Atrpet
Ժառանգներ
Ը, Թ, Ժ
Ամեն բան պատրաստ էր, Մամոն էլ տեղափոխվել էր յուր սարայը, միայն պակասում էր տան դշխուհին, մի տիկին էր պետք, որ կառավարեր այդ ապարանքը։ Կեղտոտ, մրոտ Ֆաթիին չարժեր բերել բազմեցնել այդ դղյակում, նա յուր գարշահոտությամբ վաղուց զզվացրել էր բեգին։ Իսկ այնպես արժանավոր մեկն էլ չկար, նամանավանդ որ Մամոյի իշխանության տակ գտնված բոլոր գյուղերում հայեր էին բնակվում, իսկ ոչ մի հայ աղջիկ յուր կամքով երբեք չէր զիջանիլ ոչ թե բեգի, այլ սուլթանի հարեմն էլ հարս գնալ։ Լեռնական քրդերի աղջիկներն էլ իրենց ազատությունը չէին փոխի հարեմի ճոխ, բայց ստրկական կյանքի հետ, նրանք հովիվ երիտասարդի աղքատիկ, բայց սիրալիր վրանը, յուր սակավաթիվ խաշներով, հազար անգամ նախապատիվ էին դասում Մամոյի ոսկեզեղուն բանտից։
Մամոն ցանկանում էր մի գեղանի, խելացի և բարձրադիրք տիկին ունենալ, որը կարողանար կառավարել յուր տունը, յուր ներքին ելումուտը, իսկ այնպիսի մի կնոջ մասին խնամություն չէր հանդգնում առաջարկել յուր նախանձորդ, գոռոզ hարևան բեգերին, որոնք իրեն ջինգյանությանը, մուրացկանությանը ականատես էին եղել։ Նա պարտավորված էր այս գործի թնջուկն էլ Քյալաշ քեհյային առաջարկել լուծելու, բայց ջինգյանայի սրտում մի այնպիսի գաղտնիք կար, որ անկարելի էր պարզել։ Դեռ Քյալաշ քեհյայի տանը ապրելիս, մի ինչ-որ միտք ժամերով ջինգյանային զբաղեցնում էր։ Ամեն անգամ դռները բացվելիս նրա աչքերը իսկույն ուղղվում էին անցող-դարձողների վրա և միշտ նրա սրտի խորքերից մի ծանր հառաչ էր բարձրանում, որը թեև խորամանկ քուրդը խեղդում էր բերանի մեջ ատամները և շրթունքները սեղմելով, բայց չէր կարողանում բոլորովին ծածկել իրեն շրջապատողներից։ Հուսախաբ հայացքը իսկույն մատնում էր նրան և մտածմունքի նյութ դառնում իրեն շրջապատողներին։ Իսկ նորաշեն սարայը տեղափոխվելուց հետո նա օրվա մեծ մասը անցկացնում էր պատշգամբում և հայացքը ուղղած դիտած գյուղի անցուդարձը։
Այդ օրերը մի շրջաբերական էր եկել վալիից Մամոյին Բալուի մոտերքը Սև ջրի ափերում երկու ամիս առաջ կատարված մարդասպանության և ավազակության մասին, որի մեջ հրամայված Էր բոլոր ծառայողներին ամեն միջոց գործ դնել ավազակների հետքը գտնելու համար։ Վալին այդ ավազակներին գտնողին խոստանում էր ոչ միայն պատվանշան, այլև կանխիկ փող՝ հարյուր ոսկի։ Այդ սպանության գործը նույնպես քիչ չէր զբաղեցնում Մամոյին, որը սաստիկ երկյուղի մեջ էր։ Երբ այդ մտածմունքները սաստիկ տխրեցնում էին Մամոյին, իսկույն կանչել էր տալիս յուր միակ բարեկամ Քյալաշին, որը յուր խորհուրդներով հուսադրում և ցրում էր նրան տանջող տխուր մտքերը։
Գիտե՞ս ինչ կա, նոր բան եմ իմացել,- ասաց մի օր քյալաշը Մամոյին՝ ներս մտնելով։
Ի՞նչ։
Շատ հետաքրքիր բան։
