Раффи

Սամվել

1 - Ժ, ԺԱ

Ժ

ԵՐԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒԺԵՐ

Աշտիշատի վանքի խուցերից մեկում, գիշերային այն պահուն, երբ բոլոր միաբանները քնած էին, ընդարձակ թախտի վրա նստել էին երեք երիտասարդներ: Պղնձյա աշտանակի վրա վառվում էր ձիթային ճրագը և յուր գունաթափ լուսով լուսավորում էր այդ երեք բազմահոգ դեմքերը: Երեքն էլ լուռ էին, յուրաքանչյուրը խորասուզված էր յուր մեջ: Երեքի դեմքերից ևս երևում էր, որ այդ լռությունը մի տեսակ զինադուլ էր, որ փոքր-ինչ շունչ առնեն, հանգստանան, որպեսզի նորից շարունակեն ընդհատված վիճաբանությունը:

Երիտասարդներից մեկը` հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ դեմքով մի տղամարդ էր, որի կերպարանքի մեջ մեծությունը այն աստիճան սերտ ներդաշնակություն էր կազմում վայելչության հետ, որ ներկայացնում էր գեղեցկությունը յուր վսեմ, այրական ձևի մեջ: Երկրորդը, ընդհակառակն, ավելի կարճահասակ կարելի էր համարել, քան թե միջահասակ, և ավելի նրբակազմ, քան թե հաղթանդամ: Իսկ այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը, կարծես, սխալմամբ դրել էր մի շնորհալի գլուխ, որին մի հարուստ, հոյակապ մարմին ավելի պատշաճ կլիներ: Կրակոտ աչքերի մեջ նշմարվում էր եռանդ և դյուրաբորբոք բնավորություն:

Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը` Մեսրոպ Մաշտոցը: Իսկ երրորդը` Սամվելը:

Սահակ Պարթևը Հայաստանի հզոր քահանայապետի` Ներսես Մեծի որդին էր: Մանկության հասակում, վերջացնելով յուր ուսումը Կեսարիայում և ,,ծանոթանալով հույն և ասորի լեզուների հետ, հետո գնաց Կ. Պոլիս, այնտեղ ավելի կատարելագործվեցավ հելլենական կրթության մեջ, սովորելով փիլիսոփայություն, երաժշտություն, և ծանոթանալով հույն բանաստեղծների հետ Կ. Պոլսում ամուսնացավ նա: Վերադառնալով յուր հայրենիքը, որպես երիտասարդական հասակում նրա հայրը, այնպես էլ և ինքը զանազան զինվորական պաշտոններ էր վարում, բնավ չմտածելով, թե մի օր հայոց հայրապետական աթոռի ժառանգորդը պետք է լինի: Սկսյալ այն օրից, երբ հայոց հայրապետական տունը սկսեց խնամություն անել արքունիքի և մեծ նախարարությանց տների հետ, նա յուր որդիների հոգևոր կրթության հետ միացրեց և զինվորական կրթությունը: Եվ այդ անհրաժեշտ էր, որովհետև Հայաստանի քահանայապետը ներկայացնում էր` միևնույն ժամանակ և Հայաստանի ամենաբարձր պետական անձը: Նա տիրոջ սուրբ սեղանի վրա պատարագ էր մատուցանում, բայց հարկը պահանջած ժամանակ առաջնորդում էր զորքին դեպի պատերազմ: Նա եկեղեցու բեմից քարոզում էր յուր ժողովրդին աստուծո խոսքը, բայց հարկը պահանջած ժամանակ` թագավորների հետ բանակցություններ էր անում յուր հայրենիքի գործերի վերաբերությամբ:

Սահակ Պարթևը գործով եկած էր Աշտիշատի վանքը և այնտեղ պատահմամբ տեսավ Սամվելին: Սամվելը գիտեր, որ նա անցնելու է Տարոնով, բայց չէր սպասում, որ այսօր կհանդիպեր նրան Աշտիշատի վանքում: Երկու ամիս առաջ, Մեսրոպի հետ, նա դուրս էր եկել այցելություններ անելու յուր հայրենական կալվածներին, որոնք սկսյալ Արարատից, զանազան գավառներում, տարածվում էին մինչև Տարոն: Հայրապետական հարուստ տունը ուներ այնքան շատ կալվածներ, գյուղեր և ավաններ, որքան չուներ մի մեծ նախարար:

Մեսրոպը բնիկ տարոնեցի (մշեցի) էր` Հացիկ կոչված ավանից, Վարդան անունով մի ազնվականի որդի: Նրա հայրենական ավանը կես օրվա ճանապարհով միայն հեռու էր Աշտիշատի վանքից: Այդ աշխույժ, եռանդով լի երիտասարդը, սկսյալ մանկությունից, նվիրել էր իրան ուսման և գիտության. սովորեց հունաց, ասորաց, պարսից լեզուները և այն բոլոր գիտությունները, որ հայտնի էին յուր ժամանակում: Որպես ազնվական, նա վարժված էր և զինվորական կրթության մեջ: Վաղարշապատի արքունիքում նա զանազան պաշտոններ էր կատարել, մի ժամանակ որպես զինվորական, մի ժամանակ որպես դիվանագիր: Իսկ հետո թողեց արքունիքը և Ներսես Մեծի հայրապետանոցում նոտարի պաշտոն էր կատարում:

Նրանք նստած էին այն սենյակում, որի կից սենյակը մի շատ տխուր հիշատակով կապված էր Սահակի տոհմային պատմության հետ...

Սահակը հագնված էր այնպես շքեղ, այնպես թանկագին զարդարանքներով, որպես հագնվում է մի մեծ արքայազն իշխան: Նա նստած էր ծալապատիկ և ոսկյա քամարից քարշ ընկած ոսկեպատյան սուրը դրած ուներ ծնկների վրա: Նրա մոտ նստած էր Սամվելը, իսկ նրանց հանդեպ` Մեսրոպը:

Սամվելն արդեն հայտնել էր նրանց Տիզբոնից ստացված աղետալի տեղեկությունները, հայտնել էր յուր հոր ու Մերուժանի չար դիտավորությունները, և այդ էր նրանց վիճաբանության առարկան, թե ի՞նչ միջոցներով կարելի էր մոտալուտ վտանգների առաջն առնել: Հայրենիքի վերահաս դժբախտությունը այն աստիճան հուզել էր այդ երեք երիտասարդ սրտերը, որ նրանք մինչև անգամ մոռացել էին ամեն չափ, ամեն պատշաճ, որ վերաբերում էր միմյանց անձնավորությանը:

Վտանգը ավելի մեծ է, քան թե երբեք եղել է, ընդհատեց Մեսրոպը տիրող լռությունը: Մենք ճաշակում ենք մեր հին սխալների դառն պտուղները...

Ի՞նչ սխալներ, հարցրեց Սահակը:

Այն մեծ սխալները, որ գործեցին քո մեծ պապերը, Սահա՜կ...

Վերջին խոսքը այնպիսի մաղձոտ ձաչնով արտասանեց փոքրիկ երիտասարդը, որ նետի նման ցցվեցավ մեծափառ Պարթևի սրտում: Նրա մեջ եփ եկավ քահանայապետական և արքայական արյունը, և խոշոր աչքերի մեջ վառվեցավ բարկության կրակը: Նա մի անսովոր շարժում գործեց: Այդ միջոցին փոքրիկ երիտասարդը ձեռքը տարավ դեպի արծաթյա քամարը, որից քարշ էր ընկած մի կարճ սուսեր:

Սահակը զսպեց յուր վրդովմունքը և զայրացած կերպով հարցրեց (նրա ձայըր խոսելու միջոցին որոտում էր).

Դու՜ այդ իմ պապերի սխա՞լն ես համարում, Մեսրոպ, որ նրանք բարբարոս Հայաստանը հեթանոսական տղմից հանեցին և քրիստոնեական լույսի մեջ դրեցին:

Ես այդ քո պապերի սխալը չեմ համարում, պատասխանեց Մեսրոպը մի այնպիսի մեղմությամբ, որ ավելի վիրավորական էր: Բայց ասա՜ ինձ, Սահակ, ի՞նչ էր այդ լույսը առաջ, և ի՞նչ է նա այժմ: Արդյոք նա դուրս եկա՞վ վանքերի շրջապարիսպներից, արդյոք նա մտա՞վ շինականի մռայլ խրճիթը: Եվ չէր էլ կարող մտնել: Ի՞նչ միջոցով կարող էր մտնել: Այն օրից, որ այդ բոլորը բերեցին Հայաստան, անցել է համարյա մի դար: Բայց մինչև այսօր մեր եկեղեցիներում սուրբ գիրքը կարդում են հունաց և ասորաց լեզուներով, մինչև այսօր մեր եկեղեցիներում աղոթում են օտար լեզուներով: Ո՞ր գյուղացին, ո՞ր քաղաքացին, ո՞ր հայը հասկանում է այդ լեզուները: Եվ այդ դրության մեջ` ի՞նչ լույս, ի՞նչ բարոյական կամ հոգևոր ուղղություն կարող էր տալ եկեղեցին ժողովրդին, երբ նա տեսնում է միայն, ծեսեր և լսում է իրան անհասկանալի ձայներ:

Դու կարծում ես, որ ժողովուրդը սակա՞վ օգտվեցավ դրանից, Մեսրոպ:

Օգտվեցանք մենք, և ոչ թե ժողովուրդը: Դու, ես և այդ նազելի երիտասարդը, որ լուռ նստած է այստեղ, նա ձեռքը տարավ դեպի Սամվելը, մենք ամենքս հունական կամ ասորական կրթության արդյունք ենք, այո՜, փչացնո՛ղ և ամեն ազգային զգացմունք սպանո՛ղ բյուզանդականության արդյունք: Բայց ի՞նչ է խեղճ ժողովուրդը: Նա հինը կորցրեց և նորի`մեջ ոչինչ չգտավ...

