Раффи

Ջալալեդդին

Թ

Մութ գիշեր էր։ Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում․ երկինքը ու գետինը, կարծես, միացած էին թանձր-սևաթուր զանգվածով։ Ամեն ինչ լուռ էր, միայն գիշերային սառն քամին գուշակում էր մրրիկ և անձրև։ Հեռավոր լեռների վրա կայծակը երբեմն փայլատակում էր, և որոտման խուլ ձայնը մանր դղրդյուններով տարածվում էր խավարի մեջ թաքնված սարերում։

Գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստվերներ, թափառաշրջիկ ուրվականների նման, խավարի մեջ շարժվում էին. նրանք միացան, մի փոքրիկ խումբ կազմեցին, կարծես, մի բանի վրա խորհելու համար, հետո կրկին բաժանվեցան և առանձին-առանձին սկսեցին դիմել դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքի գյուղը, որ համարյա թե վանքի մոտումն էր։

Գյուղը նույն ժամուն խավար և լուռ էր, և մի ընդարձակ գերեզմանատան նման, ամեն շարժում, ամեն կենդանություն հանգչել էր այնտեղ։ Բայց մի տեղից միայն երևում էին լույսի նշույլներ․ դա վանքի հսկայական շինվածքն էր, որ կանգնած էր բարձր բլուրի գլխին, որի շուրջը բացվում էր մի խորին անդունդ, որ կորած էր մթության մեջ. միայն այնտեղից հոսող գետը իր զայրացած գոռում-գոչումներով վրդովում էր տիրող լռությունը։

Եթե մի մարդ նույն ժամում մտնելու լիներ հիշյալ շինության մեջ, որտեղից լույս էր նշմարվում, նրա աչքերի առջև ներկայանալու էր մի այսպիսի տխուր տեսարան, գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացել էր իր փառահեղ զարդարանքից, նրա հոյակապ կամարների ներքո տիրում էր դատարկություն միայն. ո՛չ խաչեր, ո՛չ գրքեր, ո՛չ պատկերներ, ո՛չ ջահեր, ոչինչ չէր երևում․ սուրբ սեղանը ներկայացնում էր սպանդանոցի նման մի բան, որ շաղախված էր արյունով…։ Տաճարի մի կողմում կապած էին ձիաներ, որ խոտ էին ուտում, իսկ մյուս կողմում նստած էին մի խումբ քրդեր։ Մեջտեղում վառվում էր մի ահագին խարույկ։ Տաճարի մեջ գտնված փայտեղենները աթոռները, գրակալները, դռները հետզհետե ջարդում էին և ձգում խարույկի վրա, բոցերը սաստկացնելու համար։ Կրակի մեջ դրած էին մի քանի շամփուրներ և պղնձե թասեր, որոնք այն աստիճան շիկացել էին, որ հազիվ որոշվում էին կարմրած ածուխներից։

Կրակից ոչ այնքան հեռու, թևքերը և ոտները չվաններով կապկապած մերկ սալահատակի վրա, ընկած էին մի քանի մարդիկ, և սարսափելի խռովության մեջ սպասում էին մի դառն ճգնաժամի։ Եթե մի մարդ կցանկանար տեսնել գեհենի դատապարտյալների հուսահատական երեսները, այդ թշվառների դեմքը նույն օրինակն էր կրում։

Նրանցից փոքր ինչ հեռու, խառնիխուռն կերպով, դիզված էին զանազան իրեղեններ, որ կացուցանում էին վանքի անոթեղենները և նրա նվիրական կարասիքը։

Քրղերից մեկը վեր կացավ և մոտեցավ կապվածներին այս խոսքերով.

