Раффи

Սամվել

1 - ԺԲ, ԺԳ

ԺԲ

ԱՆՀԱՋՈՂ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հյուրերի երևնալը ընդմիջեց այն անակնկալ կռիվը, որ տեղի ունեցավ մոր և որդու մեջ: Մամիկոնյան տիկինը դարձյալ ընդունեց յուր սովորական հպարտ դեմքը և, Սամվելի դուրս գալուց հետո, անհանգիստ կերպով շրջում էր դահլիճի մեջ, մինչև նրանք ներս կմտնեին և կհամբուրեին յուր աջը:

Բայց նրանք ուշացան:

Նա կանչել տվեց տաճարապետին:

Ներս մտավ մի միջահասակ ոստանիկ, որը տան տնտեսը, մատակարարը և միևնույն ժամանակ սեղանատան կառավարիչն էր: Նա խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց դռան մոտ:

Ամեն ինչ պատրա՞ստ է, Արմենակ, հարցրեց նրանից:

Պատրաստ է, տիկին, պատասխանեց տաճարապետը:

Երաժիշտները կանչվա՞ծ են:

Կանչված են, տիկին:

Կհրամայես տակառապետին, որ ամենահին և ամենաթունդ գինին բաց անե հյուրերի համար.

Հրամայված է, տիկին,

Իսկ ինձ համար` ամենաթույլը, հասկանո՞ւմ ես:

Հասկանում եմ, տիկին...

Միայն գույների մեջ զանազանություն չլինի...

Չլինի, տիկին...

Ուրիշ մի քանի պատվերներ ևս տալով, ասաց նրան.

Այժմ կարող ես գնալ:

Նա գլուխ տվեց և դուրս եկավ:

Տաճարապետի հեռանալուց հետո` ներս մտավ ներքինապետ Բագոսը` յուր խորշոմած, լերկ դեմքով, յուր առանց թերթերունքների կարմիր կոպերով, որոնք իրանց նեղ շրջանակի մեջ հազիվ կարողանում էին սեղմել նրա` գորտի աչքերի նման դուրս ընկած` անհանգիստ բիբերը: Նա քսությամբ մոտեցավ տիկնոջ գահավորակին, այնքան ուշիկ քայլերով, կարծես, վախենում էր, միգուցե ոտները մատնեին իրան, և կռանալով, խռպոտ ձայնով մրթմրթաց.

Գնացին նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու...

Մամիկոնյան տիկնոջ գոռոզ աչքերը վառվեցան բարկության կրակով:

Հետո՞ հարցրեց նա խռովյալ ձայնով:

Հետո գալու են այստեղ ճաշելու:

Ե՞րբ:

Ո՞վ է իմանում: Եթե տիկին Զարուհին չուշացնե, գուցե շուտ կգան: Բայց նրա սովորությունները հայտնի են. մինչև մի բան չուտացնե, մինչև մի բան չխմացնե, բաց չի թողնի:

Սամվե՞լն էլ գնաց նրանց հետ:

Սամվելը բոլորից առաջ էր ընկած...

Տիկինը ավելի վրդովվեցավ:

Ներքինապետը, արդեն իրան հասած համարելով յուր նպատակին, ավելի առաջ տարավ քսությունը, ասելով.

Սամվելը հրամայեց, որ Մուշեղին ևս հրավիրեն ճաշի...

Եվ Մուշեղը համաձսյնվեցա՞վ գալու:

Համաձայնվեցավ... Սամվելի հետ նա այդպես է...

Վերջին խոսքերի միջոցին բանսարկուն ձեռքերը մոտեցրեց և երկու ցուցամատները կցեց միմյանց հետ, որ միության նշան էր:

Միևնույն ամրոցում ապրող Մամիկոնյան երեք եղբայրների Վարդանի, Վասակի և Վահանի ընտանիքները թեև առերես բարեկամ էին, բայց ի ներքուստ թշնամական հարաբերությանց մեջ էին: Եվ այդ ոխերիմ թշնամությունը ուներ յուր աղետալի պատճառները. Վասակը սպանել էր յուր հարազատ եղբորը Վարդանին, իսկ Վահանը` Սամվելի հայրը` մատնելով եղբայրասպան Վասակին Շապուհ արքայի ձեռքը` նույնպես սպանել տվեց: Այդ տան մեջ արյան թշնամություն կար, ընտանեկան անմոռանալի վրեժխնդրության թշնամություն...

Բայց կեղծ-ազնվապետական քաղաքավարությունը սքողում էր այդ թշնամությունը: Տիկնոջը վրդովեցրեց ոչ այնքան Սամվելի` Մուշեղին ճաշի հրավիրելը, որ նրա հորեղբայր Վասակի որդին էր, որքան ներքինապետի հաղորդած այն տեղեկությունը, թե Սահակ Պարթևը գնաց նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու: Այդ սգավոր տիկինը սպանված Վարդան Մամիկոնյանի այրին էր: Իսկ Սահակը, որպես նախընթաց գլխում ցույց տվինք, այդ Վարդանի դստեր որդին էր: Այդ էր պատճառը, որ Սահակը սովորություն ուներ ամեն անգամ, երբ նրան պատահում էր յուր քեռիների ամրոցը գալ, նախ մտնել տիկին Զարուհիի մոտ, մխիթարել նրան և յուր հարգանքը հայտնել յուր սգավոր քեռակնոջը: Եվ այդ սաստիկ բարկացնում էր Սամվելի մորը: «Ամեն անգամ, երբ այդ գոռոզ Պարթևը հայտնվում է մեր ամրոցում, միշտ մի առիթ է գտնում ինձ վիրավորելու»... մտածում էր նա և ուռած շրթունքները դողում էին սրտի խռովությունից:

Որմիզդուխտի մասին մի բան չիմացա՞ր, դարձավ նա դեպի ներքինապետը:

Նա հիվանդ է...

Ուրեմն ճաշի չի՞ գա:

Եթե առողջ ևս լիներ, չէր գա... ասաց ներքինապետը և նրա երեսի կնճռոտ կաշին, ավելի կծկվելով, ծիծաղի նման մի բան ձևացրեց խորամանկ դեմքի վրա:

Իսկ Սամվելի մոր դեմքը փայլեց անկեղծ ուրախությամբ, երբ իմացավ, որ Որմիզդուխտը ճաշին չի լինի: Գեղեցիկ, քաղցրաբարո կինը, մանկահասակ հյուրերի շրջանում, կարող էր ստվեր ձգել նրա վրա: Նախանձը չափ չուներ այդ փառասեր Արծրունու սրտում, թեև նա արդեն հասակը առած և թառամած կին էր:

Ներքինապետի և տիկնոջ խոսակցության միջոցին, երբեմն դահլիճի դուռը աննկատելի կերպով շարժվում էր և նրա նեղ բացվածքից նայում էին երկու լուսափայլ աչքեր: Մեկը նախասենյակում լրտեսում էր:

Ներքինապետի հաղորդած տեղեկությունները որքան ուրախություն պատճառեցին տիկնոջը, այնքան ավելի ևս տրտմություն հարուցին նրա մեջ: Նրա սիրտը ալեկոծվում էր, և ամբոխված գլխում պտտվում էին մթին խորհրդածություններ... Անպատեհ հյուրերի տարաժամ գալուստը այն աստիճան հանկարծակի և անակնկալ կերպով տեղի ունեցավ, որ ժամանակ չտվեց նրան կարգի դնելու և մի որոշ հետևանքի հասցնելու յուր խորհրդածությունները... Այժմ տատանվում էր նա սարսափելի ծայրահեղությունների մեջ...

Նա կրկին դարձավ դեպի բանսարկուն, հարցնելով.

