Мурацан

Ռուզան

Արարված չորրորդ

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ


Ջալալ իշխանի խորհրդարանը. աջ ու ձախ բացվում են երկու խոր, ընդարձակ դռներ, որոնք ծածկված են վարագույրներով: Սենյակի մեջտեղը սեղան և աթոռներ։


ՏԵՍԻԼ Ա
Ռուզան (խիստ վրդովված)


Եվ ուրեմն այսպես. թշնամին չէ գոհանում մեր հպատակությամբ և ղրկած ընծաներով, նա ինձ էլ պահանջում է յուր կնության, հակառակ դեպքում սպառնում է կոտորել հազարավոր անմեղներ... Եվ այս դժոխային լուրը ես լսեցի իմ ականջով, թեպետև ջանացին ծածկել։ Այո, լսեցի, սա ուրեմն երազ չէ և ոչ էլ ցնորք... վշտերից ծանրագույնը հասնում է ինձ հենց այն օրը, երբ ես այնքան մոտ էի երջանկությանը... Ո՞վ դառն ճակատագիր... Ուրեմն ես, դժբախտության աղջիկս, պատճառ պիտի լինիմ արյունահեղ կոտորածի՛. ես, որ մանկությունից սովորել եմ ծառայել իմ հոր ժողովրդին, ես, որ խնամել եմ նրա որբը, մխիթարել այրին, պատսպարել աղքատին, ես, որ անքուն հսկել եմ հիվանդների մահճի մոտ և իմ ձեռոք սրբել այնքա՛ն շատ արտասուք․ այսօր, ուրեմն, պատճառ պիտի լինիմ արյան ու անեծքի... օ՜ հ, ո′չ, անկարելի է. այդ չի պիտի լինի... իմ աչքերը չեն տեսնիլ այդպիսի աղետ., եթե պետք է զոհ, ապա թող զոհեն ինձ, թող ուղարկեն թշնամուն, թող մատնեն ինձ թաթարին, ես չեմ տրտնջալ, և ոչ էլ կհակառակեմ, միայն թե աղետը վերանա ժողովրդից... միայն թե նրա լացի ձայնը չհասնե իմ ականջին։ Ո՞վ է գալիս այստեղ։ (Նայելով վարագույրի ետևից) Հայրս և իշխանները. գալիս են խորհրդի, պահվիմ այստեղ, տեսնեմ՝ ինչ են որոշում... (մտնում է աջ դռան վարագույրի ետևը):


ՏԵՍԻԼ Բ
Զալալ, Զաքարե, Ներսեհ, Մամքան, Սմբատ,
Ումեկ, Պապաք։


ՈՒՄԵԿ․ (Ջալալին) Այսպես է, իշխան, դրությունը ծանր է, պետք է շտապել մի ելք գտնել։
ՋԱԼԱԼ․ (մտախոհ և տխուր) Պետք է շտապել, այո՛։ Բայց խնդիրն այն է, որ շտապելով էլ չենք կարող ելք գտնել։
ԶԱՔԱՐԵ․ Դանդաղելով նույնպես չենք շահիլ ոչինչ։
ՈՒՄԵԿ․ Ուրե՞մն։
ԶԱՔԱՐԵ․ Պետք է որոշենք թե' չարիքներից ո՞րն է փոքրագույնը, և այն էլ ընտրենք։
ՋԱԼԱԼ․ Թշնամու պահանջը պարզ է․ երկուսից մինը պիտի զոհենք՝ կա′մ ժողովուրդը, կա′մ իմ Ռուզանը։
ՄԱՄՔԱՆ․ (վշտանար) Իմ Ռուզա՞նը... Օ՜, մի ասեք այդ, մի արտասանեք նրա անունը։
ՋԱԼԱԼ․ Ուրեմն որոշեցեք, ո՞րն է փոքրագույնը... (ամենքը լուռ են): Ինչո՛՛ւ չեք խոսում... (դառը ժպիտով) Հո ամենքդ գիտեք, որ մի հատ ոսկին ավելի քիչ արժե, քան թե հազարը։
ԶԱՔԱՐԵ․ Եղբա՜յր իմ...
ՋԱԼԱԼ․ Անանիա Շիրակացին1 անշուշտ կտարակուսեր, եթե նրան ասեի թե՝ իմ մի ոսկին ավելի արժե, քան ուրիշների նման հազարը... Ւսկ դո՞ւք, դո՞ւք ինչ եք ասում։



1 - Հայտնի թվաբան յոթերորդ դարում։

ԶԱՔԱՐԵ․ Սիրելի եղբայր, ժողովուրդը նույնպես բաղկանում է իշխանի հարազատ որդիներից, հայրը չպետք է խտիր դնե յուր զավակների մեջ։