Ասացե՛ք անհավատներ, էլ ի՞նչ ունեք թաքցրած, ասացեք, մի պահեք, թե չեք ուզում շան նման սատկել։ Տեսնում եք այն կարմրած շամփուրները. ձեզ համար են պատրաստված։

Աղա, քո ոտներին մատաղ լինե՜նք, պատասխանեցին կապվածները ողորմելի ձայնով. հենց էն էր, ինչ որ կար. էլ ուրիշ ոչինչ չէ մնացել․ եթե մի բան պահած լինենք, թո՛ղ աստված մեր աչքերը քոռացնե, թո՛ղ մեր հոգին դժոխքի բաժին լինի։

Սո՛ւտ եք ասում, անիծված շներ, գոռաց քուրդը, այդ վանքում մի թագավորի հարստություն կար․ ի՞նչ եղավ։

Աղա, քո ոտների հողը դառնանք, խղճա մեզ, մի՛ սպանիր… Թո՛ղ աստված մեզ փչացնե, եթե մեր լեզվից սուտ խոսք դուրս գա։֊― Այս էր, ինչ որ մնացել էր. բոլորը տարան, ոչինչ չթողեցին…։ Դուք լավ գիտեք, այս մի քանի օրում այս վանքը քանի՜ քանի՜ անգամ կողոպտվեցավ… ծով լիներ կցամաքեր, սար լիներ, կհալվեր…։

Խոսող քուրդը, որ իր խմբի գլխավորն էր երևում, դարձավ դեպի ընկերներից մեկը. Այս գյավուրները մինչև շամփուրների համը չտեսնեն, ուղիղը չեն ասելու։ Բերեցե՛ք։

Քրդերից մի քանիսը մոտեցան կապվածներին և սկսեցին մերկացնել նրանց, իսկ մի քանիսն էլ կրակից դուրս բերեցին կարմրած շամփուրները։

Սկսեցե՛ք, հրամայեց առաջին խոսողը. միայն խաչի ձևով, դրանք շատ են սիրում խաչը։

Դահիճները սկսեցին կարմրած շամփուրներով խաչաձև դաղել կապվածների մերկ կուրծքը և նրանց մարմնի ուրիշ մասերը։ Կրակի նման շիկացած երկաթը այրում էր և ջղջղալով խրվում էր կենդանի մսի մեջ… և մուխը ճենճային խանձահոտությամբ վեր էր բարձրանում։ Մի փոքր սառած երկաթները կրկին կրակի մեջն էին դնում և վեր էին առնում նորերը։ Դժոխային գործողությունը շարունակվում էր։ Թշվառները հառաչում էին, մրմնջում էին, և ցավալի ձայներ էին հանում․․․։

Մի՛ անգամով մորթեցե՛ք, սպանեցե՛ք, ի սեր աստուծո. թո՛ղ շուտ մեռնենք, գոռում էին նրանք։

Այսպես անդադար մրմնջում էին ողորմելիները, բայց գործողությունը դեռ շարունակվում էր, մինչև այլևս հասկանալի չէին լինում նրանց խոսքերը, միայն լսելի էին լինում խուլ հառաչանքներ…։

Բավական է, հրամայեց խմբի գլխավորը և դարձավ դեպի կապվածներից մեկը, որին դեռ ձեռք չէին տվել։

Այս թշվառականը քահանա էր։

Քեզ պահեցինք վերջումը, որ քո տանջանքը ավելի փառավոր լինի, ասաց քուրդը հեգնական եղանակով։

Տեսնում ես կրակի մեջ այն կարմրած պղնձե թասը․ նա թագի շատ նմանություն ունի․ նրանով պիտի պսակեմ քո գլուխը, որովհետև քահանա ես։

Քահանան, շարժված կրոնական զգացմունքով, պատասխանեց.