Դու հաստատ գիտե՞ս, որ Մուշեղը գալու է ճաշի:

Ներքինապետի դեմքի վրա կրկին հայտնվեցավ զզվելի ժպիտը, և նրա անհանգիստ բիբերը ավելի լայնացան:

Եթե քո խոնարհ ծառան մի բան հաստատ չգիտենա, չի ասի, պատասխանեց նա և ձեռքը մտերմաբար տարավ ուղղելու գահավորակի վրա դրած բարձերից մեկը, որ փոքր-ինչ շեղվել էր յուր սովորական տեղից:

Դահլիճի դուռը կրկին շարժվեցավ, երկու փայլուն աչքերը կրկին շողացին բացված ճեղքից: Երևում էր, որ այդ հետախույզ աչքերը դժվարանում էին դիտելու, թե ո՜վ էր տիկնոջ խոսակիցը, որովհետև գահավորակը, որի վրա նստած էր տիկինը, դրած էր դռան բոլորովին հակառակ կողմը, իսկ դահլիճը այնքան ընդարձակ էր, որ ձայների միայն անորոշ հնչյուններն էին հասնում մինչև նախասենյակը:

Տիկինը մտահույզ կերպով վեր կացավ նստած տեղից և յուր քայլերը ուղղեց դեպի կից սենյակը:

Եկ ինձ հետ, Բագոս, հրամայեց ներքինապետին:

Այդ կոկիկ սենյակը տիկնոջ առանձնարանն էր, որից մի դուռ բացվում էր դեպի նրա քնարանը, իսկ մի այլ դուռ` դեպի կանանոցի ետևի փոքրիկ բակը, որ զարդարած էր մշտադալար բույսերով:

Առանձնարանի դուռը ներսից կողպեցին: Դահլիճը մնաց դատարկ:

Այդ միջոցին դահլիճը մտավ նախասենյակի ունկնդիրը-օրիորդ Նվարդը: Որպես մի մարմնացած զգուշություն, ուշիկ քայլերով անցավ նա փափուկ գորգերի վրայով և, ուշադրությամբ յուր շուրջը նայելով, մոտեցավ լուսամուտներում դրած ծաղկամաններին, հոտ քաշեց, մոտեցավ մետաղյա հայելուն, նայեց յուր գունաթափ դեմքի վրա, և ապա մոտեցավ այն դռանը, ուր ներս մտան տիկինն ու ներքինապետը: Մի խուլ քրթմնջոց լսելի էր լինում ներսից: 0րիորդը կամաց ականջը տարավ դեպի դռան փականքը: Շվարված աղջիկը շունչ անգամ չէր առնում, որ յուր լսողությունը չխանգարե: Նրա ականջներին հասնում էին աղոտ շշնջյուններ միայն, որոնցից ոչ մի բառ որոշել չէր կարողանում: Տհաճությունը խեղդում էր նրան: Մի մթին, չարագուշակ բնազդմամբ զգում էր նա մի ինչ-որ դավադրություն, որ սարսափեցնում էր նրան:

Նա հեռացավ յուր բռնած դիրքից, որոնում էր մի առարկա գտնել, որ եթե տիկինը հանկարծ դուրս գալու լինի, իրան գործով զբաղված տեսնե: Այդ միջոցին դահլիճի դռները շառաչմամբ ետ գնացին և ծտի նման ներս նետվեցավ փոքրիկ Վահանը-Սամվելի կրտսեր եղբայրը: Շատ խաղալուց քրտնած, թշերը վարդ դարձած, ուրախ երեխան վազեց, փաթաթվեցավ օրիորդին և, նրանից մի համբույր ընդունելուց հետո, իսկույն բաց թողեց նրան, և թռավ գահավորակի վրա: Մի ակնթարթում հավաքեց նա բարձերը, դրեց միմյանց վրա և, ձիու նման հեծնելով, սկսեց ոտներով խթահարել և ձեռքերով մտրակել յուր նժույգին, ուրախ-ուրախ կրկնելով` «չու՛... չու՛»... Երբ տեսավ, որ յուր անշնորհք նժույգը տեղից չի շարժվում, ձանձրացավ, և վայր ցատկեց գահավորակի վրայից, մի այլ խաղալիք գտնելու համար: Չարաճճին խլեց ծաղկամանների մեջ դրած փունջերից մեկը: Այդ միջոցին վրա հասավ օրիորդը և հազիվ կարողացավ նրա ձեռքից ազատել փունջը: Բայց ծաղիկները բավական տրորվեցան: Նկատելով, որ համառ երեխան հանգիստ չէ մնալու, օրիորդը բռնեց նրա ձեռքից, համարյա բռնությամբ դուրս քաշեց դահլիճից և դուռը ներսից կողպեց: Նա մի քանի անգամ զայրացած կերպով ոտքով խփեց դռանը և հեռացավ:

Վահանի չարությունը թեև խլեց օրիորդից մի քանի թանկագին րոպեներ, բայց նրա համար մի գործ պատրաստեց, որի մասին մտածում էր: Նա վեր առեց Վահանի ձին, այսինքն միմյանց վրա դրած երկու բարձերը, մեկը նետեց դահլիճի մի կողմը, մյուսի նետեց մյուս կողմը: Վեր առեց նրա տրորած փունջը, քրքրեց, տերևթափ արեց, և նույնպես ցրիվ տվեց գորգերի վրա: Այդ գործողություններից հետո, նա կրկին մոտեցավ առանձնարանի դռանը, ականջը տարավ դեպի փականքը:

Այժմ ավելի կամաց էին խոսում: Խեղճ օրիորդը ամբողջ մարմնով լսելիք էր դարձել, բայց ոչինչ չէր լսում: Նրա սիրտը բաբախում էր հետաքրքրությունից և արյան ջերմությունը այրում էր թշերը: Բավական էր նրան գիտենալ, թե ում հետ էր խոսում յուր տիկինը. այդ շատ բան կպարզեր: Դռան փեղկը ներքևի կողմից բոլորովին սերտ կերպով չէր կցված շրջանակի հետ, մնացել էր մի նեղ բացվածք: Նա կռացավ, սկսեց այդ բացվածքից նայել: Ոչինչ չէր երևում: Մի քանի րոպեից հետո լսելի եղավ հազալու անընդհատ ձայն, որ հետզհետե սաստկանալով և ապա աստիճանաբար նվազելով, վերջը հեղձուցիչ խռխռոցի փոխվեցավ: Օրիորդը ցնցվեցավ: Այդ ակամա հազը ծանոթ էր նրան, ծանոթ էր և ամբողջ ամրոցին: Նա դուրս էր վիժում խորտակված կուրծքից և փտած թոքերից: Այժմ գիտեր օրիորդը, թե ով էր տիկնոջ խոսակիցը: «Մի բան կա»... մտածեց նա և լարեց յուր բոլոր ուշադրությունը:

Հանկարծ գունաթափվեցավ նա, որպես գունաթափվում է մի մարդ, երբ կայծակը շանթում է մերձակայքում և լսելի է լինում որոտման ահեղ դղրդյունը: Բայց նրա լսածը երկու բառեր էին միայն, մեկը Մուշեղի անունը, մյուսը մի այլ սոսկալի բառ...

Առանձնարանում տիրեց խորին լռություն: Այժմ առաջվա շշնջյունն անգամ չէր լսվում: Երևում էր, որ տիկնոջ խոսակիցը, վերջին պատվերը ստանալուց հետո, դուրս գնաց մյուս դռնից, որ բացվում էր դեպի կանանոցի փոքրիկ բակը:

Օրիորդը հեռացավ յուր դարանից, մտածելով, որ տիկինը կարող էր հանկարծ դուրս գալ և այնտեղ տեսնել իրան: Նա մոտեցավ դահլիճի դռանը, որ ինքը կողպել էր, բաց արեց, հետո սկսեց գորգերի վրա սփռված տերևները և ծաղիկների թերթիկները հավաքել: Բարձերը դեռ ընկած էին իրանց տեղում: Բավական գործ կար, որ եթե տիկինը դուրս գալու լիներ, նրան զբաղված տեսներ: Բայց նա ուշացավ: Երևում էր, որ դեռ երկար տանջվում էր նա այն անգութ պատվերի մասին, որ տվեց յուր հավատարիմ ծառային... Մի քանի անգամ հավաքեց օրիորդը ծաղիկների տերևները, ծղոտները և թերթիկները, մի քանի անգամ վերջացրեց այդ գործը, բայց դարձյալ, ավելի մանրացնելով, ցրիվ տվեց հատակի վրա: Այդ գործողությունը կրկնում էր նա, մինչև դուրս եկավ տիկինը:

Այդ ի՞նչ է, այդ ո՞վ արեց, հարցրեց նա, բարկացած աչքերով նայելով յուր շուրջը:

Ո՞վ պետք է աներ, պատասխանեց օրիորդը, շարունակելով հավաքել յուր ցրիվ տվածը, ներս եմ մտնում, տեսնում եմ, որ Վահանը ամեն ինչ տակնուվրա է արել, հենց որ ինձ տեսավ, իսկույն փախավ:

Ա՛խ չարաճճի, բացագանչեց զայրացած մայրը, ե՞րբ պետք է խելքի գա այդ տղան: Հիմա կարող են իսկույն մտնել հյուրերը և տեսնել այդ անկարգությունը:

Ես իսկույն կհավաքեմ, տիկին, ասաց օրիորդը, շտապեցնելով յուր աշխատությունը:

Մինչև դու կհավաքես, կեսօր կդառնա, գնա, սպասավորներից մեկին ասա, որ գա ավելե այստեղ, իսկ ինքդ վազիր պարտեզը, մի նոր փունջ պատրաստիր, դրա տեղը դնելու համար:

Նվարդը շտապով դուրս գնաց:

Սպասավորները խմբված էին սեղանատանը, ծիծաղում էին, հռհռում էին, կատակներ էին անում և սեղանն էին պատրաստում: Նրանց միջում խառն էր և պատանի Հուսիկը Նվարդի սիրելին: Նվարդը հեռվից կանչեց մեկին և հայտնեց տիկնոջ հրամանը, իսկ ինքը վազեց դեպի պարտեզը:

Նրան տեսնելով, Հուսիկի աչքերը վառվեցան: Նա հետևեց, թե դեպի որ կողմը գնաց օրիորդը, մանավանդ երբ նկատեց, որ խորամանկ աղջիկը մեկնելու միջոցին ձեռքը տարավ դեպի աջ ականջը: Այդ նրանց մեջ մի պայմանական նշան էր, որի իմաստն այն էր, թե կանչում է նրան:

Հուսիկը ընկերների ուշադրությունը յուր վրա չդարձնելու համար` մի քանի րոպե սպասեց, հետո զգուշությամբ դուրս եկավ սեղանատնից: Հեռվից տեսավ նա, որ օրիորդը գնում էր դեպի պարտեզը: Ինքն ևս պտույտ տվեց մի այլ ճանապարհով, որ նույնպես դեպի պարտեզն էր տանում:

Նա գտավ յուր սիրուհիին վարդենիների թփերի մոտ, բայց ոչ այնպես ուրախ, որպես սովոր էր նրան հանդիպել այստեղ: Նա դեռ նոր էր սկսել փնջել յուր փունջը:

Երևի, ինձ համար է, ասաց պատանին և մոտեցավ գրկելվու նրան:

Դրա ժամանակը չէ, Հուսիկ, արգելեց օրիորդը, ես քեզ կանչեցի մի շա՜տ կարևոր գործի համար:

Ի՞նչ գործ, հարցրեց պատանին վշտացած ձայնով, առաջին անգամ մի այդպիսի սառնություն տեսնելով սիրած աղջկա կողմից:

Գնա՜ Սամվելի մոտ, մի կերպով հասկացրու, որ իշխան Մուշեղին իմացում տա, որ նա այսօր մեր տիկնոջ մոտ ճաշի չգա... Գնա՜, մի ուշացիր...

Այն ծանր եղանակը, որով արտասանեց օրիորդը այդ խոսքերը, Հուսիկին մոռանալ տվեց յուր սիրային գուրգուրանքը, և նա զարմացած կերպով հարցրեց.

Ինչո՞ւ Մուշեղ իշխանը չգա ճաշի, ի՞նչ կա...

Բան կա... հետո կասեմ... դու մի ուշացիր..,

Չ՞է որ իմ տերը պետք է գիտենա, թե ի՜նչ բան կա, որ իմացում տա Մուշեղ իշխանին:

Հիմա որ քո տերը գիտենա, լավ չի լինի, սիրելի Հուսիկ, կարելի է մի խռովություն ծագե, ասաց օրիորդը համոզիչ ձայնով. թող հյուրերը գնան, ես բոլորը կպատմեմ քեզ, և դու կհայտնես քո տիրոջը: Դե՜ գնա, մի ուշացիր:

Թող տուր երեսդ...

Գնա՜ ...

Գոնե այդ սիրուն մատներդ...

Հուսիկը խլեց օրիորդի ձեռքը և, մատների ծայրերը համբուրելով, դուրս վազեց պարտեզից:

«Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նավասարդի,
Ջվազելն եզանց
Եւ զվազելն եղջերուաց.
Մեք փող հարուաք
Եւ թմբկի հարկանէաք»:

Հնչում էր վինը, հնչում էր բամբիռը և սեղանատնից լսելի էր լինում Արտաշեսի ըղձական երգը: Երկու ժողովրդական երգիչներ, դռան մոտ կանգնած, երգում էին և ածում էին իրանց հինավուրց նվագարանների վրա: Հին էր երգը, հին էին և երգիչները: Արտաշեսը մահվան անկողնի մեջ երգեց աչդ երգը: Հայրենասեր թագավորը, յուր կյանքի վերջին րոպեներում, խորին տենչանքով փափագում էր այն հանդեսներին, որ կատարվում էին Նավասարդի առաջին առավոտը: Այն օրից անցել էր մոտ երեք հարյուր տարի: Եվ ահա մահվան անկողնի մեջ դվրած հեթանոսության երգիչը, քրիստոնեական դարում, երգում էր նույն երգը:

Տաճարի մեջտեղում դրած էր մարմարիոնի անշարժ սեղանը: Նա երկայն ձև ուներ, այնքան երկայն, որ նրա երկու կողմերում կարող էին տեղավորվել ավելի քան հիսուն հոգի: Բայց գեղեցիկ, քանդակագործ նստարանների վրա նստած էին հինգ հոգի միայն: Սեղանի գլխում, փառավոր բազմոցի վրա, նստած էր Մամիկոնյան տիկինը, նրա աջ կողմում Սահակ Պարթևը, իսկ ձախ կողմում` Մեսրոպ Մաշտոցը: Սահակից ներքև նստած էր Սամվելը, իսկ նրա հանդեպ ծերունի Արբակը Սամվելի դայակը: Հյուրերի թվում պակաս էր Մուշեղ իշխանը Սամվելի հորեղբոր որդին: Պակաս էր և Որմիզդուխտ տիկինը:

Սեղանը լի էր զանազան խորտիկներով: Արծաթյա բարձր ափսեների մեջ դրած էին պես-պես աղանդերներ քաղցրավենիք, անուշեղեններ և չորացած մրգեղեններ: Ամբողջ սեղանը զարդարած էր գույնզգույն ծաղիկներով և կանաչ տերևներով: Հյուրերի յուրաքանչյուրի ետևում կանգնած էր մի-մի ծաղկապսակ պատանի, շղեք կերպով հագնված: Նրանք բռնած ունեին մի ձեռքում գինով լի արծաթյա կահույրները, իսկ մյուս ձեռքում` նույնպես արծաթյա գավաթը, որ փոքրիկ թասի ձև ուներ: Դրանք հյուրերի մատռվակներն էին, նույն թվով, ինչ թվով որ սեղան էին նստած: Իսկ ավելի հեռու, յուրաքանչյուր հյուրի ետևում, կանգնած էին նրանց զինված թիկնապահները և հրեշտակի նման հսկում էին իրանց տերերի վրա:

Երգիչներին տեղ էին տվել սեղանատան դռան մոտ. նրանք անլռելի ձայնով երգում էին և ածում: Մեկը երկու աչքերից ևս Հոմերոսի նման կույր էր, իսկ մյուսը` մեկ ոտքից կաղ: Հագնված էին աղքատ կերպով: Ժողովրդի սիրելիները ժողովրդի անշուք կերպարանքն էին կրում իշխանների սեղանի մոտ...