ՋԱԼԱԼ․ Ուրեմն, քո կարծիքով պետք է մեկը զոհել` որ հազարը փրկվի։
ԶԱՔԱՐԵ․ Արդարությունն ու պարտքս հրամայում են ասել այո′։
ՋԱԼԱԼ․ (եռանդով և վշտահար) Ուրեմն ե՛ս եմ միայն, որ մեղանչում եմ պարտքի և արդարաթյան դեմ... Օ՜ ինչպես հեշտ է դատապարտել... բայց եկեք առաջ կուրծքս պատառեցեք' հանեցեք այստեղից ծնողի սիրտը և նրա փոխարեն դրեք իշխանինը. այն ժամանակ գուցե հայրը չզգա ոչինչ, և իշխանն յուր դուստրը զոհե ժողովրդին է։ (դառնությամբ)․․․ Ո՞վ արդյոք ձեզնից կարող է բանալ այս տախտակն, որն աստված ամրեցրեց․․․
ԶԱՔԱՐԵ․ Հիշի′ր Հեփթայեին, սիրելի եղբայր..․
ՋԱԼԱԼ․ Հեփթայեն յուր աղջիկը զոհեց աստծուն, իսկ ես պիտի զոհեմ գարշելի թաթարին։
ԶԱՔԱՐԵ․ Այս զոհն էլ, անշուշտ, աստված է պահանջում։
ՄԱՄՔԱՆ․ (հուզված) Մի’ ասիր այդ, սիրելի տագր, աստված անիրավ զոհ չի պահանջիլ։
ԶԱՔԱՐԵ․ Նրա խորհուրդն անքննին է և կամքն անհասանելի։
ՋԱԼԱԼ․ Եթե անքննին է, ուրեմն չքննենք և դառնանք մեր խնդրին։ (դառնալով Ներսեհին): Դու ինչո՞ւ չես խոսում որդյա՛կ։
ՆԵՐՍԵՀ․ Ես սպասում եմ քո հրամանին։
ՋԱԼԱԼ․ Խոսի՛ր, հայտնի՛ր քո կարծիքը։ Եթե ես կորցնում, եմ իմ դուստրը, դու կորցնում ես քս կյանքի լուսատուն։
ՆԵՐՍԵՀ․ Երբե՛ք։ Ավելի շուտ Խաչենը դեպի ակունքը կդառնա, քան թե Ռուզանը կխլեն իմ ձեռքից։
ՋԱԼԱԼ․ Ի՞նչ անենք ուրեմն։
ՆԵՐՍԵՀ․ Պիտի մերժենք բռնավորի պահանջը։

ԶԱՔԱՐԵ․ Պիտի մերժե՞նք։

ՆԵՐՍԵՀ․ Բացեիբաց։
ՄԱՄՔԱՆ․ Օ՜ , այդպես խոսիր, սիրելի որդյակ...
ՈԻՄԵԿ․ Իսկ այդ մերժման հետևա՞նքը։
ԶԱՔԱՐԵ․ Կլինի այն, որ բռնավորը կհրամայե կապյալները կոտորել։
ՆԵՐՍԵՀ․ Մենք թույլ չենք տալ այդ։
ԶԱՔԱՐԵ․ Ի՞նչ կարող ենք անել։
ՆԵՐՍԵՀ․ Մեր ունեցած ուժերով կհարձակվենք նրա դեմ։
ԶԱՔԱՐԵ․ Բայց այդ ուժն հինգ հարյուր զինվորից ավելի չէ, մինչդեռ թշնամին մեզ պաշարել է տասնյակ հազարով։ Եթե նրա հարձակումն անակնկալ չիներ, մենք կարող կլինեինք դրսի ուժերը ժողովել և քաջաբար դիմադրել․ բայց նա հասավ անսպաս և փակեց մեզ այստեղ՝ ինչպես զնդանում։
ՆԵՐՍԵՀ․ Խոխանաբերդն ամուր է և ունի առատ պաշար։ Մեր զորքի մի քառորդը կարող է պաշտպանել նրան, իսկ մնացածով մենք անակնկալ թշնամու վրա կհարձակվենք և եթե չկարողանանք մեծ կոտորած անել, գոնե կպատառենք մեզ փակող շղթան և կանցնենք շուտով Խաչենի հովիտը։ Այնուհետև հեշտ կլինի զորք ժողովել գավառից և անընդհատ հարձակումով նեղել թշնամուն։
ՍՄԲԱՏ․ Մինչև այն էլ Գուգարքից իմ զորքերը կհասնեն, և դրացի իշխանները մեր շուրջը կժողովվին։
ՄԱՄՔԱՆ․ Եվ աստծու աջը զորավիգ կլինի ձեզ։
ԶԱՔԱՐԵ․ Սիրելի որդյակներս, Հայրենիքի համար կռվիլը և նրա ազատության զոհվիլը մեծագույն փառքն է աշխարհի մեջ։ Այդ ճիշտ է։ Բայց պետք է զոհել այնտեղ, ուր հույս կա փրկության, զոհն ապարդյուն է, եթե նա յուր ետևից բերում է միայն կորուստ և թշվառություն։ Մեր զորքերն, այո՛, կարող են բեկանել թշնամու շղթան. նրանք հաջողությամբ կելնեն նաև դաշտը, բայց նրանց կհետևի բազմաթիվ թշնամին։ Հինգ հարյուր զինվորը չէ կարող ճակատել մի բյուր զորքի դեմ. նա փախուստ կտա կամ իսպառ կջնջվի։ Բացի այդ, մենք զորաժողովի համար պետք ունինք ժամանակի․ մինչդեռ թշնամին կազմ է և պատրաստ․ նա ոչ միայն կխանգարե մեր զորք ժողովելն այլև Խաչենք կավերե հիմնովին. նա սուր կքաշե անպաշտպան ժողովուրդը և գյուղերն ամեն տեղ կդարձնե մոխրակույտ։ Այս ամենը պետք է դուք աչքի առաջ ունենաք։

ՋԱԼԱԼ․ Այդ ամենը, հարկավ, ես հաշվել էի վաղուց, այդ պատճառով էլ խոնարհեցա և իմ իշխանական հպարտությունը զոհեցի ժողովրդի փրկության։ Ես նվեր ղրկեցի թշնամուն իմ գանձի մեծ մասը և, իբրև հպատակ, խոստացա. հարկ տալ խանին. բայց նա այդ ամենը առ ոչինչ դրեց։

ԶԱՔԱՐԵ․ Այդպես արավ Ջոլան։ Բայց Բուրա-Նոլինը, որ ըստ երևույթին, ավելի իրավունքներ է վայելում, քան ծերուկ հորեղբայրը, խոստացավ ազատել ժողովուրդը սրածությունից և թողնել քեզ ազատ քո իշխանության մեջ․․․
ՋԱԼԱԼ․ Բայց դրա համար խնդրում է իմ դուստրը իբրև փրկանք։
ԶԱՔԱՐԵ․ Այո՛։
ՋԱԼԱԼ․ Օ՜, և ի՜նչ քիչ բան է խնդրում։ Եվ Հասան-Ջալալը պիտի ստորացնե իրեն ա′յն աստիճան, որ յուր իսկ ձեռով հանձնե թաթարին յուր հրեշտակ աղջկա՞ն։ Ոչ. այդ չի լինի։ Ես կամենում էի, արդարև, ձեր բոլորի խորհուրդը լսել, որպեսզի իմանայի, թե քանի՞սը ձեզնից իրավունք են տալիս հորը' պաշտպանել դստերը։ Այժմ գոհ եմ տեսնելով, որ միայն դո′ւ ես զլանում ինձ այդ իրավունքը, սիրելի եղբայր։ Եվ դու, իհարկե, կատարում ես քո պարտքը։ Բայց ես վճռել եմ. ես բաց աչքերով չեմ մատնիլ իմ գառը՝ անգութ գազանին, թող թաթարն յուր սուրը նախ այս կուրծքը խրե և ապա թե մարմնիս վրա կոխելով՝ իմ գանձն հափշտակե։
ՆԵՐՍԵՀ․ Մենք նրա սուրը կփշրենք յուր իսկ գլխի վրա։
ՍՄԲԱՏ․ Ուրեմն վճռված է, կանչենք թշնամու պատգամավորին և հայտնենք նրան մեր պատասխանը։
ՋԱԼԱԼ․ Հրամայի՛ր կանչել։

ՍՄԲԱՏ․ (գնալով դեպի ձախ դուռը և վարագույրը բանալով) Բարապա′ն, ներս բեր պատգամավորին։

ԶԱՔԱՐԵ․ Քանի դեռ ուշ չէ, նորեն մտածեցեք, ձեր պատասխանը տալուց առաջ թող խոհեմությունն առաջնորդե ձեզ։
ՋԱԼԱԼ․ Խոհեմությունը մինչև այժմ չօգնեց մեզ, եղբայր, գործենք այժմ անխոհեմությամբ. գուցե այդպիսով բախտը ծիծաղի մեզ։


ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն և Աբու


ՋԱԼԱԼ․ (դառնալով Աբուին) Ի՞նչ է պահանջում ինձանից քո տերը։
ԱԲՈՒ․ Քո դուստր Ռուզանը իրեն կնության։
ՄԱՄՔԱՆ․ Թող պապանձվի այդ լեզուն...
ՆԵՐՍԵՀ․ (ձեռքը դեպի սուրը տանելով) Դժոխքն է խոսում այս։

ՋԱԼԱԼ․ Ասա’ այն բռնավոր գազանին, թե հենց այս րոպեին ես կիջնեմ դաշտը՝ իմ սրովս նրան պատասխանելու, դեռ այնքան թույլ չեն մեր բազուկները, որ չկարողանան տապալել իրենց թշնամուն։ Գնա և հայտնիր այս քո տիրոջը։

(Աբուն դուրս է գնում):


ՆԵՐՍԵՀ․ (սուրը հանելով) Կեցցե՛ մեծ իշխանը, ահա իմ սուրը պատրաստ է նրան ծառայելու։
ԻՇԽԱՆՆԵՐ․ (բոլորը միասին վեր կենալով և սրերը հանելով) Կեցցե' մեծ իշխանը, ահա′ և մենք՝ պատրաստ նրա հրամանին։
ՋԱԼԱԼ․ Օ՛ն ուրեմն, հառա՜ջ, իշխաններ, հրամայեցեք բանալ բերդի դռները, թող մեր զորքերը հետևին մեզ իսկույն։ Եթե պիտի մեռնենք, ապա թող այդ լինի սուրը մեր ձեռին և կռվի դաշտի վրա։ Անարգ կյանքից ավելի՝ ազատ մահն է գովելի․ հաոա՜ջ, քաջերս։ (Բոլորը պատրաստվում են ելնելու):


ՏԵՍԻԼ Դ
Առաջիններն և Ռուզան


ՌՈԻԶԱՆ․ (դուրս գալով աջ դռան վարագույրի ետևից)։ Կացե՛ք, հայր իմ։

ՋԱԼԱԼ. (ցնցվելով) Աղջիկս․․․

} (բոլորը միաբերան)

ՆԵՐՍԵՀ. Ռուզա՛ն...

