Раффи

Սալբի

8

Ի՞նչ հրդեհ էր այդ։ Նրանց տանիքի վրա վառած նվիրական հուրից մի կայծ, քամու զորությամբ տարվելով, աննկատելի կերպով հրդեհում է ախոռատան բակում դիզած արոտները, և այնտեղից անցնելով, այրում է մի փոքրիկ տնակ, ուր, նույն միջոցին, քնած է լինում խղճալի Հայրապետը, խորին թմրության մեջ՝ հարբած լինելով Բաքոսի ըմպելիքով։

Տիկին Սալլաթինը, նշմարելով այրվածի կնոջ դառն հառաչանքը, սկսեց նրան մխիթարել այս խոսքերով.

Մի՛ լար, ո՛վ կին, թեև քո մարդը այլևս արևի լույսը չի տեսնելու, դարձյալ նա բախտավոր է, որ հաջողեց մեռնել սակավ մարդկանց համար վիճակված մի փառավոր մահով։ Յուր կյանքը զոհելով նվիրական կրակի բոցերին՝ նա դասվեցավ երանելի մարտիրոսների և սուրբ նահատակների կարգը: Դրա փոխարեն մյուս կյանքում պսակ կընդունե գուցե Որմզդի ձեռքից․․․։

Սգավորը չհասկացավ այդ հեգնական խոսքերի իմաստը և ավելի դառնագին՝ սկսեց լալ։

Բայց օրիորդ Սալբին, մոտենալով, կամաց ասաց տիկին Սալլաթինի ականջին.

Շատ կարելի է, որ պատվելի այրվածը փոխանակ փառավոր պսակ ընդունելու Որմզդի ձեռքից, արդեն հյուր գնաց Արհմնի մոտ։

Դու սխալվում ես, Սալբի, պատասխանեց տիկին Սալլաթինը, լսո՞ւմ ես, ի՛նչ է խոսում այնտեղ ռամիկը։

Եվ իրավ, բազմության մեջ մի մարդ ասում էր յուր ընկերներին.

Ա՛յ տղերք, տեսա՞ք, ի՞նչ բախտավոր էր այդ մարդը, մնաց, մնաց, վերջը մի այդպիսի բարի մահով վաճանվեց...։ Ճշմարի՛տ ա, նրա տեղը արքայության մեջտեղն է։ Ի՞նչ օգուտ, քանի որ մեր ազգը հավատ և հույս չունի. եթե մահմեդական մեկը լիներ, հիմա թուրքերը կամ պարսիկները դրա վրա մի գումբազ (մատուռ) էին կանգնել. Ինչո՞ւ: Մուհարլեմի կռիվներում, Քալբլայի ճանապարհում և Մեքկայի անապատներում մեռածները ճեննաթի մեջ, Մահմեդի մոտ պիտի գնան, բայց մեր այսօրվա օրումս նահատակվածը՝ արքայություն չի՞ գնալու։

Խոսքդ շաքարով մուղդուսի Պիրրո, ասաց մի ուրիշը, ճշմարիտ, ավետարանի միջիցն ես խոսում, և խոսքերդ ջավահիր են, բայց ի՞նչ անես, լսող չկա։

Արդեն սրբացրին, ասաց օրիորդ Սալբին. ե՛կ գնանք. ես մրսում եմ։

Ո՞ւր գնանք, չե՞ս սպասելու մինչև մայրդ էլ ցած իջնի, հարցրուց տիկին Սալլաթինը։

Ո՛չ, նրանք դեռ շատ գործ ունեն, կուշանան, մենք գնա՛նք. մի փոքր տաքանանք։

Նրանք երկուսը միասին ցած իջան կտուրից։ Տիկին Թարլանը յուր սրտի մեջ զայրացավ, որ նրանք մինչև վերջը չսպասեցին։ Տիկին Սալլաթինը օրիորդ Սալբիի հետ մտան վերջինիս սենյակը, ուր նույն րոպեին վառարանում փայտ էր վառվում։ Ո՛րքան մեծ եղավ նրանց ուրախությունը, երբ տեսան, որ Ռուստամը, մի լայն վերարկուի մեջ փաթաթված, դռնից ներս մտավ։

Սալբի, ես լսեցի ձեր դրկիցիներից մի մարդ է այրվել, ասաց նա, առանց բարևելու, անփույթ կերպով գնալով նստելով տիկին Սալլաթինի մոտ։

Հա՛, Հայրապե՛տը, ցածր ձայնով պատասխանեց օրիորդ Սալբին։

Դու չէի՞ր տրտմի, եթե այրվողը քո լուսահոգի մայրը չի լիներ, հարցրուց պարոն Ռուստամը ծիծաղելով։

Ինչո՞ւ չէի տրտմի, հարցրուց օրիորդ Սալբին:

Որովհետև կազատվեինք, որպես դո՛ւ, նույնպես և ես:

Մի՛թե մենք գերի՞ ենք։

Դեռ մի բանով պակաս գերիներից... պատասխանեց պարոն Ռուստամը։

Ահա մի քանի րոպեից հետո նա վայր կիջնե կտուրից, և ես ստիպված կլինեմ, ակամա քեզ թողնել և փախչել, իսկ այժմ ներս մտա, գիտնալով, որ նա տանը չէր։

Ինչո՞վ է մեղավոր տիկին Թարլանը, հարցրուց տիկին Սալլաթինը, երբ մեր երկրի ու մեր ազգի սովորությունն է, որ երիտասարդ աղջիկները ոչ մի կերպ չպիտի լինեն օտար մարդկանց հետ։

Զարմանալի հրեշներ են այդ ասիական ազգերը, պատասխանեց Ռուստամը բարկանալով: Նրանք առանց ամաչելու գործում են ամեն անվայել բան, որ երբեք աստված չէր հրամայել, բայց ամաչում են հայտնի կացուցանել սուրբ սերը, որ աստուծո օրենքով օրհնված էր։

Պարկեշտությունը, պատկառանքը և ամոթը մարդկային բնության ազնիվ և անուշահոտ ծաղկիներն են, ասաց տիկին Սալլաթինը։

Թո՛ղ տուր, թե աստվածդ կսիրես, մորաքույր, այդպես չեն քո գաղափարները, ես գիտեմ, դու կամենում ես բարկացնե՛լ ինձ։

Իսկապես տիկին Սալլաթինը հեգնաբար էր խոսում. այլապես նա սիրում էր ազատություն, այդ խորհրդական բառի մեր դարու հասկացողությամբ։

Սա՛լբի, դու բարկացա՞ր, որ այդպես համարձակ խոսեցի. հա՞, հարցրուց Ռուստամը։

Դու չափազանց հանդո՛ւգն ես, Ռուստամ, պատասխանեց Սալբին։

Ի՞նչ արած... ահա տյառընդառաջը անցավ, և մի քանի օրից հետո կանցնի բարեկենդանն էլ...։ Մեծ պասին միշտ լոբի կեր ու երդիկին մտիկ տուր, մինչև այդ աստուծո պատիժը վերջանա... մինչև Համբարձումից հետո մեր պարոն տերտերները ասեն՝ թե կարելի է պսակ կատարել:

Այդ խոսքերը Ռուստամը արտասանեց այնքան տաքացած և կրքով, որ տիկին Սալլաթինը և օրիորդ Սալբին թուլացան ծիծաղից։

Դու շա՛տ ես շտապում, Ռուստամ, ասաց տիկին Սալլաթինը։

Նա գուցե երկյուղ է կրում, որ ձեռքիցը խլեն, հեգնեց օրիորդ Սալբին։

Ինձ մի մեղադրեք, իմ նազելիներ, առաջ տարավ Ռուստամը. սերը մի դժվար բան է, դա ամենակատաղի կիրքն է մարդկային բնության մեջ... մի՛թե, Սալբի, միևնույնը չէ՞ զգում և՛ քո սիրտը... միթե դու էլ գիշեր ու ցերեկ չե՞ս մաշվում այդ մոլեկան դավով...։

Օրիորդ Սալբին գլխով «այո»-ի նշան արեց, որ չնշմարեց տիկին Սալլաթինը։

ԺԲ

ՄՈԳՊԵՏԸ

Նվիրական կրակները արդեն մարել էին բոլոր կտուրների վրա, բայց նրանց փոխարեն լույս էին տալիս բյուրավոր ճրագներ։ Այլևս լսելի չէին լինում հրձիգ գործիքների որոտը, շառաչուկների ճարճատյունը, ո՛չ էլ մարդկանց կատաղի աղաղակները։ Բայց գիշերային խորին լռությունը կենդանացնում էին երգերի և նվագարանների հիանալի ձայներ, որ լսելի էին լինում տանիքների վրա դրված խնջույքներից։

Տիկին Թարլանը յուր խնամիի հետ տակավին տանիքից ցած չէր իջել. նրանք անհամբեր սպասում էին քահանային, որ գար կրակը օրհներ, այնուհետև ամեն ինչ կվերջանար։

Հանկարծ հայտնվեց նա։

Ծերունի տեր Մարուքը, նույն ավուր տոնի իմաստուն մոգպետը, Հովասաբենց տոհմի ծխատեր քահանան, իրան վիճակված ժողովրդի հարուստների կրակը առաջ օրհնելով և նրանց տյառընդառաջը շնորհավորելով՝ հերթը ստորին ժողովրդին հասնելով՝ մտաբերեց Հովասաբենց տունը։ Նրա տիրացուն, որ յուր երեց որդին էր, շիջած բուրվառը ձեռքին քարշ գցած հետևում էր հորը։ Եթե մինը կամենար գինեմոլի մի պատկեր՝ յուր անճոռնի և այլանդակ կերպարանքով, մի այլ ավելի հարմար օրինակ չէր գտնի, բացի այդ մի զույգ հայր ու որդուց։ Տերտերը, գլուխը երերելով, գլորվելով պատերին և ցեխերին երկրպագություն տալով, յուր փիլոնը կիսաքարշ գետնից տանելով, փառաջայի դրոշակները աղբերի և ցեխերի մեջ աղտոտած, գդակի վրա մի կույտ հող ու մոխիր, աչքերը կարմրած, երեսը թոթշնած, որպես մի կատաղած արջ կամ քավթառ վայրենի կերպարանքով, հազիվհազ բռնելով յուր դողդոջուն իրանը երկու ցեխոտ ոտների վրա մոտեցավ, կանգնեց կրակի մոտ։ Նրա որդին ավելի վատթար դրության մեջն էր։ Ի՞նչ մեղ ունին նրանք...։ Ի՞նչ անեն, որ չհարբեն. այդ երեկո ամենաքիչը հարյուր տուն էին ման եկել կրակ օրհնելու համար, և ամեն տեղ մեծարել էին քահանային օրհնյալ ըմպելիքով։ Եթե տեր Մարուքը ամեն մի տան մեջ, չափավորություն պահելով կես-կես բաժակ անգամ խմած լիներ հիսուն բաժակի գումարը ո՞ւմ չէր հարբեցնի։ Բայց նա, եթե կներե մեզ տերտերը ճշմարիտն ասելու՝ ամեն տան մեջ հետ չէր մնում չորս-հինգ բաժակից։ Ի՞նչ անե տեր Մարուքը. ո՞ւմ սիրտը կոտրե չխմելով. ժողովուրդ օրհնելը նրա պաշտոնն է. չէ՞ որ օրհնությունը անհրաժեշտ պետք է կատարել գինու բաժակի վրա...: Բայց և այնպես, տեր Մարուքը յուր քահանայական պարտավորությունը վերջացրել, և հայերի ասության ոճով, այդ դրության մեջ «յուր էշը ցեխից հանել է»։ Բոլոր հարուստների կրակները օրհնած վերջացրած լինելով, մնում էին մի քանի աղքատ մարդիկ, դրանց համար լոկ մի խաչակնքումն էլ բավական էր, փոխանակ ա՜յնքան օրհնությունների և արարողությունների, որ կատարվում էին սուրբ կրակի շուրջը։

Բարի ողջույն, ասաց քահանան, մաշտոցը թևքի տակից դուրս հանելով.

Օրհնյա տեր, ձայն տվին ամեն կողմից, և մոտեցան համբուրելու նրա աջը։ Քահանան նրանց գլուխների վրա ձեռք դնելով ասում էր.

Աստված օրհնեսցե, շատ ապրիք, շատ ապրիք, որդիք:

Տեր Մարուքը սկսեց օրհնել մոխիրը, մի քանի գլխից-պոչից կրճատած աղոթքներով, և կամենալով ավելի քաղաքավարություն գործադրել, մաշտոցը երկու ձեռքով վեր բարձրացրեց, իսկ տիրացուն հանդիպակած կողմից բուրվառը դեմ արեց սկսեցին «անդաստան» (թափոր) անել, և մոխրի շուրջը պտույտ գալ: Բայց հանկարծ, չգիտեմ ինչ պատահեց, տեր Մարուքը, կարծես մի աներևույթ հարվածից, գետին գլորվեց, սկսեց թավալվել մոխիրների մեջ։ Գինարբության ախտը մինչ այն աստիճան սաստկացել էր այդ մարդու մեջ, մինչև պատճառել էր մոլարբեցության խելացնորություն։ Բայց տիկին Թարլանը, չհավատալով, որ տիրոջ սպասավորներին մի այդպիսի ցավ կարող է հանդիպել, դարձավ, և ասաց տիկին Սկուհուն.

Գիտե՞ս, խնա՛մի, ինչ պատահեց տեքտերին։

Ի՜նչ պատահեց, զարհուրելով հարցրուց տիկին Սկուհին, որ հեռուն կանգնած, դողում էր երկյուղից։

Հրեշտա՛կ տեսավ, իմ քույր, պատասխանեց տիկին Թարլանը։

Հապա, հրեշտակ տեսավ, մյուս կողմից փաստաբանեց տիրացուն, իմ հայրը միշտ խոսում է ոգիների հետ։

Ո՛չ այս և ո՛չ այն տեր Մարուքը նույն րոպեին սովորական կերպով հարբած էր։ Թեպետ տիկին Թարլանը, նրա չորս կողմով մի բոլորակ խաչ էր գծում կտուրի վրա, որ ոգիները թող տային նրան և քահանան զգաստանար, բայց գուցե ցրտի ներգործությամբ, մի քանի րոպեից հետո նա ուշի եկավ, վեր կացավ, և մտաբերելով, որ կրակի օրհնությունը թերի էր մնացել, բռնեց մաշտոցը, և խաչանիշ անելով կրակի վրա, ասաց.

Այս գրքի միջի բոլոր աղոթքները և օրհնությունները քեզ վրա լինի, ո՛վ սուրբ կրակ։

Վերջացա՛վ, գնաց... մյուս կողմից կրկնեց տիրացուն, այլևս ի՞նչ պետք ծանր ու բարակ կարդալ ամեն մի աղոթք, երբ մի համառոտ խոսքով վերջանում է ամեն ինչ։

Թեպետ այդ միջոցին տեր Մարուքի երևակայությունր պղտորված, և լեզուն ծուլացել էր աղոթքների համար, բայց այնուամենայնիվ նա չկարողացավ մոռանալ յուր սուրբ պարտականությունը աջահամբույրների նկատմամբ։ Երկու ձեռքով մաշտոցը պինդ բռնեց յուր առջև. ամենից առաջ տիկին Թարլանը մոտ գնաց, համբուրեց գիրքը, ձգելով նրա կազմի վրա գամած բոլորակ պղնձյա խաչի երկու արծաթի դրամ, այնուհետև մյուսները, նույնպես համբուրելով, տալիս էին արծաթ, բայց ո՛չ այն չափով, որքան տիկին Թարլանը բաշխեց, թեպետ խղճալի տեր Մարուքը անդադար հորդորելով ասում էր.

Օրհնածներ, որքան կարող եք շատ տվեք. քանի շատ տաք, ա՛յնքան առավել վարձք կառնուք, ա՛յնքան առավել հոգու փրկություն կլինի ձեզ։

Մաշտոցի վրա դիզված արծաթները գրպանը լեցնելով, կարծես թե տեր Մարուքը գնալով ավելի և ավելի էր զգաստանում, մանավանդ, երբ նա մի կողմ քաշվելով վեր ածեց այն բոլորը, որ մինչ այդ ամբարվել և ծանրացել էր նրա ստամոքսի մեջ...։ Օրիորդ Նազանին ջուր ածեց, տեր Մարուքը լվաց երեսը և ապականված մորուքը։ Այնուհետև նա բավական սթափվեց, խելքի եկավ, և կրկին կրակի մոտ գալով, վեր առավ մի բուռն մոխիր, ցրվեց տանիքի չորս կողմը, և, մնացածը պատվիրեց տիկին Թարլանին ամփոփել մի պարկի մեջ, ասելով.

Խելացի տիկին, պինդ պահիր քո ականջների մեջ քահանայի խրատները, որ կամենում է հայտնել քեզ, թե ինչ խորհրդով հրամայել են մեզ մեր արժանահիշատակ պապերը մինչև մյուս տյառընդաոաջը սուրբ մոխիրը խնամքով պահելու։ Այդ հրաշալի մոխիրը, յուր սքանչելի զորությամբ օգտակար է լինում տնտեսական ամեն բաների մեջ։ Օրինակ, եթե դրանից ցանելու լինիս տավարների և ոչխարների վրա, նրանց այլևս ցավ չի պատահի, միշտ առողջ պարարտ կլինեն, առատ կաթ և յուղ կտան։ Եթե դրանից ցրվելու լինիս այգիի ծառերի և որթերի տակ՝ կազատվին թրթուրից, վնասակար ճճիներից, կարկուտից և առատ արդյունք են բաշխում։ Այդ փոշուց ցանում են արտերի, առվույտների, հնձելու խոտի մեջ, որ մարախը չուտի, ժանգը չչորացնե, և ազատվին խորշակից և այլ պատուհասից։ Դրանից ցրվում են մի զույգ ամուսնակիցների անկողնի մեջ, երբ թշնամի վհուկների դյութելով նրանց մերձավորությունը արգելված է, երբ նրանք ամուր են և կամ նրանց զավակները ծնվելուց հետո շատ չեն ապրում։ Այդ բոլորից զարմանալի զորությամբ փրկում է, ազատում է...։ Մի այլ ժամանակ ես կպատմեմ ձեզ, թե այլևս քանի քանի զորություններ ունի այդ սուրը մոխիրը։

Քահանայի խոսքերը արդար յուղի նման հալվում էին տիկին Թարլանի ականջներում․ նա յուր մտքի մեջ զարմանում էր նրա անչափ իմաստության և այնքան բաներ գիտնալու վրա։ Տեր Մարուքի գործած այն անքաղաքավարությունը, նրա մոլությունների մասին ոչ մի տհաճություն չհարույց տիկին Թարլանի սրտի մեջ։ Բայց տիկին Թարլանը շատ ուրախ էր, որ տիկին Սալլաթինը և օրիորդ Սալբին այնտեղ չգտնվեցան և ականատես չեղան քահանայի անկարգությանը, որ իրանց համար կատակի և ծիծաղի առարկա շինեին։

Գիշերը տարաժամեցավ. բոլորը միասին կտուրից ցած իջան։

Մի ընդարձակ սենյակ, յուղային ճրագներով լուսավորված՝ համեստ կերպով զարդարած էր, մի ոչ հարուստ, այլ միջասահման գյուղացու կարողությունը ներածին չափ։

Սփռոցի վրա, սենյակի միջավայրում, դրված էին զանազան ուտելիքներ, և սրվակներով գինի։ Տեր Մարուքր նստում է յուր համար պատրաստված փափուկ օթոցի վրա, սեղանի պատվավոր գլխում։ Նրա տիրացու որդին, հոր հրամանով, նստում է հեռու, ներքև, սեղանի մյուս ծայրին։ Տիկին Թարլանը, որպես շափահաս կին, համարձակվում է նստել քահանայի մոտ, թեպետ ամաչում է ուտել, բայց տերտերին գինի է տալիս «անուշ֊խմեք» մատուցանելով սեղանի ազնիվ պատառներից։ Իսկ տիկին Սկուհին, հեռուն երեսը ծածկած միայնակ նստած է մի անկյունում։ Տիկին Թարլանը լեցնելով մի մեծ գավաթ կարմիր գինի մատուցանում է քահանային, ասելով.

Համեցեք, տեր հայր, այդ գինին շատ անուշ է, համեցեք մեր այգիի խաղողներիցն է։

Թող օրհնվի դրա այգին, միշտ թարմ և կանաչ մնան ողկուզենիքը, ասաց տեր Մարուքը, ընդունելով գինին, և յուր ուրախալի հայացքը ձգելով գավաթի կարմիր մակերևույթի վրա, առաջ տարավ․ Թող օրհնյալ լինի մեծ նահապետի հիշատակը, նա այնքան բարեբանված չէ մարդկության երկրորդ նախահայր լինելու համար, որքան ավելի շնորհակալ պետք է լինել նրան, որ մարդկանց ուսույց գինի շինել. այս երկնային ազնիվ ըմպելիից ավել մեր Փրկիչը մի այլ արժանավոր բան չգտավ Կանայում յուր առաջին հրաշքը ցույց տալու համար. այլև հաստատեց յուր սուրբ արյունի փոխարեն...։ Այդ դատողությունից հետո տեր Մարուքը յուր ձեռքի գավաթը դեռ չխմած՝ մի երկար, անհամ և տաղտկալի օրհնություն սկսեց.

Հավասարական կենդանությո՜ւն... Թարլան քույրիկ, շատ ապրիս, քեզ արքայություն․ տեր ամենակալը քեզ անթառամ պսակին, լուսեղեն պատմուճանին, վերին Երուսաղեմի երանությանց արժանացնե. տեր Հիսուս այս օջախը միշտ շեն ու հաստատ պա հեսցե. այն մի հատիկ սիրուն աղջիկդ ծաղկեցնե և յուր սրտի բարի խորհրդի կատարումն տա։ Հիսուս միածին, տիկին Թարլանի հանգուցյալ ամուսին ողորմած ուստա Պետրոսի հոգին լուսավորեսցե: Սկուհի, դեպ նրան դառնալով ասաց շատ ապրիս։ Տեր աստված այդ ձեր առևտուրին այսինքն խնամության փոշիմանություն (ապաշավանք) չտա. բարով Ռուստամի կանաչ֊կարմիրը (նարոտը) կապես, կարմիր հարսդ տուն բերես, որդիքով, թոռներով ու ծոռներով ուրախանաս։ Տե՛ր, դո՛ւ երկրիս՝ խաղաղություն, թագավորաց՝ հաշտություն և մեր խեղճ հայ ազգին՝ սեր ու միաբանություն, և այս օրհնյալ ըմպելիքին՝ հաջող ճանապարհորդություն տուր։ Նադանի, աստված քեզ էլ մի բախտ տա, բարով սիրուն փեսա ունենաս:

Տեր Մարուքը, որպես օրենքն էր, մաքրազարդեց գավաթը։

Անո՛ւշ, անո՛ւշ, ձայն ավեց մյուս կողմից տիկին Թարլանը, նրան ուտելու մի բան մատուցանելով. նա էլ ընդունելով այդ և դեպ բերանը տանելով, ավելացրեց․

Աստուծո բարին թող չպակսի ձեռքիցդ, շեն ու հաստատ մնաս։

Այսպես, գինու գավաթները սկսեցին դատարկվել, տիրացուն ես, իբր թե հորիցը ամաչելով, երեսը դեպ մի կողմ շուռ տալով գաղտնի մի քանի բաժակ կոնծել էր։ Երբ քահանայի գլուխը մի փոքր տաքացել էր. տիկին Թարլանը նրան հարցրուց.

Տեր հայր, ծառա եմ սուրբ աջիդ, ասացեք խնդրեմ, ի՞նչ գուշակեց այս տարի «սուրբ կրակը»։ Որքան ասես, շատ բարի բաներ, պատասխանեց իմաստաբար տեր Մարուքը։ Միթե չնշմարեցի՞ք ժամատան բակում, թե ի՞նչպես բոցերը, աբելյան ողջակիզի նման՝ ուղղակի դեպ երկինքն էին ձգվում, և ո՜րքան փառահեղությամբ պայծառ լուսինը դուրս եկավ սարերի հետևից տյառընդառաջի տոնը օրհնելու և սուրբ հրավառությանը սպասավորելու, իսկ արևը մտնելու ժամանակ, որքան հիանալի տեսարան ձևացավ կապույտ երկնակամարի վրա. կարծես, բոլոր ամպերը զուտ ոսկի լինեին քրքումի գունով ներկված։ Ահա այդ բոլորը՝ բարեգուշակ նշաններ էին։

Այս խոսքերը, որ տեր Մարուքը արտասանեց մի փոքր բանաստեղծական ոճով, հարյուրավոր անգամ, նույն ոգևորությամբ պատմել էր հարցասեր կանանց։

Այդ երևցած նշանների մասին, տե՛ր հայր, դուք «գրքին» նայեցի՞ք, հարցրուց տիկին Թարլանը։

Ինչպես չէ, այս տարի կլիման լինելու է առողջարար, ջուրը առատ, ցանքերը և այգիները պտղավետ, աժանություն երկրի, ու թագավորաց խաղաղություն, պատասխանեց տեր Մարուքը։

Կովերի և հավերի մասին մի բան գուշակո՞ւմ է սուրբ կրակը։

Հա՛, ի՞նչպես չէ... ավելի գլխով, քան լեզվով, պատասխանում է գուշակողը․ կովերը այս տարի առատ կաթ են տալու, որով այս տարի ունենալու եք շատ եղ ու պանիր։ Բայց չմոռանաք սուրբ մոխրից մի փոքր ցրվել գոմի մեջ...։ Հավերդ էլ արդյունալի կլին ձվերով ու ճուտերով, բայց չմոռանաք տեր Մարուքը վարձատրելու մի քանի տասնյակ նոր ձվերով, որով ես առիթ կունենայի «աղոթել» ճուտերը, և կապել քորքորայի (ցինի) բերանը, որ համարձակվի հափշտակել փոքրիկ վառյակները։

Տիկին Թարլանը ուրախացած այդ օգտավետ նախագուշակություններով, համբուրեց քահանայի աջը։

Հա՛ այդպես... մեռնիմ բերնիդ, ասաց նա. ձուն մի ոչինչ բան է, իմ գլուխը, իմ տունը տեղը, բոլորը ձեզ փեշքաշ (ընծա) է, բավական է, որ ձեր սուրբ աղոթքը մեզ պահապան լինի և մեզ օրհնող լինեք, մենք ինչպես էլ լինի կապրենք և ստեղծողին փառք կտանք

Հանաք եմ անում Թարլան բաջի, խոսեց տերտերը ծիծաղելով, ես ձեր ողջությունը կցանկանամ, որ միշտ շեն ու պայծառ լինիք։ Իհարկե, դուք որ կաք՝ մեր սյուրուն (հոտն) եք, իսկ մենք ձեր չոպանը, պետք է ձեր կաթից ուտենք, ձեր բուրդից հագնենք, որ ձեզ էլ գայլերի բերանից ազատենք, և խոտավետ արոտներում արածացնենք։

Տիրացուն, որ այդ ժամանակ ոտքի վրա կանգնած, մեքենաբար շարժում էր բուրվառը, և գլուխը դմբացնելով, խլինքը վեր քաշելով, ծոծրակը քորելով, բերանը մինչև ականջները բացած հորանջելով, մտավոր հափշտակության մեջ խորասուզված, ավելի գինու ազդեցությամբ քան թե մի այլ խորհրդով, այսպես խոսեց։

Մեր սուրբ Էջմիածինը, մեր սուրբ Լուսավորիչը... մեր սուրբ մեռոնը... մեր... մեր... մեր... այլևս նրա պղտորված երևակայությամբ չկարողացավ ժողովել խոսքերի հետքը։

Բայց տիկին Թարլանը կարդալով նրա միտքը, ավելացուց։

Իհա՛րկե, առանց նրանց հայ-քրիստոնյայի վիճակը վայ կլիներ։ Մենք նրանցո՛վ ենք ապրում, և նրանք են, որ միշտ բարեխոս են աստուծո աթոռի մոտ քրիստոնյա ազգի համար...։

Տեր Մարուքի ստամոքսը արդեն լցվել, նախկին աստիճանի էր հասել։ Նա վեր կացավ, և գլորվելով կամենում էր հեռանալ, բայց մի նոր միտք արգելեց նրան։

Գիտե՞ք, առավոտյան պատարագ պիտի լինի. և ես պատարագիչն եմ, ասաց նա։

Տիկին Թարլանը հասկացավ, թե ի՞նչ էր կամենում քահանան ասել. մոտ գնաց, թաքուն դրեց քահանայի ափի մեջ մի հատ արծաթի դրամ որպես «հիշոց», որ նա յուր մեղքերի համար բարեխոս լիներ տիրոջ սեղանի վրա։

Մոգպետը հեռացավ։

Օրիորդ Սալբիի առանձնասենյակում, Սալբին, Ռուստամը և տիկին Սալլաթինը տաքացած խոսում էին, երբ ներս մտավ օրիորդ Նազանին և հայտնեց թե տիկին Սալլաթինին կանչում են։ Տիկին Աշխարունին, այսպես էր նրա ազգանունը, վեր կացավ, որ գնա։

Սիրելի մորաքույր, ասաց Ռուստամը, խոսիր օրիորդ Սալբիի մոր հետ, որ քանի պասը չէ եկել՝ բարեկենդանին հարսանիքը վերջացնեն։

Ես այս գիշեր հատկապես այդ նպատակով մնալու եմ տիկին Թարլանի մոտ գուցե համոզեմ նրան, որ ավել չուշացնե. պատասխանեց տիկին Աշխարունին։

Ինչո՞ւ եք այդպես շուտ գնում, հարցրուց օրիորդ Սալբին։

Ձեր երկուսի մեջ անպատշաճ է լինել ֆահրատի չալին. մնացեք Ռուստամի հետ միայնակ, գոնյա մի քանի րոպե սիրախոսելու, պատասխանեց տիկին Սալլաթինը։ Բայց Հովասաբենց օրիորդը այն թեթև, անպարկեշտ աղջիկներից չէր, որ յուր նշանած տղամարդի հետ միայնակության հաջող րոպեները անցներ հեշտախտային զվարճությամբ։ Նա յուր ծանրաբարոյության հետ ուներ և ա՛յն սառնասրտությունը, որ ակամա ամաչեցնելու էր Ռուստամին մի այդպիսի լկտի ցանկասիրություն պահանջելու։ Օրիորդ Սալբին յուր սովորական համեստությամբ, գլուխը քարշ գցած, առանց վեր նայելու, խոսեց.

Դու չափազանց շտապում ես հարսանիքի համար, այնպես չէ՞, Ռուստամ։

Ի՞նչ պետք է անել, մեռանք մաշվեցանք ծակամուտից գողունի միմյանց մոտ գալով գնալով, այդ ևս՝ հարյուրից մի անգամ միայն հազիվ է հաջողվում։ Մինչև ե՞րբ պետք է կրենք այդ անտասելի ցավերը, ասաց Ռուստամը։

Եվ դո՛ւ կարծում ես, թե ես քո հոր տան մեջ լինելով՝ դու առիթ կունենայի՞ր լիամասնաբար ինձ սիրելու։

Ինչո՞ւ չէ։

Երևակայիր, Ռուստամ, ծանրությամբ առաջ տարավ օրիորդը, ո՛րքան էլ յուր արյունախում և եղեռնավոր բնավորությամբ անտանելի լինի բարբարոսական բռնակալությունը հազարապատիկ դժնդակ և վատթար է այն բռնությունը, որ ասիական կյանքի մեջ ոտնակոխ է արել կանանց սեռի արդար իրավունքը, ճնշել ու կաշկանդել է նրանց ազատությունը և թունավորել է նրանց հիվանդոտ դրությունը։ Մտածիր, ի՞նչ վայելչություն, ի՞նչ քաղցրություն ունին այստեղ երկու սիրողները սիրո վայելքի մեջ՝ երբ նրանք չեն կարող միմյանց հանդիպել արձակ և համարձակ, երբ նրանց հայտնված սերը, որպես մի անսովոր միջադեպ հասարակաց բամբասանքի, չարախոսության և զզվանքի նյութ է դառնում։

Թեպետ ամեն տեսակետերով ազատությունը գովելի է, թեպետ բռնակալության մեջ ճնշվում, խեղդվում և ոչնչանում են մարդկության բարի ձգումները, բայց, Սալբի, մի հին բանաստեղծական ոգով մտածելով, ինձ թվում է, որ սերը ավելի է քաղցրանում և ախորժելի դառնում երբ մարդ շատ դժվարություններով է որսում նրան։ Դա մի բնական օրենք է։ Մեզ համար, կախարդիչ և առասպելաբանական վայելչություն ունին այն բաները, որ միշտ մեր աչքից ծածկված և հազվագյուտ են, և որ ձեռք են բերվում շատ չարչարանքների հնարներով։ Բայց ամենօրյա կյանքի մեջ սովորաբար հանդիպած բաները, որ միշտ տեսնում, լսում, և զգում ենք, ո՛րքան էլ ախորժելի և հաճոյական լինին նրանք՝ կորցնում են իրանց իսկական համը, հոտը և քաղցրագույն ճաշակը, որովհետև մեր զգայարանները կշտանում են նրանցից։

Դու սիրելիս, այդ երկար խոսքերով կամենում ես բացատրել հայերի այն առածի իմաստը, թե «երբ շատ շաքար ուտես՝ սոխի֊սխտորի համ կտա», առարկեց օրիորդ Սալբին ժպտելով։ Բայց սխալվում ես, Ռուստամ, սերը յուր երկնային, ազնիվ, քնքուշ և լուսեղեն կերպարանքներով մարդկային հոգու սուրբ և մաքուր զգացումներից ամենագեղեցիկը, ամենաքաղցրը և աստվածեղենն է։ Մարդ նրանից երբեք չէ՛ կշտանում և չէ՛ տաղտկանում։ Նա այն առասպելաբանական անթառամ ծաղիկն է, որ մնում է միշտ թարմ, դեռափթիթ և անուշահոտ, և որքան շոշափում ես նրան այնքան արծածվում, բորբոքվում և անշիջանելիորեն բոցավառվում է...։

Ստույգ է քո ասածը, պատասխանեց Ռուստամը առժամանակյա մտածումից հետո. բայց և այնպես, ես սիրում եմ արևելքի կանանց փակված դրությունը, հարեմխանաների մեջ նրանց արգիլված կեցությունը, որովհետև այսպիսով ավելի է պահպանվում նրանց սեռի պարկեշտությունը և նրանց անապականելի ողջախոհությունը։

Մի հեգնական ծիծաղ շարժեց օրիորդի վարդագույն շրթունքը, յուր սիրածի դեռևս տղայական հայացքի համար, և նա ասաց.

Պահպանել մարդկությունը յուր օրինավոր դրության մեջ ինկվիզիտորի իշխանությամբ, պահպանել կանանց սեռի պարկեշտությունը և, որպես ասացիր նրանց անապականելի ողջախոհությունը՝ ընդիմադիր արգելքների պայմաններով հարեմխանայի պատերի մեջ չէ՞ որ ա՛յդ, դարձյալ բռնություն է։ Պետք է մարդկությանը տալ ա՛յն ինքնակամ հնարը, ա՛յն մաքուր համազգացումը, սրտի և հոգու ա՛յն սուրբ ձգտումները՝ որ նրանք ինքնաբերաբար, որպես մի ներքին, աստվածային ձայնի դրդմամբ, ինքնուրույն ճանաչեին իրանց արդար պարտքը, իրանց վայելուչ պատշաճը և անմեղադրելի բարին։ Այդ կլինի ոչ այլ եղանակով քան երբ մարդկությունը ստանա կանոնավոր ուսում, լուսավոր դարի խելացի գաղափարներով և աստվածեղեն վարդապետության պայմաններով Ավետարանի մի առաքինական կրթություն։ Այն ժամանակ ամբողջ մարդկությունը այնչափ կատարելագործված կլինի, որ ո՛չ ոք չէր ասի յուր ընկերին, թե դու մեղք գործեցիր, այլ ամեն անհատ ճանաչելու էր յուր սրբազան պարտավորությունը։

Ռուստամը նկատեց, որ յուր նշանածի դատողությունները զուտ ճշմարտություն են։ Դու այդպես խելացի ես մտածում, Սալբի, իսկ քո մոլեռանդ մա՞յրը, հարցրուց նա։

Մենք վաղուց արդեն կարդացել ենք խավար հնության «հրաժարիմքը». մենք պետք է համակերպինք նոր ժամ անակի պահանջների հետ, որպես մեր կյանքի գոյության անհրաժեշտ կարիք։ Հները մեզ պետք չեն. ամեն հնություն դիմում է դեպ ոչնչացումը, բնական օրենք է այդ։

Այդ րոպեին ներս մտավ աղախինը' օրիորդ Նազանին, և հայտնեց թե մոգպետը հեռացել էր իսկ տիկին Թարլանը սպասում էր օրիորդ Սալբիին' հյուրերին սպասավորելու համար։

Նազանի, դու հսկիր բակում, որ ինձ չտեսնեն, ես կամենում եմ գնալ, ասաց Ռուստամը։

Նազանին դուրս գնաց և հայտնեց, թե երեք անգամ հազալը նշան էր բակում մարդ չլինելուն, և Ռուստամը թող անմիջապես դուրս դա, երբ լսե այդ նպաստավոր հազը։ ե՜րբ կարող ենք տեսնվել հաջորդ անգամ, հարցրուց Ռուստամը բռնելով օրիորդի ձեռքը։

Մի օրից հետո սկսելու եմ իմ դասերը, դու կտեսնես ինձ քո մորաքրոջ' իմ վարժուհու տիկին Սալլաթինի տանը։

Շատ լավ, կրկնեց ախտաբորբոք պատանին, և գրկելով օրիորդի բարակ մեջքը, պինդ սեղմեց յուր կրծքին, միաժամանակ նրանց բոցավառված շրթունքները սկսեցին շփվել և անխոս ու անբարբառ էլեկտրաբար հայտնել միմյանց նույն րոպեին՛ իրանց սրտի անբացատրելի համակրությունը...։ Այդ կախարդական գրկախառնությունը մարդկային խոսքերով արտասանելու բազմիմաստ և խորհրդական բառերը՝ մինչև այսօր չեն գտել գրիչները։

Արդեն երեք անգամ դրսում հնչվել էր օրիորդ Նազանիի նշանավոր հազալու ձայնը, բայց մեր հերոսը և հերոսուհին, նույն րոպեին խորին հոգեզմայլությամբ հափշտակված՝ չէին լսել։ Տիկին Թարլանը, երկար ժամանակ յուր դստերը սպասելով, համբերությունը կտրած անձամբ է գալիս նրան կանչելու։ Երբ մտավ օրիորդ Սալբիի սենյակը, ու նրանց այդ բանաստեղծական դրության մեջ գտավ' անտանելի տհաճությամբ աչքերը խփեց և հետ դարձավ, յուր մտքի մեջ անիծելով, ըստ նրա հասկացողության-յուր դստեր լրրբությունն ու անամոթությունը, Դառնալով յուր խնամիների մոտ, նա ծածկեց յուր վրդովմունքը, մի հարմար միջոցի թողնելով՝ յուր դստեր գործած անբարոյականությունը կշտամբելն ու հանդիմանելը,

ԺԴ
ՀԱԿԱՌԱԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ

Աստուծո լույսը բացվեց։

Տիկին Թարլանը յուր խնամի հյուրերի հետ զարթեցան քնից: Օրիորդ Նազանին ջուր ածեց, նրանք լվացվեցան։ Տիկին Թարլանը և տիկին Սկուհին մի կողմից իրանց երեսները չորացնելով՝ մի կողմից իրենց գլխի շորերը ուղղելով, այդ անհանգիստ դրության մեջ, մյուս կողմից էլ կարդում էին իրանց առավոտյան աղոթքները «Հայր մեր» և «Տեր ողորմյա ասելով», իսկ տիկին Սալլաթինը սենյակի մի անկյունը առանձնացած՝ չոքած՝ լուռ և անլսելի ձայնով էր աղոթում։

Գիշերվա հրացանների որոտմունքը, զուռնայի ճլվլոցը, գյուղացիների խառնաձայն աղաղակները դեռ անախորժ արձագանք էին տալիս նրանց լսելիքների մեջ։

Աղոթքից հետո, բոլորը նստեցին գորգերի վրա փռված սփռոցի շուրջը: Օրիորդ Նազանին թեյ էր պատրաստում։ Նախաճաշիկի համար դրված էր կաթ, սեր, կարագ, յուղով թխած հացեր և այլ ուտելիքներ։ Տիկին Թարլանը թեյը մեղրով էր խմում, ո՛չ թե տնտեսական խնայողության համար, այլ մեղք էր համարում յուր հոգուն շաքար գործածելը՝ կարծելով, թե նրա մեջ պիղծ անասունների ոսկրանյութ էր գտնվում։

Տիկին Սալլաթինը զարմացավ, թե ինչու օրիորդ Սալբին չհայտնվեց թեյի. քնից զարթնելով այդ առավոտ չէր տեսել նրան:

Խնամի, հրամայեցեք կանչեն օրիորդ Սալբիին, որ մեզ հետ միասին թեյ խմե, ասաց նա տիկին Թարլանին:

Դուք վաղուց իմ բնավորության հետ ծանոթ լինելով, գիտեք, որ ես ատելով ատում եմ ամեն տեսակի կանացի համարձակություն. մանուկ աղջիկների ամոթն և նրանց համեստ և հեզ բարք ու վարքը՝ սուրբ են ինձ համար, ես չեմ կարող թույլ տալ, որ Սալբին անպատկառ կերպով նստե իրանից հասակավոր կանանց և բաժակ բաժակի չրըխկացնե:

Ամաչելու կամ պատշաճի համար չէր, որ օրիորդ Սալբին չերևեց յուր լինելի սկեսուրի և բարեկամ տիկին Սալլաթինի մոտ. այդ ի բնե հանդուգն, կամակոր և ազատամիտ աղջիկը երբեք չէր խոնարհվում յուր երկրի անպիտան և անխորհուրդ սովորություններին։ Խելացի օրիորդի չերևլու պատճառը՝ յուր մորից ամենասաստիկ կերպով վշտացած լինելն էր, նրա համար, որ տիկին Թարլանը, հյուրերը քնելուց հետո, գիշերապահին ծածուկ մտնելով օրիորդ Սալբիի ննջարանը, անպատիվ կերպով կտամբել էր նրա անպարկեշտությունը, նրան միայնակ Ռուստամի հետ տեսնելու ժամանակ, և զարհուրելի խոսքերով անիծել էր նրան։

Բայց Եվրոպայի նման լուսավոր աշխարհի ուսյալ և կրթված ժողովուրդը մի՛թե անխե՞լք է այդ սովորությունները չպաշտելու համար, հարցրուց տիկին Սալլաթինը։

Է՛հ, նրանց գլուխն ուտե իրանց կրթությունը... երեսը թթվեցնելով պատասխանեց տիկին Թարլանը, բայց դուք գիտե՞ք այն աշխարհի կանանց բարոյականությունը։

Այո... Եվրոպայի կանայք իրանց լուսավորությամբ և մաքուր բարոյականությամբ պակաս չեն մարդկանցից։

Լա՛վ ես ասել՝ իրանց լրբությամբ և իրանց փտած ու ապականված բարոյականությամբ, նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։

Ողորմություն արեք, խնա՛մի, այդպիսի արատներով նրանց բամբասելը պատշաճ չէ, նրանք շա՛տ խելոք և ուսյալ են, կրկնեց տիկին Սալլաթինը։

Ի՜նչ օգուտ... սատանաներն ևս շատ խելոք են, բայց այրվում են դժոխքում։

Սատանայի անունը տալուն պես, տիկին Թարլանը երկյուղած սրտով խաչակնքեց յուր երեսը, և աղոթքի նման մի քանի խոսք շշնջացին նրա շրթունքները։

Այդ համեմատությունը բոլորովին անտեղի և սխա՛լ է, խոսեց տիկին Սալլաթինը։

Երևի դուք շատ բան չեք լսել Եվրոպայի կանանց մասին, խնա՛մի Սկուհի, դարձավ դեպ նա տիկին Թարլանը, իբր թե չլսելով տիկին Սալլաթինի խոսքերը։ Ա՜խ, որքան անամոթ և համարձակ են նրանք... և ի՛նչպես աչք, բերան, երես, գլուխ, բազուկներ, կուրծքն ու ուսերը բոլորովին մերկ ու բաց՝ ման են գալիս փողոցների մեջ: Շռայլաբար զուգված, զարդարված, հազար ու մի պչրանքով պճնած, գրեթե որսում են իրանց սիրելի եղած տղամարդիկը, նրանց հեշտախոսությանց և չկտի ցանկություններին՝ իրանց անձը վաճառելու...: Ա՛յդ է պատճառը, որ նրանք առանց զանազանության, կեղծավոր հաճոյամոլությամբ՝ խոսում, ծիծաղում են ամեն մի անծանոթ մարդու հետ, որ նրանց ո՛չ բարեկամն է և ո՛չ էլ ազգակիցը, որպեսզի թովեն, կախարդեն նրանց սերը, և ձգեն մեղքի ու դժոխքի անդունդի մեջ...։

Ո՜ւֆ, հո՛ղը նրանց գլխին, ասաց տիկին Սկուհին, միթե ամուսին չունե՞ն այդտեղի կանայք։

Ի՜նչ ամուսին, առաջ տարավ տիկին Թարլանը։ Դուք կարծում եք ամուսին այրերը այնտեղ այնպե՞ս են, որպես մեզանո՞ւմ... բոլորովին ոչ...։ Մի չար խոսք, որին նրանք ազատություն անունն են տվել, պատճառ է դարձել սանձարձակ, իրանց կամքին ձգելու կանայք, որ նրանց սիրելի եղածների հետ ավելի տռփվին և լրբանան։ Մարդիկ եվրոպական կյանքի մեջ մի այլ նշանակություն չունին, քան թե իրանց կանանց կամքի գերիներ և ստրուկ ծառաներ լինելը։ Դուք հաճախ կտեսնեք, նրանք փողոցներում և վաճառանոցներում ման են գալիս իրանց տղամարդկանց հետ, և որպես համալ (բեռնակիր), նրանց կրել են տալիս այն բոլոր բաները, որ դնել են իրանց մարմինը այլոց ավելի հաճելի դարձնելու համար...։

Դե ասա՛, մի խոսքով, նրանց երեսի մեռոնը գնացե՛լ է, պատասխանեց տիկին Սկուհին, չհավատալով յուր ականջներին։ Վա՛յ, սև՛ հագնեն նրանք, միթե նրանց սրտերում ամոթ չկա՞...։ Մի՛թե նրանք աստված չունին. թող այսուհետև մեր տղամարդիկ լավ ճանաչեն մեր արժանավորությունները և մեր պատիվը. մի ընդդիմություն, մի համարձակ կամ անպատշաճ խոսք բավական է, որ փայտն առնեն և մեր խղճալի գլուխը ծեծեն...։ Բայց ասացեք, խնամի Թարլան, ձեր խոսքերի գյորա (համեմատ), նրանք իրանց տնտեսական գործերը ևս չե՞ն կատարում։

Ի՞նչ ես խոսում, տեր ողորմի քո հորը. նրանք իրանց երեխայքն անգամ չեն սնուցանում. բավական է որ ծնեցին՝ իսկույն պահ են տալիս դայակներին։ Իսկ թե մոր կաթով չմեծացած երեխան ի՞նչ կդառնա՝ այդ գիտե ամեն մի խելացի մարդ։

Ապա ի՞նչ են գործում, ավելի զարմացած հարցրուց տիկին Սկուհին։

Ոչի՛նչ չեն գործում, բացի նրանից, որ միշտ զբաղված են իրանց զարդարանքով, պչրանքով, կեր ու խումով, որ իրանց անձերը մո՛լի ախտերի մի գործարան շինեն։

Տիկին Սալլաթինը, այդ առողջամիտ կինը, որ ուշադրությամբ լսում էր յուր պարզամիտ քրոջ և մոլեռանդ տիկին Թարլանի զրույցները, թեպետ վաղուց արդեն կորցրել էր յուր համբերությունը, բայց որովհետև կարևոր խոսելիք ուներ Ռուստամի հարսանիքի մասին՝ չուզեց կոտրել տիկին Թարլանի սիրտը և բարկացնել նրան, մանավանդ, որ կամենում էր մի հնարքով ձեռք բերել նրա համաձայնությունը. և որպեսզի չոր առաջարկությունը ընդունելություն գտնե նրա մոտ, ծանրությամբ և հանդարտ եղանակով խոսեց.

Ավելի լավ չէ՞ր լինի, սիրելիք, կարճել այդ զրույցների ընթացքը և հավատալ թե բամբասանքը մեղք է, և թե մենք, ասիացի կանայքս, քանի՜-քանի՜ հազարավոր մղոններ հետ ենք մնացել նրանցից։ Նրանք միշտ առա՛ջ, դեպ առաջ են դիմում, բայց մենք մնում ենք դարավոր անշարժության մեջ, կապված կաշկանդված տգիտության շղթաներով...։

Տիկին Թարլանը, այդ խոսքերի նշանակությունը համարյա չհասկանալով՝ գլուխը հեգնական կերպով շարժեց և հրամայեց հավաքել թեյի սփռոցը։

Խնամի Թարլան, խոսեց տիկին Սալլաթինը, մինչև բարեկենդանը երկու շաբաթ է միայն մնում. ժամանակը նեղցել է. ի՞նչ եք հրամայում հարսանիքի մասին։

Ի՞նչ պետք է ասեմ, պատասխանեց առժամանակյա մտածումից հետո տիկին Թարլանը։ Ա՛յն, որ աստված է կամեցել, կկատարվի. և ես չեմ կարող իմ հանգուցյալ ամուսնի ուխտը գետնին զարկել։

Աստված քեզ հանգիստ արքայություն տա, խնամի, մյուս կողմից առարկեց տիկին Սկուհին. ես իմ հո՛գիս, բերան չէ՛, տաճար է...։ Ճշմարիտ, մեղք է, որ մենք դարձյալ թողնենք, որ ձեր աղջիկը ու մեր Ռուստամը այսուհետև ավելի մաշվեն միմյանց համար, դուք գիտե՛ք, թե նրանք ո՜րքան սիրում են միմյանց։

Ես գիտե՛մ... պատասխանեց տիկին Թարլանը խորհրդավոր եղանակով. և նրանց անպարկեշտ սերը, միանգամայն ատելի է ինձ։

Չէ՛, այդպես մի խոսիք, նրա խոսքը կտրեց տիկին Սալլաթինը, աշխարհս լուսավորյալ է. և սիրո աստվածուհին դուրս գալով ամոթխածության վարագույրի ետևից՝ մերկացել է յուր նախկին քողածածկոցից. այժմ նա մերկ հանդես է մտել մարդկային կյանքի մեջ որպես ճշմարտության աստվածուհի...։

Տիկին Թարլանը չհասկանալով վերջին խոսքերը, ավելացրեց.

Աշխարհս լուսավորվե՞լ է... լավ է ասեք՝ լրբացել է. և մեր ազգային սուրբ և ազնիվ բարոյականությունը, յուր արդար և անարատ սովորություններով՝ ապականվել է. Նեռի երևալու ժամանակը մոտեցել է, որովհետև մեր նորահարսերը այքևս ո՛չ ծերերի ալիքն են պատվում, ո՛չ նրանց խրատները լսում։

Այդ խոսքերով տնամոլ տիկինը կամենում էր յուր սրտի թույնը թափել, որ կուտակել էր երեկոյան Ռուստամին միայնակ օրիորդ Սալբիի մոտ գտնելը։

Թող այդ ձեզ չվշտացնե, ասաց տիկին Սալլաթինը, նոր ժամանակը ընտրել է յուր համար մի նոր ընթացք, որ տանում է յուր հետ մարդկությունը... ո՛վ որ դուրս մնա այդ ճանապարհից՝ կմոլորվի և դեպ հավիտենական կորուստը կգնա... Վերանորոգությո՜ւն... ազգաշինությո՜ւն... այդ խոսքերն է հնչեցնում մեր ականջներին հայոց հրեշտակը...:

Բա՛յց ամեն տեսակ վերանորոգության հետ անհրաժեշտ կապակից է մի ապականիչ կործանում։

Գիտե՞ք, այդ կործանման փլատակների միջից են ծլում, ծաղկում մի նոր, թարմ և պնդակազմ կյանքի անուշահոտ վարդերը։ Ամեն հին բաները հավիտենական մահվան կերակուր են դառնում, և մահը մարսելով յուր կերածը, մի նո՛ր կյանք, մի նոր գոյություն է առաջացնում։

Դրա՛նք մթին և խորին զրույցնե՛ր են. թո՛ղ տվեք թե աստված կսիրեք, նրանց խոսքը կտրեց տիկին Սկուհին. ի՞նչ մեր գործն է՛ վարդապետություն անել. լա՛վ կլինի, որ մենք մեր խելքից դուրս բաներ չմտածենք։

Ես ի՞նչ մեղ ունիմ, պատասխանեց տիկին Թարլանը, ձեր քույրն է սկսել փիլիսոփայություններ կարդալ մեր ականջներին:

Տիկին Սալլաթինը լռեց և այլևս չխոսեց։

Թող մնան այդ խոսքերը, շարունակեց տիկին Սկուհին. մե՛ղք է թերահավատ զրույցներ անել, այժմ դառնանք մեր առաջվա խորհրդին։ Խնամի Թարլան, դուք իմացեք, մենք երկուշաբթի օրից հարսանիքը սկսելու ենք. դուք էլ պատրաստ եղեք, որ ավելի չուշանա, հինգ օր հարսանիք կլինի, և բարեկենդանի շաբաթ օր, աստուծո կամքով՝ հարսը տուն կը տանենք։

Շատ բարի, պատասխանեց ցածր ձայնով տիկին Թարլանը, ես ձեր կամքին հնազանդ եմ:

Այժմ մնաք բարով, շատ խոսացինք, շատ գլխացավանք տվինք, ներեցե՛ք, մնաք բարով ասացին երկու քույրերը և համբուրելով տիկին Թարլանի ձեռքը՝ հեռացան:

Բակը դուրս գալով, երկու քույրերը մտան օրիորդ Սալբիի սենյակը։ Նա այդ միջոցին խորին ուշադրությամբ՝ մի գիրք էր կարդում։ Տիկին Սկուհիին տեսնելով՝ նա քողը երեսի վրա քաշելով, գիրքը ձգեց և ոտքի ելավ։

Տիկին Սկուհին համբուրեց օրիորդի գլուխը, և ուրախ եղավ այնպես քաղաքավարությամբ իրան ընդունելու համար։ Տիկին Թարլանի երեկոյան տհաճությունը Սալբիի մասին լսած լինելով՝ նա ուղղեց նրան այս առասպելարանական խրատները։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սալբի"

Ятук Музыка
Спартак - Адажио
Арам Хачатрян

Спартак - Адажио