Раффи

Սալբի

7

Հովասաբենց տանը ոչ ոք չմնաց բացի օրիորդ Սալբին և աղախին նազլուն։ Հանկարծ երևան եկավ Ռուստամը, և օրիորդ Սալբիի հետ մտավ նորակառույց սենյակը։

Բարով, շնորհավոր լինի, ասաց պատանին ուրախությամբ, քնքշաբար սեղմելով օրիորդի ձեռքը։

Բարով վայելես, Սալբի, ահա մարդավարի բնակարան, ես շա՛տ եմ հավանում:

Ի՞նչ արած... մաշվեցանք խլուրդների նման խրճիթի ծակամուտներում՝ ծուխ ու մուխ կուլ տալով. գոնյա՝ այսուհետև կարող ենք ազատ շունչ քաշել։

Իսկ ձեր մա՞յրը։ Իմ մայրը իր հին զուռնան է փչում... նա տակավին այստեղ չէ մտել. նա չէ ուզում հեռանալ յուր նվիրական խրճիթից։

է՛հ... ահա՛ ինչ է նշանակում կույր նախապաշարմունք...։

Հա՛, Ռուստամ, քնքշաբար ավելացրուց սիրուն օրիորդը, դա՛ է ամենածանր և ամուր շղթաներով կաշկանդում թույլ մտքերը։ Պատանին հեգնականապես ժպտաց։

Լա՛վ, ի՞նչ լուսավոր զգացումներ կարող էր ունենալ մի մարդ, որ երեխայությունից բնակվում է խավար մտքով, խավար հոգով, խավար շրջակայքի մեջ, խոսեց Ռուստամը։

Ո՛չ մի․․․։ Բայց երբ մարդ ունենա փառավոր բնակարան, յուր շքեղ սենյակներով, ծաղիկներով, կահ֊կարասիքով և քաղցրաձայն սոխակներով, այնպես չէ՞, Ռուստամ, նա՝ յուր կյանքի սկզբից կսկսի ծանոթանալ և սիրել այն, որ գեղեցիկ է, ա՛յն՝ որ վսեմ և ազնիվ է։

Հա՛, իմ նազելի, նա ապրում և շնչում է պոեզիա... նրան մենք ասում ենք բախտավոր, բայց հայերի կյանքը մռայլված է տխուր և սև պրոզայի մթին աղջամուղջի մեջ...։

Այդ խոսքերի վրա ոգելից պատանիի երկաթե պնդությամբ սիրտը ակամա վրդովվեց, և նրա թշերի վրա երևեցան մի քանի կաթիլ արտասուք, օրիորդ Սալբին նշմարեց այդ սրբազան կաթիլները, և խոսեց.

Իմ մայրը ասում է, թե մեր այսպիսի տուն ունենալը մեզ կարող է վտանգի ենթարկել, իբր թե թուրքերը մեզ հարուստ համարելով, երկյուղ կա, որ մտնեն կողոպտեն մեզ։ Բայց ես կարծում եմ, թե այս խոսքերով նա կամենում է ինձ վախեցնել։

Չէ՛, Սալբի, նա ձեզ չէ՛ խաբում, պատասխանեց պատանին խորին զգացողությամբ։ Այդ ճշմարիտ է.․․ գերիների համար օտար աշխարհում ոչ մի վայելչություն չկա, նրանց աղքատը և հարուստը ապրում են միօրինակ դժբախտության մեջ. հարուստը յուր արծաթը խորում է հողի տակ և ինքը ման է գալիս հնոտի հագուստներով և բոբիկ ոտներով, երբ մինը ունի, և չէ՛ կարողանում վայելել, այդ աղքատությունից ավելի ցավալի է...։

Ինչո՞ւ, միթե աստված անիծե՞լ է մեր ազգը, հարցրուց օրիորդը տխրելով։

Չէ՛, աստված չէ՛ անիծել, բայց հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը, և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը։

Մի՛թե կարելի՞ էր այդ։

Ինչո՞ւ չէ։ Հայերին ո՞վ է արգելում դառնալ դեպ իրանց հայրենի երկիրը, կամ աշխարհի երեսին մի կտոր հող գտնեք և բնակվել նրա վրա ազգովին։

Աշխարհի երեսին մի կտոր հո՞ղ, նրա խոսքը կտրեց օրիորդը քնքշությամբ. բայց Ռուստամ, իմ կարծիքով, մի տունկ չի զորանալու իր կլիմայից դուրս՝ օտար հողի վրա մեր հայրենիքի սուրբ հո՛ղը, սուրբ ջո՛ւրը և սուրբ օ՛դը միայն կարող են զորացնել հայոց որ դիքը, ուժ, կյանք և հոգի ներշնչել նրանց երակներում։

Հա՛, իմ նազելի, կրկնեց պատանին. ես գաղթականություն չեմ քարոզում, ես մեր սիրելի եղբայրներին չեմ առաջարկում նոր Հոլանդիայի ափերը և Յապոնիայի կղզիները... Իհարկե պանդխտի վիճակը ցավալի է նրա աչքը չէ չորանում արտասուքից, նրա սիրտը միշտ կոտրած է, մանավանդ երբ նա ապրում է ուրիշի դրոշի տակ, կամ թե մի այնպիսի եգիպտական ծառայության և մի այնպիսի փարավոնյան գերության մեջ, որպես մենք...։ Եգիպտոսի բռնակալը Իսրայելի արուները հրամայում էր գետը նետել, բայց մեր կանայք, մեր սիրուն֊սիրուն մատաղահաս աղջիկները իրանց պատվով, իրանց մաքուր կուսությամբ՝ զոհ են գնում մեր բռնակալների հեշտախոսությանց...։

Մի Մովսե՛ս պետք է, իմ սիրելի, ասաց օրիորդը անձկանոք. մի Մովսես, որ առաջնորդեր գերիները դեպի նոր թանան։

Չէ՛, Սալբի, իմ կարծիքով աստված այժմ դադարել է հրաշք գործելուց, մեզ մնում է առաջնորդ ընտրել մեր բանականությունը, մեր խելքը, և իմացական լուսավորության հրեղեն սյունը մեր առջևից տանել, մեր ազգայնությունը, մեր կրոնը և մեր լեզուն պահպանելու և աշխարհի երեսին իբրև մարդ ապրելու համար ձեռք բերել մեր հայրերից անիրավությամբ հափշտակված հողերը, որոնց վրա մենք և մեր որդիքը կարող էինք ազատարար արմատ ձգել, աճել և զորանալ։

Ա՜խ, երանի՜ էր այն ժամանակ, բացականչեց օրիորդը լի զգացողությամբ, բայց հնարավոր կլինի՞...։

Ինչո՞ւ չէ... երբ աշխարհի մեջ առաջ կգա արդարություն և իրավունք, երբ հաղթահարվածներին, բռնադատվածներին և գերիներին կարեկցություն կցույց տա համաշխարհական մարդասիրությունը, այն ժամանակ ամեն մի ազգ կստանա իր կորցրած ժառանգությունը։

Այդ դժվար է... տխրությամբ կրկնեց օրիորդը, և սկսեց երգել։

«Հայաստա՛ն, Հայաստա՛ն
Դու եդեմյան շքեղ բուրաստան.
Արդյոք կլինի՜, որ քեզի տեսնեմ,
Քո պայծառ օդը մի րոպե շնչեմ.
Ինձ համար այն ժամ դառն չէ՛ մահը՝
Երբ քո սուրբ հողում հանգիստ կգտնեմ»։


