Раффи

Խաչագողի հիշատակարանը

3 - Բ

ՔԱՋԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Գիշերը ի պատիվ մեր՝ պատրաստվեցավ ճոխ ընթրիք: Ըմպելիքների քանակությունը ավելի շատ էր։ Խաչագողները ավելի խմում էին, քան թե ուտում էին։ Այժմ հավաքվել էին և այն ընկերները, որոնք ցերեկով անտառի զանազան տեղերում ածուխ էին պատրաստում։ Բոլորի թիվը տասից ավել էր։ Երբ բավական խմեցին, նրանցից ամեն մեկը սկսեց պատմել իր կատարած քաջագործություններից մի անցք։ Աստվա՜ծ իմ, ինչե՜ր չէին պատմում նրանք, բոլորը, բոլորը չլսած և չտեսած բաներ էին... Ես, որպես քավոր Պետրոսի հառաջադեմ աշակերտներից մեկը, նույնպես շատ գործեր էի կատարել, բայց, նրանց հետ համեմատելով, դեռ կատարյալ համբակ էի։

է՜հ, Ասում էր մի ծերունի խաչազոդ արհամարհական ժպիտով, Այդ ի՞նչ գողություններ են, որոնցով պարծենում եք դուք։ Երբ ես երիտասարդ էի, գողացա հնդկաց աստծու աչքերը։

Ամենքը ծիծաղեցին, ծերունու ասածը շատերին անհավատալի երևաց։

Երեխաները ու հիմարները ծիծաղում են ամեն բանի վրա, երբ չեն հասկանում, պատասխանեց ծերունին, որին, ինչպես երևում էր, վիրավորեց ընկերների արհամարհանքը։ Ձեզ անհավատալի է թվում իմ ասածը, ականջ դրեք, ես կպատմեմ։

Նա սկսեց իր պատմությունն այսպես.

«Հնդկաց աստվածները մեր աստծո նման չեն. մերը աչքի չէ երևում, իսկ նրանց աստվածները միշտ կանգնած են տաճարների մեջ, ամեն մարդ տեսնում է, հարցմունք է անում և պատասխան է ստանում։ Ես մտա այղ տաճարներից մեկի մեջ, ուր կանգնած էր գլխավոր աստվածներից ամենամեծը ոսկեղեն հագուստով։ Թեև ոսկին շատ սիրուն բան է, բայց ինձ ավելի գրավեցին նրա գեղեցիկ աչքերը։ Գեղեցի՜կ էին, աննման գեղեցիկ, ես խելագարի նման սիրահարվեցա այդ աչքերի վրա։ Նրանք կազմված էին երկու հատ խոշոր ալմաստներից և ճրագի նման վառվում էին։ Ալմաստների յուրաքանչյուրը աղավնու ձվի չափ կլիներ։ Այո՛, իմ սիրտը գրավեցին այդ փայլուն աստղերը, և ես կատարելապես սիրահարվեցա նրանց վրա։ Ե՛կ, մտածեցի, քեզ նվիրե այդ աստուծո սպասավորությանը, որ այդպիսի գեղեցիկ աչքեր ունի։ Եվ ընդունվեցա այնտեղ, ի՞նչ եք կարծում, ոչ թե իբրև, հասարակ սպասավոր, այլ բրահմին՝ այսպես են կոչվում նրանց քահանաները։ Ես կատարում էի իմ պաշտոնը ամենայն ջերմեռանդությամբ, ամենայն անձնանվիրությամբ այնպես, որ փոքր ժամանակում գրավեցի ո՛չ միայն իմ աստծու շնորհը, այլև ժողովրդի հարգանքը։ Ինձ հանձնեցին տաճարի բանալիները և նրա հսկողությունը։ Այդ տևեց մի քանի ամբողջ տարիներ։ Վերջը բրահմինական կյանքը, անընդհատ աղոթքները, խիստ ճգնությունները ձանձրացրին ինձ։ Ես վճռեցի վերադառնալ իմ հայրենիքը։ Բայց ցանկալի էր ինձ ունենալ մի հիշատակ այն աստծուց, որին այնքան տարիներ ծառայել էի։ Ես ընտրեցի աչքերը, որոնց վրա միշտ սիրահարված էի» Մի բարի գիշերում կատարվեցավ այդ գործը։ Բայց ո՞րտեղ պետք էր պահել խոշոր ալմաստները։ Սրունքներիս կաշին ծակեցի, ալմաստները դրեցի վերքի մեջ, հետո լավ փաթաթեցի։ Այժմ սատանան էլ չէր կարող գտնել։ Մնաք բարյավ ասեցի իմ աստծուն և հեռացա։ Հնդկաստանի անտառները խիստ հյուրընկալ ծոց ունեն փախստականների համար, եթե առյուծների և վագրերի ճանկը չընկնե մարդ։ Բայց իմ աստծու օրհնությունը ինձ հետ էր, վտանգ չպատահեց։ Ես իմ, բրահմինի հագուստը փոխեցի և հալածված պարիայի հագուստով շարունակեցի իմ փախուստը։ Պարիային ոչ ոք չէ մոտենում»...

Ծերունին վերջացրեց, ամեն կողմից լսելի եղան գովասանական ձայներ, մի քանիսը ծափահարեցին։

Մի այլ խաչագող ասաց.

Ես մի օր գողացա մի մոխրագույն ավանակ, և, սև գույնով ներկելով, ծախեցի դարձյալ իր տիրոջը, նա չկարողացավ ճանաչել իր ավանակին։

Կարծեմ ներկը ավելի թանկ արժեց քեզ, քան թե այն փողը, որ դու ստացար, նկատեց նրան մեկը ծիծաղելով։

Իրավ է, ներկը ավելի թանկ արժեց, պատասխանեց նա, Բայց ես ընկերիս հետ գրազ էի բռնել։

Եվ դու կնքեցիր մեր ճակատին «էշ ներկող» անունը, վրա բերեց աոաջինը։

Բոլորը ծիծաղեցին։

Մի ուրիշը պատմեց, թե իր կյանքում փոխել է տասը զանազան կրոնքներ և զանազան դավանություններ։ Շիրազում ընդունել է մահմեդականություն և ամուսնացել է մի սեիդի գեղեցիկ աղջկա հետ։ Կիլիկիայի մեջ ընդունել է կաթոլիկություն և պսակվել է կաթոլիկ աղջկա հետ. հետո մի կաթոլիկ գրապայծառից ստացել է ժողովարարության թուղթ, պտտել է Իտալիայում, Սպանիայում և Ֆրանսիայում, հավաքել է ահագին հարստություն, այլևս չի վերադարձել իր կնոջ մոտ. Կիևում ընդունել է օրթոդոքս եկեղեցու դավանությունը, մի գեներալ նրա կնքահայրն է դարձել, և, ընծայելով մի նշանավոր գումար, ամուսնացրել է իր աղախնի հետ։ Իսկ Կ. Պոլսի մեջ ընդունել է բողոքականություն, տեղային միսսիոնարների թղթով գնացել է Ամերիկա, փողեր է հավաքել և ամերիկացի կին է ունեցել և այլն։

Այդ մարդուն շվացրին, որովհետև խիստ հասարակ բան էր պատմում, որովհետև նրանց մեջ չկար մեկը, որ տասն անգամ կրոնը փոխած չլիներ։

Մի երիտասարդ խաչագող, բավական գեղեցիկ դեմքով, շնորհալի և աշխարհային կյանքի սովորած մարդ, պատմեց, թե եվրոպական մի մայրաքաղաքում նա իրան ձևացրեց իշխան Արարատի, ման էր գալիս թանկագին ակներով զարդարված խենջարով և նույնպես գոհարներով զարդարած, ոսկյա քամարով, նրա կառապանի մոտ միշտ նստած էր լինում մի սևամորթ արաբ։ Մի պարահանդեսի ժամանակ նրա վրա սիրահարվեցավ մի հարուստ կոմսի աղջիկ, խոստացավ նրա հետ պսակվել, իսկ օրիորդի ծնողները խոստացան մեծ օժիտ տալ։ Օժիտի կեսը նա ստացավ և վատնեց, բայց օրիորդի հետ չամուսնացավ։ Խեղճ աղջիկը մեռավ բարակացավից, երբ տեսավ իր փեսային անհայտացած։

Այդ պատմությունը, որ շատ հետաքրքրական էր և շատ գեղեցիկ կերպով նկարագրեց երիտասարդը, նույնպես անցավ խիստ աննշան կերպով, իսկ մի քանիսի մեջ առաջացրեց արհամարհանք։ Որովհետև սիրային հարաբերությունները առհասարակ մի տեսակ թուլասրտություն էր համարվում ամեն մի խաչագողի համար և մինչև անգամ ամոթ էր բերում նրան։ Խաչագողը կարող էր սերը ընտրել որպես միջոց մեկին կողոպտելու համար, իսկ ճշմարտապես սիրել անվայել էր։ Երիտասարդի պատմությունից երևաց, որ ինքը ևս սիրահարված է եղել կոմսուհի օրիորդի վրա։ Այդ պատճառով մեկը նկատեց նրան.

Դուք այն ժամանակ արժան կլինեիք գովասանության, երբ փոխանակ շռայլաբար վատնելու այն օրիորդի փողերը և փոխանակ նրա հետ սիլիբիլի անելու, կպսակվեիք նրա հետ, կստանայիք ամբողջ օժիտը և հետո բաց կթողնեիք, կհեռանայիք։

Այդ նկատողությունը ընդհանուր հավանություն ստացավ։

Մի ողորմելի խաչագող, որին ավել անունով կոչում էին «էշի ականջ», պատմեց, թե իր ընկերի հետ մի անգամ մտան մի աղքատ գյուղացու տուն։ Երկուսն էլ իրանց ձևացրել էին վանական աբեղա։ Տանը ոչինչ չգտան, բացի մի կացինից, որ գրած էր դռան մոտ։ Սկսեցին մաղթանք կատարել, երգելով հետևյալ երգը.

Աբեղան երգեց.

«Իգա կացին դռան տակին,
Վեր ա՛ո կռխի մեք տոպրակին,
Ալելուիա, ալելուիա՜»:

Ընկերը պատասխանեց.

«Պոչն էրկեն ա անիրավին,
Չի պարտկվի մեք տոպրակին.
Ալելուիա, ալելուիա՜»։

Աբեղան շարունակեց.

«Վե՛ր առ, զա՜րկ իդա քարին,
Պոչը կոտրե՛ անիրավին,
Որ պարտկվի մեջ տոպրակին։
Ալելուրա, ալելուիա՜ »։

«Էշի ականջի» պատմությունը թեև մի քանիսի մեջ ծիծաղ շարժեց, բայց շատերի մեջ զզվանք պատճաոեց, որովհետև խաչագողը չպիտի այն աստիճան ստորացնե իրան, որ աղքատ գյուղացու խրճիթից մի կացին գողանա։ Խաչագողը պետք է մեծ որսերին հետամուտ լինի, ասեցին նրան։

Այդ պատմությունները որքան և անհամակրությամբ լսում էի ես, բայց դարձյալ գրգռեցին իմ ինքնասիրությունը, և ես պատմեցի իմ հերոսություններից մեկը, թե ո՛րպես քավոր Պետրոսը թաքցրեց ինձ սնդուկի մեջ, և ո՛րպես ես կողոպտեցի հրեա սեղանավորի կրպակը։ Ես սպասում էի որ իմ քաջագործությունը կզարմացներ բոլորին։ Բայց մի խաչագող պատասխանեց ինձ ծիծաղելով.

Դա մի հասարակ խաղ է, որ ամենքս խաղացել ենք։ Բայց ես կպատմեմ դրա նման մի բան, որ դուք գուցե լսած ևս չեք։ Նա պատմեց.

«Հարավային Ֆրանսիայի քաղաքներից մեկում մենք մտանք մի եկեղեցի։ Այդ քաղաքի կաթոլիկ ժողովուրդը կրոնամոլ էր, որ կարծես ապրում էին և գործում էին միմյանց եկեղեցու համար։ Քահանաները հոգու փրկության անունով առել էին ժողովրդի հարստությունը և նրանով զարդարել էին իրանց տաճարները։ Արծաթյա խաչերը, աշտանակները և զանազան սուրբ անոթները թիվ և չափ չունեին։ Մենք երեք ընկեր էինք, մտածեցինք, թե ի՞նչ հնար գործ դնենք, որ այդ հարստությունից մի լավ բաժին վեր առնենք։ Մեր ընկերներից մեկին ձևացրինք մեռած, դրեցինք դագաղի մեջ և տարանք եկեղեցին։ Այդ քաղաքում սովորություն կար, որ մի գիշեր մեռելը պետք է մնար եկեղեցում։ Գիշերը մեր մեռելը հարություն է առնում իր դագաղից և հավաքում է իր մոտ խաչերից և անոթներից ո՛րը ավելի թանկագին էր։ Մյուս օրը մենք վեր առեցինք դագաղը տարանք թաղելու։ Այդ քաղաքում գետն ի պակասության պատճառով աղքատ և պանդուխտ նընջեցյալներին տեղ չէին տալիս հասարակաց գերեզմանատնում, այլ դնում էին աոանձին դամբարանի մեջ, որ հատկապես աղքատների համար պատրաստված էր։ Անկերիս դագաղը դրվեցավ նույն տեղը, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ստորերկրյա մթին այր։ Բայց նա երկար չմնաց ննջեցյալների ամբարում, հենց աոաջին գիշերը դուրս եկավ դագաղից, իր հետ բերելով և իր կողոպուտը, հասկանալի է, որ մենք ևս օգնեցինք նրան այդ վերջին հարության մեջ»։

Երևի այն օրից սկսեցին մեզ կոչել «խաչագող», որովհետև դուք կողոպտեցիք սուրբ տաճարի խաչերը, նկատեց մեկը։

Բոլորը ծիծաղեցին։

Քավոր Պետրոսը, որպես միշտ սովորություն ուներ այսպիսի խոսակցությունների ժամանակ, լուռ էր։ Նա երևի ավելի ուրիշ բաների վրա էր մտածում, քան թե լսում էր։ Նա չէր սիրում, երբ մարդիկ պարծենում էին նրա մոտ։ Նա իր մեծագործությունների մեջ խիստ համեստ էր...

Ընթրիքը վերջացավ մեր կենաց համար առաջարկված բաժակներով։ Բոլորը հայտնեցին իրանց ուրախությունը, որ բախտ ունեցան ընդունելու մեզ իրանց ընկերության մեջ...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Խաչագողի հիշատակարանը"

Ятук Музыка
Песня старых дней
Тигран Мансурян

Песня старых дней

Восточные мотивы, 1886 г.
Восточные мотивы, 1886 г.
Играть онлайн