Раффи

Խաչագողի հիշատակարանը

2 - Դ

ՀԱՎԱՏԱՐՄՈԻԹՅՈԻՆ

Տասնևյոթ տարեկան էի ես, երբ ոտքս դուրս դրեցի հայրենական երկրից։ Այն օրից անցել էր յոթ տարի ևս, որ ես թափառում էի օտարության մեջ։ Այդ յոթ տարվա ընթացքում, կարծես թե, ես արբած լինեի մի տեսակ կախարդական ըմպելիքով, որը օրըստօրե ինձ թմրեցնում էր, խորասուզում էր մի անբացատրելի ինքնամոռացության մեջ։ Մի անգամ գոնե չզարթնեց իմ մեջ ինքնաքննության միտքը, որ ես խորհեի, թե ի՞նչ է իմ կոչումը, ի՞նչ նպատակի եմ ձգտում ես, դեպի ո՞ւր է տանում ինձ այդ տեղային եռանդը, ի՞նչ է իմ ներկան և ի՞նչ կլինի իմ ապագան...

Իմ ամբողջ մտավոր և հոգեկան զորությունը.լարված էր դեպի չարը, դեպի անբարոյականը, դեպի վնասակարը։ Ես մի առանձին դիվական հրճվանքով ուրախանում էի, երբ արյունոտ գործը հաջողվում էր ինձ իմ սոսկալի ձեռնարկությունների մեջ։

Ինչո՞ւ այսպես փոխվեցա ես, ո՞ւր մնաց իմ հոգու քնքշությունը, ո՞րտեղ կորավ իմ բնավորության մեղմությունը...

Ես գործում էի ոչ թե խելքով, ոչ թե գիտակցաբար, այլ մի տեսակ վայրենի բնազդումով, որ միայն գազաններին է հատուկ։

Խաբել՝ խաբելու համար, կողոպտել՝ հափշտակելու համար, սպանել՝ արյուն թափելու համար, ոսկի և արծաթ դիզել միայն ունենալու համար, դրանք էին այն անհագ բաղձանքները, դեպի որոնք մղում էր ինձ վայրենի բնազդումը։

Չարագործը մի տեսակ բարոյական խելագար է։ Այդ հիվանդության մեջ էի գտնվում ես։

Ես ոչ միայն մոռացել էի իմ անձը, այլ մոռացել էի և այն արարածներին, որոնք իմ սրտին խիստ մոտ էին։ Եվ մի անգամ գոնե մտքիս չբերեցի իմ հայրենիքը և այն ազգը, որի արյունն էի կրում և որից կտրված էի։ Ես մի անգամ գոնե մտքիս չբերեցի մորս, քույրերիս և վերջապես Սառային...

Ո՜րպիսի խոստմունքներով բաժանվեցա նրանցից, ո՜րքան մեծ ակնկալություններ ունեին նրանք իմ մասին։ Պարսկաստանի սահմանից անցնելու ժամանակ իմ սիրտը դեռ թարմ էր, որդիական զգացմունքը դեռ ոչ բոլորովին հանգել էր նրա մեջ։ Այն ժամանակ ես մտածեցի մորս վիճակի վրա և այդ պատճառով ծախած ավանակիս արծաթը ուղարկեցի նրան։ Իսկ այնուհետև ո՜րքան գումարներ անցան իմ ձեռքը, բայց մի անգամ գոնե չմտածեցի, թե աղքատության մեջ ապրող մայր ունեմ և որբ մնացած քույրեր ունեմ։ Զարմանալի՜ փոփոխություն։ Պանդխտությունը ինչպես քարացնում է մարդու սիրտը... ի՜նչպես կարծրացնում է բոլոր քնքուշ զգացմունքները։ «Աչքից հեռու, սրտից հեռու», ասում է հայկական առածը։ Դա կատարվել էր իմ հետ։

Այդ բոլոր մտածությունները զարթեցան իմ մեջ այն ժամանակ, երբ հանկարծ ստացա մորիցս մի նամակ։ Ամբողջ յոթ տարի օտարության մեջ ապրելով, այդ առաջին նամակն էր, որ ստանում էի մոռացված հայրենիքից։ Նամակը հասավ ինձ մի խաչագողի ձեռքով, որ եկել էր Պարսկաստանից։ Նրա թվականից անցել էր ավելի քան մի տարի։ Դա համարվում է շատ նոր նամակներից մեկը, որ մեր դասակարգի պանդուխտները բախտ են ունենում ստանալո՛ւ իրանց ընտանիքից։ Բոլոր ժամանակը նա մնացել էր նամակաբերի ծոցում, սպասելով, որ մի տեղում կհանդիպե ինձ և կհանձնե։

Կարծես դառն արտասուքներով գրված լիներ այղ ողբալի նամակը։ Նրա մեջ նկարագրված էր մորս և քույրերիս կրած նեղությունները ինձանից հետո, նկարագրված էր կառավարության սարվազների ու ֆերրաշների գործ դրած բարբարոսությունները, նկարագրված էր մեր ընտանիքի թշվառ դրությունը և իրանց կրած ցավերը իմ պանդխտության մասին և այլն։ Նամակը վերջանում էր այսպիսի խոսքերով. «Մուրադ, այդպես են վճարում զավակները փոխարենը այն կաթի, որով մայրը սնուցանում է որդուն... Դու մոռացա՜ր, բոլորը մոռացա՜ր... Դու մոռացար դժբախտ մորդ և թշվառ քույրերիդ... Դու մոռացար՞ Սառային, որ մինչև այսօր էլ սիրում է քեզ... որին դու ևս մի ժամանակ սիրում էիր...»։

Ո՛րքան ազդու է լինում մոր խոսքը։ Իմ բոլոր ապերախտությունները մի րոպեում նկարվեցան իմ աչքերի առջև։ Կարծես իմ ականջներին զարկում էր մի դառն, հանդիմանական անեծք. «Դու անառակ որդի ես»...

