Раффи

Սալբի

3

Երկու բարեկամները լի բախտավոր հույսերով գնացին վանք։ Միաբաններից մի սրբակրոն վարդապետի (որ այն օր պատարագիչ էր տիրոջ սեղանի վրա) առաջարկեցին առատ «հիշոց»-մի քանի աշրաֆի, որ նրանց ուխտադրության հաստատության համար աղոթեր պատարագի միջոցին։ Այն օր նրանք մատաղ մորթեցին, բաժանեցին աղքատներին, և հրավիրեցին պատարագիչ վարդապետին ճաշելու իրենց վրանում։ Վարդապետը ճաշից հետո օրհնելով մի կտոր հաց տվեց մահտեսի Ավետիսի և վարպետ Պետրոսի ձեռքը, նրանք կտրեցին հացը, կերան, գոհացան՝ կրկին ուխտելով իրենց խնամության մասին։

Արդարև՝ տուն դառնալուց հետո՝ մի որոշյալ ժամանակից հետո վարպետ Պետրոսին ծնվում է մի աղջիկ, որի անունը դնում են Սալբի, իսկ մահտեսի Ավետիսին ծնվում է մի արու զավակ, որ կոչեցին Հովհաննես, որ և յուր պատանեկության հասակում վայելչագեղ և քաջ տղամարդ լինելու համար ստացավ Ֆրիդովսիի հերոսի անունը Ռուստամ։ Նրանք օրորոցում նշանադրվեցան՝ լինելու միմյանց հարս ու փեսա… ։

Գ

ԼԻԼԻԹԸ

Հովասաբենց վարպետ Պետրոսը և նրա կինը՝ տիկին Թարլանը ծնողական բարեխնամ հոգաբարձությամբ սնուցանում էին իրենց մի հատիկ զավակը՝ փոքրիկ Սալբին, որի քնքուշ և ազնիվ կազմվածքը, հրեշտակային դեմքը-առիթ էին տալիս գուշակելու, թե նրա պատանեկության գարունը ծաղկելու էր գեղեցկության բոյոր անուշահոտ վարդերով։ Փոքրիկ Սալբին ուներ սև մետաքսանման մազեր, թուխ վառվռուն աչեր, նուրբ կամարաձև հոնքեր, բոլորակ և լիքն երես, փափուկ վարդագույն թշեր։ Նա աճում, մեծանում էր անհամեմատ արագությամբ։ Նրա ուղիղ հասակը ձգվում էր դեպի բարձր, որպես մի մշտականաչ սալբի ծառ (նոճի):

Նրա դաստիարակությունը, սկսյալ մանկությունից՝ առաջ էր գնում նրա ծնողների գաղափարների և ճաշակի համաձայն։ Բայց ի՞նչ օրինավոր ուսում և դաստիարակություն կարող էր ստանալ խղճալի Սալբին մի այնպիսի հորից և մորից, որոնց խելքը-միտքը վարակված էր կախարդական առեղծվածներով, որոնց բարք ու վարքը ցույց էին տալիս մոգական մոլեկրոնություն, որոնց բնավորությունը, խոսակցությունը, օրինակները և ուսմունքը՝ որ ամեն օր տեսնում և լսում էր Սալբին՝ բավական էին մանկությունից տպավորելու նրա մաքուր սրտի վրա հիմար սնոտիապաշտությունը և մոլեկան սնահավատությունը։

Մի գիշեր վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը՝ երկուսը միասին՝ նստած խոսում էին և փոքրիկ Սալբին նրանց ականջ էր դնում։

Վա՜յ խեղճիկ, ի՜նչպես մեռավ Մեհրապենց հարսը, ասաց հանկարծ տիկին Թարլանը ափսոսելով։

Մեհրապենց հա՞րսը, մեռա՞վ, հարցրուց վարպետ Պետրոսը զարմանալով։

Հա՛, այսօր իրիկնապահին. բայց ափսո՜ս, ինչ ազնիվ հոգի էր այդ չքնաղագեղ կնամարդը: Այո՛, նա մեռավ իր ծաղկափթիթ հասակում...։

Ափսո՜ս, ափսո՜ս,-կրկնեց վարպետ Պետրոսը. վա՜յ նրա անբախտ տղամարդին... բայց չգիտե՞ք նրա մահվան պատճառը:

Յուր տղայի ծնունդը. չկարողացավ ազատվել։

Ա՜խ, ո՛րքան անմեղ տղաներ և ո՛րքան խղճալի մայրեր փչացրել են և պիտի փչացնեն այդ անգաթ մանկաբարձ պառավները իրանց հիմարությամբ...։ Մանկաբարձ պառավը մեզ չէ ունեցել. ասում են, որ հանգուցյալի լերդը գողացել էին «մեզնից աղեկները» (դևերը), առարկեց տիկին Թարլանը, երեսը խաչակնքելով։

Մի այդպիսի դիպվածում դարձյալ մեղը մանկաբարձինն է, որովհետև նրանք կարող էին գործ դնել ծննդականներին հարկավոր զգուշությունները։

Որպիսի՞ զգուշություններ։

Ահա այդպիսի. շուրջանակի խազել տան մեջք չորս պատերի երեսին մի սև գիծ, և մի գիծ ևս դռան շեմքի առջև, կարդալով այդ գործողություններին պատշաճ աղոթքները, որ բոլոր մանկաբարձները գիտեն։ Այդ նախազգուշությունները կարգելեն դևերին երդիկներից կամ դոնից մտնել և մերձենալ ծննդկանին։ Բայց շատ անգամ պատահել է, որ նախազգուշություններ կատարելուց առաջ, ներս մտած են լինում «չարքերը»: Այդ ժամանակ պետք է դնել ծննդկանի չորս կողմը մերկ դաշույններ, պողովատից շինած գործիքներ և արձակել մի հրացան։ Իսկ երբ ազատվել է ծննդկանը՝ պառկած տեղը, գրելու է նրա վերմակի չորս անկյունների վրա երեք հրեշտակների խորհրդական անունները Սանվի, Սասանվի, Սամանկալեֆ, և «ի բաց լիցի Լիլիթ»։

Ո՞վ է այդ «Լիլիթը», նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։

Միթե չգիտե՞ք, խոսեց վարպետ Պետրոսը, Լիլիթը է դևերի մի նշանավոր ցեղի նահապետուհին, որ մարդկային ազգի հետ հին թշնամության պատճառով՝ ուխտել է միշտ մահ նյութել ծննդկաններին և նրանց տղաներին։ Դրա համար է, որ վերմակի անկյունների վրա գրում են ա՛յն երեք հրեշտակների անունները, որոնցից հալածվում է չար Լիլիթը:

Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ. դուք չեք պատմել ինձ մինչև այսօր մի այդպիսի բան։

Վարպետ Պետրոսը կարևոր համարեց պատմել յուր կնոջը Լիլիթի պատմությունը, և սկսեց այսպես.