Ախար ի՞նչ է պատահել,- ասաց անհամբեր կիսազայրալի րալի դեմքով Մամոն, աչքերը հառերով քեհյայի երեսին և անմռունչ ծծելով չիբուխը:
Երեկ իրիկուն երկու ձիավոր իջել են Մինասի տունը և այսօր առավոտ ծեգը չծագած ճանապարհ ընկել։
Որտեղի՞ց են եկել։
Դերսիմից։
Դերսիմի՞ց։
Այո՛, բայց բանը միայն այդքան չէ, գաղտնիքն այն է, որ երբ դուք Արզրում գնացիք, այն օրերը այս մարդիկը դարձյալ մտած են եղել մեր գեղը, մի գիշեր մնալով, այստեղից գնացել են Դերսիմ։ Այս բանը այնքան ծածուկ են պահեք գյուղում, որ ես այս գաղտնիքը հավիտյան չպիտի լսեի:
Ովքե՞ր են եղել։
Ոչ ոք չի իմանում, այն գիշերը քեհյայի օդայում մարդ կա եղել, բայց զենքերից և շորերից կարծում են, որ անպատճառ ուռուսի մարդ են եղել։
Դերսիմում երկու ամիս ի՞նչ գործ են ունեցել:
Բանն այդտեղ է: Բայց դու այս մտածիր, թե ինչպե՞ս են մտնում գեղ, ինչպես դուրս գալիս, որ մարդ չի իմանում: Լալիի դրած ավազակների գործը ե՞րբ է պատահել, ես կարծում…
Հան… երկու ամիս առաջ, եկել անցել են, ասիր, այդ օրերին մոտ է… կարելի է կասկածել…
Ախր, ինչպես գրած էր շրջաբերականում, ավազակները սպանել էին վաճառականներին բերդյանի թվանքով, իսկ ուսուսի միջից գալողները ամենքն էլ խո այդ թվանքից ունին։ Տարած փողերից մի մասը Դերսիմի բեգերին կտային, որոնք միշտ պատրաստ են ընկերանալ այդպիսի քաջերի հետ:
Խելքի մոտիկ բան է, ասաց բեգը, շատ կարելի է: Պետք է Մինասին կանչել և քննություն անել:
Այդպես էլ հարկավոր է… Ցտեսություն: Մինասը հիմի յուր ձեռքով կբերե աղջկան քո դուռը, դու քիչ խրոխտա, – ասաց քթի տակ Քյալաշը Մամոյի սարայից դուրս գալով:
Ուղիղ, լավ է ասած, մրմնջաց Մամոն Քյալաշի հեռանալուց հետո։ Ո՞վ ուտե եղն ու ճմուռը, ո՞վ գլուխը դեմ տա սուրը։
Լավ է, այս գործը այդպես կփակենք, կքնացնենք և սրանից հետո ամեն հանցանք կբարդենք սահմանից անցնողների վրա։ Թեև վաճառականների ոսկիները մարսված են, բայց և այնպես վնաս չունի, եթե Մինասին Էլ բանտի մեջ քիչ ճնճրտացնենք՝ դժոխքի ճիվաղներին ծիծաղեցնելու համար։ Կարելի է գյավուրը վախից աղջկանն էլ ինձ համար մատաղ բերե։ Հա՛, հա՛, հա՛, Սուլո՛, Սուլո՛։
Հրամայե, բեգ, ասելով ներս մտավ Մամոյի ընկերը քմծիծաղով։
Սուլո՛, գնա գյավուրին կանչե։
Մինասի՞ն, թե՞ Քյալաշին։
Մինասին։
Սուլոն սլացավ բարակի նման, տիրոջ որսը բերելու։
Լա՛վ, ասենք թե Մինասին բռնեցի, բանտարկեցի, տանջեցի, ասաց մտածելով Մամոն, ինձ ի՞նչ օգուտ… Ինչ եմ անում նրա աղջիկը, որը կարող է մեկ-երկու ամսից, մեկ-երկու տարուց թառամել, մի՞թե նրա աղջկա նման հազարավորները չկան իմ շուրջը… Ո՞ր գեղից, ո՞ր տանից չեմ կարող փախցնել տասնյակներով այդպիսի դատարկ աղջիկներ։ Ինչի՞ս է պետք նախշունը, որ ներկարարի ներկած դռների ու պատերի նման թեև այժմ նախշուն