Իմ սիրտը լցվեց ցավերով։ Մի բան միայն մխիթարում էր ինձ, որ այդ նամակից տեղեկացա, այն արարածները, որ մի ժամանակ սիրելի են եղել ինձ, դեռ կենդանի են։

Ես հենց նույն օրը հայտնեցի քավոր Պետրոսին նամակի բովանդակությունը։ նա ցանկացավ տեսնել խաչագողին, որի ձեռքով հասավ ինձ նամակը, բայց նամակաբերը արդեն անհետացել էր։ Երկու տարբեր խումբերի պատկանող խաչագողներ երբեք միևնույն սահմանում չեն գործում։ նա հենց որ տեսավ մեզ, իսկույն հեռացավ մեր գտնված տեղից։

Քավոր Պետրոսը կարգադրեց մի գումար ուղարկել մեր և իր ընտանիքների ծախքերի համար։ Երևում էր, որ նա էլ նոր հիշեց, որ ինքը նույնպես կին ունի, զավակներ ունի, կարոտության մեջ թողած ազգականներ ունի։

Այժմյան մեր իջած տեղը այն քաղաքն էր, որ ընտրել էինք մեզ համար որպես գլխավոր կենտրոն։ Պատահում էր, որ ամիսներով կորչում էինք, թափառում էհնք զանազան երկըրներ, և մեր ձեռքը ընկած արծաթը հավաքում էինք այստեղ։ Այս քաղաքում կար մի բարեսիրտ և արդար սեղանավոր, որը քավոր Պետրոսի վաղեմի ծանոթն էր։ Մեր փողերը հանձնում էինք նրան։ Սեղանավորը ճանաչում էր մեզ մեր իսկական անուններով։ Նա գիտեր, թե մենք ոþրտեղացի ենք, ի՛նչ մարդիկ ենք, բայց չգիտեր մեր իսկական պարապմունքը։ Մենք հայտնի էինք նրան իբրև օրինավոր վաճառականներ, որ ասիական ապրանքների առևտուր են անում։ Բայց թե հեռու տեղերում ի՞նչ գործերով էինք զբաղված, կամ ի՞նչ միջոցներով այդ գումարները հավաքվում էին մեր ձեռքում՝ դրանց մասին նա ոչինչ տեղեկություն չուներ։

Երևում է, կյանքի մեջ ճշմարտությունը այնքան անհրաժեշտ է մարդու համար, որ ամենասարսափելի չարագործը անգամ պետք է ունենա գոնե մի բարեկամ, որի հետ պետք է անկեղծ լինի։ Քավոր Պետրոսի հարաբերությունները հիշյալ սեղանավորի հետ, թեև իսկությամբ այսպես չէին, բայց նա դարձյալ պահպանում էր բոլոր ճշտությունները, ինչ որ վայել են մի բարեկամի, մի ազնիվ մարդու։ Սեղանավորը մեծ վստահություն ուներ նրա հավատարմության. վրա, մանավանդ այն պատճառով, որ համարում էր նրան միամիտ, բարի և ճշմարտասեր մարդ։ Ամեն անգամ, երբ հայտնվում էինք այդ քաղաքում, սեղանավորը մեզ հրավիրում էր իր տունը։ Նրա կինը, երեխաները, աղախինները, սպասավորները՝ բոլորը ճանաչում էին քավոր Պետրոսին, և բոլորի համար քավոր Պետրոսը ուներ անուշ խոսքեր, զբաղեցնելու, ծիծաղեցնելու և գրավելու համար։

Նրանք սիրում էին լսել քավոր Պետրոսի ճանապարհորդությունների պատմությունը։ Այդ «թափառական հրեան» համարյա ամեն երկրում եղել էր և ամեն երկրի մասին կարող էր պատմել նրանց շատ հետաքրքիր տեղեկություններ։ Թեև երբեմն նա առասպելներ էր պատմում, այսուամենայնիվ, մեծ ուշադրությամբ լսում էին։ Օրինակ, մի անգամ ասում էր, թե Հնդկաստանում մի կղզի կա, որտեղ ոսկին ծնեբեկի նման գետնից բուսնում է, աճում է և ճյուղեր է արձակում։

Այդ լա՜ վ է, ասաց սեղանավորը զարմանալով. կարելի է գնալ այնտեղ և քաղել մի ամբողջ ոսկու հունձք։