«Եվա նախամորից առաջ՝ աստված ստեղծեց հայր Ադամի համար ընկեր Լիլիթը. դա Ադամի մոտ երկար չմնաց, այլ խռովելով հեռացավ նրանից։ «Տեր», բողոքեց նախահայրը, «կինը, որ ինձ տվիր՝ չէ հնազանդվում. նա թողեց և հեռացավ ինձնից»։ Այն ժամանակ աստված ուղարկեց երեք հրեշտակներ Սանվի, Սասանվի և Սամանկալեֆ, որ հաշտեցնեն Լիլիթը Ադամի հետ։ Հրեշտակները գտան Լիլիթին այն ծովի վրա, ուր կորավ Փարավոնը յուր զորքերի հետ. հայտնեցին աստուծո հրամանը, թե եթե նա չհնազանդվեր Ադամին և չհաշտվեր նրա հետ՝ տիրոջ անեծքով օրը նրա որդիներից հարյուրը պիտի մեռնեին։ Լիլիթը չհոժարեց վերադառնալ Ադամի մոտ։ Հրեշտակները կամեցան ձգել նրան ծովի ալիքների մեջ։ Լիլիթը պաղատեց, որ չնեղեն և չչարչարեն իրան, և երդվեց, ասելով. թեպետ ես մտադիր էի այսուհետև վնասել ադամորդիների արու տղաներին՝ նրանց ծնունդից ութ օր հետո, և էգերին՝ երեսուն օր հետո, բայց ես դաշն եմ կապում ձեզ հետ, և անկեղծ երդումով հաստատում եմ իմ պայմանները՝ այլևս չվնասել մարդոց որդիների տղայոց՝ երբ տեսնեի ձեր անունները արձանագրված նրանց վերմակների անկյունի վերա։ (Եվ այսպես, ամեն օր մեռնում են նրա ծնունդներից հարյուր հոգի)։

Քանի այդ թալմուտական առասպելը մոտենում էր յուր վերջին, փոքրիկ Սալբին դողում էր վախից։ Լիլիթի և դևերի պատմությունը զարթեցրին նրա սրտում մի անսովոր երկյուղ։ Նա չկարողացավ ավելի դիմանալ և խնդրեց մորը, որ քնացներ իրեն։ Բայց խեղճ երեխան չկարողացավ քնել, ամբողջ գիշերը նա անցրեց մի անհանգիստ դրության մեջ։ Խառն և զարհուրելի երազներ խռովում էին նրա քունը. նա շատ անգամ քնաշորերից ցատկում և փախչում էր կոչելով. «Վա՜յ դևերը... դևերը»։ Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը գործադրեցին իրենց կախարդական բոլոր գիտությունը, բայց չկարողացան հանգստացնել երեխային. արևաբացին նա մի փոքր քնեց, բայց այնուհետև չկարողացավ վեր կենալ մահճից, որովհետև սաստիկ վառվում էր ջերմախտով։

Փոքրիկ Սալբիի հիվանդությունը ծանր հարված պատճառեց իր ծնողների սրտին։ Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը անհնարին տխրության մեջ, բոլորովին հուսահատված երեխայի մյուս անգամ առողջանալու մասին՝ միշտ լաց էին լինում։ Նրանք ամենևին չէին մտածում, թե նրա հիվանդանալու պատճառը եղել է իրանց գիշերային խոսակցությունը դևերի մասին, այլ առավել կարծում էին թե անպատճառ այն չար Լիլիթը պիտի վնասած լինի երեխայի՝ յուր անունը հիշելու համար։

Առավոտյան, լսելով Սալբիի հիվանդությունը, Հովասաբենց տունը մտան նրանց դրկիցները՝ ծերունի Մկրտիչը յուր կնոջ՝ Մարթայի հետ. «բարձը բարի լինի…։ Աստված հիվանդություն չտա», ասելով գնացին նստեցին հիվանդի մահճի մոտ։

Քանի՞ օր է, որ հիվանդ է Սալբին, հարցրուց պառավ Մարթան առժամանակյա լռությունից հետո։

Գիշերվանից, պատասխանեց տիկին Թարլանը վշտալի ձայնով։

Միթե այսքան ժամանակ անխնա՞մ եք թողել, և մի ճար չե՞ք արել:

Ի՞նչ ճար... իմ ճարը մնացել է աստված... բայց այն հնարները, որ կարող է գործադրել ադամորդու խելքը՝ բոլորը գործ եմ դրել։

Ի՞նչ եք արել, կրկնեց հետաքրքրությամբ պառավը։

Հիվանդության սկզբում, կարծելով որ «չար աչքով տվին» իմ երեխային, առավոտյան թոնրում հաց թխելու միջոցին՝ ալյուրի անխմոր շաղախից շինեցի փոքրիկ գնդակներ և «ասմունքն» ասելով ձգեցի թոնրի մեջ, կրակի վրա, և իրավ, գնդակները սաստկությամբ տրաքեցան՝ չար աչքերն էլ նրանց հետ։

Այլևս ոչի՞նչ։

Երբ տեսա գնդակները օգուտ չարեցին, առաջ տարավ հիվանդի մայրը, իսկույն մի մարդ ուղարկեցի ջհուդ խախամ-Շմենթոյի մոտ. նա գրքին նայելով ասել է՝ «չարից» է, թշնամի ոգիներից հարված է ստացել՝ նա հավկիթի վրա, սև հավի արյունով գրել էր մի բան՝ պատվիրելով, որ թաղենք գերեզմանատան ճանապարհի վրա։

Ինչո՞ւ դուք «մեոհտաջ» (կարոտ) եղաք ջհուդին, մյուս կողմից նրա խոսքը կտրեց ծերունի Մկրտիչը այդ կարող էր անել և ձեր ամուսին այրը, նա այդ գիտության (կախարդության) մեջ գերազանց է բոլորից։

Այդ ճիշտ է, պատասխանեց տիկին Թարլանը, բայց չե՞ք լսել, որ, «մարդ յուր մեռելը չէ կարող թաղել». բացի այդ, ինձ ասացին, որ ծնողների «թղթերը» չեն ներգործում իրենց զավակների վրա, այդ պատճառով մի այլ «փթիկ» տվի տեր Աբրահամը գրեց. գիտե՞ք, նրա գիրը սարը կճեղքե...: Այդ փթիկը տերտերի պատվերով, յոթն աղբյուրի ջրով տրորեցինք և թասի մեջ գիշերը «աստղունք» դրինք. առավոտյան լուսաբացին տվինք խմեց: Բայց և այնպես, այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցին իմ երեխիս։

Զարմանալի է, իրավ զարմանալի գլուխը շարժելով կրկնեց ծերունի Մկրտիչը։

Այդ միջոցին վարպետ Պետրոսը հիվանդի մոտ չէր, Նա յուր առանձնարանում, ո՞վ գիտե, ինչ գործողությամբ էր զբաղված՝ յուր երեխան մահից փրկելու համար։ Բայց պառավ Մարթան երկար խոսակցությունից, երկար խորհրդակցությունից հետո պատվիրեց, որ առավոտյան ժամ և պատարագ անել տան, աղքատներին հաց բաշխեն և շահեն սրբերի կամքը։ Այնուհետև դուրս գնաց յուր ծերունի ամուսնու հետ՝ մաղթելով հիվանդին առողջություն։

