Раффи

Սալբի

4

Ե

ԼԵՅԼԻ ԵՎ ՄԵՋՆՈԻՆԻ ՀԱՄԱՍՏԵՂՔԸ

Ամառային գիշերներին, երբ սովորաբար քնում են կտուրների վրա արձակ օդի մեջ, արևելքի մայրիկները պատմելով իրանց հարցասեր զավակներին Լեյլիի և Մեջնունի սիրո վեպերը, մատով ցույց էին տալիս այն երկու պայծառ աստղերի վրա, որ ա՛յնպես հիանալի փայլում էին գեղեցիկ երկնակամարի վրա։ Լեյլիի սիրով գծված-ցնորված Մեջնունը, այդ անբախտ տարփածուն, այս չար աշխարհի մեջ չկարողանալով հասնել ըղձին, Աստված փոխադրում է նրանց համաստեղների կարգում։ Այնտեղ, ազատ և արձակ երկընքի մեջ դարձյալ խիստ անողորմ գտնվեց դեպի նրանց սիրահարությունը, որովհետև նրանք անչափելի տարածությամբ միմյանցից հեռու, այրվում վառվում են սիրո կրակով։

Բայց տարին մի անգամ, Սուրբ Համբարձման գիշերը տիրոջ հրամանով Լեյլին և Մեջնունը անչափելի ճանապարհ կտրելով՝ մոտենում են միմյանց, գրկախառնվում և առնում են իրենց կարոտը...։

Պառավ Մարթան քանի՜-քանի՜ տարիներ այն կախարդական գիշերին, շատ անգամ իրանց կտուրի վրա անքուն հսկել է, սպանելով այն ուխտյալ րոպեին, երբ այդ երկու աստղերը՝ անբախտ Լեյլին և Մեջնունը մերձենալով կհամբուրեին միմյանց։ Բայց միշտ մի ակամա թմրություն տիրելով նրան, անմասն էր կացուցել խղճալի Մարթային այն դյութական ժամի բոլոր գաղտնիքից։ Այնուհետև պառավ Մարթան անձնատուր եղավ տեսակ-տեսակ ճգնությունների, և սկսեց աղոթքով, ծոմով և պահեցողությամբ մաշել անձը։ Մի գիշեր սուրբ տիրամոր շնորհիվ տեսնում էր հանկարծ անհուն երկնքի երեսը շառագունեցավ. լսելի եղան հրեշտակային տաղերգներ քաղցրաձայն նվագների հետ, բնության խորին լռությունը կենդանացավ թռչունների անուշ մեղեդիներով, աստղերը սկսեցին երկնքից վարդեր թափել, օդի մեջ բուրեց անուշ խնկահոտություն, և պառավ Մարթան, զգաստանալով այդ նշաններից, աչքերը դեպ երկինք բարձրացրեց, տեսավ այն երկու հրաշալի աստղերը չափազանց պայծառացած՝ որպես երկու արեգակ՝ միմյանց մոտեցան...։

Նույն րոպեին բոլոր առարկաները, բոլոր ծառերն ու ծաղիկները, հանքերը, սարերը և քարերը բոլորը լեզու ստացած սկսեցին շնորհավորել նրանց տեսակցությունը, պատմել բոլոր գաղտնիքները, որ բնությունը թաքցրել էր իրանց մեջ, թե իրանք ինչպիսի ցավի դարման կարող են լինել և ինչ էր իրենց գոյության խորհուրդը։Ահա այդպես պառավ Մարթան ճանաչելով մի քանի բժշկական խոսքեր, այնուհետև սկսեց հայտնապես, առանց որևիցե վարձատրության օգնություն հասցնել անճար հիվանդներին, և բժշկել թեթև ցավեր: Բայց այն չնչին վարձատրությունը, որ նա պարսկերեն կոչում էր էր «նիազ». պառավ Մարթան ընդունում էր ոչ թև յուր նյութական օգտի համար, այլ, որպես հավատացնում էր նա, թե առանց նիազի բժշկական դարմանները իրանց զորությունը կկորցնեին։ Օրինակ, տեսնում ես մի օր ծերունի Մկրտչի խրճիթը ներս է մտնում մի կին, յուր գրկում փաթաթած երեխա է. հեզիկ բարև տալով, գնում, նստում է պառավ Մարթայի կողքին։ Ծերունի Մկրտիչը հյուսում է փսիաթ՝ յուր սովորական երգը երգելով։ Եկող կինը, ծերունուց ամաչելով, երեսը յուր թանձր և անթափանցիկ երեսքողով մինչև կուրծքը ծածկելով՝ լուռ և մունջ նստած է։ Ծերունին նշմարելով, որ յուր ներկայությունը արգելք է լինում նորեկ հյուրին, վեր է կենում, և իշու «նուխտից» բռնելով՝ դուրս է տանում գետի եզերքում արածացնելու պատրվակով։

Բարո՜վ, Խաթուն-Բաջի, ասում է Մարթան:

Աստծո բարին քո արևին, պատախանում է եկվորը։

Ի՞նչ կա, բարի լինի, հարցնում է պառավը։

Աստուծով բարի է... բայց Մարթա, իմ աչքի լույս, երեխեն, ահա մի ամիս է ցավից աչք չէ բացում։

Հա՛, քույրիկ, այս տարի չար տարի է, ցավ ու չոռն շատ է. տերտերն էլ այդպես է վկայում գրքի խոսքով... Հարբուխ, խորուզակ, տաքոտք, համարյա ամեն տան մեջ տանջում են երեխաներին։

Բայց իմ երեխիս ցավը մյուսների նման չէ. նրանց շատերի վիզը և կոկորդը ուռչում է, կամ հազում են․ «խաչիցն» է ասում են. այդ պատճառով սուրբ Խաչ ուխտ գնալով փրկվում են։ Բայց իմ երեխիս չար աչքով տվին և այդպես, օրըստօրե հալվում և մաշվում է։

«Չար աչքում չար փուշ», ասաց պառավը, երեխայի ձեռքը բռնելով և նրա երեսին նայելով։

Բայց ես վախենում եմ «չարոց» լինի, առաջ տարավ Խաթուն-Բաջին։

Բա, «չարոց» է, երեխի վրա սաստիկ վախ նստելով, չեք տվել շուտով «աղոթեն», դրա համար ուղլուկ (բարակացավ) է բռնել։

- Իրա՛վ, այդպես է, մեր հացթուխը, այն անիծյալ Նուբարը՝ անցյալ օրը երեխիս վախեցրեց «Մարդագայլի» անունով։ Հապա դրան ճար չկա՞։

Ինչու՛ չէ. ուզու՞մ ես դյուրին լինի բանը, սուրբ Սարգսին ուխտ տար:

Տարա. բայց բժշկություն չեղավ... պատասխանեց Խաթուն․ Բաջին հոգոց հանելով։ Ու՜հ, քույրիկ, ժամանակը փոխվել է, ասես թե սրբերը քարասրտել են. նրանք առաջվա նման քաղցր աչքով չեն նայում մարդոց վրա։

«Կույրը որպես փակած աչքով նայում է աստծուն, աստված էլ նույնպես է նայում կույրին, ասում է թուրքի առածը, պատասխանեց պառավ Մարթան ծանրությամբ։ Սուրբերը միևնույն բարի սուրբերն են. բայց ադամորդիների բարքը ապականվել է. նրանք իրանց մեղքերով բարկացրել են երկինքը։

Հա մեր մեղքիցն է ամենայն պատիժն ու պատուհասը, որ աստված բերում է մեր գլխին... Ա՜խ երեխես, ա՜խ իմ ազնիվ աղավնյակս...։ Ինձ էլ յուր հետ կմաշե և խորին գերեզման կտանի..․։

Խաթուն-Բաջին սկսում է դառն կերպով լաց լինել, բայց պառավ Մարթան մխիթարեց նրան ասելով աստված ողորմած է. հույսդ մի կտրիր, Խաթուն-Բաջի. տերը ծաղկեցնում է կիսավառ աթարոցը և մեռած սարին-քարին շունչ է պարգևում. երեխիդ դարման տալու ժամանակը անցել է, բայց այժմ մի թեթև կերպով է կաղոթեմ» և վախն կբռնեմ․ աստուծո և սուրբ տիրամոր բարեխոսությամբ կլավանա։

Այնուհետև պառավ Մարթան պառկեցրեց հիվանդը քամակի վրա, բացեց նրա փորը և կուրծքը, և սկսեց թզով չափել սրտի բոլորտիքը, որ իմանա արդյոք սիրտը յուր տեղո՞ւմն է թե ոչ։ Նա ստուգեց, թե սիրտը չորս մատնաչափ ցած էր իջել և երեխան սաստիկ վախեցած է եղել։ Դրա համար նա վերցրեց մի կտոր ածուխ, գծեց նրա ճակատի և երկու թշերի վրա փոքրիկ խաչ, երկուսն էլ նրա սրտի և պորտի վրա, մինն էլ ձախ ձեռքի վրա յուր շրթունքների միջից փթփթացնելով մի քանի անհասկանալի և խառնափնթոր աղոթքներ։ Հետո հրամայեց Սալբիին, որը նրա առջև դրեց մի թաս լի ջրով․ նա բռնեց հիվանդի գլուխը խորհրդական թասի վրա, երեխայի երեսը պատկերացավ ջրի հայելու մեջ. պառավը անխոս նայում էր ջրի մակերևույթին, նրա խորշոմած և ցամաք շրթունքը դարձյալ շարժվում էին. երևում էր թե նա մի բան էր կարդում: Այդ գործողությունից հետո, նրա ձեռքը տալիս է մի կշիռ, պառավը թասը դնում կշռի թաթի մեջ և սկսում է բուրվառի նման, խաչաձև շարժել հիվանդի վրա անլսելի ձայնով կարդալով յուր «ասմունքները»։ Խաթուն-Բաջին զարմանում էր, տեսնելով, որ թասի միջի ջուրը չէր թափվում, որքան և կշիռի թաթը պտտվում էր։

Վերջապես, պառավ Մարթան դադարում է. օրհնած ջրից սրսկում են հիվանդի երեսին, մի փոքր խմեցնում են և մնացյալը թափում են դեպի արևելք։ Գուցե սառը ջրի գրգռումից հիվանդը մի փոքր զվարթաթև զգաց, սկսեց շարժվել, աչքերը բացել, հազալ ապա երկու անգամ փռշտաց։

Փա՜ռք աստծո, «ջահտ բերեց» (այսինքն երկու անգամ փռշտաց), ասաց պառավ Մարթան ուրախանալով։ Աստուծով խեյր է երեխադ կփրկվի սուրբ տիրամոր շնորհիվ։

Սուրբ տիրամոր ձեռքը թող ամեն անճարների վրա լինի, ասաց Խաթուն-Բաջին։ Աստված քեզ էլ հանգիստ, արքայություն թող պարգևե, քու՛յր Մարթա... Նուբարի երեսը թող սևանա, որ այդ չարը բերեց երեխիս գլխին...

Ի՞նչ է արել Նուբարը, հարցրուց պառավը։

Չէ՞ որ ասացի, թե վախեցրեց երեխիս մարդագայլի անունով։

Ի՞նչ մարդագայլ։

Բա, չե՞ք լսել, ասում են գիշերով մարդագայլը ման է գալիս։

Տեր ողորմյա, գլուխը շարժելով կրկնեց պառավը։ Դեռևս շատ այդպիսի բաներ կլսեն մեր մեղավոր ականջները...։ Բայց դուք ե՞րբ եք լսել Խաթուն-Բաջի, խոսքը փոխեց պառավը։

Արդեն մեկ շաբաթ է, այդ զարհուրելի լուրը պտտվում է, շարունակեց Խաթուն-Բաջին․ ասում են մի քանի գյուղերից մարդագայլը հափշտակել է գառներ, ոչխարներ, այլև՛, քա՛ր դառնա նրանց ծնողների սիրտը... խլել է օրորոցներից տղաներ...

Պառավ Մարթան վերջին խոսքը լսելով զարհուրեց։

Այդ աստուծո պատիժն է, որով կամենում է խրատել մեղավոր մարդոց, ասաց նա. մի անգամ ևս մարդագայլը երևաց, երբ ես իմ հոր տանը աղջիկ էի։

Բայց այս վերջինը խիստ շատ կատաղի է, պատասխանեց Խաթուն-Բաջին։ Անտարակույս, դա մի դև է լինելու, որ մի սուրբի անեծքով ստացել է գայլի կերպարանք։ Քրիստոսն էլ հրամայեց, որ դևերը մտնեն խոզերի մեջ։

Չէ՛, Մարթա, հոգիս, ասում են մարդագայլը եղել է մի վանքի վարդապետ, Կ... գյուղացի Թոմաս անվամբ։ Այդ պատճառով նա խոսում և խաբում է մարդկային լեզվով։ Մի գիշեր նա մի ջրաղացի դուռն է բախում. «բաց արեք, խեղճ ճանապարհորդ եմ, ասում է նա, բուքը և բորանը ինձ խեղդում են, ողորմություն արեք, հոգի աղատեցեք, ես մի հայ մարդ եմ..,», ջաղացպանը բացում է դուռը, և զարհուրում է, տեսնելով ահագին մարդագայլը ներս մտած։ Այս խոսքերը պառավ Մարթայի վրա սարսափ են ազդում․ նա սկսում է մունջ խաչակնքել յուր երեսը և աղոթք կարդալ։

Մարդագայլը վնաս չէ՛ տալիս ջաղացպանին, որովհետև նա վառում է թոնիրը և սոված մարդագայլի համար «շոթեր» է թխում։ Նա անհագ կերպով ուտում է։ Եվ որովհետև երկար ժամանակ նրա մարմնի վրա բույն էին դրել լվերը, ոջիլները և անիծները, նա մերկանում է յուր գայլի մուշտակից, որ այն փոքրիկ ուտող-մաշող գազանները թոթափե թոնրի կրակի մեջ։ Ջաղացպանը զարմանում է տեսնելով թոնրի շրթան մոտ նստած մի սև վարդապետ գայլի մուշտակը ձեռքում։ Նա հարձակվում է նրա վրա, որ խլե մուշտակը և կոխե թոնրի մեջ, որ այրվի։ Բայց մարդագայլը իսկույն աներևութանում է...։

Վա՜յ քո հոգուն, վարդապետ, որքան նա սիրում է գայլի մուշտակը, որ մարդկությունից գազանի փոխվելով՝ հափշտակե և ուտե մարդոց և ոչխարների միս... ասաց պառավ Մարթան անկեղծ պարզամտությամբ։

Համարյա ամեն օր ծերունի Մկրտչի տանը տեղի էին ունենում այդ օրինակ կախարդական տեսարաններ, և ամեն օր, փոքրիկ Սալբին լսում էր այդպիսի առասպելաբանական զրույցներ յուր վարժուհուց և նրա այցելուներից։ Եվ այսպես սնոտիապաշտությունը, յուր բոլոր այլանդակ կերպարանքներով, սկսված մանկության մատաղ հասակից նրա հստակ և մաքուր սրտի վրա խոր կերպով տպավորվում էր։ Բոլոր այցելուներից ավել, պառավ Մարթայի գիտության մասին նրա ամուսինը մեծ համարում ուներ։ Այս պատճառով, նրա առտնին հասարակ խոսակցությունը յուր կնոջ հետ ավելի հետարքիր էր յուր սնահավատության հատկություններով։ Օրինակ, շատ անգամ, ծերունի Մկրտիչը, եկեղեցուց կյուրակե օրերը տուն դառնալով, երբ ճանապարհին գլուխը մի փոքր տաքացած է լինում «արաղ»-ով, ներս է մտնում և յուր խռպոտ ձայնով «ողորմի աստված» ասելով՝ նստում է թոնրի մոտ, յուր կնոջ կողքին։ Նա լուռ է- նրա երեսի խորհրդավոր գծագրությունը ցույց է տալիս, թե նա մի բանի մասին խորին կերպով մտածում էր։ Լռության մեջ նա տաղտկանում է, և բերանը մինչև ականջները բանալով հորանջում է, արձակելով մի դառն հառաչանք։ «Ախ, է՜յ, վա՜յ... աստված»: Այնուհետև ուշի գալով ծոցի գրպանից դուրս է բերում քթափոշու դեղին պարկը և լի բուռով, մանրած խոտը վեր է քաշում պնչածակերից: Քթախոտը, յուր կծու ներգործությամբ գրգռում է նրա քթի մկնակները, նա հազում է, կոկորդն մաքրում և թքում է։ Եթե ասաուծո հաջողությամբ նա փռշտում է՝ նա բոլորովին զգաստանում է և երեսին խաչ հանում. «նահլաթ քեզ չար սատանա» վրա է բերում և աչքերը ուշադրությամբ լարում է յուր կնոջ վրա, ասելով.

Մի բան հարցնեմ քեզ, Մարթա։

Ի՞նչ, ասա՛։

Մեղրը պա՞ս է, թե ո՛չ։

Պառավ Մարթան պատասխանում է թե պաս է, որովհետև նա գոյանում է մեղրաճանճերից, որ արյունավոր կենդանիների դասից են։ Յուր խոսքը հաստատելու համար առարկում է թե, եթե մեղրը պաս չհամարվի՝ հավկիթն ևս պետք է ուտվեր, որպես բանջար ավելացնում է, թե շաքարը նույնպես պաս է և ուտելը մեղք, որովհետև պղծված է անասունների ոսկրանյութով։

Այդ միջոցին ծերունին բռնելով փոքրիկ Սալբիի ականջից ձիգ տալով նստեցնում է յուր կնոջ մոտ- Լսիր Սալբի և բան սորվե՛, ասում էր նրան։ Շատ անգամ պատահում էր, որ ծերունին, խռոված գիշերվա երազներով՝ առավոտյան զարթնում է սովորականից կանուխ, նստում է յուր քնաշորերի մեջ, և երկար ու ձիգ խոսքերով սկսում է Մարթայից հարցնել յուր երազի մեկնությունը։ Ապա սկսում է տեղեկանալ այլ երազների գաղտնիքները, թե ինչ էր նշանակում երազի մեջ սև խաղող ուտելը, հարսանիքի և թմբուկի ձայն լսելը, սառն ջրի մեջ լողանալը, կամ ի՞նչ խորհուրդ ունի ձախ աչքի վերնակոպի աջ ականջի ծայրի խաղալը և այլն։ Որոնց պատասխանը ստանալուց հետո շարունակում է, երբ «ղարան» կոխում էր մի քնած մարդ, «ղարան» հալածելու համար «Հայր մեր» պետք է ասել, Հիսուս-Քրիստոսի անունը արտասանելու է:

Պառավ Մարթան ահ ու դողով խոսում է ծերունի Մկրտչի հետ «մահտարաժամեր»-ի մասին, թե ինչ խորհուրդ ունեին խոլերան, ժանտախտը, կամ ո՞վքեր էին գրողները: Նա հայտնում է, թե այս ինչ գյուղում, այս ինչ պառավը ման է գալիս գրողների հետ, և թե՝ գրողները կամեցել են զարկել Ավազակյանց մելիք-Պիղատոսին, բայց պառավը բարեխոսել է իշխանի կենաց համար։ Դրա համար մելիքը նրան երկու բեռ ցորեն էր բաշխել։

Փոքրիկ Սալբին յուր վարժուհու մոտ ոչ միայն կար ու ձև էր սովորում, այլև կարում էր գեղեցիկ ասեղնագործած նկարներ, պատրաստում էր յուր հարսանիքի հագուստը, որ նրա կյանքի հանդիսավոր օրերի փառավոր զգեստը լինելով լինելու էին- նրան գերեզմանի պատանքը։ Նույնպես պառավը սովորեցնում էր նրան բարոյական և իմացական խրատներ, որ անհրաժեշտ էին ամեն մինի առօրյա կյանքի մեջ։- Օրինակ,- ասում էր նա,- մի շուն, որ երկար ժամանակ ծառայում էր մի տան մեջ, երբ սատկում է, նրա գլուխը բակի դռան շեմքի տակ թաղելը օղուրով է (բարեհաջող է)։ Խուզած մազերը ոտքի տակ ձգես գլուխդ կցավի, պետք է ջրի մեջ գցել։ Կտրած եղունգները մի բանի մեջ փաթաթած պատերի ճեղքում դնելու է, որովհետև մյուս կյանքում կպահանջեն։ Կրակի վրա սառն ջուր ածելը մեղք է։ Տաք ջուրը գետնի վրա ածելու լինիս - դևերը կբարկանան, պատահմամբ կթափվի նրանց երեխաների վրա, որոնք աներևութապես ման են գալիս տան մեջ։ Ագռավի կռնչալը արևամուտից հետո՝ չար բան է գուշակում։ Շների տխուր ոռնալը մահաբեր է։ Թոնրի կրակի բոցերի կամ թխած լավաշի սուլելով ձայն հանելը սով կբերե։ Բայղուշի (բու) ձայնը-ավերում է գուշակում։ Մարին երբ աքաղաղի պես է խոսում, եթե նրա գլուխը չկտրես - տերը կմեռնի։ Պառավը շատ անգամ ասում էր յուր աշակերտուհուն զանազան սովորական բաների մասին. թե կաչաղակին ո՛վ է իմաց տալիս, երբ նա խաբարներ (լուրեր) էր բերում, աղունակի (աղավնու) միս ուտելը ինչո՞ւ է մեղք, ճնճղուկին ո՛վ անիծեց. կամ Սողոմոնը ո՞րտեղից էր սովորել թռչունների լեզուն, և ինչ գաղտնիք ուներ նրա մատանին։

Պառավը երկար խոսել գիտեր հրեշտակների, սերովբեների, քերովբեների, դևերի, սատանաների և «մեզնից աղեկներ» մասին։ Նա պատմում էր խիստ զարմանալի բաներ արքայությունից և դժոխքից, թե արքայության ճանապարհի վրա մի մեծ հրեղեն գետ կա, որ վառվում է ծծմբով և նավթով (քարյուղ), նրա վրա կա մի մազե կամուրջ, արդարները առանց վնասի անց են կենում, բայց մեղավորների ոտները սայթաքում են և նրանք գլորվում են հրեղեն գետի մեջ, որ տանում էր դեպի դժոխքը։

Նա ասում էր, եթե մի երիտասարդ աղջիկ խոսում և ծիծաղում է մի նորահաս երիտասարդի հետ, որ նրա ազգակից չէր և կամ յուր երեսի և մարմնի վրա արվեստական խալեր էր շինում՝ նա երբեք չէր կարող անցնել մազե կամուրջից, այլ ընկնելով հրեղեն գետի մեջ, օձերի և կարիճների բաժին պիտի դառնա։

Պառավը սովորեցնում էր նրան և շատ «դրոց» բաներ, թե որպես Քրիստոսին տվին մի րաբիին աշակերտելու, և Քրիստոս առանց այբ և բենը սովորելու՝ կարդում էր թովրաթը. րաբիի մոտից արտաքսվելով՝ աշակերտում է մի ներկարարին, և միևնույն կարասի մեջ ներկում է ամեն դույներով կտավներ։ Ուրիշ շատ բաներ է պատմում Հիսուսի և Հովհաննեսի մանկությունից, և նրանց կատարած հրաշագործություններից, որոնցից և ոչ մինը չէ գտնվում մեր ընդունած Ավետարանի մեջ. նա շատ անգամ ծիծաղելի եղանակով պատմում էր, թե ինչպես մի օր Քրիստոս և Մուհամմեդը դաշն կապեցին, որ գետնից կաթի աղբյուր բխեցնեն. Մուհամմեդը գիշերով գետնի մեջ թաղել տվեց կաթով լիքը տիկեր, և մի հնար բանեցրեց, որ գավազանը զարկելուն պես դուրս հոսեր կաթ։ Առավոտյան, երբ գնացին որոշված տեղը, Քրիստոս գավազանը գետնին զարկելուն պես կաթ բխեց, բայց Մուհամմեդը ոչինչ չկարոդացավ անել, որովհետև խոզերը գիշերով պատռել էին զուր թաղած տիկերը, այդ պատճառով Մուհամմեդը պատվիրեց մուսուլմաններին խոզի միս չուտել։ Նա պատմում էր խոտաճարակ ճգնավորի, անառակ որդու և «աճուճ-պճուճների» մասին։ Խրատում էր նրան չուտել թուրքի հացը և թուրքի մորթած միսը, մի աման, որի մեջ թուրքր մի բան էր կերել պիղծ է մինչև լվաց վեր «խաչալվա» ջրով:

Ջ

ՄԵՐ ՀԵՐՈՍԸ

Տեր-Աոաքելենց տունը, յուր պարզ, անխարդախ նահապետական բնավորության հատկությամբ ձևացնում էր մի օրհնյալ գերդաստան, որ արտացոլում է մեր արժանահիշատակ նախնիքների աոաջինի կյանքի բոլոր անմեղ և անզարդ պատկերները: Այդ տունը միշտ ունեցել է կարդացող և գիտնական տղամարդիկ։ Տեր Աոաքելենց տոհմից, Ծաղկավանի գերեզմանատնում շատ թվով եպիսկոպոսների, վարդապետների և քահանաների գերեզմաններ վկայում էին, թե եկեղեցական ծառայությունը, ժամանակի խորին հնությունից ղեվտական կարգով միշտ շարունակվում էր այդ ցեղի մեջ, մինչև՝ հասնելով մահտեսի Ավետիսին, ծույլ և անգրագետ գյուղացուն իսպառ վերջանում է:

Այդ գերդաստանի գլխավոր անդամներն էին Հուրի Խան-Դաան՝ ութսունամյա պառավը, մահտեսի Ավետիսի մայրը, Մահտեսիի կինը՝ տիկին Սկուհին, նրա որդին՝ փոքրիկ Ռուստամը Սալբիի ուխտյալ նշանածը։ Բացի դրանցից նրանց տանը ապրում է օրիորդ Սալլաթինը՝ տ. Սկուհու կրտսեր քույրը, որ մի որբ աղջիկ լինելով, մահտեսի Ավետիսը պահում էր իրանց մոտ։ Ծառայողների կարգին էին պատկանում Նազլու աղախինը և հավատարիմ հսկայամարմին Խաչոն։

Ծաղկավանը լինելով մի սարին մերձակա գյուղ, հարուստ էր յուր ջրարբի հողերով և արոտամարգերով, հնար էր տալիս գյուղացիներին, ոչ միայն երկրագործությամբ, այլև խաշնարածությամբ պարապել: Ամեն տարի, գարնան սկզբին, երբ մեծ Աղվանը ձյունի սպիտակ ծածկոցը թոթափելով ամբողջ սարը հիանալի կերպով կանաչազարդվում էր, Ծաղկավանից հարյուրավոր գերդաստաններ- գուգված-զարդարված, սազ ու քյամանչա, դըհոլ և զուռնա ածելով, նստած սիգապանծ երիվարների վրա, հարս, աղջիկ, կին և տղամարդ, զինված, ուրախ -ուրախ, երգ երգելով, իրանց հովիվների հետ, վրաններն էշերին ու եզներին բարձած գնում էին սարը, մի քանի ալևորներ և պառավներ մնում էին իրանց տանը, որպեսզի մշակների հետ հոգս տանեին այգիների և ցանելի հողերի տնտեսությանը։

Ծաղկավանի ամառր և աշունը խիստ տխուր են։ Շինական կյանքի ժրաջան և արդար վաստակարարությունները, այստեղ ներկայացնում են են իրանց դժոխմբեր և ստրկական պատկերները։ Խղճալի գյուղացին այստեղ հանգիստ չունի գործելուց նրա ընտանիքի ապրուստի պիտույքների վրա ծանրանում են ավելի խանի անտանելի հարկերը. ստիպում են նրանց գործել, և գործել չափից դուրս... իրանց անձերը մաշելու և սպառելու չափ։

Ոչ ոք առանց արտասուքի չէ կարող նայել այդպիսի բազմաթիվ աշխատավոր հասարակության վրա, որ հեծում և հառաչում էին աղքատության լծի տակ։ Ինչո՞ւ, միթե աստված անիծել է նրանց։ Այդ չգիտենք մենք.․. միայն այդ հիմար մարգերի բազմությունը իրանց տխմար կամքի հոժարությամբ, տանում են ստրկության և գերության բոլոր դժնդակ և անարգ ծառայությունները։ Նրանք մշակում են ուրիշի հողը, նրանց իրանց արյունախառն քրտինքով վաստակում են ուրիշի հացը, նրանք իրանց աշխատություններով լցնում են ուրիշի քսակը։ Տեսնո՞ւմ ես այն երկրագործեր, որ այնպես պարծանոք կիտել է յուր կալի մեջ ցորենի ահագին շեղջը, այդ՝ իրեն չէ պատկանում, այդ պիտի լցնե խանի ամբարը... և խղճալի շինականը տխուր և հուսահատ, անվարձ և դատարկ, «քառեշտը» (հեծանոցը) թևին դրած, դառնում է տուն...։

Այդ երկրի մեջ, ա՛յն գերդաստաններն են ավելի հարուստ համարվում, որ թվով շատ աշխատավոր ձեռքեր՝ այսինքն գործող տղամարդիկ ունին։ Մահտեսի Ավետիսը անբախտ էր այդ նկատմամբ, այն պատճառով, որ նա չուներ ո՛չ բազմաթիվ եղբայրներ, և ո՛չ էլ հասուն որդիք։ Նա ինքն միայնակ, մի քանի վարձկան ծառաների հետ, ստիպված էր յուր անդադար աշխատությամբ լցնել յուր վրա դրած բոլոր ծանր կարիքները։

Ամեն օր Մահտեսին մեկ րոպե անգամ հանգիստ չունի յուր բերանը մի պատառ հաց դնելու, ի՞նչ անե խղճալին․ միայնակ և անօգնական մարդ է, բայց դաշտում մի տեղ բանում է գութանը, մի տեղ «ոսկին» (արորը), մի այլ տեղ կալ են կալսում, մի տեղ արտ են հնձում, մի տեղ խոտ են քաղում... բացի դրանցից, այգի կա, ոչխար կա, տավար կա... Ամենի վրա պետք է վերահասու լինել, ամենի համար հոգս տանել, բոլոր աշխատողները օտար մարդիկ են, օտար հայրերի որդիք են, մեկ րոպե գործը թողիր՝ ահա մնաց գործը, որովհետև մշակը հոգս չունի, նա յուր կերակուրի և վարձքի տերն է․ նկատելով այդ հանգամանքները, պետք է մտածել, թե ինչ դրության մեջ կլիներ մահտեսի Ավետիսի խղճալի ընտանիքը, երբ ստիպված էին ամեն օր կերակրել այդքան բազմաթիվ վարձկան աշխատողներ։ Հուրի Խան-Դայան, չնայելով նրա ութսունամյա ծերությանը, տակավին ժիր ու վաստակարար մեկ րոպե դադար չուներ աշխատելուց։ Տիկին Սկուհին, այն օրհնյալ տնարար կինը, արևածագից մինչև կես գիշեր, բնավ հանգիստ չուներ։ Նա ոչ միայն յուր գերդաստանի տանտիկինն էր, այլ յուր տան հացթուխը, խոհարարը, մատակարարը, յուր տղայոց ստնտուն, այլև յուր ընտանիքի դերձակը լինելով՝ կարում էր բոլորի հագուստը։ Բայց ամենայն դառն աշխատությունները քաղցրանում են՝ երբ վայելում ենք նրանց պտուղները, իսկ երբ մեր աշխատությունը դառնում է ուրիշների վայելչության նյութ՝ մեզ միայն ունայն չարչարանքն է մնում...։

Ձմեռն է գյուղացիների հանգստի միակ ժամանակը. երբ նրանց արտերը և այգիները, նրանց մարգերը, արոտները՝ անհոգ քնած են սպիտակ ձյունեղեն վերմակի տակ, երբ նրանց տավարները, նրանց ոչխարները տաք գոմերի մեջ հանգստորեն վայելում են իրանց համար պատրաստված պաշարը։ Դատարկապորտ գյուղացիք հավաքված փարախներում, իրանց անասունների մոտ, շատախոսում են դատարկ զրույցներ, և պատմում են միմյանց իրանց գլխին եկած հետաքրքրական անցքերը, կամ թե, գտնում են մի աշըղ, որ նրանց համար երգում և սազ է ածում, թագավորների և սիրողների հեքիաթներ է պատմում։

Բայց այդ զվարճություններից, այդ զբոսանքներից զուրկ էր մահտեսի Ավետիսը. նրա մենակությունը, ընտանիքի հոգսը, թույլ չէին տալիս նրան մինչև անգամ ձմեռը անգործ մնալու։ Նա յուր անասունների ախոռի մի կողմում, շինել էր մի փոքրիկ սաքու. որ տաքացած էր չորքոտանիների շնչով։ Այստեղ էր նա հաստատել յուր ջուլհակի (ոստայնանկի) մեքենան և կես գիշերից սկսած այդ մելամաղձական բնակարանի մեջ լսելի էր լինում Մահտեսիի մաֆուգի և դֆայի տխուր և դաշնակավոր չկչկոցը։ Նրա կինը, տիկին Սկուհին կամ պատրաստում էր թելի մասուրաներ և կամ հարդարում էր հինածը. երբ նա յուր ամուսնուն օգնելու պետք չէր, հեռու նստում էր յուր դյազգեհի մոտ, Նազլուի հետ միասին հինում էին շալեղեն և ասվեղեն գործվածքներ, որոնց թելերը նա ինքը իլիկով ամառը սարում մանել էր իրանց հովիվների կանանց հետ։ Գեղեցիկ է նայել այդ ժրաջան կանանց վրա, երբ սարերում՝ հեռու իրենց վրաններից, կանգնած մի բարձր քարաժայռի գլխին, կամ մի հստակ աղբյուրի մոտ, երգելով, պտտեցնում են իրենց իլիկը։ Բանաստեղծական այդ տեսարանը երևան է հանում հովվական կյանքի անմեղ և անզարդ բնավորությունը։ Բայց ավա՜ղ հայոց հովվուհիների իլիկը նրանց համար չէ մանում․․․ նրանց ազնիվ և նուրբ գործվածքները իրանց կիսամերկ զավակները չեն հագնում, այլ, վաճառելով՝ վճարում են անգութ պարտատիրոջ տոկոսիքը, կամ ավելի վատթար, շատ անգամ բարբարոս քուրդը ավազակաբար կողոպտում է նրանց բոլոր գույքը՝ նրանց ոչխարների հետ։ Մահտեսի Ավետիսի միակ հանգստի և օրհնության ժամերը լինում էին ավագ պասին։ Այդ ապաշխարհական օրերին միջօրեից առաջ ժողովրդի ծերերը հավաքվում էին եկեղեցու բակում մի խուցի մեջ, քահանան նրանց համար կարդում էր Այսմավուրքը, սրբոց վարքը, և նրանք ախորժանոք լսում էին աստուծո և կրոնքի խոսքերը:

Հուրի Խան-Դայան, որպես բոլոր սնապաշտությունների կենդանի օրինագիրք, որպես տեր֊Աոաքելենց տոհմի հնամոլ պատրիարքը, յուր ձեռքում ուներ տնտեսական կառավարության ղեկը, ընտանիքի մյուս անդամներից ոչ ոք համարձակություն չուներ գործել նրա կամքին դեմ, այլ պահպանում էին իրանց տան ծերի պատիվը և նրա ծանրակշիռ համարումը։ Տիկին Սկուհին, որ արդեն քանի որդոց մայր էր, առանց նրա խորհրդի՝ չէր կարող մի պատառ հաց յուր բերանը տանել, նա չափազանց պատվում էր յուր պառավ կեսրոջը գիշերները, երբ նա անկողին էր մտնում, տիկին Սկուհին նրա մոտ նստելով՝ մաժում էր նրա ոտերը, յուր ձեռքերով տրորում էր նրա մեջքը, և չէր հեռանում նրա կողքից մինչև նա չքներ։

Ռուստամը, մեր վիպասանության նազելի հերոսը, որպես մի օրհնյալ գերդաստանի զավակ, ուր նահապետական անզարդ կյանքի պարզությունները դեռևս պահպանում էին իրանց ծաղկափթիթ քնքշությունը, Ռուստամը, որպես մի հանդուգն և մեծահոգի մանուկ, յուր կյանքի ազատ շնչի հետ ներս էր շնչել մի ախտաբորբոք և դյուրագրգիռ հոգի, մի՝ երկաթի պնդությամբ կամք և աներկյուղ սիրտ արժանի է հարցասիրության յուր բնավորության մի քանի անզուգական հատկությունների համար։ Նրա երեսի մի փոքր սևակարմիր գույնը, թուխ գանգուրների հետ՝ մի առանձին վայելչությամբ գեղեցկացնում էին նրա զվարթ և սիրուն դեմքը։ Լայն և բարձր ճակատը, սահմանափակվում է ներքևից սև-թավախիտ հոնքերով, որոնք երկու կողմից կամարաձև գալով քթի վերնակողմում միավորվում էին, մյուս ծայրերը երկարելով մինչև ականջները ձևացնում են երկու սև աղեղնաձև գծեր, խազած մեկ կողքից մինչև մյուսը։ Նրա աչքերը, այն թուխ վառվռուն աչքերը՝ նապաստակի երկչոտ աչքերի նման դուրս ընկած չեն, այլ՝ առյուծի հպարտ նշաձև ձև աչքեր, նետի պես երկայն թերթերունքներով՝ փայլուն են երկու աստղերի պես։ Նրա քիթը, յուր բոլորակ վերջավորությամբ, համեմատելով երեսի լայնության հետ կարելի է ասել փոքր էր, բայց այդ նրա դեմքին մի գրավիչ քնքշություն էր տալիս։ Նրա խելացի երեսը, այն պարզ հոգու հայելին՝ չուներ ոչ մի խոժոռություն․ նրա գորշ և մի փոքր նիհար թշերը, որոնց վրա չէին երևում մազի հետքեր, ավելի էին փայլում ողորկությամբ, միայն վերնաշուրթը դեռ նոր էր սկսել ղըշղըշալ դեռաբուսիկ սև մազերով։ Նրա ուղիղ և վայելչագեղ հասակը, ուռած կմբավոր կուրծքը, նրա լայն թիկունքը, գրավիչ՝ սեգ հայացքը, մարմնի հպարտ և անհոգ շարժվածքը. այդ բոլոր բարեգուշակ նշանները, առիթ էին տալիս ամեն տեսնողներին հուսալ, թե մի օր այդ նորահաս պատանին լինելու էր մի հոյակապ պարթևաձև տղամարդ հսկայատիպ մարմնով և ահավոր կազմվածքով։

Մանուկ Ռուստամը կարդացած չէր. նրա հայրը այդ մասին հոգս չտարավ նրա համար, և ինչ որ կարդում է տերտերը եկեղեցու մեջ, նրանցից մի բան չի հասկացել։ Այդ պատճառով, նա չգիտե տիրոջ օրենքը։ Բայց նա ունի յուր հատուկ օրենքը, որ բնությունը գրել է նրա սրտի վրա։ Դեռ մանկությունից սկսեց եփ գալ նրա հոգու մեջ քաջազնական ոգին և նա մի գաղտնի համակրությամբ սկսեց սիրել զենքերը։ Յուր տասնևչորս տարեկան հասակում՝ հորիցը թաքուն՝ նա գնեց մի հրացան, մի հատ Խորասանի ընտիր թուր, և մի զույգ ատրճանակ, և այնուհետև նա կարող էր միայնակ, որպես մի խաշնարած ցեղի Հզոր պարոն վերակացու լինել իրանց ոչխարներին և հովիվներին սարում։

Դեռ յուր պատանեկան հասակում նա ցույց տվեց յուր ընդունակությունները այդ տեսակ պարապմունքների մեջ, որոնք ազատ չէին ահարկու վտանգներից։ Մի անգամ, երբ քրդերի ասպատակները հարձակվելով ծաղկավանցոց վրանների վրա՝ կամենում էին նրանց հոտերը ավար տանել, Ռուստամը ավազակների հետ քաջությամբ պատերազմելով, խլեց նրանց ձեռքից իրանց ոչխարները, ստանալով երեսի աջ կողմում, ականջի և աչքի մեջտեղ գլխից ուղղաձիգ դեպի ներքև այն խոր սպին, որ կտրելով ճակատի աջակողմը, հոնքի մի ծայրը՝ հասնում էր մինչև ականջի վերջը. ամենևին չվնասելով նրա գեղեցկության, այլ տալով նրա դեմքին ահարկու բացատրություններ։

Մի այդպիսի կյանք, պաշարված բարբարոսների հափշտակություններով, ավազակությամբ՝ ընդմիշտ պատերազմի աղմուկների մեջ, պատանի Ռուստամի բնավորությանը տվեց վայրենի և կատաղի հատկություններ։ Նա խիստ դյուրագրգիռ էր և բարկացկոտ, և ուներ անողոքելի և աներկյուղ սիրտ, պողովատի կարծրությամբ հաստատ կամք։ Նա չէր կարող տանել որևէ անարդարություն յուր ազատության իրավունքը, յուր մարդկային պատիվը անարատ պահելու համար, նա պատրաստ էր նահատակվելու։ Առաջին աչքաբացին տեսնելով յուր շրջակայքում յուրայինների գերիացած և ստրկական վիճակը, միշտ լսելով նրանց ախ ու վախը, նրանց դառըն հառաչանքները, ամեն օր տեսնելով հազարավոր անբախտների անտանելի չարչարանքները, նա ստացավ մի նախանձոտ ազգասիրական ոգի, որով նա միշտ պատրաստ էր յուր արյունով սրբել նրանց աչքերի արտասուքը։ Ո՞րտեղ էր ծնվել Ռուստամը, որ այդպես չլիներ։ Նրա խանձարուրը եղան անուշահոտ ծաղիկները, նրա օրորոցը կանաչ խոտերը և թավշյա արոտամարգերը, նրա առաջին լալու արձագանքը չկրկնեցին շքեղազարդ դահլիճի պատերը այլ մի պարկեշտ հովվական վրան, ահագին քարաժայռերը, սար, ձոր և անտառը։ Վարժատան մեջ չմաշվեց նրա կյանքը։ Խելացի բնությունը՝ ինքն էր նրա վարժապետը։ Անուշահոտ ծաղիկներից, կանաչ թփերից, խոտավետ մարգերից ստացավ նա յուր հոգու ազնվությունը։ Պարզ և կապուտակ երկինքը, վարդագեղ արշալույսը, ոսկե արևը, արծաթյա լուսինը, բյուրավոր փայլուն աստղերը, ներշնչեցին նրա հոգուն կրոնի և աստուծո զգացումը։ Երգող փետրազարդ թռչունները, հեզիկ շշնջող զեփյուռը, ծառերի և թփերի խըշխըշոցը, նրանց տերևների կախարդական սոսափյունը, պարզ և հստակ աղբյուրները, նրանց խոտերի և ծաղիկների միջից կարկաչելով և սուլելով հոսանքը, արարչագործության այդ բոլոր հրաշալի պատկերները վառեցին նրա երևակայությունը գերբնական կրակով, և բաշխեցին նրան մի ազնիվ և գեղեցկասեր ճաշակ, մի աշխուժոտ և զգացմունքով լի սիրտ։ Ամպերի սոսկալի որոտումը, սև թուխպերի բոմբյունը, կայծակի ահեղ ճարճատյունը, ահագին լեռնաժայռերի ճաքճքվելով, թնդալով սարերի գագաթներից դեպի վայր գլորվելը, հեղեղատի պղտոր ալիքների գոռոցը, մրրիկի զարհուրելի մռնչյունը՝ մինչ այն աստիճան աներկյուղ, մինչ այն աստիճան ամրապինդ էին արել նրա սիրտը, որ նա առանց սոսկալու, առանց ահ ու դողի, ուրախ և զվարթ, յուր օրհնության երգերը խառնում էր սոսկալի մրրիկի սուլելու և ֆշֆշոցի վայրենի ձայների հետ։

Երբ Ռուստամը յուր կրիմյան հրացանը ուսին, խորին կեսգիշերային պահուն, մնջիկ միայնակ հսկում է իրանց ոչխարների փարախի և վրանների շորս կողմը, իրանց ոչխարներր քուրդերի և խորամանկ գայլերի բերանից ազատ պահելու համար երբ նա հանկարծ լսում է հեռավոր սարից մի սոված արջի, մի ահագին քավթառի կամ մի կատաղի վագրի սոսկալի մռնչյունը, նրա հոգին վառվում է ուրախությամբ․ նա արիաբար դիմում է դեպ չարագուշակ ձայնը, իսկ երբ դարանա մտած մի քարի ետևը՝ նա հաջողում է զարկել և գետին գլորել վիթխարի գազանը, այլևս նրա հրճվանքին սահման չկա։ Նա ցնծությամբ կրում է յուր շալակին ահագին որսը, բերում, գնում է իրանց վրանի առջև։ Առավոտյան, նրա հասակակից պատանիները ամաչելով նայում են նրա երեսին, բայց մանուկ աղջիկները գովաբանում են նրա քաջագործությունը, և նրանց կուսական սրտի մեջ ծնվում են սիրո զգացմունքը։

Աներկյուղ քաջասրտության հետ նրա բնավորությունը ուներ հեզ, մաքուր, ազնիվ և քնքուշ կողմեր ևս։ Ո՞րտեղ էր մեծացել նա, որ այգպես չլիներ նա բնության հարազատ որդին էր, վաճառանոցներում և առևտրական խանութներում չէր դեղնել նրա դեմքը արծաթասիրության նախանձից և հոգեմաշ հուսահատությունից։ Նրա հպարտ, կրակով լի սևորակ աչքերը չէի՛ն մեռել, չէին նվազել ամեն ժամ նայելով ապրանք գնողի ճանապարհը։ Նրա անխարդախ և անկեղծ սիրտը չէ՛ր թունավորված շահասիրության ախտով, և նա երբեք որպես վաճառողների որգիքը յուր լեզվին թույլ չէր տվել անուղիղ բան խոսել, որպեսզի պեսպես կեղծավորությամբ, հազար և մեկ երգումով, բյուրավոր սուտ վկայություններ բերելով՝ աշխատեր մի ծանր գնով վաճառել մի աժանագին ապրանք, և այնպիսով ավելի հմտանալ խաբեբայության կեղտոտ արվեստին։

Ռուստամը ոչ մի վատ համարում չուներ մարդկանց վրա։ Նա չէր ճանաչել նրանց չարությունները․ նա բոլորին համարում էր յուր հայրը, մայրը քույրը և եղբայրը։ Նա այնպես էր հասկացել, թե ամեն սիրտ այնպես մաքուր և պարզ էր, որպես այն հստակ աղբյուրները։ Նա ա՛յնպես էր հասկացել, թե ամեն ոք ա՛յնպես ազնիվ, ա՛յնպես սուրբ է, որպես այն անուշահոտ նախշուն վարդերը։ Նա ա՛յնպես էր հասկացել, թե մարդիկ ա՛յնպես բարի և ա՛յնպես առաքինի էին՝ որպես այն անմեղ և անարատ գառները։

Սիրո ախտը, որ բոլոր կրքերից առաջ վառվեց նրա մանուկ հոգու մեջ ավելի զգալի էր նրան։ Աշղների «մեջլիսներում». երբ նա լսում էր Քյարամի և Ասլուի, Աշրղ-Ղարիբի ու Շահսանամի, Թըհարի և Զոհրայի սիրավեպերը, նրա արյունը բորբոքվում էր, նա ասպետական նախանձախնդրությամբ պատկերացնում էր յուր մեջ յուր սիրուհին՝ մի սիրուհի, որին ուխտել էր նա յուր կյանքի ամենապատվական ժամերը։ Բայց երկրի սովորությունները, ազդային խորթ և օտարոտի բարք ու վարքը, երբեք չէին թույլ տալիս նրան գոնե մի անգամ տեսնեւ յուր սիրուհու երեսը և նրա բերանից՝ մի քանի բառ լսել:

Տասնևհինգ տարեկան էր Ռուստամը, երբ մի օր, Աղվանա սարերում, ուր իջևանել էին Ծաղկավանի բոլոր խաշնարած գերդաստանները, առավոտյան հովին, արևածագից առաջ, նստած սարի վրա, մի աղբյուրի մոտ, նա յուր քաղցր հրեշտակային ձայնով՝ երգում էր յուր սերը, հանկարծ. տեսավ նա մի նազելի աղջիկ կուժը ուսին, եկավ աղբյուրից ջուր տանելու: Նա մտածեց ինքն իրան «իրա՛վ, դա՛ է լինելու իմ սիրո կույսը, որ սուրբ Կարապետը բաշխել է ինձ»։

Արդարև՛ նա՛ էր, չքնաղագեղ Սալբին, որ լսելով Ռուստամի առավոտյան երգը, ջուրը պատճառ բռնելով՝ եկել էր տեսնելու այն սիրուն տղամարդի երեսը, որ ա՜յնքան այրվում և խորովվում էր յուր սիրով։ Ռուստամը, բռնելով նրա ձեռքից, հայտնեց յուր սերը․ հարցրուց թե նա ևս կամենու՞մ էր սիրել իրան. աղջիկը կարմրելով հնչեց այն սուրբ բառը «այո՛», և մեկ զույգ համբույր կնքեց նրանց ուխտը...։

Այնուհետև ժամադիր եղան նրանք այն նվիրական աղբյուրի մոտ՝ երբեմնապես միմյանց տեսնելու։

Մենք կդնենք այստեղ սիրո առաջին երգը, որ Ռուստամը երգեց Աղվանա սարերի մեջ։

Սե՛ր իմ, ո՛վ սեր, սե՛ր,
Ա՜խ, դու անգու՛թ սեր, Տարար խե՛լք-միտքրս՝
Գլխիս եղար տեր։
Ո՛վ իմ սիրո կույս,
Հատոր իմ հոգվույս,
Առանց քե՛զ, մի ժամ
Կյանքից չունիմ հույս։
Մարդիկ անհամար
Ինձ խենթ, խելագար
Կոչում են այժմուս՝
Դու՛ եղար պատճառ:

Մինչ ե՛րբ դու այդպես
Ինձ պիտի տանջես.
Մինչ ե՞րբ, դու՛ ճրա՛գ
Այրվող թիթեռն՝ ես։

Ե՛կ առ իս, ե՛կ առ իս.
Գոնյա՛, ա՛ռ հոգիս.
Սիրով կբաշխեմ՝
Քեզ իմ հրեշտակիս:

Գուցե քե՛զ համար՝
Գրիչն արդար՝
Ինձ նշանակեց
Զոհվել չարաչար։

Ասա՛, դո՛ւ, Լոկմա՛ն,
Գիտե՞ս դու դարմա՛ն
Սիրահար սի՛րտը
Բուժելու միայն։

«Ո՜հ չունի՛, չունի՛ ,
Նա դարման չունի։
Սիրահար սրտին՝
Սե՛րը դեզ կանի»։

Սուրբ ես դու ո՜վ սեր՝
Քեզ ստեղծող տեր
Երկնից և երկրի՝
Արեց հեր և մեր։

Ես էլ քո պաշտոն՝
Առի անտրտունջ,
Միշտ սերը պաշտել
Մինչև վերջի շունչ։

Է

Անհավատ Դաստիարակչուհին

Կյուրակեմուտ իրիկու՛ն էր։ Մահտեսի Ավետիսը յուր մոր հետ գնացել էին ժամ, բայց նրա կինը տիկին Սկուհին՝ յուր քրոջ օրիորդ Սալլաթինի հետ մնացել էին տանը, որովհետև, այդ երկրի սովորության համեմատ, պառավները և ծերունիները պետք է ամեն օր շարունակ ժամ գնան, բայց երիտասարդ կանայք, նորահարսերը, և մատաղ օրիորդները եկեղեցու երես են տեսնում ամբողջ տարվա ընթացքում՝ միայն երկու անգամ, այսինքն Մեծ և Փոքր Զատիկներին, որ «սրբություն», առնեն և հաղորդվին Քրիստոսի հետ։

Բայց տիկին Սկուհին տանը մնալով՝ բոլորովին հանգիստ չէր նա անդադար աշխատում էր այս և այն առտնին գործերով, զգուշանալով՝ չլինի թե նրա սկեսուրը ժամից դառնալուց հետո, տան մեջ մի չնչին անկարգություն գտնելով՝ սկսեր նրան նախատինք տալ։

Աղջի՛, Նազլու՛, վերջապես ձայն տվեց տիկին Սկուհին յուր աղախնին, գնա՛ փարախի գավիթը հավերը թառը քշիր, ծառաներին պատվիրիր փարախի երդիկները փակեն։ Ու՜Հ , ո՜րքան ցուրտ է այսօր։ Չմոռանաս դառնալու ժամանակ Պողոսին վախեցնել, որովհետև նա անդադար լացում է...»

Նազլուն դուրս գնաց, բայց փոքրիկ Պողոսը ավելի՛ և ավելի՛ էր լաց լինում, ո՛վ դիտե ինչ բանի համար։

Մի քանի րոպեից հետո, դռան հետևից լսելի եղան զարհուրելի կըռմռալու ձայներ։

Ը՜-շ-շ-շ․․․ Ը՜-շ-շ-շ... ձայն տվեց տիկին Սկուհին արջարոզը... արջամարոզը... սո՜ւս... սո՜ւս...

Բայց Նազլուի զարհուրելի կըռմըռոցը դարձյալ լսելի եղավ։

Վա՜յ... արջամարո՜զը... եկա՛վ, եկավ։ Պո՛ղոս եկավ, որ քեզ ուտի, կրկնեց մայրը։

Բայց հանկարծ Նազլու՛ն ներս մտավ։ Վա՜յ, հարսիկ, ես մեռա... սիրտս տրաքեց... լեղիս պատռվեց․․․ամա՜ն, ես մեռա։

Ա՛ղջի, Նա՛զլու, սև հագնես, ի՞նչ է, ի՞նչ պատահեց քեզ, հարցրուց տիկին Սկուհին՝ զարմացած ձևանալով։

Ամա՜ն աստված... առաջ տարավ Նազլուն կցկտուր ձայնով, ո՜ւհ, երբ միտքս բերում եմ, մարմինս սարսռում է, ախոռատան բակում, տեսա մի զարհուրելի հրեշ, պոչը երկայն, ինքը մազոտ, աչքերում կրակ էր վառվում, գլխի վրա երկու եղջյուր ուներ․․․։ Նա յուր ճանկերի մեջ բռնած՝ ուտում էր մեր մշակ Խաչոյի տղան փոքրիկ Սահակը... ա՜խ ինչպես ցավագին լա՛ց էր լինում խեղճ Սահակը...

Է՜հ, հողը քո գլխին, Նա՛զլու, ասաց տիկին Սկուհին իրավ դու տեսել ես մարդագայլը, բայց նրան այլևս, թե իմ փոքրիկ Պողոսը այլևս լաց չի լինում: Հա՛, ես այդպե՛ս էլ ասացի, բայց մարդագայլը ասաց, եթե Պողոսը էլի այնպես լաց կլինի՝ ես կգամ նրան էլ կուտեմ։

Խեղճ Պողոսը զարհուրելով այս խոսքերից մի քանի րոպե լուռ կացավ, մինչև քունը նրան բոլորովին հանգստացրեց։ Նրա մայրը ուրախ էր, որ կարողացավ խաբել յուր երեխային։

Նույն ժամուն Ռուստամը տավարների փարախում, ծառաների մոտ էր. այնտեղ վերահասու էր լինում իրանց անասուններին և նրանց հետ միասին մաքրում էր կովերի, եզների և գոմեշների աղքը, խոտ և դարման էր տալիս, և ուրախանում էր, տեսնելով թե նրանցից ո՛րն է շատ գիրացել։ Վերջացնելով յուր գործը, աշխուժավոր պատանին, եկավ յուր չորս տարեկան մանուկ քուռակի մոտ, և պտույտ գալով նրա շուրջը՝ հիանում էր նրա գեղեցկության վրա։ Նա առեց քորոցը (ղաշովը), և սկսեց քորել յուր քուռակը, հեզիկ շրթունքների միջից եղանակելով մի երգ։ Ձմեռվա սկզբից, ինքը, պատանին, յուր ձեռքով հոգս է տանում յուր ձին դարմանելու, որ նա ավելի գիրանա, զորանա և մեծանա։

Խաչո, ասաց նա յուր մտերիմ ծառային, տեսնո՞ւմ ես, քուռակը աշունքից սկսած ո՛րքան մեծացել է. հավատա, գարունքին Ծաղկավանի փարախներից ո՛չ մի ձի դրա նման չի դուրս գալու։

Անտարակույս, այդպես է, նրա խոսքին հաստատություն տալով պատասխանեց Խաչոն. քո ձիու հատը ո՛չ միայն մեր գյուղում, այլ մեր ամբողջ մահալումը չկա։ Ճանճակերենց Հարությունի տղան էլ պարծենում է, թե ձի ունի. անցյալ օր նրանց փարախը մտա, տեսա, ի՞նչ ձի, մեր կարմիր կովի հորթը քեզ օրինակ։

Դու գիտե՞ս սա՛ ի՞նչ ցեղից է... ա՜խ դրա «սոյին» ղուրբան... սա՝ արաբների քյահլանների ամենաազնիվ արյունիցն է. Մահմուդ-բեկը յուր եղբորը չէր բաշխի մի այդպիսի քուռակ, բայց նա իմ բարեկամն է, ինձանից անց չկեցավ։

Բայց մի բան եմ լսել, Ռուստամ, նրա խոսքը կտրեց Խաչոն։ Ի՞նչ խոսք, ի՞նչ բան, հարցրուց շտապով Ռուստամը։

Վախենում եմ. ասեմ, սիրտդ կոտրվի։

Չէ, ասա՛, իմ սիրտը կոտրվող սիրտ չէ։

Ասում են, մելիքը՝ խանի մոտ սատանայություն է արել քո ձիու, մասին, և խանը ասել է՝ «կառնեմ Ռուստամի ձեռքից, հայն ի՜նչ է, որ լավ ձի նստի, հային՝ էշն ու յուր խղճությունն է՛լ է բավական ...»:

Այ տղա, ո՞րքան միամիտ ես դու, խոսեց պատանին արհամարհանոք. ես քեզ այդքան երկչոտ չէի կարծում, Խաշո՛, ասենք թե ես մի լավ ձի չունեմ, մի սիրուն կնիկ ունեմ. խանը պիտի իմ ձեռքից առնե՞, մի թե կարո՜ղ է մի այդպիսի բան։

Հա՛, Ռուստամ, քանի որ մենք այդպես գերի կմնանք այդ անօրենների ձեռքում, որ ոչ աստված ունին, ո՛չ խղճմտանք՝ մեր տունը, մեր տեղը, մեր գույքը, մեր ապրանքը՝ ինչ խոսքս երկարացնեմ, նույնիսկ մեր կինն և որդիքը մերը չեն... ինչ որ ուզեն՝ կանեն, ինչ որ կամենան՝ կկատարեն...։ Տեսա՞ր անցյալ օր, ո՛րպես անիրավությամբ խլեցին տարան Միհրապի թոռը, այն աննման աղջիկը։ Նրա ծնողները բացի լալուց՝ ոչինչ չկարողացան անել։ Նրա ա՛յնքան բազմաթիվ դրացիները, բոլորը երկյուղից փախան, իրանց տներում թաքնվեցան և դռները փակեցին։ Խղճալի Նարկիզը, որպես մի անմեղ գառն՝ մնաց գայլերի ճանկերի մեջ․․․

Այդ խոսքերը վառեցին դյուրագրգիռ պատանու սիրտը․ ցավակցության զգացողությունից՝ մի քանի կաթիլ արտասուք երևաց նրա տխրած երեսի վրա։ Նա շրջեց երեսը և արագությամբ սրբելով արտասուքը ասաց.

Այդ իրա՛վ է, Խաչո, մի այսպիսի երկրի մեջ հայի աստղը խավար է... բայց հավատացնում եմ քեզ, քանի որ իմ գլուխը կենում է այս ուսերի վրա, չկարծեմ մի մարդ կարողանա իմ տնից բռնությամբ մի բան տանել։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սալբի"

Ятук Музыка
Fides Tua
Тигран Амасян

Fides Tua