Եթե հեշտ լիներ, ամեն մարդ կգնար, պատասխանեց քավոր Պետրոսը ժպտալով։

Ի՞նչ դժվարություն կա։

Շատ դժվարություններ։ Կղզին կախարդված է։ Նավերը հազիվ կարող են մոտենալ նրա եզերքին։ Հենց որ մոտեցան, սոսկալի ալեկոծությունը կտանե նրանց դեպի օվկիանոսի հատակը։ Պատահել է, որ մարդիկ, ալեկոծությունից ևս ազատվելով, դուրս են եկել նրա ցամաքի վրա։ Բայց այդ մարդիկ այլևս չեն վերադարձել, նրանք կերպարանափոխվել են, կապիկներ են դարձել և մնացել են այնտեղ։

Ուրեմն ո՞չինչ հնար չկա այնտեղ գնալու։

Ի՞նչպես չկա. միայն պետք է գտնել կախարդված կղզու թիլիսմանը։ Հազարավոր բրամիններ քննում են գրքերը, աշխատում են լուծելու թիլիսմանը, բայց դեռ ոչինչ հետևանքի չեն հասել։ Անգլիայից միլիոններ կտային, եթե մեկը գտնելու լիներ անմատչելի կղզու կախարդական բանալին։

Հետո պատմում էր նա, թե մի այլ կղզում (դարձյալ Հնդկաստանում) գտնվում են այնպիսի հսկա մրջիմներ, որ մարդիկ նրանց մեջքի վրա թամք են դնում, նրանց բերանը սանձ են դնում և ձիու նման նստում են նրանց վրա, ուր որ կամենում են, գնում են։ Եվ քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի կերպով նկարագրում էր իր մի հետաքրքիր ճանապարհորդությունը մրջիմի մեջքի վրա նստած։ Զարմանալին այն էր, որ նրան լսողները այնքան փոքր տեղեկություններ ունեին հեռավոր երկրների մասին, այնքան սակավ ճանաչում էին երկրագունդը, որ բոլորովին հավատում էին նրա պատմածներին։

Ահա այսպիսի և դրա նման պատմություններով էր զբաղեցնում քավոր Պետրոսը իր ունկնդիրներին։

Իր հաշիվների մեջ քավոր Պետրոսը վերին աստիճանի ճիշտ էր սեղանավորի հետ։ Շատ անգամ նրանից բավական խոշոր գումարներ էր փոխ առնում, իբր թե մի առևտրական ընդարձակ ձեռնարկության համար։ Բայց ինձ հայտնի էր, որ քավոր Պետրոսը ոչ փողի կարոտություն ուներ և ոչ՝ առևտրական ընդարձակ ձեռնարկություններ։ նա վեր առած գումարը այնպես անշարժ պահում էր իր մոտ, մինչև լրանում էր իր տված պարտամուրհակի ժամանակը։՝ Այդ միջոցին տանում էր փողը, իր տոկոսով հետ էր տալիս, պարտքը վճարում էր և ստանում էր պարտամուրհակը։ Այդ անում էր նա իր վարկը պահպանելու համար։

Մի անգամ մեզ հարկավորեց վեր առնել սեղանավորից 15000 ռուբլի։ Փողերը բերեցինք մեր իջևանը, կրկին համբարեցինք, տեսանք, որ 1000 ռուբլի ավել է։ Սեղանավորը փոխանակ 15 հազար ռուբլու, սխալմամբ տվել է 16 հազար ռուբլի, իսկ 15-ի պարտամուրհակ էր առել։ Քավոր Պետրոսը մյուս օրը հազար ռուբլի ետ տարավ, հանձնեց սեղանավորին այսպիսի գանգատներով,

Այդ ի՞նչ արեցիք դուք ինձ հետ, Արկադիյ Ֆադեիչ, Այսպես էին կոչում սեղանավորին։ Եթե ես այս գիշեր մեռնելու լինեի, ինչ կլիներ իմ հոգու ճարը։ Երևի, դուք իմ հոգին կորցնել էիք ուզում...

Սեղանավորը մնաց զարմացած։

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, Պյոտր Աբրամիչ, Հարցրեց նա, խնդրելով վրդովված քավոր Պետրոսին նստել։

Պյոտր Աբրամիչը ոչինչ չէ խոսում, լռությամբ դնում է սեղանավորի առջև 1000 ռուբլի։

Այդ ի՞նչ փող է, Հարցնում է սեղանավորը։

Այդ այն փողն է, որ դու ինձ ավել էիր տված, պատասխանում է քավոր Պետրոսը դեռևս վրդովված կերպով։ Ավելի լավ կլիներ, որ համբարքի մեջ զգույշ լինեիք և ուրիշին մեղքի մեջ չգցեիք...

Դու բարի ես, շա՜տ բարի, Պյոտր Աբրամիչ, Ասում է սեղանավորը, բարեկամաբար նրա ձեռքը սեղմելով։

Ես բարի եմ նրա՞ համար, որ չգողացա ուրիշի փողը։ Այդ բարություն չէ, Արկադիյ Ֆադեիչ։

Չնայելով այդ համեստությանը, Արկադիյ Ֆադեիչը աշխատում է ապացուցել, որ Պյոտր Աբրամիչը բարի մարդ է։

Ամեն անգամ, երկար թափառումներից հետո, երբ հայտնվում էինք սեղանավորի մոտ, նրա սովորական հարցմունքն այդ էր լինում։

Լա՞վ վաստակ ունեցար, Պյոտր Աբրամիչ։

Վա՜տ են գնում գործերը, շատ վատ, Արկադիյ Ֆադեիչ։

Ինչո՞ւ։

Բոլորը մեր մեղքերից։

Սեղանավորը ծիծաղում է։

Դուք ծիծաղում եք, Արկադիյ Ֆադեիչ։ Բայց տեսեք, ինչպես վատացել են ժամանակները, առանց երդվելու, առանց սուտ խոսելու չես կարող առևտուր անել... Բայց այդ մե՜ղք է, Արկադիյ Ֆադեիչ, շա՜տ մեղք է... Համարյա մարդ յուր հոգին է ծախում...

