Раффи
Ջալալեդդին
Ժ
Հուլիս ամիսը վերջանալու մոտ էր։ Դժբաղտ Բայազեդը քրդերից, բաշիբոզուկներից պաշարվելով, քանդվելով, կողոպտվելով, և իր թշվառ բնակիչները սրի բերնում ու գերության մեջ կորցնելուց հետո, կրկին ռուսաց ձեռքն էր անցել։ Սուլեյման– փաշան հետ էր մղվել։ Ջալալեդդինի հրոսակը ցրված էր, և հարուստ ավարով ամեն մարգդ իր տեղը դառնալու վրա էր։ Հին Բագրևանդի ամբողջ գավառը և պատմական Վաղարշակերտը բոլորովին դատարկացել էին իրանց հայ բնակիչներից։ Ալաշկերտցի գաղթականները Երևանի նահանգում մուրացկանություն էին անում և նրանց թողած ավերակները դեռ ծխում էին մոխիրի միջից․․․։
Երեկոյան վերջալույսը դեռ ճառագայթում էր սարերի գագաթների վրա։
Մի տղամարդ միայնակ և դանդաղ քայլերով գնում էր լեռնային անձուկ ճանապարհով և խուլ մելամաղձական ձայնով երգում էր մի տխուր մեղեդի։ Նա գնում էր անվճռական ընթացքով, կարծես, ակամա ընտրել էր այն ուղին և բոլորովին վստահ չէր, թե սա կհասներ այն նպատակին, որին դիմում էր ամենայն անձնվիրությամբ։ Հանկարծ նրա ետևից լսելի եղավ մի ձայն․
Ո՞վ ես․ ետ քաշվի՛ր։
Ճանապարհորդը դադարեց երգելուց, հրացանը ուսից վեր բերեց, և ետ նայելով, տեսավ, որ գալիս էր մի ձիավոր։ Նա պատասխանեց․
Անցի՛ր։
Ձիավորը մոտեցավ, ողջունեց և ապա հարցրեց.
Բարի լինի․ ո՞ւր այդպես։
Բարի է, փառք աստուծո, պատասխանեց ճանապարհորդը։ Ես Ջաֆար-բեկի հովիվն եմ, մեր չադրները շատ հեռու չեն այստեղից․ մեր մատակներից մեկը այս երեկո կորավ, պտռում եմ։
Հետո նա հարցրեց ձիավորին․
Դու ո՞ւր այդպես, աստված հաջողի, գնում ես։
Շեյխի բանակը, նամակ եմ տանում։
Ումի՞ց,
Սուլեյման-փաշայից։ Բաները վատ են գնում Ղարսի մոտ։ Փաշան կանչեց ու ասաց․ ո՞վ կլինի, որ այս նամակր երկու օրում հասցնի շեյխին, կստանա մի լավ փեշքաշ ու խալաթ։ Ես մոտեցա, գլուխ տվեցի ու ասեցի․ ձեր ոտքի հողը լինե՜մ․ ես կհասցնեմ, իմ արաբացի նժույգը ծտի նման է թռչում։ Նա ձեռքը քսեց մեջքիս, էֆերի՜մ, ասաց և տվեց նամակը։
Հիմա ո՞րտեղ է շեյխը։
Ես հարցրի, ինձ ասացին, այստեղ մոտիկ Ղանլի֊Դարայում (արյունա ձոր) է իջևանել, պատասխանեց ձիավորը։ Ի՞նչպես է, որ դու չես իմանում։
Սարի հովիվը ո՞րտեղից կարա իմանալ այս բաները․ տեսնում ես, ամեն օր գալիս են, գնում են, մարդ չի իմանում ի՛նչ խաբար է։ Կրակ ունե՞ս, հարցրեց ձիավորը, չախմախիս քարը կորել է, ամբողջ օր չեմ ծխել, գլուխս դդում է դարձել։
Կգտնվի, պատասխանեց առաջինը, և ծոցից դուրս բերելով հրահան ու աբեթ, սկսավ զարկել կայծքարին։
Ձիավորը կռացավ, մոտեցրեց չիբուխը, և նա վառած աբեթը դրեց ծխախոտի վրա։ Նույն միջոցին նա առիթ ունեցավ լավ զրննել ձիավորի դեմքը։ Նա շնորհակալություն հայտնեց, և ծխելով քշեց իր ձին։
Տասը քայլ հազիվ հեռացել էր ձիավորը, նրա ետևից գոռաց հրացանը և ողորմելին գլորվեցավ ձիուց ցած։ Ձին խրտնեցավ և ճանապարհից դուրս եկավ, իր հետ քաշ տալով դիակը, որի մի ոտը մնացել էր ասպանդակի մեջ։ Ձին երկար վազվզում էր ավելի և ավելի կատաղելով, մինչև թամքը շուռ եկավ փորի տակը, և նա կանգնեց։ Այն ժամանակ եղեռնագործը մոտեցավ, բռնեց ձիուն և սկսեց որոնել սպանվածի ծոցերը, գրպանները, որի մարմինը սաստիկ զարկվելով քարերին, բոլորովին ջարդուփշուր էր եղել։ Նա գտավ նամակը, որի հասցեն գրած էր շեյխի անունով, թաքցրեց իր ծոցի գրպանում, դիակը ձգեց մի փոսի մեջ, հետո ուղղելով սպանվածի ձիու թամքը, նստեց վրան, և սկսեց վազեցնել դեպի Ղանլի֊Դարա, ուր գտնվում էր Ջալալեդդինի բանակը։
Նա հասավ շեյխի բանակը, երբ արևր մտել էր. բայց մութը դեռ բոլորովին չէր պատել աշխարհը։ Նամակր նա հանեց իր ծոցից և խրեց գլխի չալմայի փաթեթի մեջ, այնպես, որ նամակը կիսով չափ երևում էր։ Նա, որպես սովորաբար ծրարում են նամակները արևելքում, մի երկայն խողովակաձև գալարված թուղթ էր, որի մեջտեղից գոտիի նման փաթաթել էին մի ուրիշ թղթի կտոր և կնքել էին։
Ի՞նչ մարդ ես, հարցրեց նրանից բանակի պահնորդներից մեկը։
Սուրհանդակ, պատասխանեց նամակաբերը և համարձակ քշեց իր ձին դեպի շեյխի վրանը։
Այդ մարդը Մըստոն էր։