Раффи
Կայծեր
1 - ԻԵ, ԻԶ
ԻԵ
Ի՞ՆՉ Է ՔՈՒՐԴԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԹՈՒՐՔԸ
Ծերունի որորդի վարդապետությունը որքան և անմարդասիրական լիներ, որքան և ունենար վայրենի, անխաղաղասեր բնավորություն, դարձյալ նա մի բողոք էր իր ժամանակի բարբարոսության և հարստահարության դեմ: Մի մարդ, որպես էր ծերունի որսորդը, բռնության կոպիտ ձեռքից այնքան դառն հարվածներ կրած մարդ, չէր կարող այլապես մտածել: Ինքը կյանքը, իրան շրջապատող հանգամանքները մտցրել էին նրա մեջ այն սարսափելի վրեժխնդրությունը դեպի ամեն անարդարություն, որ խլում է խաղաղասեր երկրագործի բարին, որ զրկում է նրան օրական ապրուստից, և մինչև անգամ սրբապղծում է նրա ընտանեկան պատիվը:
Ծերունի որսորդի տնակը կանգնած էր այն լեռնագոտիի վրա, որ կազմում էր բնական սահման, բաժանելով Տաճկաստանը Պարսկաստանից: Յուրաքանչյուր բաժինը պարունակում էր իր մեջ երկրի ընդարձակ տարածություն, բնակեցրած մեծ մասամբ հայերով: Պարսկաստանի մասնում գտնվում էր Ատրպատական նահանգը իր զանազան գավառներով. իսկ Տաճկաստանի մասնում` Վասպուրականի, Տարոնի և Արզրումի նահանգներն իրանց գավառներով: Ես կգրեմ յուրաքանչյուրի մասին որքան հիշում եմ, որքան վերաբերում է իմ պատմությանը:
Սարսափելի՜ էին այն ժամանակները...
Այդ այն ժամանակն էր, երբ Տարոնը և Վասպուրականը թեև Տաճկաստանի մի մասն էին կազմում, բայց քրդերի զանազան ցեղերը, օգուտ քաղելով սուլթանի պետության թուլությունից, տիրում էին Հայաստանի այդ երկու ամենամեծ նահանգներին, սկսյալ Սև ծովի հարավա-արևելյան եզերքից, Եփրատ գետից, մինչև Միջագետքի և Պարսկաստանի սահմանները:
Հիշյալ նահանգները պարունակում էին նրանց մեջ հետևյալ գավառները` Հաքարի, Բայազեդ, Հաղբակ, Վան, Բաղեշ (Բիթլիս), Մուշ, Շատախ, Սասուն, Խիզան, Մոգաց երկիր, Չարսանջակ, Քեղու և այլն-այդ գավառներին տիրում էին քրդերը:
Մնացյալ ազգաբնակչությունները, բացի քրդերից, էին` հայեր, ասորիներ, հրեաներ, թուրքեր, եզիդիներ, և զանազան թափառաշրջիկ ցեղեր: Հայերն իրանց թվով բազմություն էին կազմում և, համարյա, բաղկացնում էին ամբողջ ազգաբնակչության կեսից ավելի մասը:
Որպեսզի գիտենալ, թե ինչ դրության մեջ էին այն ժամանակ հայերը, պետք է նախ ծանոթանալ տիրող ազգի` քրդերի բնավորության և նրանց քաղաքական կազմակերպության հետ:
Քրդերը բաժանված էին զանազան ցեղերի, որոնց գլուխներն էին` Մուքուրի, Թակուրի, Միլանցի, Հայտարանլի, Շավի, Ջալալի, Ռավանդ, Բիլբաստ, Մամըքանի, Հարթոշի, Շիկակ, Հարքի, Եզիդի: Դրանք շատ քիչ էին զանազանվում հատկություններով և սովորությունով. խոսում էին մեդական լեզվով, որ յուրաքանչյուր ցեղի մեջ որոշվում էր բարբառների առանձնահատկությամբ: Կրոնով մահմեդական էին` սուննի աղանդից: Եզիդիները միայն բաժանված էին կրոնով, որոնք պաշտում էին չար և բարի ոգիները, երկրպագություն էին տալիս տնային օջախին: Դրանք գուցե մնացորդներ էին Արամազդի և Արհմնի հին երկրպագուներից, որոնց մեջ մինչև այսօր երևում են մոգական ծեսեր:
Քրդերը չունեին գիր և գրականություն. շեյխերը (դենպետները) միայն գիտեին արաբերեն կարդալ, որով ավանդում էին ժողովրդին իրանց կրոնի հրահանգները, որոնք բովանդակվում էին մի քանի պարզ և թեթև, արտաքին ծիսակատարությունների մեջ: Միակ բանը, որ գիտեր ամեն քուրդ իր հավատքի հանգանակից, էր նամազը, որը նա մեքենաբար և ճիշտ կերպով կատարում էր նշանակյալ ժամերում, առանց հասկանալու, թե ինչ էին նշանակում իր այնքան ջերմեռանդությամբ արտասանած արաբական բառերը: Բացի դրանից, քուրդը գիտեր մեծ մարգարեի-Մուհամմեդի անունը, և նրա նախկին խալիֆաների` Օմարի, Օսմանի, Առու-Բաքիրի անունները և ավելի ոչինչ:
Բայց ժողովրդական անգիր բանաստեղծությունը կենդանի էր քրդերի մեջ. նա ծագելով ամբոխի իսկական կյանքից, ուներ նույն բնավորությունը և ոգին, որով ապրում էր ինքը ամբոխը: Հովվերգությունը և քաջազնական հանգերգությունը գլխավոր տեղն էին բռնում նրանց բանաստեղծության մեջ, առաջինը, որպես մի խաշնարած ցեղի կյանքի առշնչություն, երկրորդը, որպես նրա պատերազմական ոգու արտահայտություն: Հովվական երգերը տխուր էին և մելամաղձոտ, նրանք խիստ մեղմ կերպով ներդաշնակվում էին հովիվի սրինգի խուլ և ձգական հնչյունների հետ: Իսկ պատերազմական երգերը կրակոտ, վառվռուն և խրոխտ էին, նրանք լիահնչյուն համարձակությամբ որոտում էին թմբուկների ձայնի հետ:
Ոչ մի նշանավոր երևույթ չէր կորցնում իր հետքը քուրդի կյանքի մեջ. ժողովրդական ոգին իր տաղերով կամ փառաբանում էր մեկի քաջագործությունը, կամ պարսավում էր մյուսի թուլասրտությունը: Ծածկվեցավ մեկը թշնամուց կամ խույս տվեց նա կռվի դաշտից, մյուս օր կանայքը և աղջիկները հորինում էին նրա մասին զանազան կծու պարսավներ, և երգը արագ թռչում էր ամեն երեխայի, ամեն չափահասի բերանից:
Թուրը, մի ջուխտ ատրճանակ, վահանը և նիզակը քրդի մարմնի անդամներն են, որոնք միշտ մնում են նրանից անբաժան. հրացանը նա գործ է ածում մեծ կռիվների մեջ: Թամքած ձին, որ միշտ պատրաստ է նրա չադրի առջև, քրդի հավատարիմ ընկերն է. նրան սիրում է տերը ավելի, քան իր կնոջից, ավելի, քան իր որդիներից: Քուրդը իր չադրի մեջ հյուրասեր էր որպես Աբրահամ, բայց նա չի խնայելու կողոպտել նույն հյուրին, եթե նա կհանդիպեր մեկ մղոն հեռու իր չադրից: Արյան վրեժխնդրությունը, որպես ամեն կիսավայրենի ցեղերի մեջ, նույնպես քրդի մեջ, անցնում է սերնդից սերունդ: Սպանվածը հանգիստ չէ իր գերեզմանի մեջ, քանի որ նրա արյան փոխարենը չէր առնվել սպանողից կամ նրա մոտ ազգականներից: Սպանողը այն ժամանակ միայն ազատ է մնում վրեժխնդրությունից, երբ գնում էր իր ոսոխի տունը, իր սուրը գցում է նրա ոտքի տակ և ներողություն է խնդրում: Բայց հազիվ կգտնվեր մի քուրդ, որ խոնարհվեր մինչ այն աստիճան ստորության: Քուրդը քինախնդիր է և ոխերիմ. նա մինչև մահ չէ մոռանում վիրավորանքը կամ անպատվությունը, քանի որ դեռ լիակատար բավականություն չէր ստացել: Նա միևնույն ժամանակ շատ հանգամանքներում – հպարտ է և ազնիվ: Քուրդը դադարեցնում է իր կռիվը, երբ հակառակ կողմից միջամտություն են գործում կանայք: Նա իրան չէ ստորացնում, պատերազմելով իրանից թույլ արարածների հետ. թեև քրդի կինը կռվի ասպարեզում նույնքան կատաղի է և քաջասիրտ, որքան իր ամուսինը:
Կրկին անգամ ամուսնանալը, մեռած կամ սպանված տղամարդից հետո, քուրդ կնոջ համար համարվում է նախատինք: Նա մնում է միշտ այրի, մխիթարում է իրան այն քաղցր հիշողություններով, թե իր այրը մի «լավ ավազակ» էր, թե նա մնաց միշտ մաքուր երկչոտության արատից, թե նա երբեք իր թիկունքը չդարձրուց թշնամու դեմ, թե նա սիրում էր իր ամուսնին, որքան սիրում էր իր արաբական նժույգին, և երբեք նրա սիրտը չգրավեց ամենագեղեցիկը իր ցեղի աղջիկներից: Եվ մայրն երեխայությունից պատմում էր իր զավակներին հոր գործքերը, խրատում էր հետևող լինել նրան և կրկին բարձրացնել հանգուցյալի հիշատակը խոր գերեզմանից:
Մանկությունից քուրդը կրթվում է ձիան սանձ կառավարելու, զենք գործածելու, մարմնամարզության և այլ ճարպկությունների մեջ: Նա քաջագոր-ծություն է համարում գողանալ, հափշտակել ամեն ինչ, որ պետք էր իր ապրուստի համար: Նա մինչև անգամ գողանում էր իր հարսնացվին: Բախտավոր է համարվում ամուսնությունը, երբ տղամարդ-հերոսը առևանգել էր իր սիրուհին հոր ընտանիքից: Կինը այսպիսի դեպքերում մի առանձին հպարտությամբ է նայում իր ընկերուհիների վրա:
Քրդի ամենամեծ երդումը թալախի վրա է լինում. նա առնում է մի քար և նետում է, ասելով` «թող իմ թալախին այս քարի պես գցած լինի, եթե այսպես, կամ այնպես անեմ»: Թալախը նրա ամուսնական կապն է, նա լուծված է համարվում, երբ նրանով երդում ուտողը երդմնազանց է լինում: Այսպիսի երդումները պահանջվում են, երբ պետք էր որևիցե գործի մեջ ամենահաստատ գրավական մի մարդու հավատարմության մասին: Եվ այդ լինում է այն ժամանակ, երբ գործը վերաբերում էր ընդհանրության ամենակարևոր մեկ հարցին:
Որպես բնության ազատ որդի, նվիրելով իրան անհոգ և պարզ կյանքի, քուրդը բավականանում է իր անասուններով: Նա հովիվ է: Նա չունի տուն և հաստատ բնակություն. նրա օթևանը իր չադրն է, որը կազմում է այնտեղ, ուր կարող է իր անասունների համար ճարակ գտնել: Ձմեռային ձյուները միայն քշում են քուրդին իր սիրելի սարերից, այն ժամանակ ևս մի հայի տուն միշտ պատրաստ է ընդունել ինքնակոչ հյուրին: Այնտեղ քուրդն իր անասունների հետ անցուցանում է ձմեռը, մինչև գարունը կրկին կոչում է նրան դեպի լեռների գիրկը:
Քրդի կերակուրն է` իր անասունների կաթը, մածունը, պանիրը, սերը, կարագը և յուղը. նա չէ դիպչում նրանց մսին: Քրդի հագուստն, ոտքից մինչև գլուխ, կազմված է իր անասունների բուրդից և կաշուց, իսկ այդ բոլորը պատրաստում է նրա կինը: Տղամարդը տնտեսության մեջ ավելի չէ խառնվում. նա պատե-րազմական մարդ է: Երկրագործությունը, արհեստը քրդի համար ստոր պարապմունքներ են, որոնց նա արհամարհում է, համարելով ռայայի գործ: Վաճառականությունը նրա մեջ դեռ պահպանել է իր հին նահապետական ձևը: Նա տալիս է, օրինակ, քսան ոչխար և գնում է մի ձի. նա փոխում է իր յուղը, պանիրը, բուրդը երկրագործի ալյուրի հետ կամ արհեստավորի շինած այս և այն գործիքի հետ: Եվ այս բոլորը կատարում է նա չափազանց միամտությամբ. ամեն առևտուրի մեջ խաբվում է նա. ամեն փոխարինության մեջ որսում է նրանից հայ կամ հրեա մանրավաճառը իր շահերը: Որովհետև այսպիսի հարաբերությունների մեջ քուրդը գործ չէ դնում իր սուրը և մարմնական ուժը, որ նրա մեջ շատ զարգացած են, այլ նա բանեցնում է իր հմտությունը և խելքը, որոնք նրա մեջ խիստ թույլ են:
Քուրդը խաբեբա չէ. նա հավատարիմ է իր խոստմունքը կատարելու մեջ: Նա մնում է միշտ ճիշտ իր պարտքը վճարելու մեջ: Վճարել այն, ինչ որ պարտքով էր առած, և կողոպտել ուրիշի սեփականությունը երկուսն էլ միօրինակ սուրբ են նրա համար: Առաջինի մեջ նա պահպանում է իր պատիվը և խոսքը, իսկ, երկրորդի մեջ` իրավունքը և արդարությունը: Որովհետև քրդի համար ոչինչ ընդդեմ չէ իրավունքի և արդարության, երբ նա սեփականացուցած էր սրի և հաղթության ուժով: Սուրը և հաղթությունը արդարության կշիռն է նրա և իր հակառակորդի մեջ:
Այսպես է վարվում ամեն մի ավազակ. այսպես է վարվում ամեն մի հասարակություն, որ նույն բնավորությունն ունի. այսպես է վարվում մի ամբողջ պետություն, որ ավազակի դեր է խաղում...
Այսքանը բավական համարելով քրդի բնավորության և ընտանեկան կենցաղավարության մասին, դառնանք այժմ դեպի նրա քաղաքական կյանքի կազմակերպությունը:
Քրդերի ցեղերը կառավարվում էին իրանց էլ-աղասիների (ցեղապետների) և շեյխերի (դենպետների) գլխավորությամբ:
Ցեղապետը, որ կոչվում է «միրե» (տեր), չէ նշանակվում ընտրողական սկիզբներով. նա, որպես ցեղի նահապետը, սերունդից սերունդ, տիրում է ժառանգաբար: Ամբողջ ցեղը հպատակվում է նրա իշխանությանը խոնարհ, որդիական հնազանդությամբ. նրա սուրը, նրա ձեռքը, նրա կյանքը միշտ պատրաստ են ծառայելու պետի կամքին և հաճույքին, որքան և չար կամ բարբարոսական լինեին նրանք: Ցեղապետն է վճռում իր ժողովրդի վեճերը, նա է բաժանում ավարը հափշտակողների մեջ, նա է առաջնորդում իր ցեղին կռվի ժամանակ, նա է ուղարկում խումբերը ավարառության համար: Ցեղապետը ամեն առավոտ իր չադրի մեջ նստած, ընդունում է ցեղի նշանավոր տղամարդերին, որոնք իրանց զինվորական ամբողջ կազմվածքով, ներկայանում են նրան, լսելու պետի պատվերները: Այնտեղ ծխում են հյուրասիրության չիբուխը, խմում են մի-մի ֆինջան դառն զահվե: Մի այսպիսի «սալամը» կատարվում է ամեն առավոտ իր բոլոր ճշտությամբ:
Իսկ շեյխերը նշանակվում են գլխավոր դենպետից. նրանք ունեն իրանց մուֆթիները և ղազիները: Շեյխերը կատարում են ցեղի կրոնական պահանջները, որպիսի են` ամուսնություն, թլպատություն և հրապարակական նամազ: Իսկ կռիվների մեջ նրանք մասնակցում են որպես զինվոր, բայց ավարառությանց մեջ` որպես ավազակապետ: Այսուամենայնիվ նրանք վայելում են ցեղի համակրութ-յունը նույն չափով, որքան ջերմ էր կրոնական զգացմունքը մի պարզ և կիսավայրենի ժողովրդի մեջ, որպես էր քուրդը:
Տարոնի և Վասպուրականի ամբողջ նահանգները բաժանված էին քրդերի զանազան ցեղերի մեջ: Իսկ յուրաքանչյուր ցեղի մեջ երկրի բաժանմունքը ամենախոշոր մասներից հասնում էր իր ամենափոքր մանրերորդին: Այսինքն, սկսյալ մի գավառից, մի փոքրիկ վիճակից և մինչև անգամ մի գյուղից և մի ընտանիքից, յուրաքանչյուրն առանձին-առանձին տերեր ունեին, և յուրաքանչյուր բաժինը հավասարվում էր տիրողի զորության բարձր կամ ստոր աստիճաններին:
Ռայան հպատակը, վճարում էր այլևայլ հարկեր հողի մշակության համար, իր անասունների համար, իր արհեստի համար, իր բնակության տեղի համար, իր գլխի համար, մի խոսքով, ամեն բանի համար, որ վերաբերում էին նրա կյանքի և ապրուստի անհրաժեշտություններին: Հարկերի չափը և նրանց քանակությունը ոչ կշիռ ունեին և ոչ սահման. դա կախված էր առնողի խղճմտանքից: Ռայայի տեր լինելու և հարկեր պահանջելու արտոնություն վայելողները կոչվում էին խաֆիր կամ դարաբեյիններ: Դրանք ցեղի մեջ որևիցե նշանակություն ունեցող ազնվական մարդիկ էին: Օրինակ, գլխավոր ցեղապետը ունի իր ազգակիցները կամ պաշտոնակալները, նրանց ապրուստի համար տալիս է մի կամ ավելի գյուղեր, որոնց հասույթով պետք է կառավարվեն նրանք. այսպիսիները ստանում են խաֆիրության իրավունք: Նույնիսկ պաշտոնականները կամ ցեղապետի ազգակիցներն ունեն ծառաներ կամ սպասավորներ. նրանց ռոճիկի փոխարեն տալիս են իրանց ստացած գյուղերից մի կամ շատ ընտանիքներ որպես ծուխ, և այն ծառան վարվում է նույն ընտանիքների հետ, որպես իր սեփականության կամ հպատակների հետ: Ահա՛ պատճառը, որ երկրի բաժանմունքը, սկսյալ ամենախոշոր կտորներից, հասնում էր մի ընտանիքի:
Որպես իշխանությունը, սկսյալ ցեղապետից, աստիճանաբար իջնում էր մինչև վերջին սպասավորը, նույնպես և սեփականության իրավունքը, սկսյալ երկրի խոշոր կտորներից, հասնում էր նրա ամենափոքր մասին:
Բայց երկիրը աղաների (խաֆիրների) տոհմային կամ կալվածական ժառանգությունը չէր, այլ նա սեփականացուցած էր սրի ուժով. այս պատճառով, նա անդադար անցնում էր մի տիրապետողից դեպի մյուսը, որի սուրն ավելի զորություն էր ստանում:
Եվ այսպես, պատերազմը տիրողների մեջ դառնում էր մշտական, անընդհատելի:
Պատերազմների ժամանակ, յուրաքանչյուր հակառակ կողմերի, թե հաղթության և թե հաղթվելու միջոցին, բնակիչների վիճակը սարսափելի էր: Օրինակ, մի ցեղ կամենում է խլել մյուս ցեղի ձեռքից երկրի այս կամ այն մասը նա կամ հաղթելով տիրում է, կամ ավար առնելով, թալանելով ամեն հանդիպածը, ետ է դառնում: Այսպիսի դեպքերում ժողովուրդը թողնում է իր տունը, տեղը, մշակության դաշտերը, և իր գլուխը միայն ազատելու համար, պատսպարվում է լեռների անմատչելի տեղերում: Կռիվը տևում է երկար: Անասունները, անտեր մնալով, թշնամին կողոպտում է. հունձքը, անխնամ մնալով, չորանում է, ոչնչանում է, և կռիվներից հետո վրա է հասնում մի նոր, ամենասարսափելի թշնամի-սովը:
Ժողովուրդը միշտ գտնվում էր անվերջ երկյուղի և հուսահատության մեջ: Նա չգիտեր, թե էգուց կարո՞ղ է հանգիստ լինել, որովհետև թշնամին միշտ կանգնած էր որպես ասում են` նրա քամակին: Կռիվների փոթորիկների մեջ եթե մի անգամ զրկվեցան նրա մշակությունները բերքից, մյուս օրը նա ուտելու հաց չուներ: Որովհետև նա ապագայի համար պաշար չէ պահում, նախ, որ ապահով տեղ չունի պահելու, երկրորդ, ավելորդ ծանրությունը միշտ արգելում է նրա փախուստը թշնամու ձեռքից, երբ նա աշխատում է ազատել իր գլուխը միայն:
Կռիվները, ժողովրդի անդադար անցնելը մեկ տիրապետողից դեպի մյուսը, սպառում էին բնակիչների կյանքը սրով, կրակով և սովով:
Հանկարծ երկրի նախկին տիրապետողն իրան հաղթված է համարում. որպեսզի նա հաղթողի համար շահվելու ոչինչ չթողնե, հրդեհում է ամբողջ գյուղորայք, ավերում է քաղաքները, կրակ է տալիս հասունացած հունձքերին, և բոլորովին անապատ դարձնելով երկիրը, որ պատկանում էր իրան, այնպես թողնում է և հեռանում: Այսպիսի հանգամանքներում քուրդը կորցնելու ոչինչ չուներ, որովհետև նա մի ժամանակավոր հյուր էր. իսկ այն բոլոր կրակի նյութ դարձած շինությունները պատկանում են հայ կամ օտարազգի բնակիչներին. այն բոլոր մշակությանց արդյունաբերությունը նրանց ձեռքերի վաստակն է: Նույն բարբարոսությամբ վարվում էր և հարձակվողը, երբ տեսնում էր թե տիրելու անկարող է: Նա խույս էր տալիս կռվի դաշտից, իր հետքից թողնելով ավերակներ և ամայություն:
Ժողովուրդը միշտ գտնվում էր նույն դրության մեջ, որպես մի թռչուն, որի բույնը քանդված էր չար երեխայի ձեռքով. նա նստած է միշտ օրորվող տերևի վրա և չգիտե ի՞նչ անե: Բնակիչը սիրտ չուներ կրկին նորոգելու իր խրճիթը, որովհետև մտածում էր` արդյոք երկա՞ր կարող է բնակվել նրա մեջ. սիրտ չուներ մյուս անգամ ցանել իր արտը, որովհետև հույս չուներ, թե կհաջողվի՞ իրան քաղել իր հունձքը: Նրա տան շարժական իրեղենները միշտ թաղված էին հողի մեջ կամ նրանց համար հատուկ շինված ստորերկրյա պահարաններում, որպեսզի, փախուստների ժամանակ թշնամու ձեռքը չընկնեն: Բայց հաջողվո՞ւմ էր նրան մյուս անգամ դուրս բերել իր կայքը գերեզմանից, խիստ հազիվ, որովհետև շատ անգամ թաքցնողը, հանդիպելով թշնամուն, զրկվում էր կյանքից և իր պահարանի գաղտնիքը տանում էր դեպի մյուս աշխարհը: Այս է պատճառը, որ Հայաստանում մինչև այսօր գետինը փորելու ժամանակ գտնվում են այնքան շատ պղնձե, երկաթե իրեղեններ, կանանց զարդեր. դրանք պատերազմների միջոցներում թաքցրած կայքեր են, որոնց տերերն իրանց հետ իջել էին գերեզման:
Այսպես էր այն ժամանակ հայի վիճակը Տարոնի և Վասպուրականի մեջ, նրա դժբախտությունն ավելի նրանումն էր կայանում, որ տիրող բռնավորը-քուրդը երկրի տերը չէր, այլ զանազան թափառական ցեղերից բաղկացած մի ամբոխ, որ կատաղի մրրիկի նման, տարուբերվում էր երկրի մի կողմից դեպի մյուսը, ոչնչացնելով ամեն կենդանություն, ամեն ինչ, որ արդյունաբերել էր արհեստը և մարդու աշխատասեր ձեռքը:
Քուրդը պետական փառասիրություն չուներ, և ոչ հասկանալի էր նրան աշխարհակալության հպարտությունը: Նա նայում էր իր նվաճած ժողովրդի վրա, որպես այն սարերի խոտերի վրա, ուր արածում էին նրա անասունները: Մեկը ժողովուրդը-մատակարարում էր իրա` քրդի պիտույքները, մյուսը-սարերի խոտերը ճարակ էին տալիս նրա հոտերին, որպես վերջինի աճեցնելու և մշակելու համար նա հոգ չէր տանում, նույնպես և ժողովուրդը խնամելու մասին նա չէր մտածում: Քուրդը վստահ էր, թե աշխարհի մեջ ամեն տեղ բաց է նրա ասպարեզը, ամեն տեղ կարող է գտնել այս տեսակ արոտներ, քանի իր սուրը կտրում է, քանի իր թևքը շարժվում է:
Վասպուրականի և Տարոնի նահանգներում, բացի ներքին խռովությունները քրդերի կողմից, լինում էին և հարձակումներ արտաքին թշնամիներից: Քիչ չէր պատահում, պարսիկներն արշավանքներ էին գործում և բազմաթիվ բախտախնդիր հրոսակներով թափվում էին այն երկրների վրա: Պատերազմը վերջանում էր կրակով, արյունով, գերևարությամբ և ավարառությամբ: Այսպիսի դեպքերում վտանգը հասնում էր դարձյալ բնիկ ժողովրդին, որովհետև քրդերը, եթե թշնամուն ընդդիմանալու կարողություն չունեին, թողնում էին երկիրը, քաշվում էին դեպի լեռների անմատչելի տեղերը, և սպասում էին մինչև թշնամու հեռանալը:
Քիչ չէր պատահում, և Օսմանյան պետությունն ուղարկում էր զորքեր խաղաղացնելու իր տերության սահմանագլուխները և նվաճելու ապստամբ քրդերին: Եվ տաճկի ասկերը վարվում էր նույն բարբարոսությամբ, որպես պարսիկները: Որովհետև տաճկի տիրապետելը կամ իսպառ չէր հաջողվում, կամ եթե հաջողվում էր, լինում էր ժամանակավոր, և ասկերը, դատարկաձեռն ետ չդառնալու համար, հափշտակում էր ամեն հանդիպածը:
Ահա՛, այսպիսի դրության մեջ էին այն ժամանակ Արզրումի, Բայազեդի, Հաղբակա, Վանի, Բաղեշի, Մուշի, Շատախու, Սասնո, Խիզանու, Մոգաց, Չարսանջախու, Քեղվա գավառները, իրանց բազմաթիվ հայ բնակիչներով: Նրանց տիրում էր մի ավազակ ցեղ, որի աջ ձեռքը իր սուրն էր, որի ոտքերը-իր նժույգն էր, որի տունը-իր թեթև չադրը, որի հայրենիքը-ամեն տեղ, որի հունձքը-թշվառ մարդկությունը, որի օրենքը և իրավունքը իր կամքը, որի կյանքի նպատակը փշրել, խորտակել և ոչնչացնել, որի գործող ոգին-իր երկաթի սիրտը, վայրենի կատաղությունը և գազանական հանդգնությունը...
ԻԶ
Ի՞ՆՉ է ՊԱՐՍԻԿԸ
Այսքանը բավական է Վասպուրականի և Տարոնի մասին, դառնանք այժմ դեպի Ատրպատականը, այսինքն` Պարսկաստանի մասը:
Ես կհիշեմ Ատրպատական նահանգի այն գավառները միայն, ուր հայեր էին բնակվում. դրանք էին` Սալմաստ, Խոյ, Մագու, Գունեյիստան, Մարանդ, Ուրմի, Սուլդուզ, Սովուխբալախ, Գուխարղան, Մարաղա, Թաբրիզ, Ղարադաղ, Արդաբիլ: Բացի հայերից, հիշյալ գավառներում բնակվում էին Ղզըլբաշ կոչված թուրքերը, որոնք կազմում էին ժողովրդի մեծ մասը, և այստեղ ու այնտեղ ցրված էին` հրեաներ, ասորիներ, քրդեր, բոշաներ:
Տիրող ազգը-պարսիկն էր, որոնց մեջ նույնպես կային ցեղեր, որպես էին` լաքերը, ավշարները, թաթերը և Ղարադաղի զանազան էլաթները, որոնք ընդհանրապես խիստ հազիվ էին որոշվում միմյանցից թե տիպերով, թե սովորություններով և թե բարբառներով: Խոսում էին թուրքերեն լեզվով, որ շատ տարբերվում է Օսմանյան տաճկերենից. կրոնքով մահմեդականներ էին և պատկանում էին շիա աղանդին: Կրոնքի հոգևոր ներկայացուցիչներն էին մոլլաները, չափազանց խորամանկ, փառասեր և կեղծավոր մի հասարակություն, որ արտաքին բարեպաշտությանբ, ծածկված ավելի ճգնավորական դիմակով, գրավել էին ժողովրդի խորին հարգանքը, միևնույն ժամանակ մտցրել էին նրա մեջ կույր սնահավատություն և խավար մոլեռանդություն: Նախապաշարմունքները մուսուլմանների մեջ, մահմեդականության չպատկանող ազգերի վերաբերությամբ, հասնում էին խելագարության: Ինչ ազգ չէր հետևում իսլամին, նա համարվում էր պիղծ, զրկված թե այս աշխարհի և թե հանդերձյալ կյանքի երանություններից, որոնց պատրաստել էր ալլահը միմիայն Մուհամմեդի շիաների համար: Այս պատճառով, մահմեդականը, ոչ միայն ատելությամբ էր նայում դեպի այլակրոնները, այլ իրան մեղք էր համարում սերտ հարաբերություններ ունենալ նրանց հետ: Մահմեդականը չէր ուտում կերակուրը, որ պատրաստված էր այլակրոնի ձեռքով, նա չէր հագնում հագուստը, որ գործված էր այլակրոնի ձեռքով. նա իր տան մեջ չէր բանեցնում կարասիք, որոնց արհեստագործել էր այլակրոն մարդը. մի խոսքով, նա պիղծ էր համարում բոլոր արդյունաբերությունը, որ դուրս էր գալիս մահմեդականության չպատկանող ազգերի ձեռքից: Նա պիղծ էր համարում և այլակրոնների անձը. օրինակ, մի հայ, մի հրեա, մի ասորի անձրևային օրերում, թաց հագուստով չէին կարող քսվել մահմեդականին. այս համարվում էր սրբապղձություն և անզգույշ հանցավորը կրում էր իր պատիժը: Ահա այսպիսի և դրանց նման շատ խտրություններ, որոնց դրել էր մահմեդականությունը մուսուլմանների մեջ, ոչ միայն քրիստոնյաներին և հրեաներին ենթարկում էին իսլամի հալածանքին, այլև զրկում էին նրանց շահվել իրանց արդյունաբերությունից, և վնասում են իրանց տնտեսությանը: Դա էր գլխավոր պատճառը հայերի, հրեաների և ասորիների աղքատության:
Մոլլաները, բացի իրանց ժողովրդին հոգևոր ուղղություն տալուց, կատարում էին և չարիաթի գործադրությունը, այսինքն, նրանց ձեռքումն էր օրենքը և արդարությունը, որ ավանդել էր ալլահը Մուհամմեդի միջնորդությամբ: Ամեն գործ, թե քրեական, թե քաղաքական, վճռվում էր նրանց ձեռքով: Այստեղ ևս այլադավանները զրկվում էին շատ իրավունքներից, որ վայելում էին մահմեդականները: Օրինակ, մի քրիստոնյա ունե դատաստանական գործ մահմեդականի հետ. գործը քննում է մոլլան. քրիստոնյան իր իրավունքը հաստատելու համար չէր կարող ներկայացնել վկաներ իր հավատակցիներից, որովհետև քրիստոնյայի վկայությունն ընդունելի էր դատարանում այն ժամանակ միայն, երբ նա տված կլիներ հօգուտ մահմեդականի, իսկ ընդդեմ մահմեդականի վկայելու նա իրավունք չուներ: Այսպիսի դեպքերում պահանջվում էր քրիստոնյայից մահմեդական վկաներ. բայց ոչ մի մահմեդական չէր ցանկանա քրիստոնյայի օգտի մասին վկայել, որովհետև այդ կհամարեր իր համար մեղք: Ուրեմն թե առաջին և թե վերջին դեպքերում քրիստոնյան զրկվում էր վկաներ ներկայացնելուց, և, իհարկե, տարվում էր գործը, մի այնպիսի դատարանում, ուր գործերը վճռվում էին ըստ մեծի մասին հիմնվելով վկաների ցուցմունքների վրա:
Դատարաններում փաստաբան լինելու իրավունք ունեին միայն մահմեդականները, իսկ մահմեդական փաստաբանը, չէր կարող պաշտպանել քրիստոնյայի գործը, երբ հակառակ կողմը մահմեդական էր: Քրիստոնյան ստիպված էր ինքը խոսել իր գործի մասին, մի այնպիսի դատարանում, որի օրենքները բոլորովին անծանոթ էին նրան: Այս դեպքում ևս նա զրկվում էր իր իրավունքը պաշտպանելուց և հետևանքը լինում էր գործի տարվելը:
Ես չեմ ուզում մանրամասնաբար գրել, թե որպես խորամանկ շարիաթը սահմանափակում էր իսլամը չդավանող ազգերի իրավունքները և զրկում էր նրանց բարոյական և նյութական բավականությունից, միայն այն կասեմ, թե որպիսի որոգայթներ էր լարում նա ուրիշ ազգություններից որսալ դեպի մահմեդականություն: Աղջիկներ, տղաներ գողանալ, հափշտակել նրանց և բռնությամբ մահմեդականություն ընդունել տալ, դա ամենօրյա և սովորական գործ էր: Բայց կային և այլ հնարներ, որոնք գրավում էին քրիստոնյայի հաճությունը թողնել իր կրոնքը: Մահմեդականություն ընդունող քրիստոնյան, բացի նրանից, որ բավականին օժանդակություն էր ստանում իր նոր հավատակիցներից, բացի նրանից, որ նա գրավում էր նրանց հարգանքը և վրեժխնդիր էր լինում իր հին կրոնակիցներից, եթե ուներ մեկի հետ ոխ կամ թշնամություն, այլև, նա տեր է լինում բոլոր թե շարժական և թե անշարժ ժառանգությանը, որ պատկանում էր նրա ազգակիցներին: Այլ խոսքով, որևիցե գերդաստանի անդամներից մեկը, մահմեդականություն ընդունելով, իրավունք էր ստանում տիրել բոլոր կայքերին, ինչ որ պատկանում էր նույն գերդաստանին: Մի այսպիսի արտոնությունը կարող էր գրավել շատ անբարեխիղճ քրիստոնյաների շահասիրությունը, մանավանդ երբ նրանք ընտանեկան անբավականություններ ունեին միմյանց հետ: Եվ օրինակներ պատահում էին ոչ սակավ:
Բացի հիշյալ աշխարհային արտոնություններից, որ ստանում էր նոր մահմեդականություն ընդունող քրիստոնյան, նա օրենքով վայելում էր մի ավելի մեծ արտոնություն մյուս աշխարհում, նրա որդիքը մինչև յոթն սերունդ երկնքի դատաստանի առջև ազատ էին մնում ամենայն պատասխանատվությունից իրանց մեղքերի մասին. որպիսի և հանցանք գործած լինեին նրանք, նրանցից հարցուփորձ չէր լինելու...
Քրիստոնյաների կրոնական արարողությունները իրանց կատակի և ծաղրածության առարկա դարձնելը մահմեդականների գլխավոր զվարճություններից մեկն էր: Քիչ չէր պատահում, երբ խաները հարսանիք ունեին, կամ իրանց տոների ժամանակ, ուրիշ շատ կատակերգությանց թվում, բերել էին տալիս և հայոց քահանաներ իրանց եկեղեցական սպասով, ստիպում էին պատարագ մատուցանել կամ այլ ծեսեր կատարել: Ես երբեք չեմ կարող մոռանալ, երբ այսպիսի հանդեսներից մեկի մեջ խանը հրամայեց քահանային սաղավարտը դնել իր շան գլխին, շուրջառը գցել նրա վրա, և ստիպեց տերտերին իր բուրվառով խնկարկել շանը: Տերտերը իհարկե չկատարեց հրամանը: Ողորմելի քահանային շան հետ միասին գցեցին մի տոպրակի մեջ, բերանը կապեցին և սկսեցին բազմության առջև փայտով ծեծել: Քահանայի հառաչանքը, շան կնձկնձոցը, միախառնվելով միմյանց, դարձյալ զվարճություն էին պատճառում անգութ բարբարոսներին:
Մահմեդականները չունեին զորանոցներ: Հայոց վանքերը և եկեղեցիները միշտ ունեցել են և ունեին օթևաններ, և պատերազմների ժամանակ նրանք դառնում էին մահմեդական զինվորների բնակարաններ. իսկ սուրբ տաճարը, որովհետև ավելի ընդարձակ էր, գործ էին դնում որպես ախոռ ձիաների համար: Իհարկե, միևնույն ժամանակ կողոպտում էին ինչ որ գտնվում էր տաճարի մեջ: Շատ անգամ ևս վանքերը և եկեղեցիները ծառայեցնում էին որպես ոչխարների ձմեռանոցներ: Ի՞նչ հայ կարող էր ընդդիմանալ, ո՞վ կարող էր մի խոսք ասել, նրա լեզուն իսկույն կկտրեին:
Քանդված վանքերը, եկեղեցիները կրկին նորոգելու կամ կարկատելու իրավունք չկար: Շատ անգամ պատահում էր, տաճարի կտուրը ծածկվում էր կամ ճեղքվում էր. ձյունը, անձրևը, ցած էր թափվում: Որմնադիր հրավիրել անկարելի էր: Վարդապետները, քահանաները, եթե միջոց էին գտնում, շինում էին գաղտնի, այն ևս գիշերով: Ծա՜նր էր մի այսպիսի հանցանքը, եթե հայտնվեր նա. պատիժը վերջանում էր ամենասարսափելի կերպով: Նոր վանքեր կամ եկեղեցիներ շինելու թույլտվություն չկար. այդ կարող էր հաջողվել այն ժամանակ միայն, երբ մի մեծ գումարով քիրստոնյաները կգնեին այս և այն իշխանի հաճությունը: Իսկ զանգակի ձայն ամենևին չէինք լսում. զանգահարությունը արգելված էր:
Մահմեդականների հալածասիրությունը ոչ միայն բռնաբարում էր քրիստոնյաների կրոնական ազատությունը, ոչ միայն սրբապղծում էր ամեն ինչ, որ նրանց համար նվիրական և աստվածային էր, այլև արատավորում էր նրանց ընտանեկան պատիվը: Ես գիտեմ հարյուրավոր և հազարավոր օրինակներ, թե որպես հայ կինը, հայ աղջիկը զոհվում էր մահմեդականի անբարոյական կրքերին: Ես երբեք չեմ կարող մոռանալ, այս պատահեց մեր քաղաքում երբ խանի սպասավորները եկան իրանց տիրոջ համար տանելու մի աղջիկ. հայրն երկար աղաչում էր, որ չխլեն իր աղջիկը: Երբ հոր արտասուքը չկարողացավ շարժել նրանց գութը, նա առեց մի դանակ, և խրելով իր դստեր կուրծքի մեջ, ասաց` «հիմա տարեք այս դիակը»: Նույն օրը խեղճի տունը հրդեհեցին և ինքը մեռավ բանտի մեջ: Ես գիտեմ մի օրիորդ, որին խանի որդին դաշտումը հանդիպելով, ասել էր` «աղջիկ, ի՛նչ լավ են քո աչքերը»: Մյուս օրը, երբ եկան նույն աղջկան տանելու խանի որդու համար, գտան երկու աչքով ևս կույր: Օրիորդն ինքն էր կուրացրել իր աչքերը, գուցե դրանով կարողանա ազատել իր պատիվը: Իսկ այսպիսի օրիորդ և այնպիսի հայր շատ քիչ էին գտնվում. մեծ մասը ենթարկվում էր կատաղի բռնաբարության... Կորուստը մեծ էր, որովհետև մի անգամ մահմեդականի հարեմխանայում ներս տարած հայ կնոջը էլ այնտեղից դուրս չէին թողնում: Խանը իր հաճությունը կատարելուց հետո ամուսնացնում էր նրան իր սպասվորներից մեկի հետ, ինչպես նա իր հնացած հագուստը պարգևում էր այս և այն ծառային որպես խալաթ:
Թե բռնի և թե կամավոր կերպով, մի անգամ մահմեդականություն ընդունող մարդը, շարիաթի օրենքով, կրկին վերադառնալ դեպի իր նախկին կրոնքը չէր կարող: Եթե տղամարդ էր նա, ամեն մի մահմեդական նրան հանդիպելիս, իրավունք ուներ սպանելու, իսկ եթե կին էր, պետք է դնեին նրան բանտում և այնքան տանջեին, մինչև կրկին խոստովանվեր, թե ընդունում է իսլամը:
Ղզըլբաշ-թուրքերը ազգային գրականություն չունեին, բայց արաբական և պարսից դպրությունը շատ ծաղկած էր նրանց մեջ: Գյուղերը և քաղաքները լիքն էին մզկիթներով, և յուրաքանչյուր մզկիթին կից կար մի վարժատուն: Բացի մոլլաներից, աշխարհական մարդը դասատվություն անելու իրավունք չուներ. այս պատճառով ուսումը և դաստիարակությունը ժողովրդի մեջ ընդունել էր կրոնական բնավորություն: Հին սերունդը մոլորված էր կրոնքի ֆանատիկոսության մեջ, այն կրոնքի, որ բացի իրանից չէր համբերում ուրիշ դավանություններին: Նոր սերունդը ընթանում էր նույն ուղղությամբ, որովհետև առաջնորդող անձինքը մոլլաներն էին: Այստեղից հասկանալի է թուրքերի և պարսիկների հալածասիրությունը այլադավանների վերաբերությամբ:
Հալածանքներին վիճակակից էին բացի հայերից և ասորիները, հրեաները և բոշաները:
Բացի մոլլաներից, կային և սեիդներ, նրանք համարվում էին մեծ մարգարեի որդիներ: ժողովրդի այս դատարկապորտ, ծույլ և անգործ դասը ապրում էր տասնորդներով, որ ամեն մի մահմեդականի պարտավորությունն էր վճարել նրանց: Ոչ մի օրենք չէր սահմանափակում նրանց բռնությունները, որովհետև նրանք օրենք տվողի-Մուհամմեդի-անմեղանչական որդիքն էին: Ոչ միայն այլադավանները, այլ իրանք մահմեդականները չափազանց նեղված էին սեիդներից, որոնք գործում էին, ինչ որ կամենում էին: Աշխարհի դատարանները պատժի ենթարկել նրանց չէին կարող. ստոր մահկանացուն իրավունք չուներ դատել երկնքի որդիներին, և դրա համար սեիդներն անձնատուր էին եղած իրանց անսանձ կամայականությանը: Այս րոպեիս էլ սարսափում եմ ես, երբ մտաբերում եմ այն բոլոր չարագործությունները, որ անում էին այդ անիրավները. ո՜րքան ավերմունքի, ո՜րքան արյան, ո՜րքան ընտանիքների աղքատության պատճառ էին դառնում նրանք...
Ատրպատականը Պարսկաստանի մեկ մասն էր, բայց նա իբրև ֆեոդալական երկիր (մուլքը թավաիֆ), բաժանված էր զանազան խաների, բեկերի, շահզադաների և այլ ազնվական տների մեջ: Նրանք, կոչվում էին աղաներ: Աղաները համարվում էին բարձրագույն դռան կամ շահի վասալներ: Բացի աղաներից, կալվածական բաժիններ ունեին մեծ մոլլաները, որպես հոգևորականության ներկայացուցիչներ և սեիդներ, որպես մեծ մարգարեի որդիներ: Վասալները երբեմն վճարում էին շահին իրանց կալվածների հասույթից մասնավոր տուրք, պատերազմի ժամանակ օգնում էին նրան, իսկ շատ անգամ, ապստամբվելով, ոչ առաջին պարտավորությունն էին կատարում և ոչ վերջինը: Քիչ չէր պատահում, որ նույնիսկ խաները, բեկերը, շահզադաները միմյանց դեմ պատերազմ էին հարուցանում, հարձակվում էին միմյանց երկրի վրա, ավերում էին, հրդեհում էին, թալանում էին և գերիներ էին տանում: Գերին նրանց համար նույնպես մի ապրանք էր, որպես տնային կայքը, որովհետև հետո վերադարձնում էին, նրա փոխարեն փրկանք ստանալով: Այս պատճառով կռիվը և թշնամական հարաբերությունը ֆեոդալական իշխանների մեջ մնում էին անխզելի:
Եվ այսպես, բոլոր գյուղորայքը բաժանված էին աղաների մեջ. շատ տեղ մի գյուղը ուներ մի քանի աղաներ: Բայց թե կառավարության ձևը, թե աղաների հարաբերությունները կամ նրանց պայմանները գյուղացիների հետ այստեղ այնպես չէին, ինչպես որ էր Վասպուրականի և Տարոնի նահանգներում, ուր տիրապետում էին քրդերը: Ատրպատականում աղան համարվում էր կալվածատեր: Հողը մի ժամանակ նրան շահից շնորհված, որպես աղբյուր իր վասալի ապրուստը բավականացնելու սերունդից սերունդ անցնելով և պատմական փոփոխությունների պատճառով, դարձել էր նրա սեփականություն: Նա իրավունք ուներ գրավ դնելու իր հողը, վաճառելու և ամեն կերպ նրանից շահվելու: Բայց քրդերը կալվածատերեր չէին. նրանց մեջ աղաներից մեկը սեփականացնում էր սրի ուժով մի կտոր հող, մյուս աղան, ավելի զորեղ գտնվելով, խլում էր նրա ձեռքից, և այսպես հողը անդադար անցնում էր մի աղայից դեպի մյուսը:
Աղայի հարաբերությունները և նրա պայմանները, հողի մշակության մասին, ռայայի (հպատակի) հետ, ամեն տեղ միակերպ չէին: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր առանձին օրենքները և պայմանները: Մշակության բերքերից ստացվելու տասանորդները մի տեղ գյուղացիք վճարում էին հարյուրին տասն, մյուս տեղ տասն և հինգ, այլ տեղ քսան, երեսուն, քառասուն: Շատ տեղերում աղան կես էր կիսում բերքը, մի մասն ինքն էր վերառնում, մյուս մասը տալիս էր գյուղացուն: Ոմանք աղաներից բերքի երեք քառորդ մասն իրանք էին ստանում, մի քառորդը միայն տալիս էին մշակին: Ընտանի անասունների ամեն տեսակների համար հարկ էր վճարվում. հարկից ազատ էին միայն այն անասունները, որոնք գործում էին մշակության դաշտի մեջ, օրինակ, եզը, արու գոմեշը, որձ ձին. էգերը բոլորը հարկ էին վճարում: Ազատ չէր հարկից ինքը մշակը. նա ավելի անբախտ էր, քան իր եզը: Հարկեր վճարում էր և թռչունների համար. տասն հավ ունեցողը հինգ հատը տալիս էր աղային. նա պարտավոր էր ամեն տարի տալ և մի քանի տասնյակ ձվեր իր հավերի բերքից: Տուրքերի տեսակներն այնքան շատ էին, որ երկար, շատ երկար կլիներ մի ըստ միոջե թվել. միայն այսքանը կասեմ, որ գյուղացու ամեն մի աշխատությունը, ամեն մի պարապմունքը, թե արհեստ, թե երկրագործություն, թե վաճառականություն, բոլորը, բոլորը ենթարկված էին հարկերի տակ: Եվ հարկերի ծանրությունը կամ թեթևությունը զանազանվում էր այլևայլ տեղերում այն չափով, որքան տարբերվում էին միմյանցից աղաներն իրանց լավ կամ վատ հատկություններով:
Բացի հարկերից, ավելի անտանելի էին զանազան տեսակ մաքսերը: Յուրաքանչյուր բերք, որ ստացվում էր հողից, միևնույն երկրի մեջ վաճառվելու ժամանակ մաքս էր վճարվում: Արհեստավորների ամեն մի արդյունաբերությունը, օրինակ ջուլհակի գործած կտավը, կոշկակարի կոշիկները, դարբնի ձեռագործը և այլն, ազատ չէին մաքսերից: Մաքս էին վճարում և ղանազան գործարանները, որպիսիքն էին ներկարարության, կաշեգործության, չիթ շինելու, արաղ քաշելու, գինեգործության, ձիթահանության և այլն:
Բացի աղաների բաժինը, որ ստացվում էր մշակության բերքից, բացի հարկերից, որ վճարվում էր աղաներին, բացի մաքսերից, կային և արքունի տուրքեր, որ ստանում էին տերությունից գավառներում նշանակված կուսակալները: Արքունի տուրքը կառավարությունից որոշված էր ամեն մի գյուղի վրա նշանակյալ գումար: Բացի կուսակալները, ուշադրություն չդարձնելով կառավարության կարգադրությանը, առնում էին որքան և ցանկանում էին: Պատճառն ի՞նչ էր: Կառավարությունը գավառների ամբողջ տուրքը տալիս էր կուսակալներին կապալով. կուսակալները իրանց կողմից գավառի այս և այն մասը, այս և այն գյուղը նույնպես կապալով տալիս էին ուրիշներին. և այսպես կապալառությունը ձեռքից ձեռք անցնելով, ավելի և ավելի թանկանում էր, իսկ շահը դուրս էր գալիս դարձյալ գյուղացու քսակից: Այդ էր պատճառը, որ գյուղացին վճարում էր ավելի հարկ, քան այն գումարը, որ կառավարությունից նշանակված էր նրա գյուղի վրա, որպես արքունի տուրք:
Գյուղերի աղաները իրավունք ունեին դատել գյուղացիներին, ենթարկել նրանց պատիժների և տուգանքների, բանտարկել նրանց, վճռել նրսնց մեջ ծագած վեճերը, մի խոսքով, վարվել նրանց հետ, որպես իրանց ամենախոնարհ և հնազանդ հպատակների հետ: Եվ այս բոլորի մեջ կառավարող ոգին չէր օրենքը, իրավունքը կամ ճշմարտությունը, այլ-աղայի կամքը և նրա հաճույքը: Իսկ բարձրագույն կառավարությունը, որքան և ցանկանում էր, բայց չուներ այնքան ուժ աղաների, այսինքն` խաների, բեկերի, շահզադաների, մոլլաների, սեիդների, բռնակալությանց սահման դնելու:
Ահա՛ այս դրության մեջ էին այն ժամանակ` Սալմաստա, Խոյի, Մագվա, Գունեյստանի, Մարանդի, Ուրմիի, Սուլդուզի, Սովուխբուլախի, Դուխարղանու, Մարաղայի, Թաբրիզի, Ղարադաղի, Արդաբիլի բազմաթիվ գյուղերի բնակիչների վիճակը:
Եվ այսպես, Պարսկաստանում Ատրպատականի բնակիչների կյանքը, իսկ Տաճկաստանում Տարոնի ու Վասպուրականի բնակիչների կյանքը, ներկայացնում են երկու միմյանց շատ հակառակ պատկերներ: Պարսկաստանի մասում տիրում են պարսիկները, ղզըլբաշ-թուրքերը, իսկ Տաճկաստանի մասում` քուրդերը: Պարսիկ աղան, որպես ֆեոդալական կալվածատեր, սեփականել է հողը, և իր կառավարության բոլոր խորամանկությամբ, շարունակ կերպով քամում է գյուղացու ձեռքի վաստակը: Քուրդը հափշտակել է հողը և ժամանակավոր կերպով միայն շահվում է նրանից: Պարսիկը, որպես կրոնական նախանձով ոգևորված ազգ, լի մոլեռանդությամբ հալածում է այլադավաններին, չէ համբուրում ուրիշ կրոնքների, և ամեն միջոցներ գործ է դնում իր հպատակ ազգերին մտցնել մահմեդական մզկիթը: Քուրդը, բնության ազատ որդին, դեռ վարակված չէ կրոնական նախանձով: Պարսիկը նենգավոր է, խարդախ է, կեղծավոր է, նա խայթում է օձի պես, գետնի վրա սողալով: Քուրդը վայրենի հերոս է. նա որպես գազան չէ մեղանչում իր բնության դեմ. նա գործում է առանց նենգության. նա իր զոհերի վրա նայում է, որպես իր կերակուրի վրա: Պարսիկը, որպես մշտական երաժշտություն, հաջորդաբար ցամաքեցնում է, չորացնում է ամեն կենդանություն, մինչև անապատ է դարձնում երկիրը: Քուրդը անցնում է կատաղի հեղեղատի պես, ոչնչացնում է բոլոր հանդիպածը, բայց երբ կրկին ցամաքում է գետինը և հողը ետ է ստանում իր ուժը, այն ժամանակ կրկին բուսեցնում է բոլոր սերմերը, որ դրած էին նրա արգանդի մեջ:
Մեկը խորամանկ հարստահարող է, մյուսը մեծասիրտ ավազակ: Իսկ երկու դեպքումն ևս տանջվում է, սպառվում է անբախտ գյուղացու կյանքը...
Կարոն բացատրում էր ինձ այս բոլորը, ասում էր` թե գյուղացու վիճակը կարող է ավելի բարվոք լինել, եթե հասարակությունը ուրիշ ձևով կազմակերպված կլինի: Նա ասում էր, թե այն ժամանակ չարություն չի լինի, բոլոր մարդիկը բարի կլինեն, ամենի ապրուստը ապահովված կլինի. աղաների դարը կանցնե, կտիրե միայն արդարությունը և իրավունքը: Նա երկար ու երկար մեկնում էր, թե ինչ ձևով պետք է հասարակությունը կազմակերպել, որ զորեղն անզորին չճնշե, որ մշակ մարդու աշխատության վաստակը չխլեն և նա միշտ իր տանը ուտելու հաց ունենա, և ամենի վրա տիրե հավասարությունը...
Կարոն ուրիշ շատ բաներ ասում էր ինձ, բայց ես հիմար էի, շատ հիմար, նրա խոսքերը իմ գլխումը չէին մտնում, ես ոչինչ չէի հասկանում և սկսում էի նրա մտքերի դեմ հակառակել: Ես միայն ասում էի այս բոլորը աստուծո կամքովն է լինում. մարդը չէ կարող իր տիրոջ կամքին հակառակել. եթե աստված ուզենա, ինքը ժողովրդին հանգստություն կուղարկե, ինքը կուղղե նրա ճանապարհը: Երևի աստված չէ կամենում, որ ժողովուրդը իր անբախտ դրությունից դուրս գա, որովհետև այս նրա պատիժն է:
Կարոն շատ էր տխրում, երբ ես այսպիսի մտքեր էի հայտնում: Բայց ես հետո հասկացա, որ նա իր դատողությունների մեջ ուղիղ էր: Հասկացա, բայց խիստ ուշ...