Բայց շա՜հ, այսուամենայնիվ, լինում է։

Ի՜նչ շահ... այսպիսի շահը Հուդայի արծաթն է, որ ստացավ և մատնեց մեր տեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի շահը սատանան կտանե...

Չնայելով հայտնած դժգոհությանը վատ ժամանակների և իր առևտրական անհաջողության մասին, քավոր Պետրոսը դարձյալ համբարում է սեղանավորի առջև մի քանի հազարներ։

Այս անգամ, երևի, սատանան չէ դիպել քո փողերին, Պյոտր Աբրամիչ։

Քրտինքով է աշխատած, դա՜ռն քրտինքով, Արկադիյ Ֆադեիչ։ Արդար աշխատանքը Հիսուս Քրիստոսը կպահպանե, պատասխանում է քավոր Պետրոսը և սկսում է ջերմեռանդությամբ խաչակնքել իր երեսր։

Սեղանավորը երբեմն սիրում էր քավոր Պետրոսի հետ հանաքներ անել և զվարճանալ նրա պարզամտության վրա»

Բայց ինձ զարմացնում էր քավոր Պետրոսի հավատարմությունը, որ ուներ դեպի սեղանավորը։ Այդ մարդը, որի համար ոչինչ սուրբ բան չկար, վարվում էր նրա հետ ամենայն ճշմարտությամբ։ Ես կարծում էի, թե դա մի խորամանկ նախապատրաստություն է, սեղանավորին մեր ծուղակի մեջ գցելու համար, որի հարստությունը միլիոնների էր հասնում։ Սի անգամ հարցրի քավոր Պետրոսից»

Սեղանավորի «հոգվոցը» ե՞րբ պիտի կարդանք։ Ուզում էի հասկացնել, թե ե՞րբ պետք է կողոպտենք նրան։

Նա պատասխանեց,

Եթե ամեն աղբյուրները պղտորելու լինես, գոնե մեկը պետք է մաքուր թողնես, որ ինքդ խմես։

Ես տեսնում էի, որ քավոր Պետրոսը այս դեպքում ևս չէ շեղվում իր հիմնական կանոնից, «ամեն ինչ ծառայեցնել իր օգտի համարտ»...

Խաչագողին ևս պետք է մի հավատարիմ մարդ ունենալ: Դուք չգիտեք խաչագողի վիճակը։ Նա թափառում է երկրե երկիր զանազան կերպարանքներով, զանազան անուններով, որոնց ոչ մեկը իր իսկական անունը չէ։ Հանկարծ նա մեռավ. նրա ունեցածն էլ իր հետ կմեռնի։ Որովհետև նա հայտնի է միայն կեղծ անունով, իսկ այդ կեղծ անունը կրողի ժառանգները գտնել անհնարին բան է։ Կիրակոսի թողած կայքը չեն տալ Մարկոսի ժառանգներին, թեև մեռնողը իսկապես Մարկոս լիներ և կեղծ անունով միայն իրան կոչելիս լիներ Կիրակոս։ Մի կենտրոն պետք է, որ խաչագողը հայտնի լինի իր իսկական անունով և հավաքն այնտեղ իր ունեցածը, որպեսզի եթե մահ պատահելու լինի, հասցնեն նրա ընտանիքին։ Ահա այդ էր քավոր Պետրոսի հարաբերությունների պատճառը սեղանավորի հետ։ Նրա մոտ հավաքում էր քավոր Պետրոսը մեր բոլոր վաստակած փողերը։ Եթե մեզ մի բան պատահելու լիներ, սեղանավորը գիտեր, թե փողերը ումն են պատկանում։ Մենք հայտնի էինք նրան մեր իսկական անուններով, և հանձնած գումարների համար ստացական էինք առնում նույն անուններով։

Քավոր Պետրոսը հայտնի էր անունովս՝ պարսկաստանցի, այսինչ գավառից, այնինչ գյուղից, վաճառական Պյոտր Աբրամիչ Աղախանով։ Հայտնի էի և ես իմ անունով, տոհմանունով և տեղի անունով։ .

Այդ ձևը ուներ և այն հարմարությունը, որ դիցուք թե մեզ մահ չպատահեց, այլ մի տեղ կալանավորեցին մեզ։ Այսպիսի դեպքերում չէին կարող մեր կայքը գրավել, որովհետև մեզ կգտնեին մի որևիցե կեղծ անվան տակ, իսկ մեր կայքը մեր սեփական անունով կլիներ բոլորովին ուրիշ ձեռքում։

Ես այժմ հասկանում էի այն զանազան անցագրերի անհրաժեշտությունը, որ քավոր Պետրոսը Պարսկաստանից դուրս գալու ժամանակ առեց իր հետ և միշտ նորոգել էր տալիս, որ ժամանակները չկորցնեն։