ՋԱԼԱԼ (ցնցվելով) Աղջի՛կս․․․

ՌՈՒԶԱՆ. (բոլորին) Ո՞ւր եք դիմում, իշխաննե՛ր։

ՋԱԼԱԼ. Թշնամու դեմ, որդյա՛կս։
ՌՈՒԶԱՆ. Ես չի պիտի թողնեմ։
ՋԱԼԱԼ. Հազար կապյալներ պիտի զոհվին այնտեղ՝ եթե մենք ուշանանք։
ՌՈՒԶԱՆ. (հանդիսավոր) Գիտեմ. բայց նրանց ես պիտի ազատեմ։
ՋԱԼԱԼ. Օ՜հ, աղջիկս․․․
ՆԵՐՍԵՀ. Ռուզա՛ն, ի՞նչ ասացիր։
ՄԱՄՔԱՆ. Ի՛նչ եմ լսում։ (Դիմում է դեպի Ռուգանը): Դստրի՛կս, ի՞նչ ես խոսում։
ՌՈՒԶԱՆ. Ի՞նչ, մի՞թե կարծում էիք, թե ձեր խռովության ու վրդովման պատճառները գաղտնի պիտի մնային ինձնից։ Ես բոլորն իմացա։ Թեպետ ինձ արգելեցիք ներկա լինել ձեր խորհրդարանում. սակայն ա՛յս հասարակաց աղետի ժամանակ՝ ես չէի կարող ձեր հրամանը ճշտությամբ կատարել։ Ես պահվեցա այո վարագույրի ետև (ցույց է տալիս աջ դռան վարագույրը) և բոլորը լսեցի։ Ես գիտեմ թե ո՞վ է այն անձն, որ Համտուն իշխանի սրտում դավաճանություն է հղացել, թե ո՞վ է նա, որ բռնավոր Ջոլայի՝ մեր երկիրը արշավելուն պատճառ է դարձել և որ հազար անմեղ կապյալների կոտորելուն էլ պատճառ պիտի դառնա... այդ թշվառն ես եմ. ես ինքս էլ, ուրեմն, իրբև հանցավոր, պատիժը կկրեմ։
ՋԱԼԱԼ. Աղջի՛կս, ի՜նչ ես կամենում անել։
ՌՈՒԶԱՆ. Ես պարզ խոսեցի, տիրեցյալ հայր. ես պիտի զոհվիմ. ինձ պիտի ղրկեք թշնամու բանակն և հանձնեք բռնավորին, որովհետև քո իշխանության և ժողովրդի բախտն այդ անձնազոհությունից է կախված։ Իսկ ես այնքան թուլասիրտ չեմ, որ իմ հայրենիքին այսպիսի մի զոհ բերելու համար վայրկյան անգամ տատանիմ։ Ես վճռել եմ։

ՋԱԼԱԼ. Երբեք, ես այդ չեմ անիլ։

ՌՈՒԶԱՆ. Բայց, հայր իմ, եթե դու չանես, ես պարտավոր եմ անել և դրա համար արդեն քո հրամանն ունիմ։ Քանի դեռ փոքր էի, ուսուցանում էիր ինձ՝ սիրել հայրենիքը իմ անձից ավելի, և նրա բարօրության համար զոհել ամենը, ինչ որ ունիմ թանկագին։ Արդ, հասել է ժամը քո պատվերը կատարելու․ մի՞թե դու այժմ հակառակը պիտի խրատես․․․
ՄԱՄՔԱՆ. Ա՜հ, բավական է, Ռուզա՛ն, մի՛ խոսիր, ես ցնորվում եմ․․․
ՌՈՒԶԱՆ. Քո մի հատիկ դստեր համար ես ցավում, մայր իմ, այնպես չէ՞... Հապա ի՞նչ անեն ա՛յն հարյուրավոր մայրերը, որոնց որդիները մի քանի ժամից պիտի զոհվին անգութ դահիճների սրին։ Ի՞նչ պիտի անեն այն հարյուրավոր հարսունք, որոնք մի ժամից պիտի այրիանան։ Ո՞վ պիտի խնամե և մխիթարե այն հազարավոր մանուկներին, որոնք մի օրում պիտի որբանան․․․ Մի՞թե արդարություն է, որ այսքան հոգիները քո դստե՞րը զոհվին։ Ավելի լավ չէ՞, որ դրանց բոլորին ազատելու համար զոհվիմ միայն ես։ Եվ մի՞թե դո՛ւք, որ ազգի տերն եք ու պաշտպանը, պիտի զլանա՞ք նրան այդ կարևոր շնորհը։
ՋԱԼԱԼ. (ձեռքով ճակատը բռնելով) Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ինձ դրել ես երկու սրի մեջ՝ մեկը մյուսից սայրասուր։ (Ընկնում է աթոռի վրա և գլուխը առնում ձեռների մեջ):
ՌՈՒԶԱՆ. Ուրեմն վճռված է. դուք սիրտ չունի՞ք ինձ հրամայելու. ես ինքս կերթամ. թող պատգամավորը ինձանից առաջ չհասնե յուր տիրոջ մոտ։ (Կամենում է դուրս գնալ):

ՄԱՄՔԱՆ. (մոտենալով և Ռուզանի թևն առնելով) Ռուզան, դստրիկս։

ՌՈՒԶԱՆ. (քնքշաբար մորը հեռացնելով) Ա՜հ, մայր իմ, մի՛ խանգարիր ինձ, աղաչում եմ...
ՄԱՄՔԱՆ. (ավելի մոտենալով և գրկելով Ռուզանին) Ոչ, Ռուզան, ոչ, քեզ չպիտի թողնեմ, քեզ այսպես պիտի գրկեմ, իմ կուրծքը քեզ համար պատնեշ պիտի շինեմ․ թող թափվին ինձ վրա բռնավորի դահիճներ․ թող նրանք առաջ ինձ մաս֊ մաս կտրտեն և ապա թե քեզ իմ գրկից խլեն։ Ես բաց աչքերով չի պիտի տեսնեմ քեզ գերի՝ անհավատ բռնավորի ձեռքում, քե՛զ, Ռուզա՛ն, որին վարդի պես պահել, վարդի պես մեծացրել եմ. դու պիտի խնայես մորդ, որի աչքերի լույսն ես, Ռուզան...
ՌՈՒԶԱՆ. Ա՜հ, մայր իմ, մայր իմ... դու մորմոքում ես իմ սիրտը, դու թուլացնում ես իմ արիությունը...
ՄԱՄՔԱՆ. (աղաչավոր ձայնով դեպի իշխանները) Իշխաններ, դուք կանգնել եք անգործ, մի՞թե չեք զգում մեր թշվառության ծանրությունը, փութացեք, գործեցեք՝ ինչ
որ կարող եք...
ԻՇԽԱՆՆԵՐ. (առաջ շարժվելով) Մենք սպասում ենք մեծ իշխանի հրամանին։
ՌՈՒԶԱՆ. (հրամայաբար) Թող ոչ ոք ձեզանից առաջ չշարժվի։
ՄԱՄՔԱՆ. (հուսահատ ձայնով) Ռուզա՛ն... աղջի՛կս... (թուլացած նստում է աթոռին):
ՆԵՐՍԵՀ. (առաջ գալով) Ռուզա՛ն, ես մինչև այժմ լռեցի, որովհետև չի պիտի կարենայի ազդել քեզ վրա ավելի, քան կարող էին ազդել մի հոր վշտահար դեմքը և մի թշվառ մոր աղաչավոր լեզուն։ Բայց որովհետև դու անդրդվելի ես մնում այդ հսկա ուժերի առաջ, ուրեմն ես այլևս չի պիտի աշխատեմ քո սիրտը շարժելու։ Ես չի պիտի խոսեմ մեր բարեկամության վրա, մեր ջերմ և անզուգական սիրո վրա, որին ուխտել ենք հավատարիմ մնալ մինչև ի մահ, այլ միայն պիտի աղաչեմ, որ մի փոքր համբերես։ Ես այս րոպեին իմ քաջերով կթռչեմ դեպի այն հանդիսավայրն, ուր հազար կապյալներն են․ ես կջնջեմ այդ զոհերի դահիճների խումբը, ես կազատեմ նրանը...

ՌՈԻԶԱՆ․ (ընդհատելով) Իսկ դրան հետևող կրկնապատիկ թշվառությո՞ւնը, իսկ թշնամու ահագին բանա՞կը։

ՆԵՐՍԵՀ․ Ես դրանց դեմ ոտքի կհանեմ բոլոր Արցախը․ գեղացիների բրերով միայն կջնջեմ այն բանակն, որ դու ահագին ես անվանում։ Չանցած մի քանի օր, և Ջոլայի զորքերը անհետացած կլինեն մեր սահմաններից։
ՌՈԻԶԱՆ. Դու այդ չես կարող անել, սիրելի Ներսեհ։
ՆԵՐՍԵՀ.. Եթե դժոխքի կատաղիներն անգամ զինվեն իմ դեմ, ես չի պիտի հաղթահարվիմ։ Այս կուրծքի մեջ, ուր բաբախում է մի սիրտ քեզ սիրելու համար, սնանում է և մի առյուծ՝ քեզ պաշտպանելու համար։ Քանի դեռ շնչում եմ, քանի դեռ արյուն է վազում իմ երակներում, և քանի այս բազուկը կորովի է, ես թույլ չեմ տալ, որ բռնավորի պիղծ ձեռքերը մոտենան քեզ։ Բայց երբ ես անկարող կլինեմ քո անիրավ ճակատագիրը ջնջելու, երբ ես իմ քաջերով կընկնեմ պատերազմի դաշտում, այն ժամանակ, Ռուզան, ազգի փրկության սեղանի վրա դու կհանես քո ողջակեզը։ Ուրեմն դեռ այժմ մենք կերթանք գործելու։ (Շարժվում է դեպի առաջ):
ՌՈԻԶԱՆ. (հրամայաբար) Ներսե՛հ։ (Ներսեհը կանգ է առնում, Ռուզանը շարունակում է մեղմով): Ներսեհ, իմ հոգվո անգին հատոր, գիտես, որ քեզ սիրում եմ. սիրում եմ իմ բոլոր հոգվով, իմ սրտի բոլոր կարողությամբ։ Մինչև այսօր դու էիր իմ մտածմունքը, դու էիր իմ հրճվանքը, դու էիր իմ սիրո և հիացման առարկան... օ՜, հիշում եմ ինչպե՜ս մեր անուշ զրույցների և զբոսանաց ժամերում՝ ինձ թվում էր, թե աշխարհն էլ չունի վշտեր, թե ցավերն ու չարիքները վերացել են երկրից։ Ինչպե՛ս ես քեզնով հպարտանում էի և քո ապագա կենակցությունն ինձ հետ՝ համարում բախտի մեծագույն մի շնորհ. զի հավատում էի՝ թե այդ միությամբ մեզ համար պիտի բացվի երջանկության այն աղբյո՛ւրն, որից հավասարապես պիտի օգտվենք թե՛ մենք, թե՛ մեր հարազատները և թե ժողովուրդը... Բայց ահա՛ աստված տնօրինեց այլ կերպ։ Նա փակեց մեր առաջ երանության դուռը և բացավ փորձության մի փշալից ճանապարհ, որով պիտի անցնենք։ Անցնենք, ուրեմն, առանց դժգոհության, զի ոչ ոք կարող է աստծո խորհուրդները քննել կամ գուշակել թե՝ այս ամենը չի իսկապես բարիք, որ նա ղրկել է մեզ վշտերի կերպարանքով... Խոնարհե՛նք նրա սուրբ կամքի առաջ և մեզ վիճակված դառն բաժակը քամենք կամակար։ Իրա՛վ, սա մեր սրտին կբերե տանջանք, բայց և ժողովրդին կտա փրկություն։ Ուրեմն և դու, սիրեցյալդ իմ, քաջացիր և կրիր քո բաժին զրկանքն և հենց այդ զրկանքում քո վարձը որոնիր, զի մեզնից ոչ ոք ունի իրավունք՝ Ժողովրդի ազատությունն յուր բախտին զոհելու։