է, բայց ներկը թափվելուց հետո դարձյալ կմնա նույն հասարակ փայտը… Ինձ խանում-խաթուն կին է պետք, սարայի դշխուհի է պետք, ես սիրտս այրող ու լափող Անթառամին կուզեմ… Որ Անթառամն իմս լինի, Թեմրանն էլ խո՛ հավիտյան իմս կլինի, Ամիրխան քեհյայի ունեցած-չունեցածն էլ Անթառամի տիրոջը կլինի… Էլ զահլաս չի տանի Քյալաշը իրեն տեղի-անտեղի նկատողություններով, և էս սարայում, հուրիիս գրկում, ցմահ կվայելեմ երջանիկ օրեր…
Դեռ Մինասը չեկած, քաղաքացի հյուրեր եկան իջան Մամոյի դռան առաջ։ Անակնկալ հյուրերը տանտիրոջ զարմանքն ու երկյուղը սաստկացրին իրենց արտասովոր շարժումներով։ Քուրդը որքան որ աշխատում էր իրեն սառնասիրտ և անվրդով ցույց տալ, բայց սրտի սաստիկ բաբախումները չէին հնազանդում նրա թույլ կամքին։ Չինական ձիերով ամեն տեսակ հարգանքներ տվեց բեգը այդ քաղաքացի պաշտոնյաներին, որոնց շարժումները անթարթ հայացքով դիտում և ամենայն ուշադրությամբ խոսակցությունները լսում էր։ Խոսակցություններից պարզվեց, որ եկողը դատախազի օգնականն էր, ո րը քննիչի հետ քննություն էր կատարելու գավառում։ Այս հանգամանքը ավելի շփոթեցրեց Մամոյին, որը վախենում էր, որ չլինի թե կառուցած փառավոր սարայից Արզրումի միջնաբերդի բանտը տեղափոխվի։ Քիչ հանգստանալուց հետո դատախազը սկսեց քննությունը։
- Այդ բոլորի մասին ձեզ լիովին տեղեկություն կարող է տալ մեր Քյալաշ քեհյան,- ասաց Մամոն։- Նրան պետք է կանչել։ Այս իրիկուն նա ինձ մի գաղտնիք հայտնեց, որը ես արդեն պատրաստվում էի մի առանձին նամակով վալիին հայտնել։
Կանչել տվին Քյալաշին։ Վերջինս զանազան զարդարանքներով և յուր նկատողություններով ու կարծիքներով նկարագրեց ձիավորների պատմությունը ականատեսի նման, դատախազի ներկայության քննիչին, որը մեկ-մեկ արձանագրում էր լսածները։ Քյալաշը խոսքը ավարտելուն պես Մինասին ներս կանչեցին, որը բոլորովին ապշած մնաց, երբ լսեց յուր հակառակորդի և մերժած խնամու զարհուրելի զրպարտությունը, իսկ արհամարհված խնամին անգութ կերպով պնդեց քննիչի առաջ յուր զրպարտությունները։ Մինասը դատապարտյալների դասն անցավ, որին քննիչն ու դատախազը կապկպած ուղարկեցին Արզրումի միջնաբերդի բանտը, մեծապես շնորհակալ լինելով Մամոյից և Քյալաշից, որ կարողացել էին մի այնպիսի կնճռոտ գործ այդպես շուտ պարզել:
Գույժը իսկույն տարածվեց գյուղում և գավառում։ Լացի, կոծի, հառաչանքի, ախուվախի ձայնը լսվում էր ամեն կողմից, ամեն մարդ՝ կին, ծեր, երեխա դուրս թափվեցին և արտասուքները աչքերին, վզերը, ծռած, սկսեցին դիտել, թե ինչպես շղթայակապ, անարգանքներով, մտրակելով զապթիեները տանում էին իրենց սիրելի քեհյային դեպի քաղաք։ ժամերով կանգնած դիտեցին նրա գնացած ճանապարհը ու հառաչեցին։ Նրանցից ոչ ոք չհամարձակվեց մոտենալ, երկու մխիթարական խոսք ասել, քաջալերելու այն անմեղ մշակին, որը կյանքը թշվառներին մխիթարելով էր մաշել։
Դատախազի անունը սարսափ էր սփռել գավառում, նամանավանդ այն ժամանակ, երբ դեռ նոր էր հաստատվել այդ պաշտոնը Քրդահայաստանի գավառներում։ Նրանց անսահման իրավունքներրը առասպելականացնում էին, մինչև անգամ Արզրումի վալին՝ Ֆոսֆոր Մուստաֆա փաշան, մի անգամ ժողովում դատախազների իրավունքների մասին խոսելիս վերիններին նմանեցրել էր ենիչերիական շրջանի հայթաներին, որոնք դատավորների, փաշաների և կրոնականների վճիռները քանդում, փոխում էին իրենց քմքի համաձայն։
Այս խառնաշփոթությունները վերջացնելուց հետո Մամոն թեմրացիներից հինգ-տասը ծերեր հավաքեց, որ նոր քեհյա ընտրեն։ Գյուղացիք բեգին դուր գալու և չարություններին վերջ տալու հույսով ընտրեցին Քյալաշին, որը նախապես մի քանի ծերերի խոստացել էր ութ-տասն օրից հեռացնել տայ Մամոյին գավառակից։
Այս ընտրությունը թեև բոլորովին Մամոյի քեֆով չէր, բայց առժամանակ ստիպված էր լռելու, մինչև հաջող առիթի ներկայանալը։
Քննիչի և դատախազի օգնականին լավ փեշքյաշներ տալով ճանապարհ դրեց Մամոն, որոնք վերջինիս խոստացան իրենց պատրաստակամությունը՝ հարկավոր դեպքում ծառայելու։
Քյալաշը, դեռ չհաստատված յուր պաշտոնի մեջ, մի փոքր վեճ ունեցավ Մամոյի հետ։ Բեգն առաջարկել էր Քյալաշին յուր աղբյուրի մոտի փոքրիկ մարագն ու ախոռը բնակության համար Սուլոյին տալ։ Նորընտիր քեհյան էլ, գյուղացիների աչքը կապելու և նրանց զայրույթն ու ատելությունը կրկին չբորբոքելու համար ուզում էր հակառակվել և չթողնել, որ օձը բուն դնե գյուղի սրտի մեջ։ Բայց այդ ընդդիմությունը էժան չնստեց Քյալաշին, նա փափագած պաշտոնում հաստատվելու և Մամոյի սիրտն առնելու համար ստիպվեցավ բաշխելու Սուլոյին ոչ միայն պահանջված կայքերը, այլև մի լուծ եզ և մի սարք արոր։ Քյալաշի այս հակառակությունը նոր մտքեր ծնեցրին Մամոյի գլխում։ Նա հեռու տեղերից երկու-երեք աղքատ քուրդ հովվական ընտանիք հրավիրել տվեց իրեն խաշները արածելու և գյուղացիներին ստիպեց, որ դրանց համար էլ տուն լինեն և իրենց հողերից բաժին հանեն վարուցանքի համար։ Մամոն էլ Մինասին բանտից ազատելու հույսեր տալով և խոստումներ անելով, նրա եղբայրներից նախապես մի լավ տուն վարձ ստացավ»։
Բայց ո՛չ սարայը, ո՛չ նրա ճոխ կահ-կարասիները, ո՛չ ախոռում կապված նժույգները, ո՛չ էլ գյուղական հարս-աղջիկները չէին կարողանում գրավել Մամոյի աչքերը։ Նա պատշգամբից անդադար երբեմն դիտում էր Թեմրանի շրջապատի ընդարձակ տափերը, Ամիրխան քեհյայի թողած ջրարբի հանդերն ու հանդաստանները, այգիներն ու ջրաղացները, երբեմն էլ աչքերը դարձնում էր նրանց չարդախում բանի-գործի ետևից վազող Անթառամին, որն արշալույսից մինչև կեսգիշեր անգուլ շրջում էր բանանողների գլխին, եփում, թափում, մաքրում, րոպեն զուր չէր կորցնում։ Շատ անգամ Մամոն այնքան անշարժ, անթարթ աչքով նայում էր մի առարկայի վրա, որ տեղն ու տեղը թմրում, մրափում, մնում էր, մինչև որ Սուլոն և ընկերները գալիս, թևն ընկած տանում էին անկողին դնում: Իսկ չիբուխը աֆիոնի փշրանքով ծխած օրերը, ութ-տասը ժամ դիակի նման անշարժ տարածվում էր բազմոցների մեջ և երազներով հյուրի-մելեքների հետ ժամանակն անցկացնում։
Անթառամին ձեռք բերելու և մանավանդ Ամիրխանենց կայքն ու կարողությունը հափշտակելու տենչով վառված, Մամոն գիշեր-ցերեկ մտածում էր մի կերպ Քյալաշի գոյությունը ոչնչացնել, որը յուր նպատակին հասնելու ամենամեծ արգելքն էր կազմում։ Նա ամեն օր անզգալի կերպով տանջում էր Քյալաշին, որը թեև սրտի խորքում սաստիկ բորբոքվում էր, բայց դեմքի վրա ծիծաղ ու ժպիտ կեղծելով, անցկացնում էր օրերը, հարմար առիթի սպասելով։ Քղիի ղայմաղամը Քյալաշին թեև երկու անգամ խոստացել էր շուտով հեռացնել տալ Մամոյին յուր պաշտոնից, բայց գործը օրեցօր հետաձգում էր, պատվիրելով միանգամայն համբերությամբ տանել ամեն բան, մինչև պատեհ առիթի ներկայանալը:
Բայց տարաբախտաբար Քյալաշի բարեկամին՝ Քղիի ղայմաղամին էլ փոխեցին և նրա տեղը նշանակեցին մի պոլսեցի երիտասարդի, որի հետ Մամոն շատ զվարճալի օրեր էր անցկացրել Արզրում եղած ժամանակ։ Այս փոփոխությունը հուսակտուր արավ Քյալաշին։ Նա թեև ոչ ոքի մոտ չէր զիջանում խոստովանել յուր հանցանքը կամ զգացած վիշտը, բայց ցավը ներսից նրան տանջում, մաշում էր։ Տանջվում մաշվում էին Քյալաշի հետ թեմրանցիք Մամոյի և նրա ընկերների սոսկալի ճնշումների տակ…
Քյալաշ քեհյա, դողդողալով ասաց նրան մի օր գյուղի ծերերից մինը, այս մեր վերջը ո՞ւր է հասնելու…
Աստված ողորմած է, Օհան աղբար, մի լույս կհասցնե, մի՛ դարդ անիլ…
էլ ո՞ր օրն է հասցնելու, երբ տաշտումը թթխմոր անգամ չմնաց, բնկալումն էլ՝ հավկիթ… Ցանքսի ժամանակ է, սերմ էլ չունենք ցանելու։
Օհան ամի, մի՛ նեղանա, տղերքը մեր տուն ուղարկե, թող հինգ-վեց կարաս ցորեն տանեն, կալոցին ետ կդարձնեն…
Այդ ինձ տվիր, դրկցիս տվիր, լավ, բան չեմ ասում, հապա այս հարյուր քսան տանը որտեղի՞ց պիտի հասցնես։ Մի ծաղկով գարուն չի գալ…
Նրանք էլ մի ճար կանեն, մեկ այս երկու-երեք ամիսն էլ յոլա գնանք, հույս ունիմ, որ կազատվենք…
Այդպես զուր հույսերով ոչինչ չի դուրս գալ, մենք մեզի ենք խաբխբում… Մանր ու խոշորը դարաքաշ տանջանքներով բավական չէր, որ մաշվեցան ու հալվեցան, հիմի էլ սովը նրանց կկոտորե, կպրծնենք։ Այդ անօրենը գեղ մտնելուց հետո հանգստություններս կտրվեց հերիք չեր, հիմի էլ քղեցիների պես մեր երիտասարդները տուն, տեղ, կնիկ, երեխաներ թողած պանդխտության ճանապարհ ընկան։ Այսօր Մինասենց Սաքոն էլ Սթամբուլ է գնացել․․․