Раффи

Սամվել

2 - Գ, Դ

Գ

ԱՐՏԱՍՈՒՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Չնայելով: որ արևը ծագել էր, բայց այն ձորի մեջ, որտեղ գտնվում էր «Արտասուքի աղբյուրը»,դեռ տիրում էր խորին մթություն: Սարերի բարձր գագաթները դեռ նոր շողշողում էին առաջին ճառագայթների նուրբ վարդագույն լույսով: Օդի մեջ բուրում էր խիստ ախորժելի զովություն,որ ներշնչված էր ճոխ բուսականության մեղմ անուշահոտությամբ:

Շրջակայքը լուռ էր: Լուռ էր և անտառը,որ տարածվում էր մինչև կապուտագույն ծովեզրը: Լսելի էր լինում միայն նվիրական աղբյուրի տխուր մեղեդին, որ ողբաձայն հնչյուններով աղմկում էր տիրող լռությունը: Լսելի էր լինում նա որպես սգավոր սրտի դառն հառաչանք: Վշտացած հայրապետի արտասուքներից գոյացած աղբյուրը և այժմ արտասվում էր...

Նրա մոտ կանգնած էր Աշխենը:

Նազելի օրիորդի մտահույզ հայացքը դարձրած էր դեպի սգավոր աղբյուրը, որ, պարզ արծաթփայլ վտակի նման, դուրս հոսելով մի ժայռի ճեղքվածքից, ցած էր թափվում և , համբուրվելով ու գրկելով յուր ուղին զարդարող գույնզգույն խճերի հետ, արագ վազում էր, և յուր թախծալի շշնջյունով, կարծես, ասում էր ափերին, «Մնաք բարյա՛վ, մենք այլևս չենք տեսնվի…»:

Մի այդպիսի մնաքբարյավ ասելու համար եկել էր և օրիորդը:

Զինված էր նա: Հոր անդրանիկը լինելով, նա փոխարինում էր և՜ տղայի, և՜ աղջկա: Այդ պատճառով ծնողքը տվեցին նրան այրական կրթություն, թեև Ռշտունյաց օրիորդները իրանց քաջությամբ ետ չեն մնում տղամարդերից: Գլխին դրած ուներ ոսկե նկար սաղավարտ, մեջքը սեղմել էր պողովատյա զրահի մեջ, աջ ձեռքում կրում էր մի թեթև նիզակ: Այդ զինավառության մեջ նմանում էր նա Աթենաս-Պալլասին, որ, կարծես, եկել էր այցելություն գործելու քարացյալ Նիոբեի արտասուքներից գոյացած աղբյուրին:

Աղբյուրից փոքր-ինչ հեռու, ծառերի մթին թավուտների միջից հազիվ նշմարվում էին մի խումբ ձիաներ, որոնց սանձարձակ թողել էին արածելու: Նրանց մոտ երևում էին և մարդիկ, որոնք պառկած էին խոտերի վրա: Դրանք օրիորդի հետ եկած մարդիկն էին:

Որպես մի մարմնացած անհամբերություն, սրտի խորին բաբախմունքով, դեռ կանգնած էր օրիորդը աղբյուրի մոտ և նայում էր: Նա մեծ կարոտով անդադար նայում էր դեպի այն կողմը, որտեղից պետք է հայտնվեր Սամվելը: Նրան հայտնի էր հայրենի երկրի հուզված դրությունը: Նա գիտեր, որ իրանց լեռների յուրաքանչյուր քարի, յուրաքանչյուր ծառի ետևում մի-մի մարդ էր թաքնված: Նրան ծանոթ էր և Սամվելի անձնավստահությունը: Ինչե՛ր չէին կարող պատահել... ի՛նչ փորձանքների չէր կարող հանդիպել նա... Եվ այդ բոլորը ո՞ւմ համար: Յուր համար... Վերջին միտքը, որքան ուրախացնում էր նրան, որքան լցնում էր նրա սիրտը մի անսահման երանությամբ, նույնքան և սարսափեցնում էր նրան, երբ մտածում էր, որ նա կարող էր յուր սիրո զոհը դառնալ...

Հեռվից երևացին երկու ձիավորներ: Երրորդը, իբրև փայակ, վազում էր նրանց առջևից ոտով: Օրիորդի դեմքը սկսեց փայլել: Մինչև նրանք կմոտենային, մինչև կստուգեր, թե ովքեր են, այդ մի քանի րոպեն` հավիտենականության չափ երկար թվեցավ նրան:

Նրանք փութացրին ձիաների ընթացքը: Այդ միջոցին օրիորդի մարդիկը, որ հանգստանում էին ծառերի ներքո, իսկույն ոտքի ելան և, լարելով իրանց աղեղները, նետերի ծայրը դարձրին դեպի եկվորները: Մեկը ձայն արձակեց, այն հարցական եղանակով, որ տալիս է անծանոթը անծանոթին, երբ հանդիպում են ճանապարհի վրա, «Թշնամի՞ եք, թե բարեկամ». «Բարեկա՛մ», եղավ պատասխանը:

Օրիորդը դեռ անշարժ կանգնած էր աղբյուրի մոտ:

Ձիաներն այժմ քշում էին բոլոր թափով, չնայելով, որ լեռնային քարակարկառ ճանապարհի վրա կարելի էր ամեն րոպե սայթաքել և ամեն րոպե դեպի ցած գլորվիլ: Երբ բոլորովին մոտեցան, օրիորդր վազեց ընդառաջ: Այդ միջոցին մեկը ցատկեց ձիուց, գրկեց նրան, բացագաչելով.

Ա՛խ, Աշխեն, ինչո՞վ կարող եմ մխիթարել քեզ...

Նրանով, որ դու այժմ իմ գրկումն ես…

Ճանապարհի բոլոր ընթացքում, Սամվելը անդադար տանջվում էր այն մտածություններով, թե ի՞նչ դրության մեջ կգտնե յուր Աշխենին, կամ ինչո՞վ կարող կլինի մխիթարել նրան, այն ցավալի անցքերից հետո, որ կատարվել էին նրա հոր տան մեջ: Նա յուր մտքում հորինել էր սփոփիչ խոսքերի մի ամբողջ շարք, որոնցով պետք է աշխատեր հանգստացնել նրա վշտացած սիրտը: Բայց այն խոսքերից և ոչ մեկը պետք չեղավ, երբ լսեց Աշխենի պատասխանը: Սիրելի աղջկա գրկում մոռացվեցան բոլորը:

«Արտասուքի աղբյուրից» ոչ այնքան հեռու, անուշահոտ եղևինների ստվերախիտ հովանիի ներքո, կանաչ խոտերի վրա, սփռված էր մի գորգ: Սամվելը և Աշխենը առանձնացան այնտեղ: Իսկ իշխանի հետ եկած մյուս երկու հոգիները, որոնցից մեկը Հուսիկն էր, մյուսը Մալխասը, գնացին օրիորդի մարդիկների մոտ:

Թե՜ Սամվելը և թե՜ Աշխենը` երկուսն էլ լուռ էին, ա՜յն սրտատոչոր լռությամբ, որ տեղի է ունենում հոգեկան խորին հուզմունքների ժամանակ: Երկուսն էլ հիացած կերպով նայում էին միմյանց վրա և, կարծես, խոսք էին որոնում իրանց զգացմունքները արտահայտելու: Սամվելը առաջինը ընդհատեց լռությունը:

Լսի՜ր, Աշխեն, ես ինձ շատ դժբախտ եմ համարում, որ երկար անջատումից հետո, երբ կրկին պատահում է հանդիպել միմյանց, ես, փոխանակ սքանչանալու քո սիրո քաղցրությամբ, փոխանակ վայելելու այն անսպառ երանությունը, որ բաշխում է սիրված աղջիկը սիրող երիտասարդին, ստիպված եմ քեզ հետ խոսել վշտի և դառնության խոսքեր: Մենք հանդիպում ենք միմյանց որպես երկու սգավորնե: Դու կորցրած մայր ունես, իսկ ես կորցրած հայր: Քո մայրը կորավ յուր առաքինության համար, իսկ իմ հայրը կորած է յուր չարագործության համար: Մտնելով քո հայրենի երկիրը, ես անցա կրակի և մոխիրների միջով: Ես տեսա քո քաջ նախահարց պատկառելի ամրոցների ավերակները: Ամոթը և նախատինքը պատում է ինձ, երբ մտածում եմ, որ այդ բոլորը կատարվել է իմ հոր ձեռքով… այն մարդու ձեռքով, որի հարսը պետք է լինես դու…

Ինչո՞ւ համար է այդ բոլորը, Սամվել, ընդմիջեց օրիորդը: Դու, կարծես, որպես մի հանցավոր, եկել ես քեզ արդարացնելու իմ առջև: Այն օրը ինձ համար մահ կլիներ, եթե ես ամենափոքր կասկած ունենայի քո մասին:

Իսկ իմ կողմից հանցանքը այն կլիներ, եթե ես աշխատեի արդարանալ քո առջև: Ես գիտեմ, թե որքան բարի ես դու, Աշխեն, ես գիտեմ, թե որքան բարձր ես դու հասարակ մահկանացուներից: Ինձ հայտնի է, որ քո անսահման սիրո մեջ` ամեն հանցանք իմ կողմից ինքնըստինքյան կոչնչանա որպես մի դյուրավառ նյութ՝ կրակի սպառող բորբոքման մեջ: Բայց խիղճս հանգիստ չէ, Աշխեն: Ես կանխապես գիտեի գալոց վտանգը: Ես տեսնում էի, թե որպիսի չարագուշակ թուխպ պտտվում էր քո հայրենի երկրի վրա: Ես շտապեցի զգուշացնել թե՜ քեզ և թե՜ քո հորը: Բայց վտանգը ավելի շուտ հասավ ձեզ, քան թե իմ նամակը…

Գուցե այդպես էր աստուծո տնօրինությունը, պատասխանեց օրիորդը հանդարտ կերպով: Թողնենք այդ, Սամվել: Դու ինձ այն ասա, թե ինչո՞ւ համար եկար և այժմ ո՞ւր ես գնում:

Հարցը շատ ուղիղ դրվեցավ: Սամվելը մնաց շվարյալ դրության մեջ: Չգիտեր` ինչ պատասխանել: Րոպեական շփոթությունից հետո, կրկնեց նա.

Ինչո՛ւ համար եկա… և աայժմ ո՞ւր եմ գնում… Դա չափազանց տխուր հարց է, սիրելի Աշխեն, ես դժվարանում եմ պատասխանել: Քո առջև պետք է բաց անել վարագույրը այն սոսկալի գործողությունների, որ կատարվում են և պիտի շարունակվեն կատարվել մեր հայրենյաց ավերակների վրա: Այնուհետև դու ինքդ կհասկանաս, թե ինչո՜ւ համար եկա կամ ո՜ւր եմ գնում:

Փակված լինելով հայրենական լեռների խլության մեջ, Աշխենը շատ փոքր տեղեկություններ ուներ դրսի աշխարհից: Նրան թեև հասել էին բոթաբեր ձայներ, բայց այդ ձայները դեռևս ա՜յն աստիճան անորոշ և մութն էին նրա համար, որ տակավին մի պարզ հասկացողություն չէր կարողացել կազմել, թե ինչ են կամենում անել չար մարդիկ, որ մրրկածուփ խռովության մեջ էին դրել երկիրը: Սամվելն սկսեց մի ըստ միոջե պատմել թե՜ կատարված և թե՜ կատարվելիք գործերը: Խորին դառնությամբ նկարագրեց նա յուր հոր և Մերուժան Արծրունու ուրացությունը, բացատրեց այդ երկու դավաճանների բոլոր չար դիտավորությունները և նրանց հանձն առած ամոթալի պաշտոնը` քրիստոնեությունը ոչնչացնելու և պարսից կրոնը Հայաստանում տարածելու մասին: Պատմեց նրանց դարանագործությունը Արշակունյաց արքայական գահը կործանելու և Հայաստանում մի նոր թագավորություն հիմնելու մասին, պարսից գերիշխանության ներքո: Պատմեց նրանց դրած հանդիսավոր ուխտը պարսից Շապուհ արքայի առջև, և պարսիկ զորքերով Հայաստան գալը` Շապուհի ցանկությունները կատարելու համար: Նկարագրեց նրանց ձեռք առած բարբարոսական միջոցները, նրանց անգթությունները, իրանց նպատակին հասնելու համար: Մի խոսքով, հաղորդեց բոլորը, ինչ որ գիտեր ինքը, և ինչ որ նախատեսում էր ինքը:

Օրիորդը խորին վրդովմունքով լսում էր: Նրա վառվռուն աչքերը արտահայտում էին զգայուն սրտի թե՜ ցավը և թե՜ բարկությունը: Նրա գեղեցիկ դեմքը հարյուր անգամ փոխեց յուր գույնը, մինչև Սամվելը ավարտեց աղետալի պատմությունը:

Իսկ այդ բոլոր չարիքների դեմ ի՞նչ են մտածում անել հայոց նախարարները, հարցրեց նա խռովյալ ձայնով:

Ոմանք «ուրացողների» կողմն են: Իսկ հայրենի գահին և եկեղեցուն հավատարիմ մնացողները ուխտել են` մի մարդու պես կանգնել, կամ մեռնել, կամ ազատել հայրենիքը սպառնացող վտանգից:

Հետո պատմեց նա հավատարիմ մնացած նախարարների նախա-պատրաստությունները, Մուշեղի սպարապետության կոչվիլը, հայոց տիկնոջ, Փառանձեմի, հրավերը` զինվելու ընդհանուր թշնամու դեմ, և այլն: Յուր պատմությունը վերջացրեց հետևյալ խոսքերով.

Այժմ կասեմ քեզ, սիրելի Աշխեն, թե ինչո՞ւ համար եկա կամ ո՞ւր եմ գնում: Երկու սիրելիներ դրած են իմ առջև, մեկը վտանգի մեջ գտնվող հայրենիքը, մյուսը, վտանգի մեջ գտնվող կինը` դու: Երկուսն էլ ինձ համար հավասար չափով պաշտելի են, երկուսն էլ ինձ համար հավասար չափով անգնահատելի են: Երկուսի ձայնն ևս կոչում են ինձ: Երկար ես տանջվում էի այն մտքով, թե դեպի ո՞րը դիմեմ: Երկուսի համար ևս ես ուխտել եմ անկեղծ անձնազոհություն: Բայց իմ զգացմունքները դժվարացնում են ինձ վճռել, թե ո՞րին պետք է նվիրել առաջին զոհը: Ահա՜, իմ սրտագին ըղձերը, իմ ամենաջերմ փափագները թափում եմ քո առջև, սիրելի Աշխեն, դու ցույց տո՜ւր ինձ ճանապարհը , թե դեպի ո՛րը գնամ:

Դեպի հայրենիքի փրկության գործը, պատասխանեց օրիորդը ոգևորված ձայնով: Դու ինձ արժան չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան հեղեղների հետ, որ պիտի թափվին մեր աշխարհի ազատության համար: Եվ ոչ ես արժան կլինեմ քեզ, եթե նույնը չանեմ...

Դո՛ւ, բացագանչեց Սամվելը, և նրա տխուր դեմքը փայլեց անսպառ ուրախությամբ: Թույլ տո՛ւր գրկել իմ հրեշտակին, վրեժխնդրության և արդար բարկության հրեշտակին...

Նրանք գրկվեցան:

Աշխարհի բոլոր երանությունները չէին կարող այնպես , մխիթարել ինձ, որպես այդ խոսքը, որ թռավ քո շրթունքներից, սիրելի Աշխեն: – Այդ խոսքը լցնում է իմ սիրտը մի սրբազան հպարտությամբ, որ ես վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամենաընտրյալի սերը:

Կգնամ, Սամվել, անպատճառ կգնամ, կրկնեց օրիորդը ավելի ջերմ կերպով: Իմ մայրը կորավ, հայրս գնաց որոնելու մորս: Չգիտեմ, կվերադառնա, թե ոչ: Մեր լեռնականները սաստիկ հուզման մեջ են, ես հազիվ կարողանում եմ զսպել նրանց կատաղությունը: Նրանք սիրում էին իմ մորը: Մի մասը կթողնեմ մեր երկրի պահպանության համար, իսկ մի մասը ինձ հետ առնելով, կգնամ և իմ խումբով կմիանամ այն բանակի հետ, որ պիտի գումարվի Փառանձեմ տիկնոջ շուրջը: Թո՜ղ հայոց Տիկինը մի օրիորդ զորապետ ևս ունենա յուր քաջերի թվում: Այդ նրան կուրախացնե...

Սամվելը այժմ սկսեց ավելի լուրջ կերպով յուր համակրությունը հայտնել օրիորդի դիտավորության ո՜չ միայն վերին աստաիճանի հերոսական բնավորություն ունենալու մասին, այլ բացատրեց նրա ձեռնարկության և՜ անհրաժեշտությունը, ասելով.

Եթե դու այդ մտքին չգայիր, ես ինքս պետք է խնդրեի քեզնից այդպես անել, սիրելի Աշխեն: Թե՜ իմ հայրը և թե՜ Մերուժան Արծրունին պարսից Շապուհ թագավորից հատկապես հրահանգներ են ստացել նախարարների կանանց և զավակների մասին, որ ամեն տեղ ձերբակալեն նրանց և պահեն առանձին բերդերում, մինչև նրանց ամուսինները անձնատուր կլինեին: Եվ քո մորը այդ նպատակով են տարել: Դու մի բախտով ազատվեցար, սիրելի Աշխեն: Եթե դու հորդ հետ որսի գնացած չլինեիր, եթե դու այն գիշերը, երբ նրանք պաշարեցին ձեր ամրոցը, այնտեղ գտնվեիր, ես անպատճառ քեզ կորցնելու դժբախտությունը կունենայի, որովհետև քեզ ևս կտանեին: Հայոց նախարարներին հայտնի է հիշյալ հրահանգը, այդ պատճառով շատերն իրանց ընտանիքների հետ շտապում են ապաստան գտնել գլխավոր բանակում, հայոց տիկնոջ մոտ:

Վերջին խոսքերը, երևի, վիրավորեցին օրիորդի անձնասիրությունը, և նա բավական ազդու ձայնով պատասխանեց.

Ես չեմ գնում հայոց տիկնոջ բանակը ապաստանի կամ փախուստի տեղ որոնելու, Սամվել: Ես գնում եմ Ռշտունյաց փոքրիկ ուժերը խառնելու հայոց ընդհանուր զինվորության հետ: Եթե հարկավոր լիներ թաքչիլ և իմ անձը միայն պահպանել, դրա համար մեր լեռներում շատ ամուր տեղեր կան: Թե ի՜նչ հրահանգներ են ստացել Շապուհից քո հայրը կամ Մերուժան Արծրունին, այդ ես չգիտեմ, ես այժմ միայն լսում եմ քեզանից: Բայց այնքանը հաստատ գիտեմ, որ եթե նրանք ցամաքի կողմով մոտենային մեր ամրոցներին, ո՜չ միայն տիրել չէին կարող, այլ թե՜ իրանք և թե՜ իրանց բերած պարսիկ զորքերը կանհետանային մեր լեռների մեջ: Այդպես էլ եղավ, բայց ոչ բոլորովին...

Օրիորդը ավելի մանրամասն տեղեկություններ տվեց թշնամու արշավանքի մասին, քան թե գիտեր Աամվելը: Ասաց, իրավ, հարձակման գիշերը թե՜ ինքը և թե՜ յուր հայրը, որսորդության առիթով, բացակա էին ամրոցից, և այդ նպաստեց նրանց թշնամու ձեռքը չընկնել: Ամրոցում մնացել էր միայն մայրը փոքրաթիվ բերդապահների հետ: Թշնամին յուր արշավանքը կատարել էր երկու կողմից և այդ նպատակով յուր զորքերը երկու մասն էր բաժանել: Մի մասը եկել էր ցամաքի ճանապարհով, իսկ մյուս մասը ծովային ճանապարհով: Վերջինները պաշարել էին կղզին և, զորեղ ընդդիմադրություն չգտնելով, կարողացել էին տիրել ամրոցին: Իսկ ցամաքի ճանապարհով եկածների մեծ մասը ջարդվել էին լեռնային կիրճերի և փապարների մեջ: Նրանցից խիստ սակավներին հաջողվել էր փախչել դեպի Վան:

Սամվելն այժմ միայն հասկացավ այն պատերազմական տխուր երևույթների պատճառները, որ ճանապարհին ամեն քայլում հանդիպում էին նրան, և այնպես սաստիկ կերպով գրավում էին նրա ուշադրությունը: Նա գրկեց օրիորդին և խիստ զգացված ձայնով բացագանչեց.

Հավատում եմ ձեր ահռելի լեռներին, հավատում եմ ձեր մթին անտառներին, հավատում եմ և ձեր լեռնականների քաջությանը, սիրելի Աշխեն, որովհետև իմ անձի վրա փորձեցի նրանց զորությունը…

Ի՞նչպես, հարցրեց օրիորդը, ազատվելով նրա գրկից:

Ես ոտք դրի ձեր հողի վրա 300 հոգով, իսկ այժմ իմ մարդիկներից մնացել են 43 հոգի միայն:

Օրիորդը գունաթափվեցավ:

Միթե կարելի՞ է այդպես անզգույշ լինել, Սամվել, ասաց նա շփոթված ձայնով: Ինչո՞ւ նախապես իմացում չտվեցիր ինձ քո գալու մասին: Ինչո՞ւ կորցրիր դու քո մարդիկը:

Ես մի քանի րոպե առաջ ասացի, որ նամակ էի գրել, բայց,նամակը քեզ չէր հասել: Այդ թողնենք, խոսքը փոխեց նա, մնացած քառասունևերեք հոգին դարձյալ շատ բավական են ինձ համար՝ գնալու այնտեղ, ուր ես ցանկանում եմ…

Վերջին խոսքերը այնպիսի մի հանգով արտասանեց նա,որ օրիորդը ստիպված եղավ հարցնել.

Ո՞ւր պիտի գնաս:

Հորս մոտ…

Դու տակավին նրան հա՞յրս ես համարում, Սամվել, գոչեց օրիորդը, և զայրացած կերպով երեսը շուռ տվեց:

Այո՜, Աշխեն: Ես տակավին սիրում եմ նրան: Ես պետք է տեսնվեմ նրա հետ, անպատճառ պետք է տեսնվեմ: Ես դեռևս հույս ունեմ, որ իմ լացով և արտասուքով կարող կլինեմ դարձնել նրան յուր չար ճանապարհից: Իսկ եթե չի հաջողվի ինձ, այն ժամանակ…

Այն ժամանակ ի՞նչ կանես:

Այդ մի՜ հարցրու, սիրելի Աշխեն, աղաչում եմ քեզ: Մի՜ հարցրու:

Օրիորդը մնաց մտատանջության մեջ: Այսպիսի պատասխան նա չէր սպասում, և ոչ կարող էր երևակայել, թե կա աշխարհում մի բան, որ Սամվելը գիտե և նրանից թաքցնում է: Նա Սամվելի սիրտը յուր սիրտն էր համարում և նրա միտքը յուր միտքն էր համարում: Ուրեմն ի՞նչն էր ստիպում նրան ծածկամիտ լինել, և ո՞ւմ մոտ, յուր մոտ:

Ես չեմ հարցնի, Սամվել, թե դու ի՞նչ պիտի անես, ասաց նա վշտացած ձայնով, բայց կասեմ, որ մռայլ մտքեր են թաքնված քո խոսքերի մեջ…

Սամվելի ժպիտը ավելի գրգռեց նրան, երբ հեգնությամբ պատասխանեց,

Եթե իմ խոսքերի մեջ ծածկյալ մտքեր կան, կարող ես հավատացած լինել, սիրելի Աշխեն, որ նրանք մռայլ չեն, այլ, ընդհակառակն, շատ պարզ ու պայծառ են... Ես այժմ այդքանով միայն կարող եմ հանգստացնել քեզ, որ երբեք վատ կամ անազնիվ գործ չեմ կատարի: Իսկ իմ տեսությունը իմ հոր հետ` ո՜չ միայն կարևոր է, այլ շա՜տ և շա՜տ անհրաժեշտ է…

Իզուր ժամանակ պիտի կորցնես, Սամվել: Դու դեռևս հույս ունես, որպես ասում ես, քո լացով ու արտասուքով պիտի կարողանաս դարձնել քո հորը յուր չար ճանապարհից: Բայց ինչո՞ւ չես մտածում, որ նա ևս կաշխատե քաշել քեզ յուր ճանապարհի վրա: Ես բնավ տարակույս չունեմ, որ երբ դու կներկայանաս նրան, նա անպատճառ կառաջարկե քեզ աջակցել իրան: Դու, իհարկե, կմերժես: Այն ժամանակ, որպեսզի նրան խոչընդոտ չդառնաս, կկալանավորե քեզ, կդնե բանտը, և այսպիսով կզրկե քեզ քո բոլոր ձեռնարկություններից, որ ավելի կարևոր են:

Նա այդ աստիճան անգութ չի լինի:

Եվ դրանից ավելի անգութ կլինի: Նա՜, որ չխնայեց իմ մորը, յռւր հարազատին, յուր. արյունակցին, յուր քրոջը, անտարակույս, չի խնայի և հարազատ որդուն:

«Այն ժամանակ ես էլ չեմ խնայի…» յուր մտքում ասաց Սամվելը և, ,դառնալով դեպի օրիորդը, ավելացրեց,

Վստահ եղի՜ր իմ խոհեմության վրա, սիրելի Աշխեն, ես մինչև այնտեղը չեմ հասցնի, որ նա ինձ բանտարկե:

Օրիորդը դեռ ոչ-բոլորովին հանգիստ էր:

Ի՞նչ է մտածում քո մայրը, հարցրեց նա:

Իմ մայրը բոլորովին կամակից է հորս հետ: Քեզ հայտնի է նրա փառասիրությունը, քեզ հայտնի է և նրա ատելությունը դեպի առհասարակ բոլոր Արշակունիները: Շապուհը խոստացել է նրա եղբորը, Մերուժանին, տալ հայոց թագավորությունը, եթե կատարելու լինի պարսից ցանկությունները: Այդ խոստմունքը, որի իրագործման մասին մայրս մեծ հույսեր ունի, բոլորովին խելքից հանել է նրան: Նա այժմ պատրաստ է ամեն բանի համար, և պարսից կրոնը ընդունել, և քրիստոնեությունը ոչնչացնելու հոգ տանել, մի խոսքով ամեն ձեռնարկություն հանձն առնել, միայն թե յուր եղբայրը հայոց թագավոր լինի:

Իսկ քո հորը ի՞նչ է խոստացել Շապուհը:

Հայոց սպարապետությունը:

Մայրդ գիտե՞ , որ դու գնալու ես հորդ մոտ:

Ի՞նչպես չգիտե: Նա ինքը կարգադրեց իմ ճան ապարհի բոլոր պատրաստությունները, և այնքան շքեղ, այնքան փառավոր հանդերձանքով, որ արքայավայել պետք էր համարել: Նա ինքը կազմակեպեց իմ ստվար ասպախումբը, իմ համհարզների բազմությունը, որոնք կորան ձեր անտառների մեջ: Եվ ես շատ ուրախ եմ, որ ազատվեցա նրանցից: Նրանք ինձ համար մի անտանելի ծանրություն էին: Պետք է շնորհակալ լինել ձեր լեռնականներից, որ իմ բեռը թեթևացրին…

Արևը արդեն լցրել էր փոքրիկ ձորակը յուր ջերմ ճառագայթներով, օրից բավական անցել էր: Նրանք տակավին խոսում էին: Օրիորդի դերը որոշված էր: Բայց Սամվելինը դեռ մնում էր տարակուսական: Աշխենը ոչինչ երկբայություն չուներ նրա անկեղծության մասին, գիտեր, թե որքան ազնիվ և հավատարիմ էր նա: Բայց վախենում էր նրա կյանքի մասին, այն կյանքի, որի հետ կապված էր և յուր կյանքը: Սամվելի ձեռնարկությունը նրան չափազանց վտանգավոր էր թվում, թեև, մյուս կողմից, նրա խելքի և քաջության վրա մեծ վստահություն ուներ: Նա չկասեցրեց սիրված երիտասարդին յուր նպատակներից, միայն հարցրեց,

Դու ե՞րբ կվերադառնաս:

Այդ չեմ կարող ասել, սիրելի Աշխեն, որովհետև չգիտեմ, թե ե՞րբ կամ որտե՞ղ կգտնեմ հորս: Բայց հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ:

Մենք որտե՞ղ կհանդիպենք միմյանց:

Այստեղ: Ես կրկին կգամ քեզ մոտ, և միասին կգնանք հայոց տիկնոջ բանակը:

Ինձ շատ ցանկալի կլիներ սպասել քեզ, Սամվել, եթե քո վերադարձը որոշված լիներ: Բայց ես հենց այս շաբաթ պետք է պատրաստվեմ ճանապարհ ընկնելու դեպի բանակը: Այնտեղ կտեսնվենք, եթե աստված տնօրինել է կրկին տեսնվիլ միմյանց հետ… Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա ձայնը դողաց:

Սամվելը զգացվեցավ և նրա ձեռքը առեց յուր ափերի մեջ:

Վճռվա՛ծ է, ասաց նա ներքին վրդովմունքով: Մենք կտեսնվենք հայոց տիկնոջ բանակում: Այն ժամանակ, ես հույս ունեմ, սիրելի Աշխեն, երբ առաջին անգամ կհանդիպենք միմյանց, դու կհամբուրես իմ ճակատը և կասես. «Դու արժան՛ ես ինձ», և այդ կլինի իմ ամենամեծ վարձատրությունը այն վտան գավոր ձեռնարկության համար, ուր հայրենյաց նախանձախնդրությունը մղում է ինձ... Մեր պայմանները վերջացած են: Ես այլևս չեմ ուշացնի քեզ, գիտեմ, որ քո լեռնցիները անհամբեր սպասելիս կլինեն քեզ: Գրկի՜ր ինձ, սիրելի Աշխեն, և տուր քո համբույրը և քո օրհնությունը: Աստված կլսե անմեղ շրթունքների ձայնը: Ես գնում եմ թշնամու բանակը: Իմ ճանապարհը և կորստյան, և փառքի ճանապարհ է: Քո համբույրը կոգևորե և թև կտա ինձ, իսկ քո օրհնությունը կփարատե ամեն արհավիրք: Գրկի՜ր ինձ, սիրելի Աշխեն…

Նրանք գրկվեցան: Երկար լուռ արտասուքը հեղեղի նման հոսում էր նրանց աչքերից, բայց անզոր էր շիջուցանելու այրվող սրտերի կրակը: Երկար լուռ հեկեկանքը ալեկոծում էր նրանց, և «Արտասուքի աղբյուրը» յուր տխուր հառաչանքներով ձայնակից էր լինում նրանց դառն հառաչանքներին…

Դ

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ

«Իսկ Վահանայ էր քոյրաթիւ ի Մամիկոնեան տոհմէն, քոյր Վարդանայ, Համազասպուհի , եւ էր նա կին Գարեգինի տեառնն Ռշտունեաց գաւառին… Իսկ անօրէնն Վահան եւ Մերուժանն հրւսման տային բերդակալին (միջնաբերդին Վանայ ) զի նեղեսցէ զկինն, եթե ոչ առցէ յանձն զօրէնս Մազդեզանցն… Իբրեւ ոչ առնոյր յանձն Համազասպուհի պահել զօրէնս Մազդեզանցն, հանէին ի բարձր աշտարակն… եւ մերկացուցին զնա իբրեւ ի մօրէ, եւ արկեալ կապ զոտիպն, գլխիվայր կախեցին զնա զբարձուէն կուսէ. եւ այնպէս մեռաւ ի կախաղանին»:

Փաւստոս:

Լուսինը շտապով սահում էր դեպի Սիփանի բարձր գագաթները, որ ընկղմված էին խորին, թախծալի մթության մեջ: Հայտնի չէ, թե ինչո՞ւ նա այնպես դժգոհությամբ թողնում էր այն գեղեցիկ վայրերը, ուր ամեն գիշեր նկարում էր այնքան սքանչելի պատկերներ: Նրա ներքևում անհանգիստ կերպով ծփում էր Վանա ծովակը: Նա ծփում էր որպես մի սիրահար, որ շուտով պիտի բաժանվի յուր սիրուհուց: Անզուսպ տարփանքով հափշտակվել էր նա երկնից դժխոյի գունաթափ շառավիղներով, և շողշողալով գրկվում էր նրանց հետ, համբուրվում էր, և կարծես, յուր ալիքների տխուր շշնջյունով ասելիս լիներ. «Մի՜ գնացեք, մի՜ թողեք ինձ խավարի մեջ...»:

Բայց նա գնում էր...

Ծովակի արևելյան ափերի վրա դեռ նշմարվում էին մի հինավուրց քաղաքի բարձր աշտարակները և ատամնավոր շրջապարիսպները: Լուսնի լուսավորության ներքո այդ վաղեմի քաղաքը ներկայանում էր որպես մի պառավ կախարդ, որ յուր ծերության մեջ տակավին մնացել էր գեղեցիկ, տակավին մնացել էր հրապուրիչ: Այնտե՜ղ, նրա օդակառույց ապարանքների մեջ, այնտեղ, նրա բարձր կախաղանավոր պարտեզներում, մի ժամանակ, հայոց մի երիտասարդ թագավորի սիրով, զվարճանում էր աշխարհի ամենամեծ կախարդը Շամիրամը:

Դա Վան քաղաքն էր:

Լուսինը ծածկվեցավ Սիփանի բարձրությունների մեջ և յուր ետևից թողեց մթին խավար: Այլևս չէր երևում սիրուն քաղաքը, այլևս չէր երևում փայլուն ծովակը: Լսելի էր լինում միայն ալիքների խուլ հառաչանքը, որ գիշերային լռության մեջ հնչում էին որպես մի սգավորի ողբաձայն աղաղակներ:

Լուսնի լուսավորությանը փոխարինեց մի այլ լուսավորություն:

Ուղիղ այն կողմում, որտեղ կանգնած էր քաղաքը, օդի մեջ երևացին բազմաթիվ հրեղեն գնդակներ: Այդ երևույթը սկզբից այնպիսի տպավորություն էր գործում, կարծես, ամբողջ երկինքը բոցավառվում էր մի ընդարձակ հրդեհով, և աստղերը այրվելով, մեկ-մեկ ցած էին թափվում: Բայց հրեղեն գնդակները բարձրանում էին ներքևից և, օդի մեջ զանազան պտույտներ գործելով, հետո ցած էին ընկնում: Այնտեղ կատարվում էր մի հանդիսավոր հրախաղություն, բայց դժոխային հրախաղություն...

Հրեղեն տարափը, հրեղեն կարկուտի նման, շարունակում էր տեղալ: Նա հետզհետե աճում էր ավելի փութով, նա հետզհետե ընդարձակվում էր ավելի եռանդով: Երբեմն շրջակայքը դղրդվում էր խառնաձայն աղաղակների խուլ արձագանքներով: Այդ աղաղակները, որպես մի զարհուրելի կատաղություն, լսելի էին լինում հրային սաստիկ ժայթքումներից հետո, որպես զայրացած երկնքի աղաղակը լսելի է լինում կայծակի ահռելի փայլատակումից հետո:

Վանը պաշարված էր:

Այդ կրակը, այդ հուրն ու բոցը թափվում էր դժբախտ քաղաքի վրա: Նրան պաշարել էին վայրենի ռշտունիները իրանց դրացի սասունցիների հետ: Նա պաշարված էր այդ լեռնականներից, որպես մի ժամանակ դժբախտ Տրոյան պաշարված էր հելլենացիներից: Նախանձախնդիր հելլենացին կռվում էր գեղեցիկ Հեղինեի պատվի համար, որին յուր թագավոր ամուսնի հյուրասեր տնից հափշտակեց անամոթ տարփածուն: Իսկ ռշտունիները, կռվում էին իրանց աշխարհի սիրելի տիկնոջ համար, որին անգութ ձեռքով հափշաակեց եղբայրը:

Լեռնականները, տիրելով մերձակա բլուրներին, նրանց բարձրությունից հուր էին ցանում քաղաքի վրա: Նրանց հրանոթներն ապագա հրանոթների նախապապերն էին հասարակ պարսետներ, խիստ պարզ կերպով շինված, բայց, չայրվելու համար, շղթաներից շինված: Դրանց մեջ դնում էին կամ ծծումբով տոգորված շորի փաթոթներ կամ նավթի և այլ դյուրավառ հեղուկների մեջ թաթախված փալասի կտորներ, վառում էին և, պտույտացնելով օդի մեջ, ձգում էին դեպի քաղաքը: Ոմանք նույն պարսետներով նետում էին քարեր:

Շատ չանցավ, քաղաքը նույնպես սկսեց ներսից պատասխանել դրսի կրակներին: Զանազան տեղերից բարձրացան բոցեր: Բայց այդ բոցերը բարձրանում էին և դարձյալ հանգչում էին իրանց տեղում, առանց քաղաքի պարիսպներից դուրս գնալու: Դրանք ներսի շինվածքների բոցերն էին, որ արդեն սկսել էին այրվիլ:

Քաղաքը պաշտպանող զորքը բաղկացած էր միայն պարսիկներից, որ բերել էին իրանց հետ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Օրհասական տագնապի մեջ, այդ զորքերը այնքան հոգ չէին տանում դրսի թշնամու հետ մաքառելու, որքան աշխատում էին զսպել ներսի բնակիչներին, որոնք սարսափելի խռովությամբ դուրս էին փախչում իրանց տներից, որտեղ որ հրդեհը արդեն սկսել էր ճարակել: Զորքը վախենում էր, միգուցե քաղաքացիք բաց անեն քաղաքի դռները և թշնամուն ճանապարհ տան ներս մտնելու:

Բայց կրակը ավելի և ավելի տարածվում էր: Նախ այրվեցան ախոռատների կտուրների վրա դիզած խոտերը, հետո մարագներն ու մթերանոցները: Շուկան յուր բոլոր հարստությամբ վառվում էր, որպես մի շորի կտոր: Կրակր սկսվեցավ ատաղձագործների խանութներից և այստեղից անցավ դեպի քաղաքացոց տները: Մարդիկ այլևս հոգ չէին տանում հանգցնելու, այլ շտապում էին փախչելու: Ուր և գնում էին, որ կողմ և վազում էին, նրանց առջևը փակում էր հրեղեն անանցանելի հեղեղը: Սարսափած բնակիչների հուսահատ աղաղակները, միախառնվելով կործանվող շինվածքների դղրդյունի հետ, ավելի սաստկացնում էին ընդհանուր զարհուրանքը:

Հրդեհի սոսկալի լուսավորությունը երևան հանեց մի սոսկալի հրեշ, որ քաղաքի հյուսիսային կողմից, որպես մի քարացած, գալարված վիշապ, բարձրացել էր դեպի երկինքը: Նա հետզհետե աճում էր, հետզհետե ավելի ահռելի կերպարանք էր ստանում, որքան աճում էր տիրող լուսավորությունը: Հպարտ հայացքով նայում էր նա դեպի յուր շուրջը ճարակող հրային ծովը, և կարծես, նրա մռայլ հայացքը արտահայտում էր այդ խոսքերը. «Չնչի՛ն տարր, որքան կամենում ես կատաղի՜ր, որքան կամենում ես հեռու տարածիր քո վայրագությունը, բայց դարձյալ քո ալիքները իմ բարձրությանը չեն հասնի…»:

Դա Վանա միջնաբերդն էր այն վիմային հսկա ամրությունը, որ բնությունը ինքն էր հրաշակերտել: Դա այն անմատչելի ամրոցն էր, որի սքանչելիքները հայոց ավանդությունները Շամիրամին էին ընծայում:

Ավելի մոտից նայելով, նա մի այլանդակ ուղտի նմանություն ուներ, բայց չոքած ուղտի, որը, որպես մի հրեշավոր սփինքս, կիսով չափ թաղվել էր ծովեզերքի ավազների մեջ: Վիթխարի գլուխը տարածել էր դեպի արևելք, իսկ ստվար գավակը դեպի արևմուտք: Նրա կրկնակի սապատները, որ բարձրացել էին մինչև ամպերը, կրում էին իրանց վրա ահագին աշտարակներ և անառիկ, բրգաձև մարտկոցներ: Աշխարհի բոլոր զորությունները անկարող էին ազդել նրա ապառաժային կողքերի վրա, որ պողովատի կարծրություն ունեին: Նրա քարեղեն սրտում փորված էին բազմաթիվ սենյակներ, խորին անձավներ և զանազան սրահներ ու սրահակներ, որոնք նույնքան խորհրդավոր և նույնքան անվերծանելի էին, որպես այդ ծածկամիտ սփինքսը:

Քարակոփ սրահակներից մեկի մեջ, ուր մի ժամանակ նստած էր լինում Շամիրամը, և նրա բարձրությունից նայում էր դեպի Վանա ծովակի կապուտակ հայելին, նայում էր դեպի Վարագա լեռան հրաշալի տեսարանները և հիանում էր հայոց երկրի գեղեցկությամբ, այժմ նույն սրահակի մեջ գտնվում էր մի այլ իշխանուհի:

Քնած էր նա, այնպիսի մի անուշ և խաղաղ քնով, որ խիստ հազիվ անգամ բարի ոգիները պարգևում են մահկանացուներին: Նա քնած էր առանց հանվելու, յուր շքեղ անկողնի վրա: Գեղեցիկ դեմքը հրդեհի տաքությունից շառագունել էր: Քրտինքի մի քանի մարգարիտներ փայլում էին պարզ ճակատի վրա, որ պսակված էր սև գանգուրներով: Վարդագույն շրթունքներն երբեմն հազիվ նշմարելի կերպով ցնցվում էին, և մի թեթև ժպիտ յուր բոլոր հրապուրանքով վազում էր սիրուն դեմքի վրա: Ծանր շնչառությունը ամեն անգամ բարձրացնում էր նրա հարուստ կուրծքը, որի վրա հանգչում էր պարանոցի գոհարազարդ մանյակը: Երկու ձեռքերի հոլանի բազուկների ոսկյա ապարանջանների հետ կցած էին երկու երկաթյա օղակներ, որ միանում էին մի կարճ շղթայի երկու ծայրերի հետ: Ոտքերից մեկը նույնպես շղթայած էր: Այդ դրության մեջ նմանում էր նա մի բանտարկված հրեշտակի, որի հանցանքը հենց յուր անմեղության մեջն էր կայանում :

Հրդեհի կարմրագույն ճառագայթները, ներս ցոլանալով նրա բանտի լայն պատուհաններից, լուսավորում էին գեղեցիկ սրահակը վառվռուն, շլացուցիչ լուսավորությամբ: Այդ սոսկալի լուսավորության մեջ նա ավելի սքանչելի էր երևում:

Շրջակայքում տիրող աղմուկն ու խռովությունը արթնացրին նրան: Գլուխը վեր բարձրացրեց, ապշած կերպով նայեց յուր շուրջը: Մի քանի րոպե նա իրան երազի մեջ էր զգում: Ոչինչ չէր հասկանում: Նրա ականջներին հասնում էին միայն ոտքերի խուլ տրոփյուններ, խառնաձայն աղաղակներ և հուսահատական դառն հառաչանքներ: Նրան այնպես էր թվում, որ աշխարհի վերջը հասել էր, և տիեզերքը ընդհանուր ալեկոծության մեջ էր գտնվում: Նրա սիրտը սկսեց դողալ: Փորձեց մոտենալ պատուհանին և նայել: Բայց ոտքին կապած շղթան արգելեց: Աղմուկը ավելի սաստկանում էր, և սրահակի մեջ տիրող լուսավորությունը հետզհետե ավելի պայծառ գույն էր ստանում: Նա այժմ սարսափում էր նայելու յուր շուրջը: Երկու ձեռքով բռնեց աչքերը և ողբաձայն աղաղակով բացագանչեց.

Տե՛ր աստված, այդ ի՞նչ խռովություն է…

Այդ միջոցին մի անձնավորություն ծանր և հաստատուն քայլերով վեր էր բարձրանում միջնաբերդի քարակոփ սանդուղքներով,որ փորված էին միակտուր ապառաժի մեջ: Երբեմն յուր լուռ հայացքը դարձնում էր նա դեպի շուրջը կատարվող արհավիրքը և եբբեմն նայում էր դեպի յուր առջևի խոտորնակի սանդուղքները, որ ձեռքի լապտերով լուսավորում էր մի սպա, թեև լապտերի ամե նևին պետք չկար: Երկար գնում էր նա, մինչև բարձրացավ միջնաբերդի գագաթը և կանգ առեց հիշյալ սրահակի դռան մոտ: Նա գլխով նշան տվեց սպային, որ սպասե դրսում, իսկ ինքը հանեց գրպանից մի ծանր բանալի, բաց արեց երկաթյա դուռը և ներս մտավ:

Ողջո՛ւյն, սիրելի Համազասպուհի, ասաց նա մոտենալով տիկնոջը: Ես կարծում էի, որ դու քնած կլինես, երևի դրսի աղմուկը անհանգստացրեց քեզ:

Այդ ի՞նչ աղմուկ է, հարցրեց տիկինը խռովյալ ձայնով:

Ցնծությա՛ն աղմուկ, սիրելի Համազասպուհի: Այդ դեռ հարսանիքի առաջին գիշերն է, քո հարսանիքի, սիրելի Համազասպուհի: Տեսնո՞ւմ ես, ինպե՞ս գեղեցիկ լուսավորված է քաղաքը: Ո՜չ, դու չես տեսնում, ես այս րոպեիս քեզ ցույց կտամ…

Նա մոտեցավ, բաց արեց տիկնոջ ոտքի շղթան, բռնեց նրա ձեռքից և տարավ, կանգնեցրեց պատուհանի մոտ, ասելով.

Նայի՜ր…

Կարծես դժոխքը յուր բոլոր զարհուրանքով բացվեցավ թշվառ տիկնոջ աչքերի առջև: Նա դողդողաց, թուլացավ և ընկավ անգութ այցելուի բազուկների վրա, որը գրկեց նրան և կրկին դրեց յուր անկողնի վրա:

Այցելուն Վահան Մամիկոնյանն էր Սամվելի հայրը և ուշաթափ եղած տիկնոջ հորեղբայրը:

Հսկայատիպ էր նա և ամրակազմ, և, որպես առհասարակ բոլոր Մամիկոնյանները, օժտված էր շատ հաճելի կերպարանքով: Նրա փոքր-ինչ խիստ դեմքը արտահայտում էր հաստատամիտ մարդու թե՜ համառությունը և թե՜ անգթությունը, երբ այդ պետք էր: Կրում էր պարսից նշաններ: Տիկնոջ անակնկալ ուշաթափությունը բավական խռովություն պատճառեց նրան: Նա Համազասպուհիին այս աստիճան թուլասիրտ չէր կարծում, այդ էր պատճառը յուր այնպես անզգույշ վարվելուն նրա հետ: Բայց տիկնոջ ուշագնացությունը երկար չտևեց: Նա բաց արեց յուր լի տրտմտությամբ աչքերը և, դառնալով դեպի յուր հորեղբայրը, ասաց.

Ա՜յդ էիր ցանկանում, Վահան… Միթե այդ աստիճան քարացա՞ծ են քո մեջ մարդկային զգացմունքները, որ դու ծաղրում ես հազարավոր ընտանիքների լացն ու կոծը, որ դու առ ոչինչ ես համարում այդ թշվառների խորովվիլը իրանց տների ծածքերի ներքո, և նրանց թաղվիլը իրանց բնակարանների մոխրի մեջ…

Ինչո՞ւ ես ի՜նձ հանդիմանում, սիրելի Համազասպուհի, պատասխանեց նա հանդարտ կերպով: Ա՜յդ քո ամուսինն է, որ կրակ է թափում քաղաքի վրա:

Տիկնոջ զայրացած դեմքը ավելի գունաթափվեցավ:

Իմ ամուսի՛նը, բացագանչեց նա դողդոջուն ձայնով: – Այդ չէ՜ կարող լինել, Վահան, նա յուր կյանքում մի մրջյունի անգամ չէ վիրավորել: Բաց արա՜ իմ շղթաները, Վահան, ես այս րոպեիս կգնամ, եթե նա է, իմ սրտի բոլոր դառնությունը կթափեմ նրա վրա…

Այո՜, նա է , յուր վայրենի լեռնականներով պաշարել է քաղաքը:

Եթե իմ ամուսինն է, անպատճառ ինձ համար է գործում այդ բարբարոսությունը: Ինչո՞ւ բերեցիր ինձ այստեղ, Վահան, ինչո՞ւ խռովեցրիր առաքինի մարդուն: Դու ավերակ դարձրիր մեր ամրոցները, և դրանով ևս չկարողանալով հագեցնել քո անգթությունը, դու քո հարազատին, քո արյունակցին գերի վարեցիր: Ի՞նչ էր իմ հանցանքը: Ինչո՞ւ եմ ես այստեղ, այս շղթաների մեջ, այդ քարեղեն բանտում, ուր ամենաթշվառ եղեռնագործներին են միայ՛ն աքսորում: Ինչո՞ւ համար էր այդ բոլորը: Նրա համար, որ բարի և ողորմած մարդուն գազանության մեջ դնեիր, որ նա գար և այդ դժոխային, այդ դիվական խաղը խաղար դժբախտ քաղաքի հետ…

Նա բռնեց աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ: Նրա արտասուքը ազդեց Մամիկոնյան իշխանի վրա, որը, զսպելով սրտի խռովությունը, բռնեց նրա շղթայակապ ձեռքը և խիստ զգացված ձայնով ասաց.

Այդ հարգելի ձեռքերը, որ միշտ սովորած են եղել բարիք գործելու, այո՜, այժմ շղթայի մեջ են, և այդ շղթան դրել է եղբայրը: Բայց մի՜ նախատիր ինձ, սիրելի Համազասպուհի: Կյանքի մեջ, մանավանդ պետությունների կյանքի մեջ, լինում են այնպիսի դառն հանգամանքներ, երբ հայր, մայր, քույր, եղբայր կամ օտար բոլորը հավասար են և հավասար կերպով են պատժվում, երբ խոչընդոտ են դառնում մի մեծ ձեռնարկության իրագործմանը, որի մեջն է հասարակաց բարին, որից կախված է նրա ապագա երջանկությունը: Մենք-թե՜ ես և թե՜ Մերուժանը, ծառայում ենք այդ գործին…

Ո՞րն է այդ գործը, ո՞րն է այդ մեծ ձեռնարկությունը:

Քեզ հայտնի է, սիրելի Համազասպուհի, այլևս ինչո՞ւ ես հարցնում:

Տիկնոջ տխուր աչքերը փայլեցան բարկության բոցով. Նա գոչեց.

Ամո՛թ քեզ, Վահան, որ ամոթալի գործով արատավորում ես Մամիկոնյանների պայծառ հիշատակը... Թո՛ղ այն օրը սև լիներ, երբ դու աշխարհ եկար… Թո՜ղ քո մայրը քո փոխարեն մի կտոր քար ծնած լիներ, և ոչ քեզ նման մի պատիժ ու պատուհաս Հայոց երկրի համար…

Եշխանը լռեց: Նրա ամբողջ մարմնով անցավ մի ցուրտ սարսուռ, և հանդարտ դեմքի վրա երևացին անորոշ ցնցումներ, որ արտահայտում էին նրա խորին վրդովմունքը:

Դու ինձ անիծում ես, Համազասպուհի:

Ուրիշ խոսքերի արժանի չես դու, Վահան: Նա՜, որ թողնում է մայրենի եկեղեցին, և պարսից հեթանոսական կրոնն է աշխատում տարածել յուր հայրենիքում, նա՜, որ դավաճանում է յուր թագավորին և պարսից բարբարոսական իշխանությունն է կամենում հաստատել յուր հայրենիքում, նա՜, որ կրակով և արյունով ոչնչացնում է հայրենի երկիրը, նա միա՜յն անեծքի է արժանի, Վահան: Կանիծե՛ն քեզ հազարավոր մայրեր, որ պիտի զրկվին իրանց որդիներից… կանիծե՛ն քեզ հազարավոր ամուսիններ, որ պիտի այրի մնան... կանիծե՛ն քեզ հազարավոր քույրեր, որոնց եղբայրները պիտի ընկնին ներքին կռիվներում… կանիծե՛ն քեզ հազարավոր մանուկներ, որ պիտի որբ մնան… կանիծե՛ քեզ ապագա սերունդը, քանի որ կհիշե չար մարդու գործերը…

Այդ խոսքերը կայծակի նման շանթում էին իշխանի սրտին:

Այո՜, պատասխանեց վշտալի ձայնով, այդ բոլոր զոհերը պետք է կատարվին… և ես շատ ցավում եմ, որ պետք է կատարվին... Բայց առանց այդ զոհերի փրկություն չի լինի... Թո՜ղ ներկա և ապագա սերունդը անիծե ինձ: Բայց իմ խիղճը հանգիստ է: Ես համոզված եմ, որ վատ գործ չեմ կատարում: Ինչո՞ւ ես դու, Համազասպուհի, մոռանում անցյալը, ինչո՞ւ ես դու մոռանում պատմությունը ամենամոտ ժամանակների աղետալի պատմությունը: Երբ Տիրանը, մեր այժմյան աքսորյալ թագավորի հայրը, կամենալով իսպառ ջնջել Արծրունի և Ռշտունի նախարարների ամբողջ տոհմերը, երբ բոլորին կոտորել տվեց, առանց խնայելու սեռի և հասակի, ովքե՞ր էին այն երկու մանուկները, որ միայն ազատ էին մնացել ընդհանուր կոտորածից:

Մեկը Տաճատ Ռշտունին էր-իմ ամուսնի հայրը, մյուսը Շավասպ Արծրունին էր Մերուժանի հայրը:

Այո, այդ երկուսը միայն կենդանի մնացին երկու նախարարական մեծ տոհմերի բազմանդամ գերդաստանից: Բայց երբ այդ երկու մանուկներին ևս դահիճները բերեցին Տիրանի առջև մորթելու, ովքե՞ր էին, որ մերկ սրերը ձեռքում հարձակվեցան արյան հրապարակը և ազատեցին անմեղ մանուկներին:

Մեկը քո հայրն էր Արտավազդը, մյուսը քո եղբայրն էր– Վասակը:

Այո՜, Համազասպուհի, մեկը իմ հայրն էր, մյուսը իմ եղբայրը: Այդ երկու մանուկների պատճառով նրանք թողին Տիրանի ծառայությունը, թողին իրանց հայրենի ժառանգությունը Տարոնը, և ամրացան Տայոց լեռների մեջ: Այնտեղ մանուկներին սնուցին, մեծացրին և իրանց աղջիկներին նրանց կնության տվեցին: Շավասպից ծնվեցավ Մերուժան Արծրունին, Իսկ Տաճատից` Գարեգին Ռշտունին քո ամուսինը: Եվ այսպես կրկին շարունակվեցին երկու բնաջինջ եղած նախարարությունները:

Ես չեմ հասկանում, ինչու համար ես հիշեցնում ինձ այդ բոլորը, ընդհատեց տիկինը:

Նրա համար, Համազասպուհի, որ Արշակունիների տան վրա արյուն կա, և արյունը պետք է արյունով մաքրվի…

Բայց ոչ անմեղ ժողովրդի արյունով:

Եվ անմեղ ժողովրդի արյունով, երբ նա հիմարաբար միջամտություն է գործում և պաշտպան է հանդիսանում Արշակունիների փչացած, անբարոյականացած տանը, որից եթե վաղուց ազատված լինեինք, ավելի բախտավոր կլինեինք, թե՜ մենք և թե՜ մեր աշխարհը:

Ցնորքնե՛ր են պտտվում քո գլխում, Վահան, ասաց տիկինը զայրացած ձայնով: Կիրքը, ատելությունը, անզուսպ վրեժխնդրությունը կուրացրել են քեզ և խլել են քեզանից ամեն բան, ինչ որ մարդկային է, ինչ որ աստվածահաճո է: Ասա՜ ինձ, ինչո՞վ է մեղավոր Տիրանի որդի Արշակը, մեր ներկա դժբախտ թագավորը, որ այժմ հեծում է Անուշ բերդի մթին բանտերում, ինչո՞վ է մեղավոր նա, որ յուր հայրը այսպես կամ այնպես է վարվել:

Նրանով, սիրելի Համազասպուհի, պատասխանեց իշխանը, դառն կերպով ծիծաղելով, որ նրա ձեռքերն ևս մաքուր չեն արյունից: Մի փոքր անձնասիրություն ունեցիր, Համազասպուհի: Ո՞վ սպանել տվեց քո հորը, կամենում եմ ասել և իմ եղբորը:

Արշակ թագավորը:

Ո՞վ կոտորել տվեց մեր փեսա Կամսարականների ցեղը և ագահ ձեռքով հափշտակեց նրանց Երվանդաշատ քաղաքը և Արտագերս ամրոցը:

Արշակ թագավորը: Բայց դրանով ի՞նչ ես կամենում ապացուցանել, Վահան: Քո և Մերուժանի ապստամբությունը Արշակունյաց թագավորների դեմ չէ, այլ թագավորության դեմ է: Հասկանո՞ւմ ես, Վահան: Տիրանը կամ նրա որդի Արշակը կարող էին վատ թագավորներ լինել: Բայց ինչո՞վ են մեղավոր նրանց ժառանգները: Գուցե Արշակի որդի Պապը շատ լավ թագավոր կլինի մեզ համար:

Սխալվում ես, Համազասպուհի, օձից ձուկն չի ծնվի, և ոչ գայլից գառն:

Դու ես սխալվում, Վահան: Ահա՜ քեզանից ծնվել է Սամվելը, որ ամենապատվական երիտասարդ է:

Հազիվ թե ամբողջ աշխարհում կարող էր գտնվիլ մի արարած, որ համարձակվեր այնպես երես առ երես և այնպես կծու կերպով նախատել այդ գոռոզ, անձնասեր իշխանին և ինքը մնար անպատիժ: Բայց Վահանը ո՜չ միայն հարգում էր նրան, այլև սաստիկ սիրում էր: Մամիկոնյան բոլոր աղջիկների մեջ հայտնի էր Համազասպուհին թե՜ յուր բարձր առաքինությամբ և թե՜ յուր խելքով: Այդ էր պատճառը, որ վայելում էր բոլորի սերը: Բայց իշխանը, նկատելով, որ վիճաբանությունը խիստ սուր կերպարանք է ստանում, զանցառության տվեց յուր հարազատից կրած վիրավորանքը, ասելով.

Սամվելը իմ որդին չի լինի, եթե ինձ չի հետևի… Բայց այդ թողնենք, մենք հեռանում ենք հարցից, Համազասպուհի: Իմ բերած ապացույցները Տիրանի և Արշակի անկարգ վարմունքների մասին միայն այն նպատակով էր, որ քեզ ցույց տամ, թե ես և թե Մերուժանը իրավացի պատճառներ ունենք Արշակունիներին ատելու: Նույն իրավացի պատճառները ունեիր ավելի դո՜ւ, Համազասպուհի, որովհետև Արշակը քո հայրասպանն է: Նույն իրավացի պատճառներն ուներ և քո ամուսինը, որովհետև Արշակունիները կոտորել տվին նրա ամբողջ ազգատոհմը: Բայց թե դու և թե քո ամուսինը ո՜չ միայն հավատարիմ եք մնացել ձեր նախնիքը կոտորողներին, այլ մինչև անգամ ամենայն համառությամբ պաշտպանում եք նրանց: Ով որ նրանց պաշտպանն է, մեր թշնամին է: Եվ թշնամու հետ մենք կվարվենք թշնամաբար: Այդ էր պատճառը, որ ես և Մերուժանը կործանեցինք ձեր ամրոցները և քեզ այստեղ գերի բերեցինք, Համազասպուհի:

Ինչո՞ւ համար բերեցիք:

Որ քո ամուսինը անձնատուր լինի:

Ահա՜, տեսնո՞ւմ ես, փոխանակ անձնատուր լինելու, նա այրում է Մերուժանի քաղաքը , և մենք այս րոպեիս գտնվում ենք հրեղեն ծովի մեջ: Ձեր վայրենությամբ ի՞նչ շահեցաք, Վահան, ավելի ոչինչ, քան թե բորբոքեցիք մի ներքին, արյունահեղ պատերազմ: Եվ այդ պատերազմը կշարունակվի և ավելի զարհուրելի կերպարանք կստանա, քանի որ դուք չեք դառնա ձեր չար ճանապարհից: –– Կրկնում եմ, ինչ որ մի քանի րոպե առաջ ասացի, աշխատել ոչնչացնելու քրիստոնեական կրոնը, աշխատել կործանելու հարազատ թագավորության գահը դա միայն դավաճանների և մատնիչնեըի գործն է: Թե՛ ես և թե՜ իմ ամուսինը դավաճաններին աջակից չենք լինի...

Իզուր ես այսպես մտածում, Համազասպուհի: Մենք, կամենում եմ ասել թե՜ ես և թե՜ Մերուժանը, մեծ հանցանք գործած կլինեինք, եթե մեր դիտավորությունը ա՜յն լիներ, որպես դու ես կարծում, ոչնչացնել կրոնը: Մենք աշխատում ենք վերադառնալ մեր հին կրոնին, մեր նախահարց սիրելի աստվածներին: Մեր ժողովրդի մեծ մասը տակավին յուր հին կրոնին է հետևում և խորշելով խորշում է քրիստոնեությունից: Ի՞նչ տվեց մեզ քրիստոնեությունը: Այդքանը միայն, որ մոտեցրեց մեզ խաբեբա բյուզանդացիներին և հեռացրեց, թշնամացրեց մեզ մեր վաղեմի բարեկամ և դաշնակից պարսիկների հետ:

Միթե կարելի՞ է, Վահան, այդպես քաղաքական նկատառումներով նայել կրոնի վրա և նրան զանազան շահերի խաղալիք դարձնել: Որովհետև պարսիկների հետ բարեկամանալու համար հարկավոր է փոխել կրոնը, ուրեմն պետք է փոխել՞…

Ես դեռ չվերջացրի, Համազասպուհի, դու ինձ միշտ ընդհատում ես:

Վերջացրո՜ւ:

Իզուր ես մտածում և ա՜յն, թե մենք աշխատում ենք կործանելու մեր արքայական հարազատ գահը: Միթե Արշակունիները մեր հարազատնե՞րն են: Նրանք մեզ համար խորթ են, անհարազատ են, որովհետև օտար երկրից եկած պարթևներ են: Նրանց միայն համբերում էինք մենք, համբերում էին և պարսիկները, քանի դեռ Պարսկաստանում նույնպես Արշակունյաց տոհմն էր տիրում: Այնտեղ ընկան նրանք, և հիմնվեցավ նոր, Սասանյան պետությունը: Այժմյան Սասանյանները չեն կարող համբերել և չեն համբերում մեր քրիստոնյա Արշակունիներին: Մենք աշխատում ենք այդ գայթակղության քարը մեջտեղից վերցնել: Մենք այսուհետև միայն կունենանք մեր հարազատ թագավորը, որովհետև Շապուհը խոստացել է տալ Մերուժանին հայոց թագավորությունը:

Տիկնոջ դեմքի վրա երևաց մի արհամարհական ժպիտ, և նա, գեղեցիկ գլուխը շարժելով, պատասխանեց.

Թե որքա՞ն կարելի է հավատալ խորամանկ Շապուհի նենգավոր խոստումներին, այդ դեռ մի երազական ցնորք է, որով խելագար Մերուժանը միայն կարող է հրապուրվել: Այդ թո՜ղ մնա: Բայց եթե այնպես դատելու լինենք, որպես դու ես դատում, Վահան, ասելով, թե Արշակունիները մեր հարազատները չեն, որովհետև օտար երկրից եկած պարթևներ են, այդպիսով մեզանից ոչ ոք հարազատ չի լինի Հայոց երկրին: Մենք, Մամիկոնյաններս, ճենացիներ ենք, քո սիրելի Մերուժանի նախնիքը ասորեստանցիք են, և այդպես, շատ նախարարական տներ օտար ծագումներից են առաջ եկած: Բայց ժամանակները բոլորին հայացրին. այժմ հայոց լեզվով են խոսում, հայոց կրոնն են պաշտում և արյունով խառնվեցան հայերի հետ: Նույն պայմաններին ենթարկվեցան և Արշակունիները:

Իշխանի համբերությունը հատավ: Նա վեր կացավ և, կանգնելով տիկնոջ մոտ, արտասանեց հետևյալ խոսքերը.

Դու սիրում ես վիճաբանել, Համազասպուհի, դու վիճաբա՜ն էիր և այն ժամանակ, երբ դեռ փոքրիկ էիր և մեր ամրոցի բակում միասին գնդակներ էինք խաղում: Ես կարճ կկտրեմ քեզ հետ: Ահա՜ մեր ուխտը. քրիստոնեությունը պետք է ոչնչանա, Արշակունյաց իշխանությունր պետք է ընկնի, որովհետև այդ է պահանջում մեր երկրի խաղաղությունը: Մերուժանը պետք է հայոց թագավոր դառնա` պարսից գերիշխանության ներքո: Մենք պետք է կրոնով միանանք պարսիկների հետ` մեր բարեկամությունը ավելի ամրապնդելու համար: Մեր և նրանց մեջ կրոնի խտրություն չպիտի լինի:

Թո՜ղ նրանք միանան մեզ հետ, ընդհատեց տիկինը, թո՜ղ նրանք ընդունեն քրիստոնեությունը, դարձյալ մեր և նրանց մեջ կրոնի խտրություն չի լինի:

Միշտ տկարները հետևում են հզորներին: Մենք տկար ենք, իսկ նրանք զորավոր:

Քրիստոնեության մեջ ամենափոքրը ամենից մեծն է, ամենատկարը` ամենից զորավորը:

Այդ ցնո՛րք է. տկարը տկար է, զորավորը` զորավոր: Դու միայն այն ասա, Համազասպուհի, համաձա՞յն ես մեզ հետ:

Երբե՜ք:

Ով որ մեզ հետ համաձայն չէ, մեր թշնամին է:

Ես ամենևին ինձ քո բարեկամը չեմ համարում, թեև քո եղբոր աղջիկն եմ:

Ով որ մեզ չի հետևում, նա կպատժվի և անխնա կերպով կպատժվի:

Դրանից ավելի պատիժ այլևս ի՞նչ պետք է լինի:

Նա ցույց տվեց յուր շղթաները:

Դրանից ավելի սարսափելին կա, Համազասպուհի:

Ես պատրաստ եմ, Վահան:

Լավ մտածի՜ր:

Ես բոլորը մտածել և վճռել եմ...

Դրսի աղաղակները լսելի եղան ավելի զարհուրելի հնչյուններով: Փոքրիկ սրահակը, ուր գտնվում էին նրանք, լուսավորվեցավ վառ-արյունագույն լույսով: Վիճաբանությունը ընդհատվեցավ: Տիկինը բռնեց աչքերը, բացագանչելով.

Ահա՜, Վահան, քո սպառնալյաց պատասխանը... ահա՜ ի՜նչ եք ցանկանում դուք այդ կրա՛կը, այդ արյո՛ւնը…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սամվել"

Ятук Музыка
Что я буду делать без тебя
Саят Нова

Что я буду делать без тебя

Вардананк
Вардананк
Играть онлайн