Раффи

Ջալալեդդին

Գ

Արևը մտնելու մոտ էր, երբ մեր հոգնած ճանապարհորդը հասավ մի տեղ, ուր ճանապարհը ճյուղավորվում էր. աջ ճյուղը տանում էր դեպի Բաշ-Կալա, իսկ ձախը դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը։ Նա ընտրեց վերջինը։

Արևի վերջալույսը ոչ մի ժամանակ այնպես գեղեցիկ չէր զարդարել ամպերը, որպես այն երեկո. և լեռնային օդը իր փափուկ թարմությամբ ոչ մի ժամանակ այնքան կազդուրիչ չէր եղել, որպես այն գիշեր։ Բայց երիտասարդը ոչինչ չէր զգում, որովհետև իր սրտի և արտաքին աշխարհի մեջ ամենևին առնչություն չկար։ Նա շարունակում էր գնալ, ինքն իր մեջ կենտրոնացած. և մի աներևույթ զորություն մղում էր նրան առաջ…։

Մութը սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ և գիշերային աստղերը վառվում էին հիանալի զվարթությամբ։ Օդը անշարժ և խաղաղ էր։ Այդ այն ժամն էր, երբ նույն լեռների վրա սովորաբար լսելի էին լինում արոտից դարձող ոչխարների բառաչմունքը, որոնց խուլ արձագանքը զարթեցնում է այնքան գեղեցիկ հիշողություններ հովվական կյանքից։ Իսկ այն գիշեր ոչինչ չէր լսվում. ամեն տեղ տիրում էր մեռելային անդորրությունը։

Բավական ճանապարհ անցել էր նա, երբ սկսեց նշմարել տեղ-տեղ հրեղեն կետեր. նրանք երևում էին խավարի մեջ շատ հեռվից, երբեմն ընդարձակվում էին, երբեմն փոքրանում էին և երբեմն դեպի վեր էին բարձրացնում վիշապների նման գալարվող բոցեղեն սյուներ։ Հանկարծ բոլորովին հանգչում էին, և ավելի զորություն ստանալով, հրային հոսանքը տարածվում էր դեպի ամեն կողմ։

Նա կանգնեց և մի քանի րոպե անշարժ նայում էր այս սարսափելի տեսարանին։ Ի՞նչ էր պատահել։ Նա մտածում էր, թե այրվում են խոտի դեզեր։ Բայց նրան այնքան ծանոթ էին իր շրջակայքը, որ ինքն ևս կասկածում էր իր կարծիքի մեջ. նա գիտեր, որ խոտը այդպես վաղ չէ հնձվում այս կողմերում։ Նա գիտեր, որ այն ձորերում, ուր այնպես կատաղի կերպով ճարակում էր հրդեհը, կային միայն շատ թվով հայոց փոքրիկ և մեծ գյուղորայք…։

Երիտասարդը չմոտեցավ ոչ մեկին. նա գտնվում էր մի այնպիսի իրան կորցրած դրության մեջ, որ երազի պես բոլոր սարսափելի տեսարանները գալիս ու անցնում էին նրա աչքերի առջևից։

Նա դուրս եկավ մեծ ճանապարհից և բարձրացավ մի բլուրի վրա, որ պատած էր փոքրիկ թուփերով ու մացառներով։ Կես գիշեր էր։ Նա առաջին անգամից նայեց դեպի աստղազարդ երկինքը և տեսավ, որ «Տրդատի խաչը» ուղիղ կանգնած էր զենիթի վրա։ Նա նստեց մի քարի վրա, որ փոքր ինչ հանգստանա։ Մի կողմից քաղցը, մյուս կողմից հոգնածությունը, բոլորովին սպառել էին նրա ուժերը։ Բլուրի բարձրությունից հրեղեն կույտերը այժմ ավելի պարզ երևում էին լեռնային տարածության վրա։ Նա դեռ նայում էր առաջին սառնասրտությամբ։

Նրա ականջին դիպան մի քանի անորոշ ձայներ. երևում էր, բլուրի ստորոտից անցնում էին մարդիկ։

Ո՞ւր գնանք… տե՛ր աստված…։

Գնանք… մի տեղ կհասնենք…

Ծնկներս դողում են… երեխաս մարելու վրա է…

Տուր ինձ երեխան։

Աղջի, ի՞նչու ետ մնացիր։

Մայրիկ, քարերը ծակում են ոտներս։

Ձայները լռեցին։

Րոպեական լռությունից հետո ընդհատված խոսակցությունը կրկին շարունակվեցավ.