Թախծալի երգի ձայնը, նվագարանների մեղեդին,ոսկյա պատառաքաղների աղմուկը, արծաթյա գավաթների լիահնչյուն ընդհարումները խլացնում էին խոսակցության ձայները, որ սկսել էին հետզհետե կենդանանալ: Լուռ էր միայն Սամվելը: Դառն, հոգեմաշ մտածություններ ալեկոծում էին նրա սիրտը: Երկու նրան սիրելի անձնավորություններ, զանազան պատճառներով, չմասնակցեցին սեղանին: Իշխան Մուշեղը և Որմիզդուխտը: Երկուսի բացակայության պատճառներն ևս նրա համար խիստ ծանր էին:

Խոսում էր ըստ մեծի մասին Մամիկոնյան տիկինը և խոսում էր ավելի Սահակ Պարթևի հետ: Նա իրան առհասարակ լավ պահել գիտեր հյուրերի շրջանում, բայց այսօր նրա խոսքերը կցկտուր էին և, կարծես, չէին կապվում միմյանց հետ: Նա տանջվում էր այն մտքով, արդյոք Սամվելը հայտնե՞լ էր նրանց յուր հոր վերադառնալը Տիզբոնից, և եթե հայտնել էր, արդյոք ի՞նչ ձևով էր հայտնել: Հյուրերը այդ մասին չէին խոսում և ինքը, տիկինը, աշխատում էր խույս տալ այդ հարցից: Բայց բոլորովին լռելն անպատշաճ էր: Նա դիտավորություն ուներ` մոտ օրերում Սամվելին ճանապարհ դնել հորը ընդառաջ երթալու և դիմավորելու նրան` նախքան Տարոնի սահմանից ներս մտնելը: Ի՞նչպե ս կարելի էր, որ այդ տան ամենամոտ բարեկամները չգիտենային այդ և, որքան էլ որ ինքը թաքցնելու լիներ, վերջապես Սամվելը կասեր նրանց: Իսկ ինքը Սամվելի հետ դեռ որևէ համաձայնություն չէր կայացրել, թե որպես պետք էր հրատարակել նրա հոր գալստյան համբավը կամ ի՜նչ ձև պետք էր տալ նրա ընդունելությանը: Մյուս կողմից տանջում էր նրան այն միտքը, թե ինչո՞ւ Մուշեղը ճաշի չեկավ: Միթե յուր տան մեջ լրտեսնե՞ր կային... միթե ներքինի Բագոսը դավաճանե՞ց նրան... իրան խոսք տվեց, իսկ ծածուկ իմացում տվեց Մուշեղին պատրաստված դավադրությունը... «Եթե նրան հայտնեցի՛ն, հետևանքը շատ վատ կարող է լինել»... մտածում էր նա և յուր կսկիծը թաքցնում էր արտաքին կեղծ ուրախության ներքո: Նա ոչ ոքից այնքան երկյուղ չուներ յուր ձեռնարկությունների խափանման մասին, որքան այդ համարձակ և անվախ երիտասարդից...

Տիկնոջ նման մի ամուր բնավորություն միայն կարող էր այդ բոլոր մթին տարակուսանքներից հետո` պահպանել յուր սառնասրտությունը և իրան չմատնել հյուրերի առջև: Այսուամենայնիվ, նրա դրությունը խիստ դժվարին էր: Նա չգիտեր, թե ի՜նչպես պետք էր դուրս գալ իրերի այդ խառնաշփոթ հանգույցներից:

Նա աշխատում էր խոսել ավելի հեռավոր առարկաների վրա: Մի քանի անգամ, զանազան ձևերով, հիշեց յուր ցավակցությունը Սահակի հոր, Ներսես Մեծի, աքսորանքի մասին:

Այն օրից, ասում էր նա հեկեկալով, որ ինձ հասավ այդ տխուր լուրը, ես հանգստություն չունեմ. ամեն անգամ, որ մտաբերում եմ, աչքերս լցվում են արտասուքով... Հայոց երկիրը առանց հովվապետի՛ ... ա՛խ, այդ ինչ դժբախտություն է...

Եվ իրավ, նա թաշկինակը տարավ դեպի աչքերը: Սահակը մխիթարեց նրան, ասելով.

Ուրախ կա՜ց, տիկին, մի՜ տանջիր սիրտդ այդ դառն հիշողություններով: Իմ հայրը յուր կյանքում շատ փորձանքների մեջ է ընկել, և ամեն անգամ ամենականչ տերը ազատել է նրան: Այդ փորձանքից ևս, ես հավատացած եմ, կազատվի նա:

Կազատվի՛, կրկնեց տիկինը, ավելի մխիթարական դեմք ընդունելով: Նրա սուրբ աղոթքը կազատե իրան...

Պարթևը փոխեց խոսքը, հարցնելով.

Իսկ դու, քեռակին, ի՞նչ լուր ունես իմ քեռուց. չգիտեմ որտեղ` ականջիս հասավ, որ այս մոտ օրերը գալու է նա:

Տիկինը շփոթվեցավ, բայց իսկույն զսպեց իրան, պատասխանելով.

Ասում են` գալու է... բայց ճիշտ տեղեկություններ չկան...Կարծես թե, մեր մեղքից, ճանապարհները փակված լինեն... Ամեն կողմից անհաջողության ձայներ են լսվում... մխիթարական ոչինչ չկա... Ի՞նչ է կատարվում այնտեղ, Տիզբոնում, ի՞նչ եղավ թագավորը, հայտնի չէ... Միայն այդ օրերում Տիզբոնից մի եկվոր, երևի, փախստական զինվոր լուր բերեց, թե քեռիդ գալիս է...Ոչ նամակ ուներ, և ոչ մի նշան... Կասկածում եմ, որ ընծա ստանալու համար` խաբեց ինձ... Դու ինչ ես կարծում, սիրելի Սահակ, ես այդ մասին բոլորովին շվարած եմ, չգիտեմ, թե ինչ պետք է անել...

Ես չեմ կարծում, որ եկվորը համարձակվեր խաբել քեզ, սիրելի քեռակին: Որտեղացի էր:

Մեր գյուղացիներից մեկը...

Ուրեմն կասկածելու ոչինչ չկա. ձեր գյուղացին քեզ չի խաբի...

Ես էլ հակված եմ կարծել, թե գուցե ճշմարիտ լինի... և պատրաստվում եմ Սամվելին ընդառաջ ուղարկել...

Անպատճառ, պետք է ուղարկել, ասաց Սահակը, ուրախություն ցույց տալով և դարձավ դեպի մյուսները, այդ կեղծ մտերմական խոսակցությունը ընդհանրացնելով:

Լսի՜ր, Մեսրոպ, քեռիս գալիս է, Սամվելը պետք է ընդառաջ գնա, խմենք մի-մի գավաթ, Սամվելին բարի ճանապարհ մաղթելով:

Մեսրոպը զբաղված էր զանազան կատակներով ծերունի Արբակի հետ, իսկույն չլսեց Սահակի առաջարկությունը: Սահակը կրկնեց յուր առաջարկությունը:

Խմենք, խմենք, ձայն տվեց Մեսրոպը և դարձավ դեպի երգիչները. երգեցեք մի նոր երգ:

Նրանք երգեցին Վահագնի գիշերային այցելության երգր դեպի Աստղկա ոսկյա ապարանքը, որ կանգնած էր Աստղոնից լեռան գագաթի վրա:

Մտավ Արփին, պատեց խավա՜ր,
Մութ խավարը գիշերին,
Նինջ ու թմբիր ցանեց Քունը
Լուռ և խաղաղ աշխարհին:

Լուռ է Նազիկ, ալիքները
Նազ-նազելով են ծըփում.
Որ նազանի Կույսի նիրհը
Չխանգարեն հատակում:

Լուռ է գետը Արածանին-
Ուշիկ հոսով է հոսում.
Որ Նըհանգի ծանր քունը
Չըվրդովե յուր խորքում:

Լուռ է անտառ, ոչ մի տերև
Չէ սոսափում, չէ շարժվում,
Զի Պարիկը նինջ է ննջում
Յուր մամռապատ անձավում:

Լո՜ւռ է երկինք, լո՜ւռ է գետինք,
Ամենուրեք լռություն.
Խաղաղական քաղցր քնով
Քնած է ողջ բնություն:

Բայց Աստղոնից լեռան վրա
Դեռ հսկում է դիցուհին,
Քուն կամ հանգիստ մոտ չեն գալիս
Նրա կարոտ աչերին:

Նա տանջվում է յուր անկողնում,
Անկողնումը լուսապատ,
Եվ տարփալի հուր-աչերը
Հառած են դեպ Աշտիշատ:

Ահա՜ Տարոն սասանվեցավ,
Սասանվեցավ, դղրդաց,
Ամպրոպային ահեղ թնդմամբ
Լեռն ու անտառ որոտաց:

Այդ հսկան է շեկ Վահագնը
Հսկայական ընթացքով
Տատանում է երկինք, գետինք,
Տատանում է լեռ ու ծով:

Բայց դիցուհու գողտրիկ սիրտը
Անուշ դողով դողդողաց,
Երբ դյուցազնի մերձենալը
Յուր ամրոցին նա զգաց:

Կրկին տիրեց լռությունը
Խորհրդավո՛ր լռություն,
Նա Դյուցազնին հանգիստ տվեց.
Հանգիստ տվեց յուր գրկում:

ԺԳ

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԲԱՐԴՎՈՒՄ ԵՆ

Ճաշը վերջանալուց հետո, հյուրերը կրկին հավաքվեցան դահլիճը: Այստեղ պատրաստած էին նրանց համար զանազան օշարակներ և զանազան զովացուցիչ ըմպելիքներ` գինու տապը մարելու համար: Սպասավորները անդադար ելևմուտ էին անում, իսկ դռների մոտ անշարժ կանգնած էին թե՜ Սահակի և թե՜ Մեսրոպի զինված թիկնապահները: Մամիկոնյան տիկինը այժմ ավելի ուրախ էր և ավելի սիրալիր քնքշությամբ գուրգուրում էր յուր հյուրերին: Նա մինչև անգամ խոսում էր, ծիծաղում էր Մեսրոպի հետ, որի վրա առաջ առանձին ուշադրութչուն չէր դարձնում, համարելով նրան «մի փոքրիկ ազնվական», որ յուր անշուք ամրոցի կտուրից կարող էր տեսնել յուր կալվածքների բոլոր սահմանները:

Ծերունի Արբակը հենց ճաշը վերշանալուց հետո իսկույն աննկատելի կերպով անհայտացավ: Սամվելը դեռևս գտնվում էր յուր առաջվա մռայլ տրամադրության մեջ: Եթե հյուրերի ներկայությունը չլիներ, նա ևս, յուր դայակի նման, կթողներ և կհեռանար յուր սենյակը, մի փոքր հանգստություն տալու բորբոքված սրտին: Նա նստած էր դահլիճի մի հեռավոր բազմոցի վրա, և գլուխը խոնարհեցրած հենարանի վրա, կարծես թե նիրհում էր: Բայց այդ ծանրացած գլուխը սարսափելի խռովության մեջ էր: Առանց նրա կամքը հարցնելու գինու աղմկալի բաժակներով նրա համար բարի ճանապարհ մաղթեցին: Նա պիտի գնար դիմավորելու յուր հորը. նա պիտի գնար ընդունելու հայրենիքի դավաճանին... Բայց ի՞նչ սրտով գնար, ինչպե՞ս ընդուներ... Այդ դա՜ռն, հուսահատական մտքերը ալեկոծում էին նրան:

Տիկինը, շարունակելով յուր անսպառ հարցուփորձը, դարձավ դեպի Սահակը, հարցնելով, թե ինչպե՞ս գտավ նա յուր հայրենական կալվածքները:

Ոչ բոլորովին գոհացուցիչ դրության մեջ, քեռակին, պատասխանեց Սահակը, փոքր-ինչ շփոթվելով այդ անակնկալ հարցից Քեզ հայտնի են մեր գործակալների անպիտանությունները, թե ինչպես օգուտ քաղել գիտեն հարմար դեպքերից: Հորս հետ պատահած դժբախտությունից հետո, նրանցից ոմանք, համարյա իրանց տեր կարծելով իրանց կառավարությանը հանձնված կալվածքներին, մինչև անգամ զլացան արդյունքները յուր ժամանակին հասցնել: Մեծ աշխատություններ էին հարկավոր, մինչև այդ բոլոր անկարգությունները կհեռացնեի և գործերը կարգի կդնեի:

Պարթևը խոսքերի մեշ չբռնվեցավ: Փորձիչը առաջարկեց մի այլ հարց.

Դարձյալ գոհություն աստուծո, որ կարողացել ես փոքր ի շատե կարգի դնել: Հիմա պետք է քեռիներիդ տանը հանգստանաս և նրանց ուրախություն պատճառես, սիրելի Սահակ:

Շատ կցանկանայի, սիրելի քեռակին, բայց ցավում եմ, որ մի օրից ավել մնալ չեմ կարող: Սաստիկ շտապում եմ...

Ինչո՞ւ, գոնե պետք է մնաս մինչև Սամվելի հոր գալը. դու գիտե՞ս, թե որքան կուրախանա նա, երբ քեզ այստեղ կտեսնե:

Բայց մեր տանը մեծ անհամբերությամբ սպասում են իմ վերադարձին: Փոքրիկ Սահականույշը հիվանդ է: Մայրը անմխիթար տրտմության մեջ է գտնվում, ուշանալ չեմ կարող, սիրելի քեռակին:

Տիկինը տխուր դեմք ընդունեց, թեև նա չէր հավատում ոչ փոքրիկ Սահականույշի հիվանդությանը և ոչ նրա մոր անմխիթար տրտմությանը, ինչպես չէր հավատում, որ Սահակը յուր կալվածական գործերը կարգի դնելու համար էր եկած Տարոն:

Նա դարձավ դեպի Մեսրոպը, որ այդ միջոցին կանգնած էր– պատուհանի առջև և, ձեռքում բռնած ունենալով այնտեղ դրած արծաթյա անոթներից մեկը, նայում էր գեղեցիկ քանդակների վրա:

Ինչպե՞ս վերջացավ ձեր վեճը օձնեցոց հետ, Մեսրոպ:

Ես այդ մասին ամենևին չեմ էլ մտածում, տիկին, պատասխանեց նա անփույթ կերպով. ես այդ հոգսերը թողել եմ հորս վրա: Օձերի հետ գործ ունենալը փոքր-ինչ դժվար է...

Բայց հացիկցիք ևս պակաս չեն... նկատեց տիկինը, ժպտալով:

Դրա համար էլ նրանց «կարճազատներ» են կոչում... պատասխանեց Մեսրոպը ծիծաղելով:

Մեսրոպը Հացիկ ավանի տերը և միևնույն ժամանակ բնիկ այնտեղացի էր: Օձ քաղաքի բնակիչների հետ հողերի սահմաններ որոշելու վեճ ունեին: Օձեցիք ճանաչված էին որպես օձաբարո մարդիկ. իսկ հացիկցիք ստացել էին «կարճազատ» մականունը, որ նշանակում է կարիճի զավակ, կամ, փոխաբերական մտքով, չարաճճի, խայթող, թունավորող: Տիկինը յուր ակնարկությամ կամեցավ հեգնել երիտասարդ «կարճազատի» խայթող լեզուն, որովհետև օձնեցիք վայելում էին տիկնոջ առանձին խնամակալությունը և նրա անմիջական հովանավորության ներքո էին գտնվում:

Այդ փոքրիկ հանաքից հետո, որ տիկնոջը շատ հաճելի չթվեցավ, խոսակցությունը կրկին դարձավ Սամվելի ճանապարհորդության վրա: Դրան առիթ տվեց այն, որ տիկինը, նկատելով որդու խռովյալ դրությունը, ցած իջավ յուր գահավորակից, մոտեցավ նրա բազմոցին և, ձեռքով փայփայելով նրա խիտ գանգուրները, հարցրեց.

Ի՞նչ է պատահել քեզ հետ, սիրելիս, գոլ ճաշից հետո ինչ-որ տխրության մեջ ես գտնվում է:

Ոչինչ... պատասխանեց Սամվելը, գլուխը վեր բարձրացնելով: Այդ ինձ հետ շատ է պատահում.., մանավանդ չափազանց ուրախություններից հետո... Սեղանի վրա փոքր-ինչ ավելի խմեցի:

Տիկնոջ աչքին ընկավ որդու գունաթափ դեմքը: Նա սոսկաց:

Քո դեմքը քո մասին լավ վկայություն չէ տալիս, Սամվել, ասաց նա դողդոջուն ձայնով. դու, երևի, հիվանդ ես, քո երեսին գույն չէ մնացել. քո աչքերը վառվում են ինչ-որ տենդային կրակով... ես սարսափում եմ քո վրա նայելիս:

Ասում եմ, որ այդ ինձ հետ շատ է պատահում... կրկնեց որդին և վեր կացավ նստած տեղից:

Նա մի քանի անդամ մտահույզ կերպով անցավ դահլիճի միջով, հետո կանգնեց Մեսրոպի մոտ, որ դեռևս շարունակում էր նայել հնադարյան անոթների վրա: Տիկինը գնաց, նստեց յուր տեղը:

Երիտասարդների հետ այդպիսի րոպեներ շատ են պատահում, ասաց նրան Սահակը: Ո՛վ գիտե, ինչ է մտաբերել... երևի, յուր նշանածին...

