Раффи

Ջալալեդդին

Է

Սարհատի հետ բավական ծանոթ է ընթերցողը, հարկավոր է փոքր ինչ ծանոթանալ և նրա ընկերների հետ, որոնցից կազմված էր նրա հրոսակը։ Չնայելով, որ Սարհատն էր պետը և գլխավորը իր խումբի, բայց բոլորին «եղբայր» էր կոչում, և իրավ, այս կոչմանը արժանի էին նրանք, միացած լինելով եղբայրական խիստ սերտ կապերով։ Նրա խումբը հավաքված էր զանազան տեղերից զանազան ժամանակներում, որոնց թիվը տասն և երկուսից խիստ հազիվ էր անցնում։ Նրանց մեջ կային սասունցիք, զեյթունցիք, շատաղցիք, դիարբեքիրցիք, նրանց մեջ կային՝ մի քահանա Խարբերդի քրդախոս հայերից և մի վարժապետ։ Այս վերջինը Կ. Պոլսում բարեգործական նպատակով կազմված մի ընկերության անդամ էր, որ ուղարկվել էր Վանա կողմերի գյուղորայքում կրթություն տարածելու, բայց ռուս-թյուրքական պատերազմի խռովությունների ժամանակ նա միացավ Սարհատի խումբի հետ, երբ քրդերը նրան իր գյուղական դպրոցի մեջ աշակերտների առջև սաստիկ ծեծեցին, և նրա սանիկներից մի քանիսը առևանգեցին, և մի քանի օրից հետո կրկին բաց թողեցին։

Սարհատի խումբը կազմված էր քուրդի կերպարանքով և գործում էր քուրդի անունով։ «Հայ» անունից խորշում էր նա, ոչ թե այն պատճառով, որ այդ անունը ատելի էր նրան, այլ ընդհակառակն, սիրում էր նա հայությունր, բայց այդ անունը անհամապաստասխան էր գտնում թե՛ իր պաշտոնին և թե՛ նպատակներին։ Իր թափառական կյանքում, թե՛ նա ինքը, և թե՛ իր խումբը անդադար զարկվում էին քրդերի հետ, և անդադար որևիցե թշնամական հաշիվ էին վերջացնում այս և այն մահմեդական ցեղի հետ, բայց եթե ցույց տային, թե իրանք հայեր են, այն ժամանակ իրանց հակառակորդները կարող էին վրեժխնդիր լինել այն ողորմելի և անպաշտպան հայերից, որոնք գուցե Սարհատի գոյության մասին ամենևին տեղեկություն ևս չունեին։

Սարհատը իր խումբի հետ Դիարբեքիրի կողմերումն էր, երբ լսեց քուրդերի կատաղի շարժումը, երբ իմացավ Ջալալեղդինի սարսափելի դիտավորությունը և երբ հայտնի եղավ նրան Շեյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը։ Նա իսկույն յուրայիններով շտապեց դեպի Աղբակա կողմերը։ Երկու ցանկություն նրան քաշեցին դեպի իր հայրենիքը, որին վաղուց մոռացել էր․ առաջինը, Աղբակը քուրդերի արշավանքի գծի վրա գտնվելով, ավելի պետք է ենթարկվեր նրանց ասպատակություններին, մտածում էր իր հայրենակիցներին օգնության ձեռք հասցնել, երկրորդ, որ ավելի գլխավորն էր, այստեղ կար «մեկը», որին նվիրված էր իր բոլոր սրտով։

Սարհատի այն խոսքերը, որ նա արտահայտում էր իր հայրենիքի ավերակների վրա շրջելու ժամանակ, այն խոսքերը, որ նա այնքան անգութ կերպով դուրս թափեց հոր առջև նրա հոգեվարքի րոպեներում, այս բոլորը հուսահատ սրտից դուրս բխած հառաչանքներն էին, այս բոլորը դամբանական ողբեր էին, որ նա կարդում էր իր հայրենիքի գերեզմանական անշարժության վրա։ Նա զայրանում էր, նրա վրդովմունքը կատաղության և խելագարության էր հասցնում նրան, երբ տեսնում էր, որ իր հայրենիքը այն չէր, ինչ որ ինքը ցանկանում էր որ լիներ։ Նա շատ լավ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարությունը, նա ինքը սարսափում էր իր արյունոտ ձեռքերից, թեև այն ձեռքերը միշտ թշվառների պաշտպան են եղել, և երբեք չեն թափել մի անմեղ արյուն, բայց նրա անձնասիրությունը վիրավորվում էր, տեսնելով, որ ինքը իր բոլոր արժանավորություններով ստիպված էր լինել մի ավազակային հրոսակի գլխավոր, մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել և իր հայրենիքը մաքրել ավազակներից․․․

Դեռ Աղբակ չհասած, նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ, պատվիրելով հարկավորած օգնությունը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ ինքը մենակ ուղևորվեցավ դեպի Վան քաղաքը։ Այնտեղ նա ներկայացավ փաշային, և հայտնելով այն վտանգը, որ սպառնում է Աղբակա հայերին, խնդրեց, որ իրան թույլ տան՝ տեղային բնակիչներից կազմել մի գունդ երկիրը քրդերի և բաշիբոզուկների ասպատակություններից պաշտպանելու համար։ Բայց նրա խնդիրը չընդունվեցավ, նրան պատասխանեցին, թե «կառավարությունը ինքն ամեն խնամքներ գործ է դրել երկրի հանգստությունը պահպանելու համար»։

Նա ինքը շատ լավ էր հասկանում այս խոսքերի նշանակությունը և վերադարձավ Վանից առանց բավականություն ստանալու։ Եվ այս էր պատճառը, որ մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խոշաբա ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր և հուսահատ։

Բայց նրա եռանդը դեռ բոլորովին չէր թուլացել։ Երբ մտավ Աղբակ, կրկին փորձեց իրագործել իր նպատակը։ Նա դիմեց մի քանի քահանաների, վարդապետների և տանուտերերի, աշխատում էր նրանց համոզել, թե պետք է զինվորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար։ Ջալալեդդինը դեռ այն ժամանակ չէր սկսել իր արշավանքը , բայց ամեն տեղ սկսվել էին նկատելի լինել քրդերի բարբարոսությունները։ Նա օրինակ էր բերում իրանց դրացի Ջոլամերիկի ասորիներին, որոնք զինվորված էին և ոչ մի քուրդ նրանց երկիրը ոտք կոխել չէր կարողանում, և ոչ ինքը կառավարությունը կարողացավ նրանց զինաթափ անել, որովհետև պատասխանում էին, թե մենք պետք է որ մեր գլուխը պահենք, երբ որ կառավարությունը մեզ պահպանելու շնորհք չունի։ Նա այսպիսի շատ օրինակներ էր բերում, քաջալերական խրախույսներ էր տալիս, հորդորում էր և ուրիշ շատ բաներ էր ասում… Բայց քահանաները, վարդապետները և ժողովրդի իշխանները նրան հիմարի և խելագարի տեղ էին դնում…։ Այս ավելի վշտացրեց նրան, քան թե փաշայի խաբեությոլնր, և այն ժամանակ նա ավելի համոզվեցավ, թե այդ ժողովուրդն ինքն է դատապարտել իրան մի ցած ստրկության, թե նա ինքն է պատրաստել իր համար մի այնպիսի թշվառ ներկա…

Այն օրից, որ բաժանվել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկություն չուներ, և չգիտեր, թե ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին։ Միայն այն օրը մի պայմանյալ օր էր, որ նրանք ամեն կողմից պետք է հավաքվեին «քանդված մատուռի» մոտակայքում, և ինքն այնտեղ գնալով, պետք է տեսնվեր իր ընկերների հետ։ Բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ Մըստոյին նրանց կանչելու Սախկալ-Թութան կիրճի մոտ, որտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին։ Մըստոյի ձեռնարկությունը անպտուղ չմնաց, նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սախկալ-Թութանի մոտ։ Ինքը նույնպես հասավ այնտեղ։ Տեսնելով իր ընկերներին, նա համբուրվեցավ բոլորի հետ, ասելով.

Ուրախ եմ, որ ամենիդ մարմնով առողջ եմ գտնում, թեև համոզված եմ, որ սրտով ձեզանից ամեն մեկը վիրավորված է, վշտացած է, տեսնելով այնքան ավերածներ և կոտորածներ, որ գործել է բարբարոս ձեռքը։ Բայց այսօր մի գեղեցիկ դեպք առիթ կտա ձեզ գործ դնել ձեր քաջությունը, և դրա համար էլ կանչեցի ձեզ։ Մենք 14 հոգով գործ պետք է ունենանք ավելի քան հիսուն հոգի վայրենի Հարտոշիների հետ։

Մըստոն բոլորը պատմել է մեզ, պատասխանեց քահանան, որին այժմ կոչում էին Դալի-Բաբա։ Այս խաչով (նա ցույց տվեց իր սուրը) Հարտոշիների գլխին մի լավ «պահպանիչ» կկարդամ։

Դեպքը, իրավ, գեղեցիկ է, այս կիրճի մեջ մի զվարճալի խաղ կունենանք Հարտոշիների հետ, ասաց ոգևորված վարժապետը, որին այժմ կոչում էին Քիթաբ-Դալիսի։

Հարտոշիների հետ լավ է գործ ունենալ նեղ ծակերում, այդ անիծվածները իրանց բերաններից էլ են կրակ փչում, ասաց սասունցի Հարոն, որին կոչում էին Սասուն Այըսը, այսինքն՝ սասունի արջ։

Այդ դատարկախոսություններով ժամանակ ենք կորցնում, Հարտոշիները հեշտ ուտելու պատառ չեն… նկատեց զեյթունցի Ներսոն, որին կոչում էին Զեյթուն–Քայասը, այսինքն՝ Զեյթունի ժայռ։

Իրավ, ժամանակը թանկ է մեզ, խոսեց Սարհատը. մտածենք գործի վրա։ Հարտոշիները ձեզ հայտնի են իրանց քաջությամբ, նրանց հետ երեխայի խաղ ունենալ անմտություն է։ Մեզ կնպաստե միայն տեղը և դիրքը, և այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը։ Ձեզանից ամեն մեկը թաքնված կլինի քարաժայռերի ետևում, և այնքան կսպասե, մինչև ամբողջ քարավանը կլցվի կիրճի մեջ. այն ժամանակ դուք պետք է բաժանվեք երկու մասն, յոթ հոգի պետք է փակե կիրճի մուտքը, իսկ յոթ հոգի՝ նրա ելքը։ Մ ենք 14 հոգի ենք։ Ես կտամ հարձակողական նշանը բազեի ձայնով։ Աշխատեցեք, որքան կարելի է, հեռու մնալ արյունհեղությունից։ Խոսեցեք միշտ Ռավանդների բարբառով, որովհետև Ռավանդները Հարտոշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թե գործ ունեն Ռավանդների հետ։ Եթե անձնատուր եղան, պայմանների մասին կխոսեմ ես։ Հարձակումները միշտ մի տեղից, կամ մի կողմից չպետք է լինեն, շուտ-շուտ փոխեցեք ձեր դիրքը, որ թշնամին կարծե, թե բազմաթիվ եք։ Փախչելու աշխատողներին իսկույն ծակեցեք, որ ուրիշ տեղ խաբար չտանեն։

Սախկալ֊Թութանը այն սարսափելի կիրճերից մեկն էր, որի նմանը շատ անգամ հանդիպում է Հայաստանի լեռներում. նրա աջ և ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձև բարձրանում էին, մեջտեղում թողնելով մի նեղ անցք, որի միջով քարավանը անցնելու համար հարկավոր էր, որ բոլոր գրաստները մինը մյուսի ետևից շարված լինեին, որովհետև մոտեմոտ գնալու համար բավական նեղ էր ճանապարհը։

Նրանք գտան քարավանը այս դրության մեջ շարված կիրճի մուտքից սկսյալ մինչև նրա ելքը։ Հոգնած քարավանը խիստ դանդաղ էր ընթանում։ Սարհատը գործն այնքան ետ ձգեց, մինչև արևը մտավ և բոլորովին մթնեց։ Բայց լուսնյակ գիշեր էր։ Այնուհետև նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի ելքր, իսկ վեց հոգի Դալի-Բաբային հանձնելով, պատվիրեց կտրել կիրճի մուտքը։ Քարավանը մնաց մեջտեղում նեղ փապարում լցված։ Քարավանը նո՛ւյն դրության մեջ էր գտնվում, որպես թե ածած լիներ մի հսկայական խողովակի մեջ, որի երկու ծայրերը փակված էին։

Բազեի սուր և ձգական ձայնը հնչեց, որպես թե մոտենում է իր որսին։ Զանազան տեղերից լսելի եղան հրացանների որոտմունքներ։ Կիրճի մեջ սկսվեց մի աղմկալի իրարանցում և բարձրացավ խուլ դղրդյուն։ Հարտոշիները կատաղած գազանների նման սկսեցին այս կողմ և այն կողմ վազվզել, բայց ամեն տեղ հանդիպում էին որոտացող կրակների։ Առյուծը ընկած էր երկաթի վանդակի մեջ։

Քուրդը վտանգի րոպեներում ցույց է տալիս իր բնավորության բոլոր վսեմությունը։ Նա վիշապ է դառնում և կամենում է լեռները, ժայռերը կլանել։ Կիրճի ահագին պարսպաձև շղթաները ևս ոչինչ էին թվում կատաղած Հարտոշիի աչքին, նա վագրի նման մագլցում էր սեպացած ժայռերy, որ վեր բարձրանա և դեմառդեմ հանդիպի թշնամուն։ Բայց բնությունը հաղթող էր հանդիսանում, վագրը սարսափելի բարձրությունից կրկին գահավիժվում էր, կրկին գլորվում էր ցած։

Կիրճի մեջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ և ձախ որոտացող կրակների բոմբյունը, միախառնվելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակություն։ Կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ։ Քրդերը վճռել էին մինչև վերջին շունչը ընդդիմանալ։ Այն ժամանակ բազեի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցավ, դա նշան էր, թե պետք չէ գթալ։ Գնդակները կարկուտի արագությամբ սկսան թափվել կիրճի մեջ։

Պարզ-լուսնային գիշերը բավական նպաստում էր կռվին, և մեր քաջերը չէին վրիպում իրանց նետումներից և կարողանում էին նշան դնել քրդերին միայն, և գերիներին չվնասել։

Մի ամբողջ ժամ ևս հուսահատական-հանդգնությամբ կռվելուց հետո, քրդերի միջից լսելի եղավ մի ձայն՝ «անձնատուր ենք լինում»։ Այն ժամանակ Սարհատը բարձրացավ մի քարի վրա և սկսեց վերևից խոսել։

Ավելի լավ կլիներ, որ շուտ անձնատուր լինեիք, այն ժամանակ գոնե ձեր մեծ մասը կենդանի մնացած կլիներ, դուք ձեր համառությամբ շատերին կոտորել տվիք։ Վնասը մեծ չէ. քաջերի ճակատագիրն է այդ. գովում եմ ձեր հանդգնությունը։ Հիմա լսեցեք պայմանները. դուք ամենքդ կմնաք կիրճի մեջ, բայց ավարը և գերիները բաց կթողնեք իրանց գրաստներով։ Մենք ձեզանից չենք խլի ձեր զենքերը և ձիերը, դրանք պետք են ձեզ. միայն կողոպուտից ոչինչ չպետք է պահեք ձեզ մոտ։ Դուք կմնաք կիրճի մեջ և չեք շարժվի մինչև առավոտյան լուսաբացը. այն ժամանակ ազատ եք, որ կողմ կամենաք, գնացեք։ Համաձա՞յն եք։

«Համաձայն ենք», լսելի եղավ կիրճի միջից։

Ուրեմն, բա՛ց թողեք գերիներին և ավարը։

Մի քանի ժամվա մեջ կիրճը դատարկվեցավ։ Այնտեղ մնացին քսան հոգու չափ Հարտոշիներ միայն։

Դալի-Բաբա, դարձավ Սարհատը դեպի քահանան, քեզ հետ կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի Սալմաստ. մինչև արևի դուրս գալը դուք կանցնեք Պարսկաստանի սահմանը, և Սալմաստում տեղային հայերի մոտ ողորմելիները ապահով կլինեն, որովհետև այնտեղ են փախել բոլոր աղբակեցիք, որոնք ազատվել են քրդերի ձեռքից։ Սալմաստը պարսից երկիր է, այստեղ տաճկաց քրդերը մուտք գործել չեն կարող։ Լսիր, ամենևին ցույց չպետք է տաս հայությունդ և գերիները չպետք է գիտենան, թե ով ազատեց նրանց։ Պարսից սահմանից դու կդառնաս քո ընկերների հետ և մեզ կգտնես Իրցի-ձորի մեջ, այն քարանձավում, որ քեզ ծանոթ է։ Իսկ ես այդ անպիտաններին կպահեմ կիրճի մեջ, մինչև դուք բավական կհեռանաք, և արևը դեռ չծագած, բաց կթողնեմ։

Դալի-բաբան համբերությունը հատած, պատասխանեց.

Անիծված լինեմ, եթե ես տերտեր ժամանակս մի այսպիսի երկար քարոզ եմ տվել։ Օրհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամեն բան այս չափ բրդում․ ես խո նոր չեմ սովորում իմ գործը։

«Ուրիշի խրատը լսիր, և իմացածդ էլ քեզ պահի՛ր», ասել են մեր պապերը, պատասխանեց Սարհատը ծիծաղելով։ Հիմա գնացե՛ք։ Տեր ընդ ձեզ։

Քարավանը սկսեց շարժվել դեպի Սալմաստա կողմը ազատված մարդու բոլոր արագությամբ, որ դեռ նոր փախչում էր վտանգից։ Գիշերային լռության մեջ լսելի էին լինում ջերմ օրհնություններ այն բազմաթիվ թշվառների բերաններից, որոնք արտասվալի աչքերով մերձենում էին դեպի իրանց ազատիչները…։

―――――――――――――――――――――――

Մի քանի օրից հետո ամբողջ Աղբակա գավառում տարածվել էր մի այսպիսի լուր, թե Հարտոշիները բերելիս են եղել ահագին ավար և գերիների մեծ բազմություն Շատախի կողմերից, և թե Ռավանդները վրա են թափվել և Սախկալ-Թութանի կիրճում խլել են Հարտոշիներից թե՛ ավարը և թե՛ գերիները, բայց ո՛ւր են տարել, հայտնի չէ. Սարհատի և նրա խումբի մասին ոչինչ չէր խոսվում…։ Քրդերի մեջ միմյանցից ավար և գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ ոքին չզարմացրեց հիշյալ լուրը, և հայերի վրա կասկածել անգամ չէին կարող, որովհետև հային անընդունակ էին համարում այդ գործին։ Իսկ Սարհատի խումբը իրան ձևացրել էր Ռավանդների կերպարանքով, որ Հարտոշիների հետ ցեղական թշնամություն ունեին։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ջալալեդդին"

Ятук Музыка
Hoghushogh
Элен Йолчян

Hoghushogh

Араратская долина, 1981 год.
Араратская долина, 1981 год.
Играть онлайн