Раффи

Սամվել

1 - Ը, Թ

Ը

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Կապարճը թիկունքին, աղեղը ուսին, երկար նիզակը ձեռին, նստած յուր սիրուն կարմիրի վրա, գնում էր Սամվելը այն ճանապարհով, որ տանում էր Ողական ամրոցից դեպի Աշտիշատի վանքը: Ուրախ նժույգը խաղում էր, ոստյուններ էր գործում, կրծոտում էր յուր սանձը, և մի քանի րոպեում նրա բերանը պատվեցավ սպիտակ փրփուրով: Բայց շուտով մեղմացավ նա, կարծես մի առանձին տխրությամբ զգալով, թե ինչո՜ւ յուր տերը չէ պատասխանում յուր զվարճություններին: Ամեն անգամ, երբ պատահում էր նրան` յուր տիրոջ հետ որսորդության գնալ, նա հազարումեկ փաղաքշանքով խրախուսում էր, քաջալերում էր նրան: Բայց այսօր ինչո՞ւ նա այնպես լուռ էր, ինչո՞ւ ոչինչ չէր խոսում: Այդ էր, որ տխրացրեց խելացի անասունին:

Նրա պչրանքից ոչինչ պակաս չէր, որ պատճառ տար վշտանալու նրան: Գլուխը զարդարած էր փոքրիկ, վարդագույն փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոճակների մեջ: Պարանոցին կպած ուներ նույնպես արծաթյա փողապատը (ռաշմա), որի փոքրիկ փուլիկները, գլխի ամեն մի շարժման միջոցին, ախորժելի ձայներ էին հանում: Իսկ պարանոցի ներքին մասը զարդարած էր գույնզգույն հուլունքներով շարած մանյակով, որ վերջանում էր եռանկյունաձև թալիսմանով, որ ընկած էր ուղիղ լայն կուրծքի վրա: Այդ ապահովացնում էր նրա կյանքը չար աչքից կամ չար պատահարից: Ասպանդակները և թամբի ղաշը շինված էին զուտ արծաթից, իսկ ամբողջ թամբը պատած էր ընձու մորթով:

Երկու միագույն բարակներ, թանկագին վզկապներով, վազում էին իշխանի առջևից, իսկ ետևից գալիս էին երկու զինակիրներ, որոնց յուրաքանչյուրի ձեռքի վրա նստած էր մի մի բազե:

Զինակիրները նույնպես զարմանում էին իշխանի լռության վրա, նկատելով, որ նա խորին ինքնամոռացության մեջ քշում էր յուր ձին, առանց հետաքրքրվելու յուր շրջակայքով, առանց հետաքրքրվելու և զանազան երեներով, որ ճանապարհին հաճախ հանդիպում էին նրանց: Ճանապարհը գնում էր մի ձորի միջով, որի աջ ու ձախ կողմերի լեռները պատած էին խիտ անտառով: Արևի պայծառ ճառագայթնեըը չէին թափանցում ծառերի սաղարթախիտ ոստերի միջով, որոնք, ճանապարհի երկու կողմից մոտենալով, գրկվել էին, հյուսվել էին միմյանց հետ և կազմել էին մի կենդանի, կանաչազարդ կամար: Տեղ-տեղ լայնանում էր ձորը և նրանց առջև բացվում էին կանաչ, թավիշապատ մարգեր, սփռված գույնզգույն ծաղիկներով:

Քա՛ղցր էր թռչունների վաղորդյան աղմուկը, քա՛ղցր էր տերևների մեղմ սոսափյունը, և ավելի քաղցր մրմնջում էր լեռնային գետակը, որ շտապով վազում էր թփապատ ափերի միջով: Ամեն ինչ ազդում էր բերկրություն, ամեն ինչ շնչում էր կյանք և ուրախություն, միայն Սամվելի սիրտը ալեկոծվում էր խորին դառնությամբ: Քանի որ մտաբերում էր նա գալոց աղետները, չարիքը յուր բոլոր ընդարձակությամբ մեծանում էր նրա աչքում: «Ո՜վ գիտե, մտածում էր նա, գուցե շուտով կհասնի այն օրը, որ այդ գեղեցիկ անտառների խաղաղությունը կվրդովվի անհնարին խռովությամբ, մահվան հոտ կբուրե այդ սիրուն ծաղիկների անուշհոտության փոխարեն, և հարազատը հարազատի արյունով կներկե այդ կանաչազարդ հովիտները... »:

Կարծես երեներն ևս հասկանում էին, որ Սամվելը այսօր իրանց հետ գործ չպիտի ունենա, և ազատ, համարձակ անցնում էին նրա աչքերի առջևից: Ահա՜ խորամանկ վիթը կայծակի արագությամբ դուրս պրծավ գետեզերքի թուփերի միջից, կտրեց ճանապարհը և, մտնելով ծառերի մեջ, ցատկեց մամռապատ ապառաժի գլխին և այնտեղից հեգնական հայացքով սկսեց նայել իշխանի վրա: Բարակները նկատեցին նրա հանդգնությունը և հարցական դեմքով դարձան դեպի իրանց տերը: Երբ ոչինչ հրահանգ չստացան, վշտացած կերպով շարունակեցին իրանց թեթև գնացքը: Ահա՜ կաքավների աղմկալի երամը սրաթռիչ թևքերով խռովեց տիրող լռությունը: Մույգ-կապտագույն փոթորկի նման, շատ մոտից անցավ նաև մի ակնթարթում անհետացավ մերձակա ժայռերի մեջ: Բազեները, որ մինչև այդ րոպեն խաղաղ թառած էին զինակիրների ձեռքի վրա, տեսնելով այդ կարմրակտուց և կարմրոտիկ թռչունների համարձակությունը, իրանց լայն, սրածայր թևքերը թափահարեցին և, խիստ զայրագին թռիչք գործելով, կամենում էին իսկույն հետամուտ լինել: Բայց նրանց ոտքերից կապած մետաքսյա նարոտը թույլ չտվեց հարձակում գործել:

Արևը բավական բարձրացել էր. անտառի մեջ տիրում էր ախորժելի ջերմություն: Նախորդ օրվա հորդ անձրևից ծառերը լվացվել էին, մաքրվել էին և սքանչելի պչրանքով` փայլում էին իրանց կոկիկ տերևներով: Խոտերը ավելի կենդանի գույն էին ստացել, իսկ կանաչ մամուռը ավելի աճել էր և, փափուկ գորգի նման, ծածկում էր ծառերի, ժայռերի մերկությունը:

Անձրևը այդ անտառներում սաստիկ բարկացնում էր շինական կանանց: Նա լվանում էր տերևներից շաքարը, որ բնությունը դնում էր նրանց վրա: Նա ոչնչացնում էր երկնքի աստվածապարգև մանանան: Բայց այս անգամ նրանք վաղօրոք հավաքած ունեին իրանց պաշարը: Ահա այստեղ և այնտեղ ծառերի միջից երևում են փոքրիկ, ժամանակավոր տաղավարներ, հյուսած թարմ ոստերից: Նրանց մոտ մուխ է բարձրանում և դանդաղ, համրընթաց ամպիկներով տարածվում է օդի մեջ: Գեղջկուհի կարմրաշապիկ աղջիկները, կարմրաքող հարսիկները, նախշուն թիթեռների նման, ժիր կերպով պտտվում են կրակի շուրջը: Կրակի վրա եփ է գալիս մի մեծ կաթսա: Նրա մեջ լցնում են շաքարապատ տերևները, շաքարը լուծվում է ջրի մեջ, հետո տերևները դուրս են ածում, իսկ մնացած ջուրը եփ տալով` թանձրացնում են, և այդպես պատրաստում են բուսական մեղր կամ ռուփ: Բայց ավելի քնքուշ տերևները, որոնց վրա շաքարն ավելի հաստ խավ է կապել, ընտրում են, և այնպես դարսում են միմյանց վրա, հուպ են տալիս, պատրաստելով այն անուշահամ և անուշահոտ քաղցրավենիքը, որ կոչվում է գազպեն: Այդ առատությունները շինականներին խիստ բարերար կերակուր են մատակարարում, մանավանդ ձմեռային պահոց օրերում:

Սամվելն անցավ այդ տաղավարներից մեկի մոտով: Նկատելով իշխանին, մոտ վազեց մի մանկահասակ աղջիկ: Եթե այդ անտառների անմահ պարիկները նրա նման կարմիր շապիկ հագնեին, եթե նրա նման ծիածանի գույներով գոտի կապեին, և եթե իրանց գլխի երկար հյուսերը նրա նման պսակաձև կապեին ճակատի վրա, դարձյալ չէին կարող այնքան սիրուն և այնքան գրավիչ լինել, որպես այդ անմեղ գեղջկուհին: Տեսնելով նրան, Սամվելը ձիու գլուխը պահեց: Աղջիկը ամոթխած դեմքով մոտեցավ և ձեռքը մեկնելով, ասաց.

Թող իմ տերը քաղցրացնե յուր բերանը:

Սամվելը ընդունեց գեղջկուհու ձեռքից գազպեի պլիթը, որ բոլորակ կարկանդակի ձև ուներ, և ճաշակեց հարցնելով.

Այդ քո՞ պատրաստածն է:

Պատասխանի փոխարեն մանուկ աղջկա դեմքի վրա փայլեց մի քաղցր ժպիտ:

Սամվելը ընծայեց նրան մի քանի արծաթյա դրամներ, ասելով.

Որովհետև դու այդպիսի շնորհալի աղջիկ ես և այդպես լավ գազպե ես պատրաստում, ահա՜ քեզ:

Աղջիկը դժվարությամբ ընդունեց նվերը և, գլուխ տալով, վազեց յուր ընկերուհիների մոտ:

Տեղային սովորության համեմատ, այդ հյուրասիրությունը նրանք ցույց էին տալիս ամեն մի ճանապարհորդի, որոնց պատահում էր անցնել նրանց տաղավարի մոտով:

Սամվելը բաժանեց ստացած նվերը յուր զինակիրներին:

Որքան արևը բարձրանում էր, այնքան ճանապարհի անցուդարձը ավելի կենդանություն էր ստանում, այնքան հաճախ պատահում էին քաղաքացիք, շինականներ, որոնք գնում էին դեպի զանազան կողմեր: Քաղաքացիք նստած էին ձիաների կամ ջորիների վրա, իսկ գյուղացիք գնում էին ոտով: Ոտով գնացողները, հենց որ տեսնում էին իշխանին, քաշվում էին ճանապարհի մի եզրում, կանգնում էին և, երբ նա մոտենում էր, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և այնքան սպասում էին, մինչև անցնում էր: Սամվելը բոլորի համար խոսք ուներ, բոլորին ողջունում էր և բոլորի առողջությունը հարցնում էր: Իսկ ձիաների կամ ջորիների վրա նստածները ցած էին իջնում երիվարներից, նույնպես դուրս էին գալիս ճանապարհից և խոնարհ դեմքով կանգնում էին իրանց գրաստների կողքին, երբ նա մոտենում էր, գլուխ էին տալիս: Այդ սովորությունը սաստիկ ատում էր Սամվելը, և այդ էր պատճառը, որ նա հեռվից ձեռքով նշան էր տալիս, որ չանհանգստացնեն իրանց: Բայց նրանք չէին դադարում արժանավոր հարգանքը մատուցանել իրանց երիտասարդ իշխանին:

Սամվելը շատ սիրված էր ժողովրդից: Նրա քաղցր ու մեղմ բնավորությունը, նրա անսահման գութն ու բարությունը` թե դեպի շինականը և թե դեպի քաղաքացին` նրա անձը պաշտելի էին կացուցել: Նա չուներ ուրիշ նախարարական տների մեծամիտ երիտասարդների ոչ անգթությունը, և ոչ արհամարհանքը, որոնց աչքում իրանց ազնվարյուն նժույգը, շունը, բազեն ավելի արժանավորություն ունեին, քան թե ռամիկը: Այդ էր պատճառը, որ շինականների մեջ մի տեսակ օտարոտի կարծիք էր կազմվել Սամվելի մասին. «Կարծես իշխան չլինի: ասում էին նրանք, ոչ ծեծում է և ոչ հայհոյում է»:

Դուրս գալով ձորից, ճանապարհը թեքվեցավ դեպի լեռնային զառիվայրը, և այստեղից բացվեցավ Սամվելի առջև Մուշի լայնածավալ դաշտը: Ներքևում, մթին, նվիրական ծառաստանի միջից, հազիվ երևում էին Աշտիշատի վանքի բարձր գմբեթները, իսկ վանքի մոտ տարածվում էր համանուն ավանը, որ ավելի մի փոքրիկ քաղաքի տպավորություն էր գործում: Այդ ավանը Մամիկոնյանների սեփականությունն էր:

Մի մարդ, երկար գերանդին ուսին դրած, դանդաղ քայլերով առջևից գնում էր դեպի ավանը: Նա եղանակում էր մի երգ, որի բառերը կլանվում էին զգացմունքի և ուրախ հնչյունների խորին հոսանքի մեջ: Նա այն աստիճան գրավված էր յուր երգով, որ բնավ չէր լսում յուր ետևից տրոփող սմբակների ձայնը, մինչև Սամվելը կոչեց նրան.

Մալխա՜ս ...

Գյուղացին ետ նայեց և, տեսնելով իշխանին, ուրախ դեմքով մոտեցավ, մտերմաբար բռնեց նժույգի սանձից և կանգնեց նրա մոտ: Նրա այրական դեմքը, ամուր ազմվածքը արտահայտում էին մի անվաստակելի բնավորություն:

Դու ինձ պետք ես, Մալխաս, ասաց Սամվելը:

Քո ծառան ահա յուր տիրոջ սպասումն է, պատասխանեց գյուղացին:

Այժմ ոչ, էգուց երեկոյան կգաս ամրոցը, ուղիղ ինձ մոտ:

Գյուղացին ի նշան յուր խոնարհության, գլուխը շարժեց:

Սամվելը անցավ: Գյուղացին դարձյալ շարունակեց յուր երգը:

Որսորդության պատրվակով դուրս գալով ամրոցից, այսօր թեև Սամվելը ոչինչ չորսաց, բայց նա պատահմամբ որսաց մի մարդ, որ իրան հարկավոր էր:

Թ

ԱՇՏԻՇԱՏԻ ՎԱՆՔԸ

Տարո՛ն, սրբավայր կրոնի և աստվածապաշտության: Տարո՛ն, բնագավառ հայոց աստվածների և աստվածուհիների: Ահա՜ կրկին երևաց վեհափառ Արածանին հայոց սրբազան Գանգեսը: Յոթանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ ազատ, համարձակ արածում էին սպիտակ արջառները, որ նվիրված էին Անահտա տաճարին: Յոթանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ զբոսնում էին հայոց դիցուհու եղջերուները, որոնց պարանոցները զարդարած էին ոսկյա օղամանյակներով: Այդ գետի ափերի մոտ մի ժամանակ տեսավ նրանց Լուկուլլոս հռովմայեցին և սքանչացավ:

Սամվելի աչքի առջևն էր այդ գետը: Սամվելն անցնում էր Քարքեի վրայով: Դեռ վաղեմի դիցանվեր անտառները հովանավորում էին այդ լեռան գեղեցիկ բարձրավանդակները: Եվ Սամվելի տխուր հիշողությունները թռչում էին դեպի անցյալը, դեպի ոչ այնքան հեռավոր անցյալը: Այդ անտառների մթության մեջ, այդ սքանչելի բարձրավանդակների վրա, կանգնած էին հայոց Հաշտից տաճարները: Այնտեղ Հայաստանը հաշտության զոհեր էր մատուցանում յուր աստվածներին: Կարծես, Սամվելը հենց այդ րոպեում տեսնում էր «Վիշապաքաղ» Վահագնի տաճարը քաջության աստծո տաճարը, որ լցված էր հայոց թագավորների գանձերով: Նրա մոտ բարձրանում էր «Վահագնի սենյակը», որի մեջ կանգնած էր հայոց անպարտելի դյուցազնի գեղեցկուհին «ոսկեձույլ» Աստղիկը: Տեսնում էր և «ոսկեմայր-ոսկեծին» Անահտի տաճարը, որի մայրական խնամակալության ներքո Հայաստանը մի ժամանակ վայելում էր փառք և կենդանություն:

Այդ երեք մեծագանձ տաճարների խումբը ներկայացնում էր հայոց «Հաշտից տեղերը»:

Այնտեղ, հայոց տարեմուտին, Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր ընդհանրական աշխարհախումբ տոնակատարությունը: Հայտնվում էր հայոց արքան, հայտնվում էր հայոց մեծ քրմապետը, հայտնվում էին և հայոց նախարարները: Արքան յուր ձեռքով բաց էր անում զոհաբերության մեծ հանդեսը, հարյուր սպիտակ ցուլ, ոսկեզօծ եղջյուրներով, զոհ մատուցանելով յուր աստվածներին: Նրա օրինակին հետևում էին բոլոր մեծամեծները:

Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք: Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հառաջադիմության պտուղները: Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը` արհեստ, իսկ Աստղիկը` սեր և բանաստեղծություն:

Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ: Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը` յուր գեղարվեստի արդյունքը: Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը քաջի հետ և մարդը` կատաղի ցուլի կամ գազանի հետ: Լինում էին արշավանքներ` ձիաներով, կառքերով, կամ ոտով` արագավազ եղջերուների հետ: Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը: Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:

Նոր տարին բերում էր յուրր հետ և նոր կյանք: Հին տարին անցնում էր: Պետք էր քավել հին մեղքերը և նորոգված մաքրությամբ մտնել նոր կյանքի մեջ: Կատարվում էր ընդհանրական մկրտությանը: Մեծ քրմապետը առնում էր Արածանիի ալիքներից սուրբ ջուրը և ոսկյա ցնցուղով սրսկում էր բազմության վրա: Նրա օրինակին հետևում էին բոլոր ուխտավորները, ամենքը միմյանց վրա ջուր էին սրսկում: Այդ միջոցին օդը լցվում էր միլիոնավոր սպիտակ աղավնիների բազմությամբ: Յուրաքանչյուր ուխտավոր մի-մի աղավնի էր թռցնում: Եվ սիրո աստվածուհու (Աստղկա) նվիրական թռչունները, մաքուր, անբիծ, որպես սիրո անարատ ոգիներ, սավառնում էին, սլանում էին, ճախր էին առնում նրա սպիտակ մարմարիոնյա տաճարի շուրջը:

Զո՛հ, ջո՛ւր և աղավնի՛. որքան մեծ խորհուրդ կա ձեր մեջ: Հաշտության, քավության և սիրո սուրբ խորհուրդը:

Ամեն տարեմուտի սկզբում, Նավասարդ ամսում, Վարդավառի տոնախմբության ժամանակ, Հայաստանը այդ հաշտությունը կատարում էր յուր «Հաշտից տեղերում», Քարքեի բարձրությունների վրա, յուր աշխարհախումբ զոհաբերության արյունով: Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր այդ քավությունը, մկրտվելով Արածանիի սուրբ ջրով: Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր և սիրո այդ սուրբ խորհուրդը, Աստղկա տաճարին աղավնիներ ձոնելով:

Բայց այդ ավանդությունը շատ հին էր, և ավելի հին, քան թե ժամանակների սկիզբը:

Երբ աստված մաքրեց մեղավոր երկիրը ջրհեղեղով, այդ համաշխարհական մկրտությունից հետո հայոց Նոյ նահապետը առաջինը եղավ, որ Նավասարդի սկզբում Արարատ լեռան գագաթից թռցրեց աստվածային սիրո ավետաբեր աղավնին: Հետո, դուրս գալով տապանից, նույն լեռան ստորոտում մատույց հաշտության առաջին զոհը: Ծերունի նահապետի ավանդապահ որդին, Սեմը, Արարատից գալով Տարոն և բնակվելով Սիմ լեռան ստորոտում նվիրագործեց խորհրդավոր ավանդությունը:

Անցան դարեր, անթվելի շատ դարեր, այդ ավանդությունը կատարվում էր հայոց աշխարհում, մինչև նույն աղավնին հայտնվեցավ Հորդանանի ջրերի վրա:

Նույն ավանդությունը սրբագործեց հեթանոս Հայաստանը Վարդավառի տոնախմբությամբ: Նույն ավանդությունը սրբագործեց և քրիստոնյա Հայաստանը դարձյալ Վարդավառի տոնախմբությամբ:

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլորն անցնում էր նրա մտքից, որպես ազգային անմոռանալի հիշողություն:

Այն օրից, երբ Սամվելը գնում էր Աշտիշատի վանքը, յոթանասուն տարի առաջ, երկու սպիտակ ջորիներ Տարոնի միջով տանում էին մի ծածկված կառք: Հայոց երկրի վեց նշանավոր իշխաններ, ձիաների վրա նստած, շրջապատել էին այդ կառքը: Դրանք էին` Հաշտենից իշխանը, Արծրունյաց իշխանը, Անձևացյաց իշխանը, Անգեղ տան իշխանը, Սյունյաց իշխանը և Մոգաց իշխանը: Կառքի ճակատին, որպես սրբազան դրոշակ, փայլում էր մի արծաթյա խաչ: Նրա առջևից գնում էր Հայաստանի Լուսավորիչը, երեսը սև և անթափանցիկ քողով ծածկած: Իսկ ետևից գալիս էին վեց իշխանների զորքերը` թվով 5080 հոգի: Այդ քրիստոնեական հոգևոր զինվորությունը` խորին սրբազան ոգևորությամբ անցնում էր Տարոնի միջով, և որտեղից անցնում էր, թողնում էր հեթանոս շրջակայքի վրա ահ և սարսափ: Կառքը տանում էր յուր մեջ այն սրբությունները, որ Լուսավորիչը բերել էր յուր հետ Կեսարիայից:

Դեռ առավոտը նոր էր լուսանում, երբ կառքը անցավ Արածանին և մոտեցավ Քարքեի բարձրություններին: Այստեղ երկու սպիտակ ջորիները կանգ առին և այլևս առաջ չգնացին:

Բայց կառքի մերձենալը ահեղ սոսկումով ազդեց լեռների վրա և դիցանվեր անտառի խաղաղությունը վրդովվեցավ: Հայոց տոհմային աստվածները զազրացան և կատաղած քուրմերը խումբերով դուրս վազեցին տաճարներից: Մի քանի ժամվա մեջ Արձան քրմապետի, նրա որդի Դեմետրեի և Մեսակես քրմապետի դրոշի տակ հավաքվեցան 6946 հոգի, որոնք բոլորը քուրմեր և մեհյանների պաշտոնյաներ էին: Սկսվեցավ արյունահեղ կռիվը քրիստոնեության և հեթանոսության կռիվը:

Սրբազան անտառի խորքերից, որպես մի հսկայական մրջնանոցի միջից, դուրս խուժեց թաքնված զորությունը և բռնեց լեռների բոլոր անցքերը ու բոլոր բարձր դիրքերը: Արձան քրմապետը զինված էր, զինված էր և նրա որդին: Հայր և որդի դա՜ռն և նախատական խոսքերով մենամարտության էին հրավիրում հայոց իշխաններին, որ կռվում էին հայրենի աստվածների դեմ: Շուտով քուրմերն այնպիսի նեղ դրության մեջ դրեցին հայոց իշխաններին, որ Մոգաց իշխանը ստիպված եղավ Լուսավորչին փախցնել Մամիկոնյանների Ողական ամրոցը, որ թշնամու ձեռքը չընկնի: Փախչելու միջոցին Լուսավորիչը յուր Կեսարիայից բերած սրբությունները թաքցրեց անտառի մեջ, մի անհայտ տեղում:

Կռիվը տևեց մի քանի օր և մի քանի շաբաթ, մինչև հայոց իշխանները նոր զորություն ստացան: Հաղթությունը մնաց քրիստոնեության կողմը: Արձան քրմապետը, նրա որդի Դեմետրեն և Մեսակես քրմապետը ընկան պատերազմի դաշտում, սուրը ձեռքում, հերոսի պես: Ընկան քուրմերից և 1038 քաջեր: Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան... Հայոց արհեստի և ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ... Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ:

Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմունքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավատը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածները դրանք դեռ մնում էին և մնացին շատ դարեր այդ կործանումից հետո: Սուրը և հուրը չկարողացան ոչնչացնել նրանց: Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին:

Դրանք այն տաճարներն էին, որտեղ Նավասարդի սկզբում կատարվում էր Վարդավառի աշխարհախումբ տոնախմբությունը: Այդ տոնախմբությունը հեթանոսական դարերում կատարվում էր տարվա մեջ յոթն անգամ, և ամեն անգամին թե թագավորը, և թե մեծ քրմապետը ներկա էին գտնվում:

Լուսավորիչը նույն տաճարների տեղում հիմնեց առաջին սրբության սեղանը և Հայաստանի առաջին Մայր եկեղեցին, որ, պահպանելով յուր հին անունը, կոչվում էր Աշտիշատի վանք: Վարդավառի տոնախմբությունը փոխեց Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնախմբությունով: Բայց «Վարդավառի» նախնական սովորությունները մնացին: Դարձյալ տարին յոթն անգամ հայտնվում էր այնտեղ հայոց քրիստոնյա թագավորը յուր նախարարների և հայոց մեծ քահանայապետի հետ և բաց էին անում Աշտիշատի վանքի աշխարհախումբ տոնախմբության հանդեսը: Դարձյալ զոհեր էին մատուցանում, աղավնիներ էին թռցնում և ջուր էին սրսկում միմյանց վրա: Դարձյալ կատարվում էին նույն խաղերը, նույն մրցությունները և նույն պարգևաբաշխությունները, որ լինում էին հեթանոսական դարերում: Դարձյալ նույն վարդերը, որ մի ժամանակ զարդարում էին Աստղկա տաճարը, հետո նույնպես զարդարում էին Աշտիշատի վանքի սուրբ սեղանը: Եվ այդ տոնը դարձյալ կատարվում էր նավասարդ ամսի սկզբում և կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլոր հանդեսներին մասնակցել էր նա: Ոչ սակավ անգամ` խաղերի կամ մրցությունների ժամանակ` ստացել էր նա առաջին մրցանակը: Ոչ սակավ անգամ հայոց թագավորը համբուրել էր նրա ճակատը, կատարած քաջությունը տեսնելով:

Իսկ այժմ ներկայանում էր մի նոր կրոնական պատերազմ: Արդյոք ինչպե ս կմասնակցեր այդ պատերազմին ժողովուրդը, այն, ժողովուրդը, որ տակավին մնացել էր յուր հին, ավանդական նախապաշարմունքների մեջ: Այդ միտքը սարսափեցնում էր Սամվելին, երբ նա ցած իջավ ձիուց և ոտք դրեց Աշտիշատի վանքի սյամի վրա:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սամվել"

Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Вардананк
Вардананк
Играть онлайн