Раффи

Կայծեր

2 - ԺԷ, ԺԸ

ԺԷ

ՊԱՆԴՈՒԽՏ ՎԱՆԵՑԻՆ

Օրը շաբաթ էր, այն սպասված օրը, որի գիշերը ես ու Ասլանը հրավիրված էինք սրբազան առաջնորդի մոտ: Ասլանը զբաղված էր ինչ-որ պատրաստություններով, իսկ ես, անգործությունիցս ձանձրացած, չգիտեի ինչ անել: Առաջնորդի հրավերքը ինձ խիստ հրապուրում էր, բայց մինչև երեկո սպասե՞լ, այդ շատ և շատ ծանր էր ինձ համար: Դուրս եկա փողոցը, նստեցի մի հաստաբուն ուռենիի հովանու ներքո, հոսող առվակի ափի մոտ: Այդ ուռիները ամառնային տոթերի Ժամանակ խիստ զով պատսպարան են բնակիչների համար, մանավանդ նրանց, որոնք իրանց բակերում պարտեզներ չունեն: Ուռենիի ներքո միայնակ նստելը նույնպես ձանձրացրեց ինձ: Վերկացա և սկսեցի փողոցի երկարությամբ գնալ դեպի Այգեստանի զանազան կողմերը:

Զարմանալի ինքնուրույնություն է ներկայացնում այստեղ կյանքը: Տարվա այդ եղանակում մարդիկ համարյա ապրում են և գործում փողոցի վրա: Ահա հյուսնը իր տան դռան հանդեպ արոր է շինում: Նրա փոքրիկ երեխաները մեծ փութով հավաքում են տաշեղները և մրջնի նման կրում են դեպի տուն վառելիքի համար: Մի խումբ մարդիկ, մերկ գետնի վրա նստած, նայում են, թե ինչպես է բանում հյուսնը: Մեկը աշխատում է, շատերը անգործ մտիկ են անում նրա վրա: Փոքր-ինչ հեռու, հարթ գետնի վրա, ածուխով ինչ-որ աղյուսակներ են գծել. քառանկյունիների վրա շարած են փոքրիկ գույնզգույն խիճեր. երկու մարդիկ այդ խիճերով «գայլ ու ոչխար» կոչված խաղն են խաղում, մի քանիսը նայում են նրանց խաղի վրա: Ահա այնտեղ, փողոցի մի անկյունում, մի ծառի տակ, նույնպես գետնի վրա, թափառական ոսկերիչը սարքել է իր շարժական քուրան և փուքսերը: Բազմաթիվ կանայք ու աղջիկներ շրջապատել են հայ արհեստավորին: Մեկը ինչ-որ զարդ է շինել տալիս, իսկ մյուսները մեծ կարոտությամբ նայում են: Փոքր-ինչ հեռու, նույնպես մի ծառի տակ, մանրավաճառ չարչին բաց է արել իր խայտաճամուկ վաճառքները: Նա ևս գլխավորապես գործ ունի կանանց հետ, որոնք տալիս են իրանց ձեռագործները և փոխարենը գնում են զանազան իրեղեններ: Նա չէ մերժում, երբ տան երեխան գողանում է իրանց հավերից մեկը, բերում է նրա մոտ և մի պատառ մաստաք է առնում: Առևտուրը կատարյալ նահապետական է. մի նյութ փոխվում է ուրիշ նյութի հետ: Անցնելով այդ բոլորից, փողոցի երկարությամբ ես շարունակում էի գնալ: Կանանցից շատերը, չդիմանալով ներսի տոթին, դուրս էին բերել իրանց մանուկների օրորոցները, դրել էին ուռենիների ներքո, հոսող առվակի ափի մոտ, և իրանք նստած օրորոցների մոտ, ոտքով օրորում էին և ձեռքով կար էին կարում: Դրանցից երբեմն լսվում էին երգի խուլ ձայներ, որ նման էին թախծալի հառաչանքների: Դրանցից շատերն այն դժբախտ մայրերն էին, որոնց ամուսինները մաշվում են պանդխտության մեջ: Մի քանի դռների հանդեպ, ծառերի տակ, պառկեցրել էին հիվանդներ, որոնց գլուխը և կուրծքը պատած էին ուռենու տերևներով, զովացնելու համար: Հիվանդների մոտ նստած էին դեռահաս աղջիկներ և դալար, սաղարթախիտ ոստերով զով էին տալիս նրանց երեսներին և քշում էին ճանճերին: Տարվա եղանակը ազդել էր և Սիմոն պատվելիի վրա, նա ևս իր շարժական դպրոցը դուրս էր բերել փողոցը և աշակերտներին շարքերով նստացրել էր ծառերի տակ, մերկ գետնի վրա: Փոքրիկ ուսանողները ավելի նայում էին փողոցի անցուդարձ անողների վրա, քան մի բան էին սովորում: Բայց Սիմոն պատվելիի հոգեառ ճիպոտը ստիպում էր նրանց` աչքերը չհեռացնել գրքից: Այսօր նա զբաղված էր ինչ-որ նախապատրաստությամբ. մի խումբ աշակերտների երգել էր տալիս, իսկ ինքը, նրանց մոտ կանգնած, հանգով շարժում էր ձեռքի ճիպոտը և իր անախորժ ձայնով ուղղում էր եղանակը: Փողոցի անցուդարձ անողներից շատերը, այնտեղ կանգնած, լսում էին: Ես էլ հետաքրքրվեցա և կանգնեցի նրանց մոտ: Պատվելին ճանաչեց ինձ, և մի առանձին պարծենկոտությամբ, դառնալով դեպի ինձ, ասաց.

Տեսնո՞ւմ ես, ինչպես բլբուլի նման երգում են:

Ես ոչինչ չպատասխանեցի: Նա դարձավ դեպի խմբված մարդիկը.

Վանեցիք իմ հարգը չեն հասկանում. մինչև այսօր ո՞վ էր տեսել այսպիսի դպրոց: Այնտեղ, Վարագում էլ դպրոց կա, բայց սատանայական բաներ են սովորեցնում և ձեր որդիներին հավատքից հանում են: Այստեղ մի ուրիշ դպրոց էլ բացվեցավ. աղջիկներին էին սովորեցնում. տեսա՞ծ բան է, աղջիկը ո՛ւր, կարդալը ո՛ւր: Աստված հաջողեց, որ շուտով փակվեցավ, թե չէ, ձեր աղջիկները գլխներին ֆես կդնեին և ձեզ կասեին` մենք տղամարդ ենք, իսկ դուք մեր կնիկները, գնացեք թոնիր վառեք, հաց թխեք, կերակուր եփեք, որ մենք ուտենք: Այդպես չէ՞, ուղիղ չե՞մ ասում:

Շատերը բաժանեցին պատվելիի կարծիքը: Նրա խոսքը տեր Եղիշեի դժբախտ օրիորդական դպրոցի մասին էր, որի կյանքը այնքան կարճատև եղավ: Պատվելին շարունակեց.

Ախար նա ինքն ի՞նչ էր իմանում, որ ինչ սովորեցներ: Մի անգամ մի բան հարցրի, Զաքարիայի նման պապանձվեցավ, չկարողացավ պատասխան տալ: Ասացի` դե գնա, տերտեր, այսուհետև ինձ ճանաչիր:

Ունկնդիրներից ոմանք սկսեցին թախանձել պատվելիին, թե ի՞նչ էր հարցրել: Նա նրանց հետաքրքրությունը երկար տանջելուց հետո վերջապես ասաց.

Հարցրի, թե այն ո՞ւմ էշի ծնոտն էր, որով Սամսոնը երեք հարյուր մարդ կոտորեց:

Այդ շատ դժվար հարց է, լսելի եղավ ամեն կողմից: Դուք մեզ չե՞ք ասի:

Ինչպե՞ս կասեմ: Պոլսում մի կարմիր ոսկի եմ տվել մի վարժապետի, որ այդ ինձ սովորեցրել է, և որքան այդպիսի բաներ գիտեմ, որ Սողոմոն իմաստունն էլ չէ իմացել: Եթե ես լավ վարժապետ չլինեի, սրբազան առաջնորդը, նորին վսեմությունը, փաշան, ինձ այնքան պատիվ չէին տա: Տեսնո՞ւմ եք այդ աշակերտներին, որ հիմա երգում էին, այս գիշեր պետք է տանեմ առաջնորդարանը, որ այնտեղ երգեն: Սրբազանը խնջույք ունի, փաշան էլ այնտեղ կլինի:

Բոլորը զարմացան: Բայց նրա զզվելի պարծենկոտությունը ինձ բոլորովին վրդովեցրեց, ես հեռացա: Նա դեռ շարունակում էր խոսել բազմության հետ:

Պատվելիի շարժական դպրոցից մի քանի քայլ հեռու, իր տան դռան հանդեպ, արաղի կաթսան սարքած, այգետերը արաղ էր քաշում: Այդ կաթսաները պատկանում են առանձին մարդիկների, որոնք վարձով են տալիս և ստանում են քաշած արաղի մի մասը: Մեծ այգետերերը միայն ունեն սեփական կաթսաներ: Սիմոն պատվելին երբեմն մոտենում էր այդ կաթսային և, արաղը տաք-տաք իր կոկորդը ածելով, ասում էր. «հիմա ավելի թունդ է»: Կարծես նա մի չափ լիներ, որով այգետերը անդադար փորձում էր արաղի թնդության աստիճանը:

Իմ բռնած փողոցով ավելի ու ավելի առաջ գնալով, ես աննկատելի կերպով դուրս եկա բնակություններից և հայտնվեցա մի արհեստական լճակի մոտ, որի մեջ հավաքվում է աղբյուրների ջուրը և հերթով բաժանվում է այգիները ոռոգելու: Ամբողջ լճակը, մի հսկայական կաթսայի նման, եփ էր գալիս, փրփրում էր: Բազմաթիվ գլուխներ հայտնվում էին և դարձյալ սկում ջրի տակ: Գյուղացի մանկտին լողանում էր: Մի քանիսը նրանցից, հոգնած, թուլացած, իրանց մարմինը կիսով չափ թաղել էին ափերի խոնավ և սառն ավազների մեջ, որ արեգակը չայրե: Տղա և աղջիկ լողանում էին միասին: Դրանք այն պարզ, միամիտ, նահապետական ժողովրդի զավակներն էին, որ միմյանցից չէին ամաչում: Երբ ես մոտեցա, կարծես մի հորդ անձրև տեղաց իմ վրա: Չարաճճիները սկսեցին ամեն կողմից ջուր սրսկել, մեկը բերանով, մյուսը ափերով, երրորդը ջրի երեսին լողացող ձմերուկի կեղևներով: Ես իսկույն հեռացա, բայց կույր հավի նման, ոտքից ցգլուխ թրջված: Այնպես չէի ուզում տուն վերադառնալ, որ վարպետ Փանոսի աշակերտներին իմ վրա չծիծաղեցնեմ: Նստեցի մի ծառի տակ, որ հագուտս փոքր-ինչ չորանա:

Իմ շուրջը տարածվում էին մշակված դաշտեր. բոստանների մեջ հասունացած սեխը, խարբուզակը աչք էին շլացնում. արտերն արդեն շատ տեղերում քաղված էին և ահագին դեզերով կիտած. գյուղացի երկրագործը մեծ փութով բարձում էր ծանր խուրձերը իր սայլակի վրա, կապում էր կաշյա հաստ ճոպաններով և կրում էր դեպի կալը կալսելու համար: Նրա երգը նույնքան մելամաղձոտ էր, որքան նրա սայլակի տխուր ճռնչոցը: Երկուսն էլ կարծես հառաչանքներ էին արձակում...

Մյուս կողմից լսելի էր լինում զբոսնող քաղաքացու ուրախ-անհոգ երգը:

Կեսօրից բավական անցել էր: Ծովից փչում էր սառն քամի և զովացնում էր տոթից տոչորված բուսականությունը: Ծառերի թառամած տերևները զվարթանում էին, խոտերի կորացած ծղոտները վեր էին բարձրացնում իրանց նվաղած գլուխները, ծաղիկները սկսում էին ժպտալ: Շրջակայքը ավելի և ավելի կենդանանում էր. զբոսնող բազմությունը զվարճանում էր ամեն կողմում: Դա օրվա այն ժամն էր, երբ վանեցիք կողպում են իրանց խանութները, խումբ-խումբ դիմում են դեպի դաշտերը, դեպի այգիները և դեպի առվակների եզերքը հովանավորող ծառերը: Ոմանք միրգ են ուտում: Շատ տեղերում բացօթյա խարույկները վառվում են, կրակը շիկանում է, խորովածի շամփուրները մխում են, օդը լցվում է ճենճերային անուշահոտությամբ: Կանաչ խոտերի վրա փռվում են սպիտակ լավաշները, և այդ պարզ սեղանի շուրջը բոլորում է երիտասարդ խումբը, գինու կամ արաղի բաժակները շրջան են առնում, օդի մեռելային լռությունը աղմկում է ուրախաձայն աղաղակներով: Ինձանից փոքր-ինչ հեռու, խոտերի վրա, նստած էին մի քանի մարդիկ: Տեսնելով, որ ես մենակ եմ նստած և օտարական եմ, ինձ կանչեցին իրանց մոտ: Նրանք եկել էին բոստաններում սեխ և խարբուզակ ուտելու: Վանեցիք սիրում են ամեն պտուղ իր տեղումն ուտել:

Բոստանների մեջ երևում էին փոքրիկ աշտարակաձև շինվածքներ. դրանք բոստանչիների գիշերային պատսպարաններն էին: Նրանք միշտ գործ ունեին գողերի հետ և նրանց պետք էր մի ամրություն: Աշտարակի մոտ մխում էր փոքրիկ վառարանը և նրա վրա դրած էր խեցեղեն սև պտույկը: Նրա մեջ եփվում էր բոստանչու ընթրիքը: Ա՜խ, որքան քաղցր հիշողություններ էր զարթեցնում իմ մեջ այդ փոքրիկ վառարանը, այդ խեցեղեն պտույկը: Շատ անգամ էր պատահել ինձ` բարի բոստանչու հետ միասին բաժանել նրա համեստ ընթրիքը. շատ անգամ գնել էի ես նույն տեսակ խեցեղեն պտույկ և խնդրել էի մորս, որ պատրաստե ինձ համար նույն կերակուրը, բայց երբեք այն համը և այն ճաշակը չէր ունեցել:

Բոստանչին, հեռվից նկատելով մեզ, առանց մեր խնդրելու, բերեց մի քանի հատ լավ սեխեր և խարբուզակներ, և գլուխ տալով, դրեց մեր առջև: Ես տվեցի նրան մի քանի ղուրուշ, որը մեծ դժվարությամբ ընդունեց: Նրա հեռանալուց հետո, իմ մոտ նստողներից մեկն ասաց.

Իզուր տվեցիք, նրանք սովորություն չունեն փող վեր առնել. մենք, որ նրա բոստանի մոտ նստած ենք, նրա հյուրն ենք:

Նա խո մեզ չէ հրավիրել, պատասխանեցի ես:

Միևնույն է, այստեղի սովորությունն այդպես է:

Մյուսը ասաց.

Երբ պետք էր վաղ վճարել, այդ մեր պարտքն էր տալ, որովհետև մենք հրավիրեցինք ձեզ մեզ մոտ:

Երրորդը նկատեց.

Դուք չափազանց շատ տվեցիք, պարոն, բերածը մի քանի փարահազիվ կարժե. այդ պտուղները մեր երկրում խիստ չնչին գին ունեն:

Ես նրան ընծայեցի, եղավ իմ պատասխանը:

Նրանք զարմացած նայեցին իմ վրա, թեև իմ ընծայածը նույնպես չնչին բան էր:

Իմ խոսակիցները երեք հոգի էին, որոնցից մեկը մի եկեղեցու երեցփոխան էր, երկրորդը թաղական խորհրդի անդամ էր, իսկ երրորդը` մի արհեստավոր: Երբ ես գնացի նրանց մոտ նստեցի, նրանց խոսակցության առարկան մի անցք էր, որ այնօր կատարվել էր առաջնորդարանում: Մի գյուղացի կին չէր կամենում իր ամուսնու հետ ապրել և շատ անգամ փախչում էր ծնողների տունը: Գյուղացին գնում էր, ծեծելով բերում էր, բայց ամեն անգամ նույնն էր պատահում. կինը նրա մոտ մնալ չէր ուզում (պատճառները չպատմեցին ինձ): Վերջապես, գյուղացին, անճար մնալով, գալիս է քաղաք, դիմում է առաջնորդարան և գանգատվում է: Առաջնորդը բերել է տալիս թե՛ կնոջը և թե՛ ամոանուն: Դատը վերջանում է այդ կերպով. կնոջը դնում են ամուսնու շալակը, կապում են, հետո ծառաներին հրամայում են` դալար վարոցներով հիսուն զարկ տալ կնոջը: Երբ ծեծը վերջանում է, ամուսնուն հրամայում են, որ, կնոջն այնպես շալակն առած, տանե և հասցնե իր տունը: Ինձ ասացին, որ մինչև տուն հասցնելը, որը բավական հեռու էր քաղաքից, խեղճ կինը գտնվում էր բոլորովին ուշաթափ դրության մեջ, սաստիկ գանահարությունից:

Աստված վկա, լավ դատաստան է, ասացի ես հեգնաբար, ծեծը անհնազանդ կնոջ պատիժը, իսկ ծեծված կնոջը իր կռնակն առած տուն տանելը` անշնորհք ամուսնու պատիժը, որ չէ կարողացել կնոջը զսպել:

Նրանք իմ խոսքերը ճշմարտի տեղ ընդունելով պատասխանեցին.

Իհարկե, չավ դատաստան է: Ո՞վ է տեսել, որ կինը բերան բաց անե իր մարդու դեմ, մեկին երկու, երեք պատասխան տա, կամ փախչե իր հոր տունը: Եթե քո էշը ախոռից փախչե, ի՞նչ կանես: Իհարկե, կգնաս, ծեծելով կբերես և իր մսուրքի վրա կկանգնեցնես: Փառավորվի՜ մեր առաջնորդը, նա այդպիսի անզգամների պատիժը լավ գիտե:

Ուրեմն լավ առաջնորդ է, ասացի ես:

Եկեղեցու երեցփոխանը, որ մի հաստափոր և հաստագլուխ մարդ էր, և խոսելու ժամանակ աջ կողմի աչքը միշտ խփում էր, պատասխանեց.

Վանա երկիրը մինչև այսօր այդպիսի առաջնորդ չէ տեսել. փաշայի հետ փաշա է, խանի հետ խան է, բեկի հետ բեկ է, մի խոսքով, այնպիսի սալթանաթ ունի, որ սուլթանն էլ չունի: Ամեն անգամ, երբ փաշայի դուռն է գնում, կարծես մի մեծ սարդար լինի, մի խումբ ձիավոր ետևից, մի խումբ ձիավոր առջևից, փողոցներում տեղ չէ մնում, որ անցնեն: Թուրքերը նայում են և զարմացած ասում են միմյանց. «տեսնում եք, ի՞նչ ջալալ ունի հայերի խալիֆան»: Երբ հասնում են փաշայի դուռը, ծառաները խումբով առաջն են դուրս գալիս, մեկը ձիու սանձն է բռնում, մյուսը ասպանդակն է բռնում, ձեռքերի վրա ձիուց վայր են բերում, և այնպես առոք-փառոք ներս են տանում: Փաշան ոտքի է կանգնում, ձեռքը բռնում է և նստացնում է նրան իրանից վերև: Ո՞վ է տեսել այդպիսի փառք, այդպիսի պատիվ:

Այդ բոլորը շատ գեղեցիկ կլիներ, ասացի ես, եթե առաջնորդը իր վայելած պատվից օգուտ քաղեր և դեպի իր ժողովրդի բարին գործ դներ: Բայց նրա համար ասում են...

Ի՞նչ են ասում, պինդ ձայնով հարցրեց երեցփոխանը:

Ես ոչինչ չպատասխանեցի: Թաղական խորհրդի անդամը, որ բոլոր ժամանակը լուռ էր, խոսեց.

Մեզ համար այդքանն էլ բավական է, պարոն, որ նա մեծ պատիվ է վայելում. նրա պատիվը մեր պատիվն է, նրա փառքը մեր փառքն է: Թող նա ոչինչ էլ չանե ժողովրդի համար, բայց մենք նրա անունով պարծենում ենք թուրքերի առջև:

Ասում են, որ նա թուրքերին ավելի շատ է սիրում, քան թե հայերին:

Այդպես էլ պետք է, մեջ մտավ երեցփոխանը, հարկավոր է, որ նրանց «խաթրն» էլ առնե, նրանց էլ հաճոյանա:

Իսկ Հայրիկը ի՞նչ տեսակ մարդ է:

Նա մի դերվիշ մարդ է, պատասխանեց երիտասարդը, նրանից ոչ ոք չի վախենում:

Իսկ առաջնորդից վախենո՞ւմ են:

Իհարկե, վախենում են:

Երեցփոխանը «իհարկե» բառը շատ էր գործ ածում, և նրա հետ աջ կողմի աչքը միշտ խորհրդավոր կերպով խփում էր խոսելու ժամանակ: Ես պատասխանեցի.

Առաջնորդից, այո՛, վախենում են, բայց Հայրիկին սիրում են:

Ո՞վ է սիրում, ասաց նա վրդովված ձայնով, ցույց տվեցեք մի հայ էֆենդի, մի հայ բեկ, վերջապես, մի փոքր ի շատե նշանակություն ունեցող մարդ, որ նրան սիրելիս լիներ: ժողովրդի գլխավորները դրանք են: Նրան սիրում են գռեհիկ գյուղացիները կամ քաղաքի աղքատ-ուղքատ արհեստավորները, որոնց տները մտնում է և բոլորի քեֆը հարցնում է: Նրան ի՞նչ կվայելե այդ տեսակ մարդկանց դուռը բաց անել:

Նա մի մեծ վանքի վանահայր է, պետք է իր հավասար մարդկանց հետ նիստուկաց անե:

Հենց Հիսուս Քրիստոսն էլ մեզ նման աղքատ արհեստավորների դուռն էր բաց անում և իրան միշտ բեկերից, էֆենդիներից հեռու էր պահում, պատասխանեց այնտեղ նստած արհեստավորը, որին, ինչպես երևում էր, զայրացրին երեցփոխանի վերջին խոսքերը:

Բայց նրանից ո՞վ էր վախենում, հարցրեց երեցփոխանը, ինքն ևս բարկանալով և այս անգամ սխալմամբ ձախ կողմի աչքը խփելով: Եթե նա մեծ մարդկանց հետ նիստ ու կաց աներ, նրանից էլ կվախենային:

Ես չկարողացա համբերել և կտրեցի նրա խոսքը.

Այստեղ ի՞նչ վախենալու կամ չվախենալու հարկավորություն կա: Հայրիկը հոգևոր հայր է, մի՞թե հորից պետք է վախենան որդիքը:

Իհարկե, պետք է վախենան: Եթե քո որդիքը քեզանից չվախենան, կարո՞ղ ես նրանց կարգի ու կանոնի մեջ պահել:

Ինչպես ընտանեկան կյանքի մեջ բռնակալ հայրը երկաթի գավազանով էր իշխում, նույն կառավարության ձևը դրանք սիրում էին տեսնել և հասարակական կյանքի մեջ: Այդ էր պատճառը, որ երեցփոխանը իր բերած օրինակը` հոր և որդիների հարաբերության վերաբերությամբ` բավական հաջող գտնելով, և դեպի ինձ դառնալով, ավելացրեց.

Դուք չեք ճանաչում, թե ինչ տեսակ մարդ է Հայրիկը, պարոն, լսեցեք, այդ տեսակ մարդից ո՞վ կվախենա, կամ ո՞վ բանի տեղ կդնի: Երբ պատահում է նրան փաշայի դուռը գնալ, միշտ մենակ է գնում, առանց ծառաների, առանց սպասավորների, և միշտ ոտով: Շատերը նրան չեն ճանաչում և փողոցներից անցնելու ժամանակ` ընդհարվում են նրան: Փաշայի ծառաներից ոչ ոք նրա առջև ոտքի չէ կանգնում, իսկ փաշան խիստ սառն է ընդունում:

Նրա համար, որ նա միշտ փաշայի կամքին հակառակ է գնում, ընդմիջեց արհեստավորը:

Փաշայի անունը անդադար հիշվելով, ես ստիպվեցա հարցնել.

Փաշան ի՞նչ տեսակ մարդ է:

Թաղական խորհրդի անդամը, որպես ավելի պաշտոնական մարդ, պատասխանեց.

Աստված նրան երկար կյանք տա, երբեք նրա նման լավ փաշա չենք ունեցել: Այն օրից, որ եկել է, գիտե՞ք, ո՛րքան մարդիկների կախել է տվել, ո՛րքանի ձեռքը, ականջը, քիթը կտրել է տվել, ո՛րքանի տունը տեղը այրել է տվել և ունեցածը գրավել է: Թրի ծայրից արյուն է կաթում: Բոլորը սարսափում են, բոլորը դողում են նրանից:

Դարձյա՜լ սարսափ, դարձյա՜լ երկյուղ: Զարմանալի էակներ են մարդիկ, նրանք սիրում են տեսնել ուժ, մինչև անգամ կոպիտ, անգութ, բարբարոսական ուժ, որի առջև խոնարհվեին, որին պաշտեին: Ես հավատացած եմ, որ թե՛ թաղական խորհրդի անդամի և թե՛ եկեղեցու երեցփոխանի հայացքները բոլորովին անկեղծ էին: Նրանք այդպես համոզված էին, թե այլ կերպ լինել կարող չէր, թե մարդիկ պետք է վախենան իրանց իշխանավորից, որ նրան հնազանդվին, լիներ նա մի հոգևոր առաջնորդ կամ մի երկրի կառավարիչ: Մինչև անգամ աշխատվոր արհեստավորը, որ մի շատ համակրական մարդ էր երևում, լռեց, ոչինչ չպատասխանեց թաղական խորհրդի անդամի վերջին խոսքերին: Չգիտեմ, գուցե նա զգուշացավ փաշայի դեմ որևիցե աննպաստ կարծիք հայտնել: Այսուամենայնիվ, ես ավելի հավատացի, որ նրանք խորին համոզմունքից էին խոսում, երբ հարցրի.

Փաշան մարդկանց խեղդել է տալիս, փաշան մարդկանց տները այրել է տալիս և ունեցածը հափշտակում է, դրա համար էլ լա՞վ փաշա է:

Ի՞նչ ասել կուզե, պատասխանեց այժմ երեցփոխանը: Եթե այդպես չանե, նրանից ո՞վ կվախենա, ամենքը գազան կդառնան և միմյանց միսը կուտեն:

Միևնույն է, ասացի ես: Եթե նա ուրիշ գազանների թիվը փոքրացնում է, բայց նրանց կերածը ինքն է ուտում:

Նա ինձ պատասխանեց.

Լավ է` հարյուր մանր գազանների տեղ մի մեծ գազան կերակրել:

Եվ նրա փշրանքներից ևս ուտել...

Երեցփոխանը ուղիղ նայեց աչքերիս մեջ: Չգիտեմ, զարմանում էր նա, թե բարկանում, ի՛նչպես համարձակվեցա մի այդպիսի նկատողություն անել: Համոզված լինելով, որ դրանք ուժի առջև խոնարհվող մարդիկ են, մտածեցի ինձ ևս ցույց տալ, ասելով.

Այս գիշեր կտեսնեմ թե՛ ձեր փաշային և թե՛ ձեր առաջնորդին:

Ներեցեք համարձակությանս, դուք ո՞վ եք, հարցրեց թաղական խորհրդի անդամը, իսկ երեցփոխանը շվարած մնաց:

Ես ձեր քաղաքում գտնվող եվրոպացի բժշկի թարգմանն եմ: Այս գիշեր թե՛ ես և թե՛ իմ պարոնը հրավիրված ենք առաջնորդի մոտ ընթրիքի: Փաշան էլ այնտեղ կլինի:

Նրանք սկսեցին մի առանձին հարգանքով վերաբերվել դեպի ինձ: Մեր վիճաբանությունը ընդհատվեցավ, որովհետև մեր մոտով անցավ Սիմոն պատվելին, իր երգեցիկ խմբի հետ: Նա մյուս աշակերտներին արձակել էր, իր հետ միայն վեր էր առել երգիչներին: Դաշտային կրկնություններ էր անում: Այն գիշեր իր երգիչների հետ պատվելին հրավիրված էր առաջնորդի մոտ, այդ պետք էր հասկացնել ամբողջ քաղաքին: Իսկ այստեղ կար քաղաքից բավական մեծ բազմություն:

Մեր մոտով անցնելու միջոցին նա գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և դիմելով երեցփոխանին` ասաց.

«Այնտեղի» համար եմ պատրաստում...

Շատ ապրես, Սիմոն պատվելի, պատասխանեց երեցփոխանը: Ձայնդ անսպառ լինի:

Պատվելին նշան տվեց, աշակերտները եղանակեցին.

Կա՜հ-կա՜հ կկանչե կաքավն վըր քարին,
Վա՜րդ-վա՜րդ կկանչե բուլբուլն վըր թփին.
Կաքավի ձայնեն` եկավ վարուժանն,
Բուլբուլի ձայնեն` եկավ սիրականն:
Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,
Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ:

Ի՜նչ գեղեցիկ երգ է, ի՜նչպես լավ երգում են, նկատեց երեցփոխանը: Առաջնորդը շատ է սիրում այդ երգը:

Չգիտեմ ի՞նչ սիրելու բան կար այդ անկապ, անմիտ երգի մեջ, որը երգում էին չափազանց անախորժ և անճոռնի եղանակով, այդ, իհարկե, չբացատրեց ինձ երեցփոխանը, բայց ինձ զարմացրեց նրա մի այլ նկատողությունը, երբ պատվելին հեռանալուց հետո ասաց.

Իր կշեռքով ոսկի արժե այդ մարդը: Այն օրից, որ ուսումնարան է բաց արել, մեր որդիքը շենք ու շնորհք են ստացել: Առաջ կապելու գժեր էին, հիմա գառնուկի նման խեղճացել են, ձայն չեն հանում, կարծես բերաններում լեզու չկա:

Ճշմարի՞տ եք ասում, հարցրի ես:

Սուտ ասելու ի՞նչ շահ ունեմ, պատասխանեց նա վիրավորվածի նման: Հենց որ երեխան տանը մի ծպտուն է հանում, բավական է, որ մայրն ասե՝ վարժապետիդ կհայտնեմ, նա իսկույն սկսում է դողալ և լեզուն քաշել:

Դարձյա՜լ սարսափ, դարձյա՜լ երկյուղ: Ես մտաբերեցի իմ մորը և տեր Թոդիկի դպրոցը: Փաշայից, առաջնորդից պետք է վախենան, որ նրանց հնազանդ լինեն, որ վատ գործ չգործեն: Վարժապետից պետք է վախենան, որ բան սովորեն և իրանց լավ պահեն...

Մեր խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ: Մեր մոտովն անցավ մի այլ խումբ: Մի բավական լավ հագնված մարդու շրջապատել էին մի խումբ երիտասարդներ. առջևից գնում էին սազ և սանթուր ածողները, ամբողջ խումբը խառնաձայն երգում էր: Այդ սրիկաները, դեռ իրանց ուրախության սեղանը չկազմած, արդեն արբած էին: Արաղի շշերը իրանց հետ էին տանում և ճանապարհին խմելով էին գնում:

Իմ մոտ նստողները երեքն էլ ոտքի ելան և հեռվից ձայն տվին.

Բարո՜վ, Մինաս աղա, միշտ այդպիսի ուրախության մեջ լինես:

Մինաս աղան, որը այն լավ հագնված մարդն էր, գլխով շնորհակալություն հայտնեց, խումբը հեռացավ:

Ո՞վ է այղ Մինաս աղան, հարցրի ես:

Թաղական խորհրդի անդամը, փոխանակ իմ հարցին ուղղակի պատասխանելու, ասաց.

Պոլսից նոր է եկել, շատ փող է բերել:

Եվ հիմա շռայլում է:

Ի՞նչ պետք է անե, օրհնած: Մարդս մի անգամ է աշխարհ եկել, մի անգամ էլ պետք է մեռնի, էլ մյոա անգամ աշխարհ հո չէ գալու: Ուրեմն, քանի կենդանի է, պետք է ուտե, խմե, զվարճանա, որովհետև իր դատածը գերեզման չէ տանելու:

Թաղական խորհրդի անդամի փիլիսոփայությանը պատասխանեց իմ մոտ նստող արհեստավորը:

Թող զահրումար ուտե, դրանից ավելի լավ է: Այդ անպիտանը տասն տարուց ավելի, ջրի տիկն ուսից քարշ գցած, բոբիկ ոտներով թափառում էր Պոլսի փողոցներում և բաժակներով ջուր էր ծախում: Ընտանիքը տանը ուտելու հաց չուներ: Հիմա մի քանի փարա է բերել և այդպես վատնում է: Մի քանի օրից հետո բերածը կհատնի, դարձյալ պարտք կանե, դարձյալ կգնա Պոլիս և կրկին ջրի տիկը քարշ կտա ուսից: Իսկ ընտանիքը այստեղ կթողնե քաղցած:

Պոլսի փողոցներում բաժակներով ջուր ծախողը մի՞թե այստեղ աղա է դառնում, հարցրի ես զարմանալով:

Այո, պարոն, պատասխանեց դարձյալ արհեստավորը: Մեր քաղաքում ով որ գրպանում մի քանի ղուրուշ ունի, նա աղա է, չնայելով, թե այդ ղուրուշները նա ինչ ցածությամբ է վաստակել:

Անցավ մի այլ խումբ: Առողջամիտ արհեստավորը, ձեռքը մեկնելով դեպի մի վայելչակազմ երիտասարդ, ասաց.

Ահա մի ուրիշ աղա էլ. դա էլ նոր է եկել. Պոլսում քիսաջի էր, այսինքն բաղանիքներում ծառայող: Պետք է Պոլսի անբարոյական բաղանիքները տեսած լինել, պետք է նրանց գաղտնիքներին տեղյակ լինել, որ կարելի լինի հասկանալ, թե ո՞րքան ստոր և անամոթ ծառայություն է կատարում քիսաջին: Այստեղ մի լավ ընտանիքից աղջիկ են տալիս այդ քիսաջուն, այդ աղային: Շուտով հարսանիք պիտի անե: Պոլսից փողերը կծախսե, կրկին պարտքերի տակ կընկնի և, մի քանի ամսից հետո, խեղճ կնոջը անտեր թողնելով, կրկին կգնա Պոլիս, կրկին կմտնե բաղանիքը:

Հեռվից երևաց տեր Եղիշեն:

«Ֆարմասոնը» գալիս է, ասացին միմյանց երեցփոխանը և թաղական խորհրդի անդամը:

Ի՞նչ է «ֆարմասոն», հարցրի ես:

Անհավատ մարդ է, պատասխանեց երեցփոխանը: Դա մեր թաղում աղջիկների դպրոց էր բաց արել, հավաքվեցանք, քանդեցինք:

Արհեստավորը ոչինչ չխոսեց: Տեր հայրը մոտեցավ և, ինձ տեսնելով, ամենևին ծանոթություն չտվեց, չնայելով, որ անցյալ գիշերը Ասլանի հետ նրա տանն էինք: Նա ողջունեց և նստեց մեզ մոտ: Երեցփոխանը և թաղական խորհրդի անդամը իսկույն վեր կացան և հեռացան, որպես ժանտախտից: Արհեստավորը մնաց: Տեր հայրը նրա առողջությունը հարցնելուց հետո դարձավ դեպի ինձ:

Դուք, երևի, օտար երկրից եք, պարոն:

Այո՛ , այն եվրոպացի բժշկի թարգմանն եմ, պատասխանեցի ես: Տանը ձանձրացա, եկա այստեղ մի փոքր զովանալու:

Լավ եք արել, որդի, մեր վանեցոց զվարճությունները կտեսնեք և նրանց կյանքի հետ կծանոթանաք:

Արհեստավորը իր ընդհատված նկատողությունները շարունակեց:

Պետք է Պոլսում տեսնել այդ մարդկանց և այնտեղ ծանոթանալ վանեցու կյանքի հետ: Տեսնո՞ւմ եք, այստեղ այսպես զուգված, զարդարված, անհոգ ման են գալիս, զվարճանում են, կարծես բախտից այլևս ոչինչ պահանջվելիք չունեն, ամեն բարիքներով լի են: Բայց Պոլսում կտեսնեք դրանց կեղտի մեջ կորած, պատառոտած հագուստներով, քաղցած, անգործ թափառում են, շատ անգամ մուրացկանություն են անում: Հենց որ մի պարապմունք կգտնեն և այնքան փող կվաստակեն, որ նրանով կարող լինեն ծովը անցնել և մի քանի ամիս իրանց տներում ապրել, տեսար, իսկույն մի ձեռք նոր հագուստ կգնեն և ճանապարհ կնկնեն: Տանը նրանք անձնատուր են լինում վերին աստիճանի շռայլության, բոլորովին մոռանալով, թե որքան դժվարությամբ են վաստակել բերած փողերը: Շատերը տարիներով Պոլսում ընկած են, որովհետև ծովը անցնելու փող չեն գտնում: Պետք է շնորհակալ լինել, որ այդ օրհնյալ ծովը մեծ ծառայություն է անում մեզ: Եթե նա մեջտեղում չլիներ, բոլոր վանեցիք Պոլսում կլինեին: Ցամաքը նրանք կարող են ոտքով անցնել, բայց ծովը անցնելու համար պետք է փող վճարել, իսկ այդ փողը գտնելը հեշտ չէ վանեցու համար: Նա պետք է ամեն ինչ գրավ դնե, որ իրան պետք եղած փողը տան:

Մի՞թե Պոլսում այդ շռայլությունները չեն անում, նկատեց տեր հայրը: Այնտեղ էլ այդպես են:

Այո՛, այդպես են: Շատերը մոռանում են հայրենական տուն, տեղ, ընտանիք և մինչև մահ մնում են այնտեղ: Այդ թշվառների կյանքը ավելի ցավակցության արժանի է: Օրերով, ամիսներով կաշխատեն, հենց որ մի քանի ղուրուշ ձեռք ձգեցին, բոլորը մի օրվա մեջ կվատնեն: Այդ օրերում անկարելի է նրանց տեսնել կամ նրանց հետ խոսել: Բոլոր անասնական կրքերը զարթած են լինում նրանց մեջ: Նրանք սթափվում են այդ մոլեկան դրությունից այն ժամանակ միայն, երբ ղահվեջին նրանց լավ կողոպտում է և իր անբարոյական հիմնարկությունից դուրս է անում, որ ավելորդ տեղ չբռնեն:

Ի՞նչ միջոցով են փող աշխատում, հարցրի ես:

Ամենաստոր միջոցներով: Ես հասկանում եմ, երբ հսկա մշեցին կամ ուժեղ շատախցին գնում է Պոլիս: Նրանք ընտրում են տղամարդի վայել աշխատություններ: Խաներում, մաքսատներում, նավահանգստներում համա-լություն են անում և ահագին հակեր են տեղափոխում շոգենավերից, թուլումբաջի (հրդեհաշեջ) են դառնում և կրակի մեջ են մտնում. նավաստի են դառնում և ալիքների հետ են պատերազմում, մի խոսքով, ընտրում են այնպիսի պարապմունքներ, որի համար պետք էր մարմնի և սրտի ամրություն և ծայրահեղ անձնավստահություն: Բայց երբ թուլամորթ, կանացաբարո վանեցին է գնում Պոլիս, ընտրում է պարապմունքների ամենամեղկը: Դրանք ըստ մեծի մասին գնում են մանուկ հասակներում, բերբերների (սափրիչների) աշակերտ են դառնում, սրճատներում սպասավոր են դառնում կամ, որպես Մինաս և Կարապետ «աղաների» օրինակներով ցույց տվի, բաղանիքներում քիսաջի և փողոցներում բաժակներով ջուր ծախող են դառնում: Բայց ավելի փչացնում է վանեցիներին էյվազությունը: Գիտե՞ք ի՜նչ բան է էյվազությունը, մասնավոր տներում սպասավորություն և առավելապես հարուստ մահմեդականների կամ ծառայող փաշաների տներում: Պետք է մահմեդականների ընտանեկան կազմակերպության հետ ծանոթ լինել, որ հասկանալի լինի, թե որքան գարշելի ծառայություն է կատարում էյվազը: Այնտեղ սովորում է թեքվել, ստորանալ, ընտելանում է հարեմական կյանքի բոլոր մեղկությունների հետ, այնտեղ սպանում է իր այրականությունը: Եվ դուք կտեսնեք, որ նույն փառավոր հագնված, վայելչադեմ էյվազը, որ բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ, հետո, իր ծերության հասակում, պատառոտած հագուստով, մի կթոց ուսի վրա առած, թափառում է փողոցներում, տներից աղբ է հավաքում և, մի քանի փարայի վարձատրությամբ, տանում է ծովն է ածում: Երկու դեպքում ևս նա ստորանում է, թեքվում է, թեքվում է աղբի ծանրության ներքո...

Վերջին խոսքերը արտասանեց արհեստավորը սարսափելի դառնությամբ: Նա շարունակեց.

Նայեցեք այդ բազմությանը, որ մեր շուրջը զբոսնում են և այդպես անձնատուր են եղած անհոգ զվարճությունների, դրանք պարտքերի մեջ խեղդված մարդիկ են: Դրանց մեջ մեկը չեք գտնի, որ իր կյանքում տասնյակ անգամներով Պոլիս գնացած չլիներ և այնտեղ տարիներով մնացած չլիներ: Այդ ծուլությունը, այդ անհոգությունը, այդ շռայլությունը դրանք բերել են Պոլսից:

Ես մտաբերեցի Ասլանի խոսքերը, որ մի օր ասում էր ինձ. «Պոլիսը փչացրել է դրանց, ա՜խ, ո՛րքան ժամանակ, ո՛րքան աշխատություն է հարկավոր մի այդպիսի հասարակություն ուղղելու համար»...

Երբ արհեստավորը վերջացրեց իր հետաքրքիր նկարագիրը վանեցոց պանդխտության մասին տեր հայրը ասաց.

Ցավալին այն է, որ այդ ախտը քաղաքից հետզհետե ավելի և ավելի տարածվում է և աշխատասեր գյուղացիների մեջ: Նրանք էլ վարակվել են: Նրանք էլ թողնում են իրանց վարը, ցանքը, գնում են Պոլիս: Եվ այդպես մեր ամենալավ ուժերը մաշվում են, ոչնչանում են պանդխտության մեջ:

Արևը մտնելու մոտ էր: Ես շտապում էի տուն վերադառնալ, գիտեի, որ Ասլանը սպասելիս կլիներ ինձ: Ես վերկացա, տեր հայրը նույնպես եկավ ինձ հետ: Բայց արհեստավորը, մնաք-բարյավ ասելով, բաժանվեցավ մեզանից: Ճանապարհին հարցրի տեր հորից.

Ո՞վ է այդ մարդը:

Հասարակ դարբին է, պատասխանեց տեր հայրը:

Բայց ի՞նչ լավ խոսում է:

Նա բավական զարգացած մարդ է:

Ես սաստիկ համակրեցի նրան:

Տեր հայրը իր շուրջը նայելով, որպեսզի ոչ ոք չլսե, հազիվ լսելի ձայնով ասաց.

Նա «մերոնցից» է...

Ասլանը ճանաչո՞ւմ է նրան:

Ճանաչում է:

Իսկ նա՞ Ասլանին:

Չէ ճանաչում:

Արևը մտավ: Երեկոյան զովը ավելի ախորժելի դարձավ: Զբոսնող բազմությունը հետզհետե ստվարանում էր, և ամեն կողմից լսելի էին լինում երգի, ուրախության ձայներ: Ես դարձյալ մտաբերեցի Ասլանի խոսքերը, թե «այդ ժողովուրդը ծիծաղում է արտասուքի միջից»...

ԺԸ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Երեկոյան մութը պատել էր արդեն, երբ ես և Ասլանը ձի նստելով դիմեցինք դեպի առաջնորդարանը: Ճանապարհին հարցրի Ասլանից.

Ի՞նչ ես կարծում, առաջնորդին հայտնի՞ կլինի մատնությունը:

Անտարակույս, պատասխանեց նա: Անկարելի է, որ փաշան այդ մասին նրա հետ խորհուրդ արած չլինի:

Ուրեմն տիկնոջ զգուշացնելը իզուր չէր:

Բոլորովին իզուր էր:

Ինչո՞ւ: Առաջնորդը մեծ հոժարությամբ իր սեղանի վրա կալանավորել կտա քեզ, եթե ստուգե, որ դու ես նկարագրված անձը:

Նա այդ կանե, բայց ստուգելը դժվար է:

Տեսնելով Ասլանի անձնավստահությունը, ես լռեցի: Նա ինձ պատվիրեց.

Դու այստեղի սովորության համեմատ կկանգնես դռան մոտ, ներսի կողմից. աշխատիր ոչ մի բառ չփախցնել քո լսողությունից, ինչ որ կխոսվի այնտեղ:

Մի խումբ ծառաներ կանգնած էին առաջնորդարանի դռանը` հյուրերին ընդունելու և նրանց ձիաները բռնելու համար: Մեզ ևս ամեն քաղաքավարությամբ ներս տարան: Մենք սպասում էինք հանդիպել մի համեստ ընթրիքի, որպիսին վայել էր մի կրոնավորի, բայց գտանք ընդհակառակը: Դահլիճներից մեկը փառավոր կերպով զարդարված էր. լուսավորությունը աչք էր շլացնում. ես առաջին անգամն էի տեսնում այսպիսի ճոխություն: Դահլիճի պատվավոր ճակատում, թանկագին թավիշյա օթոցի վրա, որ տարածել էին պարսկական գեղեցիկ գորգի երեսին, բազմած էր նորին սրբազնությունը: Նրա աջ կողմը բռնել էր փաշան, իսկ ձախ կողմը` մի նշանավոր քուրդ բեկ: Նա այն գիշեր հագած ուներ ծիրանեգույն փարաջա, իսկ կուրծքի վրա շողշողում էր ալմաստներով զարդարված օսմանյան շքանշանը: Ինձ հայտնի էր, ես Պարսկաստանում շատ անգամ էի տեսել, երբ երկրի կառավարիչը մարդիկ է մորթել տալիս, նա այնօր սովորաբար հագնում է արունագույն զգեստ: Այդ ինձ մտածել տվեց, թե նորին սրբազնությունը գուցե նրա համար է հագել ծիրանագույն փարաջան, որովհետև առաջնորդարանում այնօր կատարվել էր գյուղացի կնոջ նշանավոր դատաստանը: Բայց այդ պետք էր մի պատահական հակադիպություն համարել:

Նա ընդունում էր իր հյուրերին առանց տեղից շարժվելու, միայն ձեռքը մեկնում էր համբուրել տալու համար: Բայց երբ Ասլանը ներս մտավ, նա կիսով չափ տեղից բարձրացավ և, փոխանակ աջը համբուրել տալու, բռնեց Ասլանի ձեռքը, բարեկամաբար սեղմեց և փաշաի մոտ նստելու տեղ ցույց տվեց: Աթոռներ չկային, բոլորը նստած էին գորգերի վրա: Ես կանգնած մնացի դռան ձախ կողմում, իսկ աջ կողմը բռնած էր փաշայի թիկնապահը: Երկուսս էլ զինված էինք, երկուսս էլ ձեռքներս դրած ունեինք մեր սրերի վրա: Դա մի առանձին պատիվ է, երբ թիկնա պահը կանգնում է նույն սենյակում, որտեղ ընդունված է նրա տերը: Հասարակ անձանց թիկնապահները կամ նրանց ծառաները սպասում են նախասենյակում, որպես քուրդ բեկի ծառան:

Սովորական ողջագուրանքից հետո, որի միջոցին յուրաքանչյուրը անդադար ձեռքը խոնարհեցնում էր և հետո դնում ճակատին ի նշան խորին հարգանաց, փաշան մի առանձին ժպիտով, որ խիստ կոշտ էր թվում նրա կոշտ դեմքի վրա, դարձավ դեպի Ասլանը այդ խոսքերով:

Ես դիտավորություն ունեի անձամբ ձեզ մոտ գալ, պարոն բժշկապետ, իմ խորին շնորհակալությունը հայտնելու ձեր հրաշալի բժշկության մասին: Ես այժմ կատարելապես առողջ եմ:

Դուք ինձ ամաչացնում եք, վսեմաշուք տեր, մի՞թե իմ չնչին ծառայությունը այդքան մեծ արժեք ուներ, պատասխանեց Ասլանը:

Ավելի և ավելի մեծ արժեք ուներ, կրկնեց նա գլուխը շարժելով: Հավատացնում եմ ձեզ, պարոն բժշկապետ, եթե ես չգիտենայի, որ Մուհամմեդը մարգարեների վերջինն է և կատարածը, թե նրանից հետո այլ մարգարե չէ գալու, անշուշտ պիտի համարեի ձեզ աստծո մարգարեներից մեկը, որ, աշխարհ գալով, հրաշքներ է գործում:

Փաշայի այդ երկդիմի շողոքորթությանը Ասլանը պատասխանեց.

Հրաշքների դարը անցել է, վսեմաշուք տեր, այժմ գիտության և արհեստի դարումն ենք ապրում, որոնք ավելի մեծ գործեր են կատարում, քան գերբնական հրաշքները:

Փաշան դարձյալ իր ասածն էր պնդում:

Հրաշքների դարը ինձ համար չէ անցել, պարոն բժշկապետ, ես հավատավոր մարդ եմ: Ստամբոլում ամբողջ հինգ տարի տանջվեցա, հասկանո՞ւմ եք, ամբողջ հինգ տարի. սուլթանի ամենանշանավոր բժիշկները աշխատում էին իմ վրա, բայց ոչինչ օգուտ չտեսա. իսկ ձեր մի քանի դեղերով բոլորովին փրկվեցա ես:

Ասլանը ինձ հետո ասաց, թե այդ մարդը ամենևին հիվանդություն չուներ, թե իր տված մի քանի դեղերը միայն նրա երևակայությունը գոհացնելու համար էին գործ դրված: Բայց ավելի հավանականն այն էր, որ խորամանկ փաշան իր հիվանդությունը իբրև մի պատրվակ էր ընտրել՝ բժշկին մի քանի օր ավելի Վանում պահելու համար, որպեսզի իր նրա վերաբերությամբ ունեցած կասկածները ստուգե: Թե այսպես, թե այնպես, այդ տեսակ բացարձակ շողոքորթություններ արևելքում ոչ միայն սովորության, այլև քաղաքավարության կարգն են անցել, և Ասլանը, հետևելով տեղային սովորությանը, դարձավ դեպի առաջնորդը այդ խոսքերով.

Չգիտեմ, որպես շնորհակալ լինեմ ձեզանից, սրբազան հայր, ձեր հանձնարարական թուղթը ինձ շատ և շատ օգնեց, ես համարյա մեծ մասամբ հասա նպատակիս:

Այդ մեր պարտավորությունն է, պարոն բժշկապետ, մեր կարյաց չափ բավականություն տալ մեր կողմերը եկած ճանապարհորդների հետաքրքրությանը, օգնել նրանց երկիրը, ժողովուրդը ուսումնասիրելու, և աշխատել` ամեն կերպով դյուրություններ մատուցանել նրանց` իրանց նպատակներին հասնելու: Բայց, ցավում եմ, շատ ցավում եմ, որ ես չկարողացա նախատեսել Կտուց անապատը գնալու վտանգը: Մեր ծովը փոքրիկ է, բայց բավական կատաղի է: Միայն ուրախ եմ, շատ ուրախ, որ ձեզ հաջողվել է քաջությամբ ազատվել:

Առաջնորդը հիշեցնում էր մեր Կտուց անապատը գնալու ժամանակ կրած ալեկոծությունը: Երևում էր, որ նրան արդեն հայտնի էին մեզ հետ պատահած անցքերը: Նա ավելացրեց.

Դուք, պարոն բժշկապետ, տեսնում եմ, որպես լավ բժիշկ եք, նույնպես և լավ նավավար ու ճարպիկ լողորդ եք: Ես մեծ հիացմամբ լսեցի ձեր կատարած քաջությունը ալեկոծության ժամանակ:

Ասլանը պատասխանեց.

Մեր երկրում, սրբազան հայր, վաղուց արդեն կրթության և դաստիարակության կարգն է անցել, սկսյալ մանկությունից, պատրաստել մարդուն այնպես, որ նա կյանքի մեջ ընդունակ լինի ամեն վտանգների հետ պատերազմելու: Երբ ծովի հետ գործ ունես, պետք է կանխապես սովորած լինես, թե ինչպես պետք է վարվել նրա ալիքների հետ...

Այդ բոլոր խոսակցությունը, որպես նկատում էի, մի տեսակ խուլ հակաճառություն էր զանազան նուրբ ակնարկություններով և զանազան երկդիմի ասացվածքներով: Ասլանի նույն տեսակ պատասխանները ստիպեցին սրբազանին փոխել իր խոսակցության ձևը:

Դուք և Վարագ այցելեցիք, այնպես չէ՞, պարոն բժշկապետ, հարցրեց նա, ի՞նչպես գտաք այդ վանքը և այնտեղի նոր հիմնարկությունները. տեսնվեցա՞ք արդյոք Հայրիկի հետ:

Տեսնվեցա և շատ բավական մնացի, ասաց Ասլանը: Նրա վանքը մի գեղեցիկ օրինակ պետք է համարել, որ եթե կղերը կմասնակցե ժողովրդի դաստիարակության գործին, ահա այդ ձևով պետք է մասնակցե:

Այդ իմ փափագելի ցանկությունն է, պարոն բժշկապետ: Իմ ջանքերը դեռ բոլորովին չեն սպառվել Վարագի վրա: Ես աշխատում եմ և պիտի շարունակեմ աշխատել, եթե միջոցները ինձ թույլ տան, իմ վիճակի մեջ գտնված բոլոր վանքերին նույն ձևը տալ: Մեր վանքերը, ժամանակների դժբախտ հանգամանքներից, այժմ շատ և շատ թշվառ դրության մեջ են: Իմ բոլոր ջանքը այն է` բարձրացնել նրանց իրանց անկյալ դրությունից:

Պետք է վերին աստիճանի ցած կեղծավորություն համարել, որ Հայրիկի և նրա վանքի ամենամեծ թշնամին այդպես էր խոսում: Նա, որ ամեն գաղտնի և հայտնի միջոցներ գործ էր դնում ոչնչացնելու Վարագա բոլոր հիմնարկությունները, այժմ նրա փառքը և նախաձեռնությունը իրան էր վերաբերում: Բայց սրբազանը այդ մասին կարճ կտրեց, խոսքը փոխելով.

Ես ձեզանով և ձեր ճանապարհորդության արկածներով այնքան գրավվեցա, որ բոլորովին մոռացա իմ հյուրերին ծանոթացնել ձեզ: Ահա դա, նա ցույց տվեց այնտեղ նստած քուրդ բեկին, քրդերի մի մեծ և քաջ ցեղի գլխավորն է, Շարիֆ-բեկը:

Շատ ուրախ եմ ծանոթանալ, ասաց Ասլանը ձեռքը մեկնելով քուրդ բեկին:

Ամենապատվական մարդ է և իմ ամենալավ բարեկամը, առաջ տարավ առաջնորդը: Դրա շնորհիվ մեր և Պարսկաստանի սահմանագլուխները կատարյալ ապահովություն և հանգստության են վայելում: Տեղային քրիստոնյա բնակիչների բարեխնամ պաշտպանն է և հովանավորողը:

Ես իսկույն ճանաչեցի քուրդ բեկին, երևի Ասլանը ինձանից առաջ ճանաչել էր: Դա նույն անձնավորությունն էր, որին տեսանք սուրբ Տիրամոր վանքում, որտեղ եկել էր նա ուխտավորներից գոյացած արդյունքը բաժանելու Կարապետ հայր սուրբի հետ: Դա նույն անձնավորությունն էր, որի` Ասլանի մասին գրած մատնության նամակը անցյալ գիշեր կարդացինք տեր Եղիշեի տանը: Այժմ, ինչպես երևում էր, անձամբ եկել էր խորհրդակցել փաշայի հետ, կամ, գուցե այդ նպատակով կանչված էր նրանից:

Դա մեր քաղաքի ոստիկանության պետն է, Լաթիֆ-բեկը, առաջ տարավ առաջնորդը: Ամենապատվական մարդ և դրա շնորհիվ մեր քաղաքը կատարյալ հանգստություն է վայելում:

Ասլանը ձեռքը մեկնեց և դեպի այդ «ամենապատվական» մարդը, որ տեր Եղիշեի քրոջ` տիկին Թելլիի ամուսինն էր, և որին հանձնված էր որոնել մատնված Ասլանին: Նա բոլոր ժամանակ իր թավ, խոժոռ հոնքերի տակից լուռ նայում էր Ասլանի վրա: Թե՛ քուրդ բեկը և թե՛ ոստիկանության պետը` երկուսն էլ զենքերով էին նստած: Նայելով վերջինի վրա, ես մտածում էի, որ այնպիսի բարի և ազնիվ կինը, որպիսին էր Թելլի-խաթունը, մի կատարյալ զոհ պետք էր համարել այդ տեսակ գազանի ձեռքում:

Բացի քուրդ բեկից և ոստիկանության պետից, մյուս հյուրերի թիվը շատ փոքր էր. նրանք երեք հոգի էին միայն, ազգով հայ: Առաջինի վրա ցույց տալով, առաջնորդը ասաց.

Դա մեր հայ հասարակության առաջնակարգ անձինքներից մեկն է, Շարման-բեկը: Բոլոր արքունական շինվածքների կառուցման կապալառությունը դրա ձեռքումն է, որ ապացույց է իր մեծ հավատարմության: Շատ ժամանակ չէ, որ արժանացավ օգոստափառ սուլթանի շնորհած շքանշանին:

Եվ իրավ, նրա կուրծքի վրա փայլում էր մի շքանշան: Շարման-բեկի անունը լսելով, ես իսկույն հիշեցի վարպետ Փանոսի մի հետաքրքիր պատմությունը արքունի զինվորանոցների կառուցման մասին: Այդ Շարման-բեկն էր, որ շինությունների բոլոր ծախքը հայ հասարակության տուժել տալով, միևնույն ժամանակ, նույն ծախքը ամբողջապես ստացավ կառավարության գանձարանից և բաժանեց փաշայի կամ այլ պաշտոնական անձանց հետ: Այդ պատմությունը ես պիտի կրկնեմ, որ դու լավ մտաբերես, ընթերցող:

Վանի շրջակայքում, կամ Պարսկաստանի սահմանի գծի վրա, տաճկաց սահմանապահ զինվորները, զորանոցներ չունենալով, սովորաբար միշտ բաժանված էին լինում հայերի տներում օթևանելու համար: Յուրաքանչյուր ընտանիք պարտավորված էր պահել մի քանի հոգի այդ հյուրերից: Ինքնակոչ հյուրը դառնում էր, միևնույն ժամանակ ընտանիքի տերը և նրա գլխավորը: Տան հարսը, աղջիկը, կինը ծառայում էին նրան, որպես աղախիններ, տան տղամարդը հոգ էր տանում նրա ձիուն որպես ծառա: Թուլամորթ, որկրամոլ տաճիկ զինվորը չափազանց նուրբ ճաշակ է ստանում և խիստ պահանջող է լինում, երբ հայի տանը ձրի կերակրվում է: Իսկ երբ նրա պահանջները իր ցանկության համեմատ չեն կատարվում, այն ժամանակ էլ նրա մտրակը սարսափելի գործ է տեսնում: Գերդաստանի պատիվն անգամ զոհվում է նրա մոլի կրքերին: Երևակայեցեք մի գյուղական պարզ, նահապետական ընտանիք, որ բոլորը մի հարկի տակ են ապրում, և նրանց մեջ խառն է անբարոյական տաճիկ զինվորը: Հայը ամեն հարստահարության սովոր է համբերել, բայց երբ դիպչում են նրա ընտանեկան պատվին, նա այդ ժամանակ կորցնում է իր համբերությունը: Այդ էր, որ գրգռեց հասարակությանը` բողոքել բարձր կառավարության, որ զինվորները հեռացվեն իրանց տներից: Կառավարությունը ի նկատի առեց նրանց բողոքը և հրամայեց ամեն տեղ իր ծախքով զորանոցներ կառուցանել: Արքունի շինվածքների կապալառվի, Շարման-բեկի համար մի մեծ գործ բացվեցավ: Նա դիմեց միամիտ գյուղացիներին, ասելով. «եթե ցանկանում եք, որ զինվորները ձեր տներից հեռանան, պետք է զորանոցները ձեր ծախքով շինել տաք, որովհետև այդպես է հրամայված»: Խեղճ գյուղացիները հոժարվում են ամեն ինչ զոհել, գեթ ազատվեն անտանելի հյուրերից: Ով որ փող ուներ, փող էր տալիս, ով որ փող չուներ, ինքն էր աշխատում իր անասունների հետ, քար, փայտ և կիր կրելով: Այդպիսով զորանոցները կառուցվում են: Այդ մեծ ծառայությունը վարձատրվում է այն մեծ շքանշանով, որ Շարման-բեկը կրում էր կուրծքի վրա, թեև զորանոցների ծախքը մի կողմից խեղճ հասարակությունն էր տուժում, մյուս կողմից` արքունի գանձարանը:

Շատ բարեպաշտ և ազգասեր անձն է, պարոն բժշկապետ, ավելացրեց առաջնորդը: Եթե գիտենայիք որքան բարիքներ է գործել դա մեր հասարակությանը: Շատ ժամանակ չէ, որ իր ծախքով նորոգել տվեց մի վանքի խարխուլ տաճարը:

Վերջին խոսքը ճշմարիտ էր: Բայց ժողովուրդը կողոպտել և տաճարներ կառուցանել, այդ հազիվ թե կարելի էր բարեպաշտություն համարել: Ասլանը ոչինչ չպատասխանեց: Բայց Շարման-բեկը, լսելով սրբազանի գովասանքը, ինքնաբավական կերպով իր տեղում շարժվեցավ, նրա աղյուսի գույնով անշարժ դեմքի վրա երևաց ժպիտի նման մի բան, և ձեռքը տարավ դեպի կուրծքը, կարծես տեսնելու համար՝ արդյոք շքանշանը իր տեղո՞ւմն է:

Առաջնորդը շարունակեց ծանոթացնել մյուսներին.

Դա մահտեսի Թորոսն է, մի քանի անգամ Երուսաղեմ ուխտ է գնացել. մեր քաղաքի հարուստ և նշանավոր վաճառականներից մեկն է, միևնույն ժամանակ մեր մայր եկեղեցու երեցփոխանն է: Մեծ ծառայություններ է արել եկեղեցուն, շատ ապրի, չափազանց բարեպաշտ և ազգասեր մի անձն է:

Ասլանը մինչև անգամ չնայեց նրա վրա. ես երեսս մի կողմ շուռ տվի, որ ծիծաղս չտեսնեն: Գիտե՞ք ով էր այդ «հարուստ», «չափազանց բարեպաշտ և ազգասեր վաճառականը»: Դա միևնույն խաբեբան էր, որ Այգեստանում հայտնվեցավ մեզ մոտ, վարպետ Փանոսի տանը և, իբրև թանկագին հնություններ, կեղծ դրամներ վաճառեց Ասլանին: Այն ժամանակ նա, մի հրեա մանրավաճառի նման, հագած ուներ հին ցնցոտիներ, որ կարեկցություն գրավե դեպի իր ողորմելի վիճակը: Իսկ այժմ, չնայելով որ ամառն էր, հագած ուներ մի թանկագին մուշտակ աղվեսի ոսկեգույն մորթիից, և մեջքին փաթաթած ուներ թանձր գոտի պարսկական շալից: Ասլանը նրան չամաչացնելու համար այնպես ձևացրեց, իբր թե չէ ճանաչում նրան: Եվ իրավ, այժմ հազիվ կարելի էր ճանաչել նրան. գլխին դրած ուներ ֆես, որի վրա փաթաթել էր յազմա կոչված թաշկինակ. կնճիռներով պատած երեսը խնամքով ածիլած էր, իսկ քիթը, որ ուղտի համետի ձև ուներ, ինձ երևում էր այժմ ավելի երկարացած և բոլորովին ծածկել էր վերին շրթունքը: Առաջնորդի` նրա մասին շռայլած գովասանքների այն մասը միայն ճշմարիտ էր, որ, իրավ, նա շատ հարուստ մարդ էր և փաշայի սեղանավորն էր: Հարկավորված ժամանակ փաշային ծանր տոկոսներով փող էր տալիս, իսկ փոխարենը ընդունում էր գյուղերից ստացվելիք տուրքը: Իսկ ինքը ո՛րքան և ի՛նչպես էր ստանում գյուղացիներից, այդ կախված էր իր խղճից, եթե կար նրա մեջ խիղճ:

Երրորդ անձը, որին ծանոթացրեց սրբազանը, մի կծկված ծերունի էր, փոքրիկ սապատը դուրս էր ցցվել մեջքի վրա: Նա ևս մի քանի անգամ Երուսաղեմ էր գնացել, նա ևս չափազանց «բարեպաշտ և ազգասեր» մարդ էր: Նրան կոչում էին մահտեսի Հարո: Եթե ես եզվիտ տեսած չլինեի, բավական էր այդ մարդու դեմքը հետազոտել, նրա խոսակցությունը լսել և եզվիտի մասին կատարյալ գաղափար կազմել: Նա քաղաքի գլխավոր ոսկերիչն էր և գոհարավաճառը: Փաշայի կանանոցի զարդերը նա էր մատակարարում և նրա դռան հետ սերտ հարաբերություն ուներ: Չգիտեմ ինչո՞ւ սրբազանը մոռացավ նրա մասին «չափազանց բարեպաշտ և ազգասեր» ածականները և միայն ասաց, թե շատ «երևելի» մարդ է: Այդ ինձ չէր զարմացնում, որովհետև գոհարավաճառ և ոսկերիչ հայերը շատ անգամ սուլթանների և շահերի արքունիքում երևելի են դարձել, ստեպ գործ ունենալով ազդեցություն ունեցող ներքինիների և կանանոցի հետ:

Դրանք երեքն էլ քաղաքիս դատաստանական մեջլիսում բազմոց ունեն, վերջացրեց սրբազանը:

Սրբազանի վերջացնելուց հետո փաշան սկսեց զբաղեցնել Ասլանին: Նա զանազան սրախոսություններով անդադար դառնում էր դեպի Ասլանը, հանաքներ էր անում, ծիծաղում էր, թեև նրա սրախոսությունների մեջ ծիծաղելու ոչինչ չկար:

Ես հույս ունեմ, որ մեր քաղաքի հնությունները բավական գրաված պետք է լինեն ձեզ, պարոն բժշկապետ, հարցրեց նա:

Հնությունները, այո՛ , գրավեցին, պատասխանեց Ասլանը: Բայց ինչ-որ նոր է այստեղ, շատ տխուր տպավորություն է գործում:

Փաշան կամ չհասկացավ Ասլանի ակնարկությունը, կամ զանցառության տվեց: Նրա փոխարեն պատասխանեց սրբազանը.

Եթե դուք տեսնեիք մեր քաղաքը տասն տարի առաջ, պարոն բժշկապետ, նա բոլորովին ավերակ էր: Այժմ բավական շենք ու շնորհք է ստացել: Բնակիչները կատարյալ հանգստություն են վայելում, ավերակները հետզհետե նորոգվում են: Այդ ամենով մենք պարտական ենք մեր վսեմաշուք փաշային, որի կառավարությունը բերեց իր հետ բարօրություն և կյանք:

Բոլորովին ճշմարիտ է, աստված երկար կյանք տա մեր վսեմաշուք փաշա Էֆենդիին, ասացին երեք հայ երևելիները միաձայն:

Ինձ շատ հաճելի է լսել այդ բոլորը, պատասխանեց Ասլանը, անշուշտ վսեմաշուք Էֆենդին իմ ուղևորության հիշատակարանի մեջ իր արժանավոր տեղը կբռնե:

Ի՞նչպես պետք էր հասկանալ այդ «արժանավորը», փաշան, իհարկե, դեպի լավը բացատրելով, մի առանձին քնքշությամբ, որ բնավ չէր պատշաճում նրա խիստ դեմքին, սեղմեց Ասլանի ձեռքը, ասելով.

Շնորհակալ եմ, պարոն բժշկապետ, ձեր բարի ուշադրության համար: Հարկավ, ձեր ուղևորության հիշատակարանը մի օր տպագրությամբ լո՞ւյս կտեսնի:

Անպատճառ, գուցե մի քանի լեզուներով ևս կթարգմանվի:

Երեք հայ երևելիներից մեկը, մահտեսի Հարոն, որ ավելի մոտ էր նստած Ասլանին, կռացավ դեպի նրա ականջը, իբր թե մի ծածուկ բան է ասում, բայց այնքան լսելի ձայնով խոսեց, որ ամենքը իմացան:

Ամենայն հարգանաց արժանի է այդ մարդը, նա իր նեղ, խորամանկ աչքերը, որոնք բոլորովին զրկված էին թերթերունքներից և շրջապատված էին միայն կարմիր, թանձր կոպերով, դարձրեց դեպի փաշան: Ես ութսուն տարեկան մարդ եմ, պարոն բժշկապետ, ես շատ բան եմ տեսել: Առաջ խիստ վատ էին ժամանակները. իսկ հիմա գայլն ու գառը միասին են ապրում, մարդիկ իրանց դռները գիշեր ու ցերեկ բաց են թողնում, փակելու պետք չունեն, որովհետև էլ գողեր չկան: Կարող ես գլխիդ ոսկի դնել և աներկյուղ ուր որ ուզում ես գնալ: Ամեն տեղ ապահովություն է տիրում: Թե՛ աղքատի խրճիթից, թե՛ հարուստի տնից միայն աղոթք ու գոհություն է լսվում: Ոչինչ դժգոհություն չկա:

Միշտ միևնույն զզվելի շողոքորթությունները, միշտ միևնույն անվերջ կեղծավորությունները չափ չունեին: Եվ այդ շողոքորթությունների մեջ պետք էր որոնել երկրի գլխավոր թշվառությունը: Ես այժմ կատարելապես հասկանում էի այն ճառի ճշմարտությունը, որ Ասլանը կարդաց ինձ և Մարոյին Ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ, թե որպիսի վնասակար դեր են խաղում ժողովրդի ներկայացուցիչները նրա անբախտ վիճակի մեջ: Այն ժամանակ ես լսում էի միայն խոսքեր, թե ի՞նչ է անում կղերը, կառավարության պաշտոնյան, դրամատերը, և դրանց նմանները, իսկ այժմ տեսնում էի նրանց կենդանի տիպարները: Դիցուք թե, Ասլանը լիներ մի կոնսուլ, մի պաշտոնական անձ, որ ուղարկված էր երկրի դրությունը քննելու: Նա խո չէր մտնի գյուղացու խրճիթը, նա խո չէր դիմի սոված քաղաքացուն: Նա ամեն տեղ կհանդիպեր այդ տեսակ շողոքորթների և ի՞նչ գաղափար կարող էր կազմել երկրի դրության մասին: Իհարկե, լավ: Նույնիսկ երկրի բարձր կառավարության առջև` այդ մարդիկը վնասակար դեր են խաղում: Երբ հարստահարվածների բողոքը հասնում է մինչև Բարձրագույն Դուռը, երբ գանգատվում են փաշային, մուդուրի, գայմագամի կամ այս և այն անիրավ զեղծումների մասին, տեսար, ահա հավաքվեցան շողոքորթները և, հակառակ բողոքագրին, մի շնորհակալության հանրագիր կազմեցին և ուղարկեցին Պոլիս: Ամեն բան քանդվում է: Հարստահարվածների ձայնը խեղդվում է, որովհետև շողոքորթներին ավելի են հավատում, որովհետև նրանք են ժողովրդի ներկայացուցիչները, նրա «երևելիները»: Դրանց շահերը կապած են երկրի կեղեքիչների շահերի հետ, շատ հասկանալի է, որ նրանց անիրավությունները կպաշտպանեն:

Ասլանը, երևի, չկարողացավ իրան զսպել, ասաց.

Անկարգություններ, այսուամենայնիվ, պատահում են: Իմ անցնելու միջոցին, Պարսկաստանի սահմանագծի վրա, սարսափելի բարբարոսություններ էին կատարվել: Քրդերի ջալալի կոչված ցեղը անցել էր սահմանը և պարսից հողի վրա այրել էր տասնից ավելի հայոց գյուղորայք: Նրանց անասունները ավարի էին առնված, հովիվներին կոտորել էին: Այդ ավազակությունները այն աստիճան երկյուղ էին տարածել շրջակայքում, որ քարավանների երթևեկությունը բոլորովին դադարած էր. հունձերը մնացել էին անխնամ, երկրագործները չէին համարձակվում դաշտ դուրս գալ:

Անցքը ճշմարիտ էր, հենց այդպես պատահել էր: Բայց Ասլանը, չգիտեմ ինչո՞ւ, հիշեցրեց այդ, որ փոքր-ինչ անքաղաքավարի երևաց: Որովհետև այնտեղ ներկա գտնվող Շարիֆ-բեկը ջալալիների ցեղապետն էր, որոնք գործել էին հիշյալ անկարգությունները: Ասլանը այնպես ձևացրեց, որ իբր թե չգիտե, և, երևի, նրան ավելի խոր խոցելու համար, ավելացրեց.

Ես այդ բոլոր տեղեկությունները հավաքել եմ, անպատճառ պետք է հաղորդեմ ուր որ հարկն է:

Վերջին խոսքերը ես բոլորովին անքաղաքագիտական համարեցի. ի՞նչ հարկ կար այդ ասելու և քուրդ բեկին գրգռելու իր դեմ. նա մի՞թե կթողներ, որ նրա թղթերը տեղ հասնեին, կուղարկեր իր մարդիկը, թե՛ թղթատարին և թե՛ թղթերի հեղինակին կոտորել կտար ճանապարհների վրա: Ասլանը մտածում էր մի տեսակ վրեժխնղիր լինել քրդին, որը բավական չէր, որ նրա մասին մատնության նամակ էր գրել փաշային, այլ ինքն ևս անձամբ եկել էր Վան փաշային օգնելու համար, որպեսզի գտնեն կասկածավոր անձը:

Ասլանի անակնկալ նկատողություններից հետո երեք հայ «երևելիները» շվարած կերպով միմյանց երեսին նայեցին, երևի խոսք էին որոնում քուրդ բեկին արդարացնելու համար: Առաջնորդը նույնպես մտատանջության մեջ ընկավ, իսկ փաշան չգիտեր, թե որպես պաշտպաներ իր հզոր աջակցին:

Բայց քուրդ բեկը, որպես քաջ ավազակ էր իր ասպատակությունների ժամանակ, նույնպես վարպետ կռվող էր երևում և խոսքի բանակռվի մեջ: Նա բավական սառն կերպով հարցրեց.

Պարոն բժշկապետ, դուք ո՞ր ճանապարհով անցաք: Լավ է, որ հիշյալ անկարգությունների միջոցին ձեզ որևիցե վտանգ չէ պատահել:

Փորձությունն սկսվեցավ, մտածեցի ես: Հարցը բավական խորամանկությամբ էր դրված. մեծ երկյուղով սպասում էի, թե Ասլանը որպես պետք է դուրս գար դրա միջից: Նա խիստ անփույթ կերպով պատասխանեց.

Ինձ հետ վտանգ պատահել չէր կարող, որովհետև, ես դեռ Արզրում գտնված ժամանակ, տեղային ֆրանսիական հյուպատոսը ինձ զգուշացրեց քրդերի այդ ժամանակվա հուզմունքի մասին և նահանգապետից մի բաց հրամանագիր առեց, որ ամեն տեղ ինձ պահապան ձիավորներ տան, որքան թվով և պահանջելու լինեի ես: Եվ ես ճանապարհներին միշտ խումբերով ձիավորներ ունեի ինձ հետ:

Այդ լավ եք արել, պարոն բժշկապետ, այդպիսի զգուշություններ միշտ պետք են, ասաց քուրդը, որպես մի վրդովված որսորդ, որի գնդակը շեղվում է նպատակից, թեև նա իր վրդովմունքը ցույց չտվեց: Դուք, երևի, Թիմարա կողմերո՞վ անցաք:

Ոչ: Ես Արզրումի քարավանի ճանապարհով ուղղակի եկա Բայազետ, այնտեղից անցա Մակու, որտեղ պատահել էին հիշյալ անկարգությունները, այնտեղից Խոյ, հետո Թավրիզ, հետո ՈՒրմիո ծովակի արևելյան ափերով գնացի Ուրմի, այնտեղից եկա Բաշ-Կալե, որտեղից Խոշաբա ձորով Վան հասա:

Քուրդը ավելի շվարեցավ: Ասլանի ցույց տված ուղևորության գիծը բոլորովին շեղվում էր այն տեղերից, որ կողմով անցել էր նրա որոնած կասկածավոր անձնավորությունը: Այսուամենայնիվ, նա վերջին փորձը ևս գործ դրեց, ասելով.

Եթե դուք Խոշաբա ձորը թողնեիք և բռնեիք Չոլ-Չիմանի ճանապարհը, անպատճառ կհանդիպեիք հայոց մի նշանավոր վանքի տոնախմբության, որ շատ հետաքրքիր կարող էր լինել մի եվրոպացի ճանապարհորդի համար:

Քուրդի խոսքը Ս. Տիրամոր վանքի մասին էր, որտեղ հայտնվել էր կասկածավոր անձնավորությունը: Ասլանը պատասխանեց.

Ես անցնելու միջոցին, որպես լսեցի, տոնախմբությունն արդեն վերջացած էր` ուխտավորները սկսել էին վերադառնալ դեպի իրանց տները :

Քուրդը այլևս ոչինչ չգտավ իր խուլ քննությունը առաջ տանելու: Ոստիկանության պետը, Լաթիֆ-բեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր, դիմեց փաշային այդ խոսքերով.

Լավ կլիներ, որպես Արզրումի նահանգապետը նախապես հոգացել է, մենք ևս ապահովեինք պարոն բժշկապետի ճանապարհորդությունը մեր թղթերով: Մեր նահանգում նա մեր հյուրն է:

Հետո դարձավ դեպի Ասլանը, հարցրեց.

Եթե չեմ սխալվում, դուք մի օրից հետո թողնելու եք մեր քաղաքը, ուրեմն թղթերը շուտով պետք է պատրաստել: Միայն հարկավոր կլիներ, որ դուք վաղը ձեր ձեռքում ունեցածները ուղարկեիք մեզ, որպեսզի մենք ևս նրանց համեմատ պատրաստեինք մերը:

Ասլանը իր խոսքերով բռնվեցավ, մտածեցի ես: Ոստիկանության պետը այդ քաղաքավարի ձևով նրանից պաշտոնական թղթեր էր պահանջում: Նա չէր բավականանում Ասլանի լոկ խոսքերով, թե նա Արզրումի նահանգապետից բաց հրամանագիր է ստացել իր ուղևորության համար, անցել է այս կամ այն ճանապարհով, և այլն: Փաշան հասկացավ ոստիկանության պետի միտքը, ինքն ևս խորամանկությամբ հաստատեց նրա ասածը.

Այո՛, այո՛, պարոն բժշկապետը մեր նահանգում մեր պատվելի հյուրն է: Մենք պետք է ամեն հնարներ գործ դնենք` դյուրացնելու նրա ուղևորությունը և ամեն վտանգից ապահովելու, թեև այդ մեր նահանգում պատահել չէ կարող:

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, վսեմաշուք տեր, ասաց Ասլանը հեռվից գլուխ տալով: Դուք այնքան բարի եք և այնքան ողորմած գտնվեցաք դեպի ինձ, որ ես մինչև անգամ պետք չունեցա Արզրումի նահանգապետի հանձնարարական նամակը առաջուց ներկայացնել ձեզ, տեսնելով, որ դուք, առանց հանձնարարականի ևս, ցույց եք տալիս ամեն պատրաստականություն օգնելու ինձ:

Փաշայի մսուտ երեսի վրա երևաց ապշության նման մի բան: Նա, ծածկելով իր խռովությունը և կեղծ ուրախություն ցույց տալով, բացագանչեց.

Մի՞թե: Ա՜խ, պարոն բժշկապետ, դուք չափազանց համեստ եք գտնվել, դուք զրկել եք ինձ իմ բարեկամի նամակից. Արզրումի նահանգապետը իմ ամենալավ բարեկամն է:

Այդ նամակը ես պահել էի, որ այստեղից մեկնելու միջոցին հանձնեմ ձեզ, ասաց Ասլանը իր թղթապահի միջից մի փոքրիկ նամակ դուրս բերելով: Բայց որովհետև խոսք եղավ, ես այս րոպեում կհանձնեմ ձեզ:

Խնդրեմ, խնդրեմ, բացագանչեց փաշան և առեց նամակը:

Փաշան լսելի ձայնով կարդաց հետևյալ տողերը.

«Այս նամակը Ձեզ ներկայացնող ֆրանսիացի երևելի բնագետ և բժշկապետ պարոն Քարլ Ռիսմանը իր ուսումնական հետազոտությունների համար անցնելու է Վան քաղաքով դեպի Բաղդադ, իսկ այնտեղից` Հնդկաստան: Հուսով եմ, որ, կատարելով իմ խնդիրքը, Դուք այնքան բարի կլինեք, ողորմած տեր, որ նրա ուղևորության համար կտնօրինեք բոլոր պարտ ու պատշաճ կարգադրությունները, որպեսզի գիտնական ճանապարհորդը դյուրություններ ունենա թե՛ իր նպատակին հասնելու և թե՛ իր ուղևորության ժամանակ հանգիստ ու ապահով լինելու: Որի համար կմնամ Ձեզ միշտ շնորհապարտ» և այլն:

Բարեկամս հենց իր ձեռքովն է գրել, ասաց փաշան նամակը կարդալուց հետո: Ես պատրաստ եմ ամեն կերպով դյուրացնել ձեր ուղևորությունը, պարոն բժշկապետ:

Ես սկսեցի ազատ շունչ քաշել: Ասլանը լավ դուրս պրծավ, մտածում էի ես: Այժմ նա դարձավ դեպի ոստիկանության պետը` նրա հետաքրքրությունը ևս գոհացնելու համար:

Դուք, պարոն Լաթիֆ-բեկ, լավ է, որ հիշեցրիք ինձ, որ ես հանձնեմ ձեզ իմ թղթերը, որպեսզի դուք ևս նրանց համեմատ պատրաստեք ձերը: Խնդրեմ, հենց այժմյանից ընդունեցեք, որովհետև ես էգուց այնքան զբաղված կլինեմ իմ պատրաստություններով, որ գուցե կմոռանամ:

Մեծ ուրախությամբ, ասաց ոստիկանության պետը:

Ես հենց այդ նպատակով էի առել ինձ հետ: Ահա այդ իմ անցագիրն է, իսկ այդ այն բաց հրամանագիրն է, որ Արզրումի նահանգապետը շնորհել էր ինձ: Կարծեմ այդ երկուսը բավական է:

Բավական է, ասաց փաշան: Էգուց թե՛ ձեր թղթերը, և թե՛ մերը կեսօրից մի ժամ առաջ կհանձնվեն ձեզ:

Քուրդ բեկը սառած մնաց: Առաջնորդին ևս տիրեց ոչ սակավ ապշություն: Բայց իմ զարմացքը ավելի մեծ եղավ, թե ո՞րտեղից հայտնվեցան Ասլանի մոտ այդ թղթերը: Նա բոլորովին ուղիղ էր ասում, որ անցել էր իր նկարագրած ճանապարհների գծով. ուղիղ էր և այն, որ ամեն տեղ մեծ պատրաստականություն էին ցույց տվել նրան ընդունելու և շատ ձիավորներով ճանապարհ դնելու: Նա ծածկեց միայն Ս. Տիրամոր վանքը գնալը և լեռնային ճգնավորի կերպարանքի մեջ մտնելը: Մինչև այս տեղը նրա ասածների բոլորը ուղիղ էին:

Այո, Ասլանը լավ դուրս պրծավ: Բայց քուրդ բեկը մնաց դատապարտության ներքո. պետք էր մի կերպով արդարացնել նրան: Նա ջալալիների ցեղապետն էր. ջալալիները մոտ ժամանակներում ասպատակություններ էին արել. Ասլանը գիտեր այդ. Ասլանը ասաց, թե ինքը այդ մասին կհայտնե ուր որ հարկն է, ուրեմն ի՞նչպես թողնել այդ բոլորը առանց ուշադրության և չարդարացնել քրդին:

Երեք հայ երևելիներից մեկը, Շարման-բեկը, փաստաբանեց.

Պետք է ի նկատի ունենալ, պարոն բժշկապետ, որ ջալալիների վերջին անգամի ասպատակությունները Տաճկաստանի հայերին չեն վերաբերում, այլ` Պարսկաստանի հայերին:

Այդ ես գիտեմ, նրա խոսքը կտրեց Ասլանը: Բայց հայը ամեն տեղ հայ է, թե՛ Պարսկաստանում լիներ, թե՛ Տաճկաստանում: Երբ նա կողոպտվում է, ավազակը պետք է անպատճառ պատժվի: Այստեղ հարցը անկարգության մասին է և ոչ թե հպատակության կամ ազգության: Եթե կողոպտվածները հրեաներ կամ բոշաներ ևս լինեին, ես գուցե ավելի խստությամբ կբողոքեի:

Շարման-բեկի պաշտպանությունը խիստ թույլ գտնվեցավ. այժմ առաջնորդը սկսեց փաստաբանել.

Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը, պարոն բժշկապետ, բայց պետք է տեղային սովորությունները և հանգամանքները ևս ի նկատի ունենալ: Պատահում է, շատ ասպատակություններ են անում, ոչխարներ, ձիեր և այլ անասուններ են ավարի առնում: Կորուստը վերադարձնելու համար ուրիշ հնար չէ մնում, քան թե հարձակում գործել և պարսից հպատակներից հափշտակել փոխարենը:

Այստեղ ինչո՞վ են մեղավոր խաղաղ հպատակները, պատասխանեց Ասլանը, փոքր-ինչ զայրացած կերպով: Այդ ավազակները թե՛ Պարսից կողմից և թե՛ Տաճկաց կողմից` բոլորը քրդեր են, թող միմյանց միս ուտեն, եթե տեղային կառավարությունները անկարող են զսպել նրանց գազանությունները: Բայց ինչո՞ւ նրանց միմյանց հետ ունեցած թշնամությունների պատճառով մեջտեղում պետք է ոտնակոխ լինի, կողոպտվի խեղճ գյուղացին, թշվառ երկրագործը, որ բացի մի քանի անասուններից ուրիշ ոչինչ չունի իր ապրուստը հոգալու համար:

Քուրդ բեկի թուխ դեմքի վրա երևացին քրտինքի կաթիլներ, որ սրբեց նա իր շապկի քառանկյունի ձևով քարշ ընկած թևքով: Սխալ կլիներ մտածել, թե ամոթից լինեին այդ կաթիլները: Այլ նրա սրտում բորբոքվում էր բարկության կրակը, թե ի՛նչպես մի գավուր համարձակվում է նրա երեսին անարգել նրան, իսկ ինքը չէ կարող ձեռքը տանել դեպի իր սուրը և պատժել եվրոպացի գավուրի հանդգնությունը: Բայց նա զսպեց իր կատաղությունը և բավական հանդարտ կերպով ասաց.

Դուք, պարոն բժշկապետ, այնքան վատ մի համարեք ջալալիներին, որոնց ցեղապետը լինելու պատիվն ունեմ ես: Եթե դուք լսած լինեիք այն օգնությունները, որ մենք մատուցանում ենք այս կողմերի քրիստոնյաներին, հավատացած եմ, որ ձեր կարծիքը կփոխեիք մեր մասին:

Մեծ ուրախությամբ, պատասխանեց Ասլանը ժպտալով:

Ես անպատշաճ եմ համարում գովել ինքս ինձ: Թող հայր խալիֆան (առաջնորդը), որին հայտնի են մեր ծառայությունները, թող նա վկայություն տա:

Սրբազան հայրը սկսեց զանազան մանրամասնություններով պատմել, թե շատ հանգամանքներում քրդերը մեծ օգուտ են հասցնում երկրին և մանավանդ տեղային քրիստոնյաներին: Եվ մասնավորապես իր պաշտպանության ճառը ջալալիների վրա, իբրև փաստ, հիշեց և այն, թե մի քանի շաբաթ առաջ Ս. Տիրամոր վանքի տոնախմբությունն էր, և ինքը բեկը (այնտեղ ներկա գտնվողը) անձամբ գնացած էր այնտեղ ուխտավորների մեջ կարգ պահպանելու համար: Տոնախմբությունը վերջանալուց հետո դարձյալ բեկի մարդիկն էին, որ առաջնորդում էին ուխտավորներին դեպի իրանց երկրները, որպեսզի պահպանեն նրանց ճանապարհների վտանգներից:

Ես բոլորովին զարմացած մնացի: Կարծես, մի ներքին սև թել կապում էր այդ բոլոր մարդկանց սրտերը միմյանց հետ: Դրանք ամենահայտնի չարագործությունները բարի ձևի մեջ ամփոփելով վարպետությունն ունեին: Եթե ես և Ասլանը Ս. Տիրամոր վանքի տոնախմբության ժամանակ մեր աչքով տեսած չլինեինք, որ քուրդ բեկը եկել էր այնտեղ հափշտակելու տոնախմբությունից գոյացած եկամտի մի մասը, եթե մեզ հայտնի չլիներ, որ նրա մարդիկը մեծ վճարներ էին ստանում ուխտավորներից ճանապարհների վտանգներից պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ, նրանց անհայտ ընկերները, նույնիսկ պահապանների գիտությամբ, հարձակվում էին և կողոպտում էին նրանց, եթե այդ բոլորը մեզ հայտնի չլիներ, գուցե սրբազանի վկայությանը մեծ նշանակություն տայինք: Բայց Ասլանը լռեց, և հայտնի պատճառներից ստիպված, ոչինչ չպատասխանեց:

Հետաքրքիրն այն էր, թե ի՞նչն էր առիթ տալիս սրբազանին քրդի բարբարոսություններին պաշտպան հանդիսանալ: Նա բարեկամական մեծ կապեր ուներ համարյա բոլոր քուրդ ցեղապետների հետ: Այդ հարաբերությունները պահպանում էր իր ազդեցությունը բարձրացնելու համար: Իր ձեռքում ունենալով երկրի խոշոր գազաններին, նա այն աստիճան նշանակություն էր ստացել, որ ոչ միայն հասարակ մարդիկ, այլ մինչև անգամ փաշան նրանից ակնածում էր: Բայց մի՞թե այդ ազդեցությունը ավելի բարձր նպատակների համար չէր կարելի գործ դնել: Ասլանը մի անգամ ինձ ասում էր. «Այդ մարդը շատ պիտանի կարող էր լինել, եթե իր ուժերը դեպի չարը գործ չդներ»: Օրինակներ շատ էին պատահել, երբ քուրդ բեկերից մեկը որևիցե հանցանքի համար կալանավորվում էր, կամ աքսորվում էր, նա իր գրպանից մեծ գումարներ էր ծախսում և ազատում էր չարագործին: Ինչի՞ համար: Որպեսզի նրան իր ձեռքում մի լավ գործիք ունենա:

Կրկին խոսք եղավ Ասլանի մյուս օր ճանապարհ ընկնելու մասին և առաջնորդը, օգուտ քաղելով դրանից, փոխեց խոսակցության առարկան, ասելով.

Թեև մեր վսեմաշուք փաշան կտա ձեր հարկավորված թղթերը, և դուք, պարոն բժշկապետ, ամեն տեղ կգտնեք մեծ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը անվտանգ կացուցանելու համար, բայց այսուամենայնիվ, ես խորհուրդ կտայի ձեզ քարավանի հետ գնալ:

Ես այդպիսի նպատակ էլ ունեմ, պատասխանեց Ասլանը, ինձ ասացին, որ էգուց երեկոյան մի քարավան է դուրս գալու:

Այդ ո՞ւմ քարավաննն է, հարցրեց փաշան:

Չգիտեմ, պատասխանեց Ասլանը:

Թոխմախ-Արթինի քարավանն է, մեջ մտավ ոստիկանապետը:

Հա, Թոխմախ-Արթինը շատ քաջ մարդ է, նրա քարավանը ամենաապահովն է ճանապարհորդության համար: Բայց չգիտեմ, պարոն բժշկապետ, դուք չէի՞ք ձանձրանա քարավանի հետ գնալով, որովհետև քարավանը սաստիկ դանդաղ է գնում, հարցրեց փաշան:

Այդ իրավ է պատասխանեց Ասլանը, բայց որքան էլ ցանկանայի, չէի կարող շտապով անցնել, որովհետև ինձ հետ տանում եմ բավական ծանրություններ, որոնք մի քանի բեռներ կլինեն, իմ շարժական դեղարանը, իմ գործիքները և այն բոլոր հնությունները, որ հավաքել եմ: Բացի դրանցից, ինձ հարկավոր է մի քանի նշանավոր տեղեր հետազոտել. քարավանի դանդաղ ընթացքը կնպաստեր ինձ` ցանկացած ժամանակ շեղվել ճանապարհից` այդ տեղերը տեսնելու համար:

Միայն, երբ քարավանից բաժանվելու լինեք, անպատճառ հարկավոր է, որ ձեզ հետ ձիավորներ վերառնեք, խորհուրդ տվեց առաջորդը:

Այդ ես գիտեմ, սրբազան հայր, ես բավական փորձված եմ ասիական ճանապարհորդությունների մեջ: Թեև այս կողմերում չեմ եղել, բայց Միջին Ասիայում շատ եմ թափառել:

Վերջապես ընթրիքը տվեցին: Գորգերի վրա տարածվեցավ սեղանի գունավոր սփռոցը, և կերակուրները, որքան պատրաստված էին, պղնձյա բոլորակ սինիների վրա դասավորած, միանգամից ներս բերվեցան: Նրանք բազմատեսակ էին: Բազմատեսակ էին և քաղցր շերբեթները, զանազան համեմներով և զանազան գույներով: Ոգելից ըմպելիքները, գինի, արաղ, դրվեցան միայն առաջնորդի, Ասլանի և երեք հայ երևելիների մոտ: Մյուսները շերբեթ էին խմում: Չինեական գեղեցիկ ամանները մի առանձին ախորժակ էին բաց անում: Նախկին վիճաբանությունները դադարեցան, որովհետև այստեղ, ինչպես առհասարակ արևելքում, սեղանի վրա շատ չեն խոսում: Տիրում էր կատարյալ լռություն, որովհետև դանակ և պատառաքաղ չկար, որ աղմուկ բարձրացներ: Ամենքը մատներով էին ուտում: Խոսում էր միայն առաջնորդը: Նա գովում էր իր խոհարարին, թե նա Պոլսում այսինչ և այնինչ նշանավոր փաշաների տներումն է ծառայել և հազիվ թե ամբողջ Վանի մեջ նրա հատը կգտնվի: Վերջին խոսքը բավական վիրավորական լինելով փաշայի հարուստ խոհանոցի պատվին, նա էլ սկսեց գովաբանել իր խոհարարին, մի զարմանալի օրինակ բերելով նրա արհեստից, թե նա հավը այնպես է պատրաստում, որ բոլոր ոսկորտիքը միջից դուրս է հանում, իսկ հավը դարձյալ մնում է ամբողջ: Գուցե այդ վիճաբանությունը երկուսի մեջ երկար տևեր, եթե Սիմոն պատվելին իր երգեցիկ խումբի հետ ներս չմտներ: Նա այս գիշեր բավական զարդարված էր: Իր սովորության հակառակ, նա հագած ուներ մի բոլորովին նոր լվացված շապիկ: Սիմոն պատվելիի այդ նշանավոր շապկի պատմությունը ինձ համար ավելի հետաքրքրական լինելով, ես թողնում եմ առաջնորդի ճոխ սեղանի նկարագրությունը: Պետք չէ մոռանալ, որ պատվելին ուներ մի հատ շապիկ միայն և այդ լվացվում էր տարվա ընթացքում մի կամ երկու անգամ, այն ևս մեծ տոների ժամանակ, թեև լվացքը նրան ոչինչ չարժեր, որովհետև տալիս էր իր աշակերտներից մեկին, և նա իր մորը լվանալ էր տալիս: Բայց Սիմոն պատվելիի կարծիքով, երբ շապիկը հաճախ էր լվացվում, նա խիստ շուտով էր մաշվում: Արդյոք ա՞յդ էր, որ նրան առիթ էր տվել զանց առնել մաքրության գլխավոր պայմանը, թե նա առհասարակ մաքրասեր չէր, այդ դժվար է լուծել: Միայն նրա տնտեսագիտությունը այդ կետից պետք էր սխալ համարել. իրավ է, շապիկը հաճախ լվացվելով շուտով է մաշում, բայց, կեղտի մեջ մնալով, բոլորովին փտում է: Այդ էր պատճառը, որ Սիմոն պատվելիի շապիկը լվացվելուց հետո միշտ կարոտ էր կարկատանների: Երբ մոտենում էր մեծ տոնը, երբ անբախտ շապիկը տարվում էր աշակերտի մոր տունը, մինչև նրա վերադարձը, որ երբեմն երկար էր տևում, Սիմոն պատվելին իր կուրծքը սովորաբար ծածկում էր քթի գունավոր թաշկինակով, որի ճոթերը կապած էին լինում վզի ետևից, ծոծրակի վրա: Այդ տեսնում էին աշակերտները, տեսնում էին և աշակերտների ծնողները: Գուցե դրանից ծագեց այն հանգամանքը, որ Սիմոն պատվելիի շապկի լվացումը դպրոցի ժամանակագրության մեջ մի առանձին տեղ էր բռնում: Նրա աշակերտների լեզվում կազմվել էր մի այդպիսի սրախոսություն` ամեն մի վաղաժամանակյա դեպքի մասին ասել. «Այդ անցքը շատ հին է և այնքան հին, որ Սիմոն պատվելին իր շապիկը դեռ նոր էր լվանալ տվել»: Այժմ, կարծեմ, հասկանալի է, թե Սիմոն պատվելին որքան մեծ հարգանք ուներ դեպի առաջնորդի դահլիճը, որ ներկայացել էր այնտեղ լվացված շապիկով: Երեսը խնամքով ածիլած էր և երևի շտապելուց մի քանի տեղ ածելին կտրել էր: Կտրած տեղերի վրա բամբակ էր կպցրած: Սիմոն պատվելիի ածիլվելը նույնպես մի նորություն էր: Նա մորուք չէր սիրում, բայց և երեսը խիստ հազիվ անգամ էր ածիլում: Այդ էր պատճառը, որ ածիլվելուց հետո նրա դեմքը ստանում էր երկու գույն` մազերից ազատ տեղերը` մուգ-աղյուսագույն, իսկ մազերով պատած տեղերը` բաց-աղյուսագույն: Նայելով օրվա ժամանակին, եղանակին, նայելով թե նա խմած էր, թե զգաստ էր, Սիմոն պատվելիի դեմքը, հնդկահավի դեմքի նման, զանազան գույներ էր ստանում: Այս երեկո լերդագույն էր, որովհետև Այգեստանի փողոցում արաղի կաթսայի հետ խիստ մտերմական հարաբերություններ էր ունեցել: Իր հանրածանոթ մուգ-դեղնագույն սերթուկի փոխարեն հագած ուներ կինամոնի գույնով մի կարճ պալտո, որի վրա փաթաթել էր շալե հաստ գոտին: Ֆեսը նույնպես նոր էր, և փունջի ծայրը երևում էր գլխի փաթեթի տակից: Անփոփոխ մնացել էր միայն նրա երևելի վարտիքը, որը իր սովորական տեղից, այսինքն սրունքներից` մի թիզ բարձրության վրա էր կանգնած: Ոտքի թաթերից սկսած մինչև վարտիքի ծայրը, այդ ընդարձակ տարածությունը, մնացել էր մերկ, որովհետև Սիմոն պատվելին սովորություն չուներ ամառը գուլպա հագնելու: Մերկ սրունքները երևում էին: Բայց կեղտը այնպիսի թանձր խավ էր դրել նրանց վրա, որ այդքանն էլ բավական էր իբրև ծածկոց ծառայելու:

Ահա այդ գարշելի մարդն էր, որ հանդիսավոր կերպով ներս մտավ, լուռ գլուխ տվեց, կանգնեց պատի մոտ: Նրա աջ և ձախ կողմերում շարվեցավ երգեցիկ խումբը: Նայելով այդ անմեղ արարածների վրա, իմ սիրտը դողում էր: Ո՜րպիսի ճիվաղի ձեռքում էր հանձնված նրանց դաստիարակությունը... Տիրացուների նման նրանք հագած ունեին ժամի շապիկներ, և յուրաքանչյուրը ձեռքում բռնած ուներ փոքրիկ, կոթավոր զանգակներ, որ հայոց եկեղեցիներում, երգեցողության ժամանակ, ածում են երկաթյա ձողերով, և գործադրվում է իբրև նվագարան:

Փաշան բարեհաճեց հարցնել պատվելիի առողջությունը և, դառնալով դեպի Ասլանը, ասաց.

Դա մեր հայոց դպրոցի վարժապետն է, իմ առանձին խնամակալության ներքո եմ ընդունել նրա դպրոցը:

Առաջնորդը ավելացրեց.

Շատ իմաստուն մարդ է:

Ճանաչում եմ, ասաց Ասլանը սառն կերպով:

Սիմոն պատվելին, ոգևորված իր երկու մեծ բարերարների գովասանքներից, նշան տվեց, աշակերտները միաձայն եղանակեցին առաջնորդի սիրելի երգը.

Կա՜հ-կա՜հ կկանչե` կաքավն վըր քարին,
Վա՜րդ-վա՜րդ կկանչե` բուլբուլն վըր թփին...

Ընթրիքի բոլոր ժամանակը, որ տևեց բավական երկար, խեղճ աշակերտները, ոտքի վրա կանգնած, անլռելի ձայնով երգում էին: Նրանք սպառեցին հայոց հին տաղարաններից քաղած բոլոր հայտնի երգերը և մի քանիսը նորից կրկնեցին:

Ընթրիքից հետո, երբ մատուցին վերջին սուրճը և վերջին նարգիլեն, Ասլանը, ներողություն խնդրելով, հայտնեց` որովհետև առավոտյան ճանապարհի պատրաստություններ պիտի տեսնե, այդ պատճառով չէ կարող երկար մնալ և ինձ հրամայեց, որ ասեմ ծառաներին` մեր ձիաները պատրաստեն:

Հետո, կանգնելով, նա բռնեց նախ առաջնորդի ձեռքը և ապա փաշայի ձեռքը, հայտնեց իր խորին շնորհակալությունը նրանց հյուրասիրության մասին, ավելացնելով, թե կտանե իր հետ անմոռաց հիշատակներ այն բոլոր շնորհների համար, որ ցույց տվին նրան, նպաստելով և դյուրացնելով իր հետազոտությունները և խոստացավ, որ գուցե մի օր ինքը առիթ կունենա իր երախտագիտության զգացմունքները գործով արտահայտելու, և այլն:

Մենք ոչինչ չենք արել, պարոն բժշկապետ, պատասխանեցին փաշան և առաջնորդը միաձայն, ինչ որ արել ենք, այդ մեր պարտքն էր:

Ուրիշ զանազան ողջագուրանքներից հետո նա կրկին և կրկին անգամ սեղմեց սրբազանի ու փաշայի ձեռքը, հեռվից գլուխ տվեց ոստիկանության պետին, քուրդ բեկին և հայոց երեք երևելիներին և մնաք բարյավ ասելով, դուրս եկավ դահլիճից: Մինչև սանդուղքները փաշան և սրբազանը եկան նրա հետ: Այստեղ փաշան հայտնեց իր սրտի ցավը, որ այդպես շուտ զրկվեցավ իր թանկագին հյուրից, որի այցելությունը այնքան մեծ բավականություն պատճառեց իրան, և խոստացավ, որ առավոտյան ճանապարհի համար ամեն ինչ պատրաստ կլինի:

Այդ բոլոր ցույցերից հետո ես այլևս տարակույս չունեի, որ նրանց կասկածները Ասլանի վերաբերությամբ բոլորովին փարատվեցան, և նրանք հեռու էին այն մտքից, թե դոքտոր Ռիսմանի դիմակի ներքո թաքնված էր Ս. Տիրամոր վանքի լեռնային ճգնավորը:

Երբ դուրս եկանք առաջնորդարանից, փողոցում նորից լսելի եղավ սիրված երգը.

Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,
Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ...

Երևի, նրանք կշարունակեն դեռևս նստել, հարցրի ես:

Նրանք ամբողջ գիշեր կլուսացնեն, պատասխանեց Ասլանը:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կայծեր"

Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Катастрофа войны
Катастрофа войны
Играть онлайн