Раффи

Կայծեր

2 - ԺԱ, ԺԲ

ԺԱ

ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ

Աբեղաները մեզ տարան իրանց վանքը և հանգստացրին: Խուցերից ամենահարմարը պատրաստեցին մեզ համար, իսկույն կրակ վառեցին, տաքացանք և սկսեցինք բուխարու առջև մեր հագուստները չորացնել: Բերզեն-Օղլին չեկավ մեզ հետ, նա մնաց կղզու ափերի մոտ` տեսնելու, թե ի՞նչ եղավ իր նավակը: Ասլանը նրան ոչինչ չասաց, գոնե իբրև բժիշկ չարգելեց նրան, որ այնպես թրջված հագուստով կարող էր հիվանդանալ, մանավանդ որ մրրիկը դեռ չէր դադարել, և սաստիկ ցուրտ քամի էր փչում: Եվ եթե մի բան ասելու լիներ, նա հազիվ թե կլսեր բժշկի խորհուրդը: Նրա սիրելին, նրա նավակը չկար:

Ոչ մի անգամ կրակը ինձ այնքան ախորժելի չէր երևացել, որպես այնօր, չնայելով որ քամին բուխարու երդիկից փչում էր, և փոքրիկ խուցը լցված էր ծխով: Ես ամբողջ մարմնով դողում էի, բայց կրակի ջերմությունը ինձ նորից կյանք տվեց:

Երբ ես բավական զգաստացած էի զգում ինձ, իմ առաջին հոգսը եղավ տեսնել, արդյոք Ծովիկի տված կոտրած սանդրը իեձ մո՞տ էր, թե մնացել էր ծովի մեջ: Որ՜քան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ձեռքս տարա ծոցս, տեսա սանդրը իր տեղումն էր: Այդ ժամանակ Ասլանն էլ ձեռքը տարավ իր ծոցը, բայց դուրս հանեց մի այլ բան: Դա նորին սրբազնության առաջնորդի հանձնարարական թուղթն էր, որի գրությունը թրջվելով, համարյա թե եղծվել էր: Նա տվեց այդ թուղթը աբեղաներից մեկին, որ մնացել էր մեզ մոտ սպասավորելու, և ասաց.

Խնդրեմ այդ թուղթը ցույց տվեցեք ձեր վանահորը, դա նորին սրբազնության առաջնորդի ինձ տված թուղթն է, թեև դժվարությամբ է կարդացվում, բայց դարձյալ կարելի է որոշել, թե ի՛նչ նպատակով ես եկել եմ ձեր վանքը:

Աբեղան, նորին սրբազնության անունը լսելով, մի առանձին պատկառանքով առեց թուղթը, նայեց նրա վրա, երևի աշխատեց մի բան կարդալ, այս կողմ ու այն կողմ շուռ տվեց և, մի երևելի գյուտ արածի նման, վերջապես ասաց.

Այդ սրբազանի կնիքն է:

Աբեղան հեռանալուց հետո, ես ու Ասլանը մնացինք խուցի մեջ միայնակ:

Պետք է մի տաք բան խմել, ասաց Ասլանը, գոնե մի փոքր գինի լիներ:

Մի՞թե այստեղ գինի չի լինի, հարցրի ես:

Հազիվ թե:

Ասլանի ասածը ուղիղ դուրս եկավ: Երբ աբեղան վերադարձավ և հայտնեց վանահոր կողմից կատարյալ պատրաստականություն` կատարելու մեր փափագները, մենք հարցրինք գինու մասին: Նա շփոթված մնաց և, երկար մտածելուց հետո, պատասխանեց.

Կարծեմ պետք է, որ մի քիչ գտնվի. վանահայրը կես շիշ պահած ուներ «բաժակի» համար:

Հետո նա նստեց մեզ մոտ, սկսեց մի առանձին հոգածությամբ պատմել, թե շատ անգամ մեծ դժվարություններ են կրում, երբ «բաժակի» գինին սպառվում է, և վանահայրը համարյա միշտ մի հրաշքով է ձեռք բերում, որ սուրբ խորհուրդը կատարվի: Եվ ավելացրեց, թե ինքը չէ իմանում ե՞րբ կամ ի՞նչ ժամանակ է պատահել, բայց լսել է, որ Վան քաղաքի մոտ մի վանք կա, որ կոչվում է «Կռունկի վանք». մի անգամ սուրբ խորհուրդը կատարելու միջոցին պատարագիչ հայր սուրբը տեսնում է, որ գինի չկա և, չկամենալով ընդհատել պատարագը, մինչև գնային, գտնեին և բերեին, նա սկսում է աղոթել: Հանկարծ, աստուծո հրամանով, մի կռունկ թռչելով ներս է մտնում տաճարի լուսամուտից և, իր կտցի մեջ բռնած, երևում է խաղողի մի ողկույզ: Նա ուղիղ մոտենում է սուրբ խորհրդի սեղանին. պատարագիչը առնում է նրա կտուցից ողկույզը և քամում է սկիհի մեջ: Այն օրից այդ վանքը կոչվեցավ «Կռունկի վանք»:

Աբեղայի պատմությունը բավական էր, որ թե՛ ես և թե՛ Ասլանը հրաժարվեինք մեր բաղձանքից և նրանց այնպիսի մի դժվար դրության մեջ չդնեինք, որ ստիպված լինեին թռչունների միջոցով գինի ստանալ, թեև նրա պատմությունը այդ նպատակով ասված չէր, այլ ավելի այն նպատակով, որ երիտասարդ աբեղան ցույց տա, թե ինքն էլ մի բան գիտե:

Մեր վանքումը, ասաց նա, ոչ մի ըմպելիք չէ գործածվում, բացի ջրից: ՈՒխտավորներին անգամ արգելված է իրանց հետ ըմպելիքներ բերել:

Այդ միջոցին լսելի եղավ ճաշվա ժամի կոչնակի ձայնը: Թեև այդ անապատը եկողը պետք է հետևեր վանական բոլոր կանոններին, բայց աբեղան, խնայելով մեզ, մեր հետ պատահած դժբախտության պատճառով, չպահանջեց մեզանից իսկույն եկեղեցի գնալ, այլ, ներողություն խնդրելով, ինքը հեռացավ, խոստանալով, որ պատարագը վերջացնելուց հետո դարձյալ կգա և մեզ կտանե սեղանատունը ճաշելու:

Խուցը, որ պատրաստել էին մեզ համար, իհարկե, վանքում գտնված ամենամաքուր, ամենահարմարավոր օթևաններից մեկն էր: Բայց դա ևս ուրիշ ոչնչի նման չէր, եթե ոչ մի մթին հավաբույնի նման: Հատակը ծեփած էր կավով, որի վրա, իբրև սփռոց, տարածել էին պրտուներից և ճահճային բույսերից գործած մի հասիր (փսիաթ): Բայց մեզ պատվելու համար՝ ավելացրել էին նրա վրա և մի հին կապերտի կտոր: Պատերը շինված էին անտաշ քարերից, որոնց միացնող շաղախը, դարերի ընթացքում, խոնավությունից փտելով, հողմահարվելով, ցած էր թափվել, և քարերի մեջտեղում բացվել էին այլանդակ ճեղքեր ու խոռոչներ: Այդ մթին խոռոչները խիստ հարմար պատսպարան էին ամեն տեսակ միջատների և սողունների համար: Բայց ես վախենում էի միայն կարիճներից և օձերից: Նրանց փոխարեն հայտնվեցավ մի մոխրագույն մողես, որը, ինչպես երևում էր, այնքան ընտելացած չէր այդ խուցի նախկին բնակչի հետ, որ ամենևին չէր խորշում մարդկանց ներկայությունից: Նա դուրս եկավ, մի արագ շրջան կատարեց նեղ խուցի մեջ, անցավ իմ և Ասլանի մեջտեղից, հետո կանգ առեց, սրածայր գլուխը վեր բարձրացրեց, ուշադրությամբ նայեց մեզ վրա և, կարծես ճանաչելով, որ իր սիրելի հայր սուրբը չենք, մի առանձին ըհաճությամբ հեռացավ և կրկին մտավ իր խոռոչի մեջ: Մկները ազատ կերպով թագավորում էին այստեղ, որովհետև վանքում կատու չէին պահում: Չէին պահում և ոչ մի անասուն, մինչև անգամ հավեր, որոնք գոնե կոչնչացնեին միջատներին:

Խուցը մութն էր: Եթե բուխարու մեջ վառվող կրակը չլիներ, մենք գուցե ճրագի կարոտություն կզգայինք: Երկու նեղ լուսամուտներ, որոնց բարձրությունը երկու թզաչափ և լայնությունը մեկ թզաչափ հազիվ կլիներ, բացված էին միմյանց մոտ, սենյակի այն գծի ներքև, որտեղ առաստաղը միանում էր պատի հետ: Այդ բարձր ծակերից ստացվող լույսը հատակին չէր հասնում: Այդ տեսակ լուսամուտներ կարելի էր տեսնել բանտերում միայն: Բայց այնտեղ հասկանալի է նրանց նշանակությունը, թե ինչու լուսամուտները մի քանի անգամ բարձր, քան թե մարդու հասակը, վերևից են բաց անում: Որպեսզի բանտարկյալները հնար չգտնեին փախչելու: Իսկ այստեղ ի՞նչ նշանակություն ունեին:

Չե՞ս իմանում, բացատրեց Ասլանը, այդ նրա համար են լուսամուտները այդքան նեղ և բարձրից բացված, որպեսզի այդ խուցերի մեջ բնակվող աբեղաները չհրապուրվեն դրսի տեսարաններով, այլ կենտրոնանան իրանց հոգևոր մտածությունների մեջ:

Դա մի սոսկալի անձնուրացություն պետք էր համարել, որ մարդիկ կամավ զրկում են իրանց աստծու գեղեցիկ աշխարհի վրա նայելուց, մանավանդ մի այնպիսի գեղեցկության, որպես էր շրջապատող ծովը իր սքանչելի տեսարաններով:

Բոլոր խուցերը, որոնց թիվը հարյուրից ավելի կլիներ, այդ ձևով էին շինված: Նրանց դռներն անգամ չէին բացվում դեպի դուրսը, որտեղից կարելի կլիներ մի բան տեսնել: Դռները բացվում էին մթին լաբիրինթոսի նման ոլոր-մոլոր նրբանցքների մեջ, ուր ցերեկով ևս պետք էր ճրագով ման գալ, գլուխը չկոտրելու համար: Այստեղ էին բնակվում աշխարհից անջատված ճգնավորները: Բայց զարմանալին այն էր, որ շատերը նրանցից, այդ գերեզմանի պես խավար խղիկները ավելի փափուկ, ավելի վայելչական համարելով, թողել, հեռացել էին և կղզու ժայռերի մեջ իրանց ձեռքով այրեր էին փորել, նրանց մեջ էին բնակվում, բոլորովին զրկելով իրանց մարդիկների հետ հաղորդակցությունից: Դրանց թվումն էր և վանահայրը, որը խիստ հազիվ անգամ էր հայտնվում միաբանության մեջ և որի մասին զանազան հրաշքներ էին պատմում: Իսկ այնօր մեր պատճառով ցած էր իջել իր քարայրից:

Գալով այդ անապատը, ես բոլորովին ուրիշ բան էի սպասում տեսնել. գեղեցիկ, մաքուր խուցեր` լի օդով և լույսով, ծովահայաց սրահակներ` զովաբեր պատշգամբներով, խուցերի մեջ ամեն հարմարություններ՝ գրելու և կարդալու համար, պահարաններ լի սրբազան գրքերով, պատերը զարդարված սուրբ հարց պատկերներով, որոնք գործել են եկեղեցու և հայրենիքի համար, մի խոսքով, ես սպասում էի տեսնել խաղաղ և վայելուչ կյանքը կրոնավորի, որ, հեռացած աշխարհի աղմուկից, իր լռին առանձնության մեջ ևս իրան շրջապատում է այն առարկաներով, որ զարթեցնում են նրա մեջ սուրբ, հոգևոր զգացմունքներ, որ զարգացնում են նրա միտքը երկնային վսեմ գաղափարներով, որ ազնվացնում են նրա սիրտը մարդասիրական բարձր առաքինություններով: Դրանց փոխարեն ի՞նչ էի տեսնում. մերկ, մռայլ խղիկներ, զուրկ օդից և լույսից, ողորմելի օթևաններ, բոլորովին զուրկ կարասիներից: Երևում էր, որ թուղթը, գրիչը, գիրքը երբեք այդ կացարաններում մուտք չէին գործել:

Մեզ համար պատրաստած խուցի մեջ պատուհանում գրած էր միայն մի ցեցակեր վփոշեթաղ սաղմոս, փայտյա կազմով, որ պատած էր սև կաշիով: Ո՞վ գիտե, որ ժամանակի տպագրության գործ էր այդ գիրքը: Դա էր միակ առարկան, որ իր վրա ուշադրություն էր դարձնում: Ոչ մի պահարան չկար, երևի նրա համար, որ սեփականությունից զուրկ աբեղաները չմոլորվեին սատանայից, իրանց համար պահեստի տեղեր ունենալով:

Այն տեսակ կրոնավորներ, ասաց Ասլանը, որ անապատների առանձնության մեջ զբաղվեին մտավոր կյանքով, ուսումնասիրեին կրոնի վարդապետությունը, պարապեին գրավոր աշխատություններով, այդ տեսակ կրոնավորներ, մեր պատմության ամբողջ ընթացքում, միշտ բացառություններ են կազմել: Եվ ցավալին այն է, որ դրանք ըստ մեծի մասին հալածվել են իրանց դասակիցներից, համարվելով իրանց ուխտին անհարազատ անդամներ: Ահա որպես է բողոքում հինգերորդ դարու ամենալավ աբեղաներից մեկը, Եզնիկը, իր ժամանակի կրոնական ուղղության դեմ: «Մեր բերանները հոտել են պաս պահելուց, և մեր լեզուները բթացել են սաղմոսներ երգելուց, իսկ այն, որ պահանջում է մեզանից աստված, սեր և խոնարհություն, այն մենք չունենք. միայն մեր շրթունքներով ենք սիրում աստծուն, և այդ աշխատանքը իզուր է: Անասունների միս չեն ուտում (աբեղաները), բայց իրանց եղբորը անհագ կերպով կեղեքում են, գինի չեն խմում, բայց իրանց հոգին արյունով շաղախում են, ամուսնացածներին ատում են, բայց իրանք իրանց պիղծ խորհուրդներով միշտ պոռնկություն են գործում. հագուստների վատն են հագնում, բայց ագահությունից այրվում են. այդպիսիներից պետք է փախչել և ոչ թե նրանց հետ հաղորդակցություն ունենալ»…

Դրանք, առաջ տարավ Ասլանը, որոնց նկարագրում է Եզնիկը, իհարկե, պետք է նրա ժամանակի կեղծավորները և փարիսեցիները համարել, որոնք բարեպաշտական դիմակի ներքո սնուցանամ էին ամենաանբարոյական կրքեր, թեև այդ կեղծավորները ամեն ժամանակ մեծամասնություն են ներկայացրել: Բայց ամենավնասակարը միշտ այն է եղել, երբ այդ աբեղաները անկեղծությամբ են վերաբերվել իրանց ուխտին: Որովհետև սպանել, ամեն զորությունից զրկել մարմինը մշտական պահով, ծոմով և խիստ ճգնություններով, որ նա անընդունակ լինի որևիցե ցանկության` դա ոչ այլ ինչ է, եթե ոչ, մի տեսակ հոգևոր բարբարոսություն: Ամեն օր, ամեն ժամ, անդադար միևնույն աղոթքների կրկնությամբ բթացնել միտքը և զգայուն, մտածող էակից դարձնել մի տեսակ անգիտակցական մեքենա` դա կատարյալ հոգեսպանություն է: Այդ բոլորը միշտ կատարվել է մեր անապատներում, նույնը կտեսնեք և այստեղ: Այղ բոլորը կատարվել է մարմնի, հոգու և սրտի վատ ցանկությունները սպանելու նպատակով: Բայց երբ մարմինը, հոգին և սիրտը բռնի միջոցներով անընդունակ են դարձնում վատ ցանկությունների, շատ բնական է, որ նրանք, միևնույն ժամանակ, կկորցնեն և լավ ցանկությունների ընդունակությունը: Մարդը այդ դեպքում կդառնա մարմնով կենդանի դիակ, իսկ հոգով` ապուշ, եթե չասենք խելագար:

Ասլանի դատողությունները շատ գեղեցիկ էին, բայց ես քաղց էի զգում: Ծովային սառն բաղանիքը, որ ալեկոծության շնորհիվ վայելեցինք մենք, սաստիկ բաց էր արել իմ ախորժակը: Ես այժմ ոչինչ բանի մասին չէի ափսոսում, որ կորցրինք ծովի մեջ, այլ ափսոսում էի միայն այն տապակած վառյակների և սպիտակ լավաշների մասին, որ Ծովիկը թաշկինակի մեջ կապեց և յուր ձեռքով տեղավորեց մեր նավակի մեջ: Անհամբերությամբ սպասում էի աբեղային, որ գար և մեզ հրավիրեր սեղանատունը: Բայց ե՞րբ պիտի գար նա: Ճաշի ժամից հետո: Արդյո՞ք կվերջանար այդ ճաշվա ժամը, թեև կեսօրից շատ էր անցել, և մենք սկսյալ առավոտից ոչինչ կերած չէինք:

Դրսում մրրիկը դեռ չէր դադարել: Կատաղի քամին տակավին մռնչում էր: Ներս մտավ նավաստին, անապատումը իր ուղտը կորցրած արաբի նման, տխուր և հուսահատ դեմքով: Երբ ես սկսեցի մխիթարել, նա պատասխանեց.

Ես այնքան չեմ ցավում, որ նավակս կորցրի, այլ մտածում եմ, թե ի՞նչպես պետք է գիշերը անցկացնեմ այստեղ:

Ինչո՞ւ:

Կտեսնեք, թե որպես պիտի տանջեն մեզ...

Նա չբացատրեց, թե այդ տանջանքը ի՛նչում պետք է լիներ, բայց նա էլ ինձ նման սկսեց գանգատվել իր քաղցածության մասին:

Ինչո՞ւ դուք Ծովիկի դրած հավերը նետեցիք ծովը, սկսեցի ես հանդիմանել նրան:

Դու կարծում ես, եթե մնացած լինեին, կարո՞ղ էիր ուտել, ասաց նա, ուղիղ իմ աչքերի մեջ նայելով: Այստեղ, եղբայր, միս չեն ուտում, և ուխտավորներին արգելված է իրանց հետ միս բերել, որ վարդապետների ախորժակը չգայթակղեցնեն:

Ինչ բանի դեմ բողոքում էր Եզնիկը հինգերորդ դարում, նույն բանի դեմ բողոքում էր անկիրթ նավաստին այժմ:

Ուրեմն մատաղներ չե՞ն մորթում այստեղ, հարցրի նրանից:

Այդ կղզու վրա անկարելի է արյուն թափել: Մատաղները մորթում են «դրսի տանը». այնտեղ պատրաստում են և այստեղ ուտում են: Այդ լինում է տարին մի անգամ միայն, երբ բազմաթիվ ուխտավորներ են գալիս:

«Դրսի տուն» կոչում էր նավաստին կղզու հանդեպ` ցամաքի վրա գտնվող տունը, որ պատկանում էր անապատին: Այդ տունը ջրային ճանապարհով կղզուց մեկ ժամու կամ ավելի պակաս հեռավորություն ուներ: Այնտեղ էր զետեղված վանքային բոլոր տնտեսությունը: Անապատում ուրիշ ոչինչ չէին շինում, միայն աղոթում էին ու ճգնում: Իսկ այնտեղ գործ կար, որի մասին պիտի խոսեմ, երբ դուրս կգանք «դրսի տունը»:

Վերջապես ներս մտավ աբեղան և հրավիրեց մեզ սեղանատունը: Դա մի ընդարձակ սենյակ էր, որի երկարությունը չորս անգամ ավելի կլիներ, քան թե լայնությունը: Սենյակի երկարության չափով, մեջտեղում շինված էր քարյա անշարժ սեղանը, որի երկու կողմից զուգահեռաբար ձգվում էին նույնպես քարյա նստարաններ: Ավելի քան հարյուր հոգի կարող էր տեղավորվիլ այդ նստարանների վրա: Հարուստ վանքերում այդ տեսակ սեղանները շինված են լինում մարմարիոնից, իսկ այստեղ շինված էր հասարակ, մոխրագույն քարից: Սեղանի գլխում մի առանձին տեղ հատկացրած էր վանահորը: Մենք նրան իր տեղում նստած գտանք և մոտենալով աջը համբուրեցինք: Նա վաղօրոք ծերացած, միջին հասակով մի կրոնավոր էր, մեղմ աչքերով, հեզ դեմքով և նվաղած ձայնով: Ամեն ինչ նրա մեջ մաշվել, թուլացել և իր ուժը կորցրել էր, որպես էր և նրա հնամաշ հագուստը: Նա խիստ բարեսրտությամբ հրավիրեց Ասլանին նստել իր աջ կողմում, ինձ` իր ձախ կողմում, իսկ նավաստին տեղավորվեցավ իմ մոտ: Հետո ցավակցություն հայտնեց մեզ հետ պատահած դժբախտության մասին և գոհություն ամենակալին, որ ազատեց մեզ վտանգից: Դրանով վերջացավ նրա խոսակցությունը, որովհետև այդ միջոցին, մինը մյուսի ետևից, որպես գիշերային ուրվականներ, լուռ հանդարտությամբ ներս մտան աբեղաները և կարգով շարվեցան սեղանի երկու կողմում: Աղոթքից հետո յուրաքանչյուրը նստեց իր տեղում:

Տիրում էր ընդհանուր լռություն: Մենք ևս, սովորական կանոնին հետևելով, լուռ էինք: Յուրաքանչյուրի առջև դրած էր մի կտոր հաց, պատրաստած գարու և ցորյանի խառն ալյուրից, մի պղնձե պնակ, կլայեկով պատած, և մի փայտյա գդալ: Սեղանի այլ պարագայք չկային, բացի փայտյա մեծ աղամաններից, որ մի-մի հատ դրած էր յուրաքանչյուր հինգ հոգու առջև: Կանաչեղենները առատ էին. դալար սոխ, պռաս, բողկի տերևներ և այլն: Այդ կանաչեղենները այնպես ագահությամբ ուտվում էին, ինչպես սոված անասունները խոտ են ճարակում: Ոտքի վրա սպասավորություն էին անում նույնպես աբեղաներ: Պղնձյա մեծ ափսեների մեջ` նրանք ներս բերեցին պատրաստած միակ կերակուրը և հավասար կերպով բաժանեցին բոլորին: Մենք ևս մեր բաժինը ստացանք: Դա ձավարից պատրաստած մի տեսակ փլավ էր, որի վրա ածել էին փոքր ինչ կտավհատի ձեթ: Չնայելով որ ես շատ քաղցած էի, բայց ուտել չկարողացա: Հացը անկարելի էր ուտել: Ցորյանի ալյուրի խառնուրդը նրա մեջ ամենափոքր մասն էր միայն կազմում, իսկ գարին իր խոշոր թեփուկներով խեղդելու չափ անկլանելի էր: Արևելքում այս տեսակ հացեր պատրաստում են ուղտերի համար: Նավաստին մեծ ախորժակով ուտում էր: Սեղանի վրա ուրիշ ըմպելիք չկար, բացի ջրից, և ուրիշ համեմ չկար, բացի աղից: Բոլորը ուտում էին մի առանձին ծուլությամբ, ոչ թե այն պատճառով, որ սեղանը նրանց համար բավարար չէր, այլ, ընդհակառակը, շատ ճոխ էր: Ձավարի փլավը, կտավհատի ձեթով, ամբողջ տարվա մեջ գուցե մի երկու կամ երեք անգամ նրանք բախտ կունենային ստանալու: Իսկ այնօր պատրաստել էին ի պատիվ մեզ: Իսկ նրանց ծուլության և դանդաղկոտության պատճառը պետք էր որոնել բոլորովին այլ հակումների մեջ: Ես նրանց անշարժ դեմքերի վրա կարդում էի այդ հակումները, թե «ինչո՞ւ մարդ պետք է կարոտ լիներ ուտելու, միթե ավելի լավ չէ՞ր, որ նա ազատ լիներ այդ հոգսից, որ ավելի ժամանակ ունենար անձնատուր լինելու աղոթքների և աստուծո փառաբանությանը»: Եվ իրավ, նրանք ուտում էին օրը մի անգամ միայն, այն ևս պահոց կերակուրներ, իսկ տոն օրերում` ուտյաց կերակուրներ, բայց միս` երբեք: Մեզ հետո ասացին, որ սեղանատան մեջ մեր այնօր տեսածը ամբողջ միաբանությունը չէր: Նրանցից շատերը չէին եկել ճաշելու. ոմանք գալիս են սեղանատուն ճաշելու երկու օրը մի անգամ, ոմանք` երեք օրը մի անգամ, ոմանք` շաբաթը մի անգամ, ոմանք ամենևին չեն գալիս և իրանց բացակա ճգնարաններում կերակրվում են միայն բույսերով: Այդ հալող, մաշող ծոմապահությունն էր պատճառը, որ այդ թշվառ հասարակության մեջ ես չէի տեսնում ոչ մի առողջ մարդ. բոլորը հիվանդոտ, նիհար, ցամաքած, գունաթափ էակներ էին: Նրանց մեջ չկար ոչ կաթոլիկ աբեղայի հաստ փորը և ոչ նրա պարարտ երեսի անբնական կարմրությունը :

Սեղանատան մեջ ուրիշ ձայն չէր լսվում, բացի աբեղաներից մեկի ընթերցանության ձայնը, որ վերևում, պատի վրա շինված վանդակապատի մեջ բարձրացած, նստել էր և, ճաշի բոլոր տևողության ժամանակ, կարդում էր սուրբերի վարքից զանազան պատմություններ: Բոլորի ուշադրությունը դարձրած էր դեպի այն կողմը: Բայց ես չէի լսում, որովհետև գրաբար ընթերցանությունից ոչինչ չէի հասկանում: Իմ ուշադրությունը գրավել էին սեղանի պղնձյա անոթները: Դրանք միատեսակ և միաձև չէին. մեկը մեծ էր, մեկը փոքր էր, և բոլորի վրա կային հայոց տառերով արձանագրություններ: Երևում էր, որ ժամանակների ընթացքում այդ անոթները զանազան երկրներից ուխտավորները բերել էին իրանց հետ և, իբրև հիշատակ, իրանց մեղքերի. թողության համար` ընծայել էին վանքին: Յուրաքանչյուրի վրա քանդակած էին նվիրողի, նրա ծնողաց, նրա որդիների անունները: Նրանցից մի քանիսը շատ գեղեցիկ էին և մի քանի դարերի հնություն ունեին:

Այդ զանազան երկրների հին արհեստի արդյունքը, ասաց ինձ հետո Ասլանը, կարող է մի լավ թանգարանի զարդը լինել:

Բոլորի զգեստը միաձև էր և միագույն և պատրաստված էր միևնույն նյութերից: Մի թել անգամ բամբակից կամ մետաքսից չկար նրանց հագուստների մեջ, ամբողջապես կարված էին մազե կոշտ գործվածքներից: Նրանց հագուստը, որպես երևում էր, ոչ այնքան մարմինը պահպանելու նպատակով էր պատրաստած, որքան նրան տանջելու նպատակով: Շապիկներն անգամ կարված էին թանձր մազեղենից, որ հագած ունեին մերկ մարմնի վրա և խարտոցի նման մաշում էին նրան: Առհասարակ բոված ղահվեի մուգ գույնը տիրում էր բոլոր հագուստների վրա: Գլխներին դրած ունեին արախչինի նման բրդյա թասակ, որի վրա փաթաթել էին սև թաշկինակ: Այդ տեսակ գլխարկները անապատականների լեզվով կոչվում էին «քուսիթա», որի ասորական նշանակությունը ցույց է տալիս, որ ամենահին ժամանակներում գլխարկի այդ ձևն առնված էր ասորիներից, երբ նրանց կղերը մեծ դեր էր խաղում մեր եկեղեցական կյանքում: Վանահոր զգեստը թե՛ իր գույնով և թե՛ իր ձևով չէր որոշվում մյուսներից: Բոլորը հագած ունեին ծանր հողաթափներ, երեք մատնաչափ հաստ փայտյա տակերով:

Բայց ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր չափազանց կեղտոտությունը, որը տիրում էր բոլորի վրա: Երևում էր, որ այդ մարդիկը այն աստիճան արհամարհում էին մարմինը, որ բոլորովին անփույթ էին` նրանք փոքր ի շատե մաքուր դրության մեջ պահելու: Եվ ես հավատացած էի, որ դրանք, երբեք չէին լվացվում, երբեք չէին սանդրվամ: Բոլորի մազերը անկարգ կերպով խճճված էին երեսների և գլխների վրա, և այդ խելագարների տպավորություն էր գործում:

Ճաշը վերջացավ նույնպես աղոթքով, որպես սկսվեցավ: Բոլորը վերկացան, խոնարհությամբ գլուխ տվին վանահորը և լուռ, դանդաղ քայլերով դուրս եկան սեղանատնից, դիմեցին դեպի իրանց խուցերը: Այնտեղ նրանք ուրիշ հանգստություն չունեին. պետք է մխիթարություն գտնեին «սաղմոս քաղելու» մեջ և սպասեին երեկոյան ժամերգությանը: Զբոսանքներ արգելված էին նրանց:

Երբ մենք վանահոր հետ միայնակ մնացինք, նա դարձավ դեպի Ասլանը այդ խոսքերով.

Ես կարդացի նորին սրբազնության թուղթը, պարոն բժշկապետ, ձեր նպատակը շատ գովելի է, և ես ամենայն հոժարությամբ պատրաստ կլինեի ձեր փափագներին բավականություն տալ, եթե մեր վանքում գտնվեին ձեր ցանկացած ձեռագրերը:

Շատ շնորհակալ եմ, հայր սուրբ, ձեր բարեսրտության համար, պատասխանեց Ասլանը, դուք ինձ շատ կպարտավորեիք, եթե տայիք ինձ կարդալու գրքերի ցուցակը. ես հայերեն կարդալ իմանում եմ:

Ցուցակ չունենք, պարոն բժշկապետ, քանի անգամ մտածել ենք այդ մասին, բայց ժամանակ չենք գտել կազմելու:

Փոքր էր մնում, որ ես հարցնեի, թե ուրիշ ինչ գործով եք զբաղված դուք, որ մի ցուցակ կազմելու ժամանակ չեք կարողացել գտնել:

Այսուամենայնիվ, հայր սուրբ, շատ հետաքրքիր էր ինձ տեսնել գրքերը, ասաց Ասլանը:

-Մի ժամանակ այդ վանքում եղել են բազմահատոր գրքեր, պատասխանեց հայր սուրբը, կարծես ինքն իր հետ խոսելով, բայց քանի՜-քանի՜ անգամ թալանվել է այդ վանքը... ինչ էլ որ մնացել էր, անիծյալ Լանգթեմուրը տարավ...

ՈՒրեմն ոչինչ չէ՞ մնացել, հարցրեց Ասլանը զարմանալով:

Մի քանի հատոր մնացել են:

Դուք շատ բարի կլինեիք, հայր սուրբ, եթե այդ մի քանի հատորը ինձ ցույց կտայիք:

Մեծ ուրախությամբ, գնանք, պարոն բժշկապետ:

Մենք դուրս եկանք սեղանատնից: Հայր սուրբը հրամայեց, որ բերեն ժամատան բանալիները, որտեղ դրած էին գրքերը:

Բայց նախքան ժամատուն մտնելը, ես կխնդրեի ձեզանից, հայր սուրբ, որ դուք ցույց տայիք ինձ ձեր վանքը: Ինձ, որպես մի եվրոպացու, մեծ հաճություն կպատճառե` տեսնել մի հայկական վանքի կազմակերպությունը:

Եթե մի ուրիշը լիներ վանահոր տեղ, կամաչեր ցույց տալու իր վանքը, ուր ամեն ինչ կրում էր իր վրա մեռելության, անշարժության և ավերման տխուր կնիքը: Բայց նա մի առանձին պարծանքով էր ցույց տալիս այդ բոլորը, որովհետև նրա վանքի կյանքը հենց նրա մեռելության մեջն էր, անապա՜տ` բառի բուն նշանակությամբ...

Նա ներս տարավ մեզ մի քանի աբեղաների խուցեր, որոնց մեջ գտանք միևնույն գերեզմանական մերկությունը, միևնույն սպանիչ մռայլը և խոնավությունը, ինչ որ տեսել էինք մեզ համար պատրաստած խուցում: Տարբերությունը աննշան էր: Դրանց մեջ ևս տեսնում էինք պատուհանում դրած հին սաղմոսը, հատակի վրա փռած հասիրը և իբրև բազմոց` մի կապերտի կտոր: Այդ բազմոցի վրա նստած էինք գտնում խուցի աբեղային, որը, մեզ տեսնելով, կանգնում էր և, ինչպես մի հանցավոր, գլուխը քարշ գցած, նայում էր հատակին: Նրա քարացած դեմքի վրա մի մկնակ անգամ չէր շարժվում, իսկ աչքերը կարծես սառել էին իրանց բույնի մեջ: Առանց խղճալու չէր կարելի նայել այդ թշվառների վբա: Զարմանալին այն էր, որ խուցերից շատերի մեջ վառարան չկար, իսկ անկողին ոչ մի տեղ չտեսանք: Հենց այդ կետի վրա շեշտելով, վանահայրը արտահայտեց իր միաբանության բարձր առանձնահատկությունները` ասելով.

Ձմեռվա ամենասաստիկ ցրտերի ժամանակ անգամ դրանք վառելու սովորություն չունեն, իսկ դրանց անկողինները իրանց զգեստն է լինում: Իմ օրերում դրանք ավելի սովորեցին «գետնախշտի» կյանքին:

Վերջին խոսքերի մեջ նշմարվում էր վանահոր անմեղ պարծենկոտությունը, որ բխում էր նրա վերին աստիճանի խստակեցության զգացմունքից:

Նրանք չե՞ն հիվանդանում, հարցրեց Ասլանը:

Խիստ հազիվ է պատահում, որ իմ միաբանները հիվանդանային կամ հիվանդությունից մեռնեին: Մահը հասնում է նրանց այն ժամանակ, երբ իրանք խնդրում են և երբ պատրաստ են նրան ընդունելու:

Բայց մենք խուցերից մեկի մեջ գտանք մի հիվանդ: Միայնակ, անխնամ պառկած էր նա սառն հատակի վրա և ծածկվել էր իր վերարկվի մեջ, խորին կերպով հառաչանքներ էր արձակում: Ասլանը առաջարկեց բժշկական օգնություն մատուցանել: Բայց վանահայրը արգելեց` ասելով.

Թող այդ տանջանքը ապաշխարություն լինի նրան...

Ի՞նչ հանցանք էր գործել, ինչո՞վ էր մեղավոր ողորմելին, այդ մասին վանահայրը ոչինչ չասաց:

Վանքի զանազան շինվածքները տեսնելուց հետո մտանք ժամատունը: Այստեղ, տաճարի աջակողմյան խորանում, պահվում էին հին ձեռագիրները: Խորանը այնքան մութն էր, որ վանահայրը իսկույն մոմ վառեց: Մի պատուհանի մեջ, խառնաշփոթ կերպով միմյանց վրա ածած, փոշու և բորբոսի թանձրության տակ ծածկված գտանք մեր նախնյաց գրավոր վաստակները: Այդ վայրենի անհոգությունը տեսնելով, Ասլանը այլևս չկարողացավ ապել իր վրդովմունքը, ասաց.

Ես չեմ կարծում, որ Լանգթեմուրը այսպես անփույթ կերպով վարված լիներ հայոց գրքերի հետ: Եթե ճիշտ է ավանդությունը, թե նա տարավ հայոց գրքերը, պետք է ճիշտ համարել և այն, որ Սամարկանդում մի առանձին աշտարակ շինել տվեց և նրա մեջ մեծ խնամքով էր պահում այդ գրքերը:

Ասլանի նկատողությունը ամենևին չվիրավորեց վանահորը. նա բավական սառնասրտությամբ պատասխանեց.

Անձրևի և ձյունի ժամանակ այնտեղից կաթում է, պարոն բժշկապետ, նա ձեռքով ցույց տվեց քայքայված խորանի առաստաղը, այդ խոնավությունը նրանից է: Մենք տեսանք, որ գրքերը փչանում են, այդ պատճառով պիտանիները ջոկեցինք դրանց միջից և մի ապահով տեղում ենք պահում:

Ձեր ջոկածները անպատճառ սուրբ գրքեր կլինեին:

Իհարկե, սուրբ գրքեր:

Իսկ այդ անսուրբ գրքերը թողեցիք, որ այստեղ փտե՞ն...

Նա ոչինչ չպատասխանեց, երևի իր մտքում զարմանում էր պարոն բժշկապետի անտեղի բարկության մասին: Ես օգնեցի Ասլանին` քննելու գրքերը: Վանահայրը, մոմը ձեռքին, տհաճությամբ լուսավորում էր մեր աշխատությունը: Որո՞նք էին, հայր սուրբի կարծիքով, անսուրբ գրքերը, հայտնվեցան Խորենացու, Ղազար Փարպեցու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և մեր նշանավոր մատենագիրների ընտիր օրինակները, բայց բոլորը քրքրված, բոլորը կիսով չափ կամ մեծ մասամբ փտած: Մի Խորենացի միայն մնացել էր ամբողջ, բայց նրանից ևս առաջին և վերջին թերթերը պակաս էին:

Բժշկարան կա՞, հարցրեց վանահայրը:

Չէ երևում, պատասխանեց Ասլանը:

Մի հատ պետք է որ լիներ, ասաց հայր սուրբը, աշխատելով մտաբերել, բայց չեմ հիշում ով տարավ...

Ով տարել է, վատ չի արել, եթե մնացած լիներ, այն ևս պետքէ այդ գրքերի վիճակին ենթարկվեր, ասաց Ասլանը:

Խորին ցավակցությամբ մենք դուրս եկանք խորանից, ուր կատարվել էր այդ բարբարոսությանը: Վանա ծովակի կղզիները, ապահով տեղեր համարվելով, նրանց մեջ գտնված անապատները միշտ եղել են հայոց գրքերի մի-մի շտեմարաններ. իսկ այդ շտեմարանները տգետ աբեղաների անհոգությունից դարձել են նույն գրքերի գերեզմանները...

Հիմա, հայր սուրբ, խնդրեմ ցույց տվեցեք ձեր սուրբ գրքերը, ասաց Ասլանը: Անսուրբները տեսանք...

Վանահայրը շփոթված կերպով կանգ առավ և մտատանջության մեջ ընկավ: Ասլանը, երևի, հսակացավ նրա անվճռականության պատճառը և հանգստացրեց` ասելով.

Ես միայն հեռվից կնայեմ...

-Աստված օրհնե քո հավատը, ասաց հայր սուրբը և կակազելով ավելացրեց, իհարկե, պարոն բժշկապետ, աշխարհական մարդուն փոքր-ինչ ան...

Հասկանում եմ, հայր սուրբ, նրա խոսքը լրացրեց Ասլանը: Աշխարհական մարդուն անվայել է սուրբ գրքերը ձեռքով շոշափել...

Տաճարի պահարաններից մեկում, որ այլ անունով կոչվում էր ավանդատուն, դրած էր մի մեծ և ծանր արկղ սև փայտից: Ո՞ր ժամանակի գործ էր այդ արկղը, ո՞րտեղից էր բերված` հայտնի չէր: Նրա մեջ պահվում էին վանքի սրբությունները. խաչեր, սուրբ նշաններ, պատած ոսկով և արծաթով, թանկագին անոթներ, որոնց թվում և պահվում էին սուրբ գրքերը: Վանահայրը ցույց տվեց մեզ այդ գրքերից մեկը միայն, որ կոչվում էր «Կարմիր Ավետարան», երևի նրա համար, որ կարմիր ներկը նրա նկարների մեջ ավելի պայծառությամբ աչքի էր զարկում և ավելի շատ էր գործածվել, քան թե մյուս ներկերը:

Երբ մտանք ավանդատունը, վանահայրը վառեց երկու մոմեր, մեկը տվեց իմ ձեռքը, մյուսը` Ասլանի ձեռքը, և երեսը խաչակնքելով մոտեցավ սև արկղին: Լուռ աղոթքներ կարդալով, բաց արեց նա արկղը և նրա միջից վեր առեց մի մեծ կապոց: Ես և Ասլանը մեր մոմերով առաջնորդեցինք նրան, մինչև նա դուրս եկավ ավանդատնից, բերեց կապոցը և դրեց տաճարի սեղանի վրա: Այժմ լսելի ձայնով մի շարական երգելով, սկսեց մեկ-մեկ բաց անել բազմաթիվ թաշկինակները, որոնց մեջ փաթաթված էր «Կարմիր Ավետարանը»: Թաշկինակները գույնզգույն էին, բոլորը մետաքսից: Նրանցից մի քանիսի վրա երևում էր կնոջ ձեռքի շնորհքը. նուրբ ասեղնագործությամբ հորինած զանազան նկարներ կամ սուրբ գրքերից խորհրդավոր պատկերներ: Վանա հարուստ «խոջաները», որ մի ժամանակ տարածվել էին աշխարհի ամեն կողմերը, արևելքից և արևմուտքից բերել էին այդ թանկագին ընծաները և նվիրել սուրբ Ավետարանին: Երբ վանահայրը բաց արեց գիրքը, թե ես և թե Ասլանը հիացած մնացինք, մագաղաթը այնքան բարակ էր և հարթ, ինչպես ամենաընտիր թուղթ. նկարները սքանչելի էին, իսկ գրիչը վերին աստիճանի կանոնավոր և գեղեցիկ: Յուրաքանչյուրի գլուխը զարդարած էր մի-մի պատկերով, որի միտքը առնված էր նույն գլխի բովանդակությունից: Կազմը ամբողջապես արծաթից էր, թանկագին ակներով և հիանալի քանդակներով զարդարած: Մենք խորին ջերմեռանդությամբ մոտեցանք և համբուրեցինք սուրբ գիրքը:

Ինձ ամենևին հաճելի չթվեց այն խոսքը, որ ժամատնից դուրս գալու միջոցին Ասլանը ասաց ինձ.

Իբրև հայոց գրչության և արհեստի մի գեղեցիկ օրինակ` այդ գիրքը անգնահատելի է:

Մի՞թե այդպես կարելի է վերաբերվել դեպի մի սրբություն, մտածում էի ես: Նա դատում էր գրքի մասին միայն արհեստի կետից:

Երբ դուրս եկանք ժամատան բակը, վանահայրը հրավիրեց մեզ իր խուցը: Ասլանը գնաց, բայց ես չգնացի:

Այդ միջոցին պատահեց Բերզեն-Օղլին, որ ինձ տարավ և բավական ման ածեց կղզու մեջ:

Ճաշից հետո փոթորիկը համարյա թե դադարել էր. կատաղի ծովը ավելի հանդարտ էր, կուտակված ամպերը ցրիվ էին եկած, և արեգակը դարձյալ լուսավորում էր իր պայծառ ճառագայթներով: Ես և նավաստին երկար շրջում էինք ապառաժոտ կղղու վրա, և նա ինձ ցույց էր տալիս այս և այն տեղերը, որոնց հետ կապված էին ամբողջ ավանդություններ: Կղզին բոլորովին մերկ էր և ցամաք. բացի դեղին և նարնջագույն անթառամ ծաղիկներից և անտերև ավելուկներից, մի այլ դալար բույս չէինք տեսնում: Նրա բնակիչները հոգ չէին տարել մի քանի ծառեր անգամ տնկել այստեղ: Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև ջրի աղբյուրներ կային: Գոնե իրանց համար հոգ տանեին ճգնավորները, չէ՞ որ նրանցից շատերը կերակրվում էին միայն բույսերով, իսկ այդ անապատը բոլորովին զուրկ էր բուսականությունից:

Ոչ ոք չէր երևում: Կարծես թռչուններն անգամ փախել էին այստեղից: Միայն հեռվից նշմարեցինք մի կիսամերկ անձնավորություն, խառնված մորուքով և գլխի մազերով: Նա երկչոտ կերպով նայեց մեզ վրա, հետո, երկու ձեռքով աչքերը պինդ բռնելով, սկսեց փախչել և շուտով անհայտացավ ժայռերի մեջ:

Ո՞վ էր նա, հարցրի նավաստիից:

Ճգնավոր էր, պատասխանեց նա մի առանձին ջերմեռանդությամբ:

Մենք այլևս հեռու չգնացինք, չկամենալով խանգարել նրանց հանգստությունը :

Ինչո՞ւ փախավ նա, երբ որ մեզ տեսավ, դարձյալ հարցրի ես նավաստիից:

Մեղավոր մարդու երեսը նրանք չեն ուզում տեսնել, պատասխանեց նավաստին:

Ես, ուղիղն ասած, եթե ոչ երկյուղ, բայց մի անբացատրելի թախիծ ու տրտմություն էի զգում այդ մարդկանց հանդիպելիս, այդ էր պատճառը, որ կամեցա շուտով վերադառնալ մեր խուցը: Նավաստին դարձյալ գնաց կղզու ափերի մոտ թափառելու:

Ասլանին չգտա մեր իջևանում. նա դեռ չէր վերադարձել վանահոր խուցից: Ի՞նչ կար, որ այդքան ուշացավ նա: Ես չեմ կարծում, որ հայր սուրբը որևիցե բանով նրան հյուրասիրած լիներ: Մի ամբողջ ժամ ևս անցավ, երբ նա եկավ: Ի՞նչ էր խոսացել այնտեղ, կամ ինչո՞ւ այդքան ուշացավ, այդ մասին նա ինձ ոչինչ չպատմեց, բայց ես նկատեցի, որ նա բավական դժգոհ էր: Գլխարկը բարկությամբ մի կողմ նետեց և պառկեց կապերտի կտորի վրա, ինքն իրան խոսելով. «Այդ ապուշներից ոչինչ չէ կարելի սպասել»...

Նա աչքերը խփեց և լուռ կացավ: Ես կարծեցի, որ քնեց: Չկամենալով խանգարել նրան, դուրս եկա խուցից, նստեցի պատի մոտ մի քարի վրա և սկսեցի նայել դեպի ծովը: Այդ միջոցին ինձ մոտ եկավ աբեղան, որին հանձնված էր հոգ տանել մեր մասին: Նա դեռ երիտասարդ էր, և այդ հասակում նրա մազերը մեծ մասամբ սպիտակել էին:

Դուք, երևի, այդ ծովի շրջակայքիցն եք, հարցրի նրանից:

-Ոչ, հեռվից եմ, շատ հեռվից, պատասխանեց նա մի առանձին տխրությամբ:

Ո՞րտեղից:

Հին Նախիջևանի կողմերից:

Ձեր ծնողներից նամակ ստանո՞ւմ եք:

Իմ ծնողները չգիտեն, որ ես այստեղ եմ:

Ի՞նչպես չգիտեն:

Ես ծածուկ փախա մեր տանից, որ ծնողներս չարգելեն:

Ի՞նչպես ծագեց ձեր մեջ այդ միտքը:

-Մեր տան քահանան, երբ հորս մոտ էր գալիս, շատ անգամ պատմում էր անապատների մասին, ճգնավորների մասին, ես լսում էի և այնքան գրավվեցա, որ մտածեցի թողնել մեղավոր աշխարհը և մտնել անապատը:

Ես իսկույն մտաբերեցի իմ վարժապետ տեր Թոդիկին, նա ևս մի ժամանակ ինձ խելքից հանել էր, ճգնավորների մասին զանազան հրաշքներ պատմելով:

Դուք չ՞եք մտածում մի անգամ գոնե գնալ ձեր ծնողներին տեսնելու:

Այդ անապատը մտնողը այլևս իրավունք չունի դուրս գալու կղզուց. այստեղ մնում է, ծերանում է և այստեղ էլ մեռնում է...

Վերջին խոսքերը արտասանեց աբեղան մի առանձին զգացմունքով, որի մեջ նշմարվում էր կարոտյալ սրտի թախիծը: Ես փոխեցի իմ խոսքը.

Ասացեք, խնդրեմ, հիմա այդ կղզում կա՞ն այնպիսի ճգնավորներ, որ հրաշքներ գործեին:

Առաջ եղել են:

Ինչո՞ւ հիմա չկան:

Հիմա էլ կան, բայց ցույց չեն տալիս... Մարդիկ պետք է առանց հրաշքներ տեսնելու ևս հավատան, այն ժամանակ միայն նրանց հավատը կատարյալ կլինի: Նա սկսեց երկար խոսել այդ մասին:

Ես համարյա չէի լսում: Իմ ուշադրությունը գրավել էր գեղեցիկ երեկոն: Փոթորկային օրից հետո երեկոյան վերջալույսը սքանչելի էր: Արեգակի վերջին ճառագայթները, կարծես կատաղի մրրիկից վրեժխնդիր լինելու համար, որ այնօր խանգարեց նրանց տվնջյան խաղաղությունը, այժմ լուսավորել էին ծովակի եզերքը պայծառ, ծիրանեգույն լուսավորությամբ: Ես նայում էի դեպի հեռուն, շատ հեռուն: Ինձ երևում էին հին Աղիովտի գեղագրական ծովեզերքը: Այդ զվարճալի վայրերը, այդ գեղեցիկ բլուրներն ու հովիտները մի ժամանակ սեփականություն էին հայոց Արշակունի արքայազունների: Ժառանգը մնում էր թագավորի մոտ Այրարատ գավառում, իսկ մնացյալ արքայազունները ուղարկվում էին այստեղ, որպեսզի գահի վերաբերությամբ որդիների մեջ հակառակություն չծագեր: Այդ բլուրների, այդ մթին ձորերի մեջ, արքայազն երիտասարդները, իրանց որսորդական բարակներով և բազեներով, խռովեցնում էին սորամուտ երեցների հանգստությունը: Իսկ այժմ նրանց փոխարեն քուրդ բեկզադեն, նիզակը ձեռին, իր վեհապանծ նժույգի վրա, հետամուտ էր լինում փախչող եղջերվին... Տեսնում էի Քաջբերունյաց հզոր քաղաքը՝ Արճեշը: Ո՜րքան գեղեցիկ օրեր, ո՜րքան դառն աղետներ կապված էին այդ դժբախտ քաղաքի պատմության հետ... Պարսիկը, հագարացին, հույնը դարերի ընթացքում թափեցին նրա վրա իրանց բարբարոսությունը, և ինչ էլ որ պակաս էր մնացել, լրացրեց անսիրտ ծովը: Նա ողողեց քաղաքի շրջակայքը, կտրեց նրան ցամաքից և, բոլորովին կղզիացնելով, առեց իր ալիքների մեջ: Սարսափած բնակիչները իրանց շքեղ բնակարանների հետ մեծ մասամբ ջրասույզ եղան... Այժմ արևի երեկոյան ճառագայթները լուսավորում էին նրա միջնաբերդի գագաթը միայն, որը մի սեպաձև կղզու նման դուրս էր ցցվել ջրերի մակերևույթից: Իսկ ծովը օրեցօր սպառնում էր կլանել Քաջբերունյաց քաղաքի այդ վերջին մնացորդն ևս, և բոլորովին անհետացնել նրա տխուր հիշատակը...

Երեկոյան ժամը զարկեցին, աբեղան վեր կացավ, ինձ ևս հրավիրելով իր հետ ժամ գնալ: Ես մեծ հոժարությամբ կգնայի, եթե Ասլանը ներսից չկանչեր ինձ: Ես նրան նույնպես պառկած գտա, որպես թողել էի:

Ի՞նչ է պատահել քեզ, զարմանալով հարցրի ես:

Ոչինչ, փոքր-ինչ վատ եմ զգում ինձ... պատասխանեց և շուռ եկավ մյուս կողքի վրա:

Երևի ծովից դարս գալուց հետո այնքան երկար մնացիր թրջված հագուստով, որ մրսեցիր:

Նա ոչինչ չպատասխանեց, միայն խնդրեց, որ բաց անեմ լոուսամուտները: Խուցի մեջ օդը խեղդելու չափ ծանր էր: Բայց ի՞նչպես պետք է բաց անեի լուսամուտները, որոնք իմ հասակից շատ բարձր էին: Այս կողմ ու այն կողմ ընկա, որոնեցի, վերջապես մի բան գտա, դրեցի ոտներիս տակը և վեր բարձրացա: Լուսամուտները փեղկեր չունեին. մի-մի փայտյա շրջանակ միայն ագուցած էր յուրաքանչյուրի մեջ, և նրանց վրա, ապակիի փոխարեն, մեխած էին հաստ, մուգ դեղնագույն թերթեր, որոնց վրա երևում էին գունատված գրության հետքեր: Ես պոկեցի երկու լուսամուտների թերթերն ևս: Երբ Ասլանը այդ թերթերին նայեց, ասաց.

Մագաղա՞թ է: Դրանք այն Խորենացու պակաս թերթերիցն են, որ մենք ժամատան խորանում տեսանք:

Գիշերը Ասլանը իրան ավելի վատ էր զգում: Գլուխը սաստիկ ցավում էր և գանգատվում էր սաստիկ ծարավից: Բայց մաքուր ջուր անկարելի էր գտնել այստեղ: Ծովի ջուրը խիստ դառն էր, հորերի ջրերը նույնպես դառնահամ էին: Մաքուր ջուր ստանում էին հալած ձյունից, որը ձմեռը հավաքելով առանձին ստորերկրյա սառցատներում, ամառը գործ էին ածում: Իսկ այս տարի այդ մասին ևս հոգ չէին տարել: Կար և ջրամբար, որի մեջ առանձին ճանապարհներով հավաքվում էր անձրևի ջուրը: Բայց ջրամբարը, քայքայված լինելով, այլևս ջուր չէր պահում:

Այդ բոլորը տանելի կլիներ, եթե մեզ թույլ տային փոքր-ինչ քնելու: Ամբողջ գիշեր հանգստություն չտվին մեզ: Ամեն րոպե հայտնվում էր ժամկոչը փայտյա ծանր օթյակը ձեռին և բոլոր խուցերի դռները հերթով ծեծելով, հասնում էր մերին և նրա վրա ևս երեք անգամ զարկելով գոչում էր. «Ժամ համեցեք»:

Դրանք այն «մշտապաշտոն» կոչված անապատականների կարգիցն էին, որոնք, բացի օրվա սովորական ժամերգությունները, որ կատարում էր ամբողջ միաբանությունը միասին, կատարում էին նաև մշտական աղոթքներ, և դրա համար միաբանությունը մի քանի դասերի էր բաժանված, որոնք հերթով փոխվում էին: Եվ այդպես, աղոթքն ու պաշտամունքը եկեղեցում օր ու գիշեր մնում էր անխզելի և երբեք չէր ընդհատվում: Իսկ այն գիշերը, շաբաթվա գիշեր լինելով, ամբողջ միաբանությունը «հսկում» էր կատարում, այսինքն` անքուն պիտի աղոթեր մինչև լույս: Այդ կարգի աբեղաներին հին ժամանակներում հունական անունով կոչում էին «սպուդե» (անխոնջ), իսկ նրանց վանքը` «անհանգստից» վանք: Ի՞նչ հանգստություն էինք որոնում մենք «անհանգիստների» վանքում...

Առավոտյան ժամը վերջանալուց հետո ես և Ասլանը գնացինք վանահոր աջը համբուրելու և նրան հրաժարական ողջույն տալու: Նրան միայնակ գտանք իր անշուք խուցի մեջ նստած և ինչ-որ գրում էր: Նա թեև խիստ բարեսրտությամբ ընդունեց մեզ, բայց մենք կարճ կտրեցինք և, ոտքի վրա շնորհակալություն հայտնելով` դուրս եկանք:

ՈՒրիշ վանքերում միաբանները, իրանց այցելուներից նյութական ակնկալություններ ունենալով, վերին աստիճանի քաղաքավարի և մինչև անգամ շողոքորթող են լինում: Բայց այդ, աշխարհից անջատված, անընչասեր անապատականները ոչ միայն սառն էին վարվում, այլ խորշում էին մեղքի աշխարհի մարդիկներից: Այդ խորշանքը հասնում էր նրանց մեջ մինչև մարդատեցության: Իգական սեռին բոլորովին արգելված էր այդ կղզին մտնել, իսկ արական սեռից մուտք են գործում հասակավորները միայն:

Մենք վերջին անգամ հայացք ձգեցինք «անհանգստից» վանքի վրա և հեռացանք:

Ի՞նչպես երևաց քեզ այդ վանքը, հարցրի Ասլանից:

Անապատական մոլեռանդությունը, ճգնավորական կյանքը, ասաց նա, այլանդակեց մեր վանական կարգերը, որոնք, իրավ, իրանց ժամանակին ունեցել են իրանց մեջ շատ մարդասիրական սկզբունքներ: Անապատականների շնորհիվ ինչպես մեր վանական կյանքը այլանդակվեցավ, այնպես էլ այլանդակվեցավ և հայկական գեղեցիկ ճարտարապետությունը, որ պահպանված էր գլխավորապես վանքերի շինվածքների մեջ: Աղքատություն և անշքություն սիրելով, անապատականները բավականացան անշուք խցիկներով և, խստակեցությամբ սպանելով իրանց մարմինը, սպանեցին միևնույն ժամանակ և արհեստը: Նայեցեք, ինչ բանի են նման այդ ողորմելի շինվածքները, այդ տխո՜ւր անապատը...

Բերզեն-Օղլուն` մեր հյուրընկալ աբեղայի հետ` գտանք ծովի ափի մոտ: Այնտեղ պատրաստ էր վանքի նավակը, որ մեզ պիտի տաներ դեպի ցամաքը: Մենք նստեցինք, նահապետական նավակը երկու ժամից հետո մեզ հանեց «դրսի տունը», որ գտնվում է կղզու հանդեպ, նրա հյուսիս-արևելյան ցամաքի վրա: Վանա ծովակի մեջ գտնվող մյուս կղզիները ևս՝ Լիմ և Աղթամար, որոնց մեջ ճգնավորների անապատներ կան, այսպիսի «դրսի տներ» ունեն: Այստեղ է կենտրոնացած վանքի ամբողջ տնտեսությունը: Այստեղ են բնակվում մշակները, որ մշակում են վանքապատկան ընդարձակ հողերը: Այստեղ են պահվում վանքի բազմաթիվ անասունները իրանց հովիվներով և նախրապաններով: Այստեղ է վանքի գլխավոր հարստությունը: Այստեղ աբեղաները կանանցից չեն խորշում. նրանք են թխում հացը, նրանք են պատրաստում կերակուրը վանքի բազմաթիվ բանվորների համար, նրանք են կթում ոչխարները, պանիր են մակարդում, յուղ են պատրաստում, նրանք են մանում բուրդը և նրանից հայր սուրբերի համար հագուստ պատրաստում: Այստեղ կյանք կա: Այստեղ, «դրսի տան» մեջ, գործում են, իսկ այնտեղ, ներսի տան մեջ, անապատում, միայն աղոթում են:

Մեզ ընդունեց «դրսի տան» տնտես-մատակար աբեղան, մի բավական ուրախ, զվարճախոս անձ և, հրավիրելով իր սենյակը, ասաց.

Գնանք, գիտեմ, այնտեղ ձեզ քաղցած պահած կլինեն, գնանք մի բան ուտենք:

Այդ կրոնավորը հենց առաջին րոպեից այնքան համակրական երևաց, որ մենք չկարողացանք մերժել նրա հրավերը: Նա տարավ մեզ իր սենյակը, որ անապատի մեջ մեր տեսած խուցերի հետ համեմատելով, բավական օրինավոր պետք էր համարել: Ո՜րքան մեծ զանազանություն աշխարհին մոտ կրոնավորի և աշխարհից կտրված կրոնավորի մեջ: Շուտով պատրաստել տվեց մեզ համար պատվական նախաճաշիկ, որ բաղկացած էր սերից, կարագից, մածունից, մեղրից և սպիտակ հացից: Նրա սենյակում գտնվեցավ մինչև անգամ օղի. նա առաջարկեց մեզ մի-մի բաժակ, թեև ինքը չխմեց:

Բայց, ինչ որ ավելի գրավեց մեր ուշադրությունը, դրանք էին մի խումբ դեռահաս պատանիներ, որոնք, մի առանձին խոժոռադեմ, մռայլ աբեղայի հսկողության ներքո, պարապում էին մի այլ սենյակում: Այստեղ դպրոց չէր, այստեղ մի տեսակ նախակրթարան էր, որի մեջ այդ պատանիները պետք է նախապատրաստվեին անապատը մտնելու համար: Նրանք պետք է անցնեին այն բոլոր փորձությունների միջով, ինչ որ պահանջում է անապատական կյանքը: Պահ, ծոմ, անքուն գիշերներ, մշտական աղոթք, խոնավ և մութ խղիկներում գետնախշտի կյանք, անպայման հնազանդություն, հրաժարումն բոլոր բավականություններից, մի խոսքով, կատարյալ անձնուրացություն, այդ պետք է լիներ այն փորձությունը, որի միջով, տարիների ընթացքում պետք է անցնեին նրանք, մինչև արժանապատվություն ստանային անապատը մտնելու: Գլխավոր պայմաններից մեկն էլ այն էր, որ նրանք պետք է կատարյալ հասակի հասնեին, մորուքները աճեր, որովհետև անմազ երեսով պատանիներին արգելված էր անապատը մտնեը:

Տեսնելով այդ գունաթափ, հալումաշ եղած թշվառներին, ես սաստիկ ցավ զգացի: «Անմե՜ղ զոհեր, մտածում էի ես, ո՞ր սատանան մոլորեցրեց ձեզ այստեղ գալ. մի՞թե աշխարհը այնքան վատ էր, որ դուք վճռեցիք փախչել նրանից»:

Վարպետ Փանոսը, որպես պատվիրել էինք, նախապես հոգացել էր մեր մասին և մեր ձիաները ուղարկել էր այստեղ: Մենք շատ չուշացանք, պատվիրեցինք, որ ձիաները շուտով պատրաստեն:

Այստեղ Բերզեն-Օղլին տեղեկացավ, որ իր նավակը, ցամաքի ժայռերին զարկվելով, խորտակվել էր: Նա այնքան տխրեց, որպսես իր սիրուհին կորցրած մի սիրահար:

Դուք ձեր վնասը կստանաք ինձանից, ասաց նրան Ասլանը, երբ մենք բաժանվեցանք միմյանցից:

Բերզեն-Օղլին մնաց այնտեղ, պետք է ոտքով գնար Ավանց գյուղը: Իսկ ես և Ասլանը մեր ձիաններով սկսեցինք դիմել դեպի Այգեստան:

Ճանապարհին միայն ես առիթ ունեցա հայտնելու Ասլանին այն անցքը, որ գիշերը պատահեց Ավանց գյուղում, նավաստիի տանը: Մի ըստ միոջե պատմեցի, թե ինչպես դուրս եկավ նրա կինը, ինչպես ման եկավ բակի մեջ, ինչպես գնաց մինչև ծովեզրը և, վերադառնալուց հետո` ինչպես մոտեցավ, նստեց իմ մոտ և սկսեց պատմել իր ամուսնի եղեռնագործությունը:

Ասլանը, մի առանձին հետաքրքրությամբ այդ բոլորը լսելուց հետո, ասաց ինձ.

Այդ մարդը մի ժամանակ ծովային ավազակ է եղել… Բայց ազնիվ մարդ է…

ԺԲ

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԱՆԱՊԱՏՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ճանապարհին Ասլանը մի քանի հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Կտուց անապատի անցյալի մասին, որոնք ինձ այնքան գրավեցին, որ ես խորին ափսոսանքով սկսեցի իմ մտքում դատապարտել ինձ, թե ո՛րքն ապարդյուն կերպով ես վատնել եմ իմ պատանեկության ամենաթանկագին ժամանակը, երբ կարող էի շատ բան սովորել և շրջապատող երևույթները կարող էի միշտ ինքս հասկանալ, ինքս քննադատել: Նա ասում էր, որ այդ անապատը առաջ կպած էր ցամաքին, հետո ծովի ջրերը բաժանեցին նրան և կղզիացրին: Նա ցույց էր տալիս այն նեղ հրվանդանը, որ արագիլի կորաձև պարանոցի նման երկարացել էր ծովի մեջ: Այդ հրվանդանը կոչվում է «Կռապաշտնոց»: Մի ժամանակ նրա վրա եղել է կռապաշտների մեհյան: Հրվանդանի ուղիղ գլխի հանդեպ գտնվում է կղզին և այդ պատճառով էլ կոչվում է նա «կտուց», որովհետև արագիլի գլխից կտրված կտուցի նմանություն ունի: Ես հարցրի Ասլանից, թե ինչպես է պատահել, որ նա կտրվել է: Նա բացատրեց, թե ծովակի ջուրը դարերի ընթացքում հետզհետե բարձրացել է և ողողել է իր եզերքը. շատ նշանավոր տեղեր և շինվածքներ, որ պատմության մեջ հայտնի էին, այժմ կամ իսպառ ծածկվել են ջրի տակը կամ, ցամաքից կտրվելով, կղզիացել են: Նա օրինակ բերեց Արճեշ բերդաքաղաքը, որ այժմ չորս կողմից առնված է ջրով և նրա ամենափոքրիկ մասն է միայն երևում, և խոստացավ ցույց տալ ինձ Աղթամար կղզու վրա գտնված Արծրունի թագավորների պալատները, որ այժմ կորած են ջրի տակ: Ես շնորհակալություն հայտնեցի, խնդրելով, որ բացատրե ինձ, թե ի՞նչպես զարգացավ հայերի մեջ անապատական կյանքը, ինչո՞ւ մարդիկ թողեցին աշխարհը և առանձնացան անապատների ամայության մեջ:

Ասլանը այդ մասին թե՛ այնօր ճանապարհին, և թե՛ ուրիշ ժամանակ, շատ բան էր խոսացել ինձ, եթե բոլորը գրելու լինեմ, մի ամբողջ գիրք կդառնա. ես կդնեմ այստեղ այնքանը միայն, որքան վերաբերում է մեր տեսած Կտուց անապատին և Վանա ծովակի մեջ գտնված մյուս երկու անապատներին, որ կոչվում են Լիմ և Աղթամար:

Պետք է որոշենք միմյանցից, ի՞նչ է վանքը, ի՞նչ է անապատը:

Մեր հայրենիքում վանքերը եղել են սկզբում մի տեսակ հոգևոր-բարեգործական հիմնարկություններ: Նրանք ծառայել են իբրև դպրոց, ծառայել են իբրև հիվանդանոց կամ ուրկանոց, ծառայել են իբրև աղքատանոց, ծառայել են իբրև իջևան ճանապարհորդների համար և մեր լեռնային երկրի ամենադժվարին տեղերում, ձմեռային ամենասաստիկ ցրտերի ժամանակ, պատսպարան են դարձել օտարներին ու պանդուխտներին, մի խոսքով, վանքերը ունեցել են իրանց մարդասիրական նպատակները, որոնք, դարերի ընթացքում կերպարանափոխվելով, հետզհետե շեղվել են իրանց իսկական նշանակությունից և, վերջապես, անօգտավետ են դարձել:

Վերոհիշյալ նպատակների համաձայն, վանքերը կառուցվում էին այնպիսի տեղերում, որ ավելի հեշտ հաղորդակցություն ունենան մարդիկների և աշխարհի հետ, որ կարողանան ծառայել իրանց նշանակությանը:

Բայց այդպես չէ եղել անապատը: Նա անջատել է կյանքից և խզել է իր բոլոր հարաբերությունները աշխարհի հետ և այդ իսկ նպատակով, իր գոյությունը պահպանելու համար, ընտրել է երկրի ամենաթաքթաքուր տեղերը: Նա առանձնացել է անտառների մթին խորքերում, ապառաժների անմատչելի անձավներում, ձորերի խորին փապարներում և լճակների անբնակ կղզիներում:

Անապատը այլ խոսքով կոչվում է մենաստան, իսկ վանքը` իջևան, այդ երկու անունների նշանակության մեջ մեծ զանազանություն կա:

Անապատը կենդանի մահացություն է. նրա նպատակն է` սպանել արտաքին մարդը` մարմինը, որպեսզի կենդանանա ներքին մարդը` հոգին:

Բայց ինչի՞ց առաջ եկավ այդ կատարյալ անձնուրացությունը, այդ հոժարակամ ինքնամերժումը կյանքից ու աշխարհից:

Անապատը երկրի ողբալի դրության հետևանքն է: Երբ կյանքը ապահով չէ, երբ կյանքը մշտական վտանգների ենթակա է, նա այն աստիճան անտանելի է դառնում, որ մարդիկ հուսահատվում են և, հեռանալով աշխարհից, աշխատում են անապատների առանձնության մեջ եթե ոչ մարմնավոր, գոնե հոգևոր մխիթարություն որոնել: Հանապազօրյա դժբախտությունները մարդուն ձգտում են գերբնական ցնորքների մեջ. նա, չկարողանալով ըմբռնել իրան շրջապատող դառն երևույթների բնական պատճառները և, մանավանդ, չկարողանալով մաքառել նրանց դեմ և հաղթել նրանց, վերջապես վհատվում է, ընկճում է, հեռանում է աշխարհից և իր փրկաթյունը ու սրտի խաղաղությունը որոնում է անապատական կյանքի լռության մեջ:

Այդ ներգործությունն են ունենում աշխարհի դժբախտ հանգամանքները ոչ միայն թույլ բնավորությունների վրա, այլ մինչև անգամ ամենազորեղ բնավորությունները շատ անգամ ենթարկվում են նրանց վհատեցուցիչ ազդեցությանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, չկարողանալով իսպառ ի կատար ածել իր սկսած մեծ պատերազմը հեթանոսական խավարի և տգիտության դեմ, և երկար մաքառելով նախարարների ու ժողովրդի բարքի և վարքի կոպտության դեմ և զանազան դառն հալածանքների ենթարկվելով, վերջապես հուսահատվում է, թողնում է հայրապետության աթոռը, հեռանում է աշխարհից և, առանձնանալով Սեպուհ լեռան այրերի մեջ, անձնատուր է լինում ճգնավորական կյանքի և այնտեղ էլ անհայտության մեջ վախճանվում է: Նրա հզոր գործակիցը, Տրդատ թագավորը, նույն հանգամանքների պատճառով, նույն վիճակին է ենթարկվում. նա ևս, թողնելով արքայական գահ ու գավազանը, թողնելով իր երկրի կառավարությունը, սկսում է լեռներում ճգնավորական կյանք վարել: Հայաստանի երկրորդ լուսավորիչները, Սահակ Պարթևը և Մեսրոպ, երկար մաքառելով ամենադժվարին արգելքների դեմ, եռանդով առաջ են տանում իրանց սկսած մեծ գործը: Բայց երբ դժբախտ հանգամանքները ծանրանում են և նրանց վրա, նրանք ևս թողնում են աշխարհը և հեռանում են դեպի անապատը...

Ես կարող էի մեր պատմությունից շատ օրինակներ բերել, բայց այդքանն էլ բավական է:

Այդ երևույթը նկատվում է մեր պատմության մեջ ոչ միայն անհատների վերաբերությամբ, այլև ամբողջ անապատական ուխտերի և միաբանությունների վերաբերությամբ, որոնք, ժամանակի հալածանքներից խուսափելով, որոնք այնքան ուժ չունենալով մաքառելու ժամանակի հարվածների դեմ, որոնք, անկարող լինելով փոխել, հեղաշրջել երկրի անբավարար կարգերը, հուսահատությունից անձնատուր են լինում անապատական կյանքի: Եվ դրա մեջ պետք է որոնել այդ պատմական երևույթների իսկական պատճառը, որ անապատների կառուցումները ըստ մեծի մասին և ավելի հաճախ տեղի են ունեցել նախընթաց պատահած մի շարք դժբախտություններից հետո:

Այդ երևույթը ավելի պարզ կերպով ցույց տալու համար ես կվերառնեմ մեր ամենամոտ ժամանակներից մի դարաշրջան և հենց այն դարաշրջանը, որի մեջ կատարվել է իմ նկարագրած Կտուց անապատի հիմնարկությունը:

Տասնվեցերորդ դարու վերջերում հայտնվում է Շահ-Աբաս մեծը, իսկ տասնևյոթերորդ դարու սկզբում (1603 թ.) կատարվում է նրա առաջին կորստաբեր արշավանքը դեպի Հայաստան: Մեր աշխարհը դառնում է արյան և կոտորածի մի սոսկալի հանդիսարան: Օսմանցիք մեկ կողմից, պարսիկները մյուս կողմից, երկիրը բոլորովին ավերակ են դարձնում: Շահ-Աբասը սրի և մտրակի ուժով Արարատյան նահանգից բազմաթիվ գերիներ վարում է դեպի Սպահան: Այդ բազմամարդ նահանգը իսպառ դատարկվում է բնակիչներից: Պարսիկների և օսմանցիների թերի թողած բարբարոսությունները լրացնում են Ջալալի կոչված ելուզակները: Այդ ժամանակ հայտնվում են Քյոր-Օղլին և Գզիր-Օղլին: Հետո անմիջապես մինը մյուսին հաջորդում են մարախը, սովը և ժանտախտը: Պարսիկների և օսմանցոց սրից ու գերությունից ազատ մնացած բնակիչները մեռնում են սովից և ժանտախտից: Երկիրը ծածկվում է դիակներով: Մեռելոտիների ընտելացած գազանները համարձակ մտնում են մարդկանց տները և մոր գրկից հափշտակում են երեխային...

Հիշյալ դժբախտություններից հետո վրա են հասնում բնության սասանությունները: 1641 թվին պատահում է Ատրպատականի մեծ երկրաշարժը: Թավրիզը, այդ մեծափարթամ քաղաքը, իր փառավոր շինվածքներով ծածկվում է ավերակների կույտի ներքո: Կործանվում է պարսից արքաների հրաշալի պալատը` Շամկազանը:

Ատրպատականի երկրաշարժից ուղիղ հինգ տարի հետո (1646 թ.) պատահում է Վասպուրականի մեծ երկրաշարժը, որ տևում է յոթ օր: Լեռներն անգամ կործանվում են նրա սոսկալի հարվածներից: Հոգվոց վանքի մոտ Աբեղներ կոչված սարը փուլ է գալիս, լցնում է ահագին ձորը և խափանում է նույն ձորի միջով անցնող գետի ընթացքը: Վան քաղաքը իսպառ ավերակ է դառնում, տապալվում են և Շամիրամի բերդի հզոր աշտարակները: Վանա մեջ և նրա շրջակայքում, կա՛մ բոլորովին կա՛մ կիսով չափ, կործանվում են հետևյալ վանքերն ու եկեղեցիները. Վերին Վարագը, Ներքին Վարագը, Թոդիկ ճգնավորի եկեղեցին, Սալնապատի վանքը, Շուշանից վանքը, Ղուռուբաշի վանքը, Հոգվոց վանքը, Էրեմիրա վանքը, Սրխու վանքը, Բերդակու վանքը, Կենդանանից վանքը, Կռնկու վանքը, Անգուսներու վանքը, Ալերու վանքը, Արշական վանքը, և Վան քաղաքի մեջ գտնված Ս. Խաչ, Ս. Աստվածածին, Ս. Սիոն, Ս. Նշան եկեղեցիները:

Բնության սասանմունքները մի կողմից, բռնակալների գազանությունը մյուս կողքից, և ավելանալով դրանց վրա սովը, ժանտախտը, այդ բոլոր աղետավոր թշվառությունները, որոնց դեմ մաքառելու անզոր է գտնվում մարդը, բնականապես ձգում են նրան հուսահատ և շվարյալ դրության մեջ: Կյանքը և աշխարհը դառնում է նրա համար ցավերի և դառնության մի ծով, և այդ ցավերից ազատվելու համար նա ձգում է իրան աստծու գիրկը և հանգստություն որոնում հետ գերեզմանյան խաղաղության մեջ: Նա մտածում է, թե աշխարհի վերջը հասել է, և շտապում է թողնել նրան: Այստեղից ծագում է խորին անձնուրացության զգացմունքը և հակումն դեպի անապատ, դեպի ամայություն:

Եվ իրավ, միևնույն տառապանքների ընթացքում, երբ թշնամին, սովը, ժանտախտը, երկրաշարժը միացած, ավերակ էին դարձնում երկիրը, հենց այդ ժամանակ զանազան տեղերում կառուցվում էին մեծ թվով անապատներ և լցվում էին բազմաթիվ աշխարհից հրաժարված աբեղաներով:

Իսկ և իսկ այն ժամանակ, երբ պարսիկներից և օսմանցիներից ավերակ դարձած Հայաստանի խրճիթները դեռ մխում էին կրակի մեջ, և երբ լեռներում ու ձորերում փախստական եղած շինականները մի անկյուն չունեին պատսպարվելու, երբ քաղաքացիք, թշնամու գերությունից ազատվելու համար, իրանց տները թողել էին անբնակ և փաղչել էին անմատչելի ժայռերի խոռոչներում, այդ սարսափի ու տագնապի ժամանակ, Որոտն գետի ձախ ափի մոտ, Հալիձոր գյուղի հանդեպ, հիմնվում է Սյունյանց մեծ անապատը, Տաթևի վանքից երեք ժամ հեռավորության վրա: Այդ վանքը այլ անունով կոչում է Հարանց անապատ:

Սյունյաց մեծ անապատի հիմնադիրր եղավ (1610 թ.) Սաղմոսավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը, որը, թողնելով իր վանքը և վանական կյանքը, ուխտեց անապատական լինել, այն դեպքերից հետո, երբ նա Արագած լեռան այրերից մեկի մեջ գտավ մի ճգնավոր, ծունր իջած դրության մեջ, աչքերը դեպի երկինք ամբարձած բայց անշարժ, ինչպես քարե արձան: Ճգնավորը մեռած էր, բայց ո՛վ գիտե, ինչ ժամանակից, նա նույն դրության մեջ, այնպես անապական մարմնով մնացել էր այն քարանձավում: Այդ տեսարանը այն աստիճան ազդեց Սարգիս եպիսկոպոսի վրա, որ նա ուխտեց թողնել աշխարհը և անձնատուր լինել ճգնավորական կյանքի: Նրան գործակից եղավ Տեր-Սարգիս Տրապիզոնցին, մի հմուտ և ուսյալ քահանա, որը կնոջ վախճանվելուց հետո իր բոլոր հարստությունը վաճառել և բաժանել էր աղքատներին և սկսել էր այնուհետև անապատական կյանք վարել:

Սյունյանց մեծ անապատը կոչվեցավ Թանահատի վանք, այն հռչակավոր Թանահատի վանքի անունով, որ մի ժամանակ իր սոսկալի խստակեցությամբ հայտնի էր Վայոց ձորում. Հենց այդ անվան մեջն էր նրա նշանակությունը: Այդ վանքի միաբանները ատում էին, խորշում էին ամեն տեսակ թանից, այսինքն` տաք, ջրալի ապարից, և այդ պատճառով կոչվեցան «թանատյացներ»: Ամբողջ տարին կերակրվում էին միայն ցամաք հացով և ջրով, այն ևս օրը մի անգամ, իսկ տոն օրերում գործ էին ածում փոքր-ինչ բյուրեղեն յուղ, բայց միս կամ գինի` ոչ երբեք:

Սյունյաց մեծ անապատը կրկին վերականգնեց այն վաղեմի կրոնական կարգերն ու կանոնները, որոնք, զանազան քաղաքական դժբախտ հանգամանքների պատճառով, խանգարված էին մեր անապատներում: Իսկ վտանգավորը այն էր, որ նա մտցրեց մի նոր և, հայոց եկեղեցու հոգուն հակառակ, բոլորովին այլ կղերական ուղղություն, այն է` զրկել իրան կամքից և անպայման հնազանդությամբ հպատակել միայն առաջնորդի կամքին. ամեն օր առավոտյան և երեկոյան խոստովանվիլ առաջնորդի առջև օրվա հանցանքներն ու մտածությունները, ոչինչ ստացվածք չունենալ, ամեն ինչ հասարակաց լինել և այլն: Ես այլևս չեմ խոսում այն կանոնների մասին, որոնք վերաբերում էին զանազան պաշտմունքների և ճգությունների, և ոչ պիտի նկարագրեմ այն անտանելի հագուստը և խստակեցությունը, որով այդ անապատի միաբանները տանջում ու մաղում էին իրանց անձերը: Միայն այն կասեմ, որ այդ անապատը ամենափոքր ժամանակում այնքան զորավոր կազմակերպություն ունեցավ, և այնքան հռչակ ստացավ, որ ամեն կողմից ամենանշանավոր կրոնավորներ սկսեցին խմբվել այնտեղ: Նա դարձավ մի մեծ կենտրոն, մի դպրոց, որի մեջ կրթվելով աբեղաները հետո այնտեղից դուրս եկան և, սփռվելով մեր աշխարհի զանազան կողմերը, սկսեցին նույն կարգերով, նույն կանոններով նոր անապատներ հիմնել: Ես կհիշեմ նրանցից մի քանիսի անունները միայն:

Սյունյաց մեծ անապատի միաբաններից էր մոկացի Պողոս վարդապետ հրաշարգործը որ իր աշակերտների հետ, որպես մի նոր առաքյալ, ոտքով շրջում էր զանազան տեղեր, քարոզում էր, հորդորում էր, որ վանքեր, անապատներ, եկեղեցիներ շինեն և ամեն տեղ հաստատում էր կրոնական միաբանություններ: Դեռ օսմանցիների և պարսիկների ձեռքով թափած արյունը բոլորովին չէր ցամաքել հայոց հողի վրա, դեռ Շահ-Աբասի բանակը գտնվում էր Արցախի (Ղարաբաղի) Քոթուկլու կոչված տեղում, երբ այդ մոլեռանդը հայտնվեցավ շահի բանակում, ներկայացավ թագավորին և, ճակատը գետնին քսելով, խնդրեց, որ իրան թույլ տա վանքեր և անապատներ կառուցանել: Շահ-Աբասը սիրով ընդունեց նրա խնդիրքը և հրամայեց իսկույն, իր ներկայությամբ, հրովարտակը գրել: Նա գիտեր հայի թույլ կողմերը. նրա եկեղեցու և վանքին մի դիպչիր, իսկ նա պատրաստ կլինի իր երկիրը, իր անձը և ամեն ինչ տալ թշնամու ձեռքը: Թագավորական հրովարտակով զինված, նա սկսեց թափառել դեպի ամեն կողմ: Գնաց Պարսկաստան, այնտեղ նորոգեց Թավբիզի եկեղեցին: Այնտեղից անցավ Գողթնյաց գավառը, մի հրաշքով բաց արեց Թովմա առաքյալի վանքի վաղուց փակյալ, անշարժ դռները և այնտեղ կրոնական միաբանություն հաստատեց: Այստեղից անցավ Աստապատ, հիմնեց Ս. Ստեփանոս նախավկայի վանքը և այլ եկեղեցիներ: Նրա եռանդը և սնահավատ Ժողովրդից ստացած համակրությունը այն աստիճան գրգռեցին ժամանակի Մելիքսեթ կաթողիկոսի նախանձը, որ նա բողոքեց թագավորի Ամիրգունա անունով կուսակալին, որ նստում էր Երևան քաղաքում, որպեսզի արգելեն նրան սրբավայրեր հիմնելուց: Երկար տարաձայնություններից հետո հազիվ թե կարողացան սանձահարել հրաշագործի մոլեռանդությունը:

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր Արիստակես վարդապետ բարգուշատցին, որ հիմնեց Տանձափարախի անապատը:

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր Շամքորի ձորեցի Դավիթ եպիսկոպոսը, որ հիմնեց նույն ձորի մեջ Չարեքագետի անապատը, ուր կազմվեցավ «անստացված» կոչված ճգնավորների միաբանությունը:

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր Կարապետ եպիսկոպոս վաղարշապատցին, որ հիմնեց Սևանա կղզու անապատը:

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր Կարապետ եպիսկոպոս տաթևացին և տեր-Կիրակոս տրապիզոնցին, որ հիմնեցին Քշտաղի Հաչանց գյուղի անապատը:

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր երևելի Մովսես վարդապետ Սյունեցին, որ հիմնեց Անանիա Առաքելո անապատը Երևան քաղաքում, իսկ հետո, կաթողիկոս ընտրվելով, նորոգեց ավերակ դարձած Էջմիածինը:

Սյունյաց մեծ անապատի աշակերտ էր Փիլիպոս վարդապետ Աղբակեցին, որ Մովսեսից հետո հայոց կաթողիկոս ընտրվեցավ: Դա իր նախորդի նման շատ նորություններ արեց Էջմիածնում, կառուցեց գեղեցիկ զանգակատունը, նորոգեց Ս. Գայանեի և Հռիփսիմեի վանքերը, նորոգեց Օշական գյուղի Ս. Տաճարը, որ էր հանգստարան սրբույն Մեսրոպի, նորոգեց և Բջնի գյուղի Ս. Աստվածածնի տաճարը:

Հիշյալ երկու կաթողիկոսների` Մովսեսի և մանավանդ Փիլիպոսի օրերում հիմնվեցան և նորոգվեցան ուրիշ շատ վանքեր ու եկեղեցիներ: Ջուղայեցի Հակովբ վարդապետը, որը Փիլիպոսից հետո կաթողիկոս դարձավ, նորոգեց Դարաշամբի Ս. Ստեփաննոս Նախավկայի վանքը: Մեղրեցի Եսայի վարդապետը (Մովսես կաթողիկոսի աշակերտը) նորոգեց Երնջակա Ս. Կարապետի վանքը: Վաղարշապատցի Զաքարիա վարդապետը (դարձյալ Մովսես կաթողիկոսի աշակերտը) նորոգեց Հովհաննա վանքը Արագածի ստորոտներում: Մկրտիչ եպիսկոպոսը նորոգեց Թադեոս առաքելոց վանքը: Արտաղ գավառում: Մարտիրոս եպիսկոպոսը նորոգեց Ս. Գևորգի վանքը Մուղնի գյուղում, Կարբիի մոտ, Արագածի ստորոտներում: Ոսկան վարդապետ Երևանցին նորոգեց Ս. Սարգիս զորավարի վանքը ՈՒշի գյուղում, Կարբիի մոտ, նույնպես Արագածի ստորոտներում: Այլևս չեմ խոսում ուրիշ շատ վանքերի մասին, որոնք կամ նորից շինվեցան կա՛մ բոլորովին ավերակ լինելով, նորոգվեցան զանազան տեղերում: Եվ այդ բոլորը կատարվեցավ Շահ-Աբասի արշավանքների ժամանակ, կամ անմիջապես նրա արշավանքներից հետո:

Հիշյալ երկու կաթողիկոսները, Մովսես և Փիլիպոս, խիստ պայծառ տեղ են բռնում հայոց եկեղեցական պատմության մեջ, այն խառնաշփոթ, կորստաբեր և աղետավոր անցքերից հետո, որ կատարվեցան նրանց հինգ նախորդների միմյանց հետ ունեցած անընդհատ հակառակություններից: Առաքել կաթողիկոսը դեռ կենդանի էր, երբ Դավիթը կաթղիկոս ձեռնագրվեցավ, հետո Մելիքսեդեկը, հետո Սրապիոնը, հետո Մելիքսեդեկի եղբորորդի Սահակը, և այդպես, միաժամանակ Էջմիածնի հայրապետական աթոռը դարձել էր հինգ կաթողիկոսների հակառակության առարկա: Կաշառքով փոփոխակի մինը մյուսի ձեռքից խլում էր իշխանությունը, և Էջմիածինը ընկած էր ծանր պարտքերի ներքո, նրա բոլոր սրբությունները գրավ էին դրված մահմեդականների մոտ: Իսկ այդ ցավալի ժամանակը փոքր չտևեց. նա տևեց ամբողջ քառասուներեք տարի: Դա այն ժամանակն էր, երբ Հայաստանը լողում էր արյան ծովի մեջ, երբ Շահ-Աբասը հայոց գերիները վարում էր դեպի Սպահան…

Հիմա դառնանք դեպի Լիմ և Կտուց անապատների հիմնարկությունը:

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր նաև Ներսես վարդապետ մոկացին: 1622 թվին, այսինքն Շահ-Աբասի գերությունից 16 տարի հետո, Ներսեսը եկավ Վասպուրականի կողմերը և, մտնելով Լիմ կղզին, նորոգեց այնտեղի ավերակ ու ամայի վանքը և կազմեց անապատականների մի նոր միաբանություն, միևնույն կարգերով ու կանոններով, որպես նա տեսել էր Սյունյաց մեծ անապատում: Մի քանի տարվա ընթացքում կրոնավորների թիմը այնքան բազմացավ, որ Լիմ կղզին նրանց համար շատ փոքր երևցավ, այդ պատճառով նրանց մի մասը տեղափոխվեց Կտուց կղզին և հիմնեց այնտեղ մի նոր անապատ, իհարկե, փոխելով իրանց ուխտին և միաբանությանը հատուկ կանոնները: Ահա այդ անապատն էր, որ մենք տեսանք, և այդ անապատի պատմական ծագումն էր, որ ես խոստացա անել:

Սյունյաց մեծ անապատը թեև տվեց երկու նշանավոր անձնավորություններ, որպիսիք էին Մովսես և Փիլիպոս կաթողիկոսները, բայց նրա նեղ, սահմանափակ, կղերական ուղղությունը կարող էր ավելի վնասակար լինել, եթե ինքը բնությունը վերջ չդներ այդ անապատի մոլեռանդությանը: 1658 թվի սաստիկ երկրաշարժը ճեղքեց, պատառեց այն սարավանդի մի մեծ մասը, որի վրա կանգնած էր անապատը: Ահագին ապառաժը խորտակվելով, բաժան-բաժան լինելով, վերևից թափվեցավ իր հանդեպ գտնված խոր ձորի մեջ, որտեղից հոսում էր Որոտն գետը: Գետի ընթացքը արգելվեցավ, և ձորի մեջ մի ընդարձակ լճակ կազմվեցավ, հետո ջուրը իր համար ուրիշ ճանապարհ բաց արեց: Բայց զարմանալին այն էր, որ քարաժայռի այն մասը, որի վրա կառուցված էր անապատը, ահագին բարձրությունից մինչև գետի ափը սողալու ժամանակ, մնաց ամբողջ և իր վրա ամբողջությամբ պահպանեց անապատը: Նույն դրության մեջ մնում է մինչև այսօր: Այդ դեպքը թեև համարվեցավ մի մեծ հրաշք, այնուամենայնիվ, անապատի միաբանները այլևս չկարողացան այնտեղ բնակվել և ցրիվ եկան դեպի զանազան կողմեր: Եվ այդպես, Սյունյաց մեծ անապատը իր գոյությունը պահպանեց 45 տարուց փոքրինչ ավելի, իսկ այդ սուղ ժամանակում նրա կատարած գործը մեծ եղավ: Ինչպես վերևում մի առ մի ցույց տվեցինք, նրանից ծնունդ առին ուրիշ շատ վանքեր և անապատներ միևնույն կազմակերպությամբ, միևնույն կարգերով ու կանոններով...

Կարծեմ, իմ այդ համառոտ տեսության մեջ բավական պարզվեցավ, որ անապատը երկրի անապահով դրության և նույն անապահովությունից առաջացած ժողովրդի հուսահատական վիճակի արդյունքն է: Աշխարհից բավականություն չգտնելով, դժգոհ լինելով, մարդը սկսում է ատել աշխարհը: Եվ որովհետև նա ինքը նույնպես աշխարհի մի մասն է կազմում, հետևապես սկսում է ատել և իր անձը: Այստեղից է առաջ գալիս այն հոգևոր անձնասպանությունը, որ կրոնավորների լեզվով կոչվում է ճգնավորություն, խստակեցություն և մարմնամաշություն: Անապատականը դրսից, նույն իսկ աշխարհից է ստանում անձնասպանության այդ զգացմունքը և, իր մթին խուցի մեջ զարգացնելով, կրկին վերադարձնում է աշխարհին: Նրանց հարաբերությունները փոխադարձ են: Եվ այդ պատճառով անկարելի է չնկատել այն սպանիչ, վհատեցուցիչ աղդեցությունը, որ գործում է անապատը իր շրջապատող ժողովրդի վրա, մանավանդ երբ այդ ժողովուրդը գտնվում է մոտավորապես ստոր զարգացման մեջ: Գործունեությունը, եռանդը, աշխատանքը, սերը դեպի կյանքը` դադարում է այնտեղ, տիրում է ընդհանուր մեռելություն, և վանքը իր շրջակա բնակիչներով ներկայացնում է մի ընդարձակ անապատ... Այդ կետից նայելով, անապատների թվից կարելի է իմանալ մի ժողովրդի թ՛ե զարգացման աստիճանը և թ՛ե գործունեության չափը: Եվ որովհետև իմ պատմությունը ամփոփվում է միայն մի նեղ շրջանակի մեջ, այն է` Հայաստանի նշանավոր նահանգներից մեկը` Վասպուրականը, ես ցույց կտամ, թե այդ նահանգում մի ժամանակ ո՛րքան վանքեր ու անապատներ կային, և նրանց թվից կարելի է եզրակացնել այն մահացու և ծանր հիվանդությունը, որ այդ նահանգի անկման պատճառ դարձավ:

Վասպուրականը Արծրունի նախարարների սեփականությունն էր: Տասներորդ դարու սկզբում Արծրունի իշխանները այն աստիճան զորացան, որ նրանցից մեկը, Գագիկը, ապստամբվեցավ Բագրատունյաց թագավորության դեմ և դավաճանությամբ ստացավ արաբական ոստիկան Յուսուֆից արքայական թագ: Նրա հիմնած դժբախտ թագավորությունը տևեց հարյուր տարուց մի փոքր ավելի և ունեցավ վեց թագավորներ միայն: Դրանցից վերջինը, Սենեքերիմը, սաստիկ հարվածներ կրելով նույնիսկ արաբցիներից և ապա թուրքերից, չկարողացավ երկար դիմանալ և 1021 թվին, իր հաճությամբ, իր տերությունը հանձնեց հունաց Վասիլ կայսրին և նրա փոխարեն ստացավ կայսրից Սեբաստիա քաղաքը իր գավառներով: 14.000 ձիավորներով գահազուրկ թագավորը տեղափոխվեցավ իր ստացած նոր երկիրը բնակության համար: Վասպուրականը դարձավ հունական նահանգ:

Այն բոլորը, ինչ որ Սենեքերիմը ցուցակով հանձնեց հույներին, հետևյալն էր. 10 քաղաք, 72 բերդ և 4400 գյուղ: Նա չհանձնեց հույներին միայն վանքերն ու անապատները, որովհետև դրանք աստծո և ժողովրդի սեփականությունն էին: Վանքերի թիվը հասնում էր 900-ի, որոնցից 115-ը մեծամեծ մենաստաններ էին: Համեմատեցե՛ք, թագավորությունն իր երկրի պահպանության համար ուներ միայն 72 բերդ, իսկ աղոթելու համար` 900 վանքեր, լի բազմաթիվ կրոնավորներով, որ միշտ քարոզում էին աշխարհի ունայնությունը...

Վասպուրականը հույների ձեռքումն մնաց միայն 107 տարի, վերջը տիրեց Միրան անունով ամիրան և իրան կոչեց Շահ-Արմեն, այսինքն թագավոր հայոց:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կայծեր"

Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная

Катастрофа войны
Катастрофа войны
Играть онлайн