Раффи
Խաչագողի հիշատակարանը
4 - Դ
ՉՈՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ
Դու այն պատմիր, թե ինչո՞ւ են կոչում քեզ ավազակապետ և ո՞րտեղ ընկար դատապարտյալների հասարակության մեջ, Հարցրի ես չորրորդ գի՛շերը, երբ բավական հանգստացել էինք ցերեկվա ծանր աշխատությունից։
Ավազակապետը շարունակեց.
«Մեր անծանոթ բարերարի վարձած ձիաներով անցանք Մեղրիի գավառը։ Այստեղ ճանապարհները այն աստիճան քարքարոտ են, և լեռնային ելևէջները այն աստիճան սարսափերի են, որ անկարելի է ձիով ման գալ։ Մենք ստիպված էինք մեր ձիաները փոխել և վարձել ջորիներ։ Այդ խորամանկ անասունները սովոր են լեռնային քարքարոտներում ման գալ։
Սկզբում Սանամը դժվարությամբ հոժարացավ ջորիի վրա նստել։ Ղարադաղի մելիքի աղջիկը, որ սովորած էր սիգապանծ նժույգների, կարծես ամաչում էր, որ ստոր անասունների վրա հեծած տեսնեին նրան։ «Ինձ այլևս ո՞վ է ճանաչում», ասաց նա և մի առանձին մտերմությամբ խնդրեց ինձանից օգնել իրան, որ հեծնե։ Ես զարմացա։ Սանամը, որ ծտի նման ձիաների վրա թռչել գիտեր, ինձանից օգնություն էր խնդրում։ Երբ փոքր-ինչ առաջ գնացինք, ասաց նա,
Վերջին ժամանակներում շատ ուժաթափ եղա...
Նրա ձայնի մեջ լսվում էր խորին տխրություն և սրտի դառն կսկիծ։
Դուք այս առավոտ ոչինչ չկերաք, Ասացի նրան, կարելի է քաղցածությունից լինի։
Ոչ, պատասխանեց նա։ Շատ անգամ սուրբ Սարգսի պասին երկու կամ երեք օրով ծոմ էի պահում, ո՛չինչ չէի ուտում, բայց երբեք ուժաթափ չէի լինում։
Երևի, գետը ձեզ վրա վատ տպավորություն գործեց, նկատեցի ես։
Ոչ։ Այն մարդը շուտ վրա հասավ, ես դեռ բոլորովին ջրի տակ չէի գնացել, որ ազատեց ինձ։ Ա՜խ, երանի թե գիտենայի ով էր այդ մարդը։ Երևում է՝ որ աստված մեզ հետ է։ Նա ուղարկեց այդ մարդուն մեղ օգնելու համար։
Վերջին խոսքերը մխիթարում էին նրան և ավելի ամրացնում էին նրա հավատը, որ խիստ վառ էր օրիորդի մեջ։
Չնայելով, որ ջորիները դանդաղ էին ընթանում, դարձյալ մենք այն օրը անցանք բավական ճանապարհ։ Գնալով լեռների միջով, շատ անգամ ստիպված էինք անցնել այնպիսի վտանգավոր տեղերից, ուր անձնավստահ որսորդները միայն ոտք են կոխում, այն ևս խիստ հազիվ անգամ։ Զառիվայրների դժվարությունը երբեմն ստիպում էին մեզ ցած իջնել ջորիներից և, ապառաժների վրայով մագլցելով, առաջ գնալ։ Սանամը բոլորովին հոգնած էր, հազիվհազ կարողանում էր իրան ոտների վրա պահել։ Ես մի քանի անգամ առաջարկեցի բռնել նրա ձեռքից, օգնել նրան, բայց ամեն անգամ մերժում ստացա։ Նա դեռ խորշում էր ինձանից, նա այնքան հպարտ էր, որ դեռ նայում էր իմ վրա որպես իր հոր տան ծառաներից մեկի վրա։ Ես դեռ նրա մտերիմ անձնվեր բարեկամը չէի։
Երբ բարձրացանք սարերի վրա, արևը արդեն սկսել էր թեքվել դեպի իր երեկոյան մուտքը։ Ստորոտներում տոթը խեղդում էր, իսկ այստեղ ցուրտը մրսեցնելու չափ զգալի էր՛ ջորիներից ցած իջանք, նստեցինք փոքր-ինչ հանգստանալու։ Ես առաջարկեցի օրիորդին փաթաթվել իմ վերարկուի մեջ. նա հոժարությամբ ընդունեց, որովհետև վերարկու չէր առած իր հետ։ Հետո տվեցի նրան մի բան ուտելու, նա բոլորովին կազդուրվեցավ և գտնվում էր բավական խաղաղ տրամադրության մեջ։
Արևը մտավ։ Երեկոյան վերջալույսը հետզհետե զրկվում էր իր պարզ-ծիրանի շառավիղներից։ Սարերի գագաթները պատած էին սպիտակ ձյունափայլ մշուշով, որը, միախառնվելով երկնքի կապուտակության հետ, ներկայացնում էր անսահման մանիշակագույն օվկիանոս, որի մեջ լեռների ալիքավոր բարձրությունները ձևացնում էին սքանչելի տեսարան։ Օրիորդը բնություն սիրող էր։ Ես նկատեցի՝ նույն ժամում հափշտակված էր նա խորին հիացմունքով, և նրա խոշոր աչքերը մի առանձին ոգևորությամբ նայում էին դեպի գեղեցիկ լեռնային տարածությունը։ Ես նստած էի նրա մոտ։ Նա դարձավ ինձ այս խոսքերով.
Նայի՜ր այն նեղ հովտին, որ հազիվ երևում է թափանցիկ մառախուղի միջից. նայի՜ր այն բաց-կանաչազարդ խոտերին, որ պատել են նրա սիրուն տափարակը, տե՛ս այն վտակը, ինչպես շտապով վազում է դեպի ձորը, ականջ դիր, որքան քաղցր է լսվում նրա ձայնը։ Ա՜խ, որքան գեղեցիկ է այդ բոլորը: Այնտեղ երևում են հովիվների տաղավարներ։ Տե՛ս, ոչխարները վերադառնում են արոտից, ես լսում եմ նրանց ձայնը: Ահա խմբվեցին նրանք տաղավարների շուրջը։ Կնիկները դուրս եկան կթելու նրանց, փոքրիկ գառները, փոքրիկ ուլերը կռվում են կթողների հետ, թե ինչո ւ են խլում իրանց սնունդը։ Բայց նրանց մայրերը այնքան առատ են, որ բավականություն են տալիս թե իրանց տերերին և թե իրանց ձագերին։ Գնանք այդ հովիվների մոտ և վայելենք նրանց հյուրասիրությունը։
Հովիտը, որ այնքան ոգևորությամբ նկարագրում էր օրիորդը, շատ հեռու չէր մեր նստած տեղից։ Երեկոյան մթությունը սկսել էր թանձրանալ։ Շարունակել մեր ճանապարհորդությունը չէինք կարող, որովհետև թե մենք և թե մեր անասունները սաստիկ հոգնած էինք։ Պետք էր մի օթևան գիշերելու համար։ Բայց նախքան այդ հովիվների մոտ հյուրասիրություն խնդրելը, հարկավոր էր տեղեկանալ, թե նրանք ինչ տեսակ մարդիկ են։ Այդ մտքով ես մոտեցա մեր ջորեպանին, որ մեզանից փոքր-ինչ հեռու արածացնում էր իր անասունները։
Ջորեպանի տված տեղեկությունները հովիվների մասին խիստ նպաստավոր էին։ Այդ խաշնարածները եկած էին Ղափանի կողմերից, ազգով հայ էին և հայտնի էին իրանց քաջությամբ։ Այստեղ ժամանակավորապես զետեղվել էին նրանք ամառը անցկացնելու և իրանց անասունները արածացնելու համար։ Վերջացնելով իր խոսքերը, ջորեպանը Խորհուրդ տվեց նրանց մոտ գնալ և ավելի բարվոք էր համարում գիշերը անցկացնել նրանց տաղավարների մեջ, քան թե բացօթյա մնալ։ Բայց միևնույն ժամանակ ակնարկեց նա, որ այդ հովիվները փոքր-ինչ կասկածավոր մարդիկ են, ավազակներ են։
Եթե ուզում ես ավազակից անվնաս մնալ, պետք է ավազակի տունը գնալ, պատասխանեցի ես։
Ուրիշ հնար չկար, գիշերը բացօթյա դրսում մնալը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ օրիորդի առողջության վրա։ Մենք ոչինչ պատրաստություն չունեինք մեզ հետ, ինչ էլ որ ունեինք, կապած էին մեր ձիաների վրա, բայց Երասխից անցկացնելու միջոցին պատահած վտանգի ժամանակ ձիաները իրանց հետ տարան։ Ես վճռեցի գնալ հովիվների մոտ, մանավանդ որ օրիորդի ցանկությունն էլ հենց այդ էր:
Մութը բոլորովին պատել էր, երբ հասանք նրանց ամառանոցին։ Ոչխարները մակաղել էին բնակությունից հեռու, առանձին հանգրվաններում, իսկ տաղավարների մոտ խմբվել էին ավելի խոշոր անասունները ձիաներ, կովեր, եզներ և այլն։ Տեղ-տեղ վառվում էին խարույկներ, որոնց շուրջը՝ խոտերի վրա նստած էին ալևոր մարդիկ, ծխում էին, խոսում էին, իսկ կնիկները մի բան էին եփում ընթրիքի համար։ Խարույկների աղոտ լույսով այդ լեռնականների կերպարանքները ավելի մռայլ կերպով նշմարվում էին գիշերային մթության մեջ։ Երիտասարդները զբաղված էին իրանց նժույգներով, քորում էին, մաքրում էին նրանց մարմինը և ծածկում էին թաղիքներով, որ գիշերը չմրսեն։ Իսկ նրանց ծերունի հայրերը դեռ չէին ավարտել իրենց երեկոյան աղոթքը, բաց երկնքի տակ, մերկ գետնի վրա չոքած, լուռ աղոթում էին։ Տիրում էր ընդհանուր լռություն, երբեմն հեռվից լսելի էին լինում խուլ ձայներ, որոնում էին որևիցե կորած անասուն։
Շները ահագին աղմուկ բարձրացրին, երբ մոտեցանք նրանց տաղավարներին։ Հովիվները խռովության մեջ ընկան, ամեն կողմից վազեցին, որ տեսնեն, թե ի՞նչ մարդիկ ենք։ Մեր ջորեպանը, որ ծանոթ էր նրանց սովորություններին, առաջ գնաց, հայտնեց, որ ճանապարհորդներ ենք, գիշերելու օթևան ենք խնդրում։ Նրանք հանգստացան և ամեն կողմից սկսեցին հրավիրել մեզ իրանց տաղավարները։ Որպեսզի ոչ մեկին վիրավորած չլինենք, մենք իջանք առաջին հանդիպած տաղավարի առջև։ Այստեղ, կարծես, վաղուց սպասում էին մեզ, երկու պատանիներ դուրս վազեցին, բռնեցին մեր ջորիները և մեզ ներս տարան։
Մեր բախտից տաղավարը, որ վիճակվեցավ մեզ, պատկանում էր խաշնարածների բավական նշանավոր և հարուստ ընտանիքներից մեկին։ Ընտանիքի հայրը մի ծերունի էր, բայց դեռ ժիր և աշխույժ, կարծես տարիների բոլոր ջանքերը իզուր էին անցել խլելու նրա մարմնի ամրությունը և սրտի զվարթությունը։ Նա խիստ սիրով ընդունեց մեզ, հայտնեց իր ուրախությունը և հրավիրեց նստել իր մոտ։ Նա բնավ հարցուփորձ չարեց, թե ո՛վ էինք մենք, ո՛րտեղից էինք գալիս կամ ո՛ւր էինք գնում։ Դա նրանց սովորությամբ մի տեսակ վիրավորանք էր հյուրի համար։ Բավական էր, որ մենք նրա տաղավարի ծածկի տակ էինք գտնվում, և այդ րոպեից նրա գերդաստանի անդամներից մեկն էինք համարվում։
Այդ լեռնաբնակները, դեռ պահպանված լինելով նահապետական պարզության մեջ, ազատ էին մնացել կրթված աշխարհի կեղծ քաղաքավարության ձևերից։ Երբ իմացան մեր հայ-քրիստոնյա լինելը, ավելի մտերմացան մեզ հետ։ Ամենայն բարեսրտությամբ խոսում էին, ծիծաղում էին և ամեն կերպով աշխատում էին գոհացնել մեզ, որ ոչինչ պակաս չլինի մեզ համար։
Մեր հյուրընկալը առանձին ուշադրություն էր դարձնում մեր զենքերի վրա. մեկ-մեկ վեր էր առնում, ճրագի լույսի առջև զննում էր և իր հմտությունը զենքեր ճանաչելու մեջ ցույց տալու համար ասում էր, թե ո՛րը ի՛նչ գործարանի կամ ի՜նչ ժամանակի գործ էր։ Հին զենքերը հարգի էին դրանց մոտ։ Զենքերից նա գաղափար կազմեց մեր ի՛նչ դրության կամ ի՛նչ աստիճանի մարդիկ լինելու մասին։ Հասարակ մարդիկ չէին կարող ունենալ այս տեսակ հարուստ զենքեր։ Այդ րոպեից նրա հարգանքը ավելի ևս բազմացավ մեր վերաբերությամբ։
Ընթրիքը երկար չտևեց։ Լեռնաբնակները շուտ են ուտում, և կերակուրների տեսակները այնքան առատ չեն, որ շատ ժամանակ պահանջեն։ Ես մտածում էի օրիորդի հանգստության մասին, նա սաստիկ հոգնած էր։ Ծերունին նույնպես նկատեց, որ մեր խոսակցության միջոցին, նստած տեղում, նիրհում, էր նա։ Բայց գերդաստանի հայրը երևակայել անգամ չէր կարող, թե մի ուրիշ արարած, որը հասակով փոքր էր իրանից, կարող էր հանգստության վրա մտածել, քանի որ ինքը տակավին նստած էր, քանի որ ինքը դեռ քնելու ախորժակ չուներ։ Ամեն մարդ քնելու իրավունք ուներ՝ երբ նա արդեն քնած էր. ամեն մարդ ուտելու իրավունք ուներ երբ նա արդեն կերած էր։ Ամեն բանի մեջ պետք է նա առաջինը լիներ, իսկ մյուսները՝ հետևողներ։
Եվ ես տեսնում էի՝ ընթրիքի ժամանակ ծերունու բոլոր որդիքը ոտքի վրա սպասավորություն էին անում, կամ մի բան ներս էին բերում և կամ դուրս էին տանում։ Նրանցից մեկը միայն, երեց որդին, հորից թույլտվություն ստացավ մեզ հետ սեղանակից լինելու։ Կնիկները ամենևին չէին երևում, նրանք փակված էին տաղավարի առանձին բաժնում: Երբ սեղանը հավաքեցին, որդիները հեռացան, որ իրանք էլ մի բան ուտեն։ Մենք ծերունու հետ մնացինք տաղավարում միայնակ։
Որդիների թիվը հասնում էր չորս հոգու, բոլորը կարծես թե տիտանների սերունդից լինեին, առողջ և ամուր կազմվածքով։ Ամենքը ամուսնացած էին, ունեին բազմաթիվ զավակներ, որոնցից շատերը նույնպես ամուսնացած էին։ Տունը լիքն էր ամեն հասակի երեխաներով։ Այստեղ ապրում էին մի քանի սերունդներ, որոնք սերտ կերպով միացած էին միմյանց հետ, որոնց գլխին կանգնած էր ալևոր պապը իր նահապետական մեծությամբ։