Շա՜տ բան գտավ, Մեսրոպ:

Ոչինչ չգտավ, Սահակ: Դու մոռացե՞լ ես, երբ քո սուրբ Վրթանես պապը` հենց այդ Աշտիշատի վանքի տաճարի մեջ հունաց լեզվով պատարագ էր մատուցանում, հանկարծ երկու հազար հոգի պաշարեցին վանքը, կամենում էին քարկոծ առնել նրան: Տաճարի ամրությունը հազիվ կարողացավ ազատել նրան կատաղի խուժանի բարկությունից: Դու մոռացե՞լ ես, Սահակ, երբ քո Պապ և Աթանագինես հայրերը` դարձյալ այդ Աշտիշատի վանքում` նստած էին խրախության սեղանի շուրջը, հանկարծ մեկը` հրեշտակի նման` սուրը ձեռին ներս նետվեցավ և երկուսին ևս խողխողեց նստած տեղում: Ամիսներով նրանց դիակները մնացին այնտեղ անթաղ, և ոչ ոք խուժանի երկյուղից չէր համարձակվում մոտենալ: Ահա այդ սենյակում կատարվեցավ հայտնի եղեռնագործությունը...

Նա ձեռքը տարավ դեպի կից դահլիճը, որ վանքի եպիսկոպոսարանն էր, և շարունակեց.

Այդ դժբախտ դեպքից անցել է ընդամենը մոտ երեսուն տարի: Ի՞նչ է փոխվել: ժողովուրդը դեռ նույն բարբարոսն է մնացել:

Երեսուն տարվա մեջ չէր կարելի խլել ժողովրդից այն, ինչ որ կազմվել էր նրա մեջ շատ դարերի ընթացքում, Մեսրոպ:

Այդ ես գիտեմ, Սահակ: Բայց դա դարձյալ չէ հերքում այն միտքը, որ մեր ժողովրդի կրթության գործը բոլորովին սխալ, և թույլ եմ տալիս ինձ ասել, բոլորովին վնասակար հիմքերի վրա դրվեցավ...

Նկատելով, որ վիճաբանությունը հետզհետե ավելի սուր կերպարանք է ստանում, Սամվելը մեջ մտավ, ասելով.

Ի՞նչ օգուտ այդ հակաճառություններից, Մեսրոպ: Ինչ որ եղել է, ինչ որ կատարվել է, մենք այդ բոլորը պետք է անցած համարենք և մտածենք գործերի այժմյան դրության վրա, թե ի՞նչ միջոցով կարող ենք հեռացնել վերահաս վտանգը:

Փոքրիկ երիտասարդի գունաթափ դեմքի վրա երևաց մի դառն ժպիտ: Նա նայում էր Սամվելի վրա, որպես մի պարզամիտ երեխայի վրա:

Դու շտապում ես, սիրելի Սամվել, ասաց նա փաղաքշական ձայնով: – Չէ՞ որ գործերի այժմյան հիվանդոտ դրությունը բխում է մեր հին մեղքերից: Առանց քննելու այդ մեղքերը, մենք չենք կարող դարման տանել ներկա չարիքներին, որ մեր հայրենիքին մահ է սպառնում... Ես համոզված եմ, որ քո հայրը հիմար մարդ չէ: Ես համոզված եմ, որ քո քեռի Մերուժան Արծրունուն նույնպես չի կարելի խենթերի կարգը դնել: Իսկ ես ավելի համոզված եմ, որ այդ երկու դավաճաններին փայփայող պարսից Շապուհ արքան շատ կրոնասեր մարդ չէ: Նա քո հորը և քո քեռուն ուղարկում է, ոչնչացնելու Հայաստանում քրիստոնեությունը և պարսից մոգերի ձեռքը տալու թե մեր եկեղեցիները, և թե մեր դպրոցները: Դու կարող ես հավատացած լինել, նազելի Սամվել, որ Շապուհը այդ ձեռնարկության մեջ` ոչ յուր հոգու փրկությունն է որոնում, և ոչ կամենում է հաճոյանալ յուր աստվածներին, այլ կամենում է ընդմիշտ վճռել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում է...

Սամվելն ամբողջ մարմնով դողաց. նա համարյա չլսեց վերջին խոսքերը: Նրան ծաղրում էին, նրա երեսին նրա հորը դավաճան էին կոչում, և կոչում էր մի ազնվական, որ բարձով, պատվով իրանից շատ ստոր էր: Նա ձայն տվեց վշտացած կերպով...

Եթե դու՜, Մեսրոպ, քո երկար լեզվի չափը քո կարճ հասակին հավասարեցնեիր, ավելի քաղաքավարի կլինեիր:

Փոքրիկ երիտասարդը վեր կացավ նստած տեղից և, մի քանի անգամ անցնելով սենյակի միջով, կանգնեց Մամիկոնյան իշխանի առջև և անվրդով կերպով ասաց.

Ինչո՞ւ ես վիրավորվում, գեղեցիկ Սամվել, քո հորեղբայր Վասակն էլ կարճահասակ մարդ էր, բայց ավելի մեծ մարդ էր, քան թե քո հսկայատիպ հայրը...

Հոր մեղքը կքավե որդին...

Այն ժամանակ ես ավելի կսիրեմ նրան...

Թողեցեք այդ, որոտաց Սահակը յուր պարթևական ահարկու ձայնով: Կատակի և երգիծանքի ժամանակ չէ: Նստի՜ր, Մեսրոպ:

Նա եկավ և նստեց յուր առաջվա տեղում:

«Շապուհը կամենում է ընդմիշտ վճռել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում է... »:

Փոքրիկ երիտասարդի այս խոսքերի իմաստը լավ ըմբռնելու համար հարկավոր է միայն հիշել Հայաստանի հարյուր տարվա քաղաքական վիճակը, սկսյալ Տրդատից մինչև Արշակ Բ-րդի վերջին օրերը, այսինքն` քրիստոնեության մուտքից մինչև Շապուհի կրոնական հալածանքները:

Նախքան քրիստոնեության մուտքը Հայաստանում` հայերը և պարսիկները ավելի հաշտ էին միմյանց հետ, որովհետև կրոնով շատ նման էին և, բացի դրանից, թե Հայաստանում, և թե Պարսկաստանում թագավորող տները միևնույն պարթևական կամ Արշակունյաց տոհմից էին: Հայ և պարսիկ թագավորների մեջ եղբայրություն կար:

Քրիստոնեության Հայաստանում մուտք գործելու ժամանակներում` թե արևելքում և թե արևմուտքում պատահեցան երկու մեծ փոփոխություններ, որոնք բոլորովին հեղաշրջեցին Հայաստանի քաղաքական դրությունը: Արևմուտքում կազմվեցավ Բյուզանդական կայսրությունը և Կ. Պոլիսը մայրաքաղաք դարձավ, իսկ արևելքում կազմվեցավ Սասանյան պետությունը և Տիզբոնը մայրաքաղաք դարձավ: Պարսից Արշակունիների թագավորությունը վերջացավ: Հայերը զրկվեցան իրանց լավ դաշնակիցներից:

Հայաստանը, որպես գայթակղության քար, մնաց այդ երկու նոր հիմնված, անհաշտ պետությունների մեջտեղում:

Նա այնքան ուժ չուներ, որ ինքնակա դիրք պահպաներ, ստիպված էր հակվիլ կամ մեկի, կամ մյուսի կողմը:

Նույնիսկ Բյուզանդիայի և Տիզբոնի արքունիքների շահերը պահանջում էին գրավել Հայաստանի հակումները, որովհետև այդ երկիրը մի կամուրջ էր, որտեղից պետք է անցնեին նրանք` միմյանց հանդիպելու համար: Իսկ բյուզանդացոց և տիզբոնցոց կռիվները և ընդհարումները վերջ չունեին: Եվ այդպես, Հայաստանի թեկնածությունը մեկի կամ մյուսի կողմը` միշտ հաջող վախճան էր տալիս պատերազմին:

Քրիստոնեությունը հեռացրեց հայերին պարսիկներից և մոտեցրեց նենգավոր բյուզանդացիներին: Այդ օրից պարսիկները թշնամացան հայերի հետ:

Հայաստանը մնաց երկու կրակի մեջտեղում, դեպի որ կողմը որ մոտենում էր, այրվում էր:

Այդ դրությունը առաջ բերեց այն երկդիմի դերը, որ խաղում էին հայոց թագավորները, և իրանց դերի մեջ պատժվողները նախ իրանք էին լինում: Հանգամանքներին նայելով, նրանք իրանց դեմքը դարձնում էին երբեմն դեպի Բյուզանդիա, և երբեմն դեպի Տիզբոն: Դեպի մեկը երեսը շուռ տալու ժամանակ` ետևից մյուսը հարվածում էր...

