Раффи
Խաչագողի հիշատակարանը
3 - ԺԲ
ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈԻՄՆ
Մի ամիս անցել էր այդ օրից։ Մի կառք սահում էր հարթ, փոստային ճանապարհով։ Նրա մեջ նստած էին Նենեն և Մուրադը։ Երկուսն էլ ուրախ, երկուսն էլ բախտավոր։ Կառապանը սուլելով քշում էր ձիաները, կարծես նա ևս ուրախ էր, որ տանում էր մի զույգ նորապսակ ամուսիններ։
Առջևում, երկայն կոշիկները հագին, ցուպը ձեռին, ուղևորի պարկը ուսին, դանդաղ քայլերով գնում էր մի ճանապարհորդ։ Երբ նա հեռվից նշմարեց կառքի մոտենալը, կանգնեց։
Կառքը հասավ ճանապարհորդին։
Ձեր անունով նամակ ունեմ, պարոն, Ասաց նա և մի ծրար մեկնեց դեպի կառքը։
Մուրադը նայեց օտարականի երեսին և սոսկաց։ Սա ձեռքը տարավ դեպի ատրճանակը և, ուղիղ բռնելով դեպի օտարոտի նամակաբերը, ասաց.
Հեռացե ք, եթե չեք ցանկանում մեռնել։
Երդվում եմ երկնքի և երկրի բոլոր սրբություններով, որ դեպի ձեզ ոչ մի չար նպատակ չունեմ, Ասաց նա համոզիչ ձայնով։ Ընդունեք այդ նամակը։
Մի՞թե կարելի է հավատալ ձեր երդումներին։
Ես կամենում եմ ապացուցանել, որ ես այնքան վատ չեմ, որքան դուք կարծում եք։
Այդ խոսակցության բոլոր ժամանակը Նենեն կպած էր իր սիրելի ամուսնու կողքին և անդադար հարցնում էր։ «Ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում այդ մուրացկանը»։
Մուրադը հրամայեց կառքը կանգնեցնել, ձեռքը մեկնեց առեց ծրարը։
Նա իսկույն բաց արեց նամակը, որ սկսվում էր այդ խոսքերով.
«Մուրադ, կարդացեք, հետո ոչնչացրեք այդ նամակը։ Մեզ հաջողվեցավ ազատվել դատապարտյալների տնից։ Մենք կսպասենք քեզ 0... քաղաքում։ Ներեցեք նամակաբերին և մոռացեք անցյալը։ Մեր ազատությամբ նրան ենք պարտական»։
Ստորադրված էին նրա երկու բարեկամների՝ Համրի և Ավազակապետի անունները։
Մի քանի անգամ Մուրադը կարդաց այդ տողերը։ Նրա սրտին տիրեց անչափ ուրախություն և միևնույն ժամանակ կասկած։ Մի՞թե այդ բոլորը կեղծ չէր: Երևի նամակաբերը նկատեց նրա տարակուսությունը և խիստ սրտաշարժ ձայնով ասաց,
Երդվում եմ այն աղ ու հացով, որ շարունակ տասնյակ տարիներ միասին կերել ենք, և հավատացնում եմ ձեզ, որ այդ նամակի մեջ կեղծ ոչինչ չկա։
Մուրադը կրկին ուշադրությամբ նայեց նամակի վրա։ Նրա մի անկյունում նշմարվում էր մի խորհրդավոր էմբլեմա, որ կազմված էր հայոց այբուբենի աոաջին և վերջին տառերից Ա և Ք, իսկ այդ երկու տառերի մեջտեղում զետեղված էր մի խարիսխ, որ հովանավորված էր սև ձեռքով։ Դա նրա և իր երկու ընկերների մեջ մի պայմանական նշանաբան էր։
Հավատում եմ, Ասաց Մուրադը և, նամակը բռնելով վառած լուցկիի վրա, այրեց։
Նամակաբերը խոսեց.
