Muratsan

Գևորգ Մարզպետունի

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ա
ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈԻՄ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդնմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար, չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը։

Նա գտնվում էր Այրարատ նահանգի Մազազ ու Ոստան գավառները միմյանցից բաժանող Գեղա լեռան մի ոստի վրա, որը վերջին դարերում, յուր ծոցում գտնվող Ս․ Գեղարդի անունով Գեղարդասար կոչվեցավ։

Բարձրադիր սարավանդակը, որի վրա կառուցած էր ամրոցը, շրջապատված էր բնության փառահեղ և ահարկու տեսարաններով։ Հսկայակերպ ժայռեր, անհեթեթ հողազանգվածներ, ահավոր անդունդներ, իսկ ավելի հեռվից՝ գեղատեսիլ լեռներ խրոխտ ու կոհակավետ գագաթներով՝ ծածկում էին նրա շրջակայքն ու հանդիպակաց հորիզոնը։

Ամրոցի առջևից՝ փրփրադեզ ալիքները դարևանդներից գահավիժելով՝ հոսում էր Ազատ գետի սրընթաց մի վտակը, որ սարավանդակն ընդգրկող ձորակից անցնելով՝ միանում էր Ազատի երկրորդ վտակի հետ և ապա օձապտույտ գետահետելով՝ դուրս գալիս Դվնո ընդարձակ դաշտը՝ Ոստան գավառի այգեստաններին ջուր ու զովություն մատակարարելու։

Հինավուրց ամրոցը, որ յուր հինգ եկեղեցիներով, բազմաթիվ շինություններով ու պահականոցներով հանգչում էր միապաղաղ ժայռերից ու ամբարտակներից զանգված բարձրության վրա, պատսպարված էր ամեն կողմից թե բնության և թե արհեստի ամրություններով։ Հյուսիսային կողմից՝ պաշտպանում էին նրան, բացի կիսաբոլոր պարիսպներն ու աշտարակները, այլև Գեղարդասարի այն գահավանդները, որոնք աստիճանաբար բարձրանալով՝ կցվում էին Գեղա լեռան հետ։ Արևելյան և արևմտյան կողմերից շրջապատում էին հսկայական պարիսպներ և հզոր աշտարակներ, որոնք շինված էին կոփված ու հղկված խանձաքար ժայռերից և ամրացրած կապարով ու երկաթով։ Իսկ հարավային և մասամբ արևելյան կողմից՝ բարձրանում էին միակտուր քարաժայռերի բնական պատնեշներ, որոնք խորաձորի միջից հսկայական բուրգերի նման դեպի վեր ձգվելով, ընդգրկում էին ամրոցի այս շրջապատը և այդպիսով դարձնում նրան ահարկու և անմատչելի։

Հարավ-արևելյան այս բարձրության վրա, ամրոցի գրեթե ծայրին, իբրև զույգ օդաչու հսկաներ, կանգնած էին առաջին արքունական դղյակը յուր մռայլ շինություններով ու ատամնավոր աշտարակներով, և երկրորդ՝ Տրդատա հոյակապ հովանոցի քսանչորս հոնիական բարձրաբուն սյուներով, տակավին անեղծ արձաններով և բարձր ու քանդակազարդ ձեղունով, որ հովանավորում էր արքայական դաստակերտի հռովմեական արհեստի ստեղծագործած ուրիշ բազմաթիվ զարդարանքները։ Նրա սյունազարդ և ընդարձակ սրահից երևում էին, ինչպես ափի մեջ, թե՛ ամրոցը յուր բնակարաններով ու պահականոցներով և թե՛ շրջակա լեռներն ու ձորերը իրանց գեղեցիկ կամ անհեթեթ տեսարաններով․ այսպիսով, արքայաշեն սարավույթը զվարճալի զբոսավայր մի լինելուց զատ, ծառայում էր նաև ինչպես մի գեղեցիկ դիտարան թե՛ վտանգի և թե՛ խաղաղության ժամանակ։

923 թվականի աշունն էր։ Գեղարդասարը մերկացել էր արդեն այն աղքատիկ կանաչներից, որոնք հազիվ գարնան վերջերին համարձակվում են ծածկել յուր ժայռապատ լանջերը։ Նա այժմ ամբողջապես փոխարկվել էր քարակարկառ թմբերի ու ամբարտակների, որոնց խոշորագեղ խստությունը չէին մեղմում նույնիսկ Գառնո գեղեցիկ շինությունները։

Օրը տարաժամել էր։ Սարի կրճերից անցնող ճանապարհների վրա շնչավոր էակ չէր երևում։ Դվնո դաշտից դարձողները վաղուց հասել էին տուն և կամ դադարել Այրիվանից խորշերում, ուր հոգեվոր հայրերը օթևան և կերակուր էին տալիս ուշացած հայ անցորդներին, թույլ չտալով, որ նրանք մութը կոխելու վրա անցնեն Գառնո կրճերից, որովհետև հագարացի ավազակախմբերը հետևում էին այդպիսիներին ամեն տեղ։

Այս պատճառով շրջակա ձորերի ու անդունդների վրա թագավորում էր ահարկու լռություն, որ հազիվ երբեմն ընդհատվում էր լեռների մեջ շառաչող աշնանային քամուց կամ դարևանդներից գահավիժող Ազատ գետի խոխոջներից։

Բազմամարդ Գառնո մեջ անգամ դադարել էր շարժումը։ Աշնանային խոնավ ու լեռնային ցրտությունը հավաքել էր ամրոցի բնակիչներին իրանց բնակարանները։ Երևում էին միայն մի քանի պահապաններ, որոնք երկաթե գլխանոցներով, ծանր սրերը գոտիներից կախած և պղնձապատ վահաններն ու երկար նիզակները ձեռքներին՝ անցուդարձ էին անում, ոմանք ամրոցի դռների մոտ կամ պահականոցների առաջ, և ոմանք դղյակի շուրջը, ուր այդ ժամանակ ապրում էր Աշոտ Երկաթի ամուսինը՝ Սահականույշ թագուհին։

Չնայելով որ թագավորը դեռ նոր էր հաշտվել յուր հորեղբոր որդի Աշոտ Բռնավորի հետ և նրա հետ միասին էլ Դվին մայրաքաղաքը նորից նվաճելով՝ այլազգիներից մաքրել այն, այսուամենայնիվ, ժամանակի վատթարության պատճառով, անկարելի էր թագավորական ընտանիքը Դվինում պահել, հագարացի բռնավորները ամեն ժամանակ կարող էին հարձակվել այդ քաղաքի վրա, որ ժամանակի կռվածաղիկն էր։ Եվ որովհետև թագավորը շարունակ զբաղված էր յուր տերության այս ու այն մասում բռնկող ապստամբությունները նվաճելով, ուստի թշնամիների հասած ժամանակ թագավորական ընտանիքը կարող էր մայրաքաղաքում վտանգի ենթարկվել։ Ահա՛ այդ պատճառով Սահականույշ թագուհին էլ ապրում էր Գառնո ամրոցում, և նրա հետ էլ ուրիշ շատ ազատանի կանայք։

Չնայելով եղանակի ցրտության և օրվա տարաժամելուն, այնուամենայնիվ թագուհին դեռ չէր հեռացել Տրդատա հովանոցից։ Վերջին մի քանի օրը նա անց էր կացնում այդտեղ երկար ժամեր, գրեթե միայնակ, երբեմն սյունազարդ սրահի մեջ ճեմելով, իսկ հաճախ դեպի խորաձորը նայող պատշգամբի վրա բազմելով։ Այդտեղից նա լուռ և մտախոհ դիտում էր՝ մերթ ձորի, մերթ շառաչող Ազատի ալիքները, որոնք գետափնյա ուռենիները քերելով և հանդիպակաց ծառերը կոծելով առաջ էին վազում, և մերթ Գեղա լեռան բարձունքներից իջնող ճանապարհը, ուր ամեն մի հեծյալ անցորդ գրավում էր նրա ուշադրությունը։ Թագուհին աչքերը հառելով աշխատում էր վայրկյան առաջ այդ անցորդի ո՛վ կամ ի՛նչ ազգից լինելն իմանալ, և նայում էր այնքան, մինչև որ վերջինս Ազատի խորաձորն իջնելով՝ խոտորում էր դեպի Գառնո արահետը և աչքից ծածկվում։