Հաջորդ օրվա առավոտյան Ծաղկավանի սուրբ Գևորգ եկեղեցու մեջ հիվանդի համար պատարագ մատուցվելուց հետո, բոլոր ժողովուրդը երեք անգամ «տեր ողորմյա» ասելուց հետո, երբ ժամը դուրս եկավ, բոլոր եկեղեցականները հասարակ ժողովրդի հետ միասին՝ գնացին Հովասաբենց տունը։ Այստեղ տիկին Թարլանը կես գիշերից հոգացել էր առատ և ճոխ «ժամուհաց»։ Երբ բոլորը կերան-լիացան, ոտքի ելան, և մի-մի վառած մոմ ձեռքերին բռնած «պաշտում» կատարեցին, և հիվանդին առողջություն խնդրելով, Հովասաբենց ննջեցյալներին հանգիստ, արքայություն, և կենդանյացը բարի հաջողություն մաղթելով՝ դուրս գնացին: Բայց տեր Մարուքը՝ Հովասաբենց ծխատեր քահանան և մահտեսի Ավետիսը՝ նրանց խնամին, մի քանի ծերերի հետ, մնացին վարպետ Պետրոսի մոտ և նրան մխիթարելու և տխրությունը ցրվելու համար խոսակցում էին այս ու այն դատարկ առարկաների վրա։

Բայց կից սենյակում, որտեղ պառկած էր հիվանդը, շրջապատված մի քանի հնացած և փտած հասկացողությամբ պառավներով, որոնց թվումն էին Հուրի Խան-Դայան՝ մահտեսի Ավետիսի մայրը և Մարթան՝ ծերունի Մկրտիչի կինը ծանր ու բարակ մոլեռանդ կերպով խոսակցում էին զանազան խնդիրների մասին։

Աստուծով... այս ավուր «պաշտում-պատարագը» և մեր զորավոր սուրբ Գևորգը կազատեն Սալբին հիվանդությունից,- խոսեց պառավ Մարթան։

Այդ ճիշտ է, նրա խոսքը կտրեց Հուրի Խան-Դայան. բայց Ղալ... գյուղի Աղքիլիսան, այդ հրաշալի եկեղեցին բոլորից զորավորն է. մի անգամ իմ փոքրիկ Պողոսը հիվանդ էր. մենք հույս չունեինք նրա կյանքի մասին, բայց ես վերցրի մի խոյ մատաղացու, գնացի նրա դուռը՝ երեխաս հետս տանելով: Մատաղը կտրել տվինք, փառավորվի՜ տեր Օհանը, մատաղի արյունից խաչաձև դրոշմեց երեխիս ճակատին, օրհնեց... և մենք տուն դարձանք, այնուհետև, որպես սատանի չարիքը ձեզանից հեռու, իմ երեխան նույնպես փարատվեցավ ցավից։

Աղքիլիսայի գործը բոլորովին հրաշք է, ասաց պառավ Մարթան չորս տարի առաջ (ես մի քանի տարի շարունակ հիվանդ էի ջերմախտով), տեր Մինասն էր քահանա այնտեղ. աստված յուր կարգն օրհնե. հատուկ աստուծո մարդ էր։ Մի գիշեր «Աղքիլիսան» երազում իմաց է տալիս նրան, որ ես յուր տաճարի համար մի վարագույր կտրեմ, և այնուհետև ուխտ գնամ նրա դուռը. և խոստանում է փրկել իմ ջերմախտը։ Ես առանց ուշացնելու կատարեցի սրբի հրամանը և իսկույն փարատվեց իմ ցավը:

Ինչո՞ւ եք այդ ասում, ավելացրեց Հուրի Խան-Դայան, գլուխը շարժելով. ես հասակով բոլորիցդ մեծ եմ, ես անցրել եմ ավելի շատ սև և սպիտակ օրեր, քան թե դուք, ես ավելի շատ բան եմ լսել և տեսել Աղքիլիսայի մասին։ Հին օրերում, մի քուրդ գողանալով նրա դրսի զավթի դուռը, յուր շալակն է առնում և սկսում է յուր տունը տանել. հասնելով յուր տունը, երբ կամենում է յուը գողացածը վայր դնել՝ չէ կարողանում, որովհետև դուռը նրա մեջքին կպած լինելով չէ շարժվում։ Որքան քաշում և շարժում են, չեն կարողանում դուռը պոկել: Քուրդը ճարահատյալ, մի քանի օրից հետո, դուռը ուսին, մի քանի մատաղ յուր հետ բերելով, գալիս է Աղքիլիսա. մի քանի օր մնում է այնտեղ, կտրում է մատաղները. տերտերը աղոթում է նրա համար, և դուռը պոկ է գալիս նրա քամակից։ Է՜հ, նրա հրաշքները անբավ են... Դուք լսել եք, թե ո՛րպես կատաղեցավ այն վայրենաբարո խանը, որ կտրեց այդ եկեղեցու անտառի ծառերից՝ յուր տունը ծածկելու համար. և այն, որ արյուն էր թորում ծառերի բունից, երբ կտրում էին կացինով։

Դուք տիկին Թարլան, ուխտեցեք Աղքիլիսային մի բան Սալբիի համար, առաջարկեցին հիվանդի մորը։

Ես խոստացել եմ, պատասխանեց տիկին Թարլանը տասներկու լիտր վառելու ձեթ. բացի դրանից մեր երեք տարեկան երինջի ականջի ծայրը կտրեցի, ուխտելով, որ Սալբին ինքը առողջանալուց հետո տանե նրա դուռը։

Մինչ կանայք տաքացած սնապաշտական ոգևորությամբ խոսում էին սուրբերի, եկեղեցիների և ուխտատեղիների հրաշքների մասին, հանկարծ ներս մտան մի քանի ծեր մարդիկ Հովասաբենց բարեկամներից՝ ինքը վարպետ Պետրոսը, նրա խնամին՝ մահտեսի Ավետիսը, տեր Մարուքը և մի քանի այլ մարդիկ:

Երիտասարդ կանայք իսկույն, որպես դևերը խաչանշանից՝ փախան աներևութացան մարդիկը տեսնելով, մնացին մի քանի հնացած պառավներ, որոնք, առանձնանալով սենյակի անկյունում, բոլորը միաժողով նստեցին աչք ու երեսները ծածկելով իրանց սպիտակ լաչակներով։

Եկվորները պատեցին հիվանդի չորս կողմը, ամենքն էլ գդակները վերցրին՝ երբ տեր Մարուքը սկսեց կարդալ «պահպանիչը», այնուհետև բոլորը նստեցին հիվանդի մահճի մոտ։ Հիվանդը անզգա թմրության մեջ էր. նրա թույլ շնչառությունը ցույց էր տալիս թե նրա դրությունը վատ է։ Վարպետ Պետրոսի սիրտը չդիմացավ, նա՝ աչքերը լցված արտասուքով դուրս գնաց։

Տեր հա՛յր, ծառա եմ աջիդ, ասաց ծերերից մինը. իհարկե, «ինչ որ քո ոտքը գիտե, մեր գլուխը չգիտե», բայց և այնպես ներեցեք համարձակությանս... ինձ երևում է, թե հիվանդը վատ դրության մեջ է. լավ չէ՞ր լինի մի փոքր, եթե բժշկության Ավետարան կարդայիք վրան։

Լա՛վ ես հրամայում, պարոն Թորոս, Ավետարանը և՛ հոգևոր, և՛ մարմնավոր կերակուր է, պատասխանեց քահանան, ամենևին չհասկանալով յուր սերտած բառերի իմաստը, և հրամայեց յուր տիրարուին, որ բերե Հովասաբենց մեռել-հարույց Ավետարանը։