Տրդատը, հայոց նորընծա քրիստոնյա թագավորը, առաջինը եղավ, որ բարեկամական դաշն կապեց հռոմայեցոց, նույնպես առաջին քրիստոնյա կայսրի` Կոստանդիանոսի հետ: Այդ քաղաքականությանը զոհ եղան Տրդատի բոլոր հաջորդները, և ինքը Տրդատը պատժվեցավ պարսիկներից:

Տրդատի որդի Խոսրով Բ-րդը, Կոստանդ կայսրից թագ և ծիրանի ընդունելու համար, գրգռեց պարսից Շապուհ թագավորի բարկությունը, որը յուր եղբայր Ներսեհին ուղարկեց, որ հայոց թագավորությունը ոչնչացնե և ինքը հայոց թագավոր դառնա:

Խոսրովի որդի Տիրանը Հուլիանոս կայսրին պարսից դեմ օգնելու համար, վերջը Շապուհը նրան խաբեությամբ Պարսկաստան հրավիրեց և, երկու աչքերը խաբելով, կուրացրեց:

Տիրանի որդի Արշակ Բ-րդը, խրատվելով յուր նախորդների սխալներից, թողեց Բյուզանդիան և բարեկամացավ Տիզբոնի արքունիքի հետ: Այդ միջոցին Վալենտիանոս կայսրը Արշակի Տրդատ եղբորը, որ իբրև պատանդ պահված էր Կ. Պոլսում, սպանել տվեց:

Արշակը ստիպվեցավ հաշտվել կայսրի հետ և նրա ազգականներից Ոլիմպիատա անունով օրիորդը կնության առեց: Այդ բարեկամությունը գրգռեց Շապուհի բարկությունը, նա Տիգրանակերտը ավերակ դարձրեց և, Անիի ամրոցին տիրելով, թագավորական գանձերը կողոպտեց և մինչև անգամ Արշակունի թագավորների գերեզմանները քանդելով, ոսկորները գերության տարավ: Իսկ շատ կռիվներից վերջը, երբեմն հաղթելով, և երբեմն հաղթվելով հայերից, Շապուհը, իբր թե հաշտության դաշն կապելու համար, խաբեությամբ հրավիրեց Արշակին Տիզբոն և աքսորեց Անհուշ բերդում:

Ես Շապուհի վարմունքը` թեև անազնիվ, բայց յուր պետության շահերի կետից` շատ խելացի եմ համարում, խոսեց Մեսրոպը: Պարսից այդ երկարակյաց թագավորը հայոց չորս թագավորներ է փորձել` Տրդատին, Խոսրովին, Տիրանին, Արշակին, և նրա մոտ յոթանասուն տարվա փորձը բավական էր նրան համոզելու համար, որ հայերի Կ. Պոլսի կայսրների հետ ունեցած մտերմության գլխավոր կապը նախ քրիստոնեական կրոնն է և ապա բյուզանդական կրթությունը: Այժմ նա աշխատում է այդ կապը խզել, ոչնչացնելով թե կրոնը, և թե հունաց լեզուն ու դպրությունը, որ տիրապետում են մեր եկեղեցիներում, մեր վանքերում և մեր դպրոցներում: Եվ Հայաստանը յուր պետության հետ ի մի ձուլելու համար, նա ցանկանում է տարածել յուր կրոնը, յուր լեզուն և յուր դպրությունը: Եվ այդ մտքով նա հրահանգ է տվել Մերուժանին` ոչնչացնել հունաց գրքերը, արգելել հունաց լեզվի ուսումը և հայերին ստիպել պարսկերեն սովորելու: Եվ Մերուժանը մեր կրթության համար բերում է յուր հետ մոգերի մի ամբողջ քարավան:

Այդ բոլորը մենք գիտենք, Մեսրոպ, ընդհատեց Սահակը: Իզուր ժամավաճառ ես լինում:

Բայց պետք է և այն գիտենալ, որ այդ դժբախտություններից և ոչ մեկը մեզ հետ չէր պատահի, եթե մենք այնքան օտարամոլ չլինեինք, և եթե մենք հետևած չլինեինք ոչ հույնին և ոչ պարսկին: Հետևելով մեկին, մենք մյուսի փակված աչքերը բաց արինք: Նա էլ սկսեց իրանը պահանջել: Մենք այն ժամանակ կատարեցինք ամենամեծ սխալը, երբ մեր կրթության հիմքը դրեցինք օտար, անհարազատ հողի վրա: Պարսիկը կհամբերեր մեզ, եթե մենք մեր մայրենի լեզվով կատարեինք մեր պաշտամունքները, և մեր մայրենի լեզվով կառավարեինք մեր դպրոցները: Բայց նա բյուզանդականին համբերել չէ կարող, որովհետև դա վնասում է նրա քաղաքական շահերին...

Նա կանգ առեց և րոպեական հանգստությունից հետո շարունակեց.

Մեր վարժապետները եղան հույները և ասորիները: Քրիստոնեությունը յուր հետ մտցրեց մեր աշխարհում հույն և ասորի կղերի մի ահագին բազմություն: Այդ բյուզանդական քաղաքակրթության կարապետները իրանց լեզուն և իրանց գրությունը տարածեցին թե մեր եկեղեցիներում և թե մեր դպրոցներում: Նույն դրությունը շարունակվում է մինչև այսօր: Դեռևս մենք սուրբ գրքերի թարգմանությունը չունենք: Դեռևս մենք մեր մայրենի լեզվով աղոթքներ ու շարականներ չունենք: Մենք արհամարհեցինք ինչ որ հին էր, ինչ որ հեթանոսական էր: Մեր երգիչների, մեր վիպասանների գեղեցիկ վաստակները կրակի զոհ դարձրինք: Մենք թողեցինք մեր նախնականը, մեր ազգայինը և սկսեցինք օտարինը սիրել: Եվ մեր քրիստոնեական մոլեռանդությունը այն աստիճանին հասցրինք, որ, իբրև մի պիղծ բան, սկսեցինք մերժել մեր հին գրությունը, մեր մեհենական սրբազան տառերը և ընդունեցինք հունաց ու ասորոց տառեր: Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է, որ մեր մեջ չէր կարող զարգանալ ոչ ազգային կյանք և ոչ բուն ազգային գրականություն: Մյուս կողմից, մենք հրավիրեցինք մեզ վրա պարսիկների ատելությունը: Պարսիկը սկսեց մտածել, քանի որ հայերը, հունաց լեզուն և հունաց դպրությունը սովորելով, սիրում են նրանց և սրտով կապված են Բյուզանդիայի հետ, ինչո՞ւ չպիտի մտցնեմ և ես իմ լեզուն և իմ դպրությունը, որ նրանք ինձ սիրեն և ինձ հետ դաշնակից լինեն: Այժմ, կարծեմ, պարզ է, որ Շապուհի հալածանքները ամենևին կրոնական բնավորություն չունեն, այդ կատարյալ քաղաքական նպատակով են կատարվում: Հայաստանը, մի ամուր պատնեշի նման, ընկած է Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության մեջ: Նա ցանկանում է խորտակել այդ պատնեշը, որ յուր համար ճանապարհը բաց լինի, և խորտակել յուր քաղաքակրթության կռանով: Հայաստանը, մի կոշտ ոսկորի նման, մնացել է նրա կոկորդում, նա շխատում է ծամել, փշրել և կլանել այդ ոսկորը, որպեսզի կարողանա ազատ շունչ առնել...

Եթե մարսել կարողանա... ընդհատեց Սամվելը:

Մարսել կարող է, եթե գործերի այժմյան դրությունը չփոխվի, պատասխանեց զայրացած Պարթևը: Այդ թողնենք: Ես կամենում եմ պատասխանել Մեսրոպի մի քանի ծանր ակնարկություններին, որոնցով նա մեղադրանք բարդեց իմ նախահարց վրա:

Նա դարձավ դեպի Մեսրոպը, որ մի առանձին անձկությամբ սպասում էր նրա պատասխանին: Ասաց.

Գովում եմ քո զգոնությունը, գովում եմ և քո լրջմտությունը, Մեսրոպ. բայց չեմ կարող ներել քո ամբաստանություններին: Չափազանց եռանդը թույլ տվեց քեզ անպատշաճությունների մեջ ընկղմվել: Դու մեղադրում ես իմ հայրերին, որ նրանք անխնա խորտակեցին, ոչնչացրին հինը, ավանդականը` նորը նրա տեղ հաստատելու համար: Այդ իրավ է: Բայց ամեն վերանորոգության սկիզբը այդպես է լինում: Մեր տեր Հիսուս Քրիստոսն ևս այդպես վարվեց: Նա ոչ մի քար չթողեց քարի վրա: Դու մեղադրում ես իմ նախահորը, Լուսավորչին, որ նա Հայաստանը լցրեց հույն և ասորի վարդապետներով: Ուրիշ կերպ լինել չէր կարող: Նրան պետք էին պատրաստի մարդիկ, և նա բերեց յուր հետ այդ մարդկանցը Կեսարիայից: Մի վարպետ, երբ ցանկացած շենքը կառուցանելու համար` յուր տեղում մշակներ գտնելու հույս չունի, նա մշակները յուր հետ է տանում: Բայց իմ նախահոր նպատակը երբեք այն չէ եղել, որ օտարների ձեռքը տար հայի հոգևոր և մտավոր կրթությունը: Այդ օտարները ժամանակավոր վարձկաններ էին, որ պետք է պահվեին այնքան ժամանակ, մինչև մեր աշխարհում բնիկներից նոր ուժեր պատրաստվեին: Եվ այդ մտքով նա հիմնեց այդ բազմաթիվ դպրոցները, որոնց մեջ մինչև անգամ քուրմերի որդիները պետք է քրիստոնեական կրթություն ստանային: Բայց եթե այդ դպրոցները ցանկացած արդյունքը չտվեցին, և այդ օտար հյուրերը մեր աշխարհում երկար մնացին, դա պետք է վերաբերել այն դժբախտ հանգամանքներին, որոնց զոհ գնացին իմ հայրերը և որոնք ժամանակ չտվին նրանց լիապես ի կատար ածելու հայոց լուսավորության գործը: Իմ նախահայրը, Մովսեսի նման, ստիպվեցավ խույս տալ ժողովրդի խստասրտությունից, և յուր կյանքի վերջին օրերը թաղեց Սեպուհ լեռան այրերի անհայտության մեջ: Նրա որդի Վրթանեսի համար դու ինքդ ասեցիր, թե որպիսի բարբարոսությամբ կամենում էին սպանել այդ վանքի տաճարի մեջ: Իսկ նրա մյուս որդի Արիստակեսը սպանվեցավ Ծոփաց գավառում Արքեղայոս իշխանից: Արիստակեսը կուսակրոն մնաց, որդի չթողեց, բայց նրա եղբոր, Վրթանեսի երկու որդիներից մեկը, Գրիգորիսը նահատակվեցավ Վատնյան դաշտում. իսկ մյուսը, Հուսիկը սպանվեցավ յուր աներ Տիրան թագավորից: Հուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինես, սպանվեցան մեր սենյակին կից դահլիճում: Աթանագինեսի որդի Ներսեսը, իմ հայրը այժմ աքսորված է մի անբնակ կղզում... Տեսնու՞մ ես, Մեսրոպ, իմ պապերից և ոչ մեկը խաղաղ մահով չվախճանվեցավ: Ամենքը զոհ եղան մեր թագավորների, մեր նախարարների և վայրենի խուժանի վայրագությանը: Սուրը ժամանակ չտվեց նրանց իրագործելու այն մեծ նպատակները, որ ունեին իրանց հայրենիքի համար: Իրանց ամբողջ կյանքում պատերազմեցին նրանք վայրենի նախապաշարմունքների դեմ, և նույն պատերազմի մեջ ընկան իրանք... Եվ այդ բոլորովին չէ վշտացնում ինձ: Նրանց վախճանը պետք է այդպես լիներ, որպեսզի նրանց արյունով ծլեին, աճեին և ծաղկեին այն սրբազան սերմերը, որ ցանեցին հայրենի հողի վրա...

Մեսրոպը լռությամբ լսում էր, իսկ Սամվելի դեմքի վրա նշմարվում էր մի անսովոր անհանգստություն:

Մեծ քահանայապետի վեհազնյա որդին այդ խոսքերով վերջացրեց յուր տխուր բացատրությունները.

Եթե մի օր նախախնամողի կամքը` իմ նախահարց նման` կկոչե ինձ Հայաստանի հայրապետական աթոռի վրա, իմ առաջին հոգսը կլինի` հայոց եկեղեցու ընթերցվածները մայրենի լեզվի վերածել և հայ ժողովրդի կրթության գործը ազգային բուն հիմունքների վրա դնել...

Իսկ իմ գործը կլինի, ավելացրեց Մեսրրպը, վերաստեղծել հայոց մոռացված տառերը և ազատել մեր հասարակությունը մեզ համար խորթ` հույն, ասորի և պարսիկ դպրությունից:

Ո՞վ կարող էր մտածել, որ այդ գիշերվա ջերմ վիճաբանություններից քսանևերեք տարի հետո, այդ երկու նշանավոր տաղանդները կկատարեին իրանց ուխտը և սկիզբ կդնեն հայոց մեծ լուսավորության ոսկյա դարին...

Դուռը կամաց բացվեցավ, սենյակում հայտնվեցան երկու աբեղաներ, որոնք, կանգնելով առաջինների առջև, ասացին միաձայն.

Բոլորը լսեցինք: Իսկ մենք պետք է ապացուցենք, որ հույնը և ասորին այնքան վատ չեն, որքան դուք կարծում եք...

Երկուսն էլ վանքի միաբաններից էին, մեկը հույն էր ազգով, մյուսը` ասորի: Առաջինը Եպիփանն էր, երկրորդը` Շալիտան:շ

ԺԱ

ԽՈՐԹ ՄԱՅՐ

Մյուս օրը Ողական ամրոցը գտնվում էր արտակարգ ուրախության մեջ: Ծառաները սովորականից լավ էին զարդարված, աղախինները վառվում էին գույնզգույն պչրանքներով և մինչև անգամ ներքինի Բագոսը հագել էր յուր խայտաճամուկ պարեգոտը:

Ամբողջ ամրոցը սպասում էր մի հարգելի հյուրի Սահակ Պարթևին:

Սահակ Պարթևը այդ տան մեջ օտար չէր: Մամիկոնյանները նրա քեռիներն էին: Նրա հայրը, Ներսես Մեծը, Մամիկոնյանների փեսան էր: Նրա մայրը, Սանդուխտ տիկինը, Սամվելի հորեղբոր` Վարդանի դուստրն էր: Դեռ ուսանողության ժամանակ Ներսես Մեծը Կեսարիայում ապրում էր յուր կնոջ` Սանդուխտի հետ, որից ծնվեցավ Սահակը: Երեք տարուց հետո նույն քաղաքում վախճանվեցավ Սանդուխտը, որի մարմինը հայրը, Վարդանը, բերեց Հայաստան և թաղեց Թիլ ավանի հայրապետական տան տոհմային գերեզմանատան մեջ: Յուր սիրելի ամուսինը կորցնելուց հետո, Ներսես Մեծը երկար չմնաց Կեսարիայում, այլ յուր ուսումը կատարելագործելու նպատակով գնաց Կ.Պոլիս: Այնտեղ ամուսնացավ Ասպիոնե անունով մի հույն ազնվականի դստեր հետ:

Սամվելը, վաղ առավոտյան վերադառնալով Աշտիշատի վանքից, անմիջապես յուր մորը իմացում էր տվել Սահակի այցելության մասին: Այդ լուրը թեև սկզբում խռովություն պատճառեց տիկնոջը, բայց, ծածկելով յուր տհաճությունը, հրամայեց, որ պատրաստություն տեսնեն: Տիկինը համբերել չէր կարող հայրապետական տան բոլոր անդամներին, մանավանդ Սահակին, որի բարձր ազնվապետական վեհությունը սաստիկ վրդովեցնում էր նրան: Իսկ այսօր հայոց մեծ քահանայապետի որդին հայտնվում էր մի այնպիսի անպատեհ ժամանակ, երբ Մամիկոնյանների տան մեջ եփ էր գալիս մի գաղտնի հակազգային և հակաքրիստոնեական խմորում...

Դեռ մի քանի ժամ մնում էր մինչև ճաշը:

Տիկնոջ դահլիճը արդեն կազմ ու պատրաստ էր: Պատուհանների և դարակների մետաքսյա վարագույրները վեր էին բարձրացրած և նրանց միջից երևում էին բոլոր թանկագին անոթները, որ դրված էին միմյանց մոտ: Ոսկին, արծաթը, պղինձը վառվում էր յուր սքանչելի գեղեցկությամբ: Նրանց մեջ կային զանազան տեսակ գեղաքանդակ պնակներ, ափսեներ, թասեր, բաժակներ, գավաթներ, տարաներ և հայկական սև ու կարմիր կավից շինված նկարակերտ սափորներ: Դրանք` իրանց անշարժ դրության մեջ` ծառայում էին ավելի իբրև զարդ, քան թե սեղանի սպաս:

Ամբողջ դահլիճը բուրում էր վարդի անուշահոտությամբ: Բազմոցները, գորգերը, բարձերը` բոլորը ցողված էին վարդաջրով: Լուսամուտների մեջ, մեծ ծաղկամաններով, դրված էին ամենաթարմ փունջերը:

Տիկինը նստած էր յուր սովորական փափուկ գահավորակի վրա և բաց լուսամուտից նայում էր դեպի յուր առջևը բացվող լայնածավալ հեռաստանը: Այստեղից երևում էր, ծառերի խտության մեջ թաքնված, ճանապարհի մի մասը, որ բերում էր Աշտիշատի վանքից դեպի ամրոցը: Տիկնոջ մտահույզ աչքերը հառած էին այդ ճանապարհի վրա: Նա խորին վրդովմունքով սպասում էր Սահակի գալստյանը, որ պիտի անցներ այն տեղով: Նա երազում էր և այն երջանիկ օրը, երբ այդ ճանապարհով կհայտնվեր սիրելի ամուսինը, յուր հետ բերելով նոր բախտ և մեծություն...

Նրա մոտ նստած էր մի այլ կին, ավելի մանկահասակ, ավելի նազելի: Անմեղությունը և հեզությունը կաթում էր այդ սիրուն կնոջ վարդագույն շրթունքներից: Նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ այնքան քաղցրություն կար, որ, կարծես, բարության ծով լինեին: Ճակատի վրա փայլում էր պարսից արքայական նշանը մի կիսարփի ոսկյա ճաճանչներով: Եվ իրավ, նա պարսից արքայական տոհմից` հզոր Շապուհի քույր Որմիզդուխտն էր:

Դա Վահան Մամիկոնյանի երկրորդ կինն էր, իսկ Սամվելի` խորթ մայրը:

Այդ գեղեցիկ կինը գերեց Սամվելի հոր սիրտը, այդ գեղեցիկ կինը կապեց Սամվելի հորը թե պարսից արքունիքի և թե պարսից կրոնի հետ, և, վերջապես, այդ գեղեցիկ կնոջ միջոցով Շապուհը որսաց Մամիկոնյան նախարարներից մի հավատարիմ գործակից...

Բազմակնությունը հայոց նախարարների մեջ սովորական բան էր: Բացի օրինավոր կանանցից, նրանք պահում էին և բազմաթիվ հարճեր:

Սամվելի հայրը ամուսնացավ Որմիզդուխտի հետ այն ժամանակ, երբ Արշակավանի դժբախտ վախճանից հետո Ներսես Մեծը հաշտեցրեց Արշակ թագավորին յուր նախարարների հետ, բայց Սամվելի հայրը և Մերուժան Արծրունին չհաշտվեցան, այլ երկուսն էլ բաժանվեցան նախարարների միաբանությունից և, թողնելով Արշակին, դիմեցին Տիզբոն և պարսից Շապուհ արքային անձնատուր եղան:

Այսօր միևնույն ընտանիքի երկու տանտիկինները նստած էին միասին, մի գահավորակի վրա: Որմիզդուխտը Սամվելի խորթ մայրը և Տաճատուհին Սամվելի հարազատ մայրը: Դրանք երկու անհաշտ ախոյաններ էին: Ախոյաններ, որպես միևնույն ամուսնի սիրույն բաժանորդ` երկու խանդոտ կանայք, ախոյաններ, որպես բարձր ծագումի երկու հզոր ներկայացուցիչներ: Ավելի ճիշտ հաշվով, պետք է Սամվելի մայրը խոնարհվեր, տեղի տար արքայադստեր պահանջներին: Սամվելի մայրը Մերուժան Արծրունու քույրն էր, իսկ Որմիզդուխտը` Շապուհ արքայի քույրը: Բայց, հանգամանքների շնորհիվ, այդ հաշվից բոլորովին հակառակ հետևանք էր դուրս եկել: Սամվելի մայրը, այդ խստասիրտ և գոռոզ Արծրունին, օգուտ քաղելով Որմիզդուխտի մեղմ և դյուրաթեք բնավորությունից, ոչ միայն կարողացել էր պահպանել յուր տիկնանց-տիկնության փառքն ու բարձրությունը, այլ մինչև անգամ հաջողացրել էր Որմիզդուխտին յուր ազդեցության տակ դնել: Այդ էր պատճառը, որ այսօր Որմիզդուխտի ներկայությունը համարյա մոռացված էր Սամվելի մոր համար, որ դեռևս շարունակում էր լուսամուտից նայել դեպի Աշտիշատի ուղին, և նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում:

Նրա ուշադրությունը գրավել էր մի միտք, որ սաստիկ հուզում էր նրան: Սահակի անակնկալ հայտնվիլը Տարոնում` զանազան մթին տարակուսանքների մեջ էր դրել նրան: «Յուր կալվածքներին տեսություն անելու համար է եկել... մտածում էր նա, այդ ի՞նչ է նշանակում: Այդ բախտավոր մարդիկը` առանց սրի և առանց արյունի` այնքան շատ կալվածքներ ունեն, որ չեն էլ մտաբերում, թե որտեղ ունեն, և երբեք նրանց երեսը չեն տեսնում: Անտարակույս, մի այլ նպատակ պետք է թաքնված լինի Սահակի այցելությունների մեջ»...

Որմիզդուխտը արդեն սկսել էր ձանձրանալ: Մի քանի րոպե նրան զբաղեցրեց ուրախ ծիծեռնակը, որ բաց լուսամուտից ներս սլացավ, ճլվլաց, ճթճթաց, մի քանի պտույտներ, մի քանի շրջաններ գծեց ընդարձակ դահլիճի մեջ և ապա նստեց պղնձյա կիսարձանի գլխին, որ դրած էր մարմարիոնի պատվանդանի վրա: Դա Մամիկոնյանների նախահոր, Մամգունի անդրին էր: Մի առանձին հետաքրքրությամբ այդ բարձրությունից նայում էր բնության հարազատը դեպի յուր ճոխ և հարուստ շրջապատը, նայում էր և երկու մտախոհ կանանց վրա: Երբ ոչինչ բավականություն չգտավ, կրկին թռավ նստած տեղից, կրկին մի քանի պտույտներ գործեց և ապա, շարունակելով յուր երգը, դուրս նետվեցավ բաց լուսամուտից:

Որմիզդուխտը այսօր հյուր էր կանչված Սամվելի մոր մոտ: Նա ուներ յուր առանձին բնակարանը: Ամրոցի համարյա քառորդ մասը բռնել էր նա յուր աղախինների, ներքինիների և ծառաների բազմությամբ, որոնք բոլորն էլ պարսիկներ էին: Եղբայրը նրան Հայաստան ճանապարհ դնելու ժամանակ` դրեց նրա հետ, իբրև օժիտ, այլ հարստությանց թվում` և սպասավորների մի ամբողջ քարավան: Իբրև օժիտ ստացավ նա այլև Ասորեստանի սահմանի մոտ, Տիգրիսի աջ ափերի վրա, արդյունաբեր դաստակերտներ, գյուղեր և ավաններ:

Յուր ձանձրությունը փարատելու համար, երբեմն վեր էր առնում նա յուր մոտ դրված գեղեցիկ հովհարը, որ պատրաստված էր սիրամարգի փետուրներից և բռնված էր փղոսկրյա կոթի մեջ, և նրանով զովացնում էր տհաճությունից բորբոքված դեմքը: Այդ գործողության միջոցին նրա հոլանի բազուկների վրա կապված մարջանի կարմիր շարքերը ախորժելի ձայներ էին հանում: Սամվելի մայրը դեռ շարունակում էր նայել լուսամուտից: Որմիզդուխտը յուր ներկայությունը հիշեցնել տալու համար, հարցրեց,

Միայնա՞կ է գալու Սահակը:

Նրա հետ կլինի և յուր հոր քարտուղարը` Մեսրոպը, պատասխանեց նա, դառնալով դեպի յուր մոռացված հյուրը:

Ես Մեսրոպին չեմ տեսել, ասաց Որմիզդուխտը:

Շուտով կտեսնես, մի սիրու՜ն, նախշունի՜կ երիտասարդ է:

Վերջին երկու բառերի վրա մի առանձին եղանակով շեշտեց Տաճատուհին: Որմիզդուխտը այլայլվեցավ:

Խոսում էին պարսկերեն:

Սահակը նույնպես սիրուն երիտասարդ է նկատեց նա:

Եվ ավելի սիրուն, քան թե Մեսրոպը, ավելացրեց Տաճատուհին դառն ժպիտով:

Ներս մտավ Սամվելը:

Բարև, Որմիզդուխտ, բարև, մայր իմ, ասաց նա և շնորհալի կերպով մոտեցավ, նախ մոր ձեռքը համբուրեց և ապա Որմիզդուխտի:

Սամվելի հայտնվելը փարատեց Որմիզդուխտի ձանձրույթը և նրա սիրուն դեմքի վրա նշմարվեցավ նկատելի ուրախություն:

Ի նչ եղան «քո» հյուրերը, հարցրեց մայրը մի առանձին հանգով:

Սամվելը մոտեցավ լուսամուտին, այնտեղից նայեց դեպի հանդիպակաց աշտարակը, որի կողքին ագուցած էր արևի քարյա Ժամացույցը, և ասաց.

Փոքր-ինչ ուշացան, երևի, շուտով կգան: Հիմա հասկանում եմ, խոսքը փոխեց նա, թե դու ո՜րքան սիրում ես Սահակին:

Ինչպե՞ս, հարցրեց մայրը թաքցնելով յուր դժկամությունը:

Դահլիճը բոլորովին նոր կերպով ես զարդարել, և այդքան անհամբեր ես Սահակի ուշանալու համար:

Մայրը ծիծաղեց:

Բայց գիտե՞ս, Սամվել, մենք շուտով գուցե ուրիշ հյուրեր ևս կունենանք: Ինչո՞ւ չես նստում:

Սամվելը նստեց Որմիզդուխտի և մոր հանդեպ:

Ի՞նչ հյուրեր, հարցրեց նա:

Դեռևս հարցնո՞ւմ ես, Սամվել, ասաց մայրը մի այնպիսի հանդիմանական ձայնով, որով կշտամբել էր կամենում որդու մոռացկոտությունը: Դու խո գիտես, որ հորդ հետ գալու են պարսից երկու նշանավոր զորապետներ` Զիկ և Կարեն իշխանները. տարակույս չկա, որ Տարոնով անռնելու միջոցին` նրանք մեր ամրոցում հյուր կլինեն:

Այդ ես գիտեմ... սիրելի մայր, պատասխանեց Սամվելը, վեր առնելով Որմիզդուխտի հովհարը և պտտեցնելով մատների մեջ: Դեռ վաղ է... դու շտապում ես... պարսից զորապետներն այդպես շուտ չեն գա... մինչև նրանց Տարոնի սահմանի մեջ մտնելը, մենք բավական ժամանակ ունենք այդ գերապատիվ հյուրերի ընդունելության համար արժանավոր պատրաստություններ տեսնելու...