Դեռ այրվում է… ա՜խ, ինչպես այրվում է…

Կնիկ, երեխերքիդ հոգսը քաշիր․․․ լավ է, որ պրծանք․․․։

Գլխիդ արյունը էլի սկսեց գնալ… դու օրորվում ես, ա՜յ մարդ…։

Վնաս չունի… փաթոթը արձակվեցավ…

Բե՛ր, կապեմ։

Գնա՛նք… փախչե՛նք… ժամանակ չէ…

Ձայները կրկին լռեցին։

Մերձակա հրդեհը այնպես սաստիկ բոցավառվեցասվ, որ փայլակի արագությամբ լուսավորեց բլրի ստորոտը։ Լուսը բաց արեց մի ցավալի տեսարան։ Խոսողը մի գյուղացի էր իր կնոջ հետ. նա տանում էր իր գրկում մի փոքրիկ երեխա. արյունը նրա ճակատից թափվում էր երեսի վրա, և այնտեղից կաթկաթում էր երեխայի գլխին։ Նրա կողքին գնում էր կինը և ձեռքից բռնած տանում էր մի փոքրիկ աղջիկ։ Ամուսինները երկուքն էլ ուժաթափված հազիվ կարողանում էին ընթանալ։

Խավարը կրկին տիրեց շրջակայքր։ Ձայները կրկին լսելի եղան․

Ա՜խ, ինչպես կոտորում էին…

Ա՜խ, ինչպես այրեցին…

Ոչինչ չթողեցին…

Հիմա ո՞ւր գնանք… աստվա՛ծ…

Մայրիկ, ես հաց եմ ուզում…

Մի՛ լար, հիմա…

Մայրի՜կ…

Ձայները լռեցին։

Շատ անգամ, շատ մարդկանց վրա, մի թշվառ երևույթ, որ պետք է հարուցաներ տխուր զգացմունքներ, ընդհակառակն զզվանք է պատճառում, զարթեցնում է խիստ դառն ատելություն։ Նույն տպավորությունը ունեցավ մեր ճանապարհորդի վրա իր տեսածը։ Մի կողմում հրդեհը լափում էր խաղաղասեր շինականի խրճիթները, մարդիկ կենդանի թաղվում էին իրանց հրային գերեզմանի մեջ, և կրակից ազատվածը իր բնակարանի մոտ ընկնում էր բարբարոսի սրից, մյուս կողմից, նա լսում էր մի արյունաթաթախ հոր և կիսաշունչ մոր ցավալի խոսակցությունը, լսում էր զավակի լացը և մրմունջը, տեսնում էր անբաղտացած ընտանիքի հուսահատական փախուստը, և ինքը մի դիվական սառնասրտությամբ բլուրի բարձրությունից նայում էր, և կարծես նրա դժոխային շրթունքից դուրս էին թռչում այս ճակատագրական խոսքերը. «դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեզ համար… նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում է…»։

Դա ատելության ամենասարսափելի ձայնն է, որ բխում է սիրելուց, դա եղբոր ատելություն է, որ ծագում է եղբորը ուղղելու զգացմունքից, թե ինչո՞ւ, նա պատրաստ չէ կյանքի և գոյության համար մրցելու։

Այս տեսակ ատելությունից առաջ է գալիս այն ազնիվ բարկությունը, որով մարդ ծայրահեղության է հասնում, և նա մի խիստ պատգամախոսի նման որոշում է մի ժողովրդի վիճակի սահմանը, երկու հակառակ կետերի վրա դնելով նրան, կամ մահ և կամ կյանք։ «Ով չէ հասկացել, կամ չէ ուզում հասկանալ ապրելու պայմանները, ասում է նա, կյանքի իրավունք չունի։ Այս պայմանները այնքան փոխվում են, որքան փոխվում են նրանց պահանջները. երբ հարկավոր է խելք բանեցնել, խելքին զոռ տալու է, իսկ երբ պետք է սուր, մարդ պիտի պատրաստ ունենա նրան իր ձեռքում։ Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմադրության շնորք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա․․․»։