Երբ Ավետարանը բերեցին, բոլորը գդակները հանած՝ ոտքի կանգնեցան։ Քահանան ձայն տվեց. «Ալրմաղը» բերեք. ծերերից երկու մարդ բռնեցին ալյուրի մաղը հիվանդի գլխի վրա, և տեր Մարուքը Ավետարանը նրա վրա դնելով սկսեց շարական ասելով մեկ-մեկ բաց անել Ավետարանի վրայից փոշոտած, ծխում-մխում սևացած աղլուխները։ Խղճալի տեր Մարուքը, որ չգիտեր մի այլ երգ, տասն անգամ կրկնեց զանազան եղանակներով նույն երկտող շարականը, բայց Ավետարանի վրա փաթաթած աղլուխները տակավին չէին վերջացած։ Վերջապես երևան եկավ մի հաստ կազմով գիրք, մագաղաթի վրա կարմիր, կապույտ և զանազան ներկերով գրված, նրա մաշկյա կողերը զարդարված էին հասարակ ակներով և մի պղնձյա խաչով, որ ամրացված էր նրա կողքի վրա։

Բոլորը երկյուղածությամբ երկրպագություն տվին, երեսները խաչակնքեցին՝ տեսնելով աստուծո գիրքը, որ տեր Մարուքը բացելով սկսեց կարդալ «բժշկության» ավետարանները, որոնց կենսատու զորությունը «Ալրմաղի» ծակերից առատապես մաղվելով՝ թափվում էր հիվանդի վրա... Ավետարանը վերջացնելուց հետո, քահանան ավելի քաղաքավարություն գործ դնելով (շատ կարելի է, յուր նյութական օգուտը մտածելով)՝ հրամայեց, որ ջուր բերեն։ Տիրացուն թասի մեջ ջուր բերեց նրա մոտ։ Տեր Մարուքը սկսեց «խաչալվա» անել, վերցրեց փոքրիկ պղնձյա խաչը, որ դրած էր Ավետարանի մոտ, և մի քանի խառնիխուռն աղոթքներ կարդալով՝ երեք անգամ խաչանիշ արեց օրհնած ջուրը, որից հետո տվեց թասը տիրացուին, որ յուր ձեռքումն բռնելով՝ կանգնեց քահանայի մոտ։

Փառավորվի՜ տեր Մարուքը. առավ պղնձյա խաչը, թաթխեց օրհնած ջրի մեջ և նրանով խաչաձև գծեց հիվանդի ճակատը ասելով. «սա եղիցի բժշկություն և փարատություն ցավոց քոց». երեք անգամ կրկնեց գործողությունը, քահանան «խաչալվա» ջրից սրսկեց հիվանդի երեսի վրա, ապա ասաց բոլորին. դե, որդիք, դուք էլ մին-մին եկեք, սուրբ Ավետարանը համբուրեցեք և օրհնած ջրին մասնակից եղեք:

Նույն ժամանակ բոլորը մեկ-մեկ առաջ գալով համբուրում էին սուրբ Խաչը և սուրբ Ավետարանը, դնում նրա կազմի վրա արծաթե դահեկաններ. և քահանան տեսնելով մի րոպեի մեջ կիտված արծաթը սուրբ Գրքի վրան՝ եռանդագին հաճությամբ օրհնած ջրով օծում էր նրանց ճակատները և խմեցնում նրանց։

Երբ ամեն ինչ վերջացած էր, տեր Մարուքը խորին զմայլանքով գրպանը լցնելով սիմոնականության արծաթը և նկատելով հիվանդի ծանր և թույլ շնչառությունը, կասկածեց, թե մի գուցե տարաժամ նա մեռներ։ Այդ պատճառով հանեց ծոցից մասնատուփը (որ առաջ մի հանգուցյալի քթախոտի տուփն էր, և իբր կողոպուտ հասել էր տեր Մարուքին) և հաղորդեց հիվանդին տիրոջ սեղանի փշրանքով։

Նույն միջոցին վարպետ Պետրոսի աչքերը լցվեցան արտասուքով, տեսնելով, որ տեր հայրը վատ կարծիք ուներ հիվանդի մասին։

Հոգս մի անիր, որդի, ասաց նա վարպետ Պետրոսին. այդ սրբությունը առողջության գլխավոր դեղն է հիվանդների համար. դա թեթևացնում է ամեն տեսակ ցավեր։

Արդարև, ամենեքյան լցված հոգևոր ջերմեռանդությամբ, սպասում էին, թե ի՛նչ ներգործություն կանեին հիվանդի վրա սուրբ արարողությունները, բայց տեր Մարուքը այդ իրողությանը ամենևին ուշադրություն չդարձրեց. նույն րոպեում նա զբաղված էր մի այլ բանով․ նա չկարողանալով արձակ-համարձակ տեսնել խաչհամբույրների հաշիվը, մի ձեռքը գրպանը տարած` կամաց-կամաց համարում էր արծաթները։

Քահանան վեր կացավ, և բոլոր բազմությունը նրա հետ դուրս գնաց։ Հիվանդի մահճի շուրջը պատեցին դարձյալ պառավ իմաստուհիները և սկսեցին խոսել իրանց առապելաբանական խորհրդածությունները։

Մի քանի շաբաթից հետո տեր Մարուքի շնորհիվ և աստծո ողորմությամբ, փոքրիկ Սալբիի տկարությունը հետզհետե ուղղվելով՝ նա բոլորովին առողջացավ ի մեծ ուրախություն յուր ծնողների։

Դ

ՎԱՐԺԱՊԵՏԸ ԵՎ ՎԱՐԺՈՒՀԻՆ

Վարպետ Պետրոսը երկար չվայելեց յուր զավակի ուրախությունը, որ սուրբ Կարապետը բաշխել էր նրան։ Նա վախճանվեց, անմխիթար սգի մեջ թողնելով յուր կինը` տիկին Թարլանը և յուր հինգ տարեկան աղջիկը՝ նազելի Սալբին։ Սալբիի մայրը, ամուսնու մահից հետո բարեխնամ կերպով հոգաբարձու եղավ փոքրիկ Սալբիի կրթությանը։ Յոթն տարեկան հասակում Սալբին հանձնվեց Հովասաբենց դրացի Մարթային, խելացի և բանագետ պառավին, որի խոհեմության և շնորհալիության մասին տիկին Թարլանը մեծ համարում ուներ։ Պառավ Մարթան ինքը կարդացած չէր և ոչ իսկ տիկին Թարլանը յուր աղջիկը հանձնեց նրան այն մտքով, որ գիր կարդալ և ուսում սովորե։ Գրագիտությունը այն ժամանակ մի չար թախտով` սովորություն չէր, ո՛չ միայն աղջիկների, այլև տղայոց համար։ Բայց տիկին Թարլանը հանձնեց Սալբիին յուր նոր վարժուհուն, որ նրան ծառայելով՝ կար և ձև, խելք-հրամանք և ազնիվ ու առաքինի բարք ու վարք սովորե։

Տունը, որի մեջ բնակվում էր Մարթա պառավը յուր ալևոր ամուսնի՝ Մկրտչի հետ, արժանի է հարցասիրության, ո՛չ նրանով միայն, որ նա մի զույգ արդար և բարեպաշտ ամուսնակիցների բնակարանն էր, այլ առավել նրանով, որ այդ տունը պահում էր յուր մեջ մեր պապերի հին տների շինվածքի բոլոր ձևերը, ներքին և արտաքին բոլոր սարք ու կարգը, բոլոր կահ֊կարասիքը, աներ՝ որոնց մեջ նրանք անցրել են իրանց ցավալի կյանքը Պարսկաստանում։

Դռան առջև, երկու կամ երեք թզաչափ բարձրությամբ ձգած է կովերի «կուն» (աղբը), որպեսզի փողոցի միջից անցուդարձ անողների ոտերի տակ պնդանալով «տարթ» (տոռֆ) դառնա, հետո կտրեն թոնրի վառելիքի համար։ Այդ ապականությունը անձրևային օրերին ձևացնում է մի գարշահոտ ճահիճ, որի մեջ մինչև ծնկները թաթախվելով, ոտերդ և «սոլերդ» (կոշիկներդ) մի լավ ներկելով այդ հինայի մեջ, ներս ես մտնում՝ գլուխդ խոնարհեցնելով մի նեղ դռնից․ քո առջև բացվում է նախագավիթը յուր ցածրիկ, քայքայված շրջապարիսպներով, շինած պնդացած կավից, որ, երկար ժամանակ «մոլայի» կամ «սվաղի» երես չտեսնելով՝ համարյա կիսամաշ էին եղել անգութ անձրևից, ձյունից և կարկուտից։ Այդ նեղ և անձուկ բակի տարածությունը հազիվ յուր մեջ կարողացել է տեղավորել աղբանոցը, ուր թափում էին ամեն օր վառած աթարի մոխիրը, և արտաքնոցը` շրջապատած ճյուղերից հյուսած ցանկապատով։ Հարկավորության այդ երկու գլխավոր տեղերում, որ միամանգամայն բակի միակ զարդարանքն էին կազմում, ժամանակի ընթացքում ամենայն տեսակ ապականությանց՝ աղբի և մոխրի բավական մթերք հավաքվելով, կուտակվում, բարձրանում` կազմում էին մի քանի բլուրներ, որ ոչ սակավ ձեռնտու էին լինում տանտիրոջ օգտին, երբ երկրագործը գտնելով այդ ապականությունը, տանում էր յուր հողերը պարարտացնելու, նրանց ուժ և զորություն տալու համար։ Այդ օրհնյալ զննողի շնորհիվ մի քանի օր բակը ազատվում էր ժահահոտությունից, և մարդ կարող էր, առանց պնչածակերը երկու մատերով պինդ փակելու բակի միջով անցնել և մտնել ծերունի Մկրտչի տունը եթե նրա հետ գործ ունենար։

Առաջին շինվածքը բակի հարավային ճակատում` է սրահը մի երեք կուսից պարսպով պատած, առջևը կամ երեսը բաց, փայտյա վանդակապատով չափարած ծածկոծ, որը մինչև այսօր պահում է յուր հին անունը։ Այստեղ բնակում են ամառը, կամ եղանակների տաք օրերին։ Սրահի միջից բացվում է մի նեղ դուռն, որ ներս է տանում դեպի խրճիթը` գլխավոր տաք բնակարանը, որի մեջ անց են կացնում ձմեռը։ Այդ քառակուսի խուղը շուրջանակի չորս կավյա խարխուլ պատերի վրա պահում էր ցածր, ծխից-մխից սևացած առաստաղը, որ գմբեթաձև բարձրանալով, յուր գագաթում թողնում է մի բոլորակ ծակ, որին անուն են տալիս «երդիք»: Այդ նեղ բացվածքից կաթում էր մի աղոտ լույս, որ հալածում էր խրճիթի խորին, մելամաղձական խավարը։ Բոլորովին մերկ, որպես դուրսը գետնի մեջ, խրճիթի կենտրոնում փորած է «թոնիրը», մի բոլորակ խոր կամ փոս, որի մեջ ամեն օր վառում են և նրանում եփում են տան համար հարկավոր բոլոր ուտելիքը։ Աթարի թանձր և կծու ծուխը սև ամպերի նման բարձրանալով թոնրից հավաքվում է գմբեթահարկ առիքի մեջ և որպես վուլկանի բերանից քուլա-քուլա դուրս է գնում և սև վիշապների նման գալարվում է օդի մեջ։

Ամեն օր հարկավոր է վառել թոնիրը կերակուրի և տաքանալու համար, և այդպես, ամեն օր ծերունի Մկրտչի խրճիթը ձևացնում է մի մթին ծխի օվկիանոս, որի մեջ լող են տալիս տանտերերը, հազալով, փռշտալով իրանց արցունքոտած աչքերը ճմռելով և տրորելով, մինչև աստուծո շնորհիվ աթարի մեջ սպառվում է վառվող նյութը, սև թուխպերը կամաց-կամաց դուրս են գնում, խավարը հալածվում է և մռայլի միջից սկսում են տեսանելի լինել խրճիթի ներքին առարկաները։ Պառավ Մարթան՝ տնարար տանտիկինը, պպզած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքում, խառնում է իրանց համար եփած ապուրը, իսկ ծերունի Մկրտիչը, նույնպես կկզած թոնրի մոտ, մի կոտրած պտուկի կտորի մեջ բովում է յուր համար սեխի կորիզներից «աղանձ» և թեպետ նրա բերանում միայն մի քանի ատամ էին մնացել, բայց աղանձը լցնում է յուր գրպանը և մինչև իրիկուն ծուլորեն սկսում է «չրթել»: Այդ էր նրանց միակ սենյակը, որը, չնայած որ շատ ընդարձակ չէր, բայց ծերունի Մկրտիչը նայելով յուր դրացիների անձուկ խրճիթներին, որոնց մեջ նրանք խեղդվում էին, նա գոհունակ սրտով ամեն օր «քարի լույսի» դեմ փառք է տալիս աստծուն, խնդրելով որ լուսավորի յուր հանգուցյալ պապի հոգին, նրան հանգիստ արքայություն պարգևե՝ իրան մի այդպիսի մեծ և ընդարձակ տուն թողած լինելու համար, որի նմանը չունեին բոլոր գյուղացիք Ծաղկավանի մեջ։ Այդ տան մեջ բնակվում էր ծերունի Մկրտիչը յուր առաքինի կնոջ և ընտանի անասունների հետ։

Խրճիթի վերնակողմում դրված է «փեթակը»՝ մի մեծ փայտյա արկղ, բաժանված զանազան պահարանների, որոնց մեջ լցրած են ալյուր, ցորեն, լավաշ և տան բոլոր պաշարեղենը։ Փեթակի վրա դրված են քնաշորերի, սփռոցների և կապերտների ծալքերը։ Դռան աջ կողմում մեծ-մեծ թխած փթիրները և տառթերը պարսպաձև միմյանց վրա շարած՝ թումբի նման բարձրանալով, բաժանում են խրճիթի մի փոքրիկ մասը, ուր լեցրած է աթարներով, ոչխարի գնդաձև պտտուրներով, չոր ու ցամաք տերևներով, որոնք գործ են ածվում թոնրի ամենօրյա վառելիքի համար։ Դռան ձախակողմում այդպիսի նյութերով կտրած մի անկյուն էր կացուցանում մարագը ուր լեցրած է դարման (հարդ), խոտ չորքոտանիների ձմեռվա ապրուստի համար։ Դրանց մոտն է և հավերի թառը։ Խրճիթի մի անկյունում շինված է չորքոտանիների մսուրը, որի վրա կապած են Յոսլաբերը՝ պառավ Մարթայի գեր ու պարարտ կովը, յուր սիրուն խայտաբղետ հորթի հետ, որի մարմնի սպիտակ գծերը կամ «զոլերը» նա ներկել էր հինայով. նրա մոտ՝ կովի մատաղահաս երինջը, որ տալիս էր լի հույսեր յուր գալ տարվա մեջ հղի լինելուն։ Մի փոքր հեռուն, կանգնած է, ականջները ծուլորեն վայր կախած մոխ-րագույն էշը՝ <<ծերունի Մկրտչի ոտերը>> որպես կոչում էր նա։

Կարծես թե երկար տարիների կենակցությունը սովորեցրել էր այդ օրհնյալ անասուններին կարեկցաբար մասնակից լինել իրանց տերերի ուրախ և տրտում զգացմունքներին։ Երբ պառավ Մարթան շատ անգամ յուր վշաերը և տխրությունը հալածելու համար՝ մոտենում էր յուր մտերիմ Յուղաբերին, քորելով, փայփայելով նրա սիրուն գլուխը, և կամ գրկում էր նրա կայտառ հորթը, սկսում էր համբուրել նրան, կովն էլ, ուրախությամբ յուր պոչը շարժելով, գլուխը թափ տալով, դուրս հանելով յուր խարտոցի նման լեզուն՝ սկսում էր լիզել յուր տիկնոջ խորշոմած երեսը։

Ամեն օր, երբ ծերունի Մկրտիչը քորոցը ձեռքում սկսում էր գովաբանելով քորել յուր իշու մարմինը, նրա խեղկատակ գրաստը չէր դադարում յուր ծերունի տիրոջ հետ խաղալ յուր ամենօրյա կատակերգությունը, նա շատ անգամ յուր ատամներով ձիգ էր տալիս նրա հանդերձի փեշերից, ծլունկ լինում, տռտիկ տալիս, քացի գցում, և վեր-վեր թռչում, մինչև արձակելով յուր հետքից մի սաստիկ տրխկոց՝ շարժում էր յուր տիրոջ սառն երեսի չոր ու ցամաք խորշոմները մի անսովոր ծիծաղով։

Յուղաբերը յուր անունի համեմատ ամեն օր առատ կաթ և յուղ էր տալիս։ Պառավ Մարթայի դրացի կանայք մախանոք նայում։ Հին մի այդպիսի բախտին, տեսնելով, որ իրանց երեք կամ չորս կովերը հազիվ էին տալիս Յուղաբերի չափ կաթ։ Մի այդպիսի անսովոր բան առիթ տվեց նրանց կարծելու, թե պառավ Մարթան գործ էր դնում կախարդական զորություններ։

Եվ արդարև, թեև պառավը ոչ ոքի չէր հայտնել, բայց մենք գիտենք, որ ոչ սակավ նշանակություն ուներ կաշվի մեջ կարած այս եռանկյունի թուղթը, որ քարշ էր տվել նա Յուղաբերի երկու լուսնաձև կոտոշների մեջտեղում ճակատի վրա։ Այլև շատ անգամ համբարձման գիշերին պառավը լիքը մի կուժ ջրով դնում էր թուրքերի գոռխանայում նրանց գերեզմանների մեջ. առավոտյան լուսաբացից առաջ, առանց խոսելու, առանց ետև մտիկ տալու՝ տանում էր տուն և այն կժի ջրով հարում ծծումը, և ծծմի մեջ բոլոր մածունը կարագ էր կտրում։ Այլև, նրա ծծումի կանթից միշտ քարշ էր ընկած շորի մեջ կարած մի քանի հատ չորս տերևանի խոտ, որ թիլիսմանական զորություն ուներ։

Ե′վ այդպես խրճիթի մի կողմում ահագին փեթակը, մյուսում կովի և իշի ախոռը, դռան աջակողմում վառելիքների ամբարը, ձախակողմում դարմանոցը և հավերի թառը, խրճիթը չորեք կողմից այդպես նեղանալով թոնրի շրթերի մոտ մնում էր մի քանի թիզ արձակ գետին, ուր փռած էր երկու հասիր (փսիաթ), որոնց վրա նստում էին երկու ալևոր ամուսինները իրանց ոտերը թոնրի մեջ մեկնելով։

Ծերունի Մկրտիչը վաղուց հետե, երբ նրանց զավակ չէր ծնվում, պահում էր մի քանի հատ տնօրիկ (ընտանի) աղավնի, այն մտքով, որ դրանցով կշահեր աստուծո հոգին և կստանար նրանից որևէ վարձատրություն։ Այդ պատճառով նրանք մեղք համարելով թափել այդ արդար թռչունների արյունը, ո′չ մորթում էին և ո′չ ուտում նրանց միսը։ Առավոտները քնաթաթախ վեր է կենում պառավ Մարթան, դուռը բաց անում, դուրս գալիս «ճու֊ճո՞ւ-ճո՞ւ» ձայն է տալիս նա։ Եվ նույն րոպեին դուրս են թափվում հավերը և աղավնիները։ Նա ցրվում է նրանց առջև կուտը, և հավերը, ուրախ֊ուրախ պառավի չորս կողմը պտտվելով, կաչկաչելով սկսում են կտցել հունդերը։ Բազմաթիվ ճնճղիկներ ևս, իրանց ամենօրյա սովորության համաձայն վայր են իջնում և նրանց հետ խառն սկսում են քաղել կորյակի, ցորենի հատիկները։ Պառավը ամենևին չէ հալածում չար ճնճղիկները, թույլ տալով, որ երկնքի թռչուններն ևս կերակրվին յուր հունդերով։

Ծերունի Մկրտիչը թեպետ յուր տարիքը առած՝ բայց տակավին Վին մի ժիր և աշխատասեր մարդ էր։ Նա ամբողջ ամառը անցնում էր մշակելով յուր երկու օրավար հողը, և աշնանը քաղում էր գետերի եզերքից ու ճախիններից բավական ջիլ (դզեր), ժողովում էր յուր տան մեջ և ձեռքով նրանցից հասիրներ էր գործում։ Բացի դրանից նա հավաքում էր բավականաչափ ճապուկ ուռի ճղեր, նրան ցից թքոցներ, զամբյուղներ հյուսելու համար։ Պառավ Մարթան ևս շատ գործունյա և տնարար կին էր. նա ամեն օր, թոնիրը վառելուց և տունը կարգի դնելուց հետո, յուր բամբակ մանելու ճախարակը առջևը դրած մինչև իրիկուն աշխատում էր նրանով։ Այդ համեստ արհեստներով, նրանք ո՜չ միայն վաստակում էին իրենց ապրուստի պիտույքները, այլև իրանց դրացիների մեջ, ուր աղքատությունը ճնշել էր յուր ծանրության տակ բյուրավոր խղճալի հայերի գերդաստաններ նրանք համարվում էին հարուստ։

Փա՜ռք աստուծո, ծերունի Մկրտչի փեթակը լի էր ալյուրով, ախոռի մեջ կապած էր գեր և պարարտ կովը յուր սիրուն հորթի հետ, նրա մոտ կապած նորահաս երինջը և ուժեղ էշը, թառը տասն հատ հավերով, ծալքը լի էր շորերով։ Դրսում ցանած հողը՝ բացի դրանից նա վճարել է տան և գլխի հարկը, քահանայի և վանքի պտղին, այնուհետև նրա դռնից կանչող չկա. ոչ մի մարդ նրանից առնելիք չունի։ Իսկ նրա դրացիք ընդհակառակն հառաչում են խանի ֆերրաշների վարոցների տակ և չեն ազատվում ծանր հարկերից։

Բայց խոսքը մեր մեջ թող մնա ծերունի Մկրտիչը մի քանի արծաթ կռան թաքցրած հոգեբաժին ևս ուներ, որ նա խնայողությամբ ավելացնելով յուր վաստակներից, պահել էր յուր վերջին օրերի համար, որ այդ արծաթով պատարագ մատուցել տային յուր հոգու համար, և ժամով-քահանայով թաղեին իրան։

Ծերունի Մկրտիչը գյուղի մեջ ամենօրյա պատահական դեպքերի կենդանի օրագիրն էր. նա գիտե՝ թե այս ինչ մարդ ինչ զարմանալի երազ է տեսել, ո′վ մեռել, ո′ւմ որդի ծնել, ո′վ պսակվեց, որին նշանեցին, կամ ով քանի՛ օրից հետո հարսանիք ունի։ Նաև խոսում է հոգևորական բաների վրա, թե եկեղեցում ի′նչ կարդացին, այս ինչ տերտերը քանի′ սխալ ասաց։ Շատ անգամ նա խոսում է նաև տերությունների և պատերազմների վրա, և հաստատում է գրքերի ու սրբերի խոսքով, թե խեղճ հայ-քրիստոնյային պիտի «մի լույս ծագե», որով նրանք ազատվելու են անօրենների բռնությունից։ Բայց թե ո՞րտեղից էին հասնում նրան այդ լուրերը, ստո՞ւյգ էին, թե սուտ՝ ոչ ոք չգիտեր։

Ժամատան կոչնակները զարկում են։ Առաջին մարդը, որ երեվան է լինում բեմի առջև՝ ծերունի Մկրտիչն է։ Նա, չսպասելով լուսաբացին, վառում է կանթեղները և ջահերը, գրքակալը դնում է սեղանի առջև, կարգի է բերում բեմի վրա գրքերը և խաչերը, պատրաստում է բուրվառի մեջ շիկացրած ածուխ, և յուր քթի աղյուխով սրբում է պատկերների փոշին, մոմեր վառելով նրանց առջև, համբուրելով, երկրպագություն տալով՝ հեռանում է։

Գալիս են քահանաները։ Ծերունին շտապելով բերում է փիլոնները, ձգում տերտերների ուսի վրա, և գրպանից հանելով քթախոտի պարկը՝ ժպտալով, շախա֊շուխա անելով, նրանց մեծարում է, ձեռները պաչում և բազում օրհնություններ ստանալով՝ գնում կանգնում է յուր տեղում։ Սկսվում է ժամերգությունը։ Եկեղեցին լցվում է հավատացյալ գյուղացիների բազմությամբ։ Ծերունին դարձյալ հանգիստ չէ, նա անդադար ցատկում է այս ու այն կողմը, կտրում է պատրույգների ծայրերը, լուսավորում է կանթեղները, որի յուղը պակաս էր՝ լցնում է. եթե պատկերների մինի մոմը հանգած ծխրտում է՝ յուր մատներով սպառում է ծուխը, որ անախորժ հոտ չարձակեր դեպի սուրբ պատկերը։ Երբ նա կանգնած էր յուր տեղում, նրա սրատես աչքերը նայում են դեպի ամեն կողմ։ Եթե տերտերի շուրջառի կամ փիլոնի փեշերից ծալված էին, և կամ մի տեղ կծկված էին, շուտով գնում և ուղղում էր այն։ Քահանան կարդում է սուրբ Ավետարանը։ Մի մանուկ տիրացու լուսավորում է աստուծո գիրքը՝ սխալմամբ յուր ձախ ձեռքով։ Ծերունին նշմարում է այդ, բարկությամբ գնում է, խլում է մոմը և աջ ձեռքով է բռնել տալիս, ապա նայում է դեպի դասերը․ եթե փոքր երեխաներից մինը մի անկարգություն էր գործում, մոտենում և նրա գլխին մի ապտակ է թխկացնում, ականջն մի լավ ձիգ է տալիս և մռմռալով հետ է դառնում, կանգնում է յուր տեղում։ Երբ նա հանգիստ կանգնած «տերողորմյայի» հատիկները ձեռքում չխչխկացնում և համարյա լսելի ձայնով կարդում է ժամերգուների հետ, բայց միաժամանակ հուշարարի նման նա չէր դադարում հեռվից նշան տալ այս կամ այն քահանային կամ տիրացուին իրանց կարգը պահելու և ընթերցվածքի մեջ իրանց սխալը ուղղելու։ Թեպետ նա ինքը կարդացած չէր, բայց երկար տարիների ժամ գալու սովորությունը սովորեցրել էր նրան անգիր սերտել եկեղեցական աղոթքներից, երգերից և այլ ասմունքներից շատերը։ Այդ պատճառով, շատ անգամ, քահանան պատրաստ չեղած ժամանակ նա էր օրհնում ժամը «Հայր մեր» և ուրիշ աղոթքներ ասում, այլև սուրբ Ավետարան կարդում, դրա համար ծերունի Մկրտիչը ստացավ «կես տերտեր» մականունը։

Այդ բոլորը թեպետ խիստ ծանր էր եկեղեցականներին, բայց նա ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց տրտունջին, այլ սիրով շարունակում էր կատարել աստուծո տան սպասվորոլթյունը։

Ծերունի Մկրտչի, որպես մի սնահավատ և մոլեռանդ հայի ո՛չ միայն տարապայման բնավորությունը, առաքինի բարք ու վարքը արժանի էին հարցասիրության, այլև՝ նրա հագուստը առավել գրավում է մեր ուշադրությունը յուր խորհրդական ձևով։ Այդ հագուստը կարող էր ճիշտ օրինակ տալ մեր պապերի հին զգեստաձևերի, որոնց վրա մի ասեղի չափ չէ ներգործել «մոդան»: Նրա գրպաններում, ծոցում և գդակի մեջ կարելի էր գտնել ամենայն ինչ, որ այնքան հին տարիներից մեծ զգուշությամբ պահվում էր որպես սրբություն։ Նրա ամենասիրելի կինը անգամ չէր կարող ձեռնամերձ լինել նրա հագուստի ուխտյալ պահարաններին, որոնց մեջ գտնվում էին-մոմի կիսավառ կտորներ, մի նշանավոր վանքից նրան ուղարկված նշխարքի պատառներ, օրհնության թղթեր, սուրբերի փոքրիկ պատկերներ, զանազան խաչեր պղնձից և սադաֆից։ Այլև նա յուր գդակի մեջ, գլխի վրա պահում էր չորս մատնաչափ լայնությամբ և երեք անգամ յուր հասակի երկայնությամբ մի մագաղաթի վրա գրվածք, որին անուն է տալիս «ճառ»: Նրա վրա զանազան փայլուն ներկերով նկարված են հրեշտակապետների սերովբեք և քերովբեքի և սուրբերի պատկերներ, ամեն մինի ներքև մի աղոթք նույն սուրբի անունով, որ վերջանում էր հետևյալ խոսքերով․- «Եվ եղիցիս պահապան ծառայիս աստուծոյ Մկրտչին և կողակցի նորին Մարթային»։ Սնապաշտ մարդիկ պատմում են, որ այդ հաստ մագաղաթի փաթոթը, ծուխի և մուխի մեջ սևացած, քրտինքի մեջ եղոտած, ցեցակեր եղած շատ անգամ, տեսել են, որ նա մութ տեղում լույս էր տալիս, և զարհուրելի ձայներով մեկ տեղից դեպի մյուսը թռչկոտում։ Ուրիշ ի՜նչ բաներ չէր կարելի գտնել այդ մարդու հագուստի գաղտնածածուկ ծալվածքի մեջ։ Նրա «արխալուղի» աջ թևի ներսի կողմից, «ղադաքի» մեջ, եռանկյունի ձևով միմյանց մոտ կարած են զանազան փոքրիկ և մեծ «փթիկներ» գրված անհասկանալի նշանագրերով։