Տիկինը որդու փոխաբերական խոսքերն ընդունելով որպես անկեղծություն, պատասխանեց.

Ես էլ գիտեմ, որ բավական ժամանակ ունենք պատրաստվելու, բայց դու չես իմանում, Սամվել, մեր սպասավորների կոպտությունը: Հազար անգամ պատվիրում ես, դարձյալ մոռանում են, թե ինչ բան որտեղ պետք է դնել, կամ ինչ բան որտեղից պետք է վեր առնել: Եվ ես ամեն անգամ, երբ մի նշանավոր մարդ եմ ընդունում, առանց ամոթի չեմ մնում:

Բայց Սահակը մերն է, սիրելի մայր, նա օտար չէ, որ այդքան խստապահանջ լինի քեզանից...

Դու դարձյալ Սահակի մասին ես խոսում, ընդհատեց մայրը վրդովվելով: Սահակի մասին ո՞վ է մտածում...

Հա՜ մոռացա... Զիկ և Կարեն զորապետները...

Այո՜, Զիկ և Կարեն զորապետները: Գիտես, Սամվել, ովքե՞ր են դրանք, որքա՞ն մեծ ազդեցություն ունեն Շապուհի արքունիքում:

Այդ անունները հաճախ կրկնվելով, Որմիզդուխտը միամտությամբ խոսակցության մեջ մտավ.

Նրանք իմ եղբոր հետին ծառաներն են, եթե այստեղ գալու լինեն, համարձակություն չպիտի ունենան իմ մոտ նստելու:

Ճշմարիտ է, սիրելի Որմիզդուխտ, ասաց Սամվելը, մի առանձին համակրությամբ նայելով գեղեցիկ կնոջ երեսին, բայց երբ պարսից արքունիքի հետին ծառաները մեզ մոտ են գալիս, մենք ոչ միայն նրանց ամենաբարձր բազմոցն ենք ցույց տալիս, այլ մեր գլխի վրա ենք նստեցնում...

Այդ խոսքերը չվիրավորեցին Որմիզդուխտին, այլ վիրավորեցին Սամվելի մորը: Նա մի խոժոռ հայացք ձգեց նախ որդու վրա և ապա Որմիզդուխտի վրա:

Դու չես արդարացնում, Սամվել, իմ գանգատը մեր սպասավորների կոպտության մասին, ասաց նա խռովված ձայնով, այս առավոտ չորսին դուրս եմ արել: Երևակայիր մի այդպիսի հասարակ բան. մեծ դժվարությամբ ես կարողացա որսալ տալ մի սոխակ. մի առ մի պատվիրեցի, թե վանդակը որտեղից պետք է կախ տալ և ինչով պետք է կերակրել: Բայց ի՞նչ: Այս առավոտ մտնում եմ դահլիճը, գտնում եմ խեղճ թռչունին յուր վանդակի մեջ սպանված: Բանից դուրս է գալիս, որ վանդակը փոխանակ վերևից կախ տալու, դնում են պատուհանում, կատուն գալիս է, թաթը կոխում է և սպանում սոխակին:

Այդ վերին աստիճանի կոպտություն է, ասաց Սամվելը, քլուխը ցավակցական կերպով շարժելով: Դու իրավունք ունեիր ոչ մայն չորսին, այլ բոլորին դուրս անելու: Բայց կատվին չպատԺեցի՞ր:

Դու ծաղրում ես, Սամվել, այդպիսի դեպքերում շատ անվայել է ծաղրը, նկատեց մայրը: Գոնե Որմիզդուխտին մի վիրավորիր:

Սամվելը դարձավ դեպի Որմիզդուխտը, հարցնելով.

Դու քեզ վիրավորվա՞ծ ես համարում:

Նա ժպտաց և, թավ հոնքերի տակից նայելով Սամվելի երեսին, ասաց.

Ոչ: Ձեր անտառներում սոխակներ շատ կան...

Բայց այնպիսին, որ ամբողջ օրը անդադար երգում էր, հազարից մի անգամ է պատահում, Որմիզդուխտ, ընդմիջեց Տաճատուհին գրգռված ձայնով: Դու քո կրոնի իմաստն անգամ չես հասկանում և Սամվելի ծաղրին համբերում ես... այդ լավ չէ...

Որմիզդուխտը շառագունեցավ:

Հարցը ինչո՞ւմն էր: Սամվելի մայրը այնքան նուրբ զգացմունքներ ունեցող կին չէր, որ սիրեր սոխակի երգը: Հարցը փոքր-ինչ կրոնական բնավորություն ուներ: Սոխակի մեջ, ըստ պարսից հավատալյաց, բնակվում էր բարի հրեշտակներից մեկի ոգին, և ամեն մի զրադաշտական սովորություն ուներ յուր տան մեջ պահել մի սոխակ: Նրա երգը հանապազօրյա օրհնություն էր համարվում այդ տան բախտավորության համար: Պարսիկների սրբազան թռչունը յուր տան մեջ մտցնելով, Սամվելի մայրը կամեցել էր առաջին ցույցը անել յուր համակրության դեպի պարսից հավատալիքները: Եվ այդ ցույցը անհրաժեշտ էր, որովհետև նա հույս ուներ շուտով ընդունել յուր տան մեջ Զիկ և Կարեն զորապետներին:

Սամվելը կրկին դարձավ դեպի յուր խորթ մայրը.

Իսկ դու ի՞նչ պատրաստություններ ես տեսնում, Որմիզդուխտ:

Ես ոչինչ պատրաստություններ չեմ տեսնում, պատասխանեց միամիտ պարսկուհին:

Նա չգիտեր Տիզբոնից ստացված վերջին տեղեկությունները: Սամվելի մայրը նրան ոչինչ չէր հայտնել: Սամվելը մտածեց հայտնել, փորձելու համար, թե ին՜չ տպավորություն կգործեին նրա վրա:

Դու նույնպես պետք է պատրաստություններ տեսնես, Որմիզդուխտ, ասաց նրան Սամվելը. ես այժմ կհայտնեմ քեզ մի շա՜տ և շա՜տ ուրախալի նորություն:

Դեռ չլսած նորությունը, Որմիզդուխտի դեմքը փայլեց ուրախությունից:

Մայրը աչքով, հոնքով նշան տվեց, որ լռե Սամվելը: Բայց նա իբր թե չնկատեց և ասաց Որմիզդուխտին.

Քո եղբայրը, Շապուհ արքան, քո կրտսեր քրոջը` Որմիզդուխտին կնության է տվել Մերուժան Արծրունուն, արդեն Տիզբոնից դուրս են եկել, և հորս հետ գալիս են Հայաստան:

Այդ լա՜վ է ... խորին հրճվանքով բացագանչեց Որմիզդուխտը և բռնեց Սամվելի ձեռքից: Ուրեմն ես շուտով կտեսնե՞մ քրոջս... ուրեմն նրանք շուտով այստեղ կլինե՞ն...

Իհարկե, կտեսնես քո քրոջը... և քո նոր քենակալին... գուցե շուտով այստեղ կլինեն... պատասխանեց Սամվելը, յուր ձեռքը չբաժանելով ոգևորված պարսկուհու ձեռքից: Մի այլ ուրախալի նորություն ևս...

Այդ ի՞նչ ասելու բան է, մտածի՜ր, Սամվել, ընդհատեց մայրը հայերեն լեզվով, որը Որմիզդուխտը չէր հասկանում:

Ինչո՞ւ չասել, ինչո՞ւ նա չպիտի գիտենա, որ յուր ամուսինը (այսինքն և քո ամուսինը և իմ հայրը) գալիս է: Ինչո՞ւ նա չպիտի գիտենա, որ յուր քույրը պսակված է Մերուժանի հետ: Ի՞նչ հարկ կա թաքցնելու նրանից, խոսեց Սամվելը փոքր-ինչ վրդովված ձայնով:

Նրա համար պետք է թաքցնել, որ դա մի երեխայի չափ խելք չունի. ինչ որ դա գիտե, մի րոպեից հետո ամբողջ ամրոցը կարող է գիտենալ...

Բոլորովին սխալ է: Որմիզդուխտը, իրավ է, անմեղ երեխայի սիրտ ունի, բայց մի լավ կնոջ խելք:

Որմիզդուխտը թեև չէր հասկանում այդ վիճաբանությունը, բայց հասկացավ մոր և որդու մեջ տեղի ունեցած անբավականությունը, և մեջ մտավ, ասելով.

Մի՜ վշտացրու մորդ, Սամվել:

Հետո դարձավ դեպի մայրը, հարցնելով.

