Atrpet

Ժառանգներ

(Թուրքահայերի կյանքից)
ՔԵՀՅԱ
Ա

Ես ողջ, առողջ… թողնեմ, որ Կարճ-Օհանի աղան՝ այն խլնքոտ Մինասը քեհյայությունը ձեռքիցս խլե՞։ Ես, Ամիրխան քեհյայի փեսաս, յոթ պորտով քեհյաների օջախի վերջին ծուխը, իմ աներոջ` գզիրի, որդու առաք գլուխ իջեցնե՞մ․․․ Չե՛, ավելի լավ է չապրել, քան թե Մինասի հրամանները կատարել։ Յոթը տարվա մեջ տասնեյոթն անգամ ես մտրակիս տակ նրա մեջքի կաշին եմ պոկել, հիմի ինչպե՞ս նրա առաջ վիզս ծռեմ… Անօրեն ծխեր, Թեմրանը կվառեմ, ողջ գեղը մոխրի կույտ կշինեմ, ծծի կաթնակերին ու անդամալուլյծներին անգամ չեմ խնայիլ և չեմ թույլ տալ, որ ձեր կամքը կատարվի, ձեր նոր ընտրածը իմ գլխին հրամաններ կարդա։ Դուք ձեր ուզածն արիք, այն խլնքոտին հաստատել տվիք, արդար իրավունքս ձեռքիցս խլեցիք, դե՜հ, տեսնենք, կկարողանա՞ք ձեր նպատակին էլ հասնել, թե ոչ…

Այսպես շարունակում էր Քյալաշը՝ նախկին քեհյան, յուր մենախոսությունները, չարդախում ման գալով և ագահաբար չիբուխից ծխախոտի ծուխը ծծելով, երբ ներս մտավ նրանց մշակ Մրոն ու ասաց, թե ձիերը պատրաստ են։ Պաշտոնանկ քեհյան իսկույն տուն մտավ և լավ զինվելուց հետո դուրս եկավ, նստեցին ձիերն ու Մրոյի հետ ճանապարհ թնկան Քղի՝ գավառական ավանը։

Թեմրանցիները վախ չունեին իրենց նախկին բռնավոր քեհրայից, վալիից հրաման էին դուրս բերած գայմագամի վրա, որն իսկույն գյուղի վարչության ղեկը հանձնել էր Մինասին, որին գյուղացիք սրտանց հարգում էին նրա արդարասիրության համար։ Ղայմաղամը չէր կարող միջամտել այս դատում, և Քյալաշն էլ երբեք չէր կարող գրառվել գյուղացոց, որ կարողանար կրկին բարձրանալ գյուղապետության բարձին։ Կաշառակերության, անիրավ պահանջներին, անտեղի տուրքերին և հարկերին վերջ էր տրվել, վաշխառուները, հարկահանները, մուբաշիրները (աշար՝ տասանորդ հավաքող) էլ իրենց ընկերակից չունեին Թեմրանի քեհյա Քյալաշին, և գյուղացիներն ազատվել էին քեհյայի արտերը ամենից առաջ անվարձ վարելուց, ցանելուց, քաղելուց ու կրելուց։

Հայտնի բան է, այս բոլորը մեծ ցավ էր Քյալաշի համար, բայց նրան ավելի վշտացնում էր յուր պարտությունը, նա գլխիկոր չէր կարող տանել յուր դրացիների ծաղրալի արհամարհանքները։ Քյալաշը անդադար մտրակում էր յուր նժույգը նեղ կածաններից, ժայռոտ զառիվայրերից թե՜ վեր, թե՛ վար, դեպի նպատակատեղին, անմռունչ և մտազբաղ։ Նույն օրը, երկու֊երեք ժամից հետո, մի նեղ ձորից մտան Քղի ավանը և ծուռումուռ փողոցներից անցնելով բարձրացան գյուղի ամենաբարձր թաղը, ջրաղացների շարքում, նախկին թնդանոթի ձուչարանի մոտ, և մի փոքրիկ խրճիթի առաջ ձիերից իջան։ Այդ միջոցին խրճիթից դուրս եկավ մի թխադեմ կին, որն աղբի քթոցը շալակը կտուրն էր բարձրանալու՝ աթար թխելու համար։

Ֆաթի՛, Մամո բեգը տա՞նն է, հարցրեց Քյալաշը, որին փոխանակ պատասխան տալու, քրդուհին կեղտոտ լաչակի պոչով երեսը մասամբ ծածկեց և, խրճիթի դուռը կիսատ բանալով, կանչեց ամուսնուն.

Կոռո Մամո՛, Կոռո Մամո՛ (ծո Մամո՛), և առանց ուշք դարձնելու յուր անկոչ հյուրերին, առանց քաշվելու գնաց յուր գործին։ Մի քանի վայրկյանից հետո դուրս եկավ Մամոն, հյուրերի ձիերը ներս քաշեց, հրավիրեց ախոռի օդան և նրանց տակ խոտերի վրա երկու կտոր պատռած խսիր փռելով, նստեցրեց։ Թե ի՞նչ խոսեցան կամ ի՞նչ պայմանավորվածություն ունեցան հայտնի չէ, բայց նույն գիշերը մի լավ մուշտակ գնեց Քյալաշը Մամոյի համար, հանեց նրա հագի փալասներն ու չլերը, նոր լաթերով զուգեց, զարդարեց և առաջ ընկած տարավ ղայմաղամի մոտ։ Ղայմաղամը Քյալաշի խնդիրը չմերժեց ու նրա ծրագրի համաձայն մի թուղթ գրեց վալիին, հայատնելով որ անհրաժեշտ էր մի օգնական ունենալ Թեմրա նման հարյուր քսան տնվոր հայ գյուղում, որը մի երկու տասնյակ հայ գյուղերով էր շրջապատված։ Նամանավանդ որ, այդ օգնականը ծանրանալու չէր գանձարանի վրա, Մամո բեգը առաջարկում էր յուր պատրաստակամ ությունը անվարձ ծառայելու խալիֆին ու երկրին։ Ղայմաղամի առաջարկությունը այնպիսի ձև ուներ, որ վալին չկարողացավ մերժել և մի ամիս չանցած վիլայեթի մեջլիսի (ժողով) կողմից հրամանագրեց ղայմաղամին հանձնել Մամոյին Թեմրանի և շրջակա գյուղերի վերատեսչության պաշտոնը։

Ղայմաղամը վալիի հրամանը ստանալուն պես կանչել տվեց Թեմրանի և մոտակա գյուղերի քեհյաներին, նրանց առաջ կարդաց վալիի հրամանը և Մամոյին հրավիրեց օր առաջ ստանձնել յուր պաշտոնը։ Թշվառ գյուղացիք անճրկեցան մնացին, երբ նկատեցին իրենց հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչների կնիքները վալիից ուղարկված հրամանի տակ։

Be the first who will comment on this

Other parts of "Ժառանգներ"

Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

Girls with flowers, 1964
Girls with flowers, 1964
Play Online