Atrpet

Ժառանգներ

ԲԵԳ Ա, Բ, Գ
Ա

Մինչդեռ Քյալաշը բանտի խորքերում գժվելու աստիճանի բորբոքված տառապում, տանջվում էր, մինչդեռ նրա աչքի առաջից և ոչ մի ակնթարթ չէր հեռանում յուր չարաշահ անցյալի զարհուրելի պատկերը, մինչդեռ բանտի այլ սենյակներում ողբալով սգում էին իրենց ընտանիքների սև օրը Թեմրանի համբաները, մինչդեռ կոծում էին գյուղի մանկահասներն ու հասակավորներն իրենց հոր, եղբոր, ամուսնի, որդու սոսկալի վիճակը, մի դժոխական բռնաբարություն էր կատարվում Ամիրխանենց տան մեջ։ Մամո բեգը յուր հրոսակներով մտնելով Անթառամի սենյակը, հափշտակեց նրան և նվաղած, անզգայացած տարավ յուր սարայը։ Նահապետական նվիրական օջախը պղծելուց, նրա զարդերն ու հարստությունները կողոպտելուց հետո, մնացորդը թողեց իր գործակատարներին բաժանելու… Քյալաշի որդին՝ Արտաշը, և աղջիկը՝ Աննմանը, որպես գերի տարվեցան բեգի հովիվների խրճիթները, իսկ զառամյալ քույրը ոտքի տակ ճմլվեցավ։ Մինչև լուսանալը, ոչ միայն դատարկեցին ավարառուները Ամիրխանենց տան կայքն ու կարողությունը, այլ նրա դռներն էլ քանդեցին, տարան։ Լուսադեմին Ամիրխանենց տունը ավելի ավերակի, քան թե բնակարանի էր նման… Նույն գիշերը ավարառության ենթարկվեցին գյուղացիներից շատերի տները և մի քանի ունևորների գեղանի աղջիկներին հարճ տարին Մամոյի արբանյակները…Սուգը, ողբն ու կոծը ընդհանուր էր և վշտի սաստկությունը մոլորեցրել էր ամենքին։ Ամեն մարդու սրտի խորքերից անվերջ հառաչանքներ էին բարձրանում, ամեն շրթունքներից անեծքներ էին թափվում անգութ դահիճների գլխին և ոչ ոք չէր կարողանում մի ճար գտնել այդ գազանների ճանկերից իրենց սրտակիցներին ազատելու համար։

Անթառամը Մամոյի ննջարանում յուրաքանչյուր անգամ սթափվելիս ի՜նչ սոսկալի ցնցումներ էր կատարում, ինչպե՜ս բորբոքվում էին նրա թոքերը հարեմական վարագույրների ու որմերի մեջ նեխված օդը ծծելով, ինչպե՜ս մորմոքում էր նրա մայրական սիրտը, երբ նրա վառ աչքերը չէին նկատում շուրջը յուր սիրասուն զավակներին, ինչպե՜ս մթնում էին նրա աչքերը, երբ գազանաբարո դահիճը յուր զզվելի դեմքով ներկայանում էր նրան զանազան հաճոյախոսություններով՝ չի կարելի բառերով արտահայտել։ Նա երբեմն կատաղում էր մատակ առյուծի նման և ուզում էր հարձակվել-բզկտել յուր ձագերը հափշտակող, չարչարող, տանջող, անգութ դահիճներին բայց հարեմական երկաթե վանդակը արգելում էր նրա այդ ոստյունը, և նա բախվելով երկաթի հաստ ու պինդ ճաղերին՝ վիրավորում, կոտորում, փշրում էր յուր անձը, արյունլվա, կսկծից ու խոստուկից անզգայացած, դարձյալ ընկնում էր նվաղած, ուժասպառ դիակի նման։ Նրա ողբը, նրա կոծը, նրա մռնչյունն ու աղաղակը խեղդվում էին հարեմի պատերի մեջ և միայն անզգա որմերն էին լսում նրա ձայնը, միմիայն նրանք էին տալիս նրան իրենց տխուր արձագանքը։

Անթառամի ծայրահեղ ընդդիմությունները թեև տանջում էին Մամոյին և այդ պատճառով ահն ու երկյուղը չէր հեռանում նրա սրտից, գիշեր-ցերեկ անընդհատ հափշտակածին զսպելու և նրա սիրտը գրավելու մտքով էր զբաղված, բայց և այնպես չէր էլ հուսահատվում ջինգյանան, նա կարծում էր, որ վերջիվերջո կհաղթե այդ համառ հայ կնոջը։ Նախազգուշությունների համար Մամոն բոլորովին արգելեց, որ մի հայ մտնի յուր սարայը և կասկածելի անձնավորություններին բոլորովին հեռացրեց յուր դռներից:

Բ

Արտաշը տասներկու տարեկան էր, երբ Մամո բեգը քարուքանդ արավ նրանց տունը, հորը բանտարկեց և մորն էլ յուր հարեմը տարավ։ Նա ականատես եղավ այն բոլոր արկածներին, որոնք կատարվեցան գազանաբարո ավազակների ձեռքով։ Տեսավ նա հորը, երբ Մինասենց տանից կապկպած բանտ էին տանում, թե ինչպես հուսահատությունից գժվածի նման սկսեց հարձակվել իրեն շրջապատողների վրա, իրենց տան մեջ ինչպես մոր սիրտը անցավ, մարեցավ, թուլացավ ջինգյանայի գրկում, որը տարավ նրան յուր հարեմը, դիակի նման անշարժ ու անզգա։ Նա տեսավ, թե ինչպես ավարառուները մեջ գիշերին կատաղի երիվարներին իրենց մսուրքներից արձակում և անխնա մտրակելով տանում էին, ինչպես գութանավոր գոմեշներին ու լծկան եզներին մահակի տակ կոտորում և մղում էին իրենց տները, ինչպես իրար մեջ բաժանում էին մատակներին, կովերին ու ոչխարներին և լսեց անլեզու անասունների խրխնջոցը, բառաչը և մայոցը, որոնք կարծես բողոքում էին ավազակների դեմ, չէին հեռանում ախոռներից ու գոմերից և որոնում իրենց ձագերին… Նա տեսավ, թե ինչպես փշրում էին սնդուկները, քանդում էին սենյակներն իրենց զարդարանքներից, կոտորում, թափում, ոտնատակ էին տալիս կարասների միջի բարին, եղն ու ձեթը, թթուն ու աղունը, ալյուրն ու պանիրը և այդ սոսկալի րոպեներում անդադար տան այս անկյունից այն անկյունն էր քաշվում պաշտպանվելու և յոթ տարեկան քրոջը՝ Աննմանին, պաշտպանելու, ոտքի տակ չթողնելու համար։ Դեռ ինքը երեխա, եղբայրական և այրական պարտականությունը կատարելու էր պարտավորվել, դեռ ինքը պաշտպանության կարոտ, արենակցական սերը ստիպել էր իրենից թույլին պաշտպանելու հոգսը քաշել։

Ավազակները տունը բոլորովին մերկացնելուց հետո մի անկյունում երկուսին անբաժան կերպով իրար գրկած ու քնած էին գտել և առանց իրարից բաժանելու, որպես ավարի մաս, տարել գցել էին մի հովվի տուն։ Այն փափկասուն զավակները, որոնց ամեն մի պետքերն Անթառամը յուր ձեռքով էր կատարում, այն սիրասուն զավակները, որոնց ամեն մի ցանկություններին Քյալաշը հրամայում էր անմիջապես բավականություն տալ, այն մատաղահասները, որոնք մեծացել էին միմիայն գգվանքներով և փայփայանքներով, որոնց ականջները չէին լսել ո՛չ կոշտ խոսքեր, ո՛չ անառակ հիշոցներ, այն արարածները, որոնք ո՛չ ցրտի սաստկությունը և ո՛չ տոթի տապն էին զգացել, վայրենի հովիվների անարգանքներին մատնված, դատապարտվել էին ծառայելու և ստրկաբար կատարելու անզգա և անգութ տերերի անխիղճ ու անողորմ հրամանները։

Փետրվարի մեջերքին էր, երբ առաջին անգամ Մամոյի հովիվ Հասոն հրամայեց Արտաշին իրենց հիսունի չափ կթան ոչխարները տանել և արածացնել գետափում, ձորի մեջ։ Այդ առաջին անգամ էր, որ քեհյայի որդին, խլիկը թիկունքին գցած, մահակը ձեռին, գամփռների հետ ոչխարը առաջը խառնած, դիմեց դեպի ձորը։ Նրա պաշարը գարի հաց էր և լոռի փշրանք, որոնք հովվի կինը՝ Սոնան, զետեղեց խլիկի թիկունքից կախված գլխանոցում և ճանապարհ գցեց։

Աննմանը, որ մինչև այդ ժամանակ ոչ մի րոպե չէր բաժանվել եղբորից, սիրտը լցվեց և արտասուքը աչքերին, առանց ուշք դարձնելու Սոնայի սպառնալիքներին, վազեց եղբոր ետևից և նրա հետ ամբողջ օրը արևի, քամու և բքի տակ անցկացրեց։ Հովերի կատաղած ու ցրտի սաստկացած ժամանակը փոքրիկ հովիվը յուր խլիկի մեջ էր առնում քրոջը և երկուսով իրար փաթաթվելով, մեկ−մեկի տաքացնում էին։ Գամփռները, որոնք երբեմն−երբեմն շրջում էին ոչխարների չորս կողմը, չէին բաժանվում իրենց մանկահաս առաջնորդներից, որոնց ոտքի տակ պառկելով, աչքերը չորս կողմ չռած դիտում էին իրենց պաշտպանության հանձնված անզեն արարածներին։

Գ

Հասոյի կինը՝ Սոնան, երբ նկատեց, թե դժվար է բաժանել քրոջը եղբորից, նրանց մի քանի շաբաթ թողեց, որ միասին տանեն ոչխարը արածելու, նամանավանդ որ այդ օրերը ծնում էին ոչխարները, և մատղաշ գառներին իրիկունները հարկավոր էր գրկով տուն բերել, իսկ Արտաշը մենակ հո՞ չէր կարող երկու−երեք գառ գրկեր: Գործի պետք եկավ, նա արդեն սկսեց եղբորը օգնել և գրկով հովվի տունը տանել նորածին գառներին։ Գոհ էր Աննմանը, որ իրեն չէին բաժանում յուր եղբորից և մեծ ուրախություն էր պատճառում անմեղ երեխային, երբ քնքշիկ գառը գրկին վերադառնում էր տուն։ Քիչ ժամանակից հետո գառները արդեն շատացան և ժրացան, նրանք էլ կարող էին գարնանամտի քնքշիկ թարմ դալարները արածել։ Աննմանին էլ տվին մահակ ու գամփռներ և քույր ու եղբայր իրարից ոչ շատ հեռու շարունակեցին արածացնել կթան ոչխարներին ու նրանց գառներին։

− Աննո՛ (քրդուհին արդեն կրճատել էր նրանց անունները),− ասում էր Սոնան, չլինի՞ թե թողնես, որ գառները մոտենան ու ծծեն, հոգիդ կհանեմ։

Իրարից հեռու արածեցրե՛ք, Արտո՛, կաշիդ կքերթեմ, թե ոչխարները քիչ կաթ տան, ասում էր ամեն անգամ ճանապարհ գցելիս Սոնան Արտաշին։ Թշվառ երեխաները իրենց քաղցը հագեցնելու համար անգամ չէին համարձակվում ոչխարներին կթել, գարի հացը կաթով փափկացնել և ուտել։ Պետք էր տեսնել, թե որքան էր չարանում Արտաշը և ինչպես էր հարձակվում, երբ ոչխարներից մեկը, իր գառնուկի մկմկոցին չդիմանալով, մոտենում ու դիեցնում էր նրան։ Շատ անգամ զայրանում էր Աննմանը, դուրս էր քաշում մոր ծիծը և ասում․

Արտա՛շ, մեղք չէ՞ այդ անասունը, որ այդպես բաժանում, հեռացնում ես յուր ձագից։ Մոր կաթը յուր գառնուկին խնայում ես։

Իրիկվան, իրիկվան, ես ի՞նչ պատասխան տամ Սոնային, ասում էր հեռանալով Արտաշը։

Սոնան ի՞նչ է իմանում, թե գառնուկը ծծել է։

Նա սատանի աչքեր ունի, նա իմանում է ամեն բան։

Արտա՛շ, դու խիղճ չունի՞ս, չե՞ս լսում գառնուկի մըկըկոցը, տե՛ս, ինչպե՜ս վազում է մոր ետևից․․․

Արտաշը սլացած, հեռացած էր լինում շատ անգամ այսպիսի դեպքերում, և Աննմանը մենակ փաթաթվում էր գառնուկին, գգվում նրան և արտասվում։ Այսպիսի րոպեներում նա հիշում էր մորը, որի պատկերը երբեք չէր հեռանում յուր աչքի առաջից, հիշում էր Անթառամին, որը երբեք իրեն լալու չէր թողել և ոչինչ չէր խնայել, որին տեսնելու և կրկին գրկվելու փափագով տառապում էր թշվառ դուստրը երազներում անգամ, բայց անողորմ Մամոն արգիլել էր և իրենց շեմքից անցնելու անգամ չէր թողնում ողորմելի որբերին։

Քույր և եղբայր երկու տարի շարունակ ծառայեցին Սոնային, առանց մի օր, մի ժամ անգործ անցկացնելու, և այդքան ժամանակամիջոցում ոչ մի գայլ չկարողացավ մոտենալ նրանց գառներին, և ոչ մի դող՝ նրանց խաշներին։ Ամեն առավոտ վաղ, առանց տրտունջի և պահանջի, գլխները կախած, եղբայր և քույր, առաջները խառնած իրենց հանձնված հոտը, տանում էին ամենալավ արոտատեղերը, ժամանակին տուն բերում կթելու և կրկին դիմում իրենց գործին։ Տարվա մեծագույն մասը, գիշեր-ցերեկ անցկացնում էին բաց օդում, անձրևի, ցողի, եղյամի և ձյունի տակ, իսկ սաստիկ ցրտերին կովերի հետ պառկում էին տաք գոմերի սալահատակի վրա, առանց ծածկոցների։ Բացի խլիկից, ցրտի դեմ պատսպարվելու ո՛չ մի տաք շոր չունեին, կրծքերը, թևերը, սրունքները մերկ, ոտքերը բոբիկ անցկացնում էին տարվա բոլոր եղանակները մարգերում և քարքարոտ գետափում։ Քույր և եղբայր, բացի Սոնայի անողորմ հրամաններից, միայն իրար ձայն էին լսում, իրար հետ խոսակցում և իրար հաղորդում զգացածները, աշխարհի երեսին չունեին ոչ մի բարեկամ և ոչ մի ընկեր, բացի գամփռներից։

Be the first who will comment on this

Other parts of "Ժառանգներ"

Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

Girls with flowers, 1964
Girls with flowers, 1964
Play Online