Դու ուրախ չե՞ս, որ իմ քույրը ամուսնացել է քո եղբոր հետ:

Ինչպե՞ս ուրախ չլինել, պատասխանեց տիկինը, փոքր-ինչ մեղմանալով, իմ ուրախությունը սահման չունի: Խիստ սակավ արարածներ արժանանում են պարսից հզոր արքայի փեսան լինելու բախտին:

Ուրեմն Սամվելից պետք է շնորհակալ լինել, որ խորհուրդ է տալիս պատրաստություններ տեսնել: Եվ ես արքայավայել պատրաստություններ պետք է տեսնեմ թե՜ իմ քրոջ համար, և թե՜ իմ եղբոր նոր փեսայի համար: Ախ՛, ի՜նչ ուրախություն կլինի այն օրը, երբ նրանք այստեղ կհասնեն...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին գեղեցիկ կնոջ պայծառ դեմքը ավելի հրապուրիչ փայլ ստացավ: Բայց Սամվելի մայրը դեռ խոժոռված էր, դեռ մտածում էր` միգուցե որդին ավելի հեռու գնա յուր խոստովանությունների մեջ պարզամիտ Որմիզդուխտի առջև, որին նա շատ անփորձ և անզգույշ կին էր համարում:

Շապուհ արքայի բոլոր քույրերը կոչվում էին Որմիզդուխտ: Ինչպես հին հայերի մեջ, նույնպես պարսիկների մեջ, նույն սովորությունն էր տիրում, թեև աղջիկները առանձին անուն ունեին, բայց այդ անունները չէին գործածվում, այլ սովորաբար կրում էին իրանց հոր անունը: Շապուհ արքայի հայրը Որմիզդն էր և նրա բոլոր աղջիկները կոչվում էին Որմիզդ-դուխտ, որ նշանակում է Որմիզդի դուստր: Հայոց Սան-ա-տրուկ արքայի դուստրը կոչվում էր Սանդուխտ, սուրբ Վարդան Մամիկոնյանի դուստրը` Վարդան-դուխտ, Սահակ Պարթևի (քահանայապետի) դուստրը` Սահակ-ա-նույշ, Սմբատ Քագրատունու դուստրը` Սմբատ-ուհի:

Այսպես էլ Շապուհի երկու քույրերը, որոնց մեկը կնության էր տված Սամվելի հորը, Վահան Մամիկոնյանին, իսկ մյուսը` Մերուման Արծրունուն, կոչվում էին իրանց հոր, Որմիզդի անունով Որմիզդուխտ:

Հայաստանը, եթե ոչ կլանելու, գեթ յուր գերիշխանության ներքո պահելու համար, պարսից արքունիքը նույն քաղաքականությանն էր հետևում, ինչ քաղաքականություն որ գործ էր դնում հռոմետկան կայսրությունը: Վալենտիանոս կայսրը, Հայաստանը դեպի յուր կողմը ձգելու համար, յուր ազգականներից Ոլիմպիատա օրիորդին կնության տվեց հայոց Արշակ թագավորին: Իսկ Շապուհ արքան, նրա հակառակ, յուր երկու քույրերին կնության տվեց Արշակի երկու նշանավոր նախարարներին Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին և նրանց ապստամբեցրեց իրանց թագավորի դեմ:

Արծրունյաց նախարարության երկիրը ընդարձակ Վասպուրականն էր, իսկ Մամիկոնյան նախարարության երկիրը` Տարոնը: Վասպուրականը Ատրպատականի կողմից, իսկ Տարոնը Ասորեստանի կողմից շատ մոտ էին պարսից սահմաններին: Շապուհ արքան յուր երկու քույրերի միջոցով երկու մեծ դռներ բաց արեց այդ կողմերից Հայաստան մտնելու:

Մի այլ ուրախալի նորություն ևս, Որմիզդուխտ, խոսեց Սամվելը, ուշադրություն չդարձնելով յուր մոր դժկամության վրա, քո քույրը շուտով հայոց թագուհի կդառնա...

Ա՛խ, ինչ ես ասում, ձայն տվեց Որմիզդուխտը և ուրախությունից. այն աստիճան շվաթվեցավ, որ մոռանալով յուր ամոթխածությոլնը, մի անմեղ թիթեռնիկի նման վեր ցատկեց նստած տեղից և, փաթաթվելով Սամվելի պարանոցին, երկար բաց չէր թողնում յուր գրկից: Անդադար հարցնելով, ճշմարի՞տ է... ճշմարի՞տ է... դու հանաք ես անում, Սամվել...

Հանաք չեմ անում... բոլորովին ճշմարիտ է... քո եղբայրը խոստացել է Մերուժանին հայոց թագավորությունը... պատասխանեց Սամվելը, ազատվելով նրա գրկից:

Ա՛խ, ո՜րքան լավ կլինի, ասաց Որմիզդուխտը ծափահարելով և, նստելով յուր տեղը, դարձավ դեպի Սամվելի մայրը, հարցրեց.

Լավ չի՞ լինի:

Իհարկե, լավ կլինի, պատասխանեց նա, ինքն ևս ուրախակից լինելով նրա հրճվանքին:

Սամվելը վեր կացավ, մի քանի անգամ անցավ դահլիճի միջով և ապա կանգնեց Որմիզդուխտի առջև, ասելով.

Շա՜տ լավ կլինի, Որմիզդուխտ, բայց դու, երևի, չգիտես, որ հայոց թագավորական գահին հասնելու համար` Մերուժանը դեռ շատ գործեր պետք է կատարե...

Ի՞նչ գործեր, հետաքրքրությամբ հարցրեց Որմիզդուխտը:

Ես բոլորը կպատմեմ քեզ:

Մայրը կրկին ակնարկեց որդուն, որ լռե:

Նա պետք է գիտենա, և կատարվելիք գործերի հաջողությունը պահանջում է, որ նա գիտենա, ասաց Սամվելը հայերեն լեզվով: Ինչո՞ւ ես արգելում ինձ:

Նա մոտեցավ մյուս լուսամուտին և կանգնեց նրա հանդեպ: Մի քանի րոպե այդ ահեղ բարձրությունից լուռ նայում էր դեպի յուր առջև բացվող տեսարանները: Ներքևում, մթին անդունդի մեջ, որոտում էր Արածանին, որ սեղմվելով Վահեվանյան ձորի անձկության մեջ, մի զայրացած վիշապի նման, յուր պտույտներով գանակոծում էր ամրոցի ստորոտի ապառաժները: Նրա հանդեպ, գետի մյուս կողմի բարձրության վրա, երևում էին մի հին քաղաքի ավերակները, որի մասին ավանդությունը ասում էր, թե շինված է եղել Սանատրուկ թագավորից: Այդ քաղաքը Սլկունիների, այսինքն Տարոնի նախկին տիրապետող իշխանների մայրաքաղաքն էր, որ կործանեց Մամիկոնյանների նախահայր Մամգունը: Անտառը ծածկել էր այդ խորհրդավոր քաղաքի հսկա փլատակները և կիսավեր աշտարակների միջից աճել էին դարևոր կաղնիներ: Կրակը մի ժամանակ կատարել էր այնտեղ սարսափելի ավերմունք, և այդ պատճառով այդ քաղաքը կոչվում էր Մծուրք: Սամվելը նայում էր նրա վրա, որպես խորտակված փառքի և իշխանության մարած մոխրի վրա... Նա աչքերը դարձրեց այդ տխուր տեսարանից և սկսեց նայել դեպի ավելի հեռուն: Երևում էր Ավետյաց բլուրը, երևում էր այդ սրբազան բլուրի լանջաց վրա այն գեղեցիկ ծառաստանը, որի մեջ թաքնված էր Գլակա հռչակավոր վանքը: Դեռ կենդանի էր Լուսավորչի կաղ դևը, դեռ այդ վանքի վառարանների մոխիրը գետնի տակով տանում էր և ածում Արածանիի ալիքների մեջ: Գլակա վանքում դրած էին Սամվելի պապերի շիրիմները: Սամվելին այնպես էր թվում, որ այդ պատկառելի շիրիմներից դուրս էին հայտնվում այն մեծ հանգուցյալների մռայլ ուրվականները և զայրացած դեմքով նայում էին Ողական ամրոցի վրա, ուր սկսվել էր կատարվել Մամիկոնյանների տոհմին անվայել մի դավաճանություն... Տխու՛ր զգացմունքներով Սամվելը երեսը շուռ տվեց Գլակա վանքից և սկսեց նայել դեպի յուր աջ կողմը: Երևում էր Հացյաց դրախտը և հացի ծառերի սքանչելի թավուտների միջից հազիվ նշմարվում էին Սամվելի նախահարց կառուցած եկեղեցու խաչապսակ գմբեթները, որ մոտ էր Աշտիշատի վանքին:

Նա դարձավ դեպի յուր երկրորդ մայրը, ասելով.

Ե՜կ այստեղ, Որմիզղուխտ:

Որմիզդուխտը թեթև քայլերով վազեց նրա մոտ և տեղավորվեցավ նրա կողքին, լուսամուտի պատուհանի մեջ: Սամվելի մայրը խորին տհաճությամբ նայում էր նրանց վրա:

Հիմա կասեմ քեզ, Որմիզդուխտ, թե ի՜նչ գործեր պետք է կատարե Մերուժանը հայոց թագավորական գահին հասնելու համար: Բայց այդ գործերի մեջ մենք պետք է օգնենք նրան... մանավանդ դու, Որմիզդուխտ...