Միևնույն բնավորությունն ուներ և նրա կինը, պառավ Մարթան, ջերմեռանդ և կրոնամոլ կնամարդը: Կարծես թե աստված դրանց ստեղծել էր միմյանց համար, երկուսը իբր մի մարմին կապված էին կրոնքով, և երկուսի մեջ բնակվում էր մի հոգի։ Պառավ Մարթան ավելի սնապաշտ էր քան յուր ամուսինը, նա հավատալով հայերի մեջ եղած այն ավանդության, թև դևերը և սատանաները վախենալով խույս են տալիս պողովատից, որովհետև պողովատը լուծում է նրանց աներևույթ լինելու կարողությունը, այդ ավանդության հիման վրա, նա մի պողովատն օղամանյակ էր անցրել յուր պարանոցին, բազուկներին ապարանջաններ և մատին մի հատ մատանի-նույն մետաղից։ Նա յուր հարսանիքի հագուստի կապոցի վրա նույնպես շարել էր ասեղներ, որպեսզի դևերը նրանց կմերձենային և գիշերները հագնելով հարսանիք չանեին։ Բացի դրանից, պառավ Մարթան յուր անձը պատսպարել էր զորավոր գրվածքներով, մանր ուլունքներով զարդարված նրա թևերի վրա կապած «բազբանդները» պարունակում էին իրենց մեջ «թիլիսիմներ»։ Մի արծաթյա կիսալուսին, խազած անհասկանալի նշանագրերով քարշ էր գցած յուր պարանոցի մանյակի շարքից։ Նա յուր վզին կապել էր մեկ մատնաչափ երկայնությամբ արծաթյա խողովակ, որ ավելի նմանություն ուներ թնդանոթի խողովակին։ Դրա մեջ ամփոփված էր մի թղթե փաթոթ, ո՞վ գիտե ի՜նչ լեզվով գրված։ Այդ թողել էր նրան յուր հանգուցյալ մայրը, որ մեռնելու ժամանակ դողդոջուն ձեռքով մեկնեց դեպի յուր աղջիկը, ասելով, Ա՛ռ, Մարթա՛, անցրու պարանոցովդ այդ հուռութքը, դա կպահպանի քեզ ամենայն չարից...»։ Նրա երեսի երկու կողմից, ականջների վրա, գնդերու հետ միասին կախած էին գույնզգույն մետաքսյա գործվածքների մեջ կարած քառանկյունի ձևով փոքրիկ փթիկներ, որ հայոց լեզվով նշանակում է կախարդական բժժանքներ։

Մենք ավելորդ ենք համարում ձանձրացնել մեր ընթերցողին, մի ըստ միոջե նկարագրելով պառավ Մարթայի բոլոր զարդարանքը, որ շնչում էին կախարդական և կռապաշտական ոգով։ Բայց չի կարելի մի քանի խոսք չասել նրա սնահավատության մասին կրոնական իրողության մեջ։

Մի օր նրանց տան մեջ մի մեծ դժբախտություն պատահեց․ առավոտյան Մարթան վեր կացավ, թոնրի խուփը վեր առավ և զարհուրեց տեսնելով թոնրում սատկած իրանց կատուն։ Նա սկսեց ցավակցաբար և ողորմելի եղանակով հառաչել, ո՛չ նրա համար միայն, որ նա կորցրեց յուր սիրելի կատուն, այլ ավելի այն պատճառով, որ կատուն թոնրի մեջ սատկելով՝ պղծել էր նրան։ Նա շուտով կանչեց յուր ամուսինը, երկուսը միասին դուրս քաշեցին սատկած կատուն ու ձգեցին նրան իրանց տանից հեռու, գյուղից դուրս։ Այնուհետև կանչեցին քահանային, որը օրհնեց թոնիրը, մաքրեց՝ «խաչալվա» ջուր սրսկելով նրա մեջ, և պատվիրեց քառասուն օր վառելուց հետո միայն նրա կողերի վրա լավաշ թխել։

Ահա մի այդպիսի գերդաստանի մեջ, մի այդպիսի վարժապետի և վարժուհու հոգաբարձության հանձնվեց Լովասաբենց Սալբիի, մեր վիպասանության հերոսուհու կյանքի առաջին դաստիարակությունը և ուսումը։

Բայց ի՞նչ ուսում, ի՞նչ դաստիարակություն։ Ի նկատի ունենալով այն չարչարանքները, որ խղճալի աղջիկը կրում էր պառավ Մարթայի ձեռքում, սխալ չէր լինի ասել, որ Սալբին մի ժիր աղախին էր այն տան մեջ։ «Սալբի՛, աղբյուրից ջուր բեր.․․ թոնիրը վառե․.. տունը ավելե՛․․. կովը կթե՛․․. հավերուն կուտ, ջուր տուր․․․ ա՛յս վեր առ․․․ ա՛յն վեր դիր․․․»։ Այդպիսի հրամաններ նա լսում էր առավոտից մինչև իրիկուն պառավ Մարթայից։

Ծերունի Մկրտիչը ևս, յուր հերթում, չէր թողնում, որ խեղճ աղջիկը հանգիստ մնար։ «Սալբի, չիբուխս լցրո՛ւ, կրակ զա՛րկ, հասիրների ջիլերը թրջե՛, որ կակղեն, էշուն ջուր տուր»։ Շատ անգամ հրամայում էին նրան մաքրել ախոռը, կովի և իշու աղբը քթոցով շալակն առնել և դուրս տանել, կամ թոնիրի մոխիրը կողովի մեջ լցնելով՝ տանել աղբանոցը։ Այդ բոլոր ծառայությունը խղճալի աղջիկը կատարում էր առանց դժգոհության, որովհետև նա միշտ աշխատում էր շահել ծերունի Մկրտչի և պառավ Մարթայի սիրտը, որպեսզի նրանք չգանգատվեին յուր անագորույն մորը, թե Սալբին խելոք չէ, ականջ չէ դնում, որպիսի դեպքերին Թարլանը խիստ սաստիկ ծեծ տալով պատժում էր յուր աղջիկը, պատվիրելով, որ նրանք նույնպես ծեծեին նրան, միսն առնեին, ոսկրը թողնեին, աչքը հանեին՝ ափի մեջ դնեին, որ խելոքանա, բան սովորե և օրինավոր կին դառնա...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Սալբի"

Ятук Музыка
Рапсодия
Эдуард Багдасарян

Рапсодия