Мурацан

Ռուզան

Արարված հինգերորդ

ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ


Մի մացառուտ լեռան զառիվայր ստորոտ, որ ծածկված է ծառերով, թուփերով և տեղ-տեղ՝ մեծամեծ ժայռերով: Լեռան կատարին երեում է Խոխանաբերդը' բարձր պարիսպներով և հզոր աշտարակներով:


ՏԵՍԻԼ Ա
Շանույշ և Սուրիկ (միմյանց հանդիպելով)


ՍՈՒՐԻԿ. Շա՚նույշ, դո՞ւ էլ եկար տիրուհուն պտրելու։
ՇԱՆՈՒՅՇ. Այո՛ՙ Սուրիկ. սիրտս չհամբերեց. ես էլ եկա նրան որոնելու։
ՍՈՒՐԻԿ. Նա այստեղից չէ անցել, հավատացած եմ, ես այնպիսի ճանապարհով իջա, որ ամբողջ զառիվայրը կարող էի տեսնել, բայց օրիորդն իմ աչքին ոչ մի տեղ չերևաց։
ՇԱՆՈՒՅՇ. Ինձ թվում է թե՝ նա մոլորվել է մացառուտում։
ՍՈՒՐԻԿ. Գուցե, բայց և այնպես նա չի ազատվիլ մեր ձեռքից. հետամուտները շատ են. ուր որ է նրա առաջը կառնեն։
ՇԱՆՈՒՅՇ. Իսկ եթե նա արդեն հասած լինի բանա՛՛կը։
ՍՈՒՐԻԿ. Այն ժամանակ արդեն գործը կդժվարանա, մենք չենք մոտենալ բանակին։
ՇԱՆՈՒՅՇ. Ուրեմն ժամավաճառ չլինենք, անցնենք զատ-զատ կողմեր, գուցե մեզանից մեկին հաջողի պատահել նրան։
ՍՈՒՐԻԿ. Անցնենք: (Բաժանվում են աջ ու ձախ):


ՏԵՍԻԼ Բ
Շանույշ և Ռուզան


Ռուզանը երևում է զառիվայրի բարձրում, որտեղից նա ժայռերն ու թուփերը բռնելով իջնում է դեպի վայր, հերարձակ, շտապ քայլերով և երկյուղագին այս ու այն կողմը նայելով. բեմը դատարկ է:
ՇԱՆՈՒՅՇ. (վերադառնալով) Ոչ մի տեղ չէ երևում։ Այս կողմը (ցույց է տալիս եկած կողմը) քարաժայռնրն են և նրանց ներքևը՝ սարսափելի անդունդ. ոչ ոք այդտեղից անցնել չի կարող։ Իսկ այստեղից (ցույց է տալիս հակառակ կողմը) սկսում է մեծ հովիտը, որի վրա բանակած է թշնամին։ Եթե մի քայլ այն կողմն անցնեմ, նրա դժոխային գունդերը կերևան։ Ինձ մնում է եկածս ճանապարհով կրկին վերադառնալ (պատահմամբ նայում է բարձր և տեսնում է (Ռուզանին): Ահա նա... ահա՜... Ո՞հ, աստված իմ, շնորհակալ եմ քեզանից... տե՛ս ինչպե՞ս աներկյուղ դիմում է նա դեպի յուր դահիճը։ Ծածկվիմ այստեղ, մինչև նա կիջնե։ (Քաշվում է մացառի ետևը): Ո՛հ, աստված իմ, խնայիր նրան, ուժ տուր իմ բազուկներին՝ զորով դարձնել նրան յուր ծնողների գիրկը։
ՌՈՒԶԱՆ. (իջնելով դեպի բեմը և մի քանի քայլ մնացած՝ կանգ առնելով զառիվայրի վրա) Ինձ չէին կամենում թողնել, ինձ արգելում էին. իմ պատճառով ուզում էին Ժողովուրդը զոհել և սգո մեջ թողնել բյուրավոր ընտանիքներ։ Ո՛չ. այդ բոլորի փոխարեն նշանակված զոհը ես եմ և ես միայն կզոհվիմ։ Մի քանի վայրկյան ևս, և ես կհասնեմ թշնամուն, իմ ձեռքը կտամ բռնավորին և սրա փոխարեն կստանամ իմ հոր և յուր ժողովրդյան ազատությունը․․․

Իսկ այնուհետև անելիքս որոշված է. այդ մասին այլևս մտածելիք չունիմ… Բայց… (տատանվելով որոշման մեջ): Ո՜հ, ինչպե՜ս դժվար է՝ թողնել իմ ետևից մայրս կիսամեռ, հայրս սգավոր, փեսաս սրտաբեկ… հեռանալ սիրելիներից․ հեռանալ հայրենիքից… և այս ծաղիկ հասակում խամրիլ խորշակահար… Ա՜հ, ծնկներս ծալվում են... (բռնում է ծայրից): Աստվա՜ծ իմ, ուժ տուր ինձ. արիացրո՛ւ ինձ՝ այս լուծը մինչև ի վերջ տանելու… (հեկեկում է և ապա մի քանի քայլ առաջանալով՝ բացականչում): Բայց ի՞նչ եմ անում… Ինչո՞ւ եմ ուշանում․ չէ որ բանբերից առաջ պիտի հասնեմ զոհերին… (առաջանում է դեպի այն կողմը, ուր պահված է նաժիշտը):

ՇԱՆՈՒՅՇ. (պահված տեղից ելնելով) Բայց ես չի պիտի թողնեմ, տիրուհի։
ՌՈՒԶԱՆ. (վեր թռչելով) Ա՜հ, Շանո՛ւյշ, դու այստե՞ղ ես. այդ ինչպե՞ս եկար և ինչո՞ւ։
ՇԱՆՈՒՅՇ․ Ո՜հ, տիրուհի, դու չի պիտի գնաս թշնամու մոտ, դու պիտի խղճաս քո ծնողներին։
ՌՈՒԶԱՆ. Այդ դո՞ւ պիտի սովորեցնես ինձ, խե՜ղճ աղջիկ։ Դարձիր ամրոցն առանց ուշանալու․ դու այնտեղ կհարկավորվիս։
ՇԱՆՈՒՅՇ. Բայց ո՞ւմ պիտի հարկավորվիմ. իմ միակ տիրուհին այստեղ է. ես եկա նրան ծառայելու․ ես նրան պիտի օգնեմ ամրոցը բարձրանալու։
ՌՈՒԶԱՆ. Այդ նեղությունը քեզ չի պիտի տամ, Շանույշ, դարձի՛ր, ասում եմ քեզ. մի՛ ուշացնիր ինձ։ Մինչև թշնամուն հասնիլը դեռ բավական ճանապարհ կա. մի փոքր ևս և բանբերը կհասնե բռնավոր տիրոջ մոտ, և կապյալները սրո կերակուր կդառնան․ թող որ շտապեմ նրանց ազատելու։
ՇԱՆՈՒՅՇ. Եվ քեզ գազանին մատնելու, այնպես չէ՞. ո՜հ ոչ. չեմ կարող․ թույլ չի պիտի տամ։ Եվ եթե ինձ չլսես… (Ընկնում է ծնկան վրա և բռնում է Ռուզանի ոտքերից), այսպես պիտի ընկնեմ քո առաջ․ պիտի փարեմ քո ծնկներով, պիտի արգելեմ քեզ։

ՌՈՒԶԱՆ. (աշխատելով հեռացնել նրան) Հեռո՞ւ... Անխոհեմ աղջիկ. ինձ չկարողացան արգելել իմ ծնողների արտասվալից աչքերը, և այժմ դո՞ւ պիտի արգելես. հեռո՞ւ ասում եմ քեզ: (Հեռացնում է նրան):

ՇԱՆՈՒՅՇ. Բայց դու չգիտես, տիրուհի, թե ի՜նչ հանցանք ես գործում նրանց դեմ. թե ի՜նչ թշվառություն ես բերում նրանց գլխին... Եթե տեսնեիր, թե ինչպե՜ս էր կոծում մայրդ և դառն արցունքներ թափում... Եթե տեսնեիր, թե ինչպես ողբում էր հայրդ, և ինչպե՜ս լալիս ու ճիչեր էին արձակում քույրդ, փոքր եղբայրներդ, և ամրոցը դղրդում էր նրանց հեկեկանքների ձայնից...
ՌՈՒԶԱՆ (արտասվահույզ) Ա՜հ լռի՛ր, Շանույշ, այդ բոլորը ես գիտեմ, բայց դու նորեն պատմելով կարտում ես իմ սիրտը, լռի՛ր...
ՇԱՆՈՒՅՇ. Իսկ Ներսեհի համար դեռ ոչինչ չասացի, տիրուհի, թե ինչպես վիրավոր և հուսահատ...
ՌՈՒԶԱՆ. (արագ ընդհատելով) Բավակա՛ն է, Շանույշ, դու կամենում ես թուլացնել իմ արիությունը, բայց այդ չի հաջողիլ քեզ. ես գիտեմ իմ զոհաբերության ծանրությունը. բայց նա անհրաժեշտ է։ Այժմ թո՛ղ ինձ, գնա՚ իմ սիրելիների մոտ և տա՛ր նրանց իմ վերջին ողջույնը։ Ասա' իմ մորը, որ ես թշվառացող ծնողաց անեծքները իրենից հեռացնելու համար զոհեցի ինձ... Ասա' իմ հորը՝ որ յուր ժողովրդի ազատությունը գնելու և յուր փառավոր անունը ապագայում արատից զերծ պահելու համար զոհեցի ինձ. ասա իմ սիրելի քրոջն ու եղբայրներին՝ որ իմ անունն անմոռաց ունենան և հետևեն իմ օրինակին' երբ այդ հայրենիքը պահանջե... Եվ, վերջապես, ասա Ներսեհին, որ ես իմ սերը խեղդեցի այս թշվառ սրտում միայն նրա’ համար, որ նա յուր բախտը ազգից անիծված մի կնոջ հետ չկապե... Այժմ հեռացի’ր... (Առաջանում է դեպի հովտի կողմը):
ՇԱՆՈՒՅՇ. (առաջն առնելով) Դու դարձյա՞լ գնում ես։
ՌՈՒԶԱՆ. (հրելով Շանույշին) Թո՛ղ, ասում եմ քեզ։ (Առաջանում է մի քանի քայլ դեպի խորքը և ապա ճչալով ետ քաշվում):

Ա՜հ, այսքան մո՜տ ենք մենք թշնամուն։ (Դարձյալ երկու քայլ առաջանալով): Ահա՛, ահա՛ այստեղից երևում է բոլորը։ Նայի՛ր, Շանույշ, ո'հ, մի՛թե չես սարսափում։ Տե՛ս, բոլոր հովիտը և գետափը ծածկված է թշնամու վրաններով։ Իսկ այս շքեղ խորանը, որ այսքան մոտ է մեզ, բռնավորինը չէ' արդյոք։ Նայի՛ր, սուսերամերկ պահապանները դժոխքի հրեշների պես հսկում են նրա դռանը։ Իսկ այս կողմը, տե՛ս, կանգնած են կապյալները, ո՛հ, որքա'ն շատ են. յուրաքանչյուրի գլխին շողում է մի սուսեր, նայի՛ր և սարսափիր... Իսկ այն ծերունիները. այն փոքրիկ տղաները, այն կանայքը․․․ բոլորն էլ ձեռնկապ... նրանք լալիս են, այնպես չէ'։ Իսկ այս առույգ երիտասարդների խումբը, որ գլխակոր կանգնած է դահիճների առաջ... Ո՛հ, այս տեսարանը կտրատում է իմ սիրտը... Բայց աստված իմ. ահա և Համտունը՝ գարշելի դավաճանը, տե՛ս՝ ինչպես է ճեմում յուր զոհերի առաջ։ (Ետ քաշվելով): Շանույշ, էլ ժամանակը հասավ, համբերելու ուժ չմնաց։ Մինչև այժմ սրտիս մեջ տրոփ և ոտքերումս մի դող էի զգում, այժմ, ընդհակառակն, արիություն եկավ վրաս, ես այլևս չեմ սարսափում բռնավորի առաջն ելնելու։ Այս թշվառներն ազատելու և դավաճանը պատմել տալու հույսը լցնում է իմ սիրտը ուրախությամբ։ Այժմ ես կերթամ. մնաս բարյավ... (Առաջանում է):

ՇԱՆՈԻՅՇ. Բայց ես սպասում էի թե' այս ամենը կսարսափեցներ քեզ, տիրուհի։
ՌՈՒԶԱՆ. (ետ գալով) Բայց ոչ. նայի՛ր ինձ. տե՛ս թե' գեղեցի՞կ եմ դեռ, գեղեցի'կ եմ այնքան, որ բռնավորի սիրտը շարժել կարողանամ։ Նայիր ինձ. ուղղիր իմ մազերը. ուղղի՛ր հագուստներս, թող բռնավորը հիանալու չափ գեղեցիկ գտնե ինձ։
ՇԱՆՈԻՅՇ. (անզգայարար ազդելով նրան) Դու գեղեցիկ ես, տիրուհի, գեղեցիկ' ինչպես հրեշտակ, բայց էլ ինչո՛ւդ է պետք գեղ՛եցկությունը։

ՌՈԻԶԱՆ. Բռնավորի աչքերն ու միտքը կուրացնելու... Այժմ դու դեպի ամրոցն՝ ե՛ս դեպի զոհերը: (Առաջանում է):

ՇԱՆՈԻՅՇ. (վերջին անգամ արգելելով) Տիրուհի՛...
ՌՈԻԶԱ՛Ն. (ուժգին հրելով Շանույշին) Հեռո՜ւ, ասում եմ քեզ, համառ աղջիկ, (Վազում է դեպի բեմի խորքը):
ՇԱՆՈԻՇ. (ընկնելով գետնին) Ա՜հ, ամեն բան վերջացավ...


Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Թաթարաց բանակը: (Տե՛ս երրորդ արարվածի տեսարանը):
Զորապետի խորանից քիչ հեռու կանգնած են մի շարք կապյալներ:

ՏԵՍԻԼ Ա
Ջոլա, Համտուն, Ա ծերունի, Բ ծերունի, պառավ կին, մի շարք կապյալներ, որոնք հեռանում են Բուրայի խորանից



ՋՈԼԱ. (մոտենալով կապյալներին) Ինչի՞ համար եք հավաքվել, ի՞նչ էիք ուզում իմ եղբորորդուց։
Ա ԾԵՐՈԻՆԻ. Գթություն, տե՛ր:
ՋՈԼԱ. Գթություն ձե՞զ, մի՛ հուսար, ծերո՛ւկ։ Քանի ձեր իշխանը ամրացած է բերդում, դուք չեք ազատվիլ մահից։
Ա ԾԵՐՈԻՆԻ. Բայց ի՞նչ հանցանք ունի խեղճ ժողովուրդը։
ՋՈԼԱ. Ոչինչ։ Մեծերի համար ապրում է, մեծերի համար էլ պիտի մեռնի։
Ա. ԾԵՐՈԻՆԻ․ Բայց մի՞թե այդ արդարություն է։
ՋՈԼԱ. Լռի՛ր, անպիտան․ համարձակվում ես իմ առաջարկության մասի՞ն խոսել. հո չե՞ս կամենում, որ գլուխդ շների առաջ ձգվի ա՜յս վայրկյանին։ (Հեռանում է):

ՀԱՄՏՈԻՆ․ (խոսող ծերունուն) Ինչո՞ւ չես կապ դնում լեզվիդ, բարեկամ․ մի՞թե չգիտես, որ ձեռքերը կապված մարդը չպետք է լեզուն շարժե։

Ա ԾԵՐՈՒՆԻ․ Լեզուն, տեր իմ, սրտի գործիքն է և ոչ ձեռքերի։
ՀԱՄՏՈԻՆ․ Դու երևի սպասում ես, որ մի սուր ցցեն սիրտդ և հետո՞ լռես։
Բ ԾԵՐՈՒՆԻ․ Ուրեմն, տեր իմ, սա մի մեծ բախտ է, որ այստեղ, մեզ հետ գտնվում է մի հայ իշխան՝ ազատ ձեռքերով։
ՀԱՄՏՈՒՆ․ Ի՞նչ ես կամենում ասել։
Բ ԾԵՐՈՒՆԻ․ Այն, որ քո լեզուն կարող է խոսել։
ՀԱՄՏՈՒՆ․ Վե՞րջը։
Բ ԾԵՐՈՒՆԻ․ Գթա՛, ուրեմն, մեզ և բարեխոսիր մեր փրկության համար։
ՀԱՄՏՈԻՆ․ Ի՞նչ կարող եմ անել: Ես էլ այս բանակում մի գերի եմ ձեզ նման։
Բ ԾԵՐՈՒՆԻ․ Գերի՞, ո՜հ, ո՛չ. թաթարները մի գերիի հետ չեն վարվիլ այդպես սիրով։ Դու դեռ երիտասարդ ես և չես կարող դառն փորձերի մեջ ալևորածին խաբել։
ՀԱՄՏՈԻՆ․ (բարկությամբ) Խաբե՞լ և ինչի՞ համար, հանդուգն ծերունի։
ՄԻ ՊԱՌԱՎ․ Որովհետև ամաչում ես ասել թե՝ դու մի մատնիչ ես։
ՀԱՄՏՈԻՆ․ Քաշի՛ր լեզուդ, գարշելի պառավ, ապա թե ոչ սուրս կլռեցնե նրան։
ՊԱՌԱՎ․ Իսկ աստծո անեծքի ձայնը ինչո՞վ պիտի լռեցնես։
ՀԱՄՏՈԻՆ․ (սուրը քաշելով) Դու շարունակո՞ւմ ես։


ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և Բուրա


ԲՈԻՐԱ․ (հեգնությամբ ժպտալով) Իշխան... դահճի պաշտոնը կամենում ես թեթևացնե՞լ։

ՀԱՄՏՈՒՆ. (ետ քաշվելով) Քեզ հայհոյողների թիվը կամենում եմ պակսեցնել, տե՛ր։

ՊԱՌԱՎ. (ինքն իրեն) Վա՛տ և խաբեբա։
ԲՈՒՐԱ. Արևս վկա, իմ հոր պալատում դեռ մինչև այսօր քեզ չափ հավատարիմ մեկը չտեսա։
ՀԱՄՏՈԻՆ. Մարմնավոր իշխաններին հավատարիմ լինել մեր կրոնն է մեզ պատվիրում։
ԲՈՒՐԱ. (հեգնությամբ) Քո հայրենակիցների մեջ, երևի, միայն դու ես այդ կրոնը պաշտում։
ՊԱՌԱՎ. Միայն դա՛ է, որ անարգում է այն։
ՀԱՄՏՈԻՆ. (կատաղի հայացքով) Լեզո՛ւդ, անզգամ պառավ։
ՊԱՌԱՎ. Պիտի անիծեմ քեզ, մինչև իմ վերջին շունչը։
ՀԱՄՏՈԻՆ. Այդ շունչը երկար չի տևիլ:
ԲՈՒՐԱ. Ուրեմն մի՛ վշտացնիր նրան, իշխան։


ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն և Ջոլա


ՋՈԼԱ. (մտնելով) Բուրա, դու անծանոթ էիր հայի կամակորության։
ԲՈՒՐԱ. Այստեղ մի փոքրիկ օրինակը տեսա։
ՋՈԼԱ. Ավելի մեծը պիտի տեսնես։
ԲՈՒՐԱ. Ի՞նչ է պատահել։
ՋՈԼԱ. (դեպի ետ նայելով) Աբու, այստե՛ղ արի։
ԲՈՒՐԱ. (անհամբեր) Ջալալն իմ առաջարկությունը մերժեց։
ՋՈԼԱ. Բավական չէ մերժումը։
ԲՈՒՐԱ. Հապա՞։
ՋՈԼԱ. Իսկույն կլսես։


ՏԵՍԻԼ Դ
Առաջիններն և Աբու



ԲՈԻՐԱ. (Աբուին, որ մտնում է) Հա՛, ի՞նչ լուր բերիր։
ԱԲՈՒ. Ջալալ իշխանը, տեր, քո մեծության հրամանն անարգեց։
ԲՈԻՐԱ. (բարկացած) Կրկնի՛ր նրա պատասխանը բառ առ բառ։
ԱԲՈՒ․ Ասա՛ այն բռնավոր գազանին, պատասխանեց նա, թե ես ա՛յս րոպեին կիջնեմ դաշտը՝ իմ սրովս նրան պատասխանելու։
ՀԱՄՏՈԻՆ․ (ուրախանալով և ինքն իրեն) Ահա՛ թե ի՞նչ էի կամենում լսել... հրճվի՛ր այժմ, սի՛րտ իմ։
ԲՈԻՐԱ. (կատաղաբար) Այդպե՞ս հանդգնեց պատասխանել այն շունը․․․ Յուր դստեր փոխարեն նա յուր սու՞րն է առաջարկում ինձ։ Լավ, ուրեմն։ Ես այդ սուրը նրա գլխի հետ միասին իմ ոտքերի տակ կփշրեմ․ նրա երկիրը արյան ու կրակի ծով կդարձնեմ։ Մինչև մի քանի օր բոլոր այն շեները թող անապատ դառնան (կանչելով դեպի բեմի խորքը): Է՜յ, դահիճներ, առաջ անցեք։ (Ներս են մտնում մի խումբ կարմրազգեստ դահիճներ, իրենց դահճապետի հետ):
Այստե՛ղ, իմ աչքի առաջ, նախ կոտորեցեք այս գլխավորներին (ցույց տալով կապյալների վրա), որոնք եկել էին իմ գթությունը հայցելու․ մնացած խուժանը թող բաժին դառնա զորականի սրերին։ (Դառնալով յուր դիմացը գտնվող կապյալներին): Ես ձեզ խոստացա կյանքերնիդ շնորհել, եթե ձեր իշխանն իմ առաջարկությունը կընդուներ։ Բայց նա, ինչպես լսեցիք, ոչ միայն մերժել է այն, այլև խրոխտացել է թե՝ պիտի գա յուր սրովն ինձ պատասխանելու։ Ուրեմն ես այժմ սուր քաշել կտամ ձեզ և ձեր դիակները կհրամայեմ դիզել նրա բերդի առաջ։ Թող այդ հիմարը հասկանա, որ ես կատակ չեմ անում, և այնուհետև գա յուր պատասխանը տալու։

Ա ԾԵՐՈՒՆԻ․ (ծնկան վրա գալով) Գթություն, տե՛ր, մենք անմեղ ենք, այդ գիտես դու, գիտե և աստված։

Բ ԾԵՐՈՒՆԻ․ (ծնկան գալով) Խնայի՛ր մեզ, տե՛ր, դու ամենազոր ես, իսկ մենք՝ անպաշտպան։
ԲՈՒՐԱ․ (բարկությամբ) Լռեցե՛ք, թշվառականներ։ (Դահիճներին)։ Դահիճնե՛ր, ձեր գործը տեսեք։


ՏԵՍԻԼ Ե
Առաջիններ և Ռուզան


ՌՈՒԶԱՆ․ (շտապով և շնչասպառ բեմը մտնելով և ձեռքը դեպի դահիճները պարզելով ճչում է) Ա՛հ, ոչ, սպասեցեք… (Բոլորը ցնցվում են)։
ԲՈՒՐԱ․ (դահիճներին) Սպասեցե՛ք։
ՀԱՄՏՈՒՆ․ (առանձին) Ա՛հ, Ռուզանը․․․ բախտիս անիվը դարձավ․․․
Ա ԾԵՐՈՒՆԻ․ Իշխանուհի, Ռուզան, դու այստե՛ղ․․․
ԲՈՒՐԱ․ (զարմացած) Ռուզա՛ն․․․
ՋՈԼԱ․ (Համտունին՝ հետաքրքրությամբ) Ո՛վ է այս կինը։
ՀԱՄՏՈՒՆ․ (հուզված) Նա է․․․
ՋՈԼԱ․ Բայց ո՛վ։ (Հարցական հայացքով նայում է կես՝ Համտունին և կես՝ Ռուզանին)։
ՌՈՒԶԱՆ․ (առաջ գալով) Հասան-Ջալալի աղջիկ Ռուզանը։
ՋՈԼԱ․ (զարմացած) Հասան-Ջալալի աղջի՛կը․․․
ՌՈՒԶԱՆ․ Այո, նույն ինքը։ (Դառնալով Բուրային)։ Չարմաղան մեծ զորապետի որդի Բուրան դու լինելու ես, անշուշտ։
ԲՈՒՐԱ․ (համեստությամբ) Այո, քո բարեկամը։
ՌՈՒԶԱՆ․ Գուցե այս րոպեին, բայց ոչ առաջ։
ՋՈԼԱ․ (Համտունին) Այս կինը կախարդելու է եղբորորդուս։
ՌՈՒԶԱՆ․ (Բուրային) Դու պատգամավոր էիր ուղարկել հորս մոտ և պահանջել ինձ՝ քեզ կնության, հակառակ դեպքում պիտի կոտորեիր այս անմեղներին։

ԲՈՒՐԱ. Այո՛, իշխանուհի։

ՌՈՒԶԱՆ. Երկու օր առաջ սկսված էր իմ հարսանիքը: Ես պիտի ամուսնանայի այն երիտասարդ իշխանազնի հետ, որին երկար ժամանակից ի վեր սիրում եմ։ Բայց ձեր անակնկալ հարձակումը մեր ուրախությունը փոխեց տխրության...
ԲՈՒՐԱ. (ցույց տալով Համտունին) Այս իշխանը կարող է վկայել, որ ես ցավել եմ դրա համար։
ՌՈՒԶԱՆ․ Շնորհակալ եմ... Այդ ցավը, սակայն չէ արգելել քեզ պահանջել իմ հորից' ուղարկել յուր դուստրը քեզ կնության։
ԲՈՒՐԱ. Քո գեղեցկության գովեստն, որ այս իշխանն արավ, քեզ դարձրեց իմ սրտին կարի տենչալի։
ՌՈՒԶԱՆ. Սակայն քո պատգամը մեր ամրոցը լցրեց վշտով։
ԲՈՒՐԱ․ Ինշո՞ւ, իշխանուհի, Չարմաղանի որդին մի բանով ավելի արժե, քան ա՛յն իշխանազնը, որին քեզ հայրդ պիտի տար։
ՌՈՒԶԱՆ. Չարմաղանի որդին շատ ավելի արժե... Բայց այդ չէ խնդիրը... Մենք գարշում ենք ձեզանից ոչ թե նրա համար, որ դուք այլակրոն, կամ, ըստ մեզ՝ անհավատ եք, այլ, որովհետև ձեր սուրն ու ձեռքերը պղծվում են շարունակ անմեղների արյունով. որովհետև դուք ձեր հացը զանգում եք թշվառների արտասուքով։ Այնտեղ, ուր կոխում է ձեր ոտքը, սփռում է ավեր և ապականություն, ահա՛ այս ամենի համար մենք ատում ենք ձեզ։
ՋՈԼԱ. (անհանգիստ շարժումներով) Եղբորորդիս կամ գժվել, կամ անզգայացել է։
ԲՈՒՐԱ. Լռի՛ր և լսիր, ծերո՛ւկ։
ՌՈՒԶԱՆ. Եվ այսպես՝ եթե իմ հայրը մերժեց քո առաջարկությունր, նա իրավունք ուներ, որովհետև ոչ մի ծնող չի հոժարիլ յուր դուստրը կնության տալ ա՛յն ազգի որդուն, որին ինքն ատում և որից գարշում է, սակայն ես, որ պաշտելու չափ սիրում եմ իմ փեսային և կյանքն առանց նրան համարում եմ դժոխք, այնուամենայնիվ, երբ իմացա թե՝ հորս մերժումը պիտի գրգռե ձեզ՝ այս անմեղները կոտորելու, և թե մերայինները չի պիտի կարենան ժամանակին այս մարդազոհն արգելել, գաղտուկ փախա մեր ամրոցից և միայնակ եկա այստեղ, որպեսզի արգելք լինիմ այն կոտորածին, որ իմ պատճառով պիտի լիներ։ (Դեմքը Բուրայից կիսադարձ պարզում է ձեռը նրան): Ահա քեզ իմ ձեռը:

ԲՈԻՐԱ. (Ռուզանի ձեռը ազնվաբար բռնելով) Իշխանուհի, դու ինձ հիացրիր ոչ միայն քո գեղեցկությամբ, որ երկնային է, այլև այն անձնվիրությամբ, որ ցույց տվիր դեպի թշվառ ազգակիցներդ։ Քո խոսքերը թեպետ ծանր էին ու դառն, բայց որովհետև ճշմարտություններ էին, ուստի ես լսեցի ոչ առանց հաճության։ Եվ ես քեզ անշուշտ կվերադարձնեի քո հոր գիրկը, եթե քեզ գտնեի պակաս արժանավոր։ Բայց, ինչո՞ւ թաքցնեմ, այժմ արդեն քեզանից զրկվիլը ինձ համար կլինի մեծագույն կորուստ։ Ուստի, որպեսզի դու չգարշես ինձանից՝ ես կսովորեմ այսուհետև հարգել քո կրոնը, որ կարողանում է այդքան արժանիքներ ծնեցնել մի աղջկա մեջ. ես կսիրեմ նաև ա՛յն ազգն ու ժողովուրդը, որ ծնում ու կրթում է քեզ պես զավակներ։ Իսկ քեզ կտանեմ թաթարաց երկիրն՝ այնտեղի մեծագույն զարդը դարձնելու համար:

ՌՈՒԶԱՆ. Դրա համար քեզանից խնդրելիք ունիմ։
ԲՈԻՐԱ. Իմ բոլոր իշխանությունս տալիս եմ քո ձեռքը. հրամայիր, ինչ կամենում ես։
ՌՈԻԶԱՆ. Ես խնդրում եմ քեզանից նախ՝ այս կապյալների և իմ հոր իշխանության մշտական ազատությունը և ապա (դառնալով դեպի Համտուն և հանդիսաբար նրան մատնացույց անելով) այս դավաճանի գլխատումը։
ԲՈԻՐԱ. (դեպի դահիճներն ու զորականները) Արձակեցե՛ք բոլոր կապյալներին և թողե՛ք նրանց։ (Ռուզանին): Իսկ քո հորը, տիրուհի, հենց այս վայրկյանից ազատ եմ հայտարարում յուր բացարձակ իշխանության մեջ։ Ինչ վերաբերում է այս իշխանին (ցույց տալով Համտունի վրա), որին ես երբեք չհարգեցի, սա կգլխատվի մի քանի րոպեից։ (Դառնալով դահճապետին): Դահճապետ, այս ապիրատի գլուխը մի ժամից կուղարկես Ջալալ իշխանին:

ԴԱՀՃԱՊԵՏ. (մոտենալով Համտունին և ձեռքը նրա ուսին զարկելով) Գնանք, բարեկամ, իմ գործն էլ թեթևացավ։ (Դուրս է տանում նրան):

Ա ԾԵՐՈԻՆԻ. (ծնկաչոք դեպի Ռուզանը) Ազնիվ իշխանուհի, մենք պատրաստ էինք քեզ համար զոհվելու, իսկ դու այս ի՞նչ արիր... (ծերունուն ձայնակցում են բոլոր կապյալներն իրենց օրհնություններով):
ՌՈԻԶԱՆ. Ինչ որ ես արի, նույնը սովորեցրեք ձեր զավակներին անել, և ձեր հայրենիքը կազատվի ցավերից:


Վարագույր


ՎԵՐՋԱԲԱՆ


Տեսարանը ներկայացնում է մի կանաչազարդ հովիտ, ուր բանակած են թաթարները: Բեմի աջ կողմը Բուրայի իշխանական վրանն է՝ կազմված մի քանի բաժանմունքներից, որոնց առաջինը ներկայացնում է կանանոցը՝ զարդարված կերպասյա, փնջազարդ վարագույրներով: Վրանի մեջ դրված է զեղեցիկ զահավորակ՝ մետաքսյա օթոցով և թավշյա բարձերով: Նրա վրա կռթնած է Ռուզանը, առջևն ունենալով բոլորշի փղոսկրազարդ սեղանիկ, որի վրա դրված է արծաթյա հուրան՝ ոսկյա գավաթի հետ:


ՏԵՍԻԼ Ա
Բուրա և Ռուզան


ԲՈՒՐԱ. Ո՛վ իմ գեղանի, բոլոր ցանկություններդ արդեն կատարվեցան. քո հորն ու ժողովրդյան ես տվի ազատություն և ատելի Համտունին պատժեցի չարաչար։ Այնուհետև ցանկացար, որ իմ զորքերը հանեմ քո հոր իշխանության սահմաններից, որպեսզի նրա երկրում տիրե ապահովություն. այս վերջին ցանկությունն էլ, ահա, կատարեցի։ Այժմ մենք հեռի ենք Խաչենի հովիտներից և քո հայրենական լեռների միայն կատարներն ենք տեսնում։ Արդ, հասել է ժամը, որ դու խոստումդ կատարելով՝ երջանկացնես ինձ։ Օ՛ն ուրեմն, վանի՛ր թախիծը քո դեմքից և լուսալիր աչերդ արցունքներից ազատիր։ Թո՛ղ հրճվանքի արևը սիրուն ճակատդ ոսկեզօծե և շուրթերիդ վրա՝ սիրո ժպիտը խաղա։ Թո՛ղ, որ ես մոտենամ քեզ. ո՛վ հավերժահարս, և սիրավառ կուրծքիս վրա այդ սիրուն գլուխդ հանգչեցնեմ։

ՌՈԻԶԱՆ. Քո շնորհը դեպի ինձ` մեծ է, ո՛վ իշխան, բայց տու՛ր ինձ, խնդրում եմ, մի փոքր ժամանակ։

ԲՈԻՐԱ. (զարմացած և դժգոհ) Դարձյա՞լ Ժամանակ. այս քանի՞երորդ անգամ։
ՌՈՒԶԱՆ. Ոչ ավելի, քան մի ժամ... Ես կամենում եմ քո հաճույքը կատարելուց առաջ՝ վերջին անգամ աղոթել և, դրա հետ միասին, կատարել մի սուրբ պարտք, որ ծանրանում է այժմ իմ խղճի վրա։
ԲՈԻՐԱ. Գիտցի՛ր, ո՛վ Ռուզան, դու միակ կինն ես, որին ես այսքան զիջումներ եմ անում։ Իմ հարեմի գեղեցկուհիների ամենից համառն անձնատուր է եղել ինձ մեր միայնության առաջին ժամում։ Բայց քո ձայնն ու հայացքը հաղթահարում են ինձ, ուստի չեմ կամենում, որ առանց քո ցանկության, նույնիսկ, շունչս մոտենա քեզ։ Ուրեմն ես նորեն տալիս եմ քեզ, ահա՛, մի ժամ ժամանակ։ Բայց գիտցի՛ր, որ դա կլինի վերջինը։ Այդ ժամն անցնելուց ետ' դու պիտի երջանկացներս ինձ քո սիրաշունչ համբույրներով։ (Դուրս է գնում):
ՌՈԻԶԱՆ. (աչքերը խոնարհած) Թող այդպես լինի, տե՛ր...


ՏԵՍԻԼ Բ
Ռուզան (միայնակ)


Ահա՛, հասավ ժամը՝ վերջին պարտքը կատարելու, կյանքին և աշխարհին վերջին բարևը տալու... Օ՜հ, ուրեմն, սի՛րտ իմ, զորացի՛ր և գործի՛ր, պարտքերից ծանրագույնը կատարի՛ր քաջությամբ։ Այն խաչը, որ մինչև այստեղ հոժարամիտ կրեցիր, այժմ պիտի փառավորես քո կյանքի գնով... Թո՛ղ երկյուղն ապշե՝ արիությունդ տեսնելով․ թող մահն ամոթից կարմրի քո առաջ... (հանում է մատանին և գոհարը բարձրացնելով` նայում Է տակը պահված թույնին)։

Դո՛ւ, որ այդքան փոքր ես և, սակայն, ահավոր զորություն ունիս քո մեջ. դո՛ւ, որ եղծանում ես արարչի հրաշակերտը` նրա երակների արյունը սառեցնելով և զգացմունքների անոթը փշրելով, անշուշտ, ստեղծված ես ո՛չ միշտ չարիքներ ծնանելու համար, և ո՛վ դիմում Է քո օգնությանը` չէ՛ միշտ հանցավոր և անիծապարտ... Երբ բախտի չար կամքով դառնանում է սրտի անուշ քաղցրությունը, երբ բռնության շնորհիվ սիրո արքայությունը փոխվում է դժոխքի, երբ ապականությունը զորանալով` սպառնում է առաքինությանը նախատական կորուստ, այն ժամանակ դու, ո՛վ մահաբեր թույն, դառնում ես տենչալի և արդա՛ր հոգվույն. և եթե նրան բաժանում ես մարմնից և սատար լինում երկինք վերանալու, դրանով արդեն գործում ես բարիք՝ ազատելով հոգին մեղսածին կապերից: (Մատանին խրում Է ոսկյա գավաթի մեջ) օ՛ն, ուրեմն, իջի՛ր հատակն այս ջրի, որ հոսել Է իմ երկրի կուսական լեռներից. հաղորդի՛ր սրան քո բոլոր զորությունը, թունավորի՛ր սրա վերջին կաթիլը, որպեսզի սա սրտիս բերե հավիտենական քուն և փրկե հոգիս սիրատանջ վշտերից.... (տեղից բարձրանալով՝ նայում է հեռուն): Այժմ մնաք բարով, հայրենի լեռնե՛ր, հայրենի երկի՛նք, հայրենի արև, ձեզ վրա նայում եմ ես վերջին անգամ և ձեզ նվիրում իմ ետին շունչը, իմ օրհնությունը... Մնաս բարով և դու, հայո՛ց ժողովուրդ, քեզ սիրեցի ես կաթոգին սիրով և քո փրկության սեղանի վրա (բարձացնում է թունալից գավաթը) դնում եմ, ահա՛, իմ ողջակեզը... Ընդունի՛ր այս զոհը և աղոթի՛ր աստծուն, որ սա լինի վերջինը այն անբավ զոհերի, որ քո որդիքը բերին քեզ կամակար... (խմում է թույնը և վրանի վարագույրը քաշելով՝ մտնում է նրա խորքը):


ՏԵՍԻԼ Գ
Գուժկան, զինվորներ, Ջոլա և Բուրա


ԳՈՒԺԿԱՆ. (աղմուկով ներս վազելով) Օ՜ն, ի զե՜ն, եղբա՛յրք, թշնամին հասնում է։
ԶԻՆՎՈՐՆԵՐ. (շրջապատելով գուժկանին) Ովքե՞ր են, ո՞ր կողմից...
ԳՈՒԺԿԱՆ. Հայերը, հայերը, ահա՛ մեր ետևում։
ՋՈԼԱ. (դուրս վազելով վրանից) Ի՞նչ աղմուկ է այս։
ԲՈԻՐԱ. (դուրս գալով մյուս վրանից) Ո՞վ է համարձակվում մեր հանգիստը վրդովել։
ԳՈՒԺԿԱՆ. Տեր իմ, հայերը վրա հասան հանկարծ, մեր վերջապահները կռվի բռնվեցան, բայց չկարողանալով դիմադրել նրանց, կիսով չափ ջարդվեցան և փախուստ
դարձան։
ԲՈՒՐԱ. (վրդովված) Իսկ մեր հեծելազո՞րը...
ԳՈՒԺԿԱՆ. Պատահեց թշնամուն այս հովտի բերանում և կռվում է նրա հետ։
ՋՈԼԱ. (կատաղաբար) Անիծյալնե՜ր, դավաճաննե՜ր, մինչև այդտեղ հանդգնեցա՞ն...
ԲՈԻՐԱ. (դեպի զորականը) Ազդարարնե՛ր, նշան տվեք, թող ամենքը զենքի դիմեն։ (Թմբուկները զարկում, շեփորները հնչում են. ամենքը շտապով դիմում են զենքի):
ՋՈԼԱ. (Բուրային) Ես գիտեի, որ վաղ թե ուշ այս չարիքը պիտի հասներ։
ԲՈՒՐԱ. Հորեղբայր, չարիք սերմ անողը՝ չարիք էլ հնձում է։
ՋՈԼԱ. Բայց դու բարիք արիր այդ անիծյալ հայերին, էլ ուրիշ ի՞նչ են ուզում։
ԲՈՒՐԱ. Եկել են, անշուշտ մեր գողոնը խլելու:
ՋՈԼԱ. Ի՞նչ գողոն, տղա՛ս, Ջալալի գանձերը հո չառի՞նք:
ԲՈՒՐԱ. Գանձերից թանկագինը գտնվում է մեր վրանում... բայց խոսելու ժամանակ չէ. աճապարենք գործել (թիկնապաններին): Հապա քաջեր․ իմ նժույգը։ (Թիկնապահներն շտապում են նժույգներ բերել):
ՋՈԼԱ. Եվ ի՛մը շուտով:


ՏԵՍԻԼ Դ
Ներս են վազում մի խումբ փախստյաներ


ԲՈԻՐԱ. Այս ի՞նչ է, փախստյանե՞ր․․․
ՄԻ ՓԱԽՍՏՅԱ. Տեր֊Նուին, հայերը սաստիկ թափով մեզ ցրվեցին։
ԲՈԻՐԱ. (զայրացած) Թշվառականներ, դուք համարձակվում եք փախչել, երբ մենք դեռ նոր ենք սուրը մերկացնում։
ՓԱԽՍՏՅԱ. Տեր իմ, անկարելի է դիմադրել։
ԲՈԻՐԱ. Քաշի՛ր լեզուդ, կնամա՛րդ, (մյուսներին և զորականին), օ՜ն, ամենքդ հառա՜ջ (սուրը հանելով դիմում է բեմի խորքը):
ՋՈԼԱ. Հառաջ, օ՜ն հառաջ... (հետևում է Բուրային):
(Զորքերը գոռալով հետևում են նրանց):


ՏԵՍԻԼ Ե


Բեմից դուրս սկսում է ընդհարումն, շփոթ, աղաղակ, զենքերի շաչյուն, իրար ետևից մտնում են բեմը թաթար փախստյաներ, որոնք խմբակներով փախչում են այս ու այն կողմը: Ապա երևում են հայոց ու թաթարաց ախոյաններ, որոնք մենամարտելով՝ մտնում են բեմը, ուր ոմանք ընկնում, և ոմանք փախուստ են տալիս: Սրանց հետևում են ուրիշ ախոյաններ, որոնք նույն ձևով կռվելով անցնում են բեմից: Լսվում են մոտեցող թմբուկների ու փողերի ձայներ, հաղթական աղաղակներ: Ներս են մտնում հայոց իշխանները' Ջալալ, Զաքարե, Ներսեհ, Սմբատ, Ումեկ, իրենց թիկնասյաններով. նրանց հետևում են զորախմբերը:
ՋԱԼԱԼ. (Ներսեհին) Հապա, իմ քաջ, առաջ անցիր, Ռուզանս գտի՛ր։
ՆԵՐՍԵՀ. (դիմելով դեպի աոաջին պատահած վրանը) Այս վրանը դատարկ է։
ՋԱԼԱԼ. (ցույց աալով կանանոցը) Ահա' կանանոցը, այստե՛ղ որոնիր։
ՆԵՐՍԵՀ. (կանանոցի վարագույրը քաշելով) Ահա այստեղ է մեր սիրո հրեշտակը (մոտենալով Ռուզանին) Ողջույն քեզ, պաշտելիգ իմ:

ՋԱԼԱԼ. (ներս վազելով) Այստե՜ղ է Ռուզանս. (փարվելով աղջկանը). ո՛վ իմ անգին զավակ:

ՌՈՒԶԱՆ. (դժվարությամբ բարձրանալով գահավորակի վրա) Ներսեհ... հայր իմ... դուք այստե՞ղ... Ո՛վ ամենազոթ աստվա՜ծ..․
ՋԱԼԱԼ. (անհանգստությամբ) Այս ի՞նչ է, դու հիվանդ ես, սիրեցյա՜լ զավակս։
ՆԵՐՍԵՀ. Գուցե մի չարի՞ք հասավ քեզ...
ՌՈՒԶԱՆ. Օ՜, ոչինչ. այս շուտով կանցնի... Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս ուրախ եմ․ ուրեմն դուք այստե՛ղ, իմ շուրջն եք... և այս երազ չէ, սիրեցյալ հա՛յր, սիրելի հորեղբա՛յր, և դու Ներսե՛հ, և դո՞ւք իշխաններ, ողջույն ձեզ. о՜, որքան երջանիկ եմ, որ նորեն տեսնում եմ ձեզ... դե՛հ, պատմեցեք այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հասաք այստեղ...
ՋԱԼԱԼ. Աստուծո օգնությամբ, սիրելի զավակս։
ՌՈՒԶԱՆ. Բայց պատմեցեք, ես ուզում եմ լսել։
ՆԵՐՍԵՀ. Հենց որ թշնամին ամրոցի մոտից հեռացավ, մենք դուրս եկանք բերդից մեր սակավաթիվ զորքերով: Հիսնապետներին ցրեցինք գյուղերը զորաժողով անելու, իսկ մենք քայլ առ քայլ հետևեցինք թշնամուն։ Երկու օրվա ընթացքում մեր շուրջը ժողովեցան հինգ հազար քաջեր, որոնց հետ միասին և հարձակվեցանք թշնամու վրա։ Թաթարաց գնդերը չվում էին զաա-զատ. մի քանի կետերում մենք նրանց ջարդեցինք, իսկ մի քանիսում՝ փախուստ դարձրինք։ Վերջին դիմադրությունը եղավ (զույգ տալով) այս հովտում, ուր մեռնողների թվում դժոխք ուղարկեցինք ծերուկ Ջոլային։ Բայց Բուրա-Նուինը փախչողների հետ ազատվեց։
ՌՈՒԶԱՆ. Օրհնյա՜լ է աստված... իսկ մեր քաջերից մի՞թե շատերն ընկան։
ՆԵՐՍԵՀ. Հազիվ մի երկու տասնյակ զինվոր...
ՌՈՒԶԱՆ. Իսկ իշխաննե՞րը՝ բոլորը ողջ են։
ՍՄԲԱՏ. Միայն Պապաքը զոհ գնաց յուր անխոհեմության։ Նա կամեցել էր դասալիք լինել, ուստի և զինվորներից նետահար եղավ։

ՌՈՒԶԱՆ. (դժվարաշունչ) Ուրեմն աստուծո աջը օգնության է հասել ձեզ... օրհնվի նրա անունը հավիտյա՜նս հավիտևնից...

ՋԱԼԱԼ. (անհանգստությամբ) Բայց քեզ ի՞նչ է պատահում, զավակս, դու հետզհետե նվազո՞ւմ ես..․
ԶԱՔԱՐԵ. Ի՞նչ չարիք է հասել քեզ, Ռուզան, խոսի՛ր հայտնապես։
ՆԵՐՍԵՀ. Խոսի՛ր Ռուզան, քո դեմքի դալուկը սարսափեցնում է ինձ։
ՍՄԲԱՏ. Միգուցե ապիրատի մեկը հարվածեց քեզ շփոթի ժմանանակ։
ՌՈՒԶԱՆ. Ես, այո՛, հարված ստացա, բայց ոչ ուրիշի, այլ իմ ձեռքից...
ՋԱԼԱԼ. Քո ձեռքի՞ց... Դու, ուրեմն, վիրավորեցի՞ր քեզ։
ՌՈՒԶԱՆ. Ես թունավորեցի ինձ...
ՋԱԼԱԼ. (սարսափահար) Դո՞ւ... թու...նավորեցի՞ր քեզ,... ով անբախտ զավակ...
ՆԵՐՍԵՀ. (հուսահատաբար) Ո՜վ զարհուրելի գույժ, ինչո՞ւ երկինքը չէ փլչում մեր գլխին...
ՌՈՒԶԱՆ. Մի՛ տխրիք և մի հուսահատիք... ես երջանիկ եմ, որ պիտի մեռնեմ ձեր գրկերում...
ՋԱԼԱԼ. (վշտահար) Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ կամեցար մեռնել... մի՜թե բավական չէր քո փախուստը...
ՌՈԻԶԱՆ. Օ՜, հայր իմ, մի՛ կշտամբիր ինձ... եթե ես չփախչեի, եթե ես չզոհեի ինձ, թշնամին չէր հեռանալ քո բերդի ստորոտից...
ԶԱՔԱՐԵ. (տխրահռչակ) Եվ մենք չէինք կարող զորաժողով անել և երկրի փրկությունը սրով ձեռք բերել։
ՍՄԲԱՏ. (առանձին) Ճշմարիտ է ասում, սա ինքն է մեր փրկիչը...
ՆԵՐՍԵՀ. (հուզված) Բայց մեզ փրկելուց ետ ինչո՞ւ կամեցար մեռնել.․․

ՌՈՒԶԱՆ. (նվազաձայն) Որպեսզի թշնամու ձեռը չփարեր քո հարսնացուին...

ՋԱԼԱԼ. Մի՞թե չգիտեիր, որ քո հայրը չէր թողիլ քեզ նրա ճանկերում:
ՌՈՒԶԱՆ. Գիտեի․ բայց չուզեցի որ թշնամին ճանաչեր ինձ իբրև գործիք դավադրության.․. Կամեցա, որ աշխարհն իմանա թե` հայ աղջիկը կարող է զոհվել, բայց երբեք խաբել...
ՋԱԼԱԼ. (լալագին) Ո՛վ իմ աննման զավակ...
ՈՒՄԵԿ. (իշխաններին) Բայց ո՞վ մատակարարեց սրան թույնը։
ՌՈՒԶԱՆ. Մի բարի հոգի...
ՍՄԲԱՏ. Ահա՛ այս գավաթի մեջ է մեզ ամենքին հայտնի Թենիի մատանին։
ՆԵՐՍԵՀ. (վեր թռչելով) Թենիի մատանի՞ն... (մոտենում է դիտելու):
ՋԱԼԱԼ. (զարհուրագին) Թենիի մատանի՞ն... Օ՜, որդեսպան (Ռուզանին). ուրեմն այդ պառա՞վը մատակարարեց քեզ թույնը...
(Ամենը սարսափի բացականչություններ են անում):
ՌՈՒԶԱՆ. Նա մի բարի գործ կատարեց. ների՛ր նրան, հայր իմ...
ՋԱԼԱԼ. (զայրագին) Ներել նրան, օ՜, ոչ. միակ և առաջին արյունը, որ պիտի թափվի իմ ամրոցում կլինի այդ ժանտ պառավի արյունը...
ՌՈՒԶԱՆ. (վերջին շնչում) Ների՛ր նրան, հայր իմ, քեզ խնդրում է զավակդ յուր վերջին շնչում...
ՋԱԼԱԼ. Բայց նա...
ՌՈՒԶԱՆ. (ընդհատելով) Այո՛, Թենին կին է, կնոջ միշտ պետք է ներել...
ՋԱԼԱԼ. (արտասվագին) Իսկ դու, զավակս, դու արդեն թողնում ես մեզ...
ՌՈՒԶԱՆ. (վերջին շնչում) Թողնում եմ... այո՛, բայց հանգիստ և ուրախ... հավիտյան ձեզ օրհնելով... մնացեք բարով, հայր իմ... և դու Ներսեհ... և դուք, իշխաններ... տարեք իմ ողջույնը տարաբախտ մորս... աղաչեցեք, որ ներե ինձ և աղոթե ինձ համար... (հետզհետե նվազելով՝ ընկնում է գահավորակի վրա):

ՋԱԼԱԼ. (հեկեկալով և Ռուզանին գրկելով) Ո՛վ իմ աննման, ո՞ւր թողեցիր ինձ...

ՆԵՐՍԵՀ. (ծնկան գալով գահավորակի աոաջ) Ռուզան, Ռուզան...
ԲՈԼՈՐԸ. (հեկեկում են):


Վարագույր

ՎԵՐՋ

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռուզան"

Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано

Без названия
Без названия
Играть онлайн