Նա ձեռքը մեկնեց դեպի Հացյաց դրախտը:

Տեսնո՞ւմ ես, սիրելի Որմիզդուխտ, ինչպես գեղեցիկ լուսավորում են այնտեղ արեգակի պայծառ ճառագայթները: Արփին յուր աստվածային ջերմությամբ կյանք է ներշնչում այդ հրաշագեղ դրախտին: Փչում է հովը և ծառերի ճապուկ կատարները` մեղմ կանաչագույն ալիքների նման` ծփում են, ծածանվում են և, որպես մի կանաչազարդ ծով, տարածվում են մինչև հորիզոնի վերջը: Այդ ծառերի ստվերախիտ լռության մեջ կանգնած են Մամիկոնյանների կառուցած տաճարները: Իմ պապերը սպառեցին այնտեղ իրանց գանձերը, աշխարհի բոլոր թանկագին իրեղեններով զարդարելով այդ տաճարների սուրբ սեղանը: Թվով մի քանի հարյուր աբեղաներ կերակրվում են այնտեղ մեր հացով և աղոթում են իրանց բարերարների հոգու համար: Այժմ մենք Մամիկոնյաններս կկործանենք այդ տաճարները, սիրելի Որմիզդուխտ, և նրանց տեղը պարսկական ատրուշաններ կհիմնենք: Թո՜ղ ծուխով ու մուխով լցվի այդ նվիրական դրախտը... թո՜ղ այդ գեղեցիկ ծառաստանը այրվի՛, մոխի՛ր դառնա որմզդական կրակի մշտավառ բոցերի մեջ... Թո՜ղ քրիստոնեական խունկի ու կնդրուկի անուշահոտության փոխարեն` մոգերի մատուցած ողջակեզների ճենճերային հոտը բուրե այդ սրբազան տեղերում... Թո՜ղ լռե զանգակի և կոչնակի տաղտկալի ձայնը... թո՜ղ այդ հրաշալի բարձրությունների վրա ամեն առավոտ, արևի ծագման ժամանակ, և ամեն երեկո, արևի մուտքի ժամանակ, թող հնչե մոգերի թմբուկի ու շեփորի ձայնը... և թո՜ղ բարեպաշտ հայ շինականը, այդ ձայնը լսելով, դողդոջուն սրտով բարձրանա յուր կտուրի վրա և երկրպագություն տա ելնող ու մտնող արեգակին... Լսո՞ւմ ես, սիրելի Որմիզդուխտ, ահա այդ է պահանջում քո եղբայրը, և այդ պետք է կատարե Մերուժանը հայոց թագավոր դառնալու համար...

Բայց Որմիզդուխտը ոչինչ չէր լսում: Նա մի քաղցր ինքնամոռացության մեջ, ձեռքը դրած ոգևորված երիտասարդի ուսի վրա, և կպած նրա կողքին, զգում էր միայն սիրելի ձայնի մուզիկան, արբեցած էր նրա շնչով, և ամեն անգամ, երբ նա մի փոքր շարժում էր գործում, ցույց տալով այս ու այն առարկան, գեղեցիկ կնոջ մանուկ սիրտը բաբախում էր մրրկածուփ ջերմությամբ...

Լսում էր Սամվելի մայրը:

Բավակա՜ն է, Սամվել... գոչեց նա, և մոր սպառնալի ձայնը սթափեցրեց որդուն յուր խորին հափշտակությունից:

Դու ծաղրո՞ւմ ես, Սամվել... կրկնեց նա: Լա՛վ մտածիր քո վարմունքը... Որմիզդուխտ, հեռացի՜ր այդտեղից:

Ա՛խ ինչո՜ւ ես դու իմ ոգևորությունը ծաղրի տեղ ընդունում, սիրելի մայր, ասաց Սամվելը և հեռացավ լուսամւտից: Ես բոլորովին չեմ ծաղրում... Ես ասում եմ այն, ինչ որ դու ես ցանկանում...

Որմիզդուխտը նույնպես ցավելով թողեց այդ խորշը և ցավելով բաժանվեցավ Սամվելի րոպեական դրացությունից: Նա յուր դողդոջուն քայլերը ուղղեց դեպի դահլիճի դուռը, առանց նայելու յուր հյուրընկալի վրա:

Ո՞ւր, Որմիզգուխտ, ձայն տվեց նա:

Ես ինձ վատ եմ զգում... գլուխս պտտվում է... գնում եմ մի փոքր հանգստանալու...

Նա շտապով դուրս գնաց, մոռանալով յուր հովհարը, որ դրած էր տիկնոջ գահավորակի վրա: Սամվելը առեց հովհարը և վազեց նրա ետևից: Նախասենյակում կանգնեցրեց նրան:

Շնորհակալ եմ, Սամվել, ասաց խորթ մայրը, ընդունելով հովհարը, և նրա տխրամած դեմքը կրկին փայլեց ուրախության ժպիտով:

Դու այսօր ճաշին մեզ մոտ չե՞ս լինի, հարցրեց Սամվելը:

Ո՜չ...

Սահակը շատ կցանկանար տեսնել քեզ:

Իմ կողմից ներողություն խնդրիր:

Նա դուրս եկավ: Նախասենյակի դռանը երկու սևամորթ ներքինիներ սպասում էին նրան: Առաջ ընկան և տարան նրան դեպի յուր բնակարանը:

Վերադառնալով դահլիճը, Սամվելը ասաց յուր մորը.

Դու վիրավորեցիր Որմիզդուխտին:

Ես չեմ կարող համբերել իմ սենյակում այս տեսակ պարսկական վավաշոտությունների... պատասխանեց մայրը:

Բայց դու սիրում ես ամեն ինչ, որ պարսկական է...

Բայց մտածի՜ր, Սամվել, նա քո հոր կինն է...

Եվ իմ հարգելի մայրն է ... Եթե դու դարձյալ այդպես անվայել կերպով կխոսես նրա վրա, ես իսկույն նրա նման դուրս կգնամ և մյուս անգամ չեմ մտնի այս դահլիճը:

Տիկինը ոչինչ չպատասխանեց: Որդու սպառնալիքը լռեցրեց նրան: Կնոջ արտասուքը, մանավանդ մոր արտասուքը, այդպիսի րոպեներում ամենաազդու պատասխանն է լինում: Մայրը թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ:

Սամվելը անհնարին խռովության մեջ, բարկությունից ձեռքերը շփելով, մոլորվածի նման շրջում էր դահլիճի մեջ և ուշադրություն չէր դարձնում մոր արտասուքի վրա: Նա դեռ զգում էր յուր կողքին նազելի կնոջ հպավորության ախորժելի շոշափումը, նրա ականջներին դեռ հնչում էր վերջին խոսքերի քաղցրությունը:

Այդ մանկահասակ կինը, որի տարիքը քսանից չէին անցնում, սիրելի էր Սամվելին, սիրելի՜, ավելի այն պատճառով, որ այն դերը, որի համար նա նշանակված էր և որի պատճառով նրա եղբայրը մտցրել էր նրան այդ ընտանիքի մեջ, նա ոչ միայն բնավ չէր կատարում, այլ մինչև անգամ արհամարհում էր: Պարսից արքունիքը յուր կրթության բոլոր ուժը սպառելով միայն տղաների դաստիարակության վրա, աղջիկները մնում էին համարյա թե անկիրթ և սովորում էին գլխավորապես հարուստ և շքեղ կանանոցի մեղկությունները, զվարճությունները ու բարձր ազնվապետական ծեսերը միայն: Այդ էր պատճառը, որ նրանք քաղաքական նպատակների գործիք դառնալու մեջ բոլորովին անընդունակ էին: Նրանք ծառայում էին ավելի իբրև մի մեքենական օղակ իրանց ամուսիններին արքունիքի հետ կապելու համար, իսկ իրանք սեփական գիտակցություն չունեին: Սամվելի երկար բացատրությունները, որ այնքան զգացմունքով արտասանեց նա լոաամուտի հանդեպ կանգնած ժամանակ, ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ մի փորձ, հասկանալու համար Որմիզդուխտի համակրությունը կամ հակակրությունը, թե ինչպես կվերաբերվի նա դեպի յուր եղբոր ձեռնարկությունները: Նրան, իբրև պարսկուհու և իբրև հեթանոսի, ավելի պետք է գրավեին կատարվելիք գործերը, բայց նա ուշադրություն անգամ չդարձրեց: Եվ ինչ որ նրան ավելի պետք է հետաքրքրեր և ինչ բանի մեջ նա ավելի պետք է յուր ազդեցությունը գործ դներ, ընդհակառակն, գործ էր դնում Սամվելի հարազատ մայրը: Եվ այդ էր, որ այնպես սաստիկ վրդովեցնում էր որդուն:

Լսելի եղավ շեփորի ձայն:

Սամվելը ցնցվեցավ: Ցնցվեցավ և նրա մայրը: Վերջինը աչքերը սրբեց և սկսեց նայել լուսամուտից: Սամվելը նույնպես մոտեցավ մյուս լուսամուտին:

Աշտիշատի վանքից դեպի ամրոցը բերող ճանապարհի վրա երևաց մի ստվար ասպախումբ: Արևի առջև փայլում էին նրանց զենքերն ու զարդերը: Երբ մոտեցավ ամրոցին, հնչեցրին շեփորը:

Սամվելը դուրս գնաց ընդունելու յուր վեհազնյա հյուրին:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սամվել"

Ятук Музыка
Редкий Замечательный
Георгий Гурджиев

Редкий Замечательный

Вардананк
Вардананк
Играть онлайн