Мурацан
Ռուզան
Արարված երրորդ
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Տեսարանը ներկայացնում է Խոխանաբերդ ամրոցի տակ՝ մի հովտաձև դաշաավայր՝ մի կողմից բարձրացած բլրակով, որի ստորոտում զարկած է զորապետի շքեղ ու ընդարձակ խորանը: Նրա մեջ նստած են Ջոլա և Բուրանուին, ետևները կանգնած ունենալով մի-մի սպառազինյալ թիկնապահ: Խորանի հատակը ծածկված է գորգով, որի վրա ձգված են մի քանի թավշյա օթոցներ: Դրանցից մինի վրա չոքած է Համտունը: Զորապետի խորանից հեռու, դաշտավայրի երկարությամբ, զարկած են զորքերի բազմաթիվ վրաններ, որոնց մոտերքը անցուդարձ են անում զինվորներ:
ՏԵՍԻԼ Ա.
Ջոլա, Բուրտ-Նուին, Համտուն, երկու թիկնապահ
ՋՈԼԱ․ (Համտանին) Այո՛։ Ջալալ-Տոլան այս անգամ արդեն գործել է այնպիսի հանդգնություն, որը մենք նրան չի պիտի ներենք։ Համարձակվել թաթարաց զորքերը ջարդե՞լ, այն զորքերը, որոնք իմ եղբոր՝ Չարմաղանի ամենաընտիր գնդերն էին կազմո՜ւմ, այդ աններելի է հավիտյան։
ԲՈՒՐԱ․ Եվ հանդգնել մեր գնդապետներին բանտարկել յուր ամրոցո՞ւմ։
ՋՈԼԱ․ Արդյոք ձեր լեռներում ի՞նչ էին մտածում մեր մասին։ Մի՞թե կարծում էին թե՝ թաթարաց ուժը սպառվել, կամ նրանց սուրը հողի մե՜ջ է թաղվել։
ՀԱՄՏՈԻՆ․ Ո′չ այս և ո՛չ այն, պայծառափայլ տեր։ Մեր լեռներում բոլորն էլ գիտեն, որ թաթարաց ուժը անսպառ է, և նրան սուրը՝ միշտ փայլուն և հատու։ Միայն իշխաններն են, որոնք երբեմն թեթև հաջողություններից շլանալով՝ մոռանում են պարտ ու պատշաճ հարգանքը տալու թե՛ հզոր իշխաններիդ (զլուխր խոնարհելով) և թե մեծ խանին։ Եվ եթե այդ իշխանների մեջ գտնվում են այնպիսիներն, որոնք ձեր մեծությանց զորությունը ճանաչելով՝ ծառայում են խանին հավատարմությամբ, դրանք էլ, դժբախտաբար, ծաղրի են ենթարկվում ստահակ իշխանների կողմից։
ՋՈԼԱ․ Այդպիսի ջերմեռանդ և մեզ հավատարիմ իշխաններից մինը դու ես, հավատացած եմ։
ՀԱՄՏՈՒՆ․ (խոնարհությամբ) Մինչև այսօր իմ պարտքից ավելի ոչինչ չեմ արել։
ՋՈԼԱ․ Մեզ էլ հենց այդ է հարկավոր։ Ով որ ճանաչում է յուր պարտքը, նա էլ վայելում է իրավունքներ։ Մենք, իհարկե, չենք թողիլ, որ քեզ նման հավատարիմները ճնշվին ստահակներից։ Մենք քեզ ոչ միայն կպաշտպանենք, այլև կհասցնենք բարձր աստիճանի։ Քո հավատարմությունը մեզ հայտնի եղավ ա′յն ժամանակ, երբ սուրհանդակդ հասնելով Սևան' գուժեց եղբորս' մեծ զորապետ Չարմաղանին յուր գունդերի ջարդվիլը։ Մենք իսկույն առինք մեր զորքերը և մտինք Արցախ։ Տիրելով Ջալալի մի քանի գավառներին, այսօր ահա գտնվում ենք նրա ամրոցի առաջ։ Այսուհետև արդեն դու պետք է մեզ առաջնորդես։ Եթե քո խորհուրդը կօգնե մեզ՝ Ջալալի բերդն առնելու, այն ժամանակ ես նրանից կխլեմ Աղվանից բոլոր իշխանությունը և կհանձնեմ քեզ։ Եվ որպեսզի դու այլևս հակառակորդ չունենաս, ես կգերեմ ինձ հետ այն բոլոր իշխաններին, որոնց ցույց կտաս։
ՀԱՄՏՈՒՆ․ Պատրաստ եմ ծառայելու մեծափառ խանին։
ՋՈԼԱ․ Առավոտվանից արդեն մեր զորքերը պաշարել են Խոխանաբերդը և մի քանի անգամ էլ հարձակվել են նրա մատչելի կողմերի վրա։ Բայց, ինչպես տեսնում եմ, ներսի դիմադրությունը բավական զորեղ է։ Ասա՛ ինձ, որքա՞ն զորք ունի Ջալալն յուր ամրոցում։
ՀԱՄՏՈՒՆ․ Հինգ հարյուր զինվորից ավելի չկա, բայց այդ Էլ մեծ ուժ է, քանի որ նրանց կառավարում են փորձառու և ընտիր զորապետներ։
ՋՈԼԱ. Այսինքն ովքե՞ր։
ՀԱՄՏՈՒն. Առաջին՝ իշխան Հասան-Ջալալը, որ հուսաբեկ զինվորին իսկ հոգի է ներշնչում։ Երկրորդ՝ նրա եղբայր ծերունի Զաքարեն, որի մազերը սպիտակել են պատերազմների մեջ, և երբեք չի հաղթվում ա՛յն գունդը, որին նա առաջնորդում է։ Երրորդ՝ Գուգարաց Սմբատ իշխանը, ոո լեռնականների ահ ու սարսափն է։ Չորրորդ՝ Ձորոգետի Ներսեհ իշխանը, որ նշանավոր է յուր միշտ աներկյուղ, և նամանավանդ հանդուգն քաջությամբ, և հենց այս վերջինն էր, որ ձեր գունդերը ջարդեց Մռավի մոտ։
ԲՈՒՐԱ. Եվ մենք, ուրեմն, այդ վերջինին գլխատման կարժանացնենք, իսկ մնացյալները գերի վարվելով՝ կարող են մեզ ծառայել Սմրղանդի բաղնիքներում։
ՋՈԼԱ. Բայց ինչո՞ւ այդ իշխանները հենց այս միջոցին հավաքվել են այդտեղ։ Մի՞թե Ջալալը մեր գալուստը գիտեր։
ՀԱՄՏՈՒՆ. Ո՛չ, տեր իմ. նրանցից մի երկուսն յուր ազգակիցներն են, որոնք գրեթե միշտ գտնվում են իշխանի հետ, մյուսները հրավիրված են, որովհետև իշխանը հարսանիք ուներ։
ՋՈԼԱ. Հարսանի՞ք։
ՀԱՄՏՈՒՆ. Այո՛։
ԶՈԼԱ. Որդի՞ն է ամուսնացնում։
ՀԱՄՏՈՒՆ. Ո՛չ, տեր իմ. որդիքն անչափահաս են. նա ամուսնացնում է դուստրը։
ՋՈԼԱ․ Ո՞ւմ հետ։
ՀԱՄՏՈՒՆ. Ձորագետի Ներսեհ իշխանի, որի համար ասացի թե՝ ձեր բանակը ջարդողն էր։ Նա Ջալալի աղջիկն առնում է իբր մրցանակ յուր հաղթության։
ՋՈԼԱ.․ Մի՞թե, ուրեմն մենք նրա համար ավելի լավ հարսանիք կանենք, քան կարող էր անել Հասան-Ջալալը։
ԲՈՒՐԱ․ (խղճահարվելով) Բայց ինչ որ էլ լինի, հորեղբայր, պետք է խոստովանել որ մեր արշավանքը վատ ժամանակ պատահեց։ Ես, գոնե, չէի կամենալ այսքան անգթաբար խանգարել մի ուրախություն։ Ես խղճում եմ Ջալալին։
ՋՈԼԱ․ Քեզ պես երիտասարդին բնական է խղճահարվիլը, բայց երբ իմ հասակը կառնես, այն ժամանակ կցանկանաս ավելի արդարությամբ պատժել՝ քան թուլությամբ խղճահարվիլ։
ՀԱՄՏՈՒՆ․ Ճիշտ ես հրամայում, տեր, որովհետև Ջալալը նույնպես կարող էր խղճալ ձեր զորքերին և չկոտորել տալ նրանց, բայց նա հակառակն արավ, համոզված լինելով թե' արդարությամբ պատժում է յուր թշնամիներին։
ՋՈԼԱ․ Կեցցես, իշխան, դու արժանի ես Աղվանից տիրապետը լինելու, և ես այդ պատվին կարժանացնեմ քեզ։ Միայն ասա, իրա՞վ, որ լսածիս չափ մեծ գանձեր ունի ձեր Ջալալ–Տոլան։
ՀԱՄՏՈՒՆ․ Գրեթե այնքան, որքան կարող էր ունենալ մեծափառ խանը։
ՋՈԼԱ․ Ճշմարի՞տ։
ՀԱՄՏՈՒՆ․ Ստել քո մեծության առաջ ինչպե՞ս կհամարձակվիմ։
ՋՈԼԱ․ (ուրախությամբ) Ա՜հ, ուրեմն մենք այս բերդի ստորոտից հեշտությամբ չենք հեռանալ։ Մենք կբանանք Ջալալի սնդուկները և կհրամայենք հենց իրեն' իշխանին, փոխադրել յուր գանձերը մեր լայն քսակները։
ԲՈՒՐԱ․ Հորեղբայր, միթե կարծում ես, թե այդ գանձերի մեջ կարող ես գտնել մի այնպիսի հազվագյուտ բան, որ մեր Թաթարստանը չունենա՞ր։ Չարժե ուրեմն այդքան ուրախանալ այն բանի համար, որից ինքդ շատ ունիս։
ՋՈԼԱ․ Երիտասարդ ես, Բուրա, երիտասարդ։ Երբ ինձ պես վաթսուն տարիքդ կառնես, այն ժամանակ, եթե կենդանի լինեմ, կհարցնեմ․ «Ինչպե՞ս է, որդի քո բարեկամությունը ոսկվո հետ», և դու կպատասխանես՝ «մտերմական է, հորեղբայր»։
ՀԱՄՏՈՒՆ․ (Բուրային) Ջալալի գանձերի մեջ, տեր-Նուին, դուք, արդարև, չեք գտնիլ այնպիսի մի հազվագյուտ բան, որից հարուստ Թաթարստանը չունենար, բայց յուր սնդուկներից դուրս նա ունի մի այնպիսի գանձ, որի նմանը, արդարև, մեծ Թաթարստանը չունի. և արժե, տեր, որ այդ գանձը դո՛ւ ունենաս։
ԶՈԼԱ․ (հետաքրքրությամբ) Ինչպիսի՞ գանձ է այդ։
ՀԱՄՏՈՒՆ․ Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի։
ՋՈԼԱ․ (տեղը հանգստանալով) Ա՜, հասկացա, դատարկ բան է։
ԲՈՒՐԱ․ (լարված հետաքրքրությամբ) Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի՞, և անո՞ւնը...
ՀԱՄՏՈՒՆ․ Ռուզան։
ԲՈՒՐԱ․ Որ դեռ ամուսնացած չէ՞։
ՀԱՄՏՈՒՆ․ Որի հարսանիքն էր այս օրերս, բայց այդ հարսանիքը ձեր գալովը խանգարվեց։
ԲՈՒՐԱ․ Ասացիր, որ շա՞տ է գեղեցիկ։
ՀԱՄՏՈՒՆ․ Ամբողջ Թաթարստանը կնախանձի քեզ, տեր, եթե նրան քո ամուսին տեսնե։
ԲՈՒՐԱ․ (ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի։ Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ։ (Դառնալով դեպի Ջոլան) Հորեղբայր, ի՞նչ կասեիր, եթե ես իմ հոր՝ Չարմաղանի կողմից հրամայեի բերդի պաշարումը վերցնել և Ջալալ իշխանի դուստրը ինձ կնության առնելով՝ բարեկամություն հաստատեի նրա հետ և մեր զորքերը նրա երկրից հանեի։
ՀԱՄՏՈՒՆ․ (ինքն իրեն վախեցած) Ի՞նչ է ասում...
ՋՈԼԱ․ (նեղանալով) Հապա ո՞ւր կմնա քո հոր զորքերի ջարդվելու վրեժը և այս բանակի այսքան ժամանակ հոգնեցնելու արդյունքը։
ՀԱՄՏՈՒՆ․ (Բուրային) Տեր-Նուին, Ռուզանն առանց այն էլ քոնը կլինի, բայց պետք է քո հոր համար Էլ բաժին տանես Ջալալի գանձերից։ Առանց օժիտի աղջիկ չեն առնիլ, այն էլ ամենահարուստ հայ իշխանի աղջիկը։
ԲՈՒՐԱ․ Իրավունք ունիս։ Բայց քանի որ, քո ասելով, այդքան զորություն կա Ջալալի բերդում, ուրեմն ո′չ մեր զորքերը նրա բերդը կառնեն, և ո′չ էլ ես' նրա աղջիկը։
ՀԱՄՏՈՒՆ․ Երկար պաշարումը կստիպե նրանց անձնատուր լինել։
ԲՈՒՐԱ․ Նախ՝ մենք չենք կարող երկար ամիսներով նստել այս բերդի տակ։ Երկրորդ պաշարյալները կարող են համառիլ և սովից մեռնիլ։
ՋՈԼԱ․ Ավելի լավ. թող բոլորը կոտորվին։ Այն ժամանակ մեր զորքերը անաշխատ կառնեն բերդը։
ԲՈԻՐԱ․ Բայց ես չեմ կամենում, որ այն աղջիկը ևս սովից մեռնի ամրոցում։
ՀԱՄՏՈՒՆ․ Ուրեմն, եթե ինձ կլսեք, ես ձեզ կտամ մի խորհուրդ, որով հեշտությամբ ձեր նպատակին կհասնեք։
ՋՈԼԱ․ Ասա′ տեսնեմ։
ՀԱՄՏՈՒՆ․ Հրամայեցեք այս շրջակա հայ գյուղերից հավաքել հազար հոգի, կին թե տղամարդ, աղջիկ թե երիտասարդ, մանուկ թե ծեր։ Դրանց բոլորին ձեռնակապ կանգնեցնել տվեք այս հովտում, որ հանդիպակաց է Ջալալի պալատին։ Հազար կապյալների ետևում թող կանգնեն հազար սուսերամերկ զինվորներ։ Ապա պատգամ ուղարկեցեք հալալին և հայտնեցեք նրան ձեր մեծությանց հրամանը, այն է' հանձնել ձեզ բերդը և յուր դուստրը։ Եթե կհամաձայնի' բարի, եթե ոչ հենց որ պատգամավորը կվերադառնա բացասական պատասխանով, իսկույն կհրամայեք հազար կապյալները կոտորել։ Այս միջոցը դուք գործ կդնեք ամեն օր, մինչև որ կամ Ջալալը, յուր հպատակների կոտորածը դադարեցնելու համար կհանձնե ձեզ բերդը և կամ ներսի իշխանները ապստամբելով՝ ամրոցը կմատնեն ձեզ։
ԲՈՒՐԱ․ Այդ հնարը լավ է, բայց չափազանց անգութ է։
ՀԱՄՏՈԻՆ․ Քո մեծությունը չէ ճանաչում հայի համառությունը։
ՋՈԼԱ․ Անշուշտ, որովհետև այս առաջին անգամն է, որ սա գործ ունի ձեր կամակոր ազգի հետ։
ԲՈԻՐԱ․ Լավ, թող այդպես լինի։
ՋՈԼԱ․ (դառնալով յուր թիկնապահին) Ջափա՛ր, շուտով հասիր մեր պաշարող զորքերին և ասա Գիուգ զորապետին, որ հարձակումը դադրեցնե. ապա թող գյուղերից ժողովել տա հազար հոգի և ամեն բան կարգադրե այնպես, ինչպես իշխանն ասաց։ Դեհ, շուտ։
ՋԱՓԱՐ․ Այս րոպեին, տե՛ր։ (Դուրս է գնում):
ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և մի բարապան
ԲԱՐԱՊԱՆ․ (ներս մտնելով) Պայծառափայլ տյարք, ձեր մեծությանց ներկայանալու համար եկել են Ջալալ իշխանի մարդիկն՝ ընծաներով, կհրամայե՛ք ընդունել և բերել նրանց այստեղ։
ՋՈԼԱ․ Ընդունի՛ր։ (Բարապանը դուրս է գնում) Անշուշտ խաղաղություն խնդրելու համար են եկել։ Բայց ես նրանց և ոչ մի առաջարկությունը պիտի ընդունեմ։ Ինձ հարկավոր է Ջալալի ամրոցն, որ այս երկրի ապստամբության ծննդարանն է, և որն ես հիմնահատակ պիտի անեմ։ Իսկ իշխանի գանձերն առանց յուր բարեհաճ կամացն իսկ մերը կլինին։ Այս բերվածները դեռ կընդունինք իբրև առհավատչյա։
ՀԱՄՏՈԻՆ․ Այո՛ տեր, դուք զրկած կլինիք ձեր բանակը հարուստ ավարից և ձեր քսակներն՝ անգին գանձերից, եթե նրա խաղաղության առաջարկությունն ընդունեք, կամ բավականանաք նրա ղրկած ընծաներով, որոնք, անշուշտ, ոչ այլ ինչ են, եթե ոչ նրա իշխանազն հյուրերի գրպանների թափթփունքը։
ԲՈԻՐԱ․ Իսկ որ ամենից ավելի է, մինչև որ նրա դուստր Ռուզանն իմ վրանը չբերվի, և ոչ մի խաղաղության դաշն պիտի կռվի։ Ռուզանն առնելուց ետ՝ մենք ձեռք չենք տալ նրա ամրոցին. ես իմ հոր անունով կշնորհեմ Ջալալին յուր ազատ իշխանությունը:
ՋՈԼԱ․ Բուրա′, ուրեմն դու կամենում ես իմ դիտավորությունը խանգարե՞լ և մի հայի աղջկա համար զոհում ես պատիվը քո հոր, որի զորքերը հենց այս իշխանի հրամանով այնպես անգթաբար ջարդվեցան, և որոնց վրեժը դու պարտավոր ես լուծել։
ԲՈՒՐԱ․ Դու արյուն խմելով ես ծերացել, Ջոլա հորեղբրայր, և չես կշտանալ, եթե երկրի երեսի բոլոր քրիստոնյաների արյունը ծծես։ Բայց ես բավական եմ համարում այն կոտորածն, որ մինչև այստեղ հասնելնիս մեր զորքերն արին։ Այդ էլ բավական մեծ վրեժ էր մեր ջարդված զորքի համար։ Ես վճռել եմ։
ՀԱՄՏՈՒՆ․ Տեր-Նուին, եթե դու այս անգամ հաճիս Ջալալին շնորհել յուր իշխանությունը, դրանով այս կողմերում թաթարաց համար կպատրաստես մի անպարտելի թշնամի։ Եթե Ջալալն այժմ խաղաղություն է խնդրում, այդ նրա համար է, որ ձեր բանակները հանկարծ վրա հասան, և նա խնջույքով պարապած լինելով՝ ժամանակ չունեցավ պատրաստվելու։ Բայց եթե նրա աչալուրջ ժամանակ այս երկիրը մտնեիք, դուք այստեղ կգտնեիք այնպիսի դիմադրություն, որի նմանին թաթարը չէ հանդիպել ոչ մի տեղ։
ՋՈԼԱ․ (Բուրային) Ինչպե՞ս ես գտնում այս հայի խորհուրդը, որ ինձանից ու քեզանից ավելի լավ է ճանաչում յուր ազգն ու իշխաններին։
ԲՈՒՐԱ․ (անուշադիր աչքերը խորանի դռանը սևեռած) Քո խոստման համաձայն՝ իրեն նպաստավոր, իսկ մեզ՝ աննպաստ։ Բայց ահա գալիս է Ջալալի պատգամավորը, թող նրան լսենք։
ՀԱՄՏՈՒՆ․ (ինքն իրեն) Չէ հաջողվում։ Ի՞նչ հիմարություն արի Ռուզանի անունը հիշելով։ (Դեպի դուռը): Ա՜հ Զաքարե իշխանը...
ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն, Զաքարե, հինգ ընծայակիրների և մի դրոշակի հետ
ԶԱՔԱՐԵ․ (մտնելով և խորը գլուխ տալով, որի ժամանակ դրոշակիրը դրոշը խոնարհում և այնպես պահում է մինչև. խոսակցության վերջը: Տեր-զորապես, տե′ր Նուին, իշխան Հասան-Ջալալ-Տոլան խոնարհ բարեկամությամբ ողջունում է ձեր մեծությանց մուտքը մեր երկիրը: Եթե այսօրվանից ձեր մի քանի գունդերը հարձակված չլինեին մեր բերդի վրա, մենք ձեր գալուստը կընդունեինք իբրև շնորհաբեր այցելություն խանի հեռավոր կալվածներին։
– Բայց որովհետև այդ հարձակումը տեղի ունեցավ, ուստի մենք ստիպվեցանք պաշտպանվել։ Բայց իշխան Ջալալ-Տոլան բնավ չէ ցանկանում սրով դիմադրել խանի զորքերին, ըստ որում նրան ծանոթ է ձեր սրի ուժը և հաջողությունը։ Ուստի խոնարհելով ձեր զորության առաջ, իմ բերանով խնդրում է, որ բարեհաճեք նվիրել իրեն ձեր թանկագին բարեկամությունը և յուր երկրից հանել ձեր զորքերը։ Դրա փոխարեն նա խոստանում է յուրաքանչյուր տարի վճարել վեհափառ խանին ձեր կողմից որոշված հարկը։ Իսկ առայժմ խնդրում է ընդունել այս (ցույց տալով ընծաները) առհավատչյան։
ՋՈԼԱ․ Ես ընդունում եմ Հասան-Ջալալի ուղարկած ընծաները. (ընծայակիրներն ընծաները դնում են գետնին) և նրա խոնարհած դրոշը. բայց սպասում եմ, նաև, բերդի բանալիներին և յուր դուստր Ռուզանին, իմ եղբորորդի Բուրա-Նուինին (ցույց տալով Բուրային) կնության համար։ Սրանք ղրկելուց ետ՝ նա յուր իշխաններով կիջնե իմ բանակը՝ անձամբ յուր իշխանությունը իմ ձեռը հանձնելու, որովհետև ես այն պիտի տամ առավել արժանավոր (ցույց տալով Համտունին) մարդու...
ԶԱՔԱՐԵ․ (խոնարհած դրոշը խլելով, կանգնում է հաղթական ձևով և ապա նայում է Համտունին, որին մինչև այն չէր նշմարել) Ա՜... դու այստե՞ղ ես... այդ դո՞ ծանոթացրիր նրանց Ջալալի դստեր հետ։
ՀԱՄՏՈԻՆ. (իբր անտարբերությամբ) Այո՛։
ԶԱՔԱՐԵ. Եվ ո՞ր սատանան ներշնչեց քո մեջ այդ գարշելի մատնությունը ։
ՀԱՄՏՈԻՆ. Նա, որին դու քեզ եղբայր ես անվանում։
ԶԱՔԱՐԵ․ Թող դժոխքը վարձատրե քեզ, հայրենիքի դավաճան։
ՋՈԼԱ․ (Զшքարեին) Իմ ներկայությամբ համարձակվում ես հայհոյել իմ հյուրի՞ն։
ԶԱՔԱՐԵ. Ես հայհոյում եմ վատարանց մատնիչին։
ԲՈԻՐԱ. Պատգամավոր, դու ուշանում ես. քո իշխանն սպասում է քեզ։ Գնա՛ և հայտնիր նրան Ջոլա զորապետի պատասխանը։ Իսկ իմ՝ Չարմաղանի որդվո Բուրա-Նուինի կողմից ավելացրու, որ ես իմ հոր անունով կշնորհեմ Ջալալին յուր ազատ իշխանությունը, եթե միայն նա կհամաձայնվի կնության տալ ինձ յուր Ռուզան դուստրը։ Իսկ եթե ոչ, հենց որ մեր պատգամավորը կվերադառնա բացասական պատասխանով, մենք կսկսենք կոտորել ա՛յն հազար կապյալները, որ այդ իսկ նպատակով ժողովել պիտի տանք այստեղ։ Եվ այդ կոտորածը մենք կշարունակենք ամեն օր, մինչև որ Ջալալը կզիջանի մեր կամքին։ Այժմ ազատ ես, գնա՛։ (Դառնալով յուր թիկնապահին)։ Աբու, ընկերացի՛ր պատգամավորին և նրա իշխանի պատասխանը բեր մեզ շուտով։
ԱԲՈՒ. Գլխիս վրա, տեր։
ՋՈԼԱ. (հուզված) Բուրա, դու շատ ողորմածությամբ ես վարվում քո հորդ անարգող թշնամու հետ։
ԲՈԻՐԱ. Ես այդպես եմ կամենում։ (Զաքարեին): Դու ազատ ես (Զաքարեն դրոշակը ձեռքին շրջում է ելնելու յուրայիններով):
ՋՈԼԱ․ (բարկությամբ Զաքարեին) Կամակո՛ր հայ, դու չլսեցի՛ր, երբ քեզ ասացի թե՝ ընդունում եմ ընծաները․․․
ԶԱՔԱՐԵ․ (ցույց տալով ընծաները) Ահա՛ ընծաները։
ՋՈԼԱ. Եվ դրոշակը։
ԶԱՔԱՐԵ․ Երբ իմ իշխանապետի առաջարկությունը չնդունեցիք, դրոշակն ազատ ետ պիտի դարձնեմ նրան։
ՋՈԼԱ. (կատաղությամբ) Հանդգնում ես մինչև այդտեղ (թիկնապահ Աբուին): Առ դրա ձեռքից այդ դրոշակը։ (Թիկնապահը մոտենում է խլելու):
ԶԱՔԱՐԵ. (ձախ ձեռքով մի կողմը հրելով թիկնապահին) Հեռո՜ւ այդ պիղծ ձեռքերով... առաջ հոգիս այս մարմնից, հետո դրոշակն իմ ձեռքից։
ՋՈԼԱ․ Հոգիդ կքաղեն հենց այս րոպեին։ (Կոչելով դեպի դուրսը): Զինվորնե՛ր (Ներս են թափվում մի քանի սուսերամերկ զինվորներ): Սատակեցե՛ք այդ անզգամին։ (Զինվորները բարձրացնում են սրերը, Զաքարեն աներկյուղ կանգնած է նրանց մեջ):
ԲՈՒՐԱ․ (շտապով վեր թռչելով տեղից և բարկացած դեպի զինվորները գոչելով) Դարձրե՛ք սրերդ իրենց պատյանները։ (Ջոլային): Հորեղբայր, ինչո՞ւ չես հարգում զինաթափ ծերությունը։ Մի՞թե մենք իրավունք ունինք սպանել ա՛յն մարդուն, որ մեր մեծահզորության վրա վստահանալով՝ մտել է մեր վրանը իբրև մի ապահով տեղ։ (Զինվորներին): Դո՛ւրս կորեք և չհամարձակվեք այսուհետև սուր բարձրացնել անզեն մարդու վրա։ (Զինվորները դուրս են գնում):
ՋՈԼԱ. (բարկությամբ և ինքն իրեն) Ահա՛ իմ եղբոր անմտության հետևանքը... ո՞վ է տեսել, որ մի համբակ այս իրավունքը բանեցնե...
ԶԱՔԱՐԵ. (Բուրային) Գերազնիվ տեր, մատուցանում եմ քեզ իմ անկեղծ հարգանքը։ Դու արժանի ես իշխելու, որովհետև մեծահոգի ես և գիտես հարգել պատգամավորի իրավունքը։ Եթե մենք սուր ի ձեռին կռվելու լինինք քո դեմ, դարձյալ քո արժանիքը պիտի մեծագրենք․․․ մնաս բարյավ։ (Դուրս է գնում յուրայիններով):
ՋՈԼԱ․ (բարկությամբ բորբոքված) Բուրա՛, դու անարգեցիր քո հորեղբորն օտարի և յուրայինների առաջ։
ԲՈՒՐԱ. Ընդհակառակը, հորեղբայր, ես քեզ ազատեցի մի անպատվությունից, որ նաև մեր սուրն ու անունը պիտի արատավորեր։
ՀԱՄՏՈՒՆ. (ինքն իրեն) Այս էլ բավական է, որ Ջալալի աղջկան Թաթարստան կուղարկեմ։
Վարագույր