Ռուստամ, դուք սիրո՞ւմ եք այդ երգը, հարցրուց օրիորդը դադարելով երգելուց։

Հա՛, պարոն Խոսրով Մելիքզադեն՝ այդ նազելի մանուկ բանաստեղծը վատ չէ գրում, նրա տաղերը ազդու և ոգելից են, պատասխանեց Ռուստամը։

Հանկարծ ներս մտավ միջահասակ մի պատանի, նիհար և գունատ երեսով, խելացի և փայլուն աչքերով, սև, մետաքսանման ծամերով. դա, պարոն Խոսրով Մելիքզադեն էր։

Բարո՛վ, ասաց նա ծիծաղելով. «գելը՝ ամպ օր կուզե, գողը՝ մութ գիշեր». տիկին Թարլանի բացակայությունը հնար է տվել ձեզ այդպես հանգիստ և անվրդով միասին նստելու և զրուցելու։

«Գելի անունն տաս, ականջները տրար կգա», պատասխանեց Ռուստամը կատակով, Խոսրո՛վ, այս րոպեիս քո մասին էինք խոսում։

Արդարև, ասես թե մի այդպիսի բան ազդեց իմ սրտին. դռնից անցնում էի, երբ լսեցի օրիորդ Սալբիի երգը. իսկույն հասկացա, թե տիկին Թարլանը տանը չէ լինելու, որ դա այդպես համարձակ երգում է, մտածեցի չփախցնել հաջող առիթը։

Օրիորդ Սալբին դուրս գնաց, հրամայեց Նազլուին, որ գար իրանց մոտ, ղահվե և ղեյլան պատրաստեր հյուրերի համար։ Բա՛յց աղախինը հրաժարվեց, ասելով, թե ինքը կամաչեր մտնել տղամարդկանց մոտ։ Օրիորդը ստիպված էր յուր ձեռքով պատվասիրել յուր հյուրերը՝ մատուցանելով նրանց ղահվե և ղեյլան։

Դուք նեղություն մի կրեք, արգելում էր նրան պարոն Մելիքզադեն։

Ապա ո՞վ պիտի կրե, երբ մեր հիմար աղախինը չէ կամենում երևալ տղամարդկանց, պատասխանեց, օրիորդ Սալբին։

Նա ձեր մոր հավատարիմ աշակերտուհին է, նրա մեջ տեղ են բռնել ձեր մոր բոլոր վարդապետությունները, ասաց մանուկ բանաստեղծը։

Մինչ սրանք այսպես ծանր ու բարակ զրուցում էին, տեր-Առաքելենց տան մեջ տեղի էր ունենում հետևյալ խոսակցությունը։

Դուք ո՛րքան անհոգ եք, այ մարդ, ասաց տիկին Սկուհին յուր ամուսնուն. չէ որ մեծ պասը եկավ, բայց դուք ձե՛ր որդու հարսանիքի մասին չե՛ք մտածում։

Ի՞նչ մտածել, պատասխանեց մահտեսի Ավետիսը սառնությամբ. առավոտյան տյառնընդառաջ է, գիտեմ, որ դու այս երկրի սովորության համեմատ գնալու ես խնամատես, խոսիր տիկին Թարլանի հետ, որ նա ևս հաճություն տա, այս շաբաթ հարսանիքը կատարենք վերջացնենք։

Դուք, ճշմարիտ, երեխայի նման եք խոսում. ձեր աչքին հարսանիքը մի թեթև բա՞ն է երևում. չէ՞ որ պատրաստություն պետք է՛։

Ի՞նչ պատրաստություն, կնոջ խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը. ո՛չինչ պատրաստություն պետք չէ։ Ես մի քանի բարեկամներով, առանց ղայմաղալի, առանց զռհազռի, իմ հարսը պսակից հետո եկեղեցուց տուն կբերեմ, մի թեթև ղահվեով պատվելով իմ հյուրերը։

Հա՜.. աչքներս լույս, որդի ենք պսակում, հեգնաբար կրկնեց տիկին Սկուհին. որդի մեծացրինք, որ նրա հարսանիքի ուրախությունը վայելենք, իսկ սա ասում է՝ առանց դըհոլի, առանց զուռնայի, առանց հաց ու գինի տալու մի դառն ղահվեով պիտի հարսանիք անեմ։

Ապա ի՞նչ ես մտածում, հիմար, բարկությամբ խոսեց Մահտեսին. դու տնտեսագետ չե՛ս, չես հասկանում ինչ ասել է յոթն օր, գիշեր ու ցերեկ շարունակ, գյուղի ամբողջ բնակիչներին հյուրասիրել. դրա համար բավական չեն լինի տասն կարաս գինի, յոթն բեռ ալյուր, մի կարաս արաղ և հինգ եզ մսացուի համար. այլևս որքան բրինձ, ո՜րքան եղ...։ Ա՜խ, այդ նոր և տուն քանդող սովորությունը՝ շաքարի և չայի գործածությունը՝ աստուծո մի մեծ պատիժ է...։

Տիկին Սկուհին վշտանալով, ոչինչ չպատասխանեց. նա լուռ դուրս գնաց յուր ամուսնու մոտից։

Բայց դո՛ւք աղա՛, Հուրի Խան-Դայայի մասին չեք մտածում, որը բոլորովին հակառակ է հարսանիք կատարվելուն, ասաց Նազանին, որ կանգնած էր այնտեղ:

Գիտեմ, նրա ներկայությունը կթունավորե հարսանիք եղած չափավոր ուրախությունն ևս, պատասխանեց մահտեսի Ավետիսը։ Բայց նրա անտանելի տրտունջներից ազատվելու համար, նրան ուխտ կուղարկեմ Բարդուղիմեոս Առաքյալի վանքը: Երկար ժամանակ է, որ նա այդ մասին խնդրում է ինձ։ Մինչև նրա դառնալը, ամենայն ինչ վերջացած կլինի։

Բայց աղա՛, դուք ընդունեցեք իմ տիկնոջ խնդիրը. հարսանիքը թող զուռնայով լինի, ասաց աղախինը։

Մահտեսի Ավետիսը ծիծաղեց։ Որ դու պար գաս, հա՞, հարցրուց նա։

Ժ

ՆՎԻՐԱԿԱՆ ԿՏԱԿԸ

Տոները, կյուրակեները և բարեկենդան օրերը, առավե՛լ քան մյուս ժողովուրդակարգերը՝ մի առանձին դյուրացուցիչ և ուրախառիթ զորություն ունին՝ մանավանդ գյուղացիների համար։ Խղճալի գյուղացիները, միշտ ծանրաբեռնված իրանց ապրուստի դժվարին հոգսերով, խանի և կալվածատիրոջ անտանելի ղուբարաներով, բեգարներով (անվարձատրելի աշխատություններով), ո՜րքան ուրախությամբ անձնատուր են լինում այն անդորրացուցիչ և անդարդ զվարճություններին և զբոսանքներին, որ պարգևում են նրանց տիրոջ հանգստի օրերը։ Այդ նվիրական օրերին, որ նրանք գողանում են իրանց կյանքի գերությունից, գյուղացիք նորոգում են իրանց սպառված և մաշված զորությունը, կազդուրում են իրանց տկարացած անձը, և խանը՝ յուր բոլոր բռնակալական բնավորությամբ՝ չի խլում հայ րայաթից այն մխիթարությունը, որ պարգևել էր նրա կրոնը։

... Թվականի փետրվար ամիսն էր։

Ձմեռային ալևոր արևը, հավաքելով յուր վերջին թույլ ճառագայթները, մտավ Դուշմանաց սարերի ետևը, թողնելով ամպերի վրա մի քրքմագույն շառավիղ։

Երեկոյացավ։

Ատրպատականի Ծաղկավան գյուղի մեջ, սուրբ Գևորգ եկեղեցում, երեկոյան հասարակ ժամասացությունը վերջանալով՝ քահանաները և տիրացուները՝ ժողովրդի հետ՝ դուրս էին եկել բակը տյառնընդառաջի տոնախմբությունը կատարելու։ Եկեղեցու գավթի մեջտեղում, դռան առջև, դիզած էր վառելի նյութերի մի մեծ կույտ, որոնցով պիտի վառվեր նվիրական կրակը: Վառելիքի արևմտյան կողմում, երեսը դեպ արևելք դարձրած՝ քահանան բարձր և ձգական ձայնովի կարդում էր տյառընդառաջի Ավետարանը։ Տիրացուները, ոմանց ձեռին բուրվառ, ոմանց՝ քշոց, և ոմանց էլ փոքրիկ զանգակներ, իսկ ժողովրդի ձեռքերին վառած մոմեր, բոլորել էին վառելիքների շուրջը։ Նրանց ետևը, երեսները ծածկած, փաթաթված իրանց սպիտակ չարսավների մեջ՝ կանգնել էին կանայք. և այստեղ ու այնտեղ խառնիխուռն վազվզելով աղաղակում էին երեխաները։

Սուրբ Ավետարանի ընթերցվածը վերջացավ. քահանան դպիրների հետ միաձայն սկսեցին երգել «Քրիստոս փառաց թագավոր» շարականը. քշոցները զրնգզրնգացրին, փոքրիկ զանգակները ճնգճնգացրին և այդ անախորժ նվագի հետ միախառնվելով ժամասացների անձև-անկանոն երգեցողությունը, ժողովրդի անխորհուրդ աղաղակը, թնդեցնում են օդը խառնափնթոր ներդաշնակությամբ։ Եկեղեցու բակում ձևացել է մի բաբելոնյան բլբլոց:

Քահանան բարկությամբ, ձեռքով նշան է անում, վայրկենապես տիրում է խորին լռություն։ Տեր Մարկոսը, այսպես էր տերտերի անունը, մեքենաբար երեսը դարձնում է դեպ բազմությունը և մի ճարտար քարոզողի ոճով խոսում է նրանց մի «ծանուցում», թե ինչ խորհուրդ ուներ այն ավուր տոնը։

Այսօր, իմ սիրելիք, ասում է նա, այսօր սուրբ եկեղեցին հանդիսով կատարում է տյառընդառաջի խորհրդական տոնը։ Այսօր Քրիստոսի ծնողքը՝ օրենքին համեմատ տանում են Հիսուս մանուկը տաճարը ներկայացնելու տիրոջ առջևը։ Այսօր ինքնին բացվում են աստվածորդու առջև այն դռները, որ հին ժամանակներից փակված էին Եզեկիել մարգարեի ձեռքով։ Եվ Սիմեոն ծերունին, երեք հարյուր վաթսուն և չորս տարի աղոթքով և ճգնությամբ տաճարի մեջ ապրելով, վերջապես յուր գիրկն է ընդունում Իսրայելի և հեթանոսների փրկիչը, գուշակելով՝ թե որպիսի սրերով էր խոցվելու նրա խեղճ մոր՝ Մարիամի սիրտը։ Եվ Աննա մարգարե կինը, շարված սուրբ հոգիից, խոսում է բազմությանը և նրա ծնողներին, թե նա՛ է աշխարհի փրկիչը և մարգարեների ակնկալությունը։ Բայց նույն ժամուն ամբողջ Երուսաղեմը դղրդվում է, մարդկանց մեջ մի անհասկանալի խռովություն է ընկնում։ Մարդկանց անթիվ բազմություններ, գրգռված գաղտնի ազդեցությունից, ջահեր, լապտերներ, մոմեր և կրակ վառած՝ կոչում, աղաղակում էին. «գնանք տերին ընդառաջ». այդ պատճառով մեր սուրբ հայերը այդ տոնին տյառընդառաջ անունն են տվել, որի հիշատակը կատարում ենք, վառելով այդ սուրբ կրակը, այն կրակավառության փոխարեն, որ հրեաները կատարեցին։

Տեր Մարկոսի հրամայելով, վառելիքի շուրջը բոլորեցին տասնևհինգ նորահաս տղամարդիկ, հարսանիքի հագուստներով, դրանք նույն տարվա նորապսակ փեսաներն էին, որոնց ձեռքով սովորություն էր վառել սուրբ կրակը։

Բայց եկեղեցին, առաջ տարավ քահանան, այդ սուրբ կրակը, այդ ազնիվ զոհաբերությունը, սիրո այդ միակ օրինակը և նշանը, նվիրում է յուր երկնավոր փեսայի հիշատակին, որ այսօր խոնարհվել է՝ կապելու յուր պսակը յուր նորահարսի եկեղեցու հետ։ Տիրոջ համար արդար ծառաներ բազմեցնելու համար։ Եվ դուք, իմ սիրելիք, դառնում է նա դեպ կանգնած նորափեսաները, դո՛ւք ևս այս տարի առեցիք ձեր պարանոցի վրա այն քաղցր լուծը՝ ընդունելով ամուսնական խորհուրդը։ Այդ պատճառով, դուք նմանություն ունեք երկնավոր փեսային. ուրեմն ձե՛զ նորապսակներիդ է միայն արժան վառել այդ սուրբ կրակը, և ձեր մաքուր ձեռներով նվիրել սիրո աստծուն։

Երբ նորափեսաները մոտեցան կրակ տալու՝ քահանան արգիլեց նրանց ասելով. դուք եկեղեցու կանոնները չգիտե՞ք։ Չէ՞ որ պետք է առաջուց հայտնել, թե ի՞նչ են ձեր ընծաները եկեղեցուն, որով ձեր զոհաբերությունը կլինի աստծուն ընդունելի և մարդկանց հաճելի։

Մինչ նորափեսաները ամոթխածությունից կարմրելով՝ ամաչում ամաչում էին պատասխանել շահախնդիր քահանայի հարցին՝ ահա եկեղեցու դռնից դուրս եկավ, պատառոտած մուշտակը հագին, մի կեղտոտ մարդ։ Ամենքին ծանոթ ժամհար Մըխոն է նա, որ միանգամայն կատարում է երեցփոխանի և գանձապետի պաշտոնները, Մըխոն, նրա մկրտության անունը Մխիթար էր, ուսերը շարժելով, գլուխը քորելով, և մի բուռն դեղին քթախոտի փոշի յուր պարկի միջից պնչածակերը ուղարկելով՝ և մի առողջ փռշտալուց հետո, փաղաքշաբար մոտեցավ քահանային, և ասաց. տերտեր ջան, քո հոգուն մատաղ, դու քո գործին կաց, այդ պարոնների ընծաների մասին հոգս մի աներ, քո Մըխո ծառան այնքան հիմար չէ, յուր գործը գիտե... դեռ դուք ժամը չմտած՝ ես իմ հաշիվս վերջացրել էր այդ պարոնների հետ։

Ժրաջան ժամկոչը յուր խոսքը վերջացնելով, գլուխը քար ձգած, փսփսալով՝ կամենում էր կրկին եկեղեցին ներս մտնել, որպես թե մի մեծ գործով էր զբաղված, բայց հանկարծ նրան կանգնեցրեց անհամբեր տեր Մարկոսի ձայնը. Դու ո՛չ մեռնես Մըխո, ո՞ւր ես այդպես մկնի նման շուտ ծակը մտնում. մի ասա, լսենք, լեզուդ հո չէ՞ ցավում, արդյոք ի՞նչ է նորափեսաներից քո ստացածը, թող ե՛ս էլ հասկանամ, ժողովո՛ւրդն էլ։

«Ես ուզում եմ բանը ծածուկ մնա, ասաց Մըխոն յուր մտքի մեջ. գիտեմ, էգուց մյուս օր կասես Մը՛խո, դաֆտարումը կես-կես գրե։ Բայց քանի որ դու այդքան միամիտ կլինես, ինձ էլ դժվար չէ ասելը»։

Ի՞նչ ես շշկլած, քեզանից բան եմ հարցնում, կրկնեց քահանան։

Ի՞նչ... հա... տասնևհինգ նոր փեսա չե՞ն մի, ուշքի գալով հարցրուց ժամկոչը։

Հրամեր եք, աղա ժամկոչ, կատակելով պատասխանեի քահանան։

Ահա քեզ հաշիվ. ղասաբ Առաքելենց տղա Կիկոն տվել է մի ոչխար և մի թուման փող։ Լաք Արզումանի տղա Ոսկանը՝ մեկ տիկ գինի և յոթն ղռան փող, կռնատ Սիմոնի տղա Քոչարը՝ երկու աման արաղ և չորս հատ աքլոր։ Դոդոշենց Միրզոն՝ շեն մնա, երեք թուման փող և տասն գրամ վառելու ձեթ։

Տեր Մարկոսը, որ ախորժակով լսում էր ընծաների անունները, ուշի գալով հասկացավ յուր սխալմունքը, և չկամենալով, որ դրանց մասին յուր ընկեր տեր Մարուքը տեղեկություն ստանար՝ ասաց ժամկոչին. բավակա՛ն է, բավակա՛ն, ինչպես երևում է քո հաշիվը հաշիվը մինչև կես գիշեր վերջանալու բան չէ. այսուամենայնիվ երեսդ թող սպիտակ լինի, շատ ապրիս, իմ աշխատասեր Մխիթար, քո շնորհիվ, բարեկենդանին կունենանք մի ճոխ ու բարիքներով լի խնջույք... այլևս ի՜նչ է պակաս մնացել... ոչխա՜ր, գինի՜, արա՜ղ, փո՜ղ... արդարև ցանկալի՛ բաներ, դրանց անո՛ւնը միայն զվարճություն է բերում...

Մի փոքր ծիծաղելով, մի փոքր կատակելով, երբեմն Մըխոյի հետ, երբեմն յուր մոտ կանգնած մարդկանց հետ, տեր Մարկոսը, յուր կեղծավոր զվարճախոսությամբ շահում էր ամենի սրտերը, և բոլորեքյանք շնորհակալ և գոհ էին նրանից, որ այնպես ուրախ և ծիծաղադեմ քահանա ունին։

Դե՜հ, որդիք, առաջ եկեք, ասաց քահանան, յուր ձեռքի օրհնած մոմով վառելով նրանց պատրույգները. դե՛, հրամեցեք և կրակը վառեցեք։ Աստված քո որդուն էլ փոխ անե, պարոն Թորոս, բարով քո որդու ձեռքն էլ այս կրակը վառե, պարոն Սարխոշ,-ասում էր անդադար տեր Մարկոսը, գյուղի իշխանների սիրտը շահելով, որոնց որդիքը առաջիկա տարին պիտի պսակվեին։

Քահանայի ասելն և ցամաք վառելիքի գռռալը մեկ եղավ: Թանձր ծուխը, կանաչ-կարմիր բոցերի հետ բարձրացավ մինչև ժամատան կաթուղիկեն։ Խառնիճաղանջ ամբոխը միմյանց դիպավ։ Կրկին տիրեց խառնակություն... Սնոտիապաշտությունը մի վայրենի և կատաղի հոգեզմայլություն ազդեց ռամիկների սրտի վրա։ «Հա՜յ.. հո՜ւյ... հարա՜յ... հրո՛ց, ծիծաղ, աղաղակ, երգ և շարական, բոլորը միմյանց խառնվեցան...։ Տեր Մարկոսի զգուշացուցիչ աղաղակները այլևս չէին օգնում և եթե ժամկոչ Մըխոն այնքան ճարտար և աչքաբաց մարդ չլիներ՝ և շուտով չհավաքեր սրբությունները, շատ կարելի է գիրք, գրքակալ, խաչ, Ավետարան, շարական և մաշտոց, բոլորը միասին՝ նվիրական կրակի առողջ կերակուր կդառնային... Մոլեռանդության լոկ կատաղի երևույթները չէին հանդիսանում այստեղ, այլ կրոնը ձևացնում էր մի կախարդական կատակերգություն՝ երբ ժողովուրդը դյութական և մոգական զգացողությամբ ոգևորված՝ պտտվում էր խարույկի չորս կողմով և կամ լոք էր տալիս և թռչկոտում էր նրա վրայով։

Սուրբ տյառընդառաջը այդքանով միայն չէ վերջանում։ Այնուհետև ամեն մի գյուղացի ջերմեռանդությամբ վառում է յուր ձեռքի մոմը «նվիրական կրակով», որ այդ մոմով, նրանցից ամեն մինը վառե յուր տան կտուրի վրա պատրաստած խարույկը։

Երբ ամենից առաջ այդ մարդկանց բազմությունը, շտապելով միմյանց խթելով, դուրս էին գնում եկեղեցու բակից, եվրոպական թխագույն հագուստով մի կին, երեսը կանաչ շղարշով վարագուրած, հեռուն կանգնած՝ արհամարհանքով նայում էր, կարծես յուր մտքի մեջ պախարակելով ռամիկների մի այդպիսի սնոտիապաշտությունը։ Նրան մոտեցավ մի այլ կին, նրա երեց քույրը, տիկին Սկուհին, ասիական հագուստով, և ասաց. Տեսա՞ր, Սալլաթին, հոգիս, ո՞րքան լավ անցավ այս տարի տյառընդառաջը։

Փառավորվի՜ տեր Մարկոսը, պատասխանեց տիկին Սալլաթինը կատակելով. քանի այդ աստվածահաճո քահանան կենդանի է՝ ձեր եկեղեցին կունենա քրիստոնեական համ ու հոտ...»

Ինչու ձե՞ր, հարցրուց տիկին Սկուհին վշտանալով, միթե դու ևս մեր եկեղեցուն չե՞ս պատկանում։

Հա՛, այնպես լեզվիս վրա եկավ այդ խոսքը... բայց, Սկուհի, դու գիտես, ես չեմ սիրում այդ ծեսերը. դրա համար, ինձ ախորժելի չէ՛ միշտ տեր Մարկոսի երեսը տեսնել...։ Այս երեկո ժամ եկա լոկ հետաքրքրությունից դրդված։

Ո՛չ, ո՛չ, տեր Մարկոսը մի օրհնյալ քահանա է. նրա իմաստությունը՝ չափ չունի։ Չլսեցի՜ր թե ինչպիսի սքանչելի ոճով էր պատմում Սիմեոն ծերունու և Աննա մարգարեուհու մասին։

Հա՛, նա ամբողջ Աստվածաշունչը յուր փորումն ունի, կատակեց տիկին Սալլաթինը. նա պատմում է սուրբ գրվածքը՝ խառնած անտեղի ավանդությունների հետ։

Ազգային ավանդություններն ևս չպետք է կորցնել, ասաց տիկին Սկուհին չհասկանալով յուր խոսքը։

Չպետք է կորցնել այն մտքով, որ ավանդությանց և ծեսերի մեջ կարելի է գտնել ազգերին հատուկ նշաններ, նրանց բնավորությունը և նրանց կյանքի պատմությունը մասնավորապես։ Բայց երբ ավանդությունները մտցվում են և՛ կրոնական կյանքի մեջ, ռամիկը սրբազնացնում է նրանց և այդ ավանդությունները դառնում են հավատքի էական մասեր։

Այսպես խոսելով երկու քուրերը հանդարտ կերպով առաջ էին քայլում, մինչև հասան գյուղամիջում մի տեղ՝ որ բաժանվում էր երկու ճանապարհի։

Ե՛կ այս փողոցով գնանք Սալլաթին, քույրս, նրա ձեռքից բռնելով ասաց տիկին Սկուհին։

Ի՞նչ առիթ ունինք այն կողմ գնալու, հարցրուց տիկին Սալլաթինը։

Այս ճանապարհը տանում է դեպ Հովասաբենց տունը. և ե՛ս պետք է այս երեկո այնտեղ գնամ «խնամատես», խնդրում եմ, դո՛ւ ևս ինձ հետ եկ։

Ի՛նչ հարկ կա ա՛յսօր խնամոց տուն գնալու։

Չգիտե?ս, որ տյառընդառաջին սկեսուրները գնում են խնամիների տուն, իրանց հարսնացուները հանում են կտուրի վրա, որ կրակ տեսնեն։

Ուրեմն դո՛ւք ևս միտք ունիք օրիորդ Սալբին՝ ձեր Ռուստամի նշանածը հանել յուր հոր կտուրի վրա, և հաղորդ կացուցանել ռամիկների ուրախությանը։

Ի՜նչ արած մեր պապերի սովորությունն է, պատասխանեց տիկին Սկուհին, պետք է կատարել, թեպետ օրըստօրե մեր ազգային այնքան գեղեցիկ, այնքան խորհրդավոր ավանդությունները կորչում անհետանում են...» Միթե ա՞յսպես էր կատարվում տյառընդառաջը հին օրերին...։ Այժմ մարդկանց սրտերը սառել են. բոլորը թերահավատ են դարձել և սուրբ բաները չեն ընդունում։

Տիկին Սալլաթինը նշմարելով, որ յուր քույրը այդ խոսքերով մասամբ իրան էր կշտամբում, չկամեցավ ավելի դիպչել նրա նախապաշարված կարծիքներին, որ չկոտրեր յուր երեց քրոջ սիրտը՝ որին ա՜յնքան սիրում էր։ Մանավանդ, որ նա նույն րոպեին ցանկանում էր գնալ Հովասաբենց տունը օրիորդ Սալբիին տեսնելու։

Ես հոժար եմ քեզ հետ Հովասաբենց տունը գնալու, ասաց տիկին Սալլաթինը, միայն թե դուք էլ պարտավոր եք այսօր վարվել տյառընդառաջին հատուկ սովորական վարք ու կարգով։

Ո՞րպես, հարցրուց տիկին Սկուհին, չհասկանալով յուր քրոջ ասածը։

Տյառընդառաջին խնամիները ընծաներ են տանում հարսնացուի տունը, դուք ուղարկե՞լ եք։

Իհա՛րկե, համարյա թագավորի արժան բաներ։

Զոր օրինակ։

Օրիորդ Սալբիի համար մեկ կարմիր մեշադու մետաքսե քող, մեկ թանկագին քիշմիրյան շալ, մի գեղեցիկ՝ պարանոցի մանյակ մարջանով և ոսկի դահեկաններով շարած, մի հատ ֆերուզա մատանի, մեկ զույգ սաղրի սոլեր։

Իսկ քաղցրավենիք դրե՞լ եք դրանց հետ։

Ինչպես չէ, նաբաթ, նողուլ, շաքար, ամեն տան մեջ այսօր թովում են միմիայն խարբուզակի և սեխի սերմեր, կարկաթ (աղանձ) են շինում, և չամչախառն ուղարկում են խնամատես, բայց դրանց փոխարեն՝ ես բովել եմ տվել նշի, ընկուզի, ծիրանի կորիզի և սիսեռի կարկաթ, և զանազան ազնիվ մրգեղեններով՝ ուղարկել եմ Հովասաբենց տունը։

Այո, դուք հատկացյալ սովորությունից ո՛չ մի բան բան չեք թողել, պատասխանեց տիկին Սալլաթինը, խորհրդավոր եղանակով։

Սերը սիրուց կծնի, քույրիկ, բացատրեց տիկին Սկուհին անկեղծ կերպով ի՞նչ արած, խնամիներս արժանավոր մարդիկ են. իմ հարսնացուի, օրիորդ Սալբիի համար եթե գլո՛ւխս վեր դնեմ. եթե հոգիս մատաղ անեմ՝ կորած չէ. գիտե՞ս նա ի՜նչ ազնիվ պտուղ է...։ Եվ Ռուստամի խելքը տարե՛լ է, գիշեր-ցերեկ դադար չունի նրա պատճառով։

Մի՛թե այդպիսի նյութական բաներո՞վ պետք է ձեր սերը խնամոնց ցույց տաք։

Հայ-քրիստոնյան դրանից ավել ի՞նչ կարող է անել, մեզ մնում է սիրել, բարեկամությունը՝ սրբությամբ պահել, միմյանց բարիին խնդալ, չարին տրտմել, որ աստուծո ահեղ դատաստանի առջև սևերես չմնանք։

Բայց մի խոսք մոռացար ասել։

Ի՞նչ խոսք։

Խնամոնց «բաժինքը» ամեն հանդիսավոր օրերին ուղարկե՛լը։

Հավատացնում եմ, որ սկսյալ այն օրից, երբ խնամության անունը մտել է մեր և Հովասաբենց տան մեջ, ես ամբողջ տարվա՝ ամեն մի տոնախմբության սովորության համեմատ, աստուծ տվածից՝ իմ հարսնացուի «բաժինքը» չեմ խնայել. օրինակ՝ Նավասարդի գիշերը՝ ձմերուկ, խարբուզակ, միլաղ և զանազան ծառերի պտուղներ. առավոտյան՝ արդար յուղով եփած հարիսա, ամեն մի մեծ և փոքր զատիկներին՝ փառավոր և թանկագին խալաթներ, քաղցրավենիքներով և ընտիր մրգերով. մնացյալ օրերին՝ ինչ որ մեր սովորությունների համաձայն պատշաճ է։

Տիկին Սալլաթինը զարմանում էր յուր քրոջ պարզամտության վրա, որ նա գյուղական սովորությունները համարում էր մովսեսադիր օրենքներ կամ քրիստոնեական հավատքի մի մասը՝ որից մի չնչին բան պակասեցնելը իրան մեղք էր համարվելու։

Դու կարծում ես ձեր հարսնացու օրիորդ Սալբին դրանցով ուրախ կլի՞ներ, հարցրուց տիկին Սալլաթինը։

Ինչո՞ւ չէր լինի, զարմանալով պատասխանեց տիկին Սկուհին։

Նրա՛ համար, որ նա մի «նոր մարդ» է։

Ի՞նչ ասել է «նոր մարդ»։

Մի մարդ, որ ունի առողջ խելք, գիտե ճշմարիտ կերպով մտածել, և ունի խելացի կերպով ընտրություն անելու ընդունակություն։

Ուրեմն, մենք չգիտե՞նք մտածել, և մեր ընտրությունները անխ՞լք են, նրա խոսքը կտրեց տիկին Սկուհին։

Դուք մտածել չգիտե՛ք և չունիք խելացի ընտրություն, որովհետև դուք հետևում եք հնությանը, ինչ որ տեսել և սովորել եք ձեր պապերից՝ ձեզ համար սո՛ւրբ է։

Տիկին Սկուհին չգիտեր, թե ինչ պատասխաներ և կամենալով կրճատել այդ խոսակցությունը, ասաց.

Բավական է քույրիկ, կանանց արժան չէ խոսել այդպիսի խորունկ առարկաների վրա, որոնց նրանց միտքը չէ՝ կարող հասնել:

Ինչո՞ւ, կնիկները մարդ չե՞ն, կնիկները միշտ իրանց խավար տգիտությա՞ն մեջ պետք է մնան։

Կանանց տրված է գիտնալ իրանց տնտեսական գործերը և իրանց տան կառավարությունը։

Այսինքն թե ինչպես պետք է թոնիրը վառել, հաց թխել, կերակուր եփել, այդպես չէ՞, կատակելով ավելացրուց տիկին Սալլաթինը։

ԺԱ

ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Երկու քույրերը, այնքան հակառակ իրենց գաղափարներով, այդպիսի խոսակցությամբ տաքացած՝ տեսան իրանց առջև Հովասաբենց տան դուռը։ Երեք անգամ զարկեցին մուրճը։ Աղախինը՝ հասուն և լիքը հասակով մի աղջիկ, բացեց դուռը, և ուրախությամբ ներս վազեց, խնամիների գալուստը յուր տիկնոջ հայտնելու:

Տիկին Թարլանը, այսպես էր հարսնացուի մոր անունը, իսկույն ընդառաջ գնաց հյուրերին, և յուր երկրի գեղեցկախոսության ոճով, սկսեց բարևել նրանց գալուստը։

Բարով, բարով, իմ թանկագին բարեկամներ, ասաց նա գրկախառնվելով, այս մի անսպառ ուրախություն է ինձ համար, երբ ես բախտավոր եմ գտնվել վայելելու ձեր այցելության շնորհքը, հավատացնում եմ ձեզ սիրո անունով, որ իմ լեզվիս պակասում են ա՛յն կենդանի բառերը, որոնցով կարող լինեի բացատրել իմ հոգեզմայլությունը և իմ ուրախալի զգացմունքները...։ Իսկապե՛ս երջանիկ է իմ տան շեմքը՝ երբ ձեր ոտները կոխում են նրան. ձեր առաջ պետք էր մատաղներ զոհել, բայց ներեցեք, պաս օր է. դրանց փոխարեն իմ հոգիս ձեզ մատաղ, զավակս ձեզ ծառա, տուն ու տեղս ձեզ ընծա...։ Ա՜նչափ բարի է ձեր գալուստը, հազար բարի... իմ աչքիս, իմ գլխիս վրա տեղ ունիք, ազիզ խնամիներ. համեցե՛ք, համեցեք, խնդրեմ, Սկուհի, Սալլաթին, սիրականներ։

Սիրալի գրկախառնությունից և ջերմ համբույրներից հետո տիկին Սկուհին, որ յուր լեզվի արևելյան քաղցրախոսության արվեստով յուր խնամիից պակաս չէր, այսպես խոսեց.

Այդ ձեր անուշ, անուշ խոսքերը, ազնիվ խնամի, ճշմարիտ, մեղրից և շաքարից համեղ են...։ Ի՜նչ պետք է մատաղը, երբ անկեղծ բարեկամության մեջ, անկեղծ սերը՝ միշտ յուր աստվածահաճո զոհաբերությունն ունի, սուրբ և անխարդախ սերը, որ ա՜յնքան քաղցր և ախորժելի է, որ մարդ չէ կշտանում նրանից՝ միակ երկնային բարիքն է։ Դա աստվածեղեն է, դա աստուծո հոգուց է կաթել մարդկանց սրտերի մեջ, և շաղկապում է մեզ, որպես միմյանց՝ նո՛ւյնպես և երկնքի հետ։

Սուրբ Գևորգը, երդվեց տիկին Թարլանը, իմ սրտի ուրախությունը, իմ հոգու հանգստությունը, բոլո՛րը, բոլո՛րը՝ ձեզնից է կախված։ Ես ձեզնո՛վ եմ շնչում, ձեզնո՛վ եմ ապրում... առանց ձեզ՝ իմ օրը, իմ արևը սև է, առանց ձեզ՝ իմ կյանքը խավար է։

Տիկին Սալլաթինը, որ հեռուն կանգնած, լուռ և անխոս, զարմանում էր նրանց այնքա՛ն ավելորդ սեթևեթանքի վրա, որով արևելցին գիտե հեղեղել յուր զգացումները, յուր սրտի ջերմ և կրակոտ կրքերր, կտրեց նրա խոսքը, ասելով. Խնամի Թարլան, տարակույս չկա, որ դուք և իմ քույր Սկուհին անչափ սիրում եք միմյանց, որպես ձեր սրտի համակրությունը ցույց է տալիս... բայց կարծեմ ձեր ժամանակը անցնում է, պետք է ձեր կտուրը բարձրանալ և կրակը վառել...։

Հա՛, ուշ է, միայն ես ձեզ էի սպասում, որ միասին վառենք կրակը, պատասխանեց տիկին Թարլանը։ Բայց հրամայեցեք, որ օրիորդ Սալբիին այստեղ կանչեն, որ մեզ հետ միասին կտուրը բարձրանա, ասաց տիկին Սկուհին։

Տիկին Թարլանը հրամայեց Նազանիին՝ բարձրահասակ օրիորդ աղախնին, որ գնա օրիորդ Սալբին կանչե։

Օրիորդ Սալբին, ամենևին ուշադրություն չդարձնելով, թե ինչ էր կատարվում յուր շրջակայքում գյուղի մեջ, միայնակ առանձնացած յուր սենյակի մեջ, նույն ժամանակ խորին ուշադրությամբ մի գիրք էր կարդում, երբ Նազանին ներս մտավ, հայտնեց թե մայրը և խնամիները դրսում սպասում էին նրան։

Ի՞նչ են կամենում նրանք, հարցրուց օրիորդը սառնությամբ։

Մի՞թե չգիտես, Սալբի, պատասխանեց Նազանին ծիծաղելով. այսօր տյառընդառաջ է, կտուրների վրա կրակ են վառում, և նորահարսերը և հարսնացու աղջիկները կրակի շուրջը ման են ածում...։

Գիտեմ, միայն, Նազանի, ես զրադաշտական մոգպետի պաշտոն չեմ կամենում կատարել։ Գնա՛։ Ես չեմ գալու, թող իրանք վառեն այդ կրակը... դու գիտե՛ս, ես կռապաշտություն չեմ սիրում...։

Ամա՜ն, Սալբի, քո հոգուն մատաղ, քեզ սպասում են, մայրդ կբարկանա, եթե չգաս։ Գնանք, թե ինձ կսիրես, ի՞նչ վնաս ունի, երբ նրանք շնորհակալ կլինեն քեզնից։ Տիկին Սալլաթինը ևս այնտեղ է։

Տիկին Սալլաթինը այնտե՞ղ է, ուրեմն կգամ, ասաց օրիորդ Սալբին, և վեր կացավ, որ գնա։

Այսպես չէ՛ կարելի, նրան կանգնեցնելով ասաց Նազանին. դուք ձեր գլխի վրա գոնե մի քող ձգեցեք, այդպես բաց երեսով ամո՛թ է։

Հա՛ նրանք սիրում են տեսնել ամեն ինչ վարագուրած, պարուրած և կապկապած, ասաց նա խորհրդական ոճով, և ձգելով յուր գլխի վրա մետաքսե կարմիր քողը, դուրս եկավ մինչև կուրծքը ծածկած երեսով։

Խնամիները և Սալբիի մայրը բակում սպասում էին նրան։ Երբ տիկին Սկուհին հեռվից տեսավ յուր հարսնացուին, յուր սիրելի որդի Ռուստամի նշանածը. «Ե՛կ, համբուրեմ քեզ, իմ սիրական, ասաց նա մոտենալով ե՛կ, մի ամաչիր, քեզ, մատաղ լինիմ»։ Այս խոսքերով, նա բռնեց օրիորդ Սալբիի ձեռքը, մոտ քաշեց, և բարձրացնելով նրա երեսի քողը, երկու ջերմ համբույր քաղեց նրա փափուկ, վարդակարմիր թշերից, որոնք նույն րոպեին, ո՛չ այնքան ամոթխածությունից, որքան մի գաղտնի տհաճությունից էին շառագունած։ Օրիորդը փոխարենը համբուրեց տիկին Սկուհու ձեռքը և մոտենալով տիկին Սալլաթինին՝ չհամբուրեց, այլ բարեկամաբար բռնեց և սեղմեց նրա ձեռքը։

Խնամի Թարլան, հարսնացուն այս տարի բավական մեծացել է, ասաց տիկին Սկուհին, ոտքից մինչև գլուխ չափելով օրիորդ Սալբիին, որ անշարժ և լուռ կանգնած էր նրանց առջև։

Տիկին Թարլանը չկարողանալով զսպել օրիորդ Սալբիի նկատմամբ յուր տհաճությունը և անգոհությունը, ասաց.

Է՛հ, ի՞նչ օգուտ մարմնի չափազանց աճելությունը, երանի՜ խելքո՛վ մեծացած լիներ։

Ձեզ դյուրին է մի այդպիսի անտեղի կարծիք ունենալ Սալբիի մասին, խնամի, նրա խոսքը կտրեց տիկին Սալլաթինը. որովհետև, «ձեր երկուսի ջուրը մի առվով չէ՛ գնում»։

Ի՞նչ եք կամենում ասել, հարցրուց տիկին Թարլանը։

Դուք նայում եք երկու հակառակ ծայրերից, առաջ տարավ տիկին Սալլաթինը, ձեզ դժվար է հաշտվել միմյանց հետ. նա կրթյալ է և նոր, իսկ դուք անուս եք և հին...։

Ինչ կամենում եք՝ ասացեք, նրանց խոսքը կտրեց տիկին Սկուհին. բայց «քուրդը յուր թանին թթու չի ասիլ». իմ Սալբին, իմ նազելի հարսնացուն, իմ սրտի ուզածին չափ լա՛վ է. խելո՛ք, ազնիվ բնավորությա՛մբ, պարկե՛շտ և ամոթխա՛ծ է։

Տիկին Թարլանը վշտանալով տիկին Սալլաթինի կծու խոսքերի համար, խոսքը փոխեց ասելով.

Հավատացնում եմ ձեզ, խնամի Սկուհի, այդ բառը, որով դուք կոչում եք իմ աղջիկը ձեր հարսնացու՝ բոլորովին անարժան է նրան, որովհետև ես իմ աղջիկը այն մտքով չեմ տվել, որ ձեր որդու հարսը դառնա, այլ իմ հոժար կամքով եմ նվիրել` որ ձե՛զ համար լինի ստոր աղախին, և ստրուկ ծառա, ձեր ոտքերի սոլ և ձեռների մահրամա։ Չէ՛, չէ՛, նրա ձեռքը բռնելով ասաց տիկին Սկուհին, ես նրան կպահեմ իմ աչքի լույսի պես. Սալբին հրեշտակ է, թե՛ հոգով և թե՛ մարմնով։

Օրիորդ Սալբին, այդ մեծահոգի և հանդուգն բնավորությամր աղջիկը, եթե յուր երկրի սովորության համեմատ՝ դատապարտված չլիներ լռության, համբերության և ամոթխածության՝ անպատճառ կպատասխաներ «բավակա՛ն է, ես չեմ կարող տանել այդպիսի անտեղի գովասանքներ». բայց նույն րոպեին նրա լեզուն կապ էր մի պյութագորյան չխոսնականությամբ. նա դժվարությամբ զսպեց յուր անհամբերությունը, մինչև բոլորը դեպի կտուրը տանող սանդուղքով վեր բարձրացան։

Գուղի բոլոր տանիքների վրա տեսանելի էր կրակավառության արարողությունը։ Թվում է, իբր բոլոր շրջակա գյուղորայք, տիրոջ բարկությունից՝ զարհուրելի հրդեհներով անխնա այրվում, կրակվում և ծխրտում էին։ Ծաղկավանը հին Սոդոմ-Գոմորն էր հիշեցնում։ Թեպետ մութը պատել էր աշխարհը, բայց այստեղ, խարույկների բոցերը գիշերը ցերեկի էին փոխում։ Կրակների գոռոցի հետ խառնվելով հրացան գործիքների որոտը, դեպ երկինք բարձրացող շառաչուկների ճարճատյունը, նրանց օձանման գալարվիլը, ճայթելը օդի մեջ մյուս կողմից, մեծ-մեծ կուժերի միջից ածխախառն վառոդի, վուլկանյան լավայի նման թնդալով ֆշֆշալով արտահոսվիլը այդ բոլոր հրարվեստական գործողությունները խորտակում, թնդեցնում էին երկինքը, դղրդեցնում էին շրջակա սարերը երկրի վրա՝ ահ և զարզանդ տարածելով։ Դրանց հետ միասին տոնասեր գյուղացիների ուրախալի աղաղակները, նրանց խառնաձայն տաղերգությունները, կրակի չորս կողմով կատարված նրանց հիմար պարն ու կաքավը՝ այդ բոլորը ի մի առած՝ ա՛յնքան ծիծաղելի էին, որքան մոլեկան և կատաղի։

Այդ հետաքրքրական տեսարանները ավելի կենդանացնում էր զուռնան, որ յուր զիլ և բարակ ճլվլուն ձայնով, յուր հավատարիմ ընկերների դափի, դհոլի և դահիրայի հետ նվագվում էին տարվա նորափեսաների կտուրների վրա։

Այդ աղմկալի հանդիսակատարության մեջ միակ տհաճ և խռոված արարածները մեծ-մեծ շներն ու փոքրիկ լակոտներն էին, որ զարհուրելով և սասանելով մի այդպիսի հանկարծակի դղրդումից, դուրս գալով գյուղից՝ թափառական վազ էին տալիս դաշտերի մեջ իրանց հաչելու տխուր և տրտում հեծկլտոցը խառնելով հասարակաց ուրախության հետ։

Հովասաբենց տունը, որպես մի հասարակ գյուղացու բնակարան, զուրկ էր շռայլ փառահեղությունից, այդ պատճառով տիկին Թարլանը չէր կարողացել ավելի մեծահանդես տոնել սուրբ տյառընդառաջը։ Այստեղ, մի ո՛չ այնչափ ընդարձակ կտուրի վրա, կրակավառության արարողությունը խիստ պարզ էր և աղքատին։ Վառելիքների փոքրիկ կրակաշեղջից բարձրանում էին վառվող նյութերի թույլ և կանաչագույն բոցերը. ինքը տիկին Թարլանը, անթրոցը ձեռքում, խառնում էր կրակը, ավելի զորություն տալով նրա բոցերին, և լուռ փսփսացնում էր աղոթքի նման մի բան։ Նրա խնամիներից տիկին Սկուհին օգնում էր նրան, խարույկի վրա վառելանյութ ավելացնելով, իսկ տիկին Սալլաթինը հեռուն կանգնած, խոսում էր օրիորդ Սալբիի հետ, անլսելի ձայնով։

Տեսնո՞ւմ ես Սալբի, ասաց տիկին Սալլաթինը մատով ցույց տալով, մի ժամանակ, մեր քաջ Վարդանի և Վահանի օրերին, այդ մոխրաբլուրների վրա, զրադաշտական ատրուշանների անշիջանելի կրակներն էին վառվում, բայց մեր արժանահիշատակ նախնիքը, իրանց արյունով մարեցին այն կրակը, որ սպառնում էր լափլիզել, այրել և անհետացնել սուրբ քրիստոնեությունը։ Բայց այսօր, ի՜նչ ցավալի տեսարան է այդ... այսօր վառվում են նրանք ամեն մի քրիստոնյա կոչված հարստի և աղքատի, մեծաշեն ապարանքների, գծուծ խուղերի և խրճիթի կտուրների վրա...։

Այդ նշանակում է, պատասխանեց օրիորդ Սալբին ցած ձայնով. կրակապաշտությունը, որ Զրադաշտի մոգերը չկարողացան ներմուծել հայոց մեջ, ներս բերին մեր հիմար տերտերները քրիստոնեական փաթոթով պարուրած...

Դրանց խոսակցությունը ընդհատեց տիկին Թարլանը, որ մոտենալով՝ բռնեց օրիորդ Սալբիի ձեռքը և մոտեցրեց կրակին․

Դո՛ւ, ասաց նա, ամեն օր տրտնջում ես, թե գլուխդ ցավում է, սպասիր, ես կբժշկեմ քո գլխացավը։

Այնուհետև մոլեռանդ մայրը, մի քանի անորոշ և անհասկանալի բառեր և ոգիների անուններ արտասանելով, Սալբիի ծամերի հյուսերից մինը դուրս քաշելով քողի տակից՝ կամենում էր խանձել ունելիքով բռնած կրակով. օրիորդ Սալբին յուր վհուկ մոր կախարդական խորհուրդը հասկանալով դուրս քաշեց յուր ձեռքը նրա ձեռքի միջից, և արհամարհական կերպով մի կողմ քաշվեց, այս խոսքերը արտասանելով.

Գիտե՞ս ինչ է գրված սուրբ գրքի մեջ, ասաց նա, «բոլոր կախարդների և կռապաշտների բաժինը՝ կրակով և ծծմբով վառած լճի մեջ պիտի լինի, որովհետև կախարդները պիղծ են աստծու առջև»։

Այդ խոսքերը մահու չափ ազդեցին տիկին Թարլանի սրտին, բայց յուր աղջկա պատիվը չկամենալով ոտքի տակ տալ յուր խնամիների առջև, մի այլ ժամանակի թողնելով յուր տհաճության թույնը՝ մեծ դժվարությամբ զսպեց յուր բարկությունը։

Բայց տիկին Սկուհին, այդ պարզամիտ կինը, ամենևին չհասկանալով յուր հարսնացուի և նրա մոր մեջ անցածը՝ նույն միջոցին հմայում էր մի այլ թիլիսմանական գործողություն։ Նա յուր մատներով մի բամբակյա թել էր ոլորում, որն երեքպատկելով՝ բռնում է յուր բերանի առջև (այդ ժամանակ նրա շրթունքները շարժվում էն, կարծես թե մի բան է կարդում)՝ և երեք անգամ փչում է նրա վրա, այնուհետև այրելով թեյի երկու ծայրերը, նորահարսի նարոտի նման, շապկի տակից երեք անգամ փաթաթում է յուր վզով, հուսալով, որ դրանով բժշկելու էր յուր եռօրյա տենդացավը։ Օրիորդ Նազանին, նույն րոպեին հեռուն կանգնած՝ մի այլ դյութական թիլիսմ էր կատարում. նա կրակով այրում էր յուր գլխին ծածկած քողի ծայրերը։ Այդ նա անում է հավատացած լինելով՝ թե այդպիսով յուր անձը ազատ կպահվի աչահարությունից (բադնազարից)։

Օրիորդ Սալբին հեռվից նշմարելով այդ, մոտեցավ նրան, և ասաց.

Նազանի, քո ո՞րտեղն է ցավում, որ այդպես ես անում։

Է՜հ, տրաքեն չար աչքերը, պատասխանեց նա. մեր գյուղում աչքով սարը կճեղքեն:

Դա կազատե՞ քեզ աչքով տալուց, հարցրուց օրիորդ Սալբին:

Հա՛, Սալբի, միթե դու չգիտե՞ս։

Ես գիտե՛մ... բայց դո՛ւ այն պտուղը չե՛ս, որ քեզ աչքով զարկեն. աչքով զարկում են սիրուն աղջիկներին միայն, և ամեն բան, որ գեղեցիկ և հրաշալի է, պատասխանեց նա կատակով։

Լավ, լավ, Սալբի, գիտենք, որ դու սիրուն ես. աստված քեզ չար աչքից պահե. բայց ես է՛լ իմ տեղը ունիմ... Մի՛ ծիծաղիր ինձ վրա, ասաց Նազանին վշտանալով։

Ուրեմն քեզ համար մի բադնազարի աղոթք գրել տուր և միշտ քեզ մոտ պահիր։

Մինչ դրանք այդպես խոսում էին, հանկարծ մերձակա տանիքից, որ կից էր Հովասաբենց կտուրին, լսելի եղան խառնաձայն աղաղակներ.

Վա՜յ... վա՜յ... ամա՜ն... ի սեր աստուծո... օգնության հասեք... ազատեցեք... էյվա՜յ... էյվա՜յ... վա՜յ... ողորմություն արեք... ազատեցեք... մեռավ...։

Տիկին Թարլանը յուր խնամիների հետ, և մյուս կտուրներից շատ մարդիկ շուտով այնտեղ հավաքվեցան և տեսան, որ իրանց դրացիի տունը մի մեծ հրդեհով անխնա վառվում էր։ Օգնության հասնող մարդկանցից ոմանք սկսեցին հրդեհը շիջել, և մի քանիսը՝ բոցերի միջից դուրս քաշեցին Հովասաբենց բարի դրկից խղճալի Հայրապետին։ Հա՜յ, ջուր բերեք, ջուր բերեք, աղաղակեցին մի քանի մարդիկ։

Թեպետ շուտ կարողացան հանգցնել Հայրապետի վրայի այրվող հագուստը, բայց չկարողացան հետ դարձնել նրա կյանքը, որովհետև ողորմելու ամբողջ մարմինը միանգամայն խորոված լինելով՝ մի փոքր անցած՝ նրա ձեռքերն ու ոտները կծկվեցան, և նա մեռավ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սալբի"

Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок