Раффи

Կայծեր

1 - ԼԱ, ԼԲ

ԼԱ

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐ

Մարոյի ձեռքի վերքն այնքան թեթև չէր, որքան նա կամենում էր ցույց տալ. դանակը կտրել էր բթամատի պտղուցը կես եղունգի հետ: Բայց նա դրա վրա ուշադրություն չէր դարձնում և ողջ օրը զբաղված էր ուխտագնացության պատրաստություններով: Ես տեսնում էի, թե որպես նա մի ձեռքով հունցում էր խմորը նազուքներ և յուղով հացեր թխելու համար, որպես եռանդով պատրաստում էր մեղրալի հալվաները:

Պառավ Խաթունը նույնպես ոչ սակավ զբաղմանց մեջ էր. նա ինքը վազեց խունկ և մոմ գնելու գյուղի մանրավաճառից իր սեփական արծաթով, որ ետ էր գցել այսպիսի հոգեշահ բաների համար: Նա աշխատում էր վերջացնել իր գործած գուլպաների երկրորդ ջուխտը, որ պատրաստել էր վանահորն ընծայելու, որպեսզի նա իրան հիշե իր աղոթքների մեջ:

Այդ բոլորը կատարվում էր խիստ ջերմ և բարեպաշտական ոգևորությամբ:

Տխուր էր միայն Մարգարիտը, այդպես էր Հասոյի կնոջ անունը, նա չէր կարողանում համբերել, որ Մարոն և Խաթունը ուխտ էին գնում, իսկ ինքը մնում էր: Ինչո՞ւ չէին թողնում նրան, մի՞թե նա հոգի չուներ, մի՞թե նա չէր ուզում վանքի սրբությունները համբուրել: Վերջապես նրան ևս պետք էր որսորդի փակված խրճիթից դուրս գալ և արձակ աշխարհ տեսնել: Մարոն կապը կտրած հորթի նման, ուր որ ասես, գնում էր, բայց ինքը պետք է տանից դուրս չգա, նրա համար, որ Մարոն դեռ աղջիկ էր, իսկ ինքը` հարս… Երևի այսպես էր մտածում Մարգարիտը, երևի, այսպես էր բողոքում նրա լռության դատապարտված լեզուն իր սրտի խորքում:

Եվ իրավ, հայ ընտանիքի մեջ խիստ տարբեր էր հարսի և դեռ չամուսնացած աղջկա վիճակը: Աղջիկը վայելում էր բավականին ազատություն: Նա, ում հետ ուզում էր, խոսում էր. նա կարող էր ոտքը շատ հեռու դուրս դնել հոր տան շեմքից, գնալ դրացիների տները, գնալ արտը, դաշտը, ուր որ ուզում էր ման գալ, իհարկե, պահպանելով համեստության բոլոր պատշաճը: Նրա երեսը ծածկված չէր քողով, և լեզուն արձակ էր: Իսկ այն օրից, երբ նա նշանվեցավ մեկի հետ, նա իր բոլոր հարաբերությունները կտրում էր դրսի աշխարհի հետ. նա դառնում էր իր տղամարդի սեփականությունը. նրա աշխարհը լինում էր ամուսնի տան չորս պատերը: Նրա բերանը փակվում էր. ոչ ոքի հետ խոսելու իրավունք չուներ, նրա երեսը ծածկվում էր թանձր քողով, ոչ ոքին ցույց տալու իրավունք չուներ: Նա ապրում էր իր ամուսնի համար, որպես նրա ծածկյալ և վարագուրված սրբությունը, որի ներսը նայելու օտար ոք կարող չէր:

Այս վիճակի մեջն էր գտնվում խեղճ Մարգարիտը:

Իր փակված դրությունը հարուցել էր նրա մեջ նախանձի նման մի բան դեպի ուրիշների ազատությունը, դեպի Մարոն, որ դեռ մանուկ աղջիկ էր, և դեպի պառավ Խաթունը, որ կյանքի համար անպիտանացած էր: Մանկության և զառամության երկու հակառակ ծայրեր, որոնք ավելի չէին ենթարկվում ընտանեկան խստությունների պահանջներին:

Նույն ավուր երեկոյան պահն էր, որի մյուս առավոտը մենք պետք է ճանապարհ ընկնեինք դեպի վանքը: Ես գնացել էի ախոռատունը ձիս նայելու և պատանի Ատոյին դա Մըհեի օգնականն էր պատվիրելու, որ Մարոյի և Խաթունի նստելու ձիաների սարքը պատրաստեր, վաղ առավոտյան գարին տար, որ հովով ճանապարհ ընկնեինք: Դարձա իմ սենյակը մութը բավականին թանձրացել էր: Մարոն ամեն օր այս ժամուն ճրագ էր ներս բերում. այսօր, երևի, այնքան զբաղված էր, որ մոռացել էր, թե ես նստած եմ խավարի մեջ: Մեծ եղավ իմ զարմանքը, երբ տեսա փոխանակ Մարոյին հայտնվեցավ Մարգարիտը ճրագը ձեռին: Մոր փեշից բռնած, ներս մտավ և փոքրիկ Սալբին Հասոյի անդրանիկը և մի այնպիսի վախկոտ երես էր շինել չորս տարեկան երեխան, կարծես երկյուղ ուներ` չիցե թե մորը խլեն իր ձեռքից:

Մարգարիտը ձգած ուներ կարմիր քողը գլխին, որ առջևից ծածկում էր նրա երեսը մինչև գոտին, իսկ ետևից` բոլոր մեջքը: Նա առանց քողը բարձրացնելու, լուռ գլուխ տվեց և դրեց ճրագն իր տեղում: Ինձ երևաց, որ նա չէր ուզում հեռանալ, որպես ասում են` ոտքը քարշ գցեց, կարծես ուզում էր մի բան ասել ինձ: Նա կանգնեց ինձնացի փոքր-ինչ հեռու դռան մոտ, իսկ Սալբին տնկվեց մոր առջևը: Մայրը խթեց դստեր կողքը, դուստրն իր փայլուն աչքերը դարձրուց դեպի նա և հարցրուց.

Ի՞նչ աշեմ:

Մայրը թեքվեցավ, Սալբիի ականջին փսփսաց մի խոսք:

Աշա՛, ախպեր, ախար եշ էլ խեղճ եմ...