Արդեն լրանում էր երկրորդ շաբաթը, ինչ թագուհին սրտի անձկությամբ սպասում էր մեկին, բայց նա չէր երևում։ Այդ հանգամանքը տանջում էր նրան սաստիկ և ավելացնում մանավանդ այն վիշտը, որ վաղուց ի վեր կրծում էր յուր սիրտը։

Կար ժամանակ, երբ թագուհին ինքը հեռանում էր մարդկանցից, ոչ ոքին չտեսնելու, երբեք չխոսելու և միայն յուր հոգետանջ մտածմունքներին անձնատուր լինելու համար։ Այդ ժամանակ նա մինչև իսկ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր խանգարել յուր մենավոր մտածությունները կամ հոգեկան հուզմունքներից առաջացող տանջանքները։ Իսկ ա՞յժմ․ այժմ նա հոգնել, վաստակել էր հարատև տխրության տանջանքներից, այժմ նա որոնում էր մինչև անգամ մեկը, որին կարողանար յուր սիրտը բանալ, յուր վշտերը պատմել։ Նրան թվում էր, թե այդ միջոցը կմեղմի յուր ցավերը․․․ բայց ավա՜ղ, ամբողջ դղյակում չկար մինը, ո՛չ կանանց և ո՛չ օրիորդների շրջանում, որին նա յուր սիրտն ու գաղտնիքը հավատալ կարողանար։ Եվ ցավալին այն էր, որ եթե գտնվեր իսկ այդպիսին, դարձյալ ինքը չէր հայտնիլ նրան ոչինչ, որովհետև, չէր հավատում ոչ մի կնոջ անկեղծության, մանավանդ, եթե այդ կինը իշխանական ցեղից էր, և հետևապես, ծագմամբ իրան հավասար։ Թագուհին հավատացած էր, որ այդպիսիները եթե առերես իսկ կարեկցեին իրան, այսուամենայնիվ ներքուստ կուրախանային յուր թշվառության վրա, որովհետև նրանցից ամեն մինն ուներ դրա համար յուր սրտին մոտիկ պատճառներ։ Նա հույս ուներ միայն մի մարդու վրա, որ, կարծում էր, ոչ միայն կվշտակցե իրան սրտի անկեղծությամբ, այլև գուցե կկարողանա թեթևացնել այդ վշտերը։ Ահա՛ այդ մարդուն էր սպասում թագուհին այնքան անձկությամբ, որ, սակայն, հակառակ յուր խոստման և սուրհանդակի բերած տեղեկության, չէր երևում տակավին։

Բայց, ահա՛, մոտենում էր թագուհուն տարիքավոր մի կին միջին հասակով, բարի դեմքով, աղու աչքերով, ժպիտը շրթունքներին և կարծես վախենալով՝ թե միգուցե յուր մոտենալը գրգռե թագուհու զայրույթը։

Այս կնոջը հայտնի էին թագուհու ցավերը, տանջող վշտերը։ Նա սկզբից արդեն ամեն բան տեսել, քննել և ստուգել էր։ Նա անկեղծ սրտով վշտացել և արտասվել էր մեծ տիկնոջ համար դեռ այն ժամանակ, երբ նա ինքը, տիկինը, անտեղյակ յուր դժբախտությանը, զվարճանում էր արքայական զբոսանքներով մերթ Սյունյաց և մերթ Գուգարաց լեռներում։ Այդ կինը սեղան էր, թագուհու գորովագութ դայակը, դղյակում եղող կանանց մեջ ամենից բարին և ազնվասիրտը։ Նրան, Այո՛, հայտնի էր ամեն ինչ վաղուց, բայց նա այդ մասին ոչինչ չէր խոսել մինչև այժմ թագուհու հետ, այն պարզ պատճառով, թե երբ մարդ չէ կարող (տակավին իրան անհայտ) յուր դժբախտության առաջն առնել, ապա լավ է, որ նա երբեք այդ դժբախտությունը չիմանա և կյանքը իզուր չդառնացնե։ Իսկ այժմ, երբ արդեն թագուհին ամեն բան գիտեր, Սեդան հո կարող էր նրա հետ խոսել, ցավակցել նրան կամ մխիթարել։ Չէ՞ որ նա մի օր յուր կաթնասունն է եղել, յուր գրկումն է մեծացել։