Իմ տերը փշյա պսակ կրեց, իսկ նրա ծառան սիրով կընդունի պղնձե թասը․․․։ Բայց միտքդ բեր, աղա, որ վերևումը աստված կա, որն այս բոլորը տեսնում է, որ մեր ամենիս տերն է․ նա անպատիժ չի թողնի այն մարդուն, որը թափում է անմեղ արյուն։ Ինչո՞ւ ես իզուր տանջել տալիս մեզ։ Իմ ընկերները սուտ չասացին, վանքումը ուրիշ ոչինչ չէ մնացել, ինչ որ կար, բոլորը տվեցինք ձեզ։ Բոլոր գաղտնի պահարանները բաց արեցինք ձեր առջև։ Եվ դուք այնքան անգութ եղաք, որ Բարդուղիմեոս առաք յալի սուրբ գերեզմանն էլ քանդեցիք, կարծելով թե այնտեղ գանձ կա թաքցրած։ Ինչ որ կար տարավ Ջալալեդդինը. նրանցից հետո տասն անգամից ավելի քրդերը մտել են այս վանքը… դուք վերջինն եք․․․։

― Սո՛ ւտ ես խոսում, կեղծավոր շո՛ւն, գոռաց գազանը. բերե՛ք թասը։

Քրդերից մեկը ունելիքով դուրս հանեց կրակի միջից կարմրած թասը, քահանայի ալեզարդ գլուխը բաց արին, և պատրաստ վում էին հրաշեկ արախչինը նրա գլխին դնել։ Աստուծո սեղանի սպասավորը նահատակի համբերությամբ սպասում էր բարբարոսական գործողությանը։ Նա անմռունչ էր և լուռ, միայն նրա շրթունքները շարժվում էին, և օրհասական տագնապի մեջ խուլ կերպով աղոթում էր…։

Հանկարծ որոտացին ատրճանակներ, և սուրբ տաճարը վառոդի ծխով լցվեցավ։ Սարսափը տիրեց բոլորի վրա։ Քրդերից մի քանիսը գլորվեցան, ընկան, իսկ մյուսներին բռնեցին զորեղ բազուկներով և սկսեցին կապկապել։ Այս բոլորը կատարվեցավ մի քանի րոպեում և խորին լռության մեջ։ Միայն քահանայի ձայնն էր լսելի լինում, որ ասում էր.

Ի սեր աստուծո, մի՛ սպանեք, թողեք, ինչ որ կամենում են թո՛ղ անեն մեզ հետ. դրանց ձեռք մի՛ դիպցնեք, կկոտորեն հայերին․․․։

Ողորմելի քահանան, թեև չգիտեր, թե ովքեր էին այն հանկարծահաս փրկիչները, բայց վախենում էր, որ հայոց վանքի տաճարում կատարվելով այսպիսի սպանություններ, տեղային քուրդերի վրեժխնդրությունը կհրավիրեին ամբողջ հայերի վրա, թեև քրդի սրտում մի այսպիսի կասկած երբեք ծնվել չէր կարող, թե երկչոտ հայը կարող է մարդ սպանել…։

Նոր եկավորների երեսները բոլորովին կապած էին, միայն աչքերն էին երևում։ Նրանք հագնված էին քրդի հագուստով և խոժսում էին քրդի լեզվով։ Թվով շատ չէին նրանք, բայց այնպես անակնկալ վրա տալով, կարողացան առաջիններից մի քանիսին սպանել և մնացածներին կապելով դուրս տանել։ Ո՞ւր տարան, հայտնի չէր։ Միայն քառորդ ժամից հետո երկուսը կրկին վերադարձան, և արձակելով քահանայի ու նրա կիսակենդան ընկերների կապանքները, ասեցին նրանց.

Դեռ բավական գիշեր կա. մինչև արևի ծագելը դուք կարող եք մոտենալ Պարսկաստանի սահմանին. այնտեղ ապահով կլինեք։ Այստեղ կան պատրաստի ձիաներ. բարձեցե՛ք, ինչ որ հավաքված է այստեղ, որ պետք է քրդերը տանեին. և դուք նստեցեք նրանց ձիաները, շուտով ճանապարհ ընկե՛ք։

Իմ ընկերների մեջ կյանք չէ մնացել, ասաց քահանան։

Մեզանից երկուսը ձեզ հետ կգան, պատասխանեցին անծանոթները։

Քահանան խոնարհվեցավ և կամենում էր գրկել նրանց ոտքերը։

Այդ հարկավոր չէ, ասաց նրանցից մեկը, պատրաստվեցեք շուտ հեռանալու այստեղից։

Ես չպետք է գիտենամ, ո՞վ է ազատում մեզ, հարցրեց քահանան։

Ո՛չ, դու չպետք է գիտենաս, ասացին նրան։

Եվ ձեր ինչ ազգից լինե՞լը։

Այս էլ պետք չէ գիտենալ։

Մի քանի րոպեի մեջ անծանոթները պատրաստեցին քրդերի ձիաները, որ կապած էին տաճարի մեջ և այնտեղ դիզված իրեղենները լցնելով խուրջինների մեջ, կապեցին նրանց վրա։ Հետո կարմրած շամփուրներից վիրավորված թշվառներին նստացրին բեռների վրա և ճանապարհ դրին։

Քահանան դեռ իր ձին չհեծած, կրկին անգամ մոտեցավ անծանոթներին և ասաց.

Գոնե թույլ տվեք, օրհնեմ ձեզ։

Այդ ևս հարկավոր չէ, ասաց նրանցից մեկը. միայն դուլ պատասխանիր, ինչ որ կհարցնեմ քեզ։

Հարցրե՛ք։

Այս վանքի գյուղումը ոչ ոք չէ մնացել։

Մի հոգի էլ չկա։

Ի՞նչ եղան։

Մի մասը գաղթեց դեպի Պարսկաստան, մի մասը կոտորեցին, մի մասն էլ գերի տարան։

Դու ճանաչո՞ւմ էիր այս գյուղում ռես Հ… անունով մեկին, որ տանուտեր էր։ Ճանաչում եմ. ես ինքս Վանքի գյուղի քահանան եմ։

Գիտե՞ս, ինչ եղավ նրա ընտանիքը։

Տանուտերին սպանեցին, որդիքը տանը չէին, ազատվեցան, բայց աղջկան տարան քրդերը։

Վերջին խոսքը կայծակի նման դիպավ անծանոթի սրտին, նա մի քանի րոպե շփոթության մեջ մնաց, հետո հարցրեց.

Եթե ասեիր ինձ՝ ո՛ւր տարան, կամ ի՛նչ ցեղից էին քրդերը, քեզանից շնորհակալ կլինեի։

Թե ուր տարան, այս ես ասել չեմ կարող․ բայց տանողները շիշակների ցեղիցն էին, Չոլախ-Ահմեդի մարդիկը։

Բավական է, վերջացրեց անծանոթը։ Հիմա կարող եք գնալ։

Քահանան իր ընկերների հետ հեռացան։ Երկու հոգի անծանոթներից տարան նրանց ճանապարհ դնելու մինչև պարսից սահմանը։ Վանքի տաճարի մեջ մնացին տասներկու հոգի անծանոթներից։ Այն ժամանակ նրանցից մեկը բաց արեց իր կապած դեմքը, երևի, փոքր ինչ ազատ շունչ առնելու համար։ Եվ դեռ վառվող խարույկի լույսով կարելի էր տեսնել Սարհատի մեռելի նման գունաթափված երեսը․․․։

Նա նստեց կրակի մոտ մի փոքր հանգստանալու համար իր հոգեկան խռովություններից։ Նրա մյուս ընկերները կտրատում էին ահագին վայրենի խոզի մարմինը, անց էին կացնում իրանց հրացանների սումբաների վրա, և խորովում էին, որ ընթրիք պատրաստեն։ Սրանք ուրախ էին, միայն Մըստոն իր կարեկցական աչքերը չէր հեռացնում իր տիրոջ երեսից, և կարծես աշխատում էր կարդալ այն սպանված դեմքի վրա ինչ որ ալեկոծում էր նույն ժամին նրա վշտահար սիրտը։

Անբաղտ երիտասարդ, նա ուներ մի մխիթարություն միայն․ նրանից ևս զրկվեցավ։ Նա հույս ուներ այստեղ, այս վանքի մոտակայքում գտնել այն նազելի արարածին, որին պատկանում էր իր սիրտը, որին միայն սիրում էր իր համար ատելի աշխարհի մեջ։ Բայց նա չկար, մի դառն վիճակով անհետացել էր նա…

Քաջերի սրտում, կանանց վերաբերյալ, բացի սերից կա և մի ուրիշ զգացմունք, որին բավական անհամապատասխան բառերով կոչում ենք նախանձ, խանդ, ղեյրաթ. դա այն զգացմունքն է, որ ցամաք խոսքերով բացատրել անկարելի է։ Դա կնոջ նվիրարագործությունը հարգելու մի կիրք է, որի համար հելլենները ամբողջ տասը տարի կռվեցան Տրոյայի պարիսպների տակ։

Սարհատը չէր վշտանում այն պատճառով միայն, որ կորցրել էր իր սիրելի էակը, այլ առավել նրա համար, որ նա այժմ գտնվում էր անհարազատ և անմաքուր ձեռքերում․․․։ Բայց ո՞րքան այնպիսի անմեղ արարածներ նույն վիճակին էին ենթարկվել․ նրանց համար ո՞վ էր հոգացողը։ Գուցե ծնողքըը, անբաղտ հայրն ու մայրը, եթե կենդանի էին թողել նրանց։ Բայց հոգում է՞ր ազգը, հայ ժողովուրդը։ Ոչ. դրա համար պետք է հելլենական նախանձախնդրություն ունենալ…։

Մտնելով վանքի տխուր կամարների ներքո, Սարհատի սրտում կրկին բաց եղան հին-հին վերքերը։ Այս սրբարանը խիստ խորին հիշատակներով կապված էր նրա հոգու հետ։ Այստեղ անցուցել էր նա իր մանկության ամենաթանկագին տարիները, այստեղ հանձնել էին նրան աղոթող աբեղաների հսկողության ներքո ուսանել ինչ որ կրոնը և սուրբ գիրքը ներշնչում է մարդու մեջ, ինչ որ հանգցնում է վառ զգացմունքը, մեռցնում է հոգին, բթացնում է միտքը…։ Եվ միևնույն վանքի պարիսպների մոտ մի գեղեցիկ հրեշտակ ոգևորեց նրան սրբազան հավւշտակությամբ. նա կրկին կենդանացրեց վանական ժանտախտից մեռած սիրտը, և փրկարար ձեռքով խավարից դուրս քաշեց նրան և ձգեց լույս աշխարհ… Իսկ այժմ չկար այն հրեշտակը…։

Մինչ թշվառ երիտասարդը ընկղմված էր իր տխուր մտախոհությունների մեջ, նրա ընկերները կազմել էին մի ճոխ սեղան, որ հիշեցնում էր Հոմերոսի հերոսներին։ Գինին ահագին գավաթներով պտտվում էր ձեռքից ձեռք, և խորովածը արյունաթաթախ դուրս էին քաշում շամփուրներից։ Նրանցից ոչ ոք չէր ուզում վրդովել Սարհատի ողբալի մտահուզությունը, և այս պատճառով չէին հրավիրում իրանց հետ սեղանակից լինելու։ Բայց նա արթնացավ, երբ Դալի-Բաբան, բաժակը ձեռին կանգնած և, երեսը դեպի տաճարի բեմը դարձած, ճառում էր այս խորհրդավոր խոսքերը.

«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք. եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բաղտավոր կլիներ։ Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի․․․։ Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար․․․ Ո՛վ հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ․․․»։

Այսպես այս սարսափելի մարդը, որ մի ժամանակ քահանա էր, իսկ այժմ ավազակ, դուրս էր թափում իր սրտի դառնությունները գինու բաժակի վրա, որով ամեն մարդ ուրախ է լինում։

Երբ նա վերջացրուց, վեր կացավ մի ուրիշ ավազակ, որին կոչում էին Քիթաբ-Դալըսը (գրքից խելագարված), որ մի ժամանակ մանկավարժ էր, իսկ այժմ մտել էր Սարհատի արյունախում խումբի մեջ։ Նա հետևելով Դալի-Բաբայի ոճին, այսպես սկսեց իր տոստը.

«Խմում եմ այս բաժակը առանց նվիրելու ձեզ, ով գիր և դպրություն, որովհետև դուք չտվեցիք մեզ այն, ինչ որ պահանջում է կյանքը և իրական աշխարհը։ Դուք լցրիք մեր գլուխը ունայն, վերացական ցնորքներով։ Դուք չծանոթացրիք մեզ մարդկային պահանջների հետ և չտվեցիք այն, որ պետք էր ապրելու և հանգիստ ու բաղտավոր ապրելու համար։ Դուք ավելի զարգացրիք մեր մեջ սև նախապաշարմունքը և փակեցիք մեր աչքերը լույսը և ճշմարտությունը տեսնելու համար։ Դուք մեզանից դիակներ պատրաստեցիք, որոնց մեջ մեռած է ամեն մարդկային բարձր և վսեմ զգացմունք։ Դուք ավելի պնդացրիք մեր ստրկության շղթաները և վարժեցրիք տանել բռնության ծանր և անպատիվ լուծը։ Ձե՜զ ենք պարտական, ով գիր և դպրություն, մեր այժմյան դժբաղտություններով. դուք չտվեցիք մեզ առողջ միտք և առողջ գաղափար, և զրկելով մեզ ճիշտ և իրական գիտությունից, զրկեցիք և կյանքից… Ուրեմն, թո՛ղ անիծվի՜ մեր մամուլը, որ իր մրով ավելի մրոտեց մեր սիրտր, միտքը ու հոգին…։ Եվ թո՛ղ կեցցե՜ն այն գրիչները, որ նոր հոգի կներշնչեն մեզ, որ կնորոգեն մեր սպառված ուժերը և կծանոթացնեն կյանքի իրական պետքերի հետ և կպատրաստեն մեզ մարդ շինել՝ մարդկային բոլոր կատարելություններով»։

Այսպես էր խոսում այն մարդը, որին կոչում էին «գրքից խելագարված», որին գրքերը հիմարության և տգիտության մեջ էին ձգել, իսկ այժմ զգաստացել էր։

Այս բոլորը լսում էր Սարհատը, տխո՜ւր համակրությամբ էր լսում նա, և այս խոսքերը, կարծես, առժամանակ մի նրան մոռանալ տվին իր ցավը, որ այնպես սաստիկ տանջում էր նրան։ Եվ նա թողեց այն նազելի անհատը, որի համար միայն մտածում էր, և սկսեց ընդհանուրի վրա խորհել։ Սիրուհու մասնավոր սերը կորավ անբաղտ և օգնության կարոտ ժողովրդի սիրո մեջ, որի դստերքը ու կանայք նույնպես գերության մեջ էին գտնվում։ Եվ այս պատճառով նա խիստ սառնությամբ ընդունեց Մըստոյի խոսքե՛րը, որ նա մոտենալով նրան, լռությամբ ասաց.

Թո՛ղ իմ տերը չտանջե իր սիրտը. Մըստոն շան հոտառություն ունի, եթե ծովի խորքումն լինի «նա» կգտնե նրան, և եթե երկինքը բարձրացած լինի, ցած կբերե։

Սարհատը ոչինչ չպատասխանեց և տեսնել անգամ չկարողացավ, որ իր հավատարիմ ծառան աննկատելի կերպով անհետացավ վանքից…։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ջալալեդդին"

Ятук Музыка
Серенада
Лазарос Сарьян

Серенада

Араратская долина, 1981 год.
Араратская долина, 1981 год.
Играть онлайн