Իմ ձեռքով կատարվեցավ քո անկումը, Մուրադ, ես ինձ բախտավոր կհամարեի, եթե քո ազատությունը նույնպես իմ ձեռքով կատարվեր։ Դրանով ես իմ խիղճը հանգստացրած կլինեի։ Բայց դարձյալ ուրախ եմ, որ քեզ ազատված եմ տեսնում և բախտավոր։ Իսկ այն ծառայությունը, որ պատրաստել էի կատարել քո փրկության համար և որի մասին մի քանի անգամ դիմեցի քեզ, այն ծառայությունը ես մատուցի քո երկու բարեկամներին։ Հուսով եմ, որ այդ էլ բավական կլինի, որ դու ներես ինձ և չհիշես մեր անցյալը...
Մուրադը, ձեռք տալով նրան, ասաց.
Շնորհակալ եմ, մոռանում եմ բոլոր անցյալը...
Փոստային իջևանը շատ հեռու չէր։ Մուրադը իջավ կառքից, սկսեց նրա հետ ոտքով գնալ։ Նենեն մնաց կառքի մեջ, որը կամաց-կամաց քշում էին դեպի իջևանը։
Այդ մարդը քավոր Պետրոսն էր։ Մինչև իջևան հասնելը նա պատմեց, թե ի՞նչ հնարքով կարողացավ փախցնել Համրին և Ավազակապետին։
Բայց դու ի՞նչպես կարողացար այդքան մոտիկ հարաբերություններ ունենալ դատապարտյալների հետ, հարցրեց Մուրադը։
Քեզ հայտնի է, որ վերջին օրերում տիֆով հիվանդների թիվը սաստիկ բազմացավ, օր չէր անցնում, որ մի քանի հոգի չմեռնեին։ Տեղային միակ քահանան նույնպես հիվանդացավ, այդ պատճառով քահանայի մեծ պահանջ կար։ Ես, իբրև պատահական հույն աբեղա, առաջարկեցի իմ ձրի ծառայությունը։ «Փեշքեշ ձիու ատամներին չեն մտիկ անում»։ Ինձ նույնպես չքննեցին։ Ես ազատ մուտք ունեի թե՛ բերդում և թե հիվանդանոցում։ Այդ բավական էր իմ նպատակին հասնելու համար։
Դու նախածանո՞թ էիր Համրի և Ավազակապետի հետ։
Ոչ։ Այսքանը միայն գիտեի, որ նրանք քո բարեկամներն են։ Բացի դրանից, այդ մարդկանց ես շատ հավանեցի։ Նրանք սովորական մարդկանց տեսակից չէին։
Կառքը հասավ իջևանին։ Մուրադը մոտեցավ, վեր բերեց Նենեին։ Այստեղ պետք է մի փոքր ճաշեին, հետո ճանապարհ ընկնեին։ Նենեն հայտնեց, թե ուտելու ախորժակ չունի, նա մոտեցավ, թեք ընկավ դիվանի վրա, և մի քանի րոպեից հետո նրա քունը տարավ։ Նա սաստիկ հոգնած էր։ Ամուսինը ծածկեց նրան և թողեց հանգստանալ։
Մուրադը և քավոր Պետրոսը դուրս եկան մյուս սենյակը և պահանջեցին նախաճաշիկ։ Հասարակ կաղնյա փայտից շինած սեղանի վրա, որի մակերևույթը պատած էր բազմաթիվ սև խորշիկներով, որոնք գոյացել էին ծակ սամովարի տակից թափված կրակներից, դրվեցավ մի շիշ գինի, պանիր, հաց և մի ամբողջ խաշած հավ։ Մուրադը իր հին դաստիարակի հետ նստեց այդ սեղանի մոտ։
Քավոր Պետրոսը տխուր էր, նրա թախծալի դեմքը ցույց էր տալիս ներքին խռովություն։ Մուրադը այժմ միայն ուշադրությամբ նայեց այդ երկաթե մարդու վրա։ Նա բավական փոխվել էր։ Նրա մորուքի և գլխի մազերը բոլորովին ճերմակացել էին։ Նրա ճակատի վրա առաք կար մի մռայլ դրոշմ, որը դրված էր այն ժամանակ, երբ առաջին անգամ մի մեծ հանցանքի համար նրան Սիբիր աքսորեցին։ Հետո, փախչելով այնտեղից, այդ ամոթալի նշանը նա ամենայն զգուշությամբ միշտ ծածկում էր, որ չճանաչվի։ Երբ նա իր մորթյա թանձր գլխարկը մի կողմ դրեց, այժմ միայն Մուրադը նկատեց, որ այն դրոշմի հետքերը բոլորովին եղծված էին, իսկ նրա փոխարեն տարածվում էր լայն ճակատի վրա մի սարսափելի սպի։ Երևում էր, որ շիկացրած երկաթով ամբողջ ճակատը այրել ու խարել էին։
Քո ճակատի վրա ես մի փոփոխություն եմ նկատում, Հարցրեց Մուրադը։
Այդ ես արեցի քո համար, պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով։ Ես կորցրի այն սև դրոշմի հետքերը, որպեսզի չճանաչվեմ և ավելի վստահությամբ կարողանամ մոտենալ այն բնակարանին, որտեղից մտածում էի ազատել քեզ։
Այդ վերին աստիճանի զոհաբերությունը մի պարզ ապացույց էր այդ հին չարագործի անկեղծությանը դեպի իր սիրելի սանիկը, որը սաստիկ զգացվեցավ և, լցնելով բաժակը, մեկնեց նրան ու ասաց.
Խմիր, հագեցրու քաղցդ։ Ես քեզ կառնեմ իմ կառքի մեջ և կտանեմ մեր հայրենիքը։ Բավակա՛ն է, որքաձ թափառեցիր, բավական է, որքան աշխարհից աշխարհ պտտեցար։ Թո՛ղ այժմ գոնե ծերությունը ստիպեցնե քեզ հայրենի տնակի տակ անցկացնել կյանքի վերջին օրերը։
Նա խմեց բաժակը՝ պատասխանելով.
Ոչ, ես չեմ ների ինձ նստել այն կառքի մեջ, այն կնոջ մոտ, որին մի ժամանակ ես հրամայեցի սպանել և դահճի պաշտոնը քեզ հանձնեցի, Մուրադ։ Դու ավելի բարեխիղճ գտնվեցար, քան թե ես, և խնայեցիր անմեղ կյանքը, և քո բարությունը վարձատրվեցավ... Այդ նազելի հրեշտակը, երևի, չէ ճանաչում ինձ, եթե ճանաչեր, անպատճառ կզզվեր ինձանից։ Ոչ, ես իմ ներկայությամբ չեմ պղծի մի սուրբ ամուսնություն։ Գնացե՛ք, տեր ընդ ձեզ, և տարեք ձեզ հետ իմ օրհնությունը, եթե աստված կընդունե օրհնությունը մի եղեռնագործի շրթունքներից։ Իսկ ես Կայենի նման կթափառեմ աշխարհից աշխարհ, մինչև դժոխքը կխղճա իմ վրա և իմ առջև բաց կանե իր դռները...
Նա գլուխը քաշ գցեց, և նրա խիտ, ճերմակ ծամերը թափ վեցան սոսկալի ճակատի վրա, ծածկեցին արտասուքը, որ գետի նման հոսում էր այն աչքերից, որոնք երբեք արտասվելու սովոր չէին եղել։
Դու կարծո՞ւմ ես, որ քեզ համար փրկություն չկա, դու կարծում ես, որ չե՞ս կարող մաքրել քո խիղճը, Հարցրեց Մուրադը խորին ցավակցությամբ։ Ապա ինչո՞ւ համար է քրիստոնեական ներողամտությունը, որ հաշտեցնում է մեղավորին սիրո և խաղաղության աստուծո հետ։
Շատ անգամ փորձել եմ, բայց չէ հաջողվել, պատասխանեց նա առանց գլուխը վեր բարձրացնելու։ Մեղքը միացել է իմ հոգու, սրտի և ամբողջ մարմնի հետ։ Նա ամեն րոպե սնունդ է պահանջում։ Չեմ կարող չկերակրել նրան։ Նա ինձ հետ պետք է ապրե, որպես չարություն, միայն չար գործելու համար։ Չեմ կարող բաժանվել նրանից։ Մի՞թե կարելի է օձից խլել թույնը և կարիճին այնպես դաստիարակել, որ չխայթե...
Նա գլուխը վեր բարձրացրեց և ճակատի վրա թափված մազերը մի կողմ ձգեց։ Այժմ նրա ահռելի աչքերում, փոխանակ արտասուքի, նկատվում էր բարկության կրակը։
Այո՛, չեմ կարող, կրկնեց նա։ Ես մի չար դևի նման պետք է պատժեմ մարդկանց անիրավությունները միայն անիրավություններով... Մարդիկ իրանք են ստեղծել ինձ նման պատիժը իրանց համար... Ես նրանց մեղքերի հրեշավոր ծնունդն եմ... նրանց վատ օրինակներով ես էլ մոլորվեցա։
Հենց այդ գիտակցությունը բավական է, որ ողղե և փրկե քեզ, կտրեց նրա խոսքը Մուրադը։ Ես էլ այդ գիտակցությանը հասա և փրկվեցա։
Հասկանում եմ։ Բայց այդ փրկության մեջ կլինի և իմ մահը... Իսկ ես դեռ մեռնել չեմ ուզում... Սատանան պետք է անմահ մնա...
Նա միայն խմում էր, բայց ոչինչ չէր ուտում։ Մո՛ւրադը պատվիրեց մի նոր շիշ գինի ևս դնել սեղանի վրա։
Երբեմն բարություն եմ գործում, Ասաց նա, ինչպես միգապատ երկնքի կամարի վրա ճեղքվում են թանձր ամպերը, և րոպեական դուրս են ցոլանում արեգակի կենսատու ճառագայթները։ Բայց այդ երկար չէ տևում, կրկին անցնում են սև ամպերը, և ամեն ի՛նչ կրկին նսեմանում է, մթնում է... Ես ուրախ կլինեի, որ կատարյալ չարագործ լինեի, և իմ մեջ բնավ բարության սերմեր չլինեին։ Այն ժամանակ խիղճս հանգիստ կլիներ։ Այն ժամանակ գուցե ամենևին չէի զգա, որ ես չար եմ։ Որովհետև, բարությունն է միայն զգալ տալիս մեր չարությունը, ինչպես սպիտակի վրա ավելի պարզ կերպով նշմարվում է սեր։ Կցանկանայի, որ իմ սրտի մեջ ամեն ինչ միագույն լիներ, կա՛մ սև, կա՛մ սպիտակ, կա՛մ բարի, կա՛մ չար։ Սատանաները նրա համար միայն բախտավոր են, որ շատ չար են։ Այնպես էլ բախտավոր են հրեշտակները, որ զուտ բարի են։ Իսկ ի՞նչ եմ ես... Մի այլանդակ խառնուրդ։ Ինչո՞վ կարող եմ ես բախտավոր լինել, երբ իմ սրտի մեջ միշտ պատերազմ կա, և մանավանդ, չարը ավելի զորեղ է, քան թե բարին...
Նա վեր կացավ, ասելով,
Ա խ, ինչո՞ւ եմ այդքան երկար խոսում։ Դուք պետք է ճանապարհ գնաք, իսկ ես ուշացնում եմ ձեզ։
Նա մոտեցավ իր ճանապարհորդական պարկին և, հանելով նրա միջից մի ծանր քսակ, մեկնեց Մուրադին, ասելով.
Ես կխնդրեի քեզանից, որ թեթևացնեիր իմ բեռը և ընդունեիր այդ, գուցե քեզ հարկավոր կլիներ։
Շնորհակալ եմ, Ասաց Մուրադը հրաժարվելով։ Բժշկապետը հոգացել է մեր ճանապարհի ծախքը։
Գիտեմ... դու խորշում ես այդ ոսկիներից, որովհետև նրանք շաղախված են արյունով... Բայց գիտե՞ս հին առակը» Հուդայի ստացած երեսուն արծաթի մեջ նույնպես արյուն կար։ Այդ երեսուն արծաթով գնեցին մի ագարակ, որ կոչվեցավ «Ագեղտամա», որ նշանակում է արյան ագարակ։ Ավանդությունն ասում է, որ այդ ագարակի վրա մշակվում էին Երուսաղեմի ամենապտղաբեր ձիթենիները։ Երբ դու կհասնես քո հայրենիքը, այնտեղ քեզ մեծ աշխատություններ են սպասում։ Այդ ոսկիներով կգնես մի ագարակ և կսկսես նրա վրա մշակություններ անել։ Թող այդ ագարակը կոչվի «արյան ագարակ», փույթ չէ, բայց քո աշխատությունը կբուսեցնե նրա վրա հայրենիքի ամենապտղաբեր տունկերը։ Ես իմ բոլոր արժեթղթերը նվիրեցի Համրին և Ավազակապետին։ Այդ քո բաժինն էր, որ պահել էի քեզ համար։ Այն թղթերը նույնպես մաքուր վաստակ չէին։ Բայց նրանք ընդունեցին, ասելով. «Հացը թող համեղ լինի, ի՞նչ փույթ, որ ջհուդի թխած կլինի...»
Մուրադը ընդունեց ոսկիները։ Քավոր Պետրոսը շարունակեց.
Դու կհանդիպես Համրի ու Ավազակապետի հետ Օ... քաղաքում։ Նրանք այնտեղ կսպասեն քեզ։ Հետո միասին կգնաք մեր հայրենիքը։ Նրանք երկուսն էլ լավ մարդիկ են։ Խորհուրդ եմ տալիս քեզ չբաժանվել նրանցից, միասին կսկսեք գործել ու աշխատել։ Քաղցր է աշխատանքը հայրենի հողի վրա...
Բոլոր այդ խոսակցության ժամանակ Մուրադը նկատում էր և մի ավելի մեծ փոփոխություն քավոր Պետրոսի բնավորության, հայացքների և բարոյական հատկությունների մեջ։ Առաջ նա գործում էր չարը միայն չարության համար, թեև նրա գործողությունները կատարվում էին որոշված, հաստատ և գիտակցական նպատակներով։ Իսկ այժմ նա կարծես օրորվում էր այդ երկու մտքերի մեջ. միթե ավելի լավ չէ՞ր լինի, որ չարությունը բառնայինք բարությամբ, մի թե չարությունը չարությամբ արմատախիլ անելը դաստիարակության նույն եղանակը չէր լինի, երբ վարժապետը աշխատում է կրթել և բան սովորեցնել անպիտան աշակերտին ծեծի և պատիժների ուժով։ Քավոր Պետրոսը հակված էր երևում դեպի զղջում, դեպի ուղղություն, բայց նրան կատաղեցնում էր այն միտքը, թե ինչո՞ւ ինքն առաջին քայլն անե և ուղղվի, թե ինչո՞ւ ինքը զիջումն անե ուրիշների չարության դեմ, մի՛թե դրանով իրան մի անբախտ զոհի վիճակի մեջ չի՞ դնի։ Երբ մարդիկ խաբում են, նա էլ պետք է խաբե, երբ մարդիկ հարստահարում են, նա էլ պետք է հարստահարե։
Կառքի ձիաները փոխել էին, անիվները ձյութով օծել էին, և պատրաստ էր իջևանի բակում։ Նենեն զարթնել էր և, հոգնածությունից կազդուրված, վազեց նա կառքի մոտ, և, առանց Մուրադի օգնության, ինքը ցատկեց, նստեց նրա մեջ։
Նենե, ձեռք տուր այդ օտարականին, դա իմ վաղեմի բարեկամն է, Ասաց Մուրադը։
Նենեն մեկնեց ձեռքը։ Քավոր Պետրոսը բռնելո՛վ, ասաց,
Դուք երկուսդ էլ արժանի եք միմյանց։ Նախախնամությունը, զանազան փորձանքների միջից անցկացնելով ձեզ, կրկին հանդիպեցրեց միմյանց։ Օրհնում եմ ձեր ամուսնությունը և բախտավորություն եմ ցանկանում։
Մուրադը ընկավ նրա գիրկը և, արտասուքը աչքերում, երկար աղաչում էր, խնդրում էր նրան, որ նստե իրենց հետ կառքը և միասին վերադառնան իրանց հայրենիքը՝ Պարսկաստան։ Բայց քավոր Պետրոսը դարձյալ մերժեց, ասելով.
Դուք գնացեք, տեր ընդ ձեզ, ես դեռ բոլորովին չեմ վերջացրել իմ գործը... գուցե հեռվից ավելի պիտանի կլինեմ ձեզ...
Մուրադը նստեց։ Կառքը շարժվեցավ։ Քավոր Պետրոսը բավական տեղ ոտքով գնաց նրանց հետ։ Հետո կրկին ձեռք տալով Նենեին, կրկին համբուրվելով Մուրադի հետ, բաժանվեցավ։ Նա երկար կանգնած նայում էր նրանց ետևից, մինչև կառքը բոլորովին անհետացավ նրա աչքերից։ Այդ ժամանակ միայն դժբախտ թափառականը ճանապարհը ծռեց և սկսեց դիմել դեպի մի այլ կողմ։
Երեք ամիս անցել էր այդ օրից։
Պարսկաստանի Սալմաստ գավառում, Սավրա գյուղից ոչ այնքան հեռու (որը Մուրադի հայրենի գյուղն էր) տարածվում էին հին ավերակներ։ Արաբական ճաշակով կառուցված մի հոյակապ մինարեթ միայն կանգուն էր մնացել այդ տխուր ավերակների մեջ։ Նրա բարձր կամարների ներքո թագավորում էր մշտական ամայություն և խավար։ Չղջիկները և վայրենի աղավնիները միայն երբեմն աղմկում էին այդ անբնակ մինարեթի գերեզմանական լռությունը։ Բայց մի գիշեր այնտեղ լույս էր երևում։ Հատակի վրա վառվում էր խարույկը, և նրա լուսավորության մեջ շարժվում էին անորոշ ստվերներ։ Եթե մեր ընթերցողը համարձակություն ունենար և, գաղտնի կերպով մոտենալով մինարեթին, նրա կիսավեր դռնից նայեր ներսը, անպատճառ կտեսներ նույն դեմքերը, որոնք ծանոթ են նրան, որոնց ճանաչում է նա, սկսյալ նրանց պատանեկության հասակից։ Այնտեղ էին Մուրադը և պալլադը (Ավազակապետը), երկուսն էլ զեյթունցու հագուստի մեջ կերպարանափոխ եղած։ Այնտեղ էին Մուրադի մանկության երեք ընկերները՝ Կարոն, Ասլանը և Սագոն, մշեցոց ծպտյալ հագուստով։ Այնտեղ էր պատանի Ֆարհադը, որ նոր էր ընկել այդ շրջանի մեջ։ Այնտեղ չէր միայն Համրը։
Մինարեթը շատ հեռու չէր այն վայրերից, այն այգիներից և այն ձեռնատունկ անտառներից, որոնց մեջ Մուրադը իր պատանեկության հասակում, իբրև փախստական, ապաստան գտավ։ Որպես տեսանք այդ Հիշատակարանի սկզբում, այն ժամանակ նա վարում էր բավական կասկածավոր կյանք իր երեք ընկերների՝ Կարոյի, Ասլանի և Սագոյի հետ։ Այնուհետև աղետավոր հանգամանքները բաժանեցին այդ փոքրիկ սրիկաներին և ձգեցին կյանքի տարբեր ճանապարհների վրա։ Թափառելով աշխարհից աշխարհ, երկրից երկիր և անցնելով զանազան դառն փորձերի միջից, տասնևերկու տարվա անջատումից հետո, վաղեմի ընկերները կրկին հանդիպում են միմյանց միևնույն մինարեթի մեջ, որ մանկության հասակում նրանց թաքստի տեղն էր, նրանց սիրելի որջն էր։ Երկու օր մնացին այնտեղ, իսկ երրորդ օրը մինարեթը դարձյալ դատարկ էր, դարձյալ ամայի էր։ Ի՞նչ եղան նրանք, ո՞ւր գնացին, այդ կտեսնե ընթերցողը մեր այլ աշխատության՝ «Կայծերի» մեջ: