Atrpet

Ժառանգներ

ԲԱԳ Դ, Ե, Զ
Դ


Արտաշը բաց օդի մեջ, բարձր լեռների լանջերի վրա, ազատ մտավոր զբաղմունքներից՝ աճեցավ, լցվեցավ ու զվարթացավ և սկսեց անվախ յուր հովանավորության հանձնած ոչխարի վրա հարձակվող աղվեսների, շնագայլերի և գայլերի վրա հարձակվել։ Նա մի անգամ մի գայլ տապալեց յուր մահակի մի հարվածով և նրա դիակը իրիկունը հետը տուն տարավ։ Սոնան գայլի մորթը երզնկացի վաճառականին տվեց, որի փոխարեն ստացավ մի լաչակ։ Այդ առևտուրը ուրախացրեց Հասոյին, որը պարտ դրեց Արտաշի վզին՝ ամեն օր մի այդպիսի որսով տուն գալ։ Այդ պատճառով Արտաշը հրացան ու վառոդ պահանջեց քրդից, որը շտապեց կատարել նրա ցանկությունը։

Դրանից հետո Արտաշն ու Աննմանը սկսեցին իրենց խաշները արածեցնել մութ անտառների մոտ, խոր-խոր ձորերում և այրերում, ապառաժների տակ։ Արտաշը առանց որսի և ոչ մեկ օր տուն չէր վերադառնում, իսկ Հասոն ու Սոնան միշտ զայրանում էին, թե քիչ որս էր տուն տանում։ Արտաշը նրանց նրանց նախատինքներից ազատվելու, ագահ սրտերը հագեցնելու համար կյանքն ամեն րոպե վտանգի ենթարկած մտանում էր ամենավտանգավոր այրերը, անտառների խորքերը, բարձրանում էր ապառաժների լանջերով և օրեցօր աճեցնում էր տուն տարած որսերի թիվը։ Այդ բոլորի մասին ոչ միայն մի գոհունակ նշան չէին ցույց տալիս Հասոն ու Սոնան, այլ Աննմանի հովվության ազատ ժամերին Արտաշի համար գառի բրդից մանած ու գործած բաճկոնն ու շալվարը խլում, հագցնում էին իրենց որդիներին, միշտ ասելով, թե նորից գործե եղբոր համար։ Եվ միշտ քույր֊եղբայր չէին արժանանում վայելելու իրենց աշխատությամբ ձեռք բերած բարու ամենաչնչին մասն անգամ։

Արտաշի լավ որսորդության, գնդակը ճիշտ նպատակին հասցնելու և աչքաբաց հովվության համբավը տարածվեց ամեն կողմ, ողջ գավառում սկսեցին խոսել նրա ճարպիկության, անվեհերության և արիության մասին։ Հասոն թեև Արտաշին երբեք ուրախ երես չէր ցույց տալիս, բայց քրդական շրջանում լիաբերան գովում էր յուր ռայայի գործունեությունը։ Արտաշի անվախության համբավը հասավ մինչև Մամոյի ականջը, որին Անթառամի հարազատ որդու այդքան արիաջանությունը մտածության առարկա դարձավ և չէր իմանում, թե ի՞նչ միջոցով մեռցնե նրա սրտի մեջ սնված այդ անվեհեր հոգին։

Ամիրխանենց հանդերը և ագարակները Մամոյի ձեռքն անցնելուց հետո այն բերքը չէին տալիս, տափերից էլ այն նախկին արդյունքը չէր ստացվում։ Պատճառը շատ պարզ էր. բրդերը վարուցանք անելու գլուխ չունեին, իսկ անտեր արտերում վարձու մշակների ցանած սերմերն էլ ճնճղուկներն ու մկներն էին ուտում։ Գործը այն աստիճանի էր հասել, որ Ամիրխանենց այնքան արտերի բերքը ոչ միայն բավականություն չէր տալիս բեգի բազմաթիվ ծառայողներին և ազգականներին, որոնց թիվը տարեցտարի բազմապատկվում էր, այլև գա՛վառի կողոպուտն էլ չբավելով, շատ անգամ Մամոն պարտավորված էր սայլեր, ջորիներ և էշեր ուղարկել հարևան նահանգները՝ փողով հաց գնելու։ Արտաշի ժրաջանությունը և աշխատասիրությունը նկատելով, Մամոն նրա ձեռքից խլեց Հասոյի տված հովվական գավազանն ու հրացանը և քրոջ հետ իրենց ավերակ տան մի անդուռ սենյակում զետեղելով, Ամիրխանենց բոլոր հողերի վարուցանքը կատարելը նրան հանձնեց։ Արտաշը պարտավորված դեսից, դենից հայրական տան կողոպուտների մնացորդներից հավաքեց մի քանի լուծ գոմեշ, եզ, գութան, արոր, սայլ, շղթա, կաշի և կամաց-կամաց սկսեց մի կողմից աշնան վար անել, գութանի մաճը բռնել և արտերը հերկել գարնան ցանքի համար, մյուս կողմից՝ ուրագն ու կացինը ձեռքին տունը կտոր-փշուր տախտակներով ծածկել, պատրաստել և գարնան հերկի պատրաստություն տեսնել։

Ե

Մամոյի բարեկամների, ազգականների, ծանոթների թիվը օրեցօր աճում էր։ Ձեռքերը ծոցերին, նրանք անգործ ու անհոգ ուտում, խմում, պատռում, թափում էին և նրանցից ոչ ոքի մտքովն անգամ չէր անցնում, թե իրենց ձրիակերությամբ անելանելի կացության մեջ էին գցում բեգին։ Բայց ովքեր էին այդ ձրիակեր ազգականներն ու բարեկամները, ինքը Մամոն էլ չէր իմանում։ Առավոտ վաղ հարավից կամ արևելքից մի դերվիշ, մի շեյխ, մի յուլեմա (գիտնական), մի մոլլա կամ մի որևէ էվլիա (երանելի) գալիս էր հետի, կամ էշի վրա բազմած ու իջնում հռչակ ստացած հյուրասեր և կրոնասեր Մամոյի դռան առաջ։ Իսկույն ընդունարանի դռները բացվում էին և ընդունում բեգի ներկայության։ Հյուրը մեծարվելուց և կերակրվելուց հետո օրհնում էր, մաղթելով բեգին երկնքից ուժ ու կարողություն և է՛լ բարձր փառք։ Շատ էր ուրախանում բեգը, երբ որևիցե փողով կամ գույքով նպաստ տալով, ազատվում էր այդպիսի անկոչ աղոթողների ճանկից։ Շատ անգամ դրանք պահանջողական ձևով խնդրում էին, որ իրենց հովանավորե բեգը, մի վայելուչ պաշտոն տա և մի կտոր հացի արժանացնե։ Բեգը պարտավորված էր այդպիսի դիմողների համար մի-մի պաշտոն, մի-մի աստիճան հնարելով զետեղել իրեն հովանավորությանը հանձնված գյուղերում։ Ամեն մի հայ գյուղում արդեն Մամոյի մինիատուր մի-մի փոքրիկ բեգ Էր գտնվում՝ թշվառ գյուղացիների օրապահիկ պատառները կտրելու։ Շատ անգամ Մամոն ստիպված էր լինում ամիսներով, տարիներով այսպիսի հյուրերին յուր տանը կերակրել, մինչև մի հարմարավոր պաշտոն բացվիլը։

Միայն իսլամական կրոնականների քողի տակ ծածկված հացկատակ տզրուկները չէին Մամոյի դուռը բախողները: Մեջ գիշերին կամ արևագալից քիչ առաջ հանկարծ մի ձիավոր իջնում էր Մամոյի հարեմի դռան առաջ և սաստիկ կերպով բախում այդ մահկանացուներին անմատչելի բնակության դուռը։ Ներքինի նեգրը, յուր կոչումից պարտավորված, վեր էր կենում յուր հազիվ տաքացրած անկողնից, քթի տակ հազար ու մի անեծք և նզովք կարդալով, բաց անում դուռը։ Հանկարծ ներս էր մտնում ձիավոր չերքեզը՝ սպիտակ սավաններում պատած զոհը գրկումը, ասելով. «Էս էլ գյավուր հնկոյի աղջիկը»։ Թեև բակը միշտ աղոտ լույսով էր լուսավորված, բայց ներքինին, աչքերը ճմռելով, տեսնում էր հրեշտականման գեղանի օրիորդի անմեղ տիպարը։ Շատ անգամ զոհը նվաղած էր լինում, գլուխը կախ գցած, սև ունքերի տակ երկար, սև-սև թարթիչներով աչքերը փակված, դեմքը սպիտակ մարմարի նման, տխուր և անշարժ։ Երկար և սաթի նման փայլուն մազերը սփռված սավանի վրա, իսկ կիսով չափ բաց, փղոսկրի նման ողորկ և փայլուն կուրծքը հազիվ նկատվելու չափ բարձրանում և իջնում էր։ Ներքինին կանչում էր աղախիններին, որոնք իսկույն առնում էին զոհը չերքեզի գրկից և տանում նրա համար վաղօրոք պատրաստված ննջարանը, իսկ առևանգողը դուրս գալով կանանոցի բակից մտնում էր հյուրանոցը, որտեղ սպասում էր մինչև իրենց խոստացած պաշտոնին հասնելը կամ որոշված գինը վճարելը։ Ահա մի հայր, մի լեռնական քուրդ, դուստրը առաջը գցած, յար ոտքով բերում է զոհը հարեմի զենման սեղանի վրա զոհելու: Քրդուհին ողջ ճանապարհին լացել է, սգացել է յուր անողոքելի վիճակը, աղաչել է հորը, աղերսել է, արյուն–արտասուք թափել, բայց անգութ հայրը յուր դիրքը պաշտպանելու, յուր նպատակին հասնելու համար նախատինքներով ու սպառնալիքներով լռեցրել, խեղդել է նրա ձայնը կրծքի մեջ: Քրդուհին հարեմն է մտնում յուր սիրեկան հովվի տանջանքները ողբալու, յուր վիճակը սգալու, իսկ հայրը սարերի վրա վրանաբնակ հարևան հովիվների ոչխարները համրելու, հարկերը ժողովելու իրավունքն ստացած, վերադառնում է յուր վրանը։ Այսպես ամեն եկող, համաձայն յուր ճարպկության, ուտում, խմում, կողոպտում, տանում էր, ամեն պաշտոնական յուր ձեռքով ժողովածից նախապես յուր առատ բաժինը հանում, վեր էր առնում և ամեն գործակալ ու գործակատար իրենց գրպաններն ու քսակները լցնում, ուռեցնում էին։ Ամեն տեղ, ամեն պաշտոնյա միևնույն համոզմունքն ուներ. «Հացի հասել եմ, չուտելը հանցանք է։ Մեղրի տիկը դարտկողը պետք է մատները լիզե»։

Զ

Անկոչ ու անպետք պաշտոնականների թիվը այն աստիճան շատացավ Մամոյին հանձնված վիճակում, ձրիակերների և հացկատակների հաշիվն ու համարը այն աստիճան ստվարացավ և նրանք այն աստիճան ծանրացան բեգի վզին, որ գիշեր-ցերեկ նրա մտածության առարկա դարձան։ Նա կղերի շորերով ծպտյալ շեյխերի, մոլլաների, յուլեմների հետ երկար խորհրգակցելոլց հետո նրանց ցրեց յուր վիճակի շրջակա գյուղերն ու ձմեռանոցները, որպեսզի ժողովրդի մեջ հանրագրություններ բաց անեն և խնդրեն, որ՜ իրենց գյուղերի վերահսկողությունն էլ հանձնեն Մամո բեգին։ Թեմրանի տերտերին էլ, որի եղբոր ձեռքն էր անցել Քյալաշի քեհյայույան պաշտոնը, նրանց ետևից ուղարկեց, որ խրատե և քարոզե, որ բեգի հրամանները կուրաբար ընդունեն, հնազանդին և առանց քննության ստորագրեն առաջարկված թղթերը։ Բոլոր հարևան հայ գյուղերը, որոնք ականատես էին եղել Թեմրանի քարուքանդ լինելուն, որի բնակիչների երեք քառորդ մասը արդեն ցրվել փչացել էին, մնացորդների էլ տղամարդիկը, ուժեղ թևերը պանդխտության մեջ տապկվում էին, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի հարկերն ու խարջերը տալ, ստրկությունից ազատվել և հայրենի հողերը գրավականից ազատել։ Բայց ի՜նչ կարող էին անել, ձիավորները, շեյխերն ու մոլլաները կրակով ու սրով էին սպառնում անզեն ու անտեր ժողովրդին՝ կնքելու և ստորագրելու արաբերեն տառերով խազմզված մեծ-մեծ թղթերի վրա։ Քղիի ղայմաղամը, Արզրումի մեջ Մամոյի հաշվով քեֆեր անող պոլսեցի թուլումբաջին, ամեն միշոց գործ դրեց հաջողեցնելու յուր բարեկամի մտադրությունը, որից պարբերաբար ստանում էր քսակների լիբը-լիքը ծրարներ։ Այսպիսի միջոցներով թեև մեծացան, ընդարձակվեցան Մամոյի իշխանության սահմանները, բայց բազմապատկվեցան նույնպես նրա կարիքները, այնպես որ նրա եկամուտները չէին ծածկում նրա պարտքերը, որոնք օրեցօր անսպասելի կերպով աճում էին և բարդվում։ Նա այնպիսի հռչակ ստացավ, որ ոչ միայն պարտավորված էր յուր հրամանները կատարողներին, իրեն շրջապատողներին կերակրելու, հագցնելու, ցանկությունները հագեցնելու մասին հոգալու, այլ նաև յուր հեռավոր ծանոթներին, Քղիի, Արզրումի և Կ. Պոլսի պաշտոնականներին, կրոնականներին, Շամի, Մեդինեի, Մեքքեի իսլամականության մեջ հեղինակություն ունեցող հոգևորականներին էլ նպաստներ հասցնել տարին մի քանի անգամ, որպեսզի յուր կրոնի մասին ունեցած եռանդը ցույց տա և նրանց պաշտպանությունից չզրկվի: Մոլի իսլամական ժողովըրդի մեջ մի հոգևորականի աննպաստ քարոզը կարող էր նրա վարկը գցել թե՛ ժողովրդի և թե՛ վարչության աչքում, իսկ այդպիսի դեպքում նա դատապարտված կլիներ դարձյալ մի հյուղում քաղցածության մատնվելու։ Այդ պատճառով ոչ միայն Արտաշի ցանած ու վարած արտերը, Աննմանի տնտեսած եղն ու պանիրը, խաշների հոտը, ձիերի իլխին չէին բավականացնում նրան, այլ նա, միացած յուր գործակալների հետ, այնպես քամում էին թշվառ շինականներին նրանց աշխատություններով ձեռք բերված արդյունքները, այնպես բոլորովին հավաքում, լցնում էին իրենց ամբարները, որ թշվառները մնում էին տկլոր, բոբլիկ, լոկ ցամաք հացի և եղած բույսերի կարոտ։ Տարին տասներկու ամիս ծոմ ու պաս, տարին տասներկու ամիս հոգնած, չարչարված, աղի արտասուքները աչքերին, բոցակեզ հառաչանքներով տապակվում էին ալևոր ծերերը, պառավները, մատղաշները և մանկահասները, չկարողանալով իրենց ձեռքով պատրաստված բարու համն ու հոտն անգամ առնել, ոչ թե վայելել։ Եվ այդ բոլոր մուտքերը նրա պարտքերը չծածկելու պատճառով, նա պարտավորված էր միանալու զանազան ավազակային և հրոսակային խմբերի հետ, որոնք կողոպտում էին քարավանները, դատարկում էին տները, մերկացնում էին եկեղեցիները իրենց զարդերից, հրդեհելոՎ ավարի էին տալիս վաճառանոցները և մինչև անգամ քաղաքներում և գավառներում ծակում էին պետական գանձարանների առանց այն էլ դատարկ սնդուկները…

Be the first who will comment on this

Other parts of "Ժառանգներ"

Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Girls with flowers, 1964
Girls with flowers, 1964
Play Online