Հանձնելով մեր այս անգամվա բերած փողերը սեղանավորին, վերադարձանք դեպի մեր իջևանը։ ճանապարհին քավոր Պետրոսի ուշադրությունը գրավեց մի օտարոտի մուրացկան, որը փողոցում կանգնած էր մի լուսամուտի հանդեպ և խղճալի ձայնով ողորմություն էր խնդրում։ Լուսամուտի հանդեպ նստած տիկինը ձգեց նրան մի քանի գրոշներ և փակեց լուսամուտը։ Մուրացկանը սկսեց որոնել, թե որտեղ ընկան գրոշները։

Նայի՛ր, Մուրադ, Ասաց ինձ քավոր Պետրոսը, կարող ես ճանաչել, թե դա ինչ մարդ է։

Ես նայեցի։ Մուրացկանը հագած ուներ պատառոտած սև փարաչա, մեջքը սեղմված էր գունավոր լայն գոտիով. գլխին դրած ուներ մի ջարդված և հնությունից իսկական գույնը կորցրած հոգևորականի ցած շլյապա (երևի մեկը ընծայել էր նրան) և ձեռքին կրում էր երկայն գավազան, հասարակ ոսկրյա գլխիկով։

Խաչագող է, պատասխանեցի ես։

Ոչ, Ասաց քավոր Պետրոսը։ Քահանա է և հայ քահանա։

Ես չհավատացի։ Մոտեցա մուրացկանին և հարցրի նրա ինչ մարդ լինելը։ Քավոր Պետրոսի նկատողությունը ուղիղ էր։ Նա հրավիրեց թշվառ քահանային մեզ մոտ։ Քահանայի ուրախությանը չափ չկար, երբ հեռավոր օտարության մեջ հանդիպեց երկու հայերի։ Մենք նրան հյուրասիրեցինք թեյով և իսկույն մի բան տվեցինք ուտելու։ Ողորմելին այնպիսի ախորժակով կերավ, որ երևում էր՝ մի քանի օր քաղցած էր մնացել։ Երբ նա փոքր-ինչ կազդուրվեցավ, քավոր Պետրոսը հարցրեց, թե ի՞նչ դեպքով այս կողմերն է անցել։

Նրա պատմությունից երևաց, որ ինքը սպահանցի է։ Նրա ժողովրդի մի մասը Կասպից ծովի հարավ-արևելյան եզերքի վրա մի փոքրիկ գաղթականություն է հիմնել։ Նոր գաղթականները մեծ դժվարությամբ կարողացան իրավունք ստանալ պարսից կառավարությունից, որ իրանց համար մի եկեղեցի շինեն։ Եկեղեցին հիմնեցին, սկսեցին կառուցանել, բայց ավարտել չկարողացան, որովհետև սաստիկ աղքատ էին, իրանց միջոցները չէին բավականացնում։ Շինվածքը մնաց թերի։ Քահանան իմացավ, որ շուտով խմբվելու է... քաղաքի մեծ տոնավաճառը, ինքն ևս դիմեց այնտեղ, այն նպատակով, որ տոնավաճառի առիթով հավաքված հայ վաճառականներից եկեղեցու շինության անունով նվիրատվություններ հավաքե։

Հաջողվեցա՞վ, Հարցրեց քավոր Պետրոսը, թույլ չտալով քահանային ավարտել իր պատմությունը։

Հաջոզվեցավ։ Աստված օրհնե բարեպաշտ հայերի առատաձեռնությունը, նրանք այնքան նվիրվեցին, որով ոչ միայն կարելի էր ավարտել եկեղեցու շինությունը, այլ բավական նշանավոր գումար ավել կմնար եկեղեցին զարդարելու համար պետք եղած սրբություններով։

Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ այդ ողորմելի դրության մեջն ենք գտնում ձեզ։

Երբ ուղևորվեցա դեպի Պարսկաստան, ճանապարհին կողոպտեցին ինձ և բոլորը, ինչ որ հավաքել էի, տարան։ Այդ դժբախտությունից հետո ես չուզեցի դատարկաձեռն և ամոթալի երեսով վերադառնալ իմ ժողովրդի մոտ, ստիպվեցա մուրացկանությամբ շարունակել իմ ուղևորությունը, գուցե մի տեղ դարձյալ բարեպաշտ հայեր կգտնեմ և կդիմեմ նրանց գթասրտությանը։

Այժմ ո՞րտեղ դիտավորություն ունեք գնալու։

Մոսկվա, ասում են այնտեղ ևս հայեր կան։

Խաչագողին հեշտությամբ չէ կարելի խաբել, մանավանդ քավոր Պետրոսի նման մարդուն։ Նա, թեև անզգալի կերպով, բայց բավական խստությամբ սկսեց զանազան հարցեր առաջարկելով քննել քահանային, ստուգելու համար, թե ո՛ր աստիճան ճշմարիտ էին նրա ասածները։

Ես չլսեցի նրանց բոլոր խոսակցությունը, որովհետև այդ միջոցին քավոր Պետրոսը հրամայեց ինձ, որ գնամ հյուրանոցը և մեզ համար ընթրիք պատվիրեմ։ «Բամբակը ղալին լինի», Ասաց նա։ Այդ նշանակում էր, որ արաղը շատ լինի։

Ընթրիքի ժամանակ քավոր Պետրոսը առիթ ունեցավ քննելու քահանային, որովհետև տեր հայրը ուրախությունից խմեց ավելի, քան թե պատշաճ էր։

Քահանան գիշերը մնաց մեգ մոտ։

Մյուս առավոտ, թեյից հետո, քավոր Պետրոսը ասաց նրան.