Սալբին շփոթվեցավ, նա մոռացավ մոր ասած պարբերության կեսը: Մայրը կրկին խթեց նրա կողքին և փսփսաց այս անգամ փոքր-ինչ լսելի ձայնով.

Խորա՜ծ, էսպես չեն ասի:

Թարգմանը կրկնեց նրա խոսքերը.

Խորա՜ծ, էշպեշ ցեն աշի:

Մայրը բարկանալով անհմուտ թարգմանի տգիտության վրա, այս անգամին ավելի սաստիկ խթեց նրա կողքին: Սալբին օրորվեցավ, ուզում էր ընկնել գետին, բայց հազիվ կարողանալով պահել իրան փոքրիկ ոտների վրա, տհաճությամբ հարցրուց.

Բա՛ , ի՞նցպեշ աշեմ:

Գլուխդ թա՜ղեմ, գիժ սատանա, տե՛ս, էդպես ասա՛ ախպեր, բա ես խեղճ չե՞մ, ամենը գնում են ուխտ, ես մնում եմ տանը:

Սալբին հաղորդեց ինձ.

Գլուխդ թա՜ղեմ, գիզ շատանա…

Մայրը բամփեց դստեր գլխին, փոքրիկ թարգմանը լաց ելավ, և ձգելով իր անախորժ պաշտոնը, դուրս փախավ:

Ես հասկացա, քույրս, ասեցի Մարգարիտին:

Նա անշարժ և լուռ մնաց իր տեղում, սպասելով իմ վերջին խոսքին:

Դու ուզում ես Մարոյի հետ ուխտ գնալ, այդպես չէ՞:

Նա գլուխը շարժեց հավանական եղանակով:

Ինչո՞ւ Հասոն չէ ուղարկում և քեզ:

Նա այժմ շարժեց ուսերը, որ նշանակում էր, թե ինքն էլ չգիտե:

Դու ցանկանում ես, որ ես խնդրե՞մ Հասոյից:

Նա գլուխ տվեց, իբր թե շնորհակալ կլինի:

Նույն միջոցին ներս մտավ Մարոն: Նրա երեսի վրա երևեցավ զարմացման նման մի բան:

Դո՞ւ այստեղ ինչ ես շինում, հարցրուց Մարգարիտից:

Հարսը ձեռքով ցույց ավեց ճրագը, իբր թե ճրագն էր բերել:

Մարգարիտն ուզում է գալ մեզ հետ, ասացի ես Մարոյին:

Թող գա, ավելի լավ: Բայց Հասոն ի՞նչ կասե:

Ես Հասոյից կխնդրեմ:

Մարոն ուրախացավ, և դառնալով դեպի Մարգարիտը, ձեռքը տարավ դեպի նրա քողը, բարձրացնելով ասաց.

Ումի՞ց ես երեսդ ծածկում, Ֆարհատի՞ց, ինչո՞ւ չես խոսում, քույրն եղբոր հետ չի՞ խոսի: Ֆարհատը ինչպես իմ, այնպես էլ քո եղբայրն է:

Մարգարիտը թեև շուտով քողը քաշեց երեսին, բայց ես կարողացա տեսնել նրա դեմքը. նա նմանում էր մի խամրած, դալկացած ծաղկի, որ երկար պահվել էր ծածկոցի տակ:

Մարոն կրկին ձեռքը տարավ դեպի նրա քողը: Մարգարիտը չկարողանալով դիմանալ նրա հանաքներին, մի բան ասաց Մարոյի ականջին և դուրս վազեց: Մարոն սկսեց ծիծաղել:

Ինչ ասաց նա:

Ասաց` «մեղք չէ՞, որ դու ասում ես` Ֆարհատն իմ եղբայրն է»:

Ինչո՞ւ է մեղք:

Տղան և աղջիկը երբ մեկմեկու հետ քույր ու եղբայր են դառնում, նրանք էլ…

Չեն պսակվում:

Հա՛: Մեր գյուղում մի տղա ու աղջիկ կային, խաչ-ավետարան համբուրեցին, քույր եղբայր դարձան. հետո նրանց հերն ու մերն ուզեցին պսակել նրանց. նրանք չպսակվեցան, ասեցին` մեղք է. թեև մինչև հիմա էլ սիրում են մեկմեկու:

Պսակվելու ժամանակ էլ խաչ-ավետարան են համբուրում:

Բայց քույր-եղբայր չեն դառնում:

Բա ի՞նչ են դառնում:

է՜ հ, դու չե՞ս իմանում...

Իմանում եմ: Դու շատ չար աղջիկ ես, Մարո, ի՞նչու այնպես արեցիր, երևի Մարգարիտը բարկացավ, որ նրա երեսը ինձ ցույց տվեցիր:

Նա չի բարկանա: Մարգարիտը լավ սիրտ ունի. նա քեզ շատ է սիրում. երբ գնանք աստվածածին, ես ճանապարհին նրան քեզ հետ կխոսացնեմ: Այնտեղ քույր-եղբայր դարձեք, Ֆարհատ: Հետո նա քեզ հետ միշտ կխոսի, երեսը չի թաքցնի, բայց հիմա կարգ չէ, ամաչում է:

Դու երբ որ հարս կդառնաս, դո՞ւ էլ երեսդ կծածկես, մարդու հետ չե՞ս խոսի:

Բա ինչպե՞ս. դրա համար են հարս դառնում:

Այդ բլբլացող լեզուդ ի՞նչպես պետք է լուռ պահես:

Կսովորեմ: Ախար տղամարդը կծեծե, երբ կնիկը իր երեսը ուրիշին նշանց տալու լինի:

Ես չեմ ծեծի...

Մարոն ծիծաղեց.

ՈՒրիշներն ի՞նչ կասեն, չե՞ն ասի` անամոթ հարս է:

Ներս մտավ Հասոն: Նա իմանալով, որ մենք վաղ առավոտյան պետք է գնանք, եկել էր տան համար կարգադրություններ անելու:

Թեև խիստ դժվարությամբ, այնուամենայնիվ ես կարողացա Հասոյին համոզել, որ Մարգարիտին ևս մեզ հետ ուղարկել: Այժմ դժվարությունը մնում էր մի ուրիշ բանում: Ուխտավորների թվի վրա երկու հոգի ևս ավելացավ՝ Մարգարիտը և փոքրիկ Սալբին, որ լսելով մոր գնալը, լաց եղավ, թե ինքն էլ է ուզում սուրբ աստվածածինը տեսնել: Ուրեմն մեր ամբողջ քարավանը կազմվում էր հինգ հոգուց: Նրանց թվի համեմատ գրաստները չորս հատ էին` իմ ու Հասոյի նժույգները, մի մատակ ձի և մի ավանակ: Ավանակը որոշված էր մեր պաշարները բառնալու համար. խեղճի բեռան վրա ավելացրին և Սալբիին: Հասոյի նժույգը և մատակ ձին Մարոյի և Մարգարիտի մեջ բաժանելով, պառավ Խաթունը մնում էր առանց երիվարի: Գյուղից գրաստ վարձել անկարելի էր, որովհետև գյուղացիներից և ոչ մեկը, բացի ծերունի որսորդից, ձիաներ և ավանակներ չունեին: Այս խնդիրը վճռեց ինքը Խաթունը. նա ասաց` եթե գրաստ ևս գտնվեր, ինքը դարձյալ ոտով կգնար, նրա համար, որ ուխտ է դրել յոթն անգամ հետիոտ սուրբ աստվածածին գնալ. վեցը կատարել է, մնում է մեկը: Թեև խիստ դժվար էր պառավի համար երեք օրվա ճանապարհը անցնել ոտով, բայց նա հավատացրուց, թե կկատարե առանց նեղացնելու իրան և ընկերներին: Մենք մեր կողմից խոստացանք` երբեմն վայր իջնել մեր երիվարնեից և տալ պառավին, որ նստե հանգստանալու համար:

Ոչ սակավ տևեց վեճը Մարգարիտի և Մարոյի մեջ. նրանցից յուրաքանչյուրն ուզում էր հեծնել Հասոյի նժույգը. հաղթությունը տարավ, իհարկե, Մարոն. մատակ ձին որոշվեցավ Մարգարիտի համար:

Մարոն ուներ իր փոքրիկ փառասիրությունը. նա ուզում էր հայտնվել ուխտավորների մեջ, նստած գեղեցիկ նժույգի վրա, և ցույց տալ Հաղբակա աղջիկներին, թե ինքը նրանց երկրի «միրի» դուստրն է: Տղամարդերի մասին չէր մտածում. նա կամենում էր գրգռել իր ընկերուհիների նախանձը և նրանց ուշադրությունը գրավել:

«Միրը» մեծ նշանակություն ուներ հասարակության մեջ. նա ժողովրդի գլխավորը և ներկայացուցիչն էր, Հաղբակա հայերի «միրի» պաշտոնը վարում էր Մարոյի հայրը: Ամենքը կճանաչեին նրան, որպես դուստր այն մարդու, որ հասարակական դրության մեջ բռնել էր բարձր տեղ: Այդ պատճառով Մարոն աշխատում էր իր արտաքին փայլը հավասարեցնել իր հոր կոչման հետ: «Միրի» աղջի՜կ, մեծ բան էր Հաղբակում: Նա ոչ սակավ հոգ էր տանում և իր հագուստի ու պաճուճանքի մասին: Նրա զարդարանքները բաղկանում էին գույնզգույն հուլունքներից, քթի և ականջների օղերից, մատանիներից, պարանոցի մանյակից, գլխի արախչինից, նախշած ոսկի և արծաթի դրամներով, և արծաթյա քամարից: Վերջինը խիստ գեղեցիկ կերպով սազ էր գալիս բարակ մեջքին:

Նա մտածում էր և իմ մասին: Երևի, չէր ուզում, որ ես հայտնվեի ամբոխի մեջ իմ արդեն հնացած հագուստով: Այն օրից, որ ես փախա տեր Թոդիկի դպրոցեն, ես չէի փոխել իմ հագուստը, որովհետև ուրիշը չունեի: Գիշերից բավական անցել էր, երբ Մարոն, բոլորովին հոգնած, իմ մոտ եկավ: Նա հայտնեց, թե ինքը չէ ցանկանում, որ ես երևնայի ուխտավորների մեջ հնացած շորերով, ասաց, որ իր եղբայրը ունե մի ձեռք հագուստ բոլորովին նոր, որոնց ամենևին չէ հագել և ընծայեց ինձ հագնելու համար:

Հասոյի շորերը իմ վրա չէին կարող նստել, պատասխանեցի ես: Հասոն ավելի հաստ է և հասակով կարճ. ես նրանից բարակ եմ և երկայն:

Ես չեմ քնի, այս գիշեր կնստեմ, բոլորը կդրստեմ քո հասակի համեմատ:

Նա չափեց իմ հասակը և հեռացավ:

Հաղբակեցի կինը իր տան դերձակն է, նրանց հագուստներն այնպես էին ձևված, որ մեծից փոքրի համար և փոքրից մեծի համար փոփոխելու միշտ հնար կար:

Հայերի համար շատ թանկ էր նստում ուխտագնացությունը: Մի քանի գյուղի բնակիչները հավաքվում էին միասին, կազմում էին ամբողջ քարավան, շատ անգամ բաղկացած հարյուր երկու հարյուր հոգուց: Մի այսքան բազմություն դարձյալ չէր կարող առանց վտանգի կատարել իր ճանապարհորդությունը. նրանք վարձում էին քրդի ձիավորներ, որ իրանց պաշտպանեն ավազակների հարձակումներից և մարդագլուխ վճարում էին մի նշանակյալ արծաթ: Բայց քիչ էր պատահում, որ նույնիսկ պահապան քրդերի անհայտ ընկերները հարձակվում էին և կողոպտում էին ուխտավորների քարավանը: Պահապանները թեև ընդդիմություն էին գործում, բայց միայն ցույց տալու համար, թե իրանք ավազակների հետ առաջուց հարաբերություն չունեին:

Ուրբաթ օրը մենք ճանապարհ ընկանք, վաղ-առավոտյան, առանց քուրդ ձիավորների պահպանության, և ոչ խառնվեցանք գյուղացիների հետ: Մի այսպիսի համարձակությունը թեև հանդգնություն էր մեր կողմից, բայց նախ, իմ սնափառությունը չէր ներում ապավինել քրդերի պահպանությանը, երկրորդ, ծերունի որսորդի անունը, որ այնքան հարգված էր Հաղբակա մեջ, բավական էր նրա ընտանիքը քրդերի հարձակմունքից զերծ պահելու համար:

Քուրդը գիտե պատվել մեծությունը. նա ժողովրդի պետի վրա նայում է որպես աստուծո ձեռքին, որը հովանավորում է ժողովրդին : Ծերունի որսորդը Հաղբակա հայ ժողովրդյան գլուխն էր:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԱՆՔԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Շաբաթ ավուր երեկոյան պահուն մենք հասանք վանք:

Իմ առաջին հոգսն եղավ մեր վրանը կազմել մի հարմար տեղում, որ ուխտավորները հանգստանան: Մարգարիտը և Խաթունը շատ հոգնած էին. նրանք հենց որ տեղ հասան, դիակի պես վայր ընկան: Մարոյի հպարտությունը թույլ չէր տալիս ցույց տալ իր հոգնածությունը, նա օգնում էր ինձ վրանը կանգնելու միջոցին և ծիծաղում էր Մարգարիտի վրա: Փոքրիկ Սալբին իր ավանակից իջնելուն պես, վազեց դեպի վանքը, ասելով.

Եշ գնում եմ աշվաճաճինը տեշնեմ:

Համաձայն Մարոյի ցանկության, ես վրանը կազմեցի մի երևելի տեղում: Քառորդ ժամից հետո ամեն ինչ սարքված էր :

Սուրբ Տիրամոր վանքը գտնվում էր Վանա ծովակի ափին, Լիմ անապատի հանդեպ, Կորդվաց լեռների մեջ: Հայաստանի վանքերից համարյա ամեն մեկը սեփականել է մի առանձին հրաշագործ զորություն, և ժողովրդի մեջ հռչակված է որպես այս և այն բժշկությունների մասնագետ: Կորդվաց երկրի սուրբ աստվածամայրը նշանավոր էր որպես բորոտության, քոսոտության և տեսակ-տեսակ խոցերի բժշկող: Նա ոչ միայն սրբում էր հուսով իր դուռը դիմող ուխտավորներին հիշյալ ախտերից, այլ բոլորովին առողջ մարգերի մեջ պատճառում էր նույն ախտերը, եթե նրանք բարկացնեին իրան, եթե անհնազանդ կգտնվեին դեպի իր վանականները, և կամ չէին լրացնի նրանց պահանջները: Այս պատճառով, ժողովրդի մեջ բորոտությունը, քոսոտությունը, մի քանի տեսակ խոցեր և կերցավը` կոչվում էին «տիրամոր յարա», այսինքն` տիրամոր վերք կամ խոցեր, որոնք հայտնվում են որպես պատիժ մարդիկների հանցանքի համար աստվածամոր կողմից:

Կորդվաց երկրի աստվածամայրը խստասիրտ էր և վրեժխնդիր: Նրա բարկությունը մարդիկներից անցնում էր և անասունների վրա: Ընտանի կենդանիներից ամեն պիսակավորը համարվում էր նրա վանքին նվիրական, որովհետև սուրբ տիրամայրը դրել էր նրա վրա իր «նշանը»: Տերն իրավունք չուներ իր պետքերի համար գործածել իր կովը, եզը, գոմեշը, ձին և այլ չորքոտանին, եթե նրանց վրա գտնվում էր «տիրամոր նշանը», որը մի ուրիշ բան չէր, եթե ոչ մի քանի պիսակներ անասունի մարմնի որևիցե տեղում: Նա կամ պետք է ինքն իր անասունը ուղարկեր վանքը, և կամ սպասեր, մինչև վանքի «մղդսիքը» գային և տանեին: Ամեն տարի վանքի «մղդսիքը» պտտում էին գավառներում և հավաքում էին այսպիսի անասուններ: Ոչ մի հայ իրավունք չուներ գնել կամ վաճառել նրանց, որովհետև վանքի սեփականություն էին:

Վանքի մոտ կար մի գյուղ, որ կոչվում էր «վանքի գյուղ». նրա բնակիչները բոլորովին ծույլ և տխմար մարդիկ էին, ուրիշ պարապմունք չունեին, միայն ծառայում էին վանքին և կոչվում էին «տիրամոր մղդսիք»: Նրանց ապրուստի աղբյուրը վանքն էր :

Առանց ցավելու չէր կարելի նայել, երբ մի ամբողջ գյուղի ողորմելի բազմությունը նվիրել էր իրան միայն վանքի սպասավորությանը, դառնալով կույր գործիք նրա միաբանության ձեռքում: Տիրամոր «մղդսին» գրագետ մարդ չէ: Բայց նա գիտե ավետարանից ամբողջ գլուխներ, երգում է շարականներ, կարդում է եկեղեցական ընթերցանություններ, երբ նա, առած իր հետ վանքի սրբություններից մեկը, ման է գալիս գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մտնում է ամեն ջերմեռանդ հայի տուն, վանքի սրբությունը բաց է անում, մաղթանք է կատարում, համբուրել է տալիս և ողորմություն է հավաքում:

Տիրամոր «մղդսիների» մուրացիկ թափառականները կարելի էր տեսնել ամեն տեղ: Ես դեռ հիշում եմ, երբ նրանք մեր տունն էին գալիս, բաց էին անում վանքի «սուրբ նշանը» նա լինում էր` կամ մի խաչ, կամ մի որևիցե սուրբի մարմնի մասունքը, որը դնում էին մաղի վրա, նրա չորս կողմից ձեռքով բռնում էին, և սկսում էին զանազան բաներ կարդալ: Մայրս ինձ, Մարիամին և Մագթաղին նստեցնում էր մաղի տակ, որի վրա դրած էր «սուրբ նշանը»: Այդ անում էր այն մտքով, որ մաղի ծակերից «սուրբ նշանի» օրհնությունը թափվեր մեր գլխին: Հետո նրանք «խաչալվա» էին անում, մեր երեսին օրհնած ջուր էին քսում, և շատ ուրիշ բաներ էին անում, որ այժմ մոռացել եմ...: Մայրս փող չէր ունենում, բայց դարձյալ տիրամոր մղդսիներին առանց մի բան տալու ճանապարհ չէր գցում. նա կտրում էր իր պարանոցի կամ գլխի զարդերից մի արծաթ և տալիս էր նրանց:

Վարդապետները վանքի սրբությունները տալիս էին մղդսիներին, ժողովրդի մեջ ման ածելու, զանազան պայմաններով` երբեմն վարձով, երբեմն կապալով, իսկ երբեմն այն դաշամբ, որ հավաքած գումարի մի մասը տային վանքին, մյուս մասը իրանք մղդսիքը վեր առնեին:

Բայց քիչ չէր պատահում, որ մղդսիները, օգուտ քաղելով ժողովրդի միամտությունից և նրա սնահավատությունից, դեպի չարն էին գործ դնում վանքի հավատարմությունը: Նրանցից շատերն ունեին իրանց տներում խաչեր և կեղծ, հնարած «սուրբ նշաններ» դրանց ման էին ածում վանքի սրբությունների անունով:

Սուրբ տիրամոր հրաշագործությունը, զանազան բորոտություններ, խոցեր ու այլ փոխանցիկ հիվանդություններ բժշկելու մասին, ամեն տեղ հռչակված լինելով, ամեն կողմից բերում Էին նրա վանքը այսպիսի ախտավորներին: Նրանք մնում էին այնտեղ տարիներով, իհարկե, քչերին էր հաջողվում առողջանալով իրանց տունը վերադառնալ, իսկ մեծ մասը անխնամ մնալով, ոչնչանում էին: Ես հիմա եմ հասկանում վնասակար հետևանքը մի այսպիսի սնահավատության, որ մտցրել էին ժողովրդի մեջ վանքի աբեղաները: Հիվանդություններից շատերը փոխանցական լինելով, ուխտավորները վարակվում էին և տարածում էին ժողովրդի մեջ: Այս էր պատճառը, որ երբեմն բոլորովին առողջ ուխտավորը վերադառնում էր իր տունը ախտավորված. նա համարում էր այդ մի պատիժ, որ տվեց նրան տիրամայրը, գուցե իր մեղքերի համար...

Նույնիսկ վանքի գյուղացիները, անդադար հարաբերություններ ունենալով հիվանդների հետ, վարակվում էին: Ոչ մի տեղ չէ կարելի տեսնել այնքան բորոտներ, մարմնով և դեմքով այլանդակված մարդիկ, որքան վանքի գյուղում: Մի քանի տեսակ հիվանդություններ դարձել էին նրանց մեջ ժառանգական, անցնում էին սերունդից սերունդ, որպես էր հաշմանդամությունը:

Մովսես առանձին օրենքներ գրեց բորոտների և զանազան փոխանցական հիվանդություններ ունեցողների մասին: Եվ մինչև այսօր արևելցիք իրանց բնակությունից դուրս են քշում նրանց: Բայց սուրբ տիրամոր «մղդսին» ուրախ է լինում, երբ նրա կինը ծնում է մի զավակ բոլորովին այլանդակված կերպարանքով, այլ խոսքով ասած, զարդարված «տիրամոր նշաններով»: Մի այսպիսի ցուցանքը բերում է հոր համար բավականին արդյունք: Նա դնում է իր որդին ավանակի վրա, ման է ածում երկրից երկիր, ցույց է տալիս աստուծո մոր սքանչելիքը, շարժում է մարդկանց մեջ երկյուղ և ջերմեռանդություն, փող է հավաքում...

Հիշյալ հիվանդությունները ունեցող թշվառները կոչվում էին «տիրամոր խեղճեր»: Դրանց ման ածելը ժողովրդի մեջ` սարսափ էր տարածում և ավելի էր շարժում տեսնողների հավատքը դեպի վանքը, և հետևապես բազմացնում էր ուխտավորների թիվը: Այս պատճառով վարդապետները ամենևին չէին արգելում մղդսիների խաբեությունները, որովհետև նրանց հետ կապակից էին վանքի շահերը:

Հայերի մեջ անեծք է դարձել ասելը «տիրամոր յարան (խոցը) ընկնի քո վրան»: Եվ առանց սարսափելու ոչ ոք չէ հիշում Կորդվաց լեռների սուրբ աստվածածինը...: Նա վրեժխնդիր է և խստասիրտ...

Ես էլ այն ժամանակ նույն մոլորության մեջն էի, ես էլ տոգորված էի նույն սնահավատության ախտով...: Ես էլ հավատում էի այս բոլորին...: Բայց երբ կարդացի Հայոց Պատմությունը, այն ժամանակ հասկացա, որ տիրամոր վանքի այս ավանդությունները և սովորությունները խիստ խորին կապ ունեին մեր պատմական անցյալի հետ, այն ժամանակների հետ, երբ Ներսես մեծը Տիրանի որդի Արշակի օրերով Հայաստանում հիմնեց բազմաթիվ վանքեր, նրանցից շատերը ծառայում էին որպես բորոտների և հաշմանդամների պատսպարաններ: Ժողովրդից հեռացրած այդ ախտավոր հասարակությունը ապրում է առանձին վանքերի մեջ, ուր նրանց խնամք էին տանում: Բայց այդ մարդասիրական սովորությունը, ժամանակների հետ փոխվելով, ստացավ բոլորովին ուրիշ նշանակություն, և ժողովրդի սնահավատությունը տվեց նրան մի այլ կերպարանք: Բայց 15 դար առաջ, այսինքն Ներսես մեծի օրերով, այսպիսի հիմնարկությունների նպատակը բոլորովին ուրիշ էր, բոլորովին մարդասիրական էր:

Տիրեց մթին գիշեր: Ուխտավորներից ոչ ոք դեռ քնած չէ: Վանքի շուրջը ընդարձակ տարածություն պատած է վրաններով. նրանց առջևից քարշ ընկած գույնզգույն լապտերները տալիս են այն ընդհանուր լուսավորությանը կախարդական բնավորություն: Վրանների ամեն մեկի մեջ զետեղված են ուխտավոր գերդաստաններ, իսկ շատերը մնացել են բացօթյա, իջևանելով բաց երկնքի տակ: Այս խառնիճաղանջ ամբոխի մեջ կարելի էր գտնել ամեն երկրի հայեր, սկսյալ Փոքր Ասիայից մինչև Պարսկաստան, մինչև Արարատի գավառները: Իսկ Հաղբակա, Վանա, Մուշի, Բաղեշի բնակիչների մեծ մասն այնտեղ էին:

Ես դուրս եկա մեր վրանից տեսնելու, թե սալմաստեցիներից ովքեր էին եկած: Մարոն ցանկություն հայտնեց ինձ հետ գալու: Մարգարիտը և Խաթունը չափազանց հոգնած էին, մնացին վրանում: Փոքրիկ Սալբին արդեն քնած էր: Երկար ես ման էի գալիս Մարոյի հետ ուխտավորների բանակի մեջ: Ամեն տեղ շարժողություն կար, խառնվում էին, ամբոխվում էին, ամեն տեղ լսելի էր լինում երգ, աղաղակ, ծիծաղ, անեծք, աղոթք, և երբեմն մանուկ շրթունքների ջերմ սիրախոսություններ…

Կարդալով վերջին ժամանակներում Հունաստանի պատմության մեջ օլիմպիական, դելֆյան Ապողոնի և սպանդարամետական տոների մասին, միշտ ես հիշում էի իմ ուխտագնացությունը և սուրբ Տիրամոր վանքը: Ես հիշում էի նրա տոնախմբությունը, ուր սկսյալ խորին հեթանոսությունից, ժողովրդի հոգու մեջ մտած նախապաշարմունքները արտահայտվում էին իրանց բոլոր նախնական կերպարանքով: Ես երևակայում էի իմ մտքում միշտ մի այսպիսի պատկեր` քրիստոնեությունը հայտնված քուրմի զդեստով...

Ոչ մի նոր վարդապետություն բոլորովին չէ կարողանում ջնջել անհետացնել ժողովրդի սրտից այն, որ թողել է անցյալը : Հեթանոսութան ծեսերը, արարողությունները, պաշտամունքը դարերով արմատացել էին հայի հոգու մեջ, նրանք միացել էին նրա բնավորության հետ: Քրիստոնեությունը միանգամով սրբել Հայաստանը հին նախապաշարմունքներից կարող չէր, մինչև ժամանակը և կրթությունը չտար նրան մի նոր ձև և կերպարանք:

Մենք ման էինք գալիս ուխտավորների բանակի մեջ, ուր յուրաքանչյուր քայլում հանդիսանում էր մի նոր տեսարան: Մարոն լուռ էր. նա խիստ սակավ էր խոսում: Նա վազում էր մի տեսարանից մյուսը` որպես անհանգիստ թիթեռնիկը թռչում է մի ծաղկից դեպի մյուսը: Կարծես նրա հետաքրքրությունը ոչ մի բանի մեջ չէր կարողանում բավականություն գտնել. նա բոլորից էլ շուտով ձանձրանում էր:

Մի տեղ` աշուղը սազը ձեռին հանդես է մտել. նա իր նվագարանը սեղմած կուրծքին, ածում է, երգում է և պատմում է մի հին վեպ: Հեքիաթ սիրող բազմությունը, շրջապատած նրան, խորին ուշադրությամբ լսում է և քաջալերում է իր գովեստներով և ընծաներով ժողովրդական վիպասանին:

Մի տեղ հանդես են մտել երկու աշուղներ: Նրանք մրցություն են անում միմյանց հետ: Որպես մի զույգ համարձակ մենամարտողներ, տաքացած, բորբոքված կռվում են: Դա հանճարի և մտավոր ճարտարության կռիվ է: Նրանցից մեկը երգով առաջարկում է մի հարց, մյուսը պետք է իսկույն պատասխանե նույնպես երգով: Երկուսի երգեցողության հանգերը չափերը և եղանակը պետք է միաձև լինեն: Հարցը և պատասխանը կատարվում է զարմանալի արագությամբ, հանպատրաստից: Նա հաղթված է համարվում, երբ պատասխանում է անճիշտ կամ խիստ անագան: Հաղթողը խլում է իր հակառակորդի սազը, մուզաների նրան պարգևած քնարը դա բանաստեղծի մրցանակն է:

Ես հետո շատ անգամ մտածում էի, երբ մինչև այսօր վանքերի տոնախմբությունների ժամանակ հայտնվում են աշուղները, որպես ժողովրդական բանաստեղծներ, ցույց տալու իրանց հանճարը և մրցանակ ստանալու, չէ՞ որ դա միևնույն հին սովորությունն է, որ մնացել է կռապաշտական դարերից, երբ մեր երգիչները հայտնվում էին մեհենական տոներում: Բայց ո՞րտեղ մնացին նրանց ստեղծագործության պտուղները:

Մի այլ տեղ սազանդարներն ածում են զուռնա և նաղարա: Նրանք կանգնած են տափարակի վրա: Այնտեղ հավաքվել է զվարճասեր բազմությունը: Պար են բռնել. դա կոչվում է յալլի կամ գուանդ: Տղամարդիկ, կանայք և աղջիկներ, միմյանց ձեռքից բռնած, կազմել են մի բոլորակ շղթա: Նվագածուները կանգնած են բոլորակի կենտրոնում: Խայտաճամուկ շղթան պտտվում է նրանց շուրջը: Կնիկների երեսները քողարկած են, իսկ աղջիկներինը բաց են: Մի տղամարդ, գույնզգույն թաշկինակը ձեռքում, դրոշակի նման փռփռացնելով, տանում է պարագլուխը: Նա սկսել է, մի ջանգյուլում և ամեն անգամ երգում է մի սյուն, ամբողջ խորը կրկնում էր նրա խոսքերը:

Իսկ երբեմն երգում են հերթով: Այն ժամանակ մրցություն է լինում տղամարդերի և աղջիկների մեջ: Նրանք պատասխանում են միմյանց զանազան սրախոսություններով:

Պարի եղանակը կամ ձևը պահպանվում էր ոտքերի զանազան տեսակ Բշարժվածքներով: Երբեմն շղթայի բոլորակ շարքը ստանում է ոլոր-մոլոր ձև, այն ժամանակ կազմվում է մի կատարյալ լաբիրինթոս: Բայց երբեք խաղացողները չեն խառնվում միմյանց:

Կուզե՞ս մենք էլ պար բռնենք, հարցրի Մարոյից:

Չէ՛, գնանք ուրիշ բաներ մտիկ անելու, պատասխանեց նա:

Պատառելով խառնված ամբոխը, մենք անցանք վանքի գավիթը. այստեղ հանդիսանում էր մի այլ տեսարան:

Մարոն սարսափեցավ:

Այստեղ բազմությունը շրջապատել էր մի նորահարս կնոջ, որ ուշաթափ եղած, մոլեգնաբար թավալվում էր գետնի վրա: Նրա բերանը փրփրում էր, աչքերը վառվում էին վայրենի կրակով. մարմնի անդամները դողդողում էին, և կատաղի կերպարանքը ցույց էր տալիս, որպես թե նա տանջվում է մի աներևույթ զորությունից: Նա երբեմն իր դողդոջուն շրթունքի միջից արձակում էր խուլ, մթին և անկապ խոսքեր:

Նրան կոչում էին «ընկավոր»:

Մի վարդապետ փոքրիկ խաչը ձեռին կանգնած էր «ընկավորի» մոտ: Նրա մորուքի և շրթունքի ցնցողությունից երևում էր, թե աբեղան աղոթում է:

«Ընկավորը» կրկին ուշաթափ եղավ, մտավորապես հափշտակվելով մի վերին ազդեցությունից: Քանի րոպե նա մնաց անշարժ: Եվ ապա սկսեց արձակել խորին հառաչանքներ, արտասանել կցկտուր բառեր և կոչել հրեշտակների, դևերի, սատանաների, սուրբերի անուններ:

Վարդապետը դրեց «ընկավորի» բերնում փոքրիկ խաչը: Նա ագահ ախորժակով խաչը ներս է կլանում: Քանի րոպեից հետո վարդապետը ձգում է շղթայից, որին կապված էր փոքրիկ խաչը և դուրս է քաշում:

«Ընկավորը» փոքր-ինչ սթափվում է: Բայց տակավին նրա երեսը զարհուրելի է և աչքերն արտահայտում են սարսափելի վրդովմունք:

Վարդապետը դարձյալ նրա բերնումն է դնում խաչը և այս գործողությունը կրկնվում է երեք անգամ:

«Ընկավորը» բավականին զգաստացած, ձայն է տալիս:

Վանեցի Շուշան-Խաթունը թող այստեղ հրամայե, «աղան» (աստվածամայրը) կանչում է:

Շուտով երևան է լինում Շուշան-Խաթունը լի ահ ու դողով: Դա մի հարուստ վաճառականի կին է, որ ավելի քան տասն տարի ամուսնացած լինելով, տակավին զավակ չունի :

«Ընկավորը» սկսում է բարբաջել.

«Եղիսաբեթն ավետիս տվեց… կույս Մարիամը հղացավ…Գաբրիելը ուրախացավ... որդին արգանդումը ցնծացավ..., Ո՞վ է, որ բաց է անում ամլության կապը... սուրբ տիրամայրն է այն... : Գոհացեք, ժողովուրդներ...: Ուրախ եղեք, ուխտավորներ...: Աստուծո ատյանը բացվել է… Լույսը վերևից կաթել է…: Երանի՜ տեսնողին… երանի՜ լսողին…»:

Վարդապետը սկսում է բացատրել «ընկավորի» խոսքերը. ասում է Շուշան-Խաթունին, թե «աղան» այսինքն` աստվածածինը, ընդունեց նրա խնդիրքը, թե նրա ամլության կնիքը ջնջվեցավ, և նա կծնե մի որդի, որը մինչև յոթը տարի պետք է նվիրված լինի վանքին, ամեն տարի նրա տոնախմբությունների ժամանակ կատարելով տիրամոր ուխտագնացությունը և ողորմություն տալով նրա «խեղճերին»:

Շուշան-Խաթունը ուրախանում է և արձակելով իր պարանոցեն ծանրագին շղթան, զարդարած ոսկի դրամներով, ձգում է «ընկավորի» առջևը:

Մարգարե կինը դարձյալ ընկնում է մտավոր հափշտակության մեջ: Նրա բերանը սկսում է փրփրել. երեսի վրա երևում են զարհուրանքի նշաններ: Նա մրմնջում է, որպես թե խոսելով մի աներևույթ էակի հետ: Վարդապետը գործ է դնում խաչի ներգործությունը: Նա փոքր-ինչ ուշի գալով, ձայն է տալիս.

Մշեցի Գրիգոր աղային կանչեցեք:

Հայտնվում է Գրիգոր աղան:

«Ընկավորը» կարդում է պատգամը.

Անարժանի վարձն է դաժան... Սև հավեր, կարմիր կատու… նա թո՛ղ լինի ինձ վարձատու…: Քո սիրտն ի՞նչու չէ ցնծում... չցանած տեղից դու չես հնձում… : Ալաք... բալաք… ա՛ռ… չորս կողմը զառ… մեջն աբրեշում... Գնա բե՛ր... Ուրախացիր... :

Վարդապետը բացատրեց պատգամախոսի գուշակություններն այսպես.

«Ուրախացի՜ր»… վերջն էլի լավ եկավ, վերջն ուրախություն է:

Եվ նույն րոպեում աբեղայի խորամանկ դեմքի վրա երևաց մի կեղծ ժպիտ: Նա շարունակեց.

«Ալաք, բալաք» նշանակում է գույնզգույն կամ զոլ զոլ, այսինքն` կերպաս, աբրեշումի կերպաս, եզերքը զառով զարդարած: Դա տաճարի վարագույրն է: «Աղան» պահանջում է ձեզանից, աբեղան դարձավ դեպի մշեցի Գրիգորը: Դուք սյսուհետև կուրախանաք, ձեր խնդիրքը կկատարվի: «Աղայի» տաճարի վարագույրը հնացել է:

Գուշակությունները մինը մյուսի ետևից շարունակվում էին: Զարմանալին այն էր, որ «աղան» իր պատգամախոսի բերանով կոչում էր ամեն երկրից եկած նշանավոր և հարուստ ուխտավորներին: Իսկ նրանք խորին երկյուղածությամբ լսում էին իրանց դատավճիռը:

Հետո գուշակողը ընկնում է բոլորովին ուշագնացության մեջ: Վարդապետները տանում են նրան, հավատացնելով, թե նույն դրության մեջ նա կմնա մի քարայրի մեջ մինչև վանքի գալոց տոնախմբության օրը :

Խե՜ղճ, ասաց Մարոն, ի՜նչպես պետք է մնա այնտեղ, բա չի՞ մեռնի: Ֆարհատ, ես կուզեի, որ «ընկավորը» մի բան էլ ինձ համար ասեր: Դու չե՞ս հավատում:

Հավատում եմ, պատասխանեցի ես:

Իրավ որ, հավատում էի: Իսկ եթե Մարոն ա՛յժմ հարցներ ինձանից, նրան կասեի` այն ժամանակ, երբ մարդիկ կուռք էին պաշտում, Պյութիաս քրմուհին, իր եռոտանիի վրա կանգնած, այսպիսի պատգամներ էր կարդում: Դա ևս Հայաստանի հեթանոսական դարերից մնացած հին սովորություն է: Մենք անցանք եկեղեցական մարգարեությունից դեպի ժողսվրդական մարգարեությունը:

Հեռու, մի քարաժայռի վրա, նստած էր փոքրիկ աղջիկ: Նրա նիհար և բարակ երեսը, օծված ընկույզի յուղով, փայլում էր ջահի լուսով, որ վառվում էր նրա մոտ: Նա հագած ուներ մի տեսակ խայտաճամուկ և կախարդական զգեստ: Մանուկ օրիորդների բազմությունը շրջապատել էր նրան: Նա նույնպես գուշակում էր:

Մենք մոտեցանք:

Դա այն աղջիկն է, ասաց Մարոն:

Հյուբբին: Այսպես կոչում են նրան:

Հյուբբին ճանաչեց թե ինձ և թե Մարոյին :

Եկեք, գուշակեմ ձեզ համար, նա դարձավ դեպի մեզ ժպտելով: Ձեզանից փող չեմ առնի:

Ե՞րբ եկար այստեղ: Ո՞ւր է քո մայրը, սկսեցի ես շփոթեցնել նրան զանազան հարցերով:

Դեռ նա պատասխան չտված, հայտնվեցավ Սուսանը, կասկածավոր կերպով նայեց իմ երեսին, մռմռաց դեպի Հյուբբին մի քանի անհասկանալի խոսքեր: Փոքրիկ վհուկը վայր թռավ ժայռից, որի վրա նստած էր, և երկուսը միասին անհայտացան գիշերային խավարի մեջ :

Ինչո՞ւ նրանք փախան, երբ տեսան մեզ, հարցրուց Մարոն :

Չեմ իմանում: Պառավ կախարդը միշտ զգուշանում է, որ Հյուբբին ինձ չհանդիպե, պատասխանեցի ես:

Իստա՜կ սատանա է այդ աղջիկը, ասաց Մարոն:

Նա հավատացնում էր, թե իր մայրը գողացել է նրան դևերի օրորոցից, մեջ մտավ մի աղջիկ, որ կանգնած էր մեզ մոտ: Դրուստ է ասում, եթե դևիկ չլինի, մի այնքան պստիկ երեխան կարո՞ղ է ամեն բան գիտենալ: Նա ասաց ինձ բոլորը, ինչ որ կար իմ սրտում, ինչ որ ես արել էի…

Երբ հեռացանք բազմությունից, Մարոն ինձ ասաց.

Կամ Կարոն, կամ նրա ընկերներից մեկն այստեղ պետք է լինի:

Դու ինչի՞ց ես իմանում:

Այդ կախարդ կինը և փոքրիկ վհուկը միշտ հետևում են նրանց: Որտեղ որ Կարոն լինում է, դրանք այնտեղ իսկույն հայտվում են:

Ես չեմ հասկանում, Կարոն և իր ընկերներն ի՞նչ գործ ունեն այդ բոշաների հետ:

Ես էլ չեմ հասկանում, պատասխանեց Մարոն: Բայց մի բան ասեմ քեզ, Ֆարհատ, այն փոքրիկ վհուկը, որին կոչում են Հյուբբի, հայերեն խոսում է և խոսում է ինչպես մի հայ:

Բոշաներն ամեն լեզվով խոսում են:

Դա նրանց նման չէ: Մի անգամ ես ասեցի` Հյուբբի, ե՛կ մեր տանը մնա՛, ես քեզ կպահեմ, ինձ քույր կշինեմ: Նա ինձ ասաց, «չէ, ես մորս մոտ պիտի գնամ, մայրս ինձ շատ է սիրում» : Այս խոսքերը նա ասաց հայերեն լեզվով, բայց պառավը հենց որ լսեց, բարկացավ, շուտով հեռացրուց Հյուբբիին:

Նա մի կորած մայր է պտռում, Մարո, բայց ո՞րտեղ է, հայտնի չէ, խեղճը միշտ հիշում է նրան:

Այդ ես էլ իմանում եմ, պատասխանեց Մարոն:

Դառնալով դեպի մեր վրանը, մենք անցանք «փորձության ձորերի» միջով: Այնտեղ էր «վիճակի ժայռը»: Նա կոչվում էր «վիճակի ժայռ» այն պատճառով, որ նրա վրա ուխտավորները փորձում են իրանց բախտը: Նրանցից յոլրաքանչյուրը մոտենում է ժայռին, առնում է գետնից քարի փոքրիկ կտոր և կպցնում է ժայռին: Եթե քարի կտորը մնա նրա վրա կպած, նշանակում է, որ նրա ուխտը ընդունելի է եզած: Իսկ եթե պոկ գալով, քարը վայր ընկավ, վիճակափորձը տխուր դեմքով հեռանում է խորհրդական ժայռից:

Սարոն մոտեցավ փորձելու իր բախտը, բայց այնքան բազմություն թափված էր այնտեղ, որ չկարողացավ տեղ գտնել: Մենք թողեցինք այդ մի ուրիշ ժամանակի:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կայծեր"

Ятук Музыка
Песня Айсоров
Георгий Гурджиев

Песня Айсоров

Катастрофа войны
Катастрофа войны
Играть онлайн