Բայց մեր ճանապարհորդի վրդովմունքը առաջ չէր գալիս այս տեսակ խորին քննություններից. նա կյանքի փիլիսոփայության հետ ծանոթ չէր։ Բացատրում էր մարդկային կյանքը, հիմնվելով բնության ամենապարզ երևույթների վրա։ Նա մտածում էր, երբ գառին վիճակվել է գայլի հետ միասին կենցաղավարել, ինքն էլ պետք է աշխատի գայլի ատամներ ունենալ, եթե չէ ցանկանում կատաղի գազանին կերակուր դառնալ։

Հանգամանքները ձգել էին նրան մի այնպիսի վիճակի մեջ, որ ինքն ակամայից դարձել էր գայլ, գայլի բոլոր անգթությամբ։ Մանկական հասակում ընտանիքը հալածեց նրան, նա արտաքսվեցավ հայրենական տնակից, որպես անառակ որդի։ Իր համազգի հասարակության մեջ նույնպես նա ընդունելություն չգտավ. ամեն մարդ սկսեց խորշիլ նրանից, որպես ժանտախտից։ Այնուհետև մնում էր նրան անձնատուր լինել դեպքերի բերմունքին, և նա դարձավ մի արկածախնդիր թափառական, իսկ վերջը՝ մի անգութ ավազակ, որ ուխտել էր պատժել մարդկանց, որովհետև մարդիկ պատժեցին նրան։

Որպես ավազակ նա դարձյալ մնաց միշտ ազնիվ։ Նա չկորցրեց իր առյուծի վեհությունը, որ չէ սիրում հարձակվիլ տկար կամ վատուժ կենդանիների վրա, որ իր որսածի մեծ մասը թողնում է մանր գազաններին ուտելու համար․․․։

Ամբողջ տասը տարի հայրենիքից հեռացած այդ թշվառականը, կրկին վերադարձավ այնտեղ, երբ լսեց նրա վտանգը։ Նա չեկավ հայրենիքը փրկելու համար, որովհետև գիտեր, որ իր նման շատերը նրան փրկել չէին կարող, երբ ինքը իրան փրկելու ընդունակություն չուներ։ Նա եկավ փրկելու մի գեղեցիկ արարած, որին միայն սիրում էր, և որը միայն էր ամբողջ աշխարհի մեջ, որ սիրում էր այն մարդուն, որին բոլորը ատում էին։ Այդ էր նրա մխիթարությունը։ Բոլոր աշխարհի մեջ հանգստություն, դադար և իր գլուխը դնելու մի անկյուն չունեցավ անբաղտը՝ ուներ մի կնոջ ջերմ սիրտ, ուր ապրում էր նա, շնչում էր և այնտեղ մոռանում էր իր կյանքի դառնությունները, թեև տասը տարուց ավելի էր, որ չէր տեսել նրան։

Ահա՜ ինչ էր պատճառը, որ նա այնքան անզգա էր դարձել դեպի իր շրջակայքը կատարվող գործողությունները, և որպես մի չար դևից հալածվելով, ակամա մղվում էր դեպի առաջ, ոչ մի տեղ հանգիստ չառնելով։ Բայց բնությունը պահանջում է իրը․ քանի օր էր, որ նա ամենևին քնած չէր, մի քանի օր շարունակ նա ճանապարհի վրա էր գտնվում. նրա ուժերը սպառվել էին և նա սկսել էր թուլանալ։ Եվ երբ նա բարձրացավ բլուրի վրա, նստեց այնտեղ, որ մի փոքր հանգստանա, հանկարծ ակամա կերպով նրա գլուխը ծանրացավ, աչքերը փակվեցան և ընկավ փափուկ խոտերի վրա։ Դա քուն չէր, այլ մի տեսակ թմրություն, որ տիրում է մարդուն և արթնության ժամանակ, երբ սաստիկ տանջված է լինում, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ջալալեդդին"

Ятук Музыка
Мелодия
Арно Бабаджанян

Мелодия

Араратская долина, 1981 год.
Араратская долина, 1981 год.
Играть онлайн