ՆԵՐՍԵՀ. Ես բախտ չեմ որոնում, ով աննման կույս, բայց իբրև հայ զինվոր՝ պարտավոր եմ հայ կնոջ մեջ՝ հայ անվան պատիվը պաշտպանել։

ՌՈՒԶԱՆ. Այդ պարտքը ես կվճարեմ․ զի իմ վճիռն անդարձ է, ինչպես զոհի վերջին շունչը, որ նա ավանդում է մահու թագավորությանը... Ուրեմն կացեք բարյավ և մ՛ի խանգարեք ինձ (պատրասավում է դուրս գնալու):
ՋԱԼԱԼ․ Աղջիկս․․․
ՄԱՄՔԱՆ. Ռուզան...
ՍՄԲԱՏ. (առաջանալով) Իշխանուհի, դու կապտում ես մեր սրբազան իրավունքն, արգելելով մեզ կատարել մեր պարտքը․ մի՛ թույլ տար, աղաչում եմ, որ զինվորի սուրը կարմրի ամոթից։
ՌՈՒԶԱՆ. Ժամանակն անցնում է, իշխաններ, մի խանգարեք ինձ։ Զինվորի պատվասիրությունը ստիպում է ձեզ կռվել․ գիտեմ, բայց դա կլինի մի չարիք, որ դուք կգործեք, և որին կհետևե ավելի մեծ թշվառություն։ Զեր ունեցած ուժին ես ծանոթ եմ քաջապես։ Զաքարե հորեղբայրս ամեն ինչ խոսեց, ես ամեն ինչ լսեցի։ Դուք չպիտի կարենաք դիմադրել թշնամուն, ուրեմն և հուսահատ փորձի մի՛ դիմեք։ Ես չեմ ՛կամենում, որ իմ պատճառով զոհերի թիվն ստվարանա. թողեք ինձ... (Հեռանում է դեպի դուռը):

ՄԱՄՔԱՆ. (Ճչալով) Ռուզա՛ն...

ՋԱԼԱԼ. (բարկությամբ) Կա՛ց Ռուզան, հրամայում է հայրդ։
ՌՈՒԶԱՆ. (արտասվալից ձայնով) Բայց կանչում են կապյալները...
ՆԵՐՍԵՀ. (առաջն առնելով) Ես դեռ մեռած չեմ, Ռուզա՛ն։
ՌՈՒԶԱՆ. (կանգնելով դռան առաջ, դեմքը դեպի բեմը ձեռքը հրամայաբար դեպի Ներսեհը պարզելով) Մի քայլ անգամ չհամարձակվես փոխել... (Պատկեր):


Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Ամրոցի մատուռի սյունազարդ գավիթը, որի վրա բացվում է մատուռի դուռը:

ՏԵՍԻԼ Ա
Պապաք և Թենի


ՊԱՊԱՔ. Ռուզանն իմաստուն որոշումն էր արել երկիրը թշնամուց ազատելու համար. բայց հայրն արգելեց նրան այդ որոշումն իրագործելու։
ԹԵՆԻ. Այդ ես իմացա և չեմ մեղադրում իշխանին․ ոչ մի ծնող չի հրժարիլ յուր սիրած աղջիկը մատնել թշնամուն։
ՊԱՊԱՔ. Բայց միևնույն է, թշնամին վերջ ի վերջո կտիրանա նրան։

ԹԵՆԻ. Կտիրանա՞։ Ինչպե՞ս:

ՊԱՊԱՔ. Իշխաններն արդեն ելնում են Ջոլայի դեմ. այդ կնշանակե՝ թե նրանք գնում են ուղղակի մահվան առաջ, վասն զի թշնամին բազմաթիվ է և մեր հինգ հարյուրին կջարդե մի ժամում։ Այնուհետև նա բերդը ամեն կողմից կպաշարե և կառնե անաշխատ։ Այստեղ գտնվողներին, իհարկե, սուր կքաշե, իսկ Ռուզանին կտանե յուր հետ։
ԹԵՆԻ. Դու սարսափեցնում ես ինձ, իշխան։
ՊԱՊԱՔ. Այո՛, ա՛յդ կլինի մեր ճակատագիրը, ամենքին կկոտորեն։
ԹԵՆԻ. Ամենքի՞ն, և նույնիսկ կանա՞նց։
ՊԱՊԱՔ. Կանանցից երիտասարդներին գուցե գերի տանեն, բայց պառավներին մյուս աշխարհը կուղարկեն։
ԹԵՆԻ. (սարսափահար) Ի՞նչ անենք, ուրեմն, իշխան, փրկության մի ճանապարհ չորոնե՞նք։
ՊԱՊԱՔ. Փրկության միակ ճանապարհը կլինի այն, որ գտնվի մեկը, որ հորդորն Ռուզանին յուր որոշումն իրագործելու։
ԹԵՆԻ. Ի՞նչ հարկավոր է հորդորել, քանի որ նա ինքը պատրաստ է զոհվելու. բանն այն է, որ նրան արգելում են։
ՊԱՊԱՔ. Նա կարող է փախչել։
ԹԵՆԻ. Բայց բերդի դռները փակված են ամուր, իսկ ամեն ելքի մոտ դրված են պահապաններ։
ՊԱՊԱՔ. Այս մատուռի ավանդատունն ունի մի պատուհան, որ նայում է դեպի կաղնիների անտա՛ռը։ Այդ պատուհանից հեշտությամր կարելի է իջնել։
ԹԵՆԻ. (մտածելով) Այդտեղ, արդարև, կա այդպիսի մի ելք։
ՊԱՊԱՔ. Հայտնի՛ր այս մասին օրիորդին։
ԹԵՆԻ. Հայտնե՞մ...
ՊԱՊԱՔ. Այո՛, անպատճա՛ռ. և քանի շուտ՝ այնքան լավ։
ԹԵՆԻ․ (տարակուսելով) Բայց...
ՊԱՊԱՔ. Չպետք է տարակուսել և ոչ էլ ուշացնել։ Մի փոքր ժամանակից Ռուզանը կգա այստեղ, որովհետև հայրը' արգելելով նրան յուր որոշումն իրագործել, իրավունք տրվավ միայն իջնել այս մատուռը և աղոթել։ Ուրեմն ուր որ է՝ նա կգա. աշխատիր խոսել հետը իսկույն։

ԹԵՆԻ. Բայց, իշխան, այդ ես չեմ կարող անել, լեզուս չի զորիլ...

ՊԱՊԱՔ. (վճռաբար) Խոսի՛ր ասում եմ, ցո՛ւյց տուր ճանապարհը. հակառակ դեպքում մենք ամենքս կորած ենք։ Ահա' և օրիորդը (ցույց տալով գավթի մի կողմը), գալիս է նաժշտի հետ. աշխատի՛ր առաջ հեռացնել այդ աղջկան, ապա խոսիր հետն առանձին։ Ես կերթամ իշխանների մոտ, գուցե կարողանամ համոզել նրանց՝ ուշացնել հարձակումը։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ Բ
Թենի (միայնակ)


(Նայելով դեպի Ռուզանի կողմը) Խեղճ աղջիկ. գալիս է աղոթելու... որքա‘ն վշտահար է... Բայց ի՞նչ անեմ, խոսե՞մ արդյոք. ցո՞ւյց տամ փախստյան ճանապարհը... Սա, արդարև, կլինի մի բարիք բոլոր երկրի համար... Բայց եթե հանկարծ իմանա՞ն.,.. Ո’հ, սիրտս ճմլվում է. չգիտեմ ի՞նչ անեմ, խղճում եմ այս հրեշտակին... Բայց Պապաքն ասաց՚ թե մեզ բոլորիս կկոտորեն... այդ հո ավելի սարսափելի է...


ՏԵՍԻԼ Գ
Նույն, Ռուզան և Շանույշ


ԹԵՆԻ. (աառաջանալով դեպի Ռուզանը) Իմ բարի զավակս..
ՌՈՒԶԱՆ Դու այստե՞ղ ես, մայր Թենի, չէի կասկածում․ անշուշտ աղոթում էիր խեղճ կապյալների համար։

ԹԵՆԻ. Այո՛, զավակս։

ՌՈՒԶԱՆ. (Շանույշին) Շանուլշ, դու գնա’. ես կաղոթեմ և կվերադառնամ Թենիի հետ։
ՇԱՆՈԻՅՇ. Թող աստված լսե քո աղոթքը, իմ բարի տիրուհի։ (Հեռանում է) :


ՏԵՍԻԼ Դ
ԹԵՆԻ և ՌՈՒԶԱՆ


ՌՈՒԶԱՆ. (հուզված) Թենի, մա՛յր Թենի, այս ի՛նչ վիշտ հասավ մեզ... ամեն բան իմացար, այնպես չէ՞...
ԹԵՆԻ. Այո՛ զավակս...
ՌՈՒԶԱՆ. Այժմ ասա՛, ի՞նչ անեմ, ո՞ւր դիմեմ իմ դժբախտ գլուխը ողբալու համար։
ԹԵՆԻ. Հանգստացիր, որդյակս, աստված ողորմած է. նա չի զլանալ մեզ յուր օգնությունը:
ՌՈՒԶԱՆ. Հանգստանա՞մ... օ՜, մի ասիր այդ, Թենի, ինչպե՞ս կարող եմ ես հանգստանալ, քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից մահն իմ պատճառով յուր ահռելի շնչով պիտի մոտենա հազար անմեղների, քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից բյուր հայի բերան անեծք պիտի կարդա իմ անվան... Օ՜, ինչո՛՛ւ մայրս ինձ ծնեց. ինչո՞ւ ինձ կյանք տվող վայրկյանը՝ չեղավ ինձ մահաբեր... իսկ այժմ ինչո՞ւ արգելեցին ինձ. ինչո՞ւ թույլ չավին այս թշվառությունը բառնալու... Մի՞թե ես կկամենայի մատնել ինձ գազանին, եթե չիմանայի, թե իմ հայրն անզոր է՝ յուր երկիրը փրկելու։
ԹԵՆԻ. Սիրելի զավակս, դու, արդարև, կամեցար բարի գործ կատարել, քո զոհն, անշուշտ, հաճելի կլիներ աստծուն. բայց ի՞նչ արած, ծնողների սիրտն էլ քարից չէ տաշած, նրանք չէին կարող թույլ տալ քեզ՝ այդ անել։
ՌՈՒԶԱՆ. Իսկ դու, մայր Թենի, չէ՞ որ այս զոհը կարևոր ես համարում։

ԹԵՆԻ. Անշուշտ, որդյակս, լավագույն է, որ մարդ ինքը միայն մեռնի, քան յուր պատճառով հազարավորներ։

ՌՈՒԶԱՆ. (փարվելով Թենիին) Օհ, շնորհակալ եմ, մայր Թենի. ուրեմն դու ինձ կօգնես այս սուրբ գործի մեջ, այնպես չէ՞։
ԹԵՆԻ. Կօգնե՞մ... ինչո՛՛վ, աղջի՛կս։
ՌՈՒԶԱՆ. Ցույց կտաս ինձ մի փախստյան ճանապարհ...
ԹԵՆԻ (ինքն իրեն) Անշուշտ աստված է կամենում, որ այս աղջիկը զոհվի։ (Ռուզանին) Փախստյան ճանապա՞րհ... ի՞նչ ես խոսում, զավակս, մի՞թե կարող եմ։
ՌՈՒԶԱՆ. Աղաչում եմ Թենի, ի սեր աստծո, ի սեր այն խաչին, որի վրա Փրկիչը բարձրացավ. խոսի՛ր, ցույց տուր ինձ մի ելք. դու ավելի տեղյակ ես ամրոցի անցքերին. իմ սիրտը հուզված, ուղեղը շփոթված է. ես ոչ մի ելք չգիտեմ...
ԹԵՆԻ. Աղջիկս, դու ինձ երդվեցրիր զարհուրելի երդումով, պիտի կատարեմ խնդիրդ...
ՌՈՒԶԱՆ. Պիտի կատարե'ս. բարի. ուրեմն խոսի՛ր, ասա՛, ո՞րտեղից կարող եմ ես ելնել։
ԹԵՆԻ. Այս մատուռի ավանդատունը ունի մի պատուհան, որ հանում է դեպի կաղնիների անտառը։ Իսկ այդտեղից մի կածան իջնում է ուղղակի թշնամու բանակը...
ՌՈՒԶԱՆ. (ուրախացած) Ա՜հ, հիշում եմ, իրավ որ այդտեղ կա մի ցածուն պատուհան։ Շնորհակալ եմ, մայր Թենի, անհուն շնորհակալ։ Դու ուրեմն ճանապարհը բացիր ինձ համար և իմ հոր ժողովուրդն ազատված է քո շնորհիվ... Օրհնյալ է աստված, որ ողորմեց մեզ յուր անհուն ողորմությամբ։ Բայց քեզնից, մայր Թենի, ունեմ դարձյալ մի խնդիր։
ԹԵՆԻ. Դարձյալ մի խնդի՞ր։
ՌՈՒԶԱՆ. Ամենավերջինը...
ԹԵՆԻ. Ի՞նչ, սիրելի՛ս...
ՌՈՒԶԱՆ Տուր ինձ քո ա՛յն մատանին, որի մեջ ասում էիր, թե թույն կա պահված։

ԹԵՆԻ․ (նայելով մատի վրա մատանուն) Այս մատանի՞ն, բայց ինչո՞ւ է պետք։

ՌՈՒԶԱՆ․ Տո՛ւր ինձ, աղաչում եմ, դա կարող է ինձ փրկել։
ԹԵՆԻ․ Փրկե՞լ, ինչի՞ց։
ՌՈՒԶԱՆ․ Դժոխքից, գեհենի կրակներից։
ԹԵՆԻ․ Չեմ հասկանում խոսքերդ։
ՌՈՒԶԱՆ․ Օ', շո՛ւտ, ժամանակն անցնում է։
ԹԵՆԻ․ (անզգայաբար հանելով մատանին և տալով Ռուզանին) Ահա՛, բայց ասա’, ինչի՞ համար ես ստանում այն։
ՌՈՒԶԱՆ․ (արագ քրքրելով մատանու պսակը) Ասում էիր, որ այստեղ, այս գոհարի տակն է պահված, այնպես չէ՞։
ԹԵՆԻ․ Այո այդտեղ կա զորեղ մահաթույն, բայց ինչո՞ւդ է պետք այն։
ՌՈՒԶԱՆ․ (պահելով մատանին) Ա՜հ, շնորհակալ եմ քեզանից, մայր Թենի։ Երբ իմ զոհաբերության գնով փրկված կլինի այս երկիրը, ա՛յն ժամանակ ես կօգտվիմ քո այս նվերից՝ անհավատ գազանին չմատնվելու համար․․․ այժմ մնաս բարով։ (Շտապով մտնում է մատուռը և դուռը ետ դնում):
ԹԵՆԻ․ Բայց դու.. իշխանուհի..․


ՏԵՍԻԼ Ե
Թենի (Միայնակ)


Չլսեց, աստված իմ... (Շվարած): Ի՜նչ արի ես, արդյոք չսխալվեցա՞, արդյոք նա չշփոթեցրե՞ց ինձ... Մի՞թե ցույց պիտի տայի ճանապարհը․․․ բայց Պապաքն ասաց, թե մեր բոլորի փրկությունը կախված է նրա զոհաբերությունից։ Այո՛, այդպես է. բայց մատանի՜ն․ մի՞թե պետք է տայի նրան։ Արդյոք դրանով մի ոճիր չգործեցի... (Մտածում է) Կարծեմ՝ ոչ. ընդհակառակն․․․ եթե Ռուզանը զոհում է իրեն՝ մեզ ազատելու համար, ապա ես էլ ազատում եմ նրա արդար հոգին։ Թող ուրեմն իմ խիղճը չտանջե ինձ իզուր...


Վարագույր

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռուզան"

Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос

Без названия
Без названия
Играть онлайн