Այսպես էր մտածում Սեդան, բայց և հետո իսկույն խելաբերում, որ Սահականույշը՝ Գարդմանա իշխանի դուստրը, այլևս կաթնասուն չէ, որ նա այսօր յուր թագուհին է, որ ինքը կարող է միայն նրա ոտքերը համբուրել, բայց հավասար նստել նրա հետ կամ վշտակցել նրան, իհարկե չի պիտի համարձակեր։ Այն օրից, երբ Սեդան իմացավ, թե թագուհին ծանոթացել է արդեն յուր դժբախտությանը, խեղճ կինն այլևս հանգստություն չուներ։ Ճշմարիտ է՝ սա ոչնչով չէր կարող օգնել յուր թագուհուն, բայց միակ խնամքը, որ նա կարող էր և պարտավոր էր տանել, տանում էր։ Այդ այն էր, որ նա շվաքի պես հետևում էր մեծ տիկնոջը ամեն տեղ, և աշխատում կարելույն չափ հաճախ խանգարել նրա մենավոր մտածությունները, որով, կարծում էր, թե կարող է փոքր ի շատե պահպանել նրա առողջությունը։

Օրը տարաժամել է, սիրելի թագուհի, չէի՞ր հաճիլ դղյակը վերադառնալ, մոտենալով պատշգամբին հարցրեց դայակը։

Դու այստե՞ղ ես, Սեդա, անհանգստությամբ դարձավ դեպի նրան թագուհին։

Այո՛, մեծափառ տիկին․ եկա հայտնելու․․․

Եվ վաղո՞ւց ես դու այստեղ, ընդհատեց նրան թագուհին կասկածոտ եղանակով, վախենալով, կարծես, որ դայակը լսած լինի յուր վշտերը մատնող մի որևէ խոսք կամ հառաչանք։

Հենց որ արևը ետևն անցավ։

Իսկ ես պատվիրել եմ, որ ոչ ոք իմ միայնությունը չխանգարե։

Այո՛, մեծափառ տիկին, քո պատվերը ես զանց անել չէի համարձակիլ, բայց օրը տարաժամել էր և քամին բարձրացել, դու կարող էիր մրսել, եկա հիշեցնելու, որ դղյակը վերադառնալու ժամանակն է։

Հիշեցնե՞լ, ի՞նչ է նշանակում այդ, Սեդա, կես զարմացած և կես բարկացած հարցրեց թագուհին։

Բարի դայակը շփոթվեցավ։ Նա իրավունք չուներ ասել թագուհուն այն ամենը, ինչ որ ինքը ճշմարտություն էր համարում։ Նա զգաց յուր սխալը, ճնշվեցավ, և յուր քաղցր աչքերը կարծես թաքնվեցան արդեն կկոցված փոսիկների մեջ․ մի թեթև շառագույն փայլեց յուր դալկացած այտերի վրա, ինչպես ձմեռվա դժգույն արշալույս, որ զարկում է ձյունապատ ժայռին։ Բայց յուր անուշ ժպիտով, որից անբաժան էին մայրական խանդն ու գորովը, նա ծածկեց շուտով յուր ներքին ճնշման արտաքին պատկերը։ Թագուհու լուրջ և անթարթ հայացքը, որ տակավին սևեռած էր յուր վրա և դեռ, կարծես, բացատրություն էր պահանջում իրանից, յուր այդ քաղցր ժպիտի շնորհիվ հետզհետե մեղմացավ․ Սեդան համարձակություն առավ խոսելու։ Եվ իրավ, չէ՞ որ նա սիրում էր թագուհուն և նրա գաղտնիքներն իմանալու համար չէր, որ հետևում էր նրան, այլ պահպանելու նրա թանկագին առողջությունը, որի վրա դողում էր ինքը, իբրև որդեգորով մայր։ Մի՞թե, արդար և, անկեղծ սիրո այս արտահայտությամբ նա մի հանցանք էր գործում։ Հարկավ ոչ, ուստի և հաստատուն ձայնով պատասխանեց․

Եկա հիշեցնելու, որ ցուրտ է, և թագուհին կարող է մրսել։

Այդ ես ինքս կարող էի իմանալ, նկատեց թագուհին։

Ո՛չ թագուհի, երբ դու ընկղմում ես տխուր մտածմունքների մեջ, այլևս չես զգում, թե ի՛նչ է կատարվում քո շուրջը․․․

Սեդա՛, մայր Սեդա, դու զառանցում ես,-ընդհատեց թագուհին զարմացմամբ։

Այդպես է, իմ սիրելի թագուհի,-կրկնեց Սեդան ավելի հաստատ ձայնով, անցյալ օրը սաստիկ տեղատարափի ժամանակ ամենքը քաշվել էին տուն, նույնիսկ դղյակի առաջ ոչ մի պահնորդ չէր երևում, իսկ դու դարձյալ ճեմում էիր այստեղ, կարծես գարնան օրեր լինեն, և դու՝ մեր Գարդմանա դրախտներում․․․

Թագուհին մի անհանգիստ շարժում արավ․ նրան թվաց, թե դայակը կշտամբում է իրան՝ անօգուտ գաղտնապահության համար, թե նա այդ անում է գուցե հակառակորդ իշխանուհիներից մեկին հաճոյանալու մտքով, թե ուրեմն յուր դժբախտությունը հայտնվել է արդեն բոլորին և նախանձոտ հակառակորդուհիներն սկսում են անարգել իրան, վիրավորելով յուր դշխոյական հպարտությունը յուր իսկ ստորադրյալների ձեռքով։

Այս մտքերը վայրկենապես վրդովեցին թագուհու սիրտը, բայց նա յուր հուզմունքը ծածկելով մեղմ ձայնով հարցրեց․

Սեդա, ո՞վ ասաց քեզ, թե թագուհին ընկղմում է տխուր մտածմունքների մեջ, և թե այդպիսի ժամանակները նա չէ իմանում, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը։

Ոչ ոք, իմ սիրելի տիկին, այդ ես ինքս եմ տեսնում։ Սեդան պետք է կույր լինի, որ յուր տիրուհու դեմքի մշտական թախիծը և նրա ճակատի տխուր կնճիռները չտեսնե․․․ Վաղուց, վաղուց գիտեի, թե ի՛նչ վիշտ է կրծում քո ազնիվ ու բարի սիրտը, բայց ոչինչ չէի համարձակվում ասել քեզ, որովհետև գիտեի, որ քո ցավերի մասին խոսելով՝ միայն քնքուշ սիրտդ պիտի վշտացնեի, առանց սակայն իմ թագուհուն մի օգուտ տալ կարողանալու։

Թագուհու սիրտը շարժվեցավ։ Նախկին կասկածոտ մտածմունքները տեղի տվին հանկարծ մի վստահության, որ կարծես հենց նույն րոպեին ծնվեց յուր մեջ դեպի բարի դայակը, նրա ձայնի մեջ նա այնքան անկեղծություն ու գորով գտավ, որ նրան թվաց, թե իրա հետ խոսողը հարազատ մայրն է և ոչ յուր ստնտուն։

Բայց և այնպես ոչինչ չպատասխանեց, այլ լուռ և մտախոհ բարձրացավ բազմոցից և ուղղվելով յուր սեգ ու վայելուչ հասակի ամբողջ վեհությամբ, նայեց դայակի վրա քաղցր և վստահությամբ լի աչքերով։ Այդ րոպեին նա կցանկանար լսել նրանից ամենը, ինչ որ նա գիտեր յուր վշտերի մասին, կցանկանար ստուգել նորից այն բոլորը, ինչ որ վաղուց և ավելի ստուգությամբ հայտնի էր իրան։ Բայց յուր դշխոյական հպարտությունը չէր ներում իրան այդ թուլությունը․ նա մինչև այժմ ոչ ոքի հետ չէր խոսել այդ մասին, ուրեմն և դայակի հետ չէր խոսիլ, բայց կցանկանար, որ սա ինքը սկսեր խոսել, առանց իրանից հրաման առնելու։

Սեդան չհասկացավ թագուհու լուռ և մտախոհ հայացքի նշանակությունը, նրան թվաց, թե յուր համարձակ խոսքերից վշտացել է նա արդեն․ ուստի և թագուհու հայացքից խուսափելու համար շտապեց վերցնել և ձգել նրա ուսերին պերճ սամուրենին, որ թագուհու բարձրանալու ժամանակ սահել, ընկել էր բազմոցի վրա։

Դրա համար դու արդեն անցել ես տարիքդ, մայր Սեդա, ո՞ւր են իմ նաժիշտները․․․ հարցրեց թագուհին մեղմությամբ։

Օ՛, թո՛ւյլ տուր, որ միայն ես ծառայեմ քեզ, իմ քաղցր, իմ աննման թագուհի, մի՞թե Սեդան պառավել է այնքան, որ այլևս ոչ մի բանի պիտանի լինել չի կարող։

Մայր Սեդա, ա՛յդ չէի կամենում ասել․․․

Թե իմ ներկայությունը հաճելի չէ թագուհուն։

Սեդա, դու ինձ ընդհատում ես․․․

Կամ գուցե անզգույշ խոսքեր արտասանեցի, որոնք վշտացրին իմ թագուհուն։

Ո՛չ, ո՛չ, իմ Սեդա՛, քո ներկայությունը միշտ հաճելի է ինձ, ապացույց, որ ես իմ մենավոր զբոսանքների ժամանակ ոչ ոքին թույլ չեմ տալիս լինել ինձ հետ, բայց դու միշտ կաս և, ամեն անգամ, երբ կամենում ես, խանգարում ես ինձ, առանց նայելու, թե թագուհին ցանկանո՞ւմ է այդ, թե ոչ։

Այդպես էլ պիտի անեմ, մեծափառ տիկին, բարկացի՛ր ինձ վրա, եթե հաճելի է քեզ, բայց թույլ տալ, որ ժամերով տխուր մտածմունքների մեջ խորասուզվես, չեմ կարող, այդ կվնասե քո թանկագին առողջությանը։

«Թանկագի՞ն»․․․ այո, գուցե քեզ համար, իմ բարի Սեդա․ միայն քեզ համար․․․ շշնջաց թագուհին ինքն իրան և ապա դայակին դառնալով հարեց․ իրավունք ունիս, մայր Սեդա, ես քեզ վրա չեմ բարկանում․․․ Բայց ես արդարև երկար մնացի բացօթյա, ո՞ւր են նաժիշտներս։

Դու հրամայել ես, որ նրանք չերևան, մինչև կոչի ձայն չառնեն։

Կանչի՛ր ուրեմն, թող գահավորակս բերեն։

Այս ասելով թագուհին առաջացավ դեպի հովանոցի անկյունը և սյունաշարի մոտ կանգնելով սկսավ դիտել շառագույն լուսինը, որ կամաց-կամաց բարձրանում էր հանդիպակաց լեռների ետևից։ Թեպետ ցուրտն արդեն զգալի էր, և քամին փչում էր հաճախ, բայց երկինքը վճիտ էր և անամպ, աստղերն սկսել Էին փայլել, և լուսնի սկավառակը, որ կարծես կախված էր լեռան գագաթին իբր մոգական մի լապտեր, սկսում էր լուսավորել պարեխավոր լեռներն ու բլուրները։ Դարևանդներից գահավիժող Ազատ գետի փրփրախառն ալիքները տեղ-տեղ փայլփլում Էին ինչպես արծաթի սահանք։

Թագուհին գրավվեցավ լուսնկա երեկոյի գեղեցկությամբ և կրկին խորասուզվեց մտածությունների մեջ։ Փոքր մի ևս և նա նորեն դեպի պատշգամբը պիտի դառնար և բազմոցի վրա ընկնելով անձնատուր լիներ երևակայության տանջող թռիչքներին, բայց նաժիշտների ձայնը և լույսը ջահերի, որ դղյակի սպասավորները ձեռքներին բերում Էին, սթափեցրին նրան։

Թագուհին ետ նայեց։ Նաժիշտների և դայակի հետ միասին գալիս էր նաև տիկին Գոհար, Մարզպետունի իշխանուհին, որ հառաջանալով՝ ակնածությամբ գլուխ խոնարհեց թագուհուն և հաճոյական խոսքերով տրտունջ հայտնեց նրան յուր չափազանց մենասիրության համար։

Այստեղ նստած դիտում եմ Գեղա լեռան ճանապարհը, որպեսզի Գևորգ իշխանի գալստյան լուրն ամենից առաջ հաղորդեմ քեզ, պատասխանեց թագուհին անուշ ժպտալով։

Շնորհապարտ կլինեմ, եթե միայն ուրախ լուր բերե նա մեզ, հարեց Գոհար իշխանուհին և ձեռքը տվավ թագուհուն օգնելու նրան հովանոցի աստիճաններից իջնելու։

Իսկ եթե ուրախ լուր չբերե՞,-հարցրեց թագուհին։

Այդ ժամանակ կցանկանայի, որ ամրոցի դռները չբանային նրա առաջ, կատակեց իշխանուհին։

Թագուհին ժպտաց և ոչինչ այլևս չխոսեց։

Հովանոցի առաջ կանգնած էին չորս հուժկու սպասավորներ, ձեռներին բռնած թագուհու ոսկեզօծ գահավորակը, զարդարված ծաղկանկար մետաքսով և ոսկեթել փնջերով։

Նաժիշտների օգնությամբ թագուհին բազմեց նրա վրա։ Ջահընկալ սպասավորները լուսավորեցին ճանապարհը, որի տարածությունը մինչև դղյակը հազիվ մի քանի տասնյակ քայլ էր։ Գահավորակն առաջ անցավ իշխանուհու և նաժիշտների ընկերակցությամբ։

Դղյակի լայնակամար դռան առաջ նույնպես վառվում էին դամբարներ, և մի խումբ զրահավոր պահապաններ անցուդարձ էին անում այդտեղ։ Երբ թագուհու գահավորակը մոտեցավ, նրանք իսկույն շարվեցան կարգով և ի նշան հպատակության, նիզակները խոնարհեցին այնքան, որ նրանց տեգերը կպան գետնին։

Ձեր հիսնապե՞տը, հարցրեց թագուհին, մոտենալով պահապաններին։

Այստեղ եմ, մեծափառ տիկին, այս խոսքերով մոտեցավ թագուհուն մի բարձրահասակ և գեղադեմ երիտասարդ, որ մյուսներից զանազանվում էր յուր զենքերի փայլունությամբ և գլխանոցի վրա ծածանող ցցունքով։

Բերդակալից լո՞ւր․․․

Տեր բերդակալը պատվիրեց հայտնել, որ աղեղնավորներն ու գեղարդավորները զրկված են մարտկոցները, բերդապահները հսկում են պատնեշները, պահակախմբերը գտնվում են աշտարակներում։

Ամրոցի բանալիները․․․

Սպասում են թագուհու հրամանին փականքները դնելու համար։

Ինչո՞ւ այսքան ուշ․ արդեն մթնել է։

Այրիվանքից բանբեր եկավ և հայտնեց, որ այս գիշեր Վեհը պիտի ժամանե այստեղ։ Տեր բերդակալը ցանկանում է իմանալ, թե արդյոք բանալիները յուր մոտ պիտի մնան մինչև Վեհի գալը։

Հայտնի՛ր բերդակալին, որ փականքները դնե և շտապե ինձ մոտ։

Հիսնապետը գլուխը խոնարհեց և ուղղվեցավ դեպի ավագ դռան փողոցը։

Հասնելով դղյակի դռանը, թագուհին իջավ գահավորակից և ներս մտավ կամարակապ սրահը։ Սա մի ընդարձակ և բոլորշի սենյակ էր, համակ քարաշեն։ Նրա աջ ու ձախ կողմԷրից բացվում Էին չորս փոքրիկ և խորշավոր դռներ, որոնցից ամեն մինը տանում էր դեպի դղյակի ներքին հարկերի զանազան բաժանմունքները կամ ծածկարանները։ Դռների մեջտեղից բարձրանում էր որձաքարե լայնադիր սանդուխտ, որ յուր վերին մասում բաժանվում էր երկու ճյուղերի դրանցից մինը հանում էր միջին հարկը, ուր իշխանազուն տիկնանց և օրիորդների կացարաններն Էին, իսկ մյուսը՝ դեպի վերին դստիկոնները, ուր ապրում էր թագուհին յուր նաժիշտներով։ Սանդուխտները վերից ի վայր ծածկված Էին սյունական գորգերով և լուսավորված կամարներից կախած պղնձե կանթեղներով։

Թագուհին նաժիշտների օգնությամբ սկսավ սանդուխտները բարձրանալ և խոտորելով դեպի աջ, հասավ վերնասրահին, որ լուսավորված էր կրկին աշտանակներով։ Սա մի գեղեցիկ և գմբեթարգ շինություն էր, զարդարված որմնասյուներով, խորշավոր անկյուններով, քանդակազարդ ձեղունով և մյուսիոն քարերից կերտած հատակով։ Սրա վրա նույնպես բացվում Էին կամարակապ դռներ, որոնք հանում Էին դեպի այդ հարկի զանազան բաժանմունքները։

Ամենից մեծ դռնով մտնելով թագուհին անցավ երկու փոքրիկ սենյակներ, որոնց պատերը շինված Էին ապակեբուռ գույնզգույն աղյուսներից և գեղեցիկ կերպով փայլփլում Էին արծաթե կանթեղների լուսի առաջ։ Այդ սենյակները զարդարված գորգերով ու օթոցներով ծառայում Էին սենեկապան նաժիշտներին։

Այդտեղից թագուհին անցավ մի ընդարձակ զարդարուն դահլիճ, որ լուսավորված էր մեծամեծ արծաթե ճրագարաններով։ Դահլիճի պատերն ամբողջապես շինված Էին նրբատաշ, սպիտակ քարերից, գարդարված հարուստ դրվագներով և կարմրաքարե որմնասյուներով ու գոտիներով։ Ձեղունը նույնպես քարաշեն էր և քանդակազարդ։ Նրա չորս անկյունները պաճուճած Էին գույնզգույն քարերի գոգավոր և ուռուցիկ մյուսիոններով, իսկ միջավայրը, ուր լուսանցքն էր գտնվում, բարձրանում էր գմբեթաձև, գոտևոր շրջակներով ու նույնպես զարդարված գույնզգույն և խորշավոր մյուսիոններով։ Դահլիճի հատակն ամբողջապես ծածկված էր գորգերով, պատերի տակ շարված էին բազմոցներ ու տախտեր, վրաները ծածկած դիպակե բարձեր ու մետաքսյա օթոցներ։

Թագուհին բազմեց դահլիճի ճակատին դրված դիպակազարդ բազմոցի վրա, և նաժիշտներից մինը խոնարհելով՝ դրավ նրա ոտքերի տակ մետաքսյա փնջազարդ բարձը։

Be the first who will comment on this

Other parts of "Գևորգ Մարզպետունի"

Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Battle of Avarair, 1948
Battle of Avarair, 1948
Play Online