Atrpet

Ժառանգներ

ԲԱԳ, Ժ, ԺԱ, ԺԲ
Ժ

Տարիները իրար ետևից գլորվում էին, բնությունը ինչպես յուր հարկը պահանջում էր հասածներից, այնպես էլ առատապես վճարում էր յուր տուրքը դեռահասներին։ Աննմանը՝ փոքրիկ հովվուհին, արդեն մտել էր յուր տասնևհինգերորդ գարունը։ Նա փթթել էր դեռահաս վարդի կոկոնի նման, բարձրացել էր Երիզայի Անահիտին նվիրված մշտադալար անտառի գեղատեսիլ նոճիների նման և զարդարվել Մուրադ գետի ափերում աճող նունուֆարի նման։ Բնությունր յուր բոլոր գեղեցկություններով մարմնացել, բնակություն էր հաստատել այդ քնքուշ հրաշակերտի մեջ, որի ամեն մի հայացքը, ամեն մի շարժումր, ամեն մի խոսքր խոնարհեցնում էին նրան դիտող աչքերը, ծնրադրել էին տալիս և ձայնը թնդացնում ապառաժի նման անզգա սրտերն անգամ։ Թեև հարավի հրատապ հողմերը և կիզիչ արևը նրա ձյունի նման սպիտակ մորթի վրա հովվական տարիներում թողել էին իրենց կնիքը, բայց Աննմանը տնական կյանքում ավելի գեղեցկացել էր, ընդունելով Շիրակի ցորենի զվարթադեմ գույնը։ Նրա մինչև կրունկներր հասնող սաթի նման սև մազերր, նրա լայն ճակատը, կամար ունքերը, խոշոր աչքերը իրենց երկար թարթիչներով, վարգից էլ կարմիր այտերն ու շրթունքները թովում էին դիտող մահկանացուների աչքերը և գրավում սիրտն ու հոգին։ Նրա հետ շնշելը, նրա հետ հառաչելր, նրա ամբրոսական բուրմունքը ծծելը, նրա հետ գրկախառնվելը կարող էր ամենաթշվառ արարածին թևեր տալ և սերովբեական թռիչքներով երկինք բարձրացնել։

Բայց Աննմանի սիրտը փակված էր աշխարհի համար, նա ժամանակից վաղ բռնված էր, գրավված էր և այդ պատճառով շուրջը միայն զմայլմունք ու սրտի խորքերից դառն հառաչանք էր սփռում։ Նա, որ ծնողներին կորցնելուց հետո աշխարհի երեսին սերն ու գորովը ամփոփել էր միայն եղբոր՝ Արտաշի վրա, չէր էլ կարողանում բացատրել, թե ինչի այնքան համակրում էր Օհան ամիի կրտսեր որդուն՝ Ավագին, որն արածեցնում էր Սուլոյի ոչխարները, հետևելով Արտաշի րնթացքին։ Ավագն ու Արտաշը մի օրվա երեխաներ էին, այդ բանը իրենց ծնողներից շատ անգամ լսած լինելով, թեև եղբոր նման ընկերներ էին դարձել իրար հետ, բայց Արտաշը շատ անգամ յուր մտքում նախանձում էր, երբ նկատում էր, որ քույրը իրեն վրա ունեցած սիրուց բաժին էր հանում նույնպես Ավագին։ Սարի լանջերում, պաղ աղբյուրների կողքին, երբ նստում էին իրենց սոխ ու հացով ճաշելու, Աննմանը պարզաբար ասում էր.

Արտա՛շ, կա՛ց, թո՛ղ Ավագն էլ գա, միասին ճաշենք: Արտաշը թեև լսում էր քրոջը, բայց յուր մտքի մեջ խորհում Էր և չէր կարողանում բացատրել այդ համակրության պատճառները։

Երբ Արտաշին հանձնեց Մամոն Ամիրխանենց կայքերի կառավարչությունը, Ավագը թողեց Սուլոյի հոտը և սկսեց արածեցնել Արտաշի ոչխարները։ Ամեն առավոտ, երբ Աննմանը պաշարը տալով ճանապարհ էր գցում Ավագին, ասում էր.

Տե՛ս, գառներիս լավ պահպանի՛ր, չլինի՛ թե նրանց գայլը տանե։ Մի քիչ հեռանալոլց հետո ետևից կանչում էր.

Ավա՛գ, շատ մի ուշանալ, ոչխարները շուտ տուն բեր կթելու։ Շատ անգամ, երբ Ավագը ոչխարի գլուխը բռնած կանգնած էր լինում, Աննմանը նրա ներկայության ուրախութ յունից հրճված և ամեն վիշտ ու հոգնածություն մոռացած, ոչխար կթելով ասում էր.

Ա՛յ տղա, ոչխարները քու թևի տակ գառի պես խելոք կանգնում են, քեֆս գալիս է կթելիս, իսկ անշնորհք Օհանի գրկից թողնում փախչում են, կաթն էլ թափում։

Ավագը սիրուց հարբած, թովված՝ շատ անգամ լռում էր և երբեմն-երբեմն էլ կցկտուր պատասխաններով բավականանում.

Այդ նրա համար է, որ դու․․․ Արտաշը բանի էությունը հասկանալով, Ավագից ոչխարները ետ առել, տվել էր ուրիշ հովվի և սրա հետ ընկերանալով, միասին էին կատարում վարուցանքը։ Ավագը զրկվել էր Աննմանի հետ ազատ տեսակցելուց ու խոսակցելուց, երջանիկ օրերը արդեն պաշտոնական ձևերի էին փոխվել, և նրանք պատրաստվում էին շուտով իրենց մուրազին հասնելու։ Քրոջ այնպես բուռն սերը և նրանից այնքան շուտ բաժանվելու և առանց տանտիկնոջ մնալու հարցը այնպես էր ազդել Արտաշին, որ վճռել էր ինքն էլ ամուսնանալ, և Աննմանը հանգամանքների հետ ծանոթ լինելով հայտնել էր եղբորը, որ ինքը տանից չի դուրս գալ, մինչև որ նա հարսը տուն չբերե և յուր ձեռքով տան ամեն կարգն ու սարքը չհանձնե եղբոր կողակցին։

ԺԱ

Աննմանը բոլորովին իրավացի և արդարացի էր համարում յուր պնդումները։ Նա, որպես հայի աղջիկ, չէր ուզում, որ յուր հոր օջախի ծուխը, որը թեև մի կարճ ժամանակ կտրել էր թշնամին, բայց ինքը եղբոր հետ նորից բարձրացրել, իր հեռ անալովը դարձյալ մեռելության դատապարտվի։ Նա սրտի վշտից կմեռներ, եթե յուր մատաղ տարիներում կարգած ու սարքած տունը առանց կառավարչի մնալով, կործանման դատապարտվեր՝ կամ եղյբայրը, առանց օգնականի մնալով, հուսահատության մատնվեր։ Բացի այդ, նրա սիրահար աչքերը, որոնք վարժված էին յուր նմանների սրտի խորքերը թափանցելու, արդեն վաղ նկատել էին եղբոր՝ Արտաշի սրտի գրավված լինելը։ Աննմանը յուր հեռատեսությամբ շատ վաղ դիտել էր և նկատել, թե ինչպես Արտաշի քայլերն ակամա ուղղվում էին միշտ Մինասենց դռան առաջից, թե ինչպես նրա վախկոտ հայացքները որոնում էին Անահիտի դեմքը։

Արտաշը սիրահարված էր, ինչպես ջերմ կերպով սիրահարվում են տասնևութ տարեկան պատանիները, և Մինասի աղջիկը՝ Անահիտը, համապատասխանում էր նրան։

Արտաշը սրտի խորքերում յոթ ամիս փայփայած այս գաղտնիքը չկարողացավ ծածկել քրոջից, որը եղբորից երեք-չորս տարով առաջ գաղափար էր կազմել սիրո մասին և պաշտում էր անհուն սիրով։ Սերը Արտաշի հոգեկան բոլոր զգացումները վերափսխել էր և նրա մտավոր հայացքներն ընդարձակել։ Նա անհագ խմելով սիրո բաժակը, հարբել, սկսել էր երևակայել, երազել և մակաբերել այն ապագան, որն իրենց էր սպասում։ Նրա վառվռուն երևակայությունը ի՜նչ զմայլելի և ի՜նչ զարհուրելի տեսարաններ չէր պատկերացնում, ի՜նչ սոսկալի մտքեր չէր ծնեցնում նրա գլխում։ Արտաշի սրտում, սիրո աճած ամիսներում, ինչ տեսակ նոր-նոր մտքեր չէին աճում նրա գլխումը կյանքի, վայելքի, գոյության և ապագայի մասին․․․ Նա շատ անգամ խորասուզվում էր այդ մտածությունների ծովում և ժամերով, օրերով չէր կարողանում խաղաղության ափը հասնել․․․

Այսպիսի րոպեներում նրա մտքի առաջ ներկայանում էր իսկույն գոռոզ հայրը, որի առաջ խոնարհվում էին ոչ միայն թշվառ գյուղացիք, այլև շատ անգամ բեգերն ու պաշտոնականները։ Հիշում էր և հոր ձերբակալվելը, հայրական տան կործանումը և իրենց ստրկական վիճակը Սոնայի և Հասոյի դռանը։ Այս տեսարաններին հաջորդում էին այն սոսկալի անցքերը, որոնք պատահել էին իրենց հարևանների և շրջակա գյուղացիների հետ, և այս բոլորից հետո նա զգում էր կատարելապես իրենց վիճակի անապահովությունը, իրենց ամենազարհուրելի կացությունը։ Նա բավական կլիներ, եթե յուր մշակած հողի արդյունքից մի քսաներորդ բաժինը իրեն թողնեին, յուր երևակայած երջանիկ ընտանիքը խաղաղությամբ կերակրելու համար, բայց փորձը և մտածմունքները բերին նրան այն եզրակացության, որ ինքը մի կատարյալ ստրուկ է, որի ոչ միայն ինչքը, բոլոր աշխատության պտուղը պատկանում էր յուր տիրոջը, այլև ինքը, կինը, որդիքը, սերունդը կույր կերպով հնազանդվելու, ծառայելու և իրենց բռնակալ բեգի ամեն պահանջները կատարելու պարտավոր են։ Նա ծախված գերուց է՛լ սոսկալի էր գտնում յուր դրությունը, որովհետև փողով գնած գերու տերը, յուր փողի սիրուց ստիպյալ կերակրում, հագցնում և պատսպարում էր յուր գերիներին իրենց արժեքի համեմատ, բայց Մամո բեգը ոչինչ չէր կորցնի, եթե չգնած ստրուկներից մի քանի տասնյակներ սովից կոտորվեին։

ԺԲ

Մամոյի կինը, արաբի նման թխամորթ և կեղտոտ Ֆաթին, թեև մինչև վերջը համառացել, չէր գնում իրեն դավաճանող ամուսնու մոտ և չէր էլ տալիս զավակներին իրենց հորը, դիմադրելով մինչև անգամ շերի դատարանին, բայց որդին՝ Փրթոն, տասնևվեց տարեկան ժամանակը թողել էր մոր աղքատ ու խեղճ տնակը և փախել գնացել հոր սարայը։ Շռայլ և զեխ կյանքը, մետաքսի և ասվի խայտաճամուկ շորերը, ոսկեթելով զարդարված շեքմանն ու աբան գրավել, հափշտակել էին պատանու սիրտը, և նա մոռացած թշվառ մոր սերն ու գգվանքը, քաղցած քույրերին ու եղբայրներին, ամեն ջանք գործ էր դնում հոր սիրտը գրավելու։ Մամոն, որ յուր հարճերից և աղախիններից ծնված զավակների մեջ յուր տիպարը չգտնելով, խեղդել էր տալիս հարեմի նկուղներում ծնողների հետ միասին, Փրթոյին դռնից վռնդելու չափ անգութ չգտնվեցավ, որովհետև նա չէր էլ ուզում հասարակական խոսակցության և ատելության նյութ դառնալ յուր տմարդի ընթացքով, այդ պատճառով ուրախ դեմքով ընդունեց և նրա համար սարայում առանձին բաժին հատկացրեց։ Թեև երկար տարիներ իրարից հեռու ապրելով, հոր և որդու մեջ սառնասրտություն էր տիրում և նրանց հարաբերությունները միշտ կեղծ, շինծու բնույթ ունեին, բայց երկուսն էլ իրարից կախում ունենալով, իրար հետ զվարթերես էին տեսակցում։ Մամոն, որ աշխարհի երեսին և ոչ մի անկեղծ ու հարազատ բարեկամ չուներ, երբեմն հույս էր տածում, որ դեռահասորդին կարող էր նրան ջերմ սրտով պաշտպան կանգնել, կարեկցել և նեցուկ դառնալ զառամյալ օրերում։ Բայց այդ հույսը ցնդում էր, երբ մտածում էր, որ որդին ժառանգությունը և իշխանությունը հոր ձեռքից խլելու համար կարող էր նրան մի հարվածով կամ մի պտղունց թույնով քնեցնել, էլ չզարթնելու պայմանով։

Որդին, հիշել ով մոր քաշած անտանելի տանջանքները, աչքի առաջ բերելով այն սև օրերը, երբ մուրալով ձեռք բերած մի կտոր չոր հացը սառը ջրի մեջ թրջելով, դառն արտասուքը աչքերին, կերել էին մայր և որդի, անդադար հառաչելով, չէր կարողանում համոզվել, որ անկեղծ սրտով և հաստատ լինեին անգութ հոր շողոքորթ վարմունքները։ Եվ այս կեղծ հարաբերությունները շարունակվում էին, աշխատելով իրար անկեղծության վրա մեկմեկու խաբել։ բայց Փրթոյի գալով է՛լ անտանելի դարձավ Մամոյի վիճակը։ Նրա անթիվ ստորադրյալները, որոնք բեգի անունով Հավաքված զանազան տուրքերից մի քառորդ բաժին անդամ չէին հասցնում պատկանելույն և միշտ տրտնջում էին, իբր թե գավառի բոլոր եկամուտները կուլ էր տալիս մենակ ինքը՝ Մամոն, սկսեցին ավելի քրթմնջալ, ապագա ժառանգը հոր թևի տակ նկատելով։ Նրանք մինչև այդ ժամանակ նրա համար գլուխները կախած յոլա էին գնում, որովհետև ամեն մեկը իր սրտի խորքում թաքցրած և ծածկած նպատակ, հույս ուներ, բայց երբ տեսան անգութ Ֆաթիի արյունով ու թույնով դիեցրած ձագը, սթափվեցան իրենց հուսախաբությունից և սկսեցին իրենց սրտի կրակը թափել ոչ միայն այն թշվառ ժողովրդի գլխին, չորս անգամ ավելի ծանր-ծանր պահանջներ դնելով, չարչարելով և տանջելով, այլ բեգի՞ սնդուկին հասանելի եկամուտի՝ առաջները հասցրած տուրքի քառորդ բաժնից էլ պակասեցրին։ Փրթոյի գալով, բավական չէր նոր բացված ծախսերը, բեգի հեռավոր բարե կամներն էլ սկսել էին մեծ-մեծ պահանջներ անել, իսկ ե կամ ուտը ոչ միայն չորս անգամ նվազել էր, այլև թշվառ գյուղացիները այն աստիճանի դատարկվել, կողոպտվել էին, որ նրանցից մեծագույն մասը սովից աղատվելու համար ցրվել էր շրջակա գավառները՝ բանվոր մտնելու և մուրալու։ Մամոյի այս աննախանձելի դրությանը հաջորդեց մի մեծ և հուսալի մխիթարություն։ Փրթոյի նշանածի ընտրությունը նրան նոր ոգի ներշնչեց և այդ բանը նենգավոր հորը անչափ ուրախություն պատճառեց, որովհետև նկատում էր, որ խորամանկ որդին հոր ձեռք բերած հարստության և աստիճանի հետ ուզում էր է՛լ պինդ շղթաներով կապվել։

Be the first who will comment on this

Other parts of "Ժառանգներ"

Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Girls with flowers, 1964
Girls with flowers, 1964
Play Online