Վերջին խոսքը ասելով, տիկնոջ որդու մասին կրած ցավակցական զգացմունքները կատաղության փոխվեցան: Նա զայրացած կերպով գոչեց.

Խնդրում եմ, Սահակ, մի հիշեցրեք ինձ այդ անունը... Ինձ ատելի են բոլոր Ռշտունիները և ամբողջ Ռշտունիքը...

Սահակը այդպիսի պատասխան չէր սպասում: Այդ խոսքերը ոչ միայն նետի նման ցցվեցան Սամվելի սրտում, այլև վիրավորեցին նույնիսկ Սահակին, և նա ստրջացավ, որ միամտաբար այդ առարկայի վրա խոսք բաց արավ:

Ինչո՞ւ Ռշտունիքը, այդ քաջարանց երկիրը, և ինչո՞ւ Ռշտունիները, այդ քաջազուն իշխանները ատելի են քեզ, տիկին, հարցրեց նա սառն կերպով:

Չգիտեմ ինչու, պատասխանեց տիկինը առաջվա վրդովմունքով: Միայն այդ կոշտ, կոպիտ, վայրենի, արյունարբու լեռնականների դուստրը չէ կարող իմ որդու կինը լինել... Ես ինքս Արծրունի եմ և Արծրունյաց տոհմից ընտրել եմ իմ որդու համար արժանավոր հարսնացու... Այդ գիտե Սամվելը. ես հարյուր անգամ նրա հետ խոսացել եմ այդ մասին:

Սամվելը լսում էր այդ խոսքերը. նա մոտեցավ և, կանգնելով մոր առջև, ասաց կիսահեգնական ձայնով.

Գիտեմ, գիտեմ, ոչ թե հարյուր անգամ, այլ հազար անգամ դու ասել ես ինձ այդ, և իմ պատասխանները, կարծեմ, դու չես մոռացել...

Իսկ եթե քո հա՞յրը կառաջարկե քեզ միևնույնը, Սամվել, ասաց մայրը կշտամբելով որդու կամակորությունը, դու, կարծեմ, այն ժամանակ չես համարձակվի հակառակել քո հոր կամքին...

Դեռ ինձ հայտնի չէ, որ իմ հոր կամքը այդ է... պատասխանեց Սամվելը խորին սառնությամբ:

Բայց ինձ հայտնի է... ասաց մայրը խորին բարկությամբ:

Սահակը, նկատելով, որ յուր անմեղ կատակով առիթ տվեց անտեղի և տարաժամ վիճաբանության մոր և որդու մեջ, ընդմիջեց նրանց կռիվը, ասելով.

Թողնենք այդ: Իրավ է, որ այդ հարցում հոր կամքը ավելի մեծ նշանակություն ունի... Թողնենք մինչև հոր գալուստը... Ես հավատացած եմ, որ Սամվելը հոր ցանկությունը կկատարե...

Հետո, կամենալով ավելի կարևոր առարկայի վրա դարձնել խոսակցությունը, դարձավ նա դեպի Սամվելը, ասելով.

Իսկ դու, սիրելի Սամվել, պետք է պատրաստվես հորդ ընդառաջ գնալու:

Սամվելը ոչինչ չպատասխանեց: Մայրը շատ գոհ մնաց Սահակի առաջարկությունից և, բռնելով որդու ձեռքից, նստացրեց յուր մոտ, գահավորակի վրա, և մի առանձին սիրելությամբ նայելով նրա երեսին, ասաց.

Ես ամեն ինչ պատրաստել կտամ քո ճանապարհորդության համար, թանկագին Սամվել: Ես մոռանում եմ բոլորը: Դու չգիտես, ի՜նչ բան է մոր սիրտը: Դու չգիտես, թե որպիսի ջերմությամբ ամեն րոպե բաբախում է նա որդու բախտավորության համար: Ես հենց այսօր կհրամայեմ, որ պատրաստեն նժույգները: Արծաթյա ասպազենքով և թանկագին շալերով զարդարել կտամ նրանց: Ավելի քան հիսուն հետևակներով դու կդիմավորես քո հորը: Քեզ կուղեկցե երիտասարդ համհարզների մի ստվար խումբ, ամենքը գեղեցիկ զարդերով զարդարված, ամենքը հարուստ զենքերով սպառազինված: Եվ ամեն մարդ, ով որ կտեսնե քո փառավորությունը, երանի կտա քո ծնողներին:

Սամվելի հոր գալուստը, որի մասին տիկինը առաջ թերությամբ էր խոսում, և ավելի ծածկել էր աշխատում, քան թե երևան հանել, այժմ, հակառակ նրա ցանկության, յուր բոլոր պարզությամբ խոսակցության առարկա դարձավ: Տիկինը մի առանձին վնաս չէր տեսնում եթե յուր հյուրերին հայտնի կլիներ նրա գալուստը միայն, բայց ոչ գալստյան նպատակները: Նպատակների մասին նա կարծում էր, որ յուր հյուրերը ոչինչ չգիտեն, եթե գիտենային չէին համբերի և որևիցե կերպով կակնարկեին նրան: Այդ մտքով նա հրամայեց տաճարապետին, որ սեղանի վրա ամենաթունդ գինին մատուցանե, որպեսզի արբեցության ջերմության մեջ կարողանա նրանց գլուխները թափ տալ: Բայց ոչինչ չլսեց: Այսուամենայնիվ, նրա կասկածը Սահակի և նրա հոր ծածկամիտ քարտուղարի այցելությունների մասին տակավին փարատված չէր:

Սամվելը հասկացավ Սահակի նպատակը, թե որպիսի վարպետությամբ նա խոսել տվեց յուր մորը այն բոլորը, ինչ որ վերաբերում էր յուր ճանապարհորդությանը: Եվ յուր սովորական երկմտանի պատասխանով կամեցավ լրացնել նրա խոստացած պատրաստությունների թերին, ասելով.

Այդ բոլորը հարկավոր է հորս արժանավոր ընդունելության համար, սիրելի մայր, բայց դու նրա մեծապատիվ ուղեկիցների ընդունելության մասին ոչինչ չասեցիր:

Վերջին խոսքերի միջոցին նա դարձավ դեպի Սահակը և դեպի Մեսրոպը, որ նստած էր նրանց մոտ:

Հորս հետ գալիս են պարսից երկու նշանավոր զորապետները Զիկ և Կարեն. դրանք գալիս են մեր երկիրը պահպանելու, որովհետև թագավորը չկա, իսկ հայրապետը բացակա է... Դրանց ընդունելության համար ևս հարկավոր են փառավոր պատրաստություններ...

Մոր սիրտը սկսեց դողալ: Ի՞նչ էր կամենում ասել Սամվելը: Միթե նա բոլոր գաղտնիքը կամենում էր բա՞ց անել Սահակի և Մեսրոպի առջև: Սամվելը նկատեց մոր շփոթությունը և շարունակեց.

Այո՜, հորս հետ գալիս են Զիկ և Կարեն զորապետները: Երբ նրանք ոտք կդնեն Տարոնի հողի վրա և երբ կմոտենան Արածանիին, այդ ժամանակ դու, սիրելի մայր, սկսյալ Արածանիի ափերից մինչև մեր ամրոցը, ճանապարհի ամբողջ տարածությունը պատել կտաս թանկագին գորգերով: Եվ պարսից զորապետները այդ փառավոր փիանդազի վրայով ընթանալով կմտնեն մեր ամրոցը: Այն ժամանակ կկատարենք մեծահանդես խրախճանը... Բայց չմոռանաս, սիրելի մայր, պատվիրել, որ մինչև մեր ամրոցին հասնելը, ըստ պարսից սովորության, ճանապարհի վրա, բազմաթիվ զոհեր մատուցվեն նրանց առջև... Թող արյունով սրբվի այդ ճանապարհը... և թող զոհերի դիակների վրայով անցնեն այդ հարգելի հյուրերը,..