Ամբողջ յոթ տարի է, տեր հայր, օտարության մեջ ապրելով և օտար ազգերի հետ հարաբերություններ ունենալով, զուրկ եմ մնացել Հայաստանյաց եկեղեցու սուրբ հաղորդությունից։ Ձեզ աստված ուղարկեց ինձ մոտ՝ քավելու իմ մեղքերը և արժան կացուցանելու Հիսուս Քրիստոսի կենարար մարմնին և արյանը։

Տեր հայրը, հայ քահանաների սովորության համեմատ, ճանապարհորդության առիթով, մի փոքրիկ արծաթյա մասնատուփի մեջ վեր էր առել իր հետ սուրբ հաղորդության նշխարներ։ Նա դուրս հանեց մասնատուփը, դրեց սեղանի վրա և պատրաստվեցավ կատարելու սուրբ խորհուրդը։ Քավոր Պետրոսը և ես չոքեցինք նրա առջև։ Քավոր Պետրոսի խոստովանությունը կատարվեցավ հրապարակաբար, թեև ես ոչինչ չհասկացա, որովհետև գրաբար լեզվով էր։ Նա կարդաց հայոց ժամագրքի ամբողջ «մեղան»։ նրա մեջ բովանդակում է բոլոր մեղքերի խոստովանությունը, ինչ որ կարող է մտածել, հնարել և գործել միայն չարագործ մարդը և ոչ ուրիշ արարած։

Ես տեր հոր թելադրությամբ կրկնեցի մի քանի տուն նույն «մեղայից»։ Երբ նա, պահանջված աղոթքները կարդալուց հետո, մոտեցրեց իմ շրթունքին սուրբ հազոդագրության նշխարը, իմ ամբողջ մարմնին տիրեց մի սոսկալի, հոգևոր սարսուռ։ Նույն ազդեցությունը ես նկատեցի և քավոր Պետրոսի դեմքի վրա։

Մենք չոքած տեղից վեր կացանք, երկուսս էլ համբուրեցինք տեր հոր աջը. նա օրհնեց մեզ և թողություն շնորհեց։

Հետո քավոր Պետրոսը տեր հորը իր հետ առնելով, գնացին շուկան» Իսկ ինձ տվեց մի տոմսակ և ուղարկեց Արկադիյ Ֆադեիչի մոտ։ Ես ստացա սեղանավորից 10000 ռուբլի և վերադարձա մեր իջևանը։ Նրանք դեռևս չէին եկել։ Ես մինչև ճաշ սպասեցի նրանց։

Երբ հայտնվեցան նրանք, ես հազիվ կարողացա ճանաչել քահանային։ Նրա հագուստը ոտքից գլուխ նորոգված էր, և տեր հայրը իր կարգին վայելուչ կերպարանք էր ստացել։

Երբ մտան սենյակը, քավոր Պետրոսը նայեց նրա վրա և մի առանձին բավականությամբ ասաց ինձ,

Տեսնո՞ւմ ես, Մուրադ, տեր հայրը այժմ մի բանի նման է։ Այն ի՞նչ էր առաջ։ ճշմարիտ ասած, իմ սիրտը կտրատվեցավ, երբ առաջին անգամ տեսա հայոց եկեղեցու քահանան, պատառոտած հագուստով, փողոցում մուրացկանություն է անում։ Այդ ամոթը, այդ նախատինքը մեզ, բոլոր հայերիս է վերաբերում։ Ի՞նչ կարծիք կունենան մեր մասին օտարազգիները, եթե հասկանան, որ հայ քահանա է։

Փակագծի մեջ ասելով, պետք է խոստովանած, որ խաչագողները մի առանձին նախանձախնդրություն և պատկառանք ունեն դեպի հայոց եկեղեցին և եկեղեցականները։ Նրանք ամեն կրոնների (թե քրիստոնեական և թե հեթանոսական) հոգևորականի անունով հայտնվում են ազգերի մեջ, բայց երբեք իրանց հայ քահանա չեն ձևացնում, հայ քահանայի անունը չխայտառակելու համար։

Քավոր Պետրոսի սովորություններն ինձ հայտնի լինելով, ես արդեն նախաճաշիկը պատրաստել էի տվել։ Երբ կերանք խմեցին, քավոր Պետրոսը վեր առեց վերջին բաժակը և, զարկելով տեր հոր բաժակին, ասաց,

Ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, տացե աստված, որ հաջողությամբ վերադառնաք ձեր տեղը և շարունակեք եկեղեցու շինության գործը։ Ամեն ինչ այս աշխարհում անցողական է և ունայնություն, միայն եկեղեցին և սուրբ հավատը կմնա հավիտյան։

Հետո նա դարձավ դեպի ինձ, հարցնելով,

Բերեցի՞ր։

Ես սեղանավորից ստացած 10000 ռուբլու կապոցը տվեցի նրան։ Նա տվեց քահանային, ասելով.

Ահա, տեր հայր, այդ կապոցի մեջ դուք կգտնեք այն գումարը, որ ձեզ պետք է սուրբ տաճարի շինությունը ավարտելու համար։ Ես մի մեղավոր մարդ եմ, ընդունեցեք այդ մասնավոր գումարը, իբրև այրի կնոջ լուման։

Քահանան մեծ շնորհակալությամբ և օրհնություններով ընդունեց կապոցը, հարցնելով,

Ես չի՞ պիտի գիտենամ իմ բարերարի անունը։

Գիտենալու մի առանձին պետք չկա, տեր հայր, դուք միայն աղոթեցեք իմ հոգու համար։ Աստված առանց անունների ևս ճանաչում է մարդիկներին։

Մեր իջևանի դռան առջև կանգնեց մի ճանապարհորդական սայլակ, որի վրա նստած էր մի ուղեկից։ Քավոր Պետրոսը, կամենալով այն օր իր հյուրին ճանապարհ դնել, գտել էր այդ ուղեկցին և բոլոր հոգսը հոգացել էր, որ տեր հոր ճանապարհորդությունը անվտանգ լինի և ապահով։

Նա իր ձեռքով կապեց տեր հոր ճանապարհի մափրաշը և իր նվիրած փողերը թաքցրեց նրա մեջ։ Հետո ասաց ինձ, որ տանեմ մափրաշը, տեղավորեմ սայլակի մեջ։ Ես հոժարությամբ կատարեցի այդ, ցանկանալով, որ իմ կողմից ևս մի ծառայություն արած լինեմ տեր հորը։

Ամեն ինչ պատրաստ է, Ասաց քահանան, օրհնյալ լինիք, բայց ինձ պակասում է մի բան, ինձ կողոպտելու ժամանակ, թղթերիս հետ տարան և իմ անցագիրը։

Դա մի մեծ կորուստ չէ, պատասխանեց քավոր Պետրոսը ծիծաղելով, ես կտամ ձեզ մի անցագիր, այն ևս քահանայի անցագիր, միայն դուք այսուհետև ձեզ պիտի կոչեք հայր Անաստասիոս։

Դա հայի անուն չէ, Ասաց տեր հայրը դժվարանալով»

Միևնույն է, մինչև սահմանը անցնելը կարելի է հայր Անաստասիոս լինել, իսկ Պարսկաստանում ձեզանից այլևս անցագիր չեն պահանջի։

Քավոր Պետրոսը նայեց տեր հոր դեմքին և հասակին, ասաց.

Բոլորովին համապատասխանում է ձեր կերպարանքին։

Թե՛ ես և թե՛ քավոր Պետրոսը կրկին համբուրեցինք տերհոր աջը և տարանք նրան, նստեցրինք սայլակի վրա։ Նա,երկար բարեմաղթություններ անելով իր անծանոթ բարերարի համար, հեռացավ։

Այն օր քավոր Պետրոսը ինձ երևում էր իբրև մի հրեշտակ։ Ես երբեք չէր կարող երևակայել այդ գազանի մեջ այս աստիճան բարեպաշտական զգացմունք։ Գողը, ավազակը, սարսափելի խաբեբան ահագին գումար էր նվիրում եկեղեցի կառուցանելու համար։ Այդ ի՞նչ տարօրինակ զոհաբերություն էր։ Ի՞նչպես կարող էին մարդու մեջ հաշտվել լույսը և խավարը, չարը և բարին, առաքինությունը և ոճրագործությունը։

Այդ ուրիշ բան է, եթե նա կատարած լիներ այդ զոհաբերությունը որևիցե նենգավոր և խորամանկ նպատակի համար։ Թայց ինձ զարմացնում էր այն, որ նրա վարմունքի մեջ գտնում էի կատարյալ անկեղծություն։ Ես բավական ուսումնասիրել էի քավոր Պետրոսին և հազիվ կպատահեր, որ նրա վերաբերությամբ սխալվեի իմ կարծիքների մեջ։ Կրկնում եմ։ որ նրա վարմունքը բոլորովին անկեղծ էր։ նրա հոգու և սրտի խորքիցն էր բխում այն ջերմեռանդ զգացմունքը, որով նա ցանկացավ նպաստամատույց լինել մի տաճարի կառուցմաննը, ասիական մի խուլ երկրում, մահմեդականների մեջ։

Այն օր նա ավելի ուրախ էր, գտնվում էր ավելի խաղաղ տրամադրության մեջ, վայելում էր իր բարեգործության բերկրանքը։ Այն օր, իր ապաշխարանքը վերջացրած քրիստոնյայի նման, նա զգում էր իր խիղճը մաքրված, զգում էր իրան թեթևացած մեղքերի ծանր բեռից։

Մի խորհրդավոր ցնցում տիրում էր իմ մարմնին, երբ մտաբերում էի, թե ո՝րպիսի հոգևոր հեզությամբ, թե ո՝րպիսի բորբոքված հավատով, ծունր իջած աստուծու սեղանի պաշտոնյայի առջև, այդ եղեռնագործը ընդունեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Մտածում էի և ուրախանում, թե այդ մարդը արդեն դարձավ չար ճանապարհից, թե դա այսուհետև այլևս չի շարունակի այն, ինչ որ մինչև այնօր գործել էր։

Ես սխալվում էի...

Կրոնական զգացմունքը միշտ վառ էր պահվել քավոր Պետրոսի մեջ։ Նա միշտ մնացել էր հավատարիմ եկեղեցու պատվերներին։ Դեռ Պարսկաստանում եղած ժամանակ մեր գյուղում համարվում էր նա ամենաբարեպաշտ մարդիկներից մեկը. ամեն օր, առավոտյան և երեկոյան, եկեղեցի էր գնում, պաս էր պահում և ամեն տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն էր ընդունում» Պանդխտության մեջ դարձյալ նա նույնն էր մնացել, բնավ չէր փոխվել» Ես շատ անգամ տեսել էի (մինչև անգամ ամենասարսափելի չարագործություններից հետո), թե ի՛նչպես նա առանձնացած մեր իջևանի մի անկյունում, արտասուքը աչքերում աղոթում էր» Ւնձ երբեք չէր պատահած տեսնել, որ նա անցկացներ իր առավոտյան և երեկոյան աղոթքները։ Շատ անգամ, երբ պատրաստվում էինք մի որևիցե արշավանք կատարելու, կամ, ինչպես նա սովորություն ուներ ասելու երբ պատրաստվում էինք «գործին գնալ, տեսնում էի, որ նա ուշանում է» Երբ շտապեցնում էի նրան, պատասխանում էր, «Փոքր-ինչ սպասեցեք, դեռ աղոթքս չեմ վերջացրել»...

Դա փարիսեցություն չէր, դա նրա հաստատ հավատն էր։ Նա համոզված էր, որ ամեն գործ, թե՛ բարի լիներ նա և թե չար, պետք էր աղոթքով սկսել և աստծուց օգնություն խնդրել։

Նա մինչև անգամ պաս էր պահում, կատարում էր հայկական եկեղեցու բոլոր տոները։ Նրա թղթապանակի մեջ, կեղծ անցագրերի հետ միասին, կար մի փոքրիկ հայերեն օրացույց, շատ անգամ նայում էր նրա մեջ, որ չսխալվի, որ գիտենա, թե ե՝րբ պետք էր պաս պահել, ե րբ պետք էր ուտել, կամ երբ պետք էր կատարել այս և այն տոնը։

Քավոր Պետրոսը իր հոգևոր հասկացողությունների մեջ սաստիկ անհավատ էր, իսկ իր կրոնական համոզմունքների մեջ՝ վերին աստիճանի մոլեռանդ։ Նա հավատում էր, որ, բացի լուսավորչի հոտից, ուրիշ քրիստոնյաներից և ոչ մեկը աստուծո արքայությունը չի վայելի։ Եվ այդ պատճառով սաստիկ նախանձախնդրություն ուներ դեպի հայոց եկեղեցին։

Բայց ի՞նչպես կարելի էր միևնույն ժամանակ և՛ խաչագող լինել, և՛ լավ քրիստոնյա։

Քավոր Պետրոսի կարծիքով կարելի էր։ Եկեղեցին ներող է։ Եկեղեցին հենց նրա համար է, որ սրբե մեղավորներին։ Եթե օրվա մեջ յոթանասուն և յոթն անգամ մեղանչելու լինես, նա դարձյալ կներե։ Խոստովանիþր, զղջա՛, սուրբ հաղորդություն ընդունիր, այնուհետև, դու ՛արդար ես: Այդ հավատը ունեն եկեղեցու վերաբերությամբ բոլոր խաչագողները։ ՛Նրանց մոտ մինը մյուսին չէ խանգարում։ Կարելի է և՛ պաս պահել, և՛ աղոթք անել, և սուրբերի բարեխոսությունը խնդրել, կարելի է միևնույն ժամանակ և նույն սուրբերի անունով սուտ երդվել, խաբել, գողանալ և այլն։

Խաչագողը ծիսապաշտ է։ Կրոնի հոգևոր, բարոյական մասը նրան անմատչելի է։ Եկեղեցու հրահանգները կատարում է նա որպես արարողություն, իսկ խաբեությունը որպես գործ։

Քավոր Պետրոսը և նրա նմանները պատրաստ էին և՛ եկեղեցի կառուցանել, և միևնույն ժամանակ հարյուրավոր ընտանիքների տուն քանդել, նրանց պատառ հացի կարոտ թողնել։ Նա սովորած էր մեկ շրթունքով աղոթել, իսկ մյուսով հայհոյել, ս՜ուտ խոսել։ Նա պատրաստ էր մեկ ձեռքով ողորմություն տալ, մյուսով հափշտակել աղքատի վերջին կոպեկը։

Գործողությունների այդ տարօրինակ հակառակությունը հաշտվում և ներդաշնակում էր նրա մեջ ամենայն համաձայնությամբ։ Եվ նրա սիրտը միշտ խաղաղ էր, և նրա խիղճը միշտ անդորր էր, որովհետև ամեն մի մեղանչելու դեպքում նա ուներ մի ապաստարան եկեղեցին, և մի միջնորդ իրան երկնքի հետ հաշտեցնելու համար քահանան։

Քավոր Պետրոսը այդպես էր հասկանում կրոնի և եկեղեցու խորհուրդը։ Նա մի այլանդակ քրիստոնյա էր։ Բայց նրա հավատի անկեղծության վերաբերությամբ կասկածելը շատ սխալ կլիներ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Խաչագողի հիշատակարանը"

Ятук Музыка
Ти Чинар
Комитас

Ти Чинар

Восточные мотивы, 1886 г.
Восточные мотивы, 1886 г.
Играть онлайн