհարկե՝ ոչ ոք։
Ի՞նչ անենք ուրեմն, փախչե՞նք այստեղից, հարցրեց ընկերը։
Առաջին զինվորը մի փոքր մտածեց և ապա շշնջալով ասաց․
Մենք կարող ենք մինչև անգամ վրեժխնդիր լինել մեզ ծեծողներին։
Ինչպե՞ս։
Մինչև անգամ կարող ենք մեզ հարստացնել․․․
Բայց ի՞նչ պիտի անենք։
Բեշիրը հո ամրոցը վերջ ի վերջո պիտի առնե։
Այո՛։
Հո բոլորին պիտի կոտորե։
Այո՛։
Է՜, եթե մենք կենդանի մնանք, բյուրականցիներին ի՞նչ վնաս։
Իհարկե ոչինչ։
Ուրեմն ես կերթամ այս գիշեր Բեշիրի մոտ։
Հետո՞։
Կխոսեմ նրա հետ։ Եթե նա կհամաձայնի տալ մեզնից յուրաքանչյուրին հարյուրական ոսկի, այլև Ոստանում հարյուր արտավար հող, մենք ամրոցը կհանձնենք նրան․․․
Պահանորդ զինվորի աչքերն ուրախությունից փայլեցին։ Ո՛չ խիղճը, ո՛չ եղբոր թշվառությունը չշարժեցին այդ վայրկենին նրա սիրտը, որ հրճվում էր ապագա հարստության ու երջանկության հուսով։
Գնա՛, իսկ ես կբանամ աշտարակի փոքրիկ անցքը․․․ Ամրոցում ո՞վ կարող է իմանալ, թե մենք առաջնորդեցինք Բեշիրին․․․ չէ՞ որ շատ տեղերում կան անցքեր և պահանորդներ․․․
Ասացին և կատարեցին։
Կես-գիշերվա մեջ հագարացիների փողը հնչեց ամրոցում։ Հայոց զորքն ու ժողովուրդը, որ հանգիստ քնած էին, և չէին երազում, թե հաղթված թշնամին կհամարձակի մոտենալ բերդին, սարսափահար վեր թռան տեղներից։ Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ․ հագարացիները կոտորել սկսան․․․ Չնայելով, որ հայոց զորքը զենքի դիմեց իսկույն, չնայելով որ Թեոդորոս սարկավագն ու Սոլոմոն ճգնավորը սրերը ձեռքներին զորքի առաջն անցան, ահավոր ձայնով խրախույս կարդացին և սկսան կռվել ներս խուժողների դեմ, այսուամենայնիվ նրանց ընդդիմությունը չկարողացավ ընկճել թշնամու զորությունը, որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էր, որովհետև ամրոցի մեծ դռները բացված էին արդեն և հագարացիք գունդագունդ ներս էին թափվում։
Անցան մի քանի ժամեր օրհասական կռիվն ու հուսահատ ընդդիմությունը վերջացավ․․․ Ամրոցն ամբողջապես ողողվեցավ արյունով, փողոցներն ու տները լցվեցան դիակներով, որքան զորք ու ժողովուրդ կար ամրոցում, ամենքը գրեթե նահատակվեցան․ բայց կրկին չափով հագարացիներ ջնջվեցան, որովհետև ամեն մի հայ զինվոր՝ մեռնելուց առաջ՝ սատակում էր մի քանիսին։
Երբ արյան գոլորշիներից արբած հրոսակները ներս խուժեցին եկեղեցին, Սահակ եպիսկոպոսը հսկումն էր կատարում այդտեղ։ Նրան շրջապատել էին ծերունի միաբանները, անզոր կանայք և զառամյալ ծերունիք։ Աղոթք ու պաղատանք, լաց և կոծ իրար միախառնված դղրդեցնում էին տաճարը։ Հանկարծ շրջապատեցին նրանց սուսերամերկ զինվորները, ահարկու դեմքերով, արյունռուշտ հայացքներով և վայրենի աղաղակով։
Սակայն ո՛չ սրերի շողալը և ո՛չ դահիճների սպառնանքը չվախեցրին աղոթող նահատակներին։ Կարծես թե հենց դրան էլ սպասում էին նրանք։ Ժողովրդի մի մասը դուրս փախավ եկեղեցուց, մի մասը տեղն ու տեղը սրի ճարակ դարձավ, իսկ եպիսկոպոսին ու միաբաններին դուրս քաշեցին իրանք, կատաղի զինվորները, և բերին կանգնեցրին Բեշիրի առաջ։
Ո՞ւր է ձեր կաթողիկոսը,-հարցրեց նրանց զորապետը։
Գնաց Բագարան, պատասխանեցին նրան։
Այս անգա՞մ էլ ուրեմն փախավ նա իմ ձեռքից․․․ գոչեց Բեշիրը կատաղությամբ․․․ և ապա ատամները կրճտելով մռմռաց, հոգ չէ, մենք Բագարան էլ կերթանք․․․ Այժմ դեռ դուք տուժեցեք։
Այս ասելով նա հրամայեց զինվորներին մերկացնել բոլորին և ծանր տանջանքներով ու անարգ առականքով կոտորել նրանց։
Զինվորները կատարեցին իսկույն զորապետի հրամանը։ Առաջին և դառնագույն մահը հասավ Սահակ եպիսկոպոսին, ապա մյուս միաբաններին։
Այդ օրը, որ 924 թվականի ապրիլ 17-ն էր, միաժամանակ նահատակվեցան բոլոր այն գլխավորները, որոնք հակառակելով կաթողիկոսի հեռանալուն, իրենք մնացել էին Բյուրականում։ Դրանց թվումն էին Մովսես վարդապետը, Դավիթ և Մովսես քահանաները, նրանց զինվորական Սահակ եղբայրը և Սոլոմոն ճգնավորը։
Թեոդորոս սարկավագը, որ վիրավոր ընկած էր դիակների մեջ, մահվան հարված ստացավ մի սինլքոր զորականից։
Բեշիրը Բյուրականն ավերելուց ետ մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով վերադարձավ Դվին։
Ներկայացնելով ոստիկանին երկու հայ մատնիչներին, զորապետը խնդրեց Նսըրին՝ վարձատրել նրանց։
Եվ Նսըրը, արդարև, ըստ արժանվույն գնահատնց այդ թշվառականների մատուցած ծառայությունը։
Ձեր վարձատրությունը կլինի այն, ինչ որ ստանում են առհասարակ բոլոր մատնիչները, ասաց նա զինվորներին․ դուք, որ չկարողացաք հավատարիմ մնալ ձեր տերերին ու հավատակիցներին, հարկավ, մեզ ավելի ևս անհավատարիմ կլինիք։
Այս ասելով նա հրամայեց դահիճներին իսկույն ևեթ գլխատել նրանց։