Տիկինը փոքր-ինչ շունչ առեց, երբ տեսավ, որ Սամվելը կարճ կտրեց յուր դառն ակնարկությունները:

Խոսակցությունը ընդհատվեցավ, որովհետև Սահակը և Մեսրոպը վեր կացան և, հայտնելով իրանց շնորհակալությունը տիկնոջ սիրալիր հյուրասիրություն համար, ասացին թե գնալու են Մուշեղ իշխանին այցելելու: Այդ այցելությանը ամենևին ախորժելի չթվեցավ տիկնոջը, մանավանդ երբ իմացավ, որ ընթրիքը նրա մոտ են ուտելու և գիշերը նրա մոտ են մնալու:

Ինչո՞ւ այնտեղ, թախանձում էր տիկինը, ինչո՞ւ եք վիրավորում ինձ: Խնդրում եմ, գիշերը մեզ մոտ եկեք:

Դու այնքան զբաղմունք ունես, սիրելի քեռակին, ասաց Սահակը, որ թե ես, թե Մեսրոպը չէինք ցանկանա խանգարել քեզ: Բայց Մուշեղը ավելի անգործ մարդ է այդ ամրոցում:

Տիկինը ամենաքնքուշ ողջագուրանքով ճանապարհ դրեց նրանց մինչև նախասենյակը, խոսք առնելով, որ գնալու ժամանակ դարձյալ կտեսնվեն յուր հետ: Նա վերադարձավ դատարկացած դահլիճը, և յուր տանջված մարմինը բաց թողնելով գահավորակի վրա, ընկողմանեցավ և, երկու ձեռքով բռնելով ծանրացած գլուխը, սկսեց ինքն իրան հաշիվ տալ յուր այնօրվա կատարած դերի մասին: Դերը անհաջող էր, իսկ հաշիվը հուսահատական: Անհաջող էր նա այն կետում, որ նախագծել էր յուր համար, թե ի՞նչ դիրք պետք է բռներ յուր երկու հյուրերի առջև` յուր ամուսնու գալստյան խորհրդի վերաբերությամբ: Բայց նրանք շատ բան իմացան, քան թե հարկավոր էր, որ իմանային: Անհաջող էր նաև Մուշեղի մասին հղացած չար դիտավորության վերաբերությամբ... Նա մտածում էր կանչել տալ ներքինապետին և նրանից հարցուփորձ անել: Բայց քառորդ ժամից հետո, նա ինքը, յուր տիկնոջ նման թախծալի և վշտահար դեմքով, ներս մտավ:

Սամվելը գնաց Սահակի և Մեսրոպի հետ նրանց ճանապարհ դնելու մինչև Մուշեղի ապարանքը: Երկար նրանք անցնում էին զանազան բակերի և զանազան շինվածքների միջով, մինչև դուրս եկան ամրոցի այդ ոլորապտույտ լաբյուրինթոսից և հասան ապարանքի մեծ, կամարակապ դռանը: Երկու թևատարած արծիվներ քարից դուրս էին բերված դռան կամարի վրա, որոնք, երկու արթուն ոգիների նման, կարծես, հսկում էին այդ իշխանական տան մուտքի վրա: Մուշեղի հայր Վասակը բոլոր Մամիկոնյան եղբայրների մեջ ամենահարուստն էր և նրա ապարանքը` ամենափառավորը: Բացի Տարոնից, որ այդ տոհմի նախարարության ժառանգությունն էր, Վասակին էր պատկանում Եկեղյաց գավառի մի մասը, ուր հիմնել էր նա յուր անունով մի քաղաք, որ կոչվում էր Վասակակերտ:

Մտնելով ապարանքի մեծ դռնից և անցնելով երկար փողոցով, առաջինը, որ բացվեցավ նրանց առջև, դա մի ընդարձակ բակ էր, որ զարդարած էր ծաղկավետ թփերով և մշտականաչ բույսերով: Բակի մեջտեղում մարմարյա շատրվանից բարձր ցայտում էր ջուրը, և մարգարտյա տարափի նման, դարձյալ ցողվում էր գեղեցիկ նհանգի գանգրահեր գլխի վրա, որի բերանից դուրս էր վիժում նա: Այդ պարզ, թրթռուն ավազանի շուրջը նազելով պտտվում էին երկու սիրամարգներ: Ջրի վրա ցրվել էին զանազան ծաղիկներ, որոնք, ալիքների մեղմ ծփանքից մոտենալով ավազանի բոլորակ եզերքին, կազմել էին մի գույնզգույն բոլորակ պսակ: Արեգակի ճառագայթները կորցնում էին իրանց ջերմությունը այդ անուշահոտ, հովասուն դրախտի մեջ, ուր ամբողջ տարին տիրում էր մշտադալար, անթառամ գարուն:

Նրանք գտան Մուշեղին մի հովանոցի մեջ, որ մոտ էր ջրի ավազանին: Նա նստած էր այնտեղ միայնակ և լուռ նայում էր երկու կայտառ պատանիների վրա, որոնք նրա հանդեպի ճեմելիքում նետով նշան էին խփում մի գնդակի, որ դրած էր բարձր ձողի գլխին:

Տեսնելով յուր հարգելի այցելուներին, Մուշեղը դուրս վազեց հովանոցից և, դիմավորելով նրանց, գրկվեցավ նախ Սահակի հետ և ապա Մեսրոպի հետ:

Երևի, ասաց նա ծիծաղելով, Սամվելի մայրը սաստիկ հղփացրել է ձեզ, որ այդպես ուշ եք վերջացրել ճաշը: Ես այստեղ երկար սպասում էի:

Նրանք մտան հովանոցը և նստեցին դալար ճյուղերից հյուսած աթոռների վրա: Սամվելը բաժանվեցավ:

Դու գնո՞ւմ ես, Սամվել, հարցրեց նրանից Մուշեղը:

Ես կգամ ձեզ մոտ գիշերը... երևի, շատ ուշ... պատասխանեց նա և հեռացավ:

Հովանոցի մոտ, դրսում, ոտքի վրա կանգնած էին Սահակի և Մեսրոպի անբաժան թիկնապահները: Նրանք հրաման ստացան, որ գնան և պարտեզի մի կողմում նստեն, հանգստանան, որովհետև ամբողջ օրը ոտքի վրա էին:

Երկու պատանիները, տեսնելով Սահակին և Մեսրոպին, թողին իրանց ուրախ մարզությունը և վազեցին դեպի հովանոցը: Սահակը երկուսին ևս գրկեց և համբուրեց: Դրանցից մեկը Մամիկոնյան Վարդանի որդի Համազասպն էր, իսկ մյուսը Մամիկոնյան Վաչեի որդի Արտավազդն էր:

Վերջինը, որ մի խարտյաշ, կրակոտ պատանի էր, մոտ տասնևյոթն տարեկան, երկու ձեռքերը դրեց Սահակի ծնկների վրա և, .ծիծաղկոտ դեմքով նայելով նրա երեսին, ասաց.

Գիտե՞ս, որքան անգամ տարվեցավ Համազասպը, քսան հարվածների մեջ` հինգ անգամ:

Իսկ դու, պարծենկո՜տ, քանի՞ անգամ, հարցրեց Սահակը, նրա երկու ճարպիկ ձեռքերը առնելով յուր ափերի մեջ:

Ես մեկ անգամ:

Իմ ձեռքը այսօր դողում է, արդարացրեց իրան Համազասպը:

Այդ գանգրահեր, վառվռուն աչքերով պատանին Սահակի ապագա փեսան էր, նրա գեղեցիկ Սահականույշի ամուսնացուն: Ինքը Մամիկոնյան մորից ծնված լինելով, յուր դստերը նույնպես հարսնախոսել էր Մամիկոնյաններին, և նո՜ւյն տանը, որտեղից դուրս էր եկել յուր մայրը: Մերձ ամուսնությունները այդ ժամանակ սովորական էին Հայաստանում, մանավանդ բարձր շրջաններում: Սովորական էր նույնպես, ոչ միայն անչափահաս հասակում նշան դնել ամուսնացուներին, այլ օրորոցի մեջ, և մինչև անգամ դեռ չծնված:

Հիմա գնացեք, նորից փորձեցեք ձեր բախտը, ասաց նրանց Սահակը:

Երկու պատանիները խլեցին իրանց աղեղները և կրկին վազեցին դեպի բարձր ձողի գլխին դրած գնդակը:

Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի յուր երեկոյան մուտքը: Նրա վերջին ճառագայթները, խաղալով շատրվանից բարձրացած ձյունի պես սպիտակ ջրային փոշիների հետ, շողշողում էին ծիածանի վառ գույներով: Այդ գույները լուսավորում էին հինավուրց ամրոցի մռայլ ճակատը, որ նայում էր դեպի պարտեզը:

Մուշեղը վեր կացավ:

Գնանք, ասաց նա, դառնալով դեպի Սահակը և Մեսրոպը, խոսելու շատ բան ունենք...

Նրանք դիմեցին դեպի Մուշեղի բնակարանը, որի լուսամուտները փայլում էին այդ րոպեում ծիածանի գույներով:

Վերադառնալով յուր սենյակը, Սամվելը չգիտեր, թե ինչ աներ: Զանազան մտածություններ ամբոխված էին նրա գլխում: Զանազան մթին խորհուրդներ խռովում էին նրան: Այդ ալեկոծության մեջ տատանվում էր նա, դժվարանալով որոշել, թե նախ որի՞ց պետք էր սկսել կամ ո՞րը թողնել:

Մի քանի անգամ անցավ նա սենյակի միջով, հետո մտավ քնարանը, պառկեց մահճակալի վրա: Աշխատում էր քնել, որ փոքր-ինչ հանգստություն տա հուզված սրտին: Բայց քնել չկարողացավ:

Մայրը խոստացավ, թե ինքը կկազմե նրա ասպախումբը, որպես վայել էր մի Մամիկոնյան իշխանազնի, և ամենայն շքեղությամբ ճանապարհ կդնե հորը դիմավուրելու: Ուրեմն այդ հոգսից ազատ էր նա: Բայց հենց նրա մեջն էր գլխավոր հոգսը, որ այդ րոպեում նրա մտատանջության առարկան էր դարձել: Մոր պատրաստած ասպախո՛ւմբը... մոր ընտրած մարդի՛կը... և ինքը պետք է գնար նրանց հետ... այսինքն, նրանք պետք է տանեին Սամվելին... պետք է տանեին հորը ուրախացնելու համար... և, որպես ոսկու և արծաթի մեջ զարդարված մի խրծիկ, պարսից բանակին ցույց տալու համար... և պարսից զորապետներին զարմացնելու համար... Այդ էր փառասեր մոր նպատակը:

Բայց Սամվելն ուներ յուր առանձին նպատակները... Եթե մայրը առաջարկելու ևս չլիներ, նա դարձյալ կգնար հորը դիմավորելու: Բայց կգնար յուր մարդիկներով: Նա չէր կարող գնալ մոր ընտրած մարդիկների հետ, որոնց հսկողության ներքո պետք է կաշկանդվեր նա: Նա ցանկանում էր ունենալ յուր մարդիկը, յուր հավատարիմները:

Հենց այն առավոտը, երբ սուրհանդակը գուժեց նրան Տիզբոնից բերած բոթը, հենց այն առավոտը նրա գլխում ծագեց մի մռայլ խորհուրդ... Այդ խորհուրդը հետզհետե աճում էր և կերպարանագործվում էր նրա մեջ... Եվ այդ խորհուրդը կատարելու համար անհրաժեշտ էր, որ նա յուր հավատարիմ մարդիկն ունենա յուր հետ...

Բայց Սամվելը չհակառակեց մորը, երբ նա հայտնեց, թե ինքը կկազմե նրա ասպախումբը: Չհակառակեց, որպեսզի մորը կասկածանքի առիթ չտա: Այժմ ինչպես պետք էր հաշտեցնել այդ երկու ծայրահեղությունները, որ թե՜ մոր ցանկությունները կատարված լինեին, և թե՜ ինքը յուր նպատակին հասած լիներ... Նա ոչինչ վճռել չկարողացավ: Երկու ձեռքով պինդ բռնեց խռովահույզ գլուխը և աչքերը խփեց...

Նույն րոպեում և մայրը, յուր գահավորակի վրա պառկած, երկու ձեռքով պինդ բռնած ուներ յուր գլուխը և մտածում էր...

Բոլորովին մութն էր, երբ Հուսիկը ճրագը ձեռին ներս մտավ, զարթեցրեց Սամվելին:

Ի՞նչ կա, հարցրեց նա, աչքերը տրորելով:

Մի շինական խնդրում է տեսնել իմ տիրոջը, պատասխանեց պատանին:

Սամվելը հասկացավ, թե ով պետք է լիներ:

Նրան այնպես կբերես ինձ մոտ, որ ոչ ոք չտեսնե, պատվիրեց Հուսիկին:

Պատանին ճրագը դրեց յուր տեղը և հեռացավ, Սամվելը քնարանից դուրս եկավ յուր ընդունարանը: Մի քանի րոպեից հետո, Հուսիկի առաջնորդությամբ, ներս մտավ Մալխասը, թավամազ կուրծքը բաց, բազուկները հոլանի և մի երկայն նիզակ ձեռքում բռնած: Նա անփույթ կերպով գլուխ տվեց և հենվեցավ յուր նիզակի վրա:

Հուսիկը խոհեմությամբ հեռացավ, մտածելով, գուցե յուր տերը առանձին խոսելիք ունե այդ մարդու հետ, որի ավազակային դեմքը նրան շատ հաճելի չթվեցավ:

Դու որևիցե ժամանակ եղե՞լ ես Ռշտունյաց կողմերում, Մալխաս, հարցրեց նրանից Սամվելը սպասավորի հեռանալուց հետո:

Ծիծաղի նման մի բան ցնցեց համարձակ շինականի խոշոր գծերը և նա արհամարհանքով պատասխանեց.

Ռշտունյաց լեռներում մի քար չկա, որ Մալխասը չճանաչե, տեր իմ:

Իսկ Աղթամար կղզում եղե՞լ ես:

Մի քանի անգամ:

Որքա՞ն ժամանակում կարող ես հասնել այնտեղ:

Շինականը րոպեական մտածությունից հետո ասաց.

Այդ իմ տիրոջ կամքիցն է կախված, եթե շուտ է հարկավոր, ես գիշերը ցերեկ կդարձնեմ և երկու օրում կհասնեմ:

Շուտ է հարկավոր... ասաց Սամվելը և յուր թղթերի պահարանից դուրս բերեց մի նամակ, որ այն առավոտ գրած, պատրաստած ուներ: Նամակը հանձնեց նրան, ասելով.

Այդ նամակը, որքան կարելի է, շուտ, կհասցնես Ռշտունյաց Գարեգին իշխանին:

Մալխասը ընդունեց նամակը և խնամքով թաքցրեց յուր գլխի ապարոշի փաթոթի մեջ:

Էլ ուրիշ հրաման չո՞ւնի իմ տերը, հարցրեց նա:

Ուրիշ ոչինչ: Բարի ճանապարհ եմ ցանկանում:

Նա խոնարհությամբ գլուխ տվեց և հեռացավ:

Նախասենյակի դռան մոտ սպասում էր Հուսիկը: Նա այդ օտարականին որպես աննկատելի կերպով ներս էր բերել, նույնպես աննկատելի կերպով դուրս հանեց ամրոցից:

Այդ համարձակ, անձնավստահ տղամարդը նույն շինականն էր, որին մի օր առաջ հանդիպեց Սամվելը ճանապարհի վրա Աշտիշատի վանքը գնալու ժամանակ: Նամակը տարավ նա Ռշտունյաց Գարեգին իշխանին, որի Աշխեն անունը դուստրը Սամվելի սիրո և քաղցր մտածությունների առարկան էր: Իսկ նրա մոր ատելության չար հրեշտակը...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սամվել"

Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат

Вардананк